Մուրացան՝   Անմեղ զրույցներ

Pages: First Previous 1 2 3 4 Next Last

Անմեղ զրույցներ

ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԻՄ ՍՏՈՐԱԳՐՈԻԹՅՈԻՆԸ ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ

(Գավառացու օրագրից)

Ա

Առավոտ էր, նոր էի լվացվել ու հագնվել, երբ ժամկոչ Պետրոսը սեղանատան դուռը կամացուկ բանալով, գլուխը ներս խոթեց և հանգիստ ձայնով ասաց.

Ողորմի աստված:

Հա՛ , ի՞նչ ունիս, բարի լինի գալդ, — հարցրի ես ժպտալով:

Բարի չելած ի՞նչ պտի լինի, աստված չարը քո թշնամուն տա, — պատասխանեց Պետրոսը ծանրությամբ, ապա մեծկակ քոշերը մի քանի անգամ դրսի հատակին զարկելով, ազատեց նրանցից ահագին ոտքերը և մորթե գդակը կռան տակն առնելով, ներս մտավ սենյակ:

Ախպեր, էս անտեր ցեխն ու ձյունը չեն թողնում, որ աչք բանանք. քոշերս հլե նոր եմ առել, երեկ չէ, մեկել օրը, սկի երկու ամիս չկա. ամա էլի ծակվել ա, գուլպաներս դիփ թաց են ըլել... — այս խոսքերով առաջ անցավ ժամկոչը` հառելով աչքերը մորս կողմի վրա, որ սեղանի առաջ նստած թեյ էր լցնում բաժակները:

Ա՛յ չմեռնես դու, հմի պոլերը կեղտոտել ես, ոտներդ, որ թաց են, ընչի՞ չես սրբում հետո մտնում, — նկատեց մայրս ժամկոչին:

Չէ՛, Շուղի-հաքիր, մեղք մանիլ, պոլը չեմ կոխել. չտեսա՞ր ոնց ոտիս մեկը շեմքումը դրի` մեկելը փահլվանի նման ադըմ արի, խալիչի վրա դրի՞:

Ա՛ մեռած, խալիչան չի՞ կեղտոտվիլ:

Խալիչի բանն ուրիշ ա, կեղտը վրան չի երևում, — առարկեց Պետրոսը:

Լավ, կարճ կապիր, ինչի՞ համար ես եկել, — հարցրի ես:

Հեր օրհնած, թող մի նափաս (շունչ) քաշեմ է՛, ախր էս նմութին եկա... յա չէ մի ստաքան էս տաք ջրիցը խմեմ, որ խոսամ, — նկատեց ժամկոչը, կարծես վիրավորված:

Դրուստ ա ասում, թող չայ խմի, հետո կխոսա, — ձայնակցեց մայրս և պատրաստ բաժակը դրավ ժամկոչի առաջ:

Աստված օրհնի էս չայ շինողին. ասըմ էն ռուսն ա շինել, գիտում չեմ ղո՞րթ ա թե սուտ, ամա, հախ աստծու, լավ բան ա, մարդ որ խմում ա, օսկոռները կակղում են, — այս հառաջաբանով մոտեցավ ժամկոչը բաժակին:

Ուղիղն ասա, Պետրոս, չա՞յն է լավ թե՞ արաղը, — հարցրի ես կատակով:

Պետրոսի աչքերը փայլեցին և նա ժպտալով պատասխանեց.

Ընդենց բանն ընչի՞ ես ասում... դու որ պսակվել ուզենաս ու ես գամ հարցնեմ թե` Սիմո՛ն-աղա, ջեհե՞լ աղջիկ կուզես, թե՞ պառավ, դու ի՞նչ ջուղաբ կտաս:

Իհարկե, կասեմ՝ ջեհել:

Բա էլ ընչի՞ ես հարցնում թե՝ չայն ա լավ թե արա՞ղը. խի՞ դու գիտում չե՞ս, որ չայը պառավ աղջիկն ա, արաղը ջեհե՞լ... մատաղ ըլեմ արաղ ստեղծողի հոգուն. մի ռոմկա, որ մարդ կուլ ա տալի, ասես անմահական ա դառնում: Ըդենց չի՞, Շողի-հաքիր, — դարձավ ժամկոչը մորս:

Ես ի՞նչ գիտեմ, արաղ հո չե՞մ խմել, — պատասխանեց վերջինս:

Բաս է՛ն ա, ասա, անմահական ջրի զորությունը փորձել չես է՞լի... Աստված հաջողի՝ քիչ էլ պառավես, համին կընկնես, էն չախը, որ ռումկան դնես բերանիդ, կասես՝ «հոգիդ լուս դառնա, ժամհար Պետրոս, էս ինչ ղիամաթ (երևելի) զադ ա ըլել»:

Աստված ոչ անի. ես մինչի մահս արաղ չեմ դնիլ բերանիս, — նկատեց մայրս:

ՉԷ, չէ, Շուղի-հաքիր, Էդ ասիլ մի՛, արաղը, որ կա, ծերոց գավազանն ա. թե որ մին-մին կուլ չտաս, գիտա, որ հարսդ գլուխդ ծեծելու ա:

Ընչի՞, ա՛ մեռած:

Ընդուր, որ օյաղ վախտդ (ժամանակդ) սկսելու ես ամեն բանի խառնվիլ, ամեն բանի հմար խոսալ. հարսդ էլ էս բանը վեր չունենալու, Էնդուց դենը տուրուդմբոցն սկսելու ա: Ամա դե որ մին ռումկա ռավոտանց կուլ տաս, մինն էլ կեսօրին, մինն էլ րիգունը. մինմին էլ թե կարաս, դրանց մեջտեղումը, էն ա քեֆդ չաղանալու ա, էլ սաղ օրը ո՛չ խերին էս խառնվելու, ո՛չ շառին: Հարսդ էդ բանը տեսնելով՝ փարվան (պտույտ) ա տալու, ջան եք ասելու, ջան լսելու:

Ա՛ մեռած, բա ես կա՞րամ ըդենց բան անիլ, — հարցրեց մայրս ծիծաղելով:

Դե որ չանես, տունդ սաղ օրը ղալմաղալում կըլի՛... ա՛յ էդ բանը լավ ա հասկացել մեր երեցփոխը: Հենց էն ա տեսնում ա, որ սկսում եմ մրթմրթալ, առանց դրան էլ հո չէ ըլիլ, մարդ ենք, մի օր էս պակասությունն ենք տեսնում, մեկել օրէն պակասությունը, կարում չենք, որ համբերենք, չխոսանքէն ա էդենց վախտը (ժամանակ) սիպտակ աբասին դնում ա ձեռքումս հու ասում. — «Ա Պետրոս, տեսնում եմ, որ ծարավել ես, գնա մի դոյինջան (կուշտ) կուլ տուր»: Ես էլ, ի՞նչ մեղքս ծածկեմ, գլուխս քաշ եմ գցում ու թուշ (ուղիղ) Կարունի դուքանը գնում: Նրա արաղը, ղորթ ա, խաղողի չի, թութի ա, ամա դե որ տրիցատկան (չափ) քամում եմ, վրան էլ մի կտոր հաց, յա աղի խիյար ծամում, էլ աէմեն ինչ մոռանում եմ, ո՛չ ժամ ա միտս գալի, ո՛չ պատարագ. հենց իմանում եմ աշխարհն իմն ա, միջի մարդիկն էլ` մարդիկ չեն, հրեշտակներ են:

Ուրեմն երեցփոխից է՞լ կաշառք ես առնում, — հարցրի ես ծիծաղելով:

Կաշառք խի՞ եմ առնում. ես հո նրա դատավորը չեմ. ամա դե մարդ ա, ղալմաղալ չի սիրում, ուզում ա խաթրս առնի, որ դեսուդեն չման գամ ու իրա վրան չխոսամ:

Ինչո՞ւ, դու ի՞նչ կարող ես խոսել նրա վրա, — հարցրի ես միամտորեն:

Բա՛, ինչ կարող եմ խոսել է՛... բաներ շա՛տ...

Օրինա՞կ:

Այ, հենց մեկել օրը նալբանդ Ուհանի կնիկը ջուր էր քաշում ժամի հորիցը: Ժամավորն էլ դուրս եկած՝ հայաթումը ման էր գալի: Երեցփոխը եկավ բղավեց խեղճ կնկա վրա թե «ինչի՞ էդ շառինջը (դույլ) հորի պատերին ես խփում, հողը ներս թափում. հո մեկել օրն եմ քյանքյանչուն չորս մանեթ տվել հորը մաքրել տվել. ուզում եք, որ ամեն շաբաթ ժամը ձեր ջրի համար չորս մանեթ կորցնի՞»... Խեղճ կնիկը ամոթից քիչ մնաց տափն էր մտնում: Էս բանը քեփումս չեկավ: Եփ որ ժողովուրդը հեռացավ, մուտացի երեցփոխին հու ասացի. — աղա՛, ախր քյանքյանչի Մուստափին ես եմ բերել, հորը թամզացնելի փողն էլվեց շահիիմ ձեռքովն ես տվել, բա խի՞ խալխի միջումն ասում ես «չորս մանեթ եմ տվել»:

Հե՞տո, ինչ պատասխանեց:

Ասում ա, «հարամզադա՛, գիտում չե՞ս, որ վեց շահին չորս մանեթ պիտի ասեմ, որ էս անզգամ կնանիքը վախեն, հորի ջուրը իթիաթով (խնամքով) բանեցնե՞ն»: Ամա, ի՞նչ մեղքս ծածկեմ. ես ընենց եմ իմանում թե նա, որ էլլիկի (ժողովրդի) առաջին ընենց բարձր ձենով չորս մանեթ ասեց, հենց ընենց էլ գրելու ա իրա հաշվումը:

Եվ դրանից հետո, ուրեմն, սպիտակ աբասին ստացա՞ր:

Չէ, աբասին երեկ տվավ:

Ի՞նչ պատճառով:

Ա՛յ թե ի՛նչ: Էս քանի օրը, հո տեսաք, մի գլուխ ձյուն էր գալի: Ժամի հայաթումն էնքան էր կիտվել, որ չորս մարդ չէին կարալ թամզացնիլ: Բայց ես ու Մուխսի Գալուստը մի օրում հավաքեցինք, դուրս տարանք քուչեն: Երեկ ըռավոտ, ժամից եդը, ես խորանումը շապիկները ծալում եմ, տեսնեմ Լալյունց Մեսրոբը` հենց խորանի լուսամուտի առաջ երեցփոխին հարցնում ա թե՝ «ըստեղ մեծ ձյուն կար, հո՞վ դուրս տարավ...», երեցփոխն էլ ասում ա թե՝ «հո՞վ պտի տաներ, չորս ղարադաղցի մշակ բռնեցի, հմեն մինը շահով, սաղ օրը բան արին ու անջախ (հազիվհազ) որ հայաթը մաքրեցին»: Էս որ լսեցի, բեյինս (ուղեղս) ժաժ եկավ: Մեկ մտածեցի, թե գնամ հենց Մեսրոբ ազի մոտ խոսամ, մեկ էլ ասացի «նահլաթը չար սատանին, թող մի քիչ համբերենք. էն ա, որ Մեսրոբ աղան հեռացավ, թունդված (զայրացած) մոտացա երեցփոխին, — աղա՛, ասում եմ, ախր էս հայաթի ձյունը մենք ենք թամզել, դրա համար էլ իսկի մեզ երկու շահի չես տվել. բա ընչի ես Լալյունց Մեսրոբին ասում, թե մշակներին փող եմ տվել հու մաքրել տվել: Ասում ա «ա՛յ հայվան, բա դու գիտում չե՞ս, որ մեր ժամն աղքատ ա. եկամուտ չունի՞. ըսենց պետք ա ասենք, որ մարդիկ իմանան, թե ժամը ծախքեր ունի, հու մի-մի անգամ օգնություն անե՞ն»: Էս խոսքերին, հալբաթ որ (իհարկե), ես չհավատացի. գլուխս ժաժ տվի ու հենց էն ա, ուզում էի ասեմ թեչէ, աղա՛, դրուստն էդ չի, դրուստն էն ա, որ Լալյունց Մեսրոբը հաշվատես ա. դու հիմիկվանից նրա ականջն ես գցում էդ բանը, որ հետո հաշվումդ գրես ու նա բան չասի դրա համար:

Եվ չասացի՞ր:

Հենց էն ա, ուզում ի ասեմ, մեկ էլ տեսնեմ աղբաթիխերը սպիտակ աբասին դրավ հափռումս (բռանս մեջ). — «գնա՛, ա մեռած, գնա լակիր, ասում ա, տեսնում եմ, որ էլի ծարավել ես, տակից-գլխից, դուրս ես տալիս»: Ես էլ, ի՞նչ մեղքս ծածկեմ աբասիս վեր կալա...

Եվ իսկույն էլ տարիր Կարունի դո՞ւքանը, — հարցրի ես ժպտալով:

Բա ըսկի թողա՞ցի, որ ջանին քամի դիպչի՞... տարի, հու քու կենացը լավ անուշ արի:

Այս խոսքերի հետ վերջացնելով Պետրոսը թեյի երկրորդ բաժակը, սրբեց բեղերր շալե կապայի փեշով, ապա կնճռոտ դեմքին տալով ավելի մեղմ ու քաղցր կերպարանք ավելացրեց.

Էսքանը, հաքիր ջան, բավական ա. մին ռումկա էլ Էն
զահրմարիցը բե՛ր խմեմ, Սիմոն աղին օրհնեմ:

Մայրս, իհարկե, կատարեց ժամկոչի խնդիրը:

Վերջինս ուրախությունից դողացող ձեռքով առավ բաժակը և ժպտալով ասաց.

Շատ բան չեմ ուզում աստծուց. հենց Էնքան ըլի, որ
մինչև մահվան օրը կարամ ամեն օր Էրկու ռումկա էս անմահական ջրիցը խմիլ: Լուս դառնա Զիլփունց Ուհանջանի հոգին, ասըմ են նա ա արաղը ադաթ գցել մեր երկրումը, առաջ ըսկի ըլել չի... — Այս ասելով բաժակը դատարկեց:

Ա մեռած, բա ասըմ էս արաղ տուր խմեմ Սիմոն աղին օրհնեմ, հմի Զիլփունց Ուհանջանին ես օրհնո՞ւմ,— ընդհատեց մայրս ժամկոչին:

Բա՛, Շուղի-հաքիր, յանղլիշ էկա (սխալվեցա): Եկ էս մինը թավ չանենք (չհաշվենք), մինն էլ ածա՛ խմեմ Սիմոն աղին օրհնեմ:

Չէ՛, չէ, ինձ օրհնանք չէ պետք. խմածդ բավական է, այժմ ասա՛, ինչի՞ համար ես եկել, — ընդհատեցի ժամկոչին՝ տեսնելով, որ նա ի չարն է գործ դնում մորս բարությունը:

Ասեմ բա՛, ախր որ միտս չես գցում, — պատասխանեց Պետրոսը, կարծես նոր ուշքի գալով, — երեցփոխը խնդրում է, որ նեղություն քաշես ու մի սհաթով գաս ժամի օթախը:

Ի՞նչ կա, — հարցրի ես:

Ասըմ ա հաշվատեսները եկել են, պետք ա հաշիվներին ձեռք քաշեն. դե տանից էլ մինը պտի ըլի, չուն դուք էլ հաշվատես եք:

Հայրս է ընտրված, ինձ ինչո՞ւ է կանչում:

Դե հերդ ըստեղ չի, ասըմ են դիփ մեկ ա, դու ըլես թե նա:

Ասողն ո՞վ է, երեցփո՞խը, — հարցրի ես, կամենալով հավաստիանալ, թե արդյոք ինձ հրավիրողը միայն նա՞ է, թե՞ նաև լիազորները:

Երեցփոխն էլ է ասում, հավաքված հաշվատեսնին էլ, — պատասխանեց Պետրոսը: — Ուրեմն հրավերը երկու կողմից էր, հետևապես, կարող էի չմերժել:

Լավ, կգամ, դու գնա՛, — ասացի ես:

Դե շուտ եկ, քե մատաղ, ընենց ըլի, որ չեդանաս, երեցփոխը վրաս չրպրկանա... — Ապա դառնալով մորս,— Շողի-հաքիր, արաղդ փորումս դամ ա տալի, աստված տունդ շեն պահի, — ասաց ժամկոչը և մորթե գդակը գլուխը քաշելով դուրս գնաց սենյակից:

Բ

Ժամհարի դուրս գնալուց ետ սկսա մտածել ստացածս հրավերի մասին և տեսա, որ դա պատվաբեր բան է: Դրանով, ուրեմն, հասարակության լիազորները հայտնում Էին ինձ իրենց վստահությունը: Կնշանակե ես արդեն արժանի էի դրան... Եվ այդ վայրկենին, ի՞նչ մեղքս թաքցնեմ, սկսա ինքս ինձ ուռչել և հպարտանալ, որովհետև հասկանում էի, թե ի՞նչ է նշանակում երեցփոխանական հաշիվներ քննելու համար եկեղեցուց հրավեր ստանալ: Այդ նշանակում էր, թե ես արդեն կատարյալ մարդ եմ և պիտի նստեմ լիազորների շարքում... իսկ լիազոր ասածդ, մանավանդ այդ ժամանակներում, հասարակ մարդ չէր լինում, հապա աշխարհում երկար ապրած, շատ չար ու բարի տեսած, մեծ փորձառություն և դրա հետ միասին էլ դիրք ու անուն ձեռք բերած անձնավորություն... իսկ այդպիսիների հետ նստելով հասարակական գործի մասնակցելը, — ընդունեցեք, որ գերագույն պատիվ էր:

Այս իսկ պատճառով իսկույն հանեցի հասարակ հագուստս և փոխարենը հագա սև շորեր (ինչպես կվայելեր հասարակական ժողովի հրավիրված մարդուն), ապա հայելու մեջ լրջորեն նայեցի վրաս, փողպատս ու մազերս խնամքով շտկեցի, նոր բուսնող ընչացքիս ծայրերը ոլորեցի և վերջը մորս առաջարկած թեյի երկրորդ բաժակն այնպես արագ խփշտեցի, որ լեզուս այրեցի: Բայց որովհետև այդ անախորժությունը պատահեց ինձ հասարակական գործի պատճառով, ուստի քաղաքացիական քաջություն ունեցա չտրտնջալու:

Երբ դուրս եկա փողոց, ինձ այնպես թվաց, թե հասակս բարձրացել է, որովհետև մեջքս, հակառակ սովորականին, բռնել էի ուղիղ, իսկ գլուխս բարձր: Դրա պատճառը, ես կարծում եմ այն էր, որ հենց այդ վայրկյանին մտածում էի այն մասին, թե որովհետև երեցփոխն ու լիազորները պատիվ են արել հորս փոխարեն ինձ հրավիրելու, ապա ուրեմն ես այնպիսի խիստ ու լուրջ ձևով պիտի վերաբերվեմ քննության գործին, որ նրանք զարմանան և ասեն թե «ա՛յ հասկացող մարդ»: Այդ վայրկենին ես, իհարկե, հիշեցի, նաև ժամկոչի խոսածները և որոշեցի աչքի առաջ ունենալ նրանց քննության միջոցին:

Որովհետև եկեղեցին մոտ էր մեր տանը, ուստի շուտով էլ հասա նրան: Երբ ներս մտա երեցփոխի սենյակը, այդտեղ արդեն բազմած էին ինքը՝ երեցփոխը և ժողովրդական վեց լիազորներ: Նրանք բոլորել էին մի մեծ, սև մահուդով ծածկված սեղան, որի վրա դրված էին ժապավինյալ մատյաններ, հաշվեցույց թերթեր և մի մեծ համարիչ: Սենյակի մի կողմը բռնած էր մի լայն դարակ՝ զանազան բաժանմունքներով, որոնց մեջ դարսված էին զանազան գնի ու մեծության ոսկեզօծ ու հասարակ մոմեր: Իսկ հանդիպակաց պատի ուղղությամբ դրված էին երկու ապակեծածկ մեծադիր պահարաններ, որոնց մեջ կախված էին թանկագին շուրջառներ ու արծաթե բուրվառներ: Իսկ դրանց վերևը շարված մեծագին թագեր, սաղավարտներ և այլ այնպիսի իրեր, որ անկարելի էր թողնել եկեղեցում, կամ հանձնել հասարակ սպասավորի հսկողության: Սենյակի անկյուններում, նույնպես, դրված էին այնպիսի քշոցներ, խաչվառներ ու աշտանակներ, որոնք գործ էին ածվում միայն հանդիսավոր օրերին: Միով բանիվ, երեցփոխի այդ սենյակը նմանում էր ավելի եկեղեցու մի բաժանմունքի, քան այնպիսի մի հարկի, ուր կարելի էր նստել հաշիվներ քննել, կամ նրանց մասին խոսել:

Ճիշտ շրջապատող իրերի չափ լուրջ կերպարանք ունեին և սենյակում բազմողները: Երեցփոխը, որ մի կարճահասակ, առողջակազմ, փոքր-ինչ հաստափոր և վաթսունն անցած մարդ էր, աչքի էր ընկնում յուր խոշոր ու ազդու դեմքով, որն ամբողջապես ծածկված էր գորշախառն մորուքով: Նա ուներ նեղ ու կնճռոտ ճակատ և երկարամազ ու խիտ հոնքեր, որոնք ավելի ևս խտացնում էին խոր ընկած աչքերի հայացքը, թեպետ և դրանք պատսպարված էին լայնագոգ ակնոցներով: Մի առանձին վեհությամբ նա քաշում էր յուր սաթե համարիչը` աշխատելով ցուցահանել ձեռքերի կապույտ ծաղկատիպը, որ, ընդհանրապես, իսկական մահտեսության ապացույց է համարվում:

Երեցփոխի աջ կողմը նստած էր Լալյունց Մեսրոբ դային, իսկ ձախ կողմը՝ Տուտուշենց Մցական բեգը: Առաջինը երեցփոխին հասակակից, բայց նրանից ավելի բարեդեմ մի մարդ էր և քաղաքում հայտնի յուր սնըխչիական (կոտրածը ողջացնող) արհեստով, որով սակայն պարապում էր ոչ իբրև մասնագետ, այլ իբրև սիրող և այդ պատճառով էլ ավելի հարգի էր ժողովրդի աչքում: Երկրորդը նրանից տարիքով պակաս, բայց խիստ հաստափոր մեկը, որ թե՛ խոսելիս և թե՛ ճանապարհը գնալիս շարունակ հևում էր: Սա էլ հայտնի էր քաղաքին իբրև կալվածական վեճերի հմուտ կարգադրիչ կամ նրանց վերաբերյալ խնդիրներ շարադրող, որովհետև քաղաքի հողերը բաժանող մասնաժողովի նախագահն էր: Դրանցից հետո գալիս էին՝ Բալաղուզին և Դաստակենց Ավան ապերը: Առաջինը նիհար և փոքրահասակ, աչքի էր ընկնում յուր միշտ հինայած կարմիր մորուքով. երկրորդը նրանից քիչ հաղթանդամ, բայց տեսությամբ տկար. այնպես որ ձեռքին պատրաստ ուներ միշտ մի մոնոկլ, որով նայում էր հանդիպողին (մանավանդ երիտասարդներին) միշտ մի առանձին ուշադրությամբ: Սրանք երկուսն էլ անորոշ պարապմունքի տեր մարդիկ էին և հայտնի միայն նրանով, որ առաջինն ապրում էր եկեղեցու հարավային կողմը, իսկ երկրորդը՝ հյուսիսային: Ապա գալիս էր Սափարունց Դավութ բեգը, որ թեպետ Մցական բեգի չափ կարճահասակ և հաստափոր լինելով, նրա պես էլ գոտին փորի վրա կապելու տեղ, կրծքի վրան էր կապում, այնուամենայնիվ գիտությամբ բարձր էր նրանից, որովհետև կարող էր ընտիր արզաներ (խնդրագրեր) գրել ոչ միայն կալվածական, այլև քաղաքացիական ու քրեական ամենաբարդ խնդիրների մասին: Ամենից վերջը նստած էր Լղարենց Աբրահամ ապերը, որ մի բարձրահասակ, բայց հեզ ու հանդարտ մարդ էր և երևելի նրանով, որ Դավութ բեգի հարևանն էր:

Ներս մտնելուս պես բոլորն էլ հայացքները սևեռեցին վրաս, իսկ Մեսրոբ դային հեղինակավոր ձայնով նկատեց.

Ա՛ բալամ, խի՞ եդացար, Էսքան հոգի քեզ ենք սպասում:

Ներողություն, Մեսրոբ դայի, չեմ եդացել, գուցե ժամկոչն է ուշ եկել, — արդարացա ես:

Կըլի եր էն հիմարն ա՞ ուշ գնացել, — մեջ մտավ երեցփոխը, կամենալով հաճելի լինել ինձ:

Լավ, վնաս չունի, Էդ ա Էկել ես, հմի մեր գործը տեսնանք, — համաձայնվեց Մեսրոբ դային և ապա ավելացրեց.

Գիտո՞ւմ ես քեզ խի՞ ենք կանչել:

Կարծեմ երեցփոխի հաշիվներին...

Հա, երեցփոխի հաշիվներին ձեռք քաշելու (ստորագրելու) համար, — ընդհատեց Մեսրոբ դային և ապա ավելացրեցըստեղ վեց հաշվատեսներ ենք, օխտնջինն էլ (յոթերորդ) քո հերն (հայրն) ա, նա հու ըստեղ չի...

Երկու օրից կգա, — հայտնեցի ես:

Երկու օրն ուշ ա. էս հաշիվները սրբազանն ուզել ա. էսօր պետք ա ղրկենք կանդստորը, հիմի մենք վեց հոգիս ձեռք կքաշենք, դու էլ, վնաս չունի, քո հոր տեղ ձեռք կքաշես:

Շատ բարի, — համաձայնվեցա ես:

Դե վեր ա՛ռ, Դավութ բեգ, թուղթը հազիր քեզ մոտ ա, առաջ դու ձեռք քաշիր, — կարգադրեց երեցփոխը:

Ընչի՞, թող առաջ մեծերը (հասակավորները) ձեռք քաշեն այ, Մեսրոբ դային, Աբրահամ ապերը...

Ա բալամ, էլ ո՞ւր ես մեծ ու պուճուր անում, մենք հասակով ենք մեծ, դու խելքով. վեր կալ ձեռք քաշիր, — նկատեց Մեսրոբ դային:

Չէ, Մեսրոբ դայի, չի ըլիլ, առաջ դու վեր կալ, — համառեց Դավութ բեգը և հաշվի թերթը մոտեցրեց նրան:

Լավ, ըդել թող քու ասածն ըլի, — համաձայնեց Մեսրոբ դալին և թուղթն առնելով ստորագրեց բարձրաձայն արտասանելովՄեսրոբ Թառումյանց... Բա՛, էս ցո-ին հաքին (պոչը) շատ էրկանացավ, հու վնա՞ս չունի:

Տնաշեն, հինչ վնաս ունի. թող էնքան երկանանա, որ հլա աղվեսի հաքի դառնա, — ծիծաղելով նկատեց Մցական բեգը և թուղթն առնելով ստորագրեց յուր անունը խիստ արագ:

Բահ, մարդ էլ կարա ըդենց գիր գրի է՛... ես հրես ագռավի չանչյուլներ (չանգեր) եմ քաշիլու, — ասաց Բալա-ղուզին և թուղթն առնելով իրավ որ մի քանի զույգ չանգեր գծեց նրա վրա:

Ասիլ (իսկական) ստորագրությունն էլ քունն ա որ կա, — գովեց Բալադուզուն Դավութ բեգը, ապա ինքը ևս ստորագրելով թուղթը տվավ Ավան ապորը:

Վերջինս մոնոկլը սազացնելով աջ աչքին, ձախը փակեց և ապա ծնոտը մի կողմ ծռելով և շրթունքները պրպտացնելով` գրեց «Ավանես Դաստակով»:

Դու էլ տո՛ւր Աբրամին, — կարգադրեց երեցփոխը: Ավան ապերը թուղթը դրավ Լղարենց Աբրահամի առաջը:

Վերջինս զգալով՝ որ լուրջ պարտավորություն ունի կատարելու, սկսավ հանդիսավոր կերպով պատրաստվել դրա համար: Նախ հանեց կապույտ աղլուխը և յուր երկար, լղար քիթը խնամքով նրա մեջ առնելով երկու անգամ ուժգին խնչեց, հետո թաշկինակը ծալելով և գրպանը դնելով, առավ գրիչը նայեց մեկ նրա ծայրին, մեկ էլ ստորագրելի թղթին. հետո գրիչը իրար վրա երեք անգամ թաթախեց թանաքի մեջ, ապա մի վերջին անգամ էլ նայելով գրչի ծայրին թուղթը ջերմեռանդությամբ մոտեցրեց իրեն և սկսավ ծանր ու հանդարտ ստորագրել` «Աբրահամ Բագրատյանց»:

Դո՛ւ էլ լավ գիր ունես հա՛, — վիզը երկարացնելով և կարմիր մորուքը թղթին մոտեցնելով նկատեց Բալա-ղուզին:

Գիր ա, էլի՞, լավ-օսալ գրում ենք, մեզանից հու փիլիսոփա դառնող չինելու, — համեստությամբ նկատեց Աբրահամ ապերը:

Դե հմի դու մնացիր. վեր առ ձեռք քաշի՛ր, — կարգագրեց Մեսրոբ դային՝ դառնալով դեպի ինձ:

Ես թուղթը առաջս քաշեցի և սկսա թերթել: Հավատացած լինելով, որ վեց հաշվատեսները բավականաչափ ծանոթացել են գործին, պարտքս համարեցի, ստորագրությունս դնելուց առաջ, ինքս էլ ծանոթանալ նրան:

Սկսելով կարդալ սկզբից, տեսա, որ հաշվի մեջ հետզհետե նշանակված էին ել և մուտքի անվափոխ գումարներ, խիստ կարճ բացատրություններով, ուստի դիմելով երեցփոխին, ասացի.

Ինչպես երևում է՝ սա ձեր հաշիվների ընդհանուր ամփոփումն է, ապա ո՞րտեղ են գրված նրանց մանրամասնությունները:

Երեցփոխը նախ մի զարմացական հայացք ձգեց վրաս և ապա մատնացույց անելով ժապավինյալ մատյանները, արհամարհական սառնությամբ ասաց.

Ա՛յ սրանց մեջ:

Կարելի՞ է արդյոք նայել և մի քանի գումարներ ստուգել, — հարցրի ես միամիտ քաղաքավարությամբ:

Հըը՛մ... — արավ երեցփոխը քթի մեջ և չպատասխանեց:

Ի՞նչ ես ասում... — հարցրեց Ավան ապերը մոնոկլը վրաս ուղղելով:

Ասում եմ մի քանի գումարներ ստուգեմ:

Ի՞նչ գումարներ ստուգես, — մեջ մտավ երեցփոխը, այս անգամ արդեն դեմքը խոժոռելով:

Այ, օրինակ, այստեղ դուք գրում եք. «Ջրօրհնեաց պատրաստության ծախք 34 ռ. 60 կոպ...»: Ես հետաքրքրվում եմ իմանալ թե ի՞նչ ու ի՞նչ բաների են տրված այդ 34ռ. 60 կոպեկը:

Հը... ըմ, — դարձյալ մնչացրեց քթում երեցփոխը և ապա դառնալով հաշվատեսներին թթված ժպիտով հարցրեց. — ո՞նց եք հավանում սրան:

Ադա ի՞նչն ես ստուգում, — կես զարմացած և կես վշտացած դարձավ ինձ Մեսրոբ դային:

Ինչպե՞ս թե ինչն եմ ստուգում... Դուք ինձ առաջարկում եք ստորագրել այս հաշիվներին իբրև հաշվատես. էհ, ես չպետք է նախ սրանց ճշտությունը ստուգեմ, հետո ստորագրեմ:

Բո՛, բո՛, տես հալա ինչ ա ասում, աղա սա դուքանի հաշի՞վ ա, որ ստուգես. բա ըսկի էս ժամիցը, էս խաչվառներիցը յա քշոցներիցը քաշվում չե՞ս, որ ըդենց բան ես ասում... Սուս կաց որդի, սուս կաց. ջահել ես, մեղքն ու վարձքը չես հասկանում. վեր կալ էդ թուղթը, ձեռք քաշիր ու գնա բանիդ, — խրատական եղանակով խոսեց Մեսրոբ դային:

Ես չեմ կարող ստորագրել մի թուղթ, որի բովանդակությանն անծանոթ եմ, — պնդեցի ես:

Տո, էս վեց պատվավոր մարդկանցից ոչ մեկն էլ ա ըդենց բան չասեց, դու էդ ո՞նց ես ջուռիաթ անում (համարձակվում) ասում. բա ըսկի չես ամաչում, — զայրացած նկատեց Դավութ բեգը:

Որդի, եկեղեցական բանումն ըդենց բան չեն խոսիլ, վեր կալ ձեռք քաշիր, — կամացուկ շշնջաց ականջումս Աբրահամ ապերը:

Ձեռք քաշիր պրծիր, ուշանում ենք, — նորեն խոսեց Մեսրոբ դային և աչքի ծայրովն էլ առանձին նշան արավ, որ չհամառեմ:

Չէ, չէ, հարկավոր չէ, — խոսեց երեցփոխը. — հերը կգա ձեռք կքաշի. թող մի երկու օր էլ բանը եդանա, վնաս չունի:

Երեցփոխի հայտարարությունը և այս ու այն կողմից տեղացող մեղադրանքներն այնպիսի մի տպավորություն արին վրաս, որ կարծես թե իրավ, մեծ հանցանք եմ գործել. մանավանդ, երբ հորս անունն էլ հիշեցրին, էլ բոլոր քաջությունս կորցրի:

Տվեք ստորագրեմ, եթե կամենում եք, միայն թե...

Միայն թե ի՞նչ, — ընդհատեց Մցական բեգը:

Միայն թե հարկ եղած տեղը պիտի հայտնեմ, որ առանց կարդալու եմ ստորագրել այս հաշիվը:

Հարկավոր չէ, հարկավոր չէ. վեր կաց, գնա՛ գործիդ. քո ստորագրությունն իսկի չեմ ընդունիլ, — զայրացած խոսեց երեցփոխը և թղթերը հավաքեց:

Ա՛ բալամ, դու իստակ ղալմաղալչի ես էլել, — նկատեց ինձ Մեսրոբ դային խիստ վրդովված:

Ձեր հախն ա. (տեղն է.) ձեզ ո՞վ ա ասում, որ երեկ չէ
մեկել օրվա Էրեխան բերք ձեր միջումը նստացնեք, յա չէ, ընչի՞ չեք մտածում, թե ըսենց ջեհելի ստորագրությունն ո՞վ կնդունի, — խոսեց Մցական բեգը և ձեռքերը դարսեց փորի վրա:

Ես էլ Էդ չե՞մ ասում, — հարեց Բալա-ղուզին, չնայելով, որ դեռ ոչինչ չէր ասել:

Ըդենց ա, բա, — մասնակցեց ընդհանուր մեղադրությանը և Լղարենց Աբրահամը:

Ինձ ոչինչ չէր մնում անել այլևս, ուստի վեր կացա տեղից և ամոթահար դուրս եկա ժողովից:

Կրկնակոշիկներս հագնելու ժամանակ ականջիս հասան երեցփոխի վերջին խոսքերը.

Տնաշեններ, դուք էլ ասում եք թուղթը տուր ստորագրի: Բա՞ ես խելքս կորցրե՞լ եմ, որ էդ քչեղակին (կաչաղակ) հաշիվ տամ ստորագրի. յա չէ դրա ստորագրությունն առաջնորդը կընդունի՞:

Ես, իհարկե, վրդովվեցա, որ երեցփոխը լիազորների ներկայությամբ ինձ «քչեղակ» անվանեց, բայց ի՞նչ կարող էի անել, թողեցի և հեռացա:

Գ

Երկու օրից հայրս եկավ. բայց այս դեպքի մասին ոչինչ չասացի նրան, մինչև որ տեսնեի, թե պարոններ հաշվատեսներն ի՞նչ ձևով են հայտնում եղելությունը:

Երեկոյան նա գնաց եկեղեցի և ուշ վերադարձավ: Իմ հարցին թե ուր էիր, հայրս գլուխը շարժելով պատասխանեց.

Միթոմ գիտում չե՞ս:

Ես ի՞նչ գիտեմ:

Երեցփոխի մոտ էի:

Հա՞:

Հա՛:

Մի վայրկյան լռություն տիրեց. հետո հայրս հայացքը սևեռեց ինձ վրա ու հարցրեց:

Էդ ի՞նչ օյին ես հանել դու:

Ի՞նչ եմ արել:

Ո՞նց թե ի՞նչ եմ արել: Էն վեց պատվական մարդիկը, որ քեզ միաբերան ասըմ են՝ ստորագրի երեցփոխի հաշվին, ընչի՞ չես ստորագրում:

Հո ստորագրում էի, բայց երեցփոխը չընդունեց իմ ստորագրությունը:

Տե՛ս, տե՛ս, հաչա ի՞նչ ա ասըմ:

Ի՞նչ եմ ասում:

Տո դու չե՞ս ասել, թե հաշիվը մեկ-մեկ պետք ա կարդամ, փռնացնեմ (համեմատեմ):

Հա, ասել եմ, ի՞նչ վատ բան եմ արել:

Տո՛, բաս ըդենց խոսողի ստորագրությունը կընդունե՞ն: Ես էս ա տասը տարի ա հաշվատես եմ ընտրվում, ե՞րբ եմ երեցփոխի հաշվին մտիկ տվել, յա քննել, որ դու էդ պիծի (փոքր) տեղովդ ուզում ես քննես:

Ուրեմն լավ բան ես արել, էլի՞, ժողովուրդը քեզ հաշվատես է ընտրել նրա համար, որ դու միայն քո ստորագրությունը դնես երեցփոխի հաշվի տակ և դրանով էլ պարտքից ազատ համարես քեզ:

Բա էլ ուրիշ ի՞նչ պիտի ըլի:

Ինչպե՞ս թե ի՞նչ պիտի լինի, չի՞ կարող պատահել, որ երեցփոխը սխալվի, կամ դիտմամբ տվածն ավել, կամ ստացածը պակաս գրի՞, կամ փող թաքցնի՞...

Սուս կաց տո՛, սուս կաց. էդ ինչե՞ր ես խոսում. իստակ անհավատ ես դարձել... Ադա, ժամի կողքիցը կպած օթախումը, էն խաչերի, խաչվառների միջումը սխալմունք յա գողություն կըլի՞:

Ինչի՞ չի լինիլ, հենց ժամի միջումն էլ կլինի, — նկատեցի ես:

Հայրս շրթունքները հուպ տվավ, խեթ-խեթ նայեց վրաս և գլուխը տխրությամբ շարժելով՝ դուրս գնաց:

Այդ նշան էր, որ նա այդ վայրկյանին ամենադժբախտ մարդը համարեց իրեն՝ ինձ նման անառակ որդի ունենալու համար...:

2

ՀԱՏՈՒԿ ԹՂԹԱԿԻՑԸ

(Գավառացու օրագրից)

Ա

Որ ես այժմ բախտավոր եմ, դրա մասին կասկած չունիմ, բայց կցանականայի, որ դուք էլ համոզվիք, թե իրավ, բախտավոր եմ: Այս ապացուցանելու համար կարիք չկա ճառ խոսելու, բավական է ասել թե թղթակից եմ և ամեն բան կհասկացվի:

Բայց հասկանալուց առաջ բնական է, որ դուք հետաքրքրվիք իմանալ, թե ինչպե՞ս պատահեց այդ, այսինքն որ ես, «առանց պատշաճավոր պատրաստության», դարձա հայոց թերթի թղթակից:

(Չակերտներում դրված բառերը ո՛չ թե իմ խոստովանությունը, այլ ձեր կարծիքն է, որի դեմ բողոքում եմ. որովհետև հասարակությունն իրավունք չունի իմ մասնավոր կյանքը քննելու. իսկ պատրաստություն ունենալու կամ չունենալու խնդիրը, ինչպես հայտնի է, վերաբերում է զուտ մասնավոր կյանքին, ինչպես և իմ կուշտ կամ քաղցած լինելու խնդիրը դարձյալ վերաբերում է դրան):

Բայց ինչ որ է, այժմ ձեզ կպատմեմ, թե ինչպե՞ս պատահեց այդ:

Մի օր ես միայնակ ճեմում էի մեր պատշգամբի վրա, և մտածում ա՛յն մասին, թե ինչպե՞ս են անում մարդիկ, որ մեծ քաղաքներում հրատարակվող թերթերի թղթակից են դառնում:

Խնդիրը լուրջ էր, ես էլ մտածում էի լրջորեն: Հանկարծ մի սաստիկ ցանկություն զգացի թղթակից դառնալու: Չգիտեմ, Պառնասի մուսաների մեջ կա՞ արդյոք թղթակցություն ներշնչող մուսա, թե՞ ոչ, եթե կա, ապա ինձ թվում է, թե թղթակից դառնալու այդ հանկարծական ցանկությունը հենց նա է ներշնչել ինձ, իսկ եթե չկա, դարձյալ չպիտի մեղադրեք ինձ: Ո՞վ չէ ձեզանից գեթ մի անգամ, յուր կյանքում, ունեցել այդպիսի անմեղ ցանկություն... խոսքս, իհարկե, տգետների մասին չէ, այլ ինտելիգենտների:

Հա, այն էի ասում, թե ճեմում էի պատշգամբի վրա... Եվ ահա՛ տես, որ հանկարծ փողոցի մեջ բուսան տեր Շմավոնն ու տեր Սիմոնը և կանգ առնելով ուղիղ մեր պատշգամբի դիմաց սկսան տաք-տաք վիճել: Ինձ այնպես թվաց, թե վեճը շուտով պիտի փոխվի կռվի, կռիվը` հայհոյանքի, հայհոյանքը՝ ծեծի... Ուստի ականջներս սրեցի, որ մի բան լսեմ քահանաների վիճաբանությունից, բայց դժբախտաբար չկարողացա, որովհետև փողոցը հեռի էր և արժանապատիվ հայրերի ձայնը ականջիս չէր հասնում:

Այսուամենայնիվ, պարզ տեսնում էի, որ նրանց ձեռքերի, ոտների և մանավանդ գլխի սաստիկ շարժումները հոգեկան ամենագրգռված դրություն էին արտահայտում: Հետևապես, եթե գրողի տաղանդ ունենայի, իմ հոգվո ականջներով կլսեի, թե նրանք ի՞նչ են ասում: Չէ՞ որ մեզանից ամեն մեկը գիտե, թե բարկացած մարդիկ ինչե՞ր կարող են խոսել:

Եվ, ահա՛ հենց այդ վայրկենից ինձ այնպես թվաց, թե այդ տաղանդն ստացա: Որովհետև, երբ տեր Շմավոնը գլուխը երեք անգամ թափահարելով մի քայլ ետ կանգնեց և ապա` ձախ ձեռքը կողքին դրած, իսկ աջով գավազանը շարժելով երկու քայլ առաջացավ, ես հաստատ իմացա (թեպետ չլսեցի), որ նա ընկերոջն ասաց.

Դու մի անպիտան արարած ես:

Տեր Սիմոնն, իհարկե, տակր չէր մնալու, նա էլ (եթե միայն ինքնասիրություն ուներ), պիտի ասեր.

Անպիտանը դո՛ւ ես, որ գանձանակը խորում ես:
Տեր Շմավոնն այնուհետև պարտավոր էր անվանել հակառակորդին «անխի՛ղճ ստախոս», իսկ տեր Սիմոնը նրան` «անամոթ ուրացող» և այսպես` կարգով առաջ գնալով...Ի՞նչ եք կարծում, վերջն ո՞ւմ պիտի հանգեր...

Գավազանահարության:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 Next Last