Մուրացան՝   Խորհրդավոր միանձնուհի

Այո, այո, խնդրում ենք, շատ ենք խնդրում, դուք մեր որդին, մեր ընտանիքի անդամն եք, — գրեթե միաբերան ասացին ծնողներս:

Գարեգինը շնորհակալություն հայտնեց և խոստանալով, որ կարողացածին չափ կաշխատե մեզ այցելել, ողջունեց և դուրս գնաց:

Ես հետևեցի նրան մինչև բակի դուռը: Եվ երբ նա այդտեղից դուրս գալիս պարզեց ինձ ձեռը վերջին «մնաք բարևն» ասելու, ես ջերմությամբ առի այն իմ ձեռքի մեջ և նկատեցի. — այսուամենայնիվ, պարոն Գարեգին, մնաց դարձյալ մի դաս, որ չտվիք ինձ ուսանելու...

Ո՞րն է այդ դասը, — հարցրեց նա ժպտալով:

Այն, թե ինչ պետք է անե խեղճ օրիորդը, որի սրտում վառված սուրբ սիրո կրակն անարգվում է, նույնիսկ, սրբության պաշտպանից:

Դուք այդ դասը սովորելու կարիք չունիք, օրիորդ, — պատասխանեց երիտասարդը ծանրությամբ, — որովհետև սրբությունը չի կարող անարգվիլ յուր երկրպագուից...

Եվ նա մի քաղցր հայացք ձգելով վրաս, ջերմությամբ սեղմեց ձեռս և հեռացավ:

ԵՐՐՈՐԴ ՕՐ

Որքան մտատանջությունների պատճառ դարձան ինձ համար Գարեգինի՝ բաժանման րոպեին արտասանած վերջին, խորհրդավոր խոսքերը: «Սրբությունը չի կարող անարգվիլ յուր երկրպագուից», — ասաց նա: Ո՞վ էր արդյոք այդ «երկրպագուն»: Կարո՞ղ էի միթե հուսալ թե՝ դա ինքն է, իսկ դրա համար ունեի ես ապացույց, գեթ մի թույլ փաստ, ավաղ, և ոչ մի: Եթե նա բաժանում լիներ իմ զգացումներն, ինչու ապա դիտմամբ պիտի հեռանար ինձանից: Նա ամենալավ պատրվակն ուներ մեզ մոտ հաճախելու, միշտ ինձ հետ տեսնվելու, որովհետև նա իմ ուսուցիչն էր: Բայց նա, ոչ միայն այդ պաշտոնից չկամեցավ օգտվիլ այլև ինձանից բոլորովին հեռանալու համար կիսատ թողեց ուսմանս գործը: Միթե, արդարև, ես այլևս սովորելու ոչինչ չունեի... Բայց չէ, նա չկամեցավ յուր հաճախակի այցելություններով առավել ևս բորբոքել մի անգամ արդեն վառված կրակը: Անարգանք էր այս ուղղված իմ անկեղծ խոստովանությանը, թե բարձրագույն ազնվության ապացույց՝ զի չկամեցավ յուր բարոյական խնամքին և դաստիարակության հանձնված մի օրիորդի թուլությունից օգտվել, — ճիշտը չգիտեի, միայն ես հակված էի դեպի վերջին կարծիքը:

Անցավ մի ամբողջ շաբաթ և ես Գարեգնին տեսնել չկարողացա: Նա մեզ մոտ չեկավ, իսկ ես պտրտել նրան չէի կարող: Մի քանի անգամ մտադրվեցա այցելել օրիորդաց դպրոցը նրան այնտեղ պատահելու հույսով. Բայց ամեն անգամ էլ պատվասիրության զգացումը թույլ չտվավ ինձ այդ անել:

— «Ինչո՞ւ այդ աստիճան ստորանալ, — մտածում էի ես. — եթե նա պատճառներ է ստեղծում ինձանից հեռու մնալու, մի՞թե կվայելե, որ ես երթամ նրան պտրելու, իհարկե ոչ: Գուցե հենց այդ վարմունքով նա կամեցել է զգալ տալ ինձ թե՝ իմ մասին նա բնավ չէ մտածում: Ինչու ուրեմն քաջություն չունենալ մոռացության տալ նրան...» Եվ ես այնուհետև որոշում էի աշխատել մոռանալ նրան:

Բայց մի՞թե այդ հնարավոր էր, միթե ես այդ կարող էի անել: Այդ տեսակ որոշումները ոչ այլ ինչ էին, եթե ոչ բռնի փորձեր՝ ներքին հրդեհի ուժը մի քանի ժամերով միայն թուլացնելու: Անցնում էին այդ ժամերն և ահա հրդեհը դարձյալ բորբոքվում, դարձյալ նոր ուժով երևան էր գալիս, մանավանդ, երբ մտածում էի, թե իմ առաջ բերած պատճառներն աննշան հյուլեներ են, համեմատած այն արժանիքների հետ, որոնցով զարդարված էր երիտասարդը և որոնք իմ մեջ վառել էին սիրո այս չարաբաստ կրակը:

Ինձ մնում էր լուռ և անտրտունջ տանել իմ հոգեկան տանջանքը, առանց շրջապատողներիս մեջ որևէ կասկած հարուցանելու:

Որքան զարմացա և ուրախացա, երբ երկրորդ կիրակի այցելության եկավ մեզ Գարեգինը: Ինչպե՛ս սիրտս հրճվանքից սկսավ բաբախել, որքան հուզվեցա... Դեռ նա սենյակ չէր մտել, որ մայրս նկատեց ինձ՝ «ինչո՞ւ ես շառագունել»: Նայեցի հայելուն և ամաչելուց ավելի ևս շիկնեցի. այդպիսի դեմքով չէր կարելի դիմավորել նրան. ես քաշվեցա իմ սենյակը՝ լվացվելու: Մի քառորդ ժամից, երբ հուզմունքս քիչ անցավ, եկա իմ թանկագին հյուրի մոտ: Նա խոսում էր արդեն ծնողներիս հետ: Տեսնելով ինձ, վեր կացավ տեղից, շատ սիրով ողջունեց. բայց այդ ողջույնի մեջ, հակառակ սպասածիս, ես ջերմ ու սիրաշունչ ոչինչ չգտա: Այդ բանը սիրտս կոտրեց: Այսուամենայնիվ պետք է գոհ լինեի, որ նա այժմ ինձ մոտ, իմ առաջ նստած էր:

Երբ դժգոհությունս հայտնեցի այն մասին թե՝ նա շատ ուշ է մեզ այցելում, Գարեգինը պատասխանեց.

Իմ ծանոթ ընտանիքների մեջ չկա մեկը, որին այնքան սիրով և հաճությամբ կամենայի այցելել, որքան ձերն, օրիորդ: Բայg իմ զբաղմունքներն այնքան շատացել, այնքա՛ն ծանրացել են, որ ստիպված եմ այդ հաճույքից ևս զրկել ինձ: Երևակայեցեք, շաբաթվա մեջ քսանևչորս դաս, տղայոց կամ աղջկանց դպրոցում, այնուհետև դպրոցական մի քանի գործերի վրա անմիջական հսկողություն. հետո ուսուցչական ժողովներ, ապա արձանագրությունների կազմությունը, այդ բոլորն այնքան ժամանակ են խլում ինձանից, որ բարեկամներիս այցելելու համար, գրեթե, ժամանակ չէ մնում ինձ: Երբեմն, երեկոյան դեմ, մի կամ երկու ժամ ազատ ժամանակ եմ ունենում, բայց այդ էլ գործ եմ դնում ավագ դասատան աշակերտներին ինձ մոտ հավաքելով և նրանց հետ խոսելով: Գիտե՞ք, շատ բան կա դասից դուրս՝ նրանց հետ խոսելու: Ամեն այցելություն, ամեն զվարճություն պետք է զոհել այդ սուղ ժամանակը շահավոր կերպով զործադրելուն: Վարժապետներիս վրա ծանր պարտք կա, թե ներկայի. թե ապագայի վերաբերմամբ, բավական չէ վարձկան մշակի պես նշանակած ժամերին դասախոսել և հեռանալ, պետք է անձնվիրությամբ աշխատել, պետք է գործին շունչ ու հոգի տալ, որովհետև նոր սերնդի ապագայում արած սխալ բաների պատաասխանատուն մենք ենք...

Հետո նա պատմեց մի քանի անախորժ նորություններ այն մասին, թե ինչպես քաղաքում հակառակ կուսակցության մարդիկ աշխատում են իրենց այնքան սիրով nւ եռանդով սկսած դպրոցական գործը զանազան մեքենայություններով խանգարել: Ցավ հայտնեց, որ այդ չարագործության հեղինակներն ոչ թե հասարակ, ուսումից ու կրթությունից զուրկ մարդիկ են, այլ նրանք, որոնց մի անգամ հանձնված է եղել դպրոցի ղեկն ու բախտը: Եվ այդ հասկացող ու զարգացած մարդիկ դպրոցի դեմ նյութում էին խարդավանանք միայն այն պատճառով, որ առիթ ունենան պարծենալու թե իրենք կարողացան քանդել այն, ինչ որ ուրիշները կամենում էին շինել...

Որքան էլ քաղցր էր ինձ՝ երկար լսել իմ սիրած երիտասարդին, այսուամենայնիվ, նա այդ հաճույքը ինձ չպատճառեց: Հազիվ մի ժամ մնաց մեզ մոտ, և այդ մի ժամը ինձ համար անցավ մի քանի րոպեների պես: Ներողություն խնդրելով, որ ավելի ուշանալ չէ կարող, ողջունեց մեզ և հեռացավ, խոստանալով դարձյալ այցելել, եթե ժամանակ կգտնե:

Բայց այդ ժամանակը նա շատ ուշ զտավ, կամ գուցե չկամեցավ շուտ գտնել: Ես սպասեցի նրան երկար: Անցավ առաջին կյուրակին, անցավ երկրորդը երրորդը, և սակայն նա չերևաց մեր տանը: Այդ բոլոր ժամանակի ընթացքում ես մի անգամ միայն պատահեցի նրան եկեղեցում, ուր նա դարձյալ սիրով ու ժպտադեմ ողջունեց ինձ և հեռացավ...

Դրանից հետո իմ տխրությունը օրըստօրե ավելացավ: Եu նորեն սկսա անձնատուր լինել իմ թաքուն մտածմունքներին: Ընտանեկան գործերով չէի պարապում և բոլոր օրը, համարյա, հիվանդ էի հոգվով ու մարմնով:

Մայրս, որ, ինչպես հետո իմացա, հետևելիս է եղել իմ քայլերին, մի օր կանչեց ինձ առանձին ու ասաց.

Սիրելի Աննա, հինգ ամսից ավելի է, ինչ ես մի տարօրինակ փոփոխություն եմ նշմարում քո մեջ: Դու այլևս առաջվա աղջիկը չես, այն զվարթ, ուրախ, միշտ երգող, ծիծաղող աղջիկը: Ամեն օր տխուր ես, ամեն օր մտածմունքների մեջ մի տեսակ վերացած, հափշտակված... անշուշտ մի ցավ ունիս, որի մասին շարունակ մտածում ես: Ասա՛, հոգիս, ինչ ցավ, ի՞նչ հոգս է այդ, ասա, մորիցդ մի' ծածկիր, քո սրտի ցանկությունը կատարելու համար ես ամեն բան կանեմ, ամեն ինչ կզոհեմ, միայն թե դու անկեղծ եղիր, խոստովանիր ինձ ամեն բան ճշմարտությամբ, առանց ամաչելու ու քաշվելու:

Ոչ մի ցավ չունիմ, — պատասխանեցի ես:

Անկարելի է. ցավ չունեցողը տխուր չի լինիլ և ոչ էլ ամբողջ օրը մտածմունքների մեջ: Խոստովանիր, ասում եմ, ինչ որ սրտումդ կա, եթե քո ցավը մորդ չհայտնես, ուրիշ էլ ո՞ւմ կարող ես հայտնել:

Ես կամենում էի բանալ նրան իմ սիրտը, կամենում էի խոստովանել իմ գաղտնիքը, մանավանդ ուր նա այնքան մտերմաբար սկսավ խոսել հետս, բայց լեզուս չէր հնազանդվում կամքիս, չէի կարողանում խոսել: Ես մնացի լուռ:

Աննա, սիրելիս, հայտնի՛ր ինձ ցավդ, պատմիր մորդ քո սրտի գաղտնիքը, — թախանձեց կրկին մայրս:

Բայց ես լուռ էի:

Կկամենա՞ս, որ ինքս ասեմ, — հարցրեց նա ժպտալով:

Ի՞նչ, — զարմացա ես:

Թե ինչու տխուր ու շարունակ մտածմունքի մեջ ես:

Ասա՛, եթե այդպիսի բան գիտես, — պատասխանեցի ես անհանգստությամբ:

Դու սիրում ես Գարեգնին և նրա մասին ես այդքան շատ մտածում:

Ես մնացի ապշած և աչքերս լայն բանալով՝ հարցրի.

Այդ ո՞վ ասաց քեզ:

Դու ինքդ, սիրելիս, դու ինքդ:

Ինչպե՞ս թե ես ինքս, ես այդպիսի բան ասած չունիմ. խոսքդ չեմ հասկանում, — նկատեցի ես:

Արթուն ժամանակ դու ոչինչ չես ասել, բայց քնած ժամանակ շատ բան ես հայտնել: Դու գրեթե միշտ զառանցում ես, բոլոր ժամանակ քո երազներում խոսում ես Գարեգնի մասին, կանչում ես Գարեգնին... ինչու համար և ուրեմն այս բոլորը:

Ա՛խ, մայր իմ, մա՛յր իմ, դու արդեն բոլորը գիտես... — բացականչեցի ես և հեկեկալով նրա գիրկն ընկա: Արտասուքն սկսավ վազել աղբյուրի պես: Նա ջերմությամբ սեղմեց ինձ կրծքին և սկսավ համբույրներով գլուխս ու երեսս ծածկել:

Մայրական սիրելի կրծքի վրա՝ երկար գլուխս դրած լաց էի լինում: Նա չէր խանգարում իմ սրտի զեղումը, կարծես գուշակելով, որ թափվող արտասուքը մի մխիթարություն, մի բալասան էր՝ այնքա՛ն երկար ինձ տանջող ու տոչորող ցավերի համար:

Երբ մի փոքր հանգստացա, մայրս սրբեց իմ աչքերը, համբուրեց նրանց և կրկին անգամ ինձ յուր կրծքին սեղմելով` խանդակաթ ձայնով ասաց.

Իմ սիրելի, իմ անուշիկ Աննա, իզուր ես քեզ այդքան երկար տանջել, իզուր ես և այժմ այդքան վրդովվում: Քո սրտի ցանկությունը կատարելու համար ոչ մի
դժվարություն չկա: Եթե դու սիրում ես այդ երիտասարդին և այդքան էլ նրա համար այրվում ու տոչորվում, նա կլինի ուրեմն քո փեսան, քո ամուսինը: Վաղվանից արդեն
ես ամեն բան կպատմեմ հորդ ու մենք, երկուսս միասին, կտնօրինենք ամեն ինչ այնպես, որ քո սրտի ցանկությունը անթերի կատարվի:

Ուրիշ ի՞նչ ուրախություն կարող էր հավասարվիլ այդ րոպեին զգացած իմ ուրախության: Ես գրկեցի մորս, սեղմեցի նրան կրծքիս և առանց շնորհակալության մի բառ արտասանել կարողանալու ջերմաջերմ համբույրներով նրա երեսն ու ձեռքերը ծածկեցի:

Այդ րոպեին, արդարև, ես ամենաերջանիկ աղջիկն էի: Հետևյալ առավոտ հայրս մտավ ինձ մոտ և յուր սովորական անկեղծությամբ ու ծիծաղով ասաց,

Այդ ինչ է, Աննիկս, առանց իմ գիտության փեսա՞ ես ընտրել:

Ես ժպտացի ու գլուխս խոնարհեցի, զգում էի, որ երեսս այրվում է:

Մի ամաչիր, հոգիս, — շարունակեց նա՝ մոտենալով և գլուխս շոյելով. — ես ամեն բան գիտեմ, մայրդ արդեն պատմեց, ընտրությունդ վատ չէ. սիրածդ երիտասարդը միակն է բոլոր քաղաքի մեջ, ամենից խելոք, ամենից ազնիվ: Իհարկե, մի փոքր դժվար է ինձ համար՝ աղջիկս տալ մի աղքատ վարժապետի, մինչդեռ շատ հարուստ ու անվանի երիտասարդների ես մերժել եմ: Բայց քանի որ դու նրան ես սիրում, ես դրա դեմ ոչինչ չունեմ: Դու փոքր չես, քո չարն ու բարին ինքդ կարող ես հասկանալ, որ քո ընտրածը հարուստ չէ, այդ էլ, ասենք, ոչինչ, փողով հարուստ ու խելքով աղքատ մարդն էլ բանի պետք չէ: Ինչ որ մենք ունինք, այն բավական կլինի ձեր երկուսին: Դու մեր միակ որդին ես, նա էլ թող երկրորդը դառնա: Վաղվանից ես արդեն ամեն ինչ կտնօրինեմ այնպես, որ քո սրտի ցանկությունը կատարվի շատ շուտով: Ուրախ և հանգիստ եղիր, սիրելի Աննիկս, և այլևս մի՛ մտածիր ոչնչի վրա. քո փափագը կատարելը իմ առաջին ցանկությունն է: — Այս ասելով՝ նա ջերմությամբ համբուրեց ինձ ու դուրս գնաց:

Բոլորովին հարց չեղավ թե՝ արդյո՞ք երիտասարդն էլ սիրում է ինձ և համաձայն կլինե յուր բախտն ինձ հետ կապելու: Ծնողներս այն կարծիքի էին, որ եթե իրանք համաձայնվին այդ շնորհը նրան անելու, այնուհետև վերջինիս մնում էր միայն շնորհապարտ լինել իրենց հավիտյանս հավիտենից:

Պետք է խոստովանել, որ ես ևս նույն կարծիքին էի: Ես մինչև անգամ հավատացած էի, թե Գարեգինը սիրում է ինձ նույն չափով, որչափով որ ես իրեն (թեպետ տանջող մտածմունքների ժամանակ հակառակն էի կարծում), իսկ նրա շարունակ իրեն սառն ու ինձանից հեռու պահելը վերագրում էի յուր զգուշավոր ազնվության, այն մտքով՝ թե հույս չունենալով երբևիցե հասնել ցանկալի նպատակին, նա աշխատում է աստիճանաբար նվազեցնել և ի վերջո մարել մի անգամ արդեն վառված սիրո կրակը:

Իսկ այժմ, երբ արդեն կասկածն ու տարակուսանքը անցել էին, երբ ծնողական համաձայնությունը, որ առաջին և վերջին արգելքը կարող էր լինել, ստացվել էր, ուրիշ ինչ ուժ կարող էր խափանել իմ երջանկության ճանապարհը: Հարկավ և ոչ մի: Ինձ մնում էր ուրախանալ, հրճվիլ, ծիծաղել, համոզվիլ, թե արդեն բախտավոր եմ, արդեն երջանիկ եմ. թե վերջապես հասել եմ այնքան ժամանակից ի վեր իմ գուրգուրած նպատակին...

Բայց ինչու, չգիտեմ, հենց այսպիսի ուրախության ժամանակ մի անախորժ կասկած, մի գաղտնի երկյուղ դարձյալ ճնշում էր սիրտս և թունավորում իմ զգացած ուրախությունը: Ուրիշ ինչ տխուր նորություն պիտի բացվեր ինձ համար, գուշակել չէի կարողանում, բայց, կարծես, սպասում էի նրան... կարծես մեկը շշնջում էր իմ ականջին թե «այդպես շուտ և այդքան շատ մի ուրախանար, դու չես կարող ժառանգել նրան»:

Հետևյալ օրն արդեն, որ կյուրակի էր, ծնողներս հայտնեցին թե հյուրեր պիտի ունենան, ուստի և պատվիրեցին ուշադիր լինել սենյակների կարգ ու սարքին: Ինձ համար անակնկալ մի հրավերք էր այդ, բայց իրենք երևի, նախընթաց օրվանից էին դրա մասին հոգացել: Երբ հարցրի թե «ովքե՞ր պիտի լինին մեզ մոտ», նրանք ծիծաղելով պատասխանեցին «միայն քո և մեր բարեկամները»:

Ես ուրիշ ոչինչ չհարցրի, որովհետև ստացածս պատասխանի եղանակն զգուշացնում էր ինձ ավելին չխոսել: Սակայն սիրտս զգում էր, որ ծնողներս ուզում են մի անտեղի գործ կատարել:

Այսուամենայնիվ, ես նրանց ցանկության արգելք լինել չէի կարող, եթե մինչև անգամ կատարելիք գործի վնասակարությունը գիտենայի: Որովհետև հայրս սիրում էր, որ, նույնիսկ չնչին գործերում, յուր հեղինակությունը հարգվի:

Ժամը 2-ին մեր տուն եկան պարոն տեսուչը և Գարեգինը: Երբ նրանց մոտ մտա, հայրս ծիծաղելով ասաց.

Ահա՛ այսօրվա մեր միակ թանկագին հյուրերը:

Ես սիրալիր հարգանքով ողջունեցի երկուսին, իսկ հայրս բացատրեց նրանց յուր տարօրինակ հայտարարության պատճառը.

Սա իմ քմահաճույքն է. շատ եմ սիրում իմ Աննային անսպաս ուրախություններ պատճառել: Ձեր գալու մասին ես նրան ավելի վաղ չհայտնեցի նրա համար, որ յուր ուրախությունը հանկարծահաս լիներ:

Հյուրերը իրավունք տվին հորս նման հաճույքներով զվարճանալու:

Չնայելով. որ ճաշի վրա միայն հինգ հոգի էինք, այսինքն երեք մենք և երկու մեր հյուրերը, այսուամենայնիվ, ուրախ և զվարճալի անցավ այդ ընտանեկան ճաշկերույթը: Երբ բաժակները մի քանի անգամ դատարկվեցան, հայրս մինչև անգամ յուր խռպոտ ու կերկեր ձայնով երգեց մի հին երգ, որին անմիջապես հետևեց Գարեգինը յուր մի ախորժալուր և հոգեշունչ երգով:

Շատ սրտագին բարեմաղթություններ եղան մեր կենացների վրա: Մինչև անգամ տեսուչն ու Գարեգինը զգացված բանախոսություններ արին: Ամեն հայի տուն ու ընտանիք ոգևորում էր այդ դպրոցական առաքյալներին, իսկ մեզ մոտ, նրանք արդեն, իրենց զգում էին հարազատների մեջ: Այդ իհարկե, անկերծ ուրախություն էր պատճառում թե ինձ և թե՛ իմ ծնողներին:

Բայց մի բան ինձ զարմացնում էր: Ես որ մինչև այն՝ այնքան անձկությամբ, այնքան տենչանքով փափագում էի Գարեգնին տեսնել, այժմ, երբ նա իմ առաջ նստած խոսում, երգում և զվարճանում էր, չէի կարողանում նրանով ուրախանալ, նրա ներկայության քաղցրությունը վայելել... Ես, մինչև անգամ, չէի կամենում, որ նա այդ րոպեին մեր տանը լիներ, սիրտս անհանգիստ էր, ինչպես սիրտը մի գորովագութ մոր, որ որդու հետ միասին հանկարծահաս մի աղետի պատահած լինելով, մոռանում է յուր անձը և միայն սիրելիի ազատության համար մտածում... Եվ ինչպե՛ս գուշակում էր իմ հոգին:

Ճաշից վերջը, երբ կրկին ինձ համար կենաց առաջարկվեց, հայրս բաժակը ձեռքն առնելով ի մեծ զարմացումն իմ, անշուշտ և հյուրերի, հետևյալ անսպաս բանախոսությունն արավ.

Ձեզ հայտնի է, որ ես միայն մի աղջիկ ունիմ. սա է թե՛ իմ և թե յուր մոր միակ ուրախությունը բոլոր աշխարհում: Արդեն տեսնում եք նա գեղեցիկ է ինչպես հրեշտակ, իսկ նրա սիրտն ու հոգին գեղեցիկ են ավելի, քան յուր պատկերը: Նրան ուսում ու կրթություն տալու համար ես ոչինչ չեմ խնայել: Մեր քաղաքում գտնված ամենալավ ուժերից հետո ես հանձնեցի նրան մեր լավագույն վարժապետի, մեր ամենից սիրելի Գարեգնի խնամքին: Ի՞նչ սովորեցրեց նա նրան, չգիտեմ, բայց որ ինքը, վարժապետը, գոհ է յուր աշակերտուհուց, այդ ինձ համար շատ բան է նշանակում: Կարող եմ հանգիստ լինել ուրեմն, որ իբրև հայր, իմ դստեր վերաբերմամբ, իմ պարտականության մեծագույն մասը կատարել եմ: Մնում է ամենափոքրը, այն է՝ ընտրել նրա համար մի արժանավոր ամուսին: Այդ արժանիքն, իմ համոզմամբ, չէ կայանում երիտասարդի ոչ հարստության, ոչ կալվածների և ոչ համբավի մեջ, որովհետև, աստուծո ողորմությամբ, ես այնքան հարստություն ու ստացվածք ունիմ, որ կարող է իմ այդ երկու որդիներին էլ բավել շատ երկար տարիներ: Ես ցանկանում եմ միայն, որ երիտասարդը լինի ազնվամիտ, բարեբարո, առաքինի և լուսավոր: Ահա հենց այդպիսի երիտասարդ էլ ես գտել եմ, որին նաև իմ դուստրը սիրելով սիրում է: Նա ամենիս սիրելի, մեր առաջ նստած Գարեգինն է: Ես նրան եմ հանձնում իմ Աննայի ձեռքը՝ հայրական վերջին պարտքից սիրովդ ազատվելու համար...

Վերջացնելով խոսքը, հայրս բաժակը դատարկեց:

Բայց ես ամոթից շփոթվել, շառագունել էի, քրտինքը առուներով խաղում էր մարմնիս վրա, չգիտեի թե որ կողմ դարձնեմ աչքերս՝ ոչ ոքին չնայելու, ոչ ոքին չտեսնելու համար:

Տեսուչը զարմացած աչքերով նայում էր մերթ հորս, մերթ ինձ և մերթ Գարեգնի վրա: Իսկ վերջինս միայն մի անգամ արավ անհանգիստ շարժում և ապա անվրդով՝ հորս ամենավերջին խոսքին սպասեց: Այդ սպասող վայրկյանն իմ հույսն արդեն կործանեց... մի ձայն կարծես շշնջաց իմ ականջին թե՝ «քո գուշակությունը մարմին առավ...»:

Երբ հայրս ավարտեց, վերկացավ Գարեգինը: Նախկին զվարթությունը տեղի էր տվել նրա մեջ մի տեսակ վեհ ու պատկառելի թախծության: Ինչո՞ւ, չգիտեմ, ինձ այնպես թվաց թե՝ նա այդ րոպեին կանգնած է գլխատման բեմի առաջ և, իբրև արի նահատակ, պատրաստվում է յուր հավատո հանգանակը փառաբանելու: Նա մեղմ ու ազդու ձայնով սկսավ խոսել:

— «Իմ կյանքը, սիրելի բարեկամներս, թեպետ հասակավոր չէ, բայց նա հոծ և լի է փորձերով ու պատահարներով: Ես բավական շատ ապրել եմ աշխարհում, շատ չար ու բարի եմ տեսել, շատ տեսակ անձանց ու ընտանիքների եմ ծանոթացել, բայց այդ իմ բոլոր կյանքի մեջ, իմ տեսած ու ապրած աշխարհի մեջ, ես միայն մի օրիորդի պատահեցա, որ յուր աննման արժանիքներով կարողացավ գրավել ինձ այնքան, որ քիչ էր մնում թե դեպի իմ սրբազան ուխտն ու երդումն ունեցածս հավատարմությունը սասանեցնե: Այդ աղջիկը հագելի բարեկամ, ձեր դուստրը և իմ աշակերտուհին է...

«Որովհետև դուք շատ անկեղծությամբ ու պարզությամբ խոսեցիք, թույլ տվեք, որ ես էլ նույն ձևով շարունակեմ և ավարտեմ իմ խոսքը:

«Ամենամեծ պատիվը, որ ինձ նման մի մարդու կարող էին առաջարկել, այդ ձեր առաջարկածն է, հարգելի բարեկամ: Ձեր աղջիկն արժանի է ոչ թե ինձ նման մի հասարակ, նյութական կարողությունից զուրկ, մի որոշ անուն ու համբավ չունեցող հայ վարժապետի, այլ ինձանից թե՛ զարգացմամբ, թե՛ կարողությամբ և թե՛ արժանավոր համբավով շատ ավելի բարձր մի երիտասարդի ամուսինը լինելու: Եթե ես, երբևիցե, մտադիր լինեի ամուսնական ընկերակցությամբ ինձ երջանիկ անելու, արդարև, ձեր պատվաաբեր առաջարկությունը կընդունեի իբրև ինձ ղրկված մի շնորհ, մի պարգև, որովհետև, ձեր դստեր նկատմամբ, ճանաչել ու գնահատել գիտցող երիտասարդը կարող է վստահությամբ ասել ահա կին, որ պիտի երջանկացնե յուր ընտանիքը...

«Սակայն ցավելով պիտի խոստովանիմ, որ անկարող եմ ձեր առաջարկությունն ընդունել, որովհետև ես ուխտել ու երդվել եմ նվիրել իմ անձը ոչ թե սոսկ մի ընտանիքի, այլ իմ ամբողջ ազգին և այս ուխտը սուրբ է ինձ համար պատանեկական օրերից սկսած մինչև այսօր: Աշխարհային ոչ մի բարիք, ոչ մի փառք և ոչ մի հրապույր չէ գայթակղեցրել ինձ. ես հավատարիմ եմ մնացել իմ ուխտին էլ այսուհետև էլ հավատարիմ պիտի մնամ նրան, եթե, մինչև անգամ, երկրի բոլոր բարիքները համահավաք նվիրեն ինձ:

«Ո՛վ կարող է հերքել, որ աշխարհում, ճշմարիտ երջանկություն ձեռք բերելու համար, անհրաժեշտ է ամուսնանալ: Ընտանիքը, մանավանդ սիրո, առաքինության և աշխատասիրության հիմունքների վրա հաստատված ընտանիքն, այն կենարար աղբյուրն է, որից բխում է մարդկային կյանքի երանավետությունը, ամենքիս տենչալի երջանկությունը:

«Սակայն կա և մի ուրիշ մարմին, որ ավելի սիրելի, ավելի պաշտելի է, քան մեր սեփականը: Այդ մարմինը հայրենիքն է: Ես ուխտել եմ իմ անձը նրան նվիրել, նրա սիրուց զատ աշխարհում ուրիշ սեր չճանաչել, նրա ցավերից զատ՝ ուրիշ ցավերով չվշտանալ, նրա բախտավորությունից զատ՝ ուրիշ բախտավորություն չխնդրել... Իմ ուժերը փոխանակ մի ընտանիքի, կամ որոշ թիվ մարդկանց բախտին նվիրելու, ես ուխտել եմ բոլոր ազգին նվիրել:

«Այդպիսի մի մեծ մարմնի բարիքներին ծառայելու համար, արդարև, իմ ուժն ու ցանկությունը փոքր են ու աննշան, սակայն ծովն էլ կազմված է կաթիլներից: Ես ավելի լավ եմ համարում կաթիլներից մինը լինել և ծովի հատակն իջնել, քան ծովի գոյության համար դառնալ անօգուտ մի բան և լողալ նրա երեսին...

«Ներեցեք ինձ, ուրեմն, աղաչում եմ ձեզ, որ հրաժարվում եմ ձեր ինձ առաջարկած այդ գերազանց պատվից: Որքան և ինձ համար, իբրև մահկանացուի, մեծ է այս զոհը, մանավանդ որ ես հոգվով չափ սիրում եմ ձեր աղջկան, սակայն անհրաժեշտ է, որ ես բերեմ այդ զոհը, որովհետև իմ սրբազան ուխտին և երդմանը դրժել չեմ կարող...»:

Հայրս զարմանալի սառնասրտությամբ լսեց այս խոստովանությունը և ծածկելու համար յուր ներքին վիրավորանքը, որ բավական կենդանի ցոլանում էր դեմքի վրա, հարցրեց.

Մի՞թե քո ազգին օգնեու համար անպատճառ պիտի ամուրի մնաս և ամուսնանալով հանդերձ չես կարող նրա օգտին աշխատել:

Ո՛չ, — պատասխանեց Գարեգինը. — որովհետև գեղեցիկ է ասված. «Ոչ ոք կարէ երկուց տէրանց ծառայել, կամ զմինն ատիցէ և զմիւսն սիրիցէ, կամ զմինն մեծարիցէ և զմիւսն արհամարհիցէ...»: Ով որ կամենում է բոլորանվեր կերպով ծառայել ազգին, նա չպետք է ամուսնանա: Որովհետև ամուսնությունն ինքը ունի յուր որոշ պարտքերը, որոնց ամեն մի օրինավոր ամուսին պարտավոր է անթերի կատարել:

Այդ միջոցին, ահա, հորս առաջարկությամբ, մեր հյուրերը սեղանատնից հյուրասենյակը քաշվեցան, իսկ ես դուրս գնալով փակվեցա իմ ննջարանում: Այստեղ արդեն միայնակ տեսնելով ինձ արտասուքս սկսավ հեղեղի պես հոսել, ընկա մահճակալի վրա, ծածկեցի երեսս բարձերի մեջ և երկար, շատ երկար իմ դառն ու հուսահատ վիճակը ողբացի:

Թե այնուհետև ինչ խոսեց հայրս հյուրերի հետ, չիմացա, միայն նրանց հեռանալուց հետո, նա մտավ սենյակս, երևի ինձ մխիթարելու համար: Տեսնելով, որ լալիս եմ, նա մոտեցավ ինձ, քնքշաբար սեղմեց յուր կրծքին և ասաց.

Մի՛ լար, իմ սիրելի, իմ անուշիկ Աննա, եթե քո սիրած երիտասարդը մերժեց քեզ, ես էլ իմ կողմից քո վրեժը կլուծեմ: Քո հայրը մեռած պիտի լինի, որ նա այսուհետև հանգստություն գտնե... ես չարաչար կհալածեմ նրան, տանջանքներ կպատճառեմ և վերջը կոչնչացնեմ...

Ի՞նչ, դու պիտի սպանե՞ս նրան, — ճչացի ես սարսափահար:

Այո՛, բայց ոչ իմ ձեռքով, — պատասխանեց նա այնպիսի մի եղանակով, որ կարծես վրեժխնդրության դևն էր խոսում յուր մեջ:

Ես մի կողմ հրեցի հորս և ձեռքս կրծքիս դնելով՝ զայրույթից թուլացող ձայնով ասացի.

Առաջին գնդակն այստեղ ուղղել տուր, իսկ երկրորդը նրա վրա, հեռացիր, դու իմ հայրը չես...

Իմ հանկարծական գրգռումը զարմացրեց հորս. նա մնաց շվարած և չգիտեր ինչ պատասխանել: Խեղճ մարդ, ամեն տեսակ զգացմունքի վրա էլ նայում էր պատվասիրության տեսակետից: Նա այնպես էր կարծում թե սիրած երիտասարդի մերժումը՝ զայրույթ կամ ատելություն պիտի ծնեցներ իմ մեջ. նա չգիտեր, որ ճշմարիտ սերն ատելության չի փոխվիլ, որ մերժումը կարող է ճնշել, կամ խոցոտել այդ սերը, բայց սպանել նրան՝ երբեք... Երկար նայեց նա ինձ վրա, սևեռեց հայացքն ուղիղ իմ աչքերին, ցանկացավ, երևի, որ նրանք տեղի տային յուր հզոր հայացքին, բայց նրանք անքթիթ՝ արտահայտում էին իմ ցասումը...

Վերջապես նա մեղմանալով՝ մոտեցավ ինձ և այս անգամ ավելի քնքուշ ձայնով հարցրեց.

Ուրեմն, դեռ էլի սիրո՞ ւմ ես նրան:

Այո՛, և ես նրան իմ մահվան օրը կմոռանամ, — պատասխանեցի ջերմությամբ:

Բայց նա քո հորն անպատվեց, քեզ անպատվեց..:

Նա չանպատվեց և ոչ մեկին: Պետք է բավական բարձր և ազնիվ լինել նրան հասկանալ կարենալու համար: Նրա խոստովանությունն անկեղծ էր. նրա ուխտը սուրբ է: Մինչև այժմ ես սիրում էի նրան, իսկ այսուհետև՝ պիտի պաշտեմ...

Ուրեմն ես թշնամի չի պիտի լինեմ այդ մարդուն, — հարցրեց նա:

Երբեք, — պատասխանեցի ես:

Բայց կարող եմ չլինել, թույլ կտա ինձ այդ իմ պատիվը:

Եղիր ուրեմն և իմ թշնամին, եթե այդ հաճելի է քեզ, — ասացի ես:

Հայրս ոչինչ չպատասխանեց և դուրս գնաց:

ՉՈՐՐՈՐԴ ՕՐ

Հարկ չկա ասելու, որ այս բոլորից հետո իմ դրությունն ավելի վատթարացավ: Տխրությունը տիրեց ինձ բոլորովին, ծիծաղ ու խնդում չքացան ինձ համար, տուն ու ընտանիք ունենալս մոռացա, ինձ հետ խոսողներին կամ չէի լսում, կամ եթե լսում էի՝ չէի հասկանում: Փախչում էի բոլորից և փակվում իմ սենյակում կամ մեր պարտիզի մի անկյունում առանձնանում անձնատուր լինելով խորին մտածության: Իմ հիշողությունը բթացել, անզգայացել էր ամեն բանի համար, բայց չէր մոռանում միայն Գարեգնին և այն բոլորը, ինչ որ կապ ուներ Գարեգին անվան հետ: Մտածում և
երանում էի այն անցյալին, երբ նա իմ կողքին նստած այնքան մոտ, որ ես նրա շնչառությունն էի լսում, դաս էր խոսում ինձ: Ես լսում ու նայում էի նրան անսահման սիրով, անհուն ցանկությամբ... հիանում էի, երբ նա ամբողջապես զգացմունք դարձած խոսում ու քարոզում էր ինձ, կամ երբ ոգևորությունը վառում էր նրա աչքերում աշխույժի կրակը: Երանում էի այն ժամերին, երբ սրտատրոփ սպասում էի նրան, կամ երբ նրա սիրալիր այցելությամբն արդեն գոհ ճանապարհում էի նրան՝ հուսալով մի օրից կրկին տեսնելու... Երբ հպարտացած նրան սիրելովս մտածում էի թե նա իմն է հավիտյան, թե ոչ ոք ինձանից չէ կարող խլել նրան... Երանում էի նույնիսկ իմ տխրության այն օրերին, երբ նա, թեպետ ինձանից հեռացած, բայց
դարձյալ նվազ հույս էր ներշնչում թե՝ այսօր չէ, վաղը, մի քանի օրից, կամ գուցե մի շաբթից՝ կգա ինձ տեսնելու:

Իսկ ա՛յժմ... այժմ ամեն հույս կորել, անհետացել էր. Գարեգինն այլևս իմը չէր, նրան այլևս չպիտի ժառանգեի... Օ՛, ինչպես ծանր էր մտածել այդ մասին... Հանկարծ չունենալ այլևս նրան, որին մի օր առաջ ունեիր, որը քո մտածության, քո քաղցր երազների, քո ապագա երջանկության սնուցիչն էր, որը քեզ կյանք և ուրախություն էր բերում, քեզ շունչ, սիրտ և հոգի էր տալիս... որի համար դու կամենում էիր ապրել, որի համար գործում, աշխատում, հառաջադիմում էիր, որի հաջողությունը քեզ ուրախացնում և հաղթանակը հպարտացնում էր... Եվ հանկարծ դառնալ, նայել շուրջդ, տեսնել, որ նա այլևս չկա, որ դու միայն ես, որ քեզ պատում է անպարունակ դատարկություն

Մայրս, որ գրեթե նույնչափ վշտահար էր այս դժբախտ դեպքի պատճառով, հնարներ էր որոնում իմ թախիծը, տխրությունս մեղմելու: Տեսնելով, որ յուր խորհուրդներն ու մխիթարականները չեն կարողանում ինձ մաշող մտածմունքները ցրել սկսավ գրեթե ամեն օր հրավիրել իմ նախկին ընկերուհիներից մինին, կամ մյուսին ինձ զբաղեցնելու և մտահոգությունս ցրելու համար: Ընկերուհիներս գալիս էին: Նրանց այնպես էր հասկացրել մայրս թե ես տխրելու հիվանդություն ունիմ, ուստի և պետք է ուրախացնեն ինձ: Ընկերուհիներս, իհարկե, աշխատում էին այդ նպատակով, բայց առանց մեծ հաջողության: Միայն թե նրանց բերած նորություններն սկսում էին հետզհետե հետաքրքրել ինձ:

Այսպիսով, ես նրանցից իմացա, որ հոգևոր դպրանոցի վարժապետական հին խմբի և նրանց պաշտպանների լարած մեքենայությունները վերջապես հաջողվել են, որով և նոր խումբը մնացել էր նեղ դրության մեջ, որ հակառակորդներից ու դավադիրներից կազմակերպված բանակը կարողացել է ժողովողի ամեն ավերում տարածել և շատ շատերին համոզել թե՝ վարժապետական նոր խումբը բողոքականություն է քարոզում աշակերտներին, անբարոյականացնում է նրանց, կամ թե ծնողների դեմ ապստամբեցնում:

Այս անխիղճ զրպարտությունները, որոնք միշտ անազնիվ մարդկանց զենքերն են եղած ազնիվ հակառակորդների դեմ, ոտքի էին հանել քաղաքում սինլքոր խուժանը, որ առանց ճշմարտության հասու լինել կամենալու, հրապարակներում հավաքված, գոռում ու գոչում էր թե՝ «խաչ հանեցեք դրանց»:

Մի փոքր հետո իմացա, որ այս զրպարտության ու խառնակության ձայներն Էջմիածին հասնելով համոզել էին նաև Մատթեոս կաթողիկոսին կոնդակով հրամայել հոգևոր դպրանոցի հոգադարձության` արձակել տեսչին յուր վարժապետներով: Պատմում էին թե` որպիսի աղիողորմ տեսարան էր ներկայացնում այդ ժամանակ հազիվ բարեկարգ դրության հասած այդ ուսումնարանը, որին նորեն սպառնում էր ավերումը: Աշակերտները լալիս ու փարում էին վարժապետներին, աղաչելով նրանց չթողնել իրենց վարձկան մշակների հույսով, չհանձնել դպրոցը դառնազգեստ գայլերինԲայց ինչ կարող էին անել վարժապետները. նրանց վերևից հրամայում են էին հեռանալ, ուրեմն պիտի հեռանային և իրենց նոր վարած ու ցանած բուրաստանը թողնեին ճանապարհի շահամոլ անցորդներին:

Следующая страница