Մուրացան՝   Առաքյալը

Այո, բարեկա՛մ, այս ժողովուրդը ծույլ ժողովուրդ է. նա որ ծույլ չլինի, կաշխատի, մարդավարի կապրի, սա կյանք չէ, որ նա վարում է. սա գյուղ չէ, ուր նա ապրում է. նայիր է՛. մի կոտրված ձեռք չի գտնվել այս ամբողջ շենի մեջ, որ մի տեղ գոնե մի հատ ծառ անկե... սա խայտառակություն չէ՞:

Այս ասելով նա դարձավ տանուտերին և ցանկություն հայտնեց տուն վերադառնալու, որովհետև ման գալուց արդեն հոգնել էր: Քահանան ու Պետին բաժանվեցին նրանցից, իսկ տանուտերն յուր հյուրին առաջնորդեց դեպի տուն:

ԺԲ

Արևը մայր մտնելու մոտ, ծովակի կողմից սկսել էր փչել զով քամին, որին գյուղացիք սպասում էին ժամեժամ: Նրա անելիք ծառայությունը մեծ էր: — Ցորենի խուրձերը կալսել, հասկերը տրորել էին, այդ քամին պիտի գար, որ դարմանը զատեր: Եվ ահա կալերի վրա, որոնց մեծ մասը գտնվում է կտուրներին, սկսվել էր մեծ շարժում: Ամեն տեղ ձեռքերը գործում էին ժրությամբ, եղանները բարձրանում ու իջնում էին և իրենց հետ միասին օդի մեջ մրրկում հարդի փոշեխառն վիժակներ: Դրանցից քամին դարմանը խլելով տանում, փռում էր կալի եզերքին, իսկ ցորենը նորեն գետին իջնելով, կազմում էր մաքուր հատիկների կույտեր:

Կալերում սկսված այդ աշխատանքը գյուղի օդը տոգորել էր դարմանի մղմեղ փոշիով: Երիտասարդ Կամսարյանը մի քանի տեղերից անցավ գրեթե փախչելով, որպեսզի օդում փոթորկվող այդ փոշիից ազատե թե՛ թոքերը և թե՛ հագուստը: Երբ նա տուն հասավ, մի առանձին հաճությամբ նայեց սրահում դրված ինքնաեռին, որ հակառակ սպասածին, բավական մաքուր էր և որի մեջ ջուրը եռում էր արդեն: Տան տիկինը սպասում էր ամուսնուն, որ սա գա թեյը պատրաստելու, ըստ որում գյուղերում այդ ոչ սովորական գործողությունը կինը յուր ուժից և իրավունքից վեր բան է համարում:

Թեյ խմելու մեծ ցանկությունը հիշեցրեց Կամսարյանին ճաշի պատրաստության բոլոր պատմությունը և զգուշացրեց նրան միջոցներ ձեռք առնել, մաքուր թեյ խմել կարենալու համար:

Ես լավ թեյ ունիմ, թողեք նրանից դնեմ, — ասաց երիտասարդը և առնելով թեյնոցը, որ հենց նոր տանուտերը ստացել էր կնոջից, յուր ձեռքով լվացավ, մաքրեց հին կեղտերից և ապա տուն մտնելով, հանեց պայուսակից յուր թանկանոց թեյը, մի քանի պտղունց դրավ թեյնոցի մեջ, եռման ջրով մի անգամ ողողեց և ապա նորեն վրան ջուր լցնելով, դրավ ինքնաեռի վրա:

Էդ իմա՞լ օղողիր, չայի խամ կորսըվավ, — նկատեց տանուտերը:

Չէ, չի կորչիլ. չայի վրա մի անգամ պետք է քիչ ջուր լցնել, թափել, որ փոշիից մաքրվի և ապա նորից լցնել,— բացատրեց Կամսարյանը:

Մե խետ պրիստավ Էկավ մեր գեղ, մեզի ղոնաղ եղավ, ինչոր չայ ուզեցի քեզի պես վլամ (լվամ), էն չթորգեց, ասավ խարաբ կեղնի:

Պրիստավը չի հասկացել, — կարճ կապեց Կամսարյանը:

Թեյը պատրաստելուց հետո, երիտասարդն յուր ձեռքով լվացավ նաև բաժակներն ու պնակները և սեփական սրբիչով սրբեց: Ապա թեյն ածելով, բաժակներից մինը դրավ տանուտերի և մյուսն յուր առաջ: Հետո հանեց նույնպես մաքուր քսակից շաքար և դրավ մեջտեղ:

Տանուտերն յուր բաժակն առնելով մի ումպ ճաշակեց և բացականչեց.

Օխա՛յ, էս ի՞նչ անուշ ա. իմա՞լ մեր չայ իսենց խոտ չի տալում: Էրևում ա, մենք շինել չենք գինա:

Չէ, ոչ թե շինել չգիտեք, այլ ձեր չայը լավ տեսակից չի լինում, լավ տեսակը թանկ է:

Խա, իդե՞նց ա, — համաձայնեց տանուտերը:

Բայց ինչպես երևաց, վերջինս չար աչք էր ունեցել, երիտասարդը դեռ բաժակը բերանը չէր տարել, որ նոր բարձրացած մի քամի, հարևան կալի կողմից, բերավ մանրամաղ դարմանի փոշին ու տանուտերի սրահը լցրեց: Պետրոսն իսկույն փակեց աչքերը փոշիից նրանց ազատելու համար: Ապա` երբ քամին անցավ, առաջին բանը, որ նա տեսավ, յուր թեյի բաժակն էր, որ ամբողջովին ծածկվել էր դարմանով ու փոշիով:

Ֆու, ի՛նչ խայտառակություն, — շշնջաց նա ինքնիրեն և բաժակն առնելով, թեյը թափեց գետին:

Էդ իմ՞ալ դեն ածիր, դարման ա, բան չկա. ա՛յ, ձեռքով դուս խանեմ, հմմենը կթամըզի, — ասաց տանուտերը և մատները խրելով յուր բաժակի մեջ սկսավ դարմանի փշուրները հանել և ապա խմել:

Կամսարյանը թթված դեմքով նորեն լվացավ բաժակը, նորեն լցրեց և այս անգամ արդեն զգուշության համար պնակը դրավ բաժակի բերանին, որպեսզի մինչև սառչիլը փոշի-բան չընկնե մեջը:

Դժվար է, շատ դժվար է այստեղ ապրել, — նկատեց Կամսարյանը գլուխը շարժելով:

Խա, քե նման աղա մարդու խմար դժար ա. ամա մեզ խմար խեշտ ա, — հարեց տանուտերը և խոսակցությունդ այս անգամ սրանով վերջացավ:

Մութը կոխելուց տանուտերը կամենում էր ընթրիքի պատրաստություն տեսնել, բայց Պետրոսը ասաց, որ չի պիտի ընթրե, միայն խնդրեց, որ իրեն քնելու տեղ ցույց տա, որովհետև շատ հոգնած է և կամենում է հանգստանալ:

Տանուտերն առաջարկեց քնել ներսի տանը, ասելով, որ դրսում կարող է մրսել, որովհետև գիշերը ծովի կողմից երբեմն փչում է ցուրտ քամի:

Պետրոսն համաձայնեց և ներս գնաց, որ տեսնի թե ո՞րքան է այդ տունը հարմար, գոնե մի գիշեր քնելու համար: Բայց ինչպես ցերեկով, նույնպես և այժմ, այդտեղ բուրում էր խոնավության ու ծուխի անախորժ հոտ:

Այստեղ չեմ քնիլ, — ասաց նա և դուրս եկավ:

Էս մի օթախն էլ տես, թե խավնիս, իստեղ քնա, — ասաց տանուտերը և բաց արավ սրահի վրա գտնվող մի ուրիշ դուռ:

Պետրոսը ներս մտավ: Դա սենյակի նման բան էր, միջից ցածր ցանկով կտրված: Առաջին մասը փոքր ի շատե մաքուր էր և պատի տակն ուներ տախտակաշեն մի թախտ: Միայն թե այստեղից էլ փչում էր թրիքի չափազանց սուր հոտ:

Այս հոտը ո՞րտեղից է, — հարցրեց Պետրոսը քիթը վեր քաշելով:

Էն մեկել յանը տավարի գոմն ա. խոտը նրանից ա. ամա տավար իստեղ չի, էն դրսի յանն ա, մինակ ձին ա կապած:

Դուք, ուրեմն, այստեղ նստում կամ քնո՞ւմ եք:

Խրամանք ես, ձմեռը շատ փայ էսոր մեջ ենք նստելում յա քնելում, ընդուր որ տավար մեչն ա ըլում, էդ պատճառի էլ տաք ա ըլում:

Պետրոսը գլուխը շարժեց և դուրս գնաց:

Այստեղ լավ է, այստեղ կքնեմ, — ասաց նա ցույց տալով սրահում դրած թախտը:

Կամք խրամանքիդ ա, — պատասխանեց տանուտերը և հրամայեց Սալբիին անկողին պատրաստել:

Մինչդեռ երիտասարդին պաշարել էր այն միտքը, թե ի՞նչ անկողին պիտի բերեն իրեն և թե արդյոք ինքը կարո՞ղ պիտի լինի քնել նրա մեջ, տանտիկինը դուրս հանեց գունավոր կտավի մի կապոց, որի մեջ խնամքով պահված էր մի ձեռք մաքուր անկողին: Նա բացավ կապոցը, անկողինը պատրաստեց և հեռացավ:

Պետրոսը անկողնի մաքրությունը տեսնելով, հանգստացավ: Բայց անհայտ անմաքրությունից ազատ լինելու համար էլ նա կարևոր համարեց հանել պայուսակից երկու մաքուր սավան, որոնցից մինը փռեց ներքնակի վրա, իսկ մյուսը` վերմակի տակից: Երբ տանուտերը «բարի գիշեր» մաղթելով հեռացավ, Պետրոսն իսկույն հանվեց ու պառկեց: Հոգնածությունն ու զով գիշերը անուշ քուն բերին երիտասարդի աչքերին:

Հետևյալ առավոտ նա աչքերը բացավ արշալույսից առաջ: Եվ որովհետև այդ ժամին տանուտերի ամբողջ տունը ոտքի վրա էր, ուստի ինքն ևս շտապով հագնվեցավ: Կամենալով լվացվել աղբյուրի սառը ջրով, նա յուր հետ առավ լվացման պարագաները և հարցնելով աղբյուրի տեղն ու ճանապարհը, ուղղվեցավ այն կողմը:

Ուղին, որ տանում էր դեպի ջուրը, անցնում էր մի թմբից, որի առաջ այդ վայրկենին բացվում էր բնության գեղանկար մի պատկեր, որի հանդիսարանը Գեղամա ծովակն էր: Այդտեղից նայելուց երևում էր նրա ընդարձակ դաշտը, որ կարծես շրջակա լեռները ետ մղելով, ձգվում, տարածվում էր դեպի արևելյան հարավ, փայլելով առավոտյան վճիտ երկնքի տակ գորշ-կապույտ գույնով: Թեթև մկանունքները հազիվ շարժում էին խաղաղ մակերևույթը, որ հեռվից թվում էր անշարժ ու միապաղաղ: Քանի դեռ արևելքը չէր բոցավառվում, երկնքի վրա լողացող ամպերից նրա հոսանքներում անդրադառնում էին սպիտակ ու մոխրագույն շերտեր: Բայց երբ նա շառագունեց, ծովակն սկսավ փոխել յուր պատկերը: Շրջակա ափերը փայլփլում էին ոսկու պես, մինչդեռ խոր հարավը հետզհետե ներկվում էր քրքումի գույնով: Մի փոքր ևս, և ահա արևի սկավառակը փայլեց Մարալ-Դաղի կանաչազուրկ կատարին և յուր առաջին ճառագայթներով սկսավ ոսկեզօծել լճի արևմուտքը բռնող Չիչեկլիի և հարավը փակող Յուչթեփելերի լանջերը: Այդ տեղերից հետզհետե նրա շողերն իջնելով` վառում էին Սևանի մենավոր կղզին և ապա ծովակի ընդարձակ մակերևույթը, փոխելով նրա գեղածուփ մկանունքները ոսկու կամ արծաթի, և փայլեցնելով նրանց բյուր ադամանդ աչքերով:

Երկար դիտելով այդ գրավիչ տեսարանը, Կամսարյանը հանկարծ ետ նայեց դեպի գյուղը, տեսավ նրա գծուծ և տխուր պատկերը, հիշեց այն ամենը, ինչ որ մի օրում նա այդտեղ տեսել ու քննել էր և նրա սրտից ակամա դուրս թռավ մի հառաչանք:

Ա՛խ, եթե կարողանայի, եթե հնարավոր լիներ...

Այդ նրա բարի, գաղափարական «ես»-ի ձայնն էր, որ բնության հրաշափառ տեսարանի առաջ դարձյալ իշխեց հնչելու... բայց անձնասիրության «ես»-ն ևս քնած չէր այդ ժամանակ, նա էլ յուր կողմից շշնջում էր երիտասարդի հլու ականջին.

Իհարկե, չես կարող, իհարկե, անհնար է... այս ժողովրդի կյանքն ու վիճակը քսաներեք դար առաջ այսպես է նկարագրել Քսենոփոնը, քսաներեք դար հետո էլի այսպես կնկարագրե մի ուրիշ Քսենոփոն... այստեղ դու ոչինչ փոխել չես կարող:

Ըստ երևույթին այդ «ես»-ին էր վիճակված տանել հաղթությունը: Որովհետև երբ երիտասարդն աղբյուրին հասնելով տեսավ նրա վիճակը, — մի հորդառատ ու վճիտ աղբյուր, որ մարդկանց ծարավը հագեցնելու համար սողում-անցնում էր Այծեմնասարի ո՞վ գիտե քանի թաքուն խորշերից և հասնելով այստեղ, փոխանակ սրբատաշ ավազանում ցայտելու, անարգ ու անպատիվ գետահետում էր ընդարձակ տիղմի և անասունների արտաթորությանց միջովնա գլուխը շարժեց և ասաց.

Ոչ, անկարելի է, մեր ուժերից վեր է... դա միայն ցնորք է և բանդագուշանք. ես իզուր եմ այստեղ ժամավաճառ լինում:

Այսպիսի որոշման գալուց հետո, այսուամենայնիվ, աղբյուրի ականակիտ վիժակը հրապուրեց երիտասարդին: Նա տիղմի մեջ ընկած քարերը կոխելով մոտեցավ սառ ջրին, առատորեն լվացվեցավ և երեսը սրբելով, վերադարձավ գյուղը:

Ինքնաեռը դարձյալ եռում էր: Առաջին օրվա եղանակով Պետրոսը պատրաստեց թեյը և հրավիրելով տանուտերին, սկսան խմել և դրա հետ միասին էլ վայելել լոշից, պանրից և խաշած ձուերից բաղկացած մի նախաճաշ: Դրանից հետո տանուտերը հայտնեց հյուրին, որ ինքը մի քանի ժամով մինակ պիտի ձգե նրան, որովհետև հանդումն անհրաժեշտ գործ ունի:

Իսկ ես կամենում եմ գնալ Սևանը տեսնել և հենց այսօր էլ վերադառնալ Դիլիջան, — ասաց երիտասարդը, ինքն էլ զարմանալով, որ կարողացավ այդպես շուտ յուր որոշումը հայտնել ուրիշին:

Էս մի օրվա մեջ Սևան էթալ, դառնալ ու էստիեն մին է: Դիլիջան հիջնել դժվար ա. ես քե ինենց եմ խեյրաթ (խորհուրդ) տալում, որ վանքեն դառնաս, գիշերն հանցնես մեր կուշտ, եդո էն բաշտան (առավոտանց) Սիմոնովկեն տրոյկը (սայլակ) ապսպրենք նստես էթաս:

Շատ լավ, այդպես կանենք, — համաձայնեց երիտասարդը, ուրախանալով որ գործն այդպես հեշտ է վերջանում: Հետո ուզեց իմանալ թե ինչո՞վ պետք է գյուղից գնալ մինչև Սևան:

Իստեղից ձի կխեծնես մինչև էն ճոճ թումբը, որ մեր հառեջն ի. ինոր մոտ կհիջնաս ծովի ղրաղ, ինտեղից թյուֆենկով ձեն կըտաս, գյամըչին կգյա, կառնի կտանի:

Ձիու հետ միասի՞ն:

Չէ, ձին կթորգես ծովի ղրաղ:

Կամսարյանը խնդրեց, որ տանուտերը տնից ելնելուց առաջ, վարձե յուր համար ձի, այլև մի ընկեր, որ առաջնորդե իրեն մինչև կղզու հանդիպակաց ափը, թեպետև այդ տարածությունը տասը վերստից ավելի չէր:

Կես ժամից հետո ամեն ինչ պատրաստ էր: Երիտասարդը թամբել տվավ ձին, յուր հետ բերած նոր թամբով, որ շատ գեղեցիկ էր և գրավեց մոտ եղող գյուղացիների հիացմունքը: Ապա մի ուսով կախեց դաշտային մեծկակ դիտակը, իսկ մյուսովն յուր նոր, գեղեցիկ հրացանը, որ առաջին անգամն էր պատյանից հանում և հետո ձին աշտանակելով` առաջ անցավ: Առաջնորդ գյուղացին, որ միևնույն ժամանակ ձիու տերն էր, գնալիք ճանապարհը ցույց տալուց հետո, հետևեց «աղին» ոտքով:

ԺԳ

Երկար չտևեց ճանապարհորդությունը, թեպետ Կամսարյանը կցանկանար, որ նա մի քիչ երկարեր: Որովհետև յուր նոր թամբի և աշխույժ ձիու վրա նա այնքան էր իրեն երջանիկ զգում, և փայլուն հրացանը, որ ուսից կախած էր, այնպիսի մի հարգարժան առավելություն էր տալիս իրեն, որ նրան թվում էր, թե այդպիսի տրամադրությամբ ու պատրաստությամբ ուղևորություն կատարած ժամանակ, ինքն հոգվով ու սրտով ավելի է «մեծանում», քան թե էր իսկապես, կամ ընդունակ դառնում կատարելու «մեծ գործեր», որոնց մասին նա առաջ այնքա՛ն շատ երազում էր, իսկ այժմ վախենում մինչև իսկ մտածել... Եթե երիտասարդի այդ տրամադրության վրա ավելացնենք նաև հրաշալի եղանակը, որ արևի թեթև ամպերով սքողված լինելու պատճառով զով էր ու ղյուրական, այլև ճանապարհի հանգստությունը, ըստ որում խճուղին ո՛չ խոչ ուներ, ո՛չ խութ, նույնպես և լճափի անուշ հովերը, որոնք իրենց սույլի հետ բերում էին նաև դաշտային թռչունների բեկբեկ երգերի ձայներ, և վերջապես լճի սիրուն տեսարանը, նրա ալիքների ափնածիր ծփանքը, որոնք հաճախ գալիս, ողողում էին խճուղու եզերքն ու արահետը, այն ժամանակ հասկանալի կլինի թե ինչո՞ւ Կամսարյանը ցանկանում էր յուր ճանապարհը երկարեր: Բայց չնայելով այդ ցանկության, նա հասավ «ճոճ թմբին» ավելի վաղ, քան սպասում էր:

Անցնելով այդ թումբն եզերող ճանապարհը, նա, առաջնորդի ցուցմամբ, իջավ լճափը և մոտեցավ խճավազի մեջ ցցված ժայռերի մի շարի, որ համարվում էր նավամատույց: Լճափին կային նաև ուրիշ ուխտավորներ, որոնք սպասում էին կղզուց գալիք նավակին: Որովհետև այդ կետում (չնայելով, որ նա ավելի մոտ էր կղզուն, ուստի և ավելի էլ եկվորներ էր գրավում) չկային վարձու նավակներ, ըստ որում տեղը ամայի էր և բնակությունից հեռու, եկողը պետք է հրացանով նշան տար, որպեսզի կղզուց նավակ բերեին: Բայց որովհետև ուխտավորները հրացան չունեին, ուստի սպասում էին, որ կամ կղզուց նշմարվին և կամ բախտը իրենց մի հրացանավոր հասցնի: Վերջին ակնկալությունը կատարված էր: Կամսարյանն շտապեց փորձել յուր երկփողյա ամերիկականի զորությունը, դնելով նրա մեջ երկու փամփուշտ և արձակելով նախ` աջ և ապա` ձախ փողերից: Հրացանի ույժն արդարև սաստիկ էր և որոտն ահավոր: Կղզեցիներն, անշուշտ, իմացան, որ այդ ձայնը աղքատ գյուղացու հրացանի ձայն չէ, որովհետև երկրորդ հարվածից հետո իսկույն կղզու նավամատույցի վրա բուսան երեք հոգի, որոնք մտնելով այնտեղ կապած նավակներից մինը, սկսան առաջանալ դեպի եկվորները:

Կըտենա՞ս, բարեկամ, — խոսեց ուխտավորներից մինը յուր ընկերոջ հետ, — քյասիբն ընրու խամար ա կորում,որ քյասիբ ա: Էս ճոճ մարդ եկած չըհլեր, մեզի սաղ օր կթորգին ըստեղ... էս խոքևորի արա՞րք ա:

Ո՞վ է մեղավոր, որ դուք հրացան չունեք, որպեսզի նշան տաք, — մեջ մտավ Կամսարյանը, տեսնելով որ գյուղացին անիրավ տեղն է տրտնջում:

Խրացան էլ ըլնի, գեղցուն էլի բանի տեղ չեն դնի, — առարկեց ուխտավորը:

Ինչո՞ւ:

Ընդուր որ գեղցին բան չունի նրանց տալու:

Էհ, ամեն տեղ այդպես է, ով չի տալիս, նա չի էլ ստանում:

Հմմեն տեղն ուրիշ ա, վանքն ուրիշ, էս խոքևոր տուն ա, բյությունն էլ (բոլորը) իստեղ խավասար ին, ոչ ճոճ պետք ա ըլնի, ոչ պստիկ:

Բայց տեսնո՞ւմ ես որ կա:

Խա, տենում եմ. իմա՞լ չեմ տենում, ընդուր խամար էլ ասում եմ, էս փիս բան ա, աստծուն տուրեկան չի:

Բայց ախար առանց տալու էլ չի լինիր: Եթե ես չտամ, դու չտաս, մեկելը չտա, վանքն ինչո՞վ կառավարվի:

Աստված խոքին լուսավորի խայոց թագավորների, էնքա՛ն մալ ու դովլաթ ին թողե վանքի խամար, էնքա՛ն մյուլքեր, գեղեր, որ վանքն էլ ուտի, խայի քյասիբն էլ, ըսկի չի վերջանա մինչ գալուստն Քրիստոսի: Համա ի՞նչ անես, որ քյասիբին հեչ հիշկող չկա. ով որ զոռ ունի, էն առնում տանում ա: Դյուն, էրևում ա, ղարիբ մարդ ես, վանքի ահվալ (դրություն) չիս գինա. ամա մենք մոտիկ ենք. հմմեն բանն էլ մեր հառեջն ա: Իստեղ մի սարկավագ կա, քառսուն տարիա վանքը կոխած ուտում ա. հեչ մինն էլ ա չասում` էդ իմա՞լ ես անում: Ճոճ ուխտավոր որ գալում ա, պաշտում, պատվում ա, ամա քյասիբին` հեչ ղսի տունեն ներս էլ չի թորգում...:

Կամսարյանը, որ մի առանձին ջերմեռանդությամբ էր մոտեցել Սևանին և սրտատրոփ սպասում էր տեսնել ու համբուրել պատմական սրբավայրերը, ծանոթ չլինելով գյուղացիների բամբասասիրության, հալած յուղի տեղ ընդունեց գեղջուկի բոլոր խոսքերը: Եվ համոզվելով, որ, ուրեմն, հայոց սրբավայրերում իսկ անկարելի է հանդիպել մխիթարական երևույթի, ճշմարտապես տխրեց և այդպես նախապաշարված էլ ոտք դրավ անարվեստ ու հնաձև նավակը, որ արդեն մոտեցել էր ափին:

Երբ բոլոր այդտեղ գտնվողները, բացի ձիապանից, տեղավորվեցան նավակում, երկու հուժկու թիավարներ սկսան առաջ վարել ծանրաշարժ մակույկը, իսկ երրորդը ղեկը բռնեց:

Հեռվից կղզու տեսքը գրավիչ ոչինչ չուներ: Նա տխուր էր և մռայլ: Արևը, կարծես, այրել, մրկել էր նրան: Կանաչ ծառերի խումբը, որ երևում էր մասամբ եզերքին և մասամբ անշուք շինությունների հետևում, այլև բարդիների շարքը, որ պատում էր կղզու հյուսիսային ջրափը, չէին մեղմում նրա կոշտացած պատկերը: Կամսարյանին թվում էր, թե խիստ անհյուրընկալ մի տեղ է դա, ուր դարձյալ պիտի կրե ծանր հիասթափություն:

Բայց երբ նավակը մոտեցավ ափին և երիտասարդը ոտք կոխեց գետին, տեսավ, որ հեռվից չոր ու ցամաք և հազիվ բլրակի չափ երևացող այդ թումբը կանաչազարդ և բավական ընդարձակ մի գեղավայր է, հինավուրց ուռիներով տնկագործված: Կղզու դիրքը, հարավ-արևմտյան կողմից, ներկայացնում էր լայնադիր մի տափարակ, սիրուն կանաչով ծածկված: Այդ տափարակի վրա, լճակից քիչ հեռու, կարգով շինված էին ուխտավորների սենյակներ, որոնք իրենց կեսը դեպի հարավ, իսկ կեսը` արևմուտ ունեցած դիրքով, ներկայացնում էին կղզու ներսը փակող մի ուղիղ անկյուն և ծառայում այդ կողմից պաշտպանող պատվարի տեղ: Այդ շինության մեջ բացված դռնից մտնելուց, Կամսարյանի առաջ բացվեցավ մի ընդարձակ և սիզավետ բակ, որի արևմտյան և հյուսիսային կողմը երկարանալով ձգվում էր հեռու, մինչև լճափը և փակվում բարդիների և ուռիների շարքերով: Իսկ հարավ-արևելյանը կազմում էր վանքի բուն բակը, հովանավորված հաստաբուն և ստվերաշատ ուռիներով: Այս մասի շարունակության վրա գտնվում էին ս. Աստվածածնի սագաշեն եկեղեցին և միաբանության բազմաթիվ խցերն ու կացարանները, իսկ դրանց հետևից անմիջապես բարձրացող և բուն կղզին ներկայացնող բլրի վրա` Սևանի ուրիշ մատուռները:

Հենց վանքի բակում միաբանության անդամներից երկու աբեղաներ սիրով ընդունեցին թե՛ երիտասարդին և թե՛ մյուս ուխտավորներին և քաղաքավար հարցուփորձից հետո իմանալով, որ առաջինը շուտ պիտի վերադառնա, իսկ վերջինները պիտի գիշերեն, հրամայեցին փակակալին սենյակ հատկացնել գյուղացիներին և նրանց հարկ եղած պետքերը հոգալ, իսկ երիտասարդին իրենց հետ առնելով սկսան պտտեցնել կղզին:

Միաբանների քաղցր վարմունքը գեղջուկ ուխտավորների հետ մտածության առիթ տվին երիտասարդին: — Արդյո՞ք հոգևոր հայրերը յուր` իբրև զարգացած հյուրի ներկայությա՞մբ էր, որ այդպես քաղցր ընդունեցին գյուղացիներին, թե՞ նրանք հենց միշտ այդպես էլ ընդունում են նրանց և, սակայն, գյուղացիները սիրում են զուր տեղը բամբասել: Եթե այս վերջին ենթադրությունը ճիշտ էր, ապա պետք էր կարծել, որ հայ գյուղացին, ուրիշ շատ թերությունների հետ միասին, ունի նաև ստոր հակումներ:

Երբ այս մասին հարց տվավ Կամսարյանը աբեղաներին, նրանցից մինը պատասխանեց.

Խավար ու գիջին նկուղներում, ուր որ արև չէ թափանցում, վխտում են միշտ զեռուներ: Գյուղերում այնպիսի խավար է տիրում և այնպիսի խոր տգիտություն, որ բնավ չպիտի զարմանաք, եթե տեսնեք, որ գյուղացին բամբասանքից ու զրախոսությունից զատ, վարակված է նաև ուրիշ չար ախտերով: Արև է հարկավոր, որ նրանց սառ հոգին ջերմացնե, նրանց մտքի անոթը լուսավորե, այդ արևը չկա՛, երբեք չէ ծագում, գյուղացին ի՞նչ անե...

Կամսարյանը, որ էդ վայրկենին մոռացել էր յուր ուխտը, կամ որին այնպես թվաց, թե հոգևորական եղած տեղը աշխարհականը չպետք է ժողովրդի վրա մտածե, մի անզուսպ պահանջ զգաց հիշեցնել հոգևոր հայրերին իրենց պարտականությունը:

Ինձ թվում է, — ասաց նա, — որ հենց դուք ինքներդ կարող էիք դառնալ այդ արևը և ցրել գյուղերում տիրող խավարը: Ինչո՞ւ ուրեմն չեք անում: Մի՞թե, արդարև, ավելի լավ չէ մտնել ժողովրդի մեջ, ծառայել նրա բարոյական ու մտավոր շահերին, քան թե ապարդյուն ճգնիլ անապատում:

Խոսող աբեղան չպատասխանեց, բայց նրա ընկերը, որ ավելի երիտասարդ էր և ավելի աշխուժոտ, կանգ առավ հին մատուռի կիսավեր ավերակի առաջ, որի մոտով անցնում, էին, և ասաց.

Չգիտեմ դուք ինձ ճանաչո՞ւմ եք թե ոչ, բայց ձեզ, պարոն Կամսարյան, ես լավ եմ ճանաչում: Այն ժամանակ, երբ դուք գիմնազիոնն ավարտելով` գնացիք Պետերբուրգ, ես էլ Ներսիսյան դպրոցն ավարտած` սարկավագ էի: Հետո անցա Էջմիածին և վարդապետ ձեռնադրվեցա: Իսկ այսօր, ինչպես տեսնում եք, ճգնում եմ Սևանում: Բայց չնայելով այս ճգնության, որ յուր ապարդյուն խստություններն ունի, այսուամենայնիվ, չեն մարած սրտիս աշխույժն ու եռանդը, ասպարեզ եղած տեղը կարող եմ գործել, իսկ չեղած տեղը` գեթ ազատ խոսել: Թույլ տվեք, ուրեմն, որ ձեր հարցին պատասխանելուց առաջ, ինքս ձեզ տամ մի հարց, որ, միևնույն ժամանակ, կլինի նաև ձեր պատասխանը:

Կամսարյանը լարեց ուշադրությունը:

Ասացեք խնդրեմ, — շարունակեց աբեղան, — մինչև ե՞րբ պետք է դուք նման պահանջներ անեք մեզնից առանձին թե հրապարակով և հավատաք թե արդար պահանջ եք անում: Որ հոգևորականը աղոթելուց, մկրտելուց և թաղելուց զատ ուրիշ շատ վսեմ պարտավորություններ էլ ունի, այդ ես չեմ հերքում: Հոգևորականն, այո՛, կարող է լինել հենց այն արևը, այն պայծառ լուսատուն, որ փարատում է ժողովրդի մտքի խավարը: Նա յուր բարձր կոչման շնորհիվ մեծ էլ դյուրություն ունի այդ ժողովրդի ամեն խավերը մտնելու, յուր հոտի ամեն մի անդամին մտերմանալու, նրա սրտի, հոգվո և զգացմունքների հետ խոսելու և այդպիսով էլ մեծ արդյունք առաջ բերելու: Բայց ո՞ր հոգևորականը կարող է այդ անել. միթե մե՞նք, արդի հոգևորականներս: Երբեք: Մենք ինչացո՞ւ ենք. ո՞վ է մեզ տվել այդպիսի կարողություն, ո՞վ է մեզ պատրաստել դրա համար: Մենք հո երկնքից չե՞նք իջել, այլ ելել ենք ձեր միջից. ինչ որ դուք եք, նույնն էլ մենք, փչիցը խաղող չենք քաղիլ, ոչ էլ տատասկից թուզ: Տվե'ք, որ ստանաք, սերմեցեք` որ հնձեք: Մի գուցե կարծում եք թե, հոգևոր կոչման հետ միասին, մենք ստանում ենք նաև խելք, գիտություն, գործելու շնորհ, կամ թե գերբնական մի զորության շնորհիվ, ազատվում ենք մեր մարդկային, սովորական կրքերից, ցանկություններից... Մի՞թե չգիտեք, որ հոգևորականների մեծամասնությունը հոգևոր կոչումն առնում է յուր վրա միայն յուր գոյությունը պահպանել կարենալու համար... Մի՞թե չգիտեք, որ ծուլությունը, հեշտ ապրելու տենչը, արիության և աշխատասիրության պակասությունն է, որ ծնվել է մեր այսօրվա հոգևոր պաշտոնյաների լեգեոնը և ոչ թե անձնվիրության ու առաքելության վսեմ գաղափարը, որի մասին նրանք նույնիսկ հասկացողություն չունին: Այո՛, գիտեք: Գիտեք նույնպես, որ հազվագյուտ բացառություններ են նրանք, որոնք այդ գաղափարով ոգևորված, մտել են հոգևոր զինվորության մեջ, հուսալով կարենալ օգտակար լինել ժողովրդին, բայց որոնք իրենց սակավաթիվ լինելու պատճառով` խեղդվում, ոչնչանում են հոգևորականության ամբոխը կազմող մեծամասնության մեջ... Այս այսպես լինելուց հետո, էլ ո՞րտեղ է մնում ձեր իրավունքը` պահանջներ անելու հոգևորականությունից: Պահանջներ անելու իրավունք գիտե՞ք ովքեր ունին. — այն հոգևորականները, որոնց ես բացառություն անվանեցի և որոնք հաճախ կսկիծը սրտում և արտասուքն աչքերին զենքը դնում են վար, որովհետև «Մեծավորը» հրամայում է «Սո՛ւս կաց, դու գիտում չես, առաջնորդը ես եմ, բակլան խաշած եմ ցանում»: Այո՛, այդ ճնշվածները, գործելու տենչով վառված, բայց միշտ իրավազուրկ զինվորագրյալներն են, որ իրավունք ունին պահանջներ անելու... այն էլ գիտե՞ք ումնիցձեզնից, մտավոր ու նյութական հարստությամբ օժտված երիտասարդներից, նրանք են, որ պիտի ձեզ ասեն. — պարոններ, դուք ամեն տարի տասնյակներով ավարտում և վերադառնում եք հայրենիք, ձեր մտավոր պատրաստության շնորհիվ դուք լավ ըմբռնում եք ժամանակի պահանջը և ճանաչում ժողովրդի ցավերն ու կարիքը. միևնույն ժամանակ, ձեր բազմաթիվ լինելու շնորհիվ, դուք պատկառելի ուժ եք կազմում և այդ ուժով կարող եք մեծ անիվներ դարձնել: Ինչո՞ւ, ուրեմն, չեք գործում, կամ ինչո՞ւ չեք մոտենում մեզ, սակավաթիվ զինվորներիս և մեզ հետ միասին դիմում դեպի այն ցանկալի բարձրությունը, ուր պետք է վառել ժողովրդի խավարը փարատող արևը... Հայ արժանավոր հոգևորականը երբեք չի ունեցել և այժմ էլ չունի ոչ առանձին շահ, ո՛չ ջոկ միտումներ: Նա հնումն ապրել ու մեռել է ազգի համար, այսօր էլ նույնը կանե, ուրեմն, մի՛ բաժանեք նրան ձեզանից, արհեստական անջրպետ մի՛ ստեղծեք և «կղերական» անունով մկրտելով` զատ շահերի, զատ ձգտումների տեր մի հռչակեք նրան: Այդպես է եղել և է, արդարև, կաթոլիկ հոգևորականությունը, որի պատմությունը ուսանում եք դուք հոժարությամբ, բայց, այդպես չէ եղել երբեք հայ հոգևորականությունը, որի պատմության, ավա՛ղ, մնացել եք միշտ անծանոթ: Եվ այդ անծանոթությանն էլ եղել է պատճառ, որ հայ հոգևորականության արժանիքը չափել եք դուք միջնադարյան արհավիրքներն ստեղծող և, այսօր իսկ, ազգերի խաղաղությունը վերիվայր շրջող կաթոլիկ կղերի արարքներով: Բայց դա մոլություն է և ճշմարտության անխիղճ հեղաշրջումն: ժամանակ է, որ գեթ այժմ ձգեք մոլորությունը և հայ հոգևորականության պատմությունը ուսանիք: Ժամանակ է, որ դուք միանաք մեզ հետ և ձեռք ձեռքի տված մտնենք ժողովրդի մեջ: Դուք աջից, մենք` ձախից գործենք անընդհատ, քրտնենք, վաստակենք և այդ վաստակի ազնվական պտուղըստեղծած բարիքը մեր աչքով տեսնելու և մեր ձեռքով շոշափելու քաղցրությունը վայելենք միասին:

Երիտասարդ աբեղան, որ ըստ երևույթին, յուր հիշած բացառիկ զինվորներից մինն էր և, անշուշտ, քաղցր հույսով Սևան մտնելով, հանդիպել էր գուցե դառն հիասթափության, պոռթկում էր, կարծես, վաղուց ի վեր յուր սրտում ամբարած ցավերը, առանց մտածելու թե` արդյո՞ք պատշաճի դեմ չէր, առաջին իսկ ժամում, մեղադրության ճառ կարդալ ուխտավոր այցելուի երեսին:

Սակայն նա լռեց, հենց որ հեռվում նշմարեց ծերուկ վանահորը, որ իրեն հասակակից մի ուրիշ վարդապետի հետ առաջանում էր դեպի այցելուն:

Կամսարյանը դեռ չէր տեսել նրանց, ուստի գլուխը խոնարհած ակնապիշ նայում էր առջևը գտնված ավերակի բեկորներին և իբրև հանցավոր, սպասում թե ուրիշ էլ ի՞նչ պիտի լսե խոսող աբեղայից:

Հանկարծ հնչեց վանահոր թավ ձայնը.

Հա, էդ ի՞նչ եք էտեղ կանգնել:

Ուխտավոր է, հայր սուրբ... Պարոն Կամսարյան... Գուցե ճանաչում եք, — շտապեց հայտնել առաջին աբեղան և ապա դառնալով Կամսարյանին, կամացուկ շշնջաց,— մեր այստեղի վանահայրն է:

Աստված օգնական, — ասաց Կամսարյանը և մոտեցավ վանահոր աջն առնելու:

Աստված պահապան, որդի, բարով ես եկել. բա հե՞ր ես էստեղ կայնել:

Պարոնին ման ենք ածում, հայր սուրբ, — խոսեց երիտասարդ աբեղան:

Ման եք ածո՞ւմ... բա դուք ման ածիլն ի՞նչ եք գիտում, — հեգնեց վանահայրն աբեղաներին և ապա մի առանձին լրջություն տալով դեմքին` — գնացեք, գնացեք, ճաշի ժամն* սկսել են, իմ հյուրին ես ման կածեմ, — ասաց և աբեղաները լուռ հեռացան դեպի ս. Աստվածածնի եկեղեցին:

Կամսարյանին մի կողմից անախորժ թվաց վանահոր անտակտ դիտողությունը, բայց մյուս կողմից էլ գոհ եղավ նա, որ վերջինի միջամտությունը ազատեց իրեն դժվար կացությունից:

Ասում ա «ման ենք ածում», — խոսել սկսավ վանահայրըսաղ սհաթ ա, էնտեղից մտիկ եմ տալի, տեսնում եմ հալա սուրբ Մինասի (քանդած մատուռի) մոտ... ա տնաշեններ, բա դա ման ածի՞լ ա, ախար ուխտավոր ա, եկել ա, որ բան տեսնի, իրա ուխտն անի, ի՞նչ եք յախան (օձիքը) բռնել, ջոշ եկել (շատախոսում):

Այս ասելով` վանահայրը սկսավ առաջանալ Կամսարյանի և մոտը եղող վարդապետի հետ և, միևնույն ժամանակ, շարունակել յուր խոսքը.

Այ, էդ ջահիլնէրը դիփ էսենց են, թե որ թողնես, խամ մարդ ճանգեն, առավոտից մինչ իրիգուն հետը խոսան. բայց թե բան ու գործ անե՞ն, չէ: Մենք էլ ենք ջահել էլել, ամա դրանց պես չենք էլել: Օղորմած հոգի Օհանես վարդապետը, որ իմ ջահել վախտը վանահայր էր, շատ խիստ մարդ էր, հեչ թողիլ չէր, որ միաբանը, ժամից դուրս գալուց եդը, մի տեղ էլ ա երևա, պտի իրա խուցը մտներ, սուրբ գիրք կարդար: Մին էլ էն ա ճաշի վախտը կեթար սեղանատուն, իրա ճաշը կուտեր ու մեկ եդ կմտներ իրա օթախը: Ամա դե ես էդենց խիստ չեմ. ազատություն տալիս եմ. ի՞նչ արած, որ էդ տնաքանդները իմ տված ազատությունը չարն են գործ դնում: Տեսնո՞ւմ ես էս հեր օրհնածը (ցույց է տալիս հետը եղող վարդապետին), վանքի լուսարարն ա. ասիլ հոգևորական ա. քառասունուհինգ տարի ա էս վանքումը, հալա ոտը ըստեղից

դուրս չի դրել: Որ հարցնես թե քաղաքն ի՞նչ ա, գիտալ չի թե ի՞նչ ա, չուն ոչ գնացել ա, ոչ տեսել: Ամա էդ ջահիլներին, որ բաց թողնես, ամեն օր վազ կտան Րևան յա- Դիլիջան: Դե էդենցով բա՞ն կըլի: Ես որ իմ պաշտոնին էսենց արի ու զգաստ չէի էլել, կարո՞ղ էի էսքան բարեկարգություններ անել էս վանքումը: Տեսնո՞ւմ ես, շատ բան էստեղ իմ շինած ա:

Այս ասելով վանահայրը ցույց էր տալիս հեռվից վանքի շինությունները, եկեղեցին, մատուռները, միաբանության կացարանները և համառոտ բացատրում, թե ո՞րը ե՞րբ և ինչի՞ համար է շինված: Այսպես զրուցելով նրանք սկսան բարձրանալ դեպի կղզու բլուրը, նրա լանջի վրա շինված կեռմաններով: Ճանապարհին շարունակ վանահայրը պատմում էր, թե որքան մեծ գործեր է կատարել Սևանում, թե վանքը որքա՞ն երախտապարտ է իրեն և թե նա յուր այժմյան «պայծառությունը» պարտական է յուր (վանահոր) քսանհինգամյա վանահայրության:

Այս ասելով նա մտնում և ցույց էր տալիս բլրի արևելյան կողմը գտնվող ս. Կարապետի մատուռը և հարավային կողմի ս. Առաքելոց եկեղեցին, որոնք ոչ միայն զուրկ էին «պայծառությունից», այլև մութ, անշուք, իսկ առաջինը մինչև իսկ ճաքճքած պատերով, կիսախարխուլ գմբեթով, վայր իջած գավթով: Իսկ դրանց զարդերը ոչ այլ ինչ էին, եթե ոչ փայտե անզարդ խաչկալ, չթե վարագույր, մի քանի հասարակ մոմակալներ և անարվեստ ու գռեհիկ պատկերներ, որոնք, ո՞վ գիտե, ո՞ր գեղջուկի ձեռքով մոտակա բազարներում գնված և նվիրաբերված էին «հինավուրց Սևանին» — ըստ որում նրանցից մի քանիսն ունեին, մինչև իսկ, ռուսերեն մակագրություններ:

Следующая страница