Մուրացան՝   Անդրեաս Երեց

Եթե հանցավորի համար է խնդիրդ, չի պիտի լսեմ, — ընդհատեց հանկարծ թագավորը:

Քեզ խնդրում են այժմ հազարավոր մայրեր, քեզ պաղատում են հազարավոր քույրեր, լսիր նրանց, տեր իմ, նայիր նրանց արտասուքներին, — բացականչեց Սառան՝ ձեռքերը կողկողագին դեպի թագավորը տարածելով:

Լսիր, կին դու, խոսել սկսավ շահը մեղմով, — անցյալ հիշատակները ինձ մի փոքր զբաղեցրին և ես մոռացա թե ինչու համար ես դու այստեղ: Ես քեզ հարգում եմ, իբրե մի կնոջ, որին մի անգամ «մայր» անունն եմ տվել, ուստի և չեմ կամենում խոսել քեզ հետ խստությամբ: Բայց գիտցիր որ ես չէի խնայիլ նույնիսկ իմ հարազատ մորը, եթե նա ժտեր ներումն խնդրել ինձանից մի ապիրատի համար, որ յուր թագավոր որդուն անարգել է հրապարակավ...

Աստված, որ թագավորների թագավորն է և համայն տիեզերքի արարիչը, ներում է հանցավորին երբ նա զղջում է և քավում յուր մեղքերը: Կալանավոր քահանան վաղուց զղջացել է յուր արածի համար, իսկ նրա կրած չարչարանքները քավել են արդեն նրա հանցանքը: Ես համարձակվում եմ ներումն խնդրել, որոհետև հավատում եմ թե՝ իմ թագավոր որդին կցանկանա հետևել յուր արարիչ աստծուն:

Շահը մի վայրկյան լռեց և աչքերը շուրջ հածելով՝ կարծես, կամենում էր իշխանների ցանկությունը գուշակել:

Հանկարծ Շահռուխն առաջ գալով՝ կեղծ կարեկցությամբ ասաց.

Որքա՛ն ցավալի է, տեր իմ, որ հարգարժան խաթունը յուր խնդիրն առաջարկում է քո երդումից հետո: Եթե նա վաղ ներկայանար...:

Օ՛, անհնարին է, մայր իմ, բացականչեց շահը, կարծես քնից վեր թռչելով, անհնարին է, ես երդվել եմ աստուծո և իմ իշխանների առաջ: Ես չեմ ներիլ հանցավորին, մինչև որ նա յուր հավատը չուրանա:

Աստված կներե երդմանդ՝ բարի գործ կատարելուդ համար, ասաց խաթունը:

Անհնարին է, ես երդվել եմ իմ գլխով:

Հազարավոր բերաններ կօրհնեք, քեզ սրտագին և քո մեծափառ գլուխը ազատ կմնա չարիքից:

Ես վերջին խոսքն ասացի, հանցավորը կամ պիտի յուր հավատն ուրանա և կամ նշանակված օրը գլխատվի:

Գթացիր, տեր իմ, գեթ այս թշվառին, որի մահն ու կյանքը գտնվում է քո ձեռքում...այս ասելով խաթունը բարձրացավ տեղից և առաջ քաշեց պառավների ետևը կծկված գեղեցկուհուն:

Վերջինս ծունկ չոքեց թագավորի առաջ և աղաչավոր հայացքը ձգեց գահի պատվանդանին:

Ո՞վ է սա, — հարցրեց թագավորը՝ հետաքրքրությամբ` դիտելով երիտասարդ կնոջը, որի գեղեցկությունը կրկնապատկվել էր դեմքի վրա ունեցած անուշ տխրության և աչքերում փայլող արտասուքի պատճառով:

Սա ամուսինն է այն դժբախտ քահանայի, որին մեծափառ շահը կամենում է գլխատել, — պատասխանեց Սառան:

Սա այն աղջիկն է, որ սահմանված էր Կըբլեյը-Ալեմի ազիզ հարեմի համար և որին, սակայն, իմ ձեռքից խլեց հանցավոր քահանան, — հարեց Շահռուխը, գրեթե շշնջալով:

Թագավորն սկսավ ավելի ևս ուշադրությամբ նայել գեղեցկուհուն և մի վայրկյան լռությունից հետո ասաց.

Սրտանց ցավում եմ որ ահավոր երդումն արի. Ապա թե ոչ այս հանըմի արցունքների համար կներեի նրա ամուսնուն:

Այս ասելով թագավորը վեր կացավ տեղից և կամենում էր հեռանալ: Ոչ ոք պատճառը գուշակել չկարողացավ:

Լսիր վերջին խնդիրս, տեր իմ, — բացականչեց Սառան:

Ես հեռանում եմ, որովհետև չեմ կամենում հրամայել՝ որ դու հեռանաս... հեռանում եմ, ոչինչ այլևս չլսելու համար, — ասաց շահը: Եվ այս խոսքերն արտասանվեցան այնպիսի եղանակով, որ Սառա-խաթունը ետ քաշվեց երկյուղից: Բայց նրա փոխարեն գոչեց դեպի շահը երիտասարդ տիրուհին.

Մեծափառ արքա, գեթ ինձ լսիր մի վայրկյան:

Դո՞ւ էլ ես կամենում խոսել, — դարձավ թագավորը դեպի նորատի կինը:

Հրամայիր, տեր, որ իմ ամուսնու հետ միասին ինձ ևս գլխատեն, որովհետև նրա մահից հետո ես չեմ կարող ապրել:

Թագավորը հառեց աչքերը երիտասարդուհու վրա և դիտեց նրան մի վայրկյան, ապա ժպտալով ասաց.

Դու պատվի ես արժանի և ոչ գլխատման, ես քո վիճակը կկարգադրեմ և դու գոհ կլինես ինձանից…:

Այս ասելով թագավորը դուրս ելավ իսկույն. Շահռուխը հետևեց նրան: Երբ նրանք մտան առանձնարանը, շահը դարձավ Շահռուխին:

Այս ինչ հրաշալի գեղեցկուհուց ես զրկել ինձ, բեկ:

Ոչ թե ես, այլ Ամիրգյունե խանը, տեր. եթե նա հանած չլիներ ինձ պաշտոնից՝ այս աղջիկը վաղուց Սպահանում կլիներ, պատասխանեց Շահռուխը, ուրախանալով որ դեպքը հաջողում է իրեն չարախոսել Ամիրգյունեից:

Բայց շահը կարծես, չլսեց բեկի պատասխանը, նա ուրիշ մտքով էր զբաղված: Գեղեցկուհու արտասովոր աչքերը նրա գութը շարժելու փոխարեն ցանկական կրքերն էին վառել:

Ով անմիտ երիտասարդություն... — բացականչեց նա հանկարծ. — ինչպես հեշտությամբ կարողանում էի այն ժամանակ զրկանքներ պատճառել ինձ. որպիսի ունայն պարկեշտությամբ հեռացրի Ջուղայեցի գեղեցկուհիներին, և այն՝ այս պառավի մի խոսքով... մի՞թե իրավունք ունեի այդքան անմտաբար վերաբերվիլ դեպի կյանքը, որ այնքան կարճ է և որն ստացել ենք աստծուց լիուլի վայելելու համար... Այժմ միայն, երբ արդեն անցնում են առնական տարիքս, ես մտաբերում եմ իմ գործած սխալները և հազիվ կյանքի հաճույքները գնահատում... ուշ է, այո, բայց և այնպես, դեռ մահը շուտ չի հասնիր վայելենք կյանքը, որքան կարող ենք, վայելենք, քանի հրապուրիչ է նա մեզ համար...:

Անշուշտ, տեր իմ, — վրա բերավ Շահռուխը, — այդ իսկ պատճառով խորհուրդ տվի քեզ գալ Ագուլիս: Բայց ափսոս անզգամ քահանան ծածկել է գեղեցիկների մեծագույն մասը և այն՝ այնպիսի ճարպիկությամբ որ իմ հետազոտություններն իսկ ապարդյուն անցան:

Եվ սակայն, յուր չար բախտից, սա չէ կարողացել սեփական գեղեցկուհուն թաքցնել, — նկատեց թագավորը:

Շահռուխը հասկացավ շահի միտքը և շտապեց հեռացնել նրա ուշադրությունը գեղեցիկ տիրուհուց, որին ինքը յուր սեփականությունն էր համարում:

Այդ գեղեցկուհին, տեր իմ, անցցրել է արդեն տարիքը. նա արժանի չէ շահնշահի բարեհաճ ուշադրության, ասաց նա հոգածող եղանակով:

Շահն յուր սեփական աչքերն ունի, բեկ, մի՞գուցե այդ հարսը քեզ էլ է գրավել, — նկատեց թագավորը ժպտալով:

Քավ լից, տեր իմ, ես միայն քո հաճույքի խոնարհ ծառան եմ, — պատասխանեց Շահռուխը նույնպես ժպտալով:

Գիտեմ քո գաղտնիքները: Բայց դու անհոգ կաց. ես չեմ զրկիլ քեզ: Այդ գեղեցկուհին միայն մի շաբաթ կվայելե իմ շնորհը. իսկ այնուհետև ինքդ կարող ես խնամել նրան՝ ինչպես որ կցանկանաս: Միայն թե քահանան շուտ պիտի գլխատվի: Քանի նա այսպիսի գեղեցիկ կին ունի, հարկ չկա այլևս պատիժը հետաձգել:

Բայց եթե այդ կինը տհաճություն պատճառե քեզ յուր տխրությամբ...

Որքան միամիտ ես. կա՞ միթե աշխարհում ավելի քաղցր հաճույք քան այն՝ որ մարդ վայելում է արտասվող կնոջն յուր գրկում սեղմելով... բացի այդ, բեկ, ես դեռ չեմ պատահել մի կնոջ, որ ավելի ջերմությամբ չլիներ գրկած ինձ հենց այն պատճառով, որ ես խլել եմ նրան յուր ամուսնուց: Կինը, որ ուժի երկրպագուն է, ավելի սիրում է զինքը բռնաբարողին քան յուր հաճությունը մուրացողին

Եթե այդպես է, ուրեմն մենք այդ հարսին ժամանակ կտանք միայն մի տասն օր:

Ամուսնու մահը սգալո՞ւ, — հարցրեց թագավորը:

Այո:

Հինգ օրն էլ բավական է, որքան քիչ լա նա, այնքան գոհ կլինի մեզանից: Դու այժմ շտապիր մունետիկ շրջեցրու քաղաքում: Վաղը մինչ կեսօր ամեն ինչ պիտի վերջանա:

Իսկ եթե քահանան հոժարվի ընդունել մեր հավատը:

Այն ժամանակ թող նա տեր լինի յուր կնոջը, որի փոխարեն, անշուշտ, հյուրիներ կտան մեզ ջեննաթում:

Շահռուխը գլուխը խոնարհեց շահին և դուրս գնաց:

Մունետիկի ձայնը լսվեցավ նաև այն թաղում, ուր ապրում էին հայր Մատթեոս Երազմոսը և պապը նվիրակ՝ հայր Պողոս Չիտտագինին: Մունետիկի հայտարարությունը Անդրեաս երեցի գլխատման մասին, արդարև, առաջին անգամ դող հանեց նրանց սիրտը: Գերապայծառ հայրերը խորհեցին և զգացին իբրև կարեկից քրիստոնյաներ, բայց այդ առ ժամանակ միայն: Որովհետև քիչ հետո հայր Մատթեոսն ասաց.

Մենք իսկապես ցավելու իրավունք էլ չունինք. զի լավ է այր մի մեռանիցի ի վերայ ժողովրդյանս և մի ամենայն ազգս կորիցէ:

Ընդհակառակը, պետք է որ ցավենք, որովհետև այդ երեցի մեռնելով է որ ազգը կորչում է, — նկատեց Չիտտագինին:

Դու ուրեմն չհասկացար ինձ: Ես այս ազգի հոգևոր և ոչ թե մարմնավոր կորստյան մասին եմ խոսում: Չէ որ այս քահանան էր մեր գործունեության խոչընդոտը: Բայց ահա նա այժմ բարձվում է մեջտեղից և գործելու ասպարեզը մնում է ազատ...

Այդպես էլ հասկացա ես, ուստի և նկատեցի թե՝ հենց այժմ է կորչում ազգը:

Ի՛նչպես, մի՞թե նա կկորչիեթե մեր փարախը մտնե. — հարցրեց Երազմոսը:

Հենց այդ է ցավը որ մեր փարախը չի մտնիր: Որովհետև եթե այդ քահանան հայրենի հավատի վրա նահատակվի, նա այնուհետև հայոց համար կդառնա մի պաշտելի սուրբ, մի աննման հերոս, որ յուր անձը զոհել է ժողովրդի փրկության: Եվ ահա, այնուհետև նրա խոսածներն ու քարոզածները կդառնան հայոց համար երկնային պատգամներդու այլևս չես կարող ազատ շրջել քո թեմում կամ քարոզել հայ ժողովրդին դառնալ քո փարախը, որից տեր-Անդրեասը սովորեցրել է նրան հեռանալ: Այդ քահանայի նահատակությունը հայ եկեղեցու հաղթանակն է. պետք է աշխատել արգելք լինել այդ բանին

Հայր Երազմոսը սկսավ մտածել: Չիտտագինիի դիտողությունը իրավացի էր: Պետք էր ուրեմն աշխատել արգելման ճանապարհը գտնել: Եվ ահա մի փոքր լռությունից ետ նա ասաց.

Եթե այդպես է, գերապայծառ հայր, քեզ վրա ծանրանում է մի օրինական պարտք, դու պիտի աշխատես կատարել այն փութով:

Այսի՞նքն:

Այս անգամ ևս դու պիտի հանդես գաս սրբազան պապի փառավորյալ անունով: Պետք է մի անգամ ևս ցույց տաս հայ ժողովրդին տիեզերական քահանայի զորությունը:

Ի՞նչ պիտի անեմ, հարցրեց Չիտտագինին՝ հայացքը սևեռելով հայր Երազմոսի վրա:

Շահին ներկայացել են բազմաթիվ խնդրարկուներ կալանավոր քահանայի մասին բարեխոսելու: Ներկայացել են հայոց մեծամեծները, առաջնորդն ու քահանաները. Ամիրգյունե խանը, շահի ավագանին և, մինչև անգամ, ագուլեցվոց կանայքը: Բայց թագավորը մերժել է ամենքին: Մնում է այժմ որ դու հանդես գաս սրբազան պապի և Ֆրանզի ու Սպանիո թագավորների կողմից, (որոնց օրինական նվիրակն ես դու), և խնդրես Շահաբասից տեր-Անդրեասի ազատությունը: Շահը, հավատացած եմ, մի հասարակ քահանայի պատճառով չի մերժիլ աշխարհի ամենազոր պետերի լիազոր նվիրակին: Դու կազատես կախաղանից նրան, որին ազատել չկարողացան բոլոր հայերն ու պարսից ավագանին: Այդ հաղթանակը կբարձրացնե հայ ժողովրդի աչքում երիցս երանյալ քահանայապետի անունը նրա ծառաների, այն է՝ նվաստներիս վարկի նշանակությունը:

Հայր Չիտտագինին, որ ուշադրությամբ լսում էր կարգապետին, բանավոր գտավ նրա առաջարկությունը:

Արդարև, մեր միջամտելու ժամանակ է, — ասաց նա, — շահը չի մերժիլ իմ խնդիրը, որովհետև նա ինքն է առիթներ որոնում՝ բարեկամության ապացույցներ ներկայացնելու սրբազան պապին: Մեր հաղթանակն ապահովված է, գիտեմ, մենք կազատենք քահանային, բայց այդ բարիքը թեթևագնի չի պիտի վաճառենք: Դու նախ պիտի տեսնվիս մեղապարտի հետ և խոսք առնես նրանից՝ որ յուր ազատությունը ստանալուց ետ՝ նա ոչ միայն մեզ դեմ գործելուց դադարե, այլև ինքն անձամբ մտնե ունիթորների կարգը և ծառայե մեզ հավատարմությամբ: Այս պայմանով միայն ես կներկայանամ շահին և կազատեմ այդ երեցին կախաղանից:

Իսկ եթե նա այդ առաջարկությունը չընդունե՞:

Անկարելի է որ դիմադրե: Նա այնքան շատ է տանջվել այս յոթյակում, որ սրտանց կփափագե ազատվել բանտից և, նամանավանդ, անարգ կախաղանից: Աշխարհից բաժանվիլը այնքան էլ հեշտ չէ, մանավանդ, երիտասարդ մարդու համար, որ հույսեր, ակնկալություններ ունի, որ կարող է կյանքի բարիքները վայելել...

Իցե թե այդ ամենը առ ոչինչ գրեց նա:

Այն ժամանակ...

Հայր Չիտտագինին սկսավ մտածել և չգիտեր ինչպես որոշել: Մի քանի վայրկյան լուռ խորհելուց հետո՝ վերջապես ասաց. — այսուամենայնիվ, մենք պետք է ազատենք երեցին: Դա այնպիսի մի առիթ է, որից չշահվիլը կլինի անմտություն: Երեցին ազատելով՝ մենք կկատարենք մի գործ, ձեռք կբերենք մի հաղթանակ, որով թե սրբազան պապի անունը կհռչակվի և թե մեր վարկը հայոց աչքում կբարձրանա: Այդ հաղթանակը կծառայե մեզ նաև իբրև զենք, որով մեր ամենից համառ հակառակորդներն իսկ կընկճվեն:

Եթե այդպես է, ուրեմն ես մի ժամից կայցելեմ տեր-Անդրեասին և հարկ եղածը կխոսեմ նրա հետ, — ասաց հայր Երազմոսը:

Այո՛, պիտի այցելես և խոսես, պիտի աշխատես համոզելիսկ ես կերթամ շահի դուռը՝ մեծամեծների հետ տեսնվելու: Անշուշտ վաղ առավոտ կներկայացնեն ինձ շահին, — հարեց Չիտտագինին:

Քիչ ժամանակից հետ դուրս եկան տանից երկու հայրերը: Նրանցից մինը դեպի բանտն ուղղվեցավ, իսկ մյուսը՝ դեպի Դուռը:

ԺԹ

Օրհասական առավոտը լուսացավ: Երկինքը պարզ էր և անամպ: Արևը, որ ծագում էր Ալանգեոզի ետևից, յուր պայծառ ճառագայթներով ողողել էր արդեն Ագուլյաց ձորի ձյունապատ լանջերը և ավանի բոլոր բարձրադիր բնակությունները: Ձորի խորքը միայն և Դաշտ ավանը մասամբ՝ ծածկված էին դեռ մշուշով, որ վաղորդյան շողերի առաջ դեղին՝ իսկ ստվերապատ վայրերում կապույտ գույն առնելով՝ դարձել էր անթափանցիկ: Ագուլիսում, սակայն, ամենքը ոտքի վրա էին, այդ ժամանակ: Ավանի մեջ տիրում էր անսովոր կենդանություն. փողոցները լցվել էին անցորդներով և մարդիկ ու կանայք՝ ծերեր թե երիտասարդներ, խումբ խումբ ժողովված դիմում էին դեպի բանտը: Նրանցից ոմանք գնում Էին ծանրաքայլ, ուրիշներն՝ շտապով, բայց ամենքն, առհասարակ, տխուր և հուսահատ, շատերն էլ ցասկոտ դեմքով, որովհետև գնում էին հայ եկեղեցուն ու անվանը հասանելիք անարգանքն իրենց աչքով տեսնելու:

Բանտի առաջ տարածվող տափարակի վրա կանգնած էր բարձր կախաղանը, որի վրա տակավին բանում էին հյուսները, ըստ որում գործը նախընթաց երեկոյից սկսելով՝ դեռևս չէին ավարտել: Սարվագները խարազանով ցրվում էին ամբոխը, որ հետզհետե ստվարանալով՝ խռնվում էր կախաղանի շուրջը և դեպի հյուսներն ուղղած լուտանքներով արգելք լինում նրանց աշխատության:

Անամոթներ, անիծյալներ, ո՞ւմ համար եք այդ կախաղանը շինում... ինչո՞ւ եք պղծում ձեր արհեստը, ավելի լավ չէ այդ ուրագներով ձեր գլուխը ջարդեք՝ քան թե դրանցով դևերին ծառայեք: Չգիտեք որ վարձերնիդ դժոխքում պիտի ստանաք, որ ազգ ու ազգատոհմով գեհենը պիտի թափվիք…:

Այս և նման լուտանքներ շարունակ ամբոխը տեղում էր դեպի հայ հյուսները, իսկ վերջինները և բանում, և արդարացնում էին իրենց.

Այ բարի մարդիկ, այ քրիստոնյաներ, ինչո՞ւ եք մեզ հայհոյում, մենք հո մեր կամքով չե՞նք եկել այստեղ, մեզ զոռով են դուրս հանել տանից և զոռով էլ քարշ տվել այստեղ: Աստուծո սիրուն համար՝ մի՛ անիծեք մեզ, խեղճ բանվորն ինչ անի ֆարրաշբաշու հրամանի դեմ, ամեն մեկիս մեջքերին մտրակի տասնյակ հարվածներ են իջել, մեր ցավն արդեն բավական է, դուք ինչո՞ւ եք մեզ տանջում

Չնայելով այս միջանկյալ արգելքներին՝ այսուամենայնիվ, կախաղանի գործը վերջացավ: Շուտով եկան մի քանի խումբ զինվորներ, որոնք փայտակերտը շրջապատեցին, որպեսզի պատժի գործադրության ժամանակ՝ ամբոխի շարժման առաջն առնեն: Բայց վերջինը շարունակ ստվարանում էր և ընդարձակ տափարակը հետզհետե գրավում: Ագուլիսն ու Դաշտը գրեթե դատարկվել էին, ամեն ոք ցանկացել էր վերջին անգամ տեսնել անզուգական հովվին, կամ ներկա լինել նրա հերոսական մահվան: Եվ այդտեղ խռնվել էին ոչ միայն հասարակ մարդիկ, այլև բոլոր նշանավոր հայերն՝ իշխաններ, մելիքներ, դատավորներ, ամբողջ հայ հոգեվորականությունը, և, մինչև անգամ, կուսանոցի միանձնուհիք՝ շրջապատված կանանց բազմաթիվ խումբերով:

Այստեղ էին նաև, տեր-Անդրեի ծնողներն և նրա երիտասարդ ամուսինը, երեքն էլ վշտահար, ընկճված և դալկադեմ: Սրանց շրջապատել էին Ագուլիսի ընտիր և անվանի ընտանիքները, որոնք և մխիթարում ու սիրտ էին տալիս նրանց, որովհետև պառավն ու հարսը շարունակ լալիս և կոծում էին իրենց: Ծերունին միայն անխռով էր: Եվ թեպետ նրա զառամյալ դեմքի վրա ևս գլորվում էին արցունքներ, սակայն նա խրատում էր կնոջն ու հարսին՝ բնավ չվհատվել և տրտունջ չհայտնել:

Մի՛ լաք, — ասում էր նա, այլ աղոթեցեք աստծուն, որ ուժ տա մեր որդուն՝ քաջությամբ փորձության այս բաժակը ըմպելու, աղոթեցեք, որ նա արիացնե Անդրեին անտրտունջ նահատակվելու և մեր եկեղեցու անունը աշխարհի առաջ փառավորելու: Մեր որդին, այո՛, կարող էր այսուհետև հիսուն տարի ևս ապրել, բայց նա կմեռներ առանց յուր համար պարծանաց մի հիշատակ թողնելու, մինչդեռ այսօր մահ ընդունելով` նա դառնում է մարտիրոս և դասվում սուրբերի կարգըմիթե սրանից ավելի մեծ մխիթարություն կարող է լինել մի ծնողի համար, որ ցանկանում է ունենալ բարեհիշատակ զավակ...

Այս, խոսքերն, արդարև, ազդեցություն արին պառավի և հարսի վրա. նրանք լալուց դադարեցին:

Բայց հանկարծ բացվեցան բանտի դռները և երևաց դահիճների կարմրազգեստ խումբը, որ յուր մեջ առած բերում էր երեցին: Պառավն ու հարսը նշմարեցին նրան. զարհուրեցնող պատկերը կանացի սրտերը խորտակեց, երկուսն էլ միանվագ ճիչ արձակեցին և նվաղելով ընկան շրջապատող կանանց ձեռքերի վրա: Այնուհետև ամեն կողմ տիրեց խուլ շշուկ, «բերում են» խոսքը հնչեց իբր թնդյուն և ժողովուրդը հուզված՝ ծովի ալիքների պես, հորդան տվավ առաջ:

Բայց զինյալ վաշտերը անհոգ չէին այդ միջոցին, նրանք խռնվողներին ետ մղեցին իսկույն, որովհետև սկսան անխտիր հարվածել: Խիզախողները, հարկավ, ետ փախան տագնապով և կախաղանի հրապարակը մաքրվեցավ ամբոխից:

Եվ ահա այդ ժամանակ դահիճները եկան կանգնեցին կախաղանի առաջ: Դահճապետը տեր-Անդրեասի թևից բռնելով՝ հանեց նրան փոքրիկ հողակույտի վրա, ամենքին տեսանելի կացուցանելու համար:

Բյուրավոր աչքեր ուղղվեցան այդ վայրկենին դեպի անձնվեր երեցը, բյուրավոր սրտեր հառաչանք արձակեցին, տեսնելով նրան նիհար, դալկադեմ և դահիճներով շրջապատ: Բայց հոգվո արիությունը չէր ընկճված նրա մեջ և այդ ցոլանում էր յուր դեմքի վրա: Նա ողջունեց ժողովրդին քաղցր ժպիտով և ուրախացավ՝ լսելով նրա բերանից օրհնության մրմունջներ, որոնք ուղղվում էին յուր սիրելի անվանը:

Շուտով առաջ եկավ պատժարար վերակացուն, որ նստած էր աշխույժ նժույգի վրա և հանելով ծոցից շահի հրամանագիրը, բարձր ձայնով կարդաց:

Այդ հրամանագրի մեջ թված էին երեցի այն հանցանքները, որոց հետ պատմությանս ընթացքում ծանոթացանք, ապա որոշված էր այն անարգ պատիժը, որ կրում են այդ տեսակ հանցավորները: Դրա հետ միասին հիշատակված էր նաև շահի կողմից սպասվելիք ներումն ու վարձատրությունը, եթե երեցը հանձն առներ քրիստոնեությունը թողնել և ընդունել մահմեդականություն:

Երբ հրամանագրի ընթերցումն ավարտվեց, առաջ եկավ պարսիկ կրոնապետը, որ մինչ այն կանգնած էր մեկուսի և սկսավ խոսել երեցի հետ:

Քեշիշ, դու երիտասարդ ես և դեռ կարող ես երկար ապրել: Կյանքը ամենամեծ շնորհն է, որ աստված է տվել մարդուն: Անմիտ է նա, ով չէ կամենում օգտվել այդ շնորհից: Լսիր դու ինձ, քեզանից ավելի տարիքով և փորձված ծերունուս. ընդունիր իմ խորհուրդը, որ բարի է և իմաստուն: Այստեղ քեզ սպասում են երկու տեսակ վարձատրություն, — մինը կախաղանն է, որին արժանանում են գողերը, մարդասպանները և ամենից անարգ հանցագործները, մյուսը՝ արքայական ողորմածությունը, որին պիտի հետևին փառք, պատիվ, հարստություն և երջանկություն: Առաջինը պիտի ընդունես քրիստոնյա մնալով, երկրորդին պիտի արժանանաս՝ իսլամը դավանելով: Խելոք եղիր, ուրեմն, և խնայիր քեզ, պարզե ձեռքդ դեպի այն վարձատրությանը, որ պատվավոր է և որը պիտի տա քեզ Մահմեդի սուրբ օրենքը…:

Իզուր է հորդորդ, ով մարդ, ընդհատեց երեցը կրոնապետին, եթե մինչև այսօր կրածս տանջանքները չեն քաղցրացրել իմ աչքում կյանքն ու նրա բարիքները, ապա կախաղանը չի պիտի անե ավելին: Նա, ընդհակառակն, վերջ կտա իմ տանջանքներին, որն հավետ ցանկալի է ինձ: Ձեր կրոնը սովորեցնում է ձեզ վայելել բարիքներն այս անցավոր աշխարհում, մերը սովորեցնում է՝ վայելել նույնը այն կյանքում, ուր ամեն ինչ անանց, ամեն ինչ հավիտենական է: Ես պիտի հետևեմ իմ կրոնի ուսման. որովհետև նա է բարին և ճշմարիտը: Միակ շնորհը, որ դու կարող ես անել, այդ այն է, որ խորհուրդ տաս քո կրոնի պարծանք եղող այս դահիճներին վայրկյան առաջ կատարել իրենց վրա դրված պարտքը…:

Այս մարդը չի դադարում հայհոյելուց, հրամայիր կախել նրան, — դարձավ կրոնապետը վերակացուին:

Բայց վերջինս, որ խնայում էր քահանային ոչ միայն նրա երիտասարդության և արտաքին գեղեցկության պատճառով, այլև նրա համար, որ գաղտնի հրաման ուներ՝ ստիպել նրան ամեն կերպ՝ հավատն ուրանալու, մոտեցավ քահանային և սկսավ հորդորել նրան՝ կատարել արքայի ցանկությունը:

Շահն առանձնապես պատվիրել է ինձ հայտնել քեզ, որ խոստացված վարձատրության տասնապատիկը պիտի ստանաս, եթե յուր ցանկությունը կատարես: Արի, մի համառիր, խնայիր քեզ, քո ծնողներին և ամուսնուն, և պաշտիր ընդհանուր աստվածը ոչ թե քո, այլ մեր հավատով: Դրանով դու ոչինչ չես կորցնիլ, բայց կշահես կարի շատ...:

Այս և նման խոսքերով նա երկար հորդորում էր երեցին, բայց տեսնելով որ սա անհողդողդ է, դիմեց շրջապատող հայերին.

Ձեր բոլորի մեջ չկա՞ այսպիսի մի տղամարդ, ինչո՞ւ գոնե դուք չեք խնայում նրան, ինչու չեք գալիս և չեք հորդորում որ թողնե սա յուր մոլորությունը: Մի՞թե պատվով ապրելը գերազանց չէ անպատիվ մահից:

Թեպետ վերակացուն խոսում էր իբրև կենցաղասեր պարսիկ, այսուամենայնիվ, գտնվեցան և հայեր, որոնք նրա հրավերն ընդունեցին և մոտենալով քահանային՝ խորհուրդ տվին նրան՝ ուրանալ հավատը, գոնե առերես, որպեսզի ազատվի կախաղանից:

Մի՞թե այդպես չարին և հայ նախարարները, երբ Հազկերտը նրանց բանտարկեց Տիզբոնում, — շշնջաց երեցի ականջին գրագետ մելիքներից մինը:

Այո՛, մելիք, այդպես արին հայոց նախարարները, պատասխանեց տեր-Անդրեն՝ տխուր ժպտալով, — սակայն նրանք մի ամբողջ հայրենիք ունեին ազատելու, ուստի և ուրացան: Բայց իմ ազատելիքը մի թշվառ մարմին է, որն այսօր կա և վաղը չի լինիլ: Արժե՞ արդյոք որ ես դրա համար իմ հավատն ուրանամ և, իբր չար օրինակ, կենդանի շրջեմ իմ ժողովրդի առաջ...:

Առերես ասացի, տեր հայր, միայն առերես. — շշնջաց մելիքը:

Եվ ոչ իսկ առերես: Մի՞թե չես հիշում Քրիստոսի պաավերը. «որ ուրասցի զիս առաջի մարդկան, ուրացայց և, ես զնա առաջի հոր իմո, որ հերկինս է». — ասաց նա յուր աշակերտներին:

Մելիքը կախեց գլուխը և հեռացավ: Հեռացան նրա հետ և ուրիշներ:

Վերակացուն տեսնելով որ ոչ մի հորդոր չէ ազդում քահանայի վրա, հրամայեց իջեցնել կախաղանի կարթերը և ապա երեցին փայտակերտ պատվանդանի վրա հանելով՝ կանչել տվավ այդտեղ նրա ծնողներին և ասաց նրանց.

Ահա մի քանի վայրկենից ձեր աչքով պիտի տեսնեք թե ինչպես այս կարթերը խրվում են ձեր որդու փափուկ մարմնի մեջ, թե ինչպես այս օղակը սեղմում է նրա սպիտակ պարանոցը և մարմինը քաշելով տանում դեպի վեր և, անշնչացնելով՝ օրորում օդի մեջ... պիտի տեսնեք թե՝ ինչպես արյունը ժայթքում է նրա սիրուն բերանից և գեղեցիկ դեմքը այլակերպվելով՝ սարսուռ է ազդում յուր վրա նայողին...: Խղճացեք ուրեմն ձեր որդուն, խրատեցեք նրան ձեր ծնողական իշխանությամբ, գուցե նա թողնե յուր համառությունը:

Պառավը, որ հազիվ էր ոտքի վրա կանգնում, տեսնելով որդուն կախաղանի առաջ և շրջապատված դահիճներով, որոնցից ոմանք սրերն էին շողացնում, ոմանք՝ կարթերն ու խեղդանը պատրաստում, չկարողացավ այլևս ոտքի վրա մնալ. — «Անդրե, սիրելի զավակ, մի՞թե ես քեզ դրա համար ծնեցի...» մրմնջաց նա աղիողորմ ձայնով և թուլանալով ընկավ գետնի վրա:

Երեցը հրաման առնելով իջավ փայտակերտից և ծնկան գալով մոր առաջ գիրկն առավ նրան:

Մի՛ տխրիր, մայր իմ, որ սրա համար ծնեցիր ինձ, — ասաց նա արտասվագին, — այլ ուրախացիր, որովհետև որդիդ մեռնում է՝ միայն ապրելու համար... Երբ ես քո առաջ կարդում էի Շամունեի պատմությունս, դու հիանում էիր նրա քաջությամբ և երանում նրան այն պատճառով՝ որ յուր յոթ որդիներին հորդորեց նահատակվիլ հայրենի հավատո համար. ահա հասավ ժամանակը, մայր իմ, որ դու նմանվիս Շամունեին... օն, ուրեմն, քաջացիր և օրհնիր իմ ճանապարհը, թող հայ մայրերը օրինակ առնեն քեզնից, թող ամենքը սովորեն սուրբ գործի համար զոհել...

Երեցի խոսքերը ազդեցին մոր վրա, նա գրկեց որդուն, սեղմեց կրծքին և լալով ասաց.

Օրհնում եմ քո ճանապարհը, Անդրե. գնա մեռիրեթե աստված մահ է սահմանել քեզ համար, ապա լավ է որ մեռնես մեր սուրբ հավատի համար, գնա, ես չեմ տխրում…: Երեցը համբուրեց մորը ջերմագին և խլվելով նրա գրկից դիմեց ծերունուն:

Դու ևս, հայր իմ, անշուշտ չես տխրում.-ասաց և գրկախառնվեց:

Տխրի՞լ, քավ լիցի, ուրախության օր է այսօր, Անդրե. մի՞թե հայրը կտխրի յուր որդու անմահության համար... օրհնում եմ աստծուն, որ արժանի արավ ինձ քեզ հայր լինելու, օրհնում եմ այն օրը երբ դու ծնվեցար, օրհնում եմ այն ժամը, երբ դու շունչ առիր: Դու, այո, պատիվ բերիր քո հորը և փառք՝ քո ազգին, թող օրհնեն քեզ, ուրեմն, բոլոր հայ բերանները, և նրանց օրհնությունը ամրացնե քո սիրտը, արիացնե հոգիդ՝ աներկյուղ մահվան առաջ դիմելու: Մի օր ծնվել ես, մի օր պիտի մեռնեիր, այս կախաղանը չի պիտի զարհուրեցնե քեզ, դիմիր դեպի նրան քաջությամբ և մեռիր անտրտունջ, որպեզի փառավորես քո ազգի և եկեղեցվո անունը և դասակից լինիս այն սուրբերին, որոց պատմությունը հաճախ կարդում էիր մեր առաջ…:

Անպիտան ծերուկ, դու դեպի բարին հորդորելու փոխարեն, հակառակն ես գործում, — գոռաց հանկարծ վերակացուն, որին հասկացրել էին ծերունու խոսածները, և դառնալով դահճապետին՝ հրամայեց իսկույն բաժանել հորն ու որդուն, որոնք գրկախառնված՝ հրաժեշտի համբույր էին տալիս միմյանց:

Դահճապետը կատարեց վերակացուի հրամանը և երեցին նորից հանեց փայտակերտի վրա:

Այժմ արդեն պատրաստ եմ, արեք ինձ հետ ինչ որ հրամայված է ձեզ, — գոչեց երեցն հանդիսավոր և գոտին լուծելով՝ սկսավ մերկանալ:

Մի վայրկյան ևս, և մահը կմոտենա քեզ, խելոք եղիր և ապրիր… — այս խոսքերով նորեն առաջացավ կրոնապետը և սկսավ հորդոր կարդալ երեցին:

Վերջինս չէր պատասխանում:

Առայժմ մեծ գործ չունիս կատարելու, շարունակեց կրոնապետը, — բարձր ձայնով ասա, «լա իլլահ յուլ ալլահ, Մուհամմեդ ռեսուլ ալլահ...»7 և ամեն ինչ կվերջանա:

Երեցը լուռ էր:

Կրկնիր այս խոսքը երեք անգամ, բայց կրկնիր անկեղծորեն և դու կապրես, — պնդեց կրոնապետը:

Երեցը դարձուց երեսը կրոնապետից և ձեռքերը երկինք ամբառնալով՝ սկսավ բարձրաձայն սուրբ հանգանակը կարդալ. — «Հավատամք ի մի աստված, արարիչն երկնի և երկրի, երևելյաց և աներևութից...»:

Հազարավոր ժողովուրդը յուր միավորված ձեռքերն ամբառնալով՝ սկսավ երեցի հետ նույն «Հավատամքը» մրմնջալ:

Երբ կրոնապետն իմացավ որ քահանան քուր եկեղեցվո դավանությունն է կարդում, բարկացված գոչեց,

Աղա՛ վեքիլ, այս մարդը փեյղամբարին ու նրա քարոզած կրոնն է հայհոյում, ինչո՞ւ չես հրամայում լռեցնել սրան:

Վերակացուի ակնարկելով՝ դահճապետը վազեց դեպի քահանան և սուրը շողացնելով նրա գլխին՝ գոչեց,

Լռի՛ր, թշվառական, — ապա թե ոչ՝ գլուխդ թռցնում եմ իսկույն:

Դահճապետի սրի հետ միասին մի քանի ուրիշ սրեր ևս շողացին քահանայի շուրջը, բայց նա անքթիթ և բարձրաբարբառ շարունակում էր «հանգանակը»:

Եվ որովհետև հրամայված էր կախել երեցին, ուստի ոչ ոք սրի հարված չտվավ նրան, սրերը շողացնում էին միայն վախեցնելու համար: Բայց երեցն անհողդողդ էր:

Մոտեցրեք կարթերը և խրեցեք դրա կողերի մեջ, իջեցրեք խեղդանը և պարանոցն անցցրեք, թող այս համառ քրիստոնյան յուր աղոթքի մյուս կեսը կարդա օդի մեջ… — հրամայեց վերջապես վերակացուն և դահիճները դժոխային եռանդով գործի դիմեցին:

Բայց ահա, հենց այդ վայրկենին, երևաց հեծյալների մի խումբ որ սպիտակ դրոշը ծածանելով՝ արշավասույր դեպի պատժարանն էր դիմում:

Երբ այդ մասին հայտնեցին վերակացուին, նա հրամայեց դահճապետին սպասել մի վայրկյան, որովհետև իմացավ որ եկողները շահի կողմիցն են:

Երբ հեծյալները մոտեցան հրապարակին, դրոշակիրը բարձր ձայնով գոչեց,

— «Կըբլեյը-Ալեմից ներումն հանցագործին»:

Այս խոսքերը դաշտի մեջ հնչեցին իբրև ավետաբեր հրեշտակի ձայն, հրճվանք ու ցնծություն տիրեց բոլորին և ժողովուրդը ոգևորված աղաղակեց՝ — «Ապրի թագավորը, ապրի շահը…»:

Բայց երեցի դեմքը, որ մինչև այն ժպտուն էր և պայծառ, հանկարծ մռայլվեցավ, ներման լուրը, կարծես թե, հարված տվավ նրան: Եվ ոչ ոք չգիտեր թե ինչու տխրեց նա:

Սակայն պատճառը կարի մեծակշիռ էր: Նա տեսավ որ հեծյալներին առաջնորդում են հայր Երազմոսը և հայր Չիտտագինին: Նա գուշակեց որ արքայական ներումը ստացվել է նրանց շնորհիվ, ուստի և տխրեց, ինչպես քաջամարտիկ մի հաղթական, որի ձեռքից հանկարծ խլում են հաղթության շքադիր դափնին...

Դրոշակիրը առաջ գալով՝ ներման հրովարտակը հանձնեց վերակացուին: Վերջինս համբուրելով այն՝ բացավ և սկսեց կարդալ.

«Բարձրյալ է աստված, որին պատկանում է երկնային թագավորությունը և որի հզոր աջը հովանի է անմահների մեջ բնակող իմ արդար հոր Խուդավենդիի վրա»:

«Ես մեծ և հզոր Աբաս, թագավոր Երանի և Փարսիստանի, արքա Էրմենիստանի և Գյուրջիստանի, տեր և հրամայող «բոլոր այն երկրների, որոնք աստուծո ամենակարող օգնությամբ պիտի խոնարհին իմ սուրի առաջ:

«Հայտնում եմ իմ սիրելի նպատակներին՝ որ զիջանելով խալիֆաների խալիֆ և կաթողիկոսների կաթողիկոս մեծ և բարձրապատիվ Հռովմա պապի, այլև Ֆռանգի և Սպանիո հզոր թագավորների արժանահարգ վեքիլ խալիֆ-Պողոս Մարիա-Չիտտագինիի խնդիրքին և աղաչանքին, ներում եմ Անդրեաս կոչված հայ քեշիշի գործած մեծ հանցանքը և, ի շնորհս իմ հոր, անմահ Խուդավենդիի, ազատում եմ նրան կախաղանից, հրամայելով որ այսուհետև նա լինի հնազանդ արժանահարգ վեքիլ խալիֆ Պողոսին և նրա ընկեր՝ պատվարժան խալիֆ Մատթեոս կարգապետին, այլև լինի նրանց խրատների լսող կատարող, որովհետև իմ առաջ այդ երկու խալիֆները երաշխավոր են կանգնել յուր համար: «Գրվեցավ Ագուլիսում, իմ թագավորության 31-րդ տարում, «Ջեմազի-յուլ-էվալ ամսո 20-ին Հիջրի 1034 թվին»:

Հրամանի վրա դրոշմված էր արքայական կնիքը:

Երբ վերակացուն ընթերցումն ավարտեց, պարզեց հրովարտակը տեր-Անդրեասին՝ համբուրելու համար:

Երեցն առավ այն և առանց փայտակերտից իջնելու՝ հրաման խնդրեց վերակացուից մի քանի խոսք ասելու:

Վերջինս կարծելով՝ թե երեցը կամենում է յուր շնորհակալիքը հայտնել մարդասեր շահին, իրավունք տվավ նրան խոսելու:

Ժողովուրդ հայոց, — գոչեց նա բարձրաձայն, — անշուշտ ուրախացաք որ արեգակնափայլ շահը ներեց ինձ իմ հանցանքը, և այդ՝ շնորհիվ «խալիֆների խալիֆ և կաթողիկոսների կաթողիկոս» Հռովմա պապի նվիրակ Չիտտագինիի: Անշուշտ ձեզանից յուրաքանչյուրը շնորհակալ եղավ յուր սրտում գերապատիվ հորը յուր մարդասեր արարքի համար:

Այժմ ինձ լսեցեք:

Следующая страница