Մուրացան՝   Գևորգ Մարզպետունի

Այո՛, այդպես է:

Է՛. Աշոտ Երկաթը հո չէր կարող այդ անարգանքը տանել. նա էլ գնաց ափխազաց իշխանի երկիրներն ավերեց: Երկու կողմից կռիվն անընդհատ շարունակվում էր: Ճշմարիտ է, ամեն ճակատամարտումն էլ Աշոտ թագավորը հաղթող էր հանդիսանում, բայց այդ միևնույն է. չէ՞ որ հայոց զորքերից էլ շարունակ ջարդվում էին. մանավանդ որ Աբաս արքաեղբայրն էլ աներոջ հետ էր, և յուր զորքերն էլ հայ կտրիճներից էին: Ահա՛ այս ավերմանց ու կոտորածի առաջն առնելու համար իմ բարեկամ Վասակ իշխանը միջնորդ դարձավ երկու պատերազմող կողմերի համար և ամեն ջանք գործ դնելով` հաշտեցրեց թագավորը յուր եղբոր և նրա աներոջ հետ: Այսպե՞ս է թե ոչ:

Այո՛, այդպես է:

Արդ, նույն վասակ իշխանը, որ ամեն նեղություն կրել, տասն անգամ մի բանակից մյուսն անցել, հորդորել, համոզել, կրքերը խաղաղացրել ու հաշտություն էր կայացրել, միթե նույն մարդը ինքը մի ուրիշ նոր դավադրության կընկերանա՞ր. այսինքն` այն դավադրության, որ Աբասն ու Գուրգենը կամենում էին կազմել Աշոտ բռնավորի ընկերակցությամբ...

Ոչ, չպետք է ընկերանար. չէր կարող ընկերանալ. այդպես էլ մենք ամենքս էինք մտածում: Բայց փաստը հակառակն ապացուցեց: Վասակ իշխանի մոտ գտան Աշոտ բռնավորի նամակը, որով նա շնորհակալություն էր անում իշխանին այն բանի համար, որ նա աշխատել էր կայացնել այդ հաշտությունը ա՛յն նպատակով, որ միջոց տա Ափխազիո իշխանին և իրան ու Աբասին հզորապես պատրաստվելու և միանգամայն Աշոտ թագավորին հաղթահարելու, որովհետև մինչև այն` իբրև թե թագավորի զորքերը հակառակորդների անպատրաստությունից էին օգտվում և հաղթություն տանում:

Դե՛հ, այժմ քեզ եմ հարցնում, իշխան, կարելի՞ էր հավատալ այդ նամակի իսկությանը: Աշոտ բռնավորը պատերազմում էր թագավորի դեմ, որովհետև ինքն էր կամենում երկրին տիրել: Աբասն ու Գուրգենը պատերազմում էին, պատճառը բացատրեցի, թե ինչո՛ւ: Վասակ իշխանն ի՞նչ թշնամություն ուներ յուր թագավորի և քեռու հետ: Միևնույնը չէ՞ր նրա համար, թե քեռիներից ո՞րն է թագավորում, Աշո՞տը թե Աբասը: Չէ՞ որ նա ավելի անդրանիկ եղբոր և օրինավոր թագավորի կողմը կլիներ:

Այդ այդպես է. բայց նամակն ինքս կարդացի: Նա Աշոտ բռնավորի գրածն էր և խուզարկության ժամանակ Վասակ իշխանի գրպանակից հանեցին:

Դու բոլորն ասացի՛ր. դե՛հ, այժմ ինձ լսիր: Դա մի զրպարտություն էր, սև, չարահնար զրպարտություն: Թագավորը կամենում էր առակել թագուհուն` իմ աղջկան. կամենում էր արատավորել Գարդմանա տան անբիծ անունը, և, ահա՛, նա այդ նպատակին հասնելու համար աղարտեց և հայրենասեր Վասակ իշխանի համբավը:

Ինչպե՞ս. այս խնդրում թագուհու անունը խառը չէ եղել բնավ:

Ձեզ համար, այո՛, միայն Վասակի դավադրության խնդիրը կար. բայց ինձ համար պատրաստված էր և մի ուրիշ խնդիր:

Ի՞նչ:

Թագավորը հայտնում էր ինձ, որ իբրև թե Վասակը մտերմական հարաբերություններ ունի թագուհու հետ...

Ի՞նչ հարաբերություններ:

Սիրային... տե՛ր Մարզպետունի, սիրային հարաբերություններ... Իմ աղջիկը, իմ սուրբ, անարատ Սահականույշը... լսո՞ւմ ես, իշխան:

Այդ անկարելի է:

Անկարելի՛ է. այնպես չէ՞... Բայց մի՞թե միայն անկարելի, ուրիշ խոսք չե՞ս ասում, չէ՞ որ դա մի սոսկալի, մի զարհուրելի զրպարտություն է...

Այո՛, լսողի սարսափման արժանի:

Եվ նա այդ զրպարտությունը հնարեց, հասկանո՞ւմ ես. կարողացավ հնարել. խիղճը յուր սիրտը չկեղեքեց... Եվ այդ խորհուրդը վաղուց էր հղացել: Հիշո՞ւմ ես, հենց հիշածս հաշտությունը կայանալուց հետ Վասակ իշխանը դադարեց արքունիք հաճախելուց: Կաթողիկոսը հարցրել էր նրան, թե ինչո՞ւ թագավորի մոտ չէ գնում, Վասակը պատասխանել էր, թե «Թագավորը կասկածում է իմ հավատարմության վրա»: Եվ այդ այդպես էր: Մի օր իշխանը թագուհու հետ միասին ելած է լինում Դվնո շուրջը զբոսանքի: Ի դարձին թագավորը դիտողություն է անում նրան, թե Մարիամ իշխանուհին գանգատվում է միշտ, թե դու զբոսասեր չես և թե երբեք չես ընկերանում իրան զբոսանքների ժամանակ: Հայտնի՛ր իմ կողմից իշխանուհուն, որ դրա պատճառը ոչ թե քո անզբոսասիրությունն է, այլ այն, որ ինքն ավելի գեղեցիկ չէ թագուհուց...

Եվ այդ խոսքերը կարողացե՞լ է թագավորն ասել:

Վասակ իշխանն ինքը պատմեց ինձ այդ բանը վշտահար սրտով:

Ա՞յդ էր ուրեմն պատճառը, որ կաթողիկոսը վստահության գիր առավ թագավորից Վասակ իշխանի համար:

Այո՛. իշխանն ասել էր Վեհափառին, թե «Մինչև որ թագավորը երդմամբ չխոստանա, թե վստահանում է ինձ վրա իբրև յուր հարազատի և հավատարմի վրա, ես ոտքս արքունիք չեմ դնիլ»: Եվ կաթողիկոսն այդ երդմնագիրն առավ նրանից: Իշխանն այնուհետև ազատ ու անկախ ելումուտ էր անում թագավորի մոտ: Բայց, ահա՛, մի օր հրամայեց կալանավորել իշխանին և տանել Կայյան բերդը: Լսելով այդ լուրը, ես վրդովվեցա: Իսկույն ևեթ նամակ գրեցի նրան և հարցրի, թե ինչո՞ւ իմ բարեկամին և յուր հորաքեռորդուն բանտարկել է նա: Ո՞րն է արդյոք իշխանի հանցանքը: Եվ նա ահա թե ի՛նչ է գրում ինձ:

Այս ասելով իշխանը ծափ զարկեց:

Ներս մտավ իսկույն մի ծառա:

Կանչի՛ր այստեղ գրագրին, — հրամայեց իշխանը:

Մի երկու վայրկյանից ներս եկավ գրագիրը:

Գնա՛, հանի՛ր իմ գրպանակից թագավորի այն նամակը, որ կապած է սև երիզով և կնքած մոմով, և բեր ինձ:

Գրագիրը գնաց և քիչ ժամանակից հետ բերավ պատվիրած նամակը և տվավ Սևադա իշխանին:

Այժմ դու գնա, — հրամայեց իշխանը գրագրին, և նա հեռացավ: -Ա՛ռ, բա՛ց արա այս նամակը և կարդա՛: Ես չեմ կամենում, որ քո սրտում կասկածի նշույլ անգամ մնա, — ասաց իշխանը, նամակը Մարզպետունուն տալով:

Քո խոսքն ինձ համար ճշմարտություն է. ի՞նչ կարիք կա հին գաղտնիքները քրքրելու, — պատասխանեց Մարզպետունին, չկամենալով նամակը բանալ:

Չէ՛, իշխան, դու թագավորի մտերիմն ես, իմ էլ, անշուշտ, անկեղծ բարեկամը. կվայելե, որ դու իսկությամբ ծանոթանաս մեր թշնամության պատճառներին, որպեսզի չարիքների առաջն առնելու համար` ավելի հիմնավոր միջոցների դիմես և ստիպված չլինիս հեռավոր ճանապարհ գնալ` Սահակ Սևադայից խորհուրդ հարցնելու:

Կկարդամ, եթե այդպես հաճելի է քեզ, — ասաց իշխանը, և նամակի երիզն ու կնիքը լուծելով` բացավ մագաղաթը:

Բարձր կարդա. ես մի անգամ էլ եմ ուզում այդ խոսքերը լսել:

Իշխանը կարդաց հետևյալը.

«Աշոտ շահնշահ Հայոց թագավորից`

Գարդմանա տեր և իշխան Սահակ Սևադային ողջույն:

Ստացա քո սիրալիրության գիրը, որով խնդրում ես ինձ տեղեկացնել քեզ իմ ազգական և քո բարեկամ Սիսակ Վասակ իշխանին կալանավորեյու և Կայ յան բերդը ղրկելու պատճառը: Այդ պատճառը որքան որ ծանր է և բարյացապարտ մի հոր սրտի խաղաղությունը վրդովող, դարձյալ ես ստիպված եմ հայտնելու, որովհետև այդ խնդրում է ինձնից իմ թագուհու հայրը: Վասակ իշխանին կալանավորեցի և մահվան պիտի դատապարտեմ յուր այն անարժան վարուց համար, որով նա իմ արքայական տան պատիվն արատավորեց, վաղուց ի վեր անպատշաճ հարաբերության մեջ լինելով քո դստեր և իմ ամուսնու հետ: Նրա հանցանքը ինքս ստուգեցի անձամբ, ուստի և կալանավորել հրամայեցի` չարին չարով կործանելու համար: Բայց որպեսզի արքայական ընտանիքի պատիվը և Գարդմանա հզոր իշխանի անունը չարատավորվի աշխարհի առաջ, ես այդ իշխանին հրատարակեցի իբրև մասնակից Աբասյան դավակցության և պատրաստել տվի դրա համար օրինական ապացույց: Շնորհակալ պիտի լինիս, որ այսքան հոգատար եմ քո տոհմական անունն անաղարտ պահելու մասին: Իսկ Վասակ իշխանի մեղսակցին և քո դստերը պատժելու իրավունքը հանձնում եմ քեզ, իբրև մի արդարադատ հոր:

Աշոտ բ. թագավոր հայոց»:

Մարզպետունի իշխանի վրա արքայի այս նամակը ամենածանր տպավորություն արավ: Այն թագավորը, որ մինչև այդ այնքան բարձր և վեհ էր երևում յուր աչքում, կարծես մի ակնթարթում գլորվեցավ. ընկավ այդ բարձրությունից. նրա վեհությունը ոչնչացավ. նա երևաց այժմ իրան իբրև մի հասարակ, սինլքոր արարած, որին կրքերը շրջում, տարուբերում են ամեն կողմ, որ գերի և ստրուկ է դարձած մարդկային արժանիքը անասնական բնազդին ստորադրող զգացմունքներին...

Մինչև այդ, Մարզպետունի իշխանը, արդարև, ներողամիտ էր լինում երբեմն դեպի թագավորը` նրա թուլությունը յուր բնական խառնվածքին վերագրելով: Նա շատ ընտիր մարդիկ էր ճանաչում, որոնք ազատ չէին այդ արատից: Բայց նա երբեք չէր կարող հավատալ, թե թագավորը յուր այդ հանցավոր թուլությունը վարագուրելու համար կդիմեր ոճրագործության, կզրպարտեր անարատ և առաքինի թագուհուն, որին ինքը` Մարզպետունի իշխանը, շատ լավ էր ճանաչում, թե նա Վասակ իշխանի նման հայրենասեր մարդուն զուր տեղը կկալանավորեր` զրպարտելով նրան չգործած հանցանքների մեջ:

Ի՞նչ բանի վրա ես մտածում այժմ, իշխան, — հարցրեց Սևադան Մարզպետունուն, տեսնելով, որ վերջինս լռել է արդեն նամակը կարդալուց հետ:

Ոչ մի բանի վրա:

Այդ զարմանալի է:

Այո, երբ սուրը խոցում է սիրտը, այն ժամանակ ուղեղը դադարում է մտածելուց... Դու սուր ցցեցիր իմ սիրտը, իշխա՛ն:

Վշտացար, այնպես չէ՞. կարեվեր խոցվեցար... Օ՛, այդ դեռ դու ես, դու, որ միայն թագավորի զինակիցը և հայրենիքի մի զինվորն ես. դու վշտացար այնքան, որ ուղեղդ դադարեց մտածելուց: Հապա եթե զինակից ու զինվոր լինելուց զատ լինեիր նաև սիրող հայր... Եթե հանկարծ տեսնեիր, որ տարիների ընթացքում մեծամեծ աշխատությանց ու զոհաբերությանց գնով սիրածդ դստեր համար ստեղծած փառքն ու երջանկությունը ջախջախված ընկած են քո առաջ... թե դրա հետ միասին փշրված են նաև քո լավագույն հույսերը, անդարձ կորած` սրտիդ անդորրությունը, հոգվույդ ուրախությունը, արատավորված` տոհմիդ պատիվը... ի՞նչ կանեիր դու այն ժամանակ...

Մի՞թե ընդհանուր հայրենիքի համար զգացած վիշտը դառնագույն չէ, քան թե այդ բոլորը:

Բայց եթե ընդհանուր հայրենիքի համար զգացած վշտի վրա ավելանային և ա՞յս վշտերը...

Հարկավ անտանելի կլինեին նրանք...

Այո՛, իշխան, ես պակաս հայրենասեր չէի. և հենց այդ էր պատճառը, որ այդ անխիղճ ու զրախոս նամակն ստանալուց ետ ձի չնստա իսկույն, չթռա դեպի Շիրակ և սրի մի հարվածով չջախջախեցի մեղապարտի գլուխը, այլ երկրորդ անգամ ապստամբության դրոշ պարզեցի, հեռատեսությամբ որոշելով, թե այս անգամ մի փոքր ավելի խստությամբ կվարվեմ արքունական կալվածների և ժողովրդի հետ, գուցե դրանով կարողանամ ազդել թագավորի քարացած սրտի վրա, ճանապարհ բերեմ մոլորյալին և ազատեմ գահը վերահաս վտանգից: Եվ ահա՛ այդ նպատակով, ինչպես գիտես, վերցրի Գարդմանում պատրաստ ունեցած զորքս, որոնց թիվը ութ հազարի էր հասնում, և դիմեցի ուղղակի Ձորափոր: Առաջին գործս եղավ Կայյան բերդը պաշարելն ու առնելը: Այդտեղ Վասակ իշխանի հետ միասին պահեստի մեջ գտնվում էին նաև մի քանի ապստամբ նախարարաց կանայք: Վասակ իշխանի հետ միասին նրանց էլ ազատեցի, և մտադիր էի շատանալ միայն այդքանով, մինչև թագավորը Ափխազիայից կվերադառնար յուր զորքերով: Բայց Կայյան բերդից հեռացած զինվորները միացան մոտակա գյուղերի բնակիչների հետ և իմ հանդեպ գտնվող լեռան մեջ ամրանալով, սկսան իրանց ասպատակներով անհանգիստ անել իմ զորքերին: Ստիպված հարձակվեցի դրանց վրա, և որովհետև դրանք տեղի չտվին, ուստի մի քանի հարյուր հոգի ջարդեցի. իսկ գյուղացիներին խրատելու համար, որ մյուս անգամ չհամարձակվին իշխանների կռվին խառնվելու, հնձել տվի նրանց արտերը, կրակի մատնեցի և ապա հեռացա Գուգարաց լեռները: Ահա՛ այս գործի համար էր, որ մեր իշխանները սկսան ինձ մեղադրել, թեպետև իրանք այդպիսի դեպքում տասնապատիկ ավելի չարիքներ են հասցրել:

Ո՛չ, քեզ ավելի մեղադրում էինք նրա համար, որ ապստամբության դրոշ էիր պարզել այնպիսի մի ժամանակ, որ թագավորը Ափխազիայում զբաղված էր Գուրգենի դեմ կռիվ մղելով: Մենք արդեն հաղթել էինք նրան: Վրաց Ատրներսեհը միջնորդում էր խաղաղության համար, և արդեն դաշնագիրն ստորագրելու վրա էին, երբ գուժկան հասավ և հայտնեց, թե Սահակ իշխանը կրկին ապստամբելով` պետության գավառներն ավերում է: Թագավորը և մենք, առհասարակ, մնացինք շվարած, ոչ ոք չէր կարող հավատալ, թե դու կդրժեիր քո երդման և բոլորիս ներկայությամբ կնքած ուխտին, բայց իրողությունն անհերքելի էր: Ատրներսեհ թագավորն ինքը խորհուրդ տվավ արքային կիսատ թողնել Գուրգենի հետ կապելիք դաշնադրության գործը և շտապել Գուգարք, քո ավերումների առաջն առնելու:

Ես սպասողական դիրք էի առել և ոչ մի ավերմունք չպիտի անեի, իզուր էր ձեր շտապելը: Բայց թե ինչո՞ւ արքայի բացակայության ժամանակ ապստամբության դրոշ պարզեցի, դրա պատճառն այն էր, որ չէի կամենում որևէ ընդհարում ունենալ արքայական զորքերի հետ, չէի կամենում կոտորածի պատճառ դառնալ: Ես մինչև անգամ հույս ունեի, թե Ատրներսեհ թագավորը կամ դուք իշխաններդ կհամոզեք թագավորին բանակ չշարժել իմ դեմ, այլ խորհուրդ կտաք իրան միայնակ տեսնվել ինձ հետ և հաշտվել իբրև որդի` յուր հոր հետ: Այն ժամանակ իհարկե ես նրա հետ կխոսեի ինչ որ պետք էր, և, գուցե, շահավոր ընթացք առներ գործը: Բայց թագավորը զայրացած հեղեղի նման հասավ Գուգարք, նրան այլևս քաղցրությամբ դիմավորել անկարելի էր:

Այդ կետում դու անարդար ես, իշխա՛ն: Առաջին` մենք ամբողջ բանակը չշարժեցինք քո դեմ, այլ միայն մի քանի գնդերով եկանք...

Այդ ինձ հայտնի չէր. ինձ թվում էր, թե դուք զորքի մեծ մասը դարանում եք դրել:

Ասում եմ այդպես է. եկանք միայն մի քանի գնդերով: Եվ երկրորդ` թագավորը բանակի եպիսկոպոսին ուղարկեց քեզ մոտ պատգամավոր, հաշտություն խնդրեց. ինչո՞ւ չկամեցար հաշտվել, այլ ասել էիր եպիսկոպոսին, թե «Դու կա՛ց այստեղ իմ վրանում, ես կերթամ և նրան իմ սրով կտամ պատասխան»:

Այդ ճիշտ է. այդպես ասացի եպիսկոպոսին: Բայց ինչո՞ւ. իմացի՛ր, այժմ այո, զղջում եմ, բայց ես էլ մի մարդ էի, չկարողացա վայրկենական զայրույթս զսպելեպիսկոպոսն ինձ մատնացույց արավ իմ երդման գիրը, որ թագավորը կապել էր տվել բլրի վրա յուր զորքի առջև կանգնեցրած խաչի պատվանդանին: «Տե՛ս, — ասում էր ինձ եպիսկոպոսը, — դու դրժում ես այն երդմնագիրն. և եթե չհաշտվես, աշխարհը քեզ պիտի դատապարտն իբրև ուխտադյւուժ...»: Ես զայրույթից կատաղեցի. քո թագավորը յուր ձեռքում ուներ իմ երդման հետկարը և նրան տարածում էր խաչի վրա. դրանով կամենում էր աշխարհի առաջ դատապարտել ինձ իբրև ոճրագործի, ես ի՞նչ անեի, ասա՛ որտեղի՞ց գտնեի Սյունյաց եպիսկոպոսին և նրա ներկայությամբ թագավորի արած երդումները գրի անցնելով` տարածեի իմ խաչի վրա, որպեսզի աշխարհը տեսներ, թե ո՞վ է ուխտադրուժը, ո՞վ է ոճրագործը: Ի՞նչ անեի, կարո՞ղ էի նույնիսկ այս նամակը բանալ և կարդալ նրա զորքի և իշխանների առաջ... Թագավորը շոշափելի և տեսանելի ապացույցներ ուներ ձեռքին. ես ոչինչ չունեի. ինձ մնում էր գալ և սրով պատառել նրա սիրտը, որպեսզի այնտեղից դուրս հանեի յուր ինձ տված երդման հետկարը և ցույց տայի աշխարհին. ուրիշ բան չէի կարող անել: Միթե արդեն անխոհեմ զայրույթի ապացույցը չէր այն, որ ես փոխանակ իմ բազմաթիվ զորքն առաջ մղելու և ձեր մի քանի հարյուրից կազմած գունդն սպառսպուռ ջնջելու, սուսերամերկ զորքի առաջն ընկա և միայնակ դեպի բլուրը բարձրացա: Վերևից հարձակվող զորագունդն ինձ շրջապատեց: Որդիս թողեց ճակատը և վազեց դեպի ինձ. նա տեսնում էր, որ ես զայրույթից խելագարված` մահվան դեմ էի գնում, եկավ ինձ ազատելու, բայց ձեր սեպուհ գունդն ավելի քաջ գտնվեցավ. նա մեզ երկուսիս էլ մեջ առնելով գերի բռնեց. իսկ վանանդացի հրոսակները խառնեցին գարդմանացիների ճակատը: Աստված, Այո՛, աստված ինքը մատնեց ինձ իմ թշնամու ձեռքը, նա կամեցավ պատժել ինձ իմ գործած հանցանքների համար... Այո՛, աստված և ոչ թե Աշոտ թագավորն ընկճեց Սևադային: Ինքդ ասում ես, որ ձեր բանակը թողել էիք Ափխազիայում և միայն մի քանի հարյուր հոգվով եկել Գուգարք. ուրեմն այդ մի քանի հարյուր հոգին չէին կարող գարդմանացոց ութ հազար հոգուց կազմված բանակը ջախջախել: Բայց աստված ինձ և իմ որդուն մատնեց ձեր ձեռքը, և զորքն անառաջնորդ մնալով ցրվեցավ: Այդպե՞ս է թե ոչ:

Այդպես է:

Լա՛վ, այժմ ինձ ասա՛, եթե թագավորը կամենում էր հաշտվել ինձ հետ, եթե նա փախուստ էր տալիս արյունհեղությունից, ինչո՞ւ ուրեմն շաղախեց յուր ձեռքերը արյունով հենց այն ժամանակ, երբ այլևս ոչ մի տեղից վտանգ չէր սպառնում նրան: Նա արդեն գերի էր վերցրել ինձ և որդուս. Գարդմանա զորքերը ցրվել էին անհովիվ ոչխարների պես. ի՞նչն ուրեմն ստիպեց նրան կուրացնել ինձ և Գրիգորին` յուր հորը և եղբորը... Մարդո՞ւ թե գազանի սիրտ էր ապրում նրա կրծքի տակ...

Վախենում էր ապագա ապստամբությունից, ապագա վրեժխնդրությունից:

Ինչո՞ւ էր վախենում: Փառք աստուծո, հայոց թագավորը շատ ամրոցներ ուներ, կարող էր մեզ դնել նրանցից մեկի մեջ և պահապաններ կարգել մեզ վրա. ինչո՞ւ անպատճառ կուրացնել. ինչո՞ւ երկու մարդու, յուր իսկ հարազատների արևը հավիտյան խավարեցնել... Ինչպե՞ս կարողացավ նա դահճին այդ անագորույն հրամանը տալ... Ես դեռ ոչինչ, հասակս առած մարդ եմ, շատ բախտավոր օրեր եմ տեսել, երջանիկ ժամեր եմ անցրել և վերջապես հանցանքներ եմ գործել, որոնց համար գուցե արժանի էի պատժի, բայց իմ խեղճ զավակը, երիտասարդ, ծաղիկ հասակում, դեռ նորապսակ, դեռ սիրտը հույսերով լի, դեռ փառքի հետամուտ, ինչո՞ւ, ինչո՞ւ նրան էլ կուրացրավ. չէ՞ որ նա ո՛չ մի հանցանք, ո՛չ մի մասնակցություն չուներ այն դժոխային խռովությունների մեջ, որոնք ալեկոծում էին իմ թշվառ և յուր դաժան սիրտը, և որոնք մեզ միմյանց դեմ զինեցին: Մի՞թե, վերջապես, նա ամենափոքր գութ անգամ չուներ յուր թագուհու և ամուսնու, իմ ապաբախտ դստեր վրա, նրա, որ այնքան ջերմագին սիրում էր իրան... Ասում ես, որ կասկածում էր ապագա ապստամբությունի՞ց... Լավ, միթե կույրը չէ՞ր կարող վրեժխնդիր լինել:

Չէր սպասում:

Չէ՞ր սպասում. լա՛վ, այժմ թող տեսնե, թե ի՛նչ կարող է անել կույր վրիժառուն: Գնա՛ և հայտնի՛ր թագավորիդ, որ ես տանջվում էի յուր հաջողությունները լսելով: Երբ իմացա, որ յուր Աբաս եղբոր և Աշոտ բռնավորի հետ հաշտվել է և նրանց հետ միասին նորեն Դվինը գրավելով` ուրախության տոնախմբություններ է կատարում, բորբոքվեցա չարախնդության կրակով. սիրտս «վրեժ» էր գոռում, և ես լսեցի նրա ձայնին: Հրավիրեցի ինձ մոտ Ցլիկ Ամրամին, հայտնեցի նրան յուր կնոջ և թագավորի` միմյանց հետ ունեցած սիրահարական գաղտնիքները, վառեցի, բորբոքեցի նրա սրտում թունավոր նախանձի, թշնամության ու վրեժխնդրության անշիջանելի բոցը, ապստամբեցրի նրան անօրեն թագավորի դեմ. միացա նրա հետ և ես: Իսկ մեզ հետ կմիանան շուտով ուրիշ շատերը: Այն ժամանակ թող քո թագավորը պինդ բռնե յուր գահը և տեսնե, թե կույր վրիժառուի բազուկները կսասանե՞ն նրան թե ոչ...

Այդպիսով դուք ձեր վրեժը կլուծեք միայն ազգից և ոչ թե թագավորից, — վշտահար նկատեց Մարզպետունի իշխանը:

Ո՛չ, մենք մեր վրեժը կլուծենք միմիայն թագավորից:

Թագավորը չի հաղթահարվիլ: Ահա՛ նա գալիս է եգերացոց կատաղի զորքերով և անպատճառ կվանե Ցլիկ-Ամրամին, կջարդե նրա բոլոր զորքերը, որոնք դժբախտաբար միմիայն հայեր են: Գուցե նա կսպանե քո Դավիթ որդուն, որ այժմ Ամրամին զինակից է դարձել:

Ո՛չ, արդարադատ աստվածը չի հաջողիլ նրան, ես գուշակում եմ, և դու կտեսնես, որ այս անգամ, գոնե, աստուծո բազուկը կպատժի նրան...

Ա

ԿՈՒՅՐ ԱՉՔԸ ԿՆԵՐԵ, ԿՈՒՅՐ ՍԻՐՏԸ ՉԻ ՆԵՐԻԼ

Սևադա իշխանի խոսքերը ծանր տպավորություն արին Մարզպետունու վրա: Չնայելով, որ նա րոպեապես գրգռվելով սպառնաց իշխանին, թե «ահա՛ թագավորը կգա եգերացոց զորքերով, կվանե Ցլիկ-Ամրամին կամ կսպանե Դավիթ որդուդ և այլն», այնուամենայնիվ, Սևադայի վերջին գուշակությունը երկյուղ ազդեց նրա սրտին: Նա որքան քաջ, նույնչափ և բարեպաշտ ու երկյուղած էր. նա հավատում էր, որ աստված լսում է կույր ծերունիներին և կատարում է, օրհնությամբ կամ անեծքով, նրանց հայցած խնդիրները: Այս պատճառով մի գաղտնի և, մինչև այն իրան անծանոթ, կասկած պաշարեց յուր սիրտը: Նախազգացմո՞ւնք էր այս թե նախապաշարման ազդեցություն, հարկավ նա չէր կարող որոշել, բայց նա գիտեր, որ թագավորը հանցավոր է, և որ աստված, թեպետ երբեմն ուշ, բայց և այնպես, պատժում է հանցավորներին... Նա մտածում էր, որ թագավորը կարող էր հաղթվել, որ ապստամբները կարող էին ցրել եգերացիներին... Եվ այդ մի անպատվություն կլիներ հայոց արքայի համար, որ եկել էր յուրայինների հետ պատերազմելու օտար զորքերով... Իսկ այս անպատվության կհաջորդեին, անշուշտ, նոր կոտորածներ, նոր ավերումներ...

Այս մտքերը սարսափեցրին իշխանին: Բայց նա լուռ, նստած սպասում էր` թե ուրիշ ի՛նչ պիտի ասե Սևադան: Նա որոշել էր չհակառակել այլևս նրան, չգրգռել վիրավոր հոգին, այլ խոնարհիլ և խոսել հետը ողոքանոք: «Գուցե այդպիսով ամոքեմ կարծրացած սիրտը, կենդանացնեմ ընդարմացած խիղճը և նրա արդար ցասումից հայրենիքին սպառնացող վտանգը հեռացնեմ...», — մտածում էր նա:

Այդ միջոցին ներս մտավ ծառաներից մինը և ջուր բերավ հյուրին` լվաց վելու համար: Մարզպետունին ակնարկեց նրան` նախ Սևադա իշխանին մատուցանել կոնքը, որովհետև իրան, իբրե տարիքով նրանից փոքրի, վայել չէր առաջ լվացվել:

Սևադան, որի ուշադրությունից ոչինչ չէր վրիպում, ժպտալով նկատեց.

Զարմանում եմ, որ թագավորը մանկությունից սկսած մեծացել է քեզ հետ, բայց պատշաճից օրենքները հարգելու մասին ոչինչ չէ սովորել քեզանից:

Բայց նա ունի և ուրիշ շատ առավելություններ, որոնց համար կարժեր ներել յուր փոքրիկ թերությունները... — մեղմությամբ պատաս|սանեց Մարզպետունին:

Երբ նրանք լվացվեցան, երկու ուրիշ ծառաներ ներս բերին ընթրիքը, որ պատրաստված էր երկու արծաթյա դրվագազարդ խաների մեջ, որոնցից մինը դրին Մարզպետունու և մյուսը Սեադայի առաջ:

Մանկահասակ ծառաներից մինը չոքեց Սևադայի հանդեպ, որպեսզի օգնե նրան կերակուր առնելու. իսկ մյուսը կանգնած և արծաթե սրվակը ձեռին գինի էր մատռվակում ինչպես յուր տիրոջը, նույնպեսև հյուրին:

Բայց Մարզպետունին հուզված էր և գրեթե ոչինչ չէր ճաշակում: Սևադան այդ իմացավ մատռվակի մի պատասխանից և ժպտալով ասաց.

Տեսնո՞ւմ ես, իշխա՛ն, հասարակ ժողովուրդն ավելի խելոք է վարվում: Մի ժամ առաջ ասացի, թե նա յուր տանը մտնող հյուրի գալստյան պատճառները չի քննում, մինչև որ նրան կուշտ չի կերակրում: Բայց ես չկամեցա նրանց նմանվիլ: «Մենք օտարներ չենք. ասացի. տարօրինակ կլիներ, եթե մի վայրկյան առաջ չցանկանայինք տեղեկություններ առնել իրարից` մեզ հետաքրքրող խնդիրների մասին...»: Այժմ տեսնում եմ, որ սխալվել եմ: Եթե ես քո գալստյան պատճառը հարցրած և քեզ պատասխաններ տված չլինեի, այժմ դու ախորժանոք կերակուր կվայելեիր իմ տանը:

Այդպես է, իշխան, կեղծել չեմ կարող, — պատասխանեց Մարզպետունին, — լավ չէ, որ մենք առհասարակ չենք հետևում մեր փորձված պապերի խրատներին:

Այո՛, համաձայն եմ քեզ հետ. այդ խրատները սուրբ խրատներ են. երբեք չպիտի մոռանանք նրանց:

Բայց մենք մոռանում ենք հենց ամենից կարևորները: Այդ խրատներից մինը այն է, որ ասում է. «Զուգություն է մայր բարյաց, անզուգություն` ծնող չարյաց...»:

Սևադան մի վայրկյան լռեց և ապա ժպտալով դարձավ խոսակցին.

Դու ինձ կշտամբում ես, տեր Մարզպետունի, և իրավունք ունիս: Բայց ես խնդրում եմ, որ ընթրիքդ վայելես, այդ ինձ ավելի կուրախացնե, քան թե «զուգություններից» առաջացող բարիքները. որոնց շատ անգամ մենք չենք կարողանում բուն չարիքներից զանազանել...

Իշխանը հիշեց, որ որոշել էր չհակառակել, ուստի լռեց և սկսավ ուտել: Բայց նրա վրա, արդարև, ծանր ազդեցություն էր անում Սևադա իշխանի` ծառայի օգնությամբ կերակրվելը: Միայն այդ տեսարանին ներկա չլինելու համար նա կցանկանար, որ երբեք մտած չլիներ Գարդման: Չէ՞ որ նա տեսել էր այդ իշխանին առողջ ժամանակ, երբ նա ճեմում էր յուր առաջ ինչպես մի հսկա, կրակոտ աչքերով, հպարտ նայվածքով, դեմքի վեհ արտահայտությամբ... Իսկ ա՛յժմ... Այժմ կծկված էր նա տախտի մի անկյունում, ինչպես զառամյալ ծերուկ, նիհարած, դալկադեմ, և միայն հոգին էր, որ չէր ճնշվում նրա մեջ մարմնով կրած զրկանքներից:

Երբ ընթրիքը վերջացավ, Մարզպետունին հարցրեց, թե ինչո՞ւ Գրիգոր իշխանը չի կամենում գալ իրանց մոտ:

Գրիգորը նույնպես Ամրամի հետ է, — պատասխանեց Սևադան: — Դավիթ որդիս առաջնորդում է աղվանցի գնդերին, իսկ Գրիգորը` գարդմանացիներին:

Առաջնորդում է գարդմանցիների՞ն... — զարմացած հարցրեց Մարզպետունին:

Այո՛, առաջնորդում է: Մի՞թե այդ խոսքը զարմացնում է քեզ: Դու անշուշտ մտածում ես, թե ինչպե՛ս կարող է կույրը առաջնորդել. այնպես չէ՞: Բայց իմ զորքերը պատերազմի համար ուրիշ առաջնորդներ ունին: Գրիգորի ներկայությունն անհրաժեշտ է բանակում նրա համար, որ գարդմանացիք ամեն րոպե աչքի առաջ ունենան իրանց կույր իշխանին և սրտների մեջ վառ պահեն վրեժխնդրության կրակը: Ոչ մի զորապետի խրախույսը այնքան չի գրգռիլ իմ զորքերի քաջությունը, որքան իմ որդվո կուրությունը... Նրանք տիրասեր են և չեն հանգստանալ, մինչև որ իմ և նրա վրեժը չառնեն թագավորից:

Մարզպետունին զարմանում էր, որ Սևադան բանում էր նրա առաջ յուր սիրտն անկեղծորեն, հայտնում էր նրան, մինչև անգամ, յուր նախահոգակ դիտավորությունները, և այդ անում էր առանց քաշվելու կամ նույնիսկ վախենալու, թե ինքը, Մարզպետունին, իբրև արքայի հավատարիմ ու զինակից, կարող է խոչընդոտ լինել իրան յուր նպատակներն իրագործելու: Սևադայի այս վարմունքն ավելի ևս երկյուղ էր ազդում Մարզպետունու սրտին:

Եվ այդպես, դու ուրեմն հոգացել ես, որ գարդմանացոց վրեժխնդրությունը լինի անշիջանելի, իսկ ապստամբությունը` համաճարակ և կործանի՞չ, — հարցրեց իշխանը հուսահատ ձայնով:

Այո՛, տեր Մարզպետունի, ուրիշ կերպ վարվել չէի կարող, անիծի՛ր ինձ, եթե կամենում ես, բայց գիտակցիր, որ երբ բաժակը լցվում է, այն ժամանակ այլևս անկարելի է ավելացնել նրա վրա ուրիշ մի քանի կաթիլ և պահանջել, որ նա չթափվի...

Մարզպետունին զգաց, որ հասել է արդեն ժամանակը` գործադրել այն զենքերը, որոնցով միայն հնարավոր էր անողոք իշխանի սիրտն ամոքել. — այդ զենքերը յուր խնդիրներն ու աղաչանքներն էին: Այդպիսի զենքերով, իհարկե, նա չէր հայցիլ օտարից, նույնիսկ հայրենիքի փրկությունը, բայց մի ներքին խռովություն դադարեցնելու համար նա չէր քաշվում աղաչել հարազատին, որովհետև դրանով նա չպիտի նվաստացներ իրան, այլ պիտի բարձրացներ նույնիսկ Սևադայի աչքում: Այդ պատճառով ասաց.

Եթե ես ծունր չոքեի քո առաջ, Սևադա իշխան, համբուրեի քո ոտքերը և աղաչեի, որ խնայես դու եղբարցդ ու որդկերանցդ արյունը... արգելես այն կոտորածը, որ մի օրվա մեջ անթիվ ընտանիքներ պիտի կործանե, բյուրավոր մանուկներ պիտի որբացնե, կանայք ու հարսունք պիտի այրիացնե... Եթե հիշեցնեի քեզ նախ` քրիստոնեի և ապա` հայ մարդու սրբազան պարտքը, որ է` չարին չարյավ չհատուցանել և հայրենիքը կործանելու գնով անձնական վրեժխնդրությունը չհագեցնել... Ի՞նչ կանեիր դու, Սևադա իշխան, մի՞թե անողոք կմնայիր իմ աղաչանքների, իմ արտասուքների առաջ...

Ո՛չ մի խոսք այդ մասին, տեր Մարզպետունի: Բնությունն ուրիշ կերպ է ստեղծել մարդուն, իսկ մենք այլ կերպ ենք հասկանում նրան: Ապստամբած սիրտը չի հնազանդիլ ուղեղի հրամանին, իզուր ենք մենք այդ մասին խրատներ կարդում մեզ և իզուր էլ քրիստոնյաներ անվանում, մենք մեր կրքերի հպատակներն ենք և ոչ թե Քրիստոսի աշակերտներ: Քրիստոնյա մարդ չկա աշխարհում: Քրիստոսի պատվերը կատարում են միայն նրանք, որոնք զրկանք չեն կրել ապերախտ ընկերից կամ եթե կրել են, չեն կարողանում «ակն ընդ ական և ատամն ընդ ատաման» փոխարինել: Բայց նրանք, որոնք ուժ ունին փոխարինելու` փոխարինում են զրկանքը և այդ ավելի բնական է, քան քրիստոնեաբար ներելը:

Իսկ նրա՞նք, որոնք ուժ ունին վրեժխնդիր լինելու և սակայն ներում են...

Եթե կան այդպիսի մարդիկ, ապա նրանք գերբնական արարածներ, ճիշտ Քրիստոսի աշակերտներ են, բայց ես այդպիսիներին չեմ ճանաչում:

Դու եղի՛ր նրանցից մինը, Սևադա իշխան, մի՞թե քո սիրտն ավելի չի հպարտանալ այն ժամանակ, երբ մտածես, թե կարող էիր վրեժխնդիր լինել և սակայն ներեցիր, քան այն ժամանակ, երբ վրեժխնդիր լինելով` շուրջդ ավեր և սրածություն սփռես: Ով որ գիտե, թե ո՛րն է բարին և լավագույնը և սակայն գործում է հակառակը, նա մի չարագործ է: Անշուշտ Գարդմանա տերը չի ցանկանալ, որ մեզանից մինը համարձակվի նրան այդ անունը տալ:

Գարդմանա տերը, դժբախտաբար, մի հասարակ մարդ է. բնությունը նրա կրծքի տակ դրել է այնպիսի մի սիրտ, որպիսին ունին և ուրիշները. նա չի կարող զգալ այն, ինչ որ չեն զգում յուր նմանները:

Ո՛չ, Գարդմանա տերը մի սինլքոր կամ գեղջուկ չէ, որ չճանաչե առաքինությունը, նա գիտե, թե որքան քաղցր է ներելն և պիտի ներե անշուշտ: Ես խնդրում եմ քեզանից այդ շնորհը այն մայրերի և կանանց բերանից, որոնց որդիներն ու ամուսինները պիտի զոհվեն քո վրեժխնդրությանը:

Տե՛ր Մարզպետունի, դու ինձ զինաթափ ես անում. քո խոսքերը ճնշում են իմ սիրտը, որովհետև դու նստած ես այժմ իմ առաջ, և ես լսում եմ քո կենդանի բարբառը: Բայց երբ դու հեռանաս և ես մնամ միայնակ, երբ այս ահագին սրահի մեջ չղջիկները գան ինձ ընկերանալու, երբ առավոտյան արևը բերե ինձ նույն խավարը` ինչ որ բերել էր գիշերը, երբ երկու քայլ փոխելու համար կարոտեմ իմ ծառաների շնորհին, երբ տենչանոք տենչամ, բայց չկարողանամ լսել իմ լծակցի մխիթարական մի խոսքը և մտածեմ, որ քո թագավորի անողորմ հրամանը գերեզման տարավ նրան, այն ամուսնասեր կնոջը, այն որդեսեր ծնողին... երբ լսեմ իմ թշվառ հարսի տխուր երգերը կամ կույր ամուսնու սև բախտը լացող նրա ողբերը... Երբ Գրիգորի որդին` փոքրիկ Սևադան, գա հարյուրերորդ անգամ ինձ հարցնելու թե` «Պապիկ, դու ծերացար, աստված քեզ կուրացրեց, իսկ իմ հայրը ինչո՞ւ համար է կույր...», ասա՛, տե՛ր Մարզպետունի, երբ այս բոլորը գան և աղմկեն ուղեղս, խռովեն հոգիս, երբ սիրտս անընդհատ գոռա` «վրե՜ժ, վրեժ անզգամին...», ի՞նչ անեմ ես այն ժամանակ...

Ի՞նչ անես այն ժամանակ:

Այո՛, ասա՛, ես ինքս կամենում եմ ինձ հաղթահարել:

Ի՞նչ արավ Սմբատ թագավորը, երբ յուր աշխարհի ավերումը տեսնելով` իջավ Կապույտ բերդից և յուր անձը մատնեց թշնամուն. ի՞նչ արավ, երբ դահիճները յուր թաշկինակն առնելով` վարոցներով բերանը խրեցին, երբ կզակին գելարաններ դնելով` չվանով պարանոցը պրկեցին, երբ ծանր բեռներ գլխին թափելով` տասնյակ հոգի վրան նստեցրին, երբ վերջապես դյուցազնի շունչը հատեցնել չկարողանալով` նրա անդամներն սկսան հոշոտել և վերջը խաչի վրա տարածել...

Следующая страница