Մուրացան՝   Անմեղ զրույցներ

Վերջապես այդպիսի հուզումների և հոգեկան ամենաքաղցր գրգիռների ազդեցության տակ ես կարդացի իմ թղթակցությունը մի քանի անգամ, հիացա, հափշտակվեցի և ապա «Հնձվորը» սրտագին համբուրելով` դուրս եկա տանից:

Հասած լինելով արդեն այսպիսի բարձր աստիճանի, ես, իարկե, պիտի աշխատեի այնուհետև հեռու պահել ինձ հասարակ ամբոխից և գտնվել մշտապես որոշ բարձրության վրա: Բայց մինչ այդ դեռ հարկավոր էր իմանալ, թե ի՞նչ ընդունելություն է գտել իմ հոդվածը քաղաքի մեջ, կամ ի՞նչ ազդեցություն է արել նա ընթերցող հասարակության վրա:

Այդ վայրկենին, որ ոտքս դրի քաղաքի հրապարակում, ինձ այնպես թվաց, թե բոլոր մարդիկ աչքերնին սևեռեցին ինձ վրա, իսկ շատերը նրանցից հարգանքով բարևեցին: Ես, իհարկե, չնայեցի ոչ ոքին և առաջ էի գնում հաստատուն քայլերով ու «հատուկ թղթակցին» վայել լրջությամբ:

Օրը տոն լինելով` դպրանոցի վարժապետական խումբն ևս այդտեղ էր: Ես, իհարկե, միայն դրանց կարող էի մոտենալ, իբրև փոքր ի շատե ինտելիգենտ մարդկանց: Իմ ողջույնին ամենքը պատասխանեցին սիրով և քաղաքավարությամբ: Իսկ իմ հարցին թե` ի՞նչ նոր լուր կա, Ճաճուռյանն ասաց.

Լուր չէ, այլ մի ամբողջ պատմություն... «Հնձվորի» այստեղի թղթակիցը գլխի վրա է դրել ամբողջ քաղաքը:

Ինչպե՞ս, ի՞նչ է գրել, — հարցրի ես կեղծ անգիտությամբ:

Օ՛, պետք է կարդաք, բառերով պատմել անկարելի է:

Այսուամենայնի՞վ:

Ասում եմ անկարելի է, է՛լ թղթակից պտրողներ, է՛լ առաջնորդ, է՛լ քահանա, է՛լ կուսակցական անարդարություն և այլն, և այլն չէ մնացել, բոլորն հրապարակ են հանված:

Եվ լա՛վ է գրված:

Փառավոր, «հատուկ թղթակցի» գործ է:

Ուրախ եմ, որ հավանում եք, — ասացի ես ժպտալով: Ճաճուռյանն իսկույն բռնեց ձեռքս և քաշելով ինձ մի կողմ, հուզված ձայնով հարցրեց.

Մի՞թե դուք եք գրողը:

Ես զարմացա նրա նուրբ հոգեբանական ընդունակության վրա:

Ինչո՞ւ համար եք այդպես կարծումհարցրի ժպտալով:

Օ՛, մի ծածկեք, խնդրում եմ, հայտնեցեք ինձ ճշմարտությունը, ես գաղտնապահ կլինեմ այնպես, ինչպես գերեզմանի քարը, որ ոչ ոքի չի ասում, թե ո՞վ է յուր տակ պառկած:

Ս՛ ս... կամաց խոսեցեք, ի սեր աստծո, — զգուշացրի ես:

Ուրեմն, սիրելի բարեկամ, այդ դուք եք, դո՛ւք...

Այո’, ինչո՞ւ ծածկեմ լավ բարեկամից... Բայց, խնդրում եմ` թող ոչ ոք այլևս չիմանա այդ:

Բայց ախր դուք... ներողություն...

Ինձ թվում էր, թե նա կամենում էր ասել` «ախր դուք այնքան մտավոր պատրաստություն չունեք», բայց իմ աչքերի խիստ հայացքը զգաստացրեց նրան, ուստի խոսքը փոխելով հարցրեց.

Բայց ախր այդ ի՞նչ անուն է, որ ընտրել եք:

Հովսեփ ԱվետիսյանԿարապետյան Օհանյանցի գլխատառերը միացրեք դա կլինի՞...

Ճաճուռյանը մի փոքր մտածեց և ապա հանկարծ բացականչեց:

Հակօ:

Բայց հենց այդ բառն էր, որ կարողացավ արտասանել և ապա ամոթից շառագունվեց, որովհետև զգաց, որ մեծ անքաղաքավարություն է արել` կասկած հայտնելով իմ մտավոր պատրաստության մասին:

Ներողություն, սիրելի պարոն Հակօ, եթե ես վիրավորեցի ձեզ, — ասաց նա անկեղծ զղջումով:

Հակօ անունս առաջին անգամ լսելով կենդանի բարբառով խոսողից, այնպիսի մի քաղցր հաճույք զգացի, որ իսկույն էլ ասացի Ճաճուռյանին կատարյալ ներողամտությամբ.

Անհոգ կացեք, բարեկամ, այսուհետև այլևս ես սրտիս չեմ առնիլ ոչ մի վիրավորանք: Մի անգամ, որ հրապարակախոսությունն ընտրել եմ իմ գործունեության ասպարեզ, ես պիտի աշխատեմ սովորել համբերություն: Ես պատրաստ պիտի լինիմ թե՛ վիրավորանքի և թե՛ հալածանքի. այդ դեպքում, անշուշտ, ինձ կմխիթարեն և կոգեվորեն մեծ հրապարակախոսների օրինակները:

Անշուշտ, անշուշտ, — պատասխանեց Ճաճուռյանը խորին ակնածությամբ:

Ես կրկին զգուշացրեցի նրանոչ ոքի չհայտնել Հակօ-յի ով լինելը և հեռացա:

Բայց, բարեբախտաբար, «ոչինչ է ծածուկ որ ոչ յայտնեսցի»: Ճաճուռյանն այս մասին հայտնել էր Մոճոռյանին, Մոճոռյանը` Չանչուրյանին, Չանչուրյանը` Ձանգուրյանին և այդպիսով մի շաբաթից հետո արդեն բոլոր քաղաքը գիտեր, որ ես եմ Հակօ-ն, «հատուկ թղթակիցն» ազատամիտ «Հնձվորի»:

Դ

Այժմ այլևս ավելորդ է թվել, թե ի՞նչ նյութերի մասին եմ գրել ես իմ երկրորդ, երրորդ, չորրորդ և այլն և այլն նամակներում: Այդ երջանիկ օրերից սկսած մինչև այսօր անցել են շատ տարիներ և այդքան ժամանակի ընթացքում «Հնձվորում» հրատարակված իմ թղթակցությունների մեջ ես շոշափել եմ հարյուրավոր ու հազարավոր հարցեր: Այդ ամենի մասին հիշել անկարելի է: Այսքանը միայն կասեմ, որ իմ հրապարակախոսական գործունեության ընթացքում հետևել եմ միշտ մի ազնիվ սկզբունքի, այն է` խոսել ու գրել ճշմարտությունը, և միայն ճշմարտությունը: Բայց, իհարկե, ոչ այնպես, ինչպես որ նա կա, (այդպես կարող է անել ամեն մի տիրացու), այլ այնպես, ինչպես որ պիտի լինի, որովհետև ա՛յդ է պահանջում կուսակցական ճշմարտության Էտիկան, որն ուսումնասիրել և յուրացրել եմ շարունակ «Հնձվորի» գոհարները կարդալով և նրա ուղղության գաղտնիքը վերլուծելով:

Այս իսկ պատճառով ամեն մի թղթակցություն շարադրելիս աչքիս առաջ եմ ունեցել հայր գործակալի «ձյունի կյոնդրակը» և «օխտը ագռավ ծնող տեր Պուղու» պատմությունը: Դրանք, այո, եղել են ինձ համար լուսատու փարոսներ իմ հրապարակախոսական նավի հորձանուտ ճանապարհի վրա և դրանց եմ պարտական գրական ասպարեզում ձեռք բերած իմ հաջողությունն ու հռչակը:

«Հատուկ թղթակցի գործունեության ասպարեզըմանավանդ այն թղթակցի, որ կոչումն ունի ազատ, մտրակող և մերկացնող ուղղությանն հետևելու, չափազանց ընդարձակ է և շնորհակալ: Գավառի մեջ, մանավանդ, այդ կոչման հետ կապված են որոշ իրավունքներ, որոնցից թղթակիցը կարող է օգավել ինչպես և ինչ չափով որ կամենա: Բավական է, որ նա յուր ձեռքին ունի մի դրոշակ, որի վրա գրված են հետևյալ վեհ խոսքերը. «ազատամտություն», «նոր և թարմ հոսանք», «հարվածել ու մտրակել», «կորչի խավարը և հետադիմությունը», «ատում ենք կղերականներին», «ով որ մեզ հետ չէ, մեր դեմն է»: Այլև մի բառարան, որ յուր մեջ ունենա 500-ից մինչև 1000, կամ առավելն 2000 ընտիր, բայց, միևնույն ժամանակ ազդու հայհոյանքներ, համեմված հարձակողական և մտրակողական դարձվածքներով, որոնք որչափ հանդուգն լինեն ու սանձարձակ, այնքան ավելի լավ, որովհետև ինչպես գիտեք, քացախի թունդն է լինում հարգի:

Եվ ահա՛ այդ գեղեցիկ ուժերով զինված, դուք մտնում եք... բայց ոչ, այստեղ մի փոքր պիտի շեղվեմ:

Հայոց ազգը հո գիտե՞ք ինչ ազգ է: Երևելի ազգ է, ամեն բան ունի: Ամենից առաջ ունի մի ազգային եկեղեցի, որ թեպետ մի փոքր հետադեմ է, բայց վնաս չունի за то շատ հին է: Նրա գոյությունն, ասում են, Քրիստոսից շատ առաջ է հիմնված, չգիտեմ, Բագրատունյաց ո՞ր թագավորի ժամանակ: Թվականը չեմ հիշում: Ես, առհասարակ այդպիսի սխոլաստիկական խնդիրներով չեմ զբաղվում: Ճշմարիտն ասած նոր սերնդին չի էլ սազում վատնել ժամանակն այդպիսի դատարկ բաների վրա: Այսքանը միայն գիտեմ, որ նա շատ հին է, և ինչպես «Հնձվորն» էլ ասում է` ունի ժողովրդական ոգի, որի պատճառով էլ կատարում է ժողովրդական ընտրություններ, ինչպես օրինակ, քահանայի, երեցփոխանի, հաշվատեսի, պատգամավորի և այլն:

Հայոց ազգն ունի, նաև, հոգևոր դպրոցներ, որոնց մեջ դասախոսում են վարժապետներ, իսկ վարժապետներին ընտրում է տեսուչը, տեսչին հոգաբարձուները, հոգաբարձուներին ժողովուրդը, իսկ ժողովրդին... հա՛, ներողություն. դենը ճանապարհ չկա:

Հայոց ազգն ունի հոգևոր ատյաններ, որոնք կառավարվում են անդամներով, իսկ անդամներին կառավարում է առաջնորդը, առաջնորդին կաթողիկոսը, կաթողիկոսին... Այստեղ էլ, կարծեմ, ճանապարհը փակ է, բայց սազում է, որ ասեի «իսկ կաթողիկոսին ժողովուրդը»:

Վերջապես հայոց ազգն ունի բարեգործական ընկերություններ, որոնք կառավարվում են վարչություններով, իսկ վարչությունը բաղկացած է անդամներից ու նախագահից, որոնց, ինչպես գիտեք, ընտրում է ընդհանուր ժողովը, իսկ ընդհանուր ժողովը կազմվում է անդամներից, որոնք, բոլորն էլ, ժողովրդական ոգի ունին, որովհետև աշխարհականների որդիք են: (Միջանկյալ պիտի ասեմ, որ դրանք միակ հաստատություններն են, որոնք ազատ են կղերական տարրից և նրանց ազդեցությունից. դժբախտաբար դրանք էլ այն վատ կողմն ունին, որ ընդունում են հետադեմ անդամներ, որոնց հետ երբեմն ստիպված ենք լինում ընդհարվիլ):

Ահա՛, այս բոլոր տեղերն ու հաստատություններն, որոնք ժողովրդական ոգու արտադրություններն են, կազմում են «հատուկ թղթակցի» գործունեության ասպարեզը:

Հիշածս դրոշակը ձեռքիս և բառարանը կռանս տակ ես մտնում եմ այդ ասպարեզներից, որը կամենում եմ, որովհետև իմ առաջ բաց է ամեն դուռ, եկեղեցո՞ւ լինի այդ թե՛ դպրոցի, առաջնորդարանի՞ լինի թե բարեգործական ընկերության, միևնույն է. ամեն տեղ էլ ես մտնում եմ ազատորեն, ինչպես որ կմտնեի իմ հոր տունը կամ իմ պապի բախչեն:

Առաջին անգամ, որ կոխում եմ դռան շեմքը, մի թեթև հազում եմ: Ներկա եղողներն իսկույն նայում են ներս մտնողին և զգաստ դիրք ստանում: Այդ ժամանակ արդեն ես գլխարկս հանում եմ: Իբրև ծայրահեղ առաջադիմական, ես այդ անում եմ մի քանի քայլ դահլիճում առաջ գնալուց հետո: (Հետադիմականներն, ընդհակառակը, գլխարկները հանում են նախասենյակում, որ նշան է նրանց երկչոտ և նվաստողի լինելուն): Իսկույն մի խուլ շշուկ տարածվում է ժողովրդի մեջ: Լսվում են հարցերը. «ո՞վ է սա» և պատասխաններ. «Հնձվորի» թղթակիցը, կամ «պարոն Հակօն»:

Ես, իհարկե, այդ վայրկյանին դիմում եմ դեպի իմ աթոռը, գլուխս վեր բռնած, կուրծքս դուրս ցցած և կարելվույն չափ սիգաճեմ: Զգում եմ, որ նախագահն ու վարչության անդամները հետևելով իմ քայլերին` կամենում են ինձ ողջունել: Բայց ես անցնում եմ առանց նրանց նայելու, լուռ և իբր թե մտախոհ:

Նստում եմ վերջապես «հատուկ թղթակցի» աթոռին: Եվ թեպետ չգիտեմ, թե ինձանից առաջ ի՞նչ են խոսել, կամ ի՞նչ հարցեր շոշափել, այսուամենայնիվ տեսնելով, որ շատերը մատներնին բարձրացրած խոսք են ուզում նախագահից, ես էլ բարձրացնում եմ ցուցամատս, որպեսզի հասկացնեմ ժողովին, թե «մենք էլ այստեղ ենք»:

Նախագահն իսկույն գլխով է անում, որ կնշանակե թե` «ձեր խոնարհ ծառան եմ», ես սպասում եմ:

Այդ միջոցին խոսողը մի պահպանողական է, բայց ես նրան չեմ լսում, որովհետև իրավունք չունիմ լսելու: Գուցե նա խոսում է լավ բաներ, գուցե շատ էլ խելոք մարդ է, բայց քանի որ, պահպանողական է, այդ արդեն բավական է, որ ես համոզվեմ, թե նա լավ բան ասել չէ կարող: Եվ հենց այդ պատճառով էլ, բոլոր ժամանակ, որ նա խոսում է, ես ազատամիտ մարդուն վայել անհամբերությամբ, ծամածռություններ եմ անում, որով բոլոր դահլիճն հասկանում է, որ Հակօն դեմ է խոսողին: Այդքանն արդեն բավական է, որ ճառախոսը ոչ մի սպիտակ քվե չստանա, եթե հավակնություն է ունենալու յուր տուփը դնելու:

Ա՛յ, ուրիշ բան է հաջորդ ճառախոսը. նա ազատամիտ Ճաճուռյանն է: Եվ չնայելով, որ չգիտեմ թե ի՞նչ պիտի խոսի, այսուամենայնիվ, ես լիովին համաձայն եմ նրա հետ: Որովհետև հաստատ գիտեմ, թե ինչ էլ որ խոսի, հարմար պիտի լինի մեր ուղղությանը: Մի փոքր անցնում է թե չէ, գուշակությունս կատարվում է, նա հայտնում է հրաշալի մտքեր, ամենն էլ առաջադիմական, ես նրան ծափահարում եմ, ինձ ձայնակցում են մեր ընտիր համախոհները:

Շուտով հերթը հասնում է ինձ, թեպետ ես այդպես շուտ չէի սպասում... Բայց որովհետև նախագահը մեր բանակից է, ուստի կուսակցական քաղաքականության էտիկետը պահպանելով ինձանից առաջ ձայն խնդրողներին նա թողնում է անուշադիր և սիրալիր ժպիտով դառնում է դեպի ինձ.

Պարոն Հակօ, այժմ խոսքը ձերն է:

Ես, սկզբում, իհարկե, մի փոքր շփոթվում եմ, որովհետև, խոստովանանք լինի, խոսելու մի առանձին շնորհք չունիմ, բացի այդ, այն վատ սովորությունն էլ ունիմ, որ ցուցամատս բարձրացնելու միջոցին, որոշած չեմ լինում թե ի՞նչ պիտի խոսեմ: Իսկ այժմ քանի որ հերթը հասել է ինձ, իբրև «հատուկ թղթակից» պետք է արժանապատվությունս բարձր պահեմ, ուստի բոլորովին ինձ չկորցնելով բարձրանում եմ աթոռից և մի բարձրահոն հայացք ձգելով ժողովականների վրա, պարզ և մեկին արտասանում եմ հետևյալ համառոտ, բայց բազմաբովանդակ ճառը.

Պարոն նախագահ, պատիվ ունիմ հայտնելու հարգելի հանդիսականներին թե ես, իսկապես, կամենում էի ասել այն, ինչ որ պարոն Ճաճուռյանն ասաց. ես լիովին համաձայն եմ պարոնի հայտնած մտքերի և կարծիքների հետ:

Այս խոսքերը խոր տպավորություն են անում ժողովի վրա:

Դուք հիմա կասեք թե «հատուկ թղթակցին» չի վայելիլ այդքան համառոտախոս լինել: Ես կպատասխանեմ, որ սխալվում եք: Հատուկ թղթակիցն ավելի պարտավորություն էլ չունի խոսելու: Ով ուզում է թող խոսի, ճառեր արտասանե, ընտրություններ կատարե, այսուամենայնիվ, այդ բոլոր խոսքերի, ճառերի և ընտրությունների նկատմամբ հրապարակով վերջին կարծիք հայտնելը մեզ է պատկանում:

Եթե ճառախոսը «մեր մարդն» է, ես նրա հայտնած մտքերն ու կարծիքները «Հնձվորում» անվանում եմ «բարձր, վսեմ և գաղափարական», եթե հակառակորդ է, ասում եմ` «հետադիմականին մեկն այսինչ ժողովում հայտնեց անդրջրհեղեղյան, բորբոսնած մտքեր»:

Եթե ժողովի ընտրությունները կատարվում են համաձայն մեր ցանկության, այն ժամանակ ես հայտնում եմ, թե «այսինչ ընդհանուր ժողովը կայացավ ամենայն օրինավորությամբ և ընտրության արդյունքը եղավ փայլուն, որովհետև ընտրվեցան միայն առաջադիմականները: Բայց, եթե դրանց մեջ ներս է ընկնում մի պահպանողական, այն ժամանակ արդեն ասում եմ. «թեպետ ժողովը կանոնավոր եղավ, բայց վերջում խավարամիտները քվեները խարդախելով և մի քանի ժողովականների միամտությունը շահագործելով ընտրել տվին իրենցից մինին»:

Պատահում է, իհարկե, և ժողով, ուր բոլոր ընտրվածները լինում են պահպանողականներ: (Այդպիսի դժբախտություն հասել է հայոց ազգին մի քանի անգամ): Եվ այդպիսի ժամանակ ես այլևս չեմ քաշվում զուտ ճշմարտությունը հայտնելու, ժողովն, ուղղակի, հայտարարում եմ. «ապօրինի», ընտրությունները` «անվավեր», իսկ ժողովատեղը` «Արշակավան»:

Այս եղանակով ես գործում և ճշմարտությունը հայտնում եմ, նաև, պատգամավորական, հոգաբարձական և երեցփոխական ընտրությունների վերաբերմամբ:

Եթե պատգամավորը «մերոնցից է», ես նրան ուղղակի անվանում եմ «սուրբ գործի համար յուր անձն ու հոգին նվիրող»: Եթե «մերոնցից» չէ, տալիս եմ նրան յուր սեփական անունը, այն է` «պնակալեզ և ստրկահոգի կղերական»:

Եթե հոգաբարձուն «մեր բանակիցն է», ես չեմ ծածկում նրա արժանիքը. հայտնում եմ, որ դա անզիվ ու ազատ գաղափարներով տոգորված, դպրոցի, առաջադիմության նախանձախնդիր և հանճարավոր ուղեղի տեր մեկն է»: Բայց եթե «հակառակորդ բանակից» է, նրա թերությունները պարզ է. նա «կաշառակեր է, անբարոյական և Մաթուս աղայի ժամանակակից գաղափարներով սնված»:

Եթե երեցփոխը «մեր մարդն» է, նրա նկատմամբ կատարում եմ իմ պարտքը, հայտարարելով նրան «անբիծ, անշահասեր, վերին աստիճանի բարեպաշտ և աստծու տան օգտին յուր անձը նվիրող», իսկ եթե «մեր մարդը չէ», այն ժամանակ, ինչ ասել կուզի, որ քաղաքացիական քաջություն պիտի ունենամ անվանելու նրան «գող, ավազակ, եկեղեցու գույքը հափշտակող» և այլն ըստ կարգին:

Գալով վարժապետներին, տեսչին, առաջնորդին և այլն, դրանց գործունեության նկատմամբ ես հետևում եմ միևնույն հաստատուն ուղղության, մնալով միշտ ազատասեր, ճշմարտախոս, մերկացնող, հարվածող-մտրակող, միով բանիվ զտարյուն «հնձվորական»:

Այս էլ պիտի ասեմ, որ «հատուկ թղթակցի» գործունեությունը չի սահմանափակվում միայն ազգային հաստատությունների մասին գրելով: Ո՛չ, գավառական քաղաքում ուրիշ բաներ էլ կան, որոնցով մենք հետաքրքրում ենք լրագրի ընթերցողներին: Կա, օրինակ, քաղաքագլուխ, կան վարչության անդամներ, ինքնավարական իրավունք, հետո` քաղաքի մաքրության, բարեկեցության և առողջապահության վերաբերյալ խնդիրներ. կա՛ն կապալառուներ, վաշխառուներ, վաճառականներ և այլն: Այս բոլորի մասին նույնպես ես իրավունք ունիմ գրելու: Եվ գրում եմ, իհարկե, այն ինչ որ կամենում եմ, կամ ինչ որ պահանջում է կուսակցությունից անբաժան իմ անհատական շահը:

Կար ժամանակ, երբ թղթակիցներից պահանջվում էր շատ քիչ բան. այն է` լինել լոկ արձանագրող որևէ գործի կամ դեպքի: Այդ նահապետական ժամանակի թղթակիցը կարող էր, ուրեմն, լինել և սահմանափակ խելքի ու զարգացման տեր մեկը, և նա, համենայն դեպս, կգոհացներ յուր ընթերցողներին: Բայց այժմ այդպես չէ: Այն օրից, որ հայ ազգի կյանքը բարդացավ և նրա մեջ ծնունդ առին ազատամտական, առաջադիմական և մտրակողական ուղղություններն, այն օրից, երբ լույս աշխարհ հանվեցան խավարում ծածկված պահպանողականները, հետադիմականները և կղերականները, մերկացնող ուղղության հետևող խմբագրություններն այլևս չեն բավականանում հասարակ տեսակի թղթակցություններով, նրանք պահանջում են, որ «հատուկ թղթակիցն» ունենա ոչ միայն արձանագրելու, այլև հորինելու ու ստեղծելու ձիրք, որ նա կարողանա որևէ անձի գնդած ձյունը գլորել ու թավալել այնքան, որ սա մեծանա, վիթխարի ձև ստանա և տեսնողների վրա ահ ու սարսափ բերե: Կամ, ընդհակառակը, եթե մեկը պատահմամբ շինել է մի մեծ գունդ, հալե ու մաշե նրան այնքան, որ տեղը մնա աննշան մի գնդիկ:

Եվ հենց այս պատճառով էլ, եթե առաջ խմբագիրն այնքան երկչոտ ու ամոթխած էր, որ յուր լրագրում որևէ անճիշտ լուր տպված ժամանակ շտապում էր` հակառակ կողմից հասած հերքումը իսկույն տպագրելու, այժմ, ընդհակառակը, խմբագիրն ունի այնքան կորով ու քաջություն, որ ոչ միայն հզոր պաշտպանություն է ցույց տալիս յուր թղթակցին և՛ համառությամբ նրա հաղորդած անճշտությունների վրա պնդում, այլև թղթակցի վարկը ժողովրդի աչքում բարձրացնելու համար, այդ անճշտությունների վրա հիմնված առաջնորդողներ է գրում և յուր խոսքն ավելի ազդու անելու համար թղթակցի ստերից վկայություններ բերում:

Ճշմարիտ է, գավառական քաղաքում գործի իսկության ծանոթ մի քանի մարդիկ վրդովվում են և հայհոյում սխալ տեղեկություններ հաղորդող թղթակցին, բայց դրանից ինչ դուրս կգա, հո մյուս քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ կարդո՞ւմ են մեր հաղորդածը և ընդունում նրանց զուտ ճշմարտության տե՞ղ:

Տասը-քսան մարդ ճշմարտությունն իմանալով ի՞նչ կարող են անել, քանի որ նրանց հերքումը չի տպագրվելու լրագրում: Տասնյակ հազարավոր մարդիկ մեր շնորհիվ արդեն սևին ասել են սպիտակ և այդ բավական է, ձայն բազմաց` ձայն աստուծո:

Հանգամանքների այդպիսի բարեբախտ փոփոխության շնորհիվ է, որ մենք այսօր ոչ միայն մեծ հարգ ու պատիվ ենք վայելում ժողովրդից, այլև կարողանում ենք հեղափոխություններ առաջացնել նրա լճացած ու բորբոսնած կյանքի մեջ:

Հիշենք մի օրինակ:

Քսան տարի սրանից առաջ մի անհեթեթ կարգադրություն եղավ:

Հրամայել էին, որ մեր դպրոցների աշխարհական հոգաբարձուների թվում ընտրվեն նաև մեկ-երկու քահանաներ, որոնք, ինչպես գիտենք, զուտ կղերականներ են: Այս կարգադրությունը, ինչպես որ սպասելի էր, հուզեց ու վրդովեց ողջ ազատամիտ աշխարհը:

Ո՞նց թե հոգևոր դպրոցների մեջ մուտ գործե հոգևորականը, այս ի՞նչ խավարամտություն է, — հարցրինք մենք իրար` լցված արդար բարկությամբ:

Բանից երևաց, որ այդ կարգադրությունն արել է հայոց հոգևոր տերը:

Մենք զարմացանք:

«Հայոց հոգևոր տերը ի՞նչ գործ ունի մեր հոգևոր դպրոցների հետ», — հարցնում էինք իրար լուռ փսփսալով և սակայն այդ հարցին պատասխան չէինք գտնում:

Հանկարծ բարեկամներիցս մեկը մի զարմանալի միտք հայտնեց.

Հայոց հոգևոր տերը, — ասաց նա, — երևի այն կարծիքի է, թե` քահանաները ևս հայեր են: Իսկ նրանց որդիքը, որ փարաջա չեն հագնում, աշխարհականներ: Հետևապես, ինչպես որ գդակակար Մակին, կամ բազազ Սերոբը աշխարհական լինելով իրավունք ունին հոգաբարձու ընտրվելու, և իրենց որդվոց շահերը դպրոցում պաշտպանելու, այնպես էլ քահանան, հայ անվանելով իրեն, պիտի խառնվի հոգևոր դպրոցի գործերում, առարկելով թե պաշտպանում է այդտեղ յուր աշխարհական որդու շահերը:

Ո՛չ, այդպես չէ, — հարեց մի ուրիշը, — որովհետև մենք, աշխարհականներս, ամեն կերպ խառնվում ենք եկեղեցու գործերում, առարկելով թե մեր եկեղեցին ժողովրդական է, ահա՛, հոգևոր տերն էլ քահանաներին խառնում է մեր հոգաբարձուների հետ, որպեսզի մի օր ասե. թե` դպրոցներն էլ հոգևորական են:

Այս տարօրինակ, բայց կարի հավանական բացատրություններն ուղեղս ցնցեցին: Սկսա մտածել, թե ի՞նչ միջոց գործ դնենք ծնունդ առած չարիքն արմատախիլ անելու:

Եվ ահա՛ հանկարծ գլխումս ծագեց մի հրաշալի միտք, որը ես դարձյալ վերագրեցի մուսաների ազդեցության: (Միջանկյալ պիտի ասեմ, որ վերջին ժամանակներս մուսաները շուտ-շուտ են երևում մեր երկրում: Ասում են բանաստեղծ Հովհաննես Թումանյանն էլ ջրի վտակում մի մուսա է բռնել: Բայց խավարամիտ հետադիմականը փոխանակ նրանից շնորհ խնդրելու, փող է ուզել, մուսան էլ փասա-փուսան հավաքել, փախել է): Հա՛, այն էի ասում, գլխումս մի հրաշալի միտք ծագեց: — Կղերական կուսակցությունից և նրա ազդեցությունից ընդմիշտ ազատվելու համար պետք է հեռացնենք եկեղեցիներից բոլոր քահանաներին, իբրև հայ ազգին չպատկանող մի տարրիմտածեցի ես:

Եվ երբ այս մասին հետևյալ օրը հայտնեցի պատգամավորների նախապատրաստական ժողովում, բոլոր առաջադիմականները միանվագ ծափահարեցին: Բայց հետադիմականներն սկսան ծիծաղել: Եվ զարմանալի էլ չէր: Այդ մարդիկ չեն կարող որևէ թարմ ու նոր միտք ըմբռնել ու մարսել, նրանց հետաքբքրում է միայն հինն ու փտածը: Այդ պատճառով էլ խավարասերներից մեկը հետևյալ տղայական դիտողությունն արավ.

Հապա այն ժամանակ ո՞վ մեզ համար ժամ ասե, ո՞վ մեր երեխան մկրտե, պսակը կատարե, մեռելը թաղե:

Արևը սիրեմ Ճաճուռյանին, վեր թռավ տեղից կրակի պես ու պատասխանեց.

Դրա համար Ամիրխանյան կա, բավական է այսօր քաշել մի հեռագիր և վաղը պատրաստ կլինին այնտեղ մի քանի տասնյակ պաստորներ, բոլորն էլ բրյուկով ու ժիլետով:

Հետադիմականն, իհարկե, իսկույն պապանձվեց: Բայց և այնպես իմ առաջարկությունը չընդունվեց, որովհետև խավարամիտները քվեները խարդախեցին:

Այնուամենայնիվ, կղերականներից ազատվելու համար, մենք գործ դրինք ավելի ազդու և գրական միջոց: Մի երեկո հավաքեցինք քաղաքի քահանաներին մեր տանը և ասացինք.

Տեր-պապաններ, դուք ստամոքս ունի՞ք թե ոչ, — ասացին:

Ունինք:

Դուք սիրո՞ւմ եք թազա հաց, յուղալի բոզբաշ, անուշահոտ տոլմա, կամ ղավուրմով փլավ, — ասացին.

Շատ ենք սիրում:

Դուք կարո՞ղ եք տկլոր ման գալ ձմեռ ժամանակ, կամ սենյակներդ չվառել, երբ բուք ու բորանը սառեցնում լինի դրսում ամեն կենդանի շունչ:

Ոչ, ասացին, չենք կարող, տկլոր ժամանակ մեզ հարկավոր է լավ քաթանից շապիկ ու շապկի ընկեր. հաստ գուլպա և պոլսապոժկա, հետո դրաբի շալվար և արխալուղ, վերջը մի կապա, մի փարաջա, մեկ էլ մի վերարկու-փարաջա, այդ բոլորից հետո էլ մանիշակագույն թավշից մի կամիլավկա: Իսկ եթե դրան արժանացած չլինինք, այն ժամանակ Հաբիքի կաստորից մի լավ շլյապա: Գալով մեր սենյակները տաքացնելուն, դրա համար էլ հարկավոր է չորս խորանարդ սաժեն իսկական բոխի ծառի փայտ:

Դե, լույս դառնա ձեր հերը, — ասացինք մենք, — հիմա լսեցեք, եթե չեք ուզում, որ թազա հացը, բոզբաշը, տոլման, ղավուրմով փլավը, կամ վարդագույն իշխան ձուկն անպակաս լինին ձեր սեղանից, եթե չեք ուզում տկլոր ու չփլախ ման գալ փողոցում, կամ ձմեռ ժամանակ ցրտից գոնգոռնալ, այն ժամանակ պետք է քիթներդ չերևցնեք հոգաբարձուներ ընտրող վաղվա ժողովի մեջ: Հակառակ դեպքում, մենք ձեր ծխականները չենք, դուք էլ մեր քահանաները:

Հարվածն ուղղված էր վերքին. քահանաները մնացին սառած:

Մեկը միայն առաջ անցավ և մեր գութը շարժելու համար, յուր ընկերների կողմից հետևյալ սրտառուչ բանաստեղծությունն արավ:

Ո՛վ երջանիկ աշխարհականներ, եղել է ժամանակ, երբ քահանաներն այնքան անշահասեր, պարտաճանաչ և առաքինի են եղել, որ մի ճշմարտություն քարոզելու, կամ պաշտպանելու համար, նույնիսկ, իրենց անձն են զոհել, նահատակվել են: Բայց այդ եղել է այն ժամանակ, երբ նրանք ապրում էին ո՛չ թե «հացիվ», այլ` «բանիվն աստծո», այսօր, իհարկե, այդպիսի քահանաներ չկան, եղածները մենք ենք, իսկ մեզանից ամեն մինը, ինչպես գիտեք, ունի մի ջվալի չափ ստամոքս, որն անհնար է լցնել «բանիվն աստծո»: Այդ պատճառով մենք սիրով ընդունում ենք ձեր առաջարկությունը: Թող խավարամիտ Էմին Տեր-Գրիգորյանը մեզ այս առիթով անվանե հացկատակ, թող ուրիշ հետադիմականներն էլ անվանեն, թեկուզ պորտաբույծ, պնակալեզ, մեզ համար միևնույն է, միայն թե մենք չզրկվենք անուշահոտ տոլմից, ղավուրմով փլավից, և մանավանդ, Սևանի իշխան ձուկից, որն ամեն անգամ վայելելուց մարդ լցվում է հայրենասիրական կրակով... Այո՛, թող մեզ անվանեն ինչ ուզում են, միայն թե անպակաս ունենանք հիշյալ բարիքները, մեր ներքին ու արտաքին փարաջաները և ձմեռ ժամանակ` բոխու փայտով տաքացրած մեր սենյակները, ուր տիրակնոջ կողքին հանգիստ նստած, խոսինք աշխարհի ունայնության մասին, կամ ոգեվորված ժամանակ «ջան» ասենք, «ջան» լսենք:

«Հայոց հոգևոր դպրոցում, — շարունակում էր տեր հայրը, — աշխարհակա՞ն լինի հոգաբարձու թե՛ հոգևորական, դպրոց լինի՞, թե՛ չլինի, մեզ համար միևնույն է, մեզ հարկավոր են երեխաներ, որ մկրտենք, երիտասարդներ, որ պսակենք, և մեռելներ, որ թաղենք: Այս երեք բանը մեզ տվեք, իսկ մնացյալը, թեկուզ, ջուր ածեցեք, մեզ ի՞նչ...

«Այս դիտումներով, ահա՛, մենք ընդունում ենք ձեր առաջարկությունը և հանդիսաբար խոստանում ենք, որ քթներս չենք երևցնիլ հոգաբարձու ընտրող ժողովի մեջ, որպեսզի աշխարհի առաջ ապացուցանենք, թե մենք ենք «հովիվ քաջ, որ զանձն յուր դնԷ ի վերա ոչխարաց»:

Քահանաների այս անձնվեր որոշումից զգացված, ես մի պունշ առաջարկեցի նրանց: Հետո իրավունք առնելով նրանցից խոսել իրենց փոխարեն ժողովում ինչ որ կամենանք, ճանապարհ դրինք նրանց սիրով և խաղաղությամբ:

Հետևյալ օրը հանդիսավոր զեկուցումն արի պատգամավորների ժողովում, հայտնելով, թե մեր քահանաները, կամենալով հավատարիմ մնալ հայոց եկեղեցու ժողովրդական ոգուն, խմբովին հրաժարվում են հոգևոր իշխանության հրամանը կատարելուց, ուրեմն և մեր կամքի հակառակ հոգաբարձու ընտրվելուց, որով և արժանավոր ապտակ են տալու ում որ անկէ, հասկացնելու համար, թե չպետք է ամբոխի իրավունքները բռնաբարել:

Այս նորությունը, որ առաջադիմականները լսեցին հիացմունքով, իսկ հետադիմականները զայրույթով, մի շաբաթից հետո հրատարակվեց «Հնձվորում», իբրև հայ քահանաների ճշմարտասիրության, ազնվության և անօրինակ անձնվիրության ապացույց, որի նկատմամբ խմբագրությունը ևս յուր կողմից գրեց մի փայլուն առաջնորդող, անվանելով այդ քահանաներին «ազնվության տիպարներ»:

Այս միջանկյալ պատմությունը ես արի, ցույց տալու համար, թե ինչպե՞ս ենք մենք հեղափոխություններ առաջացնում գավառացու լճացած ու բորբոսնած կյանքում: Եվ այս պատճառով է, ահա, որ մեզ ամեն տեղ հանդիպում են սիրով, ակնածությամբ և հաճախ, նույնիսկ, երկյուղով: Մեր խոսքը գավառում, գրեթե, պատգամ է, իսկ ցանկությունը օրենք:

Ե

Հիմա դուք, իբրև դրական հայեր, կասեք, թե բոլոր աշխարհը գործում է շահի համար, մարդիկ վաստակում, կամ քրտնում են որոշ օգուտներ ձեռք բերելու համար, արդ, ձեր շահն ու օգուտը ո՞րն է այս գործում, ինչո՞ւ եք իզուր աշխարհն աղմկում, սրտեր վիրավորում, մտքեր պղտորում, մարդկանց հանգիստը խանգարում:

Այս հարցին մենք ունենք մի պատասխան, այդ այն է, որ մենք գիտենք, թե մենք էլ մարդ ենք, այսինքն շահ ասված բանի համար մենք էլ մտածում ենք, ուրեմն, մուֆտա չենք ազգասիրություն անում:

Իմ գործունեության առաջին տարիներում իմ ստացած շահը լինում էր միայն բարոյական, այսինքն` ես գոհ էի լինում, որ իմ անունը տպվում է աշխարհահռչակ «Հնձվորում», որ ես համարվում էի «հատուկ թղթակից» և որ վերջապես հայ ազգն իմանում է թե` երկրագնդի վրա ապրում է «Հակօն»: Բայց հետո, քանի ժողովրդական դարձա և «ձյունի գնդակներ» սկսան ավելի մեծ-մեծ գլորել, նյութական շահեր էի ստանում: Օրինակ, պատահում էր, որ տեր Մաղքոսը գալիս էր Ջրօրհնեքին, կամ Զատկին մեր տունն օրհնելու: Նա փող չէր առնում, վախենալով թե միգուցե այդ մասին գրեմ լրագրում: Պատահում էր, որ ես ներկա էի լինում բարեկամի տղայի մկրտության կամ աղջկա թաղման, այդ բարեկամն էլ, իմ շնորհիվ, ազատվում էր ծախքից: Զատկի մուրազի օրը երեցփոխանը, մեր տունը ղրկել էր տալիս 10 թիքա, ամենալավ կտորներից, մինչդեռ ըստ օրինի մեզ կհասներ` երկուսը կամ երեքը: Հոգաբարձուներից մի քանիսը հաճությամբ էին լսում ինձ և երբ իմ մորաքրոջ որդու համար հարկավոր եղավ ուսուցչական պաշտոն, նրան իսկույն տեղավորեցին մեր դպրոցում: Այդպես էլ պատահում էր և այն աշակերտներին, որոնք բախտ էին ունենում իմ ազգականները լինելու: Նույնիսկ առաջնորդը, պետք է խոստովանել, բարեհաճ էր դեպի ինձ: Նա սիրով հաս արավ իմ հորեղբոր որդու պսակը, որ չհաս էր ազգակցության 5-րդ աստիճանում:

Բայց այս ազգային բարիքներից զատ ես վայելում եմ նաև քաղաքացիական բարիքներ: Օրինակմեր տան փողոցը միշտ մաքուր է պահվում, մինչդեռ մի քիչ հեռու, մի հետադիմականի տան առաջ, կատարյալ աղբակույտ է: Այս պատճառով ես պարտք եմ համարում հրապարակավ հայտնել, որ մեր քաղաքն օրինակելի մաքուր է: Քաղաքային վարչության մեջ երկու ազգակիցներս լավ պաշտոն ունին, պարզ է, ուրեմն որ ես այդտեղ չեմ կարող երբեք զեղծում նշմարել: Գնահատող մասնաժողովը, որ հորս կենդանության ժամանակ մեր տան հարկը որոշել էր 7ռ. 50 կ., այժմ այդ հարկը իջեցրել է մինչև Յռ. 25 կ.: Ինչպե՞ս չհայտնեմ աշխարհին, որ այդ մասնաժողովը գործում է բարեխղճաբար: Քաղաքում հայտնի մի վաշխառու, որի համար գրել էի, թե տզրուկի պես ծծում է գյուղացիների արյունը, այժմ ինձ պարտք է տալիս առանց տոկոսի և երբ ժամանակը լրանում է, սիրով փոխում է իմ մուրհակը, դարձյալ տոկոս չհաշվելով: Այժմ իմ պարտքն է նրա մասին այլևս վատ ոչինչ չգրել: Մինչև անգամ բախալ Համբարձումը, որի մասին գրած էի, թե փտած կամ խակ միրգ է ծախում և խոլերայի տարածման նպաստում, սովորություն է արել ամեն կյուրակե ինձ նվերներ ղրկելու, երբեմն լավ ծիրան, երբեմն բեդանա թութ, յուր ժամանակին խաղող, դեղձ, թուզ, ընտիր սեխ և այլն: Մի անգամ բարեկամներիցս մեկը կատակով հարցրել էր, թե «Համբարձում ապեր, ինչո՞ւ Հակօյին նվերներ ես ուղարկում, իսկ ինձ ոչ», նա պատասխանել էր.

Հակօյի բանն ուրիշ ա, շուն ենք կապում...

Ես, իհարկե, չբարկացա, տգետ մարդ է, ավելի լավ պատասխան տալ չէր կարող:

Բայց ճշմարիտն ասած, զայրույթս զսպել չեմ կարողանում երբ նման վիրավորանքներ ստանում եմ ինտելիգենտ մարդուց: Օրինակ, անցյալները խոսում էր ինձ հետ մի հեռու ազգականս, որ, գլուխը մեռած համալսարանական է և միևնույն ժամանակ, չէ ամաչում իրեն պահպանողական անվանելու: Գրգռված ա՛յն հաջողությունից, որ «հատուկ թղթակիցներս» ունինք և ա՛յն հարգանքից, որ մենք վայելում ենք գավառում, նա հետևյալ անհեթեթ համեմատությունն արավ.

Դուք շատ նման եք, — ասաց, — այն պատմական յասաուլ-բաշիներին, որոնք ապրում էին տխրահռչակ մովրովների ժամանակ: Ձեր թե՛ ունեցած հաջողությունը և թե՛ վայելած հարգանքը նույնն է, ինչ որ ունեին կամ վայելում
էին նրանք: Ամեն մի դեպք, կամ հանցանք, որ կատարվում էր
ժողովրդի մեջ, ամենից առաջ ծառայում էր այդ յասաուլ-բաշիների օգտին: Նրանք ունեին սուր հոտառություն և գիտեին, թե ո՞ր դեպքից կարելի է որոշ օգուտ քաղել և ո՞րից` ոչ: Այդ պատճառով անցքի տեղն ամենից առաջ հասնում էին նրանք, իբրև կարգապահության հսկող պաշտոնյաներ: Եթե հանցավորը մի երեքանոց, կամ հնգանոց սլլացնում էր յասաուլ-բաշի Նավասարդի ձեռքը, այն ժամանակ կատարված իրողությունը կամ ծածկվում էր բոլորովին, կամ ներկայացվում էր իբրև մի անմեղ իրողություն: Իսկ եթե ո՛չ, այդ դեպքում յասաուլ-բաշին բարձրագոչ աղաղակով և հեղինակավոր հայհոյանքներով կատարված հանցանքը հայտարարում էր իբրև մեծ եղեռնագործություն և հայտնելով այդ մասին մովրովի օգնականին, հրաման էր ստանում մտրակելով բերել յուր դուռն անհանգիստ հանցավորին: Այստեղ արդեն արդարություն գտնելու համար, հարկավոր էր սլլացնել ոչ թե Նավասարդի արած պահանջի չափ, այլ տասն անգամ ավելի, որպեսզի գործը չհասներ մովրովին, որի արդար դատաստանից խուսափելու համար` կհարկավորվեն հարյուրներ և այն ոսկե դրամով, ինչպես վիպասան Պռոշյանն է վկայում յուր «Հացի խնդրում»:

Следующая страница