Մուրացան՝   Ինչ լայեղ է

Այդ դեռ բոլորը չէ, — շարունակեց ուսուցիչը, — մեր երիտասարդ իշխաններից մեկը, որ հայտնի է մեր մեջ յուր զարգացմամբ և կալվածների մեծ հարստությունով և որը տեսել է Ամալիային պարահանդեսում, պատրաստվում է եղել այս օրերս օրիորդի ձեռքը խնդրելու, բայց լսելով այդ դժբախտ լուրը, հուսահատվել է, և ինչպես ասում են՝ վճռել է հեռանալու քաղաքից, այդ անհավասար ամուսնության հարսանիքը չտեսնելու համար:

Աստված իմ, աստված իմ, այդ քո եղբայրը, մայրիկ, մեզ պիտի խայտառակե աշխարհքում. — վրդովված բացականչեց Ամալիան դեպի մայրը դիմելով, — անպատճառ նա է այդ մասին խոսացել փողոցում և լսողները տարածել են ամեն տեղ.

Հանգիստ եղի՛ր, աղջիկս, իմ եղբայրը այդ մասին խոսել չէր կարող, քանի որ այդ առթիվ մեզ մոտ խոսք ու զրույց չէ եղել, — խորհրդավոր ձայնով և ակնարկությամբ խրատեց մայրն աղջկան, — ինչ հարկ կա վրդովվելու մի հնարած լուրի համար, բոլոր աշխարհքն էլ գիտե, որ իշխան Լևոն Ագապյանի աղջիկը մի փերեզակի որդուն ամուսին չի դառնալ, որքան էլ որ նա հարուստ լինի: Իսկ ձեզ, իշխան, — դարձավ նա դեպի ուսուցիչը, — խնդրում եմ հերքել ձեր շրջաններում այդ լուրի ճշմարտությունը: Մենք թշնամիներ շատ ունենք և այդ զրպարտությունն անշուշտ նրանցից մեկի գործն է:

Այս ասելով իշխանուհին հեռացավ, կամենալով ժամանակ տալ սրտացավ ուսուցչին պարապել յուր աշակերտուհու հետ:

Անցյալ դասերի մի քանի կրկնություններից ետ, որոնք տեղի ունեցան մայր իշխանուհուն ապահովեցնելու համար, իշխան Պլատոնը կրկին հետամուտ եղավ իրեն հետաքրքրող ճշմարտությանը:

Ամալիա, ստո՞ւյգ է արդյոք իմ լսածների վերաբերությամբ ձեր մոր տված հերքումը, ասացեք ինձ ճիշտը, որովհետև ինքներդ գիտեք, որ ձեր ապագա բախտավորության խնդիրը վաղուց իմ հոգածության առարկան է դարձած:

Ամալիան չպատասխանեց:

Օրիորդ, մի ծածկեք ինձանից ճշմարտությունը, — թախանձեց ուսուցիչը, — անհրաժեշտ է, որ ես ա՛յն այսօրևեթ իմանամ, որովհետև կա մի վճիռ, որի լավ կամ վատ վախճանը պիտի որոշե ձեր բախտը:

Օրիորդը սկսավ տարուբերվիլ, նա վախենում էր, թե մի գուցե յուր համառությամբ փչացներ մի գործ, որ արդարև մեծ բախտ պիտի ստեղծեր յուր համար:

Իմ մոր հերքումը ճշմարիտ է միայն իմ վերաբերությամբ, — պատասխանեց վերջապես Ամալիան, — բայց ճշմարիտ չէ իմ մորեղբոր վերաբերությամբ: Նա արդարև առաջարկել է ինձ ամուսնանալ Մաշտոցյանի հետ և ես բացն ի բաց մերժել եմ նրա առաջարկությունը:

( Տեսաք, որ իմ գուշակությունը սխալ չէր, ես ասացի, որ մորեղբայրդ այդ դիտավորությամբ է ծանոթացրել ձեզ Մաշտոցյանի հետ, իսկ դուք չէիք կամենում հավատալ:

Իրավունք ունիք, ես սխալվում էի, — պատասխանեց օրիորդը, և տեսնելով, որ արդեն բացվել է ուսուցչի առաջ, կամեցավ օգուտ քաղել այդ դեպքից: — Այժմ դուք ասացեք ինձ, ով է այն հարուստ իշխանը, որ պատրաստված է եղել այս օրերս իմ ձեռքը խնդրելու, — հարցրեց նա ուսուցչին:

Այն իշխանը... ներեցեք, նրա անունը տալ չեմ կարող, — ժպտալով պատասխանեց վերջինս:

Խնդրում եմ, աղաչում եմ, մի մերժեք ինձ այդ, — թախանձեց օրիորդը, — գոնե ասացեք ինձ միայն նրա անունը:

Նրա անո՞ւնը...

Այո՛, միայն անունը:

Իշխան Պլատոն Ջոմարջիձե, ձեր ամենախոնարհ ծառան:

Օրիորդը շառագունեց և աչքերը խոնարհեց դեպի գետինը:

Երևի դուք այս պատասխանին չէիք սպասում այնպես չէ, — հարցրեց ուսուցիչ իշխանը:

Ես չէի կարծում... թե դուք այսպես կամաչեցնեիք ինձ... ես ձեր մասին երբեք չեմ մտածել... — կակազեց օրիորդը: Բայց մի խորհրդավոր հայացք, որ նա գաղտագողի ձգեց յուր ուսուցչի վերա, արդեն մատնեց այն ներքին գոհունակությունը, որ նա զգում էր այս հայտնության վերաբերությամբ:

Երբեք, ինչ եք ասում, Ամալիա, միթե թույլ կտաք ինձ հավատալ, որ դուք երբեք իմ մասին չեք մտածել:

Այսինքն ես կամենում եմ ասել, թե երբեք չեմ մտածել, որ դուք այդպիսի առաջարկություն կանեիք ինձ: Ես արդարև հարգում եմ ձեզ, իբրև իմ ուսուցչին, բայց...վերջապես ես չեմ կարող բոլորը ասել:

Ես հասկանում եմ, օրիորդ, դուք կամենում եք ասել թե ես ձեզ հարգում եմ, բայց չեմ սիրում, այնպես չէ՞:

Ոչ, այդ էլ չէես չեմ ասում, թե չեմ սիր... ա՛խ, բայց գիտեք... ախ, ես ամաչում եմ...

Ուրեմն դուք ինձ սիրում եք, աստված իմ, ասացեք, Ամալիա, ասացե՛ք, որ դուք արդարև սիրում եք ինձ, — ոգեվորված բացականչեց երիտասարդ իշխանը և հանկարծ, առանց քաշվելու, գրկեց օրիորդի փափուկ մեջքը, ամուր սեղմելով նրան յուր կուրծքի վերա:

Ախ, դուք անխոհեմ մարդ, — շշնջաց օրիորդը և արագությամբ դուրս խլվելով երիտասարդի գրկից, շառագունած դեմքով նստեց սենյակի անկյունում դրված բազմարանի վերա:

Ամալիա, իմ հրեշտակ, մի զայրանաք իմ վարմունքի վերա, — աղաչավոր ձայնով մոտեցավ իշխանը օրիորդին, — դուք այնքան գեղեցիկ և այնքան հրաշալի եք, որ ես չեմ կարող անտարբեր սրտով նստել ձեր առաջ, մի նեղանաք իմ վարմունքից, նեղացեք ձեր աստվածային աչքերի ազդեցությունից. ապառաժն անգամ կփշրվեր նրա առաջ, ո՞ւր մնաց ես, մի թույլ և զգայուն արարած, որ ստեղծված եմ միմիայն սրբելու համար:

Օրիորդը լուռ էր. նա չէր կարողանում նայել յուր երկրպագուի կրակոտ աչքերին, որոնց մեջ այդ րոպեին վառվում էր մի կատարյալ հնոց:

Դուք չեք խոսում, Ամալիա, բայց գոհ եմ, որ գոնե լսում եք ինձ, — շարունակեց երիտասարդը նույն եռանդով. — ես կամենում եմ ասել ձեզ բոլորը, ինչ որ ամբարված է այս անուժ սրտի մեջ: Ես ձեզ սիրում եմ, Ամալիա, սիրում եմ հոգվո բոլոր զորությամբ, իմ սրտի բոլոր կարողությամբ: Այն օրից սկսած, որ ես ձեզ առաջին անգամ տեսա այն հացկերույթի վերա և առաջին անգամ լսեցի ձեր հրեշտակային ձայնը, մի հրեղեն շանթ խլվելով այդ դիցական աչքերից՝ պլըլվեցավ իմ խեղճ ու տկար սրտին, և այն օրից սկսած նա այրվում, խորովվում է ձեր սիրո անշեջ կրակով... Գթացե՛ք ինձ վերա, օրիորդ, գթացեք իմ խեղճ սրտին, նա արժանի է ձեր կարեկցության...

Օրիորդը դարձյալ լուռ էր:

( Ուրեմն թող հուսամ, որ դուք գոնե ինձ լսում եք, — քաղցրությամբ կրկին շարունակեց երիտասարդը, — ես ձեզ անկեղծությամբ խոստովանեցի բոլորը, ինչ որ զգում էի. այսինքն մնում է ինձ ասել միայն մի երկու խոսք: Սիրելով ձեզ, օրիորդ, ես չեմ բավականանում միայն այս դատարկ խոստովանությանբ. ես միևնույն ժամանակ խնդրում եմ ձեր ձեռքը և սիրտը և դրանց փոխարեն տալիս եմ ձեզ իմ իշխանական անունը և պատիվը, և դնում եմ ձեր ոտքերի մոտ իմ բոլոր կարողությունը, հարստությունը, կալվածները և հազարավոր հպատակները: Կառավարեցեք նրանց ինչպես գիտեք, ինչպես կամենում եք, միայն թե այդ բոլորի փոխարեն տվեք ինձ ձեր սերը:

Օրիորդը այս անգամ բարձրացրեց յուր աչքերը, և քաղցրությամբ նայեց իշխանի վերա:

Դուք խոստանում եք ինձ այդ սերն, այնպես չէ, — ջերմությամբ հարցրեց երիտասարդը:

Գնացեք. դուք շատ ուշացաք. իմ մայրը կարող է կասկածել, — հանդարտ ձայնով խոսեց օրիորդը և պարզեց յուր ձեռքը դեպի նրան:

Գնալ, բայց առանց ձեզանից մի խոստովանության խոսք լսելու, — բացականչեց երիտասարդը տենդայիս հուզմամբ օրիորդի ձեռքը բռնելով:

Գնացե՛ք, աղաչում եմ. ձեր բոլոր խոսածները ես հանդարտ սրտով լսեցի և այս բավական է. գնացե՛ք….

Երիտասարդը հասկացավ օրիորդի միտքը, և ավելի չդիմադրեց. նա ջերմությամբ համբուրեց նրա ձեռքը և շտապով դուրս գնաց սենյակից:

Մի քանի րոպեից ետ Ամալիան կրկին ձեռքն առավ նոտաները և հանդարտ սրտով նստեց դաշնամուրի առաջ:

Իշխանուհի Դարիան յուր աղջկանը գտավ բնական դրության մեջ:

Ը

Առաջին այցելության քաղցր ընդունելությունից քաջալերվելով, պարոն Մաշտոցյանը սկսավ այնուհետև հաճախել Ագապյանների տունը և շատ անգամ իբրև մերձավոր բարեկամ ժամերով նստել օրիորդ Ամալիայի մոտ, խոսակցել նրա հետ, լսել նրա քաղցր երգեցողությունը և երբեմն էլ զմայլիլ նրա հափշտակող դաշնահարությամբ:

Բայց և այնպես այս առավելությունները չէին գոհացնում երիտասարդ Մաշտոցյանին, նա ցանկանում էր ավելին: Յուր բոլոր այցելությունների ժամանակ նա Ագապյաններից ստանում էր միմիայն մի քաղաքավարի ընդունելություն, որը նրանք շատ անգամ հասցնում էին ծայրահեղ նրբության: Բայց, իհարկե, այդ բավական չէր. սիրահար փեսացուն վայրկյան առ վայրկյան սպասում էր լսել նրանցից մի խոսք, մի ակնարկություն, որ կապ ունենար յուր դիտավորության հետ. նա սպասում էր, որ մայր իշխանուհին մի օր իրեն յուր փեսա անվաներ, կամ օրիորդ Ամալիան՝ յուր սիրահար: Իսկ այդպիսի ակնարկություններ տեղի չէին ունենում:

Վերջապես նա վճռեց դիմել պարոն Սիմբրյանին և խնդրել նրա աջակցությունն այս կարևոր գործի մևջ:

Դուք մի հնոց վառեցիք իմ սրտում և հեռացաք, — ասաց նա մի օր Սիմբրյանին այլաբանորեն, — այժմ կարևոր է, որ այդ հնոցի համար փայտն էլ ինքներդ մատակարարեք:

Պատրաստ եմ ձեզ ծառայելու, — պատասխանեց նա ժպտալով, — միայն թե ասացեք՝ ինչումն է խնդիրը:

Միթե դեռ պետք է բացատրել ձեզ, չէ որ դուք էիք առաջինը, որ ինձ հիշեցրիք:

Հասկանում եմ, Ամալիայի մասին է ձեր խոսքը, բայց ի՞նչ եք կամենում, որ ես անեմ:

Առաջարկեցեք իմ կողմից ձեր քույր իշխանուհուն հանձնել ինձ այն, ինչ որ ինձ է պատկանում:

Ամալիայի ձեռքը, այնպես չէ՞:

Այո իմ միակ գանձն աշխարհի վերա: Սիմբրյանը մի վայրկյան լռեց:

Ի՞նչ է պատահել, դուք լռում եք, — անհանգստությամբ հարցրեց Մաշտոցյանը:

Ոչի՛նչ, սիրելիս, ես մտածում եմ այն հանձնարարության վերա, որը դուք անում եք ինձ, և գտնում եմ, որ ես նրան կատարել չեմ կարող:

Ի՞նչպես, դուք ուրեմն ընդդեմ եք իմ ցանկությանը:

Ընդհակառակը, ես եմ առաջինը, որ փափագում եմ ձեր այդ միությանը, որովհետև հավատում եմ նրա երջանիկ ապագային: Եվ խոսքիս ապացույց այն է, որ ես ինքս ծանոթացրի ձեզ իմ քրոջ և քեռադստեր հետ և հիշեցրի ձեզ Ամալիայի հետ ամուսնանալու անզուգական առավելությունը:

Ուրեմն ինչու չեք ցանկանում ձեր ձեռքով էլ պսակել գործը:

Այ, թե ինչու համար: Դուք հո գիտեք, սիրելիս, որ ժամանակները փոխվել են և մանավանդ ամուսնական խնդիրներում էլ առաջին տեղը չեն բռնում բարեկամների, խնամակալների և նույնիսկ ծնողների խորհուրդները: Լուսավորության շնորհիվ այժմ գործն այն տեղն է հասել, որ ամուսնացողներն իրենք են ընտրում իրենց ընկերները, իրենք են ընդունում, կամ մերժում առաջարկությունները և իրենք էլ վերջավորում գործը: Ամալիան ինքը հասած ու զարգացած աղջիկ է, նա մինչև անգամ կարող է վիրավորվել, եթե ես ձեռներեց լինեմ այդ գործում, և նույնիսկ նրա մայրը հազիվ թե համաձայնվի մի դրական պատասխան տալ ձեզ, եթե դուք դիմեք նրան: Ուրեմն ավելի լավ է և հարմար, եթե դուք ինքներդ անեք այդ առաջարկությունը նույնիսկ իրեն Ամալիային, փառք աստծո, դուք այժմ միմյանց ավելի քան ծանոթ եք և միմյանցից քաշվելու բան չունեք: Արեք նրան ձեր առաջարկությունն ազատորեն և երբ նրա հաճությունը կառնեք, հարսանյաց ուրախությունը մենք միասին կկատարենք: Այս վերջին դեպքում ես ձեր երկուսիդ խոնարհ ծառան եմ:

Մաշտոցյանն այս խորհրդին ընդդիմանալու պատճառ չուներ: Միայն չգիտեր ի՞նչ ձևով անել յուր առաջարկությունը: Չնայելով հաճախակի այցելություններին, նա վերջին օրն էլ այնպես անծանոթ էր Ամալիային, ինչպես և առաջ: Նա չէր ճանաչում ո՛չ նրա սիրտը, ո՛չ նրա հոգին, ո՛չ զգացումները, և ո՛չ ձգտումները, որովհետև օրիորդը միշտ կոճկված էր լինում նրա մոտ: Կընդունե՞ր արդյոք յուր առաջարկությունը, թե ոչ, հայտնի չէր:

Եվ արդարև այսպիսի դիպվածում, ոչինչ այնքան դժվար չէ, որքան ամուսնական մի առաջարկություն, այդ կնշանակի ուղղակի պահանջել մարդիկներից, որ հավատան յուր աներևույթ բարեմասնություններին, յուր հոգեկան արժանավորությանը և կամ հավանեն յուր արտաքին կերպարանքին, ինչպես մի ծախու հանվող արձանի, որին քանդակագործը հանում է հրապարակ, ի տես ժողովրդյան: Բոլորովին ուրիշ պայմաններ ունի այն մարդու գործը, որ այս կամ այն հանգամանքի շնորհիվ սիրվել է մի աղջկանից, նրա գործը ստեղծում և պսակում է նույն ինքն սերը, առանց նեղություն պատճառելու մեկին, կամ մյուսին:

Բայց ինչպես էլ որ լիներ, Մաշտոցյանը պիտի վերջ տար այդ տարտամ դրությանը. նա որոշեց անմիջապես դիմել իրեն օրիորդին:

Օրը կիրակի էր, բայց դեռ ոչ ոք չէր այցելել Ագապյաններին:

Օրիորդ իշխանուհին միայնակ նստած գիրք էր կարդում, երբ ներս մտավ Մաշտոցյանը: Սովորական ողջույնից ևս երիտասարդը նկատեց. — Առաջին անգամ է, որ պատահում եմ մի աղջկա, որը դաշնակահար լինելով հանդերձ՝ սիրում է ընթերցանություն:

Փոփոխություններն առույգացնում են կյանքը, միօրինակությունն է, որ անշարժություն և հետևապես մեռելություն է առաջացնում, — ժպտալով պատասխանեց օրիորդը:

Այդ ճշմարիտ է, բայց ես կարծել եմ, որ երաժշտությունը նույն ինքը մարմնացյալ փոփոխություն է:

Գուցե միայն լսողների համար, բայց նվագողներն այդ կարծիքը չունեն նրա մասին:

Ինչ եք կարդում դուք:

Մի ռոման, ուր ինչպես միշտ երգվում և չարչարվում է սերը:

Դուք ուրեմն սիրում եք սիրահարական ռոմաններ:

Այո՛, ինձ զվարճացնում են սիրային արկածները:

Բայց չէ՞ որ շատ անգամ էլ նրանք կլացացնեն ձեզ:

Ես առհասարակ այդքան դյուրազգաց չեմ:

Մի՞թե, — զարմացմամբ բացականչեց երիտասարդը, — ձեզ նման մի գեղեցկուհին պետք է, որ ամբողջապես ստեղծված լինի զգացմունքներից:

Այդ ես կարծում եմ օգուտ կբերի ուրիշներին, բայց ոչ ինձ:

Ուրեմն դուք երբեք ուրիշների համար չե՞ք մտածում:

Ինչո՞ւ չէ եթե միայն այդ ուրիշն էլ ինձ համար է մտածում:

Հասկանում եմ. դուք ուրեմն ավելի ինքնասեր եք, քան մարդասեր:

Այդ վերջին բառը ես կարծում եմ այն մարդիկներն են ստեղծել, որոնք ուրիշին տալու ոչինչ չեն ունեցել, — ծիծաղելով նկատեց օրիորդը:

Գուցե, — մի առանձին անվստահությամբ շեշտեց, Մաշտոցյանը, կարծելով, թե օրիորդի ակնարկությունն իրեն է վերաբերում: Բայց ցանկանալով միևնույն ժամանակ մոտենալ յուր նպատակին, հարցրեց.

Ինչ չափով եք առհասարակ մտածում դուք այն մարդկերանց վերա, որոնք միայն ձեզ համար են մտածում:

Միայն ինձ համար:

Այո, միայն ձեզ համար:

Այդ ես չեմ հասկանում, միթե՞ կարող է գտնվել մի մարդ, որի հոգածության առարկան միայն ես լինիմ:

Ինչու չէ, եթե մեկը սիրում է ձեզ, նա չէ կարող ուրիշ բանի վերա մտածել:

Այո: Եթե սիրում է. բայց ես դեռ այդպիսի մարդ չեմ ճանաչում, հետևապես, չեմ կարող այժմյանից ասել, թե փոխադարձաբար ինչ կանեմ ես նրա համար:

Բայց եթե այդ մարդը գար և ուղղակի խոստովաներ ձեզ յուր սրտի զգացմունքը, մի՞թե դուք կզայրանայիք նրա վերա:

Երբեք. ինչու համար վիրավորել մի մարդու, որի միակ հանցանքը ինձ սիրելն է. թող սիրե՝ ով կամենում է. սիրեն՝ որքան ցանկանում են:

( Թույլ կտա՞ք ուրեմն, որ բոլոր մարդիկ սիրեն ձեզ,-զարմացմամբ հարցրեց Մաշտոցյանը և յուր նախանձոտ աչքերը հառեց օրիորդի վերա:

Զարմանալի հարց, — ծիծաղելով պատասխանեց օրիորդը, — կարելի էր միայն թույլ չտալ, որ մարդիկ ատեն ինձ, ապա թե չէ սիրելուն ինչ կա. նրանց սիրելը հո չէ ապացուցանում, թե ես էլ նրանց եմ սիրում:

Հասկանում եմ, ուրեմն դուք ընդհանրապես բարեկամական սիրո մասին եք խոսում:

Մի՞թե թշնամական սեր էլ կա աշխարհում:

Ոչ թշնամական սեր չկա, բայց կա մի սեր, որ հասարակ բարեկամական չէ. այդ սերը մինչև անգամ մարդկային էլ չէ. նա աստվածային է...

Բայց ում են սիրում այդ աստվածային սիրով:

Նրան, ով արժանի է այդ սիրուն:

Օրինակի համար, ցույց տվեք ինձ մի այդպիսի անձնավորություն:

Իշխանուհի Ամալիան, մահկանացուների մեջ գեղեցկագույնը...

Կա՛ն, ուրեմն, այնպիսի մարդիկ, որոնք այդ աստվածային սիրով սիրում են նրան, — ծիծաղելով հարցրեց օրիորդը:

Չգիտեմ կա՛ն, թե ոչ, բայց գիտեմ, որ կա մեկը, որ սիրում է և որ պատրաստ է ամեն ինչ զոհելու միմիայն նրա փոխադարձ սիրուն արժանանալու համար:

Հետաքրքիր է տեսնել այդ մարդուն, — հեգնական ժպիտով պատասխանեց օրիորդին:

Այդ մարդը ձեր աոջևն է, օրիորդ, — ջերմեռանդությամբ պատասխանեց երիտասարդը:

Ամալիան աշխատեց շառագունել, բայց այդ չհաջողվեց նրան, վերջապես նա յուր գեղեցիկ աչքերը խոնարհեց գետին:

Արդյոք թո՞ւյլ եք տալիս նրան սիրելու ձեզ, — հարցրեց Մաշտոցյանը:

Ես ոչ ոքին չեմ արգելում… — ցած ձայնով պատասխանեց օրիորդը: Բայց նա կարող է հուսալ, որ փոխադարձաբար կսիրվի ձեզանից:

Չգիտեմ:

Այդ իրավացի պատասխան է. արդարև դուք այժմյանից իմ այդ հարցին դրական պատասխան տալ չեք կարող, պետք է սպասել գոնե մոտիկ ապագային: Բայց ես մի ուրիշ առաջարկություն ունեմ, նրան որոշակի պատասխանելը ձեր իրավունքն է...

Խոսեցեք, ես ձեզ լսում եմ:

Օրիորդ, նոր չէ, որ ես ճանաչում և սիրում եմ ձեզ, երեք տարուց ավելի է, որ ես առաջին անգամ տեսա ձեզ ձեր վարժարանի դռներում, դուք ձեր ընկերուհիների հետ միասին պատրաստվում էիք գնալու ձեզ հյուրասիրող մի իշխանահու տունը: Այն ժամանակ դուք նույնչափ գեղեցիկ և հրաշալի էիք, որչափ և այսօր: Երբ առաջին անգամ տեսա ձեզ, գրեթե հափշտակվեցա, մանավանդ երբ դուք ուղղեցիք ինձ ձեր կախարդող հայացքը, եթե շրջապատողներից չվախենայի, այդ րոպեին ես կընկնեի ձեր առաջ և կերկրպագեի ձեզ բայց դուք ձեզ սպասող կառքը հեծաք և ձեր ընկերուհիների հետ միասին հեռացաք: Ես նույնպես կառքով հետևեցի ձեզ: Կրկին անգամ մեր հայացքները պատահեցան իրար իշխանուհու տան մուտքի առաջ և այնուհետև էլ ես չտեսա ձեզ: Բայց այդ օրից սկսած ես անդադար մտածում էի ձեզ վերա: Ով գիտե, գուցե դուք էլ մի բան հիշում եք իմ այս պատմածներից:

Գրեթե ոչինչ:

Հասկանալի է. ուրիշ կերպ լինել չէր կարող: Բայց այս բոլոր հիշածներս մի նպատակ ունին, օրիորդ, և այդ նպատակի համար ես կամենում եմ ազատորեն խոսել, հավատալով, որ դուք այնքան զարգացած եք, որ կարող եք հասկանալ ինձ և անկեղծորեն պատասխանել իմ առաջարկությանը:

Խոսեցեք, խնդրեմ, ազատ եք:

Իմ խոսքը կարճ է, օրիորդ, ես խնդրում եմ ձեր ձեռը, կարող եք արդյոք չմերժել ինձ այն:

Իմ ձե՞ռը:

Այո:

Դուք սիրում եք անկեղծությունը:

Ինչպես իմ աստծուն:

Եվ չեք ցավիլ, եթե այդ անկեղծությունը վնասե ձեզ:

Գուցե կցավիմ, բայց և անտրտունջ կհնազանդվիմ նրան:

Որովհետև դուք այդքան քաջություն ունիք, հարգելի բարեկամ, ուրեմն ես կարող եմ անկեղծաբար խնդրել ձեզ, որ չվշտանաք, ես մերժում եմ ձեր խնդիրը:

Մաշտոցյանը կարծես շանթահար եղավ, բայց և իսկույն զսպեց յուր այլայլությունը, նա փորձեց մինչև անգամ ժպտալ՝ օրիորդի մերժման ազդեցությունը անզգալի անելու համար, սակայն այդ ջանքը ապարդյուն անցավ, բնությունը մի քանի րոպե հաղթանակեց և նրանք երկուսն էլ սկսան լուռ ու մունջ նայել իրար:

Երբ մի քանի վայրկյան անցավ, երիտասարդը առաջինը ընդհատեց լռությունը:

Չեմ կարող չխոստովանվել, օրիորդ, որ ձեր մերժումը ինձ մեծ ցավ է պատճառում: Ես, որ այսքան ժամանակ միայն ձեզ վերա էի մտածում, ձեզ երազում և ձեզ հետ կենակցելու հույսով ուրախանում, այժմ անկարելի է, որ հոգվով չափ չվշտանամ իմ գողտրիկ երազները օդի մեջ ցնդած տեսնելով: Բայց և այնպես, ես հետաքրքրվում եմ իմանալ, թե ինչու համար եք մերժում ինձ: Եթե դուք ինձ չեք սիրում այժմ, այդ որքան էլ ինձ համար ցավ է, այսուամենայնիվ հարգելի պատճառ չէ իմ խնդիրը մերժելու համար, ես կարծում եմ և հավատացած եմ, որ մի օր դուք կսիրեք ինձ, եթե համաձայնվեք միայն տալ ինձ ձեր ձեռը: Դուք էլ կարող եք վկայել, որ սերը մի օրվա մեջ չէ ծնունդ առնում և ոչ աճում, ամեն մի անձնանվիրություն զարթուցանում է սեր. իսկ ես կարող եմ արժանի լինել ձեզ կատարյալ անձնվիրությամբ:

Սերը, իհարկե ոչ, սերը չէ իմ մերժման պատճառը. ընդհակառակը, ես հավատացած եմ, որ դուք կարող եք սիրել տալ ձեզ՝ ինչպես և ում որ կամենաք:

Ուրեմն իմ արտաքին կերպարանքն է ձեզ համար հակակրականը:

Ամենևին ոչ. դուք գեղեցիկ տղամարդ եք, և ձեր ապագայի ամուսինն իրավմամբ կարող է ձեզմով պարծենալ:

Ուրեմն իմ հարստությունը ձեզ համար շատ փո՞քր է երևում. և դուք երևի վախենում եք ազնվական տան արժանավայել ապրուստ չունենալ:

Ընդհակառակը, ինձ ասել են, և ես հավատում եմ, որ ամբողջ Թիֆլիսի մեջ եթե ոչ առաջինը, գոնե երկրորդն եք դուք ձեր հարստությամբ, հետևապես կասկածելու էլ տեղիք չունեմ, թե ձեր ամուսինը կարող է երբևիցե ամեն ամենահարուստ ազնվականից պակաս կյանք վարել: Աստված իմ, ուրեմն ինչումն է իմ պակասությունը, ինչով եմ ես անարժան ձեր սիրուն, — զարմացմամբ բացականչեց երիտասարդը:

Կամենո՞ւմ. եք, որ ես անկեղծ լինեմ:

Այո՛, աղաչում եմ:

Դուք վաճառական եք:

Եվ ա՞յդ է իմ հանցանքը, — հեգնական ժպիտով հարցրեց Մաշտոցյանը:

Այո՛, և այդ դժբախտաբար բավական մեծ արատ է մի իշխանական տան աղջկա համար:

Հասկանում եմ, ուրեմն դուք կցանկանայիք, որ ձեր ամուսինն անպատճառ մի հայտնի իշխանազն, կամ գոնե տոհմիկ ազնվական լիներ:

Այո, բայց ներեցեք, որ ես անկեղծաբար խոսեցի, դուք այնքան զարգացած եք, որ ինձ կհասկանաք:

Կատարելապես, այդ կողմից միամիտ եղեք: Բայg և այնպես թույլ տվեք ինձ էլ անկեղծաբար մի քանի խոսք ասելու:

Շնորհ արեք խնդրեմ, ուրախությամբ կլսեմ ձեզ:

Մեր իշխանների և ազնվականների մասին շատ սխալ գաղափար ունիք դուք, օրիորդ, այն նշանակությունը, ինչ որ լուսավորյալ ազգերը տալիս են իրենց հին ազնվականությանըանկարելի է մեր ազնվականությանը հատկացնել: Նրանը նախահայրերն արդարև մի օր մեծ մարզիկներ են եղել, դյուցազնական սիրտ և հոյակապ հանճար են ունեցել, հայրենիքի համար ապրել և հայրենիքի համար են մեռել, իրենց մեծ գործերով սերունդներ են ոգևորել և վերջապես որդվոց որդի ճշմարիտ ազնվականության պատկառ մնալով խորշել են թզուկներ ծնելուց և սնուցանելուց, որպեսզի նրանց ապիրատ գործերով տոհմական ընդ նմին և հայրենական արժանապատվությունը չարատավորվի: Ամբողջ դարեր ազնվականությամբ ապրող մի տոհմի հետ արդարև մեծ փառք է կապել և՛ անուն, և՛ կյանք, և այդ փառքը ձեռք բերելու համար՝ գովության արժանի է մի կնոջ ջանքը, եթե միայն այդ կինն էլ զգում է յուր մեջ այդ փառավոր տոհմին արժանի լինելու կոչումն :

Բայց միթե միևնույն գովությամբ կարող ենք խոսել և մեր ազնվականներից շատերի վերա, որոնց նախահայրերն այդ կոչումը ձեռք են բերել ոչ թե հայրենիքին մի նշանավոր ծառայություն անելով, այլ շատ անգամ...

Մեր հայ իշխանազուների մասին, կարծեմ, չեք կարող այդ տեսակ կարծիք հայտնել, — ընդհատեց օրիորդը հանկարծ հայասեր դառնալով (չնայելով, որ այդ առաջին անգամն էր հայության ապավինում):

Հայ իշխանազուննե՛ր, որտեղ են նրանք, — ծիծաղելով հարցրեց Մաշտոցյանը: — Չլինի թե այս Սլկունիները, Ռշտունիները, Արշակունիները և այլ բազմաթիվ շինծու ունիները դուք ճշմարիտ իշխանազուններ եք կարծում և կամ Մելիք Պողոսյաններն ու Սողոսյանները ազնվականներ: Շատ սխալվում եք: Եթե դուք մի օր մտածած լինեիք հայերեն սովորելու, դուք մեր գրքերից կիմանայիք, որ այդ Սլկունիների, Ռշտունիների, Արշակունիների և այլոց ցեղերը հարյուրավոր տարիներ սրանից առաջ ջնջվել, անհետացել են և նրանց գերեզմաններն անհայտության մեջ կորել են: Այս նոր Սլկունիներն ու Ռշտունիները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ Խոյից, Ջուղայից, Լամադանից, Վանից և հայոց երկրի ուրիշ կողմերից շատ տարիներ առաջ Վրաստան գաղթած փինաչիների ու ջորեպանների և այլ այս տեսակ մարդկանց սերունդներ: Նորեկ մարդիկ առհասարակ հանդուգն և ձեռներեց են լինում, և ահա դրանք Վրաստան մտնելով շտապել են մի վկայաթղթով իշխանազուններ հրատարակվիլ... Ինչ մեր Մելիք Պողոսյաններին ու Սողոսյաններին է վերաբերում, դրանք էլ հայ գյուղերի խեղճ տանուտերերի որդիք են, շատ սակավ բացառությամբ, հայոց գյուղերում մի ժամանակ ամեն տանուտեր մելիք էր կոչվում, չնայելով, որ այդ խեղճ մարդուն մեկն էր լինում նա, բայց այսօր այդ մարդկանց սնափառ սերունդը ինքն իրեն ազնվական է երազում և չէ սխալվում, որովհետև, հավատացողներ կան: Բալց այն ժամանակվա բնիկները, վաճառականներ լինեին նրանք, թե արհեստավորներ, իհարկե, կարիք չունեին նոր անուն և պատիվ ձեռք բերելու, որովհետև այն ժամանակ նրանք արդեն սեփական անուն և պատիվ ունեին: Միակ նրանց սխալմունքն այն է եղել, որ չեն մտածել, թե իշխանազուն օրիորդները մի օր կարհամարհեն նրանց թոռներին...

Վերջապես այս բոլորից հետո, օրիորդ, մի փոքրիկ բացատրություն ևս և մենք հավիտյան կբաժանվենք միմյանցից: Ձեր պաշտած ազնվականության վերա այնքան խոսելով, ես երբեք միտք չունեի ձեզ համոզելու՝ ընդունել իմ առաջարկությունը, քավ լիցի, ազնվականի ամուսին լինելու ձեր փառամոլ ցանկությունը արդեն բավական էր մի անգամ ընդմիշտ իմ սիրտը ձեզանից սառեցնելու, ես միայն ցանկացա ծանոթացնել ձեզ այն ոչնչության հետ, որին կուրորեն պաշտում եք դուք: Իսկ այսուհետև կմնա մեզ ապացուցանել՝ թե մեզանից որն է ճշմարիտ ազնվականը:

Այս ասելով երիտասարդը վերցրեց գդակը և քաղաքավարությամբ գլուխ տալով իշխանուհուն, դուրս գնաց սենյակից:

Թ

— «Օրիորդ Ագապյանը մերժել է յուր ձեռը Արսեն Մաշտոցյանին»: Այս լուրը շուտով քաղաքի մեջ տարածվելով՝ մեծ խոսակցության և շատ տեղ էլ վիճաբանության առարկա դարձավ: Կային մարդիկ, որոնք գովում էին իշխանուհի օրիորդի վարմունքը: Դրանք գլխավորապես իշխանազուն ընտանիքներից էին, որոնք ասում էին, թե մեծ հանդգնություն է մի վաճառականի համար ձգտել իշխանական տան փեսայության, եթե նա զուրկ է ազնվական անարատ արյունից: Հասարակաստեղծ մարդիկ, ընդհակառակը, պախարակում էին օրիորդի և նրա մոր սնափառությունը, որին նրանք տգիտությամբ զոհում էին իրենց թե՛ ներկան և թե՛ ապագան: Որովհետե ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ Ագապյանները նյութական կողմից աննախանձելի դրության մեջ էին: Այսուամենայնիվ ոչ ոք սիրտ չարավ նրանց վարմունքը դեմ հանդիման դատապարտելու, այդպիսին միայն Սիմբրյանն էր, որ օրիորդի այս քաջագործությունը լսելուն պես, շտապեց մի որևէ միջոցով գործը շտկելու, բայց գտնելով թե՛ նրան և թե՛ յուր մորը անուղղելի համառության մեջ, զայրացած հեռացավ նրանցից, երդվելով չտեսնել այլևս նրանց հիմար երեսը:

Շատ պատվական երիտասարդներ էլ, որոնք մի անգամ տեսել էին իշխանուհի օրիորդին և իրենք իրենց արժանի համարելով նրա հետ ամուսնանալուն՝ մտադրվել էին խնդրել նրա ձեռը, լսելով օրիորդի այս մեծամիտ վարմունքը, ետ կեցան իրենց դիտավորություններից, որովհետև չկամեցան բախտակից լինել երիտասարդ Մաշտոցյանին, որը թեպետ ամեն բանով բարձր էր իրենցից, բայց և այնպես մերժվել էր հպարտ իշխանուհուց: Իշխանազունների մեջ էլ չկային այնպիսիները, որոնք նյութական կարողությամբ ապահովված լինեին, այդ պատճառով հարսնացու օրիորդը երկար ժամանակ մնաց առանց խնամախոսության: Եվ թեպետ հետզհետե շատանում էին նրա ծանոթներն ու բարեկամները, բայց դրանք բոլորն էլ այնպիսի մարդիկ էին, որոնք միայն նրա գեղեցկությամբ զվարճանալու համար էին նրա շուրջը խմբվում: Ապա թե ոչ յուր անունը և պատիվը նրա հետ կապել ցանկացող մի մարդ չէր մոտենում նրան:

Այս հանգամանքը սկսում էր մտատանջություն պատճառել մայր իշխանուհուն, և կարծես մոտենում էր զղջման ժամանակը: Բայց իշխան Ջոմարջիձեն կարողացավ հարմար դեպքից օգուտ քաղել: Նա առաջարկեց օրիորդին ճանապարհորդել յուր հետ Իտալիա, յուր նշանավոր ձայնը այնտեղ կատարելագործելու համար: Ամալիան, որ կարծես թե սկսում էր սիրել իշխանին, իբրև մի մարդու, որ անկեղծաբար հոգում էր յուր առաջադիմության համար, ուրախությամբ համաձայնվեցավ: Մի գաղտնի նպատակ էլ, որ նա խնամքով ծածկում էր յուր սրտում, նրան ավելի գրգռեց շտապեցնել գործը: Այդ այն էր, որ նա հավատալով Ջոմարջիձեի խոստումներին, ինքն յուր մտքում որոշել էր նրա հարստության, կալվածների, հպատակների և այլ կարողությանց տիրուհի դառնալ: Այս ճանապարհորդությունը նրանց ավելի կմոտեցներ իրար և շուտով կբացվեր յուր ապագա ամուսնու առաջ: Դժվարությունը միայն նրանումն էր, թե ինչպես համոզել մայր իշխանուհուն: Բայց որքան մեծ եղավ թե օրիորդի և թե իշխանի զարմանքը, երբ իշխանուհին այս առաջարկություն լսելուն պես տվավ յուր համաձայնությունը: Բայց մայր իշանուհու նպատակը ոչ ոք չհասկացավ: Նա պարզ տեսնում էր, որ բախտը օրըստօրե յուր երեսը դարձնում էր գեղեցիկ Ամալիայից. ամուսնացող և հարուստ երիտասարդները հեռու էին փախչում նրանից, իշխաններն ու գեներալները ոչ մի տեղ չէին երևում, իսկ դատարկապորտ և զվարճասեր մարդիկ հետզհետե ձանձրացնում էին իրենց: Հետևապես Ամալիայի միառժամանակ քաղաքից հեռանալը ամեն կողմից էլ շահավետ էր: Առաջին՝ այդ առիթով նա յուր ձայնը կկատարելագործեր, որը գուցե նրան կհարկավորվեր որևէ ձախող բախտի ժամանակ, երկրորդ՝ Մաշտոցյանի առաջարկությունը մերժելու առթիվ քաղաքի մեջ տարածված լուրերն ու խոսակցությունները, որոնք իրեն չափով գրգռում էին լսողների զայրույթը, կմոռացվեին շուտով և ապագա փեսացուները խաղաղ սրտով կմոտենային Ագապյաններին. երրորդ. Ամալիայի առժամանակյա բացակայությունը կնպաստեր կրկին անգամ հետաքրքրելի դառնալուն, երբ նա վերադառնար Իտալիայից, որովհետև հին ճշմարտություն է, որ միշտ մի տեղ մնացող ջուրը հոտում է. և վերջապես չորրորդ՝ Ագապյանների տունը կազատվեր դատարկապորտ և զվարճասեր երիտասարդների անկոչ բարեկամությունից ու անօգուտ այցելություններից, որոնք վերջ ի վերջո արատ պիտի բերեին այդ տան անվանը:

Մի կողմից այս բանավոր պատճառները և մյուս կողմից մայր իշխանուհու Ջոմարջիձեի վերաբերությամբ ունեցած մեծ հավատը համոզեցին նրան ընդունել Ամալիայի առաջարկությունը՝ յուր ուսուցչի հետ միասին Իտալիա ճանապարհորդելու: Այս նորությունը պարոն Սիմբրյանը լսեց կատարյալ անտարբերոլթյամբ, որովհետև գեղեցիկ Ամալիայի միջոցով շահվելու հույսը նա մի անգամ ընդմիշտ կորցրել էր:

Եվ այսպես՝ մի գեղեցիկ օր օրիորդ իշխանուհին յուր երիտասարդ ուսուցչի հետ միասին ճանապարհ ընկավ դեպի մուսաների պատմական աշխարհը բանաստեղծությամբ հարուստ Իտալիան:

Ժ

Բայց Արսեն Մաշտոցյանի փառքը գնալով մեծանում էր և նրա առևտրական հաջողությունները հաջորդում էին միմյանց: Ագապյանների մերժումը ոչ միայն ազդեցություն չունեցավ աղջկատեր ծնողների վերա, ընդհակառակը, նրանք ուրախացան, որ գեղեցկության մի հզոր հակառակորդ հեռացավ ասպարեզից: Շուտով ճարպիկ միջնորդները սկսան շրջապատել հարուստ փեսացվին իրենց բազմազան և բազմախոստում առաջարկություններով:

Սակայն Մաշտոցյանը արդեն փորձված էր: Նա այժմ խոստովանում էր, որ աղջկա գեղեցկությունը, օժիտը և հարստությունը միայն նրա առաքինության մեջ պետք է որոնել, որ գեղեցկությունը և հարստությունը մի-մի չարիքներ են, եթե լծորդված չեն առաքինության հետ: Այդ պատճառավ նա մերժեց ամեն մի փարթամ առաջարկություն և ընտրեց իրեն հարսնացու այնպիսի մի աղջիկ, որ հարուստ ընտանյաց զավակ լինելով հանդերձ՝ զարդարված էր նաև առաքինական բարեմասնություններով: Նրա հարսանյաց հանդեսը թեպետ ավելի համեստ, քան յուր հարստության վայել շուքով անցավ, բայց նա համեմված էր այնպիսի ուրախությամբ, որին երբեք չէ հաջորդում զղջումը: Այսպիսով երիտասարդի նյութական հարստության վերա ավելացավ և ուրիշ անզուգական հարստություն, որ իսկական հինաքար դարձավ նրա տան հարստության համար:

Բայց իշխանուհի Դարիան լսեց այս բոլոր պատմությունը վրդովված հոգվով: Եվ չնայելով, որ ինքն եղավ առաջինը, որ մերժեց յուր եղբոր առաջարկությունըԱմալիային Մաշտոցյանի հետ ամուսնացնելու, այսուամենայնիվ նա տխրում էր, որ դեպքերն այդ ընթացքն առին: Դժբախտաբար մի բարեկամ էլ չկար, որ սփոփեր նրան ապագայի վարդագույն խոստումներով: Երբեմն-երբեմն նա քաջալերում էր ինքն իրեն, մտածելով, որ շուտով Ամալիան կվերադառնա, որ նա նրան կամուսնացնե, որ նրանով կուրախանա, բայց երբեմն էլ չարագուշակ մտածմունքները տանջում, կեղեքում էին նրա սիրտը և հոգին, «Գուցե իմ Ամալիան էլ չվերադառնա, գուցե նոր բախտի հանդիպելով մոռանա, կամ գուցե...»: Եվ նա այլևս չէր կարողանում շարունակել յուր սարսափելի գուշակությունը:

Следующая страница