Մուրացան՝   Անդրեաս Երեց

Ագուլիսի վեքիլը, որ անձամբ հսկում էր տեղի ունեցող պատրաստությանց վրա, այդ միջոցին գտնվում էր ավանից դուրս: Որտուատի կարգապահությունը հանձնելով յուր վերակացուներին, նա իջել էր դեպի Երասխը ձգվող մեծ հարթավայրը ուր ժողովված էր արդեն աշխարհախումբ բազմություն: Այդտեղ գտնվում էին Սիսականի այն բոլոր ընտրյալները, որոնք պիտի դիմավորեին շահին առանձնապես: Մելիքներ, ազնվականներ, դատավորներ, խոջաներ, ամեն մինը յուր սեփական մարդիկներով և ավագության կարգով՝ բռնած էին մի որոշ տեղ: Դրանց հետևում էին պարսիկ կրոնավորներն իրենց կրոնապետով և հայ ու կաթոլիկ հոգևորականներն իրենց առաջնորդներով, երգեցիկներով և եկեղեցական հարուստ սպասավորությամբ: Դրանց հետ էին նաև Սյունյանց կուսանոցներից եկած միանձնուհիները, այլև, տեր-Անդրեասի աշակերտները, որոնք, հայ տնօրենների կարգադրությամբ, հագած էին ծաղկյա հարուստ շապիկներ և ձեռքերնին բռնած դեղնամոմի ճրագներ: Աշակերտներից հետո գալիս էին գեղեցիկ պատանիների և երիտասարդուհիների խմբերը՝ շքեղապես զարդարված: Ապա գուսանական պարերը (խումբ), կազմված ամենաընտիր գեղեցկուհիներից:

Այս առաջին ու ընտրյալ խմբերին հաջորդում էին արհեստավորների դասակարգերը՝ իրենց բազմազան ու գույնզգույն դրոշակներով, ապա Սիսականում գտնվող զորքերը և վերջն՝ ամբոխասաստ մի բազմություն, որ գրաված ուներ ոչ միայն հարթավայրի տարածությունը, այլև մերձակա բլուրներն ու կարավանի ընդարձակ ճանապարհը:

Վեքիլն աշխույժ նժույգի վրա նստած և ֆարրաշներին հետևից ձգած՝ անընդհատ անցուդարձ էր անում բազմության միջով, հրամաններ էր տալիս վերակացուներին և երբեմն էլ քաղցրությամբ ու ժպտադեմ խոսում էր մելիքների, բեկերի և հոգևոր առաջնորդների հետ, սպասելով բոլոր ժամանակ թե երբ կերևա առաջին սուրհանդակը, որ պիտի ավետեր շահի գալուստը:

Եվ ահա կեսավուր մոտ, Ջուղայի ճանապարհով արշավասույր ընթացող մի ձիավոր՝ ձեռքին բռնած դրոշը ծածանելով՝ հայտնեց ամենքին շահի մերձենալը: Իսկույն ամբոխի մեջ բրդեց մի շշուկ, ժողովուրդը տեգից խլրտեցավ և խումբերը սկսան տատանիլ ինչպես ալեկոծության մոտեցող ծովի կոհակներ: Փողերն ու թմբուկները որոտացին և նրանք արձագանքը սկսավ մերձակա ձորերն ու լեռները թնդացներ:

Շուտով երևաց շահին ուղեկցող հեծյալների գունդը, որ արշավասույր դիմում էր Որտուատ, ապա արքայական ասպախումբը, որի առաջին հեծյալը ինքը հզոր Շահաբասն էր, նստած ահիպարանոց նժույգի վրա: Նրան հետևում էին յուր մերձավոր իշխաններն ու գլխավոր զորապետները, որոնց գեղեցիկ զեն ու զարդը փայլփլում էր հեռվից իբրև ոսկեղեն միապաղաղ զանգված: Դրանցից հետո գալիս էր Շահի հարեմը, զետեղված զանազան պատգարակներում, ոմանք ծածկված էին թանձր քողերով ու վարագույրներով և բարձված զույգ զույգ ջորիների վրա: Սևամորթ ներքնապետը, յուր զրահավորված ներքինիներով հսկում էր այդ անմատույց սրբարանին: Իսկ դրանց բոլորին հետևում էին վերջապահ հեծելախմբերը:

Հասնելով հարթավայրին՝ շահը ողջունեց իրեն ընդառաջող բազմամբոխ ժողովրդյան, որը լուռ և խոնարհ երկրպագում էր իրեն, ապա արշավասույր ընթացքով ուղվեցավ Որտուատ, ուր փոքր միջոց հանգստանալով ապա պիտի ճամփվեր Ագուլիս:

Բյուրավոր աչքեր այդ վայրկյանին իրենց տեսությունը լարել էին ահավոր Շահաբասին տեսնելու համար: Տների կտուրներից, պատուհաններից և փողոցների բարձրավայրերից նայում էին նրան երկյուղով և հիացմամբ: Եվ տիրապետն այդ վայրկյանին արժանի էր, արդարև, յուր համբավին: Նա նստած էր արաբական ազնվարյուն նեջեդիի վրա, որի ասպազենը ծածկված էր ոսկեձույլ ու հակնթակապ զարդերով: Նժույգի բարձր ու սեգ հասակին քաջ համապատասխանում էր հեծյալի հաղթանդամ և քաջալանջ իրանը, հպարտ բայց կարճավիզ գլխով, խոշոր և գիրուկ դեմքով, հարուստ ու առատ ընչացքներով, որոնք անոլոր ցրված էին ածիլած ծնոտների վրա և մեծ մեծ ու գեղեցիկ աչքերով, որոնք նայում էին յուր շուրջը սուր և թափանցող հայացքով և կարծես սպառնում՝ որ ոչ մի մահկանացու` հարուստ լինի նա թե աղքատ, արդար թե հանցավոր, չհամարձակվի փախչել յուր արքայական տեսությունից: Նա հագած էր հնդկական նրբագործ խլա, որի օձիքն ու կուրծքը բանված էին ոսկով, մարգարիտով և մեծագին գոհարներով: Կապած էր ոսկեհուռն և հակընթակապ գոտի, որից քարշ էր ընկած դամասկյան կեռ սուրը՝ համակ ոսկեպատ և ակնակուռ: Գլխին ուներ արքայական խույր, որին հովանավորում էին թանձր ցցունքներ: Խույրի ճակատը զարդարված էր գույնզգույն քարերով, իսկ նրա ձախ կողմի վրա փայլում էր շողակնյա մի մեծ աստղ, որի մեջ ցցված էր արքայական ջղան: Շահի հարուստ զարդարանքները լրացնում էին նրա երկու գինդերը, բաղկացած երկու խոշոր ձվաձև հակինթներից, որոնք փայլում էին նրա ականջների վրա՝ իբրև զույգ հրավառ աստղեր և ոսկեձույլ հմայելը, որ կապած էր թևի վրա:

Անցնելով Որտուատի կամուրջը, նա ուղղվեցավ դեպի մեծ հրապարակը, որի վրա կառուցած էր նախկին տիրապետ Ղասաբ Հաջիի շքեղ ապարանքը, որ տասնևչորս տարիներից, այն է՝ Ղասաբ Հաջիի օսմանցիներից գերվելուց ի վեր՝ գտնվում էր տխուր և անփառունակ դրության մեջ: Այդ օրը, սակայն, այդ ապարանքն զգացել էր յուր նախկին պերճությունը: Նրան զարդարել էին թավշով ու կերպասով, հատակների վրա փռել մեծագին գորգեր, փենջարանները զարդարել վարագույրներով, իսկ սանդուղքներից սկսած մինչև հրապարակի դուռը տարածել էին կարմիր փիանդազ, որի վրայով պիտի անցներ երկրի տիրապետը: Ապարանքի գլխավոր դահլիճի մեջ, որ զարդարված էր ոսկեկար օթոցներով և փղոսկրյա կահերով ու կարասիներով՝ բացված էր համադամ նախաճաշի սեղան: Այդտեղ պատրաստ կեցած էին նաև երգիչ գուսաններ և ընտիր գեղեցկուհիների մի խումբ, որ պերճորեն հագնված, կիսամերկ կրծքով ու հոլանի թևերով պիտի սպասավորեր շահին՝ մատուցանելով նրան անուշ խորտիկներ, ազնիվ գինի, ընտիր պտուղներ և քաղցրահույզ օշարակ:

Սիսականցվոց ընդունելությանը հաճելի տպավորություն էր արել շահի վրա. այդ պատճառով նա յուր օթևանը մտավ ուրախ տրամադրության մեջ, սիրալիր կերպով ողջունեց հանդիսապետներին: Երբ նրա շուրջը խմբվեցան յուր ավագներն ու իշխանները, նա հրամայեց ներս հրավիրել նաև հայոց գլխավորներին, այն է՝ մելիքներին, ազնվականներին և նրանց հոգևոր առաջնորդներին, ի թիվս որոց և ունիթորների կարգապետին և պապի նվիրակին: Ըստ յուր հաճոյախոս բնավորության, շահն ամենքին ողջունելով՝ արժանի արավ նրանց, նաև, մի քանի բարեհաճ հարցերի, որից հետո և հրավիրեց ամենքին՝ նախաճաշ վայելել յուր հետ միասին:

Այդպես նա անում էր հաճախ, չնայելով որ յուր պարսիկ իշխանների համար մեծագույն մի նախատինք էր՝ նստել քրիստոնյաների հետ միասին և ճաշել միևնույն սեղանի վրա: Բայց որովհետև հրամայողը հզոր Շահաբասն էր, ուստի ոչ մի շրթունք չէր համարձակվում տրտունջ շշնջալ նրա դեմ:

Նույնիսկ պարսիկ կրոնապետը կատարում էր այդ հրամանը կուրորեն, որովհետև համոզված էր, որ հակառակ դեպքում կկապեին իրեն ձիու պոչին:

Բայց շահի յուրաքանչյուր այդպիսի արարք կապ ուներ մի նենգ և, շատ անգամ, անարգ դիտավորության հետ: Հաճախ նա պատվում կամ բարձրացնում էր մարդուն միայն նրա համար, որ նորեն նվաստացնելով ավելի ևս զգալ տա նրան յուր անկման նախատինքը: Բազմացնելով յուր սեղանի վրա հայոց գլխավորներին՝ նա, միևնույն ժամանակ, առանձին հրամայել էր՝ ներս բերել նաև հայոց կաթողիկոսին, որին շղթայակապ հասցրել էին Որտուատ՝ այդտեղից Ագուլիս և անտից Պարսկաստան տանելու համար: Գուսանական երգերով և գինարբությամբ համեմված հացկերույթի միջոցին՝ հանկարծ հնչեցին դահլիճում կալանավորի շղթաները: Բոլորը ետ նայեցան: Պարսիկ իշխաններին տիրեց մեծ հրճվանք, հաճության ժպիտ խաղաց, նաև, ունիթորների կարգապետ Հայր Երազմոսի և պապի նվիրակ Չիտտագինիի դեմքերին, մինչդեռ հայ ավագները կարծես շանթահար եղան, նրանց դեմքերը այլագունեցան և քիմքերը դառնացին...: Նրանց առաջ կանգնած էր Մելիքսեդեկ կաթողիկոսը՝ ճնշված և նվաստացած, նիհար ու դալկադեմ: Աղքատիկ մի քուրձ հազիվ էր պաշտպանում նրա մարմինը ձմռան ցրտությունից և դեղնած վեղարը ծառայում էր իրեն ոչ իբր գլխանոց՝ այլ իբրև ծածկույթ յուր դեմքին, որի վրա նկարված էր այնքան վիշտ ու տառապանք:

Այսպիսի մի ուրախության օր, երբ հայ իշխաններդ վայելում եք ինձ սեղանակից լինելու բախտավորությունը, ես կամեցա մի ուրիշ հաճույք էլ պատճառել ձեզ, — խոսել սկսավ շահը կեղծավորաբար. — գիտեմ որ դուք սիրում եք ձեր խալիֆին, ուստի նրան Իրան ղրկելուց առաջ (որտեղից այլևս նա չի դառնալու), կամեցա որ վերջին անգամ յուր տեսությունը վայելեք:

Թող աստված երկար կյանք պարգևե շահին, որ այդքան առատորեն թափում է մեզ վրա յուր ողորմածության պարգևները, — պատասխանեց հայոց առաջնորդը՝ խոնարհելով մինչև գետին:

Այդ պատասխանը թեպետ միամտաբար տրվեցավ, բայց նա ազդեց խորագետ շահի վրա, որովհետև զգալ տվավ նրան թե հայ առաջնորդի բարեմաղթությունը նույն արժեքն ունի յուր համար, ինչ որ յուր «պարգևները» հայ ազգի համար:

Բայց ինչու արդյոք շահը բերավ կաթողիկոսին այդտեղ, ինչ նպատակի էր ծառայում նրա այդ վայրենի զվարճությունը:

Առաջին նպատակն այն էր՝ որ հայ իշխանները տեսնելով իրենց պետին այդ նվաստ դրության մեջ, ամաչեն, նամուսի գան, և շահին տալիք նվերների հետ միասին վճարեն, նաև, կաթողիկոսի, կամ որ նույնն է, Էջմիածնական Աթոռի պարտքը (որը դեռ օսմանցիների տիրապետության ժամանակից հանիրավի դրված էր սուրբ Աթոռի վրա), երկրորդ՝ կամենում էր հաճույք պատճառել պապի նվիրակին՝ գիտենալով նրա հակառակությունը հայոց եկեղեցու հետ և դրանով նրան պարտավորեցնել՝ ծառայել յուր կամքին ուրիշ դեպքերում: Երրորդ՝ այդպիսով ամոքում էր շահը յուր հավատարիմների սիրտը, միևնույն ժամանակ հասկացնելով նրանց թե ձեր համար միայն վայրկյանի գործ է՝ գլորել մեկին ամենաբարձր աստիճանից մինչև ստորագույնը, եթե նա կհանդգնի անհաճո լինել իրեն որևէ մի բանով:

Կաթողիկոսը կանգնած մնաց դահլիճում մինչև նախաճաշի վերջը, որից հետո զինվորները վերադարձրին նրան յուր արգելանոցը: Ոչ ոք հայերից չհամարձակվեցավ նույնիսկ ամենաթույլ դժգոհության մի ցույց արտահայտել շահի դեմ: Միայն Անդրեաս երեցը, որ յուր աշակերտների հետ միասին կանգնած էր դրսի սրահում և ի պատիվ շահի երգել էր տալիս նրանց, տեսնելով կաթողիկոսին շղթայակապ, իսկույն հուզվեցավ և ծունկ չոքելով նրա առաջ՝ աջը համբուրեց: Նույնն անել տվավ նա և յուր աշակերտներին: Բացի այդ, բոլոր ժամանակ որ կաթողիկոսը գտնվում էր դահլիճում, նա թույլ չտվավ որ յուր աշակերտները երգեն: Այս հանգամանքը, բարեբախտաբար, աննկատելի մնաց շահի և դահլիճում գտնվող մեծամեծների համար, որովհետև գուսանական երգերը ավելի էին գրավում նրանց, քան հայ աշակերտների մեղեդիները:

Քիչ ժամանակից հետո հանդիսապետները դուրս եկան դահլիճից՝ արքային ուղեկցող գնացքը կարգավորելու:

Այժմ ամենից առաջ պիտի ընթանար հայ հոգևորականությունը, կազմելով շքեղ եկեղեցական թափոր, կրելով ձեռքին նվիրական սպասներ և շարունակ երգելով ու խնկարկելով: Նրան պիտի հետևեին հայ միանձնուհիները, իրենց առանձին երգչուհիներով: Ապա տեր-Անդրեասը՝ յուր աշակերտական խմբով: Սրանցից հետո պիտի գային պարսիկ հոգևորականները, ազնվականները, ժողովրդյան ավագները, ապա գեղեցիկների և գեղեցկուհիների խմբերը, գուսաններն ու կայթողները, վերջը՝ Շահաբասը յուր թիկնապահներով ու իշխաններով, որոնց և կհետևեին՝ հարեմը, հեծելախումբը և այլն և այլն:

Երբ ամեն ինչ պատրաստվեցավ, դուրս եկավ շահը յուր ապարանքից: Արաբական նեջեդին պատրաստ կեցած էր գլխավոր մուտքի առաջ: Նրա ոսկե սանձը բռնել էր արքայի հավատարիմ Շահռուխը, իսկ ասպանդակը՝ Ամիրգյունե խանը: Շահը մոտենալով ձիուն՝ թռավ նրա վրա ինչպես քսանամյա մի պատանի և առաջ անցավ:

Հանդիսավոր գնացքը, որի մի ծայրը գտնվում էր ապարանքի ընդարձակ հրապարակում և մյուսը՝ Որտուատից մի քարընկեց դուրս, նշան անելուն պես առաջ շարժվեցավ: Չնայելով հետիոտների ահագին բազմության՝ նա ընթանում էր արագ, և յուր այդ դիրքում նմանում լեռնային մի լայնատարր հեղեղի, որ զորեղ հոսանքով առաջ մղվելով՝ ծավալվում է աջ ու ձախ, գրավում ընդարձակ դաշտեր ու հովիտներ և յուր շատաջուր ողողման ներքո ծածկում պատահած ամեն խոչ ու խութ, բայց ծածկում առ ժամանակ և ապա ամեն ինչ յուր տեղը թողնելով հոսում, անհետանում:

Այդ հանդիսավոր գնացքը, որ արտաքուստ երևում էր կարի շքեղ ու փառավոր, ներքուստ չուներ ոչ մի ներդաշնակություն: Առջևից գնացող հայ հոգևորականությունը երգում էր շարականներ, իսկ նրան հետևող գուսանների խումբը՝ աշխարհային անպարկեշտ երգեր: Մի տեղ կրում էին խաչ ու վառեր և սրբազան սպասներ, մյուս տեղ՝ դափ ու ծնծղա և աճպարարական գործիքներ: Միանձնուհիների և աշակերտների համեստ խմբերին հաջորդում էին կայթողներ ու կաքավողներ, իսկ ազնվականության գլխավորներին՝ խեղկատակներ և ձեռնածուներ: Միով բանիվ, ամեն տեղ երևում էր անճաշակ զվարճասիրության արդյունք: Շահաբասը ցանկանում էր, որ ուր որ էլ գնար՝ դիմավորեին իրեն հանդիսով, որ ամեն ազգ և ժողովուրդ հաներ յուր առաջ ամենը՝ ինչ որ ուներ փայլուն ու գեղեցիկ, իսկ թե դրանց մեջ կա՞ր միություն կամ ներդաշնակություն, այդ բանը նա չէր պտրում բնավ:

Այնուամենայնիվ, այդ հանդիսական գնացքին ամենից ավելի փայլ էր տալիս հայ հոգևորականությունը յուր վեհաշուք թափորով և արտաքին արդուզարդով, Շահաբասը, որ մի առանձին հաճությամբ հաճախում էր Սպահանում հայոց եկեղեցին և ներկա լինում նրանց տոնական արարողությանց, նամանավանդ ջրօրնյաց, զատկի, համբարձման և վարդավառի տոներին, այստեղ էլ զննում էր թափորի հանդեսը ոչ առանց հետաքրքրության: Այդ նպատակով իսկ, Որտուատից բավական հեռանալուց հետո՝ նա առաջ վարեց յուր նժույգը և մոտեցավ հայ հոգևորականներին, թափորն ի մոտո զննելու համար: Քահանաների երգեցողության ձայնակցում էին այդ միջոցին տեր-Անդրեասի վաթսուն աշակերտները: Եվ այդ ձայնակցությունը այնքան զորավոր ու ներդաշնակ էր, որ գրավեց շահի բարձր ուշադրությունը: Բայց հազիվ նա նայեց նրանց վրա մի վայրկյան և ահա իսկույն դեմքը խոժոռեց և դառնալով թիկնապահներին հրամայեց:

Կանչեցեք այստեղ Ամիրգյունեն:

Նախարարը մոտ եկավ իսկույն:

Խան, այս ի՞նչ աղտեղություն է, որ հանդես ես բերել այստեղ, — հարցրեց շահը զայրագին:

Ի՞նչ, ձերդ մեծություն, — հարցրեց նախարարը, չկարողանալով իսկույն հասկանալ թե ինչի մասին է խոսում շահը:

Նայիր, ահա, այս գոնջոտների խմբին, ինչի՞ համար են սրանք այստեղ:

Ամիրգյունեն նայեց տեր-Անդրեասի աշակերտների վրա, որոնք, չնայելով որ հագած էին հարուստ շապիկներ, այնուամենայնիվ, իրանց սափրած և կեղծ-գոնջոտ գլուխներով ներկայացնում էին մի կատարյալ տգեղություն:

Դրանք հայոց դպրոցի աշակերտներն են, տեր. հայերը սովորություն ունին գերծել ուսանող տղաների գլուխները, — պատճառաբանեց նախարարը:

Բայց նրանք ամենքն էլ վարակված են գոնչով, ո՞վ համարձակվեց հանել նրանց իմ առաջ, — հարցրեց Շահը ավելի գրգռվելով:

Ամիրգյունեն մնաց լուռ, որովհետև չգտավ մի պատճառ, որով կարողանար արդարացնել իրեն: Այդ դեպքում նա չէր կարող մեղադրել վեքիլին կամ հայոց առաջնորդին, որովհետև շահի առաջ ինքն էր միակ պատասխանատուն:

Շահաբասը նախարարի լռությունը տեսնելով՝ մի խուլ մռնչյուն արձակեց և նժույգի գլուխը դարձնելով՝ յուր առաջվա տեղը դարձավ:

Արքայի զայրույթը, որ ուղղված էր Ամիրգյունեի դեմ, տխրեցրեց նրա բարեկամներին, որոնք ծանոթ էին շահի չարահույզ բնավորության հետ, իսկ Շահռուխ բեկին, ընդհակառակն, մեծ հաճույք պատճառեց, որովհետև այդ դեպքը հույս տվավ նրան թե՝ շուտով պիտի կարողանա վրեժխնդիր լինել ոչ միայն նախարարին, որ պաշտոնանկ արավ իրեն, այլև տեր-Անդրեասին, որ խլեց իրենից գեղեցիկ Վարդենիին:

Չնայելով անախորժ միջադեպին, շահը մտավ Ագուլիս գեթ առերես ուրախ, որովհետև իբրև փորձառու մարդ անպատշաճ էր համարում խոժոռված դեմքով ու սպառնացող հայացքով մուտ գործել մի քաղաք, ուր ամենքը սրտատրոփ սպասում էին իրեն, ուր ամեն ինչ պատրաստած էր յուր աչքերը պարարելու և հաճույքը գրգռելու համար: Չնայելով ձմեռային եղանակին, փոքրիկ ավանը զարդարված էր կարի շքեղորեն: Սարավույթներն ու պատշգամբները զարդարված էին վառերով, իսկ տների բարձունքը գույնզգույն լապտերներով: Շահի անցնելիք փողոցներում կանգնեցրած էին զանազանակերպ կամարներ, իսկ հրապարակներում հրավառության գահեր ու ճախրակներ: Տունը, որի մեջ օթևան էին պատրաստել շահի համար, Ագուլիսի միակ հոյակապ շենքն էր և պատկանում էր հայոց խոջաներից մինին: Ներքուստ ու արտաքուստ զարդարել էին նրան թավշով, կերպասով և հնդկական դիպակներով, իսկ հատակները ծածկել ազնիվ ու մեծագին գորգերով: Նրա սենյակները կահավորված էին արծաթե ու փղոսկրյա կարասիներով, ապակեզարդ փենջարեները՝ սքողված նուրբ ոսկեթել վարագույրներով, իսկ նրանց քիվերը՝ ծածկված ծաղիկներով, որոնք դրված էին ճենապակյա սկահակներում: Լայնադիր սանդուղները ծածկում էր քրքմագույն փիանդազ՝ տարածվելով մինչև բակի մեծ դուռը, որ զարդարված էր գույնզգույն վառերով, լապտերներով և մշտադալար ծառերի ոստերով:

Շահն ամեն ինչ Ագուլիսում գտավ պատշաճավոր և հաճոյական, նամանավանդ, երբ երեկոյան քաղաքը լուսավորեցին տասնյակ հազարավոր լապտերներով և ահարկու հրավառությամբ: Թեպետ դրանք չնչին բաներ էին համեմատելով այն փառահեղ ընդունելության հետ, որ Շահաբասի համար պատրաստել էին մի օր բարգավաճ ջուղայեցիք և որոց միայն լապտերների թիվը հասնում էր այն ժամանակ հիսուն հազարի, այնուամենայնիվ, փոքրիկ Ագուլիսի համար՝ եղած պատրաստություններն էլ շատ հերիք էին: Մանավանդ որ Շահաբասը (որի կործանիչ ձեռքը ավերել էր ոչ միայն անվանի Ջուղան, այլև շատ քաղաքներ ու գեղեր՝ ցրելով ու տարագրելով նրանց բնակիչներին), վաղուց էր, ինչ չէր տեսել այնպիսի ընդունելություն, որպիսին այժմ պատրաստել էին տակավին շեն ագուլեցիք: Այս պատճառով նա զվարճանալով զինքը շրջապատող հրապույրներով՝ մոռացավ մինչև անգամ այն տհաճությունը, որ նա ճանապարհին զգացել էր իրեն ընդառաջող տղաների «գերծած գլուխները» տեսնելով:

Բայց սատանան, որ միշտ գործում է մարդու ձեռքով և խոսում նրա լեզվով, չէր դադարում հայոց բախտի անիվը դեպի ձախ դարձնելուց: Երբ թագավորն յուր մեծամեծների առաջ գոհունակություն հայտնեց ագուլեցվոց ընդունելության մասին, Շահռուխ-բեկն իսկույն հիշեցրեց նրան «գերծած գլուխների» չարահուշ դեպքը, ավելացնելով թե՝ «այդ ամենամեծ անարգանքն է, որ հայերն, առհասարակ, ցույց են տալհս իրենց անհաճո եղող թագավորին»: Այդպիսով բեկը կամենում էր շարժել շահի զայրույթը, որի հետևանքը, հարկավ, պիտի լիներ նախատինք Ամիրգյունեին և կորուստ՝ բազմաթիվ ու անվանի հայերի:

Բայց որովհետև Ամիրգյունեն ներկա էր այդ զրույցին, ուստի թույլտվություն խնդրելով թագավորից՝ ծանր դիտողություն արավ չարասեր Շահռուխին:

Դու արքայի հավատարիմն ես և քեզ չի վայելիլ չարախոսել նորին մեծափայլության առաջ յուր հպատակ ժողովրդից և դրանով արքայի սիրտը վշտացնել, այն արքայի, որ միայն ևեթ յուր ժողովրդի բարօրության ու հանգստության վրա է մտածում: Եթե հայերը երազեին նվազեցնել իրենց հարգանքը դեպի արեգակնափայլ շահը, ապա նրանք չէին ընդառաջել նրան այնպիսի աշխարհախումբ բազմությամբ, որպիսին տեսար դու այսօր: Նրանցից ոչ մեկին մենք չենք ստիպել, այլ իրենք են հոժարակամ եկել տեսնելու այն մեծ արքային, թագավորաց թագավորին, որի մի բարի խոսքը ազգեր է բախտավորեցնում, մի քաղցր հայացքը թշվառություններ վերացնում, որն ամենակարող աստծուց ու նրա մարգարեից հետո՝ միակ պաշտպանն է անօգնական այրիների, խղճուկ որբերի, ոտնակոխ եղած իրավունքների... որ ուրախությամբ վարձատրում է բարությունը և քաջալերում յուր ծառաների հավատարմությունը, որ իհարկե, չի կայանում գաղտնի քսությամբ անմեղներին մատնելու մեջ...:

Նախարարի վերջին հաճոյախոսությունը ավելի ազդեցություն արավ շահի վրա՝ քան Շահռուխի չարախոսությունը, այդ պատճառով կամենալով յուր հաճությունը ցույց տալ Ամիրգյունեին, շահը ընդհատեց.

Ես շնորհակալ եմ հայերից, խան և, մինչև անգամ պիտի ներեմ նրանց, եթե իմանամ որ տղաների գլուխները նրանք գերծել են միամտաբար: Բայց և այնպես, ես Շահռուխին իրավունք եմ տալիս քննել այդ բանի պատճառները և հայտնել ինձ անհապաղ թե՝ ով որքան հանցավոր է այդ գործում:

Եվ սակայն «գերծած գլուխների» գործը կարելի էր մոռացնել, կամ, գոնե, այդ առթիվ ներողություն հայցել, մանավանդ որ Ամիրգյունեն հոգում էր հայերի համար: Բայց շուտով առաջ եկավ նաև մի հանգամանք, որ կրկին Շահաբասի զայրույթը գրգռեց, որով և հայոց հանցանքի կշիռը ծանրացավ:

Շահի Ագուլիս մտնելու երկրորդ օրը, ինչպես օրենք էր, ժողովրդի գլխավորները ներկայացան արքային՝ բարի գալուստ մաղթելու և այդ առթիվ նրան ընծաներ տալու համար:

Պարզ է, որ ներկայացողների ամենամեծ մասը հայոց մելիքները, խոջաները և ազնվականներն էին: Չնայելով որ նրանց բերած թե ընծաները և թե ոսկիները ավելի շքեղ ու առատ էին, բայց որովհետև համաձայն տեր Անդրեասի խորհրդի և կանխավ արած որոշման, նրանցից յուրաքանչյուրը ընծաներն առաջարկեց Շահին իբրև նվեր, իսկ ոսկին՝ իբրև ս. Աթոռի պարտավճար, ուստի շահն այդ բանից սաստիկ վիրավորվեց:

Երբ ամենքն արդեն իրենց ընծաները տվին, իսկ ոսկիները կուտակեցին ոսկե սկուտեղներում, շահն սկսավ ոլորել յուր հարուստ ընչացքները և ապա նորեն ցրվել նրանց յուր գիրուկ ծնոտների ուղղությամբ: Այդ նշան էր որ նա կամենում էր խոսել, ուստի ամենքը ձեռքները կրծքին և գլուխները խոնարհած՝ լարեցին իրենց լսողությունը:

Նրանք, որոնք այժմ իմ գալուստը շնորհավորեցին իսկությամբ ըմբռնելով Իրանի մեծ գահակալին և արքայից արքային պարտ ու պատշաճ հարգանք մատուցանելու պարտքերին, հարկավ, կարժանանան իմ բարեհաճ ուշադրության: Իսկ նրանք, որոնք թերահավատել են իրենց պարտավորության մեջ կամ գռեհկությամբ աշխատել են աչքերը խաբել, նրանք, եթե չիջնեն իսկ իրենց արդի դիրքից, գեթ կմնան այնտեղ, ուր երբեք չի հասնիլ մեր վեհ աթոռի կենդանարար ճառագայթը...

Այս բարձրահոն պատգամից հետ՝ շահը դարձավ նախարար Ամիրգյունեին.

Խան, — ասաց նա, — ես սիրում եմ և ճշմարտախոսին, և փիլիսոփային, բարեբախտաբար դու և առաջինն ես, և երկրորդը, արդ, ասա ինձ, կարելի է փրկել այն անհատին կամ ժողովրդին, որ կամենում է կորչել:

Ոչ, տեր իմ, — պատասխանեց Ամիրգունեն:

Ես էլ այդ կարծիքին եմ, — հարեց իսկույն շահը, — այս հայերը, խան, շատ թարս մարդիկ են. ինձ թվում է թե՝ նրանց մանուկներին մանկաբարձը միշտ ձախ ձեռքով է ընդունում... այսպիսի սովորություն կա՞ ձեր մեջ, — հարցրեց շահը հայոց մելիքներին:

Ոչ, մեծափառ տեր, — պատասխանեցին նրանք:

Ուրեմն ուրիշ տեղ պետք է որոնել ձեր թարսության պատճառները:

Այս ասելով շահը նորեն սկսավ յուր ընչացքը ոլորել և ապա դառնալով Խոջա Նազարին, որ հարուստ ու անվանի լինելուց զատ, նաև պաշտոն ուներ արքունիքում, խիստ ձայնով հարցրեց.

Խոջա-Նազար, ինչո՞ւ քո այս հայերը անպատճառ կամենում են կորչել:

Եթե քո մեծափառության աջը հովանավորում է նրանց, նրանք չեն կորչիլ, — պատասխանեց Նազարը:

Այս օրվանից իմ աջը ես հեռացնում եմ նրանցից:

Այդ անելուց առաջ, մեծափառ արքա, հրամայիր որ իմ հայրենակիցները մատնեն իրենց Երասխի կատաղի ալիքներին:

Քո խելքը, Նազար, չի փրկիլ դրանց:

Բայց քո գթությունը կփրկե:

Անկարելի է, ասում եմ քեզ:

Արևը միայն լույս ու կենդանություն է սփռում, — նկատեց Նազարը այլաբանորեն:

Բայց նա շատ անգամ, նաև, չորացնում ու այրում է, — պատասխանեց շահը նույն ձևով:

Ինչո՞վ արդյոք, մեծափառ տեր, իմ հայրենակիցներն արժանացան քո արդար բարկության:

Ինչով, դու սպասավորում ես արքայի դռանը և դեռ չգիտես թե՝ ինչ հանցանք գործեցին այժմ իմ առաջ:

Իմ միտքը լուսավորվում է միայն արքայի իմաստուն թելադրությամբ, — առարկեց Նազարը:

Եթե այդպես է, ուրեմն լսիր: — Այս ասելով շահը դարձավ դեպի հայոց իշխավորներն ու շարունակեց. — ասացեք ինձ անկեղծորեն, երբ ձեզ մոտ գալիս է մի թանկագին հյուր, որի հետ դուք առաջուց ունենում եք հաշիվներ, արդյոք դուք նախ նրա գալո՞ւստն եք շնորհավորում, ողջույնի ճաշ մատուցանում և ապա թե նրա հաշվի մասին խոսում, թե ամենից առաջ հաշվի մատյանն եք բանում.

Հայերը լուռ էին:

Ձեր Աթոռը, կամ ճիշտն ասած, ձեր կաթողիկոսը պարտ է իմ գանձարանին երեք հարյուր թուման, այդ փողը պիտի վճարվեր ընդունված եղանակով, հակառակ դեպքում, ձեր կաթողիկոսը պիտի կրեր յուր շղթան մինչև կյանքի վերջը, այդ հայտնի՞ էր ձեզ թե ոչ;

Հայտնի էր, տեր, — պատասխանեցին մելիքները:

Արդ, ինչ իրավունքով դուք նրա հաշիվները խառնել եք այսօր այն նվերների հետ, որ պիտի մատուցանեիք ձեր վեհապետին:

Ամենքը լուռ էին:

Սկզբից արդեն դուք սովոր էիք ընծաների հետ միասին բերել ձեր արքային նաև առատ ոսկի: Այդ կարգն առաջին անգամ ես տեսա Ջուղայում, ուր մուտ գործեցի ես տասներկու տարի առաջ: Այդպե՞ս է թե ոչ, խոջա-Անձրև, — դարձավ թագավորը Ցղնայի խոջային:

Այո, տեր իմ, և ոսկվո առաջին սկուտեղը բախտ ունեցավ ներկայացնել քո մեծափառության խոջա-Խաչիկը:

Այո, իմ բարի հյուրընկալը, որ Երասխի ափից մինչև յուր տունը մետաքսե ազնիվ փիանդազ էր փռել իմ ոտքերի տակ... տեսնո՞ւմ եք, ես չեմ մոռանում իմ լավ հպատակի արժանավոր գործը... բայց ինչպես եղավ նրա վախճանը, չեմ հիշում, հարցրեց շահը՝ դառնալով Նազարին:

— «Խոջա Խաչիկը խեղդվեցավ Երասխում այն տարին, երբ քո մեծափառության հրամանով հայերը քշվեցան Պարսկաստան: Քշող վերակացուներից մինը երկաթե գավազանով հրել էր նրան դեպի գետը այն, ժամանակ, երբ խոջան կամենում է եղել ազատել յուր տասներկու տարեկան աղջկան, որին, գետից անցնելու պատրվակով առևանգում է եղել մի զորական:

Թող աստված լուսավորե նրա հոգինհարեց շահն անտարբերությամբ և ապա դառնալով մելիքներին՝ շարունակեց.

Ջուղայեցվոց այդ ընդունելությունը հաճելի եղավ ինձ. և ես հրամայեցի որ այնուհետև ամեն տեղ իմ երկրում նույն կերպով ընդունեն ինձ: Արդ, եթե այս ոսկիները դուք խնդրում եք ընդունել կաթողիկոսի պարտքի տեղ, հապա ուր են այն ոսկիները, որ պարտավոր եք մատուցանել իբրև գին այն շնորհին, որ արավ ձեզ Իրանի մեծ գահակալը՝ այցելելով ձեր այս խղճուկ քաղաքին:

Հայերը դարձյալ լուռ էին:

Ի պատիվ իմ ազնիվ խան Ամիրգյունեի, որ հոգում է միշտ ձեր բարօրության համար և ի շնորհս ձեր հայրենակիցների, խոջա Նազարի, խոջա-Սուլթանումի, մելիք-Հայկազի, մելիք-Սուջումի, քաջ Միրվելիի և ուրիշների, որոնք արժանացել են իմ դրան մեծագույն պատվին, ես ներում եմ ձեզ ձեր այդ հանցանքը և այս ավուր բերած թե ընծաներն և թե ոսկիները ընդունում եմ միայն իբրև ողջույնի նվեր, որն ամեն մի հավատարիմ հպատակ պատրաստ է դնել յուր շահնշահի ոտքերի տակ...: Իսկ ինչ վերաբերում է կաթողիկոսի պարտքին, այն պիտի վճարվի իմ գանձարանին մինչև վերջին փողը, հակառակ դեպքում կաթողիկոսի միսը ես պոկել կտամ աքցաններով, ինչպես որ արի չորս տարի առաջ, Ամիրգյունեի որդու ձեռքով Երեվանի հրապարակում: Ես մինչև անգամ կախել պիտի տայի նրան Գորիում, ուր եկել էր այդ ժամանակ իմ գթությունը հայցելու, եթե իմ այս բարի խանը կրկին և կրկին բարեխոսած չլիներ նրա մասին և թողություն խնդրած:

Հայոց գլխավորները առանց մի բառ անգամ արտասանելու խոնարհեցին շահի առաջ մինչև գետին և միայն խոջա-Անձրևը համարձակություն առավ բոլորի կողմից ասելու՝

— «Թող կատարվի հզոր շահի կամքը, որի առաջ խոնարհելը ոչ միայն պարտավորություն, այլև բախտավորություն է մեզ համար»:

Շահի հեռանալով մեջլիսը ցրվեցավ:

ԺԳ

Թեպետ Շահռուխ-բեկը գոհ չեղավ արքայի դեպի հայերըն ունեցած ներողամտությունից, այսուամենայնիվ, նա քաջալերվեցավ այն դեպքից, որն առիթ տվավ շահին՝ երկրորդ անգամ հայերի դեմ զայրանալու, ըստ որում այդ նշանակում է թե կրակն արդեն պատրաստ է, մնում էր միայն փչել վրան և հրդեհն ինքնիրեն կբորբոքի:

Այս պատճառով, ահա օգտվելով շահի «գերծած գլուխների» գործը հետազոտելու մասին իրեն տված իրավունքից, Շահռուխ-բեկը սկսավ մի կարի խիստ և բազմակողմանի քննություն: Նրա նպատակն ոչ այնքան գործի պատճառները հետազոտելը և ճշտությունը երևան հանելն էր, որքան հայոց վրա նոր հանցանքներ բարդելը: Եվ այդ նպատակին հասնելու համար՝ նա գործ դրեց ամեն հնարավոր միջոց:

Երկու օրից ետ Շահռուխը ներկայացավ շահին և հետևյալն ասաց,

— «Հայերի հանդգնությունը, տեր, անցել է ամեն չափ ու սահման: Քո արևափայլ մեծության նրանք հասցրել են այնպիսի անարգանք, որի նմանը մինչև այսօր չէ հասել Իրանի ոչ մի գահակալին...»:

Թագավորը կատաղեց.

Կարճիր լեզուդ, թշվառական, ո՞վ է այն ապերասանը, որ համարձակվի երազել՝ անարգանք հասցնել ահավոր Շահաբասին, — գոչեց նա տեղից վեր թռչելով և յուր մեծ-մեծ աչքերում վայրենի հուր ցոլացնելով:

Ավաղ, տեր իմ, կատարված քննությունն ապացուցեց որ հայերը ոչ միայն կարողացել են երազել, այլև գործադրել: Ներիր քո ծառային, որ դժբախտությունն ունի այսօրինակ մի անախորժ լուր քո մեծության հաղորդելու, պատասխանեց Շահռուխը կեղծ ակնածությամբ:

Դու իրավունք չունիս ոչինչ թաքցնելու, խոսիր, ինչ որ գիտես, հրամայեց թագավորը՝ հրացայտ աչքերը պաշտոնյայի վրա սևեռելով:

Ես պտտել եմ Իրանի շատ գավառներ, գտնվել եմ շահնշահի հովանին վայելող ամենահեռավոր երկրներում և ամեն տեղ, տեր իմ, տեսել եմ ժողովրդին քեզ սիրող ու անձնվեր, քո անվան երկրպագու: Ընդարձակածավալ Իրանի մեջ ես չեմ պատահել մի մարդու, որ երջանիկ չհամարեր իրեն, եթե վերցնեին նրանից ոչ միայն յուր գույքն ու հարստությունը, այլև բոլոր զավակները՝ մեծափառ շահին նվիրելու համար: Ամեն մի ուղղափառ սիրով կխոնարհեր գլուխը այդօրինակ հրամանի առաջ հավատալով թե դրանով պիտի արժանանա շահի գեթ մի ողորմած հայացքին...:

Ինչո՞ւ համար է այդ նախաբանը, — ընդհատեց շահն անհամբերությամբ:

Համեմատելու համար մեր ուղղափառներին այդ քրիստոնյա հայերի հետ, որոնց դու իրավամբ «թարս» անվանեցիր: Երբեք չէի կարող կարծել, կամ նույնիսկ երևակայել թե՝ այս ագուլեցի հայերը իրենց մանուկների գլուխները կզերծեին՝ արհեստական կերպով նրանց տգեղացնելու համար, որպեսզհ մեծափառ շահը նրանցից ոչ ոքին գեղեցիկ չգտնելով, չտանե յուր հետ Սպահան:

Անկարելի է... ճշմարտությունը խոսիր, Շահռուխ, ապա թե ոչ, այս րոպեին մեխել կտամ գլուխդ դարբասի պատի վրա, — գոչեց թագավորը այնպիսի սրտմտությամբ, որից ամեն ոք կարող էր դողալ: Բայց Շահռուխը, որ լավ էր ճանաչում յուր վեհապետին, խաղաղ ձայնով պատասխանեց.

Ինչպե՞ս կհանդգնեմ ստել քո ահավոր մեծության առաջ, տեր իմ:

Թշվառական, ես ինքս տեսա, որ այդ մանուկները վարակված էին գոնջով, անշուշտ նրանց գլուխները գերծել են՝ գոնջը դարմ անելու համար:

Հենց գլխավորն այն է՝ որ այդ գոնջն էլ կեղծ է:

Ինչպե՞ս, դու չե՞ս զառանցում:

Ոչ, տեր իմ, ես ճշմարտություն եմ խոսում. հայ ծնողներն այդ գոնջը առաջացրել են մանուկների գլխների վրա արհեստական եղանակով: Այդպես է վկայում քո բժշկապետը:

Ուղուրլու-բե՞կը:

Այո, տեր իմ:

Կանչեցեք նրան այստեղ, — հրամայեց շահը շաթիրներին:

Բժշկապետը ներս եկավ և հաստատեց այն ամենը, ինչ որ հաղորդել էր Շահռուխը, այլև ավելացրեց թե ինքն այդ գոնջի նմանող վերքերը կարող է բուժել երկու օրվա մեջ ամենահասարակ օծանելիքով, մինչդեռ գոնջը, ինչպես հայտնի է, հազիվ է բուժվում մի քանի ամիսների և երբեմն, ամբողջ տարվա ընթացքում:

Թագավորը թեպետ սաստիկ զայրացավ, բայց չկամենալով իսկույն ևեթ պատժել հանցավորներին, հրամայեց հետևյալ օրը կազմել բազմամարդ ատյան, բերել այդտեղ նաև մանուկների ծնողներին և յուր ներկայությամբ հարցուփորձել նրանց: Եվ որպեսզի հանցավորները ժամանակ չունենային միմյանց հետ տեսնվելու և արդարացման պատճառներ հերյուրելու, շահը պատվիրեց չհայտնել ոչ ոքի թե՝ ինչո՞ւ համար ատյան է հրավիրվում:

Եվ հետևյալ օրը մունետիկները հնչեցրին քաղաքում շահի հրամանը: Իսկույն ավագանին շտապեց ապարանքի սրահը: Եկան այդտեղ հայ ու պարսիկ մեծամեծները, մելիքները, բեկերը, խոջաները, դատավորները, հայոց առաջնորդը և քահանաները, ունիթորների կարգապետն ու պապի նվիրակը և վերջապես տեր-Անդրեասի վաթսուն աշակերտների ծնողները, որոնք գուշակելով թե՝ ինչի համար են հրավիրված, մտնում էին սրահը իբրև մահապարտներ: Նրանց դեմքերի վրա նկարված էր երկյուղ և սարսափ:

Следующая страница