Մուրացան՝   Գևորգ Մարզպետունի

Այս ամենն աչքի առաջ ունենալով` սպարապետը հայտնեց թագավորին, թե անհրաժեշտ է մի քանի գնդերով դիմել անմիջապես Արտաշատու կողմը և ջրանցքի բացումն արգելել: Մարզպետունու առաջարկությունը բանավոր գտան նաև դաշնակից իշխանները:

Ուստի թագավորի ընտրությամբ այդ գործի համար նշանակվեցան Վանանդացոց ու Սյունյաց գնդերը, որոնց պիտի առաջնորդեր Բաբգեն իշխանը, իբրև քաջածանոթ Արտաշատու շրջականերին:

Երեկո էր, երբ Բաբգեն իշխանը յուր զորքերով մտավ Ազատ գետի հովիտը և սկսավ առաջանալ դեպի Դվին: Որովհետև ճանապարհը, որով առաջանում էին նրանք, անցնում էր Խոսրովակերտ անտառի միջով, որ Ազատի հովտից սկսած տարածվում էր մինչև Գեղա ստորոտը, այդ պատճառով զորքերի ընթացքը աննկատելի մնաց արաբացի պահանորդներին, որոնք խմբերով թափառում էին Դվնո դաշտում:

Մութը կոխելու վրա հայերը Մեծամորն անցան և նրա ուղղությամբ սկսան առաջանալ դեպի Աոտաշատ: Չնայելով որ զորքերը հոգնած էին, այսուամենայնիվ իշխանը չէր կամենում հանգիստ տալ նրանց, որովհետև ամեն մի կորցրած ժամը կարող էր մի վտանգ առաջ բերել իրանց համար: Բայց Արտաշատից մի քանի փարսախ հեռու նա ստիպված էր կանգ առնել` մինչև որ ջրանցքը դիտելու համար ղրկված յուր լրտեսները կվերադառնային: Նա կամեցել էր նախ տեղեկանալ, թե ի՞նչ դրության մեջ է գտնվում գործը և ապա զորքերն առաջ վարել:

Ըստ որում, եթե ջրանցքը բացված լիներ և խրամը ջրով լցված, էլ իրանց Արտաշատ գնալը միտք չէր ունենալ: Այդ քայլը, ընդհակառակը, կարող էր վնաս բերել, նախ` յուր փոքրաթիվ գնդերը վտանգելով և երկրորդ` թշնամուն թագավորի գալը հայտնելով:

Բայց լրտեսները վերադարձան և հայտնեցին, թե մնացել է միայն մի քանի քայլ տարածություն, որպեսզի ջրանցքի արգելքը բացվի, և թե այդ էլ արաբացիք շուտով կպնդեն, որովհետև գործի վրա աշխատում են հարյուրավոր ձեռքեր:

Օ՛ն ուրեմն, հառա՛ջ, էլ սպասելու ժամանակ չէ, — գոչեց Բաբգեն իշխանը և առաջ անցավ: Զորքը սրընթաց հետևեց նրան:

Եվ արդարև, ջրանցքի առաջը բանալու համար մնացել էր միայն մի քանի քայլ: Գործավոր զորքի գլխին կանգնած էր Բեշիր զորապետը և շտապեցնում էր նրանց, որպեսզի հենց նույն գիշեր ջուրը դարձնե դեպի խրամը: Չնայելով որ մութը կոխել էր, այսուամենայնիվ, զորապետը չէր հեռանում այդտեղից: Արաբական նժույգի վրա նստած` նա դիմում էր մերթ այս մերթ այն կողմը` գործավորներին շտապեցնելու համար: Ըստ երևույթին նա չէր կամենում հեռանալ այդտեղից, մինչև որ յուր աչքով չտեսներ ջրանցքի բացումը:

Եվ ահա՛ հանկարծ Արտաշատու կողմից որոտընդոստ աղաղակներով արաբացոց վրա թափվեցան հայոց զորքերը և սրերով ու նիզակներով սկսան անխնա և աջ ու ձախ հարվածել: Հարձակումն այնքա՛ն անակնկալ և թափն այնքա՛ն զորավոր էր, որ արաբացիներից ոչ ոք չհամարձակվեց դիմադրել: Նրանք շփոթված ու սարսափահար ձգեցին բահերն ու գործիքները և սկսան փախուստ տալ դեպի Դվնո և Արտաշատու կողմերը: Չնայելով որ Բեշիրը սուրը հանեց և գոռալով խրախույս կարդաց զորականին, բայց նրան լսող չեղավ: Մի քանի տասնյակ հոգի, որոնք բահերով ու վաղակավորներով խիզախեցին հայերի դեմ, տեղն ու տեղը ջարդվեցան: Այս տեսնելով Բեշիրը, ինքն էլ ձգեց ճակատը և ձին մտրակելով փախավ դեպի Դվին: Հայերն աղաղակելով ընկան փախչողների ետևից և հալածեցին նրանց մինչև քաղաքի սահմանը, և ապա դառնալով` գրավեցին ջրանցքը և կանգ առան այդտեղ:

Բայց Բեշիրը խույս էր տվել ոչ թե փախչելու, այլ Դվնից նոր զորք բերելու մտքով: Սակայն ոստիկանը, որ ավելի շրջահայաց ու հեռատես էր, թույլ չտվավ նրան զորք հանել քաղաքից:

Քանի որ չգիտենք, թե ի՞նչ ուժով են հայերը հասել այստեղ, կամ թե ի՞նչ կետերում են համախմբված նրանք և մութն արգելում է մեզ ճիշտ տեղեկություններ առնել այդ մասին, ավելի լավ է ուրեմն զորքը վտանգի չենթարկել, առավոտը մենք ամեն ինչ կտեսնենք աստուծո լույսով և ըստ այնմ հարկ եղածը կփութանք տնօրինել, — ասաց Նսըրը Բեշիրին, և վերջինս բանավոր գտավ այդ խորհուրդը:

Եվ որքա՞ն մեծ եղավ արաբացոց զարմանքը, երբ առավոտը վեր կենալով տեսան, թե Արտաշատու ջրանցքը գրավող վորքը կազմված է ընդամենը մի քանի վաշտերից: Ամոթի հետ միասին մի կատաղի զայրույթ եղավ Բեշիրի վրա, երբ նա համոզվեց, թե ինքը արաբական քաջերի առաջնորդ լինելով հանդերձ, փախել է մի քանի վաշտերի առաջից:

Հենց այս վայրկենին կջարդեմ բոլորին, թո՛ղ ոչ մի զորական չազատվի իմ սրից, — գոռաց զորապետը և արաբական կատաղիներից մի քանի գունդ առնելով` պատրաստվում էր դուրս գալ Դվնո պարիսպներից:

Ոստիկանը, որ այդ ժամանակ կանգնած էր յուր ապարանքի մինարեթի վրա և դիտում էր Դվնո շրջապատը, տեսնելու համար թե էլ ուրիշ որտե՞ղ կան հայ զորախմբեր, նկատեց, որ քաղաքի արևմտյան կողմից, այն է` Կարնո ճանապարհով, ուր ինքը պահակախումբ չէր կարգել, առաջանում է ստվար հեծելախումբ.

Ահա գալիս են և մեր դաշնակից Աշոտի զորքերը, — ձայնեց նա դեպի Բեշիրը, որ դեռ կանգնած էր ապարանքի առաջ և հրահանգներ էր տալիս զորքին:

Առանց նրանց էլ մենք գործը կավարտենք, — հոխորտաց զորապետը և յուր հրոսախումբը կարգավորելով, դուրս եկավ Դվնո պարիսպներից:

Բաբգեն իշխանի դրությունը խիստ ծանր էր: Նա յուր հետ ուներ ընդամենը հինգ հարյուրի չափ զորք: Եվ թեպետ դրանք հայոց ամենաընտիր քաջերիցն էին, այսուամենայնիվ չէին կարող երկար դիմադրել, եթե նրանց շրջապատեր ավելի մեծ բազմություն: Բացի այդ, նրանք գտնվում էին Արտաշատու և Դվնո մեջտեղը, բաց դաշտի վրա և չունեին ո՛չ պատսպարվելու տեղ, ո՛չ էլ ժամանակ` պատնեշ շինելու: Արաբացիք կարող էին շրջապատել նրանց և տեղնուտեղը կոտորել: Միակ փրկությունը ձգել հեռանալն էր: Բայց այդ էլ չէին կամենում անել, որովհետև այն ժամանակ ջրանցքը կմնար արաբացոց ձեռքը, և նրանք մի կես ժամում թումբի մնացորդը փլելով` ջուրը կդարձնեին դեպի խրամը, որով և կոչնչանային թե՛ տարած հաղթությունը և թե՛ ապագա հաջողության հույսերը:

Աբաս թագավորը ղրկելով իշխանին այստեղ, ապահովացրել էր նրան` թե ինքը հետևյալ առավոտ, յուր բոլոր զորքերով, կգտնվի Դվնո առջև: Բայց արևն ահա ծագում էր և, սակայն, արքայական բանակը չէր երևում ոչ մի տեղ, նույնիսկ հառաջապահ գնդեր չէին նշմարվում... Բաբգեն իշխանի հետամուտները, որոնք Արտաշատու բլուրներից դիտել էին ամեն կողմ, եկան և պատմեցին, թե միայն Կարնո ճանապարհի վրա տեսան մի հեծելախումբ, որ շտապով հառաջանում էր դեպի Դվին, իսկ մնացյալ տեղերում արաբացի պահակներից զատ ոչինչ չնշմարեցին:

Կարնո ճանապարհով կարող է միայն դավաճանի զորքը գալ, — ասաց Բաբգենը. — մեր փրկությունը պետք է սպասել Դվնո դաշտից:

Մեկ էլ` երկնքից, — նկատեց համհարզներից մինը:

Եթե աստված հաճի... — հարեց իշխանը և լռեց:

Բայց հենց այդ ժամանակ բացվեցան Դվնո հարավային դռները, և արաբացոց զորքը գալարափողերը հնչեցնելով, սկսավ դուրս խուժել և դիմել դեպի Արտաշատու ջրանցքը:

Բաբգեն իշխանն արդեն կարգավորել էր յուր փոքրաթիվ զորքը, կանգնեցնելով նրանց եռանկյունաձև և հրաման տալով, որ հարձակման դեպքում աշխատեն միջամուխ լինել հարձակվողների մեջ և երկու մասի բաժանելով նրանց` այնպես սկսեն իրանց բախումը: Այդ եղանակն այն առավելությունն ուներ, որ կթուլացներ հարձակման թափը և հրոսախմբի ստվարությունն արգելք չէր լինիլ ազատ զինաշարժության:

Իշխանը հենց որ լսեց փողի ձայնը, աշտանակեց իսկույն յուր նժույգը և սուրը մերկացնելով` ձայն տվավ դեպի զորքերը.

Սիրելի՛ քաջեր, մենք սակավաթիվ ենք, և թշնամին զորավոր: Բայց մեր դատն արդար է, իսկ նրանցն անիրավ: Աստված օգնում է արդարին և յուր բազուկը հզորագույն է ամենից: Դիմավորեցեք թշնամուն աներկյուղ և առանց դիմադարձության, աստված պիտի օգնե ձեզ երկրորդ անգամ նրան խորտակելու, իսկ ում որ մեզանից մահ կվիճակվի, նա թող մխիթարվի, որ մեռնում է հայրենիքի և այն խաչի համար, որ ահա՛ Դվնո բարձունքից նայում է մեզ վրա:

Այս ասելով իշխանը սաղավարտը հանեց և դեմքը դեպի ս. Գրիգորի գմբեթը դարձնելով` — «Դո՛ւ մեզ օգնիր, ո՛վ սուրբ կաթողիկե, մեր կռիվն ու մահը քո և որդվոց ազատության համար է. թող թշնամին չպարծենա, թե կիսալուսինը հաղթեց սուրբ խաչին...»:

Այս ասելով նա սուրը շողացրեց և «օ՛ն, հառաջ...» գոռալով դիմեց դեպի թշնամին:

Սյունյաց և վանանդացոց քաջերը որոտընդոստ աղաղակով հետևեցին նրան:

Նույնպիսի ոգևորությամբ և գոռյուն-գոչյունով դիմում էին հայերի դեմ արաբացիները:

Վերջապես նրանք հասան, և քաջերը գոռալով ընկան միմյանց վրա: Սրերն սկսան շողալ, նիզակները ճոճել և աջ ու ձախ կատաղի հարվածներ տեղալ: Հարձակումն այնպես սաստիկ և բախումը զորավոր էր, որ երկու կողմից էլ կարգերն իսկույն խանգարվեցան: Վանանդացիք բաժանվեցան սյունեցիներից, իսկ այս վերջիններն` իրարից, նույնպես էլ արաբացիք չկարողացան իրանց միությունը պահպանել: Հայերի մի մասը ետ մղեց նրանց աջ թևը, իսկ սրանք դրա փոխարեն ճնշեցին նրանց ձախը: Այդպիսով խմբերը ճապաղելով` կռիվը բորբոքեցին մի քանի կետերի վրա: Այս հանգամանքը ձեռնտու էր հայերին, որովհետև շարժվելու ազատություն ունենալով` ավելի հաջողությամբ կկռվեին: Բայց ոստիկանը, որ յուր մինարեթից դիտում էր կռվի ընթացքը, տեսնելով հայերի զորեղ ընդդիմությունը, նոր զորքեր ղրկեց յուրայիններին օգնության: Այդ պատճառով հայերը նոր հարձակման հանդիպելով, հետզհետե տկարացան: Նրանց յուրաքանչյուր խմբակին շրջապատել էր մի ահավար գունդ: Վայրկյանը հուսահատական էր. Բաբգեն իշխանը, որ կռվում էր կատաղաբար, նոր հարձակման առաջ ետ կասեց մի վայրկյան, ապա հայացքը Դվնո կաթողիկեին ուղղելով` սրտառուչ ձայնով բացականչեց. «Մի՞թե դու, ով լուսավորչի խաչ, պիտի հանդուրժես մեր կոտորածին և հաղթություն տաս գարշ հագարացուն, որ ծաղրում է քո սրբությունը... Ցույց տուր, ով քառաթև, որ իզուր չենք մենք ապավինել քեզ, և որ հզորագույն է այն բազուկը, որ քո թևին գամվեցավ...»:

Այս ասելով նա սուսերամերկ խոյացավ դեպի հարձակվող զորքերը և աննման հերոսությամբ սկսավ պաշտպանել յուր մարտիկների տկարացող կողմը: Բայց ո՛չ իշխանի և ո՛չ նրա զորքի հերոսական ջանքերը չկարողացան հաղթել արաբացոց գնդերին, որոնք հետզհետե ստվարանում էին: Ընդհակառակը, մի քանի կետերի վրա հայերն սկսան վերջնականապես ընկճվել, նրանք հոժարությամբ փախուստ կտային, թե չվախենային իսպառ ջնջվելուց, այս պատճառով կռվում էին հուսահատ կատաղությամբ: Փոքր մի ևս, և արաբացիք հաղթության փողը պետք է հնչեին... Բայց ահա՛ հենց այդ վայրկենին լսվեցավ հանկարծ հայախումբ զորքերի որոտագին աղաղակը և Վահրամ սեպուհը, ինչպես շանթառաք մի հարված` ահավոր սուրը ձեռին ընկավ արաբացոց վրա: Նրան հետևում էին գուգարացիք, բասենցիք և Շիրակավանի քաջերը: Ինչպես հանկարծահաս մի փոթորիկ կամ գարնանազայր մի հեղեղ թափվեցան նրանք արաբացիների վրա և սկսան անխնա կոտորել, ջարդել, ջախջախել` ոմանց սրախողխող անելով, ոմանց նիզակահար սատակելով և շատերին նժույգների ոտքի տակ տալով:

Բաբգեն իշխանը զարմացավ: Որտեղի՞ց բուսավ արդյոք սեպուհը: Որտե՞ղ էին թաքնված նրա զորքերը, չէր կարողանում գուշակել:

Բայց Դվնո արևմտյան ճանապարհով եկող հեծելազորը, որ խրախուսել էր ոստիկանին և, ընդհակառակը, երկյուղ ազդել Բաբգենին, հենց Վահրամ սեպուհի զորախումբն էր եղած: Վերջինս արքայի հրամանով շտապել էր իշխանին օգնության, ըստ որում բուն բանակը փոքր-ինչ պիտի ուշանար: Սեպուհը հագարացոց պահակներից խույս տալու և Արտաշատի ջրանցքին անարգել հասնելու համար շրջան էր արել Դվնո դաշտի բարձրից և Խոսրովու անտառը անցնելով` մտել Կարնո կոչված ճանապարհը:

Սեպուհի և նրա գնդերի հարձակումը փոխեց իսկույն կռվի կերպարանքը: Հագարացիք հանկարծակի եկան, իսկ սյունեցիք ու վանանդացիք նոր ոգի առնելով` սկսան ավելի կատաղաբար հարձակվել հակառակորդների վրա: Նորեն կռիվը բորբոքվեց. նորեն խմբերն ընդհարվեցան: Հազարավոր սրեր շողում էին ու հարվածում, նիզակները` ճոճում ու շամփրում, սաղավարտներ ճեղքում, զրահներ պատառում, վահաններ ջախջախում... Հաղթողների աղաղակը, ընկնողների վայունը, զենքերի շաչյունը թնդացնում էին օդն ու դաշտը...

Սակայն հաղթության աստղը թեքվում էր հայոց կողմը, արաբացիք նորեկների հարձակումից շվարելով և մանավանդ թե սաստիկ հարված առնելով` մի քանի կետերում սկսան նահանջել: Բեշիրն այդ տեսնելով` հրամայեց իսկույն նահանջի փող հնչեցնել, որպեսզի մնացորդ զորքն ազատե կոտորածից: Բայց արաբացիք փողի ձայնն առնելուն պես` փոխանակ քայլ առ քայլ հետ նահանջելու, սկսան միահամուռ փախուստ տալ դեպի Դվին:

Հայերն ընկան փախչողների ետևից և սկսան չարաչար կոտորել նրանց: Շուտով Դվնո դռները բացվեցան և ներս առան փախչող զորականը:

Սեպուհն այդ տեսնելով` հանդուգն միտք հղացավ, այն է` հրամայել յուր զորքերին` ներս խուժել քաղաքը փախչողների ետևից:

Բայց Բաբգեն իշխանը, որ ավելի հեռատես էր, արգելեց նրան այդ քայլն անել, առարկելով, թե քաղաքում կարող է վտանգ հասնել զորքին:

Նրանք բավականացան տարած հաղթությամբ և զորքը ժողովելով վերադարձան դեպի ջրանցքի հովիտը:

Երեկոյան դեմ, երբ կռիվն արդեն ավարտած, հաղթությունը տարած, իսկ հագարացիք Դվնո մեջ փակված էին, հասավ թագավորը` Գևորգ սպարապետի, դաշնակից իշխանների և արքայական համախումբ բանակի հետ:

Վերջինս, սպարապետի կարգադրությամբ, շրջապատեց քաղաքը բոլոր մատչելի կողմերից:

Տեսնելով Դվնո խրամը տակավին չոր և լսելով տեղի ունեցած կռվի և տարած հաղթության համար` թագավորն ուրախացավ և ի նշան յուր գոհության` գրկեց ու համբուրեց Բաբգեն իշխանին և Վահրամ սեպուհին: Ապա հրամայեց փառավոր հրավառությամբ ամբողջ բանակը լուսավորել այդ գիշեր:

Կարճ ժամանակվա ընթացքում Դվնո հինավուրց անտառից դուրս հանվեցան հարյուրավոր մայրեր ու կաղամախներ և տապարներով ջախջախվելով` դերբուկաձև դիզվեցան թե՛ բանակի մեջ և թե՛ քաղաքի շուրջը, պարիսպների և աշտարակների հանդեպ:

Երբ մութը կոխեց և ահագին խարույկները վառվեցան, Դվինը, կարծես, դյութական կերպարանք առավ: Հարյուրավոր կրակների բոցը բարձրանում, ծառանում էր դեպի երկինք և շրջապատն ամբողջապես բոսոր գունով լուսավորում: Մայրաքաղաքի պարիսպներն ու մարտկոցները պատած էին կրակով և հեռվից նայողը կարծում էր, թե քաղաքն ամբողջապես գտնվում է հրդեհի մեջ: Նրա բարձրադիր ապարանքները` իրանց սյունազարդ սարավույթներով, գմբեթազարդ եկեղեցիները` փայլուն խաչերով և արաբական մզկիթի ու ոստիկանական տան ուղղաձիգ մինարեթները` ոսկյա կիսալուսիններով` փայլում էին գիշերային խավարի մեջ մերթ պայծառ լուսով և մերթ քրքմագույն և տալիս քաղաքին մի տեսակ տխուր և խորհրդավոր կերպարանք:

Իսկ Դվնո բարձունքներից նայողի առաջ ուրիշ պատկեր էր բացվում: Արքայական բանակը, որ պատած էր քաղաքը ամեն կողմից և որ ցերեկվա լուսով իսկ ահավոր էր երևում, գիշերվա մութին ավելի երկյուղ և սարսափ էր ազդում: Խարույկների բոցածավալ լույսը կարծես թե կրկնապատկում, եռապատկում էր զորախմբերի թիվը, բազմաթիվ կրակների շուրջը կայթող և հաղթական երգերով օդը թնդացնող զորականի աղմուկը խռովում, անհանգստացնում էր պաշարյալ մահմեդականների սիրտը:

Դվնո հայերը, ընդհակառակը, գաղտնի հրճվանքի մեջ էին, թեպետ և չէին համարձակվում երևան հանել իրանց ուրախությունը: Այն միտքը, թե շուտով մահմեդականի բռնապետությունը պիտի վերջանա, թե գոռոզ հագարացին պիտի խոնարհի վերջապես արքայի հաղթական դրոշակի առաջ, նրանց սիրտը լցնում էր անսահման բերկրությամբ: Եվ ամենքի շրթունքները մրմնջում էին աղոթքներ, մանուկ և ծեր, կին թե տղամարդ աղաչում էին աստծուն, որ այս վերջին անգամ էլ փառավորե յուր անունը` հաղթություն տալով հայոց խաչին և Լուսավորչա հավատին...

Բայց ոստիկանը, որ յուր ապարանքի մինարեթից դիտում էր այդ մեծատարած խարույկները և տեսնում հայ զորքերի խաղերն ու պարը և լսում նրանց որոտաձայն երգելը, որոնք շարունակվում էին մինչև ուշ գիշեր, կատաղությունից, կարծես, ուզում էր խելագարվել: Նա մտաբերում էր միմյանց ետևից իրան հասած անհաջողությունները, և այդ բոլորը վերագրում յուր զորապետի ու պաշտոնյաների անհոգության և անմտության, ուստի և հայհոյում ու անիծում նրանց:

«Չէ՞ որ կարող էին գեթ մի օր առաջ ջրանցքը բանալ և քաղաքի խրամը ողողել... խոսում էր ինքն իրան ոստիկանը, բայց չարին, անհոգության տվին իրանց և պատճառ դարձան թե՛ քաղաքի գլխավոր պաշտպանությունը ոչնչացնելուն և թե՛ զորքերի կոտորածին... Իսկ իմ պահակ հեծելախմբե՞րը. ո՞ւր մնացին նրանք, ինչո՞ւ մինչև այժմ պահպանության չորս կետերից գեթ մի զինվոր չհասավ, որ թշնամու գալուստն ինձ հայտնե»...

Բայց ոստիկանն իզուր էր տրտնջում վերջին կետի նկատմամբ: Որովհետև ոչ թե յուր պահակ հեծյալների անուշադրությունն էր պատճառը` որ ինքը ժամանակին չէր իմացել յուր հակառակորդի մոտենալը, այլ հայոց սպարապետի բազմափորձ զգուշությունը, որովհետև, նա զորքերն առաջ էր վարել այնպիսի ճանապարհներով և այնքա՞ն միմյանցից անշատ խմբերով, որ հագարացի պահանորդները չէին կարող նրանց նշմարել: Նույնիսկ Շարուրում բանակած զորքի վրանները այն ժամանակ միայն սկսեցին քակել հայ պահակները, երբ բուն բանակն իջնում էր արդեն Դվնո դաշտը:

Վերջապես ոստիկանը կանչեց յուր մոտ Բեշիրին և սկսավ խորհուրդ անել նրա հետ:

Այս հայերը, ըստ երևույթին, պաշարել են մեզ այնպիսի զորությամբ, որին դիմադրել չպիտի կարողանանք, եթե նրանք հաճախ հարձակվին մեզ վրա, — ասաց նա զորապետին,-ինձ թվում է, թե մի հնար միայն կա ընդհարումն արգելելու և Աբասին մեզ հետ հաշտվել ստիպելու:

Ո՞րն է այդ, — հարցրեց Բեշիրը, որի գոռոզությունն ընկճվել էր արդեն կրած պարտության պատճառով:

Այն, որ հայտնենք հայոց թագավորին, թե կկախենք աշտարակից մեզ մոտ պատանդ եղող յուր հորաքեռ որդուն` Սյունյաց Սահակ իշխանին, եթե նա մեր առաջարկած հաշտությունը չի ընդունիլ և յուր զորքերը չի հեռացնիլ Դվինից:

Աբասը եթե ցանկացող լիներ հաշտության, քո դեսպաններին ու ընծաները հետ չէր դարձնիլ Վասպուրականից:

Ուրե՞մն...

Կմերժե քո առաջարկությունը:

Այն ժամանակ ես էլ կկախեմ այդ իշխանին, թո՛ղ այնուհետև նրա Սմբատ ու Բաբգեն եղբայրները խիզախեն մեր դեմ և Դվինն առնելուց առաջ` իրանց եղբոր դիակը գրկեն:

Իսկ եթե, հանկարծ, Դվինն առնե՞ն:

Թո՛ղ առնեն, եթե կարող են. ճակատագրից չպիտի փախչենք, ես, գոնե, այդ սպանությամբ խստագին կխոցոտեմ նրա հարազատների սիրտը:

Բայց, տեր իմ, այդ որոշումը կարի վտանգավոր է, — նկատեց Բեշիրը. — այս հայերը բնավ խստասիրտ չեն. նրանք երբ գրավում են մի քաղաք, մեզ նման չեն կոտորում նրա բնակիչներին: Այդպես էլ եթե Դվինը գրավեն, վնաս չեն հասցնիլ մեր անձին կամ նույնիսկ մեր զորքերին, եթե միայն քո ցասումը գործադրած չլինիս դու. բայց եթե Սահակ իշխանին սպանես, այն ժամանակ մենք ամենքս անխնա կջնջվենք: Դու չես ճանաչում սյունեցիներին. բայց ես հաճախ ընդհարվել եմ նրանց հետ և ծանոթ եմ այդ ցեղի անսանձ կատաղությանը: Նրանք չեն կարող տանել այն անարգանաց, որ դու կհասցնես նրանց իրանց իշխանին սպանելով:

Ոստիկանի վրա տպավորություն արին զորապետի խոսքերը և նա գլուխը կախելով ընկավ մտածության մեջ:

Ի՞նչ անենք, ուրեմն, — հարցրեց նա վերջապես` մտախոհ աչքերը զորապետին ուղղելով և յուր նոսր, աղեբեկ մորուքը հուշիկ շոյելով:

Պիտի պաշտպանվենք որքան կարող ենք և պաշտպանվենք մեր բոլոր զորությամբ, — վճռական ձայնով պատասխանեց Բեշիրը:

Այս որոշման գալով` ոստիկանն ու զորապետը բաժանվեցան իրարից:

Բայց հայոց բանակում խորհուրդ չկար այդ գիշեր: Թագավորն ու իշխանները ապահով էին, որ ամեն կողմից շղթայած են Դվինը, մնում էր սպասել առավոտյան լուսին, որպեսզի հարկ եղած հետազոտություններն անելով, ըստ այնմ որոշեին, թե արդյոք հարձակմա՞մբ թե պաշարումով պիտի գրավեն քաղաքը:

Բայց կեսգիշերվա մեջ պահակ զինվորները լուր տվին սպարապետին, թե Նախիջևանի ճանապարհով ստվար հեծելազոր է առաջանում դեպի հայոց բանակը: Դրանք ոչ այլ ոք էին, եթե ոչ ոստիկանի կողմից Դվնո այդ սահմանում կարգված պահանորդները, որոնք վերջապես հայոց Շարուրից հեռանալն իմանալով` շտապում էին թե՛ նրանց ճանապարհը փակելու (հուսալով մի որևէ տեղ հանդիպել նրանց) և թե՛ ոստիկանին տեղեկություն տալու:

Սպարապետն ընդունելով, թե դրանք իրանց ետևից շրջապատելու և Դվնո կողմից լինելիք հարձակման նպաստելու մտքով են գալիս, պատվիրեց իսկույն Վահրամ սեպուհին դիմավորել նրանց յուր հեծելախմբով: Վերջինիս միացան նաև Մոկաց քաջերը:

Վեդիի ներքին հովիտներից մեկում սեպուհը հանդիպեց արաբացի հեծյալներին և հրամայեց նրանց զինաթափ լինել:

Արաբացիք, որ մթան պատճառով հայոց բազմությունը չափել չկարողացան, պատասխանի փոխարեն` հարձակվել սկսան:

Այն ժամանակ սեպուհի հզոր ձայնը որոտաց և հայոց քաջերը մեծադղորդ աղաղակով ընկան թշնամու վրա:

Տեղի ունեցավ կատաղի ընդհարումն: Բայց նա երկար չտևեց: Արաբացիք իսկույն զգացին, թե որքա՛ն բազմաթիվ են իրանց դեմ սուր շարժող բազուկները, ուստի մի փոքր ընդդիմությունից ետ, որ, սակայն, տասնյակ զինվորներ արժեց իրանց, զինադուլ խնդրեցին:

Վահրամ սեպուհը հրամայեց կոտորածը դադարեցնել և արաբացի հեծյալներին զինաթափ անելով և ձիանը խլելով` իրանց գերի վարել բանակը:

Եվ որովհետև հետևյալ օրը նրանք տեղեկություններ տվին սպարապետին այն պահակախմբերի մասին, որոնք գտնվում էին Խլաթա, Բերդկանց և Կողբափորի ճանապարհներում, ուստի Մարզպետունի իշխանը` հրաման առնելով արքայից, մի քանի ստվար զորախմբեր ուղարկեց այդ կողմերը արաբացի հեծյալներին հալածելու համար, որպեսզի քաղաքի հետ ունեցած ընդհարման դեպքում նրանք ետևից հասնելով չխանգարեն իրանց: Հայոց զորախմբերը, որոնք դիմեցին հիշյալ ճանապարհները` Վահրամ սեպուհի, Սմբատ իշխանի և Մոկաց տիրոջ առաջնորդությամբ, պատահելով հագարացի պահակախմբերին, հարձակվեցան նրանց վրա և քիչ կամ շատ կոտորած անելուց հետ` նրանց մի մասը հալածեցին դեպի Ատրպատականի կամ Կորդվաց կողմերը և մյուսը գերելով` բանակը բերին:

Աշոտ բռնավորը, որ խոստացել էր յուր զորքերով օգնել ոստիկանին լսելով Աբաս թագավորի` յուր դաշնակիցների հետ միասին Դվին հասնելը, այլև նրա զորքերի տարած քանի մի հաղթությունները, ոչ միայն հետ կացավ Նսըրին օգնելուց, այլև յուր զորքերը Բագարան ժողովելով` ինքը ևս ամրացավ այդտեղ:

Իսկ Աբաս թագավորը Դվնո հաղորդակցություններն ամեն կողմից կտրելուց հետ` խորհրդի հրավիրեց յուր իշխաններին` որոշելու համար, թե ի՞նչ եղանակով սկսեն հարձակումը:

Գևորգ սպարապետը, որ թանկ էր գնահատում հայ զորականի կյանքը, խորհուրդ տվավ թագավորին` ամենից առաջ Նսըրին առաջարկել քաղաքը հանձնել իրանց առանց պատերազմի:

Եթե նա կհոժարվի, բարի, եթե ոչ, այն ժամանակ մենք մեր հարձակումը կսկսենք, — ասաց սպարապետը:

Այո՛, եթե նա իմանա, թե ինքը զուրկ է ամեն ձեռնտվությունից, գուցե չվստահանա գրգռել մեր զայրույթը և այդ հանգամանքը հավասարապես շահ կբերե թե՛ մեզ և թե՛ իրան, — ավելացրեց Սմբատ իշխանը:

Արքային հաճո թվեցավ այս առաջարկությունը, և դաշնակից իշխանները ևս համակերպեցան նրա հետ:

Նույնիսկ այդ օրը Աղձնյաց նահապետը մի քանի ազատանիների ընկերակցությամբ դիմեց Դվին` ոստիկանի հետ խոսելու:

Նսըր ամիրան պատվով ընդունեց նրան յուր ապարանքի շքեղ դահլիճներից մինում և հաճություն հայտնեց լսել հայոց թագավորի պատգամը:

Աբաս արքան հրամայեց ինձ ասել մեծափայլ ամիրային, — խոսել սկսավ նահապետը, — թե Դվինը Հայոց աշխարհի մայրաքաղաքն է, թե նրան հիմնել և տիրել են հայոց թագավորները, և թե վերջին տարիներում իսկ նա պատկանել է հայոց իշխանապետության: Ամիրապետի ոստիկանները կարող էին նստել այդտեղ` իբրև երկրի շահաստանում և գանձել ամիրապետի հասույթները: Բայց նրանք իրավունք չունեին նրան գրավելու և նրա միջոցով էլ երկրի ազատության վրա բռնանալու, ըստ որում այդ երկրի կառավարը հայոց թագավորն է, իսկ ժողովրդի ազատության տերը` ինքը ժողովուրդը: Յուսուփը և նրա նախորդները անիրավ հափշտակությանց հետ միասին` հաճախ բռնացել են նաև Դվնո վրա: Բայց այդ պատահել է այն ժամանակ, երբ հայոց իշխանները անջատվել են իրանց թագավորից և կամ վատաբար դավաճանել են նրան: Իսկ այժմ որովհետև հայ իշխանները միացած են ինձ հետ, և իմ զորքերը հավատարիմ են ինձ, ուստի ես զորավոր եմ և հենց այդ պատճառով էլ թույլ չեմ տալ, որ Յուսուփի հաջորդը գնա նրա շավղով կամ թե բռնանա իմ ժողովրդի վրա: Չհիշելով անգամ այն, որ Նսըր ամիրան բարեկամության ուխտ է դրել հանգուցյալ արքայի հետ և վերջը դրժելով յուր ուխտին` աջակցել է հայոց գահի դեմ լարած դավաճանության... չհիշելով այն` որ նա անիրավաբար հափշտակել է հայոց կաթողիկոսարանը և կաթողիկոսի աթոռը տարագրել Ոստանից, որի համար ես իբրև իմ եկեղեցվո պաշտպան, պարտավոր էի արժանավոր հատուցումն անել նրան, այսուամենայնիվ, չկամենալով արյունահեղության պատճառ դառնալ, ես առաջարկում եմ Ոստիկանին խաղաղությամբ հանձնել ինձ իմ քաղաքը, որից հետ և ես կթույլատրեմ իրան ազատ ապրել յուր ապարանքում: Հակառակ դեպքում, եթե ես Դվինը գրավեցի ուժով, այն ժամանակ թո՛ղ ոստիկանը իմանա, որ առաջին օրն իսկ բնաջինջ կանեմ թե՛ յուր զորախմբերը և թե Դվնո բոլոր ամիրաներին, որոնք կալվածներ ունին Ոստանում և ապարանքներ` Դվնո հրապարակների վրա... Բացի այս, ես չեմ խնայիլ նույնիսկ իրան` ոստիկանին: Եվ այս ամենն անելով հանդերձ` ես թշնամացած չեմ լինիլ ամիրապետին, այլ պատժած միայն նրա գործակալին, որ անխոհեմությամբ խռովում է իմ երկիրը...

Ոստիկանը, որ սկզբում խաղաղ սրտով ականջում էր պատգամավոր իշխանին, վերջին խոսքերը լսելուն պես վեր թռավ տեղից և հուզված բացականչեց.

Քո այդ նոր թագավորն ավելի հանդուգն է, քան յուր նախորդը... Ասա՛ նրան, որ ես չեմ ընդունում հաշտության ո՛չ մի պայման և որ ես իրավունքով տիրում եմ այն քաղաքին, որ երկու հարյուր տարի սրանից առաջ գրավել է արաբական սուրը: Թո՛ղ հառաջ վարե նա յուր զորքերը և ուժով գրավե այս քաղաքը, եթե կարող է: Բայց միևնույն ժամանակ թո՛ղ չմոռանա, որ նա կռվում է արաբացոց երկնափառ ամիրապետի և ոչ թե նրա ոստիկանի հետ...

Պատգամավոր իշխանը վերադարձավ յուր հետևորդների հետ և հայտնեց արքային Նսըրի պատասխանը:

Լավ ուրեմն, մենք մեր պարտքը կկատարենք և ցույց կտանք այդ հագարացուն, որ ամիրապետի անունով տրված սպառնալիքները չեն կարող ո՛չ մեզ վախեցնել և ոչ էլ մեր իրավունքները շղթայել, — ասաց թագավորը և ապա հրամայեց սպարապետին հարձակման պատրաստությունները տեսնել:

Երազգավորսից հետզհետե բերում էին պաշարման վերաբերյալ գործիներ և պարսպահար մեքենաներ, որպիսիք էին` խոյեր, բաղիստներ, բաբաններ, հրացան, պարսեր և երկաթե զանազանակերպ սանդուղքներ, բարձած բազմալուծ սայլերի վրա: Այդ ամենը պատրաստել էր տվել Մարզպետունի իշխանը դեռևս արքայի` Վասպուրականում եղած ժամանակ: Նրա հրամանակատարները, որոնք ռազմական մեքենագործության հմուտ վարպետներ էին և որոնք այդ բոլորը պատրաստել էին կատարյալ եղանակով, այժմ էլ բանակում զբաղված էին նույնպիսի աշխատությամբ: Նրանք կառուցանում էին փայտե շարժական աշտարակներ կամ եռահարկ մարտկոցներ, որոնց պետք է մոտեցնեին քաղաքի պարիսպներին` նրանց քանդելու կամ այդ մարտկոցներից քաղաքը զորք մտցնելու համար:

Բայց որովհետև մեքենաները պարսպին մոտեցնելն արգելում էր լայն ու խոր խրամը, որին մի քանի տեղ լցնելու համար դեռ կարիք կար ժամանակի, ուստի, թագավորը հրամայեց առաջին հարձակումն առանց մեքենաների սկսել:

Այդպես էլ արին: Եվ որպեսզի պաշարյալների զորությունը ցրեն, հայերը հարձակվեցան քաղաքի ամեն կողմերից: Այնպես որ հագարացիք, բոլոր շրջապատի հետ կռվելու համար, ստիպված էին մարտկոցների պաշտպանությունը կիսով չափ նվազեցնել:

Հայերը, որ հայտնի էին իբրև ընտիր նետաձիգներ` սկսան իրանց տարափը նախ ասպարափակ շարքերի ետևից տեղալ, ապա հետզհետե պարիսպներին մոտենալով սկսան վանել դիմադիր հագարացիներին: Վերջիններս, սակայն, հզորապես կռվում էին այն խմբերի հետ, որոնք կամենում էին սանդուղքներ մոտեցնել պարիսպին: Բացի կարթավոր երկաթյա ձողերից, որոնք մահ էին սպառնում սանդղքավոր զորականին, նրանց նետերն էլ քիչ չէին նեղում հարձակվող հայերին:

Այդպիսի մի զորեղ դիմամարտ բռնկել էր Դվնո ավագ դռան առաջ, ուր մի քանի մարտկոցներ պաշտպանում էին թե՛ երկաթյա դուռը և թե՛ կրկնապարիսպը: Այդ մարտկոցները գրավելուց ետ հեշտ էր առաջին պարիսպը փլել, որով քաղաքի պաշտպանությունը կարի կթուլանար: Այդ պատճառով քաջերի մի հզոր խումբ գործում էր այստեղ:

Բայց մարտկոցների բարձրից տեղացած տարափը և նամանավանդ դյուրավառ նյութերի հրահոսանը թույլ չէին տալիս հայերին սանդուղքներ մոտեցնել: Այդ պատճառով հարձակվողներին օգնության հասան հրձիգ գնդերը: Նրանք գլխներին վահաններ բռնած և խռվի ու խոտի խրձիկներ գրկած` արագ-արագ անցան խրամի վրայից և պարիսպներին մոտենալով կրակեցին խուրձերը մարտկոցների առաջ: Դրանց հետևեցին փայտակիրները, որոնք մի քանի վայրկենում ահագին քանակությամբ փայտ ու խռիվ դիզելով կրակված խուրձերի վրա, մեծ հրդեհ բորբոքեցին թե՛ պարիսպների տակ և թե՛ մարտկոցների առաջ:

Բոցածավալ կրակի ջերմությունն ու ծուխը վանեցին մարտկոցների վրայից արաբացի զինվորներին: Այն ժամանակ հրդեհից ազատ անջրպետներում հայերն անմիջապես սանդուղքներ դրին և սկսան բարձրանալ պատնեշների վրա և այդտեղից էլ մտնել մարտկոցները:

Արաբացիք այդ տեսնելով` սաստկապես հարձակվեցան խիզախողների դեմ. բայց վերջիններին շարունակ հետևում էին ուրիշ խմբեր: Չնայելով որ կրակի ջերմությունն ու ծուխը խեղդում էր մարդկանց, այսուամենայնիվ մարտկոցների վրա տեղի ունեցավ կատաղի ընդհարում: Հայերն ու արաբացիք կռվում էին ինչպես վագրերի ոհմակներ, մի կողմից հանդուգն հարձակումը, մյուս կողմից հուսահատ ընդդիմությունը` կռիվը դարձրել էին զարհուրելի, սրեր էին, որ հարվածում էին, նիզակներ` որ շամփրում էին, վահաններ` որ ջախջախվում էին և դիակներ` որոնք աշնան տերևների պես մարտկոցների բարձունքից թափթփում էին աջ ու ձախ: Եվ սակայն քաջերը քաջերի պատահելով` երկու կողմերն էլ մնում էին անպարտելի:

Բայց որովհետև ընդհարման կետերում արաբացիք հետզհետե նվազում էին և հայերը, ընդհակառակը, բազմանում, այդ պատճառով առաջինները վերջ ի վերջո նահանջեցին: Հայերը տիրեցին հառաջապահ մարտկոցներին և անցան կրկնապարիսպը: Այդտեղ խռնվող հայերի և անջրպետը պաշտպանող արաբացիների մեջ դարձյալ փոթորկեց ընդհարումն: Երկու կողմից էլ կոտորած եղավ, բայց որովհետև հագարացիք նոր օգնություն չստացան, ուստի այստեղ էլ նրանք պարտություն կրեցին: Հայերը գրավեցին կրկնապարիսպի տարածությունը և սկսան քանդել նրա պատվարները և հետզհետե լցնել խրամի մեջ:

Այս անսպաս հաջողությունը, որ ուրախություն պատճառեց թե՛ թագավորին և թե՛ դաշնակիցներին, ստիպեց նաև Մարզպետունուն գոհ լինել տարած հաղթությամբ և զորքի ուժը խնայելու համար` հարձակումը դադարեցնել:

Զորքի մեծ մասը վերադարձավ բանակ, իսկ մյուսը դեռ աշխատում էր կրկնապարսպի վրա: Երեկոյան դեմ բավական մեծ տարածություն նրանք փլել, հատակել էին և դրա հետ միասին խրամը լցրել, այնպես որ հետևյալ օրը հայերը կարող էին մոտեցնել ներքնապարիսպին ոչ միայն մեքենաները, այլև փայտակերտ մարտկոցները:

Բայց որովհետև հայերի ունեցած կորուստն էլ աննշան չէր, ուստի արքայի հրամանով երկրորդ հարձակումը մի քանի օր ուշացրին: Այդ բոլոր ժամանակ փայտահարները զբաղված էին Դվնո անտառում ծառեր կտրելով, խռիվ պատրաստելով, որոնց մի մասը բերում լցնում էին խրամի մեջ, որպեսզի, որքան կարելի էր, մեծ տարածություն ծածկեն ու հատակեն, իսկ մյուսը դիզում էին պարիսպների առաջ, որպեսզի ժամանակին հրդեհեն նրան:

Մի քանի օր անցնելուց ետ` թագավորն ու իշխանները որոշեցին երկրորդ հարձակումն սկսել: Դրա համար վաղ առավոտվանից սկսան առաջ վարել պարսպահար մեքենաները: Խոյերն ու էշ կոչվածները, որոնցով զբաղվում էին ավելի քիչ մարդիկ և որոնցով միայն խրամատներ պիտի բացվեր, մոտեցնում էին պարիսպներին: Ծանրաշարժ բաբանները, որոնց սպասավորում էին հարյուրավոր հոգիք և որոնցով ահագին ռումբեր էին նետում պատվարները փլցնելու համար, կանգնեցնում էին աշտարակների առաջ: Թեթև բաղիստրները, որոնք խոյերի ու բաբանների նման պատսպարաններ չունեին, և որոնցով երկարաբուն նետեր կամ սվիններ պիտի արձակեին, շարում էին պարիսպներից բավական հեռու, որպեսզի պարիսպից տեղացող նետերը չհասնեին նրանց: Իսկ փայտակերտ մարտկոցները, որոնց թիվը շատ չէր, բայց որոնք իրանց հզոր կազմությամբ ամենաապահով պատնեշներն էին պաշարողների համար, կանգնեցնում էին բուրգերի հանդեպ, որտեղից կարող էին կամուրջներ ձգել դեպի այդ բուրգերը, զորքեր փոխադրել նրանց վրա և կամ ներքին հարկում հարմարեցրած խոյերով բուրգերը խրամատել: Այդ մարտկոցներն առաջանում էին ճռնչալով ու դանդաղելով, թեթևներն անիվների վրա, իսկ ծանրաշարժները գլանների օգնությամբ:

Следующая страница