Մուրացան՝   Գևորգ Մարզպետունի

Գուժկանի հեռանալուց հետ վանահայրը ժողովեց յուր հետ եղողներին և մտավ տաճարն աղոթելու և հսկումն կատարելու համար:

Նրանք դեռ ծնկաչոք աղոթում էին, երբ մի զարհուրելի աղաղակ վիմափոր տաճարի կամարները թնդացրեց:

Վանահայրը վեր թռավ տեղից և մեղմ ձայնով Քրիստոսի խոսքերն արտասանեց.

— «Արիք, երթիցուք, զի հասեալ է ժամ...»: — Եվ նա այլևս չկարողացավ շարունակել, բայց առաջացավ խրոխտ քայլերով:

Բոլորը հետևեցին նրան: Երբ տաճարի գավիթը հասան, նա նորեն դարձավ միաբաններին և հուզված ձայնով ասաց.

Մենք նվիրված ենք մեր ժողովրդի և այս սուրբ տաճարի սպասավորության և դրա համար ուխտ ունինք դրած նախ աստուծո և ապա մարդկանց առաջ. այդ ուխտին դրժելու իրավունք չունինք. գնանք ուրեմն դեպի զոհի այն սեղանը, որի ողջակեզը մեր անձը պիտի լինի. գնանք ուրախ և անտրտունջ և հավատանք, որ զոհելով մեր կյանքը այս անցավոր աշխարհում, պիտի վերստանանք նրան անանց և հավիտենական թագավորության մեջ:

Գնանք մեր սրբազան պարտքը կատարելու, — հարեց եռանդով Մովսես վարդապետը: — Մենք ոչինչ չենք զոհում այստեղ և ոչինչ էլ չենք կորցնում:

Վաղ թե ուշ պիտի մեռնեինք. հավիտենական չէր լինելու մեր կյանքը: Օրհնենք աստծուն, որ արժանի արավ մեզ շահավոր կերպով մեր մահկանացուն կնքելու: Եթե այս տաճարի հիմքերը մեր արյամբ ներկվելով ավելի պիտի ամրանան, եթե գալոց սերունդները` շեն գտնելով այս կամարները` պիտի աղոթեն նրանց մեջ և այդ աղոթքը երկնքից պիտի իջեցնե հայ երկրի վրա հավիտենականի օրհնությունը, ապա ուրեմն երջանիկ ենք մենք, որ դարձանք «ընտրության անոթ» և այս անցավոր աշխարհում ապրեցինք ավելի իմաստնաբար` հավիտենական բարիքը անցավորից գերադասելով:

Գնա՛նք, գնա՛նք, թշնամին մեզ չի ահաբեկի. գնա՛նք մեր պարտքը կատարելու, — բացականչեցին մյուս վարդապետները և խմբովին բակը դուրս եկան:

Հագարացիք հասել էին արդեն վանքի պարիսպներին և շրջապատել նրան: Դռները փակ գտնելով` նրանք զայրացել, կատաղել էին: Այդպիսի հանդգնություն չէին սպասում մի խումբ հոգևորականներից: «Ուրեմն այդտեղ պաշտպանող զորքեր կան», մտածում էին նրանք և իրանց գոռում-գոչումով վանքի այրերը թնդացնում: Նրանք հրամայում, հայհոյում, սպառնում էին: Ահագին ժայռեր գալիս, զարկվում էին պարսպապատի դռանը` նրան ջախջախելու համար: Քարագնացները վանքի ետևից բարձրացող ժայռերի վրա ելնելով` քարեր էին գլորում այդտեղից, իսկ նախահարձակները պարսպին սանդուղքներ հենելով` պատրաստվում էին ելնել նրանց վրա կամ իջնել վանքի բակը:

Վանականների խմբակը կանգնած էր այդտեղ անզեն, անպաշտպան, ինչպես անմեղ էրեների մի խումբ` արյունռուշտ որսորդներով ու բարակներով շրջապատված: Հրոսակների վայրենի աղաղակները և երկաթապատ դռան բոմբյունը դող ու թունդ էին հանում նրանց սրտերը. և որքան էլ նրանք պատրաստված` կամավոր հոգով իրենց անձը զոհելու, այսուամենայնիվ նրանք դողում, սարսափում էին. մսից ու արյունից կազմված մարդը ընկճվում էր նրանց մեջ. բնազդումը գործում էր ավելի, քան հոգեկան կորովը. և նրանցից ամեն մինն աղոթում էր աստծուն` անցնել իրանից դառնության այդ բաժակը: Միայն Մովսես վարդապետը կարծես խլացել, անզգայացել էր. զորքի աղաղակը, դռան ճարճատյունը, լեռնալանջից գլորվող քարերը նրան ո՛չ շփոթում, ո՛չ սարսափեցնում էին. նա անվրդով նայում էր այդ ամենին, կարծես սպանելով, որ հասնե շուտով կատարման ժամը:

Մենք իզուր ենք կատաղեցնում այդ մարդկանց, — դարձավ նա վանահորը. — ավելի լավ է բանանք պարսպի դռները և ընդունենք նրանց, վաղ թե ուշ պիտի ներս խուժեն նրանք:

Ոչ, ոչ. գուցե աստված դեռ կամենում է մեզ փրկել, գուցե անցնում է փորձության ժամը... — պատասխանեց վանահայրը, որ երկյուղից գունաթափվել էր արդեն:

Այդ ժամանակ պարսպի և աշտարակների վրա բարձրացան զորքերը և զարմանալով տեսան, որ բակի մեջ կանգնած էին միայն մի խումբ վանականներ: Չկային այդտեղ դիմադրող զորքեր և ոչ էլ կռվի կամ պաշտպանության պատրաստություն: Այդ անակնկալ հայտնությունն իջեցրեց նրանց կատաղության եռանդը: Մի քանիսը միայն իրանց սվինները ձգեցին դեպի խմբակը, այն էլ կարծես ոչ թե հարվածելու, այլ վանականներին վախեցնելու համար:

Բայց երբ պարսպապատի դուռը, ժայռերի հարվածին չդիմանալով, ահագին ճարճատյունով գլորվեցավ ընկավ, և զորքը բարձրագոչ ներս խուժեց բակը, վանականները խմբով փախան դեպի գավիթը:

Վայրենի հրոսակներն ընկան նրանց ետևից և մի ակնթարթում շրջապատեցին բոլորին: Սրերն ու սվիններն սկսան շողալ: Մի վայրկյան ևս ամենքը պիտի ջնջվեին: Բայց խմբապետներից մինն առաջ անցնելով` զորավոր ձայնով գոռաց.

Ոչ ոքին չսպանեք, այս է զորապետի հրամանը:

Կարծես կատաղի գայլերի բերանից հանկարծ որսը խլեցին:

Ինչո՞ւ չեք թողնում սատակել բոլորին, — գոռացին նրանք միաբերան և սկսան մռմռալ, սպառնալ և անլուր հայհոյանքներ թափել վանականների գլխին:

Բայց շուտով այդտեղ հասավ Բեշիր զորապետը, նստած արաբական ամեհի նժույգի վրա և վերջ դրավ զորականի վայրենի եռանդին:

Դա մի հաղթանդամ և զորավոր մարդ էր, խոշոր և թուխ դեմքով, հրացայտ աչքերով, հարուստ, գորշախառն մորուքով, որ իջնում էր մինչև, գոտին. գլխին փաթաթած էր սպիտակ ապարոշ, որի մեջ ծածանում էր մի ոսկե ցցունք: Հագած էր թանկագին ասվի և նրա վրա պղնձե զրահ, կողքից կախած ոսկեզարդ, աղեղնաձև թուր, իսկ ձեռքին բռնած փոքրիկ, փայլուն վահանակ:

Ո՞րն է ձեր մեծը, — հարցրեց նա վանականներին, հառաջանալով դեպի նրանց:

Ես, խոնարհ ծառադ, — առաջ անցավ վանահայրը:

Որտե՞ղ է ձեր կրոնապետը, — հարցրեց Բեշիրը:

Նա գնաց Գառնի:

Գառնի՞:

Այո՛, տեր:

Ինչպե՞ս համարձակվեցավ: Միթե Դվինից հրաման չբերի՞ն նրան մեծ ոստիկանի ոտքը գալու:

Վանահայրը չպատասխանեց, նա տատանում էր և չգիտեր ի՞նչ ասել:

Ինչպե՞ս չէ, բերին, — հառաջ անցավ Մովսես վարդապետը:

Ինչո՞ւ ուրեմն նա այդ հրամանը անսաստեց:

Նրան կարելի էր խնդրել, բայց երբեք` հրամայել:

Դու համարձակվում ես այդ լեզվով խոսի՞լ ինձ հետ:

Ամեն լեզու իրավունք ունի ճշմարտությունը խոսելու:

Եվ չե՞ս վախենում, որ այդ ճշմարտախոս լեզուն արմատից հանեմ:

Մենք սպասում էինք արդեն մեռնելու համար:

Կյանքը երևի շատ է ձանձրացրել քեզ, թշվառական:

Ոչ միայն ձանձրալի է, այլև նվաստացուցիչ է այն կյանքը, որ մարդ վայելում է յուր թշնամու առաջ խոնարհելով, մահն այդպիսի կյանքից ավելի գերադաս ենք համարում մենք:

Հրամայեցե՛ք, տեր, որ այս ապերասանի կառափը ջախջախեմ, — գոռաց մի զորական, սուրը երիտասարդ վարդապետի գլխին շողացնելով:

Թո՛ղ միայն դա ապրի յուր ընկերներից, որպեսզի կյանքի նվաստություններից չարաչար տանջվի, — պատասխանեց զորապետը և ապա վանահորը դառնալով հարցրեց, — որտե՞ղ են գտնվում ձեր վանքի և կրոնապետի գանձերը:

Մենք գանձեր չունինք, — պատասխանեց վանահայրը:

Մի՛ համարձակվիր ստել իմ առաջ:

Ես չեմ ստում, ոչ թե նրա համար, որ վախենում եմ, այլ որ մեր կրոնն արգելում է այդ: Մենք գանձեր չունենք, որովհետև անապատականներ ենք. իսկ անապատականը սեփականություն չի կարող ունենալ: Մենք պահպանում ենք միայն մեր ժողովրդի մեզ տված ավանդները և այն գործադրում ենք դարձյալ նրա օգտին, երբ կարիքը պահանջում է:

Դե՛հ ուրմեն, հայտնի՛ր ինձ այդ ավանդների տեղը, — հրամայեց զորապետը:

Ես իրավունք չունիմ, — պատասխանեց վանահայրը:

Ես հրամայում եմ քեզ:

Ես պիտի անսաստեմ քո հրամանին:

Կապեցեք դրանց բոլորին և ձգեցեք մի անկյուն, — հրամայեց զորապետը. — իսկ դուք մտեք սրանց կացարանները, աղոթարանները, պտրեցեք, որոնեցեք ամեն տեղ, քրքրեցեք ամեն անկյուն, հանեցեք ծածկած իրերը, դուրս քաշեցեք թաքնվածներին:

Զորապետը դեռ չէր ավարտել յուր խոսքը, որ զորքերն իրար անցան: Կարծես ոսկե բեռներ հափշտակելու հրաման տրվեցավ իրանց: Բայց Բեշիրը թույլ չտվավ, որ ամեն ցանկացող ներս մտնե վանքը: Նա գիտեր, որ զորականը խիղճ ու օրենք չունի, հետևապես գտած թանկագին իրերը պիտի ծածկեր և սեփականեր: Ուստի ընտրեց մի քանի խումբ խուզարկուներ և նրանց ուղարկեց դեպի ծածկարանները:

Զորքերը խուժեցին վիմափոր տաճարը, փոքրիկ մատուռները, միաբանական խուցերը, ելան լեռան լանջերում փորված այրերը, միով բանիվ` թափանցեցին ամեն տեղ, ուր որ մի ծածկված հարկ կամ գաղտնի անկյուն գտան: Նրանք տենդային եռանդով խուզարկում էին այդ տեղերը, քրքրում էին ծակամուտները, փորում էին գետինը, թափում էին փայտերի կույտը կամ ցրում աղյուսը, կարծելով, թե նրանց տակ թաղված պիտի գտնեն մեծամեծ գանձեր: Բայց երբ մեծագին ոչինչ չգտան, դուրս բերին և ժողովեցին բակի մեջ եկեղեցու հասարակ շապիկներ, փիլոններ, զանազան հնոտիք և խուցերից հավաքած ցնցոտիներ ու կարպետներ:

Բեշիրն այդ տեսնելով սկսավ կատաղել: Խուզարկուները մինչև, անգամ չէին գտել վանքի մեջ գործածվող պղնձեղենը, որ, յուր իմանալով, ահագին քանակության էր հասնում: Հարուստ Այրիվանքում, ուր մի քանի հարյուր միաբաններ կային, ուր ինքը կաթողիկոսն էր ապրել, չգտան մինչև անգամ մի պղնձե գավաթ, մի սկուտեղ: Բակի մեջ ընկած էին միայն մի քանի հատ փայտյա խաներ, ափսեներ և հողե ամաններ:

Եվ այդպես, դուք ուրեմն ամեն ինչ ծածկե՞լ եք, — զայրացած հարցրեց զորապետը` դիմելով վանահորը:

Ծածկել ենք ա՛յն ամենը, ինչ որ այս մենաստանին և ոչ թե ձեզ է պատկանում, — պատասխանեց ծերունին:

Այս րոպեիս պիտի հայտնես տեղը, գարշելի ծերուկ, — գոռաց Բեշիրը և մտրակի ծանր հարված իջեցրավ վանահոր գլխին:

Արջառի ջիղը, որից հյուսած էր մտրակը, գալարվելով դիպավ ծերունու դեմքին, որից նրա դալկահար երեսի վրա կապեց գորշ-կապույտ պալար: Ծերունին երերաց և հենվեցավ եկեղեցու պատին:

Մի երիտասարդ աբեղա սաստիկ գրգռվելով այդ բանից, առաջ անցավ և աներկյուղ ձայնով գոչեց.

Դո՛ւ, որ զառամյալ ծերունուն խնայելու չափ խիղճ չունիս, արժանի չես զորապետի անվան: Աստված կպատժե քեզ մի օր, վախեցիր նրա բարկությունից:

Բեշիրը դեռ չէր պատասխանել, որ մի ծանր սրի հարված իջավ աբեղայի գլխին, և նա արյունաթաթախ գլորվեցավ գետին:

Գազան զորականը, որ այդ հարվածն իջեցրավ, արժանացավ զորապետի գովության:

Այսպիսի հարված կստանաք ամենքդ, եթե կհամառեք գանձերի տեղը ծածկել, — սպառնաց Բեշիրը. — հայտնեցեք ինձ ամեն ինչ ճշտությամբ, և դուք կազատվեք մահից:

Մենք չենք մատնիլ ձեզ` ո՛չ մեր եղբայրներին և ո՛չ մեր սրբությունները, արեք մեզ հետ ինչ որ հաճելի է ձեզ, — պատասխանեց մի ուրիշ վանական:

Դո՛ւ էլ նույնն ես կրկնում, երիտասարդ կրոնավոր, — դարձավ Բեշիրը Մովսես վարդապետին:

Այո՛, տեր, մատնությունը գարշելի գործ է, և մեզանից ոչ ոք չի մատնիլ ձեզ ոչինչ: Ծածկված մարդիկը մեր եղբայրներն են, ծածկված իրերը` մեր սրբությունները կամ ժողովրդի գույքը: Մենք նրանց ձեզ հանձնելու իրավունք չունինք: Մեր սեփականը, ահա՛, այս մարմինն է. դուք կարող եք նրան անշնչացնել, բայց ընկճել մեր հոգին` երբեք:

Տարեք, տանջեցեք այս մարդկանց ամենասոսկալի տանջանքներով, մինչև որ նրանք կհայտնեն ձեզ ծածկված գանձերի տեղը, — հրամայեց զորապետը և հեռացավ:

Նրա գլխում շարունակ պտտվում էր այն միտքը, թե Այրիվանքը մեծ գանձեր ունի, և ինքը պիտի հափշտակե նրանց: Վանականների համառությունն է՛լ ավելի էր գրգռում նրա ախորժակը:

Բայց վերջինները համառում էին գլխավորապես այն պատճառով, որ այն ծածկարաններում, ուր վանքի և կաթողիկոսի գույքերն էր զետեղված, պատսպարված էին և շատերը իրանց կարգակիցներից: Իրեղենների տեղը հայտնելով` պիտի մատնեին նրանք և թաքնված մարդկանց, որոնց և թշնամու սուրն անխնա պիտի ջնջեր: Այս պատճառով ավելի լավ համարեցին միայն իրանք զոհվել, քան իրանց եղբայրներին էլ մասնակից անել մահվան:

Անխիղճ զորքերը քաշկռտեցին միաբաններին այս ու այն կողմը: Նրանցից մինին ծառի վրա պրկելով սկսան հարվածել, մյուսին ձիու պոչից կապելով, քաշքշեցին գետնի վրա, երրորդին մերկացնելով` սկսան խարաններով այրել, չորրորդի մարմինը սվիններով ծակծկեցին, հինգերորդինը` աքցաններով պոկեցին, և այլն և այլն: Բայց և այնպես արիասիրտ միաբաններից ոչ ոք հանձն չառավ զորապետի հրամանը կատարելու:

Այն ժամանակ Բեշիրը նորեն եկավ տանջվողների մոտ. տեսավ թե ինչպե՜ս տված չարչարանքներն արյունոտել, այլանդակել էին թշվառ զոհերին. կարծես խիղճը զարթեցավ բարբարոսի մեջ և նա հրամայեց, նրանց տանջանքները կարճելու համար, միանգամից սրի անցնել բոլորին:

Զորապետի հրամանը մի ակնթարթում կատարվեցավ. բոլորին էլ միանվագ գլխատեցին: Կենդանի մնաց միայն Մովսես վարդապետը, որին Բեշիրը, ըստ յուր խոստման, հրամայեց ողջ պահել, որպեսզի նա յուր վերքերից տանջվի շարունակ: Բացի այդ, զորապետը հրամայեց նրան շտապել Գառնի և, խարաններով ու աքցաններով կեղեքած յուր մարմինը կաթողիկոսին ցույց տալով հայտնել նրան, որ իրան էլ զորապետը այդ օրին պիտի հասցնե, եթե յուր կամքով չկամենա Դվին վերադառնալ և ոստիկանին հնազանդություն երդվել:

Այնուհետև Բեշիրը հրամայեց զորականին ավերել վանքը, չթողնելով այդտեղ նույնիսկ խեցիի մի կտոր:

Զորքերը հափշտակեցին ինչ որ գտան. թե՛ հավաքած իրեղենները, թե՛ հավ ու ճիվը, թե՛ մեղվի փեթակները, որոնք խիստ բազմաթիվ էին, և թե մինչև անգամ անասունների համար ամբարած խարն ու պաճարը:

Միաբանների նահատակությամբ զորքերը իրանց զրկանաց վրեժը հանած լինելով, ուրիշ ավերումներ չարին տաճարի կամ մատուռների մեջ: Այդպիսով անապատականների անձնվիրությունը յուր օգուտը բերավ: Այրիվանից ճարտարապետական բարեզարդությունը մնաց անաղարտ:

Բ

ՆՈՐ ԴԻՄՈՒՄՆԵՐ

Արևի խավարումը ծանր տպավորություն էր թողել Գառնո դղյակում: Իշխանուհիները թագուհու մոտ ժողովված` զանազան գուշակություններ էին անում բնության այդ խորհրդավոր երևույթի մասին: Նրանք հավատացած էին, որ արևի խավարումը նշան է մոտալուտ մի պատուհասի կամ ծանր դժբախտության: Բայց թե ի՛նչ պատուհաս կամ դժբախտություն պիտի լիներ այդ, չգիտեին, և գուշակություններն ահա` դրա մասին էին:

Թագավորը պիտի հաղթվի, և այդ պարտությունը նոր անհաջողության դուռ պիտի բանա մեզ համար, այս է արևի խավարման նշանակությունը,-որոշեց վերջապես թագուհին:

Բայց իշխանուհիներից ոմանք չհամաձայնվեցան նրա հետ: Եվ այդ ոչ թե նրա համար, որ չէին հավատում այդ գուշակության, այլ նրա համար, որ թագուհու սիրտը վշտացնել չէին կամենում:

Արևը ծագում է շատ երկիրների վրա, բայց բոլոր այդ երկրները միաժամանակ չեն դժբախտանում, — նկատեց Սյունյաց Մարիամ իշխանուհին, — եթե արևի խավարումը գուշակ է դժբախտության, ինչո՞ւ ուրեմն միևնույն երկրում թագավորը պիտի հաղթվի, իսկ Ցլիկ-Ամրամը հաղթե, մինը դժբախտության և մյուսը` հաջողության հանդիպե: Այդ ապացուցանում է ուրեմն, թե արևի խավարումը միայն չարիք չէ բերում մարդկանց, այլև երբեմն բարիք:

Եվ գուցե այս անգամ բարիքը մեզ վիճակվի, — հարեց Մարզպետունի իշխանուհին:

Գուցե, — պատասխանեց թագուհին: Բայց նա այդ հույսը չուներ: Նա գիտեր, որ աստված չարիքը չափում է հանցավորին, իսկ բարիքը` արդար մարդուն, գիտեր, որ յուր թագավոր ամուսինը հանցավոր էր Ամրամի առաջ, և հետևապես պիտի հաղթանակեր վերջինը: Բայց նա այդ մասին ոչինչ չխոսեց, որովհետև չէր կարող խոսել:

Մի քանի ժամից այստեղ հասավ Հովհաննես կաթողիկոսը: Ամբողջ Գառնին յուր հոգևորականներով ընդառաջեց հայրապետին: Մուշեղ բերդակալը, որ օգտվում էր ամեն դեպքից յուր հարգանքը Վեհափառին ցույց տալու համար, դուրս հանեց մարտկոցներից ու աշտարակներից բոլոր ամրոցաբնակ զորքերը և կատարյալ սպառազինությամբ ու դրոշակներով տարավ նրանց կաթողիկոսի առաջ: Թագուհին յուր իշխանուհիներով դիմավորեց հայրապետին ամրոցի դռների մոտ և նրա հետ միասին մտավ եկեղեցի:

Երբ կաթողիկոսը յուր աղոթքը կարդաց և մուտքի մաղթանքն ավարտեցին, թագուհին հրավիրեց նրան դղյակ, ուր Հայրապետի և յուր հետևորդների համար պատրաստված էր օթևան:

Վեհափառի ատելությունն ուրախացրել էր գառնեցիներին. ժողովուրդը ցնծության մեջ էր: Բայց դղյակում, ընդհակառակը, տխրել էին ամենքը:

Կաթողիկոսը հայտնել էր թագուհուն յուր գալստյան պատճառը: Ոստիկանի Դվին հասնելու լուրը տարածվել էր դղյակի մեջ: Ամենքն սկսել էին վախենալ և այս ու այն անկյունը ժողովված` խորհրդածություններ անել: Իշխանուհիներին հուսադրում և սիրտ էր տալիս Գոռ իշխանիկը: Եվ նրա խոսքերը, արդարև, հանգստացնում էին թե՛ հասակավոր տիկնանց և թե՛ դեռատի օրիորդներին:

Գառնին չէր կարող գրավել ոչ միայն Նսըրի, այլև ամիրապետի զորքերը, — ասում էր նա նրանց: — Եթե մեր պահակ գնդերը չկռվին անգամ, դարձյալ Գառնո ամրությունը կմնա անխախտ: Թշնամին չի կարող վնասել նրա ժայռերին, իսկ Տրդատաշեն պարիսպներն ու աշտարակները կդիմադրեն թե՛ բաբաններին և թե՛ բաղիստրի ռումբերին:

Մուշեղ բերդակալը, սակայն, ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցել: Նա մինչև անգամ կաթողիկոսի մոտ չմնաց, թեպետ և կցանկանար ամբողջ ժամերով կանգնել նրա առաջ և Հայրապետի սուրբ խոսքերը լսել... Այդ, արդարև, մի մեծ բախտավորություն կլիներ նրա համար: Բայց նա պարտաճանաչ մարդ էր և գիտեր, որ իրավունք չունի յուր պարտքը զվարճության զոհելու: Այդ պատճառով հենց որ նա Վեհափառի բերած լուրն իմացավ, անմիջապես դեպի զորանոցները դարձավ և առանց մի վայրկյան դանդաղելու` սկսավ ամրոցը պաշտպանելու մասին հարկ եղած կարգադրություններն անել:

Նա ռազմագետ մարդ էր, և բազմամյա փորձառությունից գիտեր, որ թշնամին հասնում է շատ անգամ այնպիսի ժամանակ, երբ ոչ ոք չէ սպասում նրան: Այդ պատճառով ցանկանում էր պատրաստել զորքը ժամ առաջ, որպեսզի հանկարծակի գալով վտանգի չենթարկե ամրոցը, որին ապաստանած էին այդ միջոցին հայոց երկրի ամենաթանկագին գլուխները, — թագուհին և կաթողիկոսը:

Նա զինավորեց բոլոր զորքը, բաժանեց նրանց զանազան խմբերի, որոնցից ոմանք պատնեշների, ոմանք աշտարակների և ոմանք պարիսպների վրա պիտի հսկեին կամ կռվեին: Կազմել տվավ մի քանի կետերում ահագին քարակույտներ, որով պետք է պարիսպների վրա բարձրացած զորքը հարվածեին կամ նրանց սանդուխտները ջախջախեին: Պատրաստեց մեծ քանակությամբ ճարպ, կպրաձյութ և ուրիշ դյուրավառ նյութեր, որոնցով պետք է պաշարողների վրա կրակ թափեին: Միով բանիվ` հոգաց այն ամենը, ինչ որ կարևոր էր հանկարծահաս թշնամուն դիմադրելու կամ ամրոցի սահմաններից նրան հալածելու համար:

Բայց անցավ երկու օր, և տակավին թշնամու հարձակման մասին լուր չեկավ բերդակալին: Այդ հանգամանքը սակայն չթուլացրեց նրա եռանդը: Գիշեր-ցերեկ նա զորքի հետ էր և շարունակում էր յուր պաշտպանողական պատրաստությունները:

Եվ ահա մի երեկո նա նկատեց մի խումբ հեծյալներ, որոնք իջնում էին Գեղա լեռան բարձրություններից: Այդ նորությունը երկյուղ պատճառեց նրան:

«Թշնամին, ուրեմն, մի քանի կետերից է կամենում հարձակվել ամրոցի վրա», մտածեց նա և մարդիկ ուղարկեց շրջակաները լրտեսելու:

Բայց անցավ բավական ժամանակ և երևացող հեծելախմբին չհետևեց որևէ ուրիշ խումբ: Հեծյալները հետզհետե առաջանալով իջան Ազատի ձորը և խոտորեցին դեպի Գառնի:

Որքա՛ն մեծ եղավ բերդակալի ուրախությունը, երբ նա այդ խմբի մեջ ճանաչեց իշխան Մարզպետունուն: Մի երկնային զորություն օգնության հասավ իրան ծանր ճգնաժամի վայրկենին:

Իսկույն լուր տարան թագուհուն իշխանի գալստյան մասին:

Հեծելախումբը, որի առաջնորդները Մարզպետունին ու Վահրամ սեպուհն էին, կազմված էր մի քանի տասնյակ վանանդացիներից, որոնք սեպուհի հետ միասին գնացել էին Աղստև` թագավորին օգնելու համար: Գևորգ իշխանը թողեց նրանց բերդակալի մոտ և ինքը սեպուհի հետ միասին գնաց թագուհուն ներկայանալու:

Բայց իշխանի գալստյան լուրը թագուհուն ոչ թե ուրախություն, այլ հուզմունք պատճառեց: Մի քանի օր առաջ նա, արդարև, սպասում էր նրան սրտի անձկությամբ: Նա ժամերով նստում էր Տրդատա հովանոցում և դիտում այն ճանապարհը, որով պիտի վերադառնար իշխան Մարզպետունին: Նա կամենում էր, այո՛, տեսնվել և խոսել նրա հետ ժամ առաջ, կամենում էր բանալ նրան յուր սիրտը և դարման խնդրել նրանից յուր վշտերի համար, որովհետև այդ իշխանի մեջ էր տեսնում արքայական ընտանիքի միակ հավատարմին:

Բայց այժմ, քանի որ Սեդան պատմել էր նրան ամեն բան, քանի որ ինքը գիտեր, թե Մարզպետունին վաղուց ծանոթ է եղել յուր վշտերին և սակայն նրանց մասին ոչինչ չէ հայտնել իրան, այժմ այլևս չէր կամենում հանդիպել նրան իբրև մտերմի: Նա մտածում էր, թե այդ իշխանն էլ անշուշտ ծիծաղել է մի օր յուր միամտության վրա, ինչպես այդ արել են յուր պալատի կանայքն ու նաժիշտները, և այդ միտքը ճնշում, նվաստացնում էր իրան յուր իսկ աչքում:

«Ի՞նչ, միթե նա այժմ պիտի ներկայանա ինձ` իբրև յուր թագուհո՞ւն... իբրև յուր թագավորի ամուսնո՞ւն... մի՞թե նա չգիտե, որ ես իրավունք չունիմ այլևս այդ անունը կրելու, քանի որ թագավորն անարգել, արհամարհել է ինձ...», մտածում էր ինքն իրան թագուհին և փափագում, որ իշխանը չներկայանա իրան, չերևա բնավ յուր աչքին:

Բայց մի՞թե այդ հնարավոր էր: Չէ՞ որ ինքը մինչև այն վայրկյաններն էր հաշվում, թե ե՞րբ արդյոք լուր կհասներ իրան Ուտիքից, չէ՞ որ նա ցանկանում էր և պարտավոր էր իմանալ, թե ի՛նչ հետևանք ունեցավ արքայի արշավանքը, հաղթե՞ց նա արդյոք թե՞ հաղթվեցավ: Երկու դեպքումն էլ նա շահ ուներ յուր անձի համար, մեկում` իբրև թագուհի, մյուսում` իբրև ամուսին...

Երբ սենեկապան սպասուհին հայտնեց թագուհուն, թե Մարզպետունի իշխանը և Վահրամ սեպուհը թույլտվություն են խնդրում իրան ներկայանալու, նա շփոթվեցավ և չգիտեր, թե որի՞ն արդյոք ընդունել:

Թող գան, — ասաց սպասուհուն: Բայց հենց որ վերջինս կամեցավ հեռանալ, — չէ՛, չէ՛, թո՛ղ միայն իշխանը ներկայանա, — հրամայեց նա նորեն և սպասուհին դուրս գնաց Մարզպետունուն հրավիրելու:

Թագուհու սիրտն սկսավ տրոփել, մի ներքին անհանգստություն պաշարեց նրան, և դեմքի խաղաղ արտահայտությունն անհետացավ:

Նա վեր կացավ տեղից, նայեց արծաթի հղկված հայելուն և տեսավ, թե ինչպե՜ս այլայլվել է ինքը: Նրա շրթունքները դալկացել, այտերը գունատվել և աչքերը խառնվել էին:

Ի՞նչ պատահեց ինձ... — հարցրեց նա ինքն իրան և սակայն յուր հարցին պատասխանել չկարողացավ: Նրա մեջ այդ րոպեին զարթել էին երկու հակառակ, իրար դեմ մրցող և իրար ճնշող զգացումներ, դրանք թագուհու պատվասիրությունը և ամուսնու անձնասիրությունն էին: Երկուսն էլ իրավատեր, երկուսն էլ զորավոր... Հարկավ, դրանցից մինը պիտի հաղթանակեր, բայց դեռ մինչև այդ` որչափ հուզմունք, որչա՜փ ալեկոծություն պիտի խռովեին նրա հոգվո ծովը...

«Ի՞նչ լուր կբերե ինձ արդյոք իշխանը...», մտածում էր նա. և այս մտածմունքը թունդ էր հանում նրա սիրտը: Նա կամենում էր, այո՛, լսել, թե թագավորը հաղթեց, թե Ամրամի ապստամբությունը` ճնշվեցավ, թե արքայի զորքերը նորեն Ուտիքն ու Սևորդյաց աշխարհը գրավեցին... Այդ լուրը կգգվեր յուր դշխոյական պատվասիրությունը, որովհետև այդ հաղթությամբ թագավորը կզորանար, նրա անունը կփառավորվեր, հայոց զորքը կքաջալերվեր, թշնամիները հետ կքաշվեին: Այդ հաղթությունը կժողովեր նորեն արքայի շուրջը վհատյալ իշխաններին, սիրտ, հոգի կներշնչեր նրանց, դրանով ոստիկանի դեմ ուժ կկազմվեր, որով նորեն Դվինը կգրավեին, կաթողիկոսարանը կազատեին...

Այս բոլորը ճիշտ էր:

Բայց երբ նա հանկարծ մտաբերում էր, թե ի՛նչ պատճառից է առաջացել Ամրամի ապստամբությունը, երբ մտածում էր, որ թագավորն այս հաղթությամբ ավելի ևս պիտի համառի յուր մոլորության մեջ, և Սևորդյաց երկիրը նորեն գրավելով հաճախ պիտի այցելե Ասպրամ իշխանուհուն, և, հետևապես, բոլորովին թողնե, լքանե իրան... այն ժամանակ ցանկանում, ի սրտե փափագում էր, որ Մարզպետունին հայտնե իրան, թե թագավորը հաղթվեցավ, թե արքայական զորքերը ջարդվեցան, թե Ցլիկ-Ամրամը վերջնականապես տիրապետեց Ուտիքն ու Սևորդյաց ձորը, ուր այլևս Աշոտ Երկաթը չի կարող յուր ոտքը դնել, յուր սիրեցյալ Ասպրամին այցելել...

«Օ՛, գուցե այդ զոհաբերության գնով` ես նորեն գտնեմ իմ անգին կորուստը... գուցե նա մտածե` թե յուր հանցավոր սիրո համար պատժեց իրան աստված, և խղճահարվելով վերադառնա նորեն դեպի ինձ, դեպի յուր ամուսինն ու թագուհին, դեպի այն սիրտը, որ այնքան ջերմագին սիրեց նրան և որ տակավին շնչում է` յուր կորած կեսը նորեն գտնելու հուսով...»:

Այս մտածմունքների մեջ էր թագուհին, երբ սենեկապանը նրա առանձնարանը մտնելով հայտնեց, թե իշխանն սպասում է իրան:

Թագուհին դուրս գնաց դահլիճ առանց նաժիշտների ընկերակցության:

Գևորգ իշխանը, որ կանգնած էր մուտքի առաջ, տեսնելով թագուհուն` ողջունեց նրան խոր գլուխ տալով և ապա եկավ ձեռքը համբուրելու:

Իշխանի լուրջ և խաղաղ դեմքը հանգստացնող տպավորություն արավ թագուհու վրա:

Երկա՜ր սպասեցինք քեզ, իշխան, անշուշտ մեզ համար ուրախ լուր ես բերել, — ասաց նա սառը ժպտալով և աթոռի վրա բազմելով:

Ուրախ լո՞ւր... Այո՛, կցանկանայի բոթաբեր չլինել, բայց աստված...

Ի՞նչ պիտի գուժես, — հարցրեց թագուհին անհանգստությամբ, աչքերն իշխանի վրա սևեռելով:

Թագավորն ազատված է. պետք է փառք տանք աստծուն:

Ի՞նչ կնշանակե այդ, իշխան, ուրեմն արքայական զորքերը ջարդվեցա՞ն:

Ամրամը հաղթանակե՞ց...

Նա չհաղթանակեց, բայց մենք ամոթալի պարտություն կրեցինք:

Չեմ հասկանում քեզ:

Ամրամը մեզ պաշարեց մի կրճի մեջ: Թագավորը փախչելով ազատվեցավ. իսկ զորքերի մեջ կռիվ չեղավ:

Պատմի՛ր ավելի մանրամասնորեն, — հրամայեց թագուհին:

Եվ իշխանը սկսավ մի առ մի պատմել թե՛ յուր դիմումների և թե՛ արքայի սպառազինման ու անհաջող ընդհարման բոլոր պատմությունը, ծածկելով, իհարկե, ա՛յն ամենը, ինչ որ ինքը կարևոր չէր համարում հայտնել նրան` թե՛ իբրև թագուհու և թե՛ իբրև ամուսնու:

Երբ նա վերջացրեց, թագուհին շունչ առավ և կարծես գոհ իշխանի պատմածներից` ասաց.

Ուրեմն արյուն չթափվեցավ... և սակայն թագավորը փախավ, գլխակո՞ր... ամոթահա՞ր... այնպես չէ՞: Փառք ամենակարող աստծուն, նա դատում է արդարությամբ ...

Եվ թագուհու դեմքի վրա փայլեց գոհության մի ժպիտ, որից սակայն անբաժան էր դառնության կսկիծը:

Մեծափառ տիկին, դու ինձ ապշեցնում ես. մի՞թե արքայի պարտությունը ուրախություն է պատճառում քեզ, — հարցրեց Մարզպետունին թագուհու խոսքերից բոլորովին շփոթված:

Այո՛, Մարզպետունի՛ իշխան:

Բայց այդ պարտության նախատինքը վերաբերում է արքայական գահին և...

Եվ թագուհուն, այնպես չէ՞. այդ չէի՞ր ուզում ասել:

Այո՛, մեծափառ տիկին:

Թագուհին այլևս հետամուտ չէ փառքի, այլ հոգվո հանգստության...

Անցան այն ժամանակները, երբ իմ իղձերի լրումը Աշոտի հաղթություններն էին կազմում, երբ իմ հոգին սավառնում էր նրա հաղթական դրոշի շուրջը... Այդ ժամանակ, Այո՛, փառքի մեջ էի որոնում իմ երջանկությունը, որովհետև երիտասարդ էի և անփորձ: Իսկ այժմ այդ փառքն ատելի է դարձել ինձ, որովհետև նրա շնորհիվ իմ ամենաթանկագին երջանկությունը կորցրի:

Մի՞թե մի դժբախտություն է հասել իմ թագուհուն, — հարցրեց Մարզպետունին տարակուսելով:

Դժբախտությո՞ւն... Ո՛չ. ես շատ երջանիկ եմ. այդ գիտես դու, գիտե Մարզպետունի իշխանուհին, գիտեն իմ պալատի կանայքը, իմ նաժիշտները... Այո՛, դուք ամենքդ գիտեք, բայց կամենում էիք, որ ես չիմանամ.... Այնպես չէ՞, տեր Մարզպետունի, — հարցրեց թագուհին հեգնաբար ժպտալով:

Ես... չգիտեմ... մեծափառ տիկին, ինչի մասին է խոսքը:

Թագուհին սևեռեց յուր աչքերը իշխանի վրա և մի վայրկյան լուռ նայելուց հետ` մեղմ ձայնով ասաց.

Ուշ է արդեն, իշխան, մի՛ հոգար այլևս իմ սրտի անդորրության մասին: Ես կարող էի տանել իմ վիշտը, եթե իմանայի, թե նա անհայտ է աշխարհին: Բայց քանի որ աշխարհն ինձանից առաջ է ծանոթացել նրան, ծածկելն այլևս օգուտ չի բերիլ: Դու մի՛ զարմանար, որ քո բերած լուրն ինձ ուրախացրեց: Այդ ուրախությունը խավարող հուսո վերջին ճառագայթն էր, որ փայլեց իմ երեսին, գուցե, վերջին անգամ...

Հուսո՞... ի՞նչ հույս ունիս դու անհաջողության վրա, մեծափառ տիկին, — հետաքրքրությամբ հարցրեց իշխանը:

Ինչ հո՞ւյս, լսի՛ր քեզ կասեմ: Մինչև այժմ իմ ամուսնու մեջ ես թագավորն էի որոնում, նրա հաջողություններով ուրախանում, նրա փառքերով պարծենում... Կարծում էի, թե դրանք են միայն, որ երջանկություն պիտի բերեն ինձ: Բայց այժմ... այժմ տեսնում եմ, թե որքա՜ն խաբված եմ եղել ես, թե ինչպե՜ս հաղթանակների աղմուկը, դափնիների փայլը, գահույքի շուքը, արքայական պերճությունները հատել, ցամաքեցրել են իմ երջանկության աղբյուրը. թե ինչպե՜ս այդ ամենի մեջ ես կորցրել եմ իմ ամուսնուն, համայն աշխարհի մեջ միակ սիրածս Աշոտին... Եվ այժմ, երբ տեսնում եմ, թե բախտը երես է դարձրել նրանից, երբ տեսնում եմ, թե հանցավոր սիրո պատճառով աստված նախատինք է ղրկում նրան, ես ուրախանում եմ, որովհետև հավատում եմ, թե գուցե հաղթված թագավորի, անարգված գահակալի մեջ գտնեմ վերջապես իմ կորցրած ամուսնուն, զարթեցնեմ նրա մեջ խիղճը... շունչ տամ, թերևս, նրա մեռած սիրուն...

Երբեք, մեծափառ տիկին, երբեք չէի հուսալ, թե մեր ընդհանուր դժբախտության միջոցին դու քո վիշտը կհիշեիր... — նկատեց Մարզպետունին, ցանկանալով թագուհու տխուր զրույցն ընդհատել:

Օ՛, դու զարմանո՞ւմ ես, ուրեմն, սիրելի իշխան, որ ընդհանուր դժբախտության ժամանակ ես իմ անձն եմ տեսնում և իմ թշվառությունը ողբում: Զարմանո՞ւմ ես, որ թագավորի պարտությամբ հայրենիքին հասանելիք վտանգը ինձ չէ սարսափեցնում. որ անտերության մատնվող ժողովրդի թշվառությունն իմ սիրտը չէ հուզում... Մի՛ զարմանար, անբնական ոչինչ չկա այստեղ: Ես մի սիրտ ունեի, որ նվիրված էր Աշոտ դյուցազնին: Նա այդ սիրտը ջախջախեց` իմ սերը դավաճանելով: Այդ դեպքից հետո ես դարձա անզգա. իմ կրծքի տակ, սրտի փոխարեն, թաքնված է այժմ մի դիակ. միթե կարելի՞ է պահանջել, որ դիակը շնչե, կամ զգա... Ես, Այո՛, սիրում էի իմ ժողովուրդը, սիրում էի իմ հայրենիքը ջերմ, անսահման սիրով. պատրաստ էի զոհել նրան ամենը, ինչ որ ունեի թանկագին և անփոխարինելի. պատրաստ էի զոհել նրան նույնիսկ իմ կյանքը... Բայց այդ ժամանակ Աշոտն ինձ հետ էր. նրա շունչը բոցավառում էր դեպի հայրենիքն ունեցած իմ սերը. նրա հոգին թևապարում էր իմ շուրջը և մարմնավորում իմ լավագույն մտածությունները... Այժմ նա չկա. Աշոտը մեռավ ինձ համար, և նրա հետ միասին կործանվեց այն աշխարհը, փլեց այն երկինքը, որ ամփոփում էի ես այդ դյուցազնի մեջ... Օ՛, մի՛ մեղադրեք ինձ, մի՛ նախատեք իմ թշվառությունը և մանավանդ թե` խնայեցեք... Ոչինչ, ոչինչ մի՛ պահանջեք մի թշվառ, լքյալ և նվաստացյալ կնոջից...

Այս խոսքերի վրա թագուհին հանկարծ փղձկեցավ և թաշկինակն աչքերին սեղմելով սկսավ արտասվել:

Իշխանը նայում էր նրան լուռ և տխուր, զգում էր խեղճ կնոջ վշտի մեծությունը, նրա ներքին, հոգեկան տանջանքները և սակայն չէր կարողանում նրան մխիթարել:

Երկար լուռ սպասելուց հետ նա վերջապես հիշեց, որ Վահրամ սեպուհն սպասում է իրան և որ ինքն ու նա խորհուրդ ունեին թագուհուն հայտնելու: Խնդրի կարևորությունը և ժամանակի սղությունը չէին ներում իրան թագուհու վշտերով երկար զբաղվելու. ուստի նա մի քայլ առաջ անցավ և համոզկեր ձայնով սկսավ խոսել:

Քո վշտերը, մեծափառ թագուհի, վաղուց հայտնի էին ինձ. բայց դրանց մասին քեզ հետ խոսել չէի համարձակվում, որովհետև ինձ արգելում էին նախ` պատշաճից օրենքը և երկրորդ` այն միտքը, թե խոսելով ոչ մի շահ չպիտի բերեմ իմ տիրուհուն: Եթե այս մտածությունը մի հանցանք է եղել, ապա հրամայիր պատժել ինձ ամենածանր կերպով. իսկ եթե ոչ, լսի՛ր քո ծառայի խոնարհ խորհրդին...

Ի՞նչ ես կամենում ասել, — հարցրեց թագուհին` թաշկինակը արտասվաթոր աչքերից հեռացնելով:

Վշտերի մասին հիշել ու տխրելն ավելորդ է այլևս, մեծափառ տիկին. ով որ կարողանում է արիաբար համբերել, նա էլ ընկճում է բախտի կամակորությունը: Անցյալն անդարձ է, այդ դու գիտես, այժմ ապագայի մասին պիտի հոգանք...

Следующая страница