Մուրացան՝   Գևորգ Մարզպետունի

Բայց որքան էլ սկզբնական այդ սերը անմեղ էր ու մանկական, այսուամենայնիվ արքունիքում գուշակում էին, որ մի օր նրանք «քույր» և «եղբայր» անուններից ավելի գողտր ու անուշ անուն պիտի տան միմյանց: Այդ գուշակությունը ուրախացնում էր նրանց մայրերին, որովհետև ո՛չ Գոհար իշխանուհին կարող էր ավելի լավ հարսնացու ընտրել յուր Գոռի համար ե ո՛չ Սյունյաց տիկինը` լավագույն փեսա յուր դստեր համար:

Բայց և այնպես մայրերից ոչ մինը չէր ցանկանում, որ այդ խանդը վառվեր նրանց սրտում պատշաճավոր տարիքին հասնելուց առաջ: Գևորգ իշխանը, մանավանդ, շատ խիստ էր այդ մասում. նա պահանջում էր, որ յուր Գոռը փեսացու լինելուց առաջ` լինի դեռ զինվոր, հայրենիքի ծառա, հետևապես և օրինավոր մարդ: Այդ պատճառով, բացի խիստ կրթությունից, որ տվել էր որդուն, նա աշխատեցնում էր նրան ծանր գործերի մեջ, ընկերացնում էր շատ անգամ հասարակ զինվորներին, իսկ յուր բացակայության միջոցին` հանձնում էր նրան կշիռ ունեցող պաշտոն, որպեսզի որդին չվարժվի անգործության, որ մայր է ամեն չարյաց:

Գոռը կատարում էր իրան հանձնված ամեն մի պաշտոն արիությամբ, առանց տրտնջալու: Նա հնազանդում էր հոր հրամանին` ինչպես յուր աստուծո ձայնին: Հետևապես նա պարապ չէր մնում երբեք:

Բայց և այնպես այդ բոլորն արգելք չեղավ երիտասարդ սրտերին մոտենալու և մտերմանալու միմյանց այնքան, որ չիմանային, թե իրանք ստեղծված են իրար պաշտելու համար: Վաղուց նրանց հայացքները դադարել էին «եղբոր ու քրոջ» հայացքներ լինելուց. վաղուց նրանց աչքերում ցոլանում էին սիրո այն կայծերը, որոնք այրում, տոչորում են սրտի թաքուն խորշերը... Սակայն արքունիքում դեռ չէին նշմարում այդ:

Բայց երբ ձախողակ հանգամանքների շնորհիվ արքայական ընտանիքը տեղափոխվեց Գառնի և Գևորգ իշխանը գնաց դեպի Ուտիք, երիտասարդ զույգի ազատության համար բացվեց լայն ասպարեզ, և նրանց հարաբերության պայմանները դյուրացան: Նրանք երկուսն էլ ապրում էին այժմ դղյակում և տեսակցում ավելի հաճախ: Չնայելով, որ Գոռը օրվա մեծ մասը գտնվում էր աշխատությանց մեջ, բայց և այնպես նա չէր զրկում իրան և այն այցելություններից, որոնք միջոց էին տալիս իրան յուր սիրուհին տեսնելու կամ գեթ նրա հետ մի լուռ հայացք փոխանակելու: Շատ անգամ նա այցելում էր թագուհուն կամ Սյունյաց տիկնոջը առանց կարևոր պատճառի: Նրա նպատակն էր լինում պատահել Շահանդուխտին մեկի կամ մյուսի մոտ և երբ այդ չէր հաջողում իրան, նա սաստիկ տխրում էր, չկարողանալով հաղորդ անել նրանց յուր ներքին զգացմունքներին:

Այդ ամենը տեսնում էր թագուհին և լուռ զվարճանում: Երբեմն նա կատակով հիշեցնում էր երիտասարդին Շահանդուխտի անունը: Գոռը շառագունում և գլուխը կախում էր, ինչպես մի ամոթխած աղջիկ: Նա չէր համարձակվում հայտնի կերպով յուր սերը խոստովանել, որովհետև այդ սերը ուրիշ բնավորություն ուներ այժմ, և իրան թվում էր, թե այլևս իրավունք չունի նրա մասին խոսելու:

Այս էր ահա պատճառը, որ թագուհին զարմացավ, երբ գահավանդակին հասնելով, լսեց նրանց զրույցը: Այդ դեպքն այնքան տարօրինակ և անակնկալ էր յուր համար, որ նա չկարողացավ հետաքրքրությունը զսպել և չլսել նրանց:

Բայց ի՞նչ էին խոսում ժամադիր սիրահարները:

Ծնկներս արդեն դողում են, ինչպե՞ս պիտի վերադառնամ, — ասում էր Գոռին Շահանդուխտը. — առաջին անգամն է, որ պաշարում է ինձ այսպիսի երկյուղ:

Երկյո՞ւղ. ինչո՞ւ համար, մի՞թե հանցանք գործեցիր:

Անշո՜ւշտ. չէ՞ որ ամեն մի գործ, որ կատարվում է գաղտուկ, հանցանք է ըստինքյան: Ես կամեցա անցնել հովանոցի մոտով այնպես, որ մայր-թագուհին ինձ չտեսնե:

Թագուհի՞ն, մի՞թե նա հովանոցումն էր:

Այո՛. նա դեռ նստած էր յուր բազմոցի վրա տխուր, մտախոհ... Ինչո՞ւ այդքան տխրամած է նրա դեմքը, Գո՛ռ, սիրտս ճմլվում է ամեն անգամ, երբ տեսնում եմ նրան:

Ինքս էլ չգիտեմ, ասում են, որ վիշտ ունի և այդ վիշտը ծածկում են մեզանից:

Ծածկո՞ւմ են. ոչ ոք ոչինչ չէ ծածկում, ուրիշ ի՞նչ վիշտ կարող է դառնագույն լինել. քան հոր ու եղբոր կուրությունը, քան վշտահար մոր մահը...

Անշուշտ չկա դառնագույնը:

Եվ չի կարող լինել. այդ ամենից սարսափելին է:

«Չի կարող լինե՞լ... Օ՛, ինչպե՜ս անմեղ, ինչպես երջանիկ եք դուք, սիրասուն զավակներ, երանի՜ թե երբեք էլ այդ վիշտը չզգաք, այդ դառնությունը չճաշակեք...», շշնջաց ինքն իրան թագուհին և ձեռքը սեղմեց կրծքին, որ ալիքի պես ելնում ու իջնում էր:

Քո դիմավորումը լցրեց իմ սիրտը բերկրությամբ, — շարունակեց Գոռը, — աշխարհի ամենամեծ փառքերը չէինկարող բերել ինձ այն ուրախությունը, որ ճաշակեցի ես այս վայրկենում: Բայց եթե այդ շնորհն ինձ անելու պատճառով քո սիրտն անհանգստացել է մի վայրկյան, ես կցանկանայի, որ դու չհանդիպեիր ինձ այստեղ:

Չհանդիպե՞լ... մի՞թե կարող էի. մի՞թե համբերություն կունենայի... Այն օրից ի վեր, որ դու պահականոցներից հեռացել և աշխատում ես կրճերում, ես գրեթե այլևս չեմ տեսնում քեզ: Դու առավոտը վաղ հեռանում ես դղյակից, ամբողջ օրը հոգնում ու վաստակում ես դրսում և երեկոյան ուշ վերադառնալով` հազիվ խոնջացած մարմնիդ հանգիստ ես տալիս: Էլ ե՞րբ և ո՞ւր տեսնեմ քեզ...

Ամեն օր բարձրանում եմ դղյակի աշտարակը և ժամերով կանգնած նայում եմ կրճերին, ուր զորականի հետ միասին աշխատում ես դու: Լարում եմ տեսությանս ուժը, աշխատում եմ քեզ տեսնել... սակայն հազիվ նշմարում եմ քո սաղավարտի ցցունքը և արծաթե Գարդմանակը, որ փայլում է արևի առաջ: Օ՛, ինչպես այդ վայրկենին կամենում եմ ես թռչել դեպի քեզ. կամենում եմ գալ և նայել միայն քեզ վրա կամ... սրբել իմ ձեռքով քո քրտնաթոր ճակատը... Եվ սակայն թռչում է միայն հոգիս, որ չի կարողանում բերել քեզ իմ սիրտը, նա մնում է աշտարակի մեջ փակված, ինչպես վանդակի թռչնիկը, որին թույլ չեն տալիս օդի մեջ ճախրելու... Դժվար դրություն է այս, Գո՛ռ, այնպես չէ՞. խոսի՛ր, ինչո՞ւ ես լռում...

Խոսիր դու, իմ աննման Շահանդուխտ. խոսի՛ր միայն դու. քո ձայնը հնչում է ավելի քաղցր, քան այս առվի կարկաչը, քան գարնան սոխակի առավոտյան մեղեդին...

Այո՛, ես այլևս չկարողացա համբերել. տեսա, որ եթե բախտի կամքին հանձնվեմ, շատ պիտի չարչարվիմ, ուստի որոշեցի այս հանդուգն քայլն անել... Օ՛, ների՛ր ինձ, Գո՛ռ, եթե մեղանչեցի ես համեստության դեմ... չգիտես, թե որքա՜ն շատ տանջվել եմ ես:

Ներե՞լ, մի՞թե հանցանք է սիրելը. դու հնազանդել ես քո սրտին:

Այո՛, իմ սրտին: Ահա՛, մի քանի օր է, ինչ տեսնում եմ, որ դու կրճերից վերադառնալով` բարձրանում ես ժայռերը և այս գահավանդակից անցնելով` քերում մեր աշտարակի ստորոտը... Այդ ժամանակ ես արդեն լինում եմ ննջարանում. պատուհանի նեղ անցքից տեսնում եմ քեզ...

Տեսնում ես, որ հայացքս վեր սևեռած` անցնում եմ համրաքայլ...

Այո՛, և աշխատում ես ինձ տեսնել: Դժբախտաբար դղյակի պատուհաններն այնքան անձուկ են, որ նրանց միջից գլուխ հանելն իսկ անկարելի է... Եվ ահա՛ այդ պատճառով ես այս հանդուգն միտքը հղացա. որոշեցի գալ և սպասել այստեղ քո դարձին:

Իսկ դղյակի սպասուհինե՞րը...

Ոչ ոք ինձ չտեսավ, ես խուլ սանդուղքներից իջա:

Եվ եկար ինձ դիմավորելո՞ւ. այստե՞ղ... մենա՞կ... Օ, որքա՜ն բարի, որքան սիրելի ես դու...

Այս ասելով Գոռը բացավ յուր բազուկները և կամեցավ գրկել սիրուհուն, բայց նա բռնեց երիտասարդի երկու ձեռներից և քնքշաբար ետ մղելով նրան` ասաց ժպտալով.

Ո՛չ, սիրեցյալդ իմ Գոռ, նախարարազուն երիտասարդները այդպես չեն պաշտպանում բարձակից օրիորդներին...

Շահանդո՛ւխտ...

Այո՛, մենք մենակ ենք. դու ինձ պիտի պաշտպանես քո դեմ:

Օ՛, ինչպե՜ս խիստ, ինչպե՛ս ահավոր ես դու:

Ես եկա միայն մի խոսք ասելու քեզ, որովհետև առանձին չենք պատահում միմյանց, իսկ երրորդի ներկայությամբ ասել չեմ համարձակվում... Ես իսկույն պիտի վերադառնամ:

Ա՛խ, ինչպե՛ս կփափագեի, որ քո ճանապարհի վրա լեռներ բուսնեին այս վայրկենին...

Այո՛, միայն մի խոսք... Եկա քեզ խնդրելու, որ երեկոները արևի մուտքից գեթ մի ժամ առաջ վերադառնաս տուն... որպեսզի ամեն օր պատշգամբից կարողանամ քեզ ողջունել և քո ողջույնն առնել...

Միայն ա՞յդ:

Այո՛, միայն այս. և այս արդեն շատ է ինձ համար, մինչև որ...

Մինչև որ ի՞նչ...

Մինչև որ դու քո աշխատությունները կավարտես և կվերադառնաս դղյակ:

Օ՛, իմ աշխատությունները չպիտի ավարտին, քանի որ...

Քանի որ ի՞նչ:

Քանի որ Շահանդուխտը գտնվում է Գառնո ամրոցում:

Ի՞նչ կնշանակե այդ:

Այդ կնշանակե ա՛յն, որ ես դողդողում եմ քո անձի համար, քո ապահովության համար:

Ինչպես և այն բոլորի, որոնք գտնվում են այս ամրոցո՞ւմ:

Ոչ. այս բոլորի համար ես ուրիշ կերպ կմտածեի, բայց քեզ համա՛ր... ի՞նչ ասեմ...

Խոսի՛ր, ինչո՞ւ ես լռում:

Այո՛, իմ անգին օրիորդ, եթե թշնամու հրոսակները Գառնին շրջապատելով` ոչ մի կռվան չգտնեն ժայռերի վրա բարձրանալու, եթե նրանց սանդուղքների ու փայտակերտ մարտկոցների տակ հողը փլչելով` վերեն վայր կործանե ամենքին, եթե կպրաձյութի կրակված հեղեղները լափեն խիզախներին ոչ միայն պարիսպների տակ, այլև զառիվայր ճանապարհներում, եթե հագարացհք ամիսներով շարունակ պաշարեն մեր բերդը և սակայն վերջին գյուղացուն չկարողանան յուր խորակից ղրկել կամ իշխանուհիների սովորական զբոսանքը խանգարել, իմացիր, որ այդ ամենը լինում է քո շնորհիվ... որ Գառնին անպարտելի է դարձնում Սյունյաց օրիորդը, որ շատերն այստեղ իրանց կյանքը պարտական են մնում իմ հարսնացուին...

Ի՞նչ կնշանակե այդ, Գո՛ռ, ես քեզ չեմ հասկանում:

Այդ կնշանակե այն, որ քանի դու Գառնիումն ես, Գոռը հանգստություն չունի: Գեղամ նահապետի գտած այս հսկայական ժայռերը փխրուն են երևում իմ աչքում: Տրդատա կառուցած հաստահիմն պարիսպները թվում են ինձ անզոր. մեզ շրջապատող այս խորաձորը երևում էր իբրև հովիտ, դյուրամատույց ամենքին... վերջապես մեր զորքերի թիվը ես գտնում եմ նվազ. մարտիկների եռանդը` ոչ բավական դյուրավառ, բերդակալի աշխույժը` գրեթե մարած... Այդ պատճառով ահա՛ դադար չունիմ օր ու գիշեր, աշխատում եմ ինքս, աշխատեցնում եմ զորականին: Այն միտքը, թե Շահանդուխտը գտնվում է Գառնիում և թե պետք է նրա թանկագին կյանքը ապահովել, լցնում է իմ սիրտը արիությամբ: Երբ արշալույսին ելնում եմ դղյակից, զգում եմ իմ մեջ մի անպարտելի ուժ, մի անսպառ զորություն: Ես հասնում եմ աշխատությանց վայրը զորականից շատ առաջ: Դիտում, քննում, հետազոտում եմ այն բոլոր անցքերը, որոնք կարող են մատչելի լինել թշնամուն և աշխատում եմ, որ այդ բոլորը կորստյան գուբեր ու անդունդներ դարձնեմ նրա համար: Կամենում եմ, որ Գառնո պարիսպները կրկնապատիկ ստվարացնեմ, որ բուրգերն ու աշտարակները կրկին չափով բարձրացնեմ, որ ամեն ինչ և ամեն վայր դառնա անառիկ ու անմատչելի... Եթե դու մի անգամ մեր ամրոցն ու պահակավայրերը շրջագայես, կտեսնես, թե որքա՜ն շատ գործեր են կատարվել, որքա՛ն մեծ զորություն է ամբարվել դրանց շուրջը... Եվ այս բոլորը միայն քեզ համար... իմ անգին, իմ աննման Շահանդուխտ...

Եվ այս ասելով երիտասարդը առավ նազելի օրիորդի աջը և երկյուղածությամբ սեղմեց յուր շրթունքներին: Նա չընդդիմացավ:

«Միայն քեզ համար... աննման Շահանդուխտ... Օ՛, որքան երջանիկ եք դուք...», շշնջաց դարձյալ թագուհին, և արտասուքի կաթիլները գլորվեցան նրա դալկահար դեմքի վրա:

Բայց ինչո՞ւ միայն ինձ համար. չէ՞ որ դղյակում ապրում են թագուհին, քո և իմ մայրերը, ուրիշ իշխանազն տիկնայք ու օրիորդներ և, վերջապես, չէ՞ որ Գառնին լիքն է ժողովրդով, — նկատեց օրիորդը ժպտալով:

Այո՛, դրանց բոլորի կյանքը թանկ է ինձ համար, նույնիսկ վերջին գեղջկուհին պիտի վայելե իմ պաշտպանությունը, ինչպես իմ հարազատ քույրը. բայց ոչ մեկը դրանցից չէ ներշնչում իմ հոգուն այն բարձր զորությունը, որով կարծում եմ, անպարտելի պիտի մնամ ես թշնամու առաջ. այն զորությունը, որ հասարակ արարածին հերոս և աննշան զինվորին` դյուցազն է դարձնում... Իմ թագուհու համար ես կարող էի լինել անձնվեր հպատակ. մեր մայրերի համար` անձնազոհ որդի. ժողովրդի և հայրենիքի համար` աներկյուղ զինվոր: Բայց քեզ համար... չգիտեմ, ի՞նչ անուն տամ ինձ... Քեզ համար չեմ զոհիլ իմ անձը... բայց չէ՛. ի՞նչ եմ ասում, իհարկե կզոհեմ. նույնիսկ իմ հոգին կմատնեմ գեհենին, եթե այդ հարկավոր է... Բայց ես չեմ մեռնիլ, որովհետև պիտի ապրեմ քեզ խնամելու և պաշտպանելու համար: Ինձ թվում է, որ եթե հագարացիների ամբողջ բանակն անգամ հարձակվի ինձ դեմ` քեզ իմ գրկից հանելու համար, դարձյալ անզոր պիտի լինի ինձ հաղթահարելու: Երբ մտածում եմ, թե Շահանդուխտը այստեղ Գառնիումն է, և նա հույս ունի իմ պաշտպանության վրա, կարծես առյուծ է ծնվում իմ սրտի մեջ, և բազուկներս դառնում են երկաթ: Ինձ թվում է, թե ամեն խոչ ու խութ պիտի կործանեմ, ժայռ ու ամբարտակ փշրեմ, տապալեմ, եթե համարձակվին երբևիցե արգելել ինձ քեզ պաշտպանելու... Այո՛, ուզում եմ ապրել միայն քեզ համար և սիրում ամենքին` միայն քո պատճառով...

Միայն իմ պատճառո՞վ... Օ՛, Գոռ. չէի կամենալ, որ այդպես խոսես դու... Մի՞թե սինլքոր արարածին մինը պիտի դառնայիր, եթե ես չլինեի...

Ա՛խ, ոչ. այդ չէի կամենում ասել...

Հապա ի՞նչ:

Կամենում էի ասել, որ քո սերը կրկնապատկում է իմ մեջ ամեն բան` և՛ ապրելու իղձը, և՛ հոգվո արիությունը, և՛ սրտի կորովը, և՛ դեպի իմ եղբայրակիցներն ու հայրենիքն ունեցած սերը... Քեզմով աշխարհը երևում է իմ աչքին վարդալիր, արևն` ավելի հրատապ, լուսինը` ավելի պայծառ... Դու ամեն ինչ ես ինձ համար` և՛ կյանք, և՛ գանձ, և՛ զորություն, և՛ փառք...

«Ո՜վ, բավական է, էլ ոչինչ չեմ ուզում լսել... Անշուշտ մի չարության ոգի առաջնորդեց ինձ այստեղ` իմ ծանր վերքերը նորոգելու համար», մրմնջաց թագուհին և բարձրանալով տեղից` հուշիկ քայլերով հեռացավ դեպի հովանոցը:

Այստեղից նա ուղղվեցավ դղյակը միայնակ, առանց նաժիշտների ընկերակցության, ինչպես անում էր նա երբեմն, և գնաց, փակվեցավ յուր առանձնարանում:

Քիչ ժամանակ անց բաժանվեցան նաև սիրահարները: Գոռը իհարկե խոստացավ յուր հարսնացուին կատարել նրա խնդիրը և ամեն երեկո վերադառնալ դղյակ արևի մուտքից առաջ:

Բայց թագուհու վրա մեծ ազդեցություն արավ այս դեպքը: Նրա վերքերը, արդարև, նորոգվեցան: Սիրահարների զրույցը դեռ հնչում էր նրա ականջին, նա կարծես տակավին ուռենու մոտ նստած` լսում էր նրանց և մերթ ընդ մերթ որոճում այն սիրաշունչ խոսքերը, որ արտասանել էին Գոռը կամ Շահանդուխտը:

«Ապրեցեք, ապրեցե՛ք միմյանց համար, երջանի՛կ արարածներ, ապրեցեք, զի սիրում եք կաթոգին, զի աստծո աջը հովանի է ձեր սիրույն... — խոսում էր ինքն իրան թագուհին: — Ավա՜ղ. ինձ թվում էր, թե այլևս սեր չկա ոչ մի տեղ, թե նա ցամաքել, չորացել է ամենի սրտում, ինչպես հովտի այն ծառերը, որոնց զարնում է խորշակ, որոնց չէ ջրում առուն կամ ցող չէ տալիս երաշտի գիշերը... այդպես եղավ մեր սերը. չորացավ, գոսացավ... ի՞նչ էր մնում մեզ անել,եթե ոչ` «հաստանել զայն և ի հուր արկանել...»: Բայց ահա՛ հենց այդ չորացած ծառի մոտ ես տեսնում եմ մի դալար բողբոջ` ոստիկներով ու տերևով զարդարուն. ի՞նչ անել նրան. մի՞թե չորի հետ միասին կտրել ու այրե՞լ... Ո՜հ, ոչ. թո՛ղ նա ապրի, խնամվի, թող արևը ջերմություն և առուն ջուր պարգևե, թող խորշակը յուր թունավոր շնչով երբեք նրան չզարնե. թո՛ղ նա մեծանա, ուռճանա, գուցե նրա հովանվույն ներքո ապրին ու սնանին սիրո ուրիշ բողբոջներ... Այո՛, սերը չէ մեռել աշխարհում, նա կա, նա ապրում է: Բայց էլ ինչո՞ւ ծաղրում են ինձ. ինչո՞ւ ամենքը միացած կամենում են խեղդել այդ զգացմունքը իմ չարաբաստ սրտում. ինչո՞ւ զարմանում են, որ ես նրա մասին ավելի եմ մտածում քան այն բոլորի` ինչ որ կատարվում է իմ շուրջը. ինչո՞ւ ինձ հեգնում են, երբ իմ կյանքն ու երկինքը նրա մեջ եմ տեսնում, նրա մեջ որոնում. ինչո՞ւ կամենում են, որ իմ աշխարհի այդ միակ արևը խավարի. չէ՞ որ այնուհետ՛և հուսահատությունը պիտի ինձ տիրե...

Բայց ի՞նչ եմ ասում. նա արդեն ինձ տիրել է... ահա՛ ես քաշվել, ապաստանել եմ այս խորշերին. լռությունն ու միայնությունը դարձել են իմ միակ ընկերները, անգործությունը` իմ միակ զբաղմունքը... ի՞նչ եմ անում ես, տեր աստված. ոչինչ այլևս ինձ չէ հետաքրքրում. ոչինչ իմ սիրտը չէ ջերմացնում... թշնամին հասել, նստել է իմ դռան մոտ. բայց այդ էլ ինձ չէ սարսափեցնում. աշխարհի վրա նայում եմ կարծես դագաղի միջից... Մի՞թե ես ապրում եմ...»:

Եվ թագուհին նայեց հանկարծ յուր շուրջը, տեսավ յուր միայնությունը և խոր հառաչեց:

«Այսպես չէի ապրում ես. այսպես չէր անցնում իմ կյանքը. քանի նա սիրում էր ինձ...», — շշնջաց նա և լռեց:

Մի քանի վայրկյանից նրա հայացքն ընկավ առանձնարանի պատուհանին: Երևացին Գեղա լեռան լանջերը` լուսնի լուսով լուսավորված: Նորեն հիշեց թագուհին սիրահար զույգը, նրանց զրույցները, Շահանդուխտի սիրախոսությունը, Գոռի ոգևորությունը և ինքն էլ կարծես երիտասարդացավ նրանց հետ (թեպետ երիտասարդ էր, և վշտերն էին միայն յուր սիրտը ծերացրել):

«Չէ՛, այդպես չպետք է լինի, դեռ կարելի է ապրել, կամ, գոնե, ուրիշներին ապրեցնել: Մենք իրավունք չունենք մեզ շրջապատող մահը տարածել ամեն տեղ, կամ ամենքին մեզ հետ միասին մեռցնել: Ի՞նչ իրավունքով պիտի զրկեմ իմ Շահանդուխտին սիրո անուշ վայելքներից կամ պատանի Գոռին` կյանքի բարիքներից: Ես տեսա իմ աչքով, լսեցի իմ ականջով... նրանք սիրում են և երջանիկ են... Ինչո՞ւ չօգնել նրանց, որ երկար, շա՜տ երկար երջանկանան... Նրանք մեր սիրելիները, մեր որդիներն են, բայց մի՞թե մենք մի կամ երկո՞ւ որդի ունինք... քանի՛-քանի՛ նմանօրինակ բախտավորներ կան մեր աշխարհում, որոնք կամենում են ապրել, կյանքի քաղցրությունները վայելել... Ինչո՞ւ զրկել, ինչո՞ւ չօգնել նրանց... Բայց մենք զրկում ենք, բարբարոսություն ենք անում. «Մենք դժբախտ ենք, դուք էլ դժբախտ եղեք...», այսպես ենք ասում, այսպես ենք մտածում... Մեր անձնական վշտերի պատճառով մենք ձեռքներս լվացել, հետ ենք քաշվել. թագավորը նստել է Կաքավաբերդ, իսկ ես փակվել եմ այս դղյակում. «Թշնամին թո՛ղ անե, ինչ կամենում է. թո՛ղ նա հարվածե, հալածե. երկիրը տակն ու վրա անե, մեզ ի՞նչ փույթ, մենք հո չենք ապրում, ուրիշներն էլ թո՛ղ դժբախտանան...»: Այո՛, այդպես ենք մտածում: Բայց չէ՞ որ սա մի ոճիր, մի չարագործություն է, երկնային անեծքի արժանի...»:

Այս նորածին մտքերն այնպես հուզեցին թագուհուն, որ ոչ միայն նրա վհատությունն անցավ, այլև մի նոր և մինչև այդ իրան անծանոթ ոգևորություն եկավ վրան: Նա որոշեց իրական մասնակցություն ունենալ երկրի պաշտպանության գործում: Բայց ի՞նչ պիտի աներ, դեռ չգիտեր, նա մտածում էր դրա վրա:

Հանկարծ նրա դեմքը պայծառացավ, և գեղանի շրթունքների վրա շողաց մի առույգ ժպիտ:

«Ես կերթամ Աշոտի մոտ. կառնեմ նրան նորեն իմ գիրկը. կջերմացնեմ նրա սիրտը իմ հրատապ շնչով... Կհիշեցնեմ նրան մեր անցալը. կոգևորեմ յուր քաջության և փառքի նախկին հիշատակներով... Այո՛, կհանեմ նրան Կաքավաբերդից և կդարձնեմ Ոստան... Նա նորեն կանցնի հայ քաջերի գլուխը, նորեն կորոտա ինչպես մրրիկ և կահաբեկե յուր թշնամիներին... Այն ժամանակ խաղաղության հովանվույն ներքո թո՛ղ ծլին, ծաղկին սիրո բույսերը... Թո՛ղ մեր աշխարհի երիտասարդ սրտերը վայելեն նրա անուշ պտուղները... Այո՛, որոշված է, ես կերթամ: Ոչ ոք ինձ չի խանգարիլ: Ամեն մարդու առաջնորդում է մի միտք: Մարզպետունի իշխանը ոգևորվում է ընդհանուր հայրենիքի սիրով, նա աշխատում է նրա ամբողջության, գահի հարստության և հետևապես, ժողովրդի բարօրության համար: Նրա որդին` Գոռը, ոգևորվում է այդ ամենով` միայն Շահանդուխտի համար. թո՛ղ ուրեմն ինձ էլ ոգևորե Գոռի և Շահանդուխտի բախտը, թո՛ղ ես էլ աշխատեմ այն սրտերի համար, որոնք սիրում են և ցանկանում են սիրազուրկ չլինեի...»:

Եվ թագուհին վեր կենալով, իսկույն ձայն տվավ նաժիշտներին:

Նրանք ներս եկան:

Կանչեցեք այստեղ Սեդային, — հրամայեց նա:

Մի քանի վայրկենից ներս մտավ դայակը:

Սե՛դա, պատրաստվիր, մենք վաղը ևեթ պիտի ճանապարհվենք:

Ո՞ւր, մեծափառ տիկին, — զարմանալով հարցրեց դայակը:

Կաքավաբերդ:

Կաքավաբե՞րդ. թագավորի մո՞տ:

Այո՛:

Ինչո՞ւ, տիրուհի:

Ինչպե՞ս թե ինչո՞ւ, գնում եմ իմ ամուսնու և թագավորի մոտ. մի՞թե տարօրինակ ցանկություն է այս:

Բնա՛վ. աստված թո՛ղ օրհնե այդ ցանկությունը և քո ճանապարհը... կամենում էի իմանալ, թե ինչո՞ւ հանկարծ...

Այսպիսի որոշումն արի...

Այո՛:

Դրա համար հետո, խոսելու ժամանակ շատ ունենք:

Իսկ այժմ ի՞նչ կհրամայես:

Կարգադրիր, որ վաղ առավոտվանից պատրաստ լինին երկու պատգարակ, զույգ ջորիներով: Մեզ հետ կլինեն երկու սպասուհի և երկու ծառա: Իմ պահանորդները թող ժամ առաջ ելնեն ամրոցից և սպասեն մեզ ճանապարհին: Դղյակում լինելիք կարգադրությանց մասին հարկ եղածը կհանձնարարեմ Գոհար իշխանուհուն: Իսկ ամրոցում բերդակալից զատ ո՛չ ոք չպիտի իմանա մեր հեռանալը:

Սեդան գլուխ խոնարհեց թագուհուն և դուրս գնաց:

Դ

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՌՈՒՄԸ

Դեռ նոր արևելքն սկսել էր շառագունել, երբ Սևանա վանուց միաբանությունը առավոտյան ժամերգությունն ու պատարագն ավարտելով, դուրս եկավ և ս. Առաքելոց եկեղեցուց և ցրվեցավ դեպի բլրակի խուցերը:

Հովհաննես կաթողիկոսը, որ չորրորդ օրն էր, ինչ գտնվում էր այդտեղ, աղոթում էր նույնպես միաբանության հետ: Թողնելով եկեղեցին, նա փոխանակ դեպի վեհարան դառնալու, Սահակ եպիսկոպոսի հետ միասին բարձրացավ բլրի գագաթը: Չնայելով, որ ցուրտն զգալի էր արդեն, այսուամենայնիվ նա ցանկացավ դիտել այդտեղից արևի ելքը, որ կղզու գեղեցիկ տեսարաններից մինն էր կազմում: Նա կանգ առավ Սևանա անդրանիկ եկեղեցու, այն է` ս. Հահարության տաճարի առաջ, օր կառուցած էր բլրի գագաթին, և սկսավ դեպի արևելք նայել: Կապուտակ ծովակը, որ պարփակում էր կղզին, խաղաղ էր այդ վայրկենին և միապաղաղ, ինչպես բյուրեղ: Միայն փոքրիկ մկանունքները գալիս, կոծում էին ժայռապատ եզերքը: Համատարած կապուտակի վրա ձգվում էին զանազան ուղղությամբ սպիտակ ու երկնագույն շերտեր, նման երկարաձիգ ժապավենների, որոնք տակավ առ տակավ փոխում էին իրանց գույնն ու ձևը, համակերպելով առավոտյան շողերին:

Եվ ահա Այծեմնասարի ետևից ծագեցին արևի առաջին ճառագայթները, և հրափայլ սկավառակը, ինչպես մի հրահոսան անոթ, սկսավ բարձրանալ երկնակամարի վրա: Նրա կենարար ճառագայթները ոսկեզօծեցին ափնածիր լեռները, Սևանա բարձունքն ու ժայռերը և արևմտյան կուսի կանաչազուրկ դաշտերը: Բայց ամենից գեղեցիկ և սխրալի տեսարանը ներկայացնում էր Նահապետի ծովակը: Նրա մուգ կապուտակը փոխվում էր հետզհետե բաց երկնագույնի. ժապավենները նվազում կամ անհետանում էին. ծովակի մակերևույթը մի տեղ վառվում էր բաց բոսորագույն, մի ուրիշ տեղ փայլում գորշ-արծաթագույն, իսկ բյուրավոր մկանունքները, որոնց փոքրիկ հովը հետզհետե ալիքների էր փոխվում, փայլփլում էին արևի առաջ ինչպես ադամանդ և կամ ջրածին, շրջուն աստղիկներ:

Կաթողիկոսը նայում էր այդ բոլորին, նայում էր և զմայլում:

Ինչպե՜ս գեղեցիկ, ինչպե՜ս հրաշալի է մեր երկիրը, — բացականչեց նա հանկարծ. — ինչո՞ւ, ինչո՞ւ չենք կարողանում հանգիստ սրտով ապրել այստեղ, ինչո՞ւ անիրավ ճակատագիրը հալածում է մեզ...

Եվ նա հոգով սլացավ դեպի հին դարերը, դեպի այն երջանիկ, անդրանիկ օրերը, երբ այդ տեղերին տիրում էր Գեղամը յուր թոռներով, անխառն ընդոծիններով, երբ այդտեղ լսվում էր միայն հարազատի բարբառը, երբ մարդիկ այդտեղ անծանոթ էին օտարին, նրա լուծին ու բռնության:

Նա հիշեց և այն բախտավոր ժամանակը, երբ հզոր Տրդատը հրամայում էր այդ երկրին. երբ Լուսավորիչը խաչը ձեռին այցելեց այդ ծովակին. երբ քրիստոնեության նորընծա զինվորները Սևան ամրոցը մտնելով` հալածեցին այդտեղից քրմերի խումբը և Սյունյաց տոհմական զռոց տաճարը ճշմարիտ աստուծո տուն դարձնելով` «Սուրբ Հարություն» անունը տվին նրան: Նա պատկերացրեց յուր առաջ այն վայրկյանը, երբ Հայաստանյաց լուսատուն Քրիստոսի խաչը հինավուրց կռատան բարձունքը հանելով` նրա հովանվույն ու խնամոցը հանձնեց Գեղամա ծիծաղախիտ ծովակը` յուր համր ու խաղաղ բնակիչներով, յուր գեղազարդ ափերով...

Իսկ ա՞յժմ... Այո՛, այժմ էլ այդ ծովակն ու կղզին Սյունյաց տերերի կալվածն էին. նա գտնվում էր հայոց թագավորի հովանավորության ներքո: Բայց եթե հանկարծ հագարացիք շրջապատեին նրան, եթե արաբացոց վայրենի և գարշադեմ զորքը խուժեր այդ կղզին, ավարի առներ նրա սրբությունները, սրի անցներ միաբանությունը, գերի վարեր իրան` կաթողիկոսին, ո՞վ արդյոք պիտի դիմադրեր նրանց...

Այս մտքերը հուզեցին կաթողիկոսի սիրտը, և մի հանկարծական երկյուղ պաշարեց նրան:

Մի՞թե այստեղ ապահով ենք մենք թշնամու հարձակումից, — հարցրեց նա Սահակ սրբազանին:

Ապահով ենք, եթե աստուծո աջը հովանի է մեզ... — պատասխանեց եպիսկոպոսը:

Բայց հովանի՞ է արդյոք:

Մեզ մահկանացուներիս հայտնի չէ ոչինչ: Կարելի է միայն հուսալ, թե այս բազմաթիվ միաբանության մեջ կգտնվին սուրբ մարդիկ, որոնց շնորհիվ և նա կազատե մեզ փորձանքից:

Այո՛. «եթէ գտանիցի անդ տասն, ոչ կորուսից և վասն տասանցն», այդպես ասաց աստուծո հրեշտակը Աբրահամհի, երբ գնում էր նա Սոդոմը կործանելու: Բայց կգտնվի՞ն մեր մեջ տասն արդար մարդիկ:

Դեռ Վեհափառը չէր վերջացրել խոսքը, երբ նա նշմարեց մի լաստ, որ Ցամաքաբերդի կողմից հառաջանում էր դեպի կղզին:

Ովքե՞ր են հյուր գալիս մեզ այսպես առավոտանց, — հարցրեց կաթողիկոսը եպիսկոպոսին:

Գուցե ուխտավորներ, — պատասխանեց վերջինս:

Բայց Վեհափառը, որին անհանգստացնում էր կղզուն վերաբերյալ ամեն ել ու մուտ, դարձավ իսկույն դեպի վեհարան և հրամայեց եպիսկոպոսին մարդ ուղարկել և եկվորների ո՞վ լինելն իմանալ:

Կես ժամից հետ ներկայացավ կաթողիկոսին Դվնո կաթողիկոսարանի սպասավոր Թեոդորոս սարկավագը, որ կղզին մտնողներից գլխավորն էր և հայտնեց Վեհափառին` թե Բեշիր զորապետը պատրաստվում է մեծ զորքով գալ Սևան և պաշարել նրան կղզու մեջ:

Կաթողիկոսը գույնը նետեց:

Այստե՞ղ էլ հանգիստ չեն տալիս ինձ, — բացականչեց նա երկյուղագին, և ապա դիմելով Սահակ եպիսկոպոսին ասաց. — տեսա՞ր, սրբազան, ուրեմն տասն արդար էլ չկա մեր մեջ;

Գուցե... Բայց ինձ թվում է, թե աստված «կորուսանե զարդարն ընդ ամբարշտին», — կրկնեց եպիսկոպոսը Աբրահամու խոսքերը:

Ո՞վ է այդ ամբարիշտը, — հարցրեց կաթողիկոսը:

Ո՞վ գիտե. գուցե ես. գուցե նա, որ իրան արդար է համարում, — պատասխանեց սրբազանը. — անկարելի է, որ այս չարիքները հասնում չլինին մեզ մի Հովնանի պատճառով...

Բայց ո՞վ է այդ Հովնանը. ո՞ւր է գտնվում նա. ասա, թող բռնենք և ծովը նետենք, գուցե այդպիսով աստուծո բարկությունն անցնի:

Եպիսկոպոսը չպատասխանեց:

Ինչո՞ւ լռել ես, սրբազան, — հարցրեց կաթողիկոսը:

Հովնանի տեղը ես չգիտեմ, յուրաքանչյուր մարդ կարող էր յուր գործերը քննելով ասել, թե որքան հեռի է Հովնան լինելուց: Բայց ես մի բան գիտեմ. այդ այն է, որ Վեհափառը պիտի հեռանա Սևանից, որպեսզի այստեղի միաբանությունն էլ Այրիվանից հայրերի բախտը չճաշակե:

Կաթողիկոսը հասկացավ Սահակ եպիսկոպոսի ակնարկությանց նշանակությունը և խոր հառաչեց.

Ուրեմն իմ երկրի մեջ չկա մի անկյուն, ուր ես գլուխս դնել կարողանամ... ուր հանգչելու իրավունք ունենամ...-խոսեց ինքն իրան կաթողիկոսը և ապա դիմելով Թեոդորոս սարկավագին` հարցրեց. — ի՞նչ են խոսում իմ մասին Դվինում:

Քո որոշումները, Վեհափառ տեր, ոչ ոք անխորհուրդ չի համարում, բայց, ասում են, որ եթե դու աթոռավայրում լինեիր, ոստիկանը չէր հանդգնիլ քեզ հալածել:

Իմ աթոռավայրո՞ւմ... Լավ. ես երկու օրից այնտեղ կլինեմ.... Կհասնենք, այնպես չէ՞, սրբազան, — դիմեց կաթողիկոսը եպիսկոպոսին:

Դվի՞ն:

Ո՛չ, Բյուրական ամրոցը. չէ՞ որ նա էլ իմ աթոռավայրն է: Այդտեղ լինելով ես մոտ կլինիմ կաթողիկե եկեղեցուն: Ոստիկանը գիտե, անշուշտ, որ Բյուրականը իմ դաստակերտն է, որ ես այդտեղ դղյակ ու եկեղեցի ունիմ կառուցած և տարվա մեծ մասն անցնում եմ այդ ամրոցում:

Կարող ենք երկու օրից հասնել:

Ուրեմն այսօր ևեթ ճանապարհվենք: Թո՛ղ մարդիկ լուր տանեն Դվին, թե կաթողիկոսը ելավ Սևանից: Թշնամին անշուշտ էլ չի դիմիլ այստեղ:

Եվ նույն ավուր երեկոյան կաթողիկոսն յուր հետևորդներով ու մերձավորներով ելավ Սևանից և ուղղվեցավ դեպի յուր ձեռակերտ ամրոցը` Բյուրական:

____

Մի քանի օր հետո ներկայացան Նսրին կաթողիկոսի նվիրակները Դռան եպիսկոպոսի առաջնորդությամբ և հանձնեցին ոստիկանին կաթողիկոսի ձեռագիր մի նամակը և դրա հետ միասին` թանկագին ընծաներ:

Կաթողիկոսը յուր նամակով շնորհավորում էր նախ ոստիկանի գալուստը և աղոթում նրա հաջողությանց համար և ապա յուր ընծաներն առաջարկելով` խնդրում էր նրանից ապահովության հրովարտակ` թե՛ յուր անձի և թե՛ աթոռի համար.

Ոստիկանին դիմելու այս խորհուրդը տվել էին կաթողիկոսին Բյուրականում եղող յուր մերձավորները:

Բեշիրը այնքան տագնապով հետևում էր Հայրապետին, որ միայն Նսըրի միջամտությունը կարող էր նրա հետապնդության առաջն առնել: Այս պատճառով կաթողիկոսը չմերժեց մերձավորների խորհուրդը, որ արդարև, բարերար հետևանք ունեցավ:

Ոստիկանը գրավվելով ոչ այնքան կաթողիկոսի քաղաքավար նամակից, որքան նրա ղրկած ընծաներից, շնորհեց Հայրապետին ազատության հրովարտակ, թույլ տալով նրան ապրել` ուր որ ինքը ցանկանում էր:

Վեհափառը, իհարկե, յուր ձեռակերտ Բյուրականը գերադասեց Դվինից: Որովհետև, գիտեր, որ մահմեդական իշխանավորի խոսքն ու ստորագրությունը չէին կարող ապահովել յուր անձը մայրաքաղաքում, այդ պատճառով մնաց Բյուրականում, մինչև որ տեսնե, թե տերը ի՛նչ է հաջողում հայոց թագավորին:

Բայց Բեշիրը կատակեց, երբ Նսըրի հրամանը հասավ, որով ոստիկանը պատվիրում էր նրան հանգիստ թողնել հայոց կաթողիկոսին:

Նա գիտեր, որ ոստիկանը ստացել է արդեն նվերների մի բաժին, և այդ է պատճառը, որ բարեկամացել է կաթողիկոսի հետ: Բայց չէ՞ որ ինքն էլ յուրը պիտի ստանար. չէ՞ որ Այրիվանից ձեռնունայն վերադառնալով` նա որոշնլ էր յուր վրեժը Սևանից առնել, իսկ եթե այդ չհաջողեր` ապա Բյուրականից:

Բայց ահա ոստիկանը խանգարում էր նրան: Ի՞նչ անել ուրեմն:

Նա դիմեց իսկույն Դվին, մահմեդական կրոնապետի օգնության:

Վերջինս որովհետև մեծ ազդեցություն ուներ ինչպես յուր ժողովրդի, նույնպես և ոստիկանի վրա, ուստի խոստացավ Բեշիրին` ոչնչացնել տալ ոստիկանի հրովարտակը և նորեն կաթողիկոսին յուր վրեժխնդրության հանձնել:

Մինչդեռ Դվինում այս հոգսերով էին զբաղված, և հայոց կաթողիկոսը անցնում էր յուր ձմեռը խաղաղությամբ, մեր երկու առաքյալները, այն է` Վահրամ սեպուհն ու Մարզպետունի իշխանը թափառում էին հայոց մեծ ու փոքր իշխանների գավառներում, մի բերդից անցնելով մյուսը, մի ամրոցից` դեպի մի ուրիշը:

Բայց նրանց առաքելությունը անցնում էր ապարդյուն, և խոսքն ու հորդորը պտուղ չէր բերում:

Следующая страница