Մուրացան՝   Ինչ լայեղ է

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 Следующая Конец

«Հասարակ կամ միջին դասի շրջանն ենք մտնում, այստեղ խոսում են ձեռագործի վերա, տնտեսության վերա, մայրական պարտավորությանց վերա, և առօրյա կյանքին պիտանի ուրիշ շատ առարկաներից: Մենք այդ բաների վերա գաղափար անգամ չունենք. — բայց ինչ հոգ. մենք գեղեցիկ պարում, երգում և դաշնամուրի վերա խաղում ենք... իսկ հետո, մենք դուրս ենք գալիս փողոց: Հեռու կացեք, հայ իշխանուհիները գալիս են, ահա՛ նրանք: Շքեղ շրջազգեստ, հարուստ վերարկու, վերջին տարազով գլխարկ, թանկագին, սոլեր... նրանք նայում են շատ բարձրից, ժպտում են շատ անուշ, ճեմում են կոտրատվելով... նրանք խոսում են ֆրանսերեն, գերմաներեն և վերջապես, անգլերեն, եթե պահանջեք... նրանց խոսակցության նյութը՝ թատրոն, մուզիկ, պարահանդեսներ, վիզիտներ... Բայց ի՞նչ բաներ են նրանք իսկապես, տիկնիկներ, խաղալիքներ, որոնք մեծ ճշտությամբ օրինակում են լուսավոր և քաղաքակիրթ կնոջ բոլոր արտաքինը, առանց սեփականելու նրա ներքին արժանավորությունները, հաստատուն բնավորությունը, ազնիվ ձգտումները...

Եվ ինչու համար է այս այսպես. — որովհետև ոչ ոք չէ մտածել մեզ կրթելու, դաստիարակելու բառի բուն նշանակությամբ: Մանկությունից սովորելով պճնասիրության, մեծամտության, դատարկ և սնոտի զվարճություններին, մենք զուրկ ենք մնացել նույնիսկ մեր հասարակ դասի գեղեցիկ հատկություններից, մենք չունենք ոչ նրա աշխատասիրությունը, ոչ նրա չափավորությունը, ոչ նրա խնայողությունը և ոչ էլ մինչև անգամ նրա համեստությունը... Եվ այսպես օտարանալով մեր ունեցածից, իսկ օտարից գեղեցիկը սեփականել չկարողանալով՝ մենք դարձել ենք միայն ընդունարան մեր և այլոց պակասությունների... մեր ծնողները չեն մտածել ապրեցնել մեզ ինչպես մարդ, ճանաչեցնել մեզ մեր կոչումը, հարգել տալ մեզ մեր արժանապատվությունը... նույնիսկ դաստիարակության ամենատարրական պահանջըմայրենի լեզվի ուսումը, նրանք անտես են արել և մենք նրանցից սովորել ենք միայն արհամարհել ինչ որ մերն է, ինչ որ հայինն է... Բայց ես իմ ճանապարհորդության ժամանակ պատահում էի իտալացիների, շվեյցարացիների, հունգարացիների, հույների և այլն, դրանցից ամեն մեկը զանազանվում են մյուսից յուր սեփական լեզվով, յուր ազգային առանձնահատկությամբ, յուր որոշ բնավորությամբ: Ճանապարհորդող մարդն անգամ առաջին հայացքից և առաջին խոսքից իսկ կարող է ճանաչել, թե յուր դիմաց կանգնողը իտալացի՞ է, թե շվեյցարացի, հունգարացի է, թե հույն: Յուրաքանչյուրը դրանցից անպատվություն է համարում յուր համար մայրենի լեզուն չխոսել, յուր բնավորությամբ չշարժվել, յուր ծագումով չպարծենալ... Բայց եթե այդ մարդկանցից մեկը մոտենա մեզ հայ ազնվուհիներիս և ցանկանա մեր ինչազգության պատկանիլը ճանաչել, տեր աստված, ինչ գաղափար կարող է նա կազմել մեզ համար: Հայ ենք մենք, — հայ չենք: ՌոԼՍ ենքռուս չենք, գերմանացիայն էլ չենք, Ֆրանսիացինույնպես չենք: Ուրեմն ինչ ենք. ամեն բան և ոչինչ, ահա՛ մեր սկիզբը և վախճանը:

«Եվ ա՛յս բնավորությունը, ա՛յս խելքը, ա՛յս սիրտը, ա՛յս հոգին ունենալուց ետ, մենք համարձակվում ենք նեղանալ ջոմարջիձեներից, որ նրանք խաբում և հափշտակում են մեզ, ապա անպատվելով թողնում ճանապարհի վերա... Թողնեիք, որ ես ճանաչեի մի անգամ իմ արժանավորությունը, սովորեցնեի՛ք ինձ պատկառ մնալ իմ կոչմանը, հեռացնեիք ինձ սնոտի զվարճություններից և վերջապես խնամեիք իմ մանկությունը մարդկության արժանավայել դաստիարակությամբ, այն ժամանակ քաջ կասեի նրան, ով կհամարձակվեր գայթակղեցնել ինձ...

«Այո՛, այս բոլորը ես գիտեմ, հասկանում եմ. տխուր փորձը, մանավանդ, ավելի է զգալի անում ինձ համար այս բոլորի ճշմարտությունը. բայց... արդեն ուշ է, ես էլ վերադառնալ չեմ կարող: Որքան էլ որ ցանկանամ նորից սովորեցնել ինձ պարզության, պարկեշտության, աշխատասիրության և ուրիշ շատ արժանավայել բնավորությունների, որքան էլ ցանկանամ նորից հայանալ, հայ լեզու սիրել, հայ կյանքով ապրել, այսուամենայնիվ անկարող եմ. այժմ ինձ պակասում է կամքի ուժ, ինձ պակասում է բնավորության հաստատություն, իմ քայլերս մանկությունից արդեն շեղվել են ուղիղ ճանապարհից, իմ ոտքերի տակ հաստատուն հող չկա... Այս կյանքը, որին ես վարժվել եմ, այս թերությունները, որոնք ինձ ստորացնում են, այս րոպեն իսկ, ավելի մոտիկ, ավելի սիրելի են իմ սրտին, որովհետև նրանք ինձ համար միս և արյուն են դարձել, քան այն բոլոր արժանավորությունները, որոնց ես կկամենայի ունենալ, ճշմարտությունն այս է... Բայց, իհարկե, այս կյանքով, այս թերություններով ապրել, կնշանակե, որ օր-օրի վերա փոքրանալ, ոչնչանալ և վերջ ի վերջո գլորվել անպատվության և անվանարկության անդունդը: Այս էլ գիտեմ, հասկանում եմ:

«Բայց, ասացի, ես նոր կյանքի վերադառնալ չեմ կարող, ուրեմն ինչ անեմ հավիտենական անվանարկությունից ազատվելու համար:

«Խեղդվե՞լ ջրի մեջ դա շատ ողորմելի միջոց է. ես չեմ կամենում մեռնել, ես պետք է ապրեմ: Կուսանոց գնալայդ էլ հիմարություն է: Ինչո՞ւ համար կենդանի թաղվել գերեզմանի մեջ. ինչու համար տեսնել արևը, որ ծագում է, բնությունը, որ կենդանի է, թռչունները, որ երգում են, գետերը, որ խոխոջում են, մարդիկ, որ ապրում և զվարճանում են և ինքդ քեզ դատապարտել անշարժության, անզգայության և վերջապես մեռելության...

«Ոչ, ես դեռ երիտասարդ եմ, ես դեռ գեղեցիկ եմ, ես կամենում եմ ապրել, ուրախանալ, զվարճանալ, ես կամենում եմ վայելել կյանքը, զգալ նրա քաղցրությունները, զմայլիլ նրա հրապույրներով, և վերջապես, ես դեռ պիտի փորձեմ սիրել, և պիտի սիրեմ այնպես, ինչպես սիրել են ինձ... ինձ վերա պարտք կա վրեժ լուծել մարդիկներից...»:

Եվ իշխանուհի Ամալիան գնաց բուլվար...

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 Следующая Конец