Մուրացան՝   Խորհրդավոր միանձնուհի

Այսուամենայնիվ, տեսուչը, բարեկամների խորհրդով, դիմեց մի վերջին միջոցի: Հանձնելով դպրոցը յուր հավատարիմներին: Նա առավ յուր հետ Գարեգնին և պատվավոր հոգաբարձությունից մինին ու գնաց Էջմիածին` իրերի դրությանը Մատթեոս կաթողիկոսին ծանոթացնելու համար: Բայց նրա առաքելությունն ապարդյուն անցավ, ուստի և հուսահատ ու վշտահար վերադարձավ նա Թիֆլիս` յուր Հայրենիքը: Մինչդեռ Գարեգինը նորեն եկավ մեր քաղաքը յուր սիրելի դպրոցն ու «բուրաստանը» (ինչպես սիրում էր նա անվանել դպրոցը), վերջին անգամ տեսնելու և յուր ձեռնասուն աշակերտներին վեջին հրաժեշտի ողջույնը տալու:

Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ նրա վերադարձն իմացա: Կարծում է թե՝ նա եկել է նորից մեր քաղաքում մնալու և յուր սիրած դպրոցում պաշտոնավարելու. ուստի գոհ էի, որ այժմ, ևեթ հեռվից, երբեմն-երբեմն նրան տեսնելու բախտը պիտի ունենամ:

Մի առավոտ միայնակ զբոսնում էի մեր պարտեզում և, իհարկե, դարձյալ Գարեգնի վրա մտածում: Սպասուհիս մոտենալով հայտնեց, որ մի կին կամենում է ինձ տեսնել: Հրամայեցի կանչել նրան: Սա օրիորդական դպրոցի աղախինն էր, որ մոտենալով՝ մի նամակ հանձնեց ինձ: Դեռ չհարցրած թե ումնից է նամակը, նա անհետացավ: Բանալով ծրարը, զարմացա, տեսնելով որ գրողը Գարեգինն էր: Սիրտս թունդ ելավ ու սկսավ սաստիկ տրոփել: Ինչ է գրում նա ինձ, ինչ կարող է գրել... մտածեցի ես վայրկենապես և ապա շտապով սկսա կարդալ նամակը, որ մոտավորապես, հետևյալ բովանդակությունն ուներ:

«Ազնիվ օրիորդ.

«Բարի մարդկանց մեքենայությունների շնորհիվ ստիպված եմ հեռանալ ձեր հայրենի քաղաքից, որի հետ սիրտս կապված է ամենաքաղցր հիշատակներով: Սակայն, այստեղից հեռանալուց առաջ, փափագելով փափագում եմ տեսնել և իմ հրաժեշտի ողջույնը տալ ձեզ: Բայց որովհետև ձեր տուն մտնելն անհնար է ինձ այն ակամա վիրավորանքի պատճառով, որ ես ստիպված հասցրի ձեր ծնողներին, ուստի խնդրում եմ, եթե ձեզ նույնպես ցանկալի է գեթ վերջին անգամ տեսնվել ինձ հետ, բարեհաճեք այսօր ևեթ մի քանի վայրկյանով մտնել օրիորդական դպրոցն, ուր գտնվում եմ այժմ և ուր կսպասեմ ձեզ մինչև ժամը տասներկուսը»: Ստորագրված էր՝ «Ձեզ նմանավիշտ Գարեգին»:

Ի՞նչ եղա այդ րոպեին, չեմ կարող ասել: Մի քանի տեսակ զգացմունքներ միասին թունդ ելան իմ սրտում՝ և՛ ուրախություն, և՛ վարանք, և՛ երկյուղ, և՛ տխրությունբոլորը միմյանց հակասելով, մինը մյուսին ետ կամ առաջ մղելով... Ուրախանում և հրճվում էի մտածելով, որ ուրեմն, խաբված չեմ, որ Գարեգինն ևս սիրում է ինձ, կամենում է տեսնել, յուր հրաժեշտի ողջույնը տալ ինձ: Այդ պատճառով ուզում էի իսկույն ևեթ թռչել նրա մոտ, մի անգամ էլ տեսնել, մի անգամ էլ լսել նրան... Բայց վարանում էի իմ որոշման մեջ՝ մտածելով թե արդյո՞ք դա պատշաճից դեմ, կամ նույնիսկ վիրավորական չի լինիլ իմ ծնողների պատվի համար: Բայց եթե չտեսնեի նրան, եթե նա հավիտյան հեռանար ինձանից՝ առանց յուր վերջին խոսքն ինձ ասելուՕ, ի՛նչ կանեի ես այն ժամանակ. կարո՞ղ էի ներել ինձ այդ հանցանքը: Եվ երբ հանկարծ մտածում էի թե՝ նա արդեն հեռանում է, թե նրա նամակը մի ճշմարիտ, բայց և չարագուշակ լուր է բերել ինձ, թե ես, ուրեմն, ընդմիշտ զրկվում եմ նրանից... գլուխս ուղղակի այրվում, սիրտս փոթորկում էր և կամենում կարծես դուրս թռչել յուր տեղից:

Բայց և այնպես պետք էր օգուտ քաղել դեպքից: Վերջին անգամ իմ սիրելուն տեսնելու համար՝ ինձ մնում էր միայն մի երկու ժամ: Ուստի շտապով վերադարձա սենյակս, հագնվեցա և սպասուհիս հետս առնելով դիմեցի դեպի օրիորդական դպրոցը:

Այստեղ պատահեցի Գարեգնին այն սենյակում, ուր նա հաճախ առանձնանում էր դասից ազատ միջոցներին: Նա զբաղված էր մի ինչ որ գրությամբ: Տեսնելով ինձ, իսկույն բարձրացավ տեղից և յուր մշտածիծաղ ժպիտով ողջունելով ինձ, խնդրեց նստել:

— «Ուրախ եմ, որ եկաք, — սկսավ նա խոսել՝ իմ հանդեպ նստելով: — Մի քանի օրից, սիրելի օրիորդ, ես հեռանում եմ այստեղից և, հավանական է, որ այլևս չվերադառնամ: Մեր սիրած դպրոցները ես թողնում եմ գրեթե անտեր, որովհետև նրանք, որոնք ստիպեցին մեզ բաժանվել դրանցից և որոնք մեր գործի շարունակողը պիտի լինին, ոչ այլ ինչ են, եթե ոչ անսիրտ վարձկաններ: Վշտահար սրտով հեռացավ մեր ազնվոգի տեսուչը, նույնպիսի սրտով էլ հեռանում եմ ես, որովհետև մեր հույսերն օդը ցնդեցան, իսկ ծրագրերը խեղդվեցան երկունքում... Ի՛նչ արած, երևի այս երկրի դժբախտ մանուկներին այսքանն էր վիճակված:

«Սակայն այդ վշտերի հետ միասին ծանրանում էր իմ սրտի վրա և մի ուրիշ մեծ վիշտ, որն ամենից ավելի պիտի տանջեր ինձ, եթե ես չմտածեի թեթևացնել այն որևէ միջոցով:

«Այդ վիշտը, օրիորդ, ձեր առ իս ունեցած չարաբախտ սիրո պատճառած վիշտն է:

«Դրա պատմությունը հայտնի է ձեզ այնպես, ինչպես և ինձ. այն նորոգելու, իհարկե, կարիք չկա: Բայg ես ցանկանում եմ մի քանի խոսք ասել նկատմամբ մի հանգամանքի, որին անծանոթ եք դուք և որը վերաբերում է ձեր հարգելի հոր ինձ արած առաջարկության: Այդ առաջարկությունը, սիրելի օրիորդ, որքան էլ զերազանց և ինձ պատվաբեր, այսուամենայնիվ, մեծ վիշտ պատճառեց սրտիս նրա համար, որ այդ եղավ ձեր ներկայությամբ և որ ես ձեր ներկայությամբ էլ ստիպվեցա մերժել այն շատերին ցանկալի՝ մեծագին պատիվը:

«Քանի որ դուք գիտեք այն ամենը, ինչ իմ մերժման է վերաբերում, ես կամենում եմ, գնալուց առաջ, իմացնել ձեզ նաև այն, ինչ որ դեռ չգիտեք, որպեսզի դրանnվ հանգստություն տամ մի փոքր իմ չարատանջ սրտին:

«Իմ մերժումը լսելով դուք անշուշտ համոզվեցաք թե՝ շնորհներից քաղցրագույնը այսքան կոպտությամբ մերժող մարդու մեզ ոչ սիրտ կարող է լինել և nչ զգացմունք որ գուցե անիծեցիք այն սուրբ, բոցավառ սերը, որ տածել եք ինձ համար»:

Երբե՛ք, երբե՛ք, — ընդհատեցի ես ջերմությամբ, — այդպիսի աննպաստ կարծիք ձեր նկատմամբ չեմ ունեցել ես, մինչև անգամ, հաստատ հավատում էի

Վերջացրեք, օրիորդ, դուք ուրեմն հաստատ հավատում էիք թե ես նույնպես սիրում եմ ձեզ:

(Այո:

Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ, դուք ինձ մխիթարեցիք, այժմ ես հանգիստ եմ, — ասաց Գարեգինը մի առանձին խնդությամբ և ապա շարունակեց, — այժմ լսեցեք: Ես վաղուց արդեն անտարբեր չէի դեպի ձեզ: Ես չկարողացա փակել իմ աչքերը ձեր գրավիչ գեղեցկությունն ու կախարդող հայացքը չտեսնելու համար, բթացնել իմացականությունս՝ ձեր ներքին արժանիքն ու փայլուն բարեմասնությունները չճանաչելու համար կամ խեղդել զգացմունքս ձեզ չսիրելու և չպաշտելու համար: Գիտեք, մինչև ձեր ինձ սեր խոստովանելու օրն իմ հոգին բյուր անգամ խոստովանել է ձեզ այն լռիկ և անձայն

«Սակայն մեզ, ուսուցանող երիտասարդներիս վրա սրբազան պարտք կա՝ ջերմեռանդությամբ պատկառ մնալ ուսանող աշակերտուհու առաքինության: Ինձ համար, իբրև ուսուցչի, անհնար և, նույնիսկ, ամոթ էր ամենաթույլ ակնարկով իսկ ձեր զգացմունքը քաջալերել: Թեպետ սերը նույն ինքն առաքինությունն է, սակայն ժամանակն ու հանգամանքները հազիվ են նրան յուր սկզբնական կամ որ նույնն է՝ առաքինական սահմաններում պահում: Այդ իսկ պատճառով ես պարտավոր էի ամեն ջանք գործ դնել, իմ սրտի հնոցը սառույցի կեղևով պատելու: Եվ եթե ես մինչև անգամ այդ չանեի իբրև ուսուցիչ, գոնե, իբրև կուսակրոնության ուխտյալ՝ պարտավոր էի անել: Որովետև, եթե իրավ ես պատրաստվում էի նվիրել ինձ մի սուրբ կոչման, ուրեմն և պիտի սովորեի արժանապես ծառայել այդ կոչմանը, պիտի վարժեցնեի ինձ զրկանքների, անձնվիրության: Գտնվելով այսպիսի պայմաններում, հարկավ, ինձ մնում էր տակավ առ տակավ մարել բնության ձեռքով իմ մեջ վառած կրակը, մարել այն մինչև վերջին առկայծումը... Սակայն, ավա՛ղ, հազիվ կարողացել էի թուլացնել իմ մեջ վառվող այդ հրդեհը, երբ ձեր սիրավառ խոստովանությունը բորբոքեց այն կրկին: Այո՛, այն համբուրը, որ դուք դրոշմեցիք իմ ձեռքին, թափանցեց սիրտս, ինչպես մի կայծակ, որ ամպերի միջից անտառին զարնելով՝ այրում, փաղաղում է հանդիպող ծառերը և նրանցով մայրիի մեջ անշիջանելի հրդեհ բորբոքում: Կարող եք երևակայել թե ինչ քաշեցի ես այն երկու օրը, երբ դիտմամբ հեռու մնացի ձեզանից: Որքա՛ն ուժ գործ դրի ես, մինչև որ երրորդ օրը կարողացա սառնասրտությամբ ոտք դնել ձեր տանը և քաջություն ունենալ ողջունելու ձեզ սովորական ժպիտով: Այնուհետև, ես արագ-արագ ավարտեցի ուսմանդ գործը, միայն ձեր և իմ անձից փախչելու համար... «Երկրորդ և առավել զորեղ հարվածը ձեր հոր առաջարկությունն էր, որ կարող էր տապալել իմ հաստատակամությունը և դրժել տալ ինձ իմ ուխտին ու երդմանը, մանավանդ որ այդ ժամանակ դուք նստած էիք իմ հանդեպ զինվորված ձեր բոլոր հրապույրներով, բայց ես օգնության կանչեցի ինձ՝ հայրենիքի բարձրագույն սերը և նրա զորությամբ հաղթահարեցի սպառնացող վտանգը:

«Երբ վերջին անգամ, իբրև ուսուցիչ, ես հեռանում էի ձեզանից, դուք, քաջ գիտենալով, որ ես փախուստ եմ տալիս ձեր սիրուց, ծանր դիտողություն արիք ինձ, ասելով, որ ես անարգում եմ ձեր սրտում վառված սիրո սուրբ կրակը, մինչդեռ պաշտպան պիտի լինեի նրան: Դուք, անշուշտ, հիշում եք, որ ես պատասխանեցի թե սրբությունը չի անարգվիլ յուր երկրպագուից: Դրանով կամենում էի ասել թե՝ ես ձեր սրբազգաց սիրո ջերմեռանդ երկրպագուն եմ: Եվ ինձ մշտական վիշտ պիտի պատճառեր այն մտածմունքը թե՝ ես հեռացա ձեզանից առանց իմ զգացմունքներին ձեզ ծանոթացնելու:

«Այժմ դուք արդեն բոլորը գիտեք և ես հանգիստ եմ:

«Մնում է միայն մի հարց. — Արդյոք ներո՞ւմ եք դուք ինձ այս զոհաբերությունը: Որովհետև այս դեպքում ես իրավունք ունիմ միայն իմ սերը խեղդելու, բայց ոչ նաև ձերը:

Խոնարհում եմ այդ զոհաբերության առաջ, — պատասխանեցի ես, — որովհետև նա սուրբ է, որովհետև նա ավելի բարձրագույն սիրո համար է: Որքան էլ ծանր լինի իմ զրկանքը այսուամենայնիվ, ես նրա մեջ ունիմ այն մխիթարությունը թե դուք հեռանում եք ինձանից ոչ թե մի ուրիշ կնոջ, այլ հայրենիքին ձեր սիրտը նվիրելու:

Շնորհակալ եմ. այդպես էլ հավատում էի իմ ներշնչած ոգուն, գիտեի, որ նա կարդարացնե իմ հույսը», — ասաց Գարեգինը կարծես հրճվելով և սեղմեց ձեռս ի նշան շնորհակալության: Ապա կրկին դառնալով ինձ, ավելացրեց. — Իսկ այժմ, օրիորդ, դուք ազատ եք. աշխատեցեք սիրել ձեր առաքինության արժանի մի երիտասարդ, ամուսնացեք նրա հետ և երջանիկ եղեք: Ընտանեկան քաղցրությունը, որ ինձ վիճակված չէր ճաշակել, անշուշտ մի գերագույն բարիք է, որ այնքան շատ երգվել է բանաստեղծներից...

Ձեզանից հետո սիրել մի ուրիշին... մի՞թե դուք ինձ ընդունակ եք համարում այդ բանին, — հարցրի ես հուզվելով:

Ժամանակը մոռացնել կտա ամեն ինչ, — հարեց նա, — և այդ անհրաժեշտ է: Մի լավ մայր լինել, կնշանակի ամեն բան լինել:

Երբեք, երբեք. իմ կյանքում միայն ես ձեզ սիրեցի և այդ սերն էլ ինձ հետ գերեզման կտանեմ, — ասացի ես ջերմությամբ:

Դուք այդ չեք անիլ և չեք կարող անել:

Երդվում եմ իմ այս անդրանիկ սիրով, երդվում եմ և չեմ դրժիլ երդմանս:

Ինչ պիտի անեք ուրեմն:

Այն, ինչ որ դուք:

Մի երիտասարդ կարող է վարդապետ լինել, իսկ մի աղջի՞կ...

Միանձնուհի:

Թողե՛ք, ի սեր աստուծու, այդ ցնորքը: Ինչ պիտի անեք կուսանոցի բորբոսնած պատերի մեջ: Ինչու այդ պայծառ կյանքը խավարեցնել, մտածելու ընդունակ ուղեղը բթացնել, գործելու կարող աշխույժը մարել, սիրելու ընդունակ սիրտը սպանել... ինչո՞ւ, վերջապես, կենդանի թաղվել գերեզմանում այն ժամանակ, երբ ուրիշներն ապրում ու վայելում են աստուծո լույսն ու արևը, զգալ, որ կարող ես
նույնն անել և դու, բայց սիրտդ սեղմելով զրկվիր այդ հաճույքից:

Բայց ես չեմ դրժիլ երդմանս, չեմ սիրիլ ոչ ոքին, ցույց տվեք ինձ, ուրմեն, այս աշխարհից փախչելու մի ուրիշ ճանապարհ, ապա թե ոչ, ձեր հեռանալուց հետո ես
կսպանեմ ինձ, — ասացի հաստատ ձայնով:

Գարեգինը նայեց ինձ մի վայրկյան սառը և խորախորհուրդ և ապա քաղցրությամբ նկատեց.

Անձնասպանության մասին մտածելը փոքրոգություն է. աշխատեցեք չլինել փոքրոգի: Ով որ չէ ուզում ապրել և դեպի մարդիկ ունեցած յուր պարտքը կատարել, նա մի դասալիք է, որ թշնամու զորությունից վախենալով՝ թողնում է ընկերներին կռվի դաշտում և ինքը փախչում: Այդպիսի ճանապարհով ձեռք բերած փրկությունը՝ մահերից անարգն է. այդպիսի փրկության մի ձգտիք երբեք:

Ի՛նչ անեմ ուրեմն...ցույց տվեք ինձ ազատության մի ուրիշ ճանապարհ, այս աշխարհում, այս մթնոլորտում ես այլևս չեմ ապրիլ, զի ձեզանից հետո նա ինձ համար պիտի դառնա կատարյալ դժոխք...

Գարեգինը մի քանի րոպե մնաց լուռ և աչքերը գետնին հառած՝ մտածում էր: Ապա դառնալով ինձ, հարցրեց.

Ունի՞ք բավական ուժ ձեր ուխտին հաստատ մնալու:

Կարող եմ պարծենալ, — պատասխանեցի ես:

Ուրմեն, համաձայն եմ, ուխտեցեք «միանձնուհի» լինել:

Ինչպես, — վարանելով հարցրի ես, — չէ որ դուք այդ կոչումը դատապարտեցիք:

Այո, բայց այն ժամանակ իմ խոսքը անգործության մեջ իրեն սպանող միանձնուհու մասին էր: Հեռացեք աշխարհից, բայց մի' մտնեք կուսանոց: Գնացեք հեռու, հեռու, դեպի կորած հայ գյուղերը, դեպի այն ժողովուրդը, որին մոռացել են մեր գործողները, որի մեջ օրըստօրե նվազում, հանգչում է կենդանության ուժը: Գնացեք այնտեղ, ուր տգիտությունը բռնացած քանդում, ավերում է, ինչ որ պատմական ժամանակներից մնացել է գեղեցիկ և հարգելի: Մտեք այդ ժողովրդի մեջ, նվիրեցեք ձեզ նրա բարօրության և նրա մանկանց կրթության գործին: Սովորեցրեք նրանց ճանաչել յուր անցյալը, բարվոքել ներկան և գործել ապագայի համար: Ուսուցեք նրան հարգել իրեն, սիրել ընկերին և պաշտպանել նրան, երբ հարկը պահանջե: Եվ ահա այդ ժամանակ ձեր ուխտը սուրբ և նվիրումը պաշտելի կլինի:

Ես ուրախությունից վեր թռա տեղից, բռնեցի Գարեգնի ձեռքը և ջերմությամբ սեղմելով այն, բացականչեցի:

Շնորհակալ եմ, իմ ազնիվ, իմ միակ սիրելի Գարեգին, շնորհակալ եմ այդ գեղեցիկ խորհրդի համար, որով սովորեցնում եք ինձ առավել բարձրագույն սիրո հետ փոխանակել ձեզ համար զգացածս անվախճան սերը: Ես հիացած եմ և պատրաստ այս րոպեին իսկ թռչելու դեպի այդ կորած անկյունները: Ուխտում եմ ձեր առաջ և երդվում եմ ձեր սիրով, որ ես «միանձնուհու» կոչումը կառնեմ վրաս և կնվիրեմ ինձ այդ սրբազան գործին: Այժմ ես ձեր քույրն եմ, համբուրեցեք ինձ ջերմ, եղբայրական սիրով, և այդ համբույրը թող օրհնե իմ ճանապարհը:

Գարեգինը ոտքի ելավ, քնքշությամբ գրկեց ինձ և հուշիկ յուր կրծքին սեղմելով դրոշմեց իմ ճակատին մի ջերմ և անուշ համբույր, գլորելով երեսիս արտասուքի կաթիլներ:

Գնա, սիրեցյալ քույրիկ, ես օրհնում եմ քեզ. օրհնում եմ քո ճանապարհը, գնա՛, թող աստված լինի քեզ հետ... — ասաց նա գրեթե արտասուքից խեղդվող ձայնով:

Ես հեկեկացի և նրա գիրկն ընկա, մի քանի րոպե մենք այս դրության մեջ արտասվեցինք, ապա ջերմագին համբուրվելով՝ բաժանվեցինք միմյանցից հավիտյան...

Վերջին խոսքերը արտասանելիս քույր Աննայի շրթունքները ջղաձգաբար դողացին, նա հառաչեց, և գեղանի աչքերում արցունքներ փայլեցին... Քսան երկար տարիները դեռ չէին մարել, ուրեմն, սիրո սրբազան կրակը, նա դեռ մխում, առկայծում էր...

Բայց ես, որպեսզի քույր-Աննայի թախիծը փարատվեր, խնդրեցի նրան յուր զրույցը շարունակել:

Գարեգնի հեռանալուց հետո, — խոսել սկսավ նա, — ես, գրեթե, շարունակ զբաղված էի այն մտածությամբ թե ինչպես պիտի իրագործեմ այն նշանավոր միտքը, որ նա ներշնչեց ինձ՝ «լինել գործող միանձնուհի»: Այդ բանի վրա մտածելն իսկ մոռացնել էր տալիս ինձ Գարեգնից հեռու և բաժանված լինելս, մանավանդ, երբ հիշում էի թե՝ այդ նրա ստեղծած միտքն է, նրա սիրած ու գուրգուրած գաղափարը մոռանալ ամեն ինչ և նվիրվել հասարակաց բարվույն: Հետևապես, եթե ես կարողանայի իրագործել այդ միտքը այն ճանապարհով, որը նա գծեց ինձ համար, ես ամենաբախտավոր կինը կլինեի աշխարհում:

Ծնողներս, իհարկե, զարմանում էին՝ տեսնելով, որ Գարեգնի հեռանալուց հետո, հակառակ իրենց սպասածին, ես ոչ միայն տխուր չէի, այլ և առաջվա նման իրենց հետ ուրախ խոսում, ծիծաղում և ժամանակ էի անցցնում:

Այդպես կլինի, անփորձ, աղջիկ է, — ասում էր մի անգամ հայրս, մորս հետ առանձին խոսելիս, — երիտասարդը, որ հեռացել է, ինքն էլ հետզհետե կսառչի և կմոռանա նրան:

Եվ ուրախանալով, որ գործն այսքան դյուրությամբ և առանց ծանր հետևանքների վերջացավ, նոր խորհուրդներ ու ծրագրեր էին կազմում ինձ համար նոր փեսացու ընտրելու:

Բայց նրանց ուրախությունը երկար չտևեց, որովհետև շուտով երևան եկավ մեր քաղաքի հարուստ և, իմ ծնողների կարծիքով, շատ հարմար մի երիտասարդի ինձ փեսայանալու առաջարկությունը, որի մասին նրանք խոսեցին ինձ հետ:

Իմ ձեռքը մեկին կամ մյուսին տալու համար այդ առաջին ու վերջին առաջարկությունը լինի, որ անում եք, — ասացի ես նրանց հաստատ ու վճռական ձայնով: — Գարեգնից բաժանվելուց հետո մի՝ կարծեք, թե իմ ձեռքը կհամաձայնվիմ տալ մի ուրիշին, թեկուզ այդ ուրիշը իջած լինի երկնքից, երբեք: Ես ուխտել ու երդվել եմ՝ բնավ չամուսնանալ և այս ուխտից չեն կարող դարձնել ինձ ոչ ձեր
խնդիրները, ոչ աղաչանքները և ոչ սպառնալիքները: Այս իմ առաջին ու վերջին խոսքն է:

Ծնողներս, իհարկե, շատ վշտացան իմ այս պատասխանի վրա, երկար խոսեցին, խնդրեցին, թախանձեցին, բայց անօգուտ: Ես դարձել էի նրանց համար անգծելի մի քարաժայռ: Նույնիսկ իմ մոր արտասուքները, որ նա հաճախ թափում էր իմ առաջ, չկարողացան իմ սիրտը մեղմել: Ես հափշտակված, ոգևորված էի այն մեծ ու վեհ մտքով, որ հղացրել էր իմ գլխում իմ պաշտելի ուսուցիչը: Իմ հոգին հպարտանում և սիրտս լցվում էր մի անսպառ ուրախությամբ, երբ մտածում էի թե՝ կարող եմ մի օր այդ միտքն իրագործել, այն է՝ լինել «միանձնուհի» և այն՝ յուր տեսակում առաջինը:

Մի տարուց հետո հայրս մի փոքրիկ ճանապարհորդությունից վերադառնալով՝ հիվանդացավ սուր ջերմախտով: Չնայելով, որ ամեն միջոց գործ դրինք նրան առողջացնելու, բայց անօգուտ: Նա մեռավ, թողնելով մորս ու ինձ անմխիթար դրության մեջ:

Երբ այս ծանր վշտի առաջին ամիսներն անցան, մեր մոտիկ ազգականները խորհուրդ տվին մեզ մեր վիշտը մեղմելու և հանապազօրյա մտատանջությունները ցրելու համար, դուրս գալ քաղաքից և ամառն անցցնել գյուղերը շրջելով:

Իմ ուխտն, իհարկե, ես չէի մոռացել, ուստի և այս ճանապարհորդությունը շատ հարմար էի տեսնում իմ նպատակների իրագործման համար: Այս պատճառով ես էլ իմ կողմից համոզեցի մորս՝ ընդունել ազգականների տված խորհուրդը:

Մայրս չընդդիմացավ, և մենք մեր երկու ազգականներրի ընկերակցությամբ ճանապարհորդեցինք 1866-ի ամբողջ ամառը: Այդ առիթով մենք գրեթե այս բոլոր նահանգը պտտեցինք, շատ գյուղեր անցանք, վանքեր, ուխտատեղիներ այցելեցինք և բերդեր ու ավերակներ տեսանք: Ինչ գյուղ կամ ավան որ մտնում էինք, ես խնդրում էի մորս մնալ այդտեղ մի քանի օր և այդ բոլոր ժամանակ ուշի-ուշով դիտում էի գյուղի դիրքն ու շրջակաները, տեղեկություններ էի հավաքում բնակիչների նիստ ու կացի, սովորության, բնավորության և, մանավանդ, նրանց մտավոր ու բարոյական կարոտության մասին, իմանալու համար թե որ գյուղը կամ ավանը ավելի հարմարություն ունի իմ ապագա գործունեության կենտրոնատեղին լինելու:

Հասնելով այս գյուղը, մենք շատ հավանեցինք սրա թե դիրքին, թե՛ օդին, թե ջրին և թե բնության գեղեցիկ տեսարաններին, որոնց նմանը, արդարև, ուրիշ տեղ չէինք տեսած: Մյուս կողմից էլ՝ քաղաքից շատ հեռու լինելու պատճառով, այս ամենից ավելի մոռացված, աչքաթող եղած և մտավոր ու բարոյական օգնականությունից զուրկ էր: Նույն դրության մեջ էին և այն յոթ-ութ հայաբնակ ավանները, որոնք գտնվում են սրա շրջականերում և որոնց նույնպես մենք այցելեցինք:

Այստեղ մնացինք մի ամբողջ շաբաթ: Արդեն երկրորդ, թե երրորդ օրվանից որոշել էի, որ այս գյուղն է իմ ընտրածը: Այդ պատճառով էլ հետամուտ եղա, որքան կարելի էր, մանրամասն տեղեկություններ հավաքելու թե՛ սրա և թե՛ շրջակա գյուղերի մասին: Այդ ժամանակ տեր-Հովսեփը մի երկու տարվա ձեռնադրած քահանա էր, բայց նրան այստեղ տեսնել չկարողացա, որովհետև մեր տեղս եկած օրերը նա գնացել էր քաղաք: Ստիպված էի իմ տեղեկությունները հավաքել գյուղացիներից և, գլխավորապես, մեր հյուրընկալից:

Մի առավոտ, երբ այս սիզավետ սարահարթի վրա զբոսնում էինք, մայրս սքանչանալով և կարծես մարգարեանալով բացականչեց. — «Երանի նրան, ով այստեղ ապրում, այստեղ մեռնում և այս գեղեցիկ տեսարանների մեջ թաղվում է...»:

Օգուտ քաղելով դեպքից, ես իսկույն հարեցի.

Մայրի՛կ, արի հեռանանք քաղաքից և գանք այստեղ հաստատենք մեր բնակությունը: Իրավ, էլ ի՞նչ ունենք մենք այն խառնիճաղանջ մարդկանց բազմության մեջ: Հեռանանք բոլորից, ապրենք այս գեղեցիկ լեռներում, այս պարզ ու բարի գյուղացիների մեջ:

Է՛հ, որդի, միթե կարելի է, — պատասխանեց մայրս հառաչելով. — այնտեղ տուն ունինք, տեղ ունինք և վերջապես ինչպես կարող ենք քո հոր գերեզմանը թողնել, — այս խոսքի վրա սկսավ արտասվել:

Ես մխիթարեցի նրան և այնուհետև այլևս այդ հարցին չվերադարձա: Բայց իմ մտքում արդեն որոշել էի հաստատապես, թե այս գյուղը պիտի լինի իմ ապագա գործունեության միջավայրը:

Երբ մեր ճանապարհորդության շրջանը լրացավ, վերադարձանք քաղաք, արդարև հոգվով ու մարմնով բավական կազդուրված:

Այնուհետև, ես շարունակ զբաղված էի իմ ծրագրով և մտքումս դրել էի, որ մի որոշ ժամանակ անցնելուց հետո, երբ մորս սիրտը բավական կամրանար, առնեի նրան և վերադառնայի ընտրածս գյուղը:

Սակայն ճակատագիրը ուրիշ կերպ տնօրինեց իմ վիճակը: Քաղաք վերադառնալուց հետո՝ հազիվ անցան մի քանի ամիսներ և ահա կրկին ամուսնական առաջարկությունները նորոգվեցան: Մայրս տարօրինակ թախանձանքով սկսավ ստիպել ինձ՝ ընդունել այդ առաջարկություններից մինը, որն էլ ես կցանկանայի, որովհետև ինքը բոլորն էլ հարմար և արժանավոր էր տեսնում:

Հայրդ չկա, ուրիշ մեկը չունինք, որ մեր փակ դուռը բանա, թող գոնե փեսա ունենալու ուրախությունը, մեռնելուցս առաջ, մի քանի օր վայելեմ, — ասում էր նա և
խնդրում, աղերսում ու արտասուքն աղբյուրի պես աչքերից հոսում:

Ես լսում ու տեսնում էի այդ բոլորը, սիրտս ճմլվում էր, որովհետև մորս սիրում էի, ուստի և ցանկանում նրա կամքը կատարել: Բայց իմ ուխտին ու երդմանը նույնպես չէի կարող դրժել: Մնում էր ինձ բացեիբաց մորս խնդիրը մերժել, որովհետև այդ ավելի հեշտ էր, քան ուխտից դառնալը: Ավելի ծանր ազդեցություն արին մորս վրա իմ նպատակի մասին արածս հայտնությունները:

Վայ ինձ, ուրեմն դու միանձնուհի պիտի լինիս, — ասում էր նա լալով. — միթե նրա համար պահեցի, պաշտեցի քեզ, նրա համար այդ հասակին հասցրի, որ դու սևագլուխների վանքը մտնես... — Խեղճ կինը չէր հասկանում իմ իսկական նպատակը, թեպետև ես բացատրում ու աշխատում էի հասկացնել: Նա տեսել էր վանքի մեջ փակված միանձնուհիներ, լսել էր շատ բան նրանց կրած հոգեկան զրկանքների մասին, զրկանքներ, որ նրանք չեն կամենում քաղցրացնել մի ուրիշ, հոգեկան բարձր զվարճությամբ, այդ պատճառով էլ շարունակ իմ սև օրն ու սև բախտն էր լալիս:

Ամուսնու կորուստի վրա մայրս արդեն անմխիթար էր. իմ այս անդարձ վճիռն էլ վերջին հարվածը տվավ: Նա օրըստօրե սկսավ մաշվել, տխուր մտածմունքներն ուժաթափ արին նրան, և մի քանի ամիս շարունակ նա ծառայեց անկողնին: Ես պարզ տեսնում էի, թե ինչպես մայրս հետզհետե նվաղում, մոտենում է գերեզմանին, սիրտս կսկծում էր, ցավում, վշտանում էի, գիտեի, որ եթե յուր կամքը կատարեմ, գուցե նրան մեռելությունից դեպի կյանք վերակոչեմ: Բայց երբ հիշում էի և Գարեգնի առաջ արած իմ հանդիսավոր ուխտն ու երդումը, երբ մտածում էի թե մահվան ճիրաններից մի մայր ազատելով մեծ գործ արած չեմ լինիլ, մինչդեռ իմ ուխտին հավատարիմ մնալով, գուցե շատերին կարողանամ կոչել դեպի բարոյական կենդանություն, կրկին արիություն էր գալիս վրաս և վշտերս փոխվում էին ուրախության: — «Սրանք իմ դառնալիք խաչի թեթև ծանրություններն են, — մտածում էի ես, — թող պատրաստվիմ այսուհետև ավելի ծանրագույնին հանդիպելու:

1867 թվի մայիս ամսում մայրս վախճանվեց: Ծանր, շատ ծանր կորուստ էր սա ինձ համար: Աշխարհում այլևս ես մնում էի միայնակ. երբ չամուսնացած աղջիկը չունի ծնողներ, եղբայր կամ քույր, նա գրեթե այլևս ոչ ոք ունի աշխարհում... Այդ միայնությունը ես ավելի զգացի, երբ մորս մահվան պատճառով մեր տուն հավաքված բարեկամները հետզհետե սկսան իրենց տները քաշվիլ: Մորս կողմից ես մոտիկ և, մանավանդ, սրտացավ ազգական չունեի: Ինձ մոտ մնաց հորաքույրս յուր մի աղջկա հետ, որոնք և խնամում էին ինձ քնքուշ հոգատարությամբ: Երբ իմ նորագույն վշտի առաջին շաբաթներն անցան, ես նորեն սկսա իմ ուխտի մասին մտածել: Եվ զարմանալի է թե՝ որքան մխիթարություն էր բերում ինձ լոկ այդ մտածմունքը: Մինչև անգամ սիրտս լցվում էր մի տեսակ գաղտնի ուրախությամբ, երբ երևակայում էի մեծությունն այն գործի, որ ես պիտի հիմնեի և որին ամբողջովին պիտի նվիրվեի:

Օգուտ քաղելով իմ կատարյալ ազատությունից, ես գրեթե ամբողջ տարին զբաղվեցա իմ ապագա գործունեության ծրագրերի կազմությամբ և ուսումնասիրությամբ: Եվ երբ մորս մահվան տարեդարձը կատարեցի, սկսա այնուհետև այդ ծրագրերի սկզբնական գործադրությունը:

Ինձ հավատարիմ ազգակցի օգնությամբ վաճառեցի իմ ծնողներից ինձ ժառանգություն մնացած տունը, կալվածները, տան սարք ու կարգը, նույնիսկ իմ ունեցած զարդերն ու հագուստները և այն ամենը, ինչ որ գյուղ տանել, կամ գյուղում գործադրել չէի կարող և բոլոր գումարված փողը ավանդ տվի իմ հիշյալ ազգականին, որ վերին աստիճանի ազնիվ ու վստահելի լինելուց զատ, չափազանց համակիր էր նաև իմ գաղափարներին:

Երբ ամեն բան պատրաստել էի գյուղը քաշվելու համար, հենց այդ ժամանակ իմացա, որ իմ սիրելի ուսուցիչն արդեն վարդապետական կոչում է ստացել Երուսաղեմում, ուր նա խույս էր տվել ճակատագրի հալածանքից ազատվելու համար: Այս լուրն անսահման ուրախություն պատճառեց ինձ: Ուրեմն մենք երկուսս նվիրվում էինք մեր ուխտին գրեթե միաժամանակ:

Գործերս կարգի բերելուց հետո ես միայն մի քանի շաբաթ մնացի բարեկամներիս հետ: Ապա պատրաստել տվի ինձ համար միանձնուհու սև սքեմ և այդ սքեմով էլ դուրս եկա քաղաքից:

Վերջին անգամ իմ ծնողաց գերեզմանին այցելելով և վերջին անգամ նրանց շիրիմները համբուրելով՝ ես ճանապարհվեցա դեպի այս գյուղը՝ ընկերակցությամբ մի գյուղացու, որ առաջին անգամ հանդիպելուց՝ ինձ ճանաչեց իբրև միանձնուհի, կամ ինչպես ինքն էր ասում «ապաշխարող»:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՕՐ

Երբ այստեղ մտա, ինձ գրեթե ոչ քո չճանաչեց, չնայելով, որ երկու տարի առաջ այս գյուղումն էի եղած մորս հետ: Իմ առաջնորդի նման՝ գյուղացիներն ևս ընդունեցին ինձ իբրև իսկական միանձնուհու և սկզբից արդեն վերաբերվեցան ինձ հարգանքով:

Առաջին ծանոթս տեր-Հովսեփը եղավ, որի տանն էլ իջևանեցի: Բայց մինչև մի որոշ գործի ձեռք զարնելս, ոչ ոքի ոչինչ չհայտնեցի իմ դիտավորության մասին: Այժմյան եկեղեցուց ոչ հեռի՝ վարձեցի մի սենյակ և սկսա ապրել այնտեղ իբրև մի ճշմարիտ «ապաշխարող»: Իմ բնակարանի թեպետ գյուղի մեջ եղածներից լավագույնը, սակայն նա ոչ այլ ինչ էր եթե ոչ խոնավ, մութ, փոքրիկ պատուհաններով մի խցիկ: Դուրս գալ քաղաքի փառավոր տանից և ապրել գյուղի այդ տեսակ մի հյուղում, դա արդարև չափազանց զգալի էր ինձ համար: Ես դժվարությամբ էի շնչում այդտեղի խեղդված օդը և առավել ևս դժվարությամբ ընտելանում ինձ շրջապատող աղքատությանը: Երբեմն մինչև անգամ զղջման նման մի բան կարծես կամենում էր իմ կամքի հաստատությունը սասանել: Բայg երբ մտածում էի, որ այս ամենը դեռ «սկիզբն է երկանց», որ իմ ուխտին հավատարիմ մնալու համար դեռ պետք է ուրիշ շատ նեղությունների հանդիպեմ և որ վերջապես այս բոլորն այն մեծ ու սուրբ գործի համար է, որին նվիրվել է և իմ սիրելի ուսուցիչը և որն, անշուշտ, նստած է այդ րոպեին նույնպես մի խցում, այն ժամանակ նորեն արիություն էր գալիս վրաս, ես սկսում էի սիրել իմ մութ, աղքատիկ բնակարանը, իմ սև և տխուր սքեմը, իմ մենավոր, անպաճույճ կյանքը:

Ավելի շատ մխիթարվում էի, երբ, դուրս գալով իմ տնակից, մտնում էի գյուղական խղճուկ եկեղեցին աղոթելու և ապա պատահելով գյուղացիներին ու գեղջկուհիներին խոսակցում էի նրանց հետ իրենց ցավերի և կարոտությունների մասին: Նրանց պարզ և անկեղծիք բնավորությունը, մտերմական, բայց համեստ զրույցները, անմեղ և շատ անգամ նախապաշարմունքով լի դատողությունները ինձ և՛ հիացնում, և՛ զվարճացնում էին: Մի քանի ամիս շարունակ ես ուշադրությամբ դիտում և ուսումնասիրում էի գյուղացիների բնավորությունը, նիստ ու կացը, սովորությունները, ընտանեկան հարաբերությունները: Հետո կամաց-կամաց սկսա մտնել ընտանիքների մեջ և աշխատել կապել նրանց ինձ հետ՝ օգնելով յուրաքանչյուրին երբեմն խորհուրդներով, իսկ հաճախ գործով:

Ամենից առաջ ես ուշադրություն դարձրի գյուղի աղքատ և անօգնական ընտանիքների վրա և նրանցից յուրաքանչյուրի կարոտության չափն իմանալուց հետո, հորդորեցի հարուստ գյուղացիներին՝ օգնել նրանց ինչ բանով որ կարող էին: Եվ որովհետև գյուղացու համար օրինակն ամեն խոսքից զորավոր է, ուստի ամենից առաջ ես սկսա օգնել կարոտներին: Իմ սեփական միջոցներով գնեցի եզներ, կովեր, այծեր և գյուղացուն պիտանի ուրիշ պարագաներ և բաժանելով այդ՝ ամենից ավելի կարիք ունեցողներին, նույնը անել հորդորեցի և հարուստ գյուղացիներին, այն է՝ իրենց ավելորդից մի-մի բան հատկացնել չունևոր դրացուն:

Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ տեսա թե իմ օրինակն ու հորդորը ապարդյուն չանցան: Գյուղացիների մեջ զարթեց գեղեցիկ նախանձավորություն միմյանց օգնելու: Եվ այդ նորությունը ոչ միայն հետզհետե գյուղի միջից հալածեց աղքատությունը, այլև գյուղացիների մեջ հաստատեց սեր և բարեկամություն, սովորեցնելով ընկերին՝ սիրել ընկերոջն և օգնել նրան:

Իմ երկրորդ գործն եղավ մի կանոնավոր ուսումնարանի բացումը: Տեր-Հովսեփը, ճշմարիտ է, ուներ յուր տան մեջ փոքրիկ դպրոց, ուր նահապետական ձևով մի քանի տղաներ էր կարդացնում, բայց ես համոզեցի նրան ընդարձակել այդ գործը:

Քահանան, առհասարակ, հեղինակություն ունի գյուղում, նա ժողովրդյան հոգևոր առաջնորդը լինելով, միևնույն ժամանակ և նրա համոզմունքի կառավարը: Մի օգտավետ գործ առաջ տանելու համար պետք է աշխատել ամենից առաջ քահանայի հաճությունը վաստակել և, եթե կարելի է, նույնիսկ գործի սկսող և հեղինակ նրան հռչակել: Այդ բանը գգվում է քահանայի ինքնասիրությունը և նա փոխանակ գործին խափան դառնալու, ինքն է նրա հաջողության ճանապարհը հարթում: Մեր թերթերում շատ անգամ կարդում ենք գյուղական վարժապետի և քահանայի մեջ տեղի ունեցած ընդհարումների մասին լուրեր կամ հոդվածներ: Ո՞վ է լինում արդար և ով մեղավոր, այդ շատ անգամ չի պարզվում, բայց ինձ համար գոնե մի բան մնում է միշտ պարզ, այն է՝ որ գյուղերում ծառայող մեր երիտասարդները, որոնք, անշուշտ, սիրում են իրենց գործը, չեն կամենում նույնիսկ ի սեր այդ գործի իրենց փառասիրության մի փոքրիկ մասը զոհել: Նրանք կամենում են հեղինակություններ ճանաչվել գյուղում, նույնը ցանկանում է և՛ քահանան: Երկուսի շահերն ընդհարվում են միմյանց, և այդ ընդհարման ժամանակ գործը վնասվում է: Բայց այդպես չպետք է լինի: Մեր վարժապետները, քանի որ ստիպված են գործել գյուղերում ոչ ավելի լավ, քան ինչ որ ունենք քահանաների հետ, պարտավոր են ի սեր գործի հաջողության՝ զոհել իրենց ինքնասիրությունը, նույնիսկ, ազնիվ փառասիրությունը: Թող գործի հեղինակ համարվի քահանան, թող նա՛ վայելե հաջողության փառքը, նա՛ լինի դարձյալ գյուղի առաջին հարգելին, միայն թե գործը հառաջադիմե: Հակառակելով քահանային և աշխատելով գցել նրա վարկը ժողովրդի աչքում, դրանով ոչ միայն դպրոցական գործի հաջողությանն ենք վնասում, այլև գործում աններելի հանցանք, սառեցնելով գյուղացու կրոնական ջերմեռանդությունը, որն և պատճառ է դառնում նրա բարոյականի քայքայման, իսկ երբ տգետ գյուղացու մեջ մեռնում է բարոյականը, այնուհետև նա ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդակերպ մի հրեշ, որի խոսքերը զզվանք և գործերը սարսափ են բերում մարդու վրա:

Следующая страница