Մուրացան՝   Երկուսից ո՞րը

Страницы: Начало Предыдущая 1 2 Следующая Конец

Սխալվում ես, բարեկամ, սխալվում ես, չպետք է հուսահատվել, քա՛ջ եղիր. ի՞նչ հիվանդություն է այդ, որ հուսահատեցնում է քեզ. ինքս միայնակ կառողջացնեմ քեզ, — սկսա հուսադրել նրան:

Այո՛, քեզ հավատում եմ. դու ինձ կարող ես առողջացնել, — ասաց նա սիրտ առնելով իմ խոսքերից. — բայց այս տաքությունը... ա՛խ, ինչպես թուլացրել է ինձ, քառասուն աստիճանից չի իջնում... իսկ գլուխս, օ՛հ, բոլոր ժամանակ պտտում է...

Վնաս չունի, այդ բոլորը կանցնեն, դու սիրտ առ, կեր, խմիր, ուրախ-ուրախ բաների վրա մտածիր, — ասացի և ապա սկսեցի գյուղի նորություններով զբաղեցնել նրան:

Հեռանալու ժամանակ Մաթիլդը առանձին խնդրեց ինձ ամեն օր այցելել հիվանդին:

Ձեր գալը լավ ազդեցություն արեց նրա վրա, — ասում էր նա, — այս առաջին անգամն է, որ նա խոսակցում է մեկի հետ. մինչև այժմ շատ ծանր էր. Ճանաչողությունն անգամ կորցնում էր: Բայց ձեր այցելությունները հույս ունիմ շատ կօգնեն նրան:

Ես, իհարկե, խոստացա ամեն օր այցելել իմ բարեկամին:

Տանից դուրս գալու ժամանակ, հենց տան մուտքի մոտ, պատահեցի հիվանդի բժիշկներից մեկին, որ իմ վաղեմի ծանոթս էր:

Հա, ինչպե՞ս եք գտնում ձեր հիվանդին, — հարցրի նրան:

Առողջության հույսը աստծու վրա է մնում, — պատասխանեց նա:

Ինչպե՞ս, ի՞նչ հիվանդություն է, որ այդպես եք խոսում:

Սուր թոքախտ:

Մի՞թե, — վախեցած հարցրի ես:

Այո՛. բորբոքումը բռնել է արդեն ամբողջ թոքերը. հիվանդության ընթացքը հուսահատական է:

Դուք կարծեմ միայնակ չեք, երկուսով եք բժշկում. ձեր ընկերն է՞լ նույն կարծիքի է, — հարցրի ես:

Նա, ընդհակառակը, առաջ կարծում էր, որ տիֆ է, որովհետև սուր թոքախտի և տիֆի նշանները շատ դեպքում նույնն են լինում. բայց այժմ արդեն իմ համոզմունքին է եկել:

— «Խեղճ Գեորգ, ահա՛ թե ինչու՞ էիր թերահավատում քո բժիշկների վրա», — ասացի ինքս ինձ և հեռացա:

* * *

Այնուհետև երկու անգամ միայն կարողացա այցելել խեղճ երիտասարդին, որովհետև երրորդ անգամին արդեն նրա մահը գուժեցին ինձ:

Ի՞նչ դրության մեջ պատահեցի ես Մաթիլդին, տեր աստված, նրա վշտահար պատկերը, դեռ այժմ էլ իմ աչքի առջևն է:

Գևորգի մահը պատահել էր կես գիշերին, իսկ մինչև առավոտ նա արդեն լալուց ու կոծելուց կիսով չափ սպառվել, գրեթե դիակնացել էր: Երբ ներս մտա, նա նստած էր ամուսնու դագաղի մոտ՝ նրա դեմքից ավելի դալկագույն դեմքով և խոր ընկած աչքերով, որոնց մեջ ցամաքել էին արդեն արտասուքի աղբյուրները. նրա հայացքը անկենդան, արտևանունքը անշարժ և բիբերը կարծես սառել էին կապիճների մեջ:

Հենց որ ինձ տեսավ՝ նորեն սկսեց լալ և աղիողորմ խոսքերով իմ սիրտը մորմոքել: Իսկ ես, դժբախտաբար մի կնոջից ավելի զգայուն սիրտ ունիմ, չկարողացա ինձ զսպել և չարաչար լաց եղա:

Մինչև հանգուցյալի դագաղը եկեղեցին հասցնելը, խեղճ կինը տասն անգամ ուշագնաց եղավ: Բժիշկը ստիպված էր բոլոր ժամանակ յուր սթափեցնող սրվակով նրա կողքից գնալու:

Երբ պատարագը վերջացավ և հանգուցյալին դուրս էին բերում եկեղեցուց, Մաթիլդը խելագարի նման դեպի դագաղը վազելով այնպիսի մի սուր ճիչ արձակեց, որ բոլոր հուղարկավորների մարմնով սարսուռ անցավ. բայց և իսկույն էլ, դեռ դագաղին չհասած, ուշագնաց եղավ և փռվեց հատակի վրա:

«Խեղճ կին, թշվա՛ռ կին» ասում էին անծանոթները մորմոքելով, իսկ ծանոթ, բարեկամ և ազգական, բոլորը միահամուռ լալիս և ողբում էին նրա կորուստը:

Վերջապես դագաղը դուրս բերին եկեղեցուց, հուղարկավորները հետևեցին նրան. սակայն հանդիսատեսների բազմությունը, եկեղեցու զավթից սկսած մինչև բակի դուռը, երկու կարգ կանգնած, սպասում էին, որ նորատի այրիի անցնելը տեսնեն:

Ես էլ նրանց հետ էի, որովհետև կամենում էի նախ ճանապարհ դնել Մաթիլդին և ապա հուղարկավորներին հասնել:

Եվ ահա՛, վերջապես եկեղեցու դռներում Մաթիլդը երևաց, հենված յուր ազգականների ձեռների վրա: Բոլորը հետաքրքրությամբ սպասում էին նրա առաջանալուն: Բայց նա միայն երկու քայլ փոխեց և հանդիսավոր ձևով կանգ առնելով՝ մի սառն և նազելի հայացք ձգեց բազմության վրա: Հետո աչքերը դեպի երկինք ուղղելով ընկավ ասես ինքնամոռացության մեջ և մի քանի րոպե շարունակ մնաց այդ դիրքում՝ արձանացած: Ինձ թվում էր, թե վշտերի ծանրությունը հետզհետե նրան դեպի անզգայություն է տանում: Եվ ինչպե՛ս ցավում էի դրա համար, մանավանդ, որ այդ րոպեին նա այնքա՛ն գեղեցիկ էր յուր տխուր, դալկահար դեմքով, յուր սև սգաշորերով

— «Ահա՛, մի դերասանուհի, որ դափնի էր ուզում խլել յուր ամուսնու դագաղից», — շշնջաց հանկարծ մինը իմ ետևից:

Ետ դարձա իսևույն և տեսնում եմ մեր երիտասարդ գրագետներից մինն է, որ խոսում է յուր ընկերոջ հետ: Եթե հարգում չլինեի այդ մարդուն, այն րոպեին իսկ մի ապտակ կտայի նրան, որովհետև տեսնում էի, թե ինչպե՞ս նա յուր զրպարտությամբ արատավորում էր իմ խեղճ Մաթիլդի հարգանաց և ցավակցության արժանի զդացումները...

Վերջապես խեղճ նորատի այրիին քաշքշելով տարան տուն, իսկ ես շտապեցի հանգուցյալի հուղարկավորության հասնելու:

Բազմաթիվ ժողովուրդը, որ ուղեկցում էր նրա դագաղին, եկավ մինչև հասարակաց հեռավոր հանգստարանը: Այդտեղ մի բարձրավանդակի վրա, որից շատ հեռու անցնում էր հասարակաց խճուղին, պատրաստված էր նրա գերեզմանը յուր ազգատոհմի շիրիմների մոտ: Նրա մեջ ամփոփեցինք խեղճ երիտասարդի մարմինը, և տխուր սրտով մեր տները ցրվեցանք:

* * *

Երիտասարդ Մորիկյանի մահվանից հետո մի քանի անգամ այցելեցի նրա այրիին` նրան մխիթարելու և կարողացածիս չափ նրա վշտերը սփոփելու հույսով: Բայց ամեն անգամ էլ գտա նրան համակված այնպիսի տխրությամբ, որ վերջ ի վերջո համոզվեցա, թե իզուր են իմ այցելությունները, որովհետև նրանք բացի այն, որ ինձ ճնշում էին այդ սգավոր կնոջ առաջ, իրեն, խեղճին էլ մի օգուտ չէի տալիս:

Սգավորների հետ խոսելու և նրանց հետաքրքրելի լինելու համար, արդարև շնորհք է հարկավոր, և որովհետև ես այդ շնորհքը չունեի, ուստի ավելի լավ համարեցի խոստովանահոր դեր կատարելս թողնել:

Շուտով մի անձնական գործ ևս պատահեց, որի պատճառով դուրս գնացի քաղաքից և ամբողջ մի տարի գտնվում էի մոտիկ ավաններից մինում: Բոլոր այդ ժամանակ ոչ մի լուր, ոչ մի տեղեկություն չառա տ. Մաթիլդի վրա: Թեպետ միշտ էլ հետաքրքրվում էի նրանով:

Երբ գործերս ավարտեցի այդտեղ, վերադարձա քաղաք: Որովհետև իջևաններից մինում ուշացրել էին ինձ, այդ պատճառով քաղաքին մոտեցած ժամանակ արդեն մութ էր և ճրագները վառվել էին ամեն տեղ:

Իմ ճանապարհն անցնում էր այն հանգստարանի մոտով, ուր թաղված էր երիտասարդ Մորիկյանը: Երբ կառքը մոտեցավ այն բարձրավանդակին, ուր նրա գերեզմանն էր գտնվում, տեսա որ նրա շիրիմի վրա բարձրանում է գեղեցիկ մարմարյա հուշարձան, որ լուսնի աղոտ լույսով լուսավորված, մի խորհրդավոր ազդեցություն արավ ինձ վրա. կարծես մի ձայն լսեցի, որ ասում էր ինձ. «Բարեկա՛մ, մի՞թե առանց իմ շիրիմին այցելելու պիտի անցնես այդ ճանապարհով»:

Իսկույն կառքը կանգնեցնել տվի և բարձրացա դեպի հանգստարանը: Բայց ինչո՞ւ, չգիտեմ, մի հանկարծական սարսուռ անցավ բոլոր մարմնովս, երբ գերեզմանատան ընդհանուր պատկերը տեսա: Կարծես գերեզմանաքարերը մարմին առան և գլուխները բարձրացնելով հարցնում էին իրար, «ո՞վ է սա, որ համարձակվում է մեր գիշերային խաղաղությունը վրդովել»:

Իսկույն աչքերս դարձրի խեղճ Գևորգի շիրիմի վրա. նա ոչ միայն ինձ չվախեցրեց, այլև կարծես սիրտ ու քաջություն տվավ: Մոտեցա, չոքեցի նրա առաջ և տխուր հուշարձանը համբուրեցի: Բայց ինչպե՛ս ցուրտ, ինչպե՛ս սառն էր նա… «Այո՛, բարեկամ. մահվան ջերմությունը այդքան է միայն, փախիր դու այստեղից», — շշնջաց կարծես իմ ականջում և ես, չգիտեմ թե ինչպե՞ս, ինքս ինձ նորեն կառքի մեջ գտա:

Շատ ծանր տպավորություն թողեց ինձ վրա բարեկամիս շիրիմին գիշեր ժամանակ այցելելը:

Իսկույն աչքիս առջև պատկերացան մոտիկ անցյալը, հիշեցի մեր անցուցած օրերը, մեր զբոսանքները, զվարճախոսությունները, հիշեցի այն օրը, երբ առաջին անգամ պատսպարեցի երիտասարդ ամուսիններին իմ հովանոցի տակ. այն օրերը, երբ պատահում էի նրանց մենավոր անտառներում թև-թևի տված զբոսնելիս... Եվ ինչպե՛ս շուտ անցավ այդ բոլորը... ինչպե՛ս շուտ...

«Խե՞ղճ Մաթիլդ, ի՞նչ ես անում այժմ դու, միայնա՛կ, տխո՛ւր, սգավոր... — մտածում էի ինքս ինձ. — մեռնողը ոչինչ չկորցրեց, նա միայն հավիտենական անհայտության, անհուն մոռացության ծովը սուզվեցավ, բայց քեզ որքա՛ն վիշտ, որքան կսկիծներ թողեց, և ինչպե՞ս հեշտ է մեռնել, բայց որքա՞ն դժվար` սիրեցյալի մահվանից ետ ապրել...»

Այս մտածմունքների մեջ խորասուզված հասա տուն և որոշեցի հենց այդ երեկո գնալ Մաթիլդին այցելության:

«Խեղճ այրին կուրախանա, անշուշտ, ինձ տեսնելով», — մտածեցի ինքս և սկսա հագնվել:

Բայց այդ միջոցին մտավ գործակից բարեկամներիցս մինը, որ իմ գալուստը լսելով շտապել էր ինձ տեսնելու: Դուրս գալու նպատակով պատրաստվելս տեսնելով, հարցրեց, թե ո՞ւր պիտի գնամ: Պատմեցի նրան մի փոքր առաջ հանգուցյալ բարեկամիս շիրիմին արած այցելությունը և հայտնեցի նրա այրիի մոտ գնալու դիտավորությունս:

Գործ չունի՞ս, ա՛յ մարդ, ի՞նչ սգավորներ մխիթարելու ժամանակ է, — բարկացած նկատեց բարեկամս. — այս երեկո ժողովարանում պարահանդես կա, գնանք այնտեղ: Գոնե տխուր մտածություններդ կցրես: Իսկ այրիներ մխիթարելու ժամանակ դեռ շատ ունիս: Բացի այդ` այսպես ուշ նրա մոտ գնալն էլ հարմար չէ: Գնանք անպատճառ:

Սկզբում ես շատ ընդդիմացա. պատճառներ բերի, հակառակեցի, բայց բարեկամս այնքան շատ խոսեց, որ վերջապես համոզեց ինձ՝ սգավորին այցելելու դիտավորությունս պարահանդես գնալու դիտավորության փոխելու: Այսպես է աշխարհս. արտասուքից մինչև ծիծաղը միայն մի քայլ է:

Կես ժամից ետ մենք արդեն պարահանդեսում էինք:

Ժողովարանի դահլիճը հրդեհվելու չափ լուսավորված էր. երաժշտությունը որոտում էր և հյուրերի բազմությունը դահլիճի մեջ խռնված և ընդարձակ շրջան կազմած դիտում էր պարող ասպետների, տիկնանց և աղջկերանց ոգևորված պարերը, ոստյուններն ու թռույցքները:

Իսկույն մի համեմատություն արի երկու ժամ առաջ տեսածս գերեզմանատան և այս դահլիճի մեջ: Այնտեղ թագավորում էր մութ, մահ, լռություն և սարսափ. իսկ այստեղ` լույս , ջերմություն, աղմուկ և կենդանություն... Այնտեղ մարդու հոգին հերքում է կյանքի էությունը, այստեղ` մերժում է մահվան գոյությունը: Որտե՞ղ է նա ավելի ճշմարտախոսիհարկե գերեզմանատան մեջ, մտածում էի ես, որովհետև այն ճշմարտությունն է զորավոր, որը ավելի հավիտենական է

Դեռ այս մտածմունքների մեջ էի խորասուզված, երբ ինձանից փոքրինչ հեռու լսեցի մի կնոջ այնպիսի մի ծիծաղ, որի արծաթի հնչյունները կարծես արձագանք տվին բոլոր դահլիճի մեջ. իսկույն շուռ եկա տեսնելու համար թե ո՞վ է ձիծաղողը:

Շնորհքով հագնված երիտասարդների մի խմբակի մեջ վայելուչ հպարտությամբ կանգնած էր այդ կինը: Նրա գեղեցիկ հասակին, գրավիչ դեմքին և դեռ ծիծաղող շրթունքներին մի առանձին շուք ու վսեմություն էր տալիս յուր սև գազից կարած շքեղ հտգուստը, որի միջից, իբրև մարմարիոն, աչքի էին զարնում նրա հոլանի կուրծքն ու թևերը` զարդարած մի քանի շքեղ ադամանդներով:

Մոտեցա խմբակին՝ աչքերս գեղեցիկ կնոջ վրա սևեռած: Պատկերը կարծես ծանոթ էր ինձ, բայց որտե՞ղ էի տեսել նրան, չէի հիշում: Հանկարծ մի մութ ամպ վերադավ իմ աչքերից, տեր աստված, սա Մաթիլդն է, ուզում էի բացականչել, բայց ինքս ինձ զսպեցի և մոտեցա նրան:

Ա՛, սիրելի բարեկամ, դուք այստե՛ղ եք, որքա՛ն երկար պանդխտեցիք, — ասաց նա ինձ յուր վաղեմի քնքուշ և քաղցրահնչյուն ձայնով և ձեռքը պարզեց ինձ սեղմելու:

Ես մնացի շշմած և չէի կարողանում խոսքեր գտնել նրան պատասխանելու Համար: Բայց նա մինչև ինձանից պատասխան առնելը ժպտալով ավելացրեց:

Որքա՛ն ուրախ եմ, որ դուք այժմ այստեղ եք. դուք ինձ մի ծառայություն պիտի խոստանաք:

Պատրաստ եմ, տիկին, միայն թե հրամայեք, — ասացի ես բոլորովին կեղծ հաճոյախոսությամբ:

Բայց դեռ առաջ ծանոթացեք իմ փեսացուի, իշխան Դմիտրի Չերքեզովի հետ, մենք անցյալ օրը նշանվեցանք, — ասաց նա և ներկայացրեց ինձ յուր իշխան փեսացուին, որ խմբակի երիտասարդներից մինն էր:

Մինչև այստեղ մեր հյուրընկալ տիկինը ուշադրությամբ լսում էր երիտասարդի պատմությունը: Բայց հենց որ նա այս վերջին խոսքերը արտասանեց, իսկույն վեր թռավ տեղից և բացականչեց.

Անկարելի է, այդ չափազանց է. ես չեմ հավատում ձեր պատմության:

Բայց, տիկին, դուք վիրավորում եք ինձ, — վրդովված նկատեց պատմող երիտասարդը, — տիկին Մաթիլդը այժմ իշխանուհի Չերքեզովա է և բնակվում է ձեր տանից հազիվ մի երկու հարյուր քայլ հեռու:

Ներողություն, ես այդ չէի ուզում ասել, — մի փոքր շառագունած սկսավ յուր սխալը ուղղել տանտիրուհին. — ես ուզում էի ասել, թե դեպքը կարող է ուրիշ կերպ պատահած լինել:

Ոչ, տիկին, ես պատմեցի հենց այնպես, ինչպես որ պատահել է:

Ապրիք, ապրիք, լավ օգնեցիք ինձ, — ծիծաղելով բացականչեց տանուտերը, — բայց շարունակեցեք, ի՞նչ ծառայություն էր կամենում Մաթիլդը, որ դուք նրան անեք:

Հա՛, հա՛, ինչ ծառայություն էր, պատմեցեք, խնդրում ենք, — կանչեցին մի քանի տեղից հյուրերը:

Նա կամենում էր, որ ես խաչեղբայր դառնայի, երբ պսակվելու լինեին իրենք:

Էհ, դուք էլ համաձայնվեցա՞ք, — հարցրեց տանուտերը:

Իհարկե ոչ, գոնե սրանով կամեցա վրեժխնդիր լինել այդ մոռացկոտ այրիին, որը մի օր յուր ամուսնուն սպառնում էր, թե թույն կխմեմ, կրակը կընկնեմ, եթե դու մեռնես:

Էհ, ուրեմն ի՞նչ հասկացանք դրանից, կանա՞յքն են շուտ մոռանում իրենց ամուսիններին, — հարցրեց տանտիրուհին ժպտալով:

Ինչո՞ւ համար միայն կանայք. չէ՞ որ պ. Սեղբոսյանն էլ այս երեկո է պսակվում, — նկատեց հյուրերից մինը:

Բայց և այնպես, ո՞վ է ավելի շուտ մոռանում, կամենում եմ, որ այդ հարցը վճռվի, — կրկին հարցրավ տիկինը:

Նա, ով որ ավելի ուշ է մեռնում, — նկատեցի ես, և հյուրերը համաձայնվեցան ինձ հետ:

Страницы: Начало Предыдущая 1 2 Следующая Конец