Մուրացան՝   Ց'պահանջ

Страницы: Начало Предыдущая 1 2 Следующая Конец

Իրավունք չունեի չհավատալ պարոնին, որովհետև նա այդ ասում էր այնպիսի մի սրտաբաց մտերմությամբ, որի մեջ հետին մտքերի ամենափոքր ստվեր չէր կարելի նշմարել:

Բայց և այնպես ես զարմանում էի, որ Շուբինը այդքան սիրված լինելով քաղաքում, երբեք չէր դիմում ինձ «ցպահանջ» մակագրությամբ որևէ նամակ ստանալու: Այս առթիվ խոսում էինք մենք հաճախ և ծիծաղում:

Եվ սակայն շուտով նրա հերթն էլ հասավ: Հիշածս առավոտը մտնելով փոստատուն, նա մոտեցավ ինձ և ասաց.

Վասիլ Իվանիչ, եթե «a. b. cտառերով նամակ ստանալու լինիք, խնդրեմ պահեք այն և հանձնեք ծառայիս:

Ձեր ծառայի՞ն, — հարցրի ես զարմացմամբ:

Այո՛, միայն նրան:

Իսկ նա հավատարի՞մ է ձեզ, — հարցրի նորից խորհրդավոր զգուշությամբ:

Օ՛, շունից ավելի, — պատասխանեց նա և ընդնմին շտապով ավելացրեց, — էհ, ցտեսություն, հուսամ չեք մոռանալ. «a. b. c. ցպահանջ»:

Հանգիստ եղեք, երբեք չեմ մոռանալ, — ապահովացրի ես պարոնին: Եվ ապա երբ հեռացավ, ինքս ինձ մտածեցի, — սա էլ ուրեմն դարձավ իմ ժողովուրդը:

Եվ սակայն այս հայտարարությունը հաճելի եղավ ինձ այն պատճառով, որ այդ օրը Յուլիային կարող էի հայտնել մի նորություն:

Երբ տուն վերադարձա, առաջին խոսքս եղավ`

Կարո՞ղ ես գուշակել թե ի՞նչ նոր հաճախորդ ունիմ:

Նոր հաճախո՞րդ, — հարցրեց ինձ Յուլիան, առանց յուր աչքերը կարից վերցնելու:

Այո:

Ո՞վ է:

Հապա գուշակիր.

Ինչպե՞ս գուշակեմ. քաղաքում մարդ շատ:

Չէ, մեր ծանոթներից է:

Բայց ո՞վ է:

Գուշակիր տեսնեմ, — կրկնեցի ես:

Ասացի որ չեմ կարող:

Շուբինը:

Մի՞թե, այդ հետաքրքրական է, — ասաց Յուլիան ժպտալով:

Այդքա՛ն միայն:

Հապա էլ ուրիշ ի՞նչ:

Չե՞ս զարմանսում, ուրեմն, իմ մարգարեության վրա, որ ասում էի թե՝ շուտով Շուբինը իմ «ժողովուրդն» է դառնալու:

Օ, ի՛նչ մեծ մարգարեություն ես արել, ում չէ հայտնի, որ նա հարյուրավոր երկրպագուներ ունի քաղաքում:

Ունի, ես էլ գիտեմ, բայց բանն այս է, որ նա մինչև այժմ ծածկագիր չէր ստանում:

Յուր հասցեով նամակ հո՞ ստանո ւմ էր:

Ինչո՞ւ չէ:

Էհ, այդ նամակները չէին կարող գաղտնի զրույցներ պարունակել:

Չեմ կարծում: Նման նամակները «ցպահանջ» են գրում միշտ:

Որ ապահովապես տիրոջ ձե՞ռքը հասնի, — հարցրեց Յուլիան ժպտալով:

Անշուշտ:

Ի՞նչ հասցե ունի Շուբինի նամակը, — հետաքրքրվեց կինս:

Ալգեբրայական, պատասխանեցի ես:

Այսի՞նքն:

A. b. c., ցպահանջ:

Բոլորովին նոր հասցե է:

Այո, դեռ այս հասցեով նամակ չէ ստացվել ինձ մոտ:

Գիտե՞ս ինչ եմ ուզում ասել քեզ, — դարձավ ինձ Յուլիան ժպտալով:

Ի՞նչ:

Արի մի անգամ բեր Շուբինի այդ նամակը բանանք ու կարդանք:

Խելագարվե՞լ ես դու, — հարցրի ես զարմանալով:

Ի՞նչ կլինի, կարդանք ու իմանանք թե ով է դրա մտերմուհին:

Յուլիա, Յուլիա, ինչե՛ր ես խոսում, այդպիսի առաջարկություն չէի սպասում քեզանից, — նկատեցի ես լրջությամբ:

Օհ, մեծ բան է, կարծես չես կարող ծրարը նորեն փակել ու հանձնել իրեն:

Ես քեզ խնդրում եմ, որ այդ խոսքը չկրկնես, նույնիսկ կատակով: Այդպիսի վարմունքը հանցանքից ավելի է. մի կարծիր թե ամուսինդ ընդունակ է անազնվության, — ասացի ես վճռաբար և մեր մեջ այլևս խոսք չեղավ այդ մասին:

Երկու օրից հետ, արդարև, փոստային արկղներից հանած նամակների միջից երևան եկավ «a. b. cհասցեով ծրարը, որը, չգիտեմ ինչու, մյոսւներից ավելի գրավեց ուշադրությունս և ես, փոխանակ սովորական դարակի մեջ դնելու այն, պահեցի իմ սեղանի արկղում: Շուտով երևեցավ Շուբինի ծառան, որին անձամբ ճանաչում էի: Իսկույն հանձնեցի նրան տիրոջ նամակը պատվիրելով որ իմ աչքի առաջ ծոցը դնե, որպեսզի չկորցնի:

Տուն վերադառնալուց հայտնեցի Յուլիային, որ a. b. c. հասցեով նամակն արդեն ստացա և ուղարկեցի տիրոջը:

Այս լուրը, չգիտեմ ինչու, նրան այլայլեց և մի թեթև շառագույն նրա սիրուն դեմքը պատեց.

Ի՞նչ պատահեց քեզ, ինչո՞ւ շիկնեցիր, — հարցրի ես զարմանալով նրա դեմքի հանկարծական փոփոխության վրա:

Շիկնեցի՞... չգիտեմ, գուցե հուզմունքից, — պատասխանեց նա:

Բայց ինչո՞ւ հուզվեցար:

Որովհետև այդ նորությունը հիշեցրեց՝ ինձ անցյալ օրվա քո կոպիտ վարմունքը... Այսքան ժամանակ է մենք պսակված ենք, և ես քեզանից դեռ ծանր խոսք չէի լսել: Բայց այն օրը, մի որևէ Շուբինի պատճառով, էլ նախատական բան չմնաց, որ դու չասեիր ինձ... օհ, չեմ կարող մոռանալ... Այս ասելով Յուլիան արտասվեց և թաշկինակը հանելով սեղմեց աչքերին:

Յուլիա, Յուլիա, ի՞նչ ես անում դու, ինչե՛ր ես խոսում, ինչպես կարող եմ քեզ նախատել. — այս խոսքերով դիմեցի ես դեպի ամուսինս, և գրկելով նրան՝ սեղմեցի կրծքիս ջերմագին:

Նախատինք չէր, հապա ի՞նչ էր. ես քեզ կատակով խոսք եմ ասում, իսկ դու այն ճշմարտության տեղ դնելով՝ նկատում ես թե՝ ես խելագարվել եմ, թե ես քեզ անազնվության ընդունակ մարդ եմ համարում ևն. ևն.: Մի՞թե արդարև կարծում ես թե՝ ես թույլ կտամ ինձ մի վայրկյան մտածել թե իմ Վանիան կարող է ուրիշների նամակը բանալ... ինչու չիմացար որ խոսածներս կատակ էին:

Ներիր ինձ, հոգյակս, ներիր, խոստովանում եմ, որ սխալվել եմ, բայց իրավ որ քեզ նախատելու իրավունք չեմ ունեցել, — ասացի ես և ջերմագին համբույրներով սկսա իմ սիրեցյալի ձեռքերն ու դեմքը ծածկել:

Թող այսուհետև այդ «ցպահանջ» նամակների մասին խոսք չլինի մեր տան մեջ, ես այլևս ոչինչ չեմ ուզում լսել, որովհետև ամեն անգամ էլ այս դեպքը հիշելով պիտի հուզվեմ, — ասաց Յուլիան, վերջին անգամ աչքերը սրբելով:

Քո հրամանը կկատարվի ճշտությամբ, — պատասխանեցի ես: Եվ այնուհետև, արդարև, այլևս խոսք ու զրույց չեղավ մեր մեջ այդ նամակների մասին:

Եվ սակայն, սիրելիներս, ես շաբաթը մի երկու անգամ պարբերաբար ստանում էի a. b. c. մակագրությամբ նամակներ և հասցնում Շուբինին:

Մի անգամ իմ գլխում ծագեց այսպիսի մի հարց: — Ինչու Շուբինը, որ ամեն օր գրեթե ազատ թափառում է այս փողոցներում, չի գալիս անձամբ յուր նամակն ստանալու, մինչդեռ ուրիշ մարդիկ, որոնք նրանից ավելի զբաղված են, երբեք «ցպահանջ» նամակները օտարին չեն հավատում:

Այս հարցի պատասխանը դեռ չէի գտել, երբ ահա մի օր նա մտավ փոստատուն և նամակ հարցրեց, հայտնելով ընդնմին թե՝ պատահմամբ անցնում էր այդտեղից և ներս եկավ իսկապես ինձ ողջունելու համար:

Ես, իհարկե, շնորհակալություն արի, և որովհետև նրա նամակն արդեն պահարանումն էր, ուստի հանելով հանձնեցի իրեն, և դրա հետ միասին, ըստ իմ սովորության, հառեցի հայացքս Շուբինի աչքերին: Երիտասարդը, կարծես, շփոթվեց իմ հայացքից, և խոսքը գրեթե կիսատ թողնելով, նամակն արագությամբ ձեռքիցս առավ և «ցտեսություն» ասելով իսկույն շուռ եկավ:

Այս մի տարօրինակ վարմունք էր: Ինձ ողջունելու համար ներս եկած բարեկամը ինչո՞ւ այդպես շուտ ինձանից պիտի փախչեր: Բացի այդ, երբ Շուբինը դռան մոտ հասնելով՝ կամենում էր գլխարկը ծածկել, վայր ձգեց նամակը՝ դարձյալ շփոթվելով: Նա խոնարհեց վերցնելու և միևնույն ժամանակ մի գողունի հայացք ձգեց վրաս տեսնելու համար թե դեռ նայում եմ յուր վրա թե ոչ: Ես, իհարկե, նայում էի: Նա այդ նկատեց և նամակը վերցնելով մի ակնթարթում հեռացավ:

Զարմանալի է, մտածեցի ինքս ինձ, դերասանին, իսկապես, անծանոթ պիտի լինի ամոթխածությունը: Մի մարդ, որ հազարավորների առաջ միօրինակ համարձակությամբ խաղում էր թե առաքինի մարդու և թե ավազակի դերեր, չի պիտի ճնշվի որևէ ծածկագիր նամակ ստանալուց: Եվ սակայն այս մարդը չէր իշխում ուղղակի նայել իմ երեսին, ինչ է սրա պատճառը:

Այսպես մտածելով ես գալիս էի այն եզրակացության թե՝ ուրեմն ամոթի զգացումն ունին բոլոր նրանք, որոնք բարի գործը հանցանքից զատելու չափ ըմբռնումն ունին: Բեմի վրա խաղալը, հարկավ հանցանք չէ, ուստի Շուբինը չէ քաշվում դրանից: Բայց շահագործել, օրինակ, սերը մի կնոջ, որ իրեն չէ պատկանում, ծանր հանցանք է, և այդպիսի գործից նա պիտի ամաչե: Եվ որովհետև գաղտնի հասցեով նամակ ստանալուց արդեն քաշվում է, պարզ է ուրեմն, որ նա գործում է մի հանցանք և դրա համար էլ ամոթի զգացումը թույլ չի տալիս իրեն՝ անձամբ գալ ինձ մոտ և յուր գիրն ստանալ:

Բայց թե իսկապես ի՞նչ էր նրա հանցանքի էությունը: Այդ հարցն ինձ համար մնաց անլուծելի:

Մի անգամ ամուսինս հայտնեց, թե հրավիրված է յուր քեռու տունը, որն ապրում էր քաղաքի հեռավոր մի արվարձանում և որի հետ վաղուց խռով էի ես: Չնայելով իմ հակակրության, որ տածում էի դեպի կնոջս այդ ազգականը, ես, այսուամենայնիվ, չէի արգելում Յուլիային այցելել նրան, կամ պահպանել քեռու հետ բարի հարաբերություններ: Այս պատճառով էլ, իհարկե, առանց դժվարության հաշտվեցի այն մտքի հետ, թե ամբողջ մի օր չպիտի տեսնեմ Յուլիային, կամ պիտի ճաշեմ առանց նրա ընկերության:

Երբ եկա ծառայության, ընկերներիցս մինը իմ վիճակն իմանալով, հայտնեց թե՝ ինքն էլ ստիպված է այդ օրը ճաշել միայնակ, որովհետև կինը հրավիրված է պիկնիկի:

Արի, ուրեմն միասին կրենք մեր զրկանքը, — ասացի ես, — գնանք ճաշենք քաղաքից դուրս, այգիներից մինում:

Դրանից լավ բան չէիր կարող առաջարկել, գնանք, — համաձայնվեց ընկերս:

Մենք որոշեցինք ժամ առաջ վերջացնել գլխավոր գործերնիս և երկրորդականը մեր օգնականներին թողնելով խույս տալ փոստատնից, որպեսզի այգիների մաքուր ու թարմ օդից օգտվենք ավելի:

Նամակները զատելու ժամանակ դարձյալ լույս ընկավ a. b. c. հասցեով մի ծրար, որը չվստահանալով թողնել օգնականիս, ծոցս դրի իսկույն, որպեսզի Շուբինի տան մոտից անցնելուց՝ զանգը քաշեմ և հանձնեմ իրեն: Բայց երբ դուրս եկանք փողոց և առաջին պատահած կառքը բարձրացանք, էլ մոռացա թե հետս նամակ ունիմ վերցրած, ուստի առանց կանգ առնելու դեպի այգիները սլացանք:

Այստեղ, իհարկե, ամեն բան լավ էր. և օդը, և ծառերը, և թուփերի տակ կարկաչող առուն: Բայց ամենի գլուխ գործոցը եղավ մեր սեղանը, որ բացվեցավ հովանավոր ակացենու տակ և ընկերոջս տված պատվերի համաձայն ծածկվեցավ շուտով ընտիր ակրատով (զակուսկա) և ապա համեղ կերակուրներով ու սառը գինու շշերով:

Մենք կերանք, խմեցինք որքան կարող էինք և շուտով համոզվեցանք, որ քեֆն ավելի լավ է քան թե ծառայությունը:

Եվ որպեսզի այդ քեֆը թերատ չթողնեինք, մենք սկսանք նաև եռանդով երգել:

Հենց այդ միջոցին պատահմամբ ձեռքս ծոցս տարի և շոշափեցի այդտեղ Շուբինի նամակը:

Ախ, ինչ հիմարություն արի ես, — բացականչեցի հանկարծ, այս նամակը պետք է տիրոջը հանձնեինք:

Ի՞ նչ նամակ, — հարցրեց ընկերս:

Այ, այս a. b. c.-ն:

Թող, բան չունիս, դրա տիրոջ հերն անիծած, ինչ կկորցնե եթե վաղն ստանա:

Ցպահանջ է, այ մարդ, կարող է ժամադրության խանգարում պատճառել, — նկատեցի ես ծիծաղելով:

Ինձ ինչ, թող խանգարվի: Բայց չէ, տուր ինձ այդ նամակը, ես պիտի կարդամ, տեսնեմ ով է դա, որ հաճախ ժամադրություններ է նշանակում: Անշուշտ գեղարվեստի երկրպագուներից մինն է...

Թող, բան չունի՞ս, — ասացի ես լրջությամբ և կամեցա ծոցս դնել ծրարը: Բայց ընկերս արագությամբ հափշտակեց այն ձեռքիցս և մի ակնթարթում ծրարը պատառեց:

Երդվեցնում եմ քեզ այն ամենով, ինչ որ սուրբ է քեզ համար մի կարդար այդ նամակը, — բացականչեցի ես:

Ծրարն արդեն պատառել եմ, այսպես հո չես կարող տիրոջը վերադարձնել, — պատասխանեց ընկերս շարունակ ծիծաղելով և ինձանից փախչելով:

Ուրիշ ծրարում կդնեմ, թող:

Անկարելի է, այս նամակը պիտի կարդանք, — ասաց նա վճռաբար:

Ուրեմն մի պայմանով, — հարեցի ես, տեսնելով որ նրա ձեռքից չեմ կարող այս գիրն ազատել:

Ի՞նչ պայմանով, — հարցրեց նա:

Այն, որ առաջ ես կարդամ և եթե հարմար գտնեմ բովանդակությունը քեզ հաղորդելու, այն ժամանակ միայն հաղորդեմ:

Համաձայն եմ, — ասաց ընկերս և վերադարձրեց նամակը:

Եթե գինին տաքացրած չլիներ ուղեղս, գուցե, այդ գրի ծալքն անգամ չշարժեի: Բայց արդեն անբնական դրության մեջ լինելով և իմ ձեռքում բաց տեսնելով այն ծածկագիրը, որ այնքան շատ հետաքրքրել էր ինձ, հրապուրվեցա և բացիբայց, աստված իմ, ի՞նչ տեսաԱշխարհն ասես շուռ եկավ գլխիս և գինովությունը վայրկենապես անցավ: Զգացի, որ աչքերս սևանում են և գետինը շարժվում է ոտքերիս տակ. ուստի մեջքս դեմ տվի ծառին:

Ի՞նչ պատահեց քեզ, եղբայր, ինչո՞ւ գույնդ թռավ, ի՞նչ կար այդ նամակում, — հարցրեց ընկերս բոլորովին շվարած:

Ոչինչ... ոչինչ չկա, կառք բերել տուր, իսկույն պիտի գնամ քաղաք, — հազիվ շշնջացի ես, որովհետև բերանս վայրկենապես ցամաքել ու լեզուս դառնացել էր, խոսել չէի կարողանում:

Ընկերս, կարծես, գուշակել էր արդեն ինձ հասած դժբախտությունը, ուստի առջևս արձանացած ոչինչ չէր կարողանում խոսել: Մի քանի վայրկյան այսպես լուռ մնացինք: Նա նայում էր ինձ վրա, իսկ ես օդի տարածությանը, որ այդ վայրկյանին թվում էր ինձ պղտոր ու մթին, ես շունչ էի քաշում այնպես ծանր ու դժվարությամբ, որ կարծես թե թոքերս ճնշում էր մի երկանաքար: Ապա տեսնելով, որ ընկերոջս ներկայությունը ավելի է ծանրացնում իմ թշվառ դրությունը, ասացի նրան նվազած ձայնով.

Ես հեռանում եմ այստեղից, մի հետևիր ինձ, խնդրում եմ:

Ընկերս կանգնած տեղից մինչև անգամ չշարժվեց: Ես դողդոջուն քայլերով դեպի ծառերի խորքերը հեռացա:

Երբ ինձ արդեն միայնակ զգացի, բացի ձեռքումս ճխլտած նամակը և նորեն կարդացի:

( Բայց ումի՞ց էր նամակը, — հարցրեց կառավարիչին խոսակիցներից մինը:

Յուլիայից, իմ սիրած կնոջից.

Ձե՞ր կնոջից:

Այո:

Ներողություն, ի՞նչ էր գրում նա:

— «Իմ սիրեցյալ, իմ աննման Պոլ, — գրում էր նա երիտասարդին, — ես արդեն հետևեցի քո խելոք խորհրդին և հայտնեցի ամուսնուս թե հրավիրված եմ իմ քեռու տանից, ուր, ինչպես գիտես, նա ոտք չէ դնում: Ուրեմն ես առաջ կայցելեմ քեռուս, որպեսզի, համենայն դեպս, եղած լինեմ նրա մոտ. իսկ հետո, ժամը երկուսին կառքով կմոտենամ Դ-ի այգուն, ուր, հույս ունիմ, ժամ առաջ սպասում կլինես դու ինձ: Առայժմ ուղարկում եմ քեզ իմ ջերմագին համբույրները: Ցփութով տեսություն, քո Յուլիա»:

Այժմ, պարոններ, ավելորդ է նկարագրել ձեզ այն հոգեկան տանջանքները, որ ես կրեցի այդ զարհուրելի ժամերին: Այդ նկարագիրն անելու համար վիպասան պիտի լինի մարդ: Ես միայն կշարունակեմ իմ պատմությունը, որը վերջացնելու համար քիչ բան է մնում ինձ ասելու:

Չարագուշակ նամակը կարդալուց և ինձ հասած դժբախտության մեծությունը չափելուց հետ ես դուս եկա այգուց՝ առանց իմ ընկերից տեսնվելու և խելագարի պես ոտքով հասա քաղաք: Եվ որովհետև որոշել էի գնալ անձամբ տեսնել, թե ինչպես է Յուլիան յուր սիրելիի հետ զվարճանում, ուստի կառք նստեցի և սլացա դեպի այն կողմը, ուր գտնվում էր Դ-ի այգին: Սա քաղաքից հեռու լինելու պատճառովի հաճախորդներ չէր ունենում, բայց խիստ հարմար էր մենավոր տեսակցության համար:

Պարտիզի դուռը փակ գտնելով, ես մինչև անգամ, չբախեցի այն, այլ դռան վրայից թռչելով ներս մտա և դիմեցի ուղղակի դեպի միակ հովանոցը, որ գտնվում էր այգու խորքում և շրջապատված էր տերևախիտ ոստերով:

Եվ ի՞նչ տեսա այդտեղ: Հովանոցի մեջ բացված ճոխ սեղանի առաջ նստած էր Յուլիան, աջ ձեռքով բռնած գինու բւսժակը, իսկ ձախով՝ քնքշաբար հոմանուն կռթնած: Ինձ տեսնելուց նա մի ճիչ արձակեց և բաժակը ձգելով՝ ձեռքերով ծածկեց երեսը, որ արդեն սփրթնել, կտավի գույն էր առել: Շուբինը նույնպես վեր թռավ տեղից և այլայլված արձանացավ հովանոցի մի անկյունում:

Ես հառեցի աչքերս Յուլիայի վրա և անխոս նայում էի նրան ամբողջ մի վայրկյան: Ապա գլուխս տխրությամբ շարժելով հեռացա այդտեղից առանց մի բառ արտասանելու:

Երկու օր շարունակ ես խելագարի պես թափառում էի քաղաքի շրջակաները, առանց ուտելու և առանց հանգստանալու: Երբ երրորդ օրը վերադարձա տուն, բնակարանս լցված գտա ամբոխով: Յուլիան մի քանի ժամ առաջ մեռել էր թունավորելով իրան կարբոլյան թթվուտով...

Եվ, ուրեմն, այդ բոլոր դժբախտության պատճառը մի գաղտնիք քրքրե՞լն եղավ, — հարցրեց գրազ բռնողը:

Եվ մի ճշմարտություն իմանալը, — հարեց կառավարիչը:

Страницы: Начало Предыдущая 1 2 Следующая Конец