Մուրացան՝   Գևորգ Մարզպետունի

Սևադան լուռ էր:

Ոչինչ չարավ. նա ասաց. «Տե՛ր, ընդունի՛ր այս զոհը, որ բերում եմ իմ ազգի համար, և փոխարեն` փրկի՛ր իմ ժողովուրդը պատուհասից...»: Նա ասաց. «Լավ է մեզ, զի այր մի մեռանիցի ի վերայ ժողովրդնանս և մի՛ ամենայն ազգս կորիցե...», և հոժարությամբ հանձն առավ նահատակությունը: Դու էլ, իշխան, ընդունիր, թե չարագործ հագարացու մինն է քեզ կուրացրել, և այն ժամանակ անտրտունջ կարող ես կրկնել նույն խոսքերը, երբ տխուր միայնությունը, ցերեկվա խավարը, սիրեցյալ ամուսնուդ հիշատակը, հարսիդ ողբերը և փոքրիկ Սևադայի թոթովանքը կգան քո սիրտը և հոգին վրդովելու... Հագարացի գազաններին աղաչել, համոզել անկարելի էր, նրանց հոգվո ծարավը արյունն էր զովացնում, բայց հայ իշխանին աստված այդ հոգին չէ տվել. ուրեմն նա պիտի լսե յուր խղճի ձայնին, պիտի լսե իմ աղաչանքին և հավատա, որ նույնիսկ իմ բերանով խոսում է յուր հետ ազգի ամեն մի թշվառացող անդամ:

Սևադան լուռ էր մի քանի վայրկյան. հանկարծ նա գլուխը բարձրացնելով հարցրեց.

Ի՞նչ է քո պահանջն ինձանից, Գևորգ իշխան:

Այն, որ հեռացնես Ամրամից քո զույգ որդիներին և հետ կանչես Ուտիքից թե՛ Աղվանից և թե՛ Գարդմանա գնդերը:

Աևադան կրկին գլուխը կախեց և սկսավ մտածել: Սենյակում մի առ ժամանակ լռություն տիրեց:

Բայց Գևորգ իշխանն զգում էր արդեն, որ յուր խոսքերը ցանկալի տպավորություն արին Սևադայի վրա, ուստի սրտատրոփ սպասում էր նրա համաձայնության:

Եվ ահա՛, վերջապես, Սևադան խոսեց.

Դու ինձ համոզեցիր, տեր Մարզպետունի. իմ մեջ շարժեցիր նախանձավորության զգացում, ես չեմ կամենում, որ դու հայրենասիրությամբ գերազանցես ինձ: Թո՛ղ այդպես լինի, ես թողնում եմ վրեժխնդրությունը... Բայց բռնկած ապստամբությունը խաղաղելու համար կա և մի ուրիշ արգելք, որ ես բառնալ չեմ կարող, այդ աշխատությունը դու պիտի հանձն առնես:

Ամենայն ուրախությամբ, աշխատությունից ես չեմ փախչում, միայն թե ասա՛ ո՞րն է արգելքը:

Ես իմ որդիներին կհամոզեմ և կվերադարձնեմ իրանց զորքերով, բայց Ցլիկ-Ամրամին համոզել չեմ կարող, որովհետև ինքս եմ թշնամության կրակը վառել նրա սրտում, այժմ ինչպե՛ս հակառակ խորհուրդ տալ նրան:

Այդ նեղությունը ես հանձն կառնեմ, — ասաց Մարզպետունին:

Շատ գեղեցիկ, բայց իմացած եղիր, որ մինչև Ամրամը չհամոզվի հետ կանգնել յուր մտադրությունից, ես իմ զորքերը չեմ բաժանհլ նրանից: Որովհետև խոսք եմ տվել աջակցել նրան ամեն դեպքում, ուրեմն և իմ խոսքը դրժել չեմ կարող: Այժմ դու գնա Ամրամի մոտ, աշխատի՛ր համոզել նրան, որ հնազանդե յուր թագավորին: Եթե կհաջողես ձեռնարկությանդ մեջ, սուրհանդակ ղրկիր ինձ, և ես իսկույն հարկ եղած հրահանգները կտամ իմ որդվոց, որ հեռանան Ուտիքից իրանց զորքերով: Իսկ եթե չես հաջողիլ, այն ժամանակ իմացիր, որ աստված չի կամենում անցնել փորձության բաժակը, և ուրեմն մեզանից մեկը պիտի դատարկե այն...

Մարզպետունի իշխանը սաստիկ ուրախացավ և յուր շնորհակալությունը Սևադային հայտնելու համար առավ նրա աջը և համբուրեց: Իշխանի կարծիքով ամենամեծ դժվարությունն արդեն բարձվել էր: Սևադան, որ ամենքից ճանաչված էր իբր անողոքելի մի քարաժայռ, ահա՛, համոզվել էր. ի՞նչ դժվարություն կար, ուրեմն, Ցլիկ-Ամրամին համոզելու, մի մարդու, որ համառություն չուներ և որ ի բնե ստեղծված էր բարի սրտով:

Այս մտածմունքով հեռացավ Սևադայից իշխանը և գնաց հանգստանալու դղյակի լավագույն քնարաններից մինում, ուր առաջնորդեց նրան իշխանի սենեկապետը:

Փափուկ անկողինը և շրջապատող լռությունը շուտով թմրություն բերին իշխանի հոգնած անդամներին, և անուշարար քունը նրա աչքերը փակեց:

Լույսը դեռ նոր էր բացվում, որ Մարզպետունի իշխանը հագնվելով` իջավ դղյակի բակը և ծառաներից մինին զարթեցնելով` հրամայեց յուր ձին թամբել: Եղանակը ցուրտ էր և երկինքն ամպամած: Աշնանային եղյամը ծածկել էր գետինը և. հիշեցնում էր մոտալուտ ձմեռը: Ծառան, որ նոր էր տաք անկողնից ելել, ցրտի ազդեցությունից կծկված, դժվարանում էր շտապով ավարտել գործը: Իշխանը համբերել չկարողացավ, վայրկյանները թանկ էին նրա համար. «Այդպե՞ս են գործ կատարում այստեղ», — կշտամբեց նա ծառային և նժույգն առաջ քաշելով` արագ-արագ ամրացրեց թամբի կապերը:

Այնուհետև նորից բարձրանալով վերին դստիկոնը` զարթեցրեց Սևադայի բարապանին` իմանալու համար, թե արդյոք կարո՞ղ է տեսնել իշխանին: Նրանց խոսակցության ձայնն առավ սենեկապանը և դուրս եկավ միջանցքը: Նա զարմացավ Գևորգ իշխանին այդպես վաղ այդտեղ տեսնելով:

Ի՞նչ եք հրամայում, իշխան, — հարցրեց նա Մարզպետունուն:

Եթե կարող ես զարթեցնել իշխանին, հայտնի՛ր նրան, որ ես կամենում եմ գնալ և կուզեի տեսնել իրան, — ասաց իշխանը:

Սենեկապանը ներս մտավ և մի քանի վայրկյանից վերադառնալով, հայտնեց, որ իշխանն սպասում է իրան:

Մարզպետունին հետևելով սենեկապետին և մի երկու փոքրիկ խուցեր անցնելով` մտավ Սևադայի ննջարանը և սաղավարտը հանելով մոտեցավ իշխանի մահճակալին:

Սենյակը լուսավորում էր տակավին փոքրիկ արծաթյա կանթեղը, իսկ իշխանը նստած էր մահճի մեջ գիշերային լոդիկով:

Ինչո՞ւ այսպես վաղ, սիրելի՛ իշխան,-հարցրեց Սևադան:

Կամենում եմ այսօր ևեթ հասնել Ամրամի բանակը, ժամանակը թանկ է, պետք է շտապել:

Բայց դու գիտե՞ս, թե որտե՛ղ է նա բանակած:

Երբ շրջում էի Ուտիքում, ինձ ասացին, որ նա անցել է Աղստև և գտնվում է Տավուշ բերդի մոտ: Իսկ այժմ որտե՛ղ լինելը չգիտեմ, եկա, որ այդ մասին տեղեկություն առնեմ քեզանից:

Երկու օր առաջ մեր գնդերը բանակած էին Սադամի ափին, իսկ Ամրամը գտնվում էր դեռ Տավուշի մոտ: Եթե թագավորի գալստյան մասին լուր առած լինին, ուրեմն բանակները կմիացնեն... Գնա՛ և այդ կողմերը կպատահես նրանց:

Իսկ դու չե՞ս կարող հայտնել, թե որտե՛ղ պիտի միանան բանակները, — հարցրեց իշխանը ժպտալով:

Ոչ. ես իրավունք չունիմ հայտնելու: Եվ դու, իշխան, այդ չպիտի պահանջես ինձանից: Դու ինձ համոզեցիր, և ես տվի քեզ իմ համաձայնությունը` հաշտվել թագավորի հետ: Այդ ես կարող էի անել: Գնա՛ այժմ համոզիր Ցլիկ-Ամրամին. եթե կհաջողիս, լավ. եթե ո՛չ, պատերազմը նրա կողմից անխուսափելի է. ուրեմն և բանակի գաղտնիքը քեզ բանալն` անկարելի:

Շատ լավ: Թո՛ղ այդպես լինի: Շնորհակալ եմ արդեն քո համաձայնության համար: Այժմ տո՛ւր ինձ քո օրհնությունը, և ես կերթամ: Այդ օրհնությունը կհաջողե իմ ճանապարհը:

Աստվա՛ծ թող օրհնե այդ ճանապարհը: Դու խաղաղության և հաշտության միջնորդ ես, անկարելի է, որ նախախնամությունը չհաջողե քեզ: Բայց եթե նա կանխավ որոշել է պատժել հանցավորին...

Ես կանեմ այն, ինչ որ հրամայում է ինձ իմ պարտքը և հայրենիքը, իսկ աստուծո կամքը... մենք միայն կարող ենք օրհնել:

Այս ասելով իշխանը մոտեցավ Սևադային, գրկեց նրան և համբուրելով` հեռացավ:

Մի քառորդ ժամից նա Վահրամ բերդակալի մոտ էր:

Թանձր ու երկար այծենակաճի մեջ փաթաթված և խոշոր գլուխը պողպատե գլխանոցով ծածկած` անցուդարձ էր անում բերդակալը յուր դիտանոցի առաջ, երբ մոտեցավ նրան Մարզպետունին:

Գիտեի, որ այդպես վաղ պիտի բաժանվիս իշխանից, ուստի լուսածագին դուրս եկա տանից, որպեսզի հրամայեմ ամրոցի դռները բանալու, — ասաց բերդակալը իշխանին և մոտենալով նրան, հետաքրքրությամբ հարցրեց, թե արդյոք կարողացա՞վ անծանոթ մնալ Սևադայից կամ թե տեղեկացա՞վ ցանկացած գաղտնիքներին:

Իշխանը պատմեց նրան համառոտ ինչ որ պատահել էր իրան կամ ինչ որ խոսել էր Սևադայի հետ և լսել նրանից, ծածկելով, իհարկե, այն ամենը, ինչ որ ապստամբությունը գրգռող «ընտանեկան գժտություններին ու սիրային գաղտնիքներին» էր վերաբերում: Այդ պատճառների հետ, իշխանի կարծիքով, անկարելի էր ծանոթացնել արտաքին պաշտոնյաներին:

Բարեսիրտ Վահրամը զարմացավ` տեսնելով, որ ինքն այնքան մոտիկ ապրելով Սևադային, չէր կարողացել նրա գաղտնիքները ճանաչել, և դեռ մինչև այդ րոպեին չգիտեր, թե Ցլիկ-Ամրամին ապստամբեցնողը Սևադան է եղել:

Իշխանը կամեցավ օգուտ քաղել այդ բանից` բերդակալի մտերմությունն ավելի վաստակելու համար:

Ի՞նչ ես կարծում, բարեկամ, — ասաց նրան ծիծաղելով, — եթե Սևադան ճանաչած չլիներ քեզ, մի՞թե թույլ կտար, որ դու մնայիր այստեղ` այդ պաշտոնում:

Ի՞նչ, մի՞թե նա գիտե, որ ես դեռ հավատարիմ եմ թագավորին:

Նա ամեն բան գիտե. բայց նա ճանաչում է քեզ:

Ինչպե՞ս թե ճանաչում է ինձ:

Նա գիտե, որ դու նրան վնասել չես կարող:

Ինչպե՞ս թե չեմ կարող, քաջությունն է իմ մեջ պակաս, թե՞ բազուկներս են ծերությունից թուլացել, — ջերմությամբ հարցրեց բերդակալը:

Նա մինչև անգամ համոզված է, որ դու թագավորիդ պաշտպանել չես կարող, եթե հարկը պահանջե, — հարեց Մարզպետունին, կամենալով գրգռել բերդակալի ինքնասիրությունը:

Եվ նա այդ մասին խոսե՞ց քեզ հետ, — հուզված հարցրեց Վահրամը:

Ո՛չ, հայտնապես ոչինչ չասաց...

Հայտնապես ոչինչ չասա՞ց. հասկանում եմ. բայց ակնարկությունից դու այդ գուշակեցիր... Լա՛վ, ես կստիպեմ այդ մարդուն հարգել ինձ... Գևորգ իշխան, ես այժմ քեզ հետ եմ, — դիմեց նա Մարզպետունուն վճռական եղանակով: — Գնա՛, աշխատի՛ր, որ նախ հաշտությունը կայանա, իսկ եթե այդ չի հաջողիլ, անմիջապես սուրհանդակ ղրկիր ինձ, հետևյալ օրը ես քո մոտ կլինեմ: Այս սուրը ճանապարհ կբանա իմ թագավորի համար ինչպես Ուտիքը, նույնպես և Գարդմանը նորից գրավելու: — Այս ասելու ժամանակ նա բացավ լայնադրոշ այծենակաճը և զորեղ ձեռքը դրավ վաղակավորի երախակալի վրա:

Մարզպետունին ուրախացավ յուր սրտում, որ կարողացավ հուզել Վահրամին և այդ խոստումն առնել նրանից: Թագավորը, արդարև, կարիք ուներ այդ միջոցին Վահրամի նման անձանց աջակցության: Նա այն քաջերի թվին էր պատկանում, որոնք սկզբում զգուշությամբ են մոտենում վտանգին, բայց մի անգամ մոտենալուց հետ` այլևս չեն վախենում նրանից:

Տո՛ւր ինձ քո ձեռքը և երդվի՛ր, որ ո՛ւր որ էլ լինեմ` պիտի գաս իմ կոչին, թեկուզ մահվան դիմավորելու համար, — ասաց Մարզպետունին, յուր թափանցող հայացքը, սևեռելով բերդակալի աչքերին:

Երդվում եմ Լուսավորչի սուրբ աջովը... — հարեց իսկույն Վահրամը և ձեռքը տվավ Մարզպետունուն:

Վերջինս սեղմեց նրան ջերմությամբ և ասաց.

Շնորհակալ եմ, Վահրամ իշխան, մինչև այժմ ես իրավունք ունեի միայն մի անձի վրա, որին կարող էի զոհել գահի և հայրենիքի սիրույն: Այս վայրկյանից ուրեմն իրավունք եմ ստանում երկու անձի վրա...

Այո՛, Վահրամ սեպուհը նույնպես քեզ է պատկանում, զոհի՛ր նրան, երբ հարկը կպահանջե, միայն թե հայրենիքի փրկության սեղանի վրա:

Ես ուրիշ սեղան չեմ ճանաչում, և ահա՛ այս վայրկյանից քո ձեռքն եմ հանձնում իմ հույսը և հավատը...

Այս ասելով իշխանը գրկեց բերդակալին, համբուրեց նրան ջերմությամբ և մի քանի ուրիշ պատվերներ էլ տալով, աշտանակեց յուր նժույգը և սրարշավ դուրս եկավ ամրոցից:

Իշխանի թիկնապահը, որ Գարդման ավանում անախորժ նորություններ էր լսել, և այդ պատճառով գրեթե ամբողջ գիշերն անցրել էր անհանգստության մեջ, վաղ առավոտվանից ելնելով` ուղղվեցավ դեպի ամրոցը: Նա աշխատում էր մի վայրկյան առաջ հասնել այնտեղ, վախենալով` թե գուցե յուր տիրոջը մի վտանգ հասնի ապստամբ իշխանից:

Բայց որքա՛ն մեծ եղավ նրա զարմանքն ու ուրախությունը, երբ դեռ Գարդմանա գետակը չանցած` տեսավ իշխանին, որ իջնում էր ամրոցի զառիվայրից:

Ո՞ւր և ինչո՞ւ այդպես վաղ, Եզնիկ, — հարցրեց իշխանը յուր թիկնապահին, երբ նրանք մոտեցան միմյանց:

Տե՛ր իմ, եթե մութով կարողանայի մտնել ամրոցը, նույնիսկ այս գիշեր կգայի քեզ մոտ, — պատասխանեց թիկնապահը, — բայց գիտեի, որ Գարդմանը անմատչելի է ծակամուտների համար:

Ի՞նչ կա, ինչո՞ւ էիր շտապում:

Նորություններ իմացա, գալիս էի քեզ մոտ. վախենում էի, թե գուցե մի վտանգ հասնի քեզ իշխանից:

Ես, փառք աստուծո, ահա ողջ-առողջ նստած եմ Սևուկիս վրա. բայց դու ի՞նչ նորություններ լսեցիր:

Անախորժ նորություններ: Իմ հյուրընկալ քահանան ոչինչ չէր կամենում ասել:

Հետո՞:

Բոլոր փողերս նրա տանը թողեցի: Մի մասը աջհամբույր տվի իրան, մի մասը տիրուհուն ընծայեցի, մնացյալն էլ աղջկան տվի իբրև ոտնլվայի նվեր:

Իսկ աղջիկը գեղեցի՞կ էր:

Ո՛հ, տեր իմ, անշուշտ ուրախ է սիրտդ, որ Եզնիկի հետ կատակ ես անում, և իրավ շատ գեղեցիկ էր. սևաչյա, կարմրաթուշիկ, երկայնահեր...

Ինչո՞ւ չնշանվեցար:

Հա՛, քահանային կաշառելո՞ւ համար... Բայց ես նրան ուրիշ բանով կաշառեցի. խոստացա, թե «կխնդրեմ իշխանին, որ քեզ տեղափոխել տա Դվին»:

Զարմանալի է. այդ գեղջուկն էլ է մայրաքաղաքում քահանայություն անել փափագում.

Դու չէի՞ր ուրախանալ, եթե քեզ հարյուրապետ կարգեինք:

Ինչո՞ւ չէ, բայց ես կարող էի առյուծի պես կռվել:

Է՛հ, քահանան էլ կարող է մկրտել, պսակել, թաղել. մայրաքաղաքումն էլ մարդիկ այնպես են ծնվում ու մեռնում, ինչպես և գյուղերում:

Այդպես է, տե՛ր:

Բայց դու ի՞նչ իմացար քահանայից:

Արքայից ապստամբած են նաև աղվանցիք ու գարդմանացիք. և այդ արել է Սևադան: Տեր հայրը պատմեց, թե «Մի օր մեր գյուղապետն եկավ և իշխանի հրամանով հրավիրեց բոլոր գյուղացիներին եկեղեցվո բակը և երդվեցրավ նրանց զենք առնել թագավորի դեմ: Բոլորը երդվեցան: Մյուս գյուղերում ու ավաններում էլ նույնն են արել: Երեք օրվա ընթացքում, ասում էր տեր հայրը, չորս հազար մարդ է հավաքվել Դավիթ իշխանի դրոշակի տակ: Այդ բանակով նա գնացել է Ուտիք: Իսկ գյուղերում մնացող ժողովուրդը երդվել է` չոր հաց անգամ չտալ արքայական զորքին»:

Այդ բոլորը ես գիտեմ, փողերդ իզուր ես վատնել. — ասաց իշխանը: Ապա հաղորդելով նրան մի քանի կարևոր նորություններ, հարցրեց: — Ի՞նչ իմացար դու բանակի շարժման մասին, արդյոք ապստամբները մինչև ո՞ւր պիտի դիմավորեն թագավորին կամ գարդմանացիք որտե՞ղ պիտի միանան ուտիացիներին:

Այդ մասին ոչինչ չիմացա, չնայելով, որ հենց այդ նպատակով երկու ժամ էլ գինետանն անցրի: Միայն թե այդտեղ պատահեցի մի դասալիք զինվորի, որ փախել էր Տավուշի ձորից: Նա պատմում էր, թե Ամրամի մի քանի խմբերը շրջում են Կուրի եղեգնուտներում և նպատակ ունին նետահար անել արքային, հենց գետի վրայից անցնելու ժամանակ, որովհետև Ամրամը վախենում է եգերացիներից և չի կամենում ազատ դաշտի վրա ճակատել նրանց դեմ:

Այդ նրանց չի հաջողիլ, — նկատեց իշխանը հանգստությամբ, — թագավորի թիկնապահները վանանդացիք են. նրանց վահանափակը կայծակն անգամ չի թափանցել, ուր մնաց ուտիացիների նետերը:

Բայց եթե ափխազաց զորքերը հասնեն, — ասում էր դասալիքը,-այն ժամանակ Ամրամը համարձակ կճակատե թագավորի դեմ:

Ի՞նչ, ափխազաց զորքե՞րը, — կարծես լսածին չհավատալով հարցրեց իշխանը:

Այո՛, ափխազաց զորքերը: Ցլիկ-Ամրամը խոստացել է Գուրգենին Ուտիքը հանձնել նրան, եթե վերջինս կօգնե իրան այս ապստամբության գործում:

Որտեղի՞ց գիտեր դասալիքը Ամրամի այդ գաղտնիքը:

Նա մի քանի օր շարունակ Ամրամի հետամուտների հետ միասին շրջել է եղեգնուտներում: Նրան ուտիացիք խոստումներ են արել, թե Ամրամ իշխանը նրան էլ իրանց հետ կտանե Ափխազիա, ուր ինքը` Ցլիկը պիտի տեղափոխվի` Ուտիքը Գուրգենին հանձնելուց և նրա փոխարեն Ափխազիայում ուրիշ երկիր ստանալուց հետ: Հենց այդ խոստումն էլ պատճառ է դարձել, որ այդ զորականը հեռացել է նրանից: Պատվական հայ էր այդ դասալիքը: «Եթե Ամրամը պիտի հեռանա Ափխազիա, մենք ինչո՞ւ նրա պատճառով կռվենք մեր թագավորի դեմ», — ասում էր նա ինձ:

Իշխանի դեմքը մռայլվեց: Թիկնապահի հաղորդածը երկյուղ ազդեց նրա սրտին: Մինչև այդ` նա պարուրում էր իրան այն հուսով, թե գուցե արքայի մեծ զորքով երևալն ստիպե Ամրամին հետ քաշվել յուր ամրոցը, և պատերազմը տեղի չունենա: Բայց այժմ, երբ իմացավ, թե ափխազաց Գուրգենն էլ խառն է գործի մեջ, չափազանց տխրեց: Ամրամը օտարի այդ աջակցության վրա վստահանալով կարող էր մեծ վնաս հասցնել երկրին:

Իշխանին մնում էր մի նվազ հույս, այն է` ապավինել յուր կորովին և պերճախոսությանը` ապստամբի սիրտը կակղացնելու համար: Դրանից զատ նա չգիտեր ուրիշ մի ելք, որով կարելի լիներ չարիքի առաջն առնել:

Տե՛ր իմ, ափխազաց այդ հին գայլը մեզ շատ վնասներ հասցրավ, ե՞րբ պիտի կարողանանք պատժել նրան, — հարցրեց Եզնիկն իշխանին:

Երբ որ աստված կամենա, — անուշադիր եղանակով պատասխանեց իշխանը և սկսավ ձիու ընթացքն արագացնել:

Բայց մենք ո՞ւր ենք գնում,-հարցրեց թիկնապահը` իշխանին հետևելով:

Մենք այսօր ևեթ պիտի աշխատենք հասնել Ամրամի բանակը, մեր կորցրած ամեն մի ժամը կարող է մի նոր վտանգ ծնել մեզ համար:

Կերթանք առանց հանգստանալու: Բայց ձիաների ուժը չի բավիլ այդքան ճանապարհը մի օրում կտրելու:

Ինչո՞ւ, քանի՞ փարսախ է այստեղից մինչև Տավուշ:

Հարյուրից ավելի: Մենք հազիվ կարող ենք երեկոյան Սագամի ձորն անցնել:

Իսկ առավո՞տը:

Այո՛, լուսածագին կմտնենք Տավուշ:

Այդ էլ բավական է. շտապենք, — ասաց իշխանը և մտրակը շարժեց: Սևուկն սկսավ սուրալ հողմի պես. թիկնապահը հետևում էր նրան:

Երեկոյան դեմ մեր ճանապարհորդները գտնվում էին Սագամի ձորում: Գետափին հանգստացող մի քանի գյուղացիներ տեղեկություն տվին նրանց, որ Դավիթ ու Գրիգոր իշխանների բանակը չվել էր այդտեղից հենց միևնույն օրը, և թե Ամրամի զորքերը գտնվում են այդ միջոցին Աղստև և Կուր գետերի խառնուրդի մոտ:

Ցանկալի էր իմանալ, թե ինչո՞ւ Ամրամը հեռացել է այդքան յուր ամրոցից, — հարցրեց Եզնիկն իշխանին, երբ նրանք գետն անցնելով` դեմ դրին դեպի դաշտավայրը:

Այդ նշան է, որ ափխազցիները մոտենում են նրան: Ահա գարդմանացիք էլ այստեղից են չվել: Կնշանակե նրանք միացնում են բանակները:

Ուրեմն թագավորի գալստյան մասին լո՞ւր ունին առած:

Անշո՛ւշտ, ապա թե ոչ, ինչո՞ւ այդքան զորքերը միասին կխմբեին, չէ՞ որ մի քանի օրվա մեջ բոլոր շրջակաների պաշարը կարող էին նրանք սպառել:

Տե՛ր, ինձ թվում է, թե մենք պատերազմին պիտի մասնակցենք և ոչ թե հաշտությանը, այնպես չէ՞, — հարցրեց Եզնիկը մի առանձին անհանգստությամբ:

Այդ աստծուն է հայտնի, տեսնենք, թե առավոտը ի՛նչ օր կծագե մեզ համար, — պատասխանեց իշխանը, ըստ երևույթին անփույթ եղանակով, բայց նա իսկապես տանջվում էր տխուր մտածմունքներից: Մի ծանր նախազգացում ճնշում էր յուր սիրտը, և կարծես այդ ճնշումից ազատվելու համար էր, որ նա շարունակ արագացնում էր ձիու ընթացքը:

Իշխանն ու թիկնապահը անցուցեն այդ գիշեր Սևորդյաց ձորի գյուղերից մինում: Այդտեղ իմացան, որ Ցլիկ-Ամրամը յուր և իրան հետ եղող ապստամբ իշխանների ընտանիքներն ամրացրել է Տավուշ բերդում, իսկ ինքը առաջացել է դեպի Աղստև, որպեսզի թագավորին հանդիպե ամրոցից հեռու: Այդ նրա համար էր, որ նախ` պատերազմի արհավիրներով չահաբեկե ամրոցաբնակ տիկնանց, և երկրորդ` որ ինքն ավելի ազատ լինի յուր գործառնությանց մեջ. այսինքն` եթե պարտություն կրելու լիներ, կարող էր քաշվել լեռները, մինչև որ նորից կկարգավորեր յուր բանակը, իսկ եթե թագավորը որոշեր պաշարել յուր բերդը, այն ժամանակ նա կհարձակվեր ետևից և այդպիսով կազատեր բերդը պաշարումից:

Այդ բոլոր ծրագիրները հայտնի դարձան Մարզպետունուն, հենց որ նա Ամրամի Տավուշից հեռանալն իմացավ:

Ուրեմն մենք գործ չունինք նրա ամրոցում, — ասաց իշխանը թիկնապահին. — առավոտն արդեն պիտի հասնինք Աղստև:

Դեռ արևը չծագած կարող ենք Հասանի ջուրն անցնել, — պատասխանեց թիկնապահը:

Նրանք պառկեցին մի քանի ժամ հանգիստ առնելու համար:

Հետևյալ առավոտ, հազիվ արևը հորիզոնից մի ասպարեզ բարձրացած, իշխանն ու յուր թիկնապահը Աղստևի հովիտը հասան:

Դաշնակից ապստամբների վրանները բռնած էին հովտի բոլոր տարածությունը` սկսած Աղստևի գետաբերանից մինչև մոտակա լեռան ստորոտը: Հովտի արեգընդդեմ մասի վրա զարկած էին ուտիացոց ու սևորդյաց վրանները: Նրանցից մի ասպարեզ հեռու գտնվում էին գարդմանացիք ու աղվանք: Նրանց բոլորի վրաններն էլ շարված էին կանոնավոր ուղղությամբ և ներկայացնում էին մի քանի ընդարձակ քառակուսիներ, որոնց յուրաքանչյուրի մեջտեղում գտնվում էր զորավարի կամ իշխանի վրանը: Բայց բանակի ոչ մի կողմից պատնեշ չկար դրված. այդ նշան էր, որ զորքը նպատակ չուներ այդտեղ երկար մնալու:

Նոր էին հասել և դաշնակից ափխազցիները, որոնք և խառն ու անկանոն կերպով խփել էին իրանց վրանները դեպի Կուրը ձգվող դաշտավայրի վրա:

Ապստամբների այս ահագին պատրաստությունը տեսնելով` Մարզպետունի իշխանը դառնությամբ բացականչեց.

Ինչպե՜ս լավ համախմբվում են` իրանք իրանց կործանելու համար:

Չէիր սպասում այսպիսի կազմության, տեր իմ, այնպես չէ՞, — հարցրեց Եզնիկը ժպտալով:

Բնա՛վ: Թշվառականները միայն հարազատի դեմ են լավ զինվում... կամ երբ հարկավոր է լինում սեփական երկիրը ոտնակոխ անել...

Բանակատեղը պիտի մտնենք, այնպես չէ՞, — հարցրեց թիկնապահը:

Իշխանը չպատասխանեց: Նա ձիու սանձը քաշած և հաստաբուն մի ծառի ստվերում կանգնած` դիտում էր բանակը, նրա տարածությունը, նոր զարկվող վրանների շուրջը տիրող շարժումը, մի խումբ հեծելազորի վարժությունները և հովտի մի կողմը հավաքված զորքերի մկնդախաղը: Երկար դիտելուց հետ, նա դարձավ թիկնապահին.

Տեսնո՞ւմ ես այն ընդարձակ վրանափակը, որի մեջտեղը զարկած է իշխանական վրանը:

Ա՞յն, որի վրա ծածանվում է երկգունյան դրոշակ:

Այո՛. Ամրամ սեպուհինն է այն, գնա անցիր ուղղակի բանակի միջով...

Ավելի լավ չէ՞ հովտի եզերից մոտենալ:

Ո՛չ, սևորդիները վայրենի մարդիկ են. կարող են մինչև անգամ նետահարել: Անցի՛ր բանակի միջով, բայց սրարշավ և առանց աջ ու ձախ նայելու, մոտեցի՛ր իշխանի վրանին, ներս մտիր... ճանաչո՞ւմ ես դու իշխանին:

Ինչպե՞ս չէ. շատ անգամ եմ տեսել:

Հա՛, նե՛րս մտիր և հայտնիր իմ կողմից, որ եկել եմ և կամենում եմ տեսնվել յուր հետ: Ասա՛, որ կարևոր գործի մասին է խոսելիքս:

Կհրամայե՞ս հայտնել իրան պատճառը, եթե հարցնելու լինի:

Ո՛չ. պատճառների մասին խոսելը քո գործը չէ. գնա՛, մի՛ ուշանար:

Իսկույն, տե՛ր իմ: — Այս ասելով Եզնիկը մտրակեց յուր ձին և սրարշավ դեպի բանակն ուղղվեցավ:

Իշխանի ակնարկած վրանափակը մի ընդարձակ քառակուսի էր, բաղկացած չորս տասնյակ վրաններից, որոնցից յուրաքանչյուր տասնյակը զարկած էր մյուսի հանդեպ երկշար ուղղությամբ: Դրանց մեջտեղում գտնվում էր սեպուհի ընդարձակ վրանը, որի վրա ծածանում էր զորավարական դրոշը: Վրանի ճակատը զարդարված էր իշխանական զինանշանով, իսկ ներսը պատած կարմիր պաստառներով: Վրանը վերամբառնող երրյակ սյուների վրա, որոնք զարդարված էին պղնձե փայլուն օղակներով, կախված էին գեղեցիկ զենքեր, այն է` արծաթապատ սրեր և վաղակավորներ, դրվագազարդ վահաններ ու ասպարներ, նետալից կապարճներ, արծաթազարդ աղեղներ, իսկ վրանի մի անկյունում հենված էին կարճաբուն մկունդներ ու գեղարդներ:

Իշխանական վրանի առաջ կանգնած էին զրահազգեստ պահապաններ, երկաթե գլխանոցներով, երկար նիզակներ ու ասպարներ ձեռքներին: Իսկ վրանի մեջ անցուդարձ էր անում Ցլիկ-Ամրամը, միայնակ և մտախոհ:

Սա մի բարձրահասակ և հաղթանդամ տղամարդ էր, ամուր կազմվածքով և խոշոր ու ազդեցիկ դեմքով: Նրա լայն ճակատը, որ ծածկված էր կնճիռներով, սուր և թափանցող աչքերը, որոնց հովանավորում էին թավամազ և գրեթե միավորյալ հոնքեր, մեծ և արծռունգն քիթը, որ իշխում էր կարծես երկար ու թավ ընչացքին, և հարուստ, գորշախառն մորուքը, որ ծածկում էր պղնձե լանջապանակի կեսը, տալիս էին նրան լուրջ և մինչև անգամ ահարկու կերպարանք: Նա ամբողջապես զրահազգեստ էր: Հագած ուներ պողպատից հյուսած վերտ, կրծքին` փայլուն լանջապանակ, կռներին` բազպաններ, ոտքերին` սռնապաններ, իսկ ազդրին` ծանր, արծաթապատ սուր: Պողպատե սաղավարտը, որի վրա փայլում էր պղնձե արծվաձև գարդմանակ և որը զարդարված էր սև, թավամազ ցցունքով, դրված էր փոքրիկ սեղանակի վրա:

Հանկարծ սեպուհը լսեց մի վիճաբանության շշուկ, որ տեղի էր ունենում յուր վրանի առաջ:

Ո՞վ է այդտեղ, — գոչեց նա ներսից հզոր ձայնով:

Մի ոստանցի զինվոր, որ կամենում է ներկայանալ քեզ, տե՛ր, բայց չի կամենում վաղակավորն ու վահանը ձգել, — պատասխանեց պահապանը, մոտենալով վրանի մուտքին:

Ո՞վ է այդ համառը, թողե՛ք որ գա, — հրամայեց սեպուհը:

Եկողը Եզնիկն էր: Նա յուր երկարաբուն նիզակը հանձնեց պահապանին և ներս մտնելով վրանը, խորը գլուխ տվավ իշխանին:

Ո՞վ ես դու, — հարցրեց Ամրամը խրոխտ ձայնով:

Մարզպետունյաց Գևորգ մեծ իշխանի թիկնապահը, — պատասխանեց Եզնիկը:

Դու չգիտե՞ս, որ իրավունք չունիս սրով ու վահանով իշխանի վրանը մտնելու:

Երբե՛ք հեռացրած չեմ ինձանից այս զենքերը, տեր իմ:

Ուրեմն երբեք էլ բանբերի պաշտոն չե՞ս կատարած:

Առաջին անգամն եմ կատարում և երկրորդ անգամ չպիտի կատարեմ, քանի որ հարկավոր է դրա համար զինաթափ լինել, — պատասխանեց Եզնիկը փոքր-ինչ այլայլված:

Սեպուհը ժպտաց:

Ի՞նչ ունիս ինձ հայտնելու, — հարցրեց նա:

Իշխանը հրամայեց ինձ` ասել, որ եկել է ձեր բանակը կարևոր գործի համար և կամենում է խոսակցել տեր սեպուհի հետ:

Գևորգ իշխանն այստե՞ղ, մեր բանակո՞ւմն է:

Այստեղ, բանակից դուրս սպասում է քո պատասխանին:

Գնա՛, ասա՛, թող շնորհ բերե, — պատվիրեց իսկույն սեպուհը և ապա կանչելով պահապանին` հրամայեց, որ հայտնե յուր թիկնապահներին` ընդառաջել իշխանին:

Իսկույն մի խումբ զրահավորներ, պատրաստ ձիանը աշտանակելով` դիմավորեցին իշխան Մարզպետունուն բանակից դուրս և առաջնորդեցին նրան սեպուհի վրանը:

Ամեն մարդու կսպասեի տեսնել իմ վրանում, բայց Մարզպետունյաց իշխանին, թագավորի զինակցին ու հավատարմին, երբե՛ք...-ասաց սեպուհը ջերմագին ողջունելով իշխանին և հրամեցնելով նրան մի փոքրիկ եռոտանի աթոռ:

Բարեբախտաբար ես միշտ այնտեղ եմ, ուր ինձ չեն սպասում, — ժպտալով պատասխանեց իշխանը:

Բարեբախտաբա՞ր, ի՞նչ կնշանակե այդ:

Կնշանակե, թե երբեք չար գործի համար չեմ այցելում մեր բարեկամներին:

Բարեկամներին, այո՛, բայց դու թշնամու վրանումն ես:

Ո՛չ, Մարզպետունին հայ թշնամի չունի. Նա այդպիսի թշնամի չի ճանաչում:

Իսկ թագավորի թշնամիները քո թշնամիները չե՞ն:

Դու մի օր թագավորի բարեկամն էիր և դարձյալ բարեկամ կլինիս...

Բարեկա՞մ... դժոխքը տանե նրան... իմ սատանային հաշտության ձեռք կպարզեմ, բայց նրան` երբեք, — ուժգին բացականչությամբ ընդհատեց սեպուհն իշխանին:

Մարզպետունին լռեց և մի տեսակ տարակուսական հայացքով սկսավ դիտել սեպուհի դեմքը, որ այլայլվել էր հանկարծական հուզմունքից:

Եթե գիտենայի, թե պիտի վրդովեմ քեզ... այսքան երկար ճանապարհ չէի կտրիլ... — մեղմ ու հանդարտ ձայնով նկատեց իշխանը:

Թագավորը հազիվ մի ավուր ճանապարհով հեռի է մեզանից, — խոսել սկսավ սեպուհը` նույնպես մեղմությամբ, — վաղը գուցե մենք ճակատենք միմյանց դեմ. եթե դու մեզ հաշտեցնելու համար ես եկել, ցավում եմ, որ ապարդյուն աշխատանք ես հանձն առել:

Ոստանում ոչ ոք չէր հավատում, թե սեպուհ Ամրամը կարող է ապստամբել յուր թագավորից...

Ես չեմ ապստամբել իմ թագավորից, — ընդհատեց սեպուհն իշխանին.-հիշում ես, թե ինչպե՛ս անձնվիրաբար էի ծառայում նրան: Քանի՛-քանի՛ անգամ յուր ապստամբ կողմնակալների դեմ պատերազմեցի, քանի՛ վտանգավոր կռիվների մեջ յուր անձը պաշտպանեցի, ի՛նչ հերոսությամբ Շամշուլտեի վրա յուր դրոշակը պարզեցի, ո՞ր մեկը հիշեմ...

Եվ նա քեզ պարտապան չմնաց, իշխան կարգեց ամբողջ Ուտիքի և Սևորդյաց աշխարհի վրա. հյուսիսային զորքի հրամանատարությունը հանձնեց քեզ... Դու չպետք է օգուտ քաղեիր քո ձեռքում ունեցած իշխանությունից ու պատրաստի զորքերից և, ապստամբության դրոշակ բանալով` սուրդ ուղղեիր քո բարերարի և թագավորի դեմ:

Երբե՛ք իմ թագավորի, մի՛ ասիր այդ, այլ իմ անձնական թշնամու...

Անձնական թշնամի՞... մի՞թե թագավորը կարող է անձնական թշնամի լինել յուր պաշտոնակալին, — նկատեց իշխանը` իբրև թե սեպուհի խոսքերը չհասկանալով:

Իշխա՛ն, եթե դու ոչինչ չգիտես այն ամենից, ինչ որ իմ մեջ թշնամություն է գրգռել դեպի թագավորը, ապա շատացիր այնքանով` ինչ որ ես քեզ ասացի, ավելին խոսել չեմ կարող:

Ես չեմ կամենում, որ շատ բաներ պատմես ինձ: Գիտեմ, թե առհասարակ ի՛նչ պատճառներ են դրդում մեր իշխաններին թշնամանալ թագավորին կամ ապստամբիլ նրա դեմ...

Գիտես, այնպես չէ՞, — ընդհատեց հանկարծ սեպուհը, — փառամոլություն, շահասիրություն, ընչաքաղցություն, ի՛նչ ես կարծում, դրանցից մեկը չէ՞, որ դրդել է ինձ թշնամանալ իմ թագավորին...

Չգիտեմ, և ասացի, թե չեմ էլ կամենում իմանալ, բայց կամենում եմ, որ դու ապստամբության դրոշակն ամփոփես և թագավորիդ դեմ հանած սուրը յուր պատյանը դարձնես:

Այդ սպառնալի՞ք է քո կողմից, իշխա՛ն:

Ո՛չ, այլ լոկ խնդիր, աղաչանք...

Զարմանում եմ. Մարզպետունյաց տերը խնդրում, աղաչում է սեպուհ Ամրամին... Այդպիսի խոնարհություն չեն ունեցել, կարծեմ, Մարզպետունի նախարարները... Արդյոք մի խորհրդավոր գաղտնիք չկա՞ թաքնված այդ խնդրարկության մեջ.

Լսի՛ր, Ամրամ սեպուհ. Մարզպետունի նախարարները հպարտ էին ավելի, քան քո նախահայրերը, բայց նրանց ժառանգը գերադասում է հայրենասիրությունը, մի՞թե այդ մի արատ է նրա համար:

Բնա՛վ. երա՛նի նրան, ով կարող է անձնվիրաբար ծառայել հայրենիքին:

Եվ, ահա՛, հենց այդ հայրենիքի շահն է, որ իմ հպարտ ճակատը խոնարհեցնում է քո առաջ: Կարո՞ղ ես արհամարհել այս խոնարհությունը կամ անարգ գաղտնիքներ որոնել նրա մեջ:

Ո՛չ:

Ուրեմն լսի՛ր ինձ. կակղացրու սրտիդ կարծրությունը և արգելիր այն կոտորածը, որ տեղի պիտի ունենա մի կամ երկու օրից հետո:

Չեմ կարող:

Ուրեմն հայոց հազարավոր մայրերը որդիներ են ծնել ցավոք ու հեծությամբ, մեծացրել են նրանց բազմամյա տանջանքներով, որ դուք իշխաններդ մի օրվա ընթացքում զոհեք այդ բոլորին ձեր անձնական կրքերի՞ն:

Իսկ երբ նրանց տանում եք հագարացոց դեմ, երբ նրանց մաշում է մահմեդականի սուրը, ինչո՞ւ այն ժամանակ էլ չեք հիշում հայ մայրերի ցավն ու հեծությունը:

Հայրենիքի թշնամու դեմ կռվելը, նրա ազատության համար մեռնիլը սրբազան պարտք է, այդ պարտքից ոչ ոք չպիտի փախչի, բայց եղբայրասպանությունը մի ոճիր է, աստծուց և մարդկանցից անիծված:

Ամրամը, որ խոսելու ժամանակ բարձրացել էր տեղից, նստեց նորեն եռոտանու վրա և լուռ ու մտախոհ սկսավ դիտել վրանի անկյունին հենած գեղարդները: Ապա մի վայրկենից հետ ձեռքը դեպի ծնոտը տարավ և յուր հարուստ, նրբահեր մորուքը շոյելով` մեղմ ձայնով ասաց.

Տե՛ր Մարզպետունի, շահավոր խոսելն ավելի հեշտ է, քան շահավոր գործելը: Ես չէի ցանկանալ չարագործի անուն վաստակել, բայց հանգամանքները չարագործ շինեցին ինձ: Այսուհետև ես չպիտի մտածեմ, թե ի՛նչ է ասում աշխարհն ինձ համար, ես միայն մի մարդու պիտի հաշիվ տամ. դա իմ ներքին մարդը, իմ խիղճն է...

Այդ խիղճը թույլ չի տալ քեզ, որ եղբարցդ կյանքը վտանգի ենթարկես:

Մի՛ ընդհատիր, իմ խ՛իղճը ավելի ընտանի է ինձ: Բայց այդ չէ խնդիրը, եթե ես, մինչև, անգամ, իմ արդար ցասումը ճնշեմ, իմ խիղճը բռնաբարեմ, դարձյալ չեմ կարող քո խնդիրը կատարել, որովհետև միայն ես չեմ, որ թագավորի դեմ եմ կանգնած, ինձ հետ են նաև Գարդմանա և Ափխազիո իշխանները իրանց դաշնակիցներով: Անշուշտ դու տեսար այս հովտի վրա զարկած բազմաթիվ վրանները, այստեղ խմբված են այն իշխանները, որոնք հին հաշիվներ ունին թագավորի հետ վերջացնելու: Եթե ես ամփոփեմ ուտիացոց դրոշը, միևնույն է, ինձ չեն հետևիլ ո՛չ սևորդները, ո՛չ գարդմանացիք, ո՛չ աղվանք, ո՛չ տայոց իշխանը, ո՛չ ափխազաց արքայորդին:

Следующая страница