Մուրացան՝   Անդրեաս Երեց

Կաթողիկոսի ազատությա՞ն. — ինչով կարող ենք օգնել նրան, — հարցրեց հարուստներից մինը:

Գիտե՞ք որ նա կապված է ոչ թե յուր հանցանքի, այլ Աթոռի վրա անիրավաբար բարձած պարտքերի համար, — հարցրեց երեցը:

Գիտենք, — պատասխանեցին նրան:

Էհ, Աթոռը կաթողիկոսի՞ն է պատկանում թե՞ ընդհանուր ազգին:

Իհարկե ընդհանուր ազգին:

Ուրեմն ազգն էլ պիտի դարմանե Աթոռի ցավերը, — հարեց քահանան:

Բայց Մելիքսեթ կաթողիկոսը... — կամեցավ չարախոսել ժողովականներից մինը:

Աշխարհում ոչ ոք կատարյալ չէ... — ընդհատեց նրան երեցը. — բացի այդ, խնդիրն այն չէ թե՝ որ կաթողիկոսին ենք օգնում, այլ այն, որ հայոց կաթողիկոսը կապված, Լուսավորչի ժառանգը կալանավորված է, պետք է ուրեմն նրան ազատել... կալանավորության անարգանքը հասնում է ոչ թե Մելիքսեթին՝ այլ կաթողիկոսական գահին և մեզ ամենիս իբրև հայ ազգի անդամների, պետք է ուրեմն այդ գահը ազատենք անպատվությունից, սպառնացող վտանգից...: Այսպես պետք է մտածե ամեն մի հայ, երբ տեսնե որ օտար պարսկի ձեռը մոտենում է լուսավորչավանդ Աթոռին:

Այդ ճիշտ է. բայց ի՞նչ կարող ենք անել մենք, — հարցրին մի քանի ձայներ:

Աղքատները և չունևորները ոչինչ, բայց հարուստները, խոջաները, մելիքները և մյուս ազնվականները, որոնք պարտավորված մեծագին ընծաներ կամ դրամական նվերներ պիտի տանեն շահին, թող իրենց այդ ընծաները բաժանեն երկու մասի, մինը ներկայացնեն իբրև նվեր շահին, մյուսը՝ իբրև վճար աթոռական պարտուց: Եթե կանխավ միանաք, ամեն ինչ որոշեք և տանելիքներդ հաշվեք, կտեսնեք իր հեշտությամբ Աթոռի պարտքը կվճարվի և կաթողիկոսն էլ կազատվի կապանքից:

Ժողովականները մի քիչ ժամանակ թեր և դեմ խոսելուց հետո համաձայնվեցան տեր-Անդրեասի հետ և ցրվեցան իրենց տները:

Զ

Քիչ ժամանակից հետ տեր-Անդրեասը նստած յուր առանձնարանում քրքրում էր հին ու նոր ցուցակներ, որոնց նա կազմել էր զանազան ժամանակներում և զանազան պետքերի համար: Այդ ցուցակներից նա հանում էր Ագուլիսում և նրա Դաշտ կոչված գյուղամասում ապրող զանազան ընտանյաց և նրանց երեխայոց անունները, յուրաքանչյուրի առաջ նշանակելով տղայոց տարիքը և այլ որպիսությունները:

Ճրագուի մոմը, որ հազիվ էր փոքրիկ սենյակը լուսավորում, յուր աղոտ լույսը սփռելով երիտասարդ քահանայի վրա՝ երևան էր հանում նրա լայն ճակատը, որ այդ վայրկյանին ծածկվել էր կնճիռներով, խաժակն աչքերը, որոնք արտահայտում էին լուրջ մտահոգություն, և գեղեցիկ դեմքը, որ համակված էր անուշ տխրությամբ: Նա երբեմն դադարում էր գրելուց և գլուխը ափի մեջ առնելով՝ սկսում էր մտածել: Եվ այդ ժամանակ նա հոգվով սլանում էր հեռու, թևապարում այն ընտանիքների շուրջը, որոնք ունեին զավակներ, մատղաշ աղջկունք, կայտառ տղաներ, և որոնց, գուցե, շուտով պիտի վիճակվեր կորցնել այդ սիրելիներից մի քանիսին, կորցնել հոգվով ու մարմնովի՞նչ պիտի լիներ այնուհետև այդ ծնողների վիճակը, ինչո՞վ կարելի էր մխիթարել նրանց: Մեռնողի համար սովորական էր ասել թե՝ «գնաց հավիտենական կյանքը ժառանգելու», իսկ այդպիսիների համար ինչ կարելի էր ասել: — Ահա այս մասին էր մտածում տեր-Անդրեասը:

Խուցի դուռը հուշիկ բացվեցավ և կիսամութի մեջ երևաց մի նորատի կնոջ պատկեր: Դա Վարդենի տիրուհին էր: Մի վայրկյան նա մնաց լուռ և նայում էր քահանայի մտազբաղ պարապմունքին: Ապա նուրբ, ախորժալուր ձայնով հարցրեց.

Դեռ երկա՞ր պիտի պարապես:

Երեցը գլուխը բարձրացրեց և նայելով նորատի կնոջը քաղցր ժպտաց: Այդ ժպիտը նման էր արևի այն շողերին, որոնք ձմեռվա սառնամանիքի ժամանակ, թանձր ամպերը ճեղքելով՝ լուսավորում են մռայլ ժայռի դեմքը մի քանի վայրկյան: Սիրուն կնոջ ձայնն ու ներկայությունը ցրեցին արդարև երիտասարդ քահանայի թախիծը, բայց այդ՝ քիչ միջոցի համար միայն: Որովհետև, հենց որ սիրելի պատկերը հեռանար, նա դարձյալ պիտի խորասուզվեր յուր տխրության մեջ:

Շատ գործ չէ մնում, — ասաց քահանան, — եթե ընթրիքը պատրաստ է, ես իսկույն կգամ:

Մի՛ շտապիր, վերջացրու, մենք կարող ենք սպասել, — ասաց նորատի կինը քնքշությամբ և մոտենալով քահանայեն՝ սկսավ դիտել նրա աշխատանքը:

Ճրագի լույսը ընկավ տիկնոջ վրա և երևան հանեց նրա պատկերի բոլոր գեղեցկությունը: Նա հազիվ տասնևութը անցրած, նրբակազմ ու գեղահասակ մի կին էր: Ագուլեցվոց հին տարազը, որով նա հագնված էր, քիչ բան էր պակասեցնում նրա գեղեցկությունից: Չնայելով որ նրա գլուխը ծրարում էին զանազան պաստառներ և գույնզգույն շղարշներ, ճակատի վրա ծանրանում մի քանի կարգ ոսկեդրամ և պարանոցը պլստում արծաթյա ծանր ճարմանդներ, այսուամենայնիվ, դեմքի այն բաժինը, որ ազատ էր ոսկեկար ճակտակապից, արծաթեզր երեսնոցից և սպիտակ քիթկալից, ամփոփում էր յուր մեջ նրա գեղեցկության էական մասերը. — նուրբ, կամարակապ հոնքերի տակ շողում էին նրա սևորակ աչերը՝ իբրև զույգ հրավառ աստղեր, կյանքով ու կրակով լի և կարող՝ գրավելու ամենաանտարբեր սրտերը: Քնքուշ այտերի վրա տակավին շիկնում էր վարդը, որ նշան էր նրա հոգեկան ու մարմնական քաջողջության. իսկ նռան կարմիր շուրթերից կաթում էր շնորհք ու ժպիտ՝ հայտարար նրա պարկեշտության: Նա հագած էր կերպասե երկար շապիկ, որ իջնում էր մինչև ոտքերը, ապա կարճ բաճկոնակ`անջատ փեշերով և կոճկած թևերով, նույնանման մինթան, որ կարած էր թավշից և ուներ երկար ու կախ թևեր՝ եզերված արծաթյա բազմաթիվ կոճակներով: Այդ ամենի վրայից՝ նրա փափուկ իրանը սեղմում էր արծաթյա ծակոտկեն կամար, որ առհասարակ կապում էին երիտասարդուհիները, ըստ որում ավելի տարիքով կանայք դրա փոխարեն գործ էին ածում երկար, ասվյա գոտի:

Տիրուհին լուռ և ժպտադեմ կանգ առավ ամուսնու առաջ, որ ծալապատիկ նստած էր օթոցի վրա և դեպի փոքրիկ սեղանակը կորացած՝ մերթ գրում և մերթ թերթում էր ցուցակները:

Շուտով երեցը ավարտեց գործը և վեր կացավ տեղից:

Ի՞նչ ժողով էր դպրոցատանը, ինչո՞ւ էր խոջա-Անձրևը եկել, — հարցրեց տիրուհին, երբ երեցը կամեցավ ընկերանալ իրեն:

Ոչինչ... շահը պիտի գա Ագուլիս, խոսում էինք թե՝ ինչ ընդունելություն պատրաստենք նրա համար:

Այդքա՞ն միայն:

Այո, ուրիշ էլ ի՞նչ պիտի լիներ:

Ի՞նչ գիտեմ, չէ՞ որ ամեն օր մի տխուր նորություն է հայտնվում:

Չէ, ուրիշ նորություն չկաապահովեցրեց տիրուհուն երեցը, չկամենալով անհանգստացնել նրա քնքուշ սիրտը:

Երևի շահի հետ այն հրեշն էլ կգա, այնպես չէ՞, — հարցրեց տիրուհին երկյուղով:

Ո՞ր հրեշը:

Շահռուխ-բեկը:

Այս անունը արտասանելուց տիրուհու շրթունքները դողացին:

Տեր-Անդրեասը նույնպես խռովվեցավ, բայց նա աշխատեց թաքցնել յուր հուզմունքը:

Թող գա, մեզ ի՞նչ փույթ. Շահռուխ-բեկի պես շատերը կլինեն նրա հետ:

Տիրուհին ոչինչ չպատասխանեց, կարծես ինքն էլ յուր կողմից խնայելով ամուսնուն, և ճանապարհ տվավ որ վերջինս հառաջե: Մյուս սենյակի մեջ երեցի ծնողները սպասում էին որդուն ու հարսին: Երբ սրանք եկան, իրենք սեղան նստան:

Տեր-հայրը սեղանն օրհնեց և ընտանիքի չորս անդամները սկսան լուռ ու մունջ իրենց ընթրիքը վայելել:

Հետևյալ առավոտ հազիվ տախտակե կոչնակը հնչեց, տեր-Անդրեասը վեր թռավ տեղից և սկսավ հագնվել: Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը՝ երբ տեսավ թե՝ տիրուհին իրենից առաջ հագնված շտապում է արդեն եկեղեցի:

Ի՞նչ է պատահել, Վարդենի, ինչու այսպես վաղ ես պատրաստվել, — հարցրեց նա ամուսնուն:

Վատ երազ տեսա, տերտեր, շտապում եմ մոմ վառելու, — պատասխանեց տիրուհին:

Ի՞նչ ես տեսել, հարցրեց քահանան:

Ժամից հետո կասեմ, հիմա չեմ կարող... — ասաց տիրուհին և սպիտակ շղարշը վրան առնելով՝ դիմեց դեպի եկեղեցի:

Մտնելով տաճարը, որ տակավին մի կանթեղով էր լուսավորված, նա ծունկ խոնարհեց մերկ հատակի վրա, ս. Աստվածածնի պատկերի առաջ և սկսավ ջերմեռանդությամբ աղոթել: Նա աղաչում էր Միածնի Մորը և յուր երազը ի բարին կատարե, և հեռացնե յուր տան վրայից՝ սպառնացող չարիքը: Նրա սրտաբուխ աղոթքներին միանում էին և արտասվաց կայլակներ լուսալիր աչքերից:

Աղոթքն ավարտելուց հետո նա գնաց, վերցրեց ժամկոչից երկու հատ դեղնամոմ և մոտենալով ձիթալիր կանթեղին, լույս առավ նրանից, ապա երկու մոմերն էլ վառելով՝ բերավ ու տնկեց ս. Աստվածածնի պատկերի առաջ: Երբ ժամկոչը սկսավ եկեղեցին լուսավորել, ներս մտավ տեր-Անդրեասը: Նրան հետևեցին տեր-Սարգիսն ու տեր-Հովսեփը: Վերջինս սկսավ ժամն օրհնել, իսկ մյուսները սկիզբն արին ժամերգության: Ժողովուրդը հետզհետե խռնվելով լցրեց եկեղեցին:

Այդ ժամանակ արդեն տեր-Անդրեասը մոռացել էր տիրուհու երազը: Երբ ժամերգությունն ավարտեցին՝ նա դուրս եկավ եկեղեցուց՝ ուղղակի գեղամեջ գնալու համար... որովհետև այդ օրը շատ գործ ուներ կատարելու, բայց որովհետև պատրաստած թղթերը թողել էր տանը, ուստի ներս մտավ վերցնելու:

Յուր խուցի մեջ նա տեսավ Վարդենուն՝ կանգնած լուռ ու մտամոլոր: Իսկույն հիշեց նրա երազը և ժպտալով հարցրեց.

Հա. դու էլի քո երազի՞ մասին ես մտածում:

Այո, — պատասխանեց տիրուհին:

Դեհ, պատմիր այժմ ինձ, ի՞նչ ես տեսել:

Օ՛, սարսափելի բան, երկյուղից սիրտս պատռվում է:

Է՛, լավ, պատմիր որ իմանանք:

Վախենում եմ... շատ եմ վախենում, իմ երազները կատարվում են միշտ... հիշո՞ւմ ես, մի անգամ էլ այսպիսի երազ տեսա և կատարվեց:

Ե՞րբ:

Մի՞թե մոռացել ես: Չէ որ մի օր երազումս տեսա որ Շահխուռ-բեկը հափշտակում էր ինձ և դու ազատում էիր... այդպես էլ հո եղա՞վ...

Այո. այդ դեպքը անկարելի է մոռանալ. բայց այժմ այդ չես տեսել:

Ա՞յժմ... Ախ, սուրբ Աստվածածին, դու չարը խափանես և բարին առաջնորդեսբացականչեց Վարդենին՝ գեղեցիկ աչերը դեպի երկինք ուղղելով:

Պատմիր, աստուծով ամեն ինչ լավ կանցնի, — սիրտ տվավ երեցը:

Ո՞ւր էր թե աստված քո արդար խոսքը լսեր... Երազումս տեսնում էի, — սկսավ պատմել տիրուհին, — որ Շահաբասը եկել հասել է Ագուլիս և ժողովուրդը դիմավորում է նրան, դու էլ, եկեղեցական դասի հետ, առաջնորդում էիր ժողովրդին: Ես մնացել էի տանը՝ նանի հետ: Հանկարծ ժամկոչը սկսավ կոչնակը զարկել և գոռալ «փախեք, Շահռուխբեկը գալիս է»: Ես շտապեցի նանին ծածկել, ապա ինքս էլ փախչում էի մի պահարան մտնելու: Հանկարծ ներս մտավ Շահռուխը և հետևիցս վազելով գոչեց. «Ո՞ւր ես փախչում, Վարդենի, Անդրեասն այն ժամանակ խլեց քեզ ինձանից, բայց այժմ չէ կարող...»: Այս ասելով՝ նա վրա է հասնում, բռնում ինձ և գլխիս ոսկե սարքը պոկելով՝ փախչում է... Ես դուրս եմ գալիս աղաղակելու, օգնություն կանչելու, բայց տեսնում եմ որ մարդ չկա բակում, միայն դռան առաջ կանգնած էր ֆրանկների կարգապետ Մատթեոս Երազմոսը, որ ծիծաղում էր ինձ հասած այս դժբախտության վրա...:

Ա՞յդ է բոլորը, հարցրեց երեցը ժպտալով:

Այո, մի՞թե այս քիչ է:

Էհ, այդ կնշանակե թե Շահռուխ-բեկը մի քիչ դրամ է կորզելու մեզանից, գլուխը քար. թող տանե, ինչ ուզում է. մի՞թե դրա համար արժե տխրել:

Չէ, տերտեր, սխալվում ես, կնոջ գլխի զարդը յուր ամուսինն է... նա իմ գլխի զարդը պոկեց... ես վախենում եմ, — ասաց տիրուհին և նրա շրթունքները կրկին դողացին:

Անհոգ եղիր, իմ սիրուն Վարդենի, այդպիսի բան չի պատահիլ. և վերջապես նրանք ի՞նչ ունեն ինձ հետ. մի՞թե իմ անձը նվեր պիտի տանեն շահին, — հանգստացրեց երեցը տիրուհուն և յուր թղթերը առնելով՝ դուրս գնաց տանից:

Է

Ո՞վ էր Շահռուխ-բեկը և ի՞նչ ուներ տեր-Անդրեասի անարատ ընտանիքի հետ:

Այս հարցին պատասխանելու համար մենք մի քանի տարով դեպի անցյալը պիտի դառնանք:

Երբ երիտասարդ Անդրեասը Սյունյաց անապատում յուր դպրությունն ավարտելով՝ ուսուցիչ կարգվեցավ Ագոլյաց դպրոցում, այդ ժամանակ Շահռուխ-բեկը, որ բնիկ ագուլեցի էր. վերակացու էր նշանակված հայրենի գյուղաքաղաքի վրա: Իբրև զտարյուն պարսիկ, նա ոչ միայն շահամոլ, այլև վավաշոտ մարդ էր, այդ պատճառով և կեղեքում էր տեղացի հայերին ոչ միայն նյութապես, այլև բարոյապես: Վերջին տեսակի ամբարշտությունը նա երբեմն հասցնում էր մինչև այնտեղ, որ հափշտակում էր հայոց ընտանիքներից գեղեցկուհիներ, պատճառ բերելով թե՝ հրաման ունի Սպահանից կանայք հայթայթելու շահի հարեմի համար: Այդ հափշտակությունները թեպետ միշտ չէին հաջողվում, որովհետև զորավոր պաշտպան ունեցողները դիմադրում էին նրան, բայց և այնպես շատ անպաշտպաններ էլ զոհ էին դառնում հրեշ վերակացուի կրքերին:

Ահա այսպիսի մի դեպքի առթիվ էր որ Անդրեասը ընդհարումն ունեցավ Շահռուխի հետ մի քանի տարի առաջ:

Հազիվ մի երկու ամիս էր ինչ երիտասարդ սարկավագը Ագուլիս գալով՝ ստանձնել էր ուսուցչական պաշտոնը: Մի օր նա դիպվածով տեսավ Խցաձորի եկեղեցու հանդեպ ապրող մի այրիի աղջկան, որ պարտիզում նստած ասեղնագործում էր: Դա մի նորատի և չքնաղ գեղեցկուհի էր, որ առաջին վայրկյանից իսկ երիտասարդի ուշադրությունը գրավեց: Նուրբ շղարշի տակից գողունի նայող նրա աչքերը, որոնք փայլում էին հեռվից ինչպես զույգ աստղեր, տղայի սիրտը, կարծես շղթայեցին, ցանկապատի վրա: Երիտասարդը որքան էլ պարկեշտ ու սիրասուն, այսուամենայնիվ անկարող եղավ իրեն ուղղված հրեշտակային հայացքը ձգել ու անցնել: Չէ որ բնությունը ունի գաղտնի ուժեր, որոնք հաղթահարում են հաճախ մարդկային օրինաց խստությունները: Սարկավագը կանգ առավ այդտեղ մի քանի վայրկյան և սկսավ դիտել այդ հազիվ տասնևհինգ գարուն անցուցած գեղեցկուհուն: Եվ ահա այդ վայրկյաններն էլ բավական եղան որ սիրո թաքուն հուրը բոցավառվեր նրա սրտում: Երբ երիտասարդը հեռացավ ցանկապատից, սիրո նետն արդեն մեխվել էր տղի սրտում:

Այնուհետև սարկավագը հաճախ անցնում էր պարտիզի մոտով՝ որպեսզի հեռվից գոնե տեսնե գեղանի դրացուհուն, որ յուր հոգեկան աշխարհի մեջ այնպիսի մի անծանոթ, բայց կարի հաճոյական հեղաշրջումն էր առաջ բերել: Մանկամարդ աղջիկը նույնպես անտարբեր չէր. նա ավելի վաղ էր գրավվել գեղեցիկ երիտասարդով: Բայց այս հանգամանքը անհայտ էր Անդրեասին, ինչպես և այրի մորը, որ անքուն աչքերով հսկում էր յուր աղջկա վրա և հավատացած էր թե՝ նրա սիրտը երբեք չի գրավվիլ առանց յուր հրամանին...:

Մի օր, երբ սարկավագը, ըստ սովորականին, անցնում էր դրացու տան մոտով, տեսավ որ նրա բակում կանգնած են զրահավորված ֆարրաշներ: Իսկույն մի կասկած պաշարեց նրա սիրտը և նա շտապով տան բակը մտավ՝ իմանալու համար թե՝ ի՞նչ ունին դրանք այդտեղ:

Հազիվ երիտասարդը հասավ զինվորներին և ահա տան միջից լսեց կանացի ճիչ ու աղաղակ: Առանց այլևս ֆարրաշների վրա ուշ դարձնելու, նա վազելով ներս ընկավ տուն:

Որքան մեծ եղավ երիտասարդի զարմանքն ու սարսափը, երբ նա տեսավ այդտեղ Շահռուխ-բեկին, որ երկու ֆարրաշների հետ միասին այրիի տունը մտած՝ կամենում էր նրա գեղանի դուստրը հափշտակել:

Սենյակի մի անկյունում օրիորդը կծկված՝ դողդողում էր երկյուղից: Նրա վարդ գույնը թռել և շրթունքները դալկացել էին: Գեղանի աչքերը, որոնք յուր սրտի խաղաղ ժամանակ կրակ էին ցայտում, այժմ մթագնել, սառել էին, նրա հայացքն արտահայտում էր անհուն սարսափ: Իսկ խեղճ մայրը ձեռքերն աջ ու ձախ պարզելով, շարունակ ճչալով և օգնություն գոչելով՝ պաշտպանում էր աղջկան ինչպես մի անզոր բազե, որ թևատարած ու սպառնալից աչքերով պատսպարում էր յուր ձագը դաժան արծվի մագիլներից...

Ի՞նչ է պատահել այստեղ,— գոչեց սարկավագը, որ յուր առաջ բացված տեսարանից ամեն ինչ գուշակել էր:

Ամա՛ն, վարժապետ, աղջիկս ազատիր... Վարդենիս փրկիր, — աղիողորմ ձայնով գոչեց այրիս ձեռքերը դեպի սարկավագը տարածելով:

( Ի՞նչ են կամենում սրանք ձեզանից, — հարցրեց երիտասարդը, ապա սպառնալից աչքերը չորս կողմը հածելով:

Վարդենիս... Վարդենիս կամենում են խլել, — մրմնջաց այրին:

Ոչ ոք չի համարձակվիլ, — գոչեց երիտասարդը այնպիսի մի ձայնով, որ արտահայտում էր թե զայրույթ և թե կատաղություն, ապա դառնալով Շահռուխ-բեկին, որ նայում էր իրեն վայրենի հայացքով, հարցրեց,— ինչ ես կամենամ այս կնոջից, բեկ:

Քեզ ինչ, ո՞վ ես դու. ինչպես ես համարձակվում մտնել այստեղ և խառնվել տերունական գործերին, — գոռաց բեկը զայրագին:

Տերության անունը մի հիշիր, դրանով չես վախեցնիլ ինձ. այլ ասա ուղղակի՝ ի՞նչ պահանջ ունիս այս կնոջից:

Դուրս հանեցեք այդ թշվառականին, — գոռաց բեկը դեպի ֆարրաշները:

Նրանք մոտեցան սարկավագին:

Վերջինս, որ մտել էր այնտեղ բոլորովին անզեն, նայեց յուր շուրջը՝ տեսնելու համար թե՝ ինչ կարող է ձեռք բերել իրեն պաշտպանելու համար: Սենյակում ոչինչ չկար: Միայն նրա մի անկյունում կանգնած էր փոքրիկ ոստայն, որի վրա գտնվում էր կիսագործ գորգ: Երիտասարդը վազեց դեպի ոստայնը և անսպասելի մի ուժով, որ կարծես այդ րոպեին ստացավ, խլեց ոստայնի սեպերը և ամրացած ձողը հանելով և նրանով զինված՝ ահավոր ձայնով որոտաց.

Օ՛ն ուրեմն, մոտեցեք ձեր ուժը փորձելու համար: Ֆարրաշները սրերը մերկացնելով՝ դիմեցին դեպի երիտասարդը:

Սարկավագը, որ Սյունյաց անապատում հոգևոր զինվորության վարժվելով հանդերձ՝ չէր մոռացել նաև մարմնական զենքով կռվելու արհեստը, այդ վայրկենին այնպիսի մի զորություն ստացավ, որ նրան թվաց թե՝ չի պիտի հաղթահարվի՝ եթե ֆարրաշների հետ միասին դրսի զինվորներն էլ հարձակվեն յուր դեմ: Այն միտքը, թե սիրած աղջկա ազատությանն են սպառնում պարսիկները, նրա սիրտը լցրեց քաջությամբ և բազուկները դարձրեց անպարտելի:

Նա մոլեգնորեն կատաղությամբ հարձակվեցավ յուր դեմ խիզախող ֆարրաշների վրա և շեշտակի մի հարվածով դուրս թռցրեց նրանցից մեկի ձեռքից սուրը և խոյացավ երկրորդի վրա:

Վերջինս սարկավագի արյունռուշտ աչքերը տեսնելով մի քայլ ետ քաշվեցավ և սպասում էր բեկի նոր հրամանին: Բայց սուսերազուրկ զինվորը դուրս թռավ բակը՝ այդտեղ սպասող զինվորներին օգնության կանչելու:

Սակայն Շահռուխը, որ չէր կամենում բռնաբարման ձև տալ յուր գազանային վարմունքին, թույլ չտվավ նորեկներին հարձակվել երիտասարդի վրա, միայն զայրացած ասաց.

Այս աղջկա համար վաղուց գրված է շահին և սա պիտի նրա հարեմը գնա: Ես մտել եմ այստեղ շահի հրամանով և դու, որ խանգարում ես ինձ, գիտցիր որ դիմադրում ես շահին իրեն: Խելքդ գլուխդ ժողովիր և դուրս գնա, ապա թե ոչ կհրամայեմ որ հենց այս րոպեին գլուխդ թռցնեն:

Իմ գլուխը չի թռչիլ մինչև որ քոնը իմ ոտքերի տակ չլինի, — գոռաց երիտասարդը համարձակորեն. Շահաբասը արդար թագավոր է. նա չի ընկերանալ հափշտակիչներին ու առևանգողներին, դադարիր նրա անունով խոսելուց և դուրս գնա այստեղից քանի սեփական ոտքերով կարող ես քայլել:

Սարկավագի անժույժ սպառնալիքը ծանր հարված պիտի բերեր յուր գլխին, եթե այդ վայրկենին ներս չխուժեին Խցաձորի բնակիչները:

Վարդենիի մայրը, որ մի վայրկյան սարկավագի պաշտպանության հանձնելով դուստրը՝ խույս էր տվել սենյակից և դուրս գալով փողոց՝ սկսել էր աղաղակել և օգնություն կանչել, բոլոր թաղը համարյա ոտի հանեց մի րոպեում: Այրիի մոտ վազեցին թաղի երիտասարդները, առաջավոր մարդիկ, հասակավոր կանայք և, մինչև անգամ, Խցաձորի քահանաները: Տուն մտնելով՝ նրանք հուզված ու վրդովված շրջապատեցին առևանգողներին:

Ինչո՞ւ եք հավաքվել, ի՞նչ եք կամենում... հարցրեց բեկը զայրագին և հրամայեց զինվորներին դուրս հանել ամբոխը:

Բայց սարկավագը, որ վերջինի ներս խոթելուց ավելի էր սիրտ առել, նորեն սկսավ խոսել.

Այս մարդիկ, բեկ, ներս են մտել իրենց հավատակցի և բարեկամի տունը և այս առաջին անգամը չէ, նրանք սովոր են այստեղ հաճախել: Բայց դո՞ւ ինչ ունես այս տան մեջ, այն ասա մեզ:

Ես քեզ արդեն ասացի, թշվառականընդհատեց Շահռուխը:

Ասացիր, այո, բայց կամենում եմ որ նույնը կրկնես նաև այս ժողովրդի առաջ, կամենում եմ որ նրանք էլ լսեն քո բերանից թե՝ Շահռուխ-բեկը, Ամիրգյունե խանից Ագուլիսի վրա կարգված վեքիլը, որ պետք է հովանավոր ու պաշտպան հանդիսանա յուր խնամքին հանձնված ժողովրդին, հարձակվել է այս տան վրա, իբրև ավազակ, նրա միակ հարստությունը հափշտակելու համար...:

Գարշելի անհավատ... դու համարձակվում ես ավազակ անվանել ի՞նձ...— գոռաց Շահռուխ-բեկը և սուրը հանելով խոյացավ դեպի սարկավագը: Բայց մի քանի հուժկու բազուկներ բռնեցին նրան իսկույն և ամբոխի զայրացած գոչյունը ամբողջ տունը թնդացրեց:

Դո՛ւրս, դո՛ւրս հանեցեք այդ ավազակներին, այդ անհավատ շներին... մի՛ վախենաք, տղերք, խփեցե՛ք, ջարդեցե՛ք... գոռում, գոչում էին ամբոխի մարդիկ և բռունցքներն ու բազուկները շարժում օդի մեջ:

Շահռուխ-բեկը, որ բարկությունից գրեթե կատաղել էր, հրաման արավ յուր մարդկանց՝ գնալ, սարվազներ կանչել՝ հանդուգն հայերին կոտորելու համար:

Բայց ծերունի տեր-Հովսեփը, որ ներս մտնող քահանաներից մինն էր, մոտեցավ բեկին և խաղաղ ու ամոքիչ խոսքերով խնդրեց նրան հեռանալ, որպեսզի ամբոխն ավելի ևս չգրգռվի:

Ժողովուրդը, բեկ, նման է ծովի, որի խաղաղ ժամանակ կարող ես վրան նավարկել, որքան կամենաս. բայց երբ նա հուզվեց ու խռովվեցավ, ամենից զորեղ նավերն էլ կարող է խորտակել... զգույշ նավապետը չպետք է յուր նավը ալիքներին մատնե, այդ օգուտ չի բերիլ իրեն, — ասաց տեր-Հովսեփը և Շահռուխի ձեռքից բռնելով առաջնորդեց նրան դեպի տան դուռը:

Բեկը, որ արդեն չափել էր հակառակորդների ուժը, ավելի չդիմադրեց: Իբրև խորամանկ պարսիկ, նա օգուտ քաղեց քահանայի միջամտությունից՝ պատվով նահանջ տալու համար:

Քեշիշ, ես պատիվ եմ անում քո սպիտակ մորուքին և հեռանում. բայց իմացիր որ շահի հրամանը անկատար չի մնալ: Այդ աղջիկը ես սարվազներով դուրս կհանեմ այս տանից և տաս օր չանցած նա Սպահանում կլինի... — սպառնաց Շահռուխ-բեկը և յուր մարդիկներով դուրս գնաց այրիի տանից:

Կտեսնենք, կտեսնենք, — գոռացին բեկի հետևից անժույժ երիտասարդները և սարկավագին իրենց գլուխ ունենալով սկսան սիրտ տալ ու խրախուսել հուսահատ այրիին և ահաբեկ աղջկանը:

— «Մենք պետք է մեռած լինինք որ այդ շները կարողանան Վարդենիի մի մազը պոկել», ասում էին նրանք:

Եվ այդ խոսքերը անկեղծ էին: Բայց եթե Շահռուխ-բեկը գործին այն կերպարանքը տար, որ իբր թե՝ ինքը կամենում է եղել այդ աղջկան վերցնել շահի համար և իրեն խանգարել են, և եթե նա՝ դեպքից օգտվելով՝ մի քանի բարուրանքներ էլ բարդեր ագուլեցիների, կամ նույնիսկ սարկավագի վրա, թե իբր դրանք իրենց վարմունքով կամեցել են ոչ թե աղջկան ազատել, այլ միայն շահին անպատվել, հարկավ, գործը ծանր կերպարանք կառներ և աղետալի հետևանքներ կունենար:

Անդրեաս սարկավագը, որ հեռատես ու շրջահայաց էր, այրիի դստեր ազատությունը ձեռք բերելուց հետո մտածեց նաև այդ դեպքից առաջ գալիք հետևանքների վրա և շտապեց վտանգի առաջն առնել:

Նա մի խումբ երիտասարդների հանձնեց հսկել այրիի տան ու նրա դստեր պահպանությանը գիշեր և ցերեկ, վախենալով թե՝ միգուցե Շահռուխ-բեկը հանկարծ հարձակվելով` դարձյալ հափշտակե օրիորդին, իսկ ինքը առնելով յուր հետ ծերունի տեր-Հովսեփին, դիմեց Երևան՝ Ամիրգյունե նախարարի օգնությունը հայցելու:

Ամիրգյունեն, որ լուրջ ու արդարասեր մարդ էր և բարեկամ լինելով Մելիքսեդեկ կաթողիկոսին՝ սիրում էր նաև նրա հոգևորականներին, հաճությամբ լսեց սարկավագի և նրան ընկերացող քահանայի բողոքը, զայրույթ արտահայտեց Շահռուխ-բեկի անիրավ վարմունքի դեմ և օրիորդին ապագա հետապնդությունից ազատելու համար հետևյալս ասաց,

Այս երկրում անիրավ բռնաբարությունից ազատ չէ ոչ ոք: Նույնիսկ ես, Ամիրգյունե խանս, որ անկախ կառավարիչ եմ ամբողջ Էրմենիստանի և Գյուրջիստանի, դարձյալ ստիպված եմ դավաճան մարդկանց զայրույթը չգրգռել, որովհետև նրանցից ամեն մինը հեշտությամբ կարող է մուտ գործել շահի արքունիքը, եթե ինձ մատնելու և դրանով շահին որևէ օգուտ ընձեռելու առիթ ունենա ձեռին... Այդ պատճառով իսկ խորհուրդ եմ տալիս ձեզ՝ վերադառնալ Ագուլիս և անմիջապես ամուսնացնել այդ աղջկան մի որևէ երիտասարդի հետ: Մեր մեջ ընդունված օրենքով՝ անկարելի է հափշտակել մի կին, որ օրինավոր ամուսին ունի: Հետևապես, ամուսնացնելով այդ աղջկան, դուք կապահովեք նրան նույնիսկ ապագա հետապնդությանց դեմ: Իսկ ինչ վերաբերում է Շահռուխ-բեկին, ես նրան արժանավոր հատուցումն կանեմ: Այս քանիերորդ անգամն է որ նա նմանօրինակ անիրավությամբ բռնանում է խեղճ ժողովրդի վրա: Պետք է վերջապես հասկացնել նրան թե՝ հոտի պահապան շունը իրավունք չունի պատառելու յուր պահպանության հանձնված ոչխարները...

Տեր-Հովսեփն ու սարկավագը սրտագին շնորհակալություն արին արդարասեր Ամիրգյունեին և ուրախությամբ վերադառնալով Ագուլիս, կատարեցին խանի պատվերը ճշտությամբ, որովհետև փեսացուն արդեն պատրաստ էր:

Երկու օրից հետո Խցաձորի սուրբ Հովհաննես եկեղեցում կատարվեցավ օրիորդ Վարդենիի և սարկավագ Անդրեասի պսակը: Իսկ դրանից մի օր հետո՝ հրաման հասավ Ամիրգյունե խանից, որով Շահռուխ-բեկը պաշտոնանկ էր լինում և նրա տեղը կարգվում էր վերակացու խանի մի ուրիշ հավատարիմը:

Այդպիսով Անդրեաս սարկավագի հաղթությունը կրկնակի էր դառնում, մին՝ որ ազատելով սիրած աղջկան՝ ամուսնանում էր հետը և մյուս՝ որ Ագուլիսից հեռացնում էր բռնավոր կառավարչին:

Սակայն վերջինս, իբրև քինախնդիր պարսիկ, չմոռացավ իրեն հասած անարգանքը: Նա թողեց իսկույն Ագուլիսը և հեռացավ դեպի Սպահան: Ամիրգյունեի հովանավորյալին պատժելու և այդպիսով իրենից խլված թե պաշտոնը և թե գեղեցկուհու վրեժը լուծելու տենչը ձեռներեցության կորով ներշնչեց նրան: Շահռուխը մուտ գործեց շահի արքունիքը իբրև հեռավոր Էրմենիստանի գործերին և նրա ժողովրդի ներքին կյանքին քաջածանոթ մարդ:

Եվ որովհետև շահը սովորություն ուներ շրջապատել իրեն յուր ընդարձակ երկրի այս ու այն կողմերը քաջ ճանաչող մարդիկներով, լինեին նրանք սրիկաներ թե ավազակներ՝ միևնույն է, նրանք հարկավորվում Էին նրան ամեն ժամանակ, ուստի Շահռուխին էլ տեղ տվավ արքունիքում: Բայց հետո տեսնելով նրա մեջ նաև յուր թաքուն նպատակներին ծառայելու արտակարգ ընդունակություն, շնորհեց նրան սենեկապանի պաշտոն և շրջեցնում էր հետն ամեն տեղ:

Շահռուխ-բեկը հասել էր ուրեմն յուր նպատակին: Ամիրգյունեի խլած պաշտոնի փոխարեն, նա այժմ ստացել էր սենեկապանություն: Այդքանն, ըստ երևույթին, պիտի գոհացներ նրան: Բայց իրոք այդպես չեղավ: Քինախնդիր պարսիկը չէր մոռանում գեղանի հայուհուն, որին խլել էր իրենից Ագուլյաց դպրոցի ուսուցիչը, և այն՝ Ամիրգյունեի օգնությամբ: Պետք էր ուրեմն դեռ աշխատել՝ այդ զրկանքի վրեժը ևս լուծել:

Եվ ահա այս պատճառով, երբ երկու տարուց հետո Շահաբասը եկավ Հայաստան օսմանցիների հետ կռվելու, Շահռուխը որոշեց օգուտ քաղել հանգամանքից և իրագործել վաղուց ի վեր փայփայած յուր միտքը, եթե միայն թագավորը հաջողությամբ պսակեր յուր արշավանքը:

Այդպես էլ եղավ: Օսմանցիք խույս տվին Շահաբասի երեսից: Վերջինս այնուհետև պիտի վերադառնար Պարսկաստան: Բայց որովհետև, ինչպես պատմությանս առաջին գլխում ասացինք, սա յուր երկիրը դառնալուց առաջ կամենում էր, ըստ սովորության, մի երկու շաբաթ անցնել բարելից Նախիջևանում, ուստի Ամիրգյունե խանը հարկ եղած կարգադրություններն արավ, որպեսզի հայերը արժանավոր ընդունելություն անեն շահին:

Սակայն Շահռուխ-բեկը փոխեց թագավորի միտքը:

Հայոց իսկական գանձերն ամբարված են Ագուլիսում, — ասաց նա շահին, այր գյուղաքաղաքը, որ քարավանի ճանապարհից հեռու գտնվելով՝ ծածկված է լեռնաձորում, ծառայում է հայերին իբր թաքստյան անկյուն: Այդտեղ են ապրում թե հարուստ խոջաները, որոնց տները լիքն են թե կով ու արծաթով և թե հայոց գեղեցիկները, որոնք Էրմենիստանի փառքն են համարվում: Եթե շահը հաճի յուր հանգստյան օրերը անել այդ քաղաքում, նա կտեսնե թե՝ որքան բարիքներ կան այդ խորշում ծածկված և թե հայերը, որոնք, իբր թե միշտ արժանավոր ընծաներով են դիմավորում արեգակնափայլ շահին, դեռ որքան շատ բան են թաքցնում նրա հզոր աչքերից:

Այսքանը բավական էր, որ ագահ և ցանկասեր շահի հետաքրքրությունը գրգռվեր: Նա հրաման արավ իսկույն օթևան պատրաստել յուր համար Ագուլիսում: Եվ Ամիրգյունեն, ինչպես հիշեցինք, սուրհանդակներ ուղարկեց Սիսականի ամեն կողմերը՝ Շահի այդ նոր հրամանը հայոց երևելիներին հայտնելու համար:

Այժմ դառնանք մեր պատմությանը:

Ը

Օրը տարաժամել էր, երբ տեր-Անդրեասը յուր այցելություններն ավարտելով վերադարձավ տուն: Նա ամբողջ օրը ոտքով շրջել էր Ագուլիսի ու Դաշտի բոլոր թաղերը և այցելել այն ընտանիքներին, որոնց անունները մի օր առաջ նշանակել էր յուր ցուցակում: Հայտնելով ամենքին շահի դիտավորությունը, նա պատվիրել էր նրանց հեռացնել անմիջապես գեղեցիկ երեխաներին, հարսնացու աղջկերանց և թաքցնել հարևան գյուղերում կամ այնպիսի տեղեր, ուր շահի հետամուտների աչքը չկարողանա թափանցել:

Թեպետ սաստիկ ցուրտն ու Ագուլյաց ձորի քամին իրենց ազդեցությունն արել էին երիտասարդ քահանայի վրա՝ սառեցնելով նրա մարմինն և ոտքերը ընդարմացնելով, այսուամենայնիվ, տեր-հայրը տուն մտավ ուրախ սրտով և ժպիտը երեսին: Այն միտքը՝ թե նա հաջողել է արդեն վտանգի առաջն առնել և այդպիսով հարյուրավոր մանուկներ անխուսափելի կորստից ազատել, նրա հոգին լցրել էր անպատում ցնծությամբ: Նա շտապեց այդ ուրախոլթյանը մասնակից անել նաև յուր ընտանիքին: Նստելով կրակարանի առաջ, ուր մանկամարդ տիրուհին մեծ կրակ էր բորբոքել, տեր-հայրն սկսավ պատմել այդ ավուր մեջ կատարած յուր գործերի մանրամասնությունը, այն է՝ թվել այն ընտանիքները, որոնց այցելել էր, կրկնել այն զրույցները, որ ունեցել էր ծնողների հետ, կամ այն խորհուրդները, որ տվել էր նրանց: Նա նկարագրում էր թե՝ ի՞նչ սարսափ էր պատել ագուլեցիներին՝ «մանկաժողովի» մասին տարածած լուրը լսելուց հետ և թե ինքը ի՞նչ ուրախություն էր պատճառում հուսահատ ծնողներին՝ վտանգի առաջն առնելու ճանապարհը սովորեցնելով նրանց:

Երիտասարդ քահանայի ծնողները, որոնք հասարակաց բախտով նույնչափ էին հետաքրքրվում, որչափ և իրենց որդին, ուրախանում էին նրա խելոք կարգադրությունները լսելով և առ այդ հայտնում էին իրենց գոհունակությունը: Իսկ Վարդենի տիրուհին, որ ժամանակի սովորության համաձայն անխոս էր սկեսրայրից և, հետևապես , չէր մասնակցում խոսակցության, շատանում էր միայն յուր սրտում հրճվելով՝ որ ամուսնու արիության շնորհիվ սպառնացող վտանգը վերանում էր արդեն: Սակայն զրույցի վերջում, նա նշանացի հարցրեց երեցին թե՝ ի՛նչ կարգագրություն է արել արդյոք դպրոցի աշակերտների համար:

Նրանց մասին էլ հարկ եղածը որոշել եմ արդեն, — պատասխանեց երեցը. մեր վաթսուն աշակերտների մի մասը տգեղներ են, որոնց շահի մարդիկը, հարկավ, չեն վերցնիլ. բայց գեղեցիկներին կուղարկենք Ցղնա, խոջաԱնձրևի կինը հիսուն հոգու տեղ է պատրաստել այնտեղ, մեր աշակերտները մենք կարող ենք վստահանալ նրան:

Հազիվ երեցը յուր խոսքը ավարտեց և ահա եկեղեցու պարսպի դուռը բախեցին:

Ո՞վ է այս ժամին այցելում մեզ, — հարցրեց ինքնիրեն տեր-հայրը և դուրս եկավ պատշգամբ:

Ծերունի ժամկոչը շտապել էր արդեն դուռը բանալ: Եկողը սուրբ Թովմաս վանքի ծառաներից մինն էր, որ հայտնեց քահանային թե՝ առաջնորդ հայր-սուրբը կանչում է իրեն:

Ի՞նչ կա, — հարցրեց երեցը հետաքրքրությամբ:

Չգիտեմ... ասում էին թե իբր խանից հրաման է եկել, նրա մասին պիտի խոսեն... ուրիշ քահանաներ էլ կան մեզ մոտ.-պատասխանեց ծառան:

Следующая страница