Մուրացան՝   Անդրեաս Երեց

Մի մարդ միայն չէր կարողանում տանել այդ ամենքից սիրված անձին, չէր կարողանում տեսնել նրան առանց ներքին տհաճության. — դա տեր-Սարգիսն էր: Երիտասարդ քահանայի հաջողությունները, որոնք կայանում էին նրա օրըստօրե ժողովրդին սիրելի դառնալու մեջ, հանգիստ չէին տալիս իրեն: Տեր-Անդրեասի բոլոր գործերի մեջ նա տեսնում էր միայն չարիք ու վնաս, նրա պարկեշտ վարքը, նրա առաքինությունը նա համարում էր ստության և կեղծավորության դիմակ, նա չէր հավատում նրա սրտի սրբության, և այդ պատճառով էլ աշխատում էր որ ժողովուրդը նույնպես չհավատա, չխաբվի:

Երբ ժամերգությունը վերջացավ և ժողովուրդը դուրս եկավ եկեղեցուց, տեր-Անդրեասը նույնպես հավաքեց աշակերտները և դուրս գնաց: Բայց բակում դեռ կանգնած էր բավական ժողովուրդ և սպասում էր յուր սիրելի քահանային: Սա կամենում էր կրկին անգամ տեսնել նրան և լսել նրանից մի քանի խելոք կամ մխիթարական խոսքեր: Չէ որ այդ ժողովուրդը ապրում էր չար ժամանակում և ամեն օր ունենում էր նոր ցավ, նոր վիշտ:

Ամեն անգամ երբ տեր-Սարգիսը տեսնում էր յուր պաշտոնացին ժամավորներով շրջապատած, նախանձի կիրքը վառվում էր յուր սրտում և դեմքը զայրույթից գրեթե այլագունում էր: Որովհետև տեսնում էր որ յուրմով այլևս զբաղվող չկա, և այն օրից որ այդ երիտասարդ քահանան մուտ էր գործել ս. Հովհաննու եկեղեցին, ժողովուրդը կարծես էլ չի ճանաչում իրեն: Երբեմն տեր-Սարգիսը դիտմամբ ուշանում էր եկեղեցում, որպեսզի ժողովուրդը հեռանա և ինքը չտեսնե նրան՝ յուր ատելի պաշտոնակցի հետ սիրախոսելիս: Բայց շատ անգամ էլ ինքն էր առաջինը դուրս գալիս եկեղեցուց, որ չհանդիպե ատելի տեսարանին:

Այսօր դիպվածով ժողովուրդը հառաջեց և ինքը ստիպված էր դուրս գալ ամենից վերջ: Եվ ահա նա տեսավ կրկին նույն տեսարանը: Ժամավորները դարձյալ շրջապատել էին տերԱնդրեասին: Դժբախտաբար ս. Հովհաննես եկեղեցու երկու դռներն էլ հյուսիսային կողմի վրա էին և ժողովուրդը բակի այդ կողմն էր հավաքված: Ինչ աներ տեր-Սարգիսը, որ տեղով խույս տար: Նրա բարկությունը մանավանդ սաստկացավ՝ երբ տեսավ ծերունի տեր-Հովսեփին, որ ժամավորների հետ կանգնած՝ ինքն էլ ժպտադեմ լսում էր երիտասարդ քահանային:

Ապուշ, այսքան տարի ապրել է աշխարհում և դեռ յուր չարն ու բարին չի կարողանում ճանաչել, շշնջաց տեր-Սարգիսը և մոտենալով ծերունուն՝ քաշեց նրա թևից:

Հա, ի՞նչ կա, տեր-Սարգիս, — հարցրեց տեր-Հովսեփը:

Տեր հայր, ինչո՞ւ չես ճանաչում քո բարեկամն ու թշնամին, — խոսեց տերՍարգիսը, գրեթե շշնջալով:

Ո՞վ է իմ թշնամին, տեր-Սարգիս, այսքան տարի է ապրում եմ աշխարհում և թշնամի չեմ ունեցել, մի՞թե ծերությանս օրերում լույս ընկավ նա, — հարցրեց տեր-Հովսեփը մեղմությամբ և, միևնույն ժամանակ, շարունակեց ճանապարհը:

Այդ սատանան թե քո և թե իմ թշնամին է:

Ո՞ր սատանան, — հարցրեց ծերունին զարմանալով:

Տեր-Անդրեասը:

Ինչո՞ւ:

Ի՞նչպես թե ինչու, չե՞ս տեսնում որ այն օրից, ինչ նա քահանա դարձավ և մեր թուլությամբ մուտ գործեց այս եկեղեցին, էլ ժողովուրդը չէ ճանաչում մեզ: Պատի՞վ է՝ նրան են տալիս, խորհո՛ւրդ է՝ նրան են հարցնում, հացկերույթներին՝ նրան են հրավիրում... մինչդեռ մենք, այսքան տարվա քահանաներ, մնացել ենք մի կողմ քաշված: Էլ ո՞վ է առաջվա նման մեզ հարգում: Ամենքին դա գրավել, կախարդել է, շարունակ մեզ վատաբանելով և ինքը սուտ ճգնավոր ձևանալով՝ հիմարացրել է ժողովրդին... բայց մինչև ե՞րբ, չէ որ պետք է չարիքի առաջն առնել:

Տեր-Հոսեփը, որ լսում էր ընկերին հանգիստ սրտով, հանգստությամբ էլ պատասխանեց.

Տեր հայր, լավ քահանային ամենքը կսիրեն: Տեր-Անդրեասը ոչ սատանա է, ոչ չարախոս է, ոչ սուտ ճգնավոր է. այլ բարի և յուր պարտքը ճանաչող մի քահանա է: Եթե կամենում ես որ ժողովուրդը քեզ էլ այնպես պատվի ինչպես տեր-Անդրեասին, եղիր նրա նման: Ժողովրդի սիրտը գրավելու միակ միջոցը այդ է. ընկերոջդ զրպարտելով, կամ նրա մասին չարախոսելով բնավ չես շահվիլ:

Ինչպես երևում է նա քեզ էլ խելքահան է արել, մարդիկ քանի ծերանում՝ իմաստունանում են, իսկ դո՛ւ, ընդհակառակն… — խոսեց տեր-Սարգիսը հանդգնորեն:

Վատ լեզու ունիս, եղբայր, այդ լեզվով ու սրտով աշխարհում ապրել չի կարելի, — մեղմով նկատեց տեր-Հովսեփը:

Հապա ի՞նչ անեմ, որ այդպես չխոսեմ: Ասենք թե ես անարժան եմ և ժողովուրդը ինձ չի հարգում, դու հո, փառք աստուծո, արժանավորներից մինն ես. աստուծո տան այսքան տարվա սպասավոր ես, ծերացած, ալևորած, քեզ ինչու չի պատվում այնպես՝ ինչպես այդ «նորելուկին»:

Որովհետև ես էլ նրա արժանիքը չունեմ, — անկեղծորեն պատասխանեց ծերունին. — ես արդարև, բարյացակամ եմ ամենքին. կուզեմ որ ժողովուրդը հանգիստ ապրե, հաջողակ լինի, ցավից ու չոռից ազատվի, բայց ինքս դրա համար չեմ հոգալ, չեմ աշխատիլ և եթե ուզենամ էլ՝ չեմ կարող, որովհետև աստված զրկել է ինձ այդ շնորհքից: Մինչդեռ հայր Անդրեասը. ինչպես տեսնում ես, ամեն բան անում է, ամենքի կարիքին հասնում է:

Ոչինչ էլ չէ անում, այլ երևեցնում է: Նա ունիթորների գործակատարն է, ուրիշ ոչինչ: Տեսնում ես, Մատթևոս Երազմոսը գաղտնի այցելություններ է անում նրան, իսկ մեզ, մինչև անգամ, չի բարևում, ի՞նչ գաղտնիք է սա, ինչո՞ւ չես խելամտում…:

Տեր-Սարգիս, ես ոչ կռվելու, ոչ հակառակելու ախորժակ ունիմ, գնա ուրիշին պատմիր այդ նորությունները, ցուրտ է, ես շտապում եմ տուն, մնաս բարով, աստված խաղաղություն տա սրտիդասաց տեր-Հովսեփը և կամացուկ քայլերով խոտորեց դեպի յուր տան ճանապարհը:

— «Ողորմելի արարած…», — շշնջաց տեր-Սարգիսը ծերունու հետևից և ինքն էլ ուղղվեցավ դեպի յուր տունը:

Բայց մենք թողնենք սրանց իրենց ճանապարհի վրա և տեր-Անդրեասին՝ ս. Հովհաննես եկեղեցու բակում և մի քանի տարով դեպի անցյալը վերադառնանք:

Դ

Ո՞վ էր տեր-Անդրեասը:

Աղքատ, բայց առաքինի և բարեպաշտ ծնողաց զավակ էր: 1605 թվին, երբ Շահաբասը Հայաստանի շատ նահանգներ դատարկելով ժողովուրդը քշեց դեպի Պարսկաստան, ի միջի այլոց դատարկեց նաև Նախիջևան քաղաքը: Ինչպես մյուս տեղերից, նույնպես և Նախիջևանից՝ փախչող ու թաքչողներ շատ եղան: Նախիջևանցի փախստյալների մեջ կային նաև տեր-Անդրեասի ծնողքը, որոնք գերավարության արհա վիրները անցնելուց հետո ելան իրենց թաքստից և Ագուլիս գնալով՝ բնակություն հաստատեցին այդտեղ:

Որովհետև այդ ժամանակ Սյունյաց վարդապետարանը կամ Հարանց անապատը, որ գտնվում էր Ծղուկ գավառում, հետզհետե ծաղկում և հռչակ էր ստանում, պատանի Անդրեասի ծնողները տվին նրան այդտեղ ուսանելու: Այդ անապատում նա աշակերտեց հայրենասեր և առաքինազարդ Մովսես վարդապետ Սյունեցուն, որ ժամանակի ուսման հետ միասին՝ ներշնչեց այդ ուշիմ և աշխատասեր պատանուն նաև յուր հոգին, որ սովորեցրեց նրան աստծուն և հայրենիքին ճշմարտությամբ ծառայելու դժվարին արհեստը, որ ծանոթացրեց նրան Սյունյաց անապատի ամենագլխավոր վարդապետության, այն է՝ անձնվիրության ազնվագույն գաղափարի հետ:

Եվ որովհետև այդ ժամանակ հայ ազգը կորցրել էր ամեն ինչ, և թագ, և գահ, և իշխանապետություն և զրկված էր ոչ միայն զենքից, այլև սրտի կորովից, և յուր թշվառ գոյությունը պահպանելու համար՝ կրում էր գերության և ստրկության անարգ լուծը, ուստի հայրենասեր գործիչներին մնում էր միայն հագնել հոգևորականի սքեմ, ստանձնել քարոզչի և ուսուցանողի պաշտոն և մտնելով ժողովրդի մեջ՝ գաղտուկ դարմանել այն ցավերը, որոնց անկարելի էր սպեղանի դնել հայտնապես: Վասնզի ժամանակակից բռնությունը, որ չէր պատկառում ոչ մի սրբությունից, գոնե կրոնական սքեմին չէր խանգարում ուսուցանել...: Եվ ահա այդ պատճառով Սյունյաց անապատը յուր բոլոր առաքյալներին, յուր անձնվեր մշակներին զինում էր այդ սքեմով և այնպես ուղարկում նրանց «ի հունձս Հայաստանյայց»:

Երիտասարդ Անդրեասին էլ Մովսես վարդապետը կամեցավ կուսակրոն դարձնելուց հետո շրջուն քարոզչի պաշտոն հանձնել և ուղարկել հեռավոր հոտերի մեջ:

Բայց որովհետև նրա ծնողները ցանկացան որ իրենց «միակ» և «աչքի լույս» որդին գործե իրենց մոտ, որպեսզի ազատ ժամերին մխիթարնի նաև իրենց ծերությունը, ուստի Մովսես վարդապետը դպրոց հիմնեց Ագուլիսում, նման այն դպրոցիներին, որ նա հիմնել էր Աստապատ և Շոռոթ գյուղերում և ուսուցիչ ու վերակացու կարգեց երիտասարդին այդ դպրոցի մեջ:

Թեպետ Սյունյաց ուխտի և յուր վարդապետի ցանկությամբ Անդրեասը մտադիր էր կուսակրոնություն ընդունել, բայց որովհետև յուր ուսուցչության օրերում նա մի տարօրինակ դիպվածով սիրահարվեց յուր դրացու դստեր՝ չքնաղ Վարդենիի վրա (որպիսի դիպվածի պատմությունը պիտի անենք հետո), ուստի նա ամուսնացավ այդ աղջկա հետ: Բայց որպեսզի դարձյալ հավատարիմ մնա յուր ուխտին և առավել հաջողությամբ կարողանա ուսուցանել թե մանուկ սերնդին և թե հասակավոր ազգակցացը, նա ամուսնանալուց հետո քահանա ձեռնադրվեց և կարգվեց հովիվ Խցաձորի ս. Հովհաննես եկեղեցում:

Ի՞նչ էր անում այնուհետև տեր-Անդրեասը, ինչպես էր արդյունավորում Սյունյաց անապատի ներշնչած գաղափարները, այդ կտեսնենք: Նրա առաջին գործը դպրոցն էր, որի մեջ՝ ուսման հետ միասին՝ ջամբում էր հայ մանուկներին առաքինության և հայրենասիրության անարատ կաթը: Նա գիտեր որ. ինքը, յուր ընկերները և ուսուցիչները բավական չէին դեռ ժամանակակից թշվառությունները բառնալու, հայրենիքի խոպանացած դաշտերը հերկելու և մշակելու համար, թե հարկավոր էր միշտ և շարունակ նոր մարդիկ ու նոր մշակներ հանել այդ դաշտերը... նա գիտեր, միևնույն ժամանակ, որ յուր խնամքին հանձնված մանուկներից պիտի հառաջանային ապագա մշակներն ու գործիչները, ուստի և անընդհատ տնքում, աշխատում էր ոչ միայն ավանդել նրանց ժամանակին հարմար ուսումը, այլև ներշնչել նրանց այն հոգին, որ ստացել էր ինքը Սյունյաց վարդապետարանից, ներշնչել բարվո, ճշմարտի և մանավանդ թե՝ անձնվիրության գեղեցիկ զգացումները, պատրաստել նրանցից և առաքինության քարոզիչներ, և հավատո զինվորներ, և գաղափարի նահատակներ,.. Չէ որ այդ բոլորին կարիք ուներ հայրենիքը, որ ճնշվում էր այդ ժամանակ բռնության անիրավ լծի տակ...

Ահա դրա համար էր աշխատում տեր-Անդրեասը Ագուլյաց դպրոցի մեջ:

Իսկ դպրոցից դուրս նա քահանայություն էր անում, բայց իհարկե, ոչ այնպես, ինչպես որ անում էին մյուս քահանաները, այսինքն, աստվածային պաշտոնը նյութական եկամտի աղբյուր դարձնողները, ոչ, նա քահանայություն էր անում բառի իսկական և ազնվագույն նշանակությամբ, այսինքն այնպես, ինչպես հասկանում էին այդ պաշտոնը նախնի սուրբ հայրերը՝ «լինել քահանա աստուծո բարձելո» և կամ «փոխանորդ աստուծո երկրի»: Որքան մեծ և վսեմ կոչում, բայց որքան ստորացած ժամանակակից տգիտության շնորհիվ...: Սակայն այդ տգիտությունից ազատ էր տեր-Անդրեասը, ուստի և կատարում էր յուր պաշտոնը սրբությամբ: Նա չէր բավականանում եկեղեցուն սպասավորելով, կամ տաճարի մեջ քարոզներ խոսելով, այլ քահանայություն էր անում նաև տներում: Նա գիտեր թե որքա՛ն մեծ է թշվառների թիվը աշխարհում և, հետևապես, այն ժողովրդի մեջ, ուր ինքը քահանայագործում էր, ուստի և ազատ ժամերը գործ էր դնում այդ թշվառների կամ օգնության կարոտ անձանց նեղությունները բառնալու կամ թեթևացնելու համար: Եվ այդ դեպքում նա ոչ թե սպասում էր որ կարիք ունեցողը գար և խնդրեր իրեն, այլ ինքն էր գնում և պտրտում նրանց: Այսպես նա մտնում էր աղքատի խրճիթը, հիվանդի խուցը, որբերով շրջապատված այրիի տնակը և ամեն մեկի կարիքն իմանալով՝ շտապում էր նրան օգնության հասնել աղքատին ապրուստ հայթայթելով, հիվանդին՝ սպեղանի մատուցանելով, այրիին՝ ապավեն ու խնամակալ գտնելով և հալածվածին՝ պաշտպան հանդիսանալով: Նա մտնում էր հարուստի կամ հզորի տունը, բայց ոչ յուր համար շահ որոնելու, այլ միշտ մի տկար անձի կամ ընտանիքի կարիքը հոգալու, նրա համար շնորհ կամ պաշտպանություն հայցելու:

Բացի նյութապես նպաստելը՝ նա օգնում էր ժողովրդին նաև բարոյապես: Եթե երկու բարեկամների մեջ խռովություն էր ծագում, տեր-Անդրեասը իսկույն հայտնվում էր նրանց մեջ, յուր քաղցր խոսքերով, շահավետ խորհուրդներով նա հանդարտեցնում էր կրքերը, դադարեցնում խռովությունը և հաշտության ստիպում հակառակորդներին: Եթե ամուսինների մեջ գժտություն էր պատահում, սիրո կամ սրբության ոգին հալածվում նրանց տնից և դրան փոխարինում էր չարության ճիվաղը, տեր-Անդրեասը դարձյալ երևում էր նրանց մեջ: Նա հետաքննում էր նախ գժտության պատճառները և ապա մեղմ խրատներով, սրտագրավ հորդորներով ջերմածում նրանց սառած սրահը, զարթեցնում նորեն ընտանի զգացումները, կյանք տալիս նրանց կենազուրկ հոգուն և այդպիսով շինում կործանվող տունը: Եթե հանկարծ վախճանվում էր մեկի սիրելին, որի համար նա մնում էր անմխիթար, տեր-Անդրեասը չէր բավականանում մեռածը թաղելով կամ թե նրա համար «հոգվոց» ասելով, անպատճառ արծաթ պահանջելով, այլ հաճախ այցելում էր սգավորին, հարուստ լիներ նա թե աղքատ, և յուր անուշ խոսքերով, հոգեպարար զրույցներով մխիթարում էր նրա սիրտը, կազդուրում էր հավատը և հաշտեցնում դժբախտին աշխարհի ծանր վշտի հետ:

Եթե մի կամ մի քանի ընտանիքների հանդիպում էր հանկարծ մի անակնկալ դժբախտություն, բնության մի հարված, տեր-հայրը դիմում էր իսկույն այդ հարվածից ազատ կամ կարող անձանց և սրանց միասնական օգնությունը ձեռք բերում՝ դժբախտների վնասը դարմանելու համար:

Այդ բավական չէր. նա խառնվում էր շատ անգամ այնպիսի գործերի, որոնցից ավելի զորավոր մարդիկ փախուստ էին տալիս: Այսինքն, պատահում էր հաճախ, որ բռնավոր կառավարության անողորմ հարկահանները կամ կեղեքիչները թափվում էին անպաշտպան մի ընտանիքի վրա երբեմն ծեծելու, երբեմն տուգանելու և շատ անգամ կողոպտելու կամ առևանգելու նպատակով: Տեր-Անդրեասը իսկույն հասնում էր օգնության: Բարբարոսներին հաղթահարելու համար նա գործ էր դնում բազմազան զենքեր, մերթ խնդիր և աղաչանք, մերթ համոզկեր խոսքեր, երբեմն սպառնալիք, որ գործադրում էր նա իրեն հավատարիմ երիտասարդների ձեռքով, իսկ երբ այդ միջոցները անկարող էին լինում բռնաբարումն արգիլել, այն ժամանակ նա անձամբ դիմում էր Երևան և Ամիրգունա նախարարին բողոքում, կամ եթե բողոքելու տեղը չէր լինում, նրա ոտքերն ընկնում, խնդրում ու աղերսում, մինչև որ վերջապես ձեռք էր բերում անհրաժեշտ օգնությունը:

Այսպիսով տեր-Անդրեասը Ագուլիսի և նրա շրջակաների համար դարձել էր մի անզուգական խնամակալ, հաշտության մի միջնորդ, փրկության մի հրեշտակ: Ժողովուրդը նրան ընդունում էր ոչ իբրև լոկ քահանա, այլև հարազատ հայր, եղբայր, մտերիմ և բարերար: Ով կարիք ուներ, տեր-Անդրեասին էր դիմում, ով մի վիշտ ուներ, նրան էր հայտնում, ով խորհրդի պետք ուներ, նրան էր հարցնում: Չնայելով յուր երիտասարդության և մատաղ հասակին, նրա խորհրդին հետևում էին նույնիսկ ծերերը և փորձառու մարդիկ: Միով բանիվ, տեր-Անդրեասը դարձել էր յուր ժողովրդի սուրբն ու պատգամախոսը:

Եվ այս իսկ պատճառով, եթե յուր կարգակիցների մեջ կային շատերը, որոնք անկեղծորեն սիրում էին նրան, որպիսին էր, օրինակ, ծերունի տեր-Հովսեփը, այսուամենայնիվ, պակաս չէին և այնպիսիք, որոնք ատում և արհամարհում էին, որովհետև չէին կարողանում տեսնել ժողովրդի դեպի նրան տածած մեծ համարումը և չնախանձել նրան, ինչպես, օրինակ, տեր-Սարգիսը:

Բայց նա ամենքին պատվում, հավասարապես սիրում և նույնիսկ յուր չարակամներին բարի էր ցանկանում, վասնզի ճանաչում էր յուր պաշտոնը, հարգում էր յուր կոչումը, և գիտեր որ իբրև քրիստոնյա և Քրիստոսի օրինաց ուսուցիչ պարտավոր էր ներել յուր եղբորը, եթե նա մեղանչեր յուր դեմ «մինչև յոթանասուն և յոթն անգամ...»:

Չէր մոռանում Քրիստոսի այն խոսքը, թե՝ «Այժմ գիտասցեն ամենքեան եթե իմ աշակերտ էք թե սիրեցեք զմիմեանս»:

Բայց նա խիստ էր դեպի անուղղա չարերը և անբարոյականները. նա հալածում էր նրանց, որքան յուր ուժերը ներում էին իրեն, որովհետև այդպիսիները վնասում էին ժողովրդին թե նյութապես և թե բարոյապես, դառնում էին գայթակղության քար, մոլորեցնում էին անփորձներին և խանգարում հասարակական անդորրությունը:

Այդպիսիների կարգն էր դասում տեր-Անդրեասը նաև միաբանող կամ ունիթոր կոչված պապականներին, որոնց ժողովուրդը «ֆռանկ» անունով էր ճանաչում: Այդ քարոզիչները, ինչպես նախադրության մեջ հիշեցինք, պապի ստրուկների թիվը բազմացնելու նպատակով, ամեն միջոց գործ էին դնում հայադավաններին մոլորեցնելու և իրենց եկեղեցու ծոցից հեռացնելու համար: Այդպիսով նրանք ժողովրդի մեջ սերմանում էին գժտություն և խռովություն, իսկ ընտանիքների մեջ մտցնում բաժանման ոգի: Այդպիսի վարմունքը տեր-Անդրեասը համարում էր ազգակործան, և հակաքրիստոնեական վարմունք, այդ պատճառով էլ զինվում էր ունիթորների դեմ յուր բոլոր զորությամբ: Նա նրանց ավելի վնասակար տարր էր համարում, քան կեղեքիչ պարսիկներին, ըստ որում պարսկի տված վնասը նյութական էր և ժամանակավոր, մինչդեռ սրանցը տևական էր և հոգևոր: Պարսկի հարվածը շուտով կմոռացվեր, իսկ սրանց տվածը դարերի ընթացքում ազգի մարմնի մեջ վերք ու թարախ, կսկիծ և վիշտ պիտի գոյացներ...: Եվ ո՞վ գիտե թե մի օր, հենց հայրենիքի փրկության գործը դարբնելու ժամին, դարերով առաջ սերմանած այդ գժտությունը՝ արգելք չպիտի լիներ Սուրբ ու Մեծ գործին` ծնելով դրանց միջից սադրողներ ու դավաճաններ...:

Այս նկատմամբ, ահա, հայրենասեր երեցը ոչ միայն չէր ներում «ֆրանկների» վարմունքը, որոնք Ավետարանը դարձրել էին մարդորսության ուռկան, այլև հզորապես մարտնչում էր նրանց դեմ թե հրապարակական քարոզությամբ և թե յուր հոտի յուրաքանչյուր անդամին առանձնապես այդ մարդորսներից զգուշացնելով և կամ մոլորյալներին նորեն հարազատ մոր գիրկը դարձնելով: Այդ դեպքում ունիթորները տեր-Անդրեասին ընդունում էին իբրև հզոր հակառակորդ և աշխատում էին զանազան միջոցներով արգելք լինել նրա գործունեության, որը, սակայն, օրըստօրե ավելի լայն ծավալ էր ստանում:

Ահա այս մարդն էր Անդրեաս երեցը, որին թողեցինք մենք ս. Հովհաննես եկեղեցու զավթում, ժամավորների բազմության հետ խոսելիս:

Այժմ նորեն դառնանք նրա մոտ:

Ե

Այդ երեկո ժամավորները շրջապատել էին տեր-Անդրեասին՝ սովորական խնդիրներից դուրս մի ուրիշ նորության մասին խոսելու: Եվ որովհետև զրույցը կարող էր երկարել, իսկ դրսում ցուրտը սաստկանում էր, ուստի տեր-հայրը հրամայեց ժամկոչին կրակ վառել դպրոցատանը:

Երբ ծերունին յուր գործն ավարտեց, երեցը հրավիրեց ժամավորներին դպրոցատան սրահը:

Դա երկար ու ընդարձակ մի ներքնատուն էր, նեղ ու բարձրադիր պատուհաններով և քարյա կամարակապ առաստաղով, նա կառուցած էր դեռ այն ժամանակ, երբ ս. Հովհաննու եկեղեցի ուներ մշտական միաբանություն, իսկ նրա շուրջը գտնվող ձորակներում ապրում էին բազմաթիվ մենակյացներ (որոնց խցերի անունով ձորն ու թաղը կոչվեցան «Խցաձոր»): Այդ կամարակապ ներքնատունը այն ժամանակ ծառայում էր ս. Հովհաննու միաբանության և նրա շուրջը ապրող մենակյացների համար իբր սեղանատուն: Այդ պատճառով նրա մեջտեղում, սկսած մի ծայրից մինչև մյուսը ձգվում էր սրբատաշ քարերից շինած սեղան, իսկ դրա շուրջը նույնպես քարյա, նստարաններ, նման հայոց մեծ վանքերում եղածին:

Եվ որովհետև այն ժամանակ, երբ Մովսես վարդապետը դպրոցներ էր հիմնում Սյունիքում, ս. Հովհաննու միաբանությունը ցրված և հետևապես, սեղանատունը գոցված էր, ուստի վարդապետը օգուտ քաղելով պատրաստի բնակարանից Ագուլիսի դպրոցը զետեղեց այդ ներքնատան մեջ, որ յուր ընդարձակության պատճառով կարի համապատասխան էր ժամանակակից դպրոցի պահանջներին: Ներքնատան վերնահարկում, որ բաղկացած էր մի քանի խցերից, ապրում էր ինքը տեր-Անդրեասը, յուր նորատի կնոջ և ծնողների հետ միասին:

Երբ ժամավորները հավաքվեցան դպրոցատուն, որի մեջ բացի ծխանի կրակը, վառվում էին նաև երկու կանթեղներ, տեր-հայրը անցավ սեղանի մի կողմը և բազմելով այդտեղ հրավիրեց ժողովրդին յուր շուրջը նստել:

Խոսեցեք այժմ ձեր նորության մասին, — դարձավ նա յուր հանդեպ նստած երկու ժամավորներին:

Մեր նորությունն այն է, տեր-հայր, ինչ-որ հայտնեցինք քեզ, — պատասխանեց նրանցից մինը. — ասում են թե շահը գալիս է Ագուլիս: Եթե այդ ճիշտ է, պետք է ուրեմն պատրաստվենք նրան ընդունելու:

Ո՞վ հաղորդեց ձեզ այդ լուրը, — հարցրեց երեցը:

Շուկայում լսեցինք:

Իսկ շուկա՞ն ով բերավ:

(Փրանկների առաջնորդի ծառան. նա եկել էր մեր խանութից իրեր գնելու, — պատասխանեց լրատուներից մինը:

Հա... Երազմոսի ծառա՞ն... հասկանում եմ... Ուրեմն ճիշտ է, — խոսեց տեր-հայրը և գլուխը կախելով ընկավ մտածության մեջ:

(Ինչո՞ւ տխրեցիր, տեր-հայր, — հարցրեց ժողովականներից մինը:

Չտխրեցի..., այլ մտածում եմ:

Բայց ինչո՞ւ Երազմոսի ծառայի հաղորդածը անպատճառ ճիշտ պիտի լինի, — հարցրեց մի ուրիշը:

Որովհետև միևնույն նորությունը հաղորդել է ինձ ինքը վարդապետը: Իսկ նա այսօր է Նախիջևանից եկել:

Ունիթորների կարգապե՞տըհարցրեց մի կասկածավոր ձայն:

Այո, նա ասում էր թե՝ Ամիրգունայի սուրհանդակը արդեն հասել է Նախիջևան և այդ լուրը հաղորդել տեղացիներին, անշուշտ վաղն էլ Ագուլիս կմտնե:

Բայց ինչ ուներ այստեղ կարգապետը... — հարցրեց նույն ձայնը:

Եկել էր, իբրև թե, մեր դպրոցն ու աշակերտները տեսնելու, — պատասխանեց երեցը, — բայց ով գիտե, ուրիշ ինչ գաղտնի նպատակ ուներ այդ այցելությունը:

Եվ քեզ ոչինչ չհայտն՞եց:

Ոչինչ, — պատասխանեց քահանան:

Իսկ ինձ հայտնել է, հարեց խոսողը, — որ Խցաձորի հայտնի հարուստներից մինն էր, և որի տանը իջևանել էր կարգապետը:

( Ի՞նչ... ի՞նչ է հայտնել, — հարցրին ժողովականները այս ու այն կողմից:

Ասում էր թե՝ ես եկա Ագուլիս այն նպատակով, որ շահի կողմից այստեղի հայերին վտանգ սպառնացած դեպքում պաշտպանեմ նրանց:

Եվ ի՞նչ վարձատրություն է պահանջում դրա համար, — դառը ժպիտով հարցրեց տեր-Անդրեասը:

Ոչինչ, միայն թե ասում է, այդպիսի դեպքում հայերը պետք է շահին հայտնեն թե՝ իմ ժողովուրդն են իրենք:

Օ՛ ... ինչ անմեղն է. և այդ քիչ, շատ քիչ վարձատրություն է, այնպես չէ ...

Բայց ի՞նչ կկորցնենք եթե որևէ վտանգի ժամանակ շահին հայտնենք թե՝ մենք Երազմոսի ժողովուրդն ենք, — հարցրեց ժողովականներից մինը:

Այն, որ մի անգամ արդեն շահի ներկայությամբ այդպիս վկայություն տալուց հետ այլևս իրավունք չեք ունենալ ունիթոր չհամարվել կամ Երազմոսի ժողովուրդը չլինել: Մի կարծեք թե պապական վարդապետը լոկ ձեզ բարիք անելու նպատակով պիտի միջնորդե շահին: Երբեք: Նա գիտե որ այնուհետև ձեզ կարող է պապական շինել ֆարրաշների մտրակով:

Ի՞նչ ես ասում, տեր-հայր, մի՞թե այդպիսի բան կարող է լինել:

Ավելի վատթարը կլինի: Միայն թե դուք զգույշ կացեք և հայր Երազմոսին պատահած ժամանակ, եթե նորեն այդպիսի առաջարկություն լսեք նրանից, ասացեք թե պապից և պապականներից առավել հզոր պաշտպան ունիք դուք և բնավ կարոտ չեք նրանց խնամակալության:

Բայց ո՞վ է մեր պաշտպանը, տեր-հայր, — հարցրեց մի ծերուկ:

Նա, որի աջը կառավարում է տիեզերքը, նա, որի ձեռքումն է թագավորների սիրտը... — հանդիսաբար պատասխանեց երեցը և ձեռքը բարձրացրեց դեպի երկինք: Այդ խոսքերը ասվեցան այնպիսի ուժով, որ երկյուղած բարեպաշտներից մի քանիսը երեսները խաչակնքեցին:

Այդ միջոցին բակում լսվեցավ ձիաների ոտնատրոփ և ամենքը իրենց ուշադրությունը լարեցին:

Ո՞վ է այս, — հարցրեց տեր-Անդրեասը ժամկոչին, որ կանգնած էր դպրոցատան մուտքի առաջ:

Տեսնեմ, — ասաց ծերուկը և դուրս վազեց:

Բայց մինչև նրա վերադառնալը ներս մտավ ինքը նորեկը, այծենակաճի մեջ փաթաթված, մորթե գդակը մինչև աչքերը քաշած և երկար, արծաթապատ հրացանը ձեռին:

Օրհնյա տեր, — ասաց նորեկը և առաջ անցավ:

Աստված օրհնեսցե, — պատասխանեց երեցը և տեսությունը լարեց՝ իմանալու համար, թե ով է եկողը, որովհետև կանթեղի տկար լույսը չէր օգնում իրեն լավ տեսնելու:

Բարի երեկո, սիրելի ագուլեցիք, — կրկնեց նորեկը և մոտենալով մորթե գլխարկը հանեց:

Խոջա-Անձրև, այդ դո՞ւ ես, — բացականչեց քահանան և վեր կացավ տեղից:

Այո, տեր-հայր, խոնարհ ծառադ եմ, — պատասխանեց խոջան և շտապեց, համբուրեց տեր-հոր աջը: Ապա դառնալով ժողովականներին՝ ողջունեց նրանց:

Այս ո՞ր խաչից... հանկարծ Ագուլիսում... մեր տանը:

Ձեզ հյուր եկա, տեր-հայր, մի՞թե չեք ընդունում:

Աստծո հյուրն ես, բարեկամ, տեղ ունիս գլխիս վրա. միայն թե բարի լինի գալստյանդ պատճառը:

Դուք փառավոր կրակ ունիք. թույլ տվեք դեռ մի փոքր տաքանամ, բուքն ու քամին մարմինս սառեցրել են... — ասաց խոջան՝ չկամենալով հայտնել իսկույն գալստյան պատճառը: Ապա մոտենալով կրակարանին, սկսավ տաքանալ:

Տաքացիր, տաքացիր, հետո կխոսես, — ասաց քահանան և մոտ եկավ խոջային:

Արդյոք օտար մարդ չկա՞ այստեղ, — հարցրեց վերջինս շշնջալով:

Ոչ, բոլորն էլ մերոնք են, — պատասխանեց տեր-հայրը:

Բայց ինչո՞ւ են հավաքվել:

Ասում են շահը պիտի գա. հավաքվել են խորհուրդ անելու թե՝ ի՞նչ ձևով ընդունեն նրան:

Այդ լավ է՝ ուրեմն հարմար ժամանակին հասա, — -ասաց խոջան և քահանայի հետ միասին առաջացավ դեպի ժողովականների սեղանը և նստեց երեցի մոտ:

Մի փոքր առաջ, տեր-հայր, կամեցար իմանալ թե արդյոք բարի՞ է գալստյանս պատճառը, — խոսել սկսավ խոջան ի լուր ժողովականների, — այժմ կհայտնեմ թե ձեզ և թե մեր ագուլեցի եղբայրներին: Գալստյանս պատճառը բարի չէ, բայց մենք պիտի աշխատենք բարի դարձնել...

Ի՞նչ, ի՞նչ է պատահել, — հարցրին այս ու այն կողմից:

Շահը գալիս է այստեղ...

Այդ գիտենք. — ընդհատեցին մի քանի ձայներ:

Այո. բայց գլխավորը չգիտեք:

Ասա, սիրելի Անձրև, գլխավորն ի՞նչ է, — հարցրեց տեր-Անդրեասը:

Խոջան պատասխանելու փոխարեն՝ հանեց ծոցից կաթողիկոսի նամակը և տալով քահանային՝ ասաց, — աս կաթողիկոսի նամակն է, — կարդա և ամեն բան կհասկանաս:

Տեր-հայրը սկսավ կարդալ ինքն իրեն և երբ վերջացրեց, տեսան որ տխրությունից նրա դեմքը այլայլվեց:

Ի՞նչ է պատահել, տեր-հայր, բարձր կարդա որ մենք էլ լսենք, կաթողիկոսի նամակը ծածուկ չի լինիլ յուր որդիներից, — խոսեց ժողովականներից մինը:

Ծածկելու բան չէ, սիրելիներս, ընդհակառակն, ամենքդ պիտի իմանաք, — ասաց քահանան և սկսավ կարդալ նամակը, որի բովանդակությանը ծանոթ ենք արդեն:

Երբ նա հասավ այն կետին, ուր կաթողիկոսը ասում էր թե՝ Ամիրգունան հայտնել է իրեն՝ որ շահն Ագուլիսում «մանկաժողով» պիտի անե, ամենքը սարսափեցին:

Ի՞նչ, «մանկաժողով»...

Ոչ, այդ չի կարող լինել...

Այո, անկարելի է. Ագուլիսը «խաս»4 է... — բացականչեցին այս ու այն կողմից:

Պարսից շահի համար անկարելի ոչինչ չկա. — նկատեց խոջան. — ինչպես տեսնում եք, նախարարը ինքն է կաթողիկոսին հայտնել, իսկ նա վեհափառի բարեկամն է և սխալ լուր չէր հաղորդիլ նրան:

Ուրեմն ի՞նչ պիտի անենք, — հարցրեց մի ժողովական:

Այ, հենց դրա համար էլ Ծղնայից շտապել եմ այստեղ որ տեսնեմ թե ինչ ենք անում..., — պատասխանեց խոջան:

Ի՞նչ պիտի անենք, տեր-հայր, — հարցրին քահանային:

Տեր-Անդրեասը, որ մինչև այն խորասուզվել էր մտածության մեջ և, մինչև անգամ չէր լսում թե ինչ են խոսում յուր շրջապատողները, գլուխը բարձրացրեց և նայեց ժողովականներին:

Ի՞նչ պիտի անենք, տեր-հայր, — կրկնեցին վերջինները,

Այն, ինչ որ այդպիսի դեպքերում անում են ուրիշները, — մեղմով պատասխանեց երեցը:

Այսի՞նքն:

Պիտի աշխատենք թաքցնել գեղեցիկներին:

Բայց ո՞րտեղ:

Մոտիկ գյուղերում:

Օրինա՞կ:

Վաղավեր, Վանանգ, Տեռնիս, Փառակերտ, Քաղաքիկ, Ցղնա.., մի՞թե քիչ տեղեր ունինք, — նկատեց տեր-Անդրեասը:

Ցղնա կարող եք հիսուն հոգի ուղարկել. խաթունս խոստացավ այդքան հոգի տեղավորել այնտեղ, — խոսեց խոջա-Անձրևը:

( Օրհնյալ լինի Սառա-խաթունը, որ ամեն դեպքում օգնության է հասնում մեզ, — ասաց տեր-Անդրեասը. — եթե մեր բոլոր կանայք նրա պես ժրագլուխ լինեին, որքան գործեր կարող էինք առաջ տանել...:

Էհ, ի՞նչ կարող էինք անել բռնավորի ձեռքի տակ, — նկատեց ծերուկ ժամավորը:

Հայրիկ, մի՞թե բռնավորը մարդ չէ, մսից ու արյունից չէ շինված, ինչո՞ւ նա կարող է սպանել, իսկ մենք՝ ոչ: Մի՞թե նա սուրը ձեռին է ծնվել, իսկ մենք շղթայակապ... զանազանությունը մեր և նրա մեջ այն է, որ նա շարունակ բռնաբարում ու կեղեքում է, իսկ մենք հնազանդում ենք: Բայց եթե մի անգամ սովորեինք մահից չվախենալ, եթե որոշեինք քիչ-քիչ մեռնելու փոխարեն՝ միանգամից մեռնել, այն ժամանակ շատ բան միանգամից կփոխվեր:

Ի՞նչ կփոխվեր, օրինակ, — հարցրեց ծերուկը:

Այն, որ ես և դու կզոհվեինք, բայց մեր որդիքը կապրեին, մի քանի հազար հայ կմեռնեին, բայց հայությունը կկենդանանար: Այս բնության օրենքն է. մեռնող մի հատիկը պտղաբերում, է յուր նման հարյուրը. Քրիստոսն ինքն է ասում՝ «եթե ոչ հատն ցորենո անկյալ հերկիր մեռանիցի, ինքն միայն կա, ապա եթե մեռանիցի, բազում արդյունս առնե...»: Ուրեմն մինչև որ չզոհենք, արդյունաբերել չենք կարող:

( Ի՞նչ անենք ուրեմն, վեր կենանք վաղն ևեթ կռի՞վ տանք հզոր Շահ աբասի հետ:

( Ես չեմ ասում վաղն ևեթ... անխոհեմություն կլիներ փոքր ուժով մեծի դեմ խիզախել... ի՞նչ օգուտ՝ թաղել ցորենը հողում այնպիսի ժամանակ երբ կատաղի հեղեղը ողողում է երկիրը և ցանքսերը քշում...: Ես միայն ցանկանում եմ որ արթուն լինեինք. աշնան խաղաղ օրերում գետինը հերկենք, իսկ գարնան հալոցին՝ սերմերը ցանենք: Այնուհետև կհասնե ամառը և արտերը կծածկվին հասկերով...: Եթե մեր հայրերը ցանած լինեին, այսօր մենք կհնձեինք: Չդանդաղենք ուրեմն նրանց պես, որպեսզի մեր որդվոց ու թոռաց անեծքին չարժանանանք:

Ժողովականները, որոնք շատ էին լսել տեր-Անդրեասին, ըմբռնում էին նրա այլաբանությունները, ուստի բացատրություններ չպահանջեցին: Բայց խոջա-Անձրևը ընդհատեց նրան.

(Այդ ամենը, տեր հայր, ապագայի խնդիր է, մեզանից շատերը ծերացել են արդեն, ուստի թե հերկելու և թե սերմանելու գործը մնում է երիտասարդներիդ վրա. թող աստված ուժ և կարողություն տա ձեզ՝ սկսածներդ շարունակելու... այժմ միայն այն ասա թե ի՞նչպես ազատվենք վերահաս վտանգից, որովհետև շահը մի երկու օրից այստեղ կլինի:

Դրա համար երկար մտածելիք չունիք: Դուք գնացեք գյուղաքաղաքի մեծամեծների հետ խոսեցեք, թե ինչ պատրաստություն պիտի տեսնեք շահիս ընդունելու համար: Այդ բանում ձեզ կօգնե անշուշտ նաև գյուղի վերակացուն, որ հարկավ հրահանգներ կստանա նախարարից, իսկ «մանկաժողովն» արգելելու գործը թողեք ինձ վրա:

Ի՞նչ ես մտադիր անել, տեր-հայր, — հարցրեց խոջան:

Թե ագուլեցվոց և թե դաշտեցվոց ընտանիքների և նրանց ունեցած երեխայոց թիվն հայտնի է ինձ, — պատասխանեց երեցը. — գիտեմ նույնպես թե ով ունի այնպիսի տղա կամ աղջիկ, որ կարող է գրավել շահին: Ուրեմն հենց այս գիշեր ես կկազմեմ դրանց ցուցակը և կորոշեմ թե որո՞նց ո՞ր գյուղ պիտի ուղարկենք, կամ ինչ ընտանիքների պիտի հանձնենք: Այնուհետև կմնա՝ որ յուրաքանչյուր հայր կամ եղբայր ուղեկցե յուր տան երեխային, իսկ ով ուղեկից չի ունենալ, ինքս նրան ուղեկից կտամ: Վաղը երեկոյան ամենքն արդեն ցրված պիտի լինին գյուղերը:

Էհ, ուրեմն այդ մասին հոգում ես դու, մենք էլ ընդունելության մասին մտածենք, — խոսեց ազդեցիկ ագուլեցիներից մինը:

Այո, բայց ընդունելությունից զատ մի ուրիշ բանի վրա էլ պիտի մտածեք, — ավելացրեց տեր-հայրը:

Ի՞նչ բանի... — հարցրին մի քանի ձայներ:

Կաթողիկոսի ազատության, — պատասխանեց երեցը:

Следующая страница