Խնկոյան Աթաբեկ՝   Բանաստեղծություններ, պոեմներ, առակներ, հեքիաթներ

Ոսկեմազիկը պատմեց իր տեսածն ու լսածը:

Մայրն իր սիրելի աղջկան էլ ուղարկեց ջրհորի մոտ՝ բուրդ մանելու: Ծույլ աղջիկը մանեց, մանեց և իլիկը դիտմամբ գցեց ջրհորը ու ինքն էլ գլխի վրա ընկավ մեջը:

Որ ուշքի եկավ, էլի էն մարզագետնի վրա տեսավ իրան:

Մարգագետնով գնաց, գնաց հասավ էն թոնրին: Հացերը կանչում էին.

( Հանի՜ր մեզ կրակից, վառվեցի՛նք, էրվեցի՛նք:

Ծույլ աղջիկը թե՝

Իմ շատ պետքս է, թե վառվեցիք, էրվեցիք, ո՞վ պետք է իրան կեղտոտի, ձեռները մոխրոտի:

Գնա՛ց, գնա՛ց, հասավ խնձորենուն:

Խնձորենին կանչում էր.

Մեռա՛, բեռս ծա՛նր է. թա՜փ տուր, թափահարի՜ր, շաղ տուր, շաղահարի՜ր, խնձորներս հասել են:

Հա՜, հենց ակաս-մակաս, էդ էր պակաս: Մեռնում ես՝ մեռի՜ր: Իմ ի՞նչ բանն է, թե մեռնում ես, գնում եմ ոսկեմազիկ դառնամ, ոսկի բերեմ:

Գնա՛ց, գնա՛ց, հասավ պառավի տանը և սկսեց պառավին ծառայել:

Առաջին օրը վաղ վեր կացավ, սենյակը հավաքեց, մաքրեց, հիվանդի կամքը կատարեց: Երկրորդ օրը սկսեց ծուլանալ: Երրորդ օրն՝ ավելի շատ: Չորրորդ օրն արդեն տեղից ժաժ չէր գալիս: Պառավը նրանից ձանձրացավ, հիվանդ-հիվանդ վեր կացավ, տնքտնքալով տարավ ծույլին էն բախտի դռան մոտ և ասավ.

Բացվի՜ր դռնակ. դե ցնծա, էս աղջկան մի ընծա. ալարկոտ է, ծույլ է սա, սրան կուպր մի կաթսա, թող կպրոտի, սևանա ու կպրոտած տուն գնա: Երբ ծույլ աղջիկը տուն եկավ, աքաղաղը կանչեց.

Ծուղրուղո՛ւ...
Էս ո՞ւր գնաց, ո՞ւր եկավ,
Էս կպրոտը զուր եկավ,
Սպիտակ գնաց, սև եկավ,
Սիրուն գնաց, դև եկավ,
Ելեք տեսեք ո՞վ եկավ:
Նա մեզ չի տա ջուր ու կուտ,
Ծուղրուղո՛ւ, հավ ու ճուտ:

Ու էսպես, ջանասեր աղջիկը ոսկեմազիկ, գեղեցիկ աղջիկ դարձավ, ծույլ աղջիկը մնաց կպրոտ և տգեղ: Քանի-քանի լողացրին, չիստակվեց, էն կպրոտն էր, կպրոտ էլ մնաց:

ՔՈՒՅՐՆ ՈԻ ԵՂԲԱՅՐԸ

Ժամանակով մի քույր ու եղբայր են լինում: Եղբայրը դուրսն է աշխատում, քույրը՝ տանը: Նրանք շատ սիրով քույր ու եղբայր են լինում:

Մի օր էս քույրն ու եղբայրը նստած են լինում տան շեմքին ու դեսից-դենից խոսում:

Եղբայրը ասում է թե.

Քույրի՜կ, կուզե՞ս սպիտակ աղավնի դառնաս ու թռչես:

Ա՛խ, — պատասխանում է քույրը, — այն էլ ինչպե՛ս կուզեմ:

Թե որ այդպես սրտանց ուզում ես,— ասում է եղբայրը, — սպիտակ աղավնի դարձիր ու թռիր:

Հենց այդ խոսքի վրա, մին էլ տեսնում է, որ քույրը թևեր առավ, սպիտակ աղավնի դառավ ու թռավ: Եղբայրը գլխին է տալիս, ծնկներին է տալիս, լաց է լինում ու ասում.

Լեզուս լռվեր, ինչո՞ւ անիծեցի քրոջս, ա՛խ, ինչո՞ւ անիծեցի անուշիկ քրոջս: Ինչ էլ կուզի լինի, երկաթե տրեխ կհագնեմ, երկաթե գավազան կառնեմ ձեռքս, աշխարհե աշխարհ ման կգամ, կգտնեմ հարազատ, միակ քույրիկիս:

Ասում է եղբայրը, վեր է կենում, գնո՛ւմ, գնո՛ւմ, գնում. մտնում է մի անտառ: Անտառում լինում է մի դղյակ: Մոտենում է դղյակին ու դուռը խփում: Դուրս է գալիս մի պառավ կին ու հարցնում.

Ի՞նչ ես ուզում, ա՜յ ջահել տղա:

Նանի՜, նանի՜ , քրոջս եմ ման գալիս, նրան անիծեցի, դարձավ թագը գլխին մի սպիտակ աղավնի ու թռավ: Չգիտե՞ս նրա տեղը, չե՞ս տեսել:

Սիրուն տղա, ես չգիտեմ քո աղավնի քրոջ տեղը. արի ներս, գուցե իմ որդին՝ Քամի թագավորը գիտենա քո քրոջ տեղը:

Եղբայրը ներս է մտնում, տեսնում է, որ Քամի թագավորը նստած է իր գահին:

Չոքում է թագավորի առաջ ու ասում.

Ես քրոջս եմ ման գալիս. նրան անիծեցի, դարձավ թագը գլխին սպիտակ աղավնի ու թռավ: Ասա՜ , չե՞ս տեսել իմ աղավնի քրոջը:

Ո՜չ, կտրիճ տղա, չեմ տեսել սպիտակ աղավնի, թագը գւխին քրոջդ: Գնա Արև թագավորի մոտ, գուցե նա գիտենա աղավնի քրոջդ տեղը:

Տղան վեր է կենում, տխուր-տրտում գնում է, գնո՛ւմ, գնո՛ւմ հասնում է մի ուրիշ դղյակի: Ներս է մտնում, տեսնում է, որ Արև թագավորը նստած է գահին: Չոքում է գահի առաջ ու ասում.

Թագավոր, ես իմ քրոջն եմ ման գալիս: Նրան անիծեցի, դարձավ թագը գլխին մի սպիտակ աղավնի ու թռավ: Չե՞ս տեսել իմ աղավնի քրոջը, ասա՜, որտե՞ղ է իմ անուշիկ քույրիկը:

Ջ՜ահել պատանի, ա՜յո , ես գիտեմ որտեղ է քո անուշիկ քույրիկը: Նա Ստվերների թագուհու մոտ գերի է:

Արև արքա, ինչպե՞ս ազատեմ քրոջս:

Ստվերների թագուհու դղյակը շինած է գետափին: Կերթաս, կերթաս, կհասնես մի մեծ, շատ մեծ գետի: Այդ գետի կամուրջը մարդու ոսկորներից է շինած: Դու որ կհասնես կամուրջին, մատդ դանակով կտրիր ու արյունը կաթեցնելով՝ անցիր կամուրջից: Դղյակը շատ սենյակներ ունի, մի սենյակում քնած է քո քույրը:

Պատանին վեր է կենում, համբուրում է Արև արքայի ոսկեհեր միրուքը, շնորհակալ է լինում, ճամփա ընկնում, գնում է, գնում հասնում Արև արքայի ասած կամուրջին: Հանում է դանակը մատը կտրում, արյունը կաթեցնելով անցնում կամուրջը, հասնում սև սաթե դղյակն ու ներս մտնում: Մտնում է առաջին սենյակը, տեսնում է մի աղավնի քնած: Մտնում է երկրորդ սենյակը, տեսնում է էլի մի աղավնի քնած: Էդպես, դու ասա տասը, ես ասեմ քսան սենյակ իրար հետևից անցնում է և յուրաքանչյուր սենյակում մի-մի աղավնի է քնած գտնում: Վերջին սենյակը որ մտնում է, ի՛նչ տեսնի. սպիտակ աղավնին, թագը գլխին, թևերը փռած՝ քնել է:

Քույրի՜կ ջան, ինչո՞ւ ես քեզ անիծեցի, քո կարոտն ինձ այրեց:

Ասում է ու վրա վազում, աղավնի քրոջն համբուրում: Քույր աղավնին զարթնում է, թևերը թափ-թափ, ծափ-ծափ տալով թռչում է լուսամուտին կանգնում ու ասում.

Ախ՛, ախպեր ջան, ինչո՞ւ ինձ համբուրեցիր, դու ինձ մատով պետք է խփեիր, գլխիս թագը պոկեիր, ես աղջիկ կդառնայի, քեղ սիրող քույրը: Ես դարձյալ աղավնի կմնամ, կգնամ Ստվերների մոր այրը, կարող ես, եկ ինձ ազատի: Հիմա գնա այն բոլոր քնած աղջիկներին զարթեցրու: Նրանք քեզ պես ազիզ ախպեր չեն ունեցել, որ գա իր քրոջն ազատի: Նրանց զարթեցնելիս չլինի թե համբուրես, այլ մատով խփիր:

Ասում է, թևին տալիս ու թռչում:

Եղբայրն ընկնում է գետին, գլխին է տալիս, լալիս է, արցունք է թափում, բայց ճա՛րն ինչ, ի՛նչ կարող էր անել, անցածն անցել էր: Վերջը գնալով՝ մեկ-մեկ բոլոր քնած աղավնիներին մատով խփում է ու զարթեցնում: Բոլոր աղավնիները նորից աղջիկներ են դառնում, գնում իրենց տները:

Միայն մնում է մի աղջիկ, թագավորի աղջիկը:

Սիրու՜ն տղա, — ասում է այդ աղջիկը, — դու ինձ լավություն արիր, ազատեցիր Ստվերների կախարդ մոր ձեռքից: Ես քեզ խրատ կտամ, թե ինչպես ազատես քո անուշ քրոջը: Հիմա Ստվերների մայրը նստած է իր գահին, իսկ նրա ուսերին, գահի շուրջը շարված են աղջիկ-աղավնիներն ու ղունղունում են: Հանի՜ր դանակդ, մատդ քիչ կտրիր արյունը քսիր աչքերիդ ու մտիր այրը: Աչքերդ մթնում լույս կտան: Ստվերների թագուհին և բոլոր այնտեղ եղած աղավնիները քեզ չեն տեսնի: Զգուշությամբ մոտեցիր, բռնիր քույր աղավնուդ բկից ու դուրս բեր:

Ինչպես աղջիկն ասում է, տղան այնպես էլ անում է: Մատը կտրում է, արյունը քսում իր աչքերին ու մտնում Ստվերների թագուհու այրը: Մոտենում է իր քրոջը, բկից բռնում ու դուրս բերում:

Թագավորի աղջիկը իր մատից մի կաթ արյուն է կաթեցնում քրոջ թագի վրա, ապա թագը քաշելով պոկում է, և աղավնին դառնում է աղջիկ: Քույր ու ախպեր ջերմ փաթաթվում են իրար և կարոտներն առնում:

Թագավորի աղջիկն այդ սրտաշարժ տեսարանից սաստիկ զգացվում է ու լալով ասում է.

Թեև ես թագավորի աղջիկ եմ, ամեն տեսակ բարիքով լցված, բայց չեմ վերադառնում հորս մոտ: Ես էլ կգամ ձեզ հետ, ինձ էլ ձեզ հետ տարեք: Միասին կաշխատենք, միասին կուտենք:

Թագավորի աղջիկն ու ազատարար պատանին՝ երեքով վերադառնում են տուն: Միասին աշխատում են, միասին ուտում, հաշտ ու սիրով ապրում:

Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:

ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈԻԼԸ

Ժամանակով լինում է, չի լինում, մի շատ հարուստ, բայց անգութ թագավոր է լինում: Երկնքի աստղերին համըրանք է լինում, դրա ոսկուն ու արծաթին համրանք չի լինում:

Էդ թագավորը մի շատ գեղեցիկ, մի հրաշալի տաճար է շինել տալիս, մի չտեսնված բան:

Ճարտարապետը, շինող վարպետը, երբ տաճարը շինում, միջից դուրս են գալիս, էդ ժամանակ տաճարի միջից մի ձայն ասում է.

Ապրած մնա թագավորը, տաճարը գեղեցիկ է, հրաշալի է, բայց մի բան պակաս է, — ասում է ու անհետանում:

Թագավորը զարմացած է մնում, զարմանում է և ամբողջ քաղաքը, թե ինչն է պակաս:

Թագավորը հրամայում է, որ տաճարը քանդեն և նրա տեղը նորից մի փառավոր տաճար կանգնեցնեն, առաջինից տասն անգամ գեղեցիկ:

Այդպես էլ անում են. էլի վարպետը, երբ պրծնում է ու դուրս գալիս տաճարից, դարձյալ էն մարդը հայտնվում է ու կանգնում, ասում.

Ապրած մնա թագավորը, էս անգամ տաճարը առաջինից տասն անգամ շքեղ ու գեղեցիկ է, բայց էլի մի բան պակաս է, — ասում է ու անհետանում:

Թագավորը շատ է տխրում, բայց ինչ կարող էր անել, փողի բան չէր, որ բանը փողի գցեր. հրամայեց, որ այդ տաճարն էլ քանդեն, և նրա տեղը այնպիսի մի տաճար կանգնեցնեն, որ առաջվանից տասն անգամ շքեղ ու գեղեցիկ լինի:

Թագավորի հրաման է, ինչ կարելի է անել. նորից քանդում են տաճարը և նրա տեղը կանգնեցնում մի նոր տաճար, բայց ի՜նչ տաճար. պատերը արծաթից, գմբեթը և սյուները զուտ ոսկուց: Էլի երբ վերջացնում են տաճարի շինությունը, երևում է այն մարդը ու թագավորի ներկայությամբ ասում.

Ապրած մնա թագավորը, գահը ամուր լինի, թուրը կտրուկ. հրաշալի, չտեսնված տաճար շինեց, բայց էլի մի բան պակաս է: Եթե թագավորը կարողանա Հազարան Բլբուլը բերել տա ու տաճարում կախի, էլ տաճարը ոչ մի պակասություն չի ունենա, — ասում է ու անհետանում:

Թագավորը երեք կտրիճ տղա ուներ: Երեքով առաջ են գալիս, չոքում հայր-արքայի առաջ ու ասում.

Թագավորն ապրած մնա, էլ մենք ինչի՞ համար ենք, որ դու տխրես: Կընկնենք աշխարհե աշխարհ. լույս աշխարհը ման կգանք, լույս աշխարհը կթողնենք, մութ աշխարհը ման կգանք, Հազարան Բլբուլը կգտնենք, կբերենք: Դարդ մի անի:

Վեր են կենում երեք եղբորով ու գնում: Գնում են, գնում, շատ են գնում քիչ են գնում, շատն ու քիչը աստված գիտե, գնում հասնում են մի խաչաձև ճամփի: Այդտեղ նըստում են, հանգստանում ու խորհուրդ անում: Ասում են իրար, թե՝ եղբայրներ, եկեք բաժանվենք, ամեն մեկս թող մի կողմի վրա գնա, հարցուփորձ անելով Հազարան Բլբուլի տեղն իմանա:

Մեծ եղբայրը գնում է աջ, միջնեկը՝ ձախ, փոքր եղբայրը՝ ուղիղ:

Մեծ եղբայրը գնում է, գնում, հասնում է մի անծանոթ թագավորի քաղաք, մտնում է այդ թագավորի մոտ ծառայության, մոռանում է, որ եկել է Հազարան Բլբուլը տանելու:

Միջնեկ եղբայրը գնում է, գնում է, պատահում է մի հսկա արաբի: Արաբը հարցնում է, թե՝ այ տղա, դու այստեղ ի՞նչ ես անում: Թագավորի տղան էլ պատասխանում է, թե ես Հազարան Բլբուլի տեղն եմ փնտրում:

Լավ, — ասում է արաբը, — հիմա ես քեզ Հազարան Բլբուլի տեղը կասեմ: — Ասում է, մոտենում է ու ձեռքի սև ճիպոտով որ չի խփում, թագավորի տղան իսկույն ևեթ քար է դառնում:

Լուրը տանք փոքր եղբորից: Փոքր եղբայրն էլ գնում է, գնում, տեսնում է ծառի տակ ընկած մի վիրավոր աղավնի, և էն է՝ շունչը փչելու վրա է: Թագավորի տղան վերցնում է վիրավոր աղավնուն, աղբյուրի ջրում լվանում է վերքը, տաքացնում է իր կրծքի վրա, հացի փշրանք է տալիս: Աղավնին ուժի է գալիս, աստծու հրամանով լեզու է ելնում ու ասում է.

Թագավորի՜ տղա, շնորհակալ եմ քեզանից. դու ինձ նորից կյանք բաշխեցիր, դու որ չյինեիր, ես կորած էի: Ինչպես որ դու ինձ լավություն արիր, ես էլ ուզում եմ քեզ լավություն անեմ: Գիտեմ՝ դու գնում ես, որ Հազարան Բլբուլը բերես քո հոր շինած տաճարի համար: Էսպես շարունակ կգնաս դեպի արևելք, կհասնես Հազարան Բլբուլի տիրոջ երկիրը: Հազարան Բլբուլի տերը, որ մի գեղեցիկ հուրի-փերի աղջիկ է, իր երկրի ջուրն ու հողը, ծառն ու ծաղիկը, ամեն ինչ կախարդել է, որ չլինի թե գան, Հազարան Բլբուլը իրենից խլեն, տանեն:

Բա ինչպե՞ս բերեմ Հազարան Բլրուլը, սիրուն աղավնի:

Էդ ես չեմ կարող ասի, թե ինչպես, թագավորի տղա: Միայն այսքանը կասեմ, որ բարի մարդի գործը միշտ կհաջողվի. գնա, հույսդ քեզ վրա դիր, որ ամեն դժվարությունների հաղթես և Հազարան Բլբուլը բերես: Միայն ինձանից քեզ հիշատակ, վերցրու թևիցս մի փետուր: Նեղն ընկնելիս՝ հանի փետուրը և համբուրիր. ես քեզ օգնության կհասնեմ:

Ասում է աղավնին, թևիցը մի փետուր է գցում ու ինքը թևին է տալիս, թռչում:

Թագավորի տղան վերցնում է աղավնու փետուրը ու գնում է: Գնում է, գնում է, ինքն էլ չի իմանում թե ուր է գնում: Հացն էլ է պրծնում, ինքն էլ հոգնում է. հոգնած, բեզարած հասնում է մի աղբյուրի: Շոգ օր, հոգնած մարդ. վրա է գալիս աղբյուրին, մի լավ խմում է ու ասում.

Ա՜յ սառնորակ աղբյուր, ակդ միշտ անսպառ մնա, սիրտս հովացավ:

Ա՜յ ճամփորդ, ինչո՞ւ ես ասում՝ ակդ միշտ անսպառ մնա, չէ՞ որ ջուրս դառն է ու լեղի, — ասում է աղբյուրը:

Ճիշտ է, ջուրդ դառն է, բայց քո ունեցածն էլ էդ է, հո չես կարող ինձ համար ջուրդ քաղցրացնի. շեն ես ու շեն մնաս: Եթե քո դառը ջուրն էլ չլիներ, ես ծարավից կմեռնեի:

Գնա, բարի ճամփորդ, որ դու էդպես բարի ես, ես քեզ վնաս չեմ տա: Թագավորի տղան դարձյալ գնում է, գնում մտնում է մի հովիտ: Հովտում տեսնում է մի խնձորենի, վրան շատ խընձոր: Մոտենում է ծառին, մի խնձոր է պոկում, կծում է, տեսնում է, որ շատ դառն է, ինչպես օձի կաթ: Հյութը կուլ է տալիս ու ասում.

Դալար մնաս, այ խնձորենի , բերանս ցամաքել էր, սիրտս վառվում էր, խնձորդ սիրտս հովացրեց:

Ա՜յ ճամփորդ, էսքան ժամանակ ոչ ոք ինձ չէր ասել թե դալար մնաս, այ խնձորենի, դու ինչո՞ւ ասիր. չէ՞ որ իմ խնձորը թթու ու լեղի է օձի կաթի պես:

Ճիշտ է, խնձորդ թթու ու լեղի է, բայց ունեցածդ էդ է. ինձ համար հո չե՞ս քաղցրացնի քո պտուղըդու չլինեիր, լեզուս բերանիս մեջ կչորանար: Մնաս բարով: Շեն ես ու շեն մնաս:

Գնաս բարով, բարի տղա, որ դու էդպես բարի ես, իմ խնձորի թույնը քեզ վնաս չի տա:

Թագավորի տղան գնում է, գնում, հասնում է կախարդ աղջկա պալատին: Տեսնում է, որ պալատի դռան առաջ, աջ կողմը կապած է գայլը՝ խոտը առաջին, ձախ կողմը ղոչը՝ միսը առաջին:

Տեր աստված, — ասում է ինքն իրեն, — էս ի՞նչ բան է, չտեսածս բաները տեսնում եմ, ո՞վ է տեսել գայլը խոտ ուտի, ղոչը՝ միս:

Վեր է առնում ղոչի առջևից միսը դնում է գայլի առջևը, գայլի առջևից խոտն էլ՝ ղոչի առջևը: Գայլն ու ղոչը ասում են.

Գնա՜, թագավորի տղա, որ դու էդպես լավություն արիր մեզ, մենք քեզ վնաս չենք տա:

Թագավորի տղան ներս է մտնում պալատի դռնից՝ տեսնում է, որ դռան մի թևը բաց է, մյուսը վրա դրած: Ինքն իրեն ասում է.

Էս ի՞նչ բան է, էս պալատը անտեր է ի՛նչ է, տեր-տիրական չունի՞: Դռան էս մի փեղկը վրա չդրվելով չորացել, ծռվել մնացել է, մյուս փեղկը կարոտ է, որ մի ձեռք կպչի իրեն և բաց անի: — Ասում է ու բացած փեղկը վրա է դնում, դրածը բաց է անում ու մտնում պալատ:

Դռան փեղկերն ասում են.

Գնա, բարի տղա, քեզ վնաս չենք տա:

Պալատով գնում, գնում, մտնում է կախարդ աղջկա պարտեզը: Պարտեզ, ի՛նչ պարտեզ, պարտեզ մի՜ ասի՝ դրախտ ասա. ոչ գրչով կգրվի, ոչ լեզվով կպատմվի նրա գեղեցկությունը:

Աշխարհի բոլոր երգեցիկ թռչունները այնտեղ էին երգում, աշխարհի բոլոր ալ ու ալվան, խաս ու ղումաշ ծաղիկները այնտեղ էին ծաղկում, աշխարհի բոլոր գեղեցիկ թիթեռները այնտեղ էին թրթռում, աղբյուրներն ու շատըրվանները լալ ու գոհար էին շաղ տալիս և արևի շողերի տակ ծիածաններ էին կազմում: Բոլոր ծառերը փարթամ սաղարթ ունեին և համեղ պտուղներ:

Այն ծառը, որի վրայից կախված էր Հազարան Բլբուլը իր ոսկե վանդակով, զուտ ոսկի էր, ճյուղերն ու տերևները արծաթե, խնձորները մեծ-մեծ զմրուխտներ: Այդ աննման ծառի տակ քնած էր Հազարան Բլբուլի տեր կախարդ աղջիկը, չքնաղ գեղեցկուհին:

Թագավորի տղան ապշել-մնացել էր իր տեսածից: Մոտեցավ ծառին, Հազարան Բլբուլին վանդակով վեր առավ ծառից, ու շտապով դռները լեն բացվեցին նրա առաջ, ղոչն ու գայլը ճամփա տվին, նա դուրս եկավ այգուց:

Խնձորենին անուշ խնձոր գլորեց նրա առջև, աղբյուրը ջուրը քաղցրացրեց նրա համար: Գնաց տղան իր եղբայրներին գտնելու:

Մի տարին արդեն լրացել էր: Եղբայրները պայման էին դրել, որ մի տարուց հետո գան դարձյալ այն տեղը, որտեղից բաժանվել էին: Թագավորի տղան Հազարան Բլբուլը ձեռին գալիս է, գալիս, հասնում է այնտեղ, որտեղ արաբը իր եղբորը քար էր դարձրել: Արաբը դուրս է գալիս և այդ եղբոր առաջ, ուզում է, որ նրան իր ձեռքի սև ճիպոտով խփի ու քար դարձնի, բայց Հազարան Բլբուլը երգում է իր գեղեցիկ երգը: Արաբը այդ երգը լսում է թե չէ՝ ընկնում է ու քար դառնում, իսկ բոլոր քարացած մարդիկ և թագավորի միջնեկ տղան նորից շունչ են առնում ու մարդ դառնում: Թագավորի քարացած տղան հասնում է ու իր եղբորը փաթաթվում: Նրանք համբուրվում են ու գնում այն ճամփաբաժանը, իրենց մեծ եղբորն սպասում:

Շատ են սպասում, քիչ են սպասում, տեսնում են, որ իրենց մեծ եղբայրը չի գալիս, վեր են կենում, գնում-ընկնում են քաղաքից քաղաք, գտնում են նրան ու երեքով միասին գնում են դեպի իրենց հոր երկիրը:

Ճանապարհին նրանք հասնում են մի անապատ տեղ, որտեղ մի կաթիլ ջուր չկար: Դես են ընկնում, դեն են ընկնում, տեսնում մի ջրհոր: Է՜, ով մտնի՝ հորից ջուր հանի: Մեծը թե՝ ես վախենում եմ, միջնեկը թե՝ ես էլ եմ վախենում: Փոքրը թե՝ ինչ անեմ, հո չե՞մ թողնի, որ իմ եղբայրները ծարավից մեռնեն: Ինչ էլ կուզի լինի, եկեք ինձ կախեք հորը, մտնեմ, ջուր հանեմ:

Երկու եղբայրը բերին փոքրին կախեցին հորը: Բայց մտքերը չար էր: Նախանձեցին եղբոր վրա, թե ինչու սրա պատիվը բարձրանա, թոկը կտրեցին, եղբորը գցեցին հորը, իրենք Հազարան Բլբուլն առան ու գնացին: Հասան իրենց հոր քաղաքը, ներկայացան թագավորին, ասացին, որ բերել են Հազարան բլբուլը:

Ո՞ւր է ձեր եղբայրը, — հարցնում է հայրը:

Չգիտենք, հայր, գնաց ու չեկավ: Դարդ մի՜ անի, եթե կենդանի է՝ կգա:

Հազարան Բլբուլը տարան տաճարի մեջ կախեցին, բայց նա չերգեց ու չերգեց: Թագավորի որդին հորի մեջ ընկած մտածում էր, թե ինչո՞ւ եղբայրները իր հետ այդպես վարվեցին, ի՞նչ կլինի իր վերջը: Հանկարծ մտաբերեց, որ աղավնին իրեն մի փետուր է հիշատակ թողել: Հանեց փետուրը ծոցից, երեք անգամ այն համբուրեց և ասավ.

Սիրուն աղավնի, նեղ տեղն եմ, հարազատ եղբայրներս ինձ հորի մեջ թողին: Բա դու ասում էիր, բարի մարդի գործը կհաջողվի. է՞ս է հաջողությունը:

Խոսքը վերջացրել էր, չէր վերջացրել, մեկ էլ երկնքում անթիվ, անհամար աղավնիներ երևացին: Ամեն մի աղավնի կտցով մի ծառի ոստ էր բերել: Նրանք ծառի ոստերը գցեցին հորը այնպես, որ հորը լցվեց և թագավորի տղան հորից դուրս եկավ ու շարունակեց իր ճամփեն:

Թող գնա, մենք լուրը տանք կախարդ աղջկանից:

Նա զարթնեց քնից, տեսավ, որ իր Հազարան Բլբուլը չկար, վազեց, ման եկավ այգում, չկար, վազեց մտավ պալատ, Բլբուլը չկար, դուրս վազեց պալատից և դռներին ասավ.

Դռներ, ինչո՞ւ ճամփա տվիք Հազարան Բլբուլի տանողին, ինչո՞ւ դավաճանեցիք ինձ:

Մենք ինչո՞ւ ճամփա չպետք է տայինք այն բարի տղին, — ասացին դռները, — էսքան ժամանակ դու մեզ մի անգամ կարգին վրա չդրիր ու բաց չարիր: Չորացել, ծռվել մնացել էինք, իսկ նա մեզ լավություն արավ:

Գնաց, գայլին ու ղոչին ասավ.

Գայլ, դու ինչու չպատառոտեցիր գողին:

Ես ինչո՞ւ պատառոտեի էն բարի տղին, նա ինձ միս տվեց, իսկ դու խոտով ես կերակրում ինձ:

Ղո՜չ, դու ինչո՞ւ չխփեցիր նրան:

Ինչո՞ւ պետք է խփեի բարի տղին, նա ինձ խոտ տվեց, իսկ դու մսով ես կերակրում ինձ:

Կախարդ աղջիկը վազեց, խնձորենուն հասավ.

Ա՜յ խնձորենի, ինչո՞ւ չթունավորեցիր Հազարան Բլբուլը տանողին:

Ինչո՞ւ թունավորեի էն բարի տղին. դու իմ պտուղները փչացրել ես, իսկ նա ինձ օրհնեց:

Գնաց աղբյուրին հասավ.

Ա՜յ աղբյուր, ինչո՞ւ ծով չդարձար, չխեղդեցիր Հազարան Բլբուլը տանողին:

Ինչո՞ւ խեղդեի էն բարի տղին, դու իմ ջուրն ես փչացրել, իսկ նա օրհնեց ինձ, ասավ, թե ակդ անսպառ լինի:

Հուրի-փերին էլ չկանգնեց, առաջ վազեց, եկավ, եկավ հասավ Հազարան Բլբուլը տանողի հոր քաղաքը: Իմացավ, որ իր Հազարան Բլբուլը կախած է տաճարում, բայց չի երգում:

Հուրի-փերին գալիս է թագավորի մոտ, ասում է, որ Հազարան Բլբուլն իրենն է, էդ ո՞վ է եկել, գողացել բերել:

Թագավորի մեծ տղան ասում է, թե ես եմ բերել Հազարան Բլբուլը:

Թե որ դու ես բերել, — ասում է աղջիկը, — դե ասա, ինչ տեսար իմ պալատում:

Թագավորի տղան ի՞նչ կարող էր ասել, քանի որ ոչինչ չէր տեսել: Միջնեկ տղան ասում է, թե ես եմ բերել:

(Դե որ դու ես բերել, ասա ի՞նչ տեսար ճամփին:

Դա էլ ոչինչ չի կարող ասել:

Այդ խոսակցության ժամանակ գալիս հասնում է փոքր եղբայրը ու ասում է, թե ես եմ բերել Հազարան Բլբուլը:

Եթե դու ես բերել, — ասում է կախարդ աղջիկը, — ի՞նչ տեսար ճանապարհին:

Ես տեսա քո կախարդած աղբյուրը, խնձորենին, տեսա պալատիդ պահապան գայլին ու ղոչին, տեսա բացարած դռները , տեսա քո անմահական այգին:

Այո, հիմի հավատում եմ, որ դու ես բերել իմ Հազարան Բլբուլը, իմ այգու զարդը: Բայց մինչև հիմի որտե՞ղ էիր, եղբայրներդ ինչո՞ւ են ասում, թե իրենք են բերել Հազարան Բլբուլը:

Իմ եղբայրները շատ նախանձոտ և ապերախտ մարդիկ դուրս եկան: Միջնեկին արաբը քար էր դարձրել, Հազարան Բլբուլի երգով էլի մարդ դարձավ: Մեծ եղբայրս հանգիստ գնացել, թագավորի մոտ ծառայության էր մտել, իբրև թե գնացել էր Հազարան Բլբուլը բերելու: Ճամփին էլ, երբ որ ինձ կախեցին հորը ջուր հանելու, թոկը կտրեցին, ինձ գցեցին հորը և Հազարան Բլբուլը առան եկան: Ես եմ բերել Հազարան Բլբուլը, ե՜ս:

Էդ ժամանակ հանկարծ երգեց Հազարան Բլբուլը, տաճարը լցվեց մեղմ, հաճելի կլկլոցով:

Թագավորը հրամայեց, որ ապերախտ եղբայրներին պատժեն, բայց փոքր եղբայրը ասավ.

Թագավոր, ներիր եղբայրներիս:

Եղբայրներն ընկան փոքր եղբոր ոտները ու ներողություն խնդրեցին:

Հազարան Բլբուլն ավելի ու ավելի բարձրացրեց իր կըլկլոցը, սիրուն ելևէջներով երգը գեղգեղում էր տաճարի կամարների տակ:

Այդ ժամանակ հայտնվում է տաճարում էլի էն մարդը ու ասում.

Թագավորն ապրած կենա, ա՜յ հիմի տաճարը ոչ մի պակասություն չունի: Քանի որ Հազարան Բլբուլը կերգի, իմացեք, որ եկեղեցին կանգուն է: Որ օրը Հազարան Բլբուլը լռեց, իմացեք, որ եկեղեցին շեն չի, թեկուզ նրա շենքը ձեր աչքին երևա պատերը արծաթից, սյուներն ու գմբեթը ոսկուց:

Թագավորն էդ խոսքերի միտքը հասկացավ ու այնուհետև սկսեց սիրով կառավարել իր երկիրը: Տաճարի դուռը բաց էր թե՜ աղքատի և թե՜ հարուստի առաջ: Տաճարը ուխտատեղ էր դարձել ժողովրդի համար: Երկրի ամեն մի կողմից թշվառներն ու հիվանդները գալիս էին մխիթարություն ու բժշկություն գտնելու: Եվ երբ թագավորը անարդար բան էր բռնում, Հազարան Բլբուլը օրերով լռում էր և չէր երգում:

Կախարդ աղջիկը է՜լ չհեռացավ իր Հազարան Բլբուլից, դարձավ թագավորի տղի նշանածը:

Յոթ օր, յոթ գիշեր հարսանիք արին: Կերան, խմեցին քեֆ քաշեցին:

Երկնքից երեք խնձոր իջավ. մեկն ասողին, մեկը պատմողին, մեկն էլ ընթերցողին:

ՏԵՐՏԵՐՆ ՈԻ ԻՐ ԲԱԼԴԻ ԾԱՌՍՆ

Ա. Պուշկին

Մի ժլատ տերտեր,
Հարուստ, տնատեր,
Վաղ գնաց շուկա,
Որ գործը հոգա,
Ետ դառնա տուն գա:
Էդ տեր ժլատին
Պատահեց Բալդին,
Ասավ. — Օրհնյա, տեր,
Ի՞նչ կուզես, տերտեր:
Կուզեմ մի ծառա,
Շատ բան իմանա,
Լինի խոհարար,
Ձիապան, դուրգար.
Շատ էժան վարձով,
Ապրի չոր հացով:
Ա՜ տեր, ինձ վարձիր,
Կուզես քար բարձիր,
Մի կլոր տարի
Ինձ տանդ պահի.
Թե ուտիս, թե պաս
Տուր ինձ լոկ սպաս,
Ու տարվա վերջին
Քո տանը միջին
Թող միջամատով
Երեք հատ կտտոց
Տամ քո ճակատով.
Ահա իմ վարձը,
Վերջացա՞վ հարցը:
Տերտերը խորհեց,
Ճակատը քորեց,
Կըտտոցները իրա մեջ
Բան չհաշվեց, ասավ՝ հե՜չ.
Կտտոց էլ կա, կտտոց էլ:
Եվ մոռացվեն գուցե էլ:
Համաձայնեց պայմանին
Եվ տուն բերեց ծառային:

***

Ինչպես ցույց տվավ փորձը,
Բալդին գիտեր իր գործը:
Արի էր մարդը,
Վարում էր արտը,
Պահում էր նա ձին,
Հասնում էր հնձին,
Շատ քիչ էր քնում,
Շուտ էր վեր կենում,
Շուկա էր գնում,
Տան պաշար առնում,
Տանը ջուր կրում,
Օջախը վառում,
Վրան ձու խաշում,
Խաշում ու կճպում,
Երբեք չէր վիճում:
Հիացել էր իրիցկինը,
Վրան ցավում էր աղջիկը,
Ապի, — կանչում տան փոքրիկը,
Որ նստում էր Բալդու գիրկը:
Տերտերը միայն
Չէր սիրում նրան.
Երբ հիշում էր Բալդու մատը,
ճըքճըքում էր ծեր ճակատը:

***

Տարին անցնում էր օրեցօր,
Իսկ տերտերը,մտամոլոր,
Ոչ ուտում է, ոչ էլ խմում,
Տարվա վերջին է սպասում:
Ահա մի օր
Խեղճ ու մոլոր
Էն քահանան
Իրիցկնկան
Խոստովանեց
Ամեն մի բան:
Իրիցկինը. — Ես թույլ չեմ տա,
Ա՜ տեր, Բալդին ճակատիդ տա.
Եկ դիր նրան այնպես գործի,
Որ նա իրա ուժը փորձի,
Էն գործն անել չկարենա
Ու ամոթով դատարկ գնա:
Ուրախացավ էն տերտերը,
Իսկույն ևեթ, հենց նույն օրը
Ասավ. — Բալդի՜, սատանեքը
Դեռ չեն տվել տնօրհնեքը,
Գնա, ուզիր ապառիկս,
Երեք տարվա առնելիքս:

***

Բալդին մի հեզ
Ծառայի պես
Կեսը կամա.
Կեսն ակամա,
Ելավ գնաց ծովի քովը,
Թոկն օլորեց, կախեց ծովը:
Խիստ փոթորիկ ծովում հանեց
Ափը ափին տվեց, խառնեց.
Մի քիչ հետո հանկարծ ահա,
Ծովից ելավ մի սատանա.
Ի՞նչ ես ուզում, Բալդի՜, մեզնից,
Թոկդ քաշիր, հանի՜ր ծովից:
Չէ, ձեր ծովը ես կխառնեմ
Ու բոլորիդ դուրս կհանեմ,
Ձեր վրայի ապառիկը,
Իմ տերտերի առնելիքը
Էսպես երկար երեք տարի
Ինչո՞ւ համար դուք չեք բերի:
Հերի՜ք խառնես ծովը, Բալդի՜,
Ձեռքիդ թոկը խնդրեմ վայր դիր,
Շուտով կտանք մենք քո հարկը
Է՜ս ա, կգա իմ թոռնիկը:
Գնաց, պապը, եկավ թոռը,
Եկավ, տվավ գլխին զոռը.
Բարև քեզի, — ասավ Բալդուն, —
Էս ի՞նչ կարգ է,
Էս ի՞նչ վարք է,
Քո ուզածը
Էս ի՞նչ հարկ է,
Էս ի՞նչ լուր է,
Մեզ, չարերիս
Ի՞նչ տխուր է:
Հեչ լսած կա՞ գոնե մեկը՝
Հարկ վճարեն սատանեքը:
Է՜ , ինչ անենք, կուզես կտանք,
Բայց մի պայման չմոռանանք,
Մինչև ժողվի պապս հարկը,
Բերի լցնի կաշե պարկը,
Արի՜ վազենք մենք միասին
Ծովի շուրջը. ճամփի կեսին
Ով որ հոգնի ու ետ ընկնի,
Թող նա ոսկու պարկը տանի:
Մի հռհռաց էդտեղ Բալդին՝
Ծաղրի տալով չարի ճուտին.
( Դու ո՞վ ես որ, ա՛յ անհեթեթ,
Բալդին վազի քեզպեսի հե՛տ.
Քիչ սպասի թող լղպորը,
Գնամ բերեմ իմ եղբորը:
Բալդին անտառ գնաց արագ,
Բռնեց երկու հատ նապաստակ
Եվ գցելով նրանց պարկը,
Դարձավ եկավ ծովի ափը:
Հանեց մեկին պարկի միջից
Ու բռնելով ջուխտ ականջից,
Ասավ չարին. — Վախկոտ ճուտիկ,
Խոսքիդ տերն ես, արի մոտիկ.
Առաջ վազիր դեռ եղբորս հետ,
Ի՞նչ ես նայում վրան խեթ-խեթ.
Դեհ, մեկ, երկուս, երեք՝ վազեք,
Դուք իրարու լավ կսազեք:
Ու վազեցին. նապաստակը
Փախավ անտառ, մտավ ծակը,
Իսկ սատանեն, տնկած դունչը,
Շրջան տալով ծովի շուրջը,
Քրտնաթաթախ և վազեվազ,
Շունչը կտրած և հազիվհազ,
Քարին տալով իր մի ոտը՝
Իրան գցեց Բալդու մոտը:
Եվ ի՛նչ տեսավ էն լղպորը՝
Բալդին շոյում էր եղբորը.
Ապրի՜, ապրի՜, իմ մոր բալեն,
Խիստ հոգնե՜լ է զիլ վազելեն:
Սատանեն էլ, փոքրիկ ճուտը,
Փորին տալով երկար տուտը,
Ասավ. — Գնամ բերեմ հարկը,
Որ լցրել է պապս պարկը:
Գնաց թոռը պատմեց պապին,
Թե՝ հաղթըվեց ծովի ափին:
Բալդին նորից
Թոկն օլորեց,
Կախեց ծովից,
Խիստ փոթորկեց,
Ձայներ եկան
Ծովի տակից:
Մի այլ հնարք գտավ պապը
Եվ ուղարկեց թոռին ափը:
Թոռը եկավ, ասավ Բալդուն.
Հերիք խառնես մեր ծովը դուն,
Էս ի՞նչ կարգ է,
Էս ի՞նչ վարք է,
Քո ուզածը
Էս ի՞նչ հարկ է.
Էս ի՞նչ լուր է,
Ի՞նչ տխուր է.
Իմացած կա՞ գոնե մեկը՝
Հարկ վճարեն սատանեքը:
Է՜, որ կուզես, մենք էլ կտանք,
Բայց մի պայման չմոռանանք:
Մեզնից հեռու, գետնի վրա,
Որտեղ կուզես, նշան արա.
Ձեռքիս փայտը ով մեզանից
Դեն շպրտի էն նշանից,
Թող նա տանի ոսկու պարկը,
Երեք տարեն ժողված հարկը:
Հը, լռվեցա՛ր,
Տես, վախեցա՛ր
Թևդ ջարդի,
Վախկոտ Բալդի:
Հա՜, վախեցա՝ թևս ջարդի,
Հլա լեզվին էս լակոտի,
Հլա մտիկ պուճուր շանը:
Ա՜յ, էն ամպն է իմ նշանը:
Փայտը էնտեղ ես կնետեմ,
Այնուհետև ես ձեզ գիտեմ...
Սատանեն էր՝ փոքրիկ ճուտը,
Փորին տալով երկար տուտը,
Լեղապատառ ընկավ ծովը,
Շունչը առավ պապի քովը,
Եվ եղածը ծովի ափին՝
Նա կցկտուր պատմեց պապին:

Следующая страница