Մուրացան՝   Գևորգ Մարզպետունի

Եվ հայրդ այդ բոլորը նկատում էր. ուստի և ինքն էլ աշխատում, որ Գարդմանա տունը հայոց մյուս իշխանական տներից ավելի գերազանց երևա Դվինում` թե՛ հարստության և թե՛ զորության կողմից: Այդ էր պատճառը, որ նա Գարդմանա հզոր բանակը յուր հետ միասին բերավ Ոստան: Գարդմանում միայն բերդապահ գնդերը մնացին:

Եվ, իրավ, Սեդա, Դվինում արքայավայել ընդունելություն արին մեզ: Ծնողներս ոչինչ չէին հայտնում, բայց ինձ թվում էր, թե արքայի մերձավորներին հայտնի է անշուշտ մի խորհուրդ մեր ապագա միության մասին: Աչքի էր ընկնում մանավանդ այն հանգամանքը, որ հայոց իշխանական ընտանիքներից միայն մեզ հարմար էին բնակության տեղ պատրաստել արքունական պալատում: Նույնիսկ վրաց Ատրներսեհ թագավորին կաթողիկոսարանում ընդունեցինք իսկ ափխազաց Գուրգեն իշխանին` Աբաս արքաեղբոր ապարանքում:

Երևի այդտեղից էլ սկսվեցավ կաթողիկոսի բարեկամությունը Ատրներսեհ թագավորի հետ:

Այո՛, ինչպես որ իմ տագր Աբասի բարեկամությունը` ափխազաց Գուրգեն իշխանի հետ: Բայց առաջինի բարեկամությունը գոնե վնաս չբերավ մեզ, մինչդեռ երկրորդը յուր ծանր հետևանքներն ունեցավ:

Միակ պատճառը դարձյալ մի աղջիկ: Եթե Աբաս արքաեղբայրը չամուսնանար Գուրգեն իշխանի դստեր հետ, ծանր հետևանքները տեղի չէին ունենալ:

Հարկավ. հայ աղջիկը գժտություն չէր գրգռիլ հարազատ եղբարց մեջ: Բայց մի ափխազուհու համար ինչ արժեք ուներ մեր երկրի խաղաղությունը: Բայց թողնենք այդ... ի՞նչ էի ասում:

Պատմում էիր, թե ձեզ ընդունեցին արքայի պալատում...

Այո՛, այնտեղ ընդունեցին: Չեմ կարող նկարագրել, թե ինչպիսի անձկությամբ էի փափագում տեսնել երիտասարդ թագավորին, ա՛յն դյուցազնին, որ այնքան կարճ ժամանակում ընկճեց, խորտակեց թշնամու զորությունը, մաքրեց երկիրը բռնավորներից, ազատեց ժողովուրդը ստրկությունից, գրավեց ու գերեց իշխանների սիրտը և նրանց բոլորին ոգևորեց, այնքան, որ միմյանց դեմ ունեցած ամեն գժտություն մոռանալով՝ եկան ժողովվեցան յուր շուրջը, արքայական թագով յուր արժանավոր գլուխը պսակելու: Առաջին անգամ, երբ պիտի ներկայանայինք իրան, սիրտս տրոփում էր ուրախությունից և երկյուղից: Ուրախ էի, որ վերջապես պիտի տեսնեմ այնքան ժամանակներից ի վեր ցանկացածս դյուցազնին և... վախենում էի, թե միգուցե նա անտարբերությամբ ընդունե ինձ... Օ՛, Սեդա, չգիտե՜ս, թե ո՛րքան հպարտ էի ես այն ժամանակ. ամոթից կարող էի մեռնել...

Եվ ինչո՞ւ, թագուհի, միթե արքայորդին կզլանա՞ր յուր իշխանազն հյուրերին պատշաճավոր հարգանք նվիրելու:

Բայց ես, Սեդա, չէի կամենում հասարակ հյուրերի կարգը դասվիլ. ես ուրիշ ընդունելություն էի սպասում նրանից. ինչո՞ւ, չգիտեմ, ես այնպես էի համոզված՝ թե անպատճառ նրա ապագա ամուսինը պիտի լինիմ... Հպարտ, հանդուգն միտք էր այս, այնպես չէ՞. բայց իմ երազներն իրականացան... Արքայական դահլճի ավագ դռան առաջ ընդունեց նա մեզ: Եվ հանկարծ, ի՞նչ պատահեց ինձ, գիտե՞սայժմ եմ միայն կարողանում պատճառը բացատրել… — երբ արքայորդուն տեսա կանգ առա մուտքից մի քանի քայլ հեռու. նա հորս հետ գրկախառնվեցավ, մորս ձեռքը համբուրեց, բայց ես չմոտեցա նրան. սպասեցի, որ ինքը հառաջեր դեպի ինձԻ՞նչ զգացում էր այս, Սեդա, կարո՞ղ ես բացատրել:

Ինձ թվում է, թե Գարդմանա Տան տոհմական հպարտության զգացում և ուրիշ ոչինչ:

Չէ, սխալվում ես. հոգիս երևի գուշակեց, որ նրա սիրտը, ուր կամենում էի մուտ գործել, գրավված է ուրիշի սիրովև այդ էր պատճառը, որ այդ պերճահասակ, վեհադեմ, դյուցազնոգի և քաջությամբ ու իմաստությամբ այնքան հառաջադեմ արքայազնի հանդիպումն ինձ չճնշեց: Սկզբում, ճշմարիտ է, իմ աչքերը գրավվեցան նրանով. մի քանի վայրկյան ես հափշտակված դիտեցի նրան, որովհետև ավելի գեղեցիկ և ավելի աննման էր, քան որքան նկարագրել էիր դու. բայց հենց որ յուր հայացքն ուղղեց ինձ, ես նորեն իմ նախկին հպարտ դիրքն ընդունեցի: Սակայն նա մոտեցավ ինձ սիրաժպիտ և քաղցրահայաց. ողջունեց այնքան հարգանոք և այնպես վայելչաբար, որ ես իսկույն զինաթափ եղաԵվ մենք, մայր Սեդա, համարձակվում ենք հպարտությունից խոսելԻ՞նչ. կի՞նը. մի՞թե կարող է նա հպարտ լինեի մի՞թե կարող է նա արժանապատվության զգացումով դյուցազնանալ: Մի քաղցր հայացք, մի անուշ ժպիտ` ա՛յն տղամարդու կողմից, որին յուր սրտի խորքում սիրում է կինը, և, ահա՛, ամեն բան վերջացավ. նա կդառնա այդ տղամարդու և՛ գերին, և՛ ստրուկըԱյնպես չէ՞, Սեդա:

Դժբախտաբար այդպես է, սիրելի թագուհի, — ասաց Սեդան խոր հառաչելով:

Խեղճ կինը, երևի, հիշեց յուր անցյալը և մտաբերեց նմանօրինակ դեպքեր յուր կյանքից:

Արքայորդին առաջնորդեց մեզ դահլիճ, ուր նստած էր մայր-թագուհին: Ի՜նչ բարի, ի՜նչ հրաշալի կին էր նա: Թեպետ թագավոր ամուսնու նահատակությունը ժամանակից առաջ ընկճել էր խեղճին, սակայն նախկին գեղեցկության հետքերը նշմարվում Էին տակավին յուր ազնվաշուք և վեհապանծ դեմքի վրա: «Ե՛կ, իմ հպարտ օրիորդ, վաղուց կամենում էի տեսնել քեզ, որ այնքան համառությամբ մեր բոլոր իշխաններին մերժեցիր…», ասաց նա ծիծաղադեմ և գրկելով ինձ` ջերմությամբ համբուրեց: Մինչև այսօր էլ իմ միակ սիրելի զարդը այն ոսկի մանյակն է, որ նա տվավ ինձ, իբրև նշանտուքի առհավատչյաՏո՛ւր ինձ այդ մանյակը, Սեդա, ես կամենում եմ նորից նայել նրան, — հրամայեց թագուհին:

Սեդան վեր կացավ և բերավ այն մանյակը, որ մի երկու ժամ առաջ հանել Էին նաժիշտները թագուհու պարանոցից:

Տե՛ս, փոքր է նա, բայց գողտրիկ, գեղեցիկ: Երբե՛ք, երբեք չպիտի բաժանվեմ նրանից, և երբ մեռնեմ. Սեդա, անպատճառ ասա՛, որ դնեն այդ իմ դագաղում

Սիրելի թագուհի, ինչ տխուր բաների վրա ես մտածում. թող մեռնեն քո թշնամիները կամ նրանք, որոնք բեռն են աշխարհի համար:

Բայց չէ, ի՛նչ եմ ասում, նա ինձ չէ պատկանում: Այո՛, այն վայրկյանը, որ այս մանյակը իմ պարանոցը պատեց, կյանքիս մեջ ունեցած ամենաերջանիկ վայրկյանն էր: Օ՛, երբե՛ք, երբե՛ք չպիտի մոռանամ սրան:

Ինչպե՞ս. մայր-թագուհին հենց առաջին այցելության ժամանա՞կ նվիրեց այդ,-հարցրեց Սեդան հետաքրքրությամբ:

Ոչ. ես դեռ չպատմեցի: Երկու օրից հետո կատարվեց արքայական հանդեսը: Սուրբ Գրիգոր կաթողիկեն լծված էր ծայրե ի ծայր: Այդտեղ Էին` Հովհաննես կաթողիկոսը, բոլոր նախաթոռ եպիսկոպոսները, արքայազուններ, նախարարներ, իշխաններ, ազատ տիկնայք, իշխանուհիք և իշխանազն օրիորդներ: Բայց այդ բոլորի մեջ միակ ընտրյալը, միակ գեղանին Աշոտ դյուցազնն էր: Բոլորի հայացքը նրան էր հառած, բոլորի ժպիտը նրան էր ուղղված, բոլորի միտքը նրանով զբաղված: Եվ հանդեսի սկզբից մինչև վերջը գեղանի իշխանուհիների աչքերը չհեռացան նրանից: Օ՛, ես դեռ չգիտեիք թե ի՜նչ իրավունք ունիմ նրա վերաբերմամբ, բայց և այնպես նախանձում էի, որ նա գեղեցիկ և հրապուրիչ էր այդքան շատ աչքերի համարՕրհնության վսեմ աղոթքները միտքն մեղմեցին մի փոքր մեր հափշտակության խանդը և ստիպեցին մեզ սուրբ հայրերի հետ միասին աղոթել նորապսակ թագավորի կենաց և հաջողության համար: Օ՛հ, ի՜նչպես վսեմ, ի՜նչպես ջերմեռանդություն ներշնչող Էին այդ աղոթքները:

Երանի՜ քո աչքերին, թագուհի, որ տեսել ես այդ հանդեսը, և ականջներին` որոնք լսել են այդ օրհնությունները. չմեռնեի և արժանանայի մի օրԲայց ի՞նչ եմ ասում. աստված թող իմ թագավորի կյանքը երկարե

Այո՛, Սե՛դա, վսեմ և սրտաշարժ մի հանդես է դա: Զարմանում եմ, թե ինչպե՛ս այդ հանդեսով օծվող թագավորը կարողանում է խոտորիլ ուղղության ճանապարհից, և ինչպե՜ս այդ հանդեսին երդվող իշխանները դավաճանում են նրան:

Երբ կաթողիկոսը արքային յուր հարցերն անելուց հետո դարձավ և, հարցրեց ժողովրդին` «Խնդրե՞ք կալ ի ներքո սորին իշխանությանն, որպես խոստացավն պահել զձեզ. և ուղիղ հավատով կամի՞ք հաստատել զսորա թագավորություն. և կատարիցե՞ք զսորա հրամանն` հնազանդությամբ», — -բոլոր եկեղեցին միաբերան գոչեց. «Այո՛, այո՛, տեր մեր է և թագավոր մեր»:

Բայց այսօր քանի՞սն են նրան, հնազանդ և ո՞ր իշխանը չէ ապստամբ:

Ախ, սիրելի թագուհի, պատմի՛ր, աղաչում եմ, ինչպե՞ս են թագավոր պսակում. իսկ աղոթքներից ոչ մեկը չե՞ս հիշում

Դրանք շատ երկար են, Սեդա, պատմել անկարելի է. պետք է տեսնել, լսել: Ամենից առաջ սուրն են տալիս թագավորին

Սո՞ւրը:

Այո՛, անպատճառ սուրը. հետո արքայական մատանին, ապա թագը:

Իսկ աղոթքնե՞րը:

Ամեն մեկի համար առանձին են կարդում:

Օրինակ` ի՞նչ են ասում սուրը տված ժամանակ. այդ շատ հետաքրքրական է. իրավունք են տալիս նրան կոտորելու, այդպես չէ՞:

Անշուշտ: ԲայցԻ՞նչ էի ուզում հիշել, մոռացաՍպասի՛րՀա՜, նրա հայացքը. այդ էի ուզում հիշել, Սե՛դա: Չէ՞ որ նա ոչ ոքի չէր նայում. բոլորը կամենում էին նրա առաջին հայացքը հափշտակել. բայց ո՞վ էր այն ընտրյալը, որին արքան յուր անդրանիկ հայացքը պիտի նվիրեր. հայտնի չէր: Երբ եպիսկոպոսները սուրը մատուցին և կաթողիկոսը բարձր ու հնչեղ ձայնով կարդաց «Ընկալ զսուրս զայս ի ձեռանե առաքելական եպիսկոպոսացս, և սովավ թագավորեսցես ի փրկություն եկեղեցվո և ժողովրդյանս, որ ընդ ձեռամբ քո հովվին: Ա՛ծ զսուր ընդ մեջ քո, հզոր, և թագավորյա՛ այսու ճշմարտությամբ. և բարձրասցիս սովավ ի վերա անիրավաց և անհավատից և խնդրեսցես զվրեժ քո հայնցանե, որք զչարն գործեսցենև փրկեսցես սովավ զազգ քո և զեկեղեցի և օգնական լիցիս այրյաց և որբոց, և ազատարար գերելոց և մխիթարիչ վշտացելոց…» և այլն, թագավորը բարձրացրեց աչքերն առաջին անգամ և յուր հայացքը սևեռեց ինձ վրաԻնձ թվաց, թե նա ասում էր ինձ. «Այս բոլորը քեզ հետ միասին պիտի կատարեմ…»: Եվ ամենքն այդ տեսան, և շատերն ինձ նախանձեցինԱյո՛, նրա այդ միակ, ինձ բարձրացնող և հպարտացնող հայացքի համար արքայազուն իշխանուհիները իրանց կյանքը կտային. և սակայն նա միայն Գարդմանա օրիորդին ընծայեց այդ պարծանքըԻ՛նչ էի զգում ես այդ վայրկյանին, չեմ կարող բառերով արտահայտել. երկինքը կարծես երկրի վրա իջավ կամ թե ես վերնային գավառները բարձրացա

Տեսնո՞ւմ ես, թագուհի, այդ բոլորը մոռացել էիր դու

Սպասի՛ր, մի՛ ընդհատիր ինձԱյնուհետև, Սեդա, ես այլևս ոչինչ չէի լսում, բոլոր էությունս պատել էր մի երանական և հափշտակող զգացում: Մայր-թագուհու շշունջը հանկարծ սթափեցրեց ինձ. ես նրա մոտ էի կանգնած. — Ծունր իջիր ինձ հետ և աղոթի՛ր աստծուն, որ նա երկարե իմ և քո թագավորի կենաց օրերը, — ասաց նա ինձ մայրական սիրաշունչ ձայնովԵվ մենք միասին ծունր իջանք. ես աղոթեցի ջերմեռանդությամբ. աղոթեցի այնպես, որպես չեմ աղոթել երբեք իմ կյանքում. և արտասուքը հոսեց աչքերիցս ինչպես աղբյուրուրախությա՞ն արցունք էր դա, թե՞ ապագա վշտերի նախազգացման, չկարողացա իմանալ:

Երբ հանդեսն ու պատարագը վերջացավ և դպիրներն սկսան մեղեդիները երգել, թագավորին մոտեցան համբուրելու նախ եպիսկոպոսները, հետո մայր -թագուհին, վրաց թագավորը, ապա իշխանները և վերջը իշխանազուն տիկնայք և օրիորդները: Օրիորդների մեջ առաջինը ես համբուրեցի թագավորի աջը և շրթունքներս դողդողացինԵրբ հեռացա, զգում էի, որ երեսս վառվում է, շտապեցի մորս հետ միասին խույս տալ դեպի ժողովրդի հետին շարքերը, որոնք վայրկենաբար ճանապարհ Էին բանում մեր առաջ և օրհնանքներ ուղղում իմ անվան: Թագավորը դուրս եկավ եկեղեցուց` շրջապատված եպիսկոպոսներով ու իշխաններով: Հեծավ արքայական ոսկեսար երիվայրը, որի վրա բարձրացրած պահում Էին ծիրանեգույն ոսկեկար հովանին: Թագավորին շրջապատեցին առաջին սպարապետը, աջ ու ձախ կողմից թագակիրն ու նշանակալը և ապա թիկնապահների զրահազգեստ գունդը: Նրանց հետևեց արքայազուն և իշխանազուն ազատանին: Իսկ թե ի՛նչ էր կատարվում կաթողիկեից դուրս, քաղաքի փողոցներում, անկարելի է նկարագրել. ամբողջ Դվինը մի աչք, մի շունչ և մի հոգի դարձած` յուր թագավորի ելնելուն էր սպասում: Երբ սպարապետի դրոշը երևաց, մի որոտընդոստ դղրդյուն կարծես Դվինը շարժեց. որոտում էին փողոցները, որոտում Էին հրապարակները, բուրգերը, աշտարակները և մինչև անգամ քաղաքից դուրս գտնվող մարտկոցները, և ամենքը միաբերան օրհնում և փառաբանում Էին նրան: Երբ վերադարձանք պալատ, գնացինք իսկույն թագավորին շնորհավորելու: Այդտեղ Էին բոլոր նախագահ իշխանները և արքայազուն տիկնայք: Մեր շնորհավորանքը մատուցանելուց հետո մայր-թագուհին նստեցրեց ինձ յուր կողքին. ոսկեկար օթոցի վրա և մտերմական զրույցով սկսավ ինձ զբաղեցնել: Ի՛նչ էր գտել նա իմ մեջ. չգիտեի, բայց տեսնում էի, որ հոգվով ու սրտով կապված է ինձ հետ: Ընդունված սովորության հակառակ երկար պահեց նա մեզ յուր մոտ: Եվ երբ հեռանում Էինք հանեց պարանոցից այս մանյակը և անցնելով իմ պարանոցը` ասաց. «Սա Վասիլ Արշակունի կայսեր ընծան է Աշոտ առաջնո թագուհուն. ես նվեր ստացա այս նրանից, և ինքս էլ հանձնում եմ քեզ` իբրև ապագա թագուհուն: Քո հաջորդը թող քեզնից ժառանգե այն և Արշակունյաց վերջին շառավղի նվերը թող անկորուստ մնա Բագրատունի թագավորաց ընտանիքում»: Այս ասելով գրկեց ինձ և ջերմագին համբուրեց: Արդեն ամեն բան որոշված էր: Ես ուրեմն արքայի նշանածն էի: Այնուհետ և, ինքդ կարող ես գուշակել, թե երջանկության ի՛նչ հովեր Էին գուրգուրում ինձ Դվնո արքայական պալատում: Բայց, ավա՜ղ, վախենում եմ հավատալ, թե այդ բոլորից միայն մնալու են քաղցր հիշատակներև այս մանյակը, որ առաջին անգամ գրկեց իմ պարանոցը կենացս ամենաերջանիկ վայրկյաններում

Է

ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅ ԱԶԳԻ ԿՐԱԾ ԵՎ ՀԱՐՍ ԹԱԳՈՒՀՈՒՆ ԱՆՀԱՅՏ ՄՆԱՑԱԾ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թագուհին լռեց: Անցյալի քաղցր հիշատակները ոչ միայն չամոքեցին նրա վշտերը, այլ ընդհակառակը, նորոգեցին նրանց: Գլխակոր և ձեռքը ճակատին հենած` նա մի քանի վայրկյան մնաց լուռ. ապա սրտի հուզմամբ ու հոգեկան խռովությամբ դիմադրել չկարողանալով` սկսավ արտասվել:

Սեդան տեսավ այտերի ծորող արցունքները և մորմոքելով հարցրեց.

Այդ ի՞նչ էր, մեծափառ տիկին, մի՞թե արտասվում ես. ես կարծում էի, թե անցյալից խոսելով պիտի ուրախանաս, ընդհակառակը` տխրում ես ...

Մտածում եմ, թե այս բոլորը կորել է անդարձ, թե այն դյուցազնը, որի միայն մի հայացքը ինձ հպարտացնում, մի ժպիտը ինձ երջանկացնում էր, այլևս իմը չէ... և չպիտի լինի ...

Մի՛ ասիր այդ, թագուհի՛, մի՛ ասիր, եթե երջանկությունը տևողական չէ, ապա վշտերն էլ հավիտենական չեն. նրանք շարունակ տեղի են տալիս միմյանց, որովհետև ամենի սկիզբը մի վախճան ունի. տխրության հաջորդը ուրախությունն է. սիրած դյուցազնը քոնն է և կվերադառնա դեպի քեզ ...

Ա՜խ, Սեդա, ավելին մի՛ ասի՛ր...

Կամենում էի ասել, թե պետք է համբերել, օրինակ հենց մեր թագավորից հենց քո ամուսնուց. քանի՛-քանի՛ տեսակ փոփոխության է հանդիպել նրա բախտը, որպիսի՜ անհաջողություններ են շրջապատել նրան, և սակայն որպիսի՜ համբերությամբ ու տոկունությամբ է նա հաղթել ամեն դժվարության:

Ա՛խ, Սե՛դա, ինչպե՜ս քիչ ես զգում... բայց նա այսպիսի վիշտ, այսպիսի կորուստ չէ ունեցել, նա յուր երջանկությունն ու երկինքը չէ ամփոփել մի սրտի մեջ, որ խլած լինեին իրանից...

Եվ դու, թագուհի, ինչպե՜ս քիչ ես զգում... Ների՛ր համարձակությունս ...

Ի՞նչ, Սեդա:

Այն վշտերի ծանրությունը, որ մի օր նրան էր ճնշում:

Այսի՞նքն:

Դու ինքդ նկարագրեցիր այն երջանիկ օրը, երբ Դվինում թագավոր պսակեցին բազմահաղթ Աշոտին. այնպես չէ՞:

Այո՛:

Բայց հետո, ամիսներ չանցած, ի՜նչ ծանր վշտեր չպաշարեցին նրան:

Գիտե՞ս, Սեդա, այդ ժամանակվա դեպքերից ես քիչ բան գիտեմ:

Այո՛, որովհետև շատ բան ծածկում էին քեզանից:

Չեմ մոռացել միայն այն, որ երբ Դվինից վերադարձան Գարդման, հայրս ասաց, թե մեր զորքերից մի քանի գունդ շուտով պիտի հասցնենք թագավորին, որովհետև ներքին գավառներում ապստամբություն է ծագել:

Այո՛, միայն այդքան. և նրանից հետո է՛լ ուրիշ տեղեկություններ չհաղորդեցին քեզ:

Երբեմն հարցնում էի, թե ինչո՞ւ Աշոտը չէ գալիս մեր երկիրը, կամ թե...

Ե՞րբ պիտի կատարվի մեր հարսանիքը: Այդ հարցը ինձ արիր մի օր և՛ ծիծաղելով, և՛ շառագունելով:

Այո՛, հիշում եմ:

Եվ իշխան Սևադան երբեմն կցկտուր, երբեմն մանվածապատ պատասխաններ էր տալիս. մերթ հուսադրում, մերթ վհատեցնում էր քեզ, բայց ոչ տխրեցնելու չափ:

Եվ իրա՛վ, այդ բոլորի մասին ինձ հետո բացատրություններ չտվին, որովհետև ուրիշ կարևոր դեպքեր սկսան մեզ զբաղեցնել:

Այո՛. բայց եթե տված լինեին, այն ժամանակ կիմանայիր, թե խեղճ թագավորը, երեք երկար տարիների ընթացքում, որպիսի ծանր չարիքների ու վտանգների դեմ է մաքառել. թե՛ մարդկանց և բռնության ձեռքով յուր երկրին հասած թշվառությանց առաջն առնելու համար ի՞նչ հերոսական կռիվներ է մղել:

Պատմի՛ր մի քանի խոսքով, ի՞նչ էր պատահել թագադրությունից հետո:

Թագադրությունից հետո՞, օ՛, մեծ բաներ: Ասենք մի երկու խռովությունների պատճառն էլ իմ նորատի տիրուհին էր:

Ե՞ս:

Այո՛, իմ թագուհի, դո՛ւ:

Ինչպե՞ս, Սեդա, պատմի՛ ր, այդ հետաքրքրական է:

Դու հո ինքդ ես տեսել, թե հայոց իշխանները ինչպե՞ս մի սիրտ ու հոգի եղած հավաքվել էին Դվին Աշոտ-Երկաթը թագավորացնելու:

Այո՛. և ամենքը ուրախ էին այդ համազգային տոնախմբության ժամանակ:

Բայց շատ շուտով նրանցից մի քանիսի ուրախությունը փոխվել էր տխրության: Այն իշխանները, որոնց դու մերժել էիր քո ձեռը, որքան որ ուրախ էին Աշոտի թագավորելուն, այնքան էլ հակառակ` որ նա ամուսնանար քեզ հետ: Նրանք կցանկանային, որ Սահակ Սևադայի հպարտ աղջիկը, որ մի օր մերժել էր իրանց յուր ձեռը, դառնար մի հասարակ ազնվականի կին և ոչ թե հայոց թագուհի: Եվ սակայն արքայի մայրը Դվին եկած բազմաթիվ իշխանազն օրիորդների մեջ միայն քեզ էր հարսն ընտրել յուր համար: Բացի մերժված իշխաններից, թագավորի դեմ գրգռվել Էին նաև նրանք, որոնք հարսնացու օրիորդներ ունեին և գգվել Էին իրանց այն հուսով, թե գուցե թագավորը կփեսայանա իրանց: Սակայն այդ մանյակը, որ այժմ այդքան սիրելի է քեզ, բոլորի հույսը ի դերև էր հանել: Եվ, ահա՛, երբ նրանք ցրվում են իրանց գավառները, սկսում են հետզհետե լարվել թագավորի դեմ. մայր-ի խանո հիները մանավանդ սկսում են ամուսինների պատվասիրությունը գրգռել և հնացած բարկությունը փոխել ատելության: Այս ամենի հետևանքը եղավ այն, որ Հայաստանի մի քանի անկյուններում միաժամանակ մի քանի խռովություններ փրթեցան: Մի քանի իշխաններ ուղղակի թագավորի դեմ գնալ չհամարձակվելով, սկսան հավասարագահ իշխանների հետ կռվել հաշվելով, թե միևնույն է, այդպիսով էլ թագավորի հանգստությունը կվրդովեն: Այսպես` Արծրունյաց Գուրգեն արքաեղբայրը օգուտ քաղելով Սյունյաց Սմբատ իշխանի բացակայությունից, գրգռեց եղբորը` բռնավոր Գագիկին, պաշարել Նախիջևանը և առնել: Վերջինս լսեց եղբորը: Սմբատ իշխանն այդ իմանալով` մեծ պատրաստությամբ եկավ Արծրունիների վրա` յուր կալվածքն ազատելու հուսով: Երկու կողմից էլ կատաղի ընդհարում, մեծ վնասներ և կոտորածներ եղան: Ուրիշ մի քանի իշխաններ, որոնք, ըստ օրինի պարտավոր Էին միաբանել իրանց թագավորի հետ և հարկավոր ժամանակ զորք հասցնել նրան, հայտնի կերպով բաժանվեցան թագավորից և մի քանիսն էլ ապստամբության փորձ արին: Թագավորն ստիպված եղավ շատ քաղաքներ ու բերդեր նորից պատերազմով նվաճելու, շատ տեղեր ավերելու և յուր իսկ երկրի մեջ կոտորածներ անելու, պետության խաղաղությունը վերականգնելու համար: Նույնիսկ վրաց Ատրներսեհ թագավորը հայ իշխանների գրգռմամբ թշնամացավ Աշոտ արքայի հետ և մեր հյուսիսային գավառներից մի քանիսը փորձ արավ սեփականելու: Այս փորձը իսկապես ուղղված էր Սևադա իշխանի, իբր արքայի աներոջ, դեմ: Թագավորն ստիպված էր Վրաց մի քանի գավառներն ավերելով` Ատրներսեհին խրատել: Վերջապես խռովությունները խռովություններ հարուցին: Շատ իշխաններ էլ թագավորի խառնված դրությունից օգուտ քաղելով սկսան իրար դեմ զինվել, հին տոհմական վրեժների ծարավը հագեցնելու կամ միմյանցից երկրներ հափշտակելու համար: Այսպիսով բոլոր երկիրը տակնուվրա եղավ և թագավորը մնաց համարյա միայնակ: Այս խռովությունների լուրը հասավ հագարացոց Յուսուփ ոստիկանին, որ սկզբում, Աշոտ թագավորի քաջագործություններից զարհուրած, կծկված էր Ատրպատականում: Բավական ժամանակ էր ինչ նա յուր ատամները կրճտում էր Աշոտ թագավորի վրա, որովհետև չէր կարողանում յուր զորաց կոտարածը մոռանալ, բայց միևնույն ժամանակ վրեժ առնելու էլ առիթ չէր ներկայանում: Թագավորը հաջողության մեջ էր և բոլոր իշխանները հետը միաբան: Ի՞նչ կարող էր անել: Բայց այժմ, երբ արդեն տեղեկացավ, թե հայ իշխաններից շատերը հեռացել են թագավորից և շատերն էլ միմյանց դեմ ելած ջարդում են իրար և միանալու միջոց չունին, հարմար առիթ համարեց թագավորի երկիրը արշավելու: Իսկ թե այնուհետև հագարացիք ինչե՜ր կատարեցին մեր գավառներում, նկարագրելն անկարելի է: Աստված չտա, որ այդպիսի տարիներ նորից վերադառնան:

Բայց ինչի՞ր կատարեցին, Սեդա՛. քեզ ասացի, որ այդ ժամանակվա դեպքերից շատ քիչ բան գիտեմ:

Օ՛, ո՞ր մեկը պատմել, ո՞ր մեկը հիշել... Այդ տարիների թշվառության պատմությունը գրքեր կլցնե. միթե ես կարո՞ղ եմ բոլորը պատմել... Ինչպես սովալլուկ գազաններ ներս խուժեցին դրանք մեր երկիրը. դիմացները արգելք չգտնելով ազատ -համարձակ տիրեցին ո՛ր տեղին որ կամեցան. գյուղերն ու ավանները քանդեցին, քաղաքներն ավերեցին, եկեղեցիները հրձիգ արին, ժողովրդի մի մասը կոտորեցին, մի մասն ուրացության ստիպեցին, ընդդիմացողներին նահատակեցին, իսկ շատերին գերի տարան հեռավոր երկրներ: Ոչ մի գեղեցիկ կին կամ աղջիկ չազատվեցավ նրանց ձեռքից. պաշտպանող մայրերին սպանում էին աղջկերանց առաջ, հայրերին` որդիների առաջ. ստնտու կանանց գրկից հափշտակում էին ծծկեր երեխաները և գետին խփելով ջախջախում... ամեն տեղ արյուն, ամեն տեղ կրակ և պղծություն. անկյուն չկար, որ ազատ լիներ այդ հրեշների արհավիրներից... Երբ անպաշտպան ավաններն ու քաղաքներն ավերեցին, այնուհետև դիմեցին բերդերի և ամրոցների վրա: Մի քանի տեղ, ճշմարիտ է, պաշարյալները քաջությամբ դեմ դրին թշնամուն և մեծ կոտորած արին նրա զորքի մեջ, բայց շատ տեղ էլ բռնությամբ կամ մատնությամբ գրավեցին նրանք ամրոցները և միջի բնակիչները անխնա կոտորեցին:

Ի՞նչ էր անում, ուրեմն, այդ ժամանակ թագավորը:

Ի՞նչԻնչ պիտի աներ, իշխաններ՛ի մի մասը միացել էր թշնամու հետ կամ անձնատուր էր եղել նրան, մի մասը եղբայրասպան կռվով էր զբաղված յուր դրացու կամ ազգականի հետ, այսինքն, այն միջոցին, որ օտարը մի կողմից ավերում էր իրանց երկիրը, իրանք էլ մյուս կողմից էին ավերում: Մեր անմիտ ազգի մեջ այսպիսի եղբայրասպան ընդհարումներ շատ են եղել և միշտ էլ կլինին: Մի քանի` ուժ ունեցող իշխաններ ամրացել էին իրանց բերդերում և կռվի դաշտ չէին իջնում: Մնացել էին թագավորի հետ հայրդ` յուր Գարդմանացի գնդերով, Սիսակյան իշխանները` սյունեցի վաշտերով և Մարզպետունի իշխանը` պետական զորքերով: Իսկ այս միության ուժը համեմատելով թշնամու զորության հետ, մի ոչնչություն էր: Հարցնում ես` ի՞նչ էր անում թագավորը. համարյա թե ոչինչ կամ այն՛, ինչ որ կարող էր և պարտավոր էր անել.-յուր սակավաթիվ զորքի մի մասը զինակից իշխաններին հանձնած և մյուս մասը հետը վերցրած ինչպես մի վիրավոր առյուծ` արշավում էր երկրի այս կամ այն կողմը: Թշնամու հետ ճակատ առ ճակատ պատերազմել չէր կարող ուստի երբեմն հանկարծական հարձակումներով շփոթում էր նրա զորքերի կարգը, երբեմն մենավոր գնդերի վրա ընկնելով` ջարդում նրանց, երբեմն պաշարված բերդերին օգնության հասնելով` հարվածում պաշարողներին, միով բանիվ` գործում էր իբրև ասպատակ գնդերի հրամանատար, հուսալով, թե այսօր կամ վաղը կգան իշխանները և յուր հետ միաբանելով կանոնավոր ճակատամարտով կարտաքսեն հայրենիքից ընդհանուր թշնամուն: Բայց արքայի համար ամենամեծ հարվածն եղավ այն, որ յուր հորեղբորորդի` Աշոտ սպարապետը յուր ձեռքն ունեցած պետական զորքերով անձնատուր եղավ Յուսուփին և նրա հետ միասին մտավ Դվին, իբրև ոստիկանի հլու հպատակը: Մյուս կողմից էլ մեր կաթողիկոսը փոխանակ սրան և նրան դիմելու, իշխանները հաշտեցնելու և դրանց բոլորին միացնելով` թագավորին թև ու թիկունք կանգնեցնելու, երկիրը թողեց տագնապի մեջ, ժողովուրդը` հուսահատության մեջ, զորքը` մահու և կյանքի հետ կռվելիս և ինքը յուր անձի անդորրությունը խնդրելով հեռացավ Վրաստան, Ատրներսեհ թագավորի մոտ ապահովության մեջ ապրելու: Ի՞նչ աներ այդ ժամանակ թագավորը. ի՞նչ կարող էր անել նա:

Տե՜ր աստված. և այդ բոլորի մասին ինձ գրեթե ոչինչ չեք հայտնել... Ա՞յդ էր ուրեմն պատճառը, որ հայրս համարյա Գարդմանում չէր մնում, երբեմն գնում էր Սյունիք, երբեմն` Գուգարք, երբեմն` Ոստանի կողմերը, մերթ փոքրիկ վաշտով, մերթ մի մեծ գնդով...

Եվ քո անհանգիստ հարցերին հանգստացնող պատասխաններ էր տալիս. ասում էր, որ թագավորն զբաղված է Կարսա բերդը և Երազգավորսը ամրացնելով, թե Դվինի շուրջը նոր խրամ է փորել տալիս, թե ինքը յուր վաշտերով արքունական սահմանները շրջագայելու է գնում, և այլն, և այլն:

Այո՛, և նրա այդ պատասխաններն ինձ հանգստացնում Էին: Իշխանը հրամայել էր մեզ ամենիս` ոչ մի տխուր լուր չհաղորդել քեզ. մանավանդ պատերազմի արհավիրքներից բնավ չխոսել քեզ մոտ: Աղախինները մի անգամ սխալվել` լուրեր էին բերել քեզ: Մենք ամեն ջանք գործ դրինք սուտ հանելու լսածներդ:

Հիշում եմ. այդ` Դվինում նահատակված երիտասարդների մասին էր: Բայց ինչո՞ւ այդ բոլորը ծածկում էիք ինձանից:

Որովհետև վերին աստիճանի դյուրազգաց էիր. ամենաանշան կոտորածի լուրը լսելուց ժամերով լաց էիր լինում և երբեմն հոգեպես այնպես ընկճվում, որ ստիպված էիր լինում անկողին մտնել:

Եվ, իրավ, Սեդա, լավ է, որ այդ բոլորն այն ժամանակ չեք հայտնել ինձ. ես սրտի կսկծից կարող էի մեռնել...

Օ՛, և դեռ չգիտես, թե ուրիշ ի՞նչ զարհուրելի բան ենք ծածկել քեզանից:

Ի՜նչ, Սեդա, — վախեցած հարցրեց թագուհին:

Սովը, սարսափելի սովը. հետո վայրենի գազանների, գայլերի ու բորենիների երևան գալը և քաղաքներում ու գյուղերում մարդիկ հափշտակելը:

Սովի մասին ես լսել եմ:

Ի՞նչ ես ասում, թագուհի, ինչպե՞ս կարելի էր իսկությունը քեզ հայտնել. սիրտդ կտոր-կտոր կլիներ: Դու ծանոթ էիր մեր Գարդմանա սովի հետ. բայց դա սով չէր, այլ հացի թանկություն: Տրտու գետը և Գարդմանա քաջերը թույլ կտայի՞ն, որ մեր երկրում սով լիներ: Սովը, սարսափելի սովը տիրում էր Գարդմանից այս կողմը գտնվող երկրներում:

Ամբողջ երկու տարի բուն Հայաստանը կռվի և արյան դաշտ էր դարձած, բոլոր այդ ժամանակ գյուղացիք վարել, ցանել ու հնձել չէին կարողացել: Եվ ինչպե՞ս կարողանայինք քանի որ դաշտ ու ձոր, լեռ ու անտառ հագարացի զորքերով ու հելուզակներով Էին բռնված, իսկ ազատ անկյուններումն էլ հայ զորքերն Էին միմյանց կոտորում, հայ իշխաններն իրար ջնջում: Այս պատճառով երկրագործները ցրվեցան, այգիներն ու դարաստաններն անխնամ մնացին, ժողովրդի վերջին պաշարը վայրենի զորքերն սպառեցին և սովը յուր զարհուրելի հետևանքներով բռնացավ Հայաստանի մեջ: Կարոտությունն իբրև մի վարակիչ ժանտախտ աղքատների խրճիթից հարուստների ապարանքը մտավ. ամեն, տեղ տիրեց քաղցը, թշվառություններից դառնագույնը ... Օ՛, երանի՜ նրան, ով աչքերով չէր տեսել այդ աղետը... Մարդիկ քաղաքների ու գյուղերի մեջ ունեցածնին սպառելով` ցրվեցան դաշտերը, ձորերն ու լեռները, որպեսզի գոնե կանաչ խոտ կամ բանջար ճարակելով քաղցերնին անցնեն: Չնայելով, որ շատերը այդ խոտաճարակներից մեռնում Էին վնասակար խոտեր ուտելուց, այսուամենայնիվ քիչ ժամանակի մեջ դաշտերի ու լեռների կանաչն սպառեցին: Այնուհետև սկսան անսուրբ կենդանիներն ուտել, այն է` Էշ, ձի, կատու, շուն, մինչև անգամ որդեր, ճիճուներ...:

Ա՜խ, Սեդա, ինչե՜ր ես ասում, դադարի՛ր, լսել չեմ կարող...

Այո՛, իմ տիրուհի, ուտում Էին... բայց ավելի սարսափելին, ավելի զարհուրելին կա... Օ՛, կին արարածի ականջը լսել չէ կարող...

Ի՞նչ, Սեդա:

Կսարսափես, չեմ կարող ասել:

Ասա՛, Սեդա, պատմի՛ր, դու արդեն այդ տեսակ բաներ լսելն ինձ սովորեցրիր:

Ասում էին, թագուհի՛, որ հրապարակները լցվել էին մերկ կամ հազիվ ցնցոտիներով ծածկված սովատանջ մարդկանցով, որոնք շրջում էին իբրև ուրվականներ և միմյանց դիպչելուց` անշնչացած ընկնում փողոցի մեջ... Փոքր ի շատե ուժ ունեցողները հարձակվում էին այդ դիակների վրա և նրանց միսը ատամներով հոշոտելով լափում: Ամեն մի ընկած դիակի վրա հավաքվում էին բազմաթիվ գիշատիչներ, ինչպես դժոխային չարատանջ ոգիներ...

Օ՛, զարհուրելի է...

Իսկ ի՞նչ կասեիր կաթնկեր երեխաների համար, որոնք երկարատև լալուց նվազած ձայնով հրում էին մայրերի չորացած ստինքները. փոքրիկ մանուկների համար, որոնք արտասուքը դալկացած ծնոտներից ծորելով և չորացած շրթունքներով հա՜ց գոչելով օդը լցնում էին աղեխարշ աղաղակներով, իսկ շատերը նվաղած` գետին գլորվում և անշնչանում...

Օ՛, սիրտս մաշվեցավ, Սեդա, բավական է:

Եվ հետո... բուն զարհուրելին դեռ չասացի... Գտնվեցան մայրեր, ո՛չ, գազան արարածներ, որոնք իբրև թե իրանց մանուկների տանջանքը չտեսնելու համար, մորթեցին նրանց և կերան...

Լռի՛ր, Սեդա. այլևս ոչ մի խոսք...

Եվ թագուհին սաստիկ հուզումից այլագունելով ընկավ բարձերի վրա:

Ը

ՀԱՐՍԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՈԳԵՎՈՐՈՒԹՈՅՈՒՆԸ ՓԵՍԱՅԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Գիշերից բավական անցել էր. հավերը խոսել էին վաղուց. Սեդան սպասում էր, որ թագուհին յուր պատմություններից հոգնած` կպառկե վերջապես հանգստանալու և իրան էլ կհրամայե հեռանալ:

Բայց նրա հույսը չարդարացավ: Վերջին պատմությունները, ճշմարիտ է, գրգռել էին թագուհու ջղերը և այդ պատճառով մի առժամանակ լռությունը նրանց զրույցն ընդհատեց, բայց երբ Սեդան բարձրացավ ճրագարանի պատրույգներն ուղղելու և նորեն դեպի յուր աթոռակը դարձավ, թագուհին հարցրեց.

Այդ ժամանակ չէ՞ր, Սեդա, որ թագավորը Կոստանդնուպոլիս գնաց:

Այո, թագուհի, հենց այդ թշվառությունների ժամանակ, — պատասխանեց Սեդան և, ապա նորեն նստելով` շարունակեց.

Ես որ ասում էի, թե վշտերը հավիտենական չեն, թե խավար գիշերին հաջորդում է լուսավոր օրը և բուքին ու փոթորկին պայծառ արևը... Դու քո վշտերից, քո տանջանքներից ես խոսում. բայց դրանց կարելի է համեմատել այն շատերի հետ, որոնց տանում էր թագավորը... Անցյալ պատերազմների և սովի արհավիրների լոկ պատմությունը ճնշում է քո սիրտը. հապա ի՞նչ աներ նա, որ այդ ցավերի դառնությունը կրում էր անձամբ, իբրև թագավոր, իբրև ժողովրդյան հայր, դեպի որը դիմում էին բոլոր տառապյալները, դեպի որը բյուրավոր թշվառներ կարկառում էին իրանց ձեռքերը... Բայց և այնպես նա այդ նեղությունները տարավ հերոսաբար, և որովհետև յուր հույսը դրել էր աստծու վրա, ուստի նա չթողեց արքային: Այն միջոցին, որ յուր իշխանները հեռացած էին իրանից, և երկիրը հեծում էր թշնամու և սովի արհավի բների երեսից, հունաց կայսրը և պատրիարքը կարեկցական և մխիթարական նամակ գրեցին թագավորին, նույնպես և կաթողիկոսին, հորդորելով սրան աշխատել, միացնել հայոց իշխանները թագավորի հետ, և հորդորել նրանց ընդհանուր ուժով դեմ դնել հասարակաց թշնամուն: Կաթողիկոսը այդ նպատակով շատ աշխատեց, բայց իշխաններն անսաստեցին նրա խրատներին և մերժեցին Վեհի խնդիրները: Վերջինս մինչև անգամ իջավ Տարոն և աշխատեց այդտեղի մի քանի հզոր իշխաններին հաշտեցնել իրար կամ թագավորի հետ, սակայն այդ աշխատանքն էլ անցավ ապարդյուն: Վերջն ստիպված եղավ յուր իշխանների` ազգի համար անպատվաբեր հակառակության մասին զեկուցանել կայսրին և պատրիարքին, և նրանց օգնությունը խնդրել թագավորի համար ներքին թշնամիների դեմ: Օտարները արգահատեցին մեր թշվառության վրա և կայսրը հրավիրեց թե՛ թագավորին և թե՛ կաթողիկոսին գնալ յուր մոտ, որպեսզի անձամբ խորհրդակցեն իրանց անելիք օգնության համար: Կաթողիկոսը չուզեց գնալ, որովհետև վախեցավ, թե հայոց եկեղեցին հունաց եկեղեցու հետ միացնելու առաջարկություն կանեին իրան: Ուստի հրավերը չընդունեց: Բայց թագավորն այդպիսի բանից քաշվելիք չուներ, ուստի և յուր իշխաններով ու շքադիր խմբով ելավ գնաց Կոստանդնուպոլիս: Այնուհետև արդեն հայտնի է քեզ, թե ի՛նչ փառավոր ընդունելություն արին նրան Բյուզանդիոնում, թե ի՛նչ տոնախմբություններ կատարեցին հայոց թագավորի պատվին, թե ինչպե՛ս արքայական թագով ու ծիրանիով պսակեցին նրան, թե ի՜նչ մեծագին ընծաներով մեծարեցին թե՛ իրան և թե՛ յուր իշխաններին:

Следующая страница