Խնկոյան Աթաբեկ՝   Բանաստեղծություններ, պոեմներ, առակներ, հեքիաթներ

Ես քեզ համար հաց և միս եմ բերել, — ասաց ցածր ձայնով աղջիկը, — կե՜ր, կազդուրվիր. ապա հանիր վրայիցդ քո հին շորերը, ես քեզ համար նորն եմ բերել:

Աղջիկը տանից դուրս եկավ թե չէ, Հաֆիզը նրան կանգնեցրեց և քաղցրությամբ հարցրեց.

Անունդ ի՞նչ է, փոքրիկ:

( Դոնիա:

Այդ քո մա՞յրն է:

( Ոչ:

Քո տա՞տն է:

Ոչ, ես այդ պառավին երեք օր է, որ ճանաչում եմ. Ես այսքանը գիտեմ, որ նա հիվանդ է և քաղցածությունից համարյա թե մեռնում է. ահա երկու օր է, որ ես նրան օգնում եմ:

Դու ի՞նքդ էլ ես աղքատ:

Ես ոչինչ չունեմ, ազգական մինչև անգամ չունեմ. ես ծառայում եմ մի պարանագործի մոտ:

Բայց դու աղքատներին օգնելու փող որտեղից ես ճարում:

Աղջիկը շփոթվեց և կարմրեց:

Ինձ համար շատ անհարմար է այդ մասին խոսելը. ես վարդ գողացա և ծախեցի: Ես շատ լավ գիտեմ, որ գողությունը լավ բան չէ, բայց ուզում էի անպատճառ օգնել թշվառ պառավին: Շատ կարելի է, որ իմ գողացած ծաղիկների տերը ինձ ներե:

Այդ ծաղիկները իմս են, — ասաց Հաֆիզը:

Դոնիան վախեցած ուզում էր փախչել, բայց Հաֆիզը նրան պահեց: Նա ասաց աղջկան, որ ներում է նրան և ձեռքից բռնելով բերեց իր տուն: Բանաստեղծը որդեգրեց փոքրիկ Դոնիային: Նրանք միասին ապրեցին մի տան մեջ: Բանաստեղծը կարդում էր իր բանաստեղծությունները, իսկ Դոնիան ագահությամբ լսում էր և բոլորը շուտով բերանացի սովորեց:

Հանկարծ մի սարսափելի լուր տարածվեց Պարսկաստանում: Դաժան Լանկթամարը մեծաքանակ զորքով գալիս էր Շիրազի վրա, և գեղեցիկ քաղաքին սպասում էր դառը վիճակ: Դիմադրել ոչ ոքի մտքից չէր անցնում: Շիրազեցիք մահվան էին պատրաստվում: Լանկթամարը եկավ և կանգ առավ քաղաքի պարիսպների տակ: Բոլոր քաղաքացիք դիմավորելու դուրս եկան, որպեսզի փրկություն խնդրեն: Մի կողմում կանգնել էին թաթարական մեծաքանակ զորախմբերը, իսկ մյուս կողմում՝ շիրազեցիք:

Նրանց առաջին, իր ձիու վրա, հպարտ նստել էր Լանկթամուրը: Առաջ եկան անվանի քաղաքացիք և խնդրեցին Լանկթամուրին՝ խնայել քաղաքը, հարկ վերցնել, ինչքան իր ցանկությունն է: Լանկթամուրը բարկությամբ խփեց իր սուրը քարին, որ ընկած էր ձիու ոտների առաջ և ասաց.

Ինչպես այս քարը՝ ես խուլ եմ դեպի ձեր խնդրիքը, — և դառնալով դեպի զորքը, ուզում էր քաղաքը քանդելու հրաման արձակել: Հենց այդ րոպեին Դոնիան շշնջաց Հաֆիզին.

Հայրի՜կ, աղաչիր սրան, գուցե մեղմանա:

Հաֆիզը և աղջիկը առաջ եկան:

Ով է այդ ծերունին, — ահեղաբար հարցրեց Լանկթամուրը:

Այդ Հաֆիզն է, — պատասխանեց Դոնիան:

Լանկթամուրի դեմքը մեղմացավ: Նրա աչքերն այնպես սպառնալի չէին: Տիրեց մի րոպեաչափ ծանր լռություն: Վերջապես Լանկթամուրն ասաց.

Հաֆի՜զ, ես վաղուց էի ուզում քեզ տեսնել: Ամբողջ աշխարհում ես և դու ենք մեծ. դու քո բանաստեղծություններով, ես իմ հաղթություններով: Մի բան կարդա ինձ համար:

Այլայլված բանաստեղծը չէր իմանում ինչ ընտրեր: Այդ ժամանակ Դոնիան շշնշաց.

Թող վարդը իր թփին...

Հաֆիզր հասկացավ աղջկա միտքը, արիացավ և սկսեց.

«Թող վարդը իր թփին: Եթե քաղվի՝ նա կմեռնի, և դու չես տեսնի նրա գեղեցկությունը և հոտը չես առնի: Թո՜ղ վարդը իր թփին: Մի՞թե դու չես կարող չքաղած հիանալ նրանով: Թո՜ղ վարդը իր թփին: Եթե չքաղես՝ քեզ համար կասեն, որ դու իմաստուն ես, դու ողորմած ես: Բայց եթե քաղես՝ կասեն, որ քո ձեռները վայրագ են և քո սիրտը անողորմ: Թո՜ղ վարդը իր թփին»:

Բանաստեղծը լռեց...

Քո բանաստեղծությունը ինձ դուր է գալիս, Հաֆիզ,-ասաց Լանկթամուրը: — Բայց քո խորհուիդը ինձ համար չէ, ես նրանցից չեմ, որոնք բավականության համար են վարդ քաղում:

Հաֆիզը բարձրացրեց ձեռքը և ցույց տալով դեպի Շիրազը, ասաց.

Հիշի՜ր, հաղթո՜ղդ, որ այս քաղաքը Պարսկաստանի վարդն է:

Լանկթամուրը շրթունքները կծեց, նա սկզբում գրգռված էր երևում, բայց մի քիչ մտածելուց հետո ձայն տվեց իր զորքին,-Մնացե՜ք այստեղ, գիշերեցե՜ք քաղաքի պատերի տակ:

Զորքը քաղաք չմտավ:

Լանկթամուրը միայն ինքը մտավ քաղաք և քաղաքն առավ իր հպատակության տակ:

Շիրազը մնաց անվնաս:

ԻՆՉԻՑ է, ՈՐ ԽԵՑԻՔԸ ԱՂՄԿՈՒՄ ԵՆ

Ծովային արքան՝ հզոր Նեպտունը
Ծովի հատակում ունի իր տունը:
Ողջը բյուրեղյա, ճոխ այգիները
Գրկել են նրա շեն պալատները.
Շեն պալատները ճոխ են և հարուստ:
Պատերը խեցի, նախշերը զուտ բուստ,
Մարգարիտները երկար հյուսերով
Ներսից կախված են պես-պես ձևերով,
Փայլուն ձկները՝ պահապան դռան,
Գիշեր ու ցերեկ հսկում են վրան:
Ծովի իշխողին անթիվ աղջիկներ՝
Գողտրիկ, նազելի հավերժահարսներ
Եվ ծառայում են, և զբաղեցնում,
Հազար տեսակի երգում ու պարում.
Արքայի աչքից ոչինչ չի փախչում,
Նա հանգիստ չունի և չի էլ ննջում.
Նա հետևում է ձկների լողին,
Եվ հրեշների այլանդակ խաղին.
Նաև տեսնում է, ինչպես հավքերը
Ջրի մեջ փռած ջարդված թևերը
Գոռ ալիքների կամ քամու ձեռից
Իջնում են անդունդ ծովի երեսից:
Երբեմն էլ արքան հեծնում է իր ձին՝
Ճեպընթաց ձուկը, ծովային Դելֆին,
Գնում շրջելու իր տերությունը,
Տեսնել ու զգալ իր մեծությունը:
Այս մի անգամը արքան դուրս գնաց
Եվ մի երկու օր ուրիշ տեղ մնաց.
Մի չքնաղ աղջիկ մոտեցավ պատին,
Այնտեղից պոկեց գույնզգույն խեցին.
Կապեց մազերից, իրեն զարդարեց,
Շատ ուրախացավ, շատ երգեց, պարեց:
Հզոր Նեպտունը տուն վերադարձավ
Տեսավ կորուստը և շատ բարկացավ.
Ո՞վ է գողացել թանկագին խեցիս,
Ամբողջ աշխարհում միակ սիրելիս.
Թող կորչի գողն այս իմ տերությունից,
Աչքիս՝ չերևա հենց այսօրվանից:
Այդ ես եմ վերցրեք քո խեցին, արքա
Մի՞թե իմ մեղքին թողություն չկա,
Չգիտությամբ եմ արել սխալը,
Ինձ խիստ գրավեց այն խեցու փայլը.
Ների՜ր ինձ, արքա, ինձ մի աքսորիր,
Մի հանիր ծովից, գահիդ մոտ պահիր:
Հավերժահարսը խնդրում էր լալիս,
Արքայի խեցին իրեն էր տալիս,
Նեպտունը տեսավ անկեղծ զղջումը
Եվ մինչև անգամ խղճաց մտքումը,
Սակայն չլսեց թշվառ աղջկան.
Միայն թե խեցին պարգևեց նրան:
Հավերժահարսը նորից աղաչեց.
Ընկավ ոտները, ծնկները պաչեց.
Օ՛, հզոր արքա՛, կարոտից, վշտից.
Անշուշտ կմեռնեմ, երբ զրկվեմ ծովից,
Ծովի շաչյունը, ծովի ծփանքը
Կազմել են կյանքիս քաղցր պատրանքը:
Օրոր են ասել ինձ օրորոցում,
Ու քուն են դրել ջրերի ծոցում.
Հիմա եթե դու ինձ չես խնայում,
Քեզանից միայն ես այս եմ խնդրում.
Ծովի շաչյունը տուր ինձ հիշատակ,
Որ շոյե հոգիս ամեն ժամանակ,
Ուր էլ որ գնամ, որտեղ էլ լինեմ,
Իմ սիրած ծովի կարոտս առնեմ:

Լավ, — ասաց արքան, — տուր ինձ այդ խեցին.

Խեցին վեր առավ, դրեց բերանին.
Ծովի ծփանքը, ծովի շաչյունը
Հենց այսօրվանից պահպանիր քո մեջ.
Բոլոր խեցիքը թող այդպես անեն,
Եթե ցամաքի վրա պատահեն.
Խեցիի անցքից փչեց Նեպտունը,
Լցնելով մեջը ծովի շաչյունը:
Ապա ետ տվեց խեցին աղջկան
Ու հրամայեց աքսորել նրան:
Ընկերուհիներն արտաքսված կույսին
Տարան ու թողին ծովի երեսին.
Գոռ ալիքները գնացին-եկան
Հավերժահարսի ետևից ընկան.
Թե որտե՞ղ մնաց այնուհետև նա,
Այդ մինչև այսօր գաղտնիք կմնա:
Բայց դատարկ խեցին, որտեղ էլ լինի
Մարդ որ վեր առնի, ականջին դնի,
Անշուշտ կլսե ծովի շառաչյուն,
Գոռ ալիքների աղմուկ ու գոչյուն:

ԿՐԻԱՆ

Գիտե՞ս այնպես մի կենդանի,
Որ իր տունը մեջքին տանի:
Գիտեմ, այո՜, դա կրիան է:
Թե որ գիտես, էդ ի՞նչ բան է:
Իսկույն ասեմ, դու իմացի:
Կրիան ուներ մի դրացի,
Խիստ շատախոս ու կռվարար,
Խեղճ կրիային շան օր կըտար:
Մի օր կրիան ճարահատած
Հայր Աստըծուն գանգատ գնաց:
Ասավ. «Մեռնեմ, հա՜յր, քո աչքին,
Իմ տունը դիր էս իմ մեջքին,
Որ ինձ իսկի մոտիկ ու կից
Էլ չունենամ ես վատ դրկից,
Որ ամեն օր քանի-քանի
Ուշունցներով հոգիս հանիս»:
Հայր Աստվածն էլ ասավ.-«Բարի
Տունդ մեջքիդ միշտ ման արի»:

ԱՐԾՎԻ ԺԱՅՌԸ
Կովկասյան ավանդություն

Ասես երկնքից կախված է ժայռը,
տակը մութ-մութ մի անտակ անդունդ,
ծխում է այնտեղ մուժ ու մառախուղ,
հեղեղն է կրծում քար ու քարափներ,
շաչում, շառաչում, թշշում ու վշշում,
արձագանքում են այրեր, խոռոչներ:
Կախված է այդպես ժայռը դարերով,
ամպին հարևան, ամպերի միջին.
շուրջը անապատ, շուրջը դիք ժայռեր,
մարդու հոտ չըկա, մարդու ոտ չըկա
և ոչ մի նշան մարդկային կյանքի:
Ճանապարհ չկա ու վերելք չըկա.
հավքը իր թևով, օձը իր պորտով
այնտեղ չի հասնի, այնտեղ չի սողա:
Ու հարյուր տարին ժայռը մի անգամ
կյանք էր ստանում ու կյանքը եռում.
շքեղ Կովկասի ամեն կողմերից
սեգ արծիվները երամ առ երամ,
հավաքվում էին ժայռի բարձունքին,
որ ամբողջ ցեղով ընտրեն նոր արքա:
Այդ էր օրենքը հին-հին դարերի,
սեգ արծիվների, արծիվ պապերի:

2

Այդպես, մի օր էլ, լուսաբացի հետ,
արծիվներն եկան, իջան էն ժայռին
ու ամեն մինը մի որս էր բերել,
տոնի առիթով էն ժայռի գլխին:
Եկավ և ահա նրանց ծեր արքան,
եկավ ու իջավ էն սարի ծայրին:
Սեգ արծիվները՝ ահել ու ջահել
թռան տեղերից, պտույտներ արին,
պտույտներ արին, նստեցին ժայռին
էդպես հարգեցին իրանց արքային:
Նստել էր գահին ծեր արծիվ արքան,
նստել էր, նայում իր ժողովրդին,
աչքերը խոշոր, բիբերը մարած,
բայց էլի հպարտ, հայացքը ահեղ,
Էլի կամքի տեր, էլի ուժի տեր:
Ծագեց արևը բարձր Կազբեկից
ու «Արծվի ժայռը» վառվեց լույսի պես:
Տխուր է, մռայլ ծեր արծիվ արքան,
ինչպես իր տակի ժայռի կտորը:
Իր վերջին օրն է: Եվ մի երկու ժամ,
Է՛, մնաք բարով և՜ գահ, և՜ կյանք, դո՛ւք:
Մռայլ և տխուր արքա արծիվը
իր վերջին խոսքն է ասում իր գահից.
Իմ հարյուր տարին ես բոլորեցի,
ապրեցի պատվով, իմ ցեղի պատվով,
երբեք ես չիջա գահիս բարձունքից,
ազատ ծնվեցի, պատվով ապրեցի,
ազատ ապրեցի, ազատ կըմեռնեմ:
Ինձանից հետո նորընտիր արքան
թող ինձ հետևի, թող նա էլ ինձ պես
սիրե իր գահը Կազբեկի վրա:
Այդ է օրենքը անցած դարերի,
սեգ արծիվներիս, արծիվ պապերիս:
Հիմա ես ծեր եմ: Տեր ժամանակը
իր տվածն ինձնից ետ է պահանջում.
պակսել է լույսը կանթեղ աչքերիս,
թափել-ընկել է թև ու թռիչքս,
մի նոր թագավոր ընտրեցեք իմ տեղ,
թող երկար ապրի, մի հարյուր տարի,
իր թախտովն ապրի, իր թախտովն ապրի:
Սեգ արծիվները ամեն կողմերի՝
Արգունյան, Կյուրյան, Դարգինյան, Անտյան,
Կումիխյան և այլ սարի արծիվներ, —
նստել են ժայռին հլու-հպատակ
ու կախել իրանց սեգ գլուխները,
լսում արքայի խոսքերը վերջին:
Արքա արծիվը շարժեց գլուխը
և երեք անգամ ծանր բարևեց
սեգ արծիվներին, ու արծվի նման
թռավ գահիցը: Շրջաններ գործեց
անդունդի վրա ու հետզհետե
դեպի վեր, բա՛րձր, բա՛րձր ամպերը:
Նրա հետևից երամ առ երամ,
ինչպես մի անվերջ, երկարուն շղթա,
բարձրացան արծիվ արծվի ետևից:
Արքան սլացավ, մի վերջին թափով
ճախրեց, սավառնեց և տխուր հայացք
գցեց վերևից մերկ-մերկ ժայռերին,
որոնց գագաթին՝ իր գահն է եղել:
Մեծափառ սարը, — շքեղ Կազբեկը,
պեծին էր տալիս, աչք շլացնում
խոր-խոր ձորերը, անտեր, անանուն,
անտակ, անհատակ, անչափ և անհուն:
Մի հետ էլ արքան գերվեց Կազբեկով.
Դու, հզոր Կազբեկ, դու մնաս բարով,
և՜ դուք, իմ սարեր, սեգ արծվի սարեր,
և՜ դուք, անհանգիստ գյուղական տներ՝
դուք պետք է մնաք ձեր տեղը անշարժ,
ես պետք է գնամ ձեզանից կարոտ:
Ես սավառնում եմ, ճախրում ձեր գլխին,
բայց իմ գլխին էլ՝ մահը սևադեմ...
Ու արծիվ արքան մխվեց ու մնաց
բարձր օդի մեջ, աչքը իր գահին,
ու այն բարձունքից, թևերը ծալած,
ծանր քարի պես ընկավ վերևից
իր գահի վրա, ժայռի քարերին:
Կարմիր արյունով ներկեց իր գահը.
մարմինը ընկավ անտակ անդունդը,
և փետուրները ցիր ու ցան եղան:
Այդ է օրենքը հին-հին դարերի,
սեգ արծիվների, արծիվ պապերի:

3

Մի աղմուկ, շփոթ բարձրացավ օդում,
սարեր ու ձորեր արձագանք տվին,
սեգ արծիվները կըղղացին վշտից
ու իջան նորից պապական ժայռին,
իջան, որ ընտրեն իրենց նոր արքա:
Ո՞ւմ պետք է նրանք թագավոր ընտրեն:
Ով որ ուժեղ է, ով որ հաղթական,
ով որ այդ օրը մեծ որս է բերել:
Այդ էր օրենքը անցած դարերի,
սեգ արծիվների, արծիվ պապերի:
Որսերը շատ են ու տեսակ-տեսակ,
սարի այծյամներ, սիրուն ջեյրաններ,
ճերմակ կարապներ. շեկլիկ փասյաններ,
ջահել կխտարներ և նապաստակներ:
Բայց դրանք ոչինչ. կա մի ուրիշ որս,
դա ոչ այծյամ է, ոչ սարի ջեյրան,
ոչ ջրի կարապ, աղվես, նապաստակ:
Դա մի մանուկ է չորս-հինգ տարեկան.
նրան բերել է Անտյան լեռներից
մի ջահել, կարող, մի հզոր արծիվ:
Մեջքը տվել է նա «Արծվի ժայռին»
Ու թույլ կոներով հա՜ պաշտպանվում է,
անձնատուր լինել նա չի ցանկանում:
Հայացքը ազդու, մի մահ, մի սարսափ,
սարսափ է ընկել արծիվների մեջ.
նա մի կորյուն է, ասլան բալասի,
իրանց սարերի նման վայրենի:
Վերջապես ո՞ւմն են ընտրում թագավոր.
Ով որ հզոր է, ով որ հաղթական,
ով որ այդ օրը մեծ որս է բերել:
Այդպես էր կարգը հին-հին դարերի
սեգ արծիվների, արծիվ պապերի:
Արքա ընտրեցին մանկան բերողին
թեև մի եղնիկ մեծ էր մանուկից:
Մարդն է, ասացին, աշխարհի արքան,
արքայի արքան՝ հզոր արծիվն է.
մարդուն բերողը թող լինի արքա:
Կեցցե մեր արքան, մեր արծիվ արքան,
իր հարյուր տարին թող նա բոլորի,—
կղղացին ժայռի սեգ արծիվները,
մանկան բերողին ընտրեցին արքա:
Եվ սեգ արծիվը բազմեց իր գահին
Պետք է զոհվեին բոլոր որսերը,
դարագլուխ էր և նոր ընտրություն.
մարդու որդին էլ զոհերի մեջն էր,
անբիծ արյունը հոտ պետք է բուրեր,
սպասում էին՝ ինչ կասի արքան:
Իմ սեգ արծիվներ, թող Կազբեկ սարը
հաստատուն մնա մեր գահի գլխին
երբեք ու երբեք թշնամի մարդը
մտքով էլ չհասնի արծվի թռիչքին,
թող «Արծվի սարը» անսասան մնա,
մարդը ի՞նչ է որ, թև-թռիչք չունի,
գետնին է կպել, հայացքը ներքև,
թող մարդու որդին, իմ բերած զոհը,
իր աչքով տեսնի մեր սուրբ հանդեսը.
զոհեցեք զոհեր, թող ալ արյունը
խնկի պես ծխա մեր գահի շուրջը,
ես էլ իմ զոհին վերջը կզոհեմ:
Աչքերը փայլուն և նրա սիրտը
կառնեմ ինձ բաժին, կկտցահարեմ.
միսն ու արյունը, իմ սեգ արծիվներ,
ձեզ «Արծվի գահից» համեցեք կանեմ:
Դեհ, սկսեցեք... Դեռ խոսքը բերնում,
հանկարծ օդի մեջ մի բան կայծակտեց,
վզզաց սուր նետը, նետը կուրորեն
եկավ արքայի լայն կուրծքը ծակեց
վիրավոր արքան դես-դեն թպրտաց,
երեք-չորս անգամ գցեց թևերը,
որ նորից թռչի բարձր ամպերը,
թռավ ու ընկավ արքան անդունդը
ու իր խորհուրդը տարավ իրան հետ:
Ո՞վ էր՝ սպանեց արծիվ արքային.
դա մի որսորդ էր, այն մանկան հայրը,
կրակ էր թափել նրա սրտի մեջ,
իր սերը չըկար, իր սիրտը չըկար...
Գազազած ելավ, առավ նետ-աղեղ.
Ո՞րտեղ ես, Կազբեկ, դիք-դիք ժայռերդ
ձեռքով մագլցեմ... մինչև չըգտնեմ
կորած կորյունս, չերևամ մորը:
Ասավ որսորդն ու՝ դեպի Կազբեկ:
Հայրական սերը չըգիտե արգելք,
գտավ նա ճամփա, գտավ նա վերելք,
գնաց ու հասավ էն «Արծվի ժայռին»,
տվվեց-սպանեց արքան իր գահին:
Սեգ արծիվներին, ցիր ու ցան արավ,
ազատեց մանկան, բերեց Կազբեկից:
Այն օրվանից դես՝ այն էր ու այն էր,
Էլ արծիվները չունեցան արքա.
բայց «Արծվի ժայռը», ամպին հարևան՝
շքեղ Կազբեկի գլխին կա ու կա:

ՀՈՂԱԾԻՆԸ
Կովկասյան ավանդություն

Մեռավ ծեր արքան. արևը բաշխեց
Մի հատիկ որդուն: Կինը նրա տեղ
Գահը բարձրացավ, երկըրին իշխեց:
Որդին մեծացավ թռչնի պես անմեղ,
Անհոգ ու անփույթ շքեղ պալատում.
Բայց երբոր եղավ տասը տարեկան,
Լացեց ու ասավ. «Մայրիկ, ինձ ասա
Ո՞ւր է հայրիկս, ես հայրիկ չունե՞մ»:
Քո հայրը, որդիս, վաղուց մեռել է:
Ասա ինձ, մայրիկ, մեռնելն ի՞նչ բան է:
Մեռավ քո հայրը հողում թաղեցին:
Հողում թաղեցի՞ն, էլ ետ չի՞ գալու,
Ոչ, ոչ, էլ երբեք, էլ նա ետ չի գա,
Մենք էլ կմեռնենք, կթաղեն հողում,
Բոլորիս վերջը մահն է, իմ որդի:
Ինձ է՞լ կթաղեն, չեմ ուզում, մայրիկ,
Չեմ ուզում մեռնել ու հողում թաղվել,
Այնպիսի երկիր ես պետք է գնամ,
Որ մահ չլինի, մարդը չմեռնի.
Ես էլ չմեռնեմ, հողում չթաղեն,
Հողում չթաղեն, վրաս հող չածեն:
Ու թողեց գահը ու թողեց թագը,
Թագուհի մորը, հայրենի երկիր,
Վեր կացավ, գնաց հեռու, տարագիր:
Գնում էր... Գնաց... Ու անվերջ գնաց,
Տարիներն անցան իրար ետևից,
Աշխարհ ման եկավ, մի տեղ չըմնաց,
Որ Ռոստոմը ոտը չըդներ:
Ամեն տեղ մարդն էր մահին ենթակա,
Մորից ծնվածը մայր հողն էր մտնում:
Մարդը բնակություն թողեց ու անցավ,
Դուրս եկավ, գնաց չոլ ու անապատ:
Լա՛յն, լա՛յն հորիզոն, կապուտա՛կ երկինք...
Ո՜չ մարդ, ո՜չ գազան և ոչ էլ թռչուն:
Գնում էր... Գնաց... Տեսավ եղջերուն
Չոքել է՝ գետնին գլուխը կախած,
Պոզերի ծայրը ամպերի միջին:
Բարով, Ռոստոմ, — եղջերուն ասավ,—
Ո՞րտեղից կըգաս և ո՞ւր ես գնում:
Այ չոլի եղնիկ, — ասաց Ռոստոմը,—
Ես մի այնպիսի տեղ եմ որոնում,
Որ մահ չլինի, մարդը չմեռնի,
Ես անմահ մնամ, հողում չթաղեն:
Այ ջահել, ջիվան, — եղջերուն ասավ
Չկա այնպես տեղ, որ մահ չլինի,
Ամեն տեղ մարդն է մահին ենթակա,
Ով որ ծնվել է, նա էլ կմեռնի:
Ես էլ եմ վաղուց մահին սպասում,
Կարոտ եմ մահին, նա չըկա՛, չըկա՛,
Երբ իմ պոզերը հասնեն երկնքին,
Նոր վերջ կտրվի իմ տաղտուկ կյանքին:
Կա՜ց, կա՜ց դու ինձ մոտ, մահը ուշ կգա,
Մահը ուշ կգա , կաց ու ծերացիր:
Կա՜ց ու ծերացիր, կյանքից ձանձրացիր:
Մեռնել ուզեի՝ ես չէի թողնի
Թագուհի մայրիկ, պատիվ, գահ ու թագ.
Ես ապրել կուզեմ, շարունակ, անվերջ, —
Ասավ Ռոստոմը, վեր կացավ գնաց:

Գնում էր... Գնաց... Էլ հեռու, հեռու,
Վերից արևն էր այրում, տապակում,
Ետևն անապատ, առաջին սարեր,
Գնաց ու գնաց բարձրացավ մի սար,
Սարը հո սար չէր. ամպերը գլխին,
Գագաթին սուր-սուր ու դիք-դիք ժայռեր.
Վերից նայողը տակը չէր տեսնում,
Տակը մի անդունդ, մի խոր խորխորատ:
Բարձրացավ սարը, տեսավ գագաթին
Արծիվն է նստել մռայլ ու անհույս.
Արծիվն է նստել ու իր կտցովը
Խփում է ժայռին, փորում է ժայռը:
Բարով դու, Ռոստոմ, դու հազար բարի,
Ո՞րտեղից կըգաս և ո՞ւր ես գընում, —
Ասավ արծիվը մռայլ ու անհույս:
Այ հզոր արծիվ, — ասավ Ռոստոմը, —
Ես մի այնպիսի տեղ եմ որոնում,
Որ մահ չըլինի, մարդը չըմեռնի,
Ես անմահ մնամ, հողում չթաղեն:
Մտքի տակ ընկավ հսկա արծիվը.
Այ ջահել-ջիվան, — ասավ Ռոստոմին, —
Ամեն կենդանի, որ օդ է շնչում՝
Նա պետք է մեռնի, վերջը հող դառնա:
Ես որ արծիվն եմ խիզախ ու հսկա,
Ես էլ եմ նույնպես մահին ենթակա.
Բախտն է որոշել, որ ես էլ մեռնեմ,
Բայց իմացիր՝ ե՞րբ. երբ փոսը լցնեմ,
Այ էս անդունդը, որ աչք չի կտրում:
Եվ գիտե՞ս ինչով, մանր քարերով,
Որ պետք է կտցով պոկեմ ժայռերից
Եվ իմ պոկածը, ասեմ, օրական
Մի ընկույզի չափ քար պետք է լինի:
Կաց ինձ մոտ, Ռոստոմ, մահը ուշ կգա,
Մահը ուշ կգա. կաց ու ծերացիր,
Կաց ու ծերացիր, կյանքից ձանձրացիր:
Մեռնել ուզեի՝ ես չէի թողնի
Թագուհի մայրիկ, պատիվ, գահ ու թագ,
Ես ապրել կուզեմ անընդհատ, անվերջ: —
Ասավ Ռոստոմը, վեր կացավ գնաց:

Գնում էր... Գնաց... Տաս տարին անցավ,
Էլ տեղ չթողեց, որ նա ման չգար.
Ցամաքը պրծավ, երկրից դուրս ելավ,
Գնաց ու հասավ մի խաղաղ ծովի:
Թափանցիկ ծովը հայելու նման
Ձգվել, փռվել էր հեռու ափերում:
Մեղմիկ ծփանքով, փրփուր ալիքով
Գնում, գալիս էր օրոր ու շորոր:
Բայց հեռո՛ւն, հեռո՛ւն, որտեղ երկինքը
Ջրերի վրա կապել էր կամար,
Լուսեղեն հովտում, լազուրի միջին,
Մի բան էր լողում, պեծ-պեծին տալիս:
Գերվեց Ռոստոմը. հոգով թռչում էր...
Ու դեպի հեռուն, դեպի լազուրը,
Դեպի անհայտը, դեպ անմահություն,
Ապրել ու ապրել, հավիտյան ապրել,
Ու ծովին պատեց մի ախորժ մշուշ,
Ափին մոտեցավ մի զմրուխտ պալատ,
Պալատի միջից խոսեց դիցուհին.
Դու ի՞նչ ես ուզում, այ մարդ հողածին:
Օ, իմ պաշտելի, չգիտեմ ո՞վ ես,
Ես քեզ եմ փնտրում, դեպի քեզ ձգտում,
Շատ եմ ման եկել, հազիվ քեզ գտա:
Դու որոնում ես անմահությունը,
Այո՜ , ես կյանքն եմ, գերագույն կյանքը,
Ինձ հետ ապրողը անմահ կմնա,
Կյանքը իմ մեջն է, մահը ոտիս տակ:
Ստեղծագործման առաջին օրից
Ես այսպես թարմ եմ, ու կըմնամ էսպես,
Աշխարհը որ կա, ինձ է պարտական...
Գիտե՞ս ով եմ ես, «Գեղեցկությունը»:
Կյանքը իմ մեջ է, մահը՝ ոտիս տակ:
Դու հող ես, այ մարդ, հողին պարտական,
Հողն իր տվածը նորից ետ կառնի.
Հողը մի ուժ է, դու պետք է մեռնես:
Բայց դու կաց ինձ հետ, քանի ինձ մոտ ես,
Անմահ կմնաս. մահն ինձ մոտ չի գա:
Ու ապրեց Ռոստոմն, ապրեց նոր կյանքով
Ու կյանքը հեքիաթ ու կյանքը երազ...
Կյանքը հոսում էր երազի նման,
Գեղեցկությունը շքեղ երազ էր,
Ժպիտը՝ շքեղ, կարմիր արշալույս,
Ծով ծով աչքերը՝ ցնորքի աշխարհ,
Մի լուսնյակ գիշեր՝ ցոլուն աստղերով,
Մի անհուն երկինք՝ ոնց սերը անբիծ:
Արևն էր ծագում նրա աչքերից,
Կենսատու շունչը՝ անձրևն էր ծաղկանց,
Գլխի պսակը՝ յոթ գույնի աղեղ:
Դա մի երազ էր, մի շքեղ երազ
Ու կյանքն էր հոսում երազի նման:
Հազար ու հազար տարիներ անցան
Ու հազար տարին՝ հազար ակնթարթ:
Բայց հոգին չունի, չունի՜ հագենալ,
Որ նա կարոտեց, հանգիստ չի կենալ:
Զարթնեց Ռոստոմը շքեղ երազից,
Գեղեցկության հետ նա այսպես խոսել.
Մի կարոտ ունիմ, սրտամաշ կարոտ...
Ես կարոտել եմ անուշիկ մորս,
Ազգականներիս, իմ հայրենիքին,
Իմ հայրենիքին, օդին ու ջրին,
Ծառին ու ծաղկին, շաղին ու շողին,
Սարին ու ձորին, ղաշտին ու հողին:
Տասը տարի է, որ հեռացել եմ.
Ես կարոտել եմ. կարոտն է մաշում,
Կարոտն է քաշում. թույլ տուր ես գնամ
Մի տեսնեմ նրանց, դարձյալ գամ քեզ մոտ:
Ես լավ գիտեի ուժը մայր հողի,
Մարդը մահինն է, մահը՝ մարդունը.
Էսօր թե էգուց մարդը կմեռնի.
Մայր հողն է կանչում, մահվան կարոտն է,
Որ քեզ քաշում է դեպի գերեզման,
Գն ա ու մեռիր պապերիդ նման:
Բայց աեմ՝ հազար, հազար տարի է,
Որ դու ապրում ես գեղեցկության հետ:
Հազար տարի՞ է, թե՞ մի ակնթարթ.
Կերթաս, կիմանաս: Ես երկու ծաղիկ
Կըտամ քեզ նվեր՝ ալ ու սպիտակ.
Ապրել ուզենաս՝ ալից հոտ քաշիր,
Մեռնել ցանկանաս՝ սպիտակ ծաղկից.
Է, մնաս բարով, քեզ բարի ճամփա:

Կարոտը սրտում, կարոտ յուր մորը,
Թև առած կըգա կարոտ Ռոստոմը.
Սարեր ու ձորեր, անտառ, անապատ
Կտրում անցնում է կարոտած որդին.
Գալիս է հասնում նա արծվի սարը:
Վայ, ու՞ր է անդունդ, ու՞ր է խորխորատ,
Չկա, լցված է, հարթվել ու կոկվել.
Ժայռ քարի վրա արծիվն է նստել,
Արծիվն է նստել՝ գլուխը կախած,
Թևերը թափած, անշարժ ու անշունչ:
Ռոստոմը կպավ հսկա արծիվին.
Ու արծիվն իսկույն իրարից եղավ,
Չոր փոշի դարձավ ու թափվեց գետին:
Գալիս էր... եկավ ու ճամփի միջին
Ծանոթ եղջերվին նա նորից տեսավ.
Սուր, սուր պոզերը երկնքին հասած,
Ու գանգը փշուր, փշուր էր եղել:

Թախիծը պատեց ճամփորդ Ռոստոմին,
Սիրտը վառում էր ներքին կարոտը.
Օր առաջ կուզեր նա մորը տեսնի,
Օր առաջ կուզեր հասնի հայրենիք:
Ահա վերջապես և հայրենիքը
Նույն հովիտ ու դաշտ, նույն գյուղ ու քաղաք,
Առաջվա նման ջրառատ գետեր.
Բայց մարդն էր փոխված, հագուստը էն չէր,
Այն նիստ ու կացով, բարբառը ուրիշ,
Լեզուն անծանոթ ու ինքը օտար:

Գալիս էր... Եկավ... Այ և սարերը,
Ե՜վ ժայռ, և՜ քարափ, ամեն մի բլուր
Ծանոթ է իրան մանուկ օրերից.
Բայց ու՞ր է իր մոր նստած քաղաքը.
Ու՞ր է հայրենի շքեղ պալատը,
Պալատի տերը, — թագուհի մայրը,
Որ գիրկը ընկնի, կարոտը առնի,
Կարոտը առնի և էնպես ապրի:
Շուրջը ավերակ. դեղին մամուռը
Ելել ծածկել է քարակույտերը՝
Քաղաքը շեն չէ. քաղաքն ավեր է.`
Թե ե՞րբ է քանդվել, իմացող չկա,
Ավերակներում, մի քարի վրա
Նստել է մի ծեր ու աղոթք անում:
Ասա ինձ, ծերուկ, — Ռոստոմը ասավ,—
Ե՞րբ է ավերվել այս շեն քաղաքը.
Ու՞ր է թագուհին, ի՞նչ է պատահել,
Չէ՞ որ դու նրան լավ ես ճանաչում.
Նա իմ մայրս է, ես՝ նրա որդին.
Դու լավ ես հիշում, թե ինչպես մի օր
Թողի իմ մորը, ելա, գնացի,
Որ մահից փրկվեմ, ապրեմ ու ապրեմ,
Իսկի չմեռնեմ, հողում չթաղեն:
Ինչե՞ր ես խոսում, այ ղարիբ ախպեր,
Ես երբեք այդպես բաներ չեմ հիշում.
Քո ասածները անցած բաներ են
Ու քանի հազար տարի է անցել.
Ես էլ դեռ մանուկ հորիցս եմ լսել. —
Մի թագուհի է ապրելիս եղել,
Նրա մինուճար աչքի լույս որդին
Թողել է մորը, գնացել, կորել
Դա եղած բան է, բայց շատ հին բան է...
Էլ ինչո՞ւ ապրեմ ու կարոտ քաշեմ...
Կյանքը իմ հոգուն հագուրդ չի տալիս,
Իմ մայրը այստեղ մահով է մեռել
Ես պետք է գնամ իմ մորը գտնեմ,
Մահն էլ մի կյանք է ուզողի համար,
Մահի թևերով կարոտս կառնեմ:
Մահը թող տանի ինձ իմ մայրիկիս,
Գուցե խաղաղվի փոթորկված հոգիս.
Ես մահն եմ ընտրում, հանգիստ եմ ուզում,
Վարարած գետ եմ, մայր ծովն եմ հոսում: —
Ռոստոմն ասավ ու հանեց մոտի
Սպիտակ ծաղիկը, հոտոտեց նրան,
Հոտոտեց նրան ու ընկավ մեռավ:
Վեր կացավ ծերը, գերեզման փորեց,
Հողի մեջ թաղեց, վրան հող ածեց:

ՀԵՔԻԱԹՆԵՐ

ԽՈԻԼԻ ԱՅԾԵՐԸ

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորչում են: Տերն ընկնում է դես-դեն այծերը գտնելու:

Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.

Բարի աջողում, ախպեր, այծերս չե՞ս տեսել:

Լավ է՝ այսպես ցանեմ, — ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:

Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.

Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:

Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ-ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.

Շնորհակալ եմ, ախպե՜ր, այծերս գտա. առ այս այծն էլ քեզ, — ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:

Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ, — զարմանքով ասում է արտավար խուլը:

Ի՞նչ ես խոսում, — ասում է այծատերր, — ես ա՜յս այծն եմ խոստացել, որ մեռնես էլ՝ մյուս այծերից տվողը չեմ:

Չէ, ես չեմ կոտրել, — բարկացած ասում է մեկը:

Չէ, ես է՜ս այծն եմ խոստացել, — կրկնում է մյուսը:

Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

Ա՜յ նանի, — ասում է այծատերը, — իմ այծերը կորել էին. գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցընում, ես է՜դ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյուս այծերից տվողը չեմ:

Ա՜յ նանի, — ասում է խուլ մարդը, — էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:

Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, — պատասխանում է խուլ պառավը, — ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել. քանի որ էն չքոտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:

ԿԱՏՈՒՆ, ԱՔԼՈՐՆ ՈԻ ԱՂՎԵՍԸ

Լինում է, չի լինում մի ծեր մարդ է լինում: Այդ ծեր մարդն ունենում է մի կատու և մի աքլոր: Ինքը լինում է փայտահատ: Ամեն օր գնում է անտառ փայտ կտրելու:

Կատուն ու աքլորը մնում են տանը: Կատուն կերակուր է եփում, ճաշ պատրաստում: Աքլորը կիկիլիկի կանչում, տունն է սրբում:

Մի անգամ կատուն ճաշ է պատրաստում իր տիրոջ համար, աքլորի բաժինը տալիս է, դուռը վրան փակում ու իր տիրոջ ճաշը տանում:

Աղվեսը տեսնում է, որ կատուն գնաց, գալիս է ու լուսամուտի տակ կանգնում, անուշ-անուշ երգում.

Կիկիլիկի՛, աքլորիկ,
Կիկիլիկի՛, խասշորիկ,
Կարմիր, կարմիր երեսիկ,
Ալ աբրեշում մորուսիկ:
Ձեն ես տալիս թաղե-թաղ,
Կանչի՛, կանչելուդ մատաղ:
Կանչի, թռի լուսամուտ,
Տես՝ քեզ համար բեռով կուտ
Ջաղացպանը բերել է,
Ճամփի վրա փռել է,
Աքլորն ուտի՝ զորանա,
Ծիտիկն ուտի՝ չորանա:

Աքլորը կիկիլիկի կանչելով թռչում է լուսամուտը, գլուխը դուրս է հանոմ, տեսնի՝ թե ո՞վ է էնպես անուշ-անուշ երգում, իրեն գովում: Աղվեսը իսկույն հոփ, աքլորին բռնում է ու տանում: Աքլորը վախից ճղղում է ու կատվին օգնության կանչում.

Տանո՛ւմ են, կատո՜ւ ջան,
Վայ, վա՛յ, տանում են.
Ինձ քեզանից, քեզ ինձանից
Հայ-հայ, տանում են:
Աղվեսն ինձ խաբեց
Անուշ խոսելով,
Բռնեց, տանում է
Դար ու փոսերով,
Գետի ափերով,
Մութ անտառներով,
Հեռու տափերով,
Խոր-խոր ձորերով,
Բարձր սարերով:
Արի՛, կատու ջան,
Կանչում եմ ձենով,
Տարավ աղվեսը,
Տարավ խաբելով,
Կարմիր արյունս
Ճամփին թափելով,
Տարավ, ախպեր ջան,
Տարավ, հա՛ , տարավ:

Կատուն անտառից տուն է վերադառնում: Լսում է աքլորի ձենը, վազում հասնում է աղվեսին, գլխին տալով, աքլորին բերնից խլում է, բերում տուն ու էսպես խրատում.

Следующая страница