Մուրացան՝   Գևորգ Մարզպետունի

Մութը կոխել էր և ամրոցի նեղ ու մանվածապատ ուղիներն անտեսանելի դարձրել: Բնակիչները քաշվել էին տուն, լռությունը տիրում էր ամեն տեղ և մենավոր անցքերում լսվում էր միայն իշխանի ձիու քայլատրոփը, որ մի-մի տեղ ստիպում էր պահապան շներին հարձակվել անցորդների վրա և իրանց աղմկարար հաչյունով խանգարել ամրոցականների խաղաղությունը:

Սահակ Սևադայի ապարանքին հասնելով, իշխանը հրամայեց յուր առաջնորդին վերադառնալ և ինքը միայնակ առաջ անցավ:

Իշխանի ապարանքը, որ միևնույն ժամանակ զորավոր մի դղյակ էր, գիշերվա այդ ժամին փակած չէր ոչ մի կողմից: Ըստ երևույթին նրա կույր տերերը չէին սպասում ոչ մի հարձակման և չէին իսկ երազում, թե կգտնվի մի տմարդ թշնամի, որ սիրտ կանե գիշերվա այդ ժամին երկու դժբախտների գիշերվա խաղաղությունը վրդովելու:

Իշխանը մտավ ապարանքի բակը դղյակի մեծ դռնով: Երկհարկյան այդ ընդարձակ շինությունը յուր մեծամեծ դահլիճներով, բազմաթիվ սենյակներով և աջ ու ձախ թևերին գրկած հզոր աշտարակներով թաղված էր համարյա խավարի մեջ: Չնայելով որ Սևադան այդ միջոցին արդեն յուր երկրի ու ամրոցի տերն էր, այսուամենայնիվ նրա ապարանքում կենդանություն չէր երևում, ձայն ու շշուկ չէր լսվում: Ապարանքի մի կողմի վրա գտնվող մի քանի նեղ պատուհանների մեջ միայն երևում էր նվազ լույս. իսկ ստորին հարկի խցերում խլրտում էին ծառաները:

Իշխանը նայեց այդ հսկայական շինության վրա և նրան շրջապատող տխուր լռությունը ճնշեց յուր սիրտը: Նա հիշեց այն երջանիկ օրը, երբ ինքն առաջին անգամ ոտք դրավ այդ տան դռանը: Ի՛նչ կյանք, ինչ աշխույժ, ի՛նչ ոգևորություն էր թագավորում այն ժամանակ այդ տան շուրջը. իսկ ա՞յժմ. որպիսի՜ մեռելություն... Կարծես թե իրոք մահվան ավերիչ ձեռքը ծանրացել էր այդ իշխանական դղյակի վրա:

«Եվ այս բոլորի պատճառը մի ապօրինի քայլ, ողջախոհության դեմ մի հանցանք...», — շշնջաց ինքն իրան իշխանը և խոր հոգոց հանեց: Ապա մոտենալով ներքին հարկի խցերից մինին, մտրակի կոթով դուռը բախեց:

Դուրս եկողն իշխանի հին ծառաներից մինն էր. Մարզպետունին իսկույն ճանաչեց նրան, որովհետև ճրագը նրա ձեռքումն էր: Այդ անհաջող հանդիպումը տխուր տպավորություն արավ իշխանի վրա, որովհետև եթե իրան ճանաչեին, այլևս յուր ծրագիրներն առաջ տանել չպիտի կարենար: Մի նվազ հույս էր միայն մնում, այն է՝ թե գուցե այդ ծառան մոռացած լինի իրան:

Վերջինս, որ իշխանի արտաքինից արդեն տեսավ, թե հասարակ մարդ չէ իրանց այցելողը, իսկույն դուրս կանչեց ընկերներին, որոնք ու այն կողմերից հավաքվելով` վառեցին բակի մեջ պատրաստ եղող կպրաձյութի ղամբարը, և սկսան իրենց ծառայությունը մատուցանել իշխանին:

Լուր հասցրին իսկույն ևեթ իրանց տիրոջը, որ մի նշանավոր հյուր է եկել իրանց:

Իշխան Սևադան հրամայեց հայտնել հյուրին, որ «սիրով սպասում է յուր հին բարեկամ և ամենաազնիվ իշխան Գևորգ Մարզպետունուն»:

Իշխանը շեմքի վրա մնաց զարմանքից սառած:

Որտեղի՞ց իմացավ իշխանը, թե Մարզպետունին է յուր հյուրը, — հարցրեց նա լուր բերող ծառային, փոքր-ինչ այլայլված:

Օ՛, ե՛ս տվի նրան այդ ավետիքը. կամեցա ուրախացնել իմ իշխանին,-ինքնագոհ ժպիտով պատասխանեց ծառան:

Իսկ դո՛ւ, տղա՛, ճանաչո՞ւմ ես ինձ:

Սա իմ որդին է, տե՛ր, — մոտենալով իշխանին ժպտալով խոսեց հինավուրց ծառան, — ես հայտնեցի նրան, թե մեզ հյուր եկողը փառավոր Մարզպետունին է... Տեսնո՞ւմ ես, իշխան, որդիս մեծացել է. այն ժամանակ, որ դու հիվանդ պառկած էիր մեզ մոտ սա դեռ փոքր էր. խելոք, պատվական տղա է...

Իշխանը տեսավ, որ էլ ծածկելու տեղ չմնաց:

Այո՛, երևում է, աստված պահե, — արագ-արագ պատասխանեց նա շատախոս ծառային և ներքին դժգոհությամբ բարձրացավ վերին դստիկոնը:

«Ապարդյուն այցելություն... գուցե և իմ ձեռնարկությանց համար խափանարար հանդիպումն...», — մտածեց ինքն իրան իշխանը և ներս մտավ Սևադայի առանձնարանը:

Գարդմանա հինավուրց իշխանը նստած էր այդտեղ առանձնարանի անկյունում դրված և թավիշներով զարդարած մի տախտի վրա ծալապատիկ, համակ սևազգեստ, համարիչը ձեռքին: Նա գլուխը բարձր բռնած և ուշադրությունը լարած, ինչպես առհասարակ անում են բոլոր կույրերը, ուղղել էր դեմքը դեպի առանձնարանի դուռը: Հենց որ ներս մտնող քայլերի ձայնն առավ, ժպտալով հարցրեց.

Իշխա՞նն է եկողը:

Այո՛, քո խոնարհ ծառան, — պատասխանեց Մարզպետունին և արագ քայլերով սկսավ մոտենալ:

Ե՛կ, իմ սիրարժան հյուր. ե՛կ, մոտեցի՛ր ինձ, ես չեմ կարող քեզ ընդառաջել. աստված զրկել է ինձ այդ ուրախությունից. ե՛կ և գրկիր ինձ...

Այս խոսքերի հետ նա բացավ յուր գիրկը և Մարզպետունի իշխանը, որ արդեն մոտեցել էր՝ ջերմագին գրկախառնվեցավ նրան:

Սևադան սեղմեց նրան յուր կրծքին, համբուրեց մի քանի անգամ և հեկեկալով ասաց.

Կերպարանքդ չեմ տեսնում, իմ ազնիվ բարեկամ, բայց հոգիս միացած է հոգուդ և նա ինձ շշնջում է, թե սիրտդ խռոված է Սևադայի դժբախտությամբ և թե աչքերդ արտասվում են արդեն: Եվ իրավ, Մարզպետունի իշխանը չկարողացավ զսպել իրան. Սևադայի գրկում արդեն նա փղձկեցավ և լուռ, անմռունչ արտասվում էր:

Այդ մարդը, որ արտաքուստ այնքան զորեղ և աննկուն էր երևում, մի նորատի կնոջ չափ փափուկ սիրտ ուներ:

Նստի՛ր այստեղ, ինձ մոտ, քաջ եղիր, արհամարհի՛ր ճակատագրի հարվածները, միայն թե... նստի՛ր, սիրելիս (այս ասելով նա իշխանին նստեցրեց յուր կողքին), միայն թե` մի՛ արհամարհիր երբեք առաքինությունը... Աշխարհում ոչ մի հանցանք անպատիժ չէ մնում... Անշուշտ, Սևադան էլ գործել է այս պատժին արժանի մի հանցանք...

Չէի սպասում, թե այդքան դառը խոսքերով ինձ կընդունես, — նկատեց Մարզպետունին դիտմամբ, որպեսզի ստիպեր յուր դժբախտ հյուրընկալին փոխել զրույցի տխուր եղանակը:

Չէ՛, բարեկամ, դառնություն չի կարող լինել իմ խոսքերում, քանի որ քո գալուստը լցրել է իմ սիրտը ուրախությամբ... Եվ այդպես, Գևորգ իշխան, դու ուրեմն ինձ մոտ, իմ տանն ես, մենք դարձյալ միասին ենք... Ինչպե՛ս ուրախ եմ... Տո՞ւնդ, ընտանի՞քդ, որդի՞դ առողջ են բոլորը, այնպես չէ՞: Գոռը անշուշտ մեծացել է, սուր ու վահան է կրում...

Այո՛, տեր, քո բարի օրհնությամբ:

Աստուծո օրհնությամբ... Եվ բոլորն այժմ գտնվում են Երազգավորսո՞ւմ...

Ո՛չ, Գառնիում, թագուհու մոտ:

Թագուհո՞ւ... իմ Սահականույշի՞...

Այդ րոպեին Սևադա իշխանի դեմքը վայրկենապես այլայլվեց, կարծես, թե հանկարծ մի սուր ցցեցին նրա թոքերի մեջ, բայց իսկույն էլ իրան զսպելով` նախկին հանգիստ կերպարանքն առավ և շարունակեց.

Իմ Սահականույշն էլ առողջ է, այնպես չէ՞ ...

Այո՛, իշխան, ես նրան շատ առողջ թողեցի Գառնիում:

Շատ առո՞ղջ... այդ լավ է, շատ լավ է... ես չէի կարծում... — ընդհատելով պատասխանեց Սևադան, կարծես թե չկամենալով, որ Մարզպետունին այդպիսի լուր հաղորդեր իրան: Որովհետև ծանր էր գալիս նրան լսել, թե յուր Սահականույշը առողջ է այնպիսի մի ժամանակ, երբ նրա հայրն ու եղբայրը կուրացած, նստած են Գարդմանում... Չէ՞ որ այդ դժբախտության հանդիպել էին նրանք նույնիսկ այդ Սահականույշի երջանկության արգելքները բառնալու պատճառով...

Հազվագյուտ են աշխարհում այնպիսի մարդիկ, որոնք իրանց կոչման վերաբերյալ մի որևէ պարտավորություն բարեխղճաբար կատարելուց ետ, եթե մանավանդ այդ պարտավորությունը լինում է բոլորանվեր մի անձնազոհություն, չպահանջեին, որ մարդիկ անմոռաց պահեն հիշողության մեջ իրանց արածը կամ հավիտյան երախտագետ լինին իրանց: Մեծամասնությունը, ընդհակառակը, անում է այդ պահանջը նույնիսկ յուր հասարակ պարտավորությունները բարեխղճաբար կատարած ժամանակ: Եվ կարծես հենց մարդկանց այդ բնական ցանկությունը խեղդելու համար է, որ աշխարհում, ընդհանրապես, ոչ միայն երախտագետ չեն լինում անձնվեր մարդկանց, այլև նրանց ծառայությունը փոխարինում են միշտ սև ապերախտությամբ:

Սևադա իշխանի համար ծանր էր, արդարև, հավատալ, թե Սահականույշը կարող էր մի վայրկյան անգամ հոգվո խաղաղություն ունենալ այն օրից ետ, որ յուր հայրն ու եղբայրը կուրացել էին յուր պատճառով, թե նա կարող էր ժպտալ, ծիծաղել, ուրախանալ... թե ամեն առավոտ ծագող ոսկեշող արևի ճառագայթները չէին համակիլ նրա սիրտը տխրությամբ, հիշեցնելով նրան, որ յուր հայրն ու եղբայրը զրկված են այդ ճառագայթներից հավիտյան...

Ահա՛, այդ պատճառով նրա վրա անախորժ տպավորություն արավ Մարզպետունու այն պատասխանը, թե «Սահականույշին շատ առողջ թողեցի Գառնիում»:

Բայց Գևորգ իշխանը ոչ մի հուզման նշան չնկատեց Սևադայի վրա: Նրան զբաղեցնողն այդ րոպեին Սևադայի հոգեկան աշխարհը չէր, այլ այն միտքը, թե ի՞նչ պիտի պատասխանե իշխանին, եթե նա յուր այստեղ գալու մասին հարցնե: Արդյոք սուտ պատճառնե՞ր հորինե, թե անկեղծությամբ խոստովանե ամեն բան: Եվ ահա նա դեռ այդ վարանման մեջ էր, որ Սահակ իշխանն ասաց.

Մի լավ սովորություն կա մեր ժողովրդի մեջ, իշխա՛ն. երբ հեռու երկրից մի հյուր է գալիս դրանց մոտ, չեն հարցնում ո՛չ անունը, ո՛չ գյուղն ու քաղաքը` որտեղից գալիս է նա, ո՛չ գործը` որի համար եկել է, մինչև որ մի հարուստ ճաշով կամ ընթրիքով չեն հյուրասիրում նրան: Այդ սովորությունը յուր շահավոր պատճառներն ունի, որոնք հայտնի են քեզ: Բայց ես այժմ հյուրասիրական այդ պարտավորության պատկառ մնալ չեմ կարող. առաջին` որ մենք օտարներ չենք, և շատ տարօրինակ կլիներ, եթե մի վայրկյան առաջ չկամենայինք տեղեկություն առնել միմյանցից այն խնդիրների մասին, որոնք հետաքրքրում են մեզ. և երկրորդ` այն օրից ի վեր, որ այս դժբախտությունն ինձ պատահեց, ես դյուրագրգիռ և անհամբեր եմ դարձել... Անհամբեր, չե՞ս զարմանում. կույրն իրավունք ունի՞ անհամբեր լինելու... Բայց ես այդպես եմ. և ինձ թվում է, թե դրա պատճառն ա՛յն է, որ իմ հոգին աշխույժ և աննկուն է դեռ, ուստի իմ անգործունեությունն ավելի ևս գրգռում է իմ մեջ գործելու եռանդը... Այո՛, այդ օրից ի վեր, ասում եմ, ես անհամբեր եմ դարձել. ուրեմն ասա՛, սիրելի իշխան, ի՞նչ դիպված, ի՞նչ պատահար բերավ քեզ իմ ամրոցը, և այն` այս տարաժամին... Անշուշտ քեզ առաջնորդել է դեպի իմ տունը մի բարի նպատակ: Մարզպետունի իշխանին, գիտեմ, չեն զբաղեցնում անձնական գործերը: Հայրենիքն ու նրա ցավերն են, որ ուժ կամ հուսահատություն են բերում նրա վրա, այժմ ասա՛, ի՞նչ ցավ դարմանելու համար ես շնորհ բերել մեզ մոտ:

Գևորգ իշխանի տխրամած դեմքը պայծառացավ. կարծես թե Սևադան յուր ձեռքը պարզելով դուրս հանեց նրան մի խավարչտին անդունդից. իշխանի խոսքերը բացին նրա առաջ փակված ճանապարհը և նա որոշեց ազատորեն խոսել:

Շնորհակալ եմ, տեր իշխան, որ այդքան լավ կարծիք ունիս իմ մասին, դու արդեն գուշակեցիր իմ գալստյան պատճառը և լավ ասացիր, թե անձնական գործերն ինձ չեն զբաղեցնում: Այո՛, անձնական գործի համար չեմ այժմ Գարդմանում Երկիրը, իշխան, դարձյալ տագնապի մեջ է. թշնամիների հարձակման համար դարձյալ մեր հարազատները ճանապարհներ են պատրաստում. եկել եմ քո օգնությունը խնդրելու առաջիկա ընդհարումների առաջն առնելու համար:

Իմ օգնությո՞ւնը... իշխա՛ն:

Այո՛, քո օգնությունը:

Դու առողջ աչքեր ունիս, տեր Մարզպետունի, անկարելի է, որ ճանապարհից մոլորված լինիս, — ժպտալով պատասխանեց Սևադան:

Իշխանի այդ հեգնությունը խոցեց Մարզպետունու սիրտը, բայց նա չվրդովվեցավ:

Եթե մինչև անգամ զուրկ լինեի այդ պիտանի զգայարանքից, այնուամենայնիվ կարող էի դարձյալ իմ հոգվո աչքերով գտնել այն ճանապարհը, որ հանում է դեպի Գարդմանա իմաստուն և հայրենա սեր իշխանի դղյակը: Ես, գուցե, շատ անգամ մոլորվել եմ ճանապարհից, բայց այս անգամ ճիշտ հասել եմ այնտեղ, ուր որ իմ ցանկությունն ու սրբազան պարտքը առաջնորդում էին:

Գարդմանա իշխանը խելազուրկ մարդ չէ, Այո՛, և դու չէիր հավատալ, եթե ես այդ անունը տայի ինձ. բայց նա, իշխան, այլևս հայրենասեր չէ. մի՛ պատվիր նրան այդ անունով:

Նա չի կամենալ, որ հայոց արքայական գահը վտանգվի. ես այդ հաստատ գիտեմ, և եթե ինքդ իսկ հակառակը պնդես, ես չեմ կարող հավատալ:

Սևադան մի չարագործ է այժմ, իշխան, հավատա՛ ինձ:

Ոչ. նա միայն վրդովված է, նա սրտմտած է հավաստի անիրավության դեմ... բայց նա այդ ժամանակավոր զայրույթի պատճառով չի պատժիլ հայրենիքը, զլանալով նրա ծառաներին յուր իմաստուն խորհուրդները:

Խորհուրդնե՞ր, դու ինձ մոտ խորհրդի՞ ես եկել իշխան, — կարծես զարմանալով հարցրեց Սևադան:

Այո՛, տեր իշխան. Ցլիկ-Ամրամը, Ուտիքի վերակացուն, ապստամբել է արքայից: Բոլոր Ուտիքը, Արցախու և Գուգարաց մեծ մասը զենք են բարձրացրել իրանց թագավորի դեմ: Եկա խորհուրդ հարցնելու հինավուրց զորավարից, թե ի՞նչ միջոցներ գործ դնենք, որպեսզի կարողանանք ճնշել այս ապստամբությունը առանց եղբայրասպան կռիվ մղելու:

Դու ծաղրո՞ւմ ես ինձ, իշխան, — լրջությամբ հարցրեց Սևադան:

Ինչպե՞ս կհամարձակիմ:

Լսիր, տեր Մարզպետունի, ես իրավունք չունիմ ստիպել քեզ` բանալ քո սիրտն իմ առաջ: Դու հայրենիքիդ նվիրված մարդ ես, քո թագավորի հավատարիմ պաշտոնյան ես, Սևադան պարտավոր է քեզ հարգել: Ես չեմ նեղանում, մինչև անգամ, որ դու ազատորեն չես կշտամբում ինձ, թե ինչո՞ւ միացել եմ ես Ցլիկ-Ամրամի հետ... քաղաքավարությունը, գիտեմ, օտար ունակություն չէ Մարզպետունյաց նախարարական տան ժառանգի համար: Բայց Սահակ Սևադան իրավունք չունի ծածկել յուր գործերը, Գարդմանա տերը չի կարող յուր թշնամությունը բարեկամությամբ վարագուրել... Ես, այո՛, Ցլիկ-Ամրամի հետ եմ, դու այժմ թեպետ քո անձնական բարեկամի, բայց քո թագավորի թշնամու տանն ես, խոսի՛ր ինձ հետ ինչպես արքայի հակառակորդի հետ, դրա համար ես միայն կարող եմ շնորհակալ լինել քեզ:

Մարզպետունի իշխանը հանգիստ շունչ քաշեց. նա կարծես թեթևացավ յուր սիրտը ճնշող ամենավերջին ծանրությունից էլ:

Եվ այդպես, ուրեմն, Գարդմանա տերը ապստամբների հե՞տ է, — հարցրեց իշխանը խաղաղ ձայնով:

Ո՛չ թե միայն ապստամբների հետ է, այլև նա ինքն է այդ ապստամբությունը վառել, բորբոքել:

Այդ անկարելի է: Չարիքը գուցե յուր ետևից տարել է սրամտությամբ վառված Սևադային, բայց Սևադան ինքը այդ չարիքը չէր ստեղծի՛լ:

Այո՛, ես ինքս ստեղծեցի:

Դու ի՞նքդ:

Այո՛:

Պատճա՞ռ:

Որպեսզի իմ վրեժխնդրության ծարավը հագեցնեմ:

Ի՞նչ էր մտածում Աշոտ-Երկաթը, որ կուրացնում էր Սևադային: Մի՞թե կարծում էր, թե մարմնո կուրությունը կարող է արգելել նրա հոգուն տեսնել ամեն օր յուր առաջ չարագործի արյունաշաղախ ձեռքերը և վրեժխնդրության բոցով չբորբոքվել... Ի՞նչ չարիք էի հասցրել ես նրան. ինչո՞ւ նա իմ տեսությունը խավարեցրեց. ինչո՞ւ ինձ դատապարտեց կենդանի մարմնով հավիտյան գերեզմանի մեջ խարխափելու...

Բայց դու, իշխան, չէ՞ որ ապստամբեցիր նրանից և քեզ հետ էլ միասին բոլոր հյուսիսային գավառներն ապստամբեցրիր. դու սպառնում էիր պետության ամբողջությունը քայքայել, դու արքունական գահի պատվանդանն էիր փորում. մի՞թե թագավորը պարտավոր չէր պաշտպանել աշխարհը քո փառասիրական ոտնձգությանց դեմ... ների՛ր, որ ես այս խոսքն արտասանում եմ, բայց դու սիրում ես անկեղծությունը:

Այո՛, Այո՛, անկե՛ղծ եղիր. իշխանազն մարդուն անվայել է կեղծավորության գրգլյակներով ծածկվիլ. բայց աշխատիր, որ անկեղծության անժույժ եռանդը մինչև զրպարտության սահմանները չտանե քեզ...

Զրպարտությո՞ւն, աստված մի արասցե:

Այո՛, դու ինձ զրպարտեցիր, հենց այս վայրկյանին:

Ինչպե՞ս, ասա՛, ես ներողություն կխնդրեմ:

Ասացիր, որ քո թագավորը պաշտպանում էր աշխարհը իմ փառասիրական ոտնձգությանց դեմ:

Այո՛, ասացի. դու անարգեցիր նախկին հաշտության ժամանակ տված քո երդման գիրը և երկրորդ անգամ ապստամբեցար: Մի՞թե փառասիրությունը չէր մղում քեզ դեպի այդօրինակ ուխտադրժություն:

Ուրախ եմ, որ կարողանում ես այդպես անկեղծորեն խոսել. երկչոտ մարդկանց տանել չեմ կարող, բայց միևնույն ժամանակ, տխրում եմ, որ այդքան անծանոթ ես դու ճշմարտությանը: Անդարմանելի մի վիշտ է այդ ինձ համար... Ես չեմ վշտանում, որ հայոց աշխարհն այդ կարծիքն ունի իմ մասին, բայց վշտանում եմ, որ արքունիքի ամենամոտ անձը, Աշոտ թագավորի մտերիմը, Մարզպետունյաց Գևորգ իշխանը նույն կարծիքն է պաշտպանում... Եվ ուրեմն Սևադան ապստամբել էր այն ժամանակ թագավորի դեմ յուր փառասիրական ձգտումներին հետևելով... մի՞թե պիտի զարմանամ, եթե հայոց ազգի պատմությունը գրող վարդապետներն էլ անարգանաց այդ դրոշմը դնեն իմ հիշատակի վրա... Օ՛, ծանր, շատ ծանր զրպարտություն է այդ իշխան:

Ի՞նչն էր ուրեմն քո այն ժամանակվա առաջին և երկրորդ ապստամբությանդ պատճառը:

Ի՞նչը ... Այո՛, այդ պիտի հարցնես, այդ դու պարտավոր ես իմանալ, եթե դեռ չգիտես: Բայց ամենից առաջ ասա` ինձ. կկամենայի՞ ես դժբախտացնել իմ հարազատ դուստրը, որ հայոց թագուհին էր և որին սիրում էի ես ավելի, քան իմ զույգ աչքերի լույսը:

Ո՛չ:

Կկամենայի՞ խռովել նրա հանգստությունը, նրա արքունիքը, և, վերջապես, վտանգել իմ թագավոր փեսայի գահը: Մի՞թե անձնասպանության հավասար մի հանցանք չէր լինիլ դա ինձ համար:

Անշուշտ: Մենք էլ հենց դրա համար էինք զարմանում, որ Սևադա իշխանը ապստամբության դրոշ էր պարզում յուր դստեր և փեսայի դեմ:

Եվ դրա պատճառն էլ իմ փառասիրական ձգտումնե՞րն էիք համարում:

Ուրիշ բան մտածել չէինք կարող:

Լավ. ուրիշ ի՞նչ փառք էր ինձ հարկավոր... Աղջիկս` թագուհի, փեսասթագավոր, ինքս Գարդմանում ազատ, հարուստ և զորեղ իշխան: Մի՞թե իրավունք ունեի այս բոլորից հետո մի ուրիշ պահանջ անել իմ բախտից:

Հարկավ ոչ:

Եվ վերջապես, մի՞թե Սահակ Սևադան մի հասարակ զինվորի չափ էլ հայրենասիրություն չուներ. մի՞թե ես անծանոթ էի իմ ազգի պատմության և չգիտեի, թե որպիսի՛ թանկ զոհաբերության գնով ձեռք բերվեց Բագրատունի թագավորության գահն ու թագը, որ ես թույլ տայի ինձ փառասիրության ձգտումներով այդ գահի հաստատությունը խախտելու:

Բայց ի՞նչն էր, վերջապես, այն ժամանակվա քո ապստամբության պատճառը:

Իմ ապստամբության պատճա՞ռը, Այո՛, այդ կարող ես հարցնել. այժմ այլևս ծածկելու կարիք չկա... Բայց, կարծեմ, այդ մասին դու շատ բան գիտես:

Դեռ ոչինչ չգիտեմ:

Ոչինչ չգիտես, ուրեմն լսի՛ր: Ես քո արքայից առաջին անգամ ապստամբեցա` նրան չար ճանապարհից զգուշացնելու համար. երկրորդ անգամ ապստամբեցա հայոց արքայական գահի պատիվը փրկելու համար. իսկ այժմ` ապստամբել և Ցլիկ-Ամրամին էլ ապստամբեցրել եմ` իմ և իմ որդվո անձնական անարդանաց վրեժը լուծելու համար:

Ինձ դեռ առաջ բացատրիր նախկին ապստամբությանդ պատճառը: Ի՞նչ կնշանակե, թե կամենում էիր արքային չար ճանապարհից զգուշացնել. ի՞նչ չար ճանապարհ էր այդ:

Ինչ չար ճանապա՞րհ...

Այո՛:

Քեզ հո հայտնի էր, որ նա մի ժամանակ սիրում էր Սևորդյաց Գևորգ նահապետի աղջկան:

Այո՛, մի ժամանակ. բայց այդ շատ առաջ էր:

Ամուսնությունից առաջ, այնպես չէ՞:

Այո՛:

Երբ մարդ ամուսնանում է, պետք է որ պատկառ մնա յուր ամուսնական պարտավորությանց, աստուծո և աշխարհի առաջ արած երդման, յուր կնքած ուխտին. այնպես չէ՞:

Անշուշտ:

Եթե այդպես անում է հասարակ մարդը, ռամիկը, գեղջուկը, որքանն ավելի պարտավոր է անել թագավորը, ժողովրդյան հայրը և առաջնորդը. նա՛, որին թագադրության ժամանակ եպիսկոպոսն արքայական մատանին հագցնելով ասում է.

«Ա՛ռ զմատանի` առհավատչյա արդարության թագավորության քո, քանզի այսօր օրհնյալ ես իշխան և թագավոր ժողովրդյանս: Հաստատ լեր և օգնական քրիստոնեության և քրիստոնեից հավատո, զի փառավորեսցիս ընդ թագավորին թագավորաց...»: Արդ, նա, որ կոչված է ո՛չ միայն քրիստոնեական հավատո մեջ հաստատ մնալու, այլև այդ հավատո պահպանության հսկելու և յուր ժողովրդի համար արդարության ու առաքինության օրինակ հանդիսանալու, կարո՞ղ է և իրավունք ունի արդյոք անարգել այդ հավատը և գայթակղության քար դառնալ ժողովրդի համար:

Հարկավ ո՛չ:

Բայց թագավորն այդպես էր անում: Նա ամուսնացավ իմ դստեր հետ, բայց Սևորդյաց նախկին օրիորդին չմոռացավ: Այն օրից, որ նա Ցլիկ-Ամրամին կարգեց Ուտիքի վերակացու, ոտի տակ տվավ աստուծո և աշխարհի առաջ արած յուր երդումը, նա մոռացավ յուր օրինավոր ամուսնուն, անարգեց նրա մաքուր, անարատ և խանդակաթ սերը, նա դարձավ Ցլիկ-Ամրամի կնոջ սիրահարը... Հայտնի չեն միթե քեզ այս պատմությունները:

Հայտնի են. բայց...

Բայց դատապարտելի չեն քո աչքում, այնպես չէ՞:

Աստված մի՛ արասցե, որ ես ամբարշտության գործերը դրվատեմ... բայց կամենում էի ասել, թե մարդկանց չպետք է խստությամբ դատել, առանց նրանց հանցանքի պատճառները խղճի մտոք քննելու:

Երբ ես կխնդրեմ քեզ պաշտպանել քո թագավորին, այն ժամանակ կպաշտպանես. այժմ դեռ ինձ լսիր: Հայ լինելուց առաջ, բարեկամ, ես մարդ եմ և միևնույն ժամանակ` սիրող հայր: Չեմ ծածկում իմ փառասիրական փափագը. ես կամենում էի, որ հայոց թագավորը փեսայանար ինձ, մանավանդ որ տեսնում էի, թե իմ գեղանի դուստրը հիացած է նրանով. իսկ իմ աղջկան սիրում էի ես կաթոգին և իմ ուրախությունը գտնում էի նրա ուրախության մեջ. այդ պատճառով էլ աշխատեցի, որ Աշոտ-Երկաթը ամուսնանար նրա հետ: Աշոտը կարող էր բացեիբաց մերժել այդ միությունը, ոչ ոք իրավունք չէր ունենալ շղթայել նրա սիրտը յուր կամքի հակառակ: Բայց երբ մի անգամ կապվեցավ նա իմ դստեր հետ սուրբ ամուսնության կապով, ապա պարտավոր էր պատկառ մնալ աստուծո և մարդկանց բերանով օրհնված այդ միությանը: Բայց նա անարգեց այդ միությունը: Կներե՞ նրան աստված թե ոչ, այդ ես չգիտեմ. դուք էլ, մարդիկդ, տեսնում եմ, չեք կամենում խստությամբ դատել նրան. բայց ե՞ս... Ես հայր եմ. սիրտ և զգացմունք ունիմ. հայրական գութ ու գորով ունիմ. և դրա հետ միասին էլ Գարդմանա Տան հպարտ իշխանն եմ... Ես չէի կարող անտարբերությամբ նայել իմ դստեր դժբախտության վրա և, միևնույն ժամանակ, երբե՛ք և ո՛չ մի պայմանով թույլ չէի տա, որ երկրիս ամենազորեղ մարդն անգամ անպատվության դրոշմ դներ իմ ճակատին: Ես մի հարվածով կջախջախեի այն ձեռքը, որ կմոտենար իմ տոհմական անարատ անունը արատավորելու: Ես այդ կարող էի անել: Բայց ամենից առաջ լսեցի խոհեմության ձայնին: «Ոչ ոքին դեռ հայտնի չէ իմ դստեր դժբախտությունը, — մտածեցի ես, — նա ինքը, նույնպես, ոչինչ չգիտե այդ մասին. ինչո՞ւ ուրեմն հրապարակ հանենք ժամահոտ վերքը. նրան կարելի է բուժել նաև մի ծածկարանում. թող հանգիստ մնա իմ դստեր սիրտը և անարատ արքայական գահի պատիվը»: Այսպես մտածեցի ես և դիմեցի արքային: Խոսեցի նրա հետ հայրաբար. հորդորեցի նրան չափավորել յուր խանդն ու ավյունը, սանձահարել կրքերը, հեռանալ անպատվության ճանապարհից և աղաչեցի, թախանձեցի, որ նա խնայեր իմ դստեր քնքուշ, դյուրաբեկ և վշտերի անսովոր սիրտը, որ նա խնայեր, վերջապես, հայոց արքայական թագի պատիվը... Նա առաջ չկամեցավ խոստովանել յուր հանցանքը. ծիծաղեց դառը փորձերից խրատված հոր կասկածների վրա և կամեցավ յուր ճարտար լեզվով նկարել իմ առաջ կասկածի ճիվաղային կերպարանքը` նրանից ինձ հեռու փախցնելու համար...: Այն ժամանակ ես ապացույցներ դրի յուր առաջ: Նա չկարողացավ հերքել դրանք և շառագունեց: Օ՛, չկա ավելի ծանր պատիժ առաքինի մարդու համար, քան հանցապարտ ու ամոթահար տեսնել յուր առաջ այն տղամարդին, որի մեջ հարգում էր նա երբեմն առաքինությունը, ազնվությունը, հավատարմությունը, որի մեջ ամփոփում էր նա յուր լավագույն հույսերը, որին նա յուր հերոսը, յուր դյուցազն էր համարում... Ես այդ ծանր վիշտը կրեցի իբրև հայ մարդ. իսկ հետո տանջվեցա իբրև ծնող` երբ իմ դստեր տկար սրտին հասնելիք հարվածի ծանրությունը կշռեցի: Վերջապես թագավորը խոստովանեց ինձ յուր թուլությունը և խոստացավ խզել Ցլիկ-Ամրամի տան հետ ունեցած բոլոր կապերը: Ես ուրախացա և վերադարձա Գարդման: Բայց ահա՛ գալիս է ամառը և նա թագուհուն ուղարկում է Սյունյաց ամառանոցները, իսկ ինքը գնում Ուտիք, շաբաթներով նստում Սևորդյաց լեռներում Ցլիկ-Ամրամի վրանների տակ, Ասպրամ իշխանուհու զբոսավայրերում... Ես այնուհետև համբերել չկարողացա: Նախատական մի գիր գրեցի նրան և սպառնացի, որ եթե անմիջապես չի հեռանալ Սևորդյաց աշխարհից, ես ինքս իմ գարդմանացի գնդերով կերթամ և կհալածեմ նրան յուր սիրած հովիտներից: Քո թագավորը ո՛չ միայն անուշադիր էր թողել իմ նամակը, այլև ծիծաղել էր իմ սպառնալիքի վրա, — Այդ ինչ է. միթե գարդմանացիք սիրահարների դեմ էլ են պատերազմում, — հեգնելով ասել էր նա իմ հավատարիմին: Բայց ես, որ ի բնե կատակ անել չէի սիրում, որոշեցի խրատել իմ ստահակ փեսային: Միայն թե իսկույն ևեթ չգործադրեցի այդ որոշումը, որովհետև դեռ պետք է խեղճ աղջկանս սիրտը պատրաստեի յուր դժբախտությունը լսելու: Եվ այս մի ծանր պարտավորություն էր սիրող հոր համար` գուժել ինքն իրեն բախտավոր համարող զավակին յուր դժբախտությունը: Մինչ այս, մինչ այն, Աբաս արքաեղբոր և նրա աներոջ դավադրությունը երևան եկավ, որից ստիպված, ինչպես գիտես, թագավորը քաշվեցավ Ուտիք: Եվ, ահա՛, մի դժբախտ օր նամակ եմ ստանում իմ դստեր դայակից, թե թագուհին մերձիմահ հիվանդ է Տավուշ բերդում և կամենում է ինձ տեսնել: Իսկույն ևեթ շտապում եմ Տավուշ: Տեսնում եմ աղջիկս հոգեկան ծանր տագնապի մեջ: Հարցնում եմ հիվանդության պատճառը. և նա տանջվելով դառնապես արտասվելով պատմում է ինձ յուր դժբախտությունը....: Ի՞նչ անեի ես. չէ՞ որ է՛լ համբերելու տեղը չէր: Հասկացրի աղջկանս, որ չվրդովվի, եթե իմ և արքայի մեջ բռնկող մի պատերազմի լուրն իմանա: «Այս միջոցը, ասացի, գործ եմ դնում ամուսինդ ուղղության բերելու համար, բայց արյունահեղություն չպիտի անեմ»: Եվ այդ նպատակով էլ հենց Տավուշի մեջ կշտամբեցի թագավորին ամենածանր, նախատական խոսքերով և յուր երկիրն ավերելու սպառնալիք կարդալով նրան` հեռացա: Ահա՜, այդ էր պատճառը, որ Գարդման հասնելով զորքերս ժողովեցի և եկա Ուտիքի մի քանի գավառները գրավելու: Բայց որպեսզի համոզվես, թե ես այդ ցույցն անում էի միմիայն թագավորին ուղղության բերելու նպատակով, կասեմ, որ թագավորը դեռ նոր էր յուր բանակը Շիրակից հանել, որ ես ծածուկ սովորեցրի Սյունյաց Սմբատ և Բաբգեն իշխաններին` գալ և իրանց կողմից հաշտության միջնորդ հանդիսանալ մեր մեջ: Նրանց հետ միացել էիր և դու, այլև մի քանի ուրիշ իշխաններ: Եթե մինչև ձեր հասնելը ինքս հնարներ գործ չդնեի ընդհարումը դիտմամբ ուշացնելու, Ախայան գյուղի առաջ երկու կողմից էլ մեծ կոտորած պիտի լիներ: Բայց դուք հասաք և գործն ուրիշ կերպարանք առավ: Սյունյաց իշխանները ոչինչ չէին հայտնել ձեզ իմ գաղտնի նպատակի մասին, ուստի ձեզանից շատերն ա՛յն կարծիքին էին, թե Սահակ Սևադան փառասիրական ձգտումներից մղվելով է ապստամբել թագավորի դեմ: Ես հարկավոր չհամարեցի հերքել այդ կարծիքը, որովհետև ավելի գերադասում էի այն, որ իմ դստեր դժբախտությունն անծանոթ մնար հայ իշխանական տներին և արքայի անունը չարատավորվի, քան թե ազատ լինիմ այն մեղադրանքից, թե փառասիրական ձգտումներ ունիմ: Եվ ես հրապարակով մշտական հաշտության երդումն արի և դաշնագիր ստորագրեցի: Այդ դուք բոլորդ տեսաք: Բայց դուք չլսեցիք այն խոստովանությունը, որ Աշոտ թագավորն արավ իմ և Սյունյաց եպիսկոպոսի առաջ, և այն երդումը, որ նա երդվեց` թողնել հավիտյան Ասպրամ իշխանուհու հետ ունեցած մտերմական հարաբերությունները և ուղիղ սրտով ու մաքուր սիրով վերադառնալ յուր օրինավոր ամուսնու գիրկը: Այո՛, ինչպես որ իմ այս ապստամբության իսկական պատճառը ոչ թե փառասիրությունս, այլ թագավորն ուղղության բերելու ցանկությունս էր, այնպես էլ մեր հաշտության իսկական պայմանը, և ավելի սրբազան երդումը ո՛չ թե այն էր, որ դուք իշխաններդ վավերացրիք, այլ այն, որ կնքվեցավ արքայի, Սյունյաց եպիսկոպոսի և իմ մեջ:

Այժմ կատարելապես ծանոթացա քո առաջին պատմության շարժառիթների հետ. երկրո՞րդն ի՛նչ պատճառներից հառաջացավ, — հարցրեց Մարզպետունի իշխանը:

Երկրո՞րդը:

Այո՛:

Նրա պատճառներն ավելի ծանրակշիռ են:

Պատմի՛ր համառոտ, թե չես ձանձրանում:

Ձանձրանա՞լ, ոչ. Մարզպետունի իշխանի հետ խոսակցելը ձանձրույթ չի պատճառի ինձ, — պատասխանեց Սևադան և սկսավ յուր երկրորդ զրույցը:

Ես կարծում եմ, — ասաց Սևադան, — կարելի է միշտ ներել այն հանցավորին, որ կա՛մ հանգամանաց բերմամբ, կա՛մ սեփական թուլությունից գործում է մի հանցանք, բայց ունի կենդանի խիղճ, դյուրազգաց սիրտ, ճանաչում է յուր հանցանքը և զղջում է սրտանց: Բայց ներել այն հանցավորին, որ ոչ միայն չէ խոստովանում հանցանքը, այլև, դրվատում է նրան իբր մի առաքինություն, գայթակղեցնում է անփորձ սրտերը` յուր օրինակին հետևելու կամ յուր հանցանքի մեծությունը ծածկելու համար զրպարտում է յուր շրջապատողներին` մեղադրելով նրանց ծանրագույն հանցանքների մեջ, այդպիսի հանցավորին, ասում եմ, ոչ միայն չպետք է ներել, այլև անհրաժեշտ է պատժել ամենածանր պատիժներով. հակառակ դեպքում մի հատ չարիքը հարյուր նոր չարիքներ կծնե...: Իմ և քո թագավորը, բարեկամ, այս վերջին տեսակի հանցավորների թվին էր պատկանում: Ես պարտավոր էի նրան պատժել. այդ պահանջում էր իմ արժանապատվությունը, իմ ծնողական և մարդկային պարտավորությունը: Ես պետք է միանգամայն վերցնեի նրան աշխարհի երեսից. այդպիսով գայթակղության քարը վերցված կլիներ մեջտեղից... Եվ այդ դժվար գործ չէր ինձ համար: Եվ մի՞թե կարծում ես, թե մեծ կորուստ կունենայինք. բնա՛վ. հայոց արքայական գահը, միամիտ եղիր, թափուր չէր մնալ: Թագավորը, միևնույն է, ժառանգ չունի. նրա աթոռը վաղ թե ուշ պիտի յուր եղբայր Աբասը պայազատե. ուրեմն որքան շուտ, այնքան լավ: Գուցե այդպիսով շատ բան դեպի լավը փոխվեր: Բայց ես հիմարացա: — «Պաշտպանե՛նք դեռ գահը վտանգից, մտածում էի ինքս ինձ. վատ գործը. ամեն վայրկյան կարող ենք անել. պատիժը ամեն րոպե կարող ենք չափել. աշխատենք դեռ գահի փրկության համար...»: Եվ ես հետաձգեցի պատիժը: Կարծում էի, թե դժվարին չէ «ընծու փախել զխայտուց և եթովպացվո` զսևություն»... Կարծում էի, թե իմ ներողամտությամբ, իմ անհիշաչարությամբ կարող եմ կակղեցնել ապառաժ սիրտը կամ հարություն տալ մեռած ու դիակնացած խղճին: Եվ ահա՛, երբ ես այս մտքերով էի զբաղված, Աշոտ Երկաթը կալանավորեց Սյունյաց Վասակ իշխանին, իմ բարեկամին, և դրավ նրան յուր Կայյան բերդում: Ի՞նչն էր նրան կալանավորելու պատճառը, ասա՛, տե՛ր Մարզպետունի. անշուշտ քեզ, իբրև արքայի մտերմին, հայտնի է այդ խորհրդավոր պատճառը:

Իսկ քեզ մի՞թե անհայտ է:

Ես կամենում եմ, որ ինքդ ասես:

Սյունյաց վասակ իշխանը խառն էր արքայի կյանքի դեմ լարված դավադրության մեջ:

Ո՞ր դավադրության:

Այն, որ Աշոտ բռնավորը, արքաեղբայր Աբասը և նրա աներ ափխազաց Գուրգենը կազմել էին միասին:

Բարեկամ, խիղճը մի կողմը թողնենք և խելքով դատենք: Աբասը և Գուրգենը վաղուց միացած էին թագավորի դեմ. այդ հայտնի է, ինչպես և հայտնի է դրա պատճառը. — Գուրգեն Ափխազի դուստրը, Աբաս արքաեղբոր կինը, կամենում էր թագուհի դառնալ դեռ իմ դստեր կենդանության ժամանակ: Հպարտ ափխազուհին չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե հայոց թագուհին հայ իշխանական տան աղջիկ պիտի լինի և թե ինքն արդեն գոհ պիտի լինի նրանով, որ թագավորի հարսը և նրա եղբոր ամուսինն է: Չէ, ինչպե՞ս կարելի է. նա կամենում էր անպատճառ թագուհի լինել: Իսկ տղամարդիկ, հո գիտես, կանանց ստրուկներն են. այդ ստրկության պայմանն արդեն նախահայր Ադամն է ստորագրել: Եվ ահա երիտասարդ Աբասը միանում է յուր աներոջ հետ` հարազատ եղբորը գահընկեց անելու կամ նրան սպանելու համար: Արքայազնը, անշուշտ, շատ էր սիրում կնոջը. չէր կարող անկատար թողնել նրա խնդիրը: Դրա հետ էլ միացրու այդ երիտասարդի բնական փառասիրությունը, և այնուհետև կպարզվի դավադրության պատճառը: Փեսա ու աներ, ինչպես գիտես, իրենց զորքերով դիմեցին Երազգավորս` թագավորին բռնելու կամ սպանելու: Այդ չհաջողվեց նրանց: Աշոտը օր առաջ տեղեկացել էր դավադրության մասին և յուր ընտանիքով խույս տվել Ուտիք: Դավադիրներն եկան և իրանց «խոփը քարին առած» տեսնելով` Երազգավորսը ավարի առան և հեռացան: Այդպե՞ս է թե ոչ:

Следующая страница