Մուրացան՝   Գևորգ Մարզպետունի

Բայց և այնպես, պետք է խուսափել գաղտնի կամ անսպաս հարձակման ենթարկվելուց, անհրաժեշտ է հետամուտներ ուղարկել թշնամու շարժումը դիտելու համար, — նկատեց Մարզպետունին:

Իմ հետամուտները վաղուց արդեն ապստամբների բանակումն են: Նրանցից երկուսը երեք օր առաջ եկան և հայտնեցին, որ Ամրամի ծակամուտներն սպասում են ինձ Կողբա ջրի մոտ, Կուրի շամբուտներում: Այդ պատճառով էլ բանակը ես այս կողմից անցրի: Տակավին Աղստև չհասած` ինձ լուր կբերեն մյուսները թշնամու վերջին դիտավորության մասին:

Պատերազմի համար ի՞նչ ծրագիր ունի կազմած արքան, — հարցրեց իշխանը:

Հարձակողական: Ճակատել անկարելի է, — պատասխանեց թագավորը: -Այդ պատճառով էլ պետք է խույս տալ լեռնավայրում թշնամուն պատահելուց:

Մեր հեծելազորն անշուշտ կհաղթանակե, եթե պատերազմե արձակ դաշտի վրա:

Նույն օրը ևեթ թագավորը խորհրդի հրավիրեց եգերացի իշխաններին և նրանց ու Մարզպետունու հետ միասին որոշեց հետևյալ առավոտն իսկ առաջ վարել բանակը դեպի Աղստև:

Եվ այդպես էլ արին: Հետևյալ օրը, դեռ կեսօր չեղած, արքայական զորքն անցավ Կողբա ջուրը և հանգիստ առավ մերձակա լեռան ստորոտում: Այդտեղ հանդիպեց արքային Վահրամ սեպուհը յուր վանանդացի հավատարիմներով: Նա հայտնեց, թե թշնամին հեռի է իրանցից միայն երկու ժամվա ճանապարհ, և թե նա սպասում է արքային երեք կետերի վրա: Այսինքն` բանակի մի բաժինը բռնել է Աղստևի արևմտյան հովիտը, արքայական զորքի հարձակումը յուր վրա դարձնելու համար. երկրորդ բաժինը ծածկվել է Կուրի մերձակա շամբուտներում. իսկ երրորդը` հանդիպակաց լեռան անտառներում: Եվ այդ այն նպատակով, որ երբ արքայական բանակը ընդհարվի առաջին բաժնի հետ, մյուս երկուսը հասնեն հետևից և շրջապատեն նրան չորս կողմից:

Սեպուհի բերած տեղեկությունները հաստատեցին նաև արքայի հետամուտները:

Նորից խորհուրդ կայացավ թագավորի մոտ: Վերջինս առաջարկեց զորապետներին խորամանկության դիմել թշնամուն յուր թաքստից հանելու համար, այսինքն` ետ նահանջել մի քանի ասպարեզ, ցույց տալու համար թե իբր արքան կամենում է անցնել Ուտիք հակառակ ճանապարհով: Այս միջոցը կստիպեր ապստամբներին ձգել իրանց դիրքերը և հետևել թագավորին:

Այն ժամանակ արքայական զորքը նորեն կդառնար և կհարձակվեր նրանց վրա: Այդ անսպաս հարձակումը կշփոթեր թշնամուն և կստիպեր նրանց փախչել:

Այս խորհրդին հավանեցին ամենքը, բայց բարվոք համարեցին նահանջը հետաձգել մի օր, որպեսզի, եթե հեծելազորն ստիպված լիներ հանկարծ վերադառնալու և հարձակում գործելու, գոնե հոգնած չլիներ և կարողանար զորեղ դիմադրության թափն ընկճել:

Բայց որովհետև լեռան ստորոտը, ուր այդ միջոցին հանգստանում էր զորքը, զուրկ էր անակնկալ հարձակման ժամանակ պաշտպանվելու հարմարությունից, ուստի որոշեցին անցնել մոտակա կիրճը և գիշերել լեռան լանջին գտնվող ընդարձակ, բայց ավերակ մի բերդի մեջ:

Այդ բերդը, որ «Ավերակ» անունը կրում է վաղ ժամանակներից ի վեր և որը երկրի իշխաններից ոչ ոք չէր նորոգում ռազմական անհարմար դիրք ունենալու պատճառով, ընկած էր Կողբա լեռան լայնալանջ ոստերից մեկի վրա և գրավում էր ընդարձակ տարածություն: Նրա կիսավեր պարիսպներն ու աշտարակները, որոնք տխուր տպավորություն էին անում տեսնողի վրա, տակավին պարունակում էին իրանց մեջ բազմաթիվ տներ ու մարտկոցներ, որոնք կարող էին պիտանի լինել բնակության համար: Բայց որովհետև թշնամու սուրն անխնա մաշել էր մի օր այդտեղի բնակիչներին, ոստի ոչ ոք այլևս բնակություն չէր հաստատում այնտեղ, վախենալով բերդի փակված դրությունից: Նրա ետևից աստիճանաբար բարձրանում էին կոհակավոր լեռները, որոնք ճանապարհ չունեին իրանց վրա և հետևապես անմատչելի էին թե՛ ետևից դարանող թշնամուն և թե՛ բերդից դուրս փախչել ուզողին: Իսկ առաջից ձգվում էր մի անջրդի խորաձոր, որ ծածկված էր թավուտներով, ժայռերով ու խորափիտներով: Այդ ձորը մտնելու և բերդը բարձրանալու միակ ճանապարհը երկու ցածուն լեռների կիրճն էր, դեպի որը դիմում էր թագավորը, իշխանների ընկերակցությամբ, որպեսզի զորքի համար գիշերային կայան որոնի:

Ավերակ բերդը տեսնելուն պես եգերացի իշխաններն ամենաապահով տեղը համարեցին այն, մտածելով մանավանդ, որ բերդի շինությունները կպատսպարեին իրանց աշնանային գիշերվա ցրտից: Մարզպետունին ու Վահրամ սեպուհն, ընդհակառակը, վտանգավոր էին համարում այդտեղ գիշերելը, առարկելով, թե թշնամին կարող է գիշերանց գալ և կրճի բերանը փակելով` բանտարկել իրանց բերդի նամ նույնիսկ ձորի մեջ:

Թագավորը համամիտ էր յուր հավատարիմների հետ. բայց կամենալով շնորհ անել օտար զինակիցներին և դրանով նրանց ինքնասիրությունը գգվել, մանավանդ որ չէր կարծում, թե թշնամին կարող է գիշերանց յուր դիրքերը ձգել և իրանց դեմ արշավել, համաձայնեցավ եգերացի իշխանների հետ:

Սեպուհն ու Մարզպետունին չհակառակեցին արքային, բայց մի գաղտնի երկյուղ սկսավ անհանգստացնել նրանց:

Երեկոյան դեմ հեծելազորը, հետզհետե կիրճը մտնելով, սկսավ դեպի ավերակ բերդը բարձրանալ: Այդտեղ հասավ և թագավորը յուր և եգերացի իշխաններով: Կրճի բերանում թողեցին պահանորդների մի խումբ, որ անքուն պիտի հսկեր գիշերը և թշնամու մոտենալը նկատելուն պես իմաց տար իշխաններին:

Քիչ ժամանակից հետ ավերակ բերդը կենդանություն առավ: Ամեն կողմը սկսան կրակներ վառել, խարույկներ բորբոքել, իսկ զորքը յուր ձիանը դարմանելուց հետո սկսավ արքայի նվիրած ոչխարները փողատել: Պատերազմի նախատոնքը համեղ ընթրիքով կատարելու հրամանը տվել էր ինքը թագավորը:

Բացի այդ, նա կարգադրել էր, որ իշխանները յուր հետ միասին վայելեն ընթրիքը: Նա ուրախ տրամադրության մեջ էր. և այդ հանգամանքը համարում էր մոտալուտ հաջողության նշան:

Անցան ընթրիքի և զվարճության ժամերը. կրակները մարեցին, և թագավորից սկսած մինչև վերջին զորականը ամենքն էլ քնո գիրկը մտան: Անքուն էին միայն դետ կարգված պահապանները և թագավորի թիկնապահներից նրանք, որոնք հերթով պահապանություն էին անում արքայի վրանին:

Ավերակ բերդի շուրջը խոր լռություն էր տիրում: Միայն կուրն սպառող ձիաների փռնչոցը կամ միմյանց ընդհարվող նժույգների խրխնջյունն էր, որ մերթ ընդ մերթ ընդհատում էր այդ լռությունը:

Քուն չէր մոտենում, սակայն, իշխան Մարզպետունու աչքերին: Սկզբում, արդարև, նա մի փոքր նիրհեց: Բայց կռվող ձիաների մի աղմուկից արթնանալով, այլևս չկարողացավ քնել: Իշխանին անհանգստացնում էր տակավին այն կասկածը, որ զորքի ավերակ բերդում գիշերելու պատճառով պաշարել էր նրան: Նա վախենում էր ապստամբների անակնկալ հարձակումից, և այդ երկյուղն անտեղի չէր: Արձակ դաշտի մեջ, արդարև, ապստամբները չէին վնասիլ արքայական բանակին, բայց խորափիտներով ու գահավեժներով պատած այս բերդի մեջ նրանք կարող էին պաշարել այդ զորքը և չարաչար հարվածել նրան:

Երկար այս ու այն կողմը շրջվելուց ետ, իշխանը վեր կացավ տեղից և այծենակաճը վրան առնելով` դուրս եկավ ցածուն տնակից, որի մեջ պառկած էր ինքը: Եզնիկը նույնպես, որ գտնվում էր նրա մոտ, վեր թռավ տեղից և հետևեց իշխանին:

Ո՞ւր, տեր իմ, — հարցրեց նա` աչքերը տրորելով:

Անհանգիստ եմ, Եզնիկ, քնել չկարողացա. կամենում եմ դեպի ձորի բերանն իջնել, — ասաց իշխանը:

Ինձ ևս թույլ տուր հետևել քեզ:

Չէ, այս երկու օրը դու բավական հոգնեցար, պառկի՛ր և հանգստացիր. վաղը շատ գործ ունիս կատարելու, — ասաց իշխանը:

Ո՛չ, տեր իմ, ես այլևս հոգնած չեմ. թույլ տուր ինձ հետևել քեզ:

Իշխանը չընդդիմացավ, և նրանք միասին դուրս գնացին տնակից:

Աշնանային ցուրտ գիշեր էր. բայց երկինքը պարզ էր և աստեղազարդ, լուսինը հանդարտ սահում էր երկնակամարի վրա և յուր արծաթյա շողերով պայծառ լուսավորում շրջակա լեռները, ժայռերն ու գահավեժները և լայնադիր բերդի կիսավեր շինությունները, որոնք այդ րոպեին իրանց տխուր լռությամբ ներկայացնում էին մի խորհրդավոր և երկյուղ ազդող տեսարան:

Բերդի ներսն ու դուրսը խումբ-խումբ պառկած էին զորքերը, այծենակաճների մեջ փաթաթված և գլուխները պայուսակների կամ թամբերի վրա դրած: Ձիաները նույնպես խմբերով կամ զատ-զատ կապված` սպառում էին իրանց կուրը ախորժանոք. իսկ պահապանները երկար նիզակները ճոճելով, անցուդարձ էին անում ավերակների առաջ և կամ ձորալանջի զառիվայրի վրա, որտեղից անցնում էր կիրճը տանող ճանապարհը: Հեռավոր ավերակների միջից լսվում էր բուի կռիչքը, որ այդ խաղաղական ժամին ծանր տպավորություն էր անում արթուն եղողների վրա:

Իշխանն ու Եզնիկն անցան քնած խմբի միջից կամացուկ քայլերով: Արթնացողներ չեղան, միայն պահապաններից մի քանիսը ձայն տվին հեռվից և պատասխան առնելով` լռեցին: Բանակատեղից անցնելով` խորաձորն իջան նրանք:

Շա՞տ պիտի հեռանանք բանակից, տեր իմ, — հարցրեց Եզնիկը:

Ո՛չ, կերթանք կրճի բերանը և կվերադառնանք, — պատասխանեց իշխանը. — կամենում եմ ասել, թե մեր պահապանները հսկո՞ւմ են կրճին, թե քնած են արդեն:

Այս խոսքերը դեռ չէր ավարտել Մարզպետունին, երբ հանկարծ կրճի կողմից հրհրոցի մի աղմուկ լսվեցավ:

Այս ի՞նչ է. կարծես պահապանները կռվում են, — ասաց իշխանը և կանգ առավ:

Դեպի մեզ հեծյալներ են գալիս, տեր իմ. ովքե՞ր են սրանք, — կասկածավոր եղանակով հարցրեց Եզնիկը:

Եվ իրավ, այդ վայրկյանին հեծյալների մի խումբ սրարշավ դեպի խորաձորը խուժեց:

Մեր պահապաններն են, — ասաց իշխանը և մի հանկարծահաս երկյուղ ցնցեց նրան:

Ուրեմն թշնամին մոտենում է, — գուշակեց թիկնապահը:

Իշխանը չպատասխանեց, այլ դեպի հեծյալները հառաջանալով` բարձր ձայնով հարցրեց.

Պահապաննե՛ր, ո՞ւր եք դիմում:

Թշնամին այստեղ, մեր առջևն է, տեր, — պատասխանեց պահապանների պետը և կանգ առավ իշխանի առաջ:

Թշնամի՞ն, — հարցրեց իշխանը, կարծես չհավատալով յուր ականջներին կամ կամենալով ուրիշ բան լսել բոթաբեր զորականից:

Այո՛, թշնամին, — կրկնեց վերջինս. — նրա գնդերը կրճի մուտքը փակեցին:

Իշխանն ասես կայծակնահար եղավ: Նրա կասկածները մարմին էին առել:

Ինչպե՞ս հասան նրանք այդտեղ, մի՞թե ավելի վաղ չկարողացաք նկատել, որ լուր տայիք մեզ, — հարցրեց իշխանը վայրկենական լռությունից հետ:

Ո՛չ, տեր իմ, դաշտի վրա մենք չտեսանք նրանց:

Ինչպե՞ս թե չտեսաք, ուրեմն երկնքի՞ց իջան:

Ճիշտ որ երկնքից: Կրճի բերանը փակող լեռան բարձունքից խուժեցին:

Իշխանը մնաց շվարած:

Շտապենք զորքը ոտի կանգնեցնել, տեր իմ, — կամացուկ ձայնով ասաց Եզնիկը:

Ավելորդ է. ապստամբները այս կողմը չեն անցնել. նրանք մեր անզգուշությունը չունին, — նկատեց Մարզպետունին և հանդարտ քայլերով հետ դարձավ դեպի բերդը:

Եվ արդարև` փախստական պահապաններին հալածողներ չեղան: Ամրամի զորքը շատացել էր կրճի բերանը փակելով: Նա այժմ կարող էր նստել այդտեղ հանգիստ կերպով և սպասել հակառակորդի անձնատուր լինելուն:

Գևորգ իշխանը, հասնելով թագավորի վրանին, կանգ առավ այդտեղ: Նա չէր վստահանում մտնել և արթնացնել նրան:

«Սևադայի գուշակությունը կատարվեց, — մտածում էր ինքն իրան Մարզպետունին, — աստված այս անգամ պատժեց հանցավորին, իզուր էինք մենք աշխատում փախչել նրա բարկությունից, այդ բարկությունը հասավ և մատնեց մեզ թշնամուն...»:

Բայց պահանորդ խմբի քայլատրոփը զարթեցրեց զորականներից շատերին: Թշնամու գալստյան լուրը կայծակի արագությամբ տարածվեց ամեն կողմ և մի քանի վայրկենի մեջ ոտքի հանեց թե՛ զորքերին և թե՛ զորավարներին:

Աղմուկն ու շշուկը զարթեցրեց նաև թագավորին: Այդ ժամանակ ահա ներս մտավ Գևորգ իշխանը և հայտնեց նրան տխուր նորությունը:

Ի զե՜ն ուրեմն... — գոչեց թագավորը և վեր թռավ տեղից: Նա շտապով ծածկեց սաղավարտը և սուրն ածելով` կամեցավ դուրս թռչել:

Իզուր է շտապելդ, տեր արքա, թշնամին չէ հառաջանում դեպի մեզ. նա նստած է կրճի բերանում. — հանգիստ ձայնով ասաց իշխանը:

Ի՞նչ եղանակով ես խոսում, Մարզպետունի իշխան, քնո մե՞ջ ես դեռ, — նկատեց թագավորը` հավատարմի դանդաղկոտությունը տեսնելով:

Չեմ քնել բնավ և չէի կարող քնել, ես այս դժբախտությանն սպասում էի ամեն վայրկյան:

Ի՞նչ դժբախտություն... Առաջի՞ն անգամն ենք հարձակման հանդիպում:

Ո՛չ, տեր արքա, բայց մեր այժմյան դիրքը...

Դատարկ խոսքեր են,-ընդհատեց թագավորը, չկամենալով որևէ դիտողություն լսել յուր ընտրած դիրքի մասին,-գնա՛ հայտնիր իշխաններին պատրաստվել իսկույն հարձակման:

Իշխանն անխոս դուրս գնաց վրանից և հայտնեց պետերին արքայի հրամանը:

Մի քանի վայրկյանում զորքը պատրաստվեցավ: Բայց ի՞նչ հարձակում կարող էր գործել հեծելազորը այդ զառիվայրների վրա կամ խորափիտների մեջ: Նրան հարկավոր էր ընդարձակ դաշտ, լայնադիր ճակատ. մինչդեռ նա յուր առաջ ուներ միայն մի խորաձոր և մի փակված կիրճ:

Իշխաններն ու զորքի պետերն եկան թագավորի մոտ խորհրդի:

Հարձակումն անհրաժեշտ է, չպետք է հանգստանալ ու ժամանակ տալ թշնամուն, — ասաց թագավորն իշխաններին: — Եթե վաղվան սպասենք, ապստամբները լեռան բարձրությունները կգրավեն և մեզ երկու կողմից կպաշարեն: Այն ժամանակ կռվելն ավելի կդժվարանա:

Մենք անծանոթ ենք մեր այժմյան դիրքին ու շրջականերին, — ասացին եգերացի իշխանները, — հետևապես գիշերանց թշնամու դեմ գնալ չենք կարող: Թողեք առավոտը բացվի, այնուհետև կգործենք, ինչ որ բարվոք կհամարեք: Այժմյանից, սակայն, կարող ենք հետազոտել մեր շուրջը, որպեսզի լույսը բացվելուց գործել սկսենք:

Գևորգ իշխանն ու Վահրամ սեպուհը նույնպես այդ կարծիքին էին. թագավորն ստիպված էր զիջանել իշխանների պահանջին` անօգուտ կոտորած չանելու համար:

Բայց որոշվեցավ, որ Վահրամ սեպուհն ու եգերացի մի իշխան գնան իսկույն իրանց թիկնապահներով շրջակա դիրքերը հետազոտելու: Եթե դաշտը ելնելու ճանապարհ գտնվեր, ուրեմն կհանեին զորքն այդտեղից և այդպիսով վտանգը կհեռացվեր. իսկ եթե ճանապարհ չգտնվեր, այնուհետև պիտի կռվեին` պաշարման չենթարկվելու համար:

Արևելքը հազիվ սկսել էր շառագունել, երբ Վահրամն ու եգերացի իշխանը վերադարձան իրանց թիկնապահներով և հայտնեցին թագավորին ու իշխաններին հետազոտության արդյունքը:

Մենք փակված ենք ամեն կողմից, — ասաց սեպուհը, — այս դիմացի լեռը չունի յուր վրա ոչ մի անցք. եթե մենք ինքներս ճանապարհ բանանք` թավուտը կտրտելով, դարձյալ հեծելազորն անցնել չէ կարող, որովհետև լեռան հետևի ստորոտը ծածկված է ժայռերով ու խոխոմներով: Մեր ետքից բարձրացող այս բլուրները նույնպես խափանում են ճանապարհը, ըստ որում հետզհետե բարձրանալով` միանում են ուրիշ լեռների հետ: Միակ ելքը այն կրճիցն է, որի առաջը բռնած է թշնամին: Մեզ մնում է նետաձիգների գունդը հանել կրճի բարձրությունների վրա և այդտեղից, անընդհատ նետաձգությամբ, վանել ճանապարհը փակողներին: Գուցե այս միջոցով հնար ունենանք թշնամու շարքերը շփոթել և մի քանի գունդ հեծելազոր դաշտը դուրս հանել...

Բայց դրա համար օրեր են հարկավոր, — ընդհատեց սեպուհին նրան ընկերակցող իշխանը:

Ամբողջ շաբաթով կարող ենք նետաձիգներին պարապեցնել այդտեղ, — նկատեց թագավորը, — մենք նետերի մեծ պաշար ունինք:

Այո՛, տեր, նետերի պաշար ունինք, — կրկնեց իշխանը, — բայց ջուր չունինք:

Ինչպե՞ս թե ջուր չունինք:

Այո՛, այդպես է,-հաստատեց սեպուհը, — այս շրջականերում չկա ո՛չ առու և ո՛չ աղբյուր: Միակ վտակը, որից զորքը ջուր առավ երեկ, կրճի բերանից դեպի այս խորաձորն է իջնում, իսկ նրա ընթացքը թշնամին արդեն դեպի դաշտն է շրջել:

Անկարելի է, որ այս լեռներում ուրիշ ջուր չգտնենք, — կրկնեց թագավորը:

Ամեն կողմը շրջեցինք, ամեն տեղ պտրտեցինք, մինչև անգամ անձրևաջուր չտեսանք, — պատասխանեց եգերացի իշխանը:

Ուրեմն կորած ենք... — գոչեցին միաբերան նրա ընկերները:

Թագավորը շվարած սկսավ յուր շուրջը նայել:

Ինչ պիտի անենք, տեր, — հարցվեց երիտասարդ եգերացիներից մինը:

Ա՛յն, ինչ որ պարտավոր ենք, — պատասխանեց թագավորը խաղաղ ձայնով:

Բայց ի՞նչ ենք պարտավոր, — կրկնեց երիտասարդ իշխանը:

Հայերն այսպիսի դեպքում կռվում են... եգերացիք չգիտեմ, թե ի՛նչ են անում... նկատեց թագավորը, կամենալով կշտամբել անժույժ երիտասարդին:

Ոչ մի ազգի հեծելազոր, ո՛վ արքա, չի կռվում լեռների լանջին կամ ձորակների մեջ, — պատասխանեց եգերացիների առաջնորդը, կամենալով յուր ընկերների պատիվը պաշտպանել:

Թագավորը չպատասխանեց նրան, այլ դառնալով Մարզպետունի իշխանին և Վահրամ սեպուհին` հրամայեց.

Գնացեք և մի խմբեցեք այս վայրկենին բոլոր վանանդացիներին և Տայոց հեծյալներին. ասացեք, որ թագավորը պիտի առաջնորդե նրանց և թե մի քանի վայրկենից մենք պիտի հարձակվենք մեզ պաշարող ապստամբների վրա:

Իշխանն ու սեպուհը դուրս գնացին իսկույն, իսկ եգերացի պետերը մնացին կանգնած:

Թագավորը մի քանի վայրկյան լուռ անցուդարձ արավ նրանց առաջ և ապա առաջնորդ իշխանին դառնալով` ասաց.

Կոստանդին թագավորն ինձ ուղեկցելիս հայտնեց, թե եգերացի իշխանների մեջ ամենից ընտիր և ամենից քաջարի անձինքներին է զինակից կարգել ինձ և թե ամենից աներկյուղ զորագնդերն է հանձնել այդ քաջերի ձեռքը: Ես չեմ պահանջում, որ դուք ինձ օգնեք այս ծանր վայրկենին. կյանքը թանկ պարգև է, ինչպե՞ս կարող եք վտանգի ենթարկել նրան... Բայց պահանջում եմ, որ ձեր աշխարհը վերադառնալուց հետո հայտնեք քաջազն արքային, թե յուր իշխանները հայոց ապստամբների դեմ ճակատել չկարողացան... Այդքանով արդեն Կոստանդին թագավորը կարող է յուր իշխանների քաջության չափը որոշել:

Այս ասելով թագավորը դուրս գնաց վրանից: Եգերացի իշխանների վրա ծանր ազդեցություն արին այդ խոսքերը: Նրանք շվարած նայում էին միմյանց` առանց խոսել կամ տրտունջ հայտնել կարողանալու:

Այս անպատվությունը մենք պիտի տանե՞նք... — հարցրեց վերջապես երիտասարդ իշխաններից մինը իրանց առաջնորդին:

Ո՛վ չի կարող տանել, պիտի վերցնե յուր գունդը և հետևե հայոց թագավորին, — ծանրությամբ նկատեց առաջնորդը:

Բայց ոչ ոք չպատասխանեց նրան, որովհետև այդպիսի հանդուգն ձեռնարկության ոչ ոք էլ չէր կամենում մասնակցել:

Իսկ Աշոտ արքան վրանից ելնելով` պատրաստ գտավ արդեն վանանդացոց և տայոց քաջերին, որոնց գլուխ էին անցել Մարզպետունի իշխանը և Վահրամ սեպուհը:

Թագավորն աշտանակեց իսկույն յուր օդապարիկ նժույգը և առաջ անցնելով` բարձր ձայնով գոչեց.

Քաջե՛ր, ո՞վ է կամենում ձեզանից կռվել և մեռնել թագավորի հետ միասին:

Մենք ամենքս... — գոռացին միաբերան հայ կտրիճները և նրանց ձայնի արձագանքը որոտաց հեռավոր լեռներում:

Օ՛ն, ուրեմն, հառա՜ջ, — գոչեց թագավորը և սուրը հանելով դիմեց թշնամու կողմը:

Հեծելազորը հետևեց նրան:

Ապստամբներից մի խումբ հառաջացել էր արդեն մինչև ձորի բեանը և դիտում էր հեռվից արքայական բանակի շարժումը: Երբ նա` հեծյալների այս գունդը տեսավ, սկսավ դեպի կրճի ներսը նահանջել:

Թագավորը յուր զորքով հասավ նրա ետևից ինչպես մի փոթորիկ և ընդհարվեցավ հետը, կրճի մեջտեղը: Արքայի նպատակն էր հանկարծակի բերելով` փախուստ դարձնել այդ խումբը և այդպիսով շփոթել կրճի բերանը փակող զորքերին: Վանանդացիք ու տայքցիք կռվել սկսան կատաղաբար: Նրանք ձիաներով կոխկռտում և երկար նիզակներով շամփրոտում էին անզոր հետևակներին, որոնք կռվում էին միայն կարճ սրերով: Ընդհարումը տևեց հազիվ կես ժամ, որովհետև արքայականների հարձակումն այնպես անակնկալ և բախումն այնքան զորավոր էր, որ ապստամբների խումբը երկար դիմադրել չկարողացավ: Մի քանի տասնյակ զոհեր տալուց հետո նա թիկունքը դարձրեց և փախավ: Արքայականները հաղթական աղաղակով սկսան հալածել նրանց:

Թվում էր, թե բախտը ժպտում է թագավորին: Կրճի բերանը հասնելուց` փախստականները դեպի լեռան լանջերը ցրվեցան: Արքայի հեծելազորն ընկավ նոր հանդիպող գնդերի վրա, որոնք արդեն շփոթված էին թե՛ փախստականների և թե՛ հալածողների աղաղակից, և սկսավ սաստկապես հարվածել նրանց: Ընդհարումը երկար չէր տևելու, այդ գնդերը նույնպես փախուստ պիտի տային` մաքրելով կիրճը արքայական զորքի առաջ. բայց հանկարծ հասան այդտեղ սեպուհ Ցլիկ-Ամրամը և Գարդմանա Դավիթ իշխանը, նստած ամեհի նժույգների վրա և շրջապատված մինը կատաղի սևորդիներով և մյուսը` հզոր գարդմանացիներով, որոնք և վայրկենապես կռվի կերպարանքը փոխեցին: Ամրամ սեպուհը խրախույս կարդաց յուր քաջերին և սուսերամերկ ու սրարշավ ընկավ արքայական զորքի վրա: Նրա ձայնը որոտում էր կրճի մեջ ինչպես գարնանազայր հեղեղի շառաչ և այդ ձայնին հետևում էր բազմամբոխ զորքի աղաղակը: Նույնպիսի հզոր գոչյունով խրախուսել սկսան իրանց գնդերին թագավորն ու Մարզպետունի իշխանը, և մարտիկները երկու կողմից սկսան ընդհարվել նոր ուժով և ավելի կատաղաբար:

Գնդերից ոչ մինը տեղի չէր տալիս մյուսին: Արքայականներն աշխատում էին վանել հակառակորդներին կրճի միջից, իսկ վերջինները ճգնում էին ետ մղել նրանց դեպի խորաձորը:

Այդպիսով միմյանց դեմ խիզախելով և շարունակ անձուկ կրճի մեջ խառնվելով` փակվում էր հեծելազորի ճանապարհը: Արքայականների դրությունը ծանրանում էր. նրանք հարձակվել չէին կարողանում և իրանց շուրջը զեռող հետևակների դեմ մարտնչելու համար ստիպված էին ձգել երկարաբուն նիզակները և կռվել միայն սրերով: Այս դրության մեջ դարձյալ նրանք աննահանջ խիզախում էին ապստամբների դեմ: Եվ չնայելով, որ վերջինների թիվը հետզհետե աճում և իրանցը, ընդհակառակը, նվազում էր, այսուամենայնիվ արքայականները կանգնած էին այդ հզոր հեղեղի առաջ ինչպես անսասան մի հողաթումբ և կռվում էին հուսահատ կատաղությամբ:

Բայց հանկարծ աջակողմյան լեռնալանջից սկսավ տեղալ նրանց վրա նետերի սաստիկ մի տարափ:

Այդ ափխազցիների գործն էր: Բեր իշխանը, տեսնելով արքայականների համառ դիմադրությունը և այն կոտորածը, որ նրանք անում էին նիզակակից զորքի մեջ, հանեց լեռնալանջի վրա յուր նետաձիգ զորագունդը և սկսավ այդտեղից հարվածել նրանց նետերով: Եվ որովհետև նրանք աջ կողմից էին հարվածում, ուստի արքայականները ասպարափակ անելու հնար չունենալով (ըստ որում աջ ձեռքով սուրն էին կրում և ձախով ասպարը)` մնացին երկու կրակի մեջ: Թագավորը տեսավ յուր հավատարիմ զորագնդի հուսահատ դրությունը, չափեց նրա և հակառակորդի անհավասար ուժը և, անօգուտ համարելով յուրայինների դիմադրությունը, կանչեց Մարզպետունի իշխանին և հրամայեց նրան «նահանջի» փող հնչեցնել:

Այդ հրամանը կարծես կայծակի հարված տվավ քաջ իշխանին: Այն մարդը, որ միշտ աշխատում էր եղբայրասպան կռիվներն արգելել, այժմ այլևս նահանջի մասին չէր ուզում լսել, պատերազմի աղմուկն ու արյան գոլորշին արբեցրել էին նրա հոգին: Այդ վայրկենին նա չէր մտածում, թե կռվում է եղբայրների դեմ, այլ թե` պատժում է ապստամբներին, գահի և հայրենիքի թշնամիներին: Ուստի որքան էլ յուր գունդը նվազ, որքան էլ հակառակորդը զորավոր, այսուամենայնիվ նրա անպարտելի հոգին չէր ընկճվում թվի մեծության առաջ: Նա պաշտպանում էր յուր թագավորին, հայոց գահի վեհ պայազատին, ևւ այդ միտքն արդեն բավական էր, որ նրա սրտում առյուծ դարաներ: Բայց երբ թագավորը հրամայեց նահանջել, նրա մարմնով տհաճության դող անցավ, հզոր բազուկը կարկամեց և արյունոտ սուրը կախվեցավ նրա ձեռքում ինչպես մի անզոր գործիք... Նա մի ծանր հոգվոց հանեց, որ նման էր ավելի խուլ մռնչյունի, և հեծյալների ետևն անցնելով` հնչեցնել տվավ նահանջի փողը:

Արքայական զորքն սկսավ նահանջել, բայց քայլ առ քայլ և առանց թիկունք դարձնելու: Երբ նրանք ձորամեջը հասան, նկատեցին, որ եգերացիք իջնում էին բերդից իրանց օգնելու համար: Նիզակակից իշխանները թագավորի սկզբի հաջողությունը տեսնելով, որոշել էին վերջապես կատարել իրանց զինակցական պարտքը: Բայց երբ արքայական զորքի նահանջը տեսան, կանգ առան լեռնալանջի վրա:

Այս հանգամանքը պատճառ եղավ, որ ապստամբները երկյուղ կրելով եգերացիների հարձակումից, հետ քաշվեցան կռվից, և արքայական գունդը, որ բավական նվազել էր, բանակատեղը դարձավ առանց դժվարության:

Մենք գալիս ենք ձեզ օգնելու, տեր արքա, — ասաց եգերացիների առաջնորդը, երբ թագավորը լեռնալանջը հասավ:

Իզուր նեղություն պիտի կրեիք, իշխան. եգերացի քաջերի համար կռվելու տեղ չէր լինիլ կրճում, — պատասխանեց թագավորը դառնությամբ:

Բայց մենք մեր պարտքը պիտի կատարեինք: Մենք ուշացանք միայն մեր գնդերը կարգավորելու պատճառով:

Եվ դուք ուշանալով անօգուտ գործ չարիք, դուք փրկեցիք ձեր զորքի պատիվը` հեռացնելով նրան մեր ամոթահար պարտության մասնակցելու դժբախտությունից:

Այս ասելով թագավորը հեռացավ իշխանից` հեգնական ժպիտը շրթունքներին:

Առաջնորդ եգերացին նայեց նրա հետևից վայրենի հայացքով և կարի զայրացած` յուր վրանը դարձավ:

Բաժանման ոգին, որ հետևում է, առհասարակ, ամեն անհաջողության, լուծել էր արդեն թագավորի և յուր նիզակակիցների միությունը: Եգերացի իշխանները, որոնք սկզբում սիրով անսալով Կոստանդին թագավորի հրամանին` եկել էին Աշոտ արքային օգնելու, և այդ արել էին ոչ միայն երկու ազգերի դաշնակցությունը հարգելու մտոք, այլև փայլուն հաղթություն և հարուստ ավար ձեռք բերելու հուսով, այժմ արդեն հուսահատ և սրտաբեկ քաշվել էին իրանց առաջնորդի վրանը և խորհում էին բաժանման կամ փախուստի վրա:

Եվ ուրիշ ի՞նչ կարող էին մտածել այդ օտարականները, քանի որ նրանց հրապուրողը եղել էր ո՛չ թե հայոց գահը անսասան պահելու նախանձախնդրությունը (որ չէր էլ կարող լինել), այլ լոկ անձնական շահը, ավարներով հարստանալու ցանկությունը: Բայց շահու և ավարի փոխարեն այժմ սասանում էր նրանց անխուսափելի կոտորած կամ սովատանջ մահ: Բացի այդ, զորքի մեջ նույնպես սկսվել էր տրտունջ: Թեպետ նրանք ունեին մի քանի օրվա ուտեստ և կարող էին տանել մի շաբաթվա պաշարման, բայց վատթարն այն էր, որ ջուր չունեին: Ծարավը հետզհետե տանջում էր թե՛ իրանց և թե՛ ձիաներին: Այդ ծանրության տոկալ չէր կարող զորականը:

Այս պատճառով, ահա, գունդագունդ գալիս, խռնվում էին նրանք իշխանական կացարանների առաջ և պահանջում` յուր կամ հրաման տան իրանց զինաթափ լինելու և բանակից հեռանալու և կամ հնար ցույց տան ջուր հայթայթելու:

Երկար խորհրդակցությունից հետո եգերացոց իշխանապետը որոշեց դիմել թագավորին և խնդրել նրանից, որ գործելու ճանապարհ ցույց տա իրանց:

Նա վերցրեց ընկեր իշխաններին և նրանց հետ միասին մտավ թագավորի վրանը հենց այն միջոցին, երբ վերջինս նստած յուր երկու հավատարիմների, այն է` Գևորգ Մարզպետունու և Վահրամ սեպուհի հետ, խորհուրդ էր անում:

Զորքի մեջ, տեր արքա, սկսվել է տրտունջ, որ հետզհետե ավելանում և սպառնական կերպարանք է առնում, ինչպե՞ս կհրամայեք գործել դրա դեմ,-հարցրեց իշխանապետը թագավորին:

Անշուշտ տրտնջում են եգերացի զորականները, այնպես չէ՞,-հարցրեց թագավորը:

Այո՛, տեր արքա:

Ի՞նչ է նրանց պահանջը:

Ամենահասարակ, ամենաբնական պահանջ:

Այսի՞նքն:

Ջուր են խնդրում, տեր արքա, և կամ...

Եվ կամ ի՞նչ:

Եվ կամ հրաման, որ զենքերնին հանձնեն թշնամուն և ազատ ելնեն այս բանտից:

Թագավորը յուր հայացքը սևեռեց իշխանապետի աչքերին և մի վայրկյան լուռ նայելուց հետ ասաց.

Զորքի պահանջն անբնական է և անարդար:

Ինչպե՞ս, տեր արքա. մի՞թե մարդիկ իրավունք չունին ջուր խմելու, — հարցրեց իշխանապետն այնպիսի մի ժպիտով, որի մեջ նշմարվում էր և՛ զարմանք, և՛ հեգնություն:

Ո՛չ,-պատասխանեց թագավորը խիստ ձայնո՛վ:

Իշխանները աչքերնին սևեռեցին արքայի վրա:

Գուցե ձեզ զարմացնում է իմ պատասխանը, — ասաց թագավորը, — բայց ես զարմանալի ոչինչ չասացի: Ո՛վ որ անջրդի տեղը ջուր է պահանջում, անբնական պահանջ է անում, ո՛վ որ զինաթափության գնով ազատություն է որոնում, կարի նվաստագույն գործ է կատարում:

Ի՞նչ անենք ուրեմն. կոտորվի՞նք. ավելի լավ չէ՞ նվաստանալ` քան մեռնել:

Ո՛չ, ավելի լավ է մեռնել, քան նվաստանալ, — պատասխանեց թագավորը ծանրությամբ:

Մի վայրկյան լռություն տիրեց: Արքայի պատասխանը տպավորություն արավ իշխանապետի վրա. նա գլուխը կախեց և սկսավ մտածել:

Բայց իշխանների խմբից առաջ անցավ մի երիտասարդ և խոսեց.

Տեր արքա, զինվորականը նվաստանում է ոչ միայն այն ժամանակ, երբ միայն թերանում է քաջության մեջ, այլև այն ժամանակ, երբ թերանում է անկեղծության մեջ: Ուստի աղաչում եմ չվշտանալ` եթե համարձակվեմ անկեղծորեն խոստովանել մի ճշմարտություն, որի ծածկելը, ըստ իմ կարծյաց, հավասար է դավաճանության:

Խոսի՛ր, — ասաց թագավորը:

Մենք եկել ենք քեզ օգնելու մեր արքայի հրամանով և մեր պարտքը կկատարեինք, եթե հնար ունենայինք: Բայց բախտը կամ գուցե մեր անհեռատեսությունը փակել է մեզ այժմ մի գառագղի մեջ, որից ազատվելու ոչ մի հնար չունինք: Ծարավը տանջում է բազմամբոխ զորքին, թշնամու սուրը սպանում է ամենքին: Կռվել չենք կարող, որովհետև ասպարեզ չկա. ելնել չենք կարող, զի ճանապարհ չունինք. իսկ մեռնել մենք, իհարկե, չենք կամենում: Ի՞նչ է մնում մեզ անել` եթե ոչ զինաթափ լինել և փրկել մեր անձը մեր ընտանյաց համար...

Փրկել ուրեմն անպատվության գնո՞վ, — ընդհատեց թագավորը իշխանին:

Դրանից մեզ անպատվություն չի կարող հասնել: Մենք հյուր ենք ձեր երկրում և պիտի կռվեինք ձեր մեծափառության համար: Հետևապես, ո՛չ հաջողության փառքը և ո՛չ պարտության վնասը մեզ չի վերաբերում:

Ուրե՛մն...

Ուրեմն կա՛մ պիտի ճանապարհ ցույց տաք մեզ` մեր պատվավոր պարտքը կատարել կարողանալու համար և կա՛մ պիտի համաձայնիք մեզ հետ զենքերը թշնամուն հանձնելու:

Թագավորը հառեց աչքերը երիտասարդ իշխանի վրա և ապա սկսավ յուր շուրջը դիտել: Ամենքը լուռ էին և սպասում էին նրա պատասխանին:

Դուք եկել եք այստեղ ձեր թագավորի հրամանով և եգերական դրոշակով, — սկսավ խոսել արքան մեղմ ու հանգիստ ձայնով: — Եկել եք հայոց թագավորին օգնելու, համաձայն ձեր թագավորի և իմ հանգուցյալ հոր կռած դաշնադրության: Հետևապես, կատարելով ձեր պարտքը, պիտի ապացուցանեք, թե գիտեք ձեզ հարգել. և, ընդհակառակը, փախուստ տալով այստեղից, պիտի անպատվեք ձեր թագավորին և արատավորեք եգերական դրոշակը: Այս է իմ կարծիքը ձեր առաջադրության մասին: Իսկ գալով նրան, թե արդյոք ես, հայոց թագավորս, կարո՞ղ եմ համաձայնել ձեզ հետ թշնամուն իմ զենքը հանձնելու, կասեմ, որ անկարող եմ: Աշոտ թագավորը շատ այսպիսի անհաջողությանց է հանդիպել, շատ անգամ է թշնամիներով ու դավաճաններով պաշարվել, բայց երբեք և ոչ իսկ մի վայրկյան չէ մտածել, թե պիտի անձնատուր լինի թշնամուն: Ես կարող եմ սուրը ձեռքիս և աշտեները կրծքումս ընկնել և մեռնել, բայց նվաստանալ և զենք հանձնել թշնամուն, երբե՛ք: Դուք պաշարման ժամանակ մտածում եք ձեր կյանքն ազատելու, իսկ ես` իմ պատիվը փրկելու վրա: Ինչպես տեսնում եք, մենք տարբեր նպատակների ենք ձգտում: Հետևապես չպիտի խանգարենք միմյանց: Երբ մարդ կամենում է ընկնել, անկարելի է կանգուն պահել նրան: Դուք այս վայրկենից իսկ ազատ եք ձեր որոշման մեջ: Հայոց թագավորն ունի դեռ մի քանի տասնյակ քաջեր, որոնց հետ միասին կարող է մեռնել: Բայց երբ դուք ողջամբ ձեր երկիրը հասնեք, հայտնեցեք անպատճառ ձեր կանանց ու որդվոց, որ ձեր կյանքը գնել եք ձեր զենքերի գնով: Այդ նորությունն, անշուշտ, հաճույք կպատճառե եգերացի տիկնանց:

Տեր արքա, դու նախատում ես քո զինակիցներին... — վրդովված նկատեց եգերացի իշխանապետը:

Դուք որ անձնատուր լինելու վրա եք մտածում, իմ զինակիցը լինել չեք կարող:

Ուրեմն և չենք, լինիլ,-զայրացած պատասխանեց իշխանապետը և դառնալով ընկերներին` ասաց. — իշխաններ, հուսահատ զորականը մեզ է սպասում, գնանք մեր վերջին պարտքը կատարելու:

Այս ասելով նա սառնությամբ ողջունեց թագավորին և առաջ անցավ: Ընկերները հետևեցին նրան:

Թագավորը, որ ուշադրություն չդարձրեց ո՛չ իշխանապետի վերջին խոսքերին և ո՛չ իշխանների ողջունին, աչքերը վրանի անկյունին հառած` խորասուզվել էր մի ինչ-որ մտածության մեջ: Երբ նա, զգաց, թե վրանում լռություն է տիրում, դարձավ յուր իշխաններին և ասաց.

Այո՛, եգերացիները կփրկեն իրանց: Ով որ հանձն է առնում նվաստությունը, նա ձեռք կբերե և այն բարիքը, որ գերադասում է պատվից: Բայց դուք ի՞նչ եք մտածում հայ զորականի մասին:

Նա պատրաստ է կռվել մինչև վերջին շունչը, — ասաց Վահրամ սեպուհը, — պետք է միայն առաջնորդել նրան:

Մենք նրան կառաջնորդենք. բայց ի՞նչ շահ այդ կռվից, — նկատեց Մարզպետունի իշխանը, — մերոնք այնքան սակավաթիվ են, որ թշնամին մի քանի վայրկենում կջնջե նրանց:

Следующая страница