Մուրացան՝   Առօրյա զրույցներ

Страницы: Начало Предыдущая 1 2 Следующая Конец

Այսուամենայնիվ դուք առաջ չբերիք և ոչ մի փաստ, դուք միայն գովեցիք Փուլշատյանին, իսկ այդ չի կարող մեզ համոզել, — նկատեց Միսակյանը ծիծաղելով:

Ի՞նչ, ուրեմն սրանք փաստեր չէին. ուրիշ ինչ եք կամենում, — բացականչեց պ. Մաստակյանը այնպիսի մի տոնով, որ տանտիրուհին վախեցած թողեց յուր սուրճը և վազելով ամուսնու մոտ՝ խնդրեց նրան չափավորել յուր հուզմունքը:

Տիկնոջ միջնորդությունը անհետևանք պիտի մնար, եթե հյուրերից մինը, որ այդ րոպեին պատշգամբի մի կողմը քաշված սև սուրճի փոխարեն՝ դեռևս կարմիր գինի էր վայելում և ընդնմին Հավաննայի սիգարը ծխում, օգնության չհասներ խաղաղասեր տանտիկնոջը: Դա պարոն Արտոսյանն էր, տեղական լրագրերից մինի խմբագիրը, որ սիրում էր հաճախ կարդալ խմբագրական հոդվածներ յուր մտերիմների շրջանում:

Որովհետև խնդիրը փաստերի վրա է, թույլ տվեք ինձ, պարոններ, ներկայացնել ձեզ մի իսկական փաստագիր, — մեջ մտավ պարոն խմբագիրը, սիգարը կանխավ մոխրամանի կողքին դնելով և ձեռքը դեպի ծոցը տանելով:

Փաստագի՞ր, ի՞նչ փաստագիր պիտի ներկայացնեք դուք, — հարցրեց նրան տիկինը սիրալիր ժպիտով:

Այո, փաստագիր, — կրկնեց Արտոսյանը.( սա մի տարօրինակ զուգադիպություն է, որ, անշուշտ, պիտի զարմացնե ձեզ: Այսօր առավոտ իմ աշխատակիցներից մինը հանձնեց ինձ մի ֆելիետոն, որ ամբողջապես նվիրված է պարոն Փուլշատյանին...

Պարոն Փուլշատյանի՞ն. դա շատ զարմանալի է, — բացականչեց տիկինը:

Այո, Փուլշատյանին: Բայց որովհետև այս ֆելիետոնը չէի կամենում իսկույն տպագրել, ուստի տպարան էլ չուղարկեցի: Այժմ ես կկարդամ այն ձեր առաջ և դուք կգտնեք նրա մեջ մի զորավոր փաստ, որ կապացուցանե ձեզ, թե արդարև կան աշխարհում մարդիկ, որոնց սրտի և հոգու վրա ոչ մի ազդեցություն չէ անում կնոջ հրապույրը, որքան էլ նա զորավոր լինի...

Կարդացեք, ի սեր աստծու, կարդացեք: Դա, արդարև, տարօրինակ մի զուգադիպություն է: Մենք այստեղ խոսում ենք Փուլշատյանի մասին և դուք ձեր ծոցից հանում եք նրան նվիրված ֆելիետոն: Ինչպե՞ս բացատրել այդ, — խոսեց պ. Մաստակյանը:

Հույս ունիմ, որ ինձ ձեռնածվի տեղ չեք դնիլ. ֆելիետոնը ես այսօր ստացել եմ իմ աշխատակցից, դուք կտեսնեք նրա ստորագրությունը:

Կարդացեք, կարդացեք, այստեղ անհավատալի ոչինչ չկա. զարմանալի է միայն զուգադիպությունը, — հարեց պ. Մաստակյանը:

Եվ պ. խմբագիրը հանելով ծոցից թերթիկների մի կույտ, դրավ սեղանի վրա և ապա մի-մի հատ վերցնելով նրանից սկսավ ի լուր բազմականների կարդալ հետևյալը, «Մոտ օրերս լուծված մի գաղտնիք ապացուցանում է մեզ հարյուրերորդ անգամ, թե նորատի կնոջ սիրուն աչքերի, սիրալիր ժպիտի և խարտյաշ խոպոպների մեջ թաքնված է ավելի ուժ՝ քան մեր ժամանակակից ըմբիշ Կուլա Գլդանեցու: Թերահավատողը թող կարդա այս զրույցը:

Դուք անշուշտ ճանաչում եք փաստաբան Մարուքյանին և գիտեք, որ նա քաջ օրենսգետ է, ընդնմին և հզոր ատենասան: Այդ երկու գլխավոր առավելության շնորհիվ՝ նա այսօր Թիֆլիսում առաջին տեղն է բռնում, գրեթե բոլոր փաստաբանների մեջ, նրա մասին ասում են թե՝ մինչև այսօր չէ կորցրած յուր պաշտպանած դատերից ոչ մինը, որքան էլ այդ դատը զուրկ լիներ պաշտպանության տարրական հիմքերից: Այս է պատճառը, որ ամեն դատ ունեցող դիմում է Թիֆլիսում միայն Մարուքյանին. և որքան էլ սա անխիղճ վարձ չպահանջե, այսուամենայնիվ, նրան դիմողը վճարում է հոժարակամ, հավատացած լինելով, որ Մարուքյանը պիտի ջախջախե յուր հակառակորդին, թեկուզ դատավորները պաշտպանեն նրան եռանդով:

Այսպիսի բարեմասնություններով օժտված լինելով պարոն Մարուքյանը, հարկավ ունի ոչ միայն մեծ եկամուտ, այլև նախանձելի անուն ու պատիվ: Եվ հենց այս պատճառով մեր ամենամեծ հարուստները ողջունում են նրան հարգանքով. իսկ նրանցից մեծագույնները ձեռք են պարզում մտերմաբար:

Բայց մի՞թե դուք կարող եք հավատալ, թե այդ նշանավոր փաստաբանի փառքը պիտի նսեմացնե միի՞նչ եք կարծում ո՞վմի հասարակ կին. մի թույլ արարած, և այն էլ ինչո՞վ.— սիրուն աչքերի մի անմեղ հայացքով և ավելի ևս անմեղ ժպիտով...: Բայց մենք եղելությունը պատմենք:

Մի ամիս առաջ լուր տարածվեցավ, թե փաստաբան պ. Մարուքյանը կորցրել է Վլադիկավկազի հաշտարար դատարանում 1500 ռուբլու մի դատ: Ինչպես տեսնում եք գումարը մեծ չէր և այժմյան առևտրականների հաշվով դա իսկի գումար էլ չէ, բայց խնդիրն այդ չէ: Դատը վերաբերում է մի խեղճ այրիի, որի համար այդ գումարը մահու և կյանքի արժեք պիտի ունենար: Բայց որովհետև դրա ստացումը կապ է ունեցել մի քանի փոքրիկ բարդությունների հետ, ուստի նա գործը հանձնել է Մարուքյանին, իսկ ինքը հանգիստ նստել յուր ճախարակի մոտ: Եվ սակայն երկու սիրուն աչքեր դարձրել են այրիի բախտի անիվը: Ինչպե՞ս է պատահել այդ. ոչ ոք չգիտեր: Նույնիսկ պ. Մարուքյանը երկար ժամանակ տանջվում էր այն մտածությամբ, թե ինչը արդյոք պատճառ դարձավ յուր անհաջողության: Եվ սակայն գաղտնիքը լուծվեցավ միայն երկու օր սրանից առաջ, այսինքն, երբ պ. Փուլշատյանը վերադարձավ Մոսկվայից»:

Պարոն Փուլշատյա՞նը. ինչպե՞ս, ի՞նչ ուներ նա այդ գործում, — բացականչեց հանկարծ տանուտերը և աչքերը մեծ բանալով մոտեցավ պ. խմբագրին:

Նստիր տեղդ և լսիր, — նկատեց Արտոսյանը և ձախ ձեռքով ետ հրելով անհամբեր տանտիրոջը, նորեն յուր ընթերցումը շարունակեց.

Դատարանի կոչնագիրը հանձնել էին պ. փաստաբանին մայիսի 5-ին, իսկ գործը պիտի քննվեր նույն ամսու 20-ին: Պ. Մարուքյանը կարող էր Վլադիկավկազ հասնել ամենաուշը երկու օրվա մեջ: Ուրեմն նրա տրամադրության ներքո մնում էր դարձյալ 13 օր, որոնց նա, ամենայն իրավամբ, կարող էր գործադրել Թիֆլիսում՝ եթե ոչ ի հաշիվ դատարանական պարապմանց, գեթ ի հաճույս յուր նոր բարեկամուհի Մարիա Իվանովնայի, որ մայիսյան օրերը Թիֆլիսում անցնելու համար եկած գեղեցկուհիների մեջ, գրեթե առաջինն էր:

Ո՞վ էր Մարիա Իվանովնան, ո՞րտեղացի էր, ի՞նչ «ֆանտի» տեր էրայս հարցերը, կարծեմ, չեն ուղղիլ մեզ ընթերցողները: Եվ եթե ուղղեն իսկ, չենք կարող բավականություն տալ նրանց հարցասիրության և այդ ոչ թե նրա համար, որ փոքրիկ զրույցի ծավալը չի ներիլ մեզ, այլ այն՝ որ միջոց չենք ունեցել այդ գեղեցկուհու կենսագրությանը ծանոթանալու: Արդեն հերիք է այն, որ ասացինք թե՝ նա եկել էր Թիֆլիս մայիսյան օրերը այդտեղ անցնելու համար: Այս մի երկու խոսքից խելոք մարդիկ շատ բան են հասկանում, իսկ բամբասասերը շարադրություն է հորինում: Բայց թե՝ ի՞նչ գեղեցկուհի էր Մարիա Իվանովնան, այդ կարող ենք ասել, հավատարմությամբ մեջ բերելով պ. Փուլշատյանի խոսքերը, որ հաղորդել է մեզ նրա մտերիմներից մինը:

Ես, առհասարակ, ժողովարան չեմ հաճախում, — ասել է Փուլշատյանը այդ մտերմին, — բայց երեքշաբթի օրը ցանկացա ներկա լինել տեղի ունեցող ընտանեկան երեկույթին: Հետաքրքրական ոչինչ չգտա այդտեղ. նույն փորերն ու գլուխները, նույն հաստ ու բարակ կեկելները: Թողեցի և դուրս եկա: Բայց հազիվ սանդուղքներին հասա և ահա տեսա պ. Մարուքյանին, որ ներս էր մտնում մի անծանոթ գեղեցկուհու հետ: Բայց ինչ գեղեցկուհի, ասես երկնքից իջած: Բարձր հասակ, նազիկ իրան, հարուստ կուրծք, մարմարե դեմք, կրակոտ աչքեր, ինչ երկարացնեմ, մինն այն գեղեցկուհիներից, որոնց բերանի վրա ծաղկում է վարդ, երբ ժպտում են և աչքերում վառվում է կրակ, երբ նայում են քեզ: Իսկույն շուռ եկա, որովհետև որոշեցի ծանոթանալ այդ կնոջ հետ: Եվ պետք է ծանոթանայի հենց այդ երեկո. հետաձգելն անկարելի էր: Երբ բախտավոր Մարուքյանը ներս մտավ դահլիճ, բոլորի աչքերն ուղղվեցան գեղեցկուհու վրա: Բյուրեղյա ջահերի պայծառ լույսը կրկնապատկել էր նրա գեղեցկությունը: Իմ կյանքում ոչ ոքի չեմ նախանձել, որովհետև ոչ մի բանում պակասություն չեմ զգացել, բայց այդ վայրկյանին նախանձեցի Մարուքյանին. և կարծեմ ես միակը չէի, ինձ հետ միասին շատերը նախանձեցին:

Երկար ժամանակ փաստաբանը ճեմում էր դահլիճում յուր գեղեցկուհու հետ և զվարճանում այդ հարստությամբ. Մանավանդ, երբ տեսնում էր, որ երիտասարդները անժույժ հայացքներ էին ուղղում նրան: Այդ իսկ պատճառով նա յուր աչքերը փախցնում էր ծանոթ դեմքերի ողջույնը չընդունելու համար, որպեսզի այդ առիթ չտար հանդուգն երիտասարդներից մինին՝ մոտենալ իրան և զոռով ծանոթանալ յուր գեղեցկուհու հետ: Իսկ երբ ուրիշները ծանոթանում են քո սեփական գեղեցկուհու հետ, հայտնի է թե այնուհետև ինչ է պատահում: Ես ևս, ինչ մեղքս թաքցնեմ, հարմար վայրկյան էի որոնում նրան մոտենալու համար, և ահա բախտը ինձ հաջողեց: Գեղեցկուհին մտավ կանանց զգեստարանը, երևի ճակատի խոպոպները ուղղելու կամ զգեստը հարդարելու համար: Եվ ահա այդ ժամանակ առաջինը ես մոտեցա պ. Մարուքյանին...

Բարեկամ, ի՞նչ դիցուհի է այս, ո՞րտեղից եք հրապուրել, — հարցրի ես կատակով:

Զգույշ եղեք այս տիկնոջ վերաբերմամբ, խնդրում եմ. նա նշանավոր ընտանիքից է և եկել է Կովկաս ճանապարհորդելու, — պատասխանեց Մարուքյանը լրջությամբ:

Շատ ուրախ եմ, բայց դուք պիտի ծանոթացնեք ինձ նրա հետ, — հարցեցի ես անկեղծորեն:

Անկարելի է, Պյոտր Ալեքսեիչ, նա չէ կամենում ծանոթանալ որևէ մի մարդու հետ:

Այդ ֆոկուսները թողեք և ծանոթացրեք ինձ, — – կրկնեցի ես հաստատ ձայնով:

Հավատացեք որ չեմ կարող, նա ինձ խնդրել է չընդունել այդպիսի առաջարկություն, — պնդեց փաստաբանը:

Առաջին անգամ էի հանդիպում իմ կյանքում այսօրինակ մերժման, — ասել է Փուլշատյանը յուր մտերմին. — և այդ մերժումը այն աստիճան գրգռեց ինձ, որ ես թողեցի ժողովարանի դահլիճը և դուրս եկա:

Այս միջանկյալ պատմությունը անելուց հետո, ես կդառնամ այժմ իմ զրույցի շարունակության:

Պ. Մարուքյանը Մարիա Իվանովնայի երանական ընկերակցությունը տասներկու օր շարունակ վայելելուց հետ, հանկարծ հիշում է յուր պարտքըոր էր՝ շտապել Վլադիկավկազ և նշանակած օրը ներկա լինել դատարանում: Եվ ահա նա կառքը նստելով շտապում է փոստային կայարանը ճեպընթացի տոմսակ վերցնելու: Բայց որքան մեծ է լինում նրա զարմանքն ու երկյուղը, երբ իմանում է, որ բոլոր տոմսակներն սպառված են. ուրեմն և նա հետևյալ ավուր ճեպընթացով Վլադիկավկազ ճանապարհվել չի կարող:

Այդ անկարելի է. ես անհրաժեշտ գործ ունիմ, ամսույս 20-ին դատ պիտի պաշտպանեմ, եթե չներկայանամ դատը կկորցնեմ. — հուզված խոսում էր պ. փաստաբանը:

Բայց տոմսակ վաճառողն, որ մի չորացած ծերուկ էր, անտարբերությամբ էր լսում նրան: Նա մինչև անգամ գլուխը չբարձրացրեց փաստաբանին նայելու համար: Այլ միայն կամացուկ հետևյալը նկատեց.

Եթե գործ ունեիք, տոմսակի համար պիտի հոգայիք մի քանի օր առաջ, որովհետև գիտեք որ երթևեկությունը մեծ է լինում այս օրերում, բայց որ չեք արել, իհարկե, կվնասվեք, իսկ այդ բանում հանցավոր չենք մենք:

Լավ, մի խրատիր ինձ, այդ արդեն գիտեմ առանց քո ասելուն: Դու այժմ այն ասա թե՝ ինչպես անեմ որ նշանակած օրը Վլադիկավկազ հասնեմ:

Կարող եք սայլակ վերցնել:

Չեմ կարող, նա զսպանակ չունի, իսկ զսպանակ չունեցող կառքը վնասում է հիվանդության:

Ուրե՞մն...

Ուրեմն ի՞նչ:

Ոչինչ... ուզում էի ասել թե՝ ուրեմն մեր սայլակը կմնա մեզ:

Բայց ախր կատակի ժամանակ չէ:

Գիտեմ:

Այդ ձևով չեն խոսիլ, մարդ աստծու, մի խորհուրդ տվեք ինձ, գոնե:

Երկտեղանի կառքով վաղը գնում է Վլադիկավկազ պարոն Փուլշատյանը: Նա միայնակ է: Եթե կարողանաք շնորհ գտնել նրա առաջ…:

Իրավ պ. Փուլշատյանը գնում է, և այն էլ միայնակ, — շուտով ընդհատեց ծերուկին փաստաբանը:

Այո. բայց միթե դուք հույս ունիք արժանանալ Փուլշատյանի ընկերակցության, — այս անգամ գլուխը բարձրացնելով հարցրեց ծերուկը:

Բայց պարոն փաստաբանը արդեն վազել էր դեպի յուր կառքը:

Գըռ...ըռռ... տասն րոպեից ետ, ահագին դղրդյունով, կանգ առավ Մարուքյանի կառքը պ. Փուլշատյանի տան առաջ:

Պյոտր Ալեքսեիչ, ինձ պիտի փրկեք, ապա թե ոչ կխայտառակվեմ. մեծ հույսով եմ դիմել ձեզ, աղաչում եմ չմերժել խնդիրսԱյս խոսքերով դիմեց իրավաբանը պ. Փուլշատյանին և նրա ձեռքը մտերմաբար սեղմելով՝ նստեց առաջարկված աթոռի վրա:

Ինչո՞վ կարող եմ պիտանի լինել ձեզ, — հարցրեց Փուլշատյանը սիրալիր կերպով:

Ահա թե ինչով... — Եվ պարոն փաստաբանը արտասանեց մի փոքրիկ ճառ, որով լիուլի ծանոթացրեց Փուլշատյանին յուր արդի դրության և ապագայում գալիք հավանական անհաջողության հետ և ի վերջո, խնդրեց նրան՝ թույլ տալ իրան օգտվել յուր կառքի պարապ տեղից:

Օ՛, ամենայն ուրախությամբ. շնորհ արեք միայն ընկերակցել ինձ. դրանով դուք շատ մեծ հաճույք կպատճառեք ինձ... — պատասխանեց Պյոտր Ալեքսեիչը և սիգարի տուփը մեկնեց դեպի փաստաբանը:

Գործը վերջացած էր: Մնում էր միայն որոշել ժամը՝ թե երբ պիտի գնան կայարան:

Վաղը, ժամը 2-ին ես այնտեղ կմտնեմ իմ պատվերը կրկնելու, որպեսզի չմոռանան ձիեր պահել մեզ համար, այդպիսի զանցառություններ անում են նրանք, — խոսել սկսավ պ. Փուլշատյանը. — իսկ 5-ին նորից կգամ՝ ճանապարհվելու համար: Ճիշտ այդ ժամին էլ հաճեցեք դուք գտնվել կայարանում, որպեսզի չուշանանք:

Ես կգամ քառորդ ժամ առաջ, — պատասխանեց Մարուքյանը և սրտագին շնորհակալություններ անելով Պյոտր Ալեքսեիչին, դուրս եկավ նրա մոտից:

«Ահա թե ինչ դեպքի համար են ասել՝ «Нет худа без добра» մտածեց ինքն իրան պ. փաստաբանը և շնորհակալ լինելով յուր բախտից՝ քայլերն ուղղեց դեպի յուր գեղեցկուհու Մարիա Իվանովնայի բնակարանը:

Նա այդտեղ պատմեց սիրուհուն թե՝ ի՞նչ վտանգ էր սպառնում իրեն ժամ առաջ, և թե ինչ եղանակով ինքն այդ վտանգի առաջն առավ: Միևնույն ժամանակ նա պարծեցավ, որ պ. Փուլշատյանը, այդ նշանավոր հարուստը, մեծ պատիվ համարեց իրեն՝ ուղեկից ունենալ պ. փաստաբանին, — նա ծանոթ է իմ ուժի հետ և գիտե թե՝ ի՞նչ բանում կարող եմ փրկության հրեշտակ լինել յուր համար... — ավելացրեց Մարուքյանը:

Բայց մի՞թե դու այդքան մտերիմ ես այդ մեծատան հետ, — հետաքրքրությամբ հարցրեց Մարիա Իվանովնան:

Ինչպե՞ս չէ. մենք մինչև անգամ եզակի ենք խոսում իրար հետ, — պատասխանեց փաստաբանը պարծենալով. և, ընդնմին, պատմեց սիրուհուն մի քանի սուտ ու ղորթ պատմություններ, որոնք վերաբերում էին յուր և Փուլշատյանի մտերմական հարաբերությանը: Առիթ առնելով այդ նյութը՝ նա պատմեց նաև այն թե՝ ինչպես այդ կրեսոսը խնդրում, աղաչում էր ժողովարանում ծանոթացնել իրան Մարիա Իվանովնայի հետ, և թե ինչպես ինքը, փաստաբանը, բացեիբաց մերժել էր նրան այդ շնորհը:

Ինչպե՛ս, նա խնդրել է քեզ ծանոթացնել ինձ յուր հետ և դու մերժե՞լ ես նրան... մի՞թե կարելի էր այդպես խիստ վարվել, — հարցրեց գեղեցկուհին:

Ուրիշ կերպ չէի կարող վարվել. նրա հարստությունը իրավունքների սահման չի ճանաչում:

Ներիր, բարեկամ. այդտեղ արդեն ինձ էր մնում թույլ տալ նրան անցնել յուր իրավունքի սահմանը կամ ոչ. քո հովանավորությունն այդ դեպքում կարծեմ ավելորդ էր:

Այս է եղածն, ինչ որ պատմեցի, եթե հանցավոր եմ, ներիր:

Հանցավոր... ոչ: Բայց դու ասա ինձ. նա, ուրեմն, խնդրում էր, որ դու ծանոթացնեիր ինձ նրա հետ:

Ոչ թե խնդրում, այլ աղաչում էր:

Օ՛, ուրեմն քո վարմունքը մինչև անգամ անքաղաքավար է եղել, դու գոնե, այդ դեպքում իմ կամքը պիտի հարցնեիր:

Բայց ինչու հարցնեմ, միթե ես չգիտե՞մ որ կանայք սիրով են նոր ծանոթներ որոնում:

Սակայն դու պիտի իմանաս, որ ինձ համար նշանակություն չունի … (նա կամենում էր ասել՝ «քո դրած արգելքը, երբ ցանկանամ կծանոթանամ նրա հետ, բայց զգուշանալով լռեց):

Ի՞նչ էիր ուզում ասել, — հարցրեց փաստաբանը հետաքրքրությամբ:

Ոչինչ. ուզում էի ասել թե՝ ինձ համար նշանակություն չունի հարուստների բարեկամությունը, ես ազնիվ սիրտ, քնքուշ զգացմունք և կիրթ ճաշակ եմ որոնում, և այդ ամենը գտել եմ արդեն քո մեջ:

Պարոն փաստաբանը քիչ մնաց որ հիացմունքից հալվեր: Նա բռնեց գեղեցկուհու գողտրիկ ու սպիտակ ձեռքը և ջերմագին համբույրներով ծածկեց նրան:

Վաղը վերջին անգամ ես կգամ քեզ հետ ճաշելու և այստեղից էլ կճանապարհվեմ, — ասաց նա Մարիա Իվանովնային խիստ զգացված տոնով:

Օ՛, եթե իմանայիր, թե որքա՜ն դժբախտ եմ... — բացականչեց հանկարծ գեղեցկուհին:

Ինչո՞ւ, սիրելիս, — վախեցած հարցրեց փաստաբանը:

Վաղը ես չեմ կարող քեզ ինձ սեղանակից անելու քաղցրությունը վայելել...:

Ինչո՞ւ:

Մինչև անգամ չեմ կարող քեզ ընդունել:

Բայց պատճա՞ռը... — զարմացած հարցրեց փաստաբանը:

Պատճառը... ա՛խ, մի հարցնիր այդ:

Անկարելի է, հետաքրքրությունից կմեռնեմ:

Օ՛ հ, ինչպես խիստն ես...

Շուտ, աղաչում եմ:

Վաղը իմ սովորական հիվանդության օրն էիսկ այդ ժամանակ ես ոչ միայն պառկած, այլև սաստիկ գրգռված եմ լինում... չափազանց գրգռված, ոչ ոքի տեսնել կամ հետը խոսել չեմ կարող... ի՞նչ արած, սիրելիս, ջղային կանանց հետ այդ բանը պատահում է միշտ...

Ուրեմն ես վաղը քեզ չի պիտի տեսնեմ:

Ոչ, բայց մի բարկանար, աղաչում եմ:

Այդ անկարելի է:

Ընդունիր թե այսօր ես ճանապարհվել, աստուծով 34 օրից դարձյալ կտեսնվինք:

Շատ աշխատեց պ. փաստաբանը այս տարօրինակ արգելքը բառնալու, բայց հնար չեղավ, գեղեցկուհին մնաց անդրդվելի: Նա, մինչև անգամ, դժգոհության նշաններ ցույց տվավ՝ տեսնելով որ սիրահարը շատ է ձանձրացնում իրան:

Պ. Մարուքյանը ստիպված էր խոնարհվել անողոք ճակատագրի առաջ և յուր ջերմագին «մնաք բարևների» ու գրկախառնության հանդեսը կատարել այդ երեկոյան: Հետևյալ օրը, յուր միայնության ձանձրույթը փարատելու նպատակով նա խոհարարին պատվիրեց պատրաստել հարուստ ճաշ և հրավիրելով յուր մոտ մի քանի մտերիմներ, քեֆ արավ նրանց հետ փառավորապես, և Մարիա Իվանովնայի կենացը խմեց շամպանիայով: Ժամի 4-ին մոտ նա գրեց գեղեցկուհուն, նաև, մի նամակ, որի մեջ բանաստեղծական լեզվով, բայց փաստաբանական տրամաբանությամբ նկարագրում էր յուր տանջանքը՝ անգութ սիրուհուց այդ կերպ բաժանվելուն համար:

Ժամը 4-ին Մարուքյանի իրեղենները կապված, վերջացած էին: Նա վառեց յուր սիգարը և մտերիմ սեղանակիցների հետ միասին կառք նստելով՝ սլացավ փոստի կայարանը, Փուլշատյանը դեռ չէր եկել, նույնիսկ նրա կառքը չէր երևում բակում. — «Մենք շտապեցինք, Պյոտր Ալեքսեիչը ինձ խնդրել էր գալ ճիշտ ժամը 5-ին. դարձավ փաստաբանը ընկերներին, պետք չէր մեղանչել նրա ժամադրության դեմ»:

Այո, նա ճշտապահ մարդ է... բայց հոգ չէ. Մենք կսպասենք մի քառորդ ժամ, — պատասխանեց ընկերներից մեկը:

Սակայն նրանք սպասեցին կես ժամ, մի ժամ. արդեն վեցի քառորդն էր և պ. Փուլշատյանը դեռ չկար: Փաստաբանը սկսավ անհանգստանալ:

Ինչո՞ւ պ. Փուլշատյանի կառքը չեք լծում, — դարձավ նա, վերջապես, կայարանի սպասավորներից մինին:

Փուլշատյանի կա՞ռքը... բայց ձեր ինչի՞ն է հարկավոր նրա կառքը:

Երևի հարկավոր է, որ հարցնում եմ, բարկացավ փաստաբանը:

Մենք վաղուց ենք լծել նրա կառքը, — պատասխանեց սպասավորը գլուխը քորելով:

Հապա ո՞ւր է:

Նստեց մեջը և գնաց:

Ինչպե՞ս թե գնաց, — զարմացած բացականչեց փաստաբանը:

(Գնաց, էլի:

Ո՞վ գնաց, տո՛:

Պ. Փուլշատյանը:

Ե՞րբ, ո՞ր ժամին:

Ժամը 2-ին:

Անկարելի է. երևի գնացողը ուրիշ է եղել:

Պ. Փուլշատյանին քնած տեղս կճանաչեմ, նա ինքն էր գնացողը և ինձ էլ մի ռուբլի նվիրեց, որովհետև կառքը լծեցի տասն րոպեի մեջ:

Պ. փաստաբանը մնաց ապշած և նայում էր ընկերների վրա անմիտ հայացքով:

Այստեղ, անշուշտ, մի թյուրիմացություն կա. Փուլշատյանը չէր կարող ձեզ խաբել, գնա ստուգիր, — առաջարկեց ընկերներից մինը:

Մարուքյանը, որ այդ րոպեին ինչ անելիքը չէր իմանում, համաձայնվեցավ և կառքը նստելով սլացավ դեպի Փուլշատյանի տունը: Բայց ավաղ: Այստեղ էլ նա իմացավ նույնը, ինչ որ լսել էր կայարանի ծառայից, Պյոտր Ալեքսեիչը, արդարև, դուրս էր եկել Թիֆլիսից ճիշտ ժամը 2-ին:

Ի՞նչ հանելուկ է այս ինչու այդ մարդը այդպես անխղճաբար խաբեց ինձ. ի՜նչ շահ ուներ նա այդ բանում, չէ որ ազնիվ խոսք տվավ, ժամանակ նշանակեցՄիգուցե նա կամեցավ վրեժխնդիր լինել ինձ ուբայց այդ անկարելի է, մի հասարակ ծանոթության պատճառով վրեժխնդիր լինել այսօրինականկարելի է, չեմ հավատում…, այսպիսի մտքերով տանջում էր իրան Մարուքյանը և, միևնույն ժամանակ, կառքը քշել տալիս:

Դառնալով կայարան՝ նա հայտնեց ընկերներին որ, արդարև, «ազնիվ խոսքի» տեր Փուլշատյանը խաբել է իրան անարգաբար: Ուստի չգտնելով այլևս եղածն ուղղելու մի միջոց, պատվիրեց իսկույն լծել յուր համար փոստային սայլակ, թեկուզ դրանով նա վնասեր յուր առողջության: Կայարանի վերակացուն հայտնեց որ սայլակը չի կարող նշանակած ժամին տեղ հասցնել իրան, որովհետև մեծ երթևեկության պատճառով ամեն կայարանում սպասեցնում են ճանապարհորդներին: Բայց փաստաբանը լսել անգամ չէր կամենում. նա պիտի հասներ Վլադիկավկազ նշանակած ժամին. հակառակ դեպքում դատը կկորցներ և դրա հետ միասին էլ այրիի փողերը:

Երբ սայլակը բերին, նա շտապ-շտապ թռավ նրա վրա և հրամայեց կառապանին թռչել քամու պես:

Մեր ընթերցողներն արդեն գուշակում են, որ Մարուքյանը հասավ Վլադիկավկազ մայիսի 20-ին, երեկոյան 4 ժամից 30 րոպե անց, այսինքն, այնպիսի մի ժամանակ, երբ հաշտարար դատավորը յուր գործը վերջացրած՝ հանգիստ ճաշում էր յուր տանը: Պարզ է, որ նա դատարանում չտեսնելով բողոքարկուին, մերժել էր նրա խնդիրը և գործը դադարեցրել:

Մարուքյանը սրտի նեղությունից ուզում էր տրաքվել, և եթե այդ րոպեին նրա ձեռքը տային Փուլշատյանին, նա կպատառոտեր նրան:

Թեպետ հետևյալ օրը նա դիմեց պ. դատավորին և յուր հետ պատահած ձախորդությունը պատմելով՝ աշխատեց համոզել նրան մի կերպ ուղղել գործը, սակայն դատավորը ոչ միայն մերժեց նրա խնդիրը, այլև ծիծաղեց փաստաբանի վրա՝ նկատելով որ նա ինքը լինելով օրենսգետ՝ այդպիսի անհեթեթ բան էր առաջարկում իրան: Մարուքյանը, իհարկե, գիտեր յուր առաջարկության ապօրինի լինելը, բայց «խեղդվողը ձեռքը պարզում է ցողունին»:

Ինչևէ, Վլադիկավկազում մնալու էլ գործ չէր մնում: Պ. փաստաբանը վերադարձավ Թիֆլիս, որ, գոնե Մարիա Իվանովնայի սիրահամբույր ընկերակցության մեջ մոռանա յուր սրտնեղությունը: Բայց որքա՞ն մեծ եղավ նրա զարմանքը, երբ բնակարանի տիրուհին հայտնեց թե՝ «տիկինը հեռացել է Թիֆլիսից մի քանի օր առաջ»:

Ինչպես, ո՞ւր է հեռացել, — զարմացած ու շվարած հարցրեց Մարուքյանը:

Չգիտեմ, պարոն, մեզ չհայտնեց գնալու տեղը: Մինչև անգամ այստեղ բերել են նրա հասցեին ուղղած մի նամակ, որ չգիտեմ թե ինչպես պիտի հասցնեմ նրան, — ասաց տանտիրուհին:

Ի՞նչ նամակ է, չէիք հաճիլ ցույց տալ ինձ:

Ինչո՞ւ չէ. միայն թե չբանաք:

Այս ասելով տանտիրուհին ներս մտավ տուն և նամակը բերելով հանձնեք փաստաբանին:

Վերջինս ծրարը տեսնելուն պես մի խոր հառաչ արձակեց: Դա յուր այն նամակն էր, որ Թիֆլիսից դուրս գալու օրը գրել էր գեղեցկուհուն. յուր սիրազեղուն զգացմունքները նրան արտահայտելու համար:

Մարուքյանը վերադարձավ տուն և այդ օրից սկսած գրեթե ամբողջ ամիս տանջվող անհամբերությամբ սպասում էր պ. Փուլշատյանին: Նա հույս ուներ ոչ միայն ստանալ նրանից յուր կորցրած դրամի վնասը, այլև տեղեկություններ առնել յուր սիրուհու մասին, որի փախուստը, ինչպես գուշակում էր ինքը, սերտ կապ ուներ Փուլշատյանի խոստմնազանցության հետ:

Եվ Փուլշատյանը եկավ:

Պյոտր Ալեքսեիչ, այս ինչ խաղ խաղացիք ինձ հետ, — ներս ընկնելով բացականչեց պ. Մարուքյանը, երբ ընդունարանի դուռը բացվեցավ նրա առաջ:

Փուլշատյանը սկսավ ծիծաղել և ծիծաղում էր երկար, հիստերիկական ծիծաղով:

Ես ձեզանից բացատրություն ու բավարարություն եմ պահանջում, — գոչեց փաստաբանը:

Նստիր, բարեկամ, նստիր, բարկությունը վնաս է մարդու առողջության, — խոսեց Պյոտր Ալեքսեիչը եզակի և շարունակ ծիծաղելով. — աշխարհում ամեն ինչ պատահում է. չպետք է զարմանալ:

Բայց այս պատահար չէ, սա չարագործություն է. դուք մի խեղճ այրիի վերջին հույսը կործանեցիք...

Կամաց, սիրելիս, կամաց, ընտանիքս տանն է, զգույշ պետք է լինել մի փոքր:

Բայց ախր...

Ահա քեզ քո վնասը, այդտեղ ուղիղ 1500 ռուբլի է: Այս ասելով պ. Փուլշատյանը դրավ փաստաբանի առաջ մի կապ ծիածանագույն թղթադրամ:

Այս ի՞նչ է, — աչքերը մեծ բանալով հարցրեց Մարուքյանը:

Դա ոչինչ: Ես քեզ ճանապարհից զրկեցի և ահա քավում եմ իմ մեղքը: Փաստաբանի զայրույթն իջավ, ծիածանագույն հարյուրանոցները հանգստացնող ներգործություն ունեցան, հուզված հոգին խաղաղեց: Նա մինչև անգամ ժպտաց:

Այո՛, ես հանցանք գործեցի, խոստովանում եմ, — կրկնեց Փուլշատյանը:

Բայց ինչպե՞ս պատահեց այդ. ո՞վ ստիպեց ձեզ դրժել ձեր խոստման, — հարցրեց պ. փաստաբանը, բայց այս անգամ ավելի մեղմ ձայնով:

Մի հրաշալի գեղեցկուհի:

Ինչպե՞ս...

Եթե հիշում եք, ես ձեզ խոստացա ժամը 2-ին գնալ կայարան և պատվիրել որ ձիաներ պահեն մեզ համար:

Հիշում եմ:

Արդ, ճիշտ ժ. 2-ին ես այնտեղ էի: Ինչ պատվեր հարկավոր էր տվի: Հենց այն է ուզում էի վերադառնալ, տեսնեմ կայարանի բակը մտավ մի գեղանի օրիորդ, սիրուն հագնված և ձեռքը փոքրիկ ճամպրուկ:

Բարձրահասա՞կ էր նա, — ընդհատեց հանկարծ փաստաբանը:

Թույլ տուր, որ շարունակեմ:

Գոնե ասացեք, գանգրահե՞ր էր, թե ոչ:

Դու ինձ խանգարում ես:

Եվ ոչ էլ ուրեմն խաժակն:

Ես կլռեմ, եթե կամենում ես:

Լավ, լավ, շարունակեցեք. էլ չեմ ընդհատում:

Հա՛, ներս մտավ այդ գեղանի օրիորդը, կամ տիկինը, չգիտեմ և յուր հրաշալի աչքերը այս ու այն կողմը հածելով, վերջապես մոտեցավ ինձ:

Թույլ տվեք, պարոն, հարցնել ձեզ, արդյոք Վլադիկավկազ գնացող ուղեկցի տեղ չգիտե՞ք, — հարցրեց նա խիստ քնքշաբար:

Դուք միայնա՞կ եք, — հարցրի ես:

Այո, բոլորովին միայնակ, — պատասխանեց նա և սկսավ նայել վրաս այնպիսի սիրուն աչքերով, այնպիսի գողտրիկ ժպիտով, որ սիրտս սկսավ հալվել, ինչ մեղքս թաքցնեմ, այդ րոպեին, ասես թե աշխարհը շուռ եկավ ինձ համարմոռացա և քեզ և քո դատն ու դատաստանը և տված խոսքս: Դու հո չե՞ս մեղադրում ինձ այսպես անկեղծորեն խոսելուս համար

Ոչ, ոչ, շարունակեցեք:

Ես ինքս ուղևոր եմ, — ասացի, — առանձին կառք ունիմ և կարող եմ ձեզ վերցնել ինձ հետ:

Ահ, ինչքա՛ն բարի եք, պարոն, — բացականչեց գեղեցկուհին և փափուկ, սպիտակ ձեռքը, որ, չգիտեմ ինչու, ազատ էր ձեռնոցից, պարզեց ինձ շնորհակալ լինելու համար: Ես սեղմեցի այդ հրաշալի ձեռքը և, ասես թե, Մահմեդի դրախտը մտա:

Հետո՞, հետո՞, — անհանգստությամբ հարցրեց փաստաբանը:

Հետո նա հարցրեց ինձ թե՝ արդյոք չեմ կարող իսկույն ևեթ ճանապարհվել, որովհետև ինքը իբր թե, շտապում էր: — Ինչու չէ, թեկուզ այս րոպեին, պատասխանեցի ես, և հրամայեցի կառքը լծել: Մի քառորդ ժամից մենք արդեն սլանում էինք Վերայի կամուրջով:

Բայց ո՞վ էր այդ գեղեցկուհին, — ասացեք վերջապես:

Այդ գեղեցկուհի՞ն:

Այո:

Ես խոսք եմ տվել չարտասանել նրա անունը ոչ մի մարդու առաջ: Այսքանը միայն կասեմ, որ նա նշանավոր ընտանիքից է և եկած է եղել Կովկաս ճանապարհորդելու համար:

Ա՛, դուք իմ խոսքերն եք կրկնում, ուրեմն ձեզ ուղեկցել է Մարիա Իվանովնան:

Որ չէր կամենում Թիֆլիսի ժողովարանում ծանոթանալ ոչ ոքի հետ:

Ձեր ծաղրը թունավոր է, Պյոտր Ալեքսեիչ:

Եվ խնդրում էր, որ դուք չընդունեք ոչ ոքից ծանոթանալու առաջարկություն:

Բավական է, խնդրում եմ:

Ես վերջացրի:

Փաստաբանը մնաց լուռ: Երբ շվարման վայրկյաններն անցան, հարցրեց.

Այդ բանն, ուրեմն, դուք սարքել էիք ինձ վրեժխնդիր լինելու համար:

Բնավ: Երդվում եմ իմ գլխով: Ես այդ կնոջ մասին չեմ մտածել երբեք: Ընդհակառակը, դուք ինքներդ եք պատճառ դարձել այդ կոմեդիային:

Ինչպե՞ս:

Այնպես: Գնալով նրա մոտ դուք մանրամասն պատմել եք մեր ժամադրության պայմանները, այսինքն թե՝ ժ. 2-ին ես պիտի լինեմ կայարանում, թե 5-ին անշուշտ պիտի ճանապարհվենք, թե ես ցանկացել եմ ծանոթանալ նրա հետ, իսկ դու արգելք ես եղել և այլն և այլն: Եվ ահա քո գեղեցկուհին, իբրև փորձառու կին՝ օգտվել է քո խոստովանությունից, և որոշել՝ վրեժխնդիր լինել քեզ և անձամբ ծանոթանալ ինձ հետ: Եվ արդարև, մի ամիս շարունակ նա երանական հաճույք պատճառեց ինձ թե ճանապարհորդությանս միջոցին և թե Մոսկվայում: Իսկ երբ բաժանվում էինք, նա հանձնարարեց ինձ ասել ձեզ՝ Rira bien, qui rira le dernier13:

Փաստաբանը մի քանի վայրկյան մնաց լուռ, և ապա ձեռքը ճակատին զարկելով՝ շշնջաց.

Հիմա՛ր, հիմա՛ր...»:

Երբ պ. խմբագիրը զրույցի ընթերցումն ավարտելով թերթերը ծալեց և ծոցը դրավ, Միսակյանը հարցրեց յուր հյուրընկալին.

Հա՛, ի՞նչ կարծիք ունիք այժմ Փուլշատյանի մասին, կինը կարո՞ղ է խելքից հանել նրան, թե ոչ:

Եթե ճիշտ է այն բոլորը, ինչ որ կարդաց պ. խմբագիրը, ապա ուրեմն կանայք կախարդներ են. — պատասխանեց Մաստակյանը հաղթված ձայնով:

Կանա՞յք, ուրեմն ես էլ նրանց հետ, — ճչաց տանտիկինը և հուզվելով և ժպտալով:

Չէ, սիրելիս, դու գեղեցիկ չես, — պպտասխանեց ամուսինը հանգստությամբ:

Տիկինը թեպետ մի փոքր շառագունեց, բայց դրանով հյուրերի ուրախ տրամադրությունը չխանգարվեցավ:

Страницы: Начало Предыдущая 1 2 Следующая Конец