Մուրացան՝   Չհաս է

Մենք բարկանում ենք, որ դու մի րոպե անգամ համարձակվում ես մեր տնից բացակայելու, — նկատեց Պետրոսը:

Բայց դու ինչո՞ւ տխուր ես, մայրիկ, — դառնալով տ. Հռիփսիմեին, քնքշությամբ հարցրեց օրիորդը:

Ես տխուր չեմ, հոգիս, գլուխս է ցավում:

Անկարելի է, ես չեմ հավատում:

Ճիշտ այդպես է. մեր մայրը տխուր է, միայն թե ծածկում է քեզանից, — ասաց Պետրոսը ծիծաղելով:

Պատճա՞ռ:

Որովհետև ես հայտնեցի նրան, որ էլ Աստղիկին չեմ՝ սիրում, և պիտի թողնեմ նրան:

Ա՛, միթե արժե այդպիսի չնչին բանի համար տխրել... բայց ճիշտ ասա, խնդրում եմ, ինչո՞ւ համար է տխուր:

Ես հայտնեցի նրան իմ հորեղբոր ինձ արած առաջարկությունը:

Այո՛, ես մոռացա, ախար չէ որ միայն այդ բանի համար էի ես եկել: Վաղուց արդեն ես մեր պատշգամբից դիտում եմ, որ ուրիշ ժամանակները ժամը 7-ին արդեն պ. Թովմասը տնից դուրս եկած է լինում, իսկ այսօր 8-ին դուրս գնաց: Ես իմացա, որ նա անշուշտ քեզ հետ խոսելու համար է ուշացել և չէի կասկածում, որ քեզ հրավիրելու գաղտնիքն էլ արդեն հայտնած կլինի քեզ, ուստի շտապեցի այդ հետաքրքիր նորությունը լսելու: Հապա ասա, ի՞նչ երևելի նորություն հաղորդեց նա քեզ:

Նորությունը արդարև երևելի է և մինչև անգամ ուշադրության արժանի: Բայց նա, ես կարծում եմ, մի ուրիշ և ավելի արժանավոր նորության հետևանք է, մի նորության, որը հորեղբայրս չէ կամենում ինձ պարզել:

Առաջ պարզած նորության մասին խոսիր, հետո նրա շարժառիթը կաշխատենք գտնել, — նկատեց օրիորդը:

Պետրոսը պատմեց բոլորը, ինչ որ յուր հորեղբորից լսել էր, սկսած առաջին ողջույնից, մինչև ամենավերջին խոսքը: Եվ երբ յուր պատմությունն ավարտեց, հարցրեց Աստղիկից.

Ի՞նչ ես կարծում այժմ, ի՞նչ կարող է լինել այս նորության շարժառիթը:

Աստղիկը, որի վերա կարծես ոչինչ ազդեցություն չարավ Պետրոսի բոլոր պատմությունը, սառնասրտությամբ պատասխանեց:

Երևի մի գործ, որի համար հորեղբայրդ ակնկալություն ունի Մելքոն Խալաթյանից և այդ բարեկամության միջոցով նա կամենում է հասնել յուր նպատակին:

Ես էլ այդ կարծիքին եմ. և եթե մեր ենթադրությունը ուղիղ է, ապա ուրեմն էլ բուն գործով հետաքրքրվել ավելորդ է. հարկավոր է միայն մտածել, թե ինչ կերպով ավելի լավ է վարվել այս դեպքում:

Ով որ չէ կամենում նշանակված գործը կատարել և ուժ չունի բացարձակ դժոգհություն հայտնելու, նա փախչում է այդ գործից:

Այդ ճշմարիտ է. բայց եթե փախչելու ճանապարհ չկա՞:

Այդ միայն քո կարծիքն է. իսկ ես ճանապարհ գիտեմ:

Ո՞րն է այդ:

Այն, որ քո հորեղբայրը քեզ իրավունք է տալիս առաջ աղջիկը տեսնելու: Սրանից հետևում է, որ ուրեմն քեզ չեն ստիպիլ ամուսնանալ, եթե աղջկան չհավանես, սա արդեն փախուստի մի ճանապարհ է:

Իսկ աղջի՞կը ...

Օ՛, նա այնպիսին է, որ անպատճառ կհավանես, — ծիծաղելով պատասխանեց Աստղիկը:

Շատ լավ, կփորձենք, եթե փախուստը մեզ չի հաջողիլ, կաշխատենք ընդդիմանալ: Անասուններին է, որ զոռով սպանդանոց են քարշ տալիս, մարդկանց հետ, ես կարծում եմ, մի փոքր տարբեր կերպով պիտի վարվին:

Իհարկե, եթե միայն նրանք անմռունչ սպանդանոց չեն գնում, բայց եթե մարդիկը ոչխարների չափ համեստ են, սպանդարարը տարբերություն չէ դնում չորքոտանիների և նրանց մեջ:

Եվ դու կարծում ես, որ այսպիսի դեպքում կգտնվի մի մարդ, որ անմռունչ դեպի սպանդանո՞ց գնա:

Ինչո՞ւ չէ. մի՞թե քիչ կան մարդիկ, որոնք ուժ չունենալով կենդանի կյանքի դառնությունները տանելու, մեռելության հանգստություն են պտրտում...

Եթե սիրո կյանքն է կենդանի կյանքը, ապա, ուրեմն, նրա ճաշակն առնողը հեշտությամբ չի բաժանվիլ նրանից. սա մի ճշմարտություն է:

Ինչպես և այն, որ բոլոր մարդիկ Աքիլլեսի սրտով չեն ստեղծվել:

Իհարկե, բայց Թերսիդեսը խո՛ յուր զենքով չէ պարծենում:

Այսուամենայնիվ, Թերսիդեսն էլ Տրովադայի պատերազմումն էր, — ծիծաղելով նկատեց օրիորդը:

Ես չէի մտնիլ կռվի դաշտը, եթե իմ ուժի վերա վստահ չլինեի. — խորհրդավոր լրջությամբ պատասխանեց Պետրոսը և սրանով սիրահարների խորհուրդը վերջացավ:

Բոլոր այս խոսակցության ժամանակ տ. Հռիփսիմեն ոչինչ կարծիք չհայտնեց, նա ուշադրությամբ լսում էր յուր որդուն և հարսնացուին, բայց որովհետև նրանց այլաբանություններից շատ բան չէր հասկանում, ուստի գործի մասին հոգալն էլ նրանց թողեց, հավատացած լինելով, որ երկու սիրահարները յուր սրտի ցանկությունը կատարելու համար ավելի կարող են անել, քան թե ինքը տկար ուժով...

ԻԲ.

ՄԵԼՔՈՆ-ԱՂԱ ԽԱԼԱԹՅԱՆԻ ՏԱՆԸ

Պ. Թովմասը Պետրոսի եկած օրի էգսը արդեն հայտնել էր Մելքոն-աղային յուր փեսացուի գալը և խոստացել հետևյալ օրը, որ կիրակի էր, տանել նրան յուր մոտ:

Յուր խոստման համաձայն, Թովմասը վերցրեց Պետրոսին և գնաց:

Մտնելով Մելքոն-աղայի բակը, որ զարդարված էր բազմազան վարդենիների և հազվագյուտ ծաղիկների թփերով, Թովմասը ցույց տվավ նրանց եղբոր որդուն, հետո մատնացույց արավ դրախտանման պարտեզի և հոյակապ ապարանքի վերա, որոնք յուր աչքում շատ մեծ նշանակություն ունեին և հարցրեց.

Դու ամբողջ Թիֆլիսումդ էլ այսպես տուն տեսած ունի՞ս:

Սրանից շատ լավերն էլ կան այնտեղ, այնքան լավերը, որ եթե դու տեսնես նրանց, այս տունը մի շատ հասարակ բան կերևա քո աչքում:

Անկարելի է, — բացականչեց Թովմասը. — այս տունը մի հատ է մեր ամբողջ քաղաքում...

Գիտեմ, բայց ոչ բոլոր աշխարհում:

Շատ լավ. բայց խո մեծ բան է այսպիսի տան աղջիկը ուզել, այնպես չէ՞:

Ի՞նչ եմ ասում, ճաշակի խնդիր է, կան մարդիկ, որոնք տան հետ են ամուսնանում և մարդիկ, որոնք տան աղջկա հետ

Տես, ահա Մելքոն-աղան գալիս է, չհամարձակվես նրա մոտ այդպես բաներ խոսելու, թե չէ ինձ կխայտառակես, — կամացուկ շշնջաց պ. Թովմասը և Պետրոսի հետ միասին առաջացավ դեպի Մելքոնը:

Ահա ձեր փեսացուն, ես նրան հանձնում եմ ձեզ, մնացածը դուք գիտեք, — ծիծաղելով ասաց Թովմասը յուր խնամուն և ծանոթացրեց նրան Պետրոսի հետ:

Օ՛, բարով, հազար բարով, բարի լինի գալուստդ, յուղուրով լինի ոտքդ, ոչ պակաս լինիս մեր տանից. — սրտագին բարեկամությամբ ողջունեց Մելքոնը երիտասարդին և ձեռքից բռնելով առաջնորդեց նրան դեպի տուն:

Ինչ գեղեցիկ եղբոր որդի ունեք դուք, պ. Թովմաս, — հարցրեց Մելքոնը խնամուն, երբ նրանք ներս մտան տուն:

Ձեր աղջիկն էլ պակաս գեղեցիկ չէ, երկուսին էլ աստված իրար համար է ստեղծել, — պատասխանեց Թովմասը կատարյալ անկեղծությամբ:

Այո՛, ճշմարիտ է. բայց Պետրոսը մի քիչ ավելի է:

Ոչ. իմ հարսնացուն ավելի գեղեցիկ է, — նկատեց Թովմասը, կարծելով, թե մի մեծ ճշմարտություն է պաշտպանում:

Թովմասն այն մարդկանցից էր, որոնք կարծում են, թե իրենցից փոքրերը ատամներ չունին: Նա առանց քաշվելու գովում էր Խալաթյանի աղջկան այն կույր հավատով, թե՝ «Պետրոսը հո՞ չի կարող նրա տգեղությունը տեսնել, ես յուր հորեղբայրն եմ և իրենից մեծը ու խելոքը, ուրեմն ինչ որ ես ասում եմ, կնշանակե ճշմարիտ եմ ասում և ինքն էլ պարտավոր է հավատալ»: Այս տեսակ խելքի ու հասկացողության տեր մարդիկ շատ կան աշխարհում, որոնք հասակով, կամ նյութական կարողությամբ իրենցից նվաստ մարդիկների մեջ ոչ մի սեփական արժանավորություն չեն ուզում ճանաչել ոչ ճաշակի և ոչ կարծիքների վերաբերությամբ, և հենց այս սահմանափակ համոզմունքն է պատճառը, որ ի սկզբանե մինչև այսօր հնությունն ու նորությունը անվերջ պատերազմ են մղում իրար դեմ և երիտասարդ ուժը միշտ հաղթող է հանդիսանում, չնայելով որ ծերացած ուժը մինչև յուր վերջին շունչն էլ չէ խոստովանում յուր անկանգնելի պարտությունը... Բայց Մելքոն Խալաթյանը բոլորովին ուրիշ մարդ էր. նա ավելի խորագետ և փորձված էր, քան ուրիշ շատ խելոք մարդիկ, որոնք առհասարակ հռչակված են լինում հասարակության մեջ: Նա երեսի միմիկայից արդեն կարողանում էր ճանաչել յուր հետ խոսող մարդուն, և թափանցում էր նրա հոգու մեջ՝ ինչպես մի երևելի դիմագետ, և ըստ այնմ էլ հարմարեցնում էր յուր խոսքը խոսակցի, կամ ունկնդիրների հետ: Պետրոսի դժգոհ դեմքից արդեն նա գուշակել էր, որ երիտասարդը սիրով չէ այցելել յուր տունը և որ այդ գործի մեջ տեղի է ունեցել մի բռնություն: Այդ պատճառով նա աշխատեց գրավել երիտասարդին:

Է՛, ասա տեսնեմ, սիրելի փեսա, ինչպե՞ս է առողջությունդ, ինչպես են գործերդ, լսեցի, որ ոսկե մեդալով ես ավարտել ուսումդ, դա մեծ պատիվ է թե քեզ համար և թե հորեղբորդ համար, ապրիս, աստված էլ ավելի շնորհք տա: Բայց տես, որ շատ չկարդաս, որքան որ ուսում ես առե, բավական է: Այժմ հասակդ առել ես, ժամանակ է, որ ամուսնանաս և ուրախացնես թե՛ մորդ և թե՛ հորեղբորդ, որ հարազատ հոր երախտիք է տվել քեզ:

Շնորհակալ եմ ձեր բարի խորհուրդների համար, պարոն, կաշխատեմ կատարել նրանց, եթե իմ ուժերս կներեն:

Ուժերի գործադրությունը մեր կամքից ու կորովից է կախված, — նկատեց Խալաթյանը: — Անցան այն ժամանակները, երբ մարդիկ անգործ նստած աղոթում էին, որ այս կամ այն բարի հոգին հաջողե իրենց գործը կամ ձեռնարկությունը: Այսօր բոլորն էլ հավատում են, որ մի գործ հաջողեցնելու համար ոչ թե հոգիների օգնության պետք է դիմել, այլ հաստատուն կամքին, հոգեկան կորովին, որոնք կարող են հաղթահարել ամենազորեղ արգելքներն անգամ:

Այդ ճշմարիտ է. բայց կա և մի փոքրիկ բացառություն, որ քանդում է այդ տեսության ճշմարտությունը:

Այդպիսի բացառություն ես չեմ ճանաչում:

Բայց նա գոյություն ունի: Երբ մի գործի հաջողության դիմադրում է սիրտը, այն ժամանակ կամքը չէ կարողանում հաղթահարել նրան:

Բայց մի՞թե բազմաթիվ են մեր մեջ այդ տեսակ սրտերը:

Չգիտեմ, ես միայն իմ ճանաչած սրտերի մասին կարող եմ վկայել:

Որոնցից մինը երևի ձերն է:

Իհարկե, մարդիկ շատ անգամ այն բանի վերա են շատախոսում, ինչ որ իրենք ունին:

Կեցցեք. ես սիրում եմ ձեզ նման ճշմարտախոս երիտասարդներին, և եթե ձեր սիրտը կամենա ինձ հետ բարեկամանալ, ես ինձ շատ բախտավոր կհամարեմ... — խորհրդավոր ժպիտով նկատեց Մելքոն-աղան:

Բայց գիտե՞ք, որ ես ձեր խոսքերից շատ բան չեմ հասկանում, — ծիծաղելով մեջ մտավ հորեղբայր Թովմասը:

Ավելի լավ, որքան քիչ բան իմանաք, այնքան ուշ կծերանաք, — նույնպես ծիծաղելով պատասխանեց Մելքոն-աղան. — ես էլ հազիվ եմ ձեր եղբորորդու խորհրդավոր ակնարկությունները հասկանում:

Չէ, իմ եղբորորդին վատ բան չի ասիլ, — լրջությամբ նկատեց Թովմասը, կարծելով, թե Մելքոն-աղան վատ բան ասելու մասին է խոսում:

Խալաթյանը քթի տակ ծիծաղեց և ակնարկեց Պետրոսին: Վերջինս ձևացրեց, որ իբր թե չտեսավ Խալաթյանի ակնարկությունը, որովհետև ինքն յուր մեջ վիրավորվեցավ, որ նա ծիծաղում էր յուր հորեղբոր միամտության վերա:

Վերջապես ներս եկան տիկին Անիչկան և օրիորդ Նատալիան. երկուսն էլ փառավոր և շքեղ հագնված, իբրև թե կյուրակեի առթիվ:

Տիկինը ուներ մետաքսյա, մոխրագույն շրջազգեստ, երկայնատուտ և գեղածուփ, զարդարված ամենանուրբ կկոցներով: Գլուխը, որ ազատ էր վարշամակից, կապված էր գեղեցիկ և ամենախիստ ուշադրությամբ: Հինգ բթաչափ լայնություն ունեցող և մի գեղեցիկ հյուսկեն եզերում էր նրա թափանցիկ քողը, որ ըստ երևույթին առաջին անգամն էր ազատվել յուր ծալքերից և գեղեցիկ կերպով սքողում էր նրա մազերի երկու փայլուն ոլորները, որոնք խաղում էին նրա քունքերի վերա:

Ճակատի կապը, որ հասարակ կանանց մոտ գույնզգույն թելերով է լինում կարված, տիկին Անիչկայինը կերտված էր զուտ ոսկուց և զարդարված մարգարտով, նրա մեջ վառվում էին երկու մեծ ադամանդներ, որոնք ամրացրած էին երկու ոսկեղեն քորոցների վերա:

Նույնպիսի ադամանդներով զարդարված մի աստղ էլ հանգչում էր տիկնոջ կրծքի վերա, իսկ երկու շքեղ ապարանջաններ պատում էին նրա փափուկ և սպիտակ բազուկները:

Օրիորդ Նատալիան հագնված էր առավել մանկական քնքշությամբ: Նա ուներ բաց վարդագույն, բայց նույնպես մետաքսյա շրջազգեստ, զարդարված սպիտակ հյուսկեններով, բայց ավելի կարճ տարազով, որի տակից երևում էին նրա փոքրիկ սոլերիկները` կարած սպիտակ ատլասից և զարդարված վարդագույն կոճակներով: Նրա գլուխը սանդրված և հարդարված էր նույնպիսի խնամքով, ինչպես և յուր մորը: Մի քանի դեղձան հյուսեր գեղեցիկ գանգուրներով իջնում էին նրա ուսերի վերա, իսկ փոքրիկ խոպոպիկները, որոնց շաղապատում էր մարգարտյա մի շարոց, հովանավորում էին նրա ճակատը ինչպես մի արվեստական պսակ: Համաչափ մեծությամբ մի քանի ադամանդներ, որոնցից երկուսը փայլում էին օրիորդի ականջների մեջ, երկուսը աջ բազկի և մնացածները կուրծքի վերա, լրացնում էին օրիորդի գեղեցիկ զարդարանքը:

Միով բանիվ մայր և աղջիկ, ինչպես բուն գավառացիներ, պճրված էին կարծես մի շքեղ պարահանդեսի համար, որի մեջ դժբախտաբար միակ ասպետը խեղճ Պետրոսն էր:

Մելքոն-աղան յուր շնորհալի պերճախոսությամբ ծանոթացրեց Պետրոսին յուր կնոջ և աղջկա հետ, հայտնելով միևնույն ժամանակ յուր անսահման ուրախությունը այն թանկագին բարեկամության համար, որ պիտի սկսվեր այդ արժանավոր ծանոթությամբ:

Շուտով տիկին Անիչկան, ինչպես ուշադիր տանտիկին, միջոցներ գտավ խոսակցությունը հետաքրքիր անելու: Յուր փեսացուի ողջությունը հարցնելուց հետո նա ցանկություն հայտնեց լսելու նրանից Թիֆլիսի կանանց կենցաղավարության վերաբերյալ զանազան տեղեկություններ:

Պետրոսը, որ տիկին և օրիորդ Խալաթյաններին տեսնելու րոպեից արդեն, առանց մի որոշ պատճառի, մի տեսակ անզգայության մեջ էր մտել և յուր շուրջ պտտող ամեն երեվույթ երազ և ցնորք էր համարում, վերջապես սթափվեցավ յուր թմրությունից և զգալով յուր անբնական դրության տգեղությունը, հավաքեց յուր ուժերը և սկսավ տիկնոջ հետաքրքրությունը գոհացնելու վերա ուշադրություն դարձնել:

Ինչպիսի տեղեկություններ եք կամենում, որ ես հաղորդեմ ձեզ Թիֆլիսի կանանց վերաբերյալ, — հարցրեց Պետրոսը տ. Անիչկային:

Ինչ որ առհասարակ գիտեք:

Ես շատ բան գիտեմ, բայց թե որ բանով դուք ավելի կհետաքրքրվեք՝ այդ ես չգիտեմ:

Այ, զորօրինակ ես կցանկանայի իմանալ, թե ինչպես են հագնվում այնտեղ հարուստ դասի կանայքն ու աղջիկները, ինչ տեղեր են ավելի հաճախում, կլուբները գնում են, թե ոչ, պարահանդեսներ շատ են սարքվում և այլ այսպիսի բաներ:

Ձեր այդ տեսակ հետաքրքրությունը, տիկին, ես հազիվ թե կարողանամ գոհացնել, — պատասխանեց Պետրոսը, — այն շրջաններում, ուր կանայք հետաքրքրվում են ավելի հագուստներով, այցելություններով, կլուբներով ու պարահանդեսներով, ես շատ քիչ եմ գտնվել. ուրեմն իմ տված տեղեկություններն էլ շատ հարուստ լինել չեն կարող:

Բայց էլի ասացեք մի քանի բան:

Եթե կամենում եք շատ լավ: Այն կանայք, տիկին, և այն աղջիկները, որոնք երբեք չեն հետաքրքրվում տնային գործերով, որոնք փախչում են խոհանոցից, ինչպես դժոխքից որոնք չգիտեն, թե ծառան օրական որքանի պաշար է առնում իրենց համար, և որքան է գողանում յուր համար, որոնք կաբելն ու գործելը ստոր պարապմունք են համարում, որոնք երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կամ աղախիններին են թողնում և կամ վարձկան ու օտար վարդապետներին, այն կանայք, որոնք զբոսանքի ու զվարճության համար են միայն ապրում, իսկ ամուսին, մայր և տանտիկին լինելու ոչ շնորհք և ոչ ձգտումն ունին, այդպես կանայք, տիկին, ինչպես այստեղ, այնպես էլ Թիֆլիսում, միշտ իրենցով են զբաղված, հագուստի վերջին տարազները դեռ ճանապարհին՝ իրենք հագնում են Թիֆլիսում. այդ հագուստներով այցելում են բարեկամներին, հաճախում են կլուբներ, կոնցերտներ, պարահանդեսներ...

Օհ, այդ ինչպես լավ է. դուք ասում եք, որ հագուստի տարազները դեռ ճանապարհին՝ իրենք նրանց ձևով հագնում են, հա՞:

( Այո, այո, հագնում են:

Տեսա՞ր, մայրիկ, հապա ես որ նո՞ւյնն էի ասում, — խոսեց վերջապես և օր. նատալիան, որին այսօր իրավունք էին տվել դրա համար:

Ոչ, սիրելիս, դու ասում էիր, որ հենց որ տարազները ստացվում են Թիֆլիսում, իսկույն դերձակուհիները կարում են նրանց ձևով, բայց պ. Պետրոսը բոլորովին ուրիշ բան է ասում և միանգամայն զարմանալի բան. նա ասում է, որ հագուստի տարազները դեռ ճանապարհին՝ նրանց ձևով կարում են Թիֆլիսում, սա գեղեցիկ, սա հրաշալի բան է:

Բայց ի՞նչ կտորներից են կարում առհասարակ, — հարցրեց կրկին տ. Անիչկան, — մետաքսից, այնպես չէ:

Այո, և մետաքսից, և քիշմիրից... Բայց դուք շա՞տ եք սիրում հագնվել:

Այո՛, բայց իհարկե գեղեցիկ հագնվել, շատ գեղեցիկ, եթե հագուստը գեղեցիկ չէ, չարժե մինչև անգամ նրան հագնել:

Դուք էլ նույն կարծիքին եք, օրիո՞րդ, — հարցրեց Պետրոսը ներքին ծաղրածությամբ:

Այո, պարոն, գեղեցիկ հագուստը մարդուն ավելի շնորհք է տալիս:

Իսկ եթե այդ մարդը շնորհք չունի:

Այն ժամանակ... այն ժամանակ, իհարկե... կարելի է չհագնել... — շառագունած պատասխանեց օրիորդը, ինքն էլ չիմանալով, թե ինչ է ասում:

Բայց ես շատ չեմ սիրում գեղեցիկ հագուստները, — գթալով խեղճ օրիորդին՝ ընդհատեց նրան Պետրոսը:

Դուք չեք սիրում, մի՞թե կարելի է, — բացականչեց տիկինը. — հապա էլ ինչու համար ենք ապրում:

Ինչո՞ւ համար... շատ բան կա, տիկին, որի համար ապրում ենք:

Ես այդ չգիտեմ, բայց դուք ինչո՛ւ համար եք ընդդեմ գեղեցիկ հագուստներին:

Անշուշտ հագուստների դեմ ես ոչինչ չունիմ, ես ընդդեմ եմ նրանց հագնողներին:

Ինչո՞ւ համար:

Որովհետև այն կինը, որ յուր բոլոր հոգսն ու մտածությունը իրեն զուգելու ու զարդարելու մեջ է կենտրոնացնում, նա անպետք է յուր բուն, կանացիական պարտավորությունների համար:

Ես այդ չգիտեմ, բայց միթե դուք ոսկեղեն ու քարեղեն զարդարանքներին էլ ընդդեմ եք:

Պետրոսը զարմացած նայեց տիկնոջ երեսին, մի րոպե կարծելով, թե նա ցնորված է. բայց հանկարծ մտաբերելով, որ լուսավորված աշխարհը միլիոնավորները ունի դրանցից, լավ համարեց շարունակել.

Այո՛, տիկին, ես ընդդեմ եմ և ոսկեղեն ու քարեղեն զարդարանքներին:

Օ՛, մի՞թե կարելի է, հապա աշխարհում նրանցից ավելի գեղեցիկ էլ ուրիշ ի՞նչ կա:

Ակունքների մասին դուք իրավունք չունիք խոսելու, որովհետև աշխարհի մեջ ամենաթանկագին բաները նրանք են, — հայտնեց յուր կարծիքը և օրիորդ Նատալիան:

Պետրոսը ծիծաղեց:

Մի՞թե չեք հավատում, — աչքերը մեծացնելով հարցրեց օրիորդը:

Հավատում եմ, օրիորդ, բայց գիտե՞ք ինչ կա...

Ոչ:

Ուրեմն լսեցեք, ես իմացել եմ, որ դուք ռուսերեն ու ֆրանսերեն կարդացած եք, երևի կարդացած կլինեք և այն, որ աշխարհի զանազան մասերում վայրենի մարդիկներ կան, այնքան վայրենի, որ մինչև անգամ իրենց նման մարդիկներին ուտում են. բայց նրանք էլ զարդարանքների վերա ուշադրություն են դարձնում: Կան վայրենիներ, որոնք իրենց երեսը, ճակատը, կամ մարմինը զանազան գույներով նախշում են. կան վայրենիներ էլ, որոնք ծակում են իրենց քիթը և ականջները ու նրանց մեջ գունավոր փետուրներ են խցկում և այլն, սրանից ես եզրակացնում եմ, որ այն կինը, որ յուր ականջների, կրծքի կամ բազուկների վերա զարդարանքներ է կախում, ոչնչով չի տարբերվում այդ վայրենիներից, զանազանությունը միայն զարդարանքների գնի մեջ է, այսինքն, այսինքն վայրենիները թռչունների փետուրներն են խցկում իրենց ականջները, իսկ մեր կանայք՝ ոսկի ու ադամանդ...

Չգիտեմ, ես այդպես բաներ չեմ կարդացել, — խոսեց օրիորդը — «Մարգոյի» մեջ լավ պատմություններ շատ կան, բայց վայրենիների մասին բան չկա գրած:

Երևի այդ տեսակ բաները հայոց գրքերումն է գրված, — նկատեց տիկինը օրիորդին:

Շատ կարելի է, ես հայերեն գրքեր չեմ կարդացել:

Դուք հայերեն չե՞ք կարդացել, — զարմանք կեղծելով հարցրեց Պետրոսը:

Ոչ, — ժպտալով պատասխանեց օրիորդը:

Մի՞թե, բայց ինչո՞ւ համար չեք կարդացել:

Որովհետև հայերենը ոչ մի բանի պետք չէ գալիս:

Ինչպե՞ս թե ոչ մի բանի պետք չէ գալիս:

Այնպե՞ս էլի, պետք չէ գալիս:

Բայց մենք այժմ այստեղ հայերեն չենք խոսում:

Ի՞նչ դուրս եկավ դրանից: Հապա եթե մի խնջույքում, կամ պարահանդեսում կամենաք ասել՝ այս տիկնոջ շլեյֆը» երկար է, կամ այս օրիորդի կրուժիաները գեղեցիկ են, ինչ՞պես կարող եք ասել:

Հենց այդպես, ինչպես որ ասացիք:

Ներողություն, այդպես չէ կարելի, շլեյֆ և կրուժիաներ բառերն էլ հայերեն պետք է ասել, բայց հայերեն լեզուն այնքան աղքատ և ողորմելի է, որ այսպիսի երևելի անունների համար բառեր չունի:

Հա՛, տեսնո՞ւմ եք, հապա պատասխանեցեք իմ Նատաշին, — պարծենալով խոսեց տիկին Անիչկան, կարծելով, թե յուր աղջիկը յուր երևելի փիլիսոփայություններով Պետրոսի ձեռքն ու ոտքը կապեց:

Պետրոսը մի կարեկցական հայացք ձգեց տգետ մոր և աղջկա վերա և շշնջաց Շիլլերի գեղեցիկ խոսքը. «Հիմարության դեմ աստվածներն անգամ իզուր են կռվում...»:

Բայց խոսակցությունը կարճ կտրելու համար հարկավոր էր, որ նա մի պատասխան տար տիկնոջը:

Ձեր աղջիկը այնպես գեղեցիկ օրինակ բերավ, որ ես նրան պատասխան տալ չեմ կարող, ես արդարև հաղթված եմ, — ասաց նա և մայր ու աղջիկ ուրախ-ուրախ սկսան ծիծաղել:

Մելքոն-աղան, որ դիտմամբ Թովմասի հետ առանձնացել էր սենյակի մի անկյունը, որպեսզի յուր կնոջը ավելի ժամանակ տա Պետրոսին գրավելու, տիկնոջ բարձր ծիծաղի վերա մոտեցավ հետաքրքիր խմբին և մեծ հաճությամբ լսեց յուր կնոջ զեկուցումը, թե ինչպես Նատաշան հաղթեց պ. Պետրոսին մի երևելի վիճաբանության մեջ:

Հապա՛, հապա՛. ես իզուր չեմ հազարներ վատնել իմ Նատաշային կրթության տալու համար, — հպարտանալով խոսեց Մելքոն-աղան, — նա այժմ այնքան բան գիտե, որ կարող է դաս տալ մինչև անգամ մեր աղջեկերանց դպրոցի վարժուհուն:

Օրիորդ Աստղիկի՞ն, նա ինչ գիտե. դու էլ աղջկա անուն տվիր, — արհամարհական եղանակով նկատեց տիկինը:

Աստղիկի անունը ամբողջ մարմնով ցնցեց երիտասարդին, նրան թվաց, թե ինքը մասնակցում է մի մեծ հանցանքի, որովհետև յուր աչքի առաջ մի անարժան բերանով սրբապղծվում էր յուր առաքինի սիրուհու անունը:

Կարծեմ ժամանակ է, որ մենք գնանք, սիրելի հորեղբայր, արդեն բավական ձանձրացրինք մենք մեր բարեկամներին, — տեղից վեր կենալով խոսեց Պետրոսը:

Գնանք, այո, ժամանակ է, — պատասխանեց Թովմասը նույնպես տեղից վերկենալով, բայց խիստ դժգոհ եղբորորդու վարմունքից, որովհետև ինքը դեռ նոր էր գեղեցիկ տանտիկնոջ հանդեպ նստել և դեռ միտք ուներ մի փոքր ժամանակ նրա գեղեցիկ ժպիտներով հիանալու:

Դեռ ինչ գնալու ժամանակ է, — խոսեց տիկինը, — մի փոքր սպասեցեք, որ սուրճ վայելեք, մոռացա հրամայել, որ սուրճ պատրաստեն, սպասեցեք մի փոքր, այս րոպեին կպատրաստվի:

Պետք է շնորհակալ լինել ուրեմն, որ դուք մոռացել եք, — դժգոհությամբ նկատեց Մելքոն-աղան:

Խնդրեմ, խնդրեմ, մի նեղանաք, — թախանձեց Պետրոսը. — գեղեցիկ հագուստներն ու քարեղենները մեզ այնքան զբաղեցրին, որ տիկինը իրավունք ուներ այդքան փոքր բանի վերա ուշադրություն չդարձնելու:

Շնորհակալ եմ, դուք ինձ հասկանում եք, — ասաց տիկինըբայց էլի մի փոքր եթե մնայիք՝ շատ ուրախ կլինեի:

Ոչ, ոչ, մեծապես շնորհակալ եմ ես, մանավանդ ուրիշ տեղ այցելության պիտի գնամ, խոստացել եմ, — վճռաբար հայտնեց Պետրոսը և ձեռքը պարզեց տիկնոջը:

Վերջինս էլ չընդդիմացավ և քնքշաբար սեղմեց յուր ապագա փեսացուի ձեռքը:

Պետրոսը նույնպես ողջունեց օրիորդին, նրա հորը ու դուրս գնաց:

Բայց Թովմասը մի քանի րոպե ուշացավ բարեկամների մոտ:

Մելքոն-աղան հետաքրքրվեցավ իմանալու, թե արդյոք հավանեց Պետրոսը յուր Նատաշին և կամ երբ կլինի պաշտոնական նշանադրությունը:

Թովմասը, որ առաջին հարցին որոշ պատասխան տալ չէր կարող, երկրորդի մասին էլ ոչինչ չասաց. միայն խոստացավ հետևյալ օրը վերջնական պատասխան բերել երկու հարցի համար էլ:

ԻԳ

ՄԻԱԿ ԱՊԱՎԵՆԸ

Վերադառնալով տուն, Թովմասը տարավ եղբորորդուն յուր առանձնարանը և սկսեց հարցուփորձել նրան:

Ինչպես գտար հարսնացուդ, Պետրե, կարծեմ շատ հավանեցիր, այնպես չէ՞:

Ինչո՞ւ չէ. լավ աղջիկ էր, — պատասխանեց Պետրոսը, կամենալով նախընթաց ավուր որոշման համաձայն գործել. այսինքն միառժամանակ խորամանկություն բանեցնել, մինչև որ տեսնե, թե բանը ինչով է վերջանում:

Լավ աղջիկ լինելուն խոսք չկա. բայց դու այն ասա, հավանեցիր նրան, թե՞ ոչ:

Հավանեցի:

Ահ, փառք աստուծո, հապա որ ես գովում էի... Տեսար նրա հասակը, նրա շնորհքը, նրա խոսելը. դեռ մի մտածիր թե ում աղջիկն է, Մելքոն-աղա Խալաթյանի, քաղաքի ամենաառաջին հարստի. և որքան օժիտ կբերե և ինչ ապահովություն է քո ապագայի համար այդպիսի հարուստ աներ ունենալը: Օ՛, գիտես, թե քանի-քանի երիտասարդներ պիտի նախանձեն քո բախտին:

Այդ բոլորը գիտեմ:

Իհարկե կիմանաս, երեխա հո չե՞ս: Բայց ասա տեսնեմ, երբ ես ուզում, որ նշանադրությունն ու հարսանիքը լինի, այդ մեկը ես ուզում եմ, որ անպատճառ քո կամքով լինի:

Դեռ շատ ուշ:

Այսինքն քանի օրից ետ:

Օր չէ, հորեղբայր, տարիներից խոսիր:

Ինչպե՞ս:

Այո, առնվազն մի չորս տարի դեռ պետք է սպասել մինչև որ ես համալսարան կերթամ, ուսումս կավարտեմ և կվերադառնամ:

Ինչե՞ր ես խոսում, աղջիկն արդեն տասնևութ տարեկան է. նրան ինչպես կարելի է այդքան ժամանակ պահել, այդ հասակի աղջկանը մեր քաղաքում արդեն պառաված են համարում, իսկ դու դեռ նրան չորս տարի էլ ես ուզում սպասել տալ:

Քսաներկու տարին աղջկա ամուսնության ամենալավ ժամանակն է:

Դատարկ բաներ մի՛ խոսար. որքան էլ որ այս գործը ուշանա, մի կամ երկու շաբաթից ավելի չի կարող ուշանալ, կարող ես պսակվել և հետո, ինչպես ես քեզ խոստացա, էլի գնալ ուսմանդ ետևից: Քո հարսնացուն ես ու մայրդ մեր աչքի լույսի պես կպահենք:

Բայց այդ անկարելի է, ամուսնանալ և հետո գնալ համալսարան, դա շատ ծաղրելի բան է:

Ծաղրելի ոչինչ չկա. կամուսնանաս, կինդ կթողնես մեզ մոտ ու դու կերթաս քո ուսմանդ:

Ոչ, հորեղբայր, այդ բանում դուք չպիտի բռնադատեք ինձ. ամուսնանալուց ետ անկարելի է ուսում շարունակել, իսկ ես չեմ ապրիլ եթե ինձ միջոց չտաք իմ ուսումս ավարտելու:

Չէ, որդի, ավելի խոսել հարկավոր չէ. Դու այս արա, ինչ որ քո հորեղբայրդ խորհուրդ է տալիս քեզ. դու գիտես, որ նա քո թշնամին չէ: Երկու կամ երեք օրից ետ հանդիսավոր նշանադրություն կանենք, և մի շաբաթից կամ տասն օրից հետո փառավոր հարսանիք: Եվ դեռ տես, թե ինչ հարսանիք եմ անում քեզ համար, ամբողջ քաղաքը պետք է ոտի վերա լինի քո պսակի գիշերը:

Այդ բոլորը լավ, հորեղբայր, բայց ես ասացի ձեզ, որ անկարելի է ինձ այդպես շուտ ամուսնանալ:

Ես էլ ասացի, որ ավելի խոսել հարկավոր չէ. տասն օրից ավելի չպիտի ուշանա այս գործը:

Պետրոսը պարզ տեսավ, որ յուր խորամանկությունը մի հաջող նպատակի չհասցրեց իրեն, ուստի լավ համարեց ճշմարիտ խոսակցությամբ ավարտել գործը:

Սիրելի հորեղբայր, — ասաց նա, — ես կամենում եմ անպատճառ ավարտել իմ ուսումս, սա կարծեմ մի հանցանք չէ ինձ համար:

Իհարկե՞:

Ուրեմն եթե այս նպատակիս համար էլ ես աշխատում եմ ձեզ չգրգռել, այս էլ մի հանցանք չէ:

Ինչպե՞ս, չեմ հասկանում:

Այո, ես Խալաթյանի աղջկան չեմ հավանում և երբեք էլ չեմ ամուսնանալ նրա հետ. ավելի լավ է այժմյանից ճշմարտությունը ասել և ապագայում ցավ չպատրաստել ոչ ինձ և ոչ ձեզ համար:

Թովմասը կարծես քնից զարթնած վեր թռավ յուր աթոռից:

Ի՞նչեր ես խոսում, Պետրե, գժվե՞լ ես դու:

Հանգստացեք, հորեղբայր, ես չեմ գժվել և միայն ճշմարտությունն եմ խոսում:

Դու չասացի՞ր, թե հավանում եմ աղջկան:

Ներեցեք ինձ, ես այդ ասացի միայն ձեզ չգրգռելու համար, և ես այժմ տեսնում եմ, որ սխալվեցա. որովհետև քանի որ դուք ձեր մտքում դրել եք անպատճառ ամուսնացնել ինձ այն աղջկա հետ, և ես որոշել եմ ամենևին չամուսնանալ նրա հետ, կնշանակե մենք երբեք չենք հաշտվիլ այս խնդրում և ուրեմն ավելի լավ է բուն ճշմարտությունը խոստովանվեր:

Եթե այն է ճշմարտությունը, որ դու Խալաթյանի աղջկան չես հավանում ուրեմն չես ամուսնանալ նրա հետ, կնշանակե դու երբեք էլ համալսարան չես տեսնիլ և ուսումդ չես ավարտիլ, — վճռաբար ասաց Թովմասը:

Բայց չէ որ դուք ասացիք ինձ, թե տես աղջկանը, եթե կհավանես, լավ, եթե չէ, կարող ես էլի քո ուսման ետևից գնալ:

Ասացի, բայց այժմ այդպես չեմ կամենում, դու պետք է անպատճառ ամուսնանաս այն աղջկա հետ:

Բայց ինչո՞ւ համար անպատճառ ինչ գաղտնիք է այդ, վերջապես, որ դուք բերել եք տալիս Թիֆլիսից, արգիլում եք ինձ իմ ուսումս շարունակել և ստիպում եք, որ եu ամուսնանամ, պարզեցեք ինձ այդ գաղտնիքը, գուցե դրանով դուք կարողանո՞ւմ եք համոզել ինձ...

Ոչինչ գաղտնիք չկա:

Անկարելի է. այդ գաղտնիքը գոյություն ունի, բայց դուք ծածկում եք ինձանից:

Թովմասը մի րոպե լռեց և սկսավ մտածել. «Պատմենք սրան բանի էությունը. գուցե, իրավ, համոզվում է նա. ամուսնանալու գործը իրեն է պատկանում, լավ է, որ իմ ստիպելու պատճառն էլ ինքը իմանա», — մտածեց Թովմասը և պատմեց նրան Մելքոն-աղա Խալաթյանի շնորհիվ յուր վերցրած կապալի բոլոր պատմությունը, սկսելով դրացի Սիգոյի հայտարարությունից և վերջացնելով յուր Թիֆլիս քաշած հեռագրով:

Պետրոսը, որ հորեղբոր պատմությունը լսելով հետզհետե կատաղում էր, վերջում արդեն յուր համբերությունը կորցրեց:

Ուրեմն դուք ինձ վաճառել եք Մելքոն Խալաթյանին, — դառնացած բացականչեց երիտասարդը. — և ինչ իրավունքով էիք այդքան անխիղճ կերպով իմ բախտի հետ խաղում...

Այդպես բաներ մի՛ խոսիր, Պետրե. չէ որ ես էլ քո բախտավորության համար եմ մտածում, ո՞ւմ պիտի մնան իմ աշխատած փողերը, դու չե՞ս արդյոք իմ միակ ժառանգը աշխարհում:

Որին այսուամենայնիվ դուք վաճառել եք մի կապալյով...

Դարձյալ նույն խոսքերը:

Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել:

Ուրեմն քեզ ամուսնացնելը՝ քեզ վաճառել կնշանակե՞:

Բայց ո՞ւմ հետ եք ամուսնացնում:

Մի հարուստ, մի պատվական աղջկա հետ:

Ավելի լավ է ասացեք մի հրեշի:

Ինչու համար այդպես անխիղճ ես դու, Պետրե, միթե այն աղջիկը այդքան էլ տգեղ է, որ դու նրան հրեշ ես անվանում:

Տգե՞ղ, մի՞թե տգեղության մասին է խոսքը, աղջիկը տգեղ չէ երբեք, եթե տգեղությունը նրա դեմքի վերա է նշմարվում, ինչ բան է հենց նույն ինքը գեղեցկությունըմի փայլ, որ անհետանում է խորշակի առաջին հարվածից, կամ մի ծաղիկ, որ մի ժամվա մեջ թառամում է արևի կիզիչ ճառագայթների առաջ: Արտաքին գեղեցկությունը նույն նշանակությունն ունի յուր ամուսնու համար, ինչ որ նրա պսակի փայլուն հանդերձանքը, որոնք մի օրից հետո էլ չեն գրավում նրան, որովհետև կորցնում են իրենց հանդիսական նշանակությունը: Մի կին հավիտյան գեղեցիկ և հավիտյան գրավիչ լինելու համար պետք է փայլի ներքին, հոգեկան գեղեցկությամբ: Ինչ հարկավոր է ամուսնուն այն կինը, որ հրեշտակի կերպարանք ունի, բայց սատանայի սիրտ, միթե գրավիչ հայացքը կարող է բուժել այն վերքը, որ բանում է ամուսնու սրտի մեջ թունավոր լեզուն... Չէ, աղջկա արտաքին գեղեցկությունը չէ կարող գրավել ինձ. ո՛րքան գեղեցկություններ կան, որոնք թափառում են հասարակաց սրահներում և որոնց ամեն մի անցորդ կարող է գնել մի քանի փողով... Ես պտրում եմ աղջկա մեջ ներքին, հոգեկան գեղեցկություն, մի արժանիք, որին չեն կարող թառամեցնել ոչ խորշակի հարվածները և ոչ արևի ճառագայթները, մի արժանիք, որ չէ հնանում և չէ ժանգոտում, այլ գործող արորի նման օրըստօրե հղկվում, փայլում է և տեսնողների աչքերն է խտտղում... Ահա իմ պաշտած գեղեցկությունը, ես սրա հետ միայն կարող եմ ամուսնանալ...

Следующая страница