Մուրացան՝   Անդրեաս Երեց

Մոտենալով քահանային, հայր Երազմոսը ողջունեց նրան սիրով, իսկ վերջինս վայելուչ հարգանքով հրավիրեց նրան յուր տունը:

Հայր Մատթեոս Երազմոսը հասարակ աստիճանի մարդ չէր: Նա արքեպիսկոպոս էր և Հռովմա պապից կարգված ընդհանրական առաջնորդ, որ հովվում էր Նախճվանի և նրա շրջակայքի միաբանող կամ ունիթոր կոչված հայ կաթոլիկներին: Նա ազգով հայ էր ու յուր նախկին ազգանունն էր որդի Սիրանշայի: Բայց երկար ժամանակ Իտալիայում մնալով և այդտեղ Դոմինիկյան կարգին հարելով՝ ձեռնադրվել էր վարդապետ և ապա եպիսկոպոս, և վերադարձել հայրենիք Երազմոս մականունով: Եվ որովհետև ազգուրացներն ու հավատափոխներն ընդհանրապես ավելի ջերմեռանդ են լինում նոր ընդունած կրոնի մեջ և աշխատում են օտարանալ հինից ոչ միայն հոգվով ու սրտով, այլև կոչմամբ ու անունով, ուստի հայր Երազմոսն ևս այդ դիտումով թողել էր ազգանունը: Նրա հոտի անդամներն իսկ, հետևելով թե նախկին և թե վերջին առաջնորդների օրինակին կամ հրամանին, փոխում էին հայ ազգանվան յան կամ յանց վերջավորությունը և վրան ավելացնում լատինական դի մասնիկը, իբր թե գլխովին լատինանալու համար: Այդ ձևով կազմված ազգանունները, հարկավ, Նախճվանի ու Երնջակա ձորերում, սյունեցի հայի ականջին՝ հնչում էին իբր ծաղրանուններ: Եվ ամեն անգամ երբ լսում էին Թոմաս դի-մահտեսի-Պետրոս, Օվանես դի-Միրզա, Պիոս դի-Եաղուբ, Եղիա դի-Հայրապետ և այլ նման անուններ, ծաղրում, այպանում էին ազգուրացների այդ միմոսական գունափոխությունը, հեգնում մանավանդ նրանց առաջնորդների այդ մասին ունեցած նախանձախնդրությունը: Բայց վերջինները միայն այդ չնչին բաներում չէին նախանձախնդիր: Այդ «չնչինները» ապացուցում էին այն՝ թե որպիսի մոլեռանդությամբ էին տոգորում նրանք իրենց հետևողներին: Ապա թե ոչ` նշանավոր դեպքերը, կամ կշիռ ունեցող խնդիրներն երբեք չէին վրիպում նրանց ուշադրությունից: Եվ եթե այդպես չլիներ, Սյունյաց նահանգի նշանավոր գավառներըՆախճվանը, Ջահուկը, Երնջակը նրանց ձեռքը չէին անցնիլ, ամեն տեղ և ամեն անկյունում ունիթորների ցանցերը չէին լարվիլ և հայադավաններին հարյուրներով չէին որսալ: Մխիթար Աբարանցու և Հովհաննես Քռեցու արժանավոր հաջորդները, Հռովմից տրված հրահանգների համեմատ, անընդհատ գործում, հայ եկեղեցվո հիմունքը փորում և ազգի ամբողջությունը քայքայում էին, որպեսզի արևելքում հայոց անկախ եկեղեցին կործանելով՝ նրա ավերակների վրա Հռովմա անազգ ու անհայրենիք եկեղեցին հաստատեն:

Ահա այս մոլեռանդ գործիչներից մինն էր Մատթեոս Երազմոսը, որ պապից կարպված էր հայ-ունիթորների առաջնորդ, նույնիսկ վերջինների կամքին հակառակ: Զի սրանք իրենց կողմից մեկին ընտրելով՝ ուղարկել էին Հռովմ ձեռնադրվելու, բայց Պապը ավելի շահավոր էր համարել մերժել այդ ընտրությունը և Նախճվանի Աթոռը հանձնել պրոպագանդայի արբանյակներից մեկին, որ հարկավ, ավելի հավատարիմ պիտի լիներ իրեն, քան ժողովրդի վրա առաջարկածը:

Հայր Երազմոսը հասնելով Սյունիք, արդարև, գործել սկսավ եռանդով: Բայց ի մեծ ցավ յուր առաքողի, չէր կարողանում առատորեն որսալ, որովհետև այդ ժամանակ Սյունյաց անապատի առաքյալները արդեն ցրված էին հայ գավառների մեջ և գործում էին մեծ հաջողությամբ, մրցելով, մանավանդ, պապականների դեմ:

Հայր Երազմոսը, որ, առհասարակ, չէր սիրում ընդհարվիլ Հարանց անապատի հոգևոր զինվորների հետ, վասնզի նրանցից ամենաթույլն անգամ մարտնչում էր յուր դեմ աննահանջ կերպով, այսուամենայնիվ, շատ տեղերում ստիպված էր լինում գործ ունենալ դրանց հետ, ըստ որում վերջինները հետևում էին ունիթորներին քայլ առ քայլ և արգիլում նրանց գործել ազատորեն: Նույնիսկ այդ օրը գերապայծառ կարգապետը հաճել էր պատվել յուր այցելությամբ հայոց եկեղեցու հասարակ սպասավորեն՝ նմանօրինակ մի արգելք բառնալու հույսով:

Մինչդեռ աննշան հայ վարդապետը՝ առաջնորդական պաշտոնի տեր լինելու պատճառով ոչ միայն գոռոզանում ու բարձրից էր նայում տեր-Անդրեասի վրա, այլև, նրա արժանիքն ու օգտակարությունը ուրանալով՝ աշխատում էր ճնշել նրան և ստորացնել, զոհելով յուր կրքին նույնիսկ հասարակաց շահը, հայր Մատթեոս գերապայծառն, ընդհակառակն, արքեպիսկոպոս և ունիթորների կարգապետ լինելով հանդերձ, չէր քաշվում խոնարհել ու անձամբ մտնել այդ երեցի տունը, պատվել նրան յուր այցելությամբ, որպեսզի դրանով կարողանա հասնել ոչ թե իրեն՝ այլ պապական աթոռին շահ բերող մի որևէ նպատակի:

Հայ վարդապետը մեծն ու օգտակարը զոհում էր փոքրին, ոչնչության, հասարակաց շահը ստորադրում էր անձնականին, մինչդեռ կաթոլիկ արքեպիսկոպոսը գործում էր հակառակը, նա յուր անձը ուրանում, յուր պատվասիրությունը ճնշում էր միայն ևեթ յուր եկեղեցու կամ պետի շահը խնամելու համար: Այսպիսի համեմատական առավելության շնորհիվ, հարկավ, կաթոլիկ կղերը պիտի տիրապետեր, իսկ Հայ եկեղեցին՝ հետզհետե ընկճվեր: Բայց իրոք, այդպես չեղավ, Սյունյաց արգավանդ հողի մեջ կաթոլիկական ծառը հաստատուն արմատ չբռնեց, — որովհետև Հարանց անապատից ելնող մշակները շարունակ փորում, չորացնում էին ծառը արմատները, որովհետև ժամանակի անիշխանության ստեղծած ապականությունից դուրս, հայ եկեղեցին դեռ ուներ անձնվեր մարդիկ, որոնք թեև փոքրաթիվ, բայց և այնպես գործում էին եռանդով և մրցում քաջաբար:

Հայր Մատթեոս Երազմոսը եկել էր այսօր նվաճելու հենց այդ գործող ու մրցող քաջերից մինին:

Անշուշտ չես զարմանում, որ Ագուլիս մտնելուցս ի վեր քեզ այցելում եմ երկրորդ անգամ, — ասաց հայր-Երազմոսը երեցին՝ սովորական ողջույնը նրան տալուց հետո:

Գերապատիվ հայրը երևի կարևոր հրաման ունի ինձ տալու, — պատասխանեց տեր-հայրը համեստությամբ:

Ոչ թե հրաման, այլ խնդիր, խոնարհագույն մի խնդիր:

Որը կատարել չեմ մերժիլ, թե ուժերս ներեն:

Օ՛, դրա համար դու շատ զորավոր ես, — պատասխանեց գերապայծառը և ապա անփույթ կերպով ժպտալով՝ ավելացրեց, — գործն ասենք թե վերջացած է. մնում է միայն քո հաճությանը ստանալ:

Բայց ի՞նչ գործ՝ այդ,( հարցրեց երեցը հետաքրքրությամբ:

Ի՞նչ պետք է լինի, միթե չես գուշակում: — Քրիստոնեական եկեղեցին վտանգի մեջ է, բռնակալ թագավորը արդար հոգիներին սպառնում է կորուստ... Չե՞ս լսել «մանկաժողովի» մասին:

Ի՞նչպես չէ, լսել եմ:

Եվ ի՞նչ միջոց ես գործ դրել այդ գազանային հարկահանության առաջն առնելու համար:

Արել եմ, ինչ կարողացել եմ...

Գիտեմ, շատերին հեռացնել ես տվել դեպի գյուղերը, — ընդհատեց գերապայծառը, — գիտեմ մինչև անգամ, թե որ ընտանիք որտեղ է թաքցրել յուր գեղեցիկներին:

Տեր-Անդրեասը մի անհանգիստ շարժում արավ և աչքերը անթարթ Երազմոսի վրա ուղղելով ասաց,

Հույս ունիմ որ քո այդ հետաքրքրությունը մեզ վնաս պատճառելու նպատակով չէ եղած:

Ով Տիրամայր, սուրբ Աստվածածին, — բացականչեց հայր Երազմոսը ձեռքերը դեպի երկինք ամբառնալով.( լուսավորիր դու խավարած մտքերը, հավատ ներշնչիր կասկածով տանջվող սրտերին... — Ապա դառնալով երիտասարդ երեցին՝ ավելացրեց. — երբեք չէի հուսալ թե եկեղեցվո ընտիր և իմաստուն մի պաշտոնյա, որպիսին դու ես, կարող է հավատալ թե՝ մի արքեպիսկոպոս կկատարե այնպիսի գործ, որ վնաս բերե Քրիստոսի հոտը զարդարող մանուկներին, թե նա կմոռանա Հիսուսի սուրբ պատվերը, որ ասում է, «Ոչ են կամք հոր իմոյ, որ յերկինս է, թե կորիցե մին ի փոքրկանցս յայսցանեձ»:

Մի մեղադրիր ինձ իմ կասկածոտության համար, — հարեց երեցը մեղմությամբ.(մինչև այսօր ունիթորները այնքան թշնամաբար են վարվել մեր եկեղեցու հետ, որ ես իրավունք ունիմ այժմ...

Թերահավատել այն բարիքի մասին, որ մեզանից պիտի հասնի ձեզ, այնպես չէ՞, — ընդհատելով երեցին՝ հարցրեց Երազմոսը:

Այո, չեմ ծածկում ճշմարտությունը:

Եվ երբեք չպետք է ծածկել: Բայց այժմ, պատվելի եղբայր, մի կողմ պիտի դնենք ամեն թշնամություն, եկեղեցուն վտանգ է հասնում, դրա առաջն առնելու համար մենք պիտի միանանք:

Միանանք... ի՞նչպես:

Դուք պիտի ընդունեք փրկության այն միջոցը որ ես առաջարկում եմ ձեզ:

Այսի՞նքն:

Մի անմեղ միջոց, մի անվնաս ճանապարհ:

Բարի, բայց ի՞նչ միջոց է այդ:

Դուք պիտի ցուցակագրեք և հանձնեք ինձ Ագուլիսի այն բոլոր ընտանիքների անունները, որոնք ունին գեղեցիկ տղաներ ՈԼ աղջիկներ, և իհարկե, հայտնեք Շահաբասին, որ դրանք բոլորն էլ պատկանում են իմ հոտին:

Ինչու համար այդպես անենք:

Դրա համար՝ որ եթե հիշածս ընտանիքներից մանուկներ վերցնե շահը, նրան հայտնեմ թե՝ դրանք պատկանում են սրբազան պապի հոտին:

Այդ առարկությունը չի փրկիլ մեր մանուկներին, — նկատեց երեցը:

Ինչպե՞ս թե չի փրկիլ, մի՞թե չես լսել այն մենաշնորհի մասին, որ շահը հատկացրել է սրբազան պապի հոտին: Հայր Պողոսն այդ մասին խոսել է կաթողիկոսի հետ:

Ո՞վ է հայր Պողոսը:

Միթե չգիտես: Հայր Պողոս Մարիաի-Չիտտագինի. սրբազան պապի գերապայծառ նվիրակը:

Այո, լսել եմ նրա մասին:

Բայց լսելը բավական չէ. պետք է իմանալ, թե՝ ինչ մեծ ծառայություն է արել նա քրիստոնյա աշխարհին: Այսինքն. ոչ թե նա, այլ սրբազան պապի սուրբ նամակը, որ նա բերել է շահին: Ծանո՞թ ես դու այդ պատմության հետ:

Լսել եմ մի քանի բան:

Բոլորը պետք է լսել, այդ կարևոր է:

Այս ասելով` հայր Երազմոսն յուր դիրքն ուղղեց, փակեղը, որ իջել էր ճակատի վրա՝ բարձրացրեց և գլուխը վեր առնելով՝ նորեն սկսավ խոսել.

Դու գիտես, պատվելի եղբայր, թե ի՞նչ գոռոզ թագավոր է Շահաբասը: Նա երկյուղ չունի աշխարհի և ոչ մի հզոր տիրապետից: Բայց և այնպես մի տարի առաջ երբ հայր Պողոս Չիտտագինին ներկայացավ նրան Ֆարահաբադումիբրև նվիրակ սրբազան պապի և իբր դեսպան Ֆրանգի ու Սպանիո թագավորների, Շահաբասը ընդունեց նրան ամենամեծ պատվով, նստեցրեց ոսկեկար օթոցի վրա և լսեց նրա խնդիրր լուրջ ուշադրությամբ: Այդ բավական չէ, շահը հայր Պողոսին սեղանակից արավ իրեն երեք անգամ և ընծաներ տվավ նրան յուր թանկագին գոհարներից: Դրանք այնպիսի մեծ պատիվներ են, որոնց պարսկաց գահակալները, գոնե մեր ժամանակներում, դեռ չեն արժանացրել ոչ ոքի: Բայց հայր Պողոսին արժանացրին: Որովհետև նա ձեռքին ուներ սրբազան պապի նամակը, նա ներկայացել էր շահին իբրև նվիրակ այն մեծ ու վեհապանծ Աթոռի, որի առաջ ծունկ են խոնարհում թագավորները և որի փոշին համբուրում են աշխարի հզորագույն իշխանները...:

Վերջին խոսքերը գերապայծառն արտասանեց հանդիսավոր եղանակով և մի քանի վայրկյան լռելուց հետո՝ նորեն շարունակեց.

Այո, ծանր է այն ազգի դրությունը, որին զորավիգ չէ այսպիսի հզոր գահակալ և որի մեծավորի կամ առաջնորդի վրա ակնածությամբ չեն նայում արդի բռնակալները: Ինչ կարող է անել, օրինակ, Մելիքսեդեկ կաթողիկոսը յուր ազգի համար... մի մարդ, որ յուր անձն իսկ չկարողացավ պաշտպանել Շահաբասի բռնությունից և որը մի ամբողջ ազգի գլուխ լինելով՝ բանտարկված ու շղթայված է այսօր իբրև հասարակ մի հանցավոր...:

Ի՞նչ ես ուզում ասել դրանով, գերապայծառ հայր, — ընդհատեց երեցը կարգապետին:

Այն, թե անհրաժեշտ է որ մարդիկ այսպիսի թշվառության օրերում պաշտպան ունենան իրենց այնպիսի մի հզոր անձն, որպիսին է, օրինակ, սրբազան պապը:

Տեր-Անդրեասը ժպտաց:

Դու չհավանեցի՞ր իմ խոսքին, — հարցրեց կարգապետը` հայացքը սևեռելով քահանայի վրա:

(Ընդհակառակն: Բայց կուզենայի իմանալ թե ինչու սրբազան պապը չի պաշտպանում Արևելքի բոլոր քրիստոնյաներին՝ եթե արդարև՝ այդքան զորավոր է նա:

Հայր Երազմոսի սիրտը թունդ ելավ, նրան թվաց թե՝ բախտըն արդեն մաքրում է յուր ճանապարհի արգելքները:

Զորավո՞ր, մի՞թե դու կասկածում ես նրա զորության մասին, — խոսել սկսավ նա զվարթ ձայնով: — Քահանայապետի զորության ապացույցը յուր նվիրակի փառավոր ընդունելությունն է և ավելի ևս՝ այդ ընդունելության հետևանքը: Սրբազան պապը յուր նամակում առաջարկել էր Շահաբասին երեք խնդիր. ա) պարսկի փոխարեն՝ հայ ունիթոր կարգել վերատեսուչ այն գավառների վրա, ուր ապրում են վերջինները: բ) «Մանկաժողով» չանել Հռովմա գահին հավատարիմ բոլոր հայերի մեջ: գ) Վերադարձնել այն սրբազան սպասները, որ պարսիկները հափշտակել էին Երնջակա և Ջահուկի մեր եկեղեցիներից: Շահաբասը այդ երեք խնդիրներն ևս կատարեց անմիջապես: Բայց այդ դեռ բոլորը չէ: Նա այնքան է սիրել հայր Չիտտագինիին, որ շարունակ պտտեցնում է հետը ուր որ գնում է, և այդ հանգամանքը օգնում է սրբազան պապի նվիրակին հետզհետե նորանոր արտոնություններ ձեռք բերել: Այժմ ահա, օրինակ, մեր գյուղերից մի քանիսին «թարխանություն»5 է տվել շահը, մի քանի ավաններ «խաս»6 է արել. իսկ շատ անձինքների պաշտոններ է հատկացրել թե բանակի մեջ և թե վարչական գործերում: Հայր Պողոս Չիտտագինին հույս ունի այսուհետև դեռ էլի նորանոր արտոնություններ ձեռք բերել: Այս ամենը, պատվարժան եղբայր, հաջողվում է մեզ նրա համար, որ շահը ցանկանում է հաճելի լինել սրբազան պապին: Դու հարցնում ես թե՝ ինչո՞ւ, ուրեմն, սուրբ քահանայապետը, այդքան զորավոր լինելով՝ չէ պաշտպանում Արևելքի բոլոր քրիստոնյաներին, բայց չգիտես որ նա, ընդհակառակն, սաստիկ ցանկանում է, ի սրտե փափագում է ամենքին հովանավորել և հենց այդ իմաստով էլ նոր կոնդակ է ղրկել ընդհանրական երեսփոխան հայր Չիտտագինիին: Իսկ վերջինս, պետք է խոստովանել, աշխատում է այդ մասին գերազանց եռանդով: Քեզ օրինակ այս վերջին դեպքը: Հենց որ Շահռուխ-բեկը հայտնում է նրան «մանկաժողովի» մասին, նա իսկույն հրավիրում է ինձ Նախճվանից Երեվան: — Քրիստոսի հոտը, գերապայծառ հայր, վտանգի մեջ է, շտապիր փրկել նրան... ասում է նա ինձ և իսկույն էլ գործելու հրահանգներ տալիս: Այս հրահանգների մասին, խոստովանանք լինի մեր մեջ, նա խոսել է նաև Ամիրգյունե նախարարի հետ և նրա հաճությունը ստացել: Բացի այդ, հայր Չիտտագինին տեսնվել է նաև կաթողիկոսի հետ...:

Ի՞նչ հրահանգներ են դրանք, — հարցրեց երեցը հետաքրքրությամբ:

Այն, որ ես շտապեմ Ագուլիս, հայտնեմ բոլորիդ գալիք վտանգը և ձեզ հետ միասին հոգամ նրա առաջն առնելու միջոցների մասին:

Բայց ինչո՞ւ առաջին այցելությանդ ժամանակ չհայտնեցիր ինձ այդ... — հարցրեց երեցը կասկածոտ մի հայացք ձգելով հայր Երազմոսի վրա:

Որովհետև դեռ չգիտեի թե կհաջողի մեզ այդ բարի գործը կատարել... կամ թե դուք կօգնե՞ք մեզ այդ բանում:

Ի՞նչպես թե կօգնենք... մի՞թե մենք մեր ժողովրդի թշնամին ենք:

Ինչ մեղքս ծածկեմ, տարակուսում էի, մանավանդ որ ձեր կաթողիկոսը, երևի տանջանքներ կրելուց անզգայացած, չէր կարողացել հայր Չիտտագինիի տված խորհուրդների իմաստը ըմբռնել և հետևապես, օգտվել նրանցից: Բայց ես եկա այստեղ, որպեսզի խոսեմ ժողովրդի հետ և խորհրդակցեմ նրա սիրտն ու հոգին ի մոտո ճանաչող հովիվների, այսինքն ձեզ հետ, հուսալով որ դուք ավելի խոհեմ և հեռատես կգտնվիք և չեք վարանիլ այսպիսի դեպքում զոհել փոքրիկ շահերը առավել մեծագույնը ձեռք բերելու համար:

Փոքրիկ շահե՞ր... ի՞նչ շահեր պիտի զոհենք, — հարցրեց երեցը աչքերը մեծ բանալով:

Սնոտի, պարծանքի, ինքնասիրության և այլ նման շահեր:

Որո՞նք են դրանք:

Այն, որ չեք հակառակիլ՝ եթե Ագուլիսում մի քանի հարյուր տուն՝ հայ կոչվելու փոխարեն, ունիթոր անունը կրեն:

Բայց ինչո՞ւ այդ անունը կրեն:

Որպեսզի ազատվին իրենց որդիքը շահի դուռը ղրկելու հարկից:

Եվ ուրեմն ա՞յդ գնով մենք, պիտի վայելենք սրբազան պապի հովանավորությունը, — հարցրեց երեցը ժպտալով:

Անշուշտ, ուրիշ կերպ անհնար է: Շահը խոստացել է «մանկաժողով» չանել միայն ևեթ պապական հոտի մեջ:

Եվ որպեսզի մենք «մանկաժողովից» ազատվենք, պիտի անպատճառ պապակա՞ն դառնանք:

Այդ է միակ ճանապարհը, — հարեց կարգապետը: Տեր-Անդրեասը լռեց: Բայց յուր հայացքը սևեռել էր հայր Երազմոսի վրա:

Ի՞նչ կարդաց վերջինս այդ հայացքի մեջ, գուշակել դժվար էր, բայց նա երևի զգաց յուր առաջարկության ստորացուցիչ լինելը, ուստի ավելացրեց.

Մեր պահանջն այն չէ, որ այդ մի քանի հարյուր տունը անպատճառ այսօր պապականություն ընդունին, չէ՛, այլ որ վկայեն Շահաբասի առաջ թե՝ այո, իրենք պատկանում են մեր հոտին, իսկ դուք ձեր կողմից այդ վկայությունը հաստատեք:

Այդպիսի առաջարկության պատասխանելն մեր իրավունքից վեր է, — ասաց տեր Անդրեասը, — այդ հարցին կարող է լուծումն տալ միայն հոգևոր տերը:

Իսկ եթե նա մերժո՞ւմ է:

Մենք ևս պիտի մերժենք...

Բայց եթե ժողովուրդը ցանկանա հետևել մեր խորհրդին:

Մենք կարգիլենք նրան այդպիսի քայլ անել:

Դուք ուրեմն ժողովրդի թշնամի՞ն եք:

Ոչ, բարեկամը:

Բայց ո՞րն է ապացույցը:

Այն, որ թույլ չենք տալիս նրան մայրենի եկեղեցու ծոցից հեռանալ:

Այստեղ եկեղեցու խնդիր չկա, այլ միայն հոգիներ փրկելու... Ձեր առաջնորդն, ըստ երևույթին, ավելի խելոք և հեռատես է, նա ոչ միայն համաձայնեց իմ առաջարկության, այլև շնորհակալ եղավ այն խնամքի համար, որ ես տածում եմ դեպի յուր հոտը:

Առաջնորդն համաձայնե՞ց, — հարցրեց երեցը զարմանալով:

Այո, և այն էլ ուրախությամբ:

Բայց ի՞նչ պայմանով:

Այն, որ քահանաները ևս միանան յուր հետ: Եվ նա, պետք է ճշմարիտը խոստովանել, ամենից ավելի նշանակություն է տալիս քո խոսքին:

Իմ խոսքի՞ն, ինչո՞ւ համար, չէ՞ որ քահանաների մեջ ես ամենից կրտսերն եմ:

Այո, բայց նա ասաց թե՝ ամենից մեծ հեղինակություն դու ես վայելում ժողովրդի մեջ և եթե դու համակերպիս իմ առաջարկության, մյուսներն անմռունչ կհետևին քեզ: Նույնը կրկնեցին ինձ շատ ազդեցիկ ագուլեցիներ, որոնց հետ առիթ ունեցա խոսելու: Ամենքն ասում են թե՝ կընդունենք այդ առաջարկությունը եթե միայն տեր-Անդրեասը միանա մեզ հետ: Իսկ ես կարծում եմ թե՝ դու այնքան հեռատես կլինիք, որ ի չարը չես գործ դնիլ ժողովրդի դեպի քեզ ունեցած վստահությունը և նրան կսիրես այնքան, որ նույնիսկ յուր շահը պաշտպանելու համար կընդունես իմ խորհուրդը՝ առանց վարանելու, զի փրկության միակ ճանապարհն այն է, որ ահա առաջարկում եմ քեզ:

Երիտասարդ երեցը լուռ նայում էր կարգապետին և կարծես դժվարանում էր պատասխանել: Առաջնորդն ու ժողովրդի մեծերը խնդրի վտանգավոր կողմը տեսնել չկարողանալով, տվել էին իրենց համաձայնությունը: Բայց ինքը գիտեր, տեսնում էր այն թակարդը, որ ունիթորների կարգապետը, հանգամանքներից օգտվելով, լարում էր հայ ժողովրդի համար: Հետևապես, եթե համաձայներ նրա առաջարկության, կգործեր յուր խղճի և պարտավորության դեմ, դավաճանելով ընդնմին և յուր հոտի շահուն, իսկ թե հակառակեր, կգրգռեր յուր դեմ կարգապետի թշնամությունը, որով և, գուցե, կորուստ պատճառեր մի քանի տասնյակ մանուկների: Վերջին հանգամանքը կշարժեր յուր դեմ նաև առաջնորդի և յուր կարգակիցների զայրույթը, որոնք և իրենց կողմից ժողովրդին կկանգնեցնեին յուր դեմ:

Այս մտածությունները երկար պիտի զբաղեցնեին տեր-Անդրեասին, եթե հայր Երազմոսը լռությունը չընդհատեր:

Հա, ի՞նչ ես որոշում. համաձայնո՞ւմ ես թե ոչ: Կարգապետի ձայնը ցնցեց քահանային և նա գլուխը բարձրացնելով վճռաբար պատասխանեց.

Ոչ:

Այդ պատասխանը չէի սպասում, — ասաց կարգապետը:

Ուրիշ պատասխան չէի կարող տալ, — հարեց երեցը: Քանի որ առաջնորդը իմ համաձայնությանն է սպասում, քանի որ ժողովուրդը իմ ընտրությանն է հավատում, ես ի չարը չեմ գործ դնիլ ոչ մեկի և ոչ մյուսի հավատարմությունը:

Բայց նրանք համաձայնել են, — ընդհատեց հայր Երազմոսը:

Նրանք խնդրի մի երեսն են նայել, իսկ մյուսը՝ ինձ են թողել նայելու:

Եվ դու ի՞նչ ես գտնում այդ երեսի վրա:

Այն, որ տեսնում եմ թե՝ քո առաջարկած խորհրդին հետևելով իմ ժողովուրդը կստանա միայն խաբուսիկ և ժամանակավոր օգուտ, մինչդեռ կրած վնասը կլինի հավիտենական:

Ինչո՞ւ այդպես ես կարծում:

Որովհետև դու առաջարկում ես իմ առաջնորդին, կարգակիցներին և ժողովրդին՝ որ նրանք Շահաբասի առաջ վկայեն թե՝ այսքան հարյուր տուն պատկանում են քո հոտին: Բարի: Դիցուք թե վկայեցին: Այդ մի քանի հարյուր տան մեջ գտնվող մի քանի տասնյակ գեղեցիկները, հարկավ, կազատվին Շահի ձեռքից, բայց ի՞նչ կհետևի դրան, այն՝ որ մի քանի տասնյակ մանուկների պատճառով մենք կկորցնենք մի քանի հարյուր ընտանիք և կկորցնենք անդառնալի կերպով:

Ի՞նչպես թե կկորցնեք, — հարցրեց կարգապետը, իբր երեցին չհասկանալով:

Այդ մի քանի հարյուր ընտանիքը կդառնան պապական, — պատասխանեց երեցը: Դուք հո թույլ չեք տալ որ հրապարակավ և շահի ներկայությամբ ունիթոր հռչակված հայերը մեկ էլ նորեն իրենց եկեղեցու գիրկը դառնան: Նույնիսկ բռնի ուժով, ֆարրաշների օգնությամբ դուք այդ կարգելեք նրանց, և ոչ մեկը դրանցիո չի համարձակվիլ հայտնել թե ինքը Շահի առաջ սուտ վկայություն է տվել, այդպիսի հանցանքի համար կախաղան կհանեն նրան:

Էհ, թող չդառնան, մի՞թե պապական մնալով նրանք կկորչեն:

Իմ խորին համոզմունքով՝ պապական եկեղեցուն հարող հայը ընդմիշտ կորչում է յուր ազգի համար:

Կարգապետը տեսավ որ երիտասարդ երեցը թափանցել է արդեն յուր գաղտնիքների խորքը և որ ինքը նրան էլ չի պիտի կարենա համոզել, ուստի ավելորդ համարելով շարունակել զրույցը, վեր կացավ տեղից:

Ես կամեցա մի բարիք գործել քո ազգի համար, ասաց նա երեցին, դեպի դուռն ուղղվելով, բայց դու արգելք եղար ինձ: Դա մի չարիք, մի հանցանք էր, որ գործեցիր: Շահաբասի նման հզոր թագավորը պտրում է սրբազան պապի բարեկամությունը, հայերը չպետք է մերժեին այն: Այն անխոհեմության հետևանքը կծանրանա, անշուշտ, ազգի վրա և այն ժամանակ մարդիկ կանիծեն քեզ, որ աշխարհային հաշիվների պատճառով արգելք եղար դու բազմաթիվ հոգիների փրկության:

Այդ հոգիները, գերապայծառ հայր, կփրկվին մեր ձեռքով: Հայոց եկեղեցին, այո, չունի հզոր վեհապետ, միակ կաթողիկոսը կալանավոր է և բանտարկյալ, բայց այդ եկեղեցին ունի դեռ արի զինվորներ, որոնք կդիմադրեն սպառնացող վտանգին, կկռվին քաջաբար, և եթե հարկ լինի, կմեռնեն անտրտունջ՝ եթե չարիքը կզորանա: Ինչ վերաբերում է անեծքին, ես նրանից չեմ վախենում, քանի որ համոզված եմ թե՝ արդար գործ եմ կատարում: Այո, կգտնվին մարդիկ, որոնք կանիծեն ինձ այսօր, բայց նրանց որդիքը կօրհնեն ինձ ապագայում:

— «Արյուն ձեր ի գլուխ ձեր» ասաց կարգապետը և առանց հետևը նայելու դուրս գնաց սենյակից:

Ժ

Ավանի մեջ շուտով տարածվեցան զանազան լուրեր թե ժողովի մասին, որ տեղի էր ունեցել առաջնորդարանում և թե այն առաջարկության, որ ունիթորների կարգապետը արել էր տեր-Անդրեասին: Այդ պատճառով ժողովուրդը, որ շահի գալստյան առթիվ արդեն վարանման մեջ էր, այժմ սկսավ հուզվիլ ներքին երկպառակությունից: Շուկայի մեջ, հրապարակում և եկեղեցիների բակերում խոսում, դատում և վիճում էին այդ խնդիրների մասին: Մարդիկ բաժանվել էին մի քանի կուսակցության: Դրանցից մինը պաշտպանում էր առաջնորդին և պահանջում՝ որ ետ դարձնեն թաքցրած երեխաներին և նրանց հետ միասին դիմավորելով շահին՝ իրենց հույսը դնեն նրա մեծանձնության վրա, այսինքն, «մանկաժողովն» արգելելու համար՝ փոխանակ անձնիշխանաբար գործելու՝ խոնարհին շահի առաջ և նրա գթությունը հայցեն, հակառակ դեպքում ասում էին նրանք, շահը իմանալով որ գեղեցիկներին թաքցրել ենք, կզայրանա և ավելի մեծ չարիք կհասցնե ժողովրդին: Երկրորդ կուսակցությունը, որ թեպետ փոքրաթիվ, բայց կազմված էր գեղեցիկ զավակների տեր հարուստ ծնողներից, պահանջում էր որ ընդունվի հայր Երազմոսի առաջարկությունը և ցանկացողները ունիթորների թվում գրվելով՝ հաշվվին ու վկայվին հայ հոգևորականությունից իբր պապական եկեղեցուն պատկանողներ: Երրորդ և ավելի զորեղ կուսակցությունը, որ բաղկացած է հոգվով ու սրտով հայ մարդիկներից, երիտասարդներից և քաջ հոգևորականներից, պաշտպանում էր տեր-Անդրեասին և պահանջում՝ որ ամենքն հետևեն նրա խորհրդին և կատարեն այն ինչ որ նա բարվոք և անհրաժեշտ է համարում, որովհետև իրենք մեծ հավատ ունեին այդ մարդու խելքի և հայրենասիրության վրա: Նրանք պաշտպանում էին տեր-հոր այն միտքը թե՝ չպետք է կուրորեն հնազանդել շահին կամ նրա կառավարիչների ամեն մի անիրավ հրամանին, այլ՝ թե երբեմն պետք է, նաև, ընդիմանալ ցույց տալու համար թե՝ արդարև ժողովուրդը կազմված է կենդանի և զգացող մարմիններից և ոչ թե դիակներից, որոնց կարելի լինի գլորել ուր էլ որ կամենան: Կար և անտարբերների, կամ արքայական հաճությունը որոնող պաշտոնյաների մի խումբ, որ պնդում էր թե՝ պետք է ամեն բան անել, ամեն ինչ զոհել միայն ևեթ Շահի ընդունելությունը փառավոր կացուցանելու համար, և այդ նկատմամբ առաջարկվում էր հետևել միայն մարմնավոր իշխանության ներկայացուցչի, այն է՝ Ագուլյաց վեքիլի հրամաններին և մատակարարել նրան այն ամենը, ինչ որ նա անհրաժեշտ է համարում ունենալ՝ շահնշահի ընդունելությունը փառավորագույն կացուցանելու համար:

Հայոց կողմից լինելիք ընդունելության պատրաստությունը վեքիլը հանձնել էր այս վերջին կարգի պաշտոնյաներին, որոնք և արյուն-քրտինք մտած՝ մեծ աշխատությունների մեջ էին: Դրանցից ոմանք զարդարել էին տալիս տներն ու պատշգամբները, ոմանք քաղաքը լուսավորելու կարիքն էին հոգում, ուրիշները հրավառություններ պատրաստելու ետևից էին. ռազմական կարգերին ծանոթ եղողները շահին դիմավորող խմբերն էին կազմակերպում, իսկ ավելի կիրթ ճաշակ ունեցողները կարգավորում էին երգչուհիների, կաքավողների և, ընդհանրապես, գեղեցկուհիների խմբակներն, ընտրելու այդպիսիներին ոչ միայն ամուսնացյալ կանանցից ու հարսնացու աղջկերանցից (որքան որ կարողանում էին գտնել), այլև կուսանոցներից բերած միանձնուհիներից: Սույն կարգադրիչներն էին, որոնք և վեքիլի անունով հրաման ղրկեցին Անդրեասին, որ նա նշանակված օրն ու ժամին պատրաստ գտնվի Որտուատում յուր բոլոր աշակերտներով: Վերջիններս հարուստ ու ծաղկյա շապիկներ հագած՝ պետք է հետևեին եկեղեցական թափորին, որը կազմելու էր առանջորդը և իրենց քաղցր երգերով շահի լսելիքը զվարճացնեին:

Այս հրամանի վրա աշակերտների ծնողները թափվեցան դպրատունը և լաց ու կոծով խնդրում էին տեր-Անդրեասին մի ճար անել իրենց զավակները շահի առաջ չհանելու համար:

Երեցը ծանոթացրեց նրանց գրոծի դրության հետ և ցավելով հայտնեց, որ այլևս չի կարող օգնել իրենց այդ գործում, որովհետև յուր ծրագիրները վերջնականապես խանգարվել էին կարգադրիչների այդ նոր հրամանով: Բայց նա խորհուրդ տվավ նրանց դիմել առաջնորդին, ասելով թե գուցե նա, իբրև հոգևոր հովիվ, ձեռնհաս լինի գտնել մի պատճառով աշակերտներին Որտուատ չտանելու համար: Երեցը, որ ժողովի օրը այնքան խստությամբ հանդիմանում էր առաջնորդին և այժմ իսկ ամեն անհաջողության պատճառ նրան էր համարում, մի բառով անգամ տրտունջ չհայտնեց նրա դեմ, չկամենալով ծնողների առաջ նվաստացնել յուր իշխանավորին: Այս պատճառով ծնողները, թեպետ և ամեն բանի տեղյակ՝ այսուամենայնիվ, լսեցին տեր-հորը և գնացին առաջնորդի մոտ:

— «Աման, հայր սուրբ, հրամայիր կոտորել մեր երեխաներին, միայն թե նրանց հոգիները դժոխքից ազատիր», — այս խոսքերով դիմեցին նրանք վարդապետին, և չեին կեղծում: Արդարև, նրանք ավելի հեշտությամբ իրենց որդվոց մահը կտեսնեին՝ քան թե նրանց՝ շահի դուռը տանելն ու թուրքացնելը:

Առաջնորդը ծնողների հուսահատությունը տեսնելով, նոր հասկացավ թե՝ ինչու տեր-Անդրեասը յուր բոլոր ուշադրությունը դարձրել էր միայն այդ խնդրի վրա, և շատ զղջաց, որ յուր անխորհուրդ ժողովով ու աղմուկով բանը մեծացրել և երեցի գործին արգելք էր դարձել: Բայց որովհետև սխալն արդեն արված էր և այն ուղղելու ոչ մի հնար չկար, ուստի վարդապետին ոչինչ չէր մնում անել, եթե ոչ խորհուրդ տալ ծնողներին՝ դնել իրենց հույսը աստուծո ողորմության վրա: — «Նա, որ Իսրայելի երեք որդիները ազատեց Նաբուգոդոնոսորի վառել տված հնոցից, անշուշտ ձեր զավակներին էլ կազատե չարիքից», — ասաց նա ծնողներին:

Բայց վերջիններին այդքանը չգոհացրեց: Երկար ու բարակ այս մասին խոսելուց հետո, ծնողներից մինը, որ արհեստով վարսավիրն էր, ասաց.

Հայր սուրբ, եթե քեզ չլսենք և մեր որդիները չուղարկենք Որտուատ, նրանց, միևնույն է, զոռով դուրս կքաշեն տանից, այդ հաստատ գիտենք: Ուրեմն ուզենքչուզենք՝ պիտի ղրկենք: Բայց ինչ կասեիր դու, օրինակ, եթե մենք նրանց տգեղացնեինք և այնպես ուղարկեինք:

Տգեղացնե՛իք... ի՞նչպես,— հարցրեց առաջնորդը:

Այնպես, ինչպես որ կարող ենք, կամ հնարավոր կլինի:

Եթե կարողանաք տգեղացնել այնպես՝ որ չերևա թե արհեստական կերպով եք տգեղացրել, ինչո՞ւ չէ կարելի է,— համաձայնեց առաջնորդը:

Ես այնպես կանեմ, որ արհեստական չի երևալ:

Բայց ի՞նչ կանես, — հարցրեց մի ուրիշը:

Նախ կսափրեմ երեխայի գլուխը. այդպիսով նրա գեղեցկության մի մասը կկորչի: Ապա գիտեմ մի դեղ, որ մորթի վրա քսելուց՝ նրան կարմրացնում և վրան գոնջի պես վերք է գոյացնում: Այդ դեղը կքսեմ և երեխայի գլուխը գոնջոտված (քաչալ) կերևա:

Մի՞թե այդ վնաս չի պատճառի երեխային,— հարցրեց ծնողներից մինը:

Ոչ մի վնաս, կամեցած ժամանակդ կարող ես վերքը բուժել մի հասարակ օծանելիքով:

Եթե այդպես է, մենք ամենքս կարող ենք գործածել այդ միջոցը, — խոսեցին այս ու այն կողմից:

Եվ դա այն առավելությունն ունի, — հարեց վարսավիրն, որ ամենքին կարծել կտա թե՝ երեխաները վարակված են գոնջով, իսկ այդ հիվանդությունը, ինչպես գիտեք, սաստիկ տարածվող է և մանավանդ, ատելի պարսիկներին, թեպետ հենց նրանք են որ մեծ մասամբ վարակված են այդ ախտով:

Ծնողները բանավոր գտին վարսավիրայի առաջարկությունը և առ այդ վարդապետի համաձայնությունն առնելով իրենց տները ցրվեցան:

Երկու օրից հետ, այն է՝ Որտուատ ուղևորվելու համար նշանակած ժամին Խցաձորի դպրատունը հավաքվեցին տեր-Անդրեասի աշակերտները, բոլորն էլ սափրած գլուխներով և նրանցից գեղեցիկները՝ վարակված արհեստական գոնջով:

Տեր-Անդրեասը առաջին անգամ տեսնելով աշակերտներին, այդպես այլանդակված, զարմացավ, որովհետև ինքը դեռ անտեղյակ էր ծնողների որոշման, բայց երբ հասու եղավ իրողությանը՝ շատ վշտացավ, որովհետև կատարված գործը, ըստ յուր կարծյաց, կարի անխորհուրդ էր: Աշակերտների արտաքին տգեղությունը այնպես էր աչքի ընկնում, որ նրա արհեստական լինելը անկարելի էր ծածկել Շահաբասի սուր տեսությունից:

Բայց այլևս ուշ էր. սխալն անկարելի էր ուղղել: Մնում էր որ տեր-հայրը հնազանդվելով հայ տնօրենների հրամանին պատրաստեր յուր աշակերտները և միանալով հոգևորականների խմբին՝ ուղղվեր Որտուատ:

Այդպես էլ արավ նա:

ԺԱ

Չնայելով որ Որտուատի հարուստ այգիներն ու պարտեզները զրկված էին իրենց կանաչագեղ զարդերից և ձյունը ծածկել էր ոչ միայն ավանի հետևից բարձրացող լեռնալանջերը, այլև Որտուատն ու նրա շրջակաները, այսուամենայնիվ պայծառ արևը, որ հուշիկ բարձրանում էր Ալանգեոզի ետևից, մի առանձին կենդանություն էր տվել թե կանաչազուրկ այգեստանին և թե նրա առապարուտ շրջականերին: Գյուղաքաղաքը, որ արդեն անսովոր շարժման մեջ էր, գեղեցիկ եղանակի շնորհիվ ավելի ուրախ կերպարանք առավ: Փողոցներում զեռում էր ամբոխը. ֆարրաշները պտտում էին խմբերով, իսկ ֆարրաշբաշիները հրամաններ էին տալիս, որոնք կատարվում էին արագ ու ճշտությամբ: Դրանցից շատը կայանում էր նրանում՝ որ հայհոյանքով ու հարվածներով հալածում էին խուժանը մի փողոցից դեպի մյուսը, կամ անցքերը մաքրում խռնված ժողովրդից: Այդ ճնշումներից ազատ էին մնում կտուրների վրա հավաքված հանդիսատեսները, տղամարդիկ թե կանայք, որոնք հետաքրքրությամբ սպասում էին շահի գալստյան: Դրանցից առաջինները խռնված էին տանիքների բաշերի վրա, իսկ վերջինները՝ նրանց հետևում, ծածկված սպիտակ շղարշատեռերով և ապավինած, կարծես, տղամարդկանց պաշտպանության: Փողոցներից անցնող ֆարրաշները դիտում էին այդ ծածկվող դեմքերը վայրենի հայացքով և, կարծես, զայրանում, որ չեն կարողանում բարձրանալ դեպի վեր և հափշտակել նրանց պաշտպանների ձեռքից: Սակայն ժողովուրդը ապահով էր այդ օրը ամեն օրերից ավելի, որովհետև շահի գալուստը ամեն չարագործական եռանդ զսպել ու սառեցրել էր:

Следующая страница