Մուրացան՝   Գևորգ Մարզպետունի

Շատ բարի, Մեծազօր Թագավոր, մենք ուրեմն կընդառաջենք քեզ ավելի պատվով մեր մայրաքաղաքը տանելու համար, — պատասխանեց Գոռը հեգնությամբ և դուրս գալով թագավորի վրանից, ժողովեց իսկույն յուր մարդիկը և վերադարձավ Վանանդ:

Ներկայանալով Արքային` նա հադորդեց նրան Ափխազաց թագավորի պատասխանը, ընդսմին և պատմելով յուր առաքելության մանրամասնությունները:

Երբ թագավորը տեղեկացավ, նաև, Գոռ իշխանի տված պատասխանի մասին, ուրախությամբ բացականչեց.

Կեցցե՛ս, իմ քաջ, դու պատասխանել ես նրան այնպես, ինչպես որ վայել է Հայոց արքայի պատգամավորին և քաջ Սպարապետի որդուն: Մենք ուրեմն կդիմավորենք այդ գոռոզ թագավորին, և եթե Աստված հաջողե, կսովորեցնենք նրան Հայոց եկեղեցին վրաց ծեսով օծելու եղանակը:

Այնուհետև, թագավորը հայտնեց Սպարապետին յուր կամքը, որ էր ճանապարհվել շուտով դեպի Գուգարք և թույլ չտալ Բերին առաջանալ մինչև Վանանդ:

Մարզպետունի իշխանը, որ մինչև որդու վերադարձն արդեն կազմել ու պատրաստել էր զորքը, երբ իմացավ Գոռից, որ Ափխազաց հետ միացած են նաև մի քանի Կովկասային ցեղեր, սուրհանդակ ուղարկեց Սյունյաց իշխաններին` շտապել իրանց զորքով դեպի Գուգարք: Իսկ ինքը յուր բանակը չորս զորավոր մասի բաժանելով` առաջինը հանձնեց Աշոտ Արքայորդուն, որ արդեն չափահաս երիտասարդ էր և ռազմական կրթություն ստացել էր իրանից, երկրորդը հանձնեց Գոռին. երրորդը` Վահրամ Սեպուհին, որ դեռ չէր դադարել ծերունի Սպարապետի համհարզը լինելուց, թեպետ տարիքով պակաս չէր նրանից, իսկ չորրորդին առաջնորդ եղավ ինքը:

Աբաս թագավորը, չկամենալով միայնակ թողնել Սպարապետին, ինքը ևս միացավ նրա հետ` յուր Ոստանիկ զորախմբով:

Սակայն Ափխազաց թագավորը, չնայելով յուր սպառնական պատասխանին և ունեցած զորությանը, մի քայլ անգամ չէր առաջացել դեպի հարավ:

Նա դեռ բանակված էր Արտահանում: Եվ որովհետև իմացել էր, որ Հայոց զորքերը ժողովվում են Վանանդ, ուստի չէր վստահանում նույնիսկ Կուրն անցնել, որպեսզի հանկարծ ընդդիմության չհանդիպի: Նա սպասում էր դեռ տեսնել հակառակորդին, ծանոթանալ նրա զորության հետ և այնուհետև միայն յուր զորքերի շարժման եղանակը որոշել:

Մի քանի օրից հետ Հայոց բանակը մտավ Արտահան և սկսավ առաջանալ դեպի հյուսիս և հասնելով Ափխազաց գնդերին, բանակ դրավ նրանց հանդեպ, Կուր գետի ձախ ափին:

Գևորգ Սպարապետը թեպետ ծեր էր և Արքունիքում վարած խաղաղ կյանքի օրերում` զգում էր իրան ուժազուրկ, սակայն թշնամի Ափխազների բանակը տեսնելուն պես, կարծես նորեն երիտասարդացավ, նոր ոգի ու եռանդ ստացավ: Մի քանի ժամ հանգիստ առնելուց և զորքին էլ հանգիստ տալուց հետ, նա աշտանակեց յուր նժույգը և ոտի հանելով զորքը, սկսավ նրա կազմվածը կարգավորել: Որովհետև կասկածում էր, թե գուցե Ափխազցիք անակնկալ հարձակում անեն իրանց վրա, հուսալով, թե այդպիսով կշփոթեն Հայոց հոգնած բանակը:

Այն մարդը, որ վերջին ժամանակները` միայն երդումից ազատվելու և Գառնո մեջ թաղվելու վրա էր մտածում, հանկարծ մոռացավ ամեն բան, երբ հայրենիքի տոհմական թշնամու բանակը տեսավ: Նրան թվում էր թե` մահմեդական հագարացիներից ավելի գարշելի են քրիստոնյա դրացիները, որոնք ագահության և անարգ շահասիրության պատճառով չէին խղճահարվում խաղաղակյաց մի ժողովրդի, կրոնակից մի դրացու անդորրությունը խանգարել, որոնք գալիս էին ավեր ու ապականություն սփռելու մի ազգի մեջ, որ յուր բյուրավոր նահատակների արյամբ գնել էր Արևելյան եկեղեցու փրկությունը և որի որդվոց անձնվիրությանն էին պարտական դրանք իրանց երկրների խաղաղությունը:

Վրեժխնդրության ոգին ծնունդ առավ այդ ծերունու մեջ, և նա ինքն իրան երդվեց. «Կա՛մ մեռնել այդտեղ, կա՛մ վերջնականապես ջախջախել այս հինավուրց թշնամուն...»:

Եվ նա իզուր չէր այդ երդումը երդվում, նա զգում էր այդ վայրկենին, որ տարիքը իրանից ոչինչ չի պակսեցրել, որ նա այժմ էլ կարող է այնպես սուր շարժել, ինչպես առաջ, կամ նիզակով շամփրել նույնքան շեշտակի, որքան և յուր երեսնամյա հասակում: Եվ իրավ, այն միջոցին, որ նա կրակոտ նժույգի վրա նստած արշավում էր աջ ու ձախ և հրամաններ տալիս զորքին, նա կայտառ էր և աշխուժոտ, ինչպես մի երիտասարդ: Սպիտակ մազերն ու ալեզարդ մորուքը ոչ միայն չէին նվազեցնում սպարապետական արժանիքը, այլև կրկնապատկում էին, տալով նրա դեմքին մի առանձին վեհություն, իսկ զեն ու զարդին` ասպետական շուք: Երբ նա հրաման էր տալիս զորքին, նրա ձայնը դարձյալ որոտում էր ինչպես տասնյակ տարիներ առաջ, իսկ զորականն այդ ձայնին հնազանդվում էր կուրորեն, որովհետև նա ոչ թե սիրում, այլ պաշտում էր յուր հինավուրց զորապետին:

Առաջին օրը ևեթ Սպարապետն ու զորավարները ժողովվեցան թագավորի մոտ խորհուրդ անելու, թե ե՞րբ և ի՞նչ եղանակով սկսեն պատերազմը:

Մարզպետունի իշխանը, իբրև ամենից փորձառուն, խորհուրդ տվավ հարձակումն անել հենց այդ միևնույն գիշերը, կամ գոնե, լուսաբացին:

Այդ կարևոր է նրա համար, — ասում էր իշխանը, — որ Ափխազցիք հուսալով, թե մենք դեռ հոգնած ենք, և, հետևապես, խույս պիտի տանք ընդհարվելուց, անպատրաստ և անկարող կլինին մեզ դիմադրելու:

Այդ միջոցը, գիտեմ, ամենահարմարն է թե թշնամուն շփոթելու և թե քիչ կորուստով հաղթություն ձեռք բերելու,-խոսեց թագավորը. — բայց ինչպե՞ս կարող ենք մեր հոգնած բանակը Կուր գետից անցցնել, քանի որ դրա համար պատրաստություն չունինք:

Այստեղ Կուր գետը խորություն չունի,-պատասխանեց Մարզպետունին, — որովհետև սա առաջին վտակն է, որ իջնում է Կարսա լեռներից: Այրուձին հեշտությամբ կարող է անցնել, իսկ հետևակները ափից միայն պիտի օգնեն:

Ո՞վ պիտի առաջնորդե այրուձին, — հարցրեց թագավորը:

Ես և Վահրամ սեպուհը, իսկ Արքայորդին և Գոռը կգործեն Արքայի հրամանատարության ներքո, — պատասխանեց Սպարապետը:

Թագավորը հարգելով իշխանի առաջարկությունը, համաձայնվեցավ նրա հետ, միայն պայմանով, որ հարձակումն անեն ո՛չ թե գիշերը, այլ լուսաբացին, որպեսզի հետևակների աշխատությունը ևս, որ նետաձգություն պիտի լիներ, օգուտ բերե հեծյալներին:

Առավոտյան պահուն, երբ Արուսյակը նոր էր բարձրանում երկնակամարի վրա, իսկ լուսո ելքը դեռ որոշ չէր երևում, Հայոց բանակը ոչ միայն ոտքի վրա էր, այլև պատրաստվել էր հարձակումն սկսելու:

Արքայորդին ու Գոռը իրանց հատուկ գնդերը կանգնեցրել էին Կուր գետի ուղղությամբ` բանակատեղից մի ասպարեզ հեռու, այնպես որ գտնվում էին ափխազցիների հանդեպ և այդ կողմից էլ սպասում էին Սպարապետի կողմից տրվելիք նշանին:

Իսկ Գևորգ Մարզպետունին, վերցնելով յուր հետ հեծելազորը, անցել էր Կուրի հանդիպակաց ափը: Եվ որպեսզի յուր անցքը ափխազցիներից չնշմարվի, նա հեռացել էր բանակից մի քանի փարսախ և շրջան անելով` գետն անցել:

Երբ Արևելքն սկսավ շառագունել, Սպարապետը հրամայեց զորքին` արագացնել յուր ընթացքը:

Այդ ժամանակ Ափխազաց բանակում հանգստություն էր տիրում: Թագավորն ու իշխանները դեռ քնած էին, իսկ զորքի մեծ մասը վրաններում փակված: Երբ լույսը բացվեցավ այնքան, որ կարելի էր գետի մյուս ափը նշմարել, պահակները տեսան, որ հայոց գնդերը շարեշար կանգնած են իրանց հանդեպ: Այս մասին նրանք տեղեկացրին գնդապետներին, որից և իսկույն խլրտում ընկավ ափխազցիների մեջ: Վերջիններս, արդարև, մտադիր էին այդ օրն ևեթ իրանց հարձակումն սկսել, բայց այդքան վաղ կռվելու վրա նրանք չէին մտածել: Զորապետը երկյուղ կրելով դարանակալ հարձակումից, հրամայեց զորքին զենքի դիմել իսկույն:

Բայց նրանք դեռ այդ պատրաստության մեջ էին, երբ Հայոց հեծելազորը, ինչպես հանկարծահաս մի փոթորիկ, որոտաձայն աղաղակով ընկավ նրանց վրա:

Ափխազցիք շփոթվելով դուրս թափվեցան վրաններից, խառնվեցան իրար և աշխատում էին ճակատ կազմել, բայց իզուր: Նրանցից շատերը դեռ անզեն էին, ոմանք կիսամերկ և քիչերը միայն զինավառյալ: Բացի այդ, զորքերի մի մասը խմբվում էր, իսկ մյուսը ցրվում, ըստ որում հայերը հարվածում էին սաստկությամբ` թույլ չտալով, որ նրանք միանան իրար հետ: Վրա հասնող իշխանների և մանավանդ զորապետների ձայներն ու խրախույսը ոգի տվին մի փոքր շփոթված զորականին և նրանք կարգի գալով` ճակատ կազմեցին: Հետզհետե հասան և նոր զինված խմբեր, որոնք միացան առաջիններին և սկսան քաջաբար դիմադրել հայերին: Այսուամենայնիվ, վերջինների թափն այնքան զորավոր էր, որ ափխազցիք, չնայելով, որ կռվում էին հերոսաբար, բանակատեղը պաշտպանել չկարողացան: Հայերը նրանց դուրս քշեցին պատնեշներից և կռիվը բորբոքեցին բաց դաշտի վրա:

Այդ ժամանակ ահա երևաց Բեր թագավորը` շրջապատված հսկայակերպ թիկնապահներով և սկսավ խրախույս կարդալ յուր զորականին: Վերջինս թեպետ բավական վերջոտնել էր, սակայն ոգի առավ թագավորի ձայնից և սկսավ նոր ուժով խիզախել թշնամու դեմ:

Բայց որովհետև հայերը մղել էին նրանց դեպի Կուրի ափը, որպեսզի իրանց նետաձիգներին մոտեցնեն, ուստի հենց այդ վայրկենին էլ հայ հետևակները սկսան իրենց նետերը տեղալ և այն` այնպես սաստիկ, որ ափխազցիք մի վայրկյան մնացին շվարած: Նրանք չգիտեին հեծելազորի՞ հետ կռվեն, թե՞ նետաձիգների դեմ պաշտպանվեն, որոնք ժամանակ չէին տալիս իրանց, մինչև անգամ, վահանափակ կազմելու:

Վերջապես, չնայելով իրանց հերոսական դիմադրության, ափխազցիք տեսան, որ չպիտի կարողանան հետ մղել հայերին, և մանավանդ թե` երկար դիմադրել երկու կողմի հարձակման, ուստի ձգեցին ճակատը և սկսան փախչել: Ոչ թագավորի հրամանները և ոչ զորապետի խրախույսը այլևս չկարացին հետ դարձնել զորականին, որին հալածում էր թշնամու բերած սարսափը:

Հայերն աղաղակելով ընկան նրանց ետևից: Այդ տեսնելով մյուս ափի հետևակները, խուժեցին դեպի գետի ծանծաղուտը, որի ջուրը նվազ էր և հանդիպակաց ափը ելնելով սկսան իրանք ևս հալածել փախչողներին:

Թշնամուն բավական հեռու քշելուց և նրա գնդերը ցիրուցան անելուց հետո` հայերը վերադարձան, ժողովելով ափխազցիների կապուտն ու կողոպուտը և հաղթանակով իրանց բանակը մտան:

Նույն օրը Սպարապետը սուրհանդակ ղրկեց Սյունիք, որպեսզի այս հաղթության լուրը Սիսական իշխաններին հաղորդելով` միևնույն ժամանակ հայտնե նրանց` զորքերն իզուր տեղը չհանել Սյունիքից: Բայց սուրհանդակն այդ զորքերին հանդիպեց ճանապարհի վրա, հենց Արտահանի սահմանի մոտ: Սահակ և Բաբգեն իշխանները, որոնք իրանց երախտապարտ էին համարում Աբաս թագավորին, ցանկացան ներկայանալ նրան և անձամբ շնորհավորել յուր հաղթությունը:

Այդ պատճառով նրանք առաջացան դեպի Արտահան` իրանց հետ բերելով նաև իրանց զորքերը:

Արքայական բանակը, որն արդեն ուրախության մեջ էր, Սիսական իշխանների և նրանց գնդերի գալստյամբ ավելի ուրախացավ: Երկու օր շարունակ տոն էին կատարում նրանք, խրախճություններ էին անում և իրանք իրանց տվել էին զվարճության, չկասկածելով բնավ թե ափխազցիք կարող են վերադառնալ կամ անակնկալ հարձակումն անել իրանց վրա:

Բայց հենց առավոտյան միևնույն պահուն, որ հայերը հարձակվել էին իրանց հակառակորդների վրա, հասան ափխազցիք:

Բեր թագավորը, որ չէր կարողացել տանել յուր պարտության անարգանքը, նորեն համախմբել էր զորքը, գեղեցկապես զինավառել նրան և բերել հաղթողների դեմ: Գիշերանց Կուր գետն անցնելով` նրանք մոտեցան հայերին հենց առավոտյան աղոթքի ժամանակ: Եվ եթե լռությամբ հարձակվեին նրանց վրա` մեծ կոտորած պիտի անեին: Բայց Ափխազաց թագավորը կամենալով սարափահար անել թշնամուն, հրամայեց հարձակվել` փողեր հնչեցնելով:

Այդ անակնկալ ձայները, արդարև, թունդ հանեցին հայ զորաց սրտերը, որովհետև անպատրաստ էին. բայց միևնույն ժամանակ զգուշացրին նրանց` չելնել վրաններից առանց զենքերի:

Զորավարները, սակայն, դուրս վազեցին մի ակնթարթում և պահակախմբե րի գլուխն անցնելով` դիմեցին դեպի պատնիշապատը` թշնամու առաջն առնելու համար: Իսկ Սպարապետը յուր նժույգն աշտանակելով` սլացավ դեպի հեծելազորը, հետևակախմբերը և առանց շփոթվելու` սկսավ կարգի բերել նրանց, խրախուսել խուճապող զորականին և արգելել խռնվողների շփոթությունը:

Մինչ այս, մինչ այն, ափխազցիները բանակետղը փակեցին և բարձրագոչ աղաղակով սկսան զեռալ այս ու այն կողմը: Նրանց մի մասը ելավ ցցապատ պատնեշների վրա և սկսավ այդտեղից վանել պահակներին, իսկ մյուսը` շրջապատեց վրանների հրապարակը:

Հայերը թեպետ արդեն զինավառ` բայց փակված էին թշնամիներով, այսուամենայնիվ Սպարապետի խրախույսը առաջ մղեց նրանց և մի քանի կետերի վրա սկսավ կատաղի զիմամարտ: Ափխազցիները մտածել էին զինաթափ անել հայերին. և հենց այդ պատճառով աշխատում էին շարունակ հետ մղել նրանց դեպի վրանները: Հայերը, ընդհակառակը, ջանք էին անում Ափխազաց գնդերը ճեղքելու: Այս պատճառով ընդհարումը գնալով սաստկացավ և երկու կողմերն սկսան կռվել սաստկությամբ, առանց մինը մյուսին մի քայլ տեղի տալու:

Աբաս թագավորը, որ վստահ էր Սպարապետի փորձառության վրա և րոպե առ րոպե սպասում էր թե` պիտի հաջողե նա թշնամու շղթան պատառելու և նրան դեպի դաշտը վանելու, տեսավ, որ ափխազցիք հետզհետե զորանում են, իսկ հայերը, ընդհակառակն, հետ մղվում դեպի վրանները, շտապեց, զրահն ու զենքերը հագավ, ամեհի նժույգն աշտանակեց և փայլուն սուրը մերկանալով` դիմեց դեպի թշնամին.

Օ՛ն, հառա՛ջ, քաջերս, — որոտաց նա և Արքայի ձայնը ցնցեց հայերին: Մարտիկները, տեսնելով որ թագավորն ինքը աջակցում է իրանց, կռվելով հասարակ զորականի շարքում, նոր ոգի առան և ուժգին թափով ընկան թշնամիների վրա: Թագավորի սուրը ճանապարհ բացավ նրանց համար և Ափխազաց քաջերը հետ մղվեցան մի վայրկյան:

Բայց որովհետև ընդհարումը կենտրոնացած էր բանակատեղում, ուր հայերը շարժվելու ազատություն չունեին, ուստի հույս էլ չկար, թե նրանք կարող են դուրս վանել թշնամուն: Բայց մի հանգամանք հաջողեց նրանց գործը:

Սիսական իշխանները, որոնք իրանց զորքերով բանակած էին մի ասպարեզ հեռու` իմանալով ափխազցիների անակնկալ վերադարձը և Արքայական բանակի վրա արած հարձակումը, պատրաստեցին իսկույն իրենց զորքերը և երկու մասի բաժանելով նրանց, ընկան թշնամու վրա երկու հակառակ կողմերից և սկսան սաստկապես հարվածել նրանց:

Ափխազցիք ստիպվեցան կռվել նոր ուժերի դեմ և այն` իրանց միությունը մի քանի տեղ բաժանելով: Այդ պատճառ եղավ, որ զանազան կետերում նրանք սկսան վերջոտնել: Եվ, ապա, հետզհետե դուրս մղվեցան դեպի դաշտը: Այդպիսով հաջողության աստղը Հայոց կողմը թեքվեցավ, և, նրանք ուժգին թափով ընկան հակառակորդների վրա: Կռիվը բորբոքվեցավ ընդարձակ դաշտում և հետզհետե կատաղի կերպարանք առավ: Երկու կողմերն էլ խիզախում էին քաջությամբ, որովհետև յուրաքանչյուր կողմից կռվում էր մի թագավոր, իսկ նրան հետևում էին քաջ զորավարներ, որոնք շարունակ գոչելով ու խրախուսելով` իրանք էլ կռվի դաշտում պտրում էին հակառակորդներ:

Բայց ուժգին ընդհարումը մեծ կոտորած պիտի աներ և հաղթությունը երկար անորոշ պիտի մնար, եթե Հայոց Սպարապետը` յուր զորքի ճակատագիրը որոշելու համար, հին պարթևական հնարագիտության չդիմեր: Նա հրամայեց Գոռին և Արքայորդուն փախուստ տալ նրանց նետաձիգ գնդերով և հրապուրել ափխազցիներին իրանց հետևելու:

Գոռն ու Արքայորդին հնչեցնել տվին փախուստի պայմանական փողը և հայոց նետաձիգ գնդերն սկսան արագությամբ փախչել:

Ափխազաց հեծելազորը հաղթական աղաղակով ընկավ նրանց ետևից և բուն բանակից բաժանվելով` սկսավ հալածել փախչող հայերին:

Այն ժամանակ կռվող Հայերն ընկան մնացորդ ափխազցիների վրա և ուժգին թափով հետ մղեցին նրանց դեպի Կուրի ափը:

Իսկ փախչող հայ գնդերը երբ տեսան, թե հետամուտներին բաժանել են բանակից և բավական հեռացել, հետ դարձան մի ակնթարթում և սկսան նետերի տարափ տեղալ նրանց վրա:

Այս հնարը, որին վաղուց վարժված էին Հայերը, շվարեցրին Ափխազցիներին: Նրանք տեսան, որ չարաչար խաբվել են: Եվ որովհետև ոչ նետերի դեմ կարող էին գնալ և ոչ էլ նորեն իրանց բանակը դառնալ, ըստ որում հայերը փակել էին ճանապարհը, այդ պատճառով ազատության միակ ելքը փախուստի մեջ գտան:

Միևնույն ձևով սկսան վերջոտնել նաև գետափում կռվողները, կամենալով իրանց ուժերը ժողովել մյուս ափի վրա: Այդ պատճառով նրանք ճակատը ձգելով գունդագունդ դեպի գետը խուժեցին: Բայց հայերը նրանց միջոց չտվին փախչելու:

Շարունակելով իրանց ջարդը, նրանք հետամուտ եղան Ափխազներին` նույնիսկ մինչև գետի ալիքները և սրից ազատվածներնին սկսան խեղդել ջրերի մեջ: Գետափը դիակներով ծածկվեցավ, իսկ Կուրի ջուրը արյան գույն առավ:

Բեր թագավորը, որ դեռ մի խումբ քաջերի գլուխ անցած կռվում էր կատաղությամբ, տեսնելով յուր զորքի տկարանալն ու վերջոտնելը, ինքը ևս որոշեց փախուստ տալ ճակատից, որովհետև համառելն այլևս անօգուտ էր. բայց նրան շրջապատեց Վահրամ սեպուհի գունդը:

Տեսնելով սպառնացող վտանգը, Բերը մռնչաց ինչպես առյուծ և ահագին սուրը տատանելով` սկսավ հարվածել աջ ու ձախ և ճանապարհ բանալ յուր համար: Նրան հետևեցին յուր հուժկու թիկնապահները: Բայց շրջապատողները վանանդացիք էին, հսկայակերպ ու կատաղի, իսկ նրանց հրամայողը` Վահրամ սեպուհը, այդ պատճառով Բերը հառաչել չկարողացավ:

Սկսավ կատաղի դիմամարտ: Սրերը փայլում և հարվածում էին, նիզակները ճոճում ու շամփրում, ընկած քաջերին հաջորդում էին քաջագույնները. և սակայն Ափխազաց թագավորը դեռ կանգուն էր իբրև քարաժայռ: Փոքր մի ևս և նա պիտի պատառեր վանանդացիների շղթան... Բայց հենց այդ միջոցին որոտընդոստ թափով վրա իջավ Վահրամ Սեպուհի լախտը և հսկա թագավորին ամեհի ձիու վրայից գլորեց գետին:

Բերը նորից վեր թռավ, փորձ փորձեց յուր նժույգն աշտանակել, բայց շրջապատող քաջերը բռնեցին նրան, կապտեցին ահավոր սուրը և քաշ տվին իրան դեպի վրանափակը: Նրա բախտին հանդիպեցին նաև նրա թիկնապահները:

Թագավորի գերվիլն իբրև շանթ հարվածեց մնացորդ ափխազցիներին: Առանց այլևս հապաղելու կամ դիմադրել փորձելու, ձգեցին նրանք կռվի ճակատը և ցրվեցան աջ ու ձախ, աշխատելով մի վայրկյան առաջ ազատել իրանց կյանքը վրեժխնդիր թշնամու սրից:

Այսուամենայնիվ հայերը հալածեցին փախչողներին և նրանցից շատերին անխնա կոտորեցին, ըստ որում հավատում էին թե` որքան քիչ լինի թշնամիների թիվը, այնքան ավելի հանգիստ կլինի Հայրենիքը, ապա վերդառնալով ճակատի տեղը, նրանք ժողովեցին ընծաների կողոպուտը և ուրախ սրտով դեպի բանակատեղը դարձան:

Թ

ՎԵՐՋԻՆ ԹՇՆԱՄՈՒ ՎԱԽՃԱՆԸ

Հետևյալ առավոտ թագավորը զորահանդես արավ իմանալու համար թե` ի՞նչ գնով է ձեռք բերել յուր մեծ հաղթությունը, որի պսակն էր թշնամի թագավորի ձերբակալումը: Եվ նա տխրությամբ տեսավ, որ մի քանի ժամվա համառ ու կատաղի ընդհարումը կորզել է իրանից մոտ հինգ հարյուր զինվոր:

Եվ թեպետ թշնամու կորուստը քառապատիկ ավելի էր, բայց նա դրանով չմխիթարվեցավ, որովհետև ուրիշի զյանը չէր կարող յուր վնասը ծածկել:

Նա հրամայեց բերել յուր առաջ Ափխազաց թագավորին, որի պահպանության հսկում էին վանանդացիները:

Արքայական վրանի շուրջը գտնվող ընդարձակ դաշտի վրա` շարեշար կանգնած էին Հայոց զորքերը, որոնց թիվը հասնում էր մի քանի հազարի: Վրանի աջ կողմը բռնել էին Դրանիկները, իսկ ձախը` Ազատաց գունդը: Դրանց հետևում էին Սեպուհ կոչվածները ապա` Արարատյան, Բասենյան, Սիսական, Ուտիացի, Տայեցի և այլ գնդերը, որոնցից հետևակները` առաջին, իսկ հեծյալները` վերջին շարքերում. բոլորն էլ սպառազինված: Դրանցից ամեն մեկի առաջ կանգնած էր յուր գնդապետը զրահազգեստ և տոնական զեն ու զարդով:

Արքային, որ կանգնած էր վրանի առաջ, շրջապատել էին Սպարապետը, Արքայորդին, Վահրամ Սեպուհը, Սյունյաց իշխանները և Ոստանիկ թիկնապահները: Դրանք բոլորը սպասում էին գերի թագավորին, որի հետ պիտի խոսեր արքան:

Եվ ահա բանակի վերջում երևաց Գոռ իշխանը, որ նժույգի վրա նստած և սուսերամերկ առաջնորդում էր շղթայակապ թագավորին: Նրա հետ էին նաև յուր իշխանները, իսկ դրանց բոլորին շրջապատել էին նիզակավոր Վանանդացիք:

Գերի թագավորին անցկացրին զորքերի երկար շարքերից և բերին կանգնեցրին Արքայի առաջ:

Ողջո՛ւյն քեզ, Ափխազաց դյուցազն, — խոսեց Աբասը խաղաղ ձայնով:

Ողջո՛ւյն, քեռայր, — պատասխանեց Բերը, հպարտ նայվածքով:

Քեռա՞յր... մի՞թե այդ անունն ես տալիս ինձ, հարցրեց թագավորը:

Այո՛:

Բայց քեզ հետ խոսում է քեզ հաղթող թագավորը...

Նա իմ ժառանգության հափշտակիչն է, և ուրիշ ոչինչ, — ընդհատեց Բերը հանդգնորեն:

Կարծում էի թե` քո մեջ կգտնեմ մի ընկճված հոգի և զղջացող սիրտ,-նկատեց թագավորը ծանրությամբ. — կարծում էի թե` պիտի խոնարհիս և ներում խնդրես այն չարյաց համար, որ հասուցիր ինձ և այն վնասուն, որ պատճառեցիր թե՛ քո բանակին և թե՛ իմ զորքին, անիրավաբար և անխղճորեն կոտորել տալով հազարավոր հոգիք, որոնցից մինի` գեթ մի անդամը` դու ստեղծելու կարողություն չունիս... բայց դու տակավին անզեղջ ես և անդարձ և խոսում ես ինձ հետ նույն հանդուգն լեզվով, որով խոսել էիր իմ պատգամավորի հետ: Արդյոք ձանձրացե՞լ ես կյանքից և մա՞հ ես պտրում, թե՞ ում հետ խոսիլդ ես անգիտանում:

Կյանքից չէր կարող ձանձրանալ Ափխազիո թագավորը, որ իշխում էր ընդարձակ երկրների վրա, որ ուներ հարստություն, փառավոր ապարանքներ և գեղանի հարճեր... այդ պիտի գիտենա իմ քեռայրը: Իսկ թե ու՞մ հետ եմ խոսում, այդ էլ չեմ անգիտանում: Դու Հայոց Արքան ես, այո՛, և հաղթել ես Ափխազցիներին ու գերել նրանց քաջ թագավորին. այդ մեծ փառք է քեզ համար, խոստովանում եմ. բայց ես այդ փառքը չեմ կրկնապատկիլ` քո առաջ խոնարհելով և ներումն հայցելով: Շղթաները թող իմ ոտքերը կապեն, բայց իմ սեգ հոգին նվաճել չեն կարող: Ես քո թշնամիդ եմ և թշնամիդ էլ կմնամ. մի կարծիր թե անհաջողությունը կստիպե ինձ երբևիցե իմ գլուխը խոնարհելու:

Եթե այդպես է, ես ուրեմն կվարվեմ քեզ հետ ինչպես իմ թշնամու և ոչ աներձագի հետ. հպարտ եղիր այսուհետև, որքան կարող ես, բայց գիտցիր որ, այդ հպարտությունը չի պակասեցնիլ քո շղթաներից և ոչ մի օղակ և ոչ էլ իմ հարգանքը կավելացնե դեպի քեզ` իբրև դեպի ազատասեր մի թագավոր, ըստ որում ազատ հոգին չի բռնանալ ընկերոջ ազատության վրա: Բայց դու ոչ միայն այդ ձգտումն ունեցար, ոչ միայն իմ գավառները հափշտակեցիր և իմ ժողովրդի ազատությունը բռնաբարեցիր, այլև սպառնացիր` գալ և Հայոց եկեղեցին վրաց ծեսով օծել... Դու, ուրեմն ոչ թե ազատասեր թագավոր, այլ մի բռնավոր ես, և որ չարագույնն է` իմ գահի թշնամին: Իսկ աստված որովհետև հակառակ է բռնավորներին և կործանում է նրանց, ուստի քեզ էլ ահա մատնել է իմ ձեռքը: Ես կարող էի խնայել քեզ իբրև սոսկ բռնավորի. բայց իրավունք չունիմ խնայելու իբրև իմ հայրենիքի թշնամուն:

Այս ասելով` նա դիմեց Գոռին և հարեց.

Դու խոստացել էիր, իշխան, առաջնորդել Բեր թագավորին մինչև մեր արքայանիստը: Կատարիր ուրեմն խոստումդ, և թող այդ քաջը սովորեցնե մեզ այնտեղ` թե ինչպես պետք է Հայոց եկեղեցին վրաց ծեսով օծել:

Այս ասելով թագավորը դարձավ վրանը, առանց այլևս Բերի երեսին նայելու. իսկ վանանդացիները վերադարձրին գերիներին դեպի իրանց կայանը:

_______

Մի քանի օրից հետ արքայանիստ Կարսը տոնական կերպարանք առավ: Նրա բազմաթիվ շինությունները, իշխանական ապարանքները, սարավույթները և մինչև անգամ բուրգերն ու մարտկոցները զարդարվել էին գույնզգույն գորգերով, վառերով ու դրոշներով: Քաղաքի դռներից սկսած մինչև Արքայական ապարանքը` մի քանի տեղ կանգնացրել էին հաղթական կամարներ` դալար ոստերից հյուսած և ծաղիկներով ու նշաններով զարդարած: Փողոցների մեջ և հրապարակների շուրջը պատրաստել էին խարույկներ` գիշերային լուսավառության համար: Իսկ անցուդարձի ճանապարհները լցվել էին ժողովուրդով, շարժումը մեծացել էր, և շշուկն ու ժխորը տիրել ամեն տեղ: Տանիքների պատշգամբների և դեպի փողոցները բացվող պատուհանների վրա խռնվել էին կանայք ու աղջկերք, որոնք դրսում պտտվելու սովորություն չունեին և հետաքրքիր աչքերով ու անհամբերությամբ նայում էին դեպի հեռավոր շրջակաները:

Դրանք բոլորն էլ պատրաստվել էին մի փառավոր և հայ մարդու սրտին ուրախություն բերող դեպքի հանդիսատես լինելու: -Դա Աբաս Արքայի և յուր քաջերի զորաց հաղթական վերադարձն էր:

Կարսի ժողովրդյան մեծագույն մասը քաղաքից ելնելով` գունդագունդ դիմում էր դեպի Արքունական պողոտան` ժամ առաջ ողջունելու հաղթողների վերադարձը: Շատերն էլ խմբվել էին քաղաքից դուրս գտնվող պատնեշների շուրջը և կամ բարձրացել հանդիպակաց բլուրների վրա` անցնող զորահանդեսը ավելի լավ դիտելու համար:

Հայոց հաղթության և Ափխազաց թագավորի ու նրա իշխանների գերվելու լուրը հասել էր քաղաք երկու օր առաջ և ամենքին լցրել ուրախությամբ, ամենքի մեջ վառել հետաքրքրություն` մի վայրկյան առաջ տեսնելու այն ամբարտավան թագավորին, որ սպառնացել էր` մտնել Կարս և Արքայաշեն եկեղեցին վրաց ծեսով օծել:

Այժմ ահա նա գալիս էր: Պետք էր, ուրեմն, տեսնել թե ի՞նչ եղանակով է նա մտնում քաղաք, արդյո՞ք իբր թագավոր, թե՞ իբրև գերի... Պետք էր տեսնել թե` ի՞նչ պատկեր ունի նա, ի՞նչ հասակ, ի՞նչ դեմք, ի՞նչ հայացք... Չէ՞ որ այս ամենը ժողովրդի հետաքրքրությունը գրգռող բաներ էին:

Եվ ահա, վերջապես, լսվեցան գալարափողերի ձայները և երևաց հառաջապահ գնդերի դրոշակը: Ժողովուրդը, կարծես, մի աներևույթ զորությունից մղված` միահամուռ կերպով հորդան տվավ առաջ և ուրախության աղաղակներով օդը թնդացրեց: Հետզհետե երևացին և հետևակ խմբերը, ապա և հեծելազորը, որոնք տակավ առ տակավ հառաջանալով` Կարսի արևելյան դաշտահովիտը լցրին բազմամբոխ մարդկությամբ:

Քաղաքի սահմանին մոտենալուց ժողովուրդն արդեն զորախմբերը շրջապատեց, չկամենալով, կարծես, ճանապարհ տալ նրան: Երբ հառաջապահ գնդերն անցան և երևաց Արքունական դրոշակը, կեցցեների որոտընդոստ աղաղակն օդը թնդացրեց: Մի փոքր հետո երևաց և ինքը թագավորը, սեգ և վեհաշուք, հագած ոսկեփայլ զրահներ և ծածկված նույնպիսի սաղավարտով, որի ձյունաթույր ցցունքը ծածանում էր աջ ու ձախ և հովանավորում ոսկեձույլ արծվին, որ զարդարում էր նրա ճակատը: Նա նստած էր ոսկեսար նժույգի վրա և շրջապատված ազատախումբ թիկնապահներով, որոնց զրահներն ու ասպազենը փայլփլում էին արևի առաջ: Մոտենալով աջ ու ձախ ծովացած և հետզհետե աճող ժողովրդին, որ որոտաձայն կեցցեներով յուր գալուստն էր ողջունում, նա քաղցրահայաց ու սիրաժպիտ պատասխանում էր նրանց` գլխի շարժումով:

Թագավորից հետո գալիս էին Վանանդացի հետևակները, որոնք իրանց հետ բերում էին Բեր թագավորին և նրա իշխաններին, բոլորին էլ հետիոտն և շղթայակապ:

Ժողովուրդը նրանց տեսնելով ցնծության աղաղակ բարձրացրեց, իսկ ավելի եռանդոտներն սկսան ծաղրական բացականչություններ անել: Սակայն Սպարապետը, որ հետևում էր Վանանդացիներին, ձեռքի շարժումով սաստեց ժողովրդին, և անախորժ բացականչությունները լռեցին:

Երբ թագավորը ներս մտավ քաղաքի դռնով` հայ հոգևորականությունը դիմավորեց նրան եկեղեցական թափորով և առաջնորդեց մինչև Մայր եկեղեցին: Իսկ զորքերը հետզհետե ներս գալով` լցրին քաղաքի փողոցներն ու հրապարակները, հանդիպելով ամեն տեղ սրտագին ընդունելության, որ տղամարդիկ արտահայտում էին բարձրագոչ կեցցեներով և ցնծության աղաղակներով, իսկ կանայք` տների բարձունքից ծաղիկներ և կանաչ ոստեր ցրվելով:

Գուրգենդուխտ թագուհին սպասում էր թագավորին Մայր եկեղեցում: Նրան շրջապատել էին պալատական տիկնայք ու իշխանուհիները: Այդտեղ ամենքի սիրտն էլ ուրախ և երեսները ժպտում էր: Տխուր էր միայն թագուհին, որովհետև տեղի ունեցող հանդեսը, հայ ժողովրդի ողբերգությունը և դրսից լսվող ցնծության աղաղակները յուր հայրենի երկրին, յուր հարազատ եղբայրը հասած դժբախտության համար էր լինում: Ինչպե՞ս կարող էր նա այդ րոպեին ուրախանալ, քանի որ գիտեր թե յուր հայրենիքում ժողովուրդը սգում է:

Այսուամենայնիվ, իբրև Հայոց գահի թագուհի, նա պարտավոր էր ծածկել յուր տխրությունը, երևալ ժողովրդին... և եթե չուրախանար իսկ, չպիտի խանգարեր ուրիշների ուրախությունը: Եվ այդ ամենից ծանր դրությունն էր: Դշխոյական պարտավորությունը բռնանում էր նրա բնական զգացմունքների վրա, թագուհին հրամայում էր քրոջը` մոռանալ եղբոր դժբախտությունը և հրճվել ամուսնու և թագավորի տարած հաղթանակով... Եվ միայն կնոջ սիրտը, որին բնությունն ավելի ճկունություն է տվել, կարող էր տանել այդպիսի վիշտը` կամ ծածկել նրան ժպտի շողերով...

Երբ թագավորն Սպարապետի, արքայազն դրանիկների և հետևորդ իշխանների հետ մտավ եկեղեցի և հոգևորականաց դասը գոհաբանական մաղթանքը կատարեց, թագուհին մոտեցավ Արքային և շնորհավորեց նրան Հայոց բանակի հաղթությունը:

Թագավորը, որ խանդակաթ էր դեպի թագուհին, կարդաց նրա աչքերի մեջ հայտնի վշտից առաջացած տխրությունը և ասաց.

Վկա է աստված և այս սուրբ Եկեղեցին, որ Հայոց բանակը արդարությամբ է գործել: Բեր եղբայրդ սպառնում էր իմ գահին և Հայրենիքի ազատության, իսկ Հայոց քաջերը պաշտպանեցին այդ գանձերը, որովհետև իրանք ձեռք են բերել նրանց թանկ զոհաբերության գնով:

Նա՛, որ սպառնում էր քո գահին ու Հայրենիքին, չի կարող իմ եղբայրը լինել, — ասաց թագուհին հանդիսաբար:

Եվ եթե Աստված չարաչար պատժե նրան, դու չպիտի տխրես, — հարեց թագավորը, — որովհետև նա արդարությամբ է հատուցանում:

Այդ խոսքերը դող հանեցին թագուհու սիրտը. նա զգաց, որ մի ինչ որ նոր դժբախտություն պիտի հասնե եղբորը, սակայն շրջապատող պալատականների, իշխանների և իշխանուհիների ներկայությամբ չկարողացավ հարցնել ոչինչ:

Բայց երբ կարգապետից իմացավ, որ թագավորը յուր հետևորդներով ս. Առաքելոց եկեղեցին պիտի գնա, իսկ նրանք վերադառնան պալատ, կանչեց յուր մոտ Գոհար իշխանուհուն և շշնջալով ասաց նրան.

Իմացիր Սպարապետից, թե ո՞ւր թողեցին եղբորս...

Նա այստեղ քաղաքումն է, — պատասխանեց Գոհարը:

Գիտեմ, բայց որտե՞ղ է բանտարկված:

Ասում են, թե նրան ս. Առաքելոցն տարան:

Ս. Առաքելո՞ց և ինչո՞ւ համար, — հարցրեց թագուհին վախեցած:

Չգիտեմ...

Հարցրու ուրեմն Սպարապետին, իմացիր, ի՞նչ պիտի անեն նրան. Արքայի խոսքերը լավ բան չէին գուշակում... ես վախենում եմ. սիրտս ճմլվում է... Գնա՛, իշխանուհի, գնա՛ տեղեկացիր, եթե մի դժբախտ որոշում են արել, ապա պիտի աշխատենք արգելել...

Իսկույն, մեծափառ թագուհի, — ասաց իշխանուհին և դիմեց դեպի Գոռը` որպեսզի նրա միջոցով տեսնվի ամուսնու հետ:

Թագուհու և պալատական տիկնանց դեսպակներն արդեն հեռանում էին եկեղեցուց, երբ վերջապես Գոհար իշխանուհուն հաջողվեցավ տեսնվիլ Սպարապետի հետ:

Ո՞ւր տարան Բերին, իշխան և ի՞նչ են ուզում անել նրան, — հարցրեց տիկինը:

Ինչո՞ւ համար ես հարցնում, սիրելի իշխանուհի, — դարձավ Մարզպետունին կնոջը:

Կամենում եմ իմանալ...

Ուղարկեցինք ս. Առաքելոց եկեղեցին:

Բայց ինչո՞ւ համար:

Որպեսզի աղոթե այնտեղ:

Աստված իմ, դու կատա՞կ ես անում,-բացականչեց իշխանուհին:

Իսկ դո՞ւ:

Ես լրջորեն եմ հարցնում:

Եվ լավ բան չես անում, միթե չգիտե՞ս որ Մարզպետունի իշխանը` դեռ մինչև այսօր ոչ մի կին արարածի չի հայտնել այն, ինչ որ պիտի կատարեր...

Դու կարող ես հարցնել ինձ միայն կատարվածի մասին:

Բայց...

Հա, ի՞նչ կա, խոսի՛ր:

Թագուհին ինքն է կամենում այդ իմանալ:

Թագուհի՞ն... Օ, այդ չպետք է ինձ հայտնեիր, ես արդեն գուշակում էի: Բայց որ հայտնել ես, ես պարտավոր եմ մի բանով պատասխանել: Գնա՛, ուրեմն, և ասա նրան թե` պատերազմի դաշտում մենք կորցրել ենք հինգ հարյուր քաջարի զինվոր և նրանցից ոչ մեկի քույրը դեռ չի եկել և հարցրել ինձանից, թե ո՞ւր մնաց յուր եղբայրը և ի՞նչ արինք նրան:

Այս ասելով Սպարապետը շուռ եկավ և հեռացավ իշխանուհուց, առանց այլևս նոր հարցի սպասելու:

Գիտեի, գուշակում էի... Հո չենք կարող քրոջ սրտին հրամայել, որ զգալուց դադարե... շտապենք ուրեմն քանի կանանց խարդավանքը յուր գործը չէ սկսել, — շշնջաց ինքն իրան Սպարապետը և հետևելով թագավորան, որ եկեղեցուց ելնելով` աշտանակում էր երիվարը, ինքը ևս թռավ նժույգի վրա և առաջ անցավ:

Բայց ի՞նչ պիտի անեին նրանք ս. Առաքելոց եկեղեցում:

Следующая страница