Մուրացան՝   Չհաս է

Վերջապես մարդու մեջ կա մի որոշ չափով փառասիրություն, որ ցանկանում է ապրել և իբրև ընկերական, իբրև հասարակական մարդ, գործել հասկացող մարդկերանց շրջանում, հարգել ընկերներին և հարգվիլ նրանցից: Միթե կրթությունը և զարգացումը, հենց նույնիսկ գիմնազիոնական, նրա համար ենք ստանում, որ խավարի և տգիտության սահմաններում նրանց ավելորդ լինելը ողբանք. ոչ, ես ընդդեմ եմ ձեր պաշտպանած մասնագիտություններին: Բժշկություն. ահա և օգտավետ, և պատվավոր մասնագիտություն: Այդ գործով պարապող մարդը, եթե միայն խղճմտանքով է պարապում, և հարստություն է ձեռք բերում, և անուն, և պատիվ: Մեքենայագետի չափ նա անկախ և ինքնիշխան է, գյուղատնտեսի չափ՝ ապահովված առողջության կողմից, և երկուսի չափ էլ ազատ զրպարտություններից, անվանարկությունից և կաշառելու ու կաշառվելու երկյուղից: Եկամուտի մասին էլ խոսել ավելորդ է: Ոչ հարկավոր է նրան երկաթուղու վարչության, կամ գործարանատիրոջ բարեհաճությունը հայցել պաշտոն ստանալու համար և ոչ դրամագլուխ դնել այգիներ ու ոչխարներ գնելու համար, որոնց շատ անգամ ոչնչացնում են կարկուտն ու ժանտախտը:

Բժշկին ամեն տեղ էլ կարիք ունին. հիվանդությունները նրանց գործակատարներն են, որոնք մարդկերանց հետ կատակ չեն անում. իսկ հիվանդ մարդը խնայելու վերա երբեք չէ մտածում, և ահա բժիշկը հայտնվում է ընտանիքի մեջ իբրև բարերար, նա գործում է, նա բժշկում է հիվանդին, ստանում է յուր վարձատրությունը, և դեռ յուր ետևից էլ թողնում է յուր կյանքը օրհնող երախտագետների մի ամբողջ բանակ...

Երկու խոսք: Պ. սեղանապետ, — ձայն տվավ Եզովպոսը, — ներիր իմ մեղքերին, և ի սեր այս խելոք ճառախոսին, իրավունք տուր ինձ երկու խոսք ասելու:

Ուսանողները, որոնց զվարճացնում էր մինչև անգամ, Եզովպոսի միմիկան, իրենց կողմից էլ խնդրեցին սեղանապետին, որ այդ իրավունքը չմերժե նրան:

Խոսիր, անպիտան, բայց զգույշ կաց, հիմար բաներ լխոսաս, — հրամայեց սեղանապետը:

Ես առաջ, մոռացա ասել ձեզ, պարոններ, որ ես բժշկությունն էլ եմ պաշտպանում, և հենց այս րոպեին, երբ պ. Մեհերյանը սկսեց խոսել, իմ գլխում մի քանի նոր մտքեր ծնվեցան: Արդարև բժշկությունը ամենից շահավոր պարապմունքն է: Դուք խո գիտեք, որ Եվրոպայում ամենալավ բժիշկները, յուրաքանչյուր այցելության համար 3 կամ 4 ֆրանկ են ստանում, նույնիսկ Ռուսիայում ամենալավ բժիշկը մեկ ռուբլուց ավելի չէ պահանջում յուր հիվանդից, բայց մեզ մոտ 3 կամ 5 ռուբլին ամենասովորական վարձատրությունն է: Հաշվեցեք, որ պ. բժիշկը օրվա մեջ ընդունում է յուր մոտ 10 աղքատ և 5 հարուստ հիվանդներ, որոնցից ստանում է տասը անգամ 1 ռուբլի և հինգ անգամ 3 ռուբլի, գումարը 25 ռուբլի: Հետո միևնույն բժիշկը միևնույն օրը այցելում է 5 աղքատ և 6 հարուստ հիվանդների, որոնցից ստանում է հինգ 3-ական և վեց 5-ական ռուբլի, գումարը 45 ռուբլի, ուրեմն մի օրվա մեջ պ. բժիշկը վարձատրություն է ստանում 70 ռուբլի. իսկ մի տարվա մեջ 365 անգամ 70, որ լինում է... որքա՛ն հապա հաշվեցեք:

25 550 ռուբլի, — ձայն տվավ մի ուսանող, որ մաթեմատիկայի մեջ ամենաառաջադեմն էր:

Հա՛, 25 550 ռուբլի, — շարունակեց Եզովպոսը, բայց ընդունենք, թե 5550 ռուբլու չափով հիվանդներ պակաս են եղել, ուրեմն պ. Բժիշկը, եթե կարողացել է հայտնի դառնալ, կարող է մի տարվա մեջ 20 000 ռուբլի եկամուտ ունենալ, որպիսի գումարը պ. մեքենայագետը յուր բոլոր կյանքում չի կարող խնայել և գյուղատնտեսը մինչև անգամ մյուս կյանքում... (Ծիծաղ ուսանողների մեջ):

Բայց դեռ մի ուրիշ հանգամանք էլ կա, որ պետք է ուշադրության առնել: Ահա թե ինչ. — ինչպես որ անշնորհք փաստաբանների շատանալով կռիվն ու ղալմաղալներն են մեզ մոտ շատացել և փաստաբանների առևտուրը կենդանացրել, այնպես էլ անշնորհք բժիշկների շատանալով հիվանդությունները հետզհետե բազմապատկվում են: Կարելի է երևակայել, թե մի որոշ ժամանակից ետ որպիսի առատ հունձ կարող է ունենալ համալսարանից վերադարձող բժիշկը, որ փոխանակ տասնյակ տարիներով մի հմուտ և փորձառու բժշկապետի ձեռքի տակ յուր փորձերը շարունակելու և հիվանդությունների անխոնջ ուսումնասիրությամբ և բժշկական գրվածքների անընդհատ ընթերցանությամբ յուր գիտությունը կատարելագործելու, գալու օրի էգսը բժշկապետ բարձրահնչյուն բառն է փորագրում յուր դռան տախտակի վերա և երկու ոտքով ման գալն էլ ստորություն համարելով, չորս ոտքերի օգնությանն է դիմում: Ով է հարցնում այստեղ, թե պ. բժիշկ, որքան գիտություն, որքան փորձառություն ունիք դուք, որ իմ գլխի վերա դալլաքություն եք անում, բավական է, որ պ. բժիշկը սեփական կառքով է շնորհ բերել մեզ մոտ: Եվ ինչ, միթե իրավունք էլ ունի հիվանդը բժշկին հարցաքննել: Բժշկությունը այնպիսի մի գործ է, որի դատավորը ինքը բժիշկն է և դատախազը յուր խիղճը, մի թե թշվառ մահկանացուն կարող է լսել երբևիցե այդ դատախազի ձայնը և բողոքը...

Ահա այսպես, բժշկությունը ամեն կողմից էր արդյունավոր պարապմունք է. դուք, պ. Մարալյան (դարձավ Եզովպոսը Պետրոսին), կարող եք ամենայն վստահությամբ ընտրել ձեզ համար իբրև մասնագիտությունբժշկությունը և բնավ մի վախենաք ապագայից: Եթե կգա մի օր, երբ դուք արդեն հասակնիդ առած կլինեք, և երիտասարդ ու նորավարտ բժիշկները ձեզ դուրս կքշեն բժշկության ասպարեզից, դրանից հետո էլ դուք պետք կգաք հասարակությանը. — Միջնորդ կարող եք լինել ամուսնացող երիտասարդների ու երիտասարդուհիների մեջ, ինչպես անում են ոմանք արդի հնացած բժիշկներից, սա էլ մի բարի գործ է...

Ընդհանուր ծիծաղ ուսանողների մեջ:

ՔԱՀԱՆԱ

Պարոններ, դուք բոլորդ էլ բավական շատ խոսեցիք, ինձ էլ իրավունք տվեք մի երկու խոսք ասելու, — շարժվեցավ վերջապես յուր տեղից պ. Պահլավունին, որ մինչև այն կծկվել էր սեղանի անկյունում և ուշադրությամբ լսում էր յուր ընկերակից ճառախոսներին:

Հեթումյանը լսելով Պահլավունու ձայնը, որին բոլոր ուսանողները հարգում էին իբրև լավ հայ աշակերտի պատասխանեց:

Ինչպես ինձ, այնպես էլ կարծում եմ իմ բոլոր ընկերակիցներին, սիրելի է ձեր խոսքը: Խոսեցեք, մենք հոժարությամբ կլսենք ձեզ:

Պարոններ, — սկսավ խոսել Պահլավունին. — իրավաբաններ, երկրաչափներ, ճարտարապետներ մեզ շատ հարկավոր չեն. մեքենայագետների էլ շատ կարիք չունինք. գյուղատնտեսներ որքան շատ ունենանք, կարծեմ ավելի լավ է, իսկ բժիշկներ, այսինքն մարմնի բժիշկներ, դրանց թիվն էլ եթե չափավոր լինի, վատ չի լինիլ: Բայg իմ միտքը հայտնելուց առաջ ես մի հարց ունիմ ձեզ անելու: — Արդյոք դուք գնում եք համալսարան ձեր ուսումը կատարելագործելու միայն այն նպատակով, որ ձեր անձին և ձեր գոյությանը ծառայեք, թե հասարակությանն էլ կամենում եք պիտանի լինել մի բանով:

Իհարկե, հասարակությանն էլ ենք կամենում ծառայել, — պատասխանեց Պետրոսը: — Միթե իրավունք կունենանք մենք կրթված և լուսավոր մարդ անվանելու մեզ, եթե միայն մեր անձի համար ապրենք, միայն մեր գոյությունը ապահովելու վերա մտածենք:

Շատ լավ: Ես էլ չեմ ուզում ավելի խոսել այն բանի համար, թե ինչու մեր ընկերները այսքան երկար ճառեր են խոսում այս և այն մասնագիտության շահավորությունը ապացուցանելու համար և ցարդ չգտնվեցավ մեկը, որ մատնացույց աներ նաև մեր բարոյական շահերի վերա: Սակայն եթե ձեր խոսքը անկեղծ է, ինչպես անկեղծ է եղել մինչև այսօր, եթե դուք ցանկություն ունիք ծառայելու այն հասարակության, այն ազգին, որին սիրում և որին պատկանում եք դուք, ապա ուրեմն ընտրեցեք այն մասնագիտությունը, որը ես կառաջարկեմ:

(Առաջարկեցեք:

Ոչ, առաջ խոստացեք, որ կընդունեք այդ առաջարկությունը:

( Խոստանում եմ, եթե միայն կարող կլինեմ:

Շատ լավ, ուրեմն ընտրեցեք ձեզ համար իբրև մասնագիտություն բարոյական փիլիսոփայությունը, ուսումնասիրեցեք նրան հիմնավորապես և հայրենիք վերադառնալով քահանա ձեռնադրվեցեք:

Պետրոսը մնաց լուռ, իսկ ուսանողներից շատերը սկսան ծիծաղել:

Պ. Պահլավունին հառեց յուր կրակոտ աչքերը նախ Պետրոսի վերա, որով կարծես կշտամբում էր նրան յուր լռության համար և ապա դառնալով ուսանողներին, բարկությունից գողացող, բայց ազդու ձայնով խոսեց,

Պարոններ, ես չեմ վիրավորվում, որ դուք ծիծաղում եք իմ առաջարկության վերա, իհարկե մի ազգ, մի հասարակություն, որ նյութական ապահովության մեջ է տեսնում յուր փրկությունը, մի ժողովուրդ, որ հոգեկան հարստության վերա գաղափար չունի և չէ հավատում նրա զորության աստվածությանը, հարկավ կարտադրե այնպիսի սերունդ, կծնանի այնպիսի զավակներ, որպիսին դուք եք, որ ամբողջ ժամերով այստեղ նստած խոսում, ճառում եք նյութապես շահվելու հարստանալու մասին, բայց հոգվո հարստության համար, հոգվո, որի զորության, կամ թուլությանն եք պարտական ձեր վերածնությունը կամ անկումը, չեք արտասանում մի բառ:

Ոչ. ես ձեզ չեմ մեղադրում, բայց խղճում եմ... Հետևապես չեմ ուզում միայն իմ դժգոհության արտահայտությամբ բավականանալ: Ուրեմն լսեցեք ինձ:

Ես ոչնչով ընդդեմ չեմ ձեր հարստանալու ցանկության, դա մի ձգտումն է կյանքի ապահովության համար, իհարկե, լավ է հարուստ լինել, քան աղքատ, մանավանդ մեր ժամանակում, երբ առանց փողի ճշմարիտ արժանիքը ծածկված է մնում, տաղանդը, որ պետք է ոգևորեր մեզ, անհայտության մեջ մեռնում է, հանճարը, որ պետք է տիրապետեր և առաջնորդեր, ոտնակոխ է լինում ամբոխից և փողոցի տղաները ցեխոտում են նրա մեծությունը... Բայց և այնպես ճշմարիտ է Քրիստոսի այն աստվածային խոսքը թե «դյուրին է մալխոյ ընդ ծակ ասղան մտանել, քան հարստին՝ յարքայութիւն Աստուծոյ...»:

Գիտցեք, որ որքան բազմանան մեր մեջ հարուստները, այնքան ավելի պիտի դժվարանա մեր փրկութունը, որովհետև հարուստը արդեն գոհ է յուր կյանքից և հետևապես թշնամի այն ազդարար ձայնին, որ կանչում է նրան մասնակցելու փրկության մեծ գործին: Մարդիկ առհասարակ զոհում են նրա համար, որ հասնեն ճշմարիտ երջանկության, արդ ինչ հարկավոր է հարստին զոհաբերություն, երբ նա արդեն երջանիկ է զգում իրեն յուր հարստության մեջ:

Այս տեսակետից նայելով գործի վերա, ես կարծում եմ, որ մեզ հարկավոր չեն բազմաթիվ իրավաբաններ, երկրաչափներ, ճարտարապետներ և մեքենայագետներ, եղածները արդեն մեզ համար շատ են: Մեզ հարկավոր չեն մինչև անգամ բազմաթիվ բժիշկներ, մեր մեջ բավական մեծ քանակությամբ առողջ մարմին և առողջ ստամոքս ունեցողներ կան և հավատացած եմ, որ այսօրվա ճաշից հետո մեզանից ոչ ոք չպետք է հիվանդանա: Այո, մեր բոլորի մարմիններն էլ բավական առողջ և առույգ են. բայց հիվանդ են մեր հոգիները: Հիվանդ մեր սրտերը, հիվանդ մեր զգացմունքները... Ուրեմն տվեք մեզ հոգեկան բժիշկներ, որոնք կարող լինին բուժել այն հոգեկան ախտերը, որոնցով վարակված է մեր ամբողջ գոյությունը... Այո՛, տվեք մեզ քահանաներ, իրենց կոչումը, իրենց պարտքը և իրավունքը ճանաչող քահանաների, որոնք կարողանային ներշնչել մեր մեջ այն հոգին, որ կտակեցին իրենց հաջորդներին սուրբ Սահակ և սուրբ Մեսրոպ, որ ներշնչեց Վարդանա զորքին սուրբ Ղևոնդ Երեց:

Այո, քահանա, և գիտեք, թե այս բառի մեջ որքան մեծություն, որքան սրբություն կա ամփոփված. «Քահանան աստուծո փոխանորդն է երկրի վերա», հաճախ լսել ենք այս խոսքը, բայց մի՞թե հասկացել ենք նաև այդ խոսքի մեծ և խորհրդավոր նշանակությունը: Իհարկե ոչ. բայց ով է ա՛յն մարդը, որին հանձնված է մեր հոգեկան ծնունդը, մեր հոգվո դաստիարակությունը, ով է այն մարդը, որին քաղցրությամբ հպատակվում է մեր սիրտը, որի առաջ սիրով խոնարհվում են մեր զգացմունքները, ո՞վ է նա, որի մխիթարությունը իբրև բալասան իջնում է մեր հոգեկան վերքերի վերա, որի հայրական հորդորը ամոքում է մեր վշտերի սաստկությունը. ո՞վ է այն զորեղ մարդը, որի պաշտպանության է դիմում հարստահարված այրին, անօգնական որբը, անպատված անմեղությունը, սիրո նահատակը... և վերջապես ո՞վ է նա, որ անողոք և ահավոր է անիրավների դեմ, որ աներկյուղ պաշտպանում է զրկված հոտի իրավունքները և որ յուր անձը զոհում է նրա համար, եթե այդ պահանջում է անիրավ ճակատագիրը...

Այո, մեծ, այս սուրբ մարդը քահանան է: Բայց ուր է նա. ոչ ոք չգիտե: Պատմում են, որ մի օր նա կար, ապրում էր աշխարհում, բայց նա մեռավ: Այսուամենայնիվ ես չեմ հուսահատվում, նա դարձյալ հարություն կառնե, եթե դուք, իմ սիրելի ընկերներ, չպաշտեք շահավոր մասնագիտությունները, և հենց այստեղ, մի ժամ, մի րոպե գոնե մտածեք, թե ինչ է պակասում ձեզ և թե դուք ինչ կարող էիք անել ձեր փրկությունը ձեռք բերելու համար:

Իհարկե, եթե դուք, բոլոր զարգացածներդ, քահանայությունից կփախչեք, եթե նրա սրբազան կոչումից խորշելով հարստության, անվան և փառքի ետևից կվազեք, հարկավ ասպարեզը կմնա այն մարզիկներին, որոնք գետնի վերա ընկածը իրենց սեփականությունը համարելով, կվարվեն նրա հետ ինչպես և կկամենան: Եվ միթե դուք իրավունք ունիք պախարակելու այն անցորդին, որ փողոցի մեջ գտնելով ձեր մեռած մոր ձեզ հիշատակ թողած ոսկյա մատանին, տանում վաճառում է այն հրեային և նրանից ստացած փողերը վատնում է գինետան մեջ:

Չէ, մի խորշեք քահանայությունից, նրա կոչումը ավելի մեծ, նրա պաշտոնը ավելի ակնածելի է, քան մի որևէ իրավաբանի, մեքենայագետի և կամ բժշկի պաշտոնը: Լսեցեք դուք քահանային այն ժամանակ, երբ նա բեմի վրա արձանացած սեր և խաղաղություն է քարոզում, դա միևնույն քահանան է, որ լռիկ-մնջիկ, զրկված ընտանիքին հորդոր է խոսում... դա միևնույն քահանան է, որ պատերազմի դաշտում, խաչը ձեռին բռնած զորքին էր առաջնորդում, և ի՞նչ, միթե չէ ոգևորում, չէ հափշտակում ձեզ այդ մեծ պաշտոնը, որի իշխանությունը տարածվում է շինական խրճիթներից սկսած մինչև արքայական պալատները, և որի ձայնին լսում և հպատակում են ամեն տեղ:

Սիրեցեք ուրեմն քահանային, սիրեցեք նրա պաշտոնը և ով որ ձեզանից կոչումն է զգում յուր մեջ հասարակությանը ծառայելու, թող սիրով ստանձնե այդ պաշտոնը, առանց քաշվելու, թե նա պիտի գործե խելքով և մտքով իրենից ստոր մարդկանց շրջանում: Զինվորը եթե ճշմարիտ քաջություն ունի, չէ վհատում յուր ընկերոջ թուլությունից, այլ ընդհակառակը, նրան էլ ոգևորում է յուր քաջությամբ: Այս պետք է լինի զարգացած քահանայի կոչումը և այս հոգվով վառված քահանան հնարավոր կարող է դարձնել այն ամենը, ինչ որ անհնարին է թվում կենցաղասեր մարդուն: Ահա՛, պարոններ, իմ հավանած մասնագիտությունը, նրա վերաբերությամբ ես հայտնեցի իմ կարծիքները և այժմ դուք ազատ եք ինձ հետ համաձայնվելու, կամ ծաղրելու. ես վերջացրի:

Այս խոսքերով Պահլավունին լռեց և այլևս նոր խնդիր հարուցանող չեղավ: Միայն սեղանապետը ճառախոսին վարձատրելու համար հրամայեց կրկին անգամ խմել նրա կենացը, և ուսանողները սիրով ընդունեցին այդ առաջարկությունը:

Այնուհետև սկսվեցավ կարծիքների մանրավաճառությունը, տիրող լռությանը հաջորդեց աղմուկը և ամեն ինչ յուր նախկին կերպարանքն առավ:

Մութն արդեն պատել էր, երբ ուսանողներն առանց մի որոշ եզրակացության գալու Պետրոսի ընտրելիք մասնագիտության վերաբերությամբ, ազատեցին տանտիրուհու պարտեզը իրենց շատախոսությունից և ցրվեցին իրենց տները:

ԱՆԱԿՆԿԱԼ ՆՈՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Պետրոսը վերադառնալով յուր սենյակը պատրաստվեցավ քնելու: Թեպետ նա վաղ պառկելու սովորություն չուներ, բայց որովհետև այդ երեկո շատ խմելուց և խոսելուց նրա գլուխը ծանրացած էր և կարդալու էլ տրամադրություն չուներ, ուստի ավելի լավ համարեց այս անգամ մի բացառություն անել: Բայց հենց սկսեց անկողինը բանալ թե չէ, և ահա սենյակի դուռը բախեցին:

Ո՞վ եք, ներս մտեք, — ձայն տվավ Պետրոսը:

Դուռը բացվեցավ և հեռագրատան ցրիչը ներս մտավ սենյակ:

Ա՛յ ինձ հեռագիր եք բերել, տվեք տեսնեմ, — ասաց Պետրոսը:

Այո, պարոն, ահա՛, — այս ասելով ցրիչը հանեց թղթապահից հեռագիրը և տվավ Պետրոսին:

«Ես սրան չէի սպասում», — շշնջաց ինքն իրեն Պետրոսը և շտապելով բացավ հեռագիրը: Նա մի արագ հայացք ձգեց նրա համառոտ տողերի վերա և մնաց շվարած:

Սա պ. Թովմասի հեռագիրն էր, որով նա Պետրոսին հրավիրում է հայրենի քաղաք Ա. բայց թե ինչու համար, Պետրոսը չկարողացավ գուշակել:

— «Ես փողի եմ սպասում նրանից Պետերբուրգ ճանապարհվելու համար, — խոսեց նա ինքն իրեն, — բայց իմ պարոն հորեղբայրը դեռ նոր ինձ յուր մոտ է հրավիրում: Ինչ գաղտնիք է այս և ինչ «կարևոր ու անհետաձգելի նnրություն ունի նա ինձ հաղորդելու, որ գրում էլ է թե «սպասում եմ»... Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում»...

(Պարոն, բարեհաճեցեք ստորագրել և վերադարձնել ինձ հեռագրի ստացականը, — խնդրեց Պետրոսին ցրիչը, որ դեռ սենյակում կանգնած սպասում էր նրան:

Օհ, ներողություն, ես ձեզ մոռացել էի, — ասաց Պետրոսը և ստացականը ստորագրելով տվեց ցրիչին:

Երբ վերջինս դուրս գնաց, նա կրկին վերցրեց հեռագիրը, կրկին կարդաց և գլուխը շարժեց: — «Ահա՛ մի գաղտնիք, որ չես կարող լուծել կամքի ուժով, խելքի բանալին արդեն կորցնում է այստեղ յուր նշանակությունը: Ինչ կարող է լինել այս կարևոր ու անհետաձգելի նորությունը: Արդյոք մի դժբախտությո՞ւն պատահեց մեր ընտանիքին, արդյոք մայրս հիվանդացավ, արդյոք նրան... բայց ոչ, նա առողջ էր. դեռ երեք օր չկա, որ նա ինձ նամակ է գրել տվել, ով գիտե, գուցե մի դժբախտություն հասել է իմ հորեղբոր գործերին, նա միայն նրանց վերաբերյալ նորություններն է կարևոր և անհրաժեշտ անվանում, և գուցե նա սնանկացել է... բայց ոչ. այդ անկարելի է, նա հաշվով մարդ է. նա հեշտությամբ վնասների չի ենթարկվիլ, ուր մնաց թե սնանկության...»:

Այս մտածմունքները երկար ժամանակ տանջեցին Պետրոսին, բայց վերջ ի վերջո նա տեսնելով, որ մտածելով ոչ մի ուղիղ եզրակացության չէ գալիս, հանվեցավ և պառկեց քնելու:

Առավոտը շատ վաղ զարթնեց Պետրոսը և հագնվելով դուրս գնաց փոքրիկ պարտեզը զբոսնելու: Այդ միջոցին նրա մտածմունքների առարկան դարձյալ հեռագիրն էր, բայց յուր կարծիքով նա այժմ ավելի հավանական բացատրություն էր տալիս հեռագրին: — «Իմ հորեղբայրը ժլատ մարդ է, — մտածում էր նա. — ես լավ հիշում եմ, որ իմ և նրա մեջ մինչև այժմ ոչ մի խոսք չէ եղել համալսարան գնալուս համար, չնայելով, որ ես մի քանի ամառ արդեն նրա հետ եմ ապրել: Հավանական է, ուրեմն, որ իմ համալսարան գնալու համար արածս հայտնությունը նրան անախորժ երևեցած լինի և նա կարևոր ու անհրաժեշտ նորություն հաղորդելու պատրվակով կանչում լինի ինձ հայրենիք, ընդմիշտ ինձ այնտեղ պահելու համար... Այո՛, ճիշտ այսպես է և անկարելի է, որ մի ուրիշ պատճառ ունենար նա այս բանի համար: Եվ ես, հիմարս պարծենում եմ իմ ընկերների մոտ թե՝ «իմ հորեղբոր կողմից ոչ մի արգելք չէ կարող հետաձգել իմ ուղևորությունը»: Հիմա՛ր, հիմա՛ր, դեռ «ջրին հասիր, հետո բոբիկացիր». դեռ ուղևորության հրաման չառած ես մասնագիտություն ընտրելու վերա եմ մտածում և իզուր տեղը խեղճ ընկերներիս ժամերով խոսեցնում... Ահա թե որտեղ է արդարանում ֆրանսիական ասածը «L'homme propose et Dieu dispose»1:

Այս միջոցին բակի մեջ երևեցավ հեռագրատան մի ցրիչ, որ տանտիրուհու ծառայից Պետրոս Մարալյանին էր հարցնում, Պետրոսը շտապով դուրս գնաց պարտեզից և դիմավորեց նրան:

Դուք հեռագիր ունիք, — ասաց ցրիչը և ծրարը հանձնեց Պետրոսին:

Վերջինս ստացականը մատիտով ստորագրելով վերադարձրեց իսկույն ցրիչին և հեռագիրը վերցնելով գնաց յուր սենյակը:

«Շնորհավորում եմ ոսկյա մրցանակդ: Հուսալիր սպասում եմ արժանավոր վերադարձիդ:

Քո Աստղիկ»:

Այս էր հեռագրի բովանդակությունը: Բայց այս երկտողի ընթերցանությամբ Պետրոսի բոլոր տխրությունը անցավ, որովհետև նրա հետ խոսում էր յուր սիրած անձը և նա կարծեց, թե հենց այդ րոպեին յուր ականջին նրա ձայնը հնչեց:

Պետրոսը մի քանի րոպե ուրախ և անթարթ աչքերով սկսեց դիտել հեռագիրը. հետո նա նրան կրկին կարդաց, բայց կարծես ոչինչ չհասկացավ, նա նրան երրորդ անգամ կարդաց, և կրկին մի փոքր առաջ իրեն տանջող մտածմունքների մեջ ընկավ:

— «Ինձ շնորհավորում է. հասկանում եմ. բայց ինչու համար է սպասում իմ վերադարձին, այդ չեմ հասկանում նա արդեն գիտե, որ ես այս ամառ հայրենիք չպիտի վերադառնամ... ուրեմն ո՞ր վերադարձի մասին է այստեղ խոսքը: Երևի Պետերբուրգի. բայց ինչո՞ւ համար այսպես վաղ, չէ որ ես դեռ Թիֆլիսումն եմ, կնշանակե նա Թիֆլիսից վերադառնալու մասին է խոսում. բայց ո՞վ հայտնեց նրան այդ նորությունը այդքան վաղ, չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում:

Շատ լավ, ես կարող եմ դեռ մի քանի օր ուշանալ այստեղ, շտապելու հարկ չկա. — վերջապես վճռեց Պետրոսը, — արի հենց հեռագրով ես խնդրեմ Աստղիկից, որ նա մանրամասն նամակով բացատրություն տա ինձ, թե ի՞նչ պատճառով է նա իմ վերադարձին սպասում և թե ինչո՞ւ է ինձ հորեղբայրս կանչում, անշուշտ այս վերջին պատճառն էլ հայտնի կլինի նրան:

Եվ նա նրան հեռագրեց իսկույն այս հարցերը, ավելացնելով նույնպես, որ սպասում է շուտափույթ պատասխանին:

Անցան երեք օրեր, երեք երկար, դժվարատար օրեր:

Մի երեկո, երբ Պետրոսը դեռ նոր էր թեյ առնում, պոստատան ցրիչը բերավ նրան մի նամակ: Սա օր. Աստղիկիցն էր. հասցեից արդեն ճանաչեց նրա ձեռքը. ուստի թեյը մի կողմ թողնելով սրտատրոփ ծրարը բացավ: Օրիորդը նրան գրում էր.

«Սիրեցյալ Պետրե.

Այս րոպեին ստացա հեռագիրդ և շտապում եմ պատասխանել: Քո հարցմունքին՝ թե ի՞նչ պատճառով եմ ես քո վերադարձին սպասում և թե ինչու է քեզ հորեղբայրդ կանչում, այնքան միայն կարող եմ պատասխանել, որքան գիտեմ: Բայց իմ գիտցածն էլ կարծեմ չպիտի գոհացնե քեզ: Այն օրը, որ քո ավետաբեր նամակը ստացա և քեզ իմ հեռագիրը ուղղեցի, եկել էր մեզ մոտ քո և իմ մայրը, այդ օրը նա անսովոր տրամադրության մեջ էր երևում, նրա աչքերը ծիծաղում էին, դեմքը տխուր չէր և ոչ ժպիտը ճնշված, ինչպես միշտ սովոր էի նրան տեսնելու, նա ուրախ էր և զվարթ: Եվ ո՛րքան ժամանակ է, որ ես նրան այդպես տեսած չէի. դու հաշվիր այն օրից, երբ վերջին անգամ բաժանվեցիր մեզանից...Ես, ինչպես միշտ, գրկեցի նրան և համբուրեցի, հետո հարցրի յուր ուրախ տրամադրության պատճառը. ես սպասում էի, որ նա կասեր, թե քո ավարտման լուրը առնելուն համար է ուրախ, բայց նա այդ չգիտեր անգամ: — «Իմ Պետրեն գալիս է, հոգյակս, այսօր Թովմասը հեռագրել է նրան դրա համար», պատասխանեց ինձ մայրդ լի հրճվանքով: Այդ նորությունը անակնկալ էր ինձ համար: Ես պատճառը հարցրի, և նա միամտությամբ պատասխանեց, թե Թովմասը առևտրական մեծ հաջողության է հանդիպել և Պետրեին բերել է տալիս այստեղ յուր ուրախությանը մասնակից անելու: Այս պատճառը, իհարկե, ես հավանական չգտա, սակայն մորդ սրտի մեջ էլ ավելորդ համարեցի կասկած հարուցանել, մանավանդ որ մենք երկուսս դեռ մի ուրիշ մեծ ուրախություն ունեինք վայելելու, այդ քո ոսկյա մրցանակ ստանալդ էր, որ մեզ համար և մանավանդ ինձ համար հավասար էր մի փառավոր հաղթանակի:

«Ես նրա մասին հայտնեցի մորդ և այս լուրը կրկնապատիկ ուրախացրեց նրան: Բայց եթե գիտենայիր, թե որպիսի հրճվանք, որպիսի ուրախություն պատճառեց ինձ քո ավետաբեր նամակը... Ես այդ րոպեին քեզ երևակայեցի իբրև մի քաջ զորական, որ հաղթանակով վերադարձել է պատերազմի դաշտից դափնյա պսակով...

«Օ՛, մի՛ ծիծաղիր իմ խոսքերի վերա, կնոջ երջանկությունը շատ անգամ ամփոփվում է այն պարծանքի մեջ, որը ստեղծում է նրա համար յուր սիրելին: Հենց այս պատճառով էլ ես չեմ կամենում, որ դու վերադառնայիր այստեղ: Որքան էլ ինձ համար քաղցր է քեզ հետ տեսնվիլ, խոսել և քեզ լսել, այսուամենայնիվ ես չեմ կամենում, որ դու համալսարան գնալու համար որոշած ժամանակդ զոհես քո հորեղբոր հաճույքին: Այդ պատճառով ես իմ հեռագրում ավելացրի թե՝ «հուսալիր սպասում եմ արժանավոր վերադարձիդ», որ կնշանակեր թե՝ հուսով եմ, որ դու անհապաղ բարձրագույն ուսմանդ կդիմես, որովհետև ինձ համար միայն համալսարանից վերադառնալդ է արժանավոր վերադարձ: Բայց որովհետև հորեղբայրդ, ինչպես քո հեռագրից է երևում, բացատրած չէ քեզ յուր այդ անակնկալ հրավերի պատճառը, այսուհետև քեզ մնում է ինչ անելդ որոշել, ես միայն արտահայտեցի իմ ցանկությունը, որ իհարկե չի արգելիլ քեզ հանգամանքներին հնազանդելու:

Ջերմաջերմ համբուրում է քեզ քո Աստղիկը»:

ԺԴ

ԴՊՐԱՆՈՑԻ ՎԱՐԺՈՒՀԻՆ

Դուք անշուշտ հետաքրքրվեցաք օր. Աստղիկի հեռագրով ու նամակով և երևի շտապում եք իմանալ, թե ով է այս աղջիկը, որ այսքան մտերմական հարաբերություն ունի Պետրոսի հետ, բայց որի մասին իմ բոլոր պատմության ընթացքում ես ոչ մի հիշատակություն չարի:

Ահա՛ հենց նրա մասին էլ ես ուզում եմ խոսել: Բայց դրա համար մենք մի քանի տարով պիտի ետ գնանք դեպի անցյալը:

Անշուշտ ձեզանից ամեն մեկը մանավանդ գավառացի երիտասարդները, նկատած կլինեն, թե երկարամյա պանդխտությունից վերադառնալուց ետ, որքան շուտ աչքի են ընկնում այն փոփոխությունները, որոնք մարդու բացակայության միջոցին տեղի են ունեցած լինում յուր հայրենիքում: Ընդհակառակը, միշտ միևնույն քաղաքում և գյուղում ապրող մարդու համար նշանավոր փոփոխություններն էլ կատարվում են առանց նրա վերա մի զգալի ազդեցություն անելու, ինչպես որ որդիների մեծանալը անզգալի կերպով է կատարվում մի ընթերակա մոր համար:

Պետրոսը յուր հայրենի քաղաքից հեռացավ տասներեք տարեկան հասակում: Այդ ժամանակ Թիֆլիսը նրա վերա մեծ ազդեցություն արավ: Առաջին անգամ տեսնելով այդ քաղաքի հոյակապ տները, գեղեցիկ փողոցները, հարյուրավոր կառքերը, յուր համար անսովոր անցուդարձը, կենդանությունը և համեմատելով նրան յուր հայրենի քաղաքի հետ, որը Թիֆլիսի համեմատությամբ արդարև մի աննշան ավան էր, նա մի գաղափարական նշանակություն տվավ Թիֆլիսին: Բայց, իհարկե այդ ազդեցությունը երկար, չտևեց, մի տարին արդեն բավական եղավ ամեն ինչ նրա աչքում սովորական դարձնելու: Բայց այն, ինչ որ հետզհետե գրավում էր Պետրոսի ուշադրւթյունը, դա Թիֆլիսի մտավոր շարժումն էր, որ գնալով ընդարձակվում և մեծ ծավալ էր ստանում: Նա այնքան մեծ սեր ուներ դեպի յուր հայրենի քաղաքը, որ յուր այդ մանկության տարիներում անգամ ինչ լավ բան որ տեսնում էր Թիֆլիսում, բացառապես մտավոր կյանքին վերաբերյալ, նա փափագում էր, որ յուր հայրենի քաղաքն էլ ունենար: Հետզհետե մեծանալով՝ նախանձախնդիր երիտասարդի մեջ այդ զգացմունքը ավելի զարգացավ: Մի անգամ Գայանյան օրիորդական դպրոցի մի տոնական հանդեսին ներկա գտնվելը այնքան մեծ ազդեցություն արավ նրա վերա, որ նա մինչև անգամ արտասվեց, հիշելով յուր ծննդավայրը, որ զուրկ էր մինչև անգամ օրիորդական դպրոցից: Վերջին տարիները նա կարդում էր մեր լրագիրներում, որ Ա. քաղաքը նույնպես բացել է յուր օրիորդական դպրոցը, որ մտավոր շարժումը այդտեղ էլ օրըստօրե առաջ է գնում, որ այդտեղ էլ արդեն երևան են գալիս մտավոր շարժման հառաջավոր ուժեր և այլն: Այս բոլորը, իհարկե, նրան ուրախացնում էին. բայց նա չէր կարողանում հավատալ, թե արդարև այդ հրատարակությունները մի հիմնական արժեք ունեին: Նա գոհ էր միայն նրանով, որ գործը արդեն սկսվել է, թե չէ ցանկանալ յուր հայրենակիցներին էլ նույնպիսի բարեկարգ դպրոց, նույնպիսի վարժուհիներ ունենային, ինչպես Գայանյան դպրոցը, իհարկե վաղաժամ էր:

Շարունակ վեց տարի Թիֆլիս մնալուց հետո Պետրոսը հորեղբորից թույլտվություն ստանալով վերադարձավ յուր հայրենի քաղաքը ամառվան արձակուրդին: Այն ժամանակ դեռ շարունակվում էին այդտեղի օրիորդական դպրոցի քննությունները: Պետրոսը, որ այնքան փափագում էր այդ դպրոցի առաջադիմությանը և այնքան հետաքրքրվում նրա բախտով, իմանալով այդ գալու օրի էգսը այցելեց դպրոցին: Այդ օրը նրա վերջին դասատան աշակերտուհիների քննությունն էր հայոց լեզվից և պատմությունից: Վարժուհին նորատի, գեղեցիկ դեմքով, համեստ նայվածքով և հրապուրիչ ձայնով մի օրիորդ էր, որ առաջին վայրկենից իսկ գրավեց Պետրոսի ուշադրությունը: Նրա վարմունքը այնքան քաղցր էր աշակերտուհիների հետ, հարցնելու եղանակը այնքան պարզ և դյուրըմբռնելի, բացատրությունները այնպես խելացի և հիմնավոր, որ Պետրոսը էլ չէր զարմանում, թե ինչու համար քննություն ավուլ աշակերտուհիները կարճ ժամանակի ընթացքում այնքան մեծ առաջադիմություն էին արել և այնքան հաջողակ քննություն էին տալիս: Բայց նա արդարև զարմանում էր, որ յուր հայրենի քաղաքում գոյություն ունի այդքան լավ կազմակերպված մի դպրոց, և հիանում էր մանավանդ, որ այդտեղ գտնվում է այնպիսի հայ վարժուհի, որի նմանը նա տեսած չուներ նույնիսկ Թիֆլիսում: Պետրոսը, ինչպես հիշեցի, առաջ շատ սահմանափակ գաղափար ուներ յուր հայրենակցուհիների մտավոր շարժման մասին և միևնույն սահմանափակ գաղափարով էլ նա վերադարձել էր հայրենիք: Սակայն այն զգալի փոփոխությունը, որ նա այժմ նշմարեց այդտեղ, հոգեկան անսահման հաճույք պատճառեց նրան: Այդ փոփոխությունը մանավանդ ավելի մեծ և ավելի հսկայական երևաց նրա աչքում, որովհետև յուր ներկայությամբ չէր կատարվել նա:

Վերջապես Պետրոսը մինչև քննության վերջը մնաց դպրոցում: Երբ վարժուհին վերջացրեց յուր գործը և հանդիսականները սկսան ցրվիլ, նա ցանկացավ մոտենալ վարժուհուն, շնորհակալություն անել նրան յուր արդյունավոր աշխատության համար և այդ առթիվ էլ ծանոթանալ նրա հետ, սակայն նա չվստահացավ, մի ինչ որ գաղտնի զգացմունք կաշկանդեց նրա արիությունը: Արդյոք հանդիսականների ներկայությունից էր նա քաշվում, թե՞ օրիորդի հետ անծանոթ լինելուց, ինքը ճիշտը չգիտեր: Բայց երբ նա դուրս գնաց դպրոցի պատշգամբը, պատահեց այնտեղ յուր ծանոթ Սերոբյանին: Սա մի տարի առաջ Թիֆլիսի գիմնազիոնը ավարտող աշակերտներից մինն էր, որ յուր նյութական անկարողության պատճառով համալսարան գնալ չկարողանալով, վերադարձել էր հայրենիք և այդտեղ ծառայում էր քննիչի օգնականի պաշտոնով:

Երկու ծանոթները շատ սիրով միմյանց ողջունելուց և իրար առողջություն հարցնելուց ետ, սկսան խոսիլ դպրոցի հարցաքննության և աշակերտուհիների առաջադիմության վերա:

Երբ խոսքը հասավ վարժուհիներին, Պետրոսը հարցրեց,

Ո՞վ է այս օրիորդը, որտեղից է, ես բոլորովին հիացած եմ նրանով, ծանոթացրեք ինձ, կաղաչեմ, նրա անձնավորության հետ և ես շնորհակալ կլինեմ ձեզանից:

Ի՞նչ, միթե դուք չե՞ք ճանաչում նրան, — զարմացմամբ հարցրեց Սերոբյանը:

Ոչ, նա այստեղացի է՞:

Կատա՞կ եք անում:

Բոլորովին:

Ուրեմն դուք չեք ճանաչում ձեր դրացուհուն:

Իմ դրացուհո՛ւն... չգիտեմ..: չեմ հիշումՈ՞րն է այդ:

Այս միջոցին օր. վարժուհին դուրս եկավ պատշգամբը մի ինչ-որ կնոջ հետ և նրան ճանապարհ դնելով մինչև սանդուղքները, շրջվեցավ դեպի այն կողմը, որտեղ կանգնած խոսում էին երկու ընկերները:

Արի, ես քեզ կծանոթացնեմ նրա հետ, — ասաց Սերոբյանը և առաջ անցավ դեպի վարժուհին. Պետրոսը հետևեց նրանք

Դուք ճանաչո՞ւմ եք այս պարոնին, օրիորդ, — ծիծաղելով հարցրեց Սերոբյանը նորատի վարժուհուն:

Ա՛, ինչպես չէ, իմ դրացուն, պ. Մարալյանին: Պետրոսը մնաց շվարած, նա աշխատում էր ժողովել յուր բոլոր հիշողությունը ճանաչելու համար այդ տարօրինակ ծանոթին, բայց իզուր, այդ հիշողությունը էլ չէր հնազանդում նրան և խեղճ երիտասարդը կարմրում էր ամոթից:

Следующая страница