Մուրացան՝   Գևորգ Մարզպետունի

Ասում ես, որ պատրաստ են մինչև վերջին շունչը կռվե՞լ, — հարցրեց թագավորը:

Այո՛, տեր, — պատասխանեց սեպուհը:

Պետք է ուրեմն օգուտ քաղել այդ պատրաստակամությունից: Այս գիշեր մենք ամենախիստ թափով կընկնենք թշնամու վրա:

Ընդհարմա՞ն դիտումով, — հարցրեց սեպուհը զարմացած:

Ո՛չ, բանակը ճեղքելու և անցնելու նպատակով:

Իշխանի դեմքը պայծառացավ: Փրկության այդ միջոցը, արդարև, ամենահեշտը և պատվավորն էր: Մարզպետունին նույնպես համակիր էր այդ մտքին: Պետք էր միայն գաղտնի կերպով պատրաստվել, որպեսզի եգերացիք արգելք չլինեին իրանց:

Թագավորի հրամանով իշխանները դուրս գնացին, որպեսզի հավատարիմներին հարկ եղած հրահանգները տան:

Երեկոյան դեմ մի քանի եգերացի գնդեր բերդի պարիսպներից իջնելով` դեպի խորաձորն իջան: Այդ շարժումը Գևորգ իշխանի ուշադրությունը գրավեց: «Ուրեմն համաձայնություն է կայացել թշնամու և եգերացիների մեջ», մտածեց նա ինքն իրան` ենթադրելով, թե վերջինները, երևի, սկսում են արդեն թշնամու բանակն իջնել:

Դեռ այս մտքի մեջ էր նա, երբ Եզնիկը մոտենալով իրան` շշնջալով ասաց.

Տե՛ր իմ, եգերացոց իշխանները դավաճանության խորհուրդ են հղացել, պետք է աշխատել թագավորին փրկել:

Ի՞նչ խորհուրդ, Եզնիկ, — հարցրեց իշխանը վախենալով:

Պայման են դրել Ցլիկ Ամրամի հետ, որ թագավորին բռնեն և նրա ձեռը հանձնեն: Իսկ Ամրամը դրա փոխարեն խոստացել է արձակել եգերացիներին առանց զինաթափ անելու:

Ինչպե՞ս իմացար այդ լուրը:

Խորաձորն իջնող գնդերի ամեն մի զորականն այդ գիտե: Իշխանները նրանց պատվեր են տվել` հսկել կրճի անցքերին ամենայն զգուշությամբ, սպառնալով, որ եթե թագավորը ձեռքից հանեն, այլևս այս բանտից ողջ չպիտի ելնեն:

Այժմ իրանք, զորականները, ամեն հնար գործ պիտի դնեն մեր ճանապարհը փակելու, որպեսզի իրանց խոստացված ազատությունը չկորցնեն:

Եզնիկի բերած նորությունը ծանր մտահոգություն պատճառեց արքայի հավատարմին: Նա պարզ տեսավ, որ փրկության ամեն հույս կորել է, ուստի նորեն Սևադայի խոսքերը հիշեց.

Նա ասաց, որ այս անգամ աստված պիտի պատժե հանցավորին, ահա՛ նրա գուշակությունը կատարվեցավ: Մի՞թե թշվառ մահկանացուն կարող է հավիտենականի բարկությունից փախչել...

Այս մտածմունքներով նա գնաց Վահրամ սեպուհի մոտ և նրա հետ միասին արքայի վրանը մտավ` այս տխուր նորությունը նրան հայտնելու:

Բայց ո՛րքան մեծ եղավ իշխանի զարմանքը, երբ թագավորն այդ նորությունը լսելուց հետ անհոգ կերպով ծիծաղեց:

Այդ թշվառականն, ուրեմն, իմ արյանն է ծարավի, — ասաց նա հանգիստ ձայնով: — Վաղուց ճանաչում եմ ես Ցլիկ-Ամրամին. նա փառասիրություն չունի, ուրեմն և չէր կարող փառասիրական նպատակով ապստամբել յուր թագավորից: Նրան հարկավոր է անշուշտ իմ անձը... Այժմ ուրեմն հանելուկը լուծվում է:

Քո ա՞նձը, տեր արքա, ի՞նչ թշնամություն ունի Ամրամը քո անձի հետ, — զարմացած հարցրեց Վահրամ սեպուհը:

Թագավորը կարծես շփոթվեցավ: Նա զգաց յուր խոսքերի անպատեհությունը և աշխատեց խույս տալ բացատրություններից:

Այդպես ուրեմն, մեր փոքրիկ գունդը նույնպես փրկված է: Ինձանից հետո թշնամին հանգիստ կթողնե թե՛ նրան և թե՛ եգերացիներին, — ասաց թագավորը, առանց Վահրամի հարցին պատասխանելու;

Գևորգ իշխանը թագավորի խոսքը չհասկացավ, ուստի խնդրեց բացատրել իրան, թե ի՞նչ է կամենում անել:

Այս գիշեր ես պիտի հեռանամ այստեղից, — ասաց թագավորը:

Դո՞ւ, միայնա՞կ, — հարցրեց իշխանը:

Այո՛:

Ի՞նչ ճանապարհով:

Եգերացոց պահանորդ գնդերի և թշնամու բանակի միջով:

Սեպուհն ու իշխանը զարմացած աչքերնին հառեցին թագավորի վրա:

Պիտի հասկացնեմ եգերացոց ու սևորդյաց իշխաններին, որ Աշոտ Երկաթին բռնելն ու Ցլիկ-Ամրամին հանձնելն իրանց ուժից վեր գործ է:

Իշխանի սիրտն ուրախացավ, իսկ սեպուհի խոշոր դեմքի վրա փայլեց գոհության ժպիտ:

Ես մինչև այժմ հավատարիմների ապահովության համար էի մտածում, — շարունակեց թագավորը, — բայց այժմ տեսնում եմ, որ հենց իմ անձն է եղել նրանց վտանգողը: Ես, ուրեմն, կհեռանամ այստեղից, որպեսզի ձեր ճանապարհի արգելքը վերացվի:

Դու հեռացիր միայն քո թանկագին անձը փրկելու համար, որովհետև աշխարհը սպասում է յուր թագավորին: Իսկ մենք կարող ենք մինչև անգամ մեռնել, հայոց երկիրը շատ բան չի կորցնի, եթե մահ հասնե մեզ, — ասաց սեպուհը անկեղծորեն:

Բայց հայոց թագավորը կկորցնե... — հարեց իսկույն արքան:

Հասավ երեկոն: Թագավորի դիտավորությունը հայտնի էր միայն Մարզպետունի իշխանին և Վահրամ սեպուհին: Արքայի տված հրահանգի համաձայն նրանք կանչեցին իրանց մոտ թագավորի թիկնապահներից երկու երիտասարդների, որոնց հավատարմության ու քաջության վրա վստահություն ուներ ինքը թագավորը և հրամայեցին նրանց պատրաստ լինել թագավորին հետևելու:

Երբ մութը կոխեց, և գիշերվա մի քանի ժամերն անցան, թագավորն ելավ յուր վրանից` ոտից գլուխ պողպատով զրահավորված: Երկու քաջամարտիկ թիկնապահները, որոնք նույնպես զրահավորված էին երկաթով, մոտեցրին արքային յուր ամեհի նժույգը:

Թագավորը քսանամյա երիտասարդի թեթևությամբ թռավ ձիու վրա, թիկնապահները նույնպես աշտանակեցին իրանց նժույգները:

Պետք է անցնենք ինչպես փոթորիկ: Ո՛չ մարդ և ո՛չ դև չպիտի մեզ դիմադրե: Գնդերը պիտի ճեղքենք, վաշտերը կոխոտենք, կանգնածը գլորենք... Մի քառորդ ժամից հետ նուրի հովտում պիտի լինինք... — հրամայեց թագավորը և սուրը հանելով`, Օն ուրեմն, քաջերսե, գոչեց ցած ձայնով և նժույգի կողերը խթելով` թռավ դեպի զառիվայրը:

Թիկնապահները սրարշավ հետևեցին նրան:

Մի քանի վայրկենից հետ երեք հեծյալներն անհայտացան խավարի մեջ:

Արքայի բախտից երկինքն ամպամած էր և լուսինն անհայտացած: Հեռվից ոչ ոք չէր կարող նշմարել նրանց:

Ձորակի մեջ միայն ձիաների քայլատրոփը զարթեցրեց պահանորդ եգերացիներին, որոնք, խմբովին հեծյալների առաջը բռնեցին: Բայց թագավորի նժույգը և ահարկու սրի հարվածները ճեղքեցին խումբը, իսկ թիկնապահների գոռոցը և նիզակների թափը ցրեցին դիմադրողներին: Հանդիպող շարքերից անցան նրանք ինչպես հողմ և մտան կրճի բերանը: Եգերացիք նոր իմանալով, որ իրանց գունդը ճեղքողը ինքը թագավորն էր, սկսան վայրենի աղաղակով նրա հետևից ընկնել: Թագավորը և յուր թիկնապահները նույնպես սկսան գոռալ, երբ հասան ապստամբների գնդերին: Վերջիններս հանկարծակի գալով այս բազմատեսակ աղաղակներից, կարծեցին, թե եգերացիք են հարձակվում իրանց վրա. ուստի շփոթված և իրար կոխկրտելով` սկսան դեպի բանակը փախչել:

Թագավորն օգուտ քաղեց այդ խառնակությունից: Թիկնապահների հետ միասին աջ ու ձախ հարվածելով և հորձանքի նման հանդիպակացները խորտակելով` կտրեց անցավ նա կրճի բոլոր երկարությունը, ճեղքեց վերջին պահանորդ խումբը և ընդարձակ դաշտը դուրս գալով` նույնիսկ Ամրամի բանակի առջևից սլացավ ինչպես կայծակ և անհայտացավ հովտի մթության մեջ:

Հազիվ մի ժամից հետ հայտնի եղավ ապստամբներին թագավորի փախուստը: Սևորդյաց և եգերացոց իշխանները մնացին ամոթահար, իսկ Ցլիկ-Ամրամը և ափխազաց Բեր իշխանը զայրույթից գրեթե կատաղեցին:

Հետևյալ առավոտ ապստամբների զորքը խուժեց դեպի ավերակ բերդը: Եգերացիներից խլեցին նրանց բոլոր զենքերը և միայն ձիաներն իրանց տալով` արձակեցին: Իսկ սակավաթիվ հայ հեծյալներին ձեռնամուխ չեղան, որովհետև Գևորգ Մարզպետունին և Վահրամ սեպուհը խնդրեցին Ամրամին` թշնամաբար չվարվել յուր եղբայրակիցների հետ: Ամրամը, թեպետ թագավորի դեմ զայրացած, այսուամենայնիվ, հարգեց նրա իշխանների խնդիրը և նրանցից բաժանվեց առանց գժտության:

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Ա

ԱՅՐԻՎԱՆՔՈՒՄ

Այս հրաշակերտ վկայարանը, որ ամփոփում էր յուր մեջ հայ ազգի կռապաշտական և քրիստոնեական կենաց բազմադարյան հիշատակարանները և որ երկար ժամանակ հարգվել էր այդ ժողովրդից թե՛ իբր դիցական պաշտպանած վեհավայր և թե՛ ինչպես քրիստոնեական կրոնի սրբարան, գտնվում էր ժայռապատ Գեղարդասարի լանջին, Գառնո ամրոցի հյուսիս-արևելյան կողմը: Նրա առջևից հոսում էր Ազատ գետի երկրորդ վտակը, որ հսկայակերպ դարևանդներից իջնելով շառաչում էր քաղցրակարկաչ և յուր ախորժալուր աղմուկով ահավոր ձորն ու շրջակաները լցնում: Նախաջրհեղեղյան սասանությունները, երկրի ծոցից հրահոսան հեղեղներ ժայթքելով` կազմակերպել էին այստեղ խոշոր, քարակարկառ բլուրներ, ահավոր ամբարտակներ, միապաղաղ ժայռերի անհեթեթ զանգվածներ, բազալտյան սյունաձև բուրգեր, որոնք, միմյանց հաջորդելով կամ իրար վրա ամբառնալով` շրջապատում էին Այրիվանքը և անհարազատ այցելուների համար դարձնում նրան անմատչելի: Բնությունը կարծես յուր զորավոր ձեռքով տիտանական լեռների ավերակներն ի մի ժողովելով` միացրել էր այստեղ սքանչելին և ահավորը` տկար մահկանացուին յուր անհաղթ զորությունը ցույց տալու համար:

Այստեղ, հսկայակերպ լեռան ծոցում, միապաղաղ ժայռերի մեջ փորված էին հին ժամանակներից բազմաթիվ այրեր, խուցեր ու մատուռներ, շրջապատած պարիսպներով և հզոր աշտարակներով: Դրանցից ոմանք ծառայում էին մի օր հայ թագավորներին իբր արքայական գանձարան, իսկ ոմանք իբրև աղոթից տուն կամ զոհաբերությանց տաճար:

Քրիստոնեության սուրբ նշանը տնկեց այստեղ առաջին անգամ ինքը` Լուսավորիչը, խափանելով, անշուշտ, հեթանոսական պաշտամունքները: Այդ նշանի հովանվույն ներքո ժողովվեցան բազմաթիվ անապատականներ, որոնք Այրիվանքը դարձրին խաղաղության ու ճգնության օթևան:

Այստեղ հանգիստ որոնեց Հայաստանյաց բարերար մեծն Ներսեսը, անշուշտ, հայրենիքի բարօրության համար գործ դրած երկարամյա աշխատություններից հետո: Այստեղ առանձնացավ նրա արժանավոր որդի մեծն Սահակ` յուր վաթսուն խարազանազգեստ աշակերտներով, ազգի լուսավորության գործը ժայռերի ծոցում դարբնելու համար:

Մեր նկարագրած ժամանակում նույնպես գտնվում էր այստեղ հոգևոր հայրերի հարուստ միաբանություն, որ բարեկարգել ու ծաղկեցրել էր Այրիվանքը: Այդտեղ էր այդ ժամանակ և հայոց հայրապետը` Հովհաննես կաթողիկոսը, որ արաբացոց ոստիկանի հետապնդությունից վախենալով` թողել էր Դվնո կաթողիկոսարանը և յուր հավատարիմ պաշտոնյաներով ու հայրապետական գանձերով ապաստանել Այրիվանքի ամրություններին:

Երկու օր էր ինչ լուր էին բերել հայրապետին, թե Նսըր ոստիկանը, որ Տուսուփից հետո տեղակալ էր կարգված, և որ մինչև այն նստում էր Ատրպատականում, հասել է արդեն Նախիջևան և հառաջանում է դեպի Դվին: Ոստիկանին հայտնի էին հայոց թագավորի անհաջողությունները, հայ իշխանների խռովությունները և երկրի անտերունչ դրությունը: Եվ ահա՛ նա շտապել էր օգուտ քաղել հաջող հանգամանքից:

Կաթողիկոսն իմացավ, որ Նսըրը հետամուտ է կաթողիկոսարանը և նրա կալվածները գրավելու, իսկ այդ նպատակին հասնելու համար նախ կցանկանար ձեռք ձգել իրան` կաթողիկոսին և հայրապետական գանձերը հափշտակել և ապա թե հանցանքներ բարդելով նրա վրա` կաթողիկոսարանը գրավել:

Այս պատճառով հայրապետը, որ մինչև այն ապրում էր Այրիվանքի ներքին այրերում, այն է` անապատականների միաբանության մեջ, ուր վիմափոր եկեղեցիներն ու ընդհանուր կացարաններն էին, ելավ, քաշվեցավ յուր հավատարիմներով դեպի վերին Վանքը, ուր անասուններն էին պահում:

Այդտեղ անբնակ և խավարչտին այրերի մեջ թաքնվելով` կաթողիկոսը հույս ուներ ազատ մնալ Նսըրի հետապնդությունից և փրկել յուր հետ բերած հայրապետական հարառությունները, որոնք մեծ մասամբ սրբությանց ժողովածուներ և նախնի գահակալներից ժառանգած թանկագին իրեր էին:

Կաթողիկոսի կարծիքով թշնամին չէր մոտենալ այդ անշուք վայրերին, ուր գրաստներ էին դարմանում, և ուր մուրացիկ խուժանն էր ապրում:

Բայց երբ հետզհետե հասնող լուրերից երկյուղը զորացավ, նրա մերձակաները խորհուրդ տվին իրան հեռանալ Այրիվանքից և ապաստանել Գառնո ամրոցին, ուր այդ ժամանակ ապրում էր թագուհին:

Կաթողիկոսին հաճելի էր հետևել այդ խորհրդին, բայց յուր Դռան եպիսկոպոս Սահակը, որ լուրջ և իմաստուն մարդ էր, հակառակեց նրան` ասելով.

ժողովուրդն արդեն բամբասում է քեզ, Վեհափառ հայր, թե դու անտեր ես թողել Դվնո կաթողիկոսարանը և քո անձի ապահովության համար ապաստանել Այրիվանքի ամրություններին: Այժմ էլ եթե Գառնի փոխադրվես, կգրգռես քո դեմ նույնիսկ կղերի զայրույթը:

Եթե մի անգամ արդեն հեռու եմ կաթողիկոսարանից, կարող եմ լինել և Գառնիում. ինչո՞ւ այս առթիվ պիտի կղերը գրգռվի, — հարցրեց կաթողիկոսը եպիսկոպոսին:

Այստեղ մնալու համար դու պատրվակ ունիս, Վեհափառ տեր. այդ այն է, որ դու հովանավորում ես Այրիվանքի հռչակավոր և բազմամարդ ուխտին:

Իսկ Գառնիում ապրում են թագուհին և ազատանի կանայք, նրանք պետք չունին քո հովանավորության:

Կաթողիկոսը գլուխը կախեց և սկսավ մտածել: Եպիսկոպոսի առարկությունը արդարև բանավոր էր: Կաթողիկոսը պարտավոր էր յուր ուխտի հետ լինել և ոչ թե ամրոցաբնակ տիկնանց: Բայց մոտալուտ վտանգի երկյուղը ճնշում էր նրա սիրտը: Նրա բարեկազմ, հաղթանդամ և արտաքուստ զորավոր մարմնի մեջ ապրում էր մի տկար սիրտ և երկչոտ հոգի: Նա թեպետ սրտագին սիրում էր յուր հոտը և միշտ աշխատում էր նրա բարվույն համար, բայց դրա հետ միասին սիրում էր յուր անձը և հետևապես վտանգի չէր ենթարկում նրան, եթե հոտի շահը պահանջում էր այդ: Նա հայրենիքի հարազատ որդին և նրա երջանկության անկեղծ բարեկամն էր: Բայց եթե այդ երջանկությունը ձեռք բերելու համար պետք էր լինում զոհել թագավորող անձի կամ զորեղ իշխանի դեպի ինքն ունեցած բարեկամությունը, նա տատանում էր և, վերջ ի վերջո, այդ բարեկամության կորուստը խնայում: Նա ազգի օգտին գործում էր բարիքներ երբեմն միայն փառք վաստակելու համար, իսկ շատ անգամ էլ` որպեսզի յուր փառքը չաղարտե, նա արգելք չէր դնում հասնող չարիքներին: Նա չուներ ո՛չ զորեղ կամք, ո՛չ հաստատ բնավորություն, և այդ պատճառով էլ նրա վրա հավասար ազդեցություն ունեին թե՛ մեծը և թե՛ փոքրը, թե՛ տկարը և թե՛ զորավորը, թե՛ խարդախ բանսարկուն և թե՛ իմաստուն խորհրդականը: Զորավոր մարդու կամ դեպքի յուր վրա արած ազդեցությունը ջնջում էր միշտ զորավորագույնը: Իսկ շատ անգամ էլ պատահում էր հակառակը, նայելով թե ո՛րն է վերջին անգամ յուր ուժը փորձել նրա վրա:

Յուր Դռան եպիսկոպոսի վրա, սակայն, կաթողիկոսը մեծ համարում ուներ, նա հարգում էր նրան իբրև առաքինի և իմաստուն մարդու: Եվ այդ պատճառով, չնայելով, որ արհավիրների մասին հասնող լուրերն անհանգստացնում էին իրան, այսուամենայնիվ որոշեց լսել նրա խորհրդին և մնալ Այրիվանքում յուր հոգևոր ուխտի հետ:

Բայց ահա` հասավ այդտեղ կաթողիկոսարանի Գևորգ անունով սարկավագը, որ հաղորդեց Վեհափառին տխուր և սպառնական նորություններ:

Նսըրն եկել է արդեն Դվին, կապած բերելով յուր հետ Սյունյաց Սահակ և Բաբգեն մեծ իշխաններին, որոնց և դրել է բանտում: Նա կալանավորել է նույնպես Դվնո հագարացի իշխաններին` թվով քառասուն հոգի, — ասաց սարկավագը:

Կաթողիկոսը երկյուղից այլագունեց: Կապյալները հայտնի և նշանավոր իշխաններ էին. ինչպե՛ս կարող էր Նսըրը կալանավորել նրանց, մանավանդ Դվնո իշխաններին, որոնցից ոմանք ամիրապետի սիրելիներն էին: Այդ նշան էր, թե ոստիկանը հրահանգներ ունի ստացած հալածանքներ հարուցանելու:

Ո՞ւր և ինչպե՞ս կալանավորեց նա Սյունյաց իշխաններին, — հարցրեց կաթողիկոսը սարկավագին:

Ոստիկանի Նախիջևանում եղած ժամանակ, — ասաց սարկավագը, — Բաբգեն իշխանն ընծաներով եկել էր նրա մոտ և բողոքել յուր եղբոր` Սահակի դեմ, իբր թե վերջինս զրկել է իրան ժառանգությունից և խնդրում էր Նսըրին` օգնել, վերադարձնել իրան հայրենի ժառանգությունը: Ոստիկանն ուրախությամբ ընդունում է Բաբգենի խնդիրը և հրավեր է ուղարկում Սահակ իշխանին` գալ իրան այցելության: Վերջինս կասկած չունենալով Նսըրից, ընծաներով գալիս է նրա մոտ: Ոստիկանը երկու եղբորն էլ սիրով պահում է Նախիջևանում մի քանի օր և ապա առաջարկում նրանց յուր հետ միասին գնալ Դվին, որպեսզի այդտեղ վերջացնե նրանց ժառանգության գործը: Իշխանները համաձայնվում են: Բայց հենց որ ելնում են Սյունյաց նահանգից և հասնում Դվին, այդտեղ ոստիկանը, փոխանակ ժառանգության գործը վերջացնելու, երկուսին էլ կալանավորում ու բանտարկում է:

Անշուշտ նրանց երկիրը գրավելու նպատակով, այսպես չէ՞, Սահակ սրբազան, — դարձավ կաթողիկոսը դեպի Դռան եպիսկոպոսը, որ կանգնած լսում էր սարկավագի բերած նորությունները:

Այդպես է, վեհափառ տեր. ոստիկանը չէր կարող գրավել Սյունիքը, եթե նրա իշխաններին չկալանավորեր:

Հարկավ, չէ՞ որ ազատ իշխանը կարող է զորք ժողովել, պատերազմել... Բայց նրանք զրկվեցան այժմ ազատությունից, սա մի մեծ դժբախտություն է մեր երկրի համար... նույնիսկ թագավորի և ինձ համար...

Իսկ քեզ համար, Վեհափառ տե՛ր... — կցեց սարկավագը:

Հա՛, ինձ համար ի՞նչ, — շտապով ընդհատեց կաթողիկոսը:

Քեզ համար էլ ոստիկանը որոգայթներ է լարում:

Այսի՞նքն:

Կամենում է կալանավորել:

Ի՞նձ...

Այո՛, Վեհափառ տեր:

Ինչպե՞ս իմացար այդ, — հարցրեց կաթողիկոսը երկյուղագին:

Ոստիկանը կանչեց յուր մոտ կաթողիկոսարանի վերակացուին և պատվիրեց նրան հրավիրակ ուղարկել այստեղ...

Իմ ետևից, այնպես չէ՞:

Այո՛, Վեհափառ տեր, քեզ հրավիրելու համար:

Ի՞նչ ունի ինձ հետ ոստիկանը, Սահակ սրբազան, — կասկածավոր եղանակով դիմեց կաթողիկոսը եպիսկոպոսին:

Աստծուն է միայն հայտնի, տե՛ր, — պատասխանեց սրբազանը:

Վերակացուին ասել է, թե կաթողիկոսը յուր կաթողիկոսարանում պիտի նստե և ոչ թե լեռներում ամրանա,-հարեց սարկավագը:

Նա ուրեմն գիտե՞, թե ես որտե՛ղ եմ գտնվում:

Այո՛, Վեհափառ տեր:

Կաթողիկոսի գույնը թռավ:

Եթե ես այստեղից չհեռանամ, նա այսօր կամ վաղը զորք կուղարկե իմ ետևից, — ասաց հայրապետը դիմելով եպիսկոպոսին:

Վերջինս լուռ էր:

Դու այդպես չե՞ս կարծում, սրբազան եղբայր, — հարցրեց կաթողիկոսը:

Նա զորք կուղարկե և այն ժամանակ, երբ հեռացած կլինես, տեր:

Բայց այդ ժամանակ նա չի կարող կալանավորել ինձ:

Կկալանավորե և կկոտորե Այրիվանից միաբանությունը...-ծանրությամբ հարեց սրբազանը:

Կաթողիկոսը հասկացավ եպիսկոպոսի դիտողության նշանակությունը և լռեց:

Բայց դու, սրբազան, մի վայրկյան առաջ ասացիր, թե ոստիկանը չէր կարող գրավել Սյունիքը, եթե նրա իշխաններին չկալանավորեր, — խոսեց կաթողիկոսը րոպեական լռությունից հետո:

Այո՛, Վեհափառ տեր, ասացի:

Ուրեմն նա մեր կաթողիկոսարանն էլ կգրավե, եթե ինձ ձերբակալե:

Անշուշտ:

Եվ եթե ես այստեղ մնամ, այդ միևնույն է, թե մատնեմ ինձ Նսըրի դահիճներին:

Եպիսկոպոսը չպատասխանեց:

Այդ միջոցին հասավ կաթողիկոսարանի նվիրակը, որ Նսըրի կողմից հրավիրում էր կաթողիկոսին մայրաքաղաք:

Վեհափառն այլևս երկար խորհուրդների չսպասեց: Նա որոշեց հեռանալ Գառնի: Ուստի հրամայեց Գևորգ սարկավագին ձի նստել իսկույն և շտապել ամրոցը` բերդակալին ու թագուհուն յուր գալուստը հայտնելու: Նա մտածում էր ելնել վանքից հենց միևնույն գիշերը, որովհետև համոզված էր, թե ոստիկանը, նվիրակի վերադառնալուց հետ, զորք կուղարկե անշուշտ իրան կալանավորելու համար:

Գևորգ սարկավագը փութաց Վեհափառի հրամանը կատարելու:

Այդ լուրը հուզեց Այրիվանքի միաբանությանը: Շատերն սկսան տրտնջալ, բայց կաթողիկոսին դժգոհություն հայտնել չհամարձակվեցան, որովհետև տեսնում էին, որ Դռան եպիսկոպոսը նույնպես լուռ է: Այդ նշան էր, թե նա հույս չունի այլևս Հայրապետի վրա ազդելու, որովհետև երկյուղն ամեն կողմից պաշարել էր նրան:

Կաթողիկոսի ձեռնարկությունը քաջալերում էին միայն նրա մերձավորները, որոնք հոգում էին նաև իրանց ապահովության համար: Նրանք գիտեին, որ հագարացիք Այրիվանքը գալով ամեն ինչ պիտի ավերեն և գուցե սրի անցցնեն միաբանությունը և ահա այդ պատճառով աշխատում էին հեռացնել այդտեղից կաթողիկոսին, որպեսզի իրանք էլ նրա հետ հեռանային:

Երբ երեկոյացավ, հայրապետը յուր հավատարիմներով իջավ Ներքին Վանք տաճարում աղոթելու և միաբաններին յուր հրաժեշտը տալու համար:

Տեղվույն վանահայրը խնդրեց այստեղ կաթողիկոսին հետաձգել յուր ուղևորությունը գեթ մի ժամով, որպեսզի վերջին անգամ ընթրիք վայելե յուր միաբանության հետ: Կաթողիկոսը սիրով համաձայնեցավ և սեղան նստավ վանքի միաբանական ուխտի հետ:

Ըստ սովորության` սեղանատան ամբիոնը բարձրացած կարդում էր սուրբ գիրքը Մովսես անունով մի երիտասարդ վարդապետ: Նա ընթեռնում էր առաքելոց գործերը: Երբ ընթրիքը մոտեցավ յուր վախճանին, նա բացավ Հովհաննու ավետարանը և բարձր ձայնով կարդաց հետեյալը.

«Ես եմ հովիվն քաջ. հովիվ քաջ զանձն յուր դնե ի վերա ոչխարաց: Իսկ վարձկանն, որ ոչ հովիվ, որո ոչ յուր են ոչխարքն, իբրև տեսանե զգայլն զի գա` թողու զոչխարսն և փախչի. և գայլն հափշտակե զնոսա և ցրվե: Քանզի վարձկան է, և չէ փույթ նմա վասն ոչխարացն...»:

Դեռ վերջին խոսքերը չէր արտասանել վարդապետը, երբ կաթողիկոսը դենջակը ձգելով` այլայլված բարձրացավ աթոռից և բացականչեց.

Օ՛ն և օ՛ն, թե վարձկան լինիմ ես, ո՛վ Այրիվանից հավք: Գայլից փախչում էի, Այո՛, բայց ոչ թե ձեզ նրա ձեռքը մատնելու, այլ ինձ հանձնված սրբություններն ազատելու համար: Որովհետև այդ զգուշությունը վարձկանի անուն պիտի վաստակե ինձ համար, ապա ուրեմն այս վայրկենից իսկ թողնում եմ ես այդ սրբությունները բախտի կամքին և հանձնում եմ այն ձեր երաշխավորության: Ես այևս չեմ հեռանում այս ուխտից:

Բարի վանահայրը, որ երիտասարդ վարդապետի կողմից չէր սպասում երբեք այդպիսի նախամտածված և համարձակ քայլ, մնաց բոլորովին ապշած: Հայրապետի խոսքերն ավելի ևս շփոթեցին նրան և խեղճը վազելով ծունկ չոքեց վեհափառի առաջ:

Աստվածարյալ տեր,-բացանանչեց նա, այս վարդապետը իմ միաբանների մեջ հայտնի էր յուր համեստությամբ և առաքինությամբ, բայց փորձիչը երևի գայթակղել է նրան: Հրաման տուր այս վայրկենին իսկ կարգալույծ անել նրան և արտաքսել այն հարկից, որ նա անպատվեց յուր անպարկեշտությամբ:

Չէ, սիրեցյալ եղբայր, — պատասխանեց կաթողիկոսը. — այդ վարդապետն անպարկեշտ ոչինչ չասաց. նա կրկնեց ավետարանի ճշմարիտ խոսքերը. նա հիշեցրեց ինձ իմ պարտքը, հնչեցնելով իմ ականջին Անմահ և Քաջ հովվի պատվերը...: Իսրայելի հանցավոր առաջնորդներին աստված կոչում էր ուղղության ճանապարհը մարգարեների բերանով: Գուցե նա կամեցավ մարգարե հարուցանել և մեր մեջ: Չդատապարտենք այս մարդուն, որ ճշմարտությունը խոսելու չափ քաջություն ունեցավ:

Մովսես վարդապետը կանգնած էր այդ վայրկենին ամբիոնի առաջ լուռ և անշարժ, նրա դեմքը խաղաղ էր և հայացքը հանգիստ: Բոլոր միաբանությունը, որ ոտքի վրա էր այդ միջոցին, նայում էր նրան ասես թե մի աչք դարձած, բայց երիտասարդ հայրը բնավ չէր խռովում այդ հայացքներից: Նա գիտեր, թե ինչո՛ւ համար կարդաց Հովհաննու ավետարանը և համոզված էր, որ դրանով յուր պարտքը կատարեց: Իսկ թե այնուհետև վա՞րձք թե պատ՛իժ կչափեին իրան, բնավ հոգը չէր:

Բայց վանահայրը կաթողիկոսի խոսքերովն անգամ չհանգստացավ որովհետև վախենում էր, թե գուցե Վեհափառը յուր նենգամտության վերագրե այս դիպվածը, նա հարցրեց վարդապետին բարձր`

Եղբայր իմ, ո՞վ պատվիրեց քեզ այդ ավետարանը:

Նա, որ աներևութաբար բազմած է այս րոպեին մեր մեջ և որ կառավարում է մեր սիրտն ու հոգին, — պատասխանեց վարդապետը խաղաղ ձայնով:

Անշուշտ նա է պատվիրողը, — հարեց Դռան եպիսկոպոսը, — եթե ճշմարիտ է, որ ծառի տերևը չի շարժվում առանց նրա կամքին, ապա այս սրբազան ակմբի մեջ խոսողը նույնպես ներշնչված է նրա զորությամբ: Աստված կամենում է, որ վեհափառ հայրն ապրե յուր ուխտի հետ և մասնակցե նրա ուրախության ու վշտերին: Ո՞վ կարող է հակառակել նրա կամքին:

Ես չեմ հակառակում, — ասաց կաթողիկոսը: -Ես կամենում էի, Այո՛, գիշերն օգնության առնել ինձ և թշնամուց անտեսանելի կերպով հեռանալ, բայց հենց այդ գիշերվա շնորհիվ իմ ալևորությունն արգելվեցավ: Ուրեմն ես կմնամ:

Այն սրբությունները, որոնց ես կամենում էի թշնամու հափշտակությունից ազատել, իրանք ուրեմն թող պաշտպանեն իրանց: Եվ եթե աստծուն հաճելի լինի իմ հեռանալը, նա պայծառ արևի ժամանակ էլ գիշեր կստեղծե ինձ համար:

Այս ասելով կաթողիկոսը հեռացավ յուր հանգստարանը: Իսկ Դռան եպիսկոպոսը նոր բանբեր ուղարկեց Գառնի` հայտնելու համար բերդապահին` չսպասել այլևս կաթողիկոսի գալստյան:

Հետևյալ առավոտ, շատ վաղ, կաթողիկոսը խորհրդի հրավիրեց յուր մոտ միաբանության գլխավորներին, որպեսզի նրանց հետ միասին հագարացիների հարձակման դիմադրելու կամ հարձակվողների հափշտակությունից վանական ու հայրապետական հարստություններն ազատելու մասին խորհրդակցե:

Որոշվեցավ նախ բոլոր մեծագին իրեղենները, եկեղեցական սպասներն ու սրբությունները և մանավանդ Սուրբ Գրոց ու այլ մատենից ժողովածուները ծածկել հեռավոր և խավարչտին այրերի մեջ: Երկրորդ` բոլոր միաբանության մասնակցությամբ կատարել թափոր և ապա մնացորդ օրը անցնել աղոթքով ու հսկումով, որպեսզի աստված խնայե անպաշտպան միաբանությանը և չմատնե նրան յուր թշնամու ձեռքը:

Եվ, արդարև, անապատականների այս ընկերությունը թաքչելուց ու աղոթելուց զատ չուներ պաշտպանության մի այլ զենք: Թագավորն զբաղված էր ապստամբ իշխանների հետ կռվելով, իսկ զորք ունեցող իշխաններն ամրացած էին իրանց բերդերում: Այդ պատճառով վանքերն ու միաբանությունները մնացել էին անպաշտպան: Թշնամու երեսից փախչող խուժանը, որ չէր վայելում արքունական զորաց կամ որևէ իշխանի պաշտպանությունը, խուճապելով խռնվում էր դարձյալ այդ վանքերի մեջ և այդպիսով ավելի ևս ծանրացնում միաբանության դրությունը: Որովհետև վերջինս ստիպված էր լինում ոչ միայն նրանց պաշտպանելու, այլև կերակրելու հոգն ստանձնել, որ շատ անգամ կապված էր լինում մեծամեծ դժվարությունների հետ:

Աշնանային գեղեցիկ առավոտ էր: Վճիտ և անամպ երկնակամարի վրա սահում էր արևի հրափայլ գունդը, կարծես, ավելի լուսավոր և ավելի ճառագայթարձակ, քան ուրիշ օրեր: Գեղա լեռան լանջերն ու բարձունքները, որոնց վրա թոշնել ու դեղնել էին արոտն ու թավուտը` վառվում էին արդեն երփներանգ գունով: Այրիվանից ժայռերը, բուրգերն ու ամբարտակները, որոնք իրանց քարեղեն կրծքում սեղմում էին, կարծես, տխուր մենաստանը, ազատվում էին հետզհետե ժայռապատ լեռան ստվերներից, և առավոտյան անուշ հավերը, որոնք Գեղա լեռան լանջերը քերելով` մտնում էին Այրիվանից ձորը` Ազատի ալիքները համբուրելու համար, մեղմում էին արևի տապը, որ սկսում էր արդեն զգալի դառնալ այդտեղ: Մենաստանի շուրջը բուսած ծառերի և կարկաչահոս գետի ափունքը հովանավորող թուփերի մեջ սկսել էին թռչուններն իրանց վաղորդյան ճռվողյունը, որ խառնվելով գետի քաղցր խոխոջի հետ, լցնում էր շրջապատը մի ախորժալուր աղմուկով:

Եվ ահա վիմափոր տաճարի դռներից դուրս եկան սպիտակազգեստ դպիրները անդաստանի քաղցրանվագ շարականը երգելով: Նրանց հետևում էին ուրարակիրները, սարկավագները, աբեղաների խումբը, վարդապետները և վերջապես բարձրաստիճան եպիսկոպոսները, շրջապատած Վեհափառ հայրապետին: Նրա առջևից դեմ առ դեմ գնում էին երկու սարկավագներ, արծաթե բուրվառները ձեռքներին, որոնք և շարունակ խնկարկում էին կաթողիկոսին: Սկսած աբեղաներից մինչև եպիսկոպոսները` ամենքն էլ ծածկած էին սև փիլոններ, որովհետև ոսկեթել շուրջառները և այլ թանկագին սպասները թաքցրել էին արդեն այրերի մեջ: Միայն կաթողիկոսն էր կրում սպիտակ, ոսկեթել շուրջառ, որ մի առանձին շուք ու վայելչություն էր տալիս նրա բարձր ու գեղապատշաճ հասակին և քաղցր ու բարի դեմքին, որ զարդարված էր սպիտակափառ և կուրծքը հովանավորող մորուսով:

Հասնելով վանքի պարսպապատի մեջտեղը, շրջան կազմեց միաբանությունը թափորն սկսելու համար: Բայց հազիվ սկզբնական աղոթքները կարդացին և գրքերի ընթերցումն սկսան, ահա՛ երկնքի վրա կատարվելիք մի հրաշքի նշանները երևացին: Լուսավոր երկնակամարը գորշ-կանաչագույն ստվեր առավ յուր վրա: Նրա մեջ, զանազան կետերում, սկսան աստղեր նշմարվիլ: Օդի մեջ հանկարծ ցրտություն տիրեց, և քամին ընդհատ կերպով սկսավ շառաչել: Թռչունները, որոնք մինչև այն ուրախ ու զվարթ ճռվողում էին, ձայներնին քաշեցին և սկսան վախեցած այս ու այն կողմն ընկնել: Թափոր կազմող միաբանությունը պաշարվեց բնազդական մի երկյուղով, և գիրք կարդացող վարդապետն զգաց, որ յուր աչքերի տեսությունը նվազում է:

Հանկարծ կաթողիկոսը, ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով, բացականչեց.

Ո՛վ ահավոր և ամենակարող աստված, ի՞նչ հրաշք է այս, որ ցույց ես տալիս դու քո արարածներին...

Բոլորը կարծես այդ ձայնից զարհուրած դեպի վեր նայեցին և սարսափելով տեսան, որ արևի պայծառ գունդը կիսով չափ ծածկվել է ստվերով, և հրավառ սկավառակը խավարում է արդեն:

Մի քանի րոպեից տվնջյան պայծառ լույսը խավարեց բոլորովին: Ամենքն մնացին սառած, և միայն երկյուղի ու զարմացման բացականչություններ էին, որ լսվում էին չորս կողմից:

Հանկարծ Դռան եպիսկոպոսն առաջ գալով բարձրաձայն աղաղակեց.

Վեհափառ տեր. աստված ահա՛ բացահայտ կերպով ցույց է տալիս յուր կամքը Այրիվանից ուխտին, որ ցանկացավ պահել քեզ յուր մոտ և յուր գրկում պատսպարել հայ եկեղեցվո սրբազան հարստությունը: Դու չընդդիմացար և ասացիր. «Եթե աստծուն հաճելի լինի իմ հեռանալը, նա պայծառ արևի ժամանակ էլ գիշեր կստեղծե ինձ համար»: Եվ ահա՛ աստված լսեց քո խոսքը, նրա ամենակարող աջն սկսեց ստեղծել ցանկալի գիշերը, խավարելով տվնջյան պայծառ լուսատուն: Նա ուրեմն կամենում է, որ դու հեռանաս այս ուխտից և քո անձն ու հայրապետական սրբությունները փրկես վերահաս վտանգից: Հեռացի՛ր, Վեհափառ տեր, հեռացիր այստեղից, որովհետև այդ է աստուծո անքննելի կամքը:

Հեռացի՛ր, հեռացի՛ր, մենք օրհնում ենք քո ճանապարհը, — գոչեցին ամեն կողմից միաբանները:

Հնազանդվում եմ աստուծո կամքին, — ասաց կաթողիկոսը և ծունկ չոքելով սկսավ աղոթել:

Բոլոր միաբանությունը հետևեց յուր հայրապետի օրինակին:

Երբ արևի խավարումն անցավ, նրանք ջերմեռանդ սրտով թափորի կարգը շարունակեցին և ավարտելով վերադարձան տաճարը:

Այստեղ Մովսես վարդապետը, որ ընթրիքի ժամանակ կարդացել էր Հովհաննու ավետարանը և դրանով կաթողիկոսի ուղևորության արգելք դարձել, սարսափահար ու վշտաբեկ եկավ ընկավ հայրապետի ոտքերը` թողություն խնդրելու:

Ես հանցանք գործեցի քո դեմ, Վեհափառ տեր, — ասաց նա արտասվելով, — ինձ թվում էր, թե աստված է ներշնչել ինձ քո ուղևորությունն արգելելու միտքը, բայց այժմ տեսնում եմ, որ ես գործել եմ սատանայի թելադրությամբ:

Ների՛ր ինձ և աղոթիր, որ քո նվաստ ծառան ազատվի փորձչի կապանքներից:

Դու գործել ես աստուծո թելադրությամբ, սիրելի որդի, — ասաց նրան կաթողիկոսը մեղմ ձայնով, — աստված ինքն է ներշնչել քեզ այն` ինչ որ դու արիր, որպեսզի ցույց տա մեզ այսօր յուր ահավոր զորությունը: Գնա՛ և գոհության աղոթք կարդա նրան, որ արժանի արավ քեզ այդ շնորհին:

Վարդապետը հոգվով չափ մխիթարվելով այս խոսքերից, գլուխ խոնարհեց և հեռացավ:

Քիչ ժամանակից հետո կաթողիկոսը յուր հավատարիմներով ու հետևորդներով ելավ Այրիվանից և ուղղվեցավ դեպի Գառնի:

Հայրապետի հեռանալուց հետո միաբանության երկյուղն ավելի սաստկացավ: Նրանք հավատում էին, որ աստված, երկնքի վրա ցույց տված այդ հրաշքով, հայտնել էր իրանց թշնամիների մոտալուտ հարձակումը: Ուստի բոլոր այն անապատականները, որոնք թշնամու հարձակման կամ նրանից չարչարանք կրելու չափ քաջություն չունեին, խույս տվին լեռները և կամ պատսպարվեցան հեռավոր այրերում: Նրանց հետևեց և Այրիվանքին ապաստանած խուժանը:

Մենաստանում մնացին ծերունի վանահայրը և մի քանի կորովասիրտ ու անձնվեր վարդապետներ, որոնք ավելի լավ համարեցին մեռնել վանքի պարիսպների մեջ, սրբազան տաճարի դռան առաջ, քան թե իրանց անձի ազատությունը որոնելով` թողնել վանքը բարբարոսների ձեռքում:

Թեպետ նրանք հագարացիներին դիմադրել չէին կարող և դրա համար չէին իսկ երազում, բայց որովհետև գիտեին, որ այդ խուժադուժները եթե ամայի և անմարդաբնակ գտնեին վանքը, չարաչար պիտի պղծեին ու ավերեին նրան, որպեսզի փախչողների սիրտը կսկծացնելով` վրեժ լուծեին նրանցից, ուստի կարևոր համարեցին մնալ վանքում, գուցե թշնամու բռնություններն իրանց վրա դարձնելով ազատեին վանքը նրա բարբարոսություններից:

Մնացողների թվումն էր և երիտասարդ Մովսես վարդապետը, որ փախչողներին ու թաքչողներին զանազան ճանապարհներ ու թաքստյան վայրեր ցույց տալուց և նրանց տեղավորելուց հետ, վերադարձավ վանահոր և նրա ընկերների մոտ, գալիք հարվածներից յուր բաժինն ստանալու համար:

Երեկոյան դեմ գուժկան հասավ վանքը` թշնամիների հարձակման լուրը գուժելու:

Ոստիկանը մի քանի գունդ զորք ճանապարհեց այստեղ կաթողիկոսին կալանավորելու և միաբանությունը սրի անցցնելու համար,-ասաց նա վանահորը. — կաթողիկոսարանի վերակացուն զրկեց ինձ այս տխուր նորությունը ձեզ հաղորդելու համար:

Աստված երկնքից ավելի շուտ լուր հասցրեց մեզ, որդի, — պատասխանեց վանահայրը, — կաթողիկոսը և միաբանության մեծ մասն ազատված են արդեն, իսկ մենք մնացինք այստեղ վանքի դռանը մեռնելու համար:

Следующая страница