Մուրացան՝   Խորհրդավոր միանձնուհի

Այժմ պետք է պատմեմ ձեզ իմ կյանքի, այսպես ասած, հոգեկան մասի պատմությունը, որն իմ վերաբերմամբ բավական տխուր էջեր է պարունակում:

Իհարկե, եթե քսան և մի երկար տարիներ անցած չլինեին այն ժամանակի վրա, որին պատկանում է այս պատմությունը և եթե ես արդեն սիրով ու համոզմամբ հաշտված չլինեի այն դրության հետ, որի մեջ գտնվում եմ այժմ, ինձ համար ով միայն ծանր, այլ գուցե և անհնարին լիներ այդ պատմությունն անել, ինչպես և ոչ մեկին չեմ արել մինչև այսօր: Բայց ժամանակը, որ ամեն ինչ մաշում է, հնացրել է արդեն և իմ վերքերը, թեպետ բոլորովին չէ բուժել նրանց: Ուստի այժմ հանգիստ և առանց հուզվելու կարող եմ պատմել ձեզ բոլորը, ընդունելով, թե ես էլ այս աշխարհում ունեցա մի օր մի եղբայր, որին կարողացա բանալ իմ սիրտը՝ անցյալի վերաբերմամբ:

Բայց տարին լրանալու մոտ, ես մի տարօրինակ փոփոխություն էի նշմարում իմ մեջ: Մի ինչ որ անձուկ ճնշում էր սիրտս և անհանգստացնում հոգիս: Ինձ այլևս չէին գոհացնում ստացածս դասերի հաջող պատրաստությունը և ուսուցչիս այս առթիվ հայտնած շնորհակալությունը: Երբ նստում էի դաս պատրաստելու, դեռ կեսը չանցած, միտքս թռչում էր ուրիշ տեղ, աչքերս սևեռվում էին մի առարկայի վրա և երբեմն ժամերով մնում էի այդպես կես քուն, կես արթուն: Ինքս էլ չգիտեի ինչու եմ նստել անգործ, ինչի վրա եմ մտածում... Եվ երբ ուշաբերելով, նորեն սկսում էի կարդալ, տեսնում էի, որ սովորածս արդեն մոռացել եմ: Շատ անգամ փախչում էի իմ ծնողների ընկերակցությունից, քաշվում էի սենյակս, կեղծելով, իբր թե գիրք եմ կարդում և սակայն այդտեղ անձնատուր էի լինում մտածության: Ինչն էր, իսկապես, իմ մտածմունքի առարկան, չգիտեի, կամ գուցե թվում էր ինձ թե՝ չգիտեմ... Այսքանը ճիշտ էր, որ երևակայությանս առաջ հաճախ պատկերանում էր իմ ուսուցիչը: Ես նայում էի նրան կարծես գողունի հայացքով, դիտում էի նրա զվարթ և վստահ պատկերը, նրա կյանքով ու կրակով լի աչքերը, լսում էի կարծես նրա քաղցրահնչյուն ձայնը, հոգեշունչ խոսքերը, խրատականները... և հանկարծ սթափվելով բարկանում էի ինձ վրա, խանգարում երևակայությանս թռիչքը, ցրում մտածողություններս և ինքս ինձանից կամենում էի փախչել, ինչպես մի մարդ, որ հալածվում է յուր խղճից մի հանցանք գործած լինելու համար: Եվ սակայն խիղճը չէր, որ հալածում էր ինձ, այլ բանականությունը, որ սրտիս հետ միացած փորձում էր մեղադիր լինել իմ անպարտ խղճին...: Շատ անգամ իմ մեջ զարթնում էին հակառակ զգացմունքներ, միմյանց հակասող հուզմունքներ: Երբեմն մի հասարակ մտածմունք, որ կապ ուներ իմ բուռն ցանկությունների հետ, այնպիսի ուրախություն էր պատճառում ինձ, որ ես կամենում էի երգել, խաղալ, թռչկոտել: Իսկ երբեմն, դարձյալ, մի չնչին պատճառից տրտմությունն ու թախիծը պաշարում էին ինձ, մտքերս մոլորվում, և ես ուր գտնվիլս անգիտանում էի:

Մի քանի անգամ փորձեցի ստիպել ինձ՝ նախկին զգաստությամբ և աշխատասիրությամբ պարապել իմ դասերով, կամ առտընին գործերով: Պատահում էր, նույնիսկ, հաղթահարում էի ինձ և շարունակում գործս ուշադիր լրջությամբ, բայց այդ լինում էր մի քանի օր: Փոքրիկ առիթ պատահած ժամանակ մտածմունքներն ու հուզմունքը նորեն պաշարում էին ինձ:

Երբ ուսուցչիս գալու ժամը մոտենում էր, ես փոխարեն դասերիս ընթերցումը շարունակելու, գնում, կանգնում էի այն պատուհանի մոտ, որտեղից նրա գալը կարող էի տեսնել: Եվ երբ նա երևում էր, սկսում էի դիտել նրան հեռվից, քննել նրա շարժվածքը, քայլվածքը և, եթե կարելի էր, նույնիսկ դեմքն ու հայացքը, մինչև որ նա գալիս մտնում էր բակը և սկսում սանդուղքով բարձրանալ: Այնուհետև ես փոքրիկ չարաճճի աշակերտի նման վազում, հավաքում էի գրքերս և նստում իմ սովորական տեղը: Բայց սիրտս այդ միջոցին տրոփում էր անհանգիստ, կուրծքս բարձրանում և իջնում, ես սկսում էի կասկածել ինձ շրջապատող առարկաներից, կարծես հավատալով, թե նրանք կմատնեն ինձ..: Երբեմն շփոթվելուց մինչև անգամ տեղիցս չէի բարձրանում, երբ մտնում էր ուսուցիչս. երբեմն էլ դժվարանում էի ուղիղ նայել երեսին: Բայց նա ծանրությամբ նստում էր յուր տեղը, սովորական կերպով հարցնում կամ դասախոսում և առանց ամենափոքր ուշադրություն դարձնելու իմ շփոթությունների վրա՝ հեռանում: Ուսուցչիս, իհարկե, ես ճանապարհ էի դնում մինչև սանդուղքը, հետո պատշգամբի վրա կանգնած՝ հետևում նրան երկար, անթարթ աչքերով, մինչև որ նա հեռանում, ծածկվում էր իմ աչքից: Պատահում էր նաև, որ ես ամբողջ ժամերով մնում էի այդտեղ կանգնած և աչքս հառած այն կետին, որտեղից անհետանում էր նրա երևույթը, և այդ հափշտակված դրությունից հանում էր ինձ կամ հայրս, որ ծառայությունից վերադառնալով՝ երևում էր հեռվից, կամ ձայնը իմ մոր, որ խոսում էր աղախնի կամ ծառաների հետ:

Շատ անգամ ինքս ինձ մտածում էի թե՝ ինչ պիտի լինի իմ այս տարտամ և անհանգիստ դրության վերջը: Երբեմն որոշում էի թողնել պարապմունքս, բավական համարելով արդեն սովորածներս, որովհետև կարծում էի թե՝ ուսուցչիս երկար բացակայությունը կբժշկե իմ այս հիվանդության նմանվող այլայլությունը: Բայց երբ մտածում էի, թե այդպիսով կարող եմ զրկվել նրան տեսնելու, լսելու, հետը խոսելու անհուն հաճույքից, երկյուղով շշնջում էի. «Անկարելի է, անկարելի է. նա երբեք չիպիտի հեռանա ինձանից...»:

Բայց ինչ տարօրինակ և անծանոթ բարեկամության մի անձուկ է այս, որ պատել, պաշարել է ինձ, — մտածում էի երբեմն. — ես կորցրել եմ իմ հոգու խաղաղությունը, սրտիս անդորրությունը. էլ ուրիշ ոչնչի վրա չեմ ուզում մտածել, ամեն ընկերություն ինձ նեղացնում, ամեն ուրախություն՝ տաղտկացնում է միայն լուռ ու մութ անկյուններն են, որոնք քաշում են ինձ դեպի իրենց և ուր խորհում, մտորում եմ միայն նրա համար... ինչ է արդյոք այդ փոփոխության անունը. միթե ես սիրում եմ նրան...

— «Սիրում եմ», այս երկու բառերն իսկ կապում, կաշկանդում էին լեզուս, ես կամենում էի արտասանել նրանց հաճախ, բայց ինքս ինձանից քաշվում էի:

Վերջին ժամանակներն ավելի ու ավելի սկսա անձնատուր լինել իմ թաքուն մտածմունքներին: Առողջությունս հետզհետե խանգարվում էր, երեսս՝ գույնը նետում, ախորժակս փոխվում և մի ընդհանուր թուլություն տիրում էր վրաս: Ծնողներս սկսան անհանգստանալ — «Ի՞նչ է պատահեց քեզ, ինչո՞ւ գունատ ես, ինչո՞ւ տխուր ես», — շարունակ հարցնում էին և անհանգստացնում ինձ, սակայն ես չգիտեի ինչ պատասխանել: «Ոչինչ և ոչինչ», — այս էր իմ միակ պատասխանը:

Այսուամենայնիվ, ես արդեն հաշտվել էի այն մտքի հետ, թե սիրում եմ երիտասարդ Գարեգնին... Եվ այս սերը նոր չէր և ոչ էլ օրերի, կամ շաբաթների ծնունդ. նա դարբնվել էր իմ սրտում ամբողջ տարվա ընթացքում մի-մի կայծերով, որոնք տակավ առ տակավ միանալով այժմ վառում էին այդտեղ անշիջանելի հնոց սիրո և հիացման.. Եվ այդ կրակը, հարկավ, ես չէի կարող մարել. նա պետք է վառեր, բորբոքեր իմ սիրտը, գուցե նա լափեր, սպառեր իմ գոյությունը. այդ ճակատագրից այլևս անկարող էի ազատվել: Միայն թե մի բան անհրաժեշտ էր այդ դեպքում. այն է աշխատել, որքան հնար էր, երևալ արտաքուստ նույնը և մշտականը, որպեսզի ծնողներիս հետապնդությունից ազատվեի, որովհետև ներքին ճնշումից ավելի վատ էր ազդում վրաս արտաքին այդ ճնշումը: Այս պատճառով հետզհետե սովորում էի ոչ միայն քողարկել զգացմունքներս, թաքցնել հուզմունքս, այլև կեղծել ուրախություն, աշխատելով նույնիսկ խաղալ, երգել, զբաղեցնել շրջապատողներիս և այս ամենը նրա համար, որ իմ ներքին աշխարհը անտեսանելի կացուցանեմ օտար աչքերից... իսկ այս դեպքում՝ օտար էի համարում ես ամենքին, նույնիսկ ծնողներիս: Այսուամենայնիվ, այս դրությունն էլ երկար չտևեց: Կեղծելը, որ առաջ հետապնդությունից ազատվելու միջոց էի համարում, շուտով դարձավ ինձ անտանելի, ես սկսա ամաչել նույնիսկ ինձանից և իմ ցավը դարմանելու համար աշխատել դիմել ազնիվ միջոցի: — «Ինչու համար եմ ստորացնում ինձ, — մտածում էի ես. — միթե արդարև հանցանք եմ գործում՝ սիրելով երիտասարդներից ամենաազնվին և արժանավորին. ինչո՞ւ այս բանը չհայտնեմ ծնողներիս, ինչու օրն ի բուն զուր տեղը տառապիմ. միթե նրանք սիրտ չունին, զգալ չգիտեն, կամ երբեք չեն սիրել...»:

Հազիվ այս մտածմունքը հանգստացնում էր սիրտս կամ փոքր ինչ հուսադրում ինձ, և ահա՝ մի ուրիշը գալի ոչնչացնում էր նրա ազդեցությունը... «Ի՞նչ եմ ասում, մի՞թե խելագարվել եմ... հնարավոր բան է արդյոք հորս նման մի խիստ մարդուն այսպիսի անլուր, անօրինակ նորություն հայտնել: Ո՞վ է այդ բանն արել այս քաղաքում, որին կարող են հիշել ծերունիները... Եվ միթե սա կայծակի մի հարված չի լինիլ իմ պատվասեր հոր համար, որն այնքան բարի և ազնիվ սրտով ընդունեց յուր տան մեջ օտար երիտասարդին: Կարող էր միթե նա երևակայել, թե յուր պարկեշտ, ամոթխած Աննան, այսօրինակ համարձակ ընտրությամբ ամոթահար կանե իրեն յուր բարձակիցների առաջ... Եվ միթե Սիմոն-բեկը, քաղաքի առաջնակարգ, պատվավոր և հարուստ մարդը կկապե յուր միամոր աղջկա բախտը մի վարժապետի հետ...

Բայց երբ նորեն առողջ դատողությունը հաջորդում էր իմ նախապաշարմունքներին, ես ինձ հարցնում էի. — «Ինչե՞ր եմ խոսում, ո՞վքեր են այդ պատվավոր քաղաքացիները, ինչով են նրանք ավելի բարձր ու ազնիվ, անձնվեր հայ ուսուցչից, միթե իրենց դիրքով, իրենց հարստությամբ, կամ ա՛յն համոզմունքով, որ իրենք իրենց համար կազմել են տգիտաբար: Քանի՞ փող արժե ա՛յն դիրքը, ա՛յն հարստությունը, որ միայն իրենց անձին և գոյությանը դյուրություն տալու է ծառայում: Մի՞թե բարձրը և ազնվագույնը սիրել գիտցող սիրտը պիտի ակնածե այդ անկենդան կուռքերից: Ինչ պետք է ինձ նրանց հայեցակետը, քանի որ ես իմ սեփականն ունիմ: Գարեգինն ամբողջ գլխով բարձր է իրեն շրջապատող հասարակությունից, այդ հարուստ ու պատվավոր մարդիկ գլուխ պիտի խոնարհեցնեն նրա ազնիվ սրտի և հայրենասեր հոգու առաջ...»:

Եվ այսպիսի ժամանակ, երբ մտածում էի, թե սիրում եմ նրան, որի վրա բոլոր աչքերը նայում են սիրով ու հափշտակությամբ, մի ներքին հպարտություն լցնում էր հոգիս, և ես հաստատապես վճռում էի տանել ամեն նեղություն ու զրկանք, բայց երբեք չհրաժարվիլ սիրածս անձից:

Սակայն այսպիսի որոշումով զգացածս ուրախությունը դարձյալ թունավորում էր մի ուրիշ մտածմունքով. — մի՞թե ամուր չէ այս սերը, — հարցնում էի ինքս ինձ. — ինչպես իմանամ, թե Գարեգինը նույնպես կսիրե ինձ, թե նա կբաժանե իմ հրատոչոր զգացմունքը... Մի՞թե նրա վեհ, բարձրաթռիչ հոգին կարող է երբևիցե դեգերել եսասիրության այն նեղ մթնոլորտում, ուր ապրում է իմ հոգին: Կա իմ մեջ մի արժանիք, որ նրա արժանիքներից փոքրագույնին հավասարեր, կամ մի ձիրք, որ նրա հիացումը գրավեր: Հասարակ մի աղջիկ, ողորմելի զարգացումով և ավելի ևս ողորմելի ձգտումներով, միթե ես իրավունք ունիմ սիրել նրան կամ հուսալ՝ նրանից սիրվելու... Օ՛հ, ոչ, սա տղայական մի ցնորք է, որին իզուր հետևում է իմ թույլ ու անզոր սիրտը: «Ավելի լավ է զգաստանամ և աշխատեմ մոռանալ նրան...», — որոշում էի ես վերջապես և սակայն այդ որոշումը ևս թողնում անգործադիր:

Եվ այսպես օրերն անցնում էին, իսկ իմ դրությունը մնում էր նույնը, կամ գնալով վատթարանում: Այժմ արդեն ծնողներս պարզ կերպով հետևում էին իմ քայլերին, աշխատելով որսալ իմ բերանից բառեր կամ խոսքեր, որոնք հարկավոր էին նրանց իմ գաղտնիքներին հասու լինելու համար: Այդ պատճառով ես հետզհետե դառնում էի ավելի զգաստ և խորագետ, փախուստ էի տալիս նրանց նպատակավոր զրույցներից, կամ աշխատում շփոթել այդ զրույցները խնդրին չվերաբերող հարցերով: Եվ ես, որ առաջ առիթ էի փնտրում միշտ Գարեգնի մասին խոսելու կամ նրա անունը հեղհեղելու, այժմ զգուշանում էի մինչև անգամ այդ անունն արտասանելուց: Գուցե և իմ այսքան զգուշավոր լինելն ավելորդ էր, բայց ուրիշ կերպ հանգիստ լինել չէի կարող:

Մի օր մենք հրավիրված էինք մեր բարեկամներից մեկի տունը: Գիտենալով, որ ծնողներս անպատճառ պիտի գնան այնտեղ, որովհետև խոստացած էին, ես հայտնեցի, թե գլխացավ ունիմ, ուստի չեմ կարող ընկերանալ իրենց: Ծնողներս առանց դժվարության թողեցին ինձ տանը, աղախնի հետ, և իրենք գնացին:

Մի ժամից հետո Գարեգինը պիտի գար դասի: Իմ գլխում մի հանդուգն միտք հղացավ, այն է՝ բանալ նրա առաջ իմ սիրտը և անկեղծությամբ խոստովանել դեպի իրեն ունեցածս ջերմագին սերը: — «Ինչ պիտի անե նա ինձ, — մտածում էի ես երկչոտ սրտին հատուկ զգուշությամբ. — շատ, շատ, գուցե, մի նախատինք, կամ հանդիմանություն լսեմ նրանից, այն ժամանակ ավելի լավ, ես կբժշկվիմ այս մաշող ցավից, կվերադառնամ իմ նախկին, խաղաղ դրությանը: Իսկ եթե նա կասե, թե բաժանում է իմ զգացումը, օհ, այն ժամանակ, հեռու ինձանից թախիծ ու մտածմունք, այն ժամանակ արդեն ես ամենաերջանիկ աղջիկը կլինիմ աշխարհում և նույնիսկ այդ երջանկությամբ զորացած կոչնչացնեմ իմ ճանապարհը փակող արգելքները. կմեղմեմ, նույնիսկ, իմ հոր խստասրտությունը ու կստանամ մորս օրհնությունը»:

Եվ այս մտածմունքով ոգևորված սպասում էի իմ սիրելի ուսուցչին:

Առաջին անգամ, երբ նրա ողջույնը լսեցի, սիրտս մի հանկարծական ոստյուն արավ, որին հաջորդեց անհանգիստ և երկարատև բաբախում: Այդ ժամանակ աչքս ընկավ հանդիպակաց հայելուն և ես տեսա, թե ինչպես շառագունել եմ: Իմ այսօրինակ հուզմունքից սաստիկ ամաչեցի:

Դաս ասելու ժամանակ ես դարձյալ այլայլված էի, մտքերս չէի կարողանում անփոփել, սովորածս մոռացել էի: Տեսնելով, որ այլայլությունս գնալով ավելանում է, «ներեցեք ինձ, խնդրեմ, — ասացի ուսուցչիս, — այսօր դաս ասել չեմ կարող, սաստիկ հուզված եմ...»: Այդ ասելով սկսա գրքերս ժողովել:

Իմ այս տարօրինակ վարմունքը զարմացրեց Գարեգնին: Մի քանի րոպե նա լուռ սևեռեց հայացքն իմ աչքերին և ապա հարցրեց.

Ինչ է պատահել ձեզ, օրիորդ, միայն այսօր չէ, որ հուզված եք դուք, վաղուց է, ինչ ես նշմարում եմ ձեր մեջ մի տարօրինակ փոփոխություն... ոչ դեպի լավը: Դուք չունիք այլևս սովորելու այն աշխույժը, որ գոհություն էր պատճառում ինձ. ձեր ընդունակությունը, կարծես, կիսով չափ կորցրել եք: Արդյոք որևէ տկարություն ունիք:

Ես աչքերս գետնին հառած չէի պատասխանում, բայց սիրտս անհանգիստ տրոփում էր:

Խնդրում եմ ասացեք, ունիք որևէ հիվանդություն, — հարցրեց նա նորեն:

Ոչ, — պատասխանեցի ես կիսաձայն:

Ուրեմն առողջ եք:

Դժբախտաբար ոչ

Գարեգինը ծիծաղեց...

Այդ ինչ է նշանակում, հիվանդություն չունիք և, միևնույն ժամանակ, առողջ չեք:

Այդ նշանակում է թե... — Ես չկարողացա շարունակել:

Ինչ է նշանակում, խոսեցեք, ինչու եք լռում:

Այդ նշանակում է թե՝ իմ հիվանդությունը այն տեսակներից է, որ աչքի զարնել չի կարող:

Այսուամենայնիվ, հայտնեցեք մեզ էությունը, ցույց տվեք նրա տեղը, գուցե կարողանանք տեսնել և բժշկել, — նկատեց նա ժպտալով:

Օ՛, նա շատ խորն է... այնտեղ, ուր մարդկային աչքը թափանցել չէ կարող, — ասացի ես ջերմությամբ ու հետզհետե սիրտ առնելով:

Ձեր խոսքերը չեմ հասկանում, — նկատեց ուսուցիչս:

Ուրեմն ավելի պարզ ասեմ, իմ հիվանդությունը գտնվում է իմ սրտի, իմ հոգու մեջ:

Գարեգինը մի անհանգիստ շարժում արավ և լռեց:

Դուք հարցնելու այլևս բան չունի՞ք, — նկատեցի ես, աչքերս գետնին հառած:

Էլ ուրիշ ինչ հարցնեմ, ասում եք ձեր հոգին է հիվանդ, իսկ դրա համար բժիշկ չկա, դուք ինքներդ պիտի բժշկեք ձեզ:

Բայց քանի որ չեմ կարողանում...

Դիմել եք դուք ձեր ծնողներին:

(Ոչ:

Ուրեմն հանձնեք ձեզ նրանց խնամքին և վստահ եղեք, որ նրանց բարության և դեպի ձեզ ունեցած սիրույն վրա:

Նրանք կարող են ձեզ օգնել և, եթե հնար է, նաև բժշկել:

Բայց եթե ես դիմեի ուղղակի նրան, ով այս հիվանդությունը պատճառել է ինձ, միթե նա չէր կարող բժշկել, — հարցրի ես ջերմությամբ և դողացող ձայնով:

Ուսուցիչս թափանցել էր արդեն իմ սրտի խորքը:

Օրիորդ, ես ակամա ինձ չվերաբերյալ խոսակցության մեջ մտա, — նկատեց նա, — եթե ձեր ծնողներն այստեղ լինեին, ես հարկ եղածը նրանց հետ կխոսեի և գուցե կարողանայի իմ տված խորհուրդներով օգնել նրանց ձեզ ապաքինելու: Բայց քանի որ նրանք բացակա են, թույլ տվեք, որ այս հարցի մասին ուրիշ անգամ խոսվի...

Ես կամենում էի լռել, բայց մի ներքին ձայն դրդեց ինձ խոսել:

Այսուամենայնիվ, դուք հենց այժմ կարող եք ինձ ասել թե իմ հոգուն այս հիվանդությունը պատճառող մարդուն եթե դիմեի, կարող էր նա ինձ բժշկել, — հարցրի կրկին, աչքերս միշտ խոնարհած:

Չգիտեմ, եթե դուք կարծում եք թե նա կարող է բժշկել, դիմեցեք, — պատասխանեց նա անփույթ եղանակով:

Ուրեմն բժշկեցեք իմ հոգին, դուք եք նրան հիվանդացրել. ես ձեզ եմ դիմում, — բացականչեցի հուզված և այնպիսի համարձակությամբ, որ ճնշման դեմ ապստամբող հոգիներին է հատուկ:

Երիտասարդը մնաց շվարած: Ըստ երևույթին նա չէր սպասում այս դիմումին, ուստի և չգիտեր ինչ պատասխաներ: Իսկ իմ մեջ եռանդը հետզհետե ավելանում և երկյուղը տեղի էր տալիս անկեղծության, ես գրեթե ինձ մոռացած, շարունակեցի:

Լսեցե՛ք, սիրում եմ ձեզ... սիրում եմ ջերմ, սրտագին և անվերջ սիրով և ես հանցավոր չեմ... դուք վառեցիք իմ մեջ այս կրակը... — և այս խոսքերի հետ միասին, գրեթե հափշտակելով, առի նրա ձեռքը և սեղմեցի իմ շրթունքներին:

Մի թույլ, անլսելի հառաչանք դուրս թռավ երիտասարդի սրտից, նա նայեց ինձ հրացայտ աչքերով, և ձեռքը քնքշությամբ ետ քաշելով, տեղից բարձրացավ:

Ես կաշխատեմ օգնել ձեզ, որ ապաքինվիք ձեր հիվանդությունից, գուցե և բոլորովին մոռանաք այն, — ասաց նա լուրջ և սառը եղանակով, ապա «մնաք բարով» ասելով՝ դուրս գնաց:

Օ՛ ոչ, նա ինձ չէ սիրում, նա չէ կարող սիրել, նա արհամարհում է ինձ... — գոչեցի ես արտասուքից. Խեղդվող ձայնով և սրտաբեկ ու հուսահատ ընկնելով բազկաթոռի վրա սկսա դառնապես լալ:

Հետևյալ օրը մեծ տագնապի մեջ էի: Իմ համարձակ որոշումն անհաջող ելք էր ստացել: Իսկապես չգիտեի, թե ինչպես պիտի բացատրեի Գարեգնի խորհրդավոր խոսքերը. — «Ես կաշխատեմ օգնել ձեզ, որ ապաքինվիք ձեր հիվանդությունից, գուցե և բոլորովին մոռանաք այն», — ասաց նա: Ինչ էր նշանակում այդ: Արդյոք մերժման խոսքեր էին դրանք: Չէ որ մոռացումը հետևանք է լինում անհույս սիրույն... Եթե այդպես է, ինչո՞ւ ուրեմն այս անմիտ քայլն արի. ինչո՛ւ նվաստացա նրա առաջ... Միթե մի համեստ և օրինավոր աղջկա կվայելեր այդպիսի հանդուգն վարմունք, մտածում էի ես ու տանջվում: Ապա ցանկանում էի, որ նա այդ օրը չգար, որովհետև երեկվա անցքից հետո ես քաջություն չէի ունենալ նրա երեսը ելնելու: Մյուս կողմից էլ մտածում թե՝ լավ կլիներ, որ գար, որպեսզի նրա հայացքից ոլ խոսքերից կարողանայի վերջնականապես իմ ճակատագիրը որոշել: Ճիշտ է, սկզբում ծանր կլիներ ինձ դեմ առ դեմ խոսել հետը, բայց դրանով հետո իմ տագնապը կնվազեր:

Որքան ուժ ունեի, ժողովեցի դաս պատրաստելու, որպեսզի գոնե այսօր կարողանամ մի բան պատասխանել: Կարդացի, գրեցի, բայց առանց ոչինչ հասկանալու և մեքենայաբար: Հետո նստա իմ սովորական տեղը, պատուհանի առաջ և սպասեցի նրան: ժամը տաներկուսը զարկեց: Ուր որ է նա պիտի երևար, այս նրա գալստյան ժամն էր: Սիրտս սկսավ անհանգիստ տրոփել: Շարունակ մտածում էի թև ինչպես պիտի նրա դեմը ելնեմ: Մտքիս մեջ խոսքեր, դարձվածքներ էի պատրաստում, որպեսզի հարկավոր դեպքում պատշաճավոր պատասխան տամ: Մինչև անգամ մտածում էի թե՝ դեմքի ինչ արտահայտությամբ պիտի ողջունեմ նրան, կամ նրա ողջույնն առնեմ:

Սակայն անցավ քառորդ ժամ, անցավ կես ժամ, և նա չկար: Այնուամենայնիվ, ես սպասում էի: «Գուցե մի անակնկալ դեպք ուշացրել է նրան, նա անպատճառ կգա», — մտածում էի ես: Բայց անցավ ամբողջ ժամ և նա դարձյալ չկար: Սա չարագուշակ նշան էր, որովհետև Գարեգինը րոպեների նկատմամբ իսկ, ճշտապահ էր: — «Չլինի թե ինձանից հեռացել է բոլորովին», — մտածեցի ես և մի գաղտնի երկյուղ իմ սիրտը ճմլեց: Վայրկյանները սլանում էին և ինչպես արագ, ինչպես սրընթաց: Վերջապես երկրորդ ժամը զարկեց: Ինձ հրավիրեցին ճաշի, և ես մտա սեղանատուն:

Այս ի՞նչ է, վարժապետդ այսօր չեկա՞վ, — հարցրեց հայրս:

Ոչ, երևի մի անակնկալ դեպք արգելել է նրան, — պատասխանեցի ես, ինքս իմ խոսքերից վախենալով:

Բոլորովին անսպասելի էր, — հարեց մայրս, — ամբողջ տարվա մեջ նա երբեք չէ բացակայել, չլինի հիվանդ է:

Կարող է պատահել, երևի կիմանանք, — ավելացրեց հայրս և սրանով հարցը փակվեց:

Բայg նրա «երևի կիմանանք» խոսքը դող հանեց սիրտս: Ես գուշակում էի նրա չգալու պատճառը և չգիտեի ինչ անել ամոթապարտ լինելուց ազատվելու համար:

Մեծ տանջանք կրեցի՝ ծնողներիս հետ ճաշի ժամն անցնելու համար, ախորժակ չունեի, բայց պետք է ուտեի, խոսելս չէր գալիս, պետք է խոսեի: Տխրությունը սիրտս ճմլում էր, պետք է զվարթ երևայի: Ուրիշ անգամ, գուցե, այդքան չաշխատեի, ծնողներիս ուշադրությունն ինձանից հեռացնելու, բայց այդ օրն, ինձ թվում էր, թե իմ լռության ու տխրության ամեն մի վայրկյանը կարող էր ինձ մատնել: Օհ, ինչպե՛ս ծանր է կեղծել. ինչպես ծանր է ծածկել: Միթե ես այդ բաների համար էի ստեղծված: Եվ սակայն հարկը ինչ բաների չէ վարժեցնում մարդուն:

Սեղանից հեռանալս և մի սենյակում փակվելս մեկ եղավ: Աղախնին պատվիրեցի ոչ ոքի չթողնել ինձ մոտ մտնելու առարկելով կարևոր պարապմունք ունիմ:

Մտնելով սենյակս սկսա դարձյալ անձնատուր լինել իմ մտածմունքներին: Բայց տեսնելով, որ դրանով միայն ուղեղս եմ լարում և ուժերս սպառում, որովհետև տանջվելուց զատ ուրիշ բան չէի առաջացնում, աշխատեցի քնել: Դա միակ միջոցն է մաշող մտմտուքից գեթ մի քանի ժամ ազատվելու համար, եթե միայն հաջողի: Բարեբախտաբար քնելն ինձ հաջողում էր:

Հետևյալ օրը նույնպես Գարեգինը չերևաց: Իմ մեջ այլևս կասկած չմնաց, որ երիտասարդն յուր մշտական բացակայությամբն է կամենում իմ հիվանդությունը բուժել: Դա մի սարսափելի ճշմարտություն էր ինձ համար: — Այս ինչ արի, ինչ չարիք բերի իմ գլխին, — մտածում էի եսգոնե առաջ ամեն օր տեսնում էի նրան, խոսում էի հետը մի ժամ, իսկ այժմ ինչ է իմ դրությունը:

Այս ամենի վրա ավելացավ և շուտով ամոթահար լինելու երկյուղը, երբ երեկոյան դեմ հայրս գնաց հոգևոր դպրոցը, ուր բնակում էր Գարեգինը, նրա բացակայության պաաճառն իմանալու:

Տեր աստված, որքան հոգեկան տանջանք կրեցի ես այդ մի ժամվա մեջ... Արդյոք ի՞նչ պիտի ասեր նա հորս, ինչ պատճառ պետք է բերեր, չէ որ իմ խոստովանության պատմությունը պիտի աներ... իսկ իմ հայրը... օհ, խելագարվում էի. որպեսի ամոթով, որքան ճնշվելով պիտի լսեր նրանից յուր պարկեշտ, ամոթխած ճանաչված աղջկա անլուր, անպատկառ արարքը... օհ, ինչպե՛ս ծանր, ինչպես անտանելի էր այդ. սիրտս ուժգին բաբախելուց, ասես թե, կամենում էր դուրս թռչել, գլուխս այրվում էր, մի վայրկյան հանգիստ չէի գտնում, մերթ նստում, մտածում էի, մերթ նորեն վեր թռչում տեղիցս, չգիտեի ուր գնալ, ուր դիմել, նույնիսկ սենյակները հալածում էին ինձ, իմ պարապմունքի սեղանը, իմ գրքերը՝ բոորն էլ այդ վայրկենին դարձել էին ատելի, ոչնչով զբաղվել, ոչնչով իմ մտքերը ցրել չէ կարողանում:

Վերջապես օրհասական վայրկյանը հասավ. հայրս երևաց բակում: Բայց, ով զարմանք, հենց այդ րոպեին էլ իմ հուզմունքը դադարեց, հուսահատությանս ու երկյուղիս հաջորդեց բոլորովին ուրիշ, ինձ անծանոթ մի զգացմունք, իմ հոգին նոր ուժ ու կորով ստացավ, նա կարծես պատրաստվում էր ապստամբելու իրեն ճնշող, կաշկանդող ուժերի դեմ: — «Այո՛, սիրում եմ, այդպես էլ կասեմ, ես հանցանք չեմ գործում, ուրեմն վախենալու էլ ոչինչ չունիմ...», — ասացի ինքս ինձ և աներկյուղ սպասեցի հորս ներս գալուն:

Վարժապետդ շտապ ավարտելու գրելիք է ունեցել, այդ պատճառով չէ եկել. շատ ներողություն էր խնդրում. ես ասացի ոչինչ, մի՛ նեղանաք: Բայց վաղվանից կգա, — ասաց հայրս սենյակը մտնելով:

Ես մնացի ապշած. չէի կամենում հավատալ ականջներիս, ուրախությունը կարծես չէր զորում մոտենալ իմ կծկված սրտին... «Մի՞թե այս ճշմարիտ է. միթե նա ճշմարիտը խոսեց..», — մտածում էի ես:

Բայց որովհետև հայրս ուրիշ ոչինչ չասաց և հանգիստ սրտով մտավ սեղանատուն թեյ խմելու, ուստի իմ մեջ այլևս կասկած չմնաց, որ անցյալ օրվա պատմությունից նա ոչինչ չգիտե: Վասնզի հայրս չէր այն մարդկանցից, որոնք առանձին շնորհք են ունենում ամեն տեսակ գաղտնիք իրենց սրտում ծածկելու, իսկ դեմքի վրա հակառակ զգացմունք արտահայտելու: Եթե նա ունենար մի գաղտնիք և ստիպված լիներ ծածկել, այնքան անշնորհք ձևով կաներ այդ, որ ամեն ոք կգուշակեր յուր գաղտնիք ունենալը:

Ազնի՛վ և առաքինի երիտասարդ, այժմ ավելի քան երբեք սիրում եմ քեզ... — բացականչեցի ես, երբ մնացի միայն իմ զգացմունքների հետ. — այսուհետև այլևս տխրությունն ու մտածմունքը թող չհուզեն ինձ. ես լուռ անմռունչ կսիրեմ քեզ և եթե դու չբաժանես իսկ իմ զգացմունքը, գոնե չես արգելիլ սիրել քեզ... ինձ այնքանն էլ բավ է, որ ամեն օր քեզ տեսնելու, քեզ հետ խոսելու բախտը ունենամ...

Հետևյալ օրը Գարեգինն եկավ յուր ժամանակին: Նա նույն հանգիստ ու զվարթ դեմքով ողջունեց ինձ, ինչպես և առաջ: Հարկ չկա ասելու, որ ամբողջ դասի ժամանակ ես չէի համարձակվում աչքերս բարձրացնել: Բայց երեկվանից արդեն, երբ հուզմունքս անցել էր, ես բավական դաս էի պատրաստել, բավական գրել էի և այս էր, որ մի փոքր անզգալի էր դարձնում մեր այդ օրվա տեսակցության ազդեցության ծանրությունը:

Գարեգինը ուրախ տրամադրությամբ հետևյալ դասերը խոսեց, կարդալու համար նոր գիրք նշանակեց, գրելու նյութ տվավ և քաղցրությամբ ողջունելով դուրս գնաց:

Երբեք այնպես հանգիստ, այնպես ուրախ չէի զգացել ինձ, ինչպես այժմ:

Սրանից հետո մի շաբաթ ևս նա շարունակեց յուր այցելությունները: Բայց այդ բոլոր ժամանակ նա կարծես յուր տված դասերի ու սովորեցրածների վերջաբանն էր կազմում, նշանակելով միայն կարդալու հատվածներ և տալով շարադրության նյութեր: Մի մի անգամ էլ հիշեցնում էր թե՝ այսուհետև ավելի առաջ գնալու համար ինձ մնում էր միայն շարունակ կարդալ և կարդացածից, օգտվել, այնպես որ յուր գալը, գրեթե, ավելորդ էր:

Վերջին ուրբաթ նա միայն շարադրելու մի նյութ տվավ, այն է՝ գրել «մարդկային պարտուց» վրա, պատվիրելով բաժանել իմ շարադրությունը երեք մասերի և բացատրել նրանց մեջ թե՝ որն է մարդկային պարտքը առ աստված, առ ընկերն և առ անձն:

Այդ գրությամբ դուք պիտի ապացուցանեք, որ իմ այսքան ժամանակվա աշխատությունն ապարդյուն չէ անցել, — ասաց նա, — ես կամենում եմ իմանալ, թե որ աստիճան իրավունք ունիմ այսուհետև պարծենալ ձեզմով ուրիշների առաջ:

Այս խոսքերն արդեն բավական էին նույնիսկ բանաստեղծական ավյուն ներշնչելու ինձ: Ես ամբողջ օրը և գիշերվա կեսն աշխատեցի իմ շարադրության վրա: «Մարդկային պարտքն առ աստված» բացատրելուց հետո, ես երկար կանգ առի «մարդկային պարտքն առ ընկերն» մտքի վրա: Ժողովեցի իմ երևակայության առաջ պատմության նշանավոր հերոսները, հայտնի հայրենասերները, ժողովրդի նահատակները, թվեցի նրանց գործերը, դրվատեցի անձնազոհության գաղափարական բարձրությունը, առաջ բերի Քրիստոսի այն մեծախորհուրդ խոսքը թե՝ «ամեն ամեն ասեմ ձեզ, եթե ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիշ ցի՝ ինքն միայն կայ, ապա եթէ մեռանիցի, բազում արդիւնս առնէ» և իմ բացատրություններն ու մակաբերությունը կցեցի նրան: Շատ քիչ գրեցի, սակայն, մարդկային պարտքն առ «անձն» մտքի մասին, բավականանալով միայն բացատրությամբ այն խորհուրդների, որ կրոնը տալիս է մեզ «աստուծո պատկերի և նմանության» հետ վարվելու համար»:

Իմ շարադրությունը շատ հաջող դուրս եկավ, և ես գոհ սրտով գնացի պառկելու: Խեղճ ես, դեռ չգիտեի թե՝ որքան ծանր ու դժվարին է գործով կատարել այն, ինչ որ այնքան հափշտակությամբ գովել, դրվատել էի: Եթե, մարդիկ լավ գործերը նախ կատարեին և ապա նրանց մասին գրեին, որքան քիչ բան կունենայինք այդ առթիվ կարդալու...

Հետևյալ օրը Գարեգինը որոշյալ ժամանակից ուշացավ: Հայրս արդեն ծառայությունից վերադարձել էր, մենք նստած՝ հենց Գարեգնից էինք խոսում, երբ նա
ներս մտավ: Հետո իմացա, որ նա դիտմամբ էր ուշացել:

Շատ ուրախ եմ, որ ծնողներդ էլ այստեղ են,-ասաց նա, — նրանք էլ ձեր շարադրության ընթերցումը կլսեն, հապա, բերեք, կարդացեք:

Ես ուրախությամբ վերցրի սեղանից իմ երեք թերթից բաղկացած շարադրությունը և սկսա պարզ ու մեկին առոգանությամբ կարդալ:

Կարդացի, երկար կարդացի: Գարեգինը մերթ ընդ մերթ ընդհատում էր ինձ «կեցցիք», «ապրիք», «շատ գեղեցիկ» խոսքերով: Երբ ես ավարտեցի, նա սկսավ խոսել:

Իմ ուրախության չափ չկա, բոլոր աշխատությունս վարձատրված եմ տեսնում այսօր, ես գոհ եմ, — ասաց նաև ի նշան շնորհակալության, իմ ձեռքը սեղմեց: Ապա դառնալով ծնողներիս, շարունակեց. — Այսուհետև օրիորդ Աննան ինքը կարող է առաջ գնալ, որքան և ցանկանա: Նա հայերեն լավ գիտե. պատմություն սովորել է. Ռուսերենին տեղյակ է. նրան մնում է կարդալ և միշտ կարդալ: Բայց
այդ էլ, իհարկե, զգուշավոր ընտրությամբ: Ոչիչ այնպես չի խանգարում կանոնավոր զարգացումն, ինչպես խակ մտքերով և մոլար վարդապետությամբ տոգորված գրքերը կամ լրագիրները: Այդ պատճառով ես ինքս կարող եմ միշտ ընտրել ընթերցանության համար պիտանի գրքերը և ուղարկել օրիորդին կարդալու: Ինչ վերաբերում է ինձ, ես, իհարկե, այսօրվանից օրիորդի նկատմամբ հանձն առածս
պաշտոնը կատարած, վերջացրած եմ համարում, հետևապես և ձեզ ամեն օր այցելելու պատիվը չեմ ունենալ:

Վերջին հայտարարությունը կարծես ինձ հարվածեց և բոլոր տունը գլխիս շուռ բերավ. բայց ես ջանք արի պահել ինձ զոռով:

Ծնողներս երկար և ջերմաջերմ շնորհակալություն արին ուսուցչիս խնդրելով նրան՝ հաճախ այցելել իրենց: Ես, իմ շփոթությունը հայտնի չկա ցուցանելու համար, վեր կացա տեղից և հանդիսավոր ձևով ասացի.

Ձեր երախտիքն այնքան մեծ է ինձ վրա, որ ես ոչնչով չեմ կարող փոխարինել: Այդ պարտքի ծանրությունը ինձ անզգալի անելու համար, պետք է որ դուք պաշտոնական բարեկամ լինելուց դադարեք: Իմ ծնողները ձեզ կընդունեն իրենց սիրելի որդու, իսկ ես իմ հարազատ եղբոր տեղ: Այցելեցեք մեզ, խնդրում եմ, կարելվույն չափ հաճախ: Մենք միշտ սիրով պիտի սպասենք ձեզ:

Следующая страница