Մուրացան՝   Ինչ լայեղ է

Իսկույն, տիրուհի, իսկույն, նա գնաց ուղղակի դեպի Մոսկովսկայա Բալկան և մտավ մի նեղ փողոց:

Հետո՞:

Եվ հետո կառքից ցած իջավ, մի փոքրիկ տան առաջ և մտավ նրա ներքին հարկը:

Դու այժմ ճանաչում ես ուրեմն տունը:

Այո, աչքերս փակ կարող եմ գտնել:

Լավ, գնա: Բայց առավոտը վաղ զարթիր, ես քեզ հետ պիտի գնամ այդ տունը:

Շատ բարի:

Մորս և ոչ էլ աղախնին ոչինչ չխոսես քեզ պատվիրվածներիս մասին:

Չեմ համարձակվիլ, — պատասխանեց Բաբոն և դուրս գնաց:

— «Եվ ես հարցնում եմ ծառային, թե դու որտեղից գիտես այդ տեղեկությունները, — խոսեց ինքն իրեն Ամալիան: — Ահա մի գաղտնիք, որը չգիտե իմ մայրը, բայց իմ ծառան արդեն գործակցում է նրա մեջ: Ահա՛ ինչու ընտանեկան գաղտնիքները ծածուկ չեն մնում ծառաների հասարակությունից: Եվ մենք ողորմելիներս, որ ամուսնական ընտրությունների մեջ համարձակվում ենք սեփական կարծիք ու ձայն ունենալ, շատ անգամ ավելի տգետ ու ավելի անփորձ ենք, քան մեր ծառաներն ու աղախինները: Եվ մի՞թե կարող է լինել մի դրություն ավելի ստոր և ծաղրական, քան այն, որի մեջ գտնվում ենք մենք: Այն միջոցին, երբ ես հիացած Պլատոն Ջոմարջիձեի վերա, երազում էի նրա հարստության, նրա կալվածների, նրա հպատակների և նույնիսկ նրա գոյության տիրուհին դառնալ, իմ ծառան արդեն ճանաչում և արհամարհում էր նրան.... Եվ դժբախտաբար սա մի կատարյալ ճշմարտություն է:

Եվ այսպես, թեպետ հպարտ Ամալիան արդեն հիասթափվել ու տխուր ճշտությանը հասու էր եղել, այսուամենայնիվ նա չկարողացավ ետ կանգնել Պլատոն իշխանի հետ տեսնվելու դիտավորությունից: Որովհետև որքան էլ իրականությունը ճշմարտություն է պարունակում յուր մեջ, այսուամենայնիվ դժբախտացող մարդը սառնասրտությամբ չէ նայում նրա վերա: Նա միշտ աշխատում է գտնել կամ ստեղծել մի ելք կամ ճանապարհ, նրանից խույս տալու համար: Ամալիան կարծում էր, որ Բաբոյի հաղորդածները կարող են և սխալ լինել, որ Պլատոնը կարող է մինչև անգամ դեռ մի հարուստ ու պատվավոր մարդ լինել... Վերջապես պետք չէր նրան դատել առանց իրեն էլ լսելու:

Այս մխիթարությամբ նա պառկեց քնելու:

ԺԳ

Առավոտը շատ վաղ արթնացավ Ամալիան: Նա մտադիր էր այնպես շուտ գնալ Պլատոնի մոտ և վերադառնալ, որ տան մեջ ոչ ոք չնկատեր նրա առավոտյան բացակայությունը: Բայց չգիտեր, թե ծառան պատրաստ էր իրեն ընկերակցելու, թե ոչ: Շտապավ հագնվելով ու լվացվելով նա մոտեցավ յուր տուալետին փոքր ի շատե պչրվելու համար: Որքան էլ նրա սիրտը տխուր և վիճակը աննախանձելի էր, այսուամենայնիվ գեղեցիկ և գրավիչ երևալու ցանկությունը երբեք չէր նվազում նրա մեջ: Մանավանդ այդ րոպեին նա ցանկանում էր ավելի գեղեցիկ և ավելի հրապուրիչ լինել յուր սիրահարին կախարդել կարողանալու համար, բայց ինքն իրեն հաշիվ չէր տալիս, թե այսուհետև էլ ինչի՞ն էր հարկավոր յուր սիրո և անձնվիրության դավաճան այդ սիրահարը:

Երբ նա դուրս գնաց տան բակը, Բաբոն, արդեն կազմ և պատրաստ յուր տիրուհու հրամանին, մտախոհ ճեմում էր այնտեղ: Բայց Պլատոնի մոտ գնալու համար դեռ շատ վաղ էր: Ամալիան ցանկացավ օգուտ քաղել ժամանակից և նախապատրաստվել նրա հետ խոսելու համար: Այդ նպատակով նա մտավ իրենց փոքրիկ այգին:

Օրը ամառային էր, արևը դեռ չէր ծագել, բայց արևելքը վառվում էր շառագույն լույսով: Մի քաղցրասիկ զեփյուռ փչում էր այգու մեջ. ճնճղուկները երամով թրթռում էին նրա ծառերի վերա և լցնում օդը իրենց աղմկալից ճռվողյունով: Ամառային առավոտը մի կողմից կազդուրիչ ներգործություն ունեցավ Ամալիայի վերա, իսկ մյուս կողմից տխրեցրեց նրան՝ հիշեցնելով անցյալի քաղցրությունները, որոնց նա այժմ վայելել չէր կարող: Պլատոնի հետ խոսելու նախապատրաստությունը մնաց: Նա հիշեց յուր ծաղկափթիթ մանկությունը, որ անցուցել էր այդ այգու մեջ, յուր անմեղ կուսական խաղերը այս ծերացած ծառերի տակ, յուր մանկական հրճվանքը այս ճնճղուկների երգերի համար, և վերջապես յուր պատանեկական հասակը՝ լի ապագայի վարդագույն հույսերով, որոնք ավաղ, այդ րոպեին արդեն կործանված էին...

Նույնիսկ մի տարի առաջ որքա՛ն ուրախ, որքա՛ն անհոգ և որքա՛ն բախտավոր ճեմում էի ես այս ծառերի տակ, — մտածում էր նա ինքն իրեն, — ես հարուստ էի իմ հռչակավոր գեղեցկությամբ, իմ իշխանական ծագումով, իմ անբիծ անվամբ, իմ պատվաբեր զարգացմամբ... ինձ համար խոսում էին ամեն տեղ, ինձմով հիանում էին մարդիկ, ինձ պաշտում էին երիտասարդներըԿյանք, սեր և վայելչություն, ամեն տեղ սպասում էին ինձ և միմիայն ինձ... Իսկ այսօր, ավաղ, ես կործանված եմ անկանգնելի կերպով, ինձ այլևս ոչինչ չէ մնում, բայց միայն նախատինք և անպատվությունև ինչու՞ համար այս բոլորը... 0հ, Պլատոն, Պլատոն, այդ դո՛ւ ես, դո՛ւ միայն սկիզբն և պատճառ իմ դժբախտության, իմ անկման և կործանման...: Եվ թշվառ աղջիկը այլևս չկարողացավ շարունակել, նա փաթաթեց գլուխը սև շղարշի մեջ և շտապով դուրս գնաց այգուց:

Առաջ անցիր, Բաբո, ցույց տուր ինձ այն մարդու բնակարանը, — սրդողած ասաց նրան Ամալիան. — բայց գնա այնպիսի ճանապարհներով, որոնք բազմամարդ չեն լինում: Բաբոն առաջ անցավ: Նա գնում էր հանգիստ քայլերով, առանց շտապելու, որովհետև ծերությունը և մանավանդ երկար տարիների ծառայությունը խեղճ Բաբոյի ոտներում ուժ չէին թողել: Ամալիան նեղանում էր նրա դանդաղկոտության վրա, բայց ձայն չէր հանում, և այն ոչ թե նրա համար, որ ակնածում էր նրա ծերությունից, այլ նրա համար, որ կարոտ էր նրա օգնության և խորհրդապահության:

Բայց չնայելով, որ օրվա այդ ժամանակը փողոցներում կառք չէ ճարվում, այնուամենայնիվ Բաբոյի բախտից մի գինետան առաջ նրանք պատահեցին մի ծածկված կառքի, որի մեջ քնած էր կառապանը: Ամալիայի հրամանով Բաբոն զարթեցրեց կառապանին: Խեղճ մարդը չգիտեր, թե ի՞նչ պատահմունքով յուր կառքը գտնվում է այդ գինետան առաջ: Նա կամեցավ մի փոքր մտածել այս գաղտնիքը լուծելու համար, բայց Բաբոն ժամանակ չտվավ նրան:

Դեռ գնանք, մենք շտապում ենք, ինչ հարկավոր է, ճանապարհին կմտածես, — ասաց նա նրան և օգնեց յուր տիրուհուն կառքը նստելու, իսկ ինքը բարձացավ կառապանի նստարանի վերա:

Դեհ, գնա՛, բարեկամ, շուտ գնա. աստվածը քեզ ինձ համար հասցրեց, թե չէ ես ոտքեր չունեի Մոսկովսկայա Բալկան հասնելու, — սկսավ մտերմաբար խոսել Բաբոն կառապանի հետ:

Էդ լավ, բիձա գնանք, բայց դու էն ասա, թե ես ինչ էի շինում այս փողոցում այսպիսի ժամանակ, — պատասխանեց կառապանը ձիաներին մտրակելով:

Ես իսկույն կիմանամ, բարեկամ: Ամենից առաջ ինձ ասա տեսնեմ, թե երեկ երեկոյան վերջին անգամ ո՞ւմ որտե՞ղ տարիր:

Երեկ երեկոյան:

Հա՛:

Երեկ երեկոյան... սպասիր, լավ չեմ հիշում...Բայց չէ, հիմա հիշում եմ. երկու լավ տղաների Վերայի բաղերից բերի Մթածմինդա. նրանք մի մանեթ բաշխեցին ինձ, հետո երեք աբասի էլ գինու փող: Հետո... ում տարի, չգիտեմ, չէ ոչ քին չտարի, ձիաները դրուստ քշեցի ես միկիտան Ծղալոբի մոտ: Նա ութ բաժակ լավ կարմիր գինի խմացրեց ինձ, ու ինձանից երկու աբասի առավ, թե վեց շահի, չգիտեմ, հետո...

Էլ ի՞նչ հետո, հիմար, գինին վերջացնելուց հետո դու էլ մտած կլինեիր կառքը ու մրափած:

Վա, ձիաները սաղ գիշեր ո՞նց կմնային դրսում:

Տո, ձիաները լեզու ունին, որ քեզանից գանգատվին:

Այ մարդ, չլինի թե քո, ասած լինի, ու ես սաղ գիշեր, դրսում պահած լինիմ խեղճերին:

Դեռ նո՞ր գիտես, որ իմ ասածն է:

Էդպես որ լինի, իմ կնիկը խո ինձ տուն չի թողնիլ:

Ի՞նչ կա որ, մյուս գիշեր էլի ութ բաժակ կկոնծես ու էլի փողոցում կքնես:

Մինչդեռ կառապանն ու Բաբոն այս զրուցատրությամբ զբաղված մտնում էին Մոսկովսկայա Բալկան, Ամալիան փաթաթված յուր շղարշի մեջ և կծկված կառքի մի անկյունում ուշադրությամբ դիտում էր իրեն անծանոթ այս նեղ ու մենավոր փողոցները, որոնց մեջ գրեթե անցորդներ չկային: Միայն այս ու այն պատուհանից կախվում էին կասկածավոր գոյության տեր կանայք, առավոտյան լոդիկներով և կամ բաց կուրծքերով, իմանալու համար, թե ի՞նչ արարածներ են արդյոք այդպես առավոտանց իրենց բնակավայրը այցելողները:

Ամալիան առաջին անգամ տեսնելով նրանց լկտի կերպարանքը, զզվում ու դարձնում էր երեսը, բայց հակառակ կողմում ավելի պարկեշտ պատկերի չէր հանդիպում: Մի տեղ կիսափակ դռներով գինետան մեջ դեռ գոռում-գոչում էին արբեցող շրջմոլիկները, մյուս տեղ մութ ու խոնավ նկուղում բարձրաձայն հայհոյում էին միմյանց թուղթ խաղացող սրիկաները, իսկ մի խոր ընկած բակում անհայտ կոչման տեր կանայք իրար անիծելով ու հայհոյելով միմյանց երես էին ծվատում:

Այս զազիր պատկերները քստմնեցնող տպավորություն, արին երիտասարդ իշխանուհու վերա, և նա երեսը ծածկեց նրանց չտեսնելու համար:

Վերջապես մեր ճանապարհորդները անցան դարձյալ մի նեղ փողոց և կառքը կանգնեց Բաբոյին ծանոթ փոքրիկ տան առաջ:

Ներս մտիր, Բաբո, և տես իշխանը տանն է, թե ոչ, — ձայն տվավ Ամալիան և ծառան իսկույն ներքև ցատկեց:

Նա մտնելով իրեն ծանոթ դռնով, պատահեց մի կնոջ, որ ըստ երևույթին տան տիկինն էր և մի ինչ որ բանով զբաղված էր նախասենյակում:

Տա՞նն է իշխանը, — հարցրեց նա տիկնոջը:

Տանն է, ինչ ունիս դու նրա հետ:

Մեր իշխանուհին կամենում է նրա հետ տեսնվիլ:

Ձեր իշխանուհին, ո՞վ է նա և ինչու այդպես վաղ, — զարմացմամբ հարցրեց տիկինը, բայց Բաբոն ավելորդ համարեց նրան պատասխանել, այլ իսկույն դուրս եկավ և հայտնեց յուր տիրուհուն, որ իշխանը տանն է:

Ամալիան իջավ կառքից և ներս մտավ, Նա պատրաստվել էր միմիայն մի դաժան հայացքով խորտակել յուր անազնիվ սիրահարին, այն մարդուն, որ իրեն ստիպել էր մինչև այս ստորաքարշ արարածների բնակավայրը գալու... Բայց պատահելով նախասենյակում հիշյալ կնոջը, նա շփոթված կանգ առավ նրա առաջ:

Տիկինը տեսնելով գեղանի իշխանուհուն, խորին ակնածությամբ ողջունեց նրան և քաղաքավարությամբ հրավիրեց յուր հյուրասենյակը:

Ոչ ես միայն իշխան Պլատոնին եմ ցանկանում տեսնել, ո՞ւր է նա, — հարցրեց Ամալիան:

Նա հագնվում է, բարեհաճեցեք մի քանի րոպե հանգստանալ մեզ մոտ, եթե դուք կամենում եք անպատճառ տեսնվիլ նրա հետ:

Ամալիան անխոս հետևեց տան տիկնոջը: Երբ նրանք միայնակ մնացին, Ամալիան հարցրեց:

Իշխանը ձեզ մոտ վարձո՞վ է մնում:

Մենք միասին ենք ապրում, — պատասխանեց տիկինը:

Միասի՞ ն, — զարմացմամբ հարցրեց Ամալիան:

Այո, միասին:

Դուք ուրեմն նրա ազգականուհին եք:

Ո՛չ, ես նրա կինն եմ:

Սրա կինը, անկարելի է, նա ամուսնացած չէ:

Այդ միևնույն է, ես նրա սիրուհին եմ:

Ամալիան մնաց քարացած: Նա ամեն բան մտածել էր Պլատոնի համար, բայց նրա այդ աստիճան հրեշ լինելու վերա չէր մտածել.

Շա՛տ ժամանակ է, տիկին, որ դուք ճանաչում եք միմյանց, — հարցրեց կրկին Ամալիան:

Երեք տարի է:

Եվ այդ բոլոր ժամանակ դուք միասի՞ն էիք ապրում:

Երկու տարի մենք միասին ապրեցինք, տիկին, այնուհետև նա հեռացավ այստեղից, մի տարի բացակայությունից հետո, ահա՛ մի քանի օր է, ինչ որ կրկին վերադարձել է:

Որտե՞ղ էր գտնվում նա այս մի տարին:

Չգիտեմ, արտասահմանում:

Ինչ էր շինում նա այնտեղ, գիտեք արդյոք:

Գրեթե ոչ, տիկին, ինքն ասում է, որ յուր սեփական գործերի համար է գնացել, իսկ ուրիշները պատմում էին, որ, նա մի անառակ աղջկա ետևից ընկած թափառելիս է եղել զանազան երկրներ...

Ամալիան ամբողջ մարմնով դողաց, առաջին անգամ նա յուր ականջով լսեց յուր դատապարտությունը հասարակաց կնոջ բերանից...

Էլ ի՞նչ հարկավոր էր այնուհետև ապագայի մասին գուշակություններ անել, անկումն արդեն մոտենում էր:

Բայց շուտով Պլատոնի ձայնը լսվեցավ նախասենյակում, որ կանչում էր յուր մետրեսին:

Տիկին, կանչեցեք իշխանին այստեղ և մեզ մի քանի րոպե մենակ թողեցեք, աղաչում եմ, — խնդրեց Ամալիան տան տիկնոջը և վերջինս հնազանդվելով դուրս գնաց:

Իշխան Ջոմարջիձեն զարմացավ լսելով հանկարծ, որ մի իշխանուհի եկել է իրեն տեսնելու: Նա չէր կամենում հավատալ, թե այս անհայտ անկյունում Ամալիան կարող է նրան գտնել: Այնուամենայնիվ նա մի րոպե կանգ առավ նախասենյակում, նախազգացմունքը պաշարեց նրան, նա չէր համարձակվում դեպի հյուրասենյակը առաջանալու: Եվ արդարև ինչ երեսով կարող էր նա մտնել այնտեղ, եթե իրեն այդ սենյակում սպասողը Ամալիան ինքն էր. այն աղջիկը, որ հոգվով ու մարմնով նվիրվել էր իրեն, բայց որին ինքը տմարդությամբ թողել հեռացել էր... Երիտասարդ իշխանը որքան էլ սրտոտ արկածախնդիր էր, այսուամենայնիվ յուր այս սիրուհու այցելությունը նրան ճնշում էր. նա գիտեր, որ Ամալիան իրենից բացատրություն պիտի պահանջե, իսկ ինքը բացատրություններ տալու ճանապարհ չուներ:

Բայց երկչոտությունը շատ անգամ հանդգնություն է ծնեցնում. «Թող սա էլ մյուսների շարքն անցնե, երբ պարտապանը փող չի ունենում յուր պարտատերերին վճարելու, նա չէ մեռնում, այլ սնանկանում է. թող ուրեմն ես էլ բարոյապես սնանկ ճանաչվիմ», — վճռեց ազնվատոհմ իշխանը և պատրաստվեցավ հյուրասենյակը մտնելու:

Ամալիան կանգնած էր դռան հանդեպ, սրտմտությամբ լի, անողոք դեմքով և բարկացայծ աչքերով, րոպե առ րոպե նա սպասում էր տեսնել, թե ինչ երեսով կհամարձակվեր երևալ յուր աչքին այն անձը, որ քանի օր առաջ ամենաազնիվ մարդն էր հռչակում իրեն՝ խոսքերով, իսկ այսօր ստորներից ստորագույնը՝ յուր գործով:

Պլատոնը մտավ. Ամալիան մի քայլ ետ կանգնեց, և յուր կրակոտ աչքերը սևեռեց նրա վերա, մի քանի րոպե նրանք անթարթ աչքերով սկսան դիտել իրար առանց մի բառ արտասանելու, ինչպես երկու քաջ մենամարտողներ, որոնք կռվից առաջ զգուշավոր աչքերով և սուսերամերկ կշռում են միմյանց շարժումը:

Դու այստե՞ղ, Ամալիա, — առաջին անգամ ընդհատեց լռությունը Ջոմարջիձեն:

Այո՛ պարոն, ես այստեղ եմ, իսկ դուք, դուք էլ այստեղ եք, այնպես չէ:

Ինչպես տեսնում եք:

Այս տունն է, ուրեմն, Գորիի մոտ գտնված ձեր երկու գյուղերը, որոնց բնակիչներին դուք եկել եք խաղաղացնելու, — դառն հեգնությամբ հարցրեց Ամալիան, կամենալով հիշեցնել նրան այն սուտ պատճառը, որ Պլատոնն առաջ էր բերել յուր բացակայության առթիվ գրած նամակում:

Պլատոնը ժպտաց:

Դուք մա՞րդ եք, թե հրեշ, — բարկացած հարցրեց Ամալիան զայրանալով նրա անտարբերության վերա.

Նայելով, թե ով ինչպես է ընդունում ինձ:

Բայց ես կամենում եմ ձեր բերանից լսել ձեր անունը:

Հրեշ, եթե ցանկանում եք. բայց ես ինձ մարդ եմ ճանաչում:

Այո՛, մի մարդ, որ յուր գոյությամբ ներկայացնում է մարդկության մարմնացյալ ստորությունը...

Օրիորդ, դուք տաքանում եք:

Ուրեմն սովորեցրեք ինձ ձեզ նման սառնասրտությամբ անպատվությունը տանելու:

Դրա համար հարկավոր է, որ ամեն մի աննշան վիրավորանքի վերա ուշադրություն չդարձնեք:

Աննշան եք համարում ուրեմն ձեր ինձ հասցրած վիրավորանքը:

Ես չեմ հիշում, թե երբևիցե վիրավորել եմ ձեզ:

Օհ, անզգամություն, ո՛րքան զզվելի ես դու.. Բայց դուք, պարոն, գոնե հիշում եք, որ մի օր իմ առաջ ծունկ չոքած բոցավառ խոսքերով խոստովանում էիք, որ ինձ սիրում ու պաշտում եք:

Հիշում եմ. բայց ես սուտ չէի խոսում, ես այն ժամանակ արդարև ձեզ սիրում ու պաշտում էի:

Եվ դուք խոստանում էիք հավիտյան սիրել...

Եվ ես չէի խաբում, ես հավիտյան սիրում եմ:

Դուք հավիտյան սիրում եք... օհ, գոնե լռեցեք, լռեցեք, որ հավատամ թե արդարև մի վայրկյան ամաչում եք դուք ձեր անազնվությունից, ձեր ստորությունից և վերջապես ձեր անպատկառ ստախոսությունից...

Օրիորդ, դուք ինձ զրպարտում եք:

Հրեշ, ուրեմն չեք ստախոսում, երբ ասում եք, թե հավիտյան սիրում եք ինձ, մինչդեռ այս րոպեին, այս միևնույն տան մեջ սիրուհիներ եք պահում:

Դուք հաստատում եք իմ խոսքը, ես չասացի թե հավիտյան սիրում եմ ձեզ, այլ թե հավիտյան սիրում եմ, այդ կնշանակե, որ այսօր իմ սերը ձեզ եմ նվիրում, իսկ վաղը մի ուրիշին, այսուամենայնիվ միշտ և ամեն օր սիրում եմ, և ահա՛ հենց այդ փոփոխության մեջ էլ կայանում է սիրո հավիտենականությունը, — ցինիկական ժպիտով նկատեց Պլատոնը:

Պարոն, պարոն, անամոթությունը միայն ձեր պատկերով կարող է շրջել մարդիկների մեջ... — վրդովված բացականչեց Ամալիան: — Եթե դուք այդ կարծիք ունեիք սիրո հավիտենականության վերա, ինչու համար մոտեցաք ինձ, ինչու ինձ սեր խոստացաք, ինչու ինձ հետ ամուսնանալու երդում արիք և իմ միակ հարստությունը՝ իմ պատիվը խլելով, տմարդությամբ ինձ անպատվության ճանապարհի վերա թողիք... ինչ չարիք էի ես ձեզ հասցրել, ես մի թույլ, մի թշվառ աղջիկ, չէ որ իմ միակ հանցանքը ձեզ հավատալը և սիրելն էր...

Օրիորդ հավատացեք, որ ինձ համար շատ ծանր է տեսնել ձեզ այդ աստիճան վրդովված, ես ինքս խոստովանում եմ, որ ձեր վիճակը նախանձելի չէ. ճշմարիտ է, որ դուք ինձանից մի փոքր ավելի եք զոհել, բայց ի՞նչ արած, կյանքը, որի համար մարդիկ այնքան շատ կռվում են, ուրիշ ոչինչ չէ, բայց եթե իմ և ձեր վիճակը: Եթե ես ձեզ խաբել եմ, ես մեղավոր չեմ. դուք գեղեցիկ էիք ինչպես մի աստվածուհի և ես ձեզ սիրեցի ինչպես հողեղեն մարդ, բայց իհարկե, սիրելը բավական չէր. պետք էր և ձեզ ժառանգել, իսկ դրա համար ես չունեի հարկավոր ուժը, որին հարստություն են անվանում, ուրեմն պետք էր խորամանկություն գործ դնել: Իմ ձեզ հետ ունեցած շատ խոսակցությունների ժամանակ ես ուսումնասիրեցի ձեր բնավորությունը, դուք մեծ նշանակություն էիք տալիս ազնվատոհմությանը և հարստությանը. ես ազնվատոհմ էի, բայց հարուստ չէի. պետք էր, ուրեմն, հավատացնել ձեզ, որ հարուստ էլ եմ: Եթե ես ճշմարտությամբ ներկայացնեի ձեզ իմ արդի դրությունը, հարկավ դուք իմ երեսին չէիք նայիլ, բայց ես խաբեցի ձեզ և դուք կապվեցաք ինձ հետ: Հետևապես, որքան ես հանցավոր եմ ձեզ խաբելու մեջ, նույնչափ էլ հանցավոր եք դուք խաբվելու մեջ, այսպիսով հավասարվում են մեր հաշիվները:

Իսկ ձեր պատի՞ժը, դավաճան, պատիժը ձեր չարգործության համար, — զայրույթից դողացող ձայնով բացականչեց Ամալիան:

Պատիժը, այդ հայտնի է, օրիորդ, դուք օրենքով կստիպեք ինձ ամուսնանալ ձեզ հետ, իսկ այդ դեպքում դարձյալ պատժվողը դուք կլինեք, որովհետև ես մի հրեշտակի հետ կընկերանամ՝, իսկ դուք՝ մի սատանայի, — սառնասրտությամբ պատասխանեց Պլատոնը:

Օհ, թշվառական, գոնե թողեք իմ սրտում մի անկյուն առանց սրբապղծելու, թողեցեք, որ ես հավատամ, թե դուք գոնե մի վայրկյան կարող եք հրեշ չլինել...

Այդ անօգուտ կլիներ նույնիսկ ձեզ համար, օրիորդ, ավելի լավ է մոլության մեջ կատարյալ լինել, քան թե առաքինության մեջ պակասավոր, ամեն բանից մի քիչ ունենալ, կնշանակե ոչինչ չունենալ, այդքան չարաչար խաբվելուց ետ ինչու համար եք ցանկանում նորից խաբվել...

Գարշելի՛ արարած, դժոխքն անգամ անկարող է հաղթահարել քեզ սրտմտությամբ բացականչեց Ամալիան և զայրույթից գրեթե խելագարված դուրս գնաց յուր փեսացուի բնակարանից:

Բաբոն չափից դուրս անհանգստացավ յուր տիրուհուն վրդովված դրության մեջ տեսնելով, նա օգնեց նրան կառքը բարձրանալու, բայց չկարողացավ հարցնել նրա այլայլության պատճառը, այլ բավականացավ միայն հրամայելով կառապանին մտրակել ձիաները:

ԺԴ

Մի փոքր առաջ, երբ Ամալիան Պլատոնի մոտ գնալու էր պատրաստվում, նա ամեն զգուշություն ի գործ դրավ յուր բացակայությունը մորից ծածկելու, բայց այժմ, երբ վերադառնում էր այնտեղից, նա այդ զգուշության համար մտածելն ավելորդ համարեց: Դեռևս տուն չհասած, Բաբոն հարցրեց նրանից, թե արդյոք չէր հրամայիլ կառքը իրենց տանից մի փոքր հեռու կանգնեցնել:

Ոչ, ուղղակի մեր տան դուռը քշել տուր, — հրամայեց Ամալիան և երկու վայրկյանից ետ ահագին դղրդյունով կառքը կանգնեց Ագապյան տան առաջ:

Դեռ Ամալիան նոր էր մտնում նախասենյակը, երբ մայրը դիմավորեց նրան բոլորովին անտեղյակ դստեր բացակայության:

Ամալիա, այդ դու կառքով եկար, — հարցրեց իշխանուհին զարմացմամբ:

Այո, ես եկա, — հակիրճ պատասխանեց Ամալիան և շտապով ներս գնաց դեպի յուր առանձնարանը:

Իշխանուհին չնկատեց յուր դստեր այլայլությունը, բայց շատ հետաքրքրվեցավ իմանալու, թե այդպես վաղ որտեղից էր վերադառնում նա:

Երբ նրանք ներս մտան առանձնարանը, մայրը հարցրեց կասկածավոր եղանակով.

Ամալիա, ո՞րտեղ էիր դու այսպես վաղ:

Այնտեղ, որտեղ դու ինձ ուղարկել էիր, — պատասխանեց Ամալիան շղարշը դեն ձգելով և վիդովմունքից հոգնած բազկաթոռի վերա ընկնելով:

Այդ խոսքը ի՞նչ է նշանակում, ես քեզ ոչ մի տեղ չեմ ուղարկել,

Ինչպե՞ս չէ, մոռանում ես, — դառնությամբ նկատեց Ամալիան, — ես Պլատոնի մոտ էի:

Պլատոնի մո՞տ, մի՞թե նա արդեն վերադարձել է:

Նա ոչ մի տեղ էլ չէր գնացել:

Ի՞նչպես չէ. դու չէր, որ կարդացիր ինձ նրա նամակը:

Այո՛, կարդացի, բայց այդ նամակով նա մեզ խաբել էր և փախչելով մեզանից՝ ապավինել մի անառակ կնոջ տանը...

Ի՞նչ եմ լսում, Ամալիա, դու ինձ սարսափեցնում ես, — դողալով խոսեց իշխանուհին:

Մի տարի առաջ պետք է սարսափեիր հիմա արդեն ուշ է...

Ի՞նչ ես կամենում գուժել ինձ, աղջիկս խոսի՛ր տեսնեմ:

Այն, որ Պլատոն Ջոմարջիձեն քո աղջկանն անպատվելուց ետ, թողնում է նրան:

Ի՞նչպես կարող է նա հանդգնել. աշխարհում օրենք կա. ես նրան դատարան քարշ կտամ, մինիստրին կդիմեմ, թագավորին կբողոքեմ այլայլված որոտաց իշխանուհին:

Բոլորովին իզուր, որովհետև նրանից էլ քեզ շահ չի լինիլ:

Ի՞նչ ես խոսում, ինչպես թե շահ չի լինիլ. միթե ես նրան այդպես հեշտ իմ ձեռքից բաց կթողնեմ:

Եթե չթողնես, ինչ կարող ես անել:

Ես քեզ կամուսնացնեմ նրա հետ:

Ավելի վատ. դու քո աղջիկը կկապես մի անառակ և մի ամենաաղքատ սրիկայի հետ. մի մարդու, որ սրտում ոչ խիղճ ունի և, ոչ երեսում՝ ամոթ, որի համար չկա աշխարհում և ոչ մի սրբություն...

Թշվառական, և դու այդ դեռ այսօ՞ր իմացար:

Այո՛, միայն այսօր:

Ուրեմն ինչու այնքան շուտ և այնքան թուլությամբ անձնատուր եղար մի մարդու, որին դեռ այսօր պիտի ճանաչեիր:

Ես նրան անձնատուր չեղա, դո՛ւ ինձ մատնեցիր նրան:

Ամալիա, այդ ի՞նչ սոսկալի զրպարտություն ես անում...

Զրպարտությո՞ւն, բնավ, ես խոսում եմ ճշմարտությունը, դու ինքդ ինձ նրա ձեռը մատնեցիր. դու ինքդ կործանեցիր իմ ապագան:

Ամալիա, ես կխելագարվեմ, մի՛ տանջիր ինձ այդքան անողորմ, ինչո՞վ եմ ես մեղավոր քո անպատվության գործում:

Եվ դեռ հարցնո՞ւմ ես, թշվառ դու:

Ասա՛, ասա՛, ես կամենում եմ, որ դու հաստատապես համոզես, թե արդարև ես եմ քեզ անպատվողը և ոչ թե դու:

Շատ լավ. ուրեմն պատասխանիր ինձ, դու չէիր իմ մայրը, դո՛ւ չէիր ավելի հասակավորը, դո՞ւ չպետք է լինեիր ավելի փորձվածը, ավելի աշխարհ ճանաչողը:

Իհարկե:

Ի՞նչ մտածեցիր, ուրեմն, երբ ինձ նման մի տասնութամյա, աշխարհիս անծանոթ, չարին ու բարվոյն անտեղյակ և ըստ ամենայնի անփորձ աղջկան հանձնեցիր մի երիտասարդ, փորձառու, լեզվագար, արկածախնդիր և բոլորովին քեզ անծանոթ մարդու խնամատարության, ինչ իրավունք ունեիր ուրեմն սպասել մեզանից ավելին, քան այն, ինչ որ մենք այժմ տալիս ենք քեզ...

Իսկ դու՞, Ամալիա, դու, ուրեմն, մի ոչնչություն էիր. դու որ տասնութամյա, զարգացած, կրթված մի աղջիկ էիր, ուրեմն այնքան ուժ չպետք է ունենայիր, որ մի տարի գոնե կարողանայիր ծնողական խնամատարության անկարոտ ապրել...

Ամենից առաջ գիտցիր, թե դու ի՞նչպես ես մեծացրել ինձ մինչև իմ տասներկու տարին և այնուհետև թե դու ո՞րտեղ ես տվել ինձ ուսանելու... Դու խոսում ես իմ զարգացման և կրթության մասին, բայց դու նեղությո՞ւն կրել ես գոնե մի անգամ իմանալու համար, թե արդյոք ինձ կրթում, զարգացնո՞ւմ էին, թե միայն աշխարհում թեթև ապրելու եղանակն էին սովորեցնում... 0, դու մայր չես եղել ինձ համար և ո՛չ գոնե մի հասարակ խնամակալ, դու իմ թշնամին և դահիճն ես եղել...

Ամալիա, Ամալիա, դու խոցոտում ես իմ սիրտը: Դու վիրավորում ես իմ հոգին:

Դրանք դատարկ խոսքեր են, մայր իմ, ճշմարտությունն այն է, որ դու ինձ կործանեցիր, որ դու իմ անդարձ կորստյան պատճառ դարձար... Այսուհետև ապարդյուն է նույնիսկ քո զղջումը, ամեն մի իմ անցյալը հիշելով, ամեն մի իմ դժբախտ ներկան տեսնելով, պիտի անիծեմ քեզ և պիտի անիծեմ անողորմաբար...

Ամալիա, դու անգութ ես. մտածիր գոնե մի անգամ, որ ես մայր եմ, որ ես չէի ցանկանալ տեսնել իմ աղջկաս իմ աչքի լույս Ամալիային այսպիսի անարգ դժբախտության մեջ...

Այո՛, դու մայր ես, դու չէիր ցանկանալ տեսնել ինձ դժբախտ, ես հավատում եմ, բայց ի՞նչ ես պատասխանում նրան, որ տեսնում ես թե ես արդեն դժբախտ եմ...

Բայց ես հանցավոր չեմ, Ամալիա...

Օհ, միշտ իրենց եսը. թող մեռնի աղջիկը, թող ոչնչանա նա, միայն մոր համար չասեն, թե նա հանցավոր էՕհ, դեն գցեք ձեր վերայից գոնե մայր անունը, գոնե մի պարծենաք դրանով, դուք չեք սիրում ձեր որդիներին, չէ: Այդ մայրերը գուցե մի օր եղել են, բայց այժմ չկան... Աշխարհը կերպարանափոխվել է, մայրական գորովի տեղ այժմ բուսել է մայրենի ինքնասիրությունը, դուք կամենում եք ձեր որդիներին բախտավոր տեսնել միմիայն ձեր հանգստության համար, խելոք, զարգացած, հարուստմիմիայն ձեր փառքի համար: Այն օրը, որ նրանք կընկնին, այն օրը, որ նրանք կաղքատանան, դուք նրանց թշնամիների կողմը կանցնեք, և այդ կանեք հանգիստ սրտով, առանց վրդովվելու, որովհետև հասարակությունը ինքը անբարոյականացնում է ձեզ, սովորեցնելով գլուխ ծռել միայն կանգնած մարդու, միմիայն հարուստ մարդու առաջ...

Իսկ այն սիրտը, որ միայն որդու սիրո համար է բաբախում, այն սիրտը, որ միայն նրա համար է ապրում, Ամալիա...

Նրան պետք է որոնել մուզեումներում և գյուղացու խրճիթների մեջ, — դառնացած ընդհատեց մորը Ամալիան և վրդովված դուրս գնաց առանձնարանից:

Իշխանուհին մնաց քարացած:

— «Ամալիան իրավունք ունի, — մտածեց նա ինքն իրեն, — ես եմ նրա դժբախտության պատճառը, և նա դեռ ամեն բան չգիտե... Եթե ես լավ մայր լինեի, չմտածեի իմ հարստության ու փառքի վերա, եթե ես չաշխատեի նրա ապագան իմ բարեկեցության հարմարեցնելու, եթե ես նրան չսովորեցնեի յուր ազնվատոհությամբ պարծենալու և վերջապես, եթե ես առաջինը չլինեի Մաշտոցյանի նման հարուստ ու պատվավոր երիտասարդի առաջարկության մերժողը, հարկավ նա այժմ մի պատվավոր ընտանիքի հարսը կլիներ, բախտավոր յուր դրությամբ, գոհ յուր վիճակից, բայց իմ հիմարությունը երկուսիս էլ բախտից զրկեցԵվ ի՞նչ, միթե ես այդ հարվածը զգացի և նրա վնասով բավականացա, ոչ, իմ իշխանազուն աղջկա գեղեցկությունն ինձ կուրացրել էր. ես կամենում էի, որ բոլոր աշխարհը ճանաչեր նրան. ես նորանոր ծանոթությունների ետևից ընկա և իմ տունը զվարճասեր երիտասարդության ժողովարան դարձրի: Խելքս այն ժամանակ գլուխս եկավ, երբ արդեն բոլոր քաղաքը բամբասում էր խեղճ Ամալիայիս և նա ինքը ոչինչ չգիտեր... Բայց ինչ, աչքը շինելու տեղը հոնքն էլ պատառեցի, մի սխալմունքս ուղղելու համար գլորվեցա ուրիշ ավելի խայտառակ սխալմունքի մեջ: Կամենալով ազատել աղջիկս անվանարկությունից և տունս՝ իմ ձեռքով հավաքած սրիկաներից, հանձնեցի խեղճ Ամալիայիս մի օտար, մի անծանոթ մարդու, ազատություն տալով նրան տանել իմ սիրած ու գուրգուրած աղջկան ով գիտե ուր... 0հ, հիմարություն. մի անգամ ինքս ինձ չհարցրի, թե այ տխմար, դու հեռացնում ես աղջկանդ՝ դրան բամբասանքից ազատելու համար. ախար չէ որ ընտրած միջոցդ ավելի վատթար բամբասանքի տակ պիտի ձգե նրան: Եթե յուր հոր տան մեջ, յուր մոր հսկողության տակ բամբասում են նրան, ի՞նչ պիտի ասեն ուրեմն, եթե օտար աշխարհում մի օտար երիտասարդի հետ, ապրե նա, թեկուզ ամենաանարատ և ամենասուրբ կյանքով: Եթե այս գարշելի արարածները չեն խղճահարվում իրենց անսիրտ բամբասանքներով եղբոր և քրոջ միությունը սրբապղծել, ի՞նչ չէին խոսիլ, ուրեմն, Ագապյանի աղջկա և Ջոմարջիձեի վերա: Բայց թողնենք բամբասանքը մի կողմ, ինչ խելքով ես իմ անփորձ աղջկան հանձնեցի այն անծանոթ սրիկային, ի՞նչ իրավունքով ես հավատացի նրա ազնվությանը... Օ՛հ, Ամալիա, Ամալիա, անիծի՛ր ինձ, անիծիր քո մորը, նա է քո դժբախտութան պատճառը...»: Եվ այս ասելով թշվառ կինը ծեծում էր յուր գլուխը և դառնապես արտասվում:

Բայց Ամալիան մոռացել էր յուր մորը. նա մտախոհ անցուդարձ էր անում դահլիճի մեջ, յուր բոլոր անցյալը նա այդ րոպեին պատկերացնում էր յուր աչքերի առաջ, և տեսնելով նրան կատարյալ ոչնչությամբ լի, դառնացած սրտով բացականչում էր. — «Անարժան ծնողների անարժան որդիք, այդ մենք ենք. արարածներ, որ ապրում ենք աշխարհում մեր ողորմելի գոյությունն ապացուցանելու համար միայն: Բայց չենք ճանաչում աշխարհում ոչինչ, ինչ որ մարդկային ազնվության և պատվասիրությանն է վերաբերում... կրթություն, դաստիարակություն, սրանք մի-մի բառեր են, բայց որքա՜ն մեծ, որքան բազմիմաստ, քանի -քանի անգամ մենք պատահել ենք այդ բառերին, քանի՛-քանի անգամ մենք արտասանել ենք նրանց, բայց և ոչ մի անգամ չենք ըմբռնել նրանց իմաստը, նրանց նշանակությունը... Ահա՛ թե ինչու խեղճ ամալիաների պատիվը վաճառվել է փողոցում... Երբ ես մանուկ էի, իհարկե, ինձ կզվարճացնեին խաղալիքներով, երբ ման գալ սկսա, ես հիշում եմ, որ ինձ պճնում էին հարուստ շորերով, իմ ընկերուհիների մեջ ես առաջինն էի: Լեզուս բացվեցավ թե չէ, ինձ համար վարժուհի վարձեցին, որ ինձ օտար լեզվով գրել-կարդալ սովորեցրեց, մուզիկ և պարի դասեր տվավ: Ես մեծացա առանց իմ ի՞նչ ազգից լինելը գիտնալու, առանց իմ մայրենի լեզվից մի բառ հասկանալու. Թեպետ նրանից շատ առաջ իմ ազնվուհի լինելս գիտեի և տղա ժամանակից սովորեցնում էին ինձ պահանջել ծառաներից, որ ինձ իշխանուհի անվանեն... Վերջապես ինձ վարժարան տվին, ուր եվրոպական լեզուների հետ ծանոթացա, աշխարհագրություն, թվաբանություն, երկրաչափություն և այլ շատ ություններ սովորեցի, դաշնակ զարնելուն վարժվեցա, երաժշտություն սիրեցի: Շուտով իմ վարժապետները վկայեցին, որ ես ավարտել եմ, ինձ վկայական տվին և ես նրան ծոցս դրած վերադարձա տուն:

«Ահա այս է իմ կրթության վերաբերյալ համառոտ պատմությունը, ա՛յս է լինում և մեր բոլոր հայ ազնվուհիների կրթության չափն ու սահմանը...

«Բայց ի՞նչ ենք բոլորս միասին վեր առած, — ոչնչություններ, անպարունակ դատարկություն...

«Մենք վերադառնում ենք տուն, մեզ շրջապատում են մեր հայ ազգականները, նրանք մեզ հետ խոսում են իրենց լեզվով, իրենց վարք ու բարքից, իրենց սովորություններից: Մենք չենք հասկանում նրանց, բայց այդ չէ վշտացնում մեզ և ոչ էլ մեր ծնողացմենք արդեն ուսումնավարտ ենք...

Следующая страница