Մուրացան՝   Առաքյալը

Այս ասելով կառապանը շարժեց սանձերը, խրախուսեց ճիտներին և կառքը սլացավ խճուղու ուղղությամբ:

Լույսը բացված չլինելով, գիշերային զովը զգալի էր դեռ: Պետրոսը փաթաթվելով վերարկուի մեջ, կծկվեցավ կառքի անկյունում և սկսավ խոսակցել վարժապետի հետ:

Ձեր անունն ի՞նչ է, — հարցրեց նա:

Քե ծառա` Մոսի, — պատասխանեց վարժապետը:

Չասացիք ո՞ր գյուղի վարժապետն եք:

Չբուխլու:

Չիբուխլո՞ւ: Դա հայո՞ց գյուղ է:

Հայոց ա, բա՛ ի՞նչ ա:

Անունը, կարծեմ, հայերեն չէ:

Հրամանք ես, թուրքերեն ա, ամա մեր վանահայրն ասում ա, շատ առաջ հայերեն ա ըլել: Ճապոտիկ են ասել:

Վանահայրն ո՞վ է, ձեր գյուղում վա՞նք էլ կա:

Չէ, Սևանա վանահայրն եմ ասում:

Սևանը, ուրեմն, մո՞տ է ձեզ:

Մոտ ա, բա՛, հենց մեր առաջին ա:

Այս նորությունը ուրախացրեց Պետրոսին: Որքա՛ն ժամանակ էր, որ նա փափագում էր տեսնել Գեղամա ծովակը, որքա՛ն լավ բաներ էր լսել նրա մասին, որքա՛ն բաներ կարդացել: Այժմ, ահա, նա կհասներ փափագին:

Ձեր գյուղում, ուրեմն, ուսումնարա՞ն էլ ունիք, — շարունակեց նա յուր հարցերը:

Ուսումնարան ո՞րդիան ա. մի տասը-քսան րեխա ես եմ հվաքել մեր տունը, կարդացնում եմ... քե դրուստն ասեմ, ես էլ ըսկի օրինավոր վարժապետ չեմ: Եղցումը, որ էրեցին օգնում եմ, տիրացութին անում, էն ա գեղականն անունս վարժապետ ա դրել:

Ուրեմն Պետրոսի ուղեկիցը տիրացու էր և ոչ վարժապետ: Սրանով էլ պարզվում էր երիտասարդի համար այն հանելուկը, որ վարժապետ կոչվածը գյուղական բարբառով էր խոսում:

Այս նորությունը թեպետ որոշ չափով ձգեց ուղեկցի վարկը Կամսարյանի աչքում, այսուամենայնիվ, վերջինս դարձյալ հետաքրքրվեց նրանով:

Ո՞րտեղ ես ուսում առել, — հարցրեց նա:

Հրես, առաջներիս գեղ կա, Քարվանսարա են ասում, ընդեղ եմ կարդացել: Ես ինքս էլ Ղազախի գեղերիցն եմ. միայն Չբխլուի Էրեցը մեր ազգականն էր, զոռեց, տարավ իրա կուշտը (մոտը), ասեց` ըստի տիրացութին պտես անիլ, ժամանակով էլ քահանա կշինեմ քե:

Լա՞վ գյուղ է Չիբուխլուն:

Հլե մեզ հմար լավ ա, ուրիշի հմար ի՞նչ գիդամ:

Ո՞րքան ժողովուրդ ունի:

Իսկը գիտում չեմ, կըլի որ հարյուր հիսուն տուն ըլի:

Ի՞նչպես է, որ այդքան տուն չի կարողացել յուր համար ուսումնարան հիմնել:

Բա, գեղականը ո՞րդիան կարա ուսումնարան հիմնել: Սաղ օրը չարչարվելով, արևի, անձրևի հետ կռիվ տալով ըսկի կտրում չի էնքան աշխատի, որ իրա րեխանց ռուզին հասնի, յա նրանց տկլոր լաշը ծածկի, ուսումնարան ո՞նց տի հիմնիլ:

Իսկ եթե գտնվի մեկը, որ ցանկանա յուր ծախքով այդ բանն անել, գյուղացիք հո չեն հակառակիլ:

Բա՛, էդ ի՞նչ ես ասում, աղա ջան, մարդ իրա աչքը քո՞ռ կուզի, գեղացիք չէ թե հակառակիլ չեն, հլա դհենց մարդու ոտն էլ կպաչեն:

«Այս գյուղն, ուրեմն, կարժանանա իմ ուշադրության», — մտածեց ինքնիրեն Կամսարյանը և շարունակեց.

Իսկ գյուղատնտեսությունը ի՞նչ դրության մեջ է ձեր կողմերում:

Գյուղատնտեսությունը ո՞րն ա:

Վարուցանքը, անասնապահությունը, գինեգործությունը...

Վարուցանքն էս տարի լավ ա, տավարն էլ, փառք աստծու, ցավ ու չոռից ազատ ա, ամա դե գինին մեր կողմերում չի ըլիլ, չուն մեր տեղը սար ա, բաղն արշա չի գալ (չի առաջանալ), — պատասխանեց տիրացուն, այլ կերպ հասկանալով իրան տրված հարցը:

Այդ հանգամանքը կարծես սառեցրեց Պետրոսի հետաքրքրությունը և նա այնուհետև սկսավ ավելի մտածել, քան խոսել: Դրա հետևանքը եղավ այն, որ երիտասարդը տաքուկ վերարկուի և զով օդի ազդեցության տակ սկսավ նիրհել: Եվ որովհետև երկաթուղու վրա շատ քիչ էր քնել, ուստի շուտով էլ քաղցր քուն մտավ:

Տիրացուն յուր կողմից աշխատեց չարթնացնել նրան և քիչ ժամանակից հետո ինքն էլ հետևեց նրա օրինակին:

Սակայն Օվանեսի «կալասկան» շարունակ սլլում էր հարթ խճուղու վրա: Նա արդեն Ղազախը, Գագկա դաշտը և Ուզունթալան անցել և Քարվանսարայի ճանապարհն էր մտել, երբ Կամսարյանն անուշ քնից արթնացավ: Աչքերը բանալով, նա չորս կողմը նայեց և իրեն շրջապատող տեսարանները դիտելով, հիացավ:

Ճանապարհի մի կողմից ընկած Էին հասուն արտեր կամ սիզավետ արոտներ, որոնք ուղղադիր, կամ վայրահակ տարածվում, հասնում Էին մինչև հեռավոր բարձրությունները, իսկ մյուս կողմից կանաչազարդ թումբեր, ձորակներ ու բլուրներ, որոնց հետևում Էին նախ մանր ու ծառախիտ և ապա խոշոր, մշշապատ լեռներ: Դրանց մեջ, իրենց բարձրությամբ, աչքի Էին ընկնում աջ կողմից Նալթեոքանը, իսկ ձախից՝ Կարմիր քարը` յուր երկար լեռնաշղթայով, ապա Համզասարը, Արտազը և այլն, որոնք հետզհետե իրար հաջորդելով հորիզոնը դարձնում Էին վեհ և գեղատեսիլ: Սակայն աջ ու ձախ տարածվող այդ տեսարանների գեղեցկությունը պսակում էր Աղստևի հինավուրց գետակը, որ շարունակ անծայր խճուղուն ընկերանալով, զվարճացնում էր նրա մշտական անցորդներին մերթ վճիտ ջրերի քաղցր կարկաչով, մերթ փոքրիկ ջրվեժների փափուկ շառաչով և հաճախ, յուր եզերքը ծածկող կամ յուր եղտյուրներում խմբովին ցոլացող ծառերի պուրակներով: Արևը, որ նոր էր յուր շողերը սփռում Աղստևի ձորի վրա, այդ տեսարաններին տվել էր մի դյութական պայծառություն, վառելով մշուշը լեռների չանչերում, կանաչը` ծառերի կատարին, դալարը` դաշտերի մեջ և ցողը` ծաղիկների վրա:

Օ՛հ, ի՞նչ գեղեցիկ և որքան հրաշալի է մեր երկիրը, — բացականչեց Կամսարյանը, հրապուրվելով բնության այդ սիրուն տեսարաններով և ապա ձեռքերն աջ ու ձախ տարածելով, կամենում էր կարծես հորիզոնը գրկել:

Ըստեղ հլա ի՞նչ գեղեցկութին կագեղեցկութին, գեղեցկութին Դիլիջանա դենն ա, Շամլուխի ձորումը, Մայմեխի լանջերին, հրես գնում ենք, կտեսնաս, — նկատեց տիրացու Մոսին:

Կամսարյանը, որ դեռ քննական աչքով չէր նայել ուղեկցին, որովհետև գիշերանց էր ծանոթացել նրան, թավ ձայնով նրա դիտողությունը լսելուց, ետ նայեց մի վայրկյան և տեսավ, որ դա մի մարմնացյալ աններդաշնակություն էր նկատմամբ այն պոեզիայի, որ շրջապատում էր իրեն: Տիրացուի կարճ ու գիրուկ մարմինը, որ նստած լինելու պատճառով կորացել էր, նմանում էր մի տձև մսագնդի, որի վրա գլուխը շարժվում էր կարծես առանց պարանոցի: Նրա թուխ դեմքը, որ արևահար լինելուց ավելի էր սևացել, ծածկված էր խիտ և երբեք չսանրված մորուքով: Վերջինս թեպետ տարածվում էր մինչև նրա այտոսկրները, այսուամենայնիվ, չէր ծածկում տիրոջ մեծ բերանը, որ եզերված էր հաստ լրթագույն շրթունքներով: Խոր ընկած աչքերը, չնայելով իրենց սևության, թավալում էին նեղ կապիճներում առանց կրակի և արտահայտության. իսկ դրանց հովանավորող թավարծի հոնքերը տալիս էին նրա դեմքին մի առանձին գռեհկություն: Հաստ շալի կապան, կեղտոտ օձիքով արխալուղը և մորթե մեծ գդակը, որ նա խնամքով քաշել էր մինչև հաստ բլթակներով լոշի պես կախված ու փոշոտած ականջները, տիրացուին նմանեցնում էին անտառաբնակ խոզարածի, նրան պակասում էր մի մահակ` ձեռքին և մի պարկ` մեջքին:

Պետրոսը ուշի ուշով նայելով ուղեկցի վրա, զգաց այնպիսի մի անհանգստություն, որ պաշարում է մարդուն` զզվանք զգալուց առաջ: Նա զարմացավ յուր անմտության վրա, որ մի առաջնորդ ունենալու պատճառով, նստեցրել էր կողքին այնպիսի մի գռեհկի, որից, մինչև անգամ, կեղտի ու քրտնքի հոտ էր փչում: Այս պատճառով երիտասարդն անզգալի կերպով քաշվեցավ մի կողմ և, որպեսզի տիրացուից ավելի անջատվի, առջևը դրած իրերից մինն առնելով, զետեղեց նրա և յուր մեջտեղը, ասելով.

Սրա մեջ կոտրելու բան կա, լավ է այստեղ դնենք:

Բայց որովհետև Պետրոսին այնպես թվաց թե Մոսին հասկացավ յուր միտքը, ուստի սկսավ զբաղեցնել նրան:

Ասում ես թե այն կողմերն ավելի գեղեցիկ են, հա՞:

Գեղեցիկ են, բա՛, ըստեղ հլա շատ փայը դյուզ ա (դաշտ), արևը որ աշմիշ ա ըլում (բարձրանում է), էն ղայդի ա էրում, որ ասես թե մարդի կաշին պուկիլ տի, ամա դենի ճամփեն չիմ մեշալղով (անտառով) յա անց կենում, ոտով էլ որ գնաս, մեջքդ տաքանալ չի:

Չնայելով տիրացուի հայտարարության, Կամսարյանն, այսուամենայնիվ, թերություն չէր գտնում շրջապատող տեսարանների մեջ, ընդհակառակն, նա որքան հառաջանում, այնքան ավելի էր հիանում նրանցով: Մանավանդ Աղստևի մշտակարկաչ հոսանքը և նրա սիրուն, ծառազարդ ափերը գրեթե շարունակ զմայլեցնում էին նրան, այնպես որ մի ժամանակ նա, մինչև անգամ, մոռացավ տգեղ տիրացուին և ինքնիրեն խոսեց.

Ահա՛ թե ի՞նչ տեղեր են և ի՞նչ գեղեցկություններ են անհայտ մնում մեզ... Իսկ սրանց մեջ ապրող մեր ազգակիցները... չէ՞ որ նրանք էլ ունին գեղեցկություններ ու կատարելություններ, որոնք անծանոթ են մեզ: Պետք է շնորհակալ լինել բախտից, որ վերջապես օգնեց ինձ` իմ նվիրական խոստումն իրագործելու (այդ վայրկենին երիտասարդի հայացքը հանդիպեց յուր ուղեկցին և նա մի քայլ ետ կասեց յուր մտածության մեջ` ավելացնելով) կամ, գոնե, ծանոթանալու այս երկրին ու ժողովրդին, որպեսզի համոզվիմ թե ի՞նչ չափով է հնարավոր այդ որոշումն իրագործել:

Քիչ ժամանակից հետո երիտասարդ Կամսարյանը նստած Քարվանսարա գյուղի առաջ, կարկաչահոս Աղստևի ափին, մի հովանավոր ծառի տակ, ախորժակով նախաճաշում և թեյ էր վայելում: Այստեղ արդեն տիրացուն չէր ընկերանում նրան, որովհետև հանդգնություն էր համարում ձգվիլ «աղայի» հետ նաև նախաճաշի ժամին: Նա համեստությամբ խույս էր տվել դեպի մոտակա կրպակը, ուր խռնված էին Ղազախի զանազան կողմերից գյուղացիներ և նրանց հետ խոսում էր: Տիրացուի այդ վարմունքը դյուր եկավ Կամսարյանին և համոզեց նրան, որ յուր ուղեկիցը այնքան էլ անտաշ գռեհկին մեկը չէ: Այդ պատճառով էլ, երբ նախաճաշն ավարտեց, կանչեց վերջինիս և առաջարկեց նրան նույնպես թեյ խմել և նախաճաշել, իսկ ինքը հեռացավ մի փոքր շրջագայելու:

Տիրացուն յուր կողմից հրավիրեց կառապան 0հանեսին: Նրանք երկուսը նստեցին նույն հովանավոր ծառի տակ և սկսան վայելել «աղայի» թեյի ու նախաճաշի առատ մնացորդը: Կառապանը տեսնելով, որ «աղան», ի միջի այլոց, թողել էր իրենց համար տասը կտոր շաքար, այդ համարեց առատասրտություն և դրանից էլ եզրակացրեց, որ նա «մենծ մարդ պիտի ըլի»:

Մենծ մարդ ա, բա՛, մենծ որ չըլեր, մենակ կալասկա կբռներ կգա՞ր, — հաստատեց տիրացուն:

Յա չէ, առանց փողի քե կողքին կդներ կբերե՞ր:

Ես էլ էդ չե՞մ ասում:

Թյունդ հուսումնական կըլի, ա՛յ:

Հուսումնական ա, բա՛:

Չըլի՞ ընջներ ա:

Չէ, ընջներ չի րևում:

Բա խի՞ յաշչիկը ծանդր ա, ես նըհենց եմ մանում թե ընջների յարաղ (գործիք) կա միջումը:

Չէ, կըլի որ գրեր ըլին:

Գրերը ինչի՞ն ա պետք:

Ո՞նց թե ինչի՞ն ա պետք, բա հուսումնականն առանց գրերի ման կըգա՞:

Ես ի՞մ (ի՞նչ գիտեմ), հրեն մեր գեղի աղան էլ ասըմ են հուսումնական ա, ամա ճամփա գնալուց` արաղից սավայի զատ չի ըլում հետը:

Է՛, շա՛շ, դու էլ մարդու անուն տվիր. գեղի հուսումնականն ու քաղաքինը մի՞ն ա ըլում: Գեղի հուսումնականը սաղ կյանքումը հինգ, յա վեց գիր անջախ (հազիվ) ա կարդում, ամա քաղաքինը` աշխարհումս էլ գիր չի թողնում, չիմ (բոլորը) կարդում պրծնում ա:

Այսպես զրուցելով տիրացուն ու կառապանը վերջացնում էին իրենց նախաճաշը, երբ Կամսարյանն յուր շրջագայությունից վերադառնալով, տեսավ նրանց միասին:

Այս տիրացուն իսկապես կառապանի ընկերն է, ես ինչո՞ւ հիմարաբար իմ կողքին եմ նստեցրել,— մտածեց նա և որոշեց առաջարկել, որ սա այնուհետև նստե կառապանի մոտ: Բայց ինչպե՞ս աներ առաջարկությունը, որ տիրացուն չվիրավորվեր, նա այդ մասին էլ մտածեց:

Երբ Օվանեսը յուր գահին բազմած` կառքը մոտեցրեց «աղին», վերջինս հրամայեց ծածկել հովարանը, որովհետև արևն այրում էր արդեն: Կառապանն իսկույն կատարեց հրամանը:

Նախաճաշից հետո ես սիրում եմ հանգստանալ, արդյոք չէ՞ կարելի պառկել քո կառքում և այնպես գնալ,— հարցրեց Պետրոսը կառապանին:

Խի՞ չի կարելի. տեսնո՞ւմ չես որքան լեն ա իմ կալասկեն: Դու ոտերդ ձգի ու պառկի, վսւրժապետն էլ իմ կողքին կնստի, — պատասխանեց Օվանեսը:

Հա, ես ըստի կնստեմ, դու նեղանալ մի՛, — հարցեց տիրացուն, ցույց տալով կառապանի նստատեղը:

Կամսարյանը հիացավ այս հաջողության վրա և կառքը բարձրանալով, գլխի տակն առավ փոքրիկ բարձը և ձգվեց բազմոցի երկարությամբ:

Տիրացուն սեղմվեց կառապանի կողքին: Քարվանսարայից ելնելուց Աղստևը դարձյալ ընկերանում էր ճանապարհորդներին յուր ընդդիմակաց հոսանքով, երբեմն փոքրիկ ձորակներից անցնելով, երբեմն դաշտերի եզերքը քերելով, իսկ շատ տեղ թամբերի հետևը թաքնվելով: Քանի շարունակվում էր տեսարանների միակերպությունը, Կամսարյանը նրանցով չէր հետաքրքրվում, այլ պառկած էր: Բայց հենց որ հասան Ղլիճ-Ղայա կոչված ժայռերի ստորոտին, նա ուղղվեցավ իսկույն գլուխը կառքից դուրս հանելով, սկսեց ուշի ուշով դիտել այդ ահավոր և միևնույն ժամանակ գեղատեսիլ պարեխները, որոնք ճանապարհի աջ կողմից ձգվելով, իրար վրա դիզված, հետզհետե բարձրանում, կազմում էին տարօրինակ ամբարտակներ, մի տեղ սուր ու միապաղաղ, մյուս տեղ խրոխտ ու բարդ-բարդ, իսկ շատ տեղ թեք դեպի ճանապարհը, կարծես սպառնալով փլչել բարձր գահավանդից և իրենց փլվածքի տակ ծածկել տեղի խաղաղությունը վրդովող հանդուգն ուղևորներին:

Խարակների այդ ահավոր ամբարտակներից հետո տեսարանը դարձյալ մեղմանում ու դաշտանում էր, իսկ խճուղու մի քանի կեռմաններ անցնելուց` հորիզոնը դարձյալ փակում էին նոր, կանաչ սարալանջեր, որոնք հետզհետե դեպի վեր բարձրանալով ձգվում, հասնում էին մինչև Ղզղալի սարը:

Մի երկու ժամ այսպես ճանապարհորդելուց և տարբեր տեսարաններ անցնելուց հետո, մեր ուղևորները հասան Թարս-չայ կայարանը, որ գտնվում էր Դիլիջանի սարավանդը հանող բարձրությունների ստորոտում:

Որովհետև կառապանը կեր պիտի տար այստեղ ձիերին, ուստի առաջարկեց «աղին» վայելել յուր ճաշը առանց շտապելու:

Արևն էս սարին թեքվելուց` կալասկեն կլծենք ու սարինով (հովով) Դիլի դյուս կգանք, — հայտարարեց նա խորհրդատու եղանակով:

Ինչո՞ւ այդքան ուշ, — հարցրեց Պետրոսը:

Ուշ չի, աղա՛, էրկան ճամփա ենք էկել, հայվաններն էլ խեղճ են. մի քիչ կորմ (կեր) կուտեն, մի քիչ էլ կդինջանան. հլե թե կուզես, մի քիչ էլ դու կդինջանաս, էնդուց եդը կլծենք կգնանք:

Որովհետև երիտասարդը շտապելու ոչինչ չուներ, ուստի չհակառակվեց: պատվիրելով, որ պաշարի կապոցը տանեն կայարան (որից ինքը իբրև մասնավոր կառքով եկող, հեռու էր իջած), ինքն ևս յուր քայլերն ուղղեց դեպի այն մենավոր տունը` որ հովանավոր պատշգամ և շուրջը ծառերի ստվեր ունենալով, արևի այդ տաք ժամանակը դեպ իրեն էր քաշում խոնջ ուղևորին:

Կայարանի վերակացուն ձեռքը լրագիր առած կարդում էր, երբ Կամսարյանը մոտեցավ սանդուղներին:

Կարելի՞ է մի քանի վայրկյան հանգստանալ այստեղ, — հարցրեց, նա ռուսերեն:

Ինչո՞ւ չէ, համեցեք, — պատասխանեց վերակացուն մաքուր հայերենով:

Ա՛խ, ներողություն, դուք ուրեմն հա՞յ եք:

Այո՛, պարոն, զտարյուն հայ, — պատասխանեց ժպտալով վերակացուն, որ միջահասակ, բարեդեմ և ըստ երեվույթին, բարեխառն բնավորությամբ մի անձն էր:

Օրվա այս ժամին որքան անհաճո է բաց ճանապարհը, նույնքան հաճելի է ձեր այս պատշգամը, ուր ոչ միայն հովանի, այլև հանգստանալու լավ բազմոց ունիք... Այս ասելով Կամսարյանը մոտեցավ վերակացուին և ողջունելով նրան, նստեց մոտիկ դրված, կաշեծածկ ու հնատարազ բազմոցի ծայրին:

Հրամանքդ երևի Դիլիջան եք գնում, — հարցրեց վերակացուն, մի կողմ դնելով լրագիրը:

Կարծեմ ավելի հեռու:

Ավելի հեռո՞ւ:

Թվում է թե` այո՛:

Ինչպե՞ս թե թվում է, դուք չե՞ք որոշած թե ո՞ւր եք գնում:

Համարյա թե` չեմ որոշած:

Հասկանում եմ, ուրեմն ճանապարհորդում եք, առանց որոշ դիտավորության:

Չէ, որոշ դիտավորություն ունիմ:

Ներեցեք, որ հետաքրքրվում եմ... եթե որոշ դիտավորություն ունիք, ուրեմն պետք է որ գիտենաք թե ո՞ւր և ինչի՞ համար եք գնում:

Հենց բանն էլ այդ է, որ ինչի համար գնալս գիտեմ, բայց ո՞ւր գնալս չգիտեմ:

Այդ հետաքրքրական է, — հարեց վերակացուն ծիծաղելով և բազմոցի մյուս ծայրին նստելով:

Այդ միջոցին տիրացու Մոսին բարձրացավ պատշգամը, բերելով յուր հետ պաշարի կապոցը և խոր գլուխ տալով վերակացուին, կանգնեց Կամսարյանի առաջ:

Օհո, տի՛րացու, դո՞ւ էլ այստեղ, այդ ո՞նց է պատահել, — հարցրեց վերակացուն:

Հա, ես էլ ըստի եմ, շնորհակալ եմ, աղան բերավ:

Դե որ եկել ես, ա՛յ էն սեղանը մոտ բեր, — հրամայեց վերակացուն:

Տիրացուն ցույց տված սեղանը մոտեցնելով բազմոցին, բերած պաշարը դրեց վրան ու հեռացավ:

Կամսարյանը բացավ կապոցը և ունեցածը շարելով սեղանի վրա, խնդրեց վերակացուին մասնակցել յուր «համեստ» ճաշին:

Շնորհակալ եմ, արդեն ճաշել եմ, — առարկեց վերակացուն:

Խնդրում եմ, որքան կարող եք, կամ գոնե մի բաժակ գինի... — այս ասելով, Կամսարյանը հանեց բաժակը և սրբելով այն, լցրեց գինով և դրեց վերակացուի առաջ:

Վերջինս, որ կայարանում ապրելով, սովորած էր անխըտիր ամեն ուղևորի ճաշին ու ընթրիքին մասնակցելու, երկար չընդդիմացավ և, կամենալով, ինչպես ասում էր, յուր հյուրի ախորժակը բանալ, վայելեց մի կտոր բան և գինու բաժակն զգուշությամբ կիսելով, վերսկսեց ընդհատված խոսակցությունը:

Հա՛, այն էի ասում, ձեր պատասխանն ինձ չափազանց հետաքրքրեց... այդ ինչպե՞ս է, որ դուք որոշ դիտավորությամբ գնում եք մի տեղ, բայց չգիտեք թե ո՞ւր եք գնում:

Իսկապես գիտեմ թե ուր եմ գնում, որովհետև գնում եմ մի որևէ հայ գյուղ, բայց թե ո՞ր գյուղ, ահա' այդ մեկը չգիտեմ:

Ներեցեք, խնդրում եմ, դարձյալ չեմ հասկանում: Կամսարյանը ծիծաղեց և ապա սկսավ համառոտ կերպով բացատրել թե ի'նչ է յուր դիտավորությունը:

Վերակացուն, որ նորեն ձեռքն էր առել բաժակը, որպեսզի գինու մնացորդը վայելե, երիտասարդի բացատրությունը լսելու` իսկույն վայր դրեց այն և բազուկները դեպի վեր պարզելով բացականչեց.

Փա՛ռք քեզ, աստված, վերջապես գտնվեց մեկը, որ մեր տրտունջը լսեց... — ապա դառնալով Կամսարյանին, ավելացրեց դուք, ուրեմն միակ մեծ մարդն եք մինչև օրս իրենց ուսումն ավարտած հայ երիտասարդների մեջ: Թույլ տվեք խմել ձեր պատվական կենացը:

Այս ասելով, նա լցրեց բաժակը և մի առանձին ոգևորությամբ պարպեց այն միանվագ:

Կամսարյանին դյուր եկավ վերակացուի գովասանքը, բայց կամենալով սրա ո՞վ լինելն իմանալ, որպեսզի ըստ այնմ որոշե յուր ստացած գովասանքի արժեքը, նա հարցրեց.

Դո՞ւք էլ ուրեմն պատկանում եք ուսանողների դեմ տրտնջող հայերի թվին:

Հապա՞:

Չէի կարծիլ, որ այդ տրտունջը կարտահայտվի նաև այսպիսի մի ետ ընկած կայարանում:

Վերակացուի դեմքի վրա դառը ժպիտ խաղաց: — Ինչո՞ւ չէիք կարծիլ, մի՞թե այսպիսի տեղերում ապրող հայ մարդը սիրտ ու զգացմունք չի ունենալ:

Ո՛չ, այդ չէի ուզում ասել... — շփոթվեց Կամսարյանը:

Հասկանում եմ, ուզում էիք ասել թե, այս ետ ընկած կայարանում, այս անմաքրությանց դեզերի կողքին, ձիաների ընկերության մեջ ապրող հայ մարդը ինչո՞ւ պետք է տեղյակ լինի մեր ցավերին այնքան, որ նույնիսկ տրտունջ հայտնե այդ ցավերին դարման տանել կարող, բայց չկամեցող երիտասարդների դեմ:

Այո՛, համարյա՛ այդ էի ուզում ասել:

Բայց ես, բարեկամ, ամենից ավելի իրավունք ունեմ տրտնջալու, որովհետև հենց ինքս մինն եմ եղել այն մարդկանցից, որոնք սիրով նվիրվել են հայ շինականին, կամենալով սովորեցնել նրան խեղճության դեմ կռվելու և մարդավայել կերպով ապրելու եղանակը... բայց իմ ունեցած կարողությունը հավասար չէր իմ ցանկության, ուստի չհաջողեցա հասնել նպատակիս:

Ինչպե՞ս, փող էր հարկավոր և չունեի՞ք:

Ոչ, ես վարժապետ էի գյուղում և հենց այդ պաշտոնի շնորհիվ էլ մոտ լինելով գյուղացուն, կարողանում էի օգնել նրան յուր կարիքների ժամանակ, երբեմն խորհրդով, երբեմն գործակցությամբ, և եթե երկար մնայի այնտեղ, գուցե կարողանայի որոշ օգուտ տալ: Գոնե կկրթեի մի ամբողջ սերունդ այնպես, ինչպես որ պետք էր, և այնուհետև այդ սերունդը ինքը կշարունակեր իմ գործը...

Էհ, լավ, ինչո՞ւ երկար չմնացիք:

Որովհետև չէի կարող:

Պատճա՞ռը:

Մեր ուսումնարանական կյանքում նոր փոփոխություններ եղան, նոր օրենքներ հրատարակվեցան: Վարժապետը պետք է ցենզ ունենար, իսկ ես չունեի, որովհետև թեմական դպրոցն էի ավարտել: Այդ պատճառով, ահա՛, ինձ պաշտոնից արձակեցին:

Եվ հետո՞:

Հետո շատ դեսուդեն ընկնելուց վերջը եկա և այս կայարանում չորքոտանիների վարժապետ դարձա:

Հասկանում եմ...

Ուրախ եմ, որ հասկանում եք. ուրեմն և իրավունք եք տալիս ինձ տրտնջալ այն երիտասարդների դեմ, որոնք բարձր կրթություն ստանալով, կարողություն են ձեռք բերում ժողովրդին ամեն կերպ ծառայելու, և սակայն այդ ծառայությունից փախչում են վատաբար:

Անշուշտ:

Դեհ, հենց այդ իրավունքի հիման վրա ես ձեզ մեծ մարդ եմ անվանում, որովհետև քաջություն եք ունեցել կյանքն արհամարհելով, այդպիսի վսեմ նպատակի նվիրել ձեզ:

Շնորհակալ եմ. դուք ինձ քաջալերում եք. բայց ես դեռ ոչինչ չեմ արել, դեռ նոր եմ որոշում անել:

Այդքանն էլ բավական է` գործի սկիզբը գործի կեսն է: Կամենալը կարենալ է:

Կամսարյանը, որ մեծ հաճությամբ էր լսում այս խոսքերը, հանկարծ պահանջ զգաց վերակացուի բաժակը նորեն լցնելու և պաշարի ընտիր մասերից մի քանի նոր կտոր նրա առաջը դնելու:

Նեղություն մի՛ կրեք, ես շատ ուտողներից չեմ, — ասաց վերակացուն և, միևնույն ժամանակ, տապակած հավի մի չաղ կտոր աղ ու պղպեղով համեմելով` փաթաթեց լոշի մեջ, ախորժակով վայելեց, ապա լցված բաժակը մինչև վերջը դատարկելով, շարունակեց. — ճիշտն ասած` գեղեցիկ ու բախտավոր միտք եք հղացել. ապրիք, եղբա՛յր, ապրիք: Այդ օրինակն, անշուշտ, շատերին կբերե ձեր հետևից... Բայց ասում եք, որ դեռ չեք որոշել թե` ո՞ր գյուղում պիտի հաստատվիք:

Այո, չեմ որոշել:

Բայց վատ միտք չէ այն, որ ասում եք թե` կկամենայիք իջնել առաջին պատահած գյուղում:

Ճշմարի՞տ:

Այո՛, ի՞նչ հարկ կա խտրություն դնել գյուղերի մեջ. դրանցից ամեն մեկում ապրում են մեր եղբայրներն ու քույրերը: Ահա հենց բախտի բերմունքով ձեր ճանապարհի վրա գտնվող առաջին հայ գյուղը ամենից ավելի կարոտ է ձեր խնամքին:

Ո՞րն է այդ գյուղը:

Չիբուխլուն, մեր հին ճապոտիկը:

Այո՛, նրա մասին լսեցի ես տիրացուից:

Պետք է տեսնեք, ե՛ղբայր, թե ո՞րքան բան կա այդպիսի մի խեղճ գյուղում անելու: Հավատացած եմ, որ շատ պիտի հուզվիք ու վշտանաք տեսնելով այնտեղ ձեր ազգակիցների դրությունը և միևնույն ժամանակ հիշելով անտարբերությունն այն մարդկանց, որոնք կարող էին օգնել գյուղացուն յուր վիճակը բարվոքելու, բայց չարին, որովհետև չկամեցան:

Կարծում եմ, որ այդ ամենը պիտի ցավեցնե ինձ:

Եվ, միևնույն ժամանակ, ոգևորե ու ստիպե գործել:

Անշուշտ:

Եվ երևակայեցեք թե` որպիսի քաղցր երանություն պիտի զգաք մի օր, երբ ձեր աչքով տեսնեք այն ամենը, ինչ որ արել եք, երբ տեսնեք ամային ձեր ձեռքով շենացած, ավերակը վերականգնած, խեղճությունը խնամված, տգիտությունն ու նրանից հառաջացող չարիքները գյուղից հալածական... երբ տեսնեք թե թշվառ մի ժողովրդի մատաղ սերունդը ուսուցել ու կրթել եք այնքան, որ նա այժմ կարողանում է սեփական աշխատությամբ յուր վիճակը բարվոքել, յուր ջանքն ու քրտինքը արդյունավոր գործադրել:

Այս եղանակով երկար խոսելով վերակացուն, այնպես էր քաջալերել ու ոգևորել Կամսարյանին, որ երբ Մոսին եկավ հայտնելու, թե կառքն արդեն լծված պատրաստ է, նա վեր թռավ տեղից իսկույն և, կարծես շտապելով, որ ժամ առաջ հասնե որոշված գյուղը և սկիզբ դնե յուր անունը փառավորող «մեծ գործին», հարցրեց տիրացուին.

Գիտե՞ս, բարեկամ, որ ձեր գյուղն եմ գալիս:

ՉԷ, աղա գիտում չեմ,— պատասխանեց տիրացուն:

Այո՛, գալիս եմ ձեր գյուղը և, գուցե այնտեղ էլ ապրեմ:

Վա է՛, — զարմացավ տիրացուն:

Ի՞նչ վա է՛, գյուղում ապրել չի՞ լինիլ, — մեջ մտավ վերակացուն:

Խի՞ չի ըլիլ, հրեն աշխարհքի կեսը գեղումը չի ապրո՞ւմ, ամա դե, ասըմ եմ, աղան քաղաքի սովոր մարդ ա, գեղումը ո՞նց կարա ապրիլ:

Կարող եմ, ինչո՞ւ չեմ կարող, — հաստատեց Կամսարյանը:

Դե որ կարող ես, Էն ա լավ կըլի Էլի՞... միայն ամոթ չըլի հարցնիլը, խի՞ ես ուզում գեղումն ապրիլ:

Նրա համար, որ կարողանա ձեզ օգնել, ձեզ բախտավորացնել, — բացատրեց վերակացուն:

Տիրացուն թեպետ այս բացատրությունից էլ բան չհասկացավ, բայց կամենալով մի քաղաքավարի խոսք ասել, «բարով ա գալի, հազար բարով, աստված թող սրտի խորհուրդը կատարի» ասաց ու հեռացավ:

Խե՛ղճ մարդիկ... չեն ուզում հավատալ թե կգտնվեն աշխարհում անձինք, որոնք երբևիցե կհետաքրքրվին իրենց կյանքի դառնություններով և կկամենան օգնել իրենց` առանց շահախնդրության, — ասաց Կամսարյանը գրեթե հուզված:

Եվ իրավունք ունին, որովհետև կեղեքիչներից ու վաշխռուներից զատ, դեռ մինչև այսօր չեն տեսել ոչ ոքի իրենցով հետաքրքրվելիս. — նկատեց վերակացուն:

Որ այդպես է, մենք կփոխենք դրանց համոզումը և կստիպենք հավատալ, որ չարերից զատ, կան աշխարհում կարեկից մարդիկ:

Գացե՛ք և համոզեցեք, աստված թող օրհնե ձեր ճանապարհը, — ասաց վերակացուն և սեղմելով երիտասարդի ձեռքը, ճանապարհ դրավ նրան մինչև կառքը:

Մի քանի վայրկենից Օվանեսի ձիերը թռցնում Էին Կամսարյանին դեպի Դլիջանի բարձրությունները:

Ը.

Արևը մայր մտնելու մոտ` մեր ուղևորները հասան ամառանոցի հռչակ վայելող Դիլիջան ավանը:

Այստեղ Կամսարյանը, Օվանեսի ցուցմունքով, հյուրանոցի անուն կրող մի տան մեջ գիշերային հանգստարան գտնելուց հետո, ելավ փոքրիկ ավանը դիտելու: Փոշոտ խճուղու աջ ու ձախ կողմերում կառուցած երկու կարգ քարաշեն տները, որոնք ավանի ամբողջությունն Էին կազմում և որոնց մեջ ապրում Էին ամառանոց եկողները, հաճելի տպավորություն չարին Կամսարյանի վրա: Նա իսկույն հիշեց Բորժոմը յուր գեղեցիկ վիլլաներով, մաքուր փողոցներով, ընդարձակ պարկերով, ջրերի առատությամբ և առավել ևս բնակիչների փայլուն արտաքինով ու գրավիչ նիստ ու կացով և եկավ այն համոզման, որ Դիլիջանը միայն հասարակ մահկանացուների համար կարող է ամառանոց համարվիլ:

Բայց երբ խճուղին երկուստեք փակող շինություններից հեռանալով, բարձրացավ դեպի ավանի ձախակողմը, նրա առաջ բացվեցավ մի գեղանկար հորիզոն, որ ամփոփում էր յուր մեջ Աղստևի ձորահովիտը` յուր կարկաչահոս գետակով, դալար արոտներով, ոսկեփայլ արտերով, իսկ մի փոքր հեռվում, խաղաղանիստ գյուղի միաշար տնակներով և նրանց առջև կարգով տարածվող կանաչազարդ բանջարանոցներով: Յուր կանգ առած տեղից քիչ հեռու սկսվում էր եղևնիների խիտ անտառ, որ գնալով տարածվում էր դեպի հեռավոր լեռների կատարները, որոնց այդ վայրկենին ոսկեզօծել էին արևի վերջին շողերը: Ձորահովիտը եզերող դիմացի բլուրներից, որոնց հետևը շուտով պիտի թաքչեր արևը, փչում էր ախորժ զեփյուռ` բերելով յուր հետ կենարար մի զով, տոգորված լեռնային օդի, դալարի և ծաղիկների անուշ բուրմունքով:

Կամսարյանը սկսավ լիքը կրծքով շնչել լեռնային թարմ օդը և ինքն իրեն խոստովանել, որ փոքր առաջ արած յուր համեմատությամբ մեծ սխալ է գործել` Բորժոմը գերադասելով Դիլիջանից: Որովհետև նա այժմ տեսնում էր, որ եթե առաջինում արհեստականն է փարթամ, վերջինում, ընդհակառակն, գերազանց է բնականը: Եվ այդ կարծիքի վրա նա հաստատվեց ավելի, երբ լեռնալանջից իջնելով, մտավ նորեն ավանը և փոստային կայարանի առաջ բխող հորդ ու սառն աղբյուրից յուր ծարավը հագեցրեց: Այսպիսի անույշ ու բարեհամ ջուր Բորժոմն, իհարկե, չէր տեսած յուր օրում, ինչպես և նրա նեղ, կարծես պատնիշափակ, ցերեկը տոթով, իսկ գիշերը խոնավությամբ լի խորաձորը չէր շնչել երբեք այն թեթև ու անուշ սղոխն ու հովերը, որոնք գիշեր ու ցերեկ գուրգուրում էին Դիլիի առույգ լեռնալանջերը:

Բայց արի՛ տե՛ս որ հենց այս անմահական աղբյուրից քիչ հեռու, փոստային կայարանի և մասնավոր տների դեպի ձորահովիտը հանող բակերում, բլուրի պես դիզված էին տարիների ընթացքում հավաքված աղբն ու անմաքրությունը, որոնց գարշահոտությունը ապականում էր ամառանոցի շրջակա օդը, և դրա վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում:

Ահա՛ թե ո՞րտեղ է հարկավոր մեր միջամտությունն ու ազդեցությունը...բնությունը զարդարել է մեր երկիրը յուր լավագույն հարստությամբ, յուր քնքուշ գեղեցկություններով և սակայն մարդկային անճաշակ տգիտությունը այլանդակել է նրան անխղճորեն: Ժամանակ է, արդարև, որ մենք մտնենք ամեն անկյուն և տգիտության բուները ավերենք ամեն տեղ... — մտածեց Կամսարյանը և յուր նվիրումը ավելի ևս կշիռ ստացավ յուր աչքում:

Հետևյալ առավոտ, դեռ արևը չծագած, Կամսարյանը նստած էր Օվանեսի կառքում, որ հանգիստ սուրում էր «Երեվանյան» խճուղիով: Վերջինս Դիլիջանի հարավ-արևմտյան կողմից սկսելով, անցնում էր Շամլուղ գետակի ուղղությամբ, Մայմեխ լեռան ստորոտը ծածկող անտառների միջով և ապա հետզհետե լեռան լանջերը բարձրանալով, պիտի հասներ մինչև նրա կատարը: Արևը դեռ նոր էր Մայմեխի բարձունքը վառում, երբ մեր ուղևորները անցնում էին նրա ստորոտով: Առավոտյան զեփյուռը, որ հով էր բերում սարի լանջերից, մեղմով շարժում էր անտառի ծառերը: Նրանց խուլ շրշյունը խառնվելով Շամլուղի քաղցր խոխոջի և թռչնիկների այգածին ճռվողյունի հետ, կազմում էր հաճոյական մի ներդաշնակություն, որ խանգարվում էր երբեմն կառքի կոշտ դղրդյունով:

Երբ ուղղադիր ծմակներն անցնելուց հետո, սկսան դեպի լեռնալանջը բարձրանալ և Շամլուղը ծածկվելով անտառի խորքում, սկսավ յուր խոխոջի խուլ ձայնով ուղեկցել ճանապարհորդներին, տիրացու Մոսին, որ դարձյալ նստած էր կառապանի կողքին, անհրաժեշտ համարեց հիշեցնել «աղին» յուր երեկվա դիտողությունը.

Մի՞տդ ա էն, որ ասում ի թե Դիլիջանա դեսի ճամփեն էվելի սիրուն ա, քանզ դենի՞նը: Դե հմի մտիկ տու, տե՛ս, ըսկի քու օրումը ըսենց տեղեր տեհե՞լ ես:

Կամսարյանը, որ արդեն գրավված էր շրջապատող տեսարաններով, տիրացուի «դե հմի մտիկ տու» խոսքի վրա ետ նայեց և տեսավ, արդարև, մի նոր, ակնապարար տեսարան: — Իրենք այդ միջոցին գտնվում էին որոշ բարձրության վրա, իսկ տափարակի ծմակները մնացել էին վար: Բարձրից նայողը տեսնում էր միայն նրանց կատարները, որոնց կանաչը վառվել էր արևից երփներանգ գույներով: Այդ վառվող մակերևույթը նմանում էր նույն վայրկենին լայնածավալ մի ծովակի, որի հեղհեղուկ ալիքները փոխարինում էին ծառերի` հովից շարժվող կատարները: Այդ տեսարանը այնքան էր սիրուն ու գրավիչ, որ Կամսարյանը տեղը փոխելով, նստեց դիմացի նստարանի վրա, որպեսզի կարողանա ավելի դյուրությամբ նայիլ ու զմայլվիլ գեղեցիկ հեռանկարով:

Չնայելով որ խճուղին սարի լանջովն էր բարձրանում, այսուամենայնիվ, ծառերը հովանավորում էին նրան: Մեծ մասամբ նա անցնում էր բնական ծառուղիների միջով, որոնց, երբեմն, փոխարինում էին նաև ժայռերի շարքեր: Իսկ դրանց, յուր հերթում, հովանավորում էին դարձյալ հինավուրց ծառեր, որոնք բուսած լինելով ժայռերի վերևում, այդտեղից իրենց սաղարթախիտ ոստերը ձգում, տարածում էին ճանապարհի վրա, որը հաճախ անցնում էր և սիզավետ բարձունքներով, ուսկից տեսարանները բացվում էին ավելի շքեղ ու ընդարձակ: Այսպիսի դիրքերից երևում էին Մեյդան լեռան անտառապատ լանջերը և նրա մերկ, ծառազուրկ կատարը, որ, սակայն, պատած էր բաց կանաչ թավիշով: Նրան հետևում էին ուրիշ շատ լեռներ, որոնք գագաթների բարձրությամբ մեկը մյուսին գերազանցելով, հորիզոնը դարձնում էին վսեմ ու փառահեղ:

Следующая страница