Մուրացան՝   Նոյի ագռավը

Տեր աստված, ինչու մարդիկ այս գեղազվարճ վայրերը թողած, շնչասպառ են լինում ապականությամբ լի քաղաքներում: Միթե նրանցից ամեն մեկի համար չի գտնվիլ վայելչության մի անկյուն այս ազատ լեռների մեջ, այս սիրուն ջրերի ափին, այս կապուտակ երկնքի տակ, — բացականչեց ընկերս շրջապատող տեսարաններից զմայլվելով:

Իսկ դու կարծում ես թե՝ բնության այս գեղեցկությունները անաղարտ կմնային, եթե մարդիկ հաստատվեին՝ այստեղ, — հարցրի ես:

Բնության գեղեցկություննե՞րըինչու չէ, ո՞վ կաղարտեր նրանց:

Նույն ինքը մարդը: Նա չի կարող ապրել առանց այդ գեղեցկություններն եղծանելու, առանց յուր շուրջն ավեր ու ապականություն սփռելու: Ընդհակառակն, ավելի լավ է, որ մարդկանց մեծամասնությունը խռնված է քաղաքներում, այդպիսով, գոնե, բնությունը ավելի քիչ է տուժում, և նրա գեղեցկություններն ավելի քիչ են աղարտվում, իսկ սրանցով զմայլիլ գիտցող սակավաթիվ մարդկանց համար բնության մեջ տակավին մնում է մի բան, որը գոնե նրանք կարող են վայելել:

Դու իրավունք ունիս... — պատասխանեց ընկերս՝ մի փոքր մտածելուց հետո, — մարդը, արդարև, բնության եղծանիչն է. իզուր են կեղծավորները «բնության զարդ» անվանել նրան, իմ կարծիքով խոզը ավելի քիչ է վնաս պատճառում բնությանը, քան մարդը: Ի՞նչ ես կարծում, Մուքի, — դարձավ ընկերս հյուրընկալին, — եթե վեց ամիս շարունակ հարյուր խոզ պահեիք այս ձորում, նրա՞նք շուտ կփչացնեին այս տեղերը, թե եթե այդքան ժամանակում հարյուր մարդ ապրեր այստեղ:

Հեր օրհնած, խոզն ի՞նչ ա, որ ինչ փչացնի, — պատասխանեց գյուղացին ժպտալով, — նա մի խեղճ հայվան ա, թե կաթուկիցբանից գտավ կուտի, թե չէ, էն ա՝ սաղ օրը խռխռալով ման ա գալու ու իրա հմար արածի, ծառը չի պոկելու, քարը չի շուռ տալու: Ամա թե որ ըստեղ հարիր մարդ ապրի, վեց ամիս չէ, վեց շաբթումն էլ վերանա (ավերակ), կանի սաղ ձորը: Քոլերը կրակ կտա, ծառերը կկոտրատի, կանաչը կմուռտառի (կապականեի): Ես ո՞ր մեկն ասեմ:

Այսպես խոսակցելով մենք անցանք ուրիշ կողմեր, դիտեցինք հինավուրց ջրաղացը յուր հնատարազ շենքով ու կազմությամբ, պտտեցինք գյուղացվոց մի քանի պարտեզներ, որոնք ընկած էին գետի տափարակի ուղղությամբ, նայեցինք դրանց մեջ գտնվող մեղվանոցները, իրենց հնաձև, շաղախապատ փեթակներով, և, վերջապես, նորեն շրջան առնելով՝ բարձրացանք դեպի գյուղը:

Երեկ, հիշո՞ւմ ես, երբ արևը այրում էր, ահա այս սոսիներին էի ուզում հասնել, — սկսավ խոսել Պետրոսը, երբ մոտեցանք այն դարևանդին, որի վրա քահանայի ցույց տված սոսիներն էին բարձրանում, — այժմ էլ բավական հոգնած ենք, անցնենք այս լանջի վերը և հանգստանանք այդ սիրուն ծառերի տակ:

Անցնենք, — ասացի ես և ապա դառնալով մեր հյուրընկալին հարցրի. — ո՞րինն են այդ սոսիները:

Սոսին ո՞րն ա:

Այ, այս ծառերը:

Բա էդ չընար ա, դու խի սոսի ես ասում, — հարցրեց նա:

Հայերեն չինարին սոսի կասեն, — բացատրեցի ես:

Որ ըտենց ա, բաս չընարը թուրքերեն ա՞:

Այո , — հաստատեցի ես:

Գյուղացին գլուխը շարժեց և ապա նորեն դառնալով մեզ՝ հարցրեց:

Էս մենք որ չընարու անունն էլ հայեվար ասելը գիտում չենք, մեր ճարն ինչ կըլի, հավատաս, քանի գնանք՝ էնքան էվելի հայվան կդառնանք:

Ինչո՞ւ, բարեկամ, մի բառ չիմանալով՝ մարդ հայվան կդառնա, — հարցրի ես ժպտալով:

Աղբաթիխեր, էսօր մի բառը կմոռանանք, էգուց էրկուսը, գալ օրն իրեքը, մին էլ էն ա կտեսնես, որ խոսքի կեսը հայեվար ենք խոսում, կեսը՝ թուրքեվար: Մարդ որ իրա ազգի լեզվով խոսիլը գիտա ոչ հայվան չի, բա ինչ ա:

Ընկերս նայեց ինձ խորհրդավոր հայացքով և հարցրեց.

Ինչպե՞ս ես գտնում այս գյուղացու կարծիքը:

Շատ բանավոր, — պատասխանեցի ես. ապա Մուքիին դառնալով՝ նկատեցի, — ինչո՞ւ չասացիր թե՝ ո՞ւմն են պատկանում այս սոսիները:

Էս սոսիքը Վեդունց Սարգսինն են, — պատասխանեց նա:

Հապա ո՞րն է նրա տունը, — հետաքրքրվեցա ես:

Հենց, այ, ծառերից դենը, կտուրն ըստիան էրևում ա, — ցույց տվավ գյուղացին:

Ի դեպ, այդ Վեդունց Սարգսից մի հարցնենք թե ինչու է քահանային արգիլել յուր որդիքը ուսման ղրկելու, — խոսեց Պետրոսը:

Անշուշտ կհարցնենք, երևի մի պատճառ է ունեցել, բայց նախ հանգստանանք այս սիրուն ծառերի տակ, — հարեցի ես:

Լավ կըլի, գնացեք, էդ ծառերի տակը որ նստեք, կմխիթարվեք, ես էլ մի մեր գյումովն (գոմովն) ընցնեմ, էլ շուտ եդ կգամ տուն, — ասաց հյուրընկալը:

Դու, ուրեմն, չե՞ս գալիս մեզ հետ, — հարցրեց ընկերս:

Չէ, ձեզ մատաղ, էս անգամ դուք մենակ գնացեք, — պատասխանեց գյուղացին և ճանապարհը ծռեց:

Ըստ երևույթին, նա չկամեցավ ընկերանալ մեզ, վախենալով թե մի գուցե Պետրոսը դարձյալ յուր անտակտ հարցուփորձով ամաչեցնե իրեն Վեդունց Սարգսի առաջ, որի ով լինելը, սակայն, մենք չգիտեինք:

Երբ այս մասին իմ կարծիքը հայտնեցի Պետրոսին, նա ուսերը թոթվելով ասաց,

Շատ կարելի էբայց և այնպես, նա ինչու պիտի ամաչի, եթե ես, մինչև անգամ, շատ հիմար բաներ խոսեմ:

Կամաչի նրա համար, որ դու յուր հյուրն ես: Չես լսել հայկական առածը թե՝ «գիժը չի ամաչիլ, գժի տերը կամաչի»:

Պետրոսը հառեց աչքերը վրաս, կարծես կամենալով հարցնել թե՝ մի՞թե ինքը այնքան անմտաբար է խոսում, որ ամաչեցնում է նույնիսկ մի հյուրընկալ գյուղացու:

Այդպես է, բարեկամ, — շարունակեցի ես, — անհամբերությունը վնասում է ամենքին, իսկ քեզ առավել ևս: Խորհուրդ եմ տալիս չշտապել երբեք կարծիքներ հայտնելու, եթե գիտես դրա համար ժամանակ ունիս դեռ: Հին փիլիսոփաների պատվերը՝ «քիչ խոսիր և շատ լսիր», ամենից ավելի դու պիտի կատարես:

Այս անգամ պիտի աշխատեմ բոլորովին չխոսել, միայն թե դու կարողանաս ինձ հետաքրքրող հարցերն առաջարկել այդ գյուղացուն: Ճիշտն ասած, ես շատ եմ ցանկանում իմանալ թե ինչու նա յուր հարևաններին այդպիսի հետադեմ խորհուրդներ է տալիս: Ես շատ հայ գյուղերում եմ եղել և միշտ էլ զրույցներ ունեցել գյուղացիների հետ, բայց ինձ երբեք չի պատահել հայ գեղջուկ, որ ուսման և կրթության դեմ խոսեր: Ընդհակառակն, ամեն մինի փափագը եղել է այն, որ կարողանա ուսում տալ յուր որդուն: Եվ այդ ես համարել եմ հայ գյուղացու բնավորության համակրելի գծերից մինը: Այժմ ինձ թվում է թե՝ այդ Սարգիսը, որի մասին խոսում ենք, նախապաշարյալ ապուշին մեկն է լինելու:

Դու դարձյալ շտապեցիր քո կարծիքը հայտնելու, առանց այդ մարդուն տեսած կամ լսած լինելու, — նկատեցի ես:

Ով որ ընկերին խորհուրդ է տալիս թողնել որդուն անուսում, նրան կարելի է ապուշ անվանել, նույնիսկ առանց նրան տեսած կամ լսած լինելու:

Բայց կարող է պատահել, որ այդպիսի խորհուրդ տալու համար մարդ ունենա մի բանավոր պատճառ:

Բանավոր պատճա՞ռ... խելագարվել ես, ի՞նչ է, մի՞թե կարելի է դրա համար բանավոր պատճառ ունենալ:

Գուցե այդ Սարգիսն ունի:

Անկարելի է: Մի մարդ, որ պաշտպան է հանդիսանում տգիտության, նա չի կարող որևէ ուրիշ պատճառ ունենալ, բացի այն, որ կլինի ապուշ կամ խելագար: Իսկ այդ Սարգիսը եթե ապուշ չէ, անշուշտ այն ցեցերից մինն է, որոնք այսպիսի անհայտ անկյուններում ապրելով զվարճություն են համարում իրենց համար ժողովրդի միտքն ու հոգին թունավորելը: Մի՞թե, արդարև, կարելի է ուսման ու գիտության դեմ խոսել, այդ միևնույն է, թե ասես՝ խավարն ավելի դյուրական է, քան լույսը:

Երբեմն խավարը ոչ միայն դյուրական, այլև ավելի օգտավետ է լինում, — նկատեցի ես ժպտալով:

Լռի՛ր, լռի՛ր, խելքդ ցնդել է. լավ է, որ ոչ ոք չէ լսում մեզ, այդ իմաստությունը ո՞րտեղից ես ամբարել... — իրար ետևից վրա տվավ Պետրոսը:

Տեսա՞ր, որ էլի շտապեցհր:

Հապա ի՞նչ անեմ, միթե խավարը, երբևիցե կարող է դյուրական, կամ օգտավետ լինել մարդուն:

Իսկ եթե մարդու աչքերը հիվա՞նդ, կամ վնասվա՞ծ լինեն:

Այդ ուրիշ բան է, դու նյութական լույսի ու խավարի մասին ես խոսում: Չափազանց պայծառ լույսը, այո, հաճելի չէ լինում վնասված աչքերին:

Հոգվո ու մտքի աչքերն էլ երբեմն վնասվում կամ հիվանդանում են:

Ուրեմն դրանց էլ հոգեկան կամ մտավո՞ր խավարն է օգնում:

Եթե չէ օգնում, գեթ, հանգստություն է բերում: Կան դեղեր, որոնք չեն բուժում սուր ցավ պատճառող հիվանդությունը, բայց առ ժամանակ թմրեցնում են սրա պատճառած կսկիծը: Հիվանդն այդպիսի դեղը հաճությամբ է ընդունում:

Այդ մեկի միտքը չեմ հասկանում:

Այդ էլ կհասկացնեմ Վեդունց Սարգսի կարծիքները լսելուց հետո:

Այսպես խոսակցելով մենք ավարտեցինք դարիվերը և մոտեցանք սոսիներին: Դրանք հինավուրց ծառեր էին, թվով մի քանի հատ, որոնք իրարից անջատ բուսած էին գյուղի վրա իշխող այդ դարևանդի վրա: Նրանց վիթխարի բուները բարձ ու գեղուղեշ բազուկներով և լայնատարած ոստերով գրավել էին հարթավայրի մեծագույն մասը: Սաղարթախիտ ճյուղերի հովանին ծածկում էր ոչ միայն կանաչազարդ տափարակն ու դարևանդի լանջերը, այլև Վեդունց Սարգսի տունը, որ գտնվում էր հարթավայրի արեգընդդեմ կողմը և արտաքինով զանազանվում էր գյուղի հասարակ տներից: Նա արդեն ուներ ընդարձակ բակ, որի մի մասում զետեղված էին գոմն ու հորթանոցը, իսկ ետևից՝ պտղատու ծառերի մի պարտեզ, որ ոռոգվում էր լեռնալանջի կողմից իջնող մի առվակով:

Ի՞նչ հրաշալի հովանոց է, ճիշտ որ աստվածաշեն, — բացականչեց ընկերս և նստելով փոքրիկ կոճղի վրա, որ դրված էր սոսիներից մինի տակ իբրև նստարան, հանեց գլխարկը, ճակատի քրտինքը սրբելով, շարունակեց, — նստիր, բարեկամ, և բացատրիր ինձ թե՝ ինչու «անտառի լավ տանձը արջն է ուտում»:

Ո՞ր տանձի և որ արջի մասին է խոսքը, — հարցրի ես՝ նստելով նույնպես կոճղի վրա:

Ահա այս սիրուն հովանոցի, որ արժանի էր գեղանի մի իշխանուհու սեփականությունը լինելու, բայց որ վիճակվել է մի ապուշ գյուղացու:

Մի գեղանի իշխանուհո՞ւ. այո՛, իրավունք ունիս, — հարեցի ես ժպտալով, — և, անշուշտ, այնպիսի իշխանուհու, որ լիներ նորատի, քնքուշ և գեղահասակ, գրավիչ դեմքով, կախարդող աչքերով և միևնույն ժամանակ, անմեղ՝ ինչպես հովտի շուշանը և կյանքով լի՝ ինչպես գարնան առավոտը:

Դրանք արդեն ավելորդ մանրամասնություններ են:

Հոգ չէ, լսիր: Եվ այդ գեղեցկուհին ապրում լիներ այստեղ հոյակապ դղյակի մեջ շրջապատված գեղանի նաժիշտներով: Եվ մի գեղեցիկ օր, դու քո որսորդական հագուստներդ հագած, որսողի մախաղն ու հրացանը ուսիդ, որսկան շունը ետևիցդ ձգած՝ անսպաս կերպով հայտնվեիր այստեղ:

Կատակդ թող:

Եվ տեսնեիր, որ այս սոսիների հովանում, շքեղ գահավորակի վրա հանգստանում է դղյակի մանկամարդ տիրուհին, և. Մորփեոսը իր քնաբեր թևերով նինջ է սփռել նրա գեղանի աչերին, իսկ լեռնից իջնող այս առվակը օրոր է երգում նրա ականջին...: Դու, իհարկե, իսկույն հիացմունքից այլայլված, ետ կքաշվեիր այս բնի ետևը և գողունի հայացքով դիտելով գեղեցկուհուն՝ քեզ ու քեզ կասեիր. — «Օ՛, եթե ես իրավունք ունենայի չոքել սրա առաջ և աղոթել»...Եվ ապա մտածելով, որ դու այդ կարող ես անել, առանց գեղեցկուհուց տեսնվելու և նրանից նախատվելու, կչոքեիր և աղոթեիր

Քո այդ վարմունքը, իհարկե, կզարմացներ քո շանը և նա յուր այդ զգացմունքը արտահայտելու համար՝ կսկսեր հաչել: Այդ անսպաս ձայնից կզարթներ գեղեցկուհին և տեսնելով քեզ յուր առաջ ծնկաչոք, բարկացայտ ձայնով կբացականչեր, — «Ով ես դու հանդուգն արարած, որ համարձակվում ես խանգարել իմ մենավոր հանգստությունը»: Եվ մի ակնթարթում դուրս կթափվեին դղյակից նաժիշտներն ու ծառաները և պարանով կապկպելով քեզ, կառաջնորդեին դեպի դղյակի զնդանը...

Լավ բավական է:

Սպասիր, վերջացնեմ: Հետո, մի սիրուն օր, գեղանի իշխանուհին յուր պարտիզում զբոսնելիս կլսեր, որ մինը երգում է յուր զնդանում մի շատ տխուր, բայց հրաշալի երգ: Նա հանկարծ կմտաբերեր բանտարկյալ որսորդին, բերել կտար նրան յուր մոտ և մանրամասն հարցաքննելով՝ կիմանար, որ դու չոքել էիր իր առաջ ոչ թե իրեն անարգելու, այլ պաշտելու նպատակով: Ապա քո արկածներով լի անցյալի պատմությունը լսելով՝ կգորովվեր քեզ վրա, կսիրահարվեր և հետդ ամուսնանալով քեզ յուր սրտի և դղյակի իշխան կկարգեր:

Ինչի համար է այդ կատակը, — հարցրեց ընկերս, այս անգամ արդեն մի քիչ բարկանալով:

Նրա համար, որ դու և քեզ հետ էլ շատերն այն երիտասարդներից, որոնք, իրենց ասելով, գիշեր ու ցերեկ ժողովրդի ցավերը դարմանելու վրա են մտածում, որոնց մշտական զրույցը գիտության վերքի խոսքի, բարձր գաղափարների և ազատ մտքերի համար է լինում, չեն կարողանում հանդուրժել, երբ տեսնում են, որ խեղճ արջին մեկը անտառում գտել է մի տանձ և ուտում է, չեն կարողանում ներել, որ այդ սիրուն սոսիները պատկանում լինին մի խեղճ գյուղացու և ոչ թե մի գեղանի իշխանուհու: Կարծես, բավական չէ, որ այդ իշխանուհի կոչվածները և գեղեցիկ են, և հարուստ, և բախտից գուրգուրված, դեռ նրանք պետք է տիրեն նաև երկրագնդի բոլոր գեղեցիկ անկյուններին: Կա արդյոք այդ խոսքի մեջ խելք, արդարություն, կամ ազատ մտածություն, որով սիրում եք դուք ամեն տեղ պարծենալ:

Սպասի՛ր` բարեկամ, դու ասածս չհասկացար, ուստի և իմ վերաբերմամբ արած դիտողությունդ անտեղի է: Ես, իհարկե, միշտ կցանկանամ, որ երկրագնդի վրա գտնված լավագույն անկյունները, պարարտ հողերը, պտղաբեր հովիտները և այլն, պատկանեն միայն խեղճերին, ճակատի քրտինքով ապրողներին և ոչ թե բախտից երես առած մարդկանց: Սակայն սոսիների մասին ասածս բացառիկ նշանակություն ուներ, հետևապես և դու ուրիշ կերպ պիտի հասկանայիր: Ես ուզում էի ասել թե՝ որովհետև Վեդունց Սարգիսը մի խավարամիտ և ուսման ու գիտության դեմ խոսող ու գործող մարդ է, ուրեմն չարժե, որ այս գեղավայրը պատկանե նրան:

Լավ, ենթադրենք, թե այդպես է, հապա ինչո՞ւ չասացիր թե՝ լավ կլիներ, որ այս սոսիները պատկանեին մեր հյուրընկալ Մուքին, կամ մի ուրիշ, քո կարծիքով ավելի ուսումնասեր գյուղացու, այլ ցանկացար, որ նա լինի մի գեղանի իշխանուհու սեփականություն:

Ասացի հենց այնպես, առանց մտածելու:

Ուրեմն ասել ես ավելի անկեղծորեն, քան կարող էիր ասել եթե մտածեիր: Առաջին դեպքում դու արտահայտել ես քո իսկական զգացմունքը, մինչդեռ երկրորդ դեպքում պիտի աշխատեիր վարագուրել այդ զգացմունքը և ասել այն, ինչ որ, առհասարակ, ընդունված է ասել՝ լուսամիտ և ազատախոհ երևալու համար:

Սխալվում ես:

Ինձ համար նշանակություն ունի այն, ինչ որ ասացիր առանց մտածելու: Մի աշխատիր արդարանալ: Դրանով միայն ծանրացնում ես հանցանքդ: Թե դու և թե նրանք, որոնք հրապարակն աղմկում են արդարության և ազատամտության անունով, ստում են միշտ ու կեղծում: Եվ դուք մեղավոր չեք: Մի ժողովուրդ, որ մոտ հազար տարի ապրել է ստրկական կյանքով, չի կարող ծնել այնպիսի որդիք, որոնք ազատ մտածելու հետ միասին՝ կարողանային նաև ազատ գործել: Ազատամտության գլխավոր հատկանիշն այն է, որ, նախ՝ ներողամիտ աչքով նայես ընկերոջդ թերության ու սխալանքների վրա, երկրորդ՝ ցանկանաս, որ նա ևս վայելե այն բարիքները, ինչ որ դու վայելում ես կամ կցանկանայիր վայելել, և երրորդ՝ որ նրան էլ իրավունք տաս խոսելու կամ գործելու այնպես, ինչպես որ դու ես խոսում կամ գործում: Բայց ձեզանից քանիսի մեջ կարելի է գտնել այսօրինակ ազատամտություն: Թուրքը մի առած ունի, որ ասում է՝ «կաթի հետ մտածը՝ հոգու հետ դուրս կգա»: Այս ճշմարտության մենք հանդիպում ենք ամեն քայլափոխում, թե ինչպես՝ բացատրեմ: Մեր խոսքն ու գործը, առհասարակ, չեն հարմարում իրար: Խոսքն առաքինական է, գործը՝ մոլեկան: Ներբող ենք կարդում ազատամտության և արդարության համար, բայց առանց խղճահարվելու բռնանում մեր մրցակցի վրա և կամ ընկերի իրավունքը հափշտակում: Դրվատում ենք գութն ու բարեգործությունը և, սակայն, առանց ամաչելու, հանում մեր եղբոր վերջին շապիկը, առարկելով թե՝ դա մեզ է պատկանում: Ինչո՞ւ է այս այսպես նրա համար, որ «կաթի հետ» միասին ստրկության, բռնության և անարդարության շատ սաղմեր են մտել մեր արյան մեջ, և նրանք միայն մեր «հոգու հետ պիտի դուրս գան»:

Դու չափազանցնում ես:

Չեմ չափազանցնում, այլ ասում եմ ճշմարտությունը: Եվ այդ դեպքումն էլ, ինչպես ասացի, անպայման չեմ մեղադրում ո՛չ քեզ, ո՛չ քո նմաններին: Իզուր է աշխարհը հայհոյում հրեաներին, թե նրանք չեն պարապում ծանր աշխատանքով, թե նրանք երկչոտ են, խաբող, վաշխառու և այլն: Այդ հո իրենք չեն այդպես արել իրենց, այլ աշխարհի բռնապետությունը: Եթե այսօրվա հրեան, որի նախահայրերը, ըստ Մաքս Նորդաուի, «շիտակ են եղել և հպարտ», փախչում է աշխատանքից, այդ նրա համար է, որ նրա երակներում դեռ վազում է եգիպտացվոց աղյուսե գործարաններում չարաչար աշխատող հրեայի արյունը: Եթե՝ նա ստում է ու թաքցնում, այդ նրա համար է, որ հրեական արուները խեղդող Փարավոնի և Երուսաղեմի գերյալներն այրող նաբուգոդոնոսորի ներշնչած սարսափը դեռ հալածում է նրան: Եթե նա խնամում և պինդ է բռնում ոսկու քսակը, այդ նրա համար է, որ նույն ոսկու զորությամբ հին բռնակալների, կատաղությունը մեղմող և խարուկահանդեսների կրակը մարող հրեաների հոգիները դեռ շշնջում են այսօրվա հրեայի ականջին թե՝ «ոսկու մեջ է միայն քո փրկությունը»: Այս տեսակետից էլ կարող ենք նայել մեր բարոյական շատ թերությունների վրա: Եթե իրավ է, որ դարերի ընթացքում մեր հայրերն ու պապերը հեծել են անլուր բռնությունների տակ և նրանց թոռներն ու թոռնորդիները շարունակ ծառայել անիրավությամբ ու անարդարությամբ իշխող բռնակալների կամքին, ինչու պիտի զարմանանք, եթե նրանց որդիներից մինը, թեկուզ Պետրոս Մինարյան անունով, այնքան մեծ նշանակություն տա իշխանին, կամ իշխանուհուն, որ մինչև անգամ ցանկանա Վեդունց Սարգսի սոսիները հատկացնել նրանց:

Եթե իմանամ, թե իմ մեջ խոսել է ստրկամտության հոգին, հուսահատությունից ինձ կսպանեմ:

Ինչու ես հուսահատվում, դու հո մենակ չես, քեզ նման հազարավորները կան: Բացի այդ, ես քեզ կարող եմ մխիթարել նաև մի ուրիշ բացատրությամբ: Այդ այն է, որ մարդ արարածը, որքան էլ որ զարգանում է և գիտության լույսով լուսավորվում է, այսուամենայնիվ, նա իր մեջ դեռ կրում է բնազդներն այն հին մարդի, որը վայրենության դարաշրջաններում ապրելով՝ վախենում էր փայլակից ու որոտից, որ ստեղծում էր յուր համար գերբնական և անտեսանելի ուժեր ու նրանց երկրպագում ու զոհում: Այն ժամանակներից սկսած մարդը սովորել է հպատակել գերազանց ուժին և նրա վրա նայել հիացմունքով: Այդ հպատակության ու հիացման մեջ նա գոհություն է գտնում, և շատ տկարամիտներ, մինչև անգամ, անհանգստանում են, երբ տիրող կամ բռնացող ուժը վերանում է մեջտեղից: Այդ առաջ է գալիս նրանից, որ տկարամիտը վախենում է թե՝ մի գուցե ազնվատոհմ գազանի տեղը բռնե իրեն հավասար մի ոչխար... Ես տեսել եմ զարգացած և ինքն իրեն ազատախոհ համարող մարդ, որ դառնացել ու սրտմտել էր իմանալով, որ սեփական աշխատասիրությամբ հառաջադիմող անտոհմիկ մի գավառացի գնել է Թիֆլիսում՝ անհաշիվ շռայլությամբ հոր գույքը վատնող մի իշխանի կալվածքը: Նա սրտմտում էր ոչ թե նրա համար, որ իշխանը շվայտ էր կամ անառակ, այլ նրա համար, որ անտոհմիկ գավառացին տիրում է իշխանական կալվածքին: Ուրեմն զարգացած մարդը չէր մեծադրում աշխատասիրությունն ու գործունեությունը, որովհետև նա այդ տեսնում էր անտոհմիկ գավառացու մեջ, չէր էլ գարշում անառակությունից ու շվայտությունից, որովհետև դա յուր աչքում մեծ համարվող իշխանի ունակությունն էր: Այսպիսով, ուրեմն, այդ զարգացած մարդու մեջ միաժամանակ գործում էին՝ թե նախկին վայրենի ստրկական բնազդը և թե գռեհիկ նախանձը, որը թույլ չէր տալիս նրան ծագումով իրեն հավասար գավառացուն տեսնել իշխանական կալվածքի տեր: Այս տեսակետով էլ ես բացատրում եմ քո արտահայտած ցանկության միտքը: Պետրոսը լուռ էր և չէր պատասխանում: Նա, երևի, որոճում էր իմ ասածները՝ նրանց մեջ հերքելի կետեր գտնելու համար: Բայց երբ ես հարցրի՝ համաձա՞յն ես ինձ հետ, թե ոչ, նա պատասխանեց.

Քո ենթադրությունները վիճելի կետեր շատ ունին, բայց որպեսզի մեր խոսքը չերկարի, ես առարկություն չեմ անում, այդ մասին կխոսենք ուրիշ ժամանակ: Այժմ դեռ այցելենք սոսիների տիրոջը:

Այս ասելով՝ նա վեր կացավ տեղից: Ես ևս հետևեցի նրան:

Դ

Վեդունց բակը մտնելով՝ մենք ոչ ոքի չպատահեցանք: Այդտեղ լռություն էր տիրում: Եթե գոմի դռան մոտ կապած ուլը չլիներ, որը թե առջևի թափած խոտը ուտում և թե մեզ էր նայում, այլև պառավ, ուժազուրկ շունը, որ սրահի շքարանից ելնելով՝ մի երկու բերան ծուլաբար հաչեց և ապա նորեն բակի մեջ ընկած հին սայլի տակը մտավ, մենք կկարծեինք, թե այս տան մեջ կենդանի շունչ չկա: Բոլոր նշաններից երևում էր, որ մի օր այդ հարկը շեն ու փարթամ է եղել, որովհետև բացի շքեղ սոսիներից, որոնք նրա բակի մի մասն էին բռնում, տունն էլ, ըստինքյան, գրավում էր ընդարձակ տեղ և շինված էր հարուստ գյուղացու ճաշակով: Նա բաղկացած էր մի մեծ, բարձրաշեն օդայից և երկու ուրիշ, նույնպես բարձրադիր սենյակներից: Նրանց մեջտեղում գտնվում էր ընդարձակ, սյունազարդ սրահ: Վերջինի սյուները տաշված էին կաղնու հաստ գերաններից և ունեին, մինչև անգամ, խոյակներ, որոնք թեպետ ծխից ու հնությունից սևացած, այսուամենայնիվ, իրենց վրա կրում էին հյուսնի ձեռքերի ճարտարության նշաններ, այն է զանազան քանդակներ, որոնք ներկայացնում էին կենդանիներ, բույսեր և այլ նկարներ: Բակի, գոմի և հորթանոցի ընդարձակությունը ցույց էր տալիս, որ այդ տունն ունեցել է մի օր բազմաթիվ անասուններ: Իսկ թոնրատան՝ տնից հեռու գտնվելը, արդեն ապացույց էր. որ Վեդունք շեն օջախ լինելով՝ միշտ ունեցել են հյուրեր, որոնց ծխից ազատ պահելու համար թոնիրը ոչ թե ուրիշների պես տան սրահում, այլ բակի մի անկյունումն են զետեղել: Չնայելով այս բոլորին, այսուամենայնիվ, երևում էր՝ ոչ միայն նախկին կյանքը չէր եռում այդ տան մեջ, այլև մի ավերիչ ձեռք ծանրացել է նրա վրա: Որովհետև տան կտուրը մի կողմից արդեն ծռվել էր, իսկ բաշերի հողը մի քանի տեղ թափվել: Երկու սենյակների պատուհանները մեծ մասամբ ապակիներից զուրկ՝ ծածկված էին ձեթած թղթով, գոմի դուռը կրնկահան եղած ընկած էր պատի տակ, իսկ հորթանոցը, մինչև անգամ, զուրկ էր այդ բանից:

Այստեղ մարդ չէ երևում, վերադառնանք, — ասացի ընկերոջս:

Չէ, թող մի անգամ էլ հնչակը քաշենք, գուցե մեկը երևա, — պատասխանեց նա:

Հնչակը ո՞րն է, — հարցրի ես զարմանալով:

Գյուղացու հնչակը, չգիտե՞ս, սա է, այ, տես՝ ինչպես լավ է հնչում: — Այդ ասելով նա գետնից մի քար վերցրեց և նետեց սայլի տակ պառկած շան վրա: Վերջինս վեր կացավ տեղից և այս անգամ սկսավ հաչել ավելի աշխույժով: Մի քանի րոպեից, արդարև, օդայի դուռը բացվեցավ և այդտեղից դուրս եկավ աղքատ հագնված մի պառավ, որը հուշիկ հառաջանալով, մոտեցավ ու կանգնեց սրահի սյուների մեջտեղը: Սա մոտ վաթսուն տարեկան կին էր, միջահասակ ու վտիտ մարմնով, խորշոմած երեսով, կկոցված աչքերով՝ բայց դեմքի բարի ու միամիտ արտահայտությամբ:

Տեսնելով մեզ բակում, նա ձախ ձեռքով հովանի արավ աչքերին՝ կարծես, աշխատելով ճանաչել մեզ և ապա հարցրեց.

Ո՞ւմ եք ուզում:

Վեդունց Սարգսի տունը սա՞ է, — հարցրի ես, իբր չճանաչելով:

Հա, էս ա, — պատասխանեց պառավը:

Սարգիս ապերը տա՞նն է:

Հրեն բախչումը (պարտեզ) ծառի տակ բհում (փորում) ա:

Բախչան ո՞րտեղից գնանք, — հարցրի ես:

Այ, կյումի կողքով վեր անցեք, դուռն ընտի ա, — հայտնեց պառավը:

Հազիվ թե մենք շուռ եկանք, նա ավելացրեց,

Ամոթ չըլի հարցնիլը, դուք հո՞վ եք:

Օտար մարդիկ ենք, եկել ենք ձեր գյուղը տեսնելու. — – ասացի ես:

Բա որդիան եք գալի, — հետաքրքրվեց նա:

Շատ հեռու տեղից, — պատասխանեցի ես:

Էլ հա, հո աշխարհքի էն ճնդիցը (ծայրիցը )չեք գալի, մին ասացեք տեսնամ՝ ո՞ր շհարից եք:

Ես Թիֆլիսից եմ գալի, իսկ իմ այս ընկերը՝ Մոսկովից:

Դու Թիֆլիսից ես գալի, վա՛յ, քե մատաղ ըլեմ, բա խի՞ շուտ չես ասում... — Այս խոսքերով պառավը մոտեցավ և ձեռքը տալով ինձ ողջունեց այնպես սիրով, որ ասես թե, յուր քեռորդուն, կամ որևէ հարազատին էր պատահել, և ապա հարցրեց. — Մի ասա, քե մատաղ, մեր Վանուն էլ (Հովհաննեսին) տեսար:

Ձեր Վանո՞ւն... կներես, նանի, չեմ ճանաչում, — ասացի:

Ճանաչում չե՛ս... բա մեր Վանուն արարած աշխարհը ճնաչում ա, էդ ո՞նց ա, որ դու ճնաչում չես:

Ո՞րտեղ է լինում:

Սուդումն ա ըլում, քե մատաղ, ատվակատ ա, գողերին ու մարդասպաններին նա ա Սիբիրից ազատում: Դու խի՞ չես ճնաչում:

Պառավի վերջին տեղեկությունը օգնեց հիշողությանս:

Այո՛, այո՛, ճնաչում եմ, այնտեղ նրան Վեդով են ասում:

Հա, քե մատաղ, ո՞նց ա, սաղ, սալամա՞թ ա:

Տեսել եմ, նանի, շատ առողջ է, միամիտ եղիր, — ապահովացրի պառավին:

Մատաղ ըլեմ քո աչքերին, էս ա՝ հինգ տարի ա, երեսը տեսել չեմքոռանա ինձ նման մերը, — ասաց պառավն ու լացակումեց:

Ինչո՞ւ չես տեսել, այստեղ չի՞ գալիս, — հարցրեց Պետրոսը:

Չէ, քե մատաղ, գալիս չի: Ասում ա՝ գամ գեղումն ինչ շինեմ: Ասում եմ, որդի, եկ, կողքիս նստիր, սկի բան մի շինիլ, եկ, որ ամեն օր էրեսդ տեսնեմ, բոյիդ բուսաթիդ յաշեմԱխր աչքումս մազ ա կանաչել, որ քե էդ օրին եմ հասցրել... Ասում ա, նանի, ասիլ մի, էդ ըլելու բան չի:

Վերջին խոսքերի հետ՝ արտասուքի կաթիլները գլորվեցան պառավի խորշոմած դեմքի վրա: Նա գլխափաթաթի ծայրով աչքերը սրբեց.

Ինչու ես լաց լինում, նանի, որդիդ, փառք աստծո, ողջ առողջ է, գործն էլ հաջողակ, քո ուզածն էլ այդ պիտի լինի, — սիրտ տվի ես պառավին:

Հա, քե մատաղ, բա ի՞նչ ա. որտեղ ըլում ա ըլի թաքի (միայն թե) սաղ ըլի... Ի՞նչ անեմ, թե ես ըստի իրա կարոտը քաշում եմ… — պատասխանեց պառավը, աշխատելով յուր վիշտը ծածկել: Բայց մի փոքր հետո ավելացրեց, — Շատ վախտ ա գիր չենք ստացել, աստված պահի քե, որ իմ Վանուցը խեր խաբար (բարի լուր) բերիր… — Ապա տեսնելով, որ ընկերս շարժվում է դեպի առաջ, ասաց, — կուզե՞ք, ըստի էյվանումը նստեցեք, ես գնամ մեր հալևորին կանչեմ:

Չէ, նանի, մի նեղանար, մենք ինքներս կերթանք, ձեր բախչեն էլ կտեսնենք, — ասացի ես և ողջունելով պառավին, առաջ անցա Պետրոսի հետ:

Այս ի՞նչ հանելուկ է, — հարցրեց վերջինս, երբ մենք հեռացանք: — Այս մարդը տեր Մակուչին խորհուրդ է տալիս անուսում թողնել իր չորս որդիներին, մինչդեռ ինքն յուր որդուն բարձր կրթություն է տվել և փաստաբան շինել:

Այդ հանելուկը լուծելու համար մենք պիտի մի փոքր էլ համբերենք՝ ծերունուն լսենք, — պատասխանեցի ես: Պետրոսը ոչինչ չխոսաց, և մենք միասին պարտեզ մտանք:

Դա մի ընդարձակ տարածություն էր, որի մեծ մասը ծածկում էին մի քանի շարք պտղատու ծառեր, այն է՝ խնձորենիներ, տանձենիներ, սալորենիներ և սերկևիլներ, ամենքն էլ, գրեթե, պտուղներով ծանրաբեռնված:

Պարտեզի վերջում մի մարդ, գլուխը կապույտ թաշկինակով կապած փորում էր կիսաչոր մի դեղձենու շուրջը:

Անշուշտ սա է Վեդունց Սարգիսը, — ասացի ես Պետրոսին և նրա հետ միասին առաջացա դեպի նրան:

Սա հաղթանդամ, բարձրահասակ, բայց մի փոքր կորաքամակ ծերունի էր, մոտավորապես յոթանասուն տարեկան: Թաշկինակով կապած գլխի շուրջը մազ չէր երևում, բայց ընչացքն ու կարճ մորուքը բոլորովին ճերմակ էին: Նրա դեմքի արտահայտությունը խիստ էր, բայց ոչ չար, իսկ աչքերը, թեպետ ծածկված թավամազ հոնքերով, սակայն ցոլացնում էին խելք և բարություն: Նա հագած էր կոշտ կտավե շապիկ՝ կապույտ նաշուրի օձիքով, իսկ դրա վրայից՝ սև ղադաքի, մի հնամաշ արխալուղ: Վարտիքը, որ կարած էր գյուղում գործված բրդե շալից, ուներ նույնպես մի քանի կարկատան և սրունքների մոտ սեղմված էր սև տոլաղներով: Ոտքերին ամրացրած էին հասարակ կաշվի տրեխներ, իսկ մեջքը սեղմած սև կտավի մի գոտիով:

Նշմարելով մեզ մի քանի քայլ հեռավորության վրա, նա իսկույն գործելուց դադարեց և բահը դեղձենու բնին հենելով առաջացավ դեպի մեզ:

Բարի աջողում, Սարգիս ապեր, — ասացի ես առաջին անգամ և մոտենալով, ձեռքս պարզեցի դեպի ծերունին:

Ա՛յ, աստծո բարին, բարով եք եկել, — պատասխանեց նա ժպտալով և յուր կոշտ աջով մեր ձեռքը թոթվելուց հետո շարունակեց, — հավատաս (երևի), դուք եք Սհարանց Մուքու ղոնաղները:

Ամբողջ գյուղն արդեն գիտեր, որ մի օր առաջ հյուրեր են եկել Սհարենց Մուքու տունը, և մեզ, ահա այդ անունով էր ընդունում ծերունին:

Այո, Սարգիս ապեր, մենք ենք:

Բարով եք եկել, հազար բարով, կըլի որ լավ բանի հմար ըլեք եկած, աստոծ աջողի:

Մի առանձին բան չունինք, հենց ման գալու համար ենք եկել:

Ինչ որ ա, բարի ըլի: Աշխարհի շառն (չարն) էնքան շատացել ա, որ մարդ ջուր խմելու հմար էլ թե տեղիցը վեր կենա, պտի աստոծ կանչի, որ բարի ըլի: Ձեզանից ո՞րն ա Մինարենց Ակոբի տղեն:

Ես եմ, — պատասխանեց Պետրոսը:

Հա , քու հերը լավ մարդ ա, լավ էլ հայ ա, ղադրը (երախտիքը) գիտում ես, պատիվ ես տալի:

Ինչպե՞ս կարող եմ պատիվ չտալ, քանի որ նա իմ հայրն է:

Ի՞նչ գիտամ, էս այամումը ըսկի որդին հորը ճնաչում չի: Էդ շլապեն ում գլխին տեսնում եմ, հենց գիտում եմ հոր տանիցը՝ ջուդա ընկած (տարագիր եղած) ա:

Չէ, ես ծնողներիս շատ եմ սիրում և հենց նրանց տեսնելու համար է, որ Մոսկովից վեր եմ կացել, եկել:

Հա՞, որ ըտենց ա, շատ ապրես, աստոծ պահի քեզ. բարի ժառանգ ըլես. — օրհնեց ծերունին և ապա դառնալով ինձ՝ հարցրեց, — կբաշխես, քե ճանաչում չեմ, դու ումա՞նցից ես (որոնցից):

Ես էլ տեր Օվանեսի թոռն եմ, — պատասխանեցի ես:

Ասատուրի տղե՞ն:

Այո:

Դե շուտ ասա, հեր օրհնած, ախր քու ողորմած հոգի հերը իմ տան լավ բարեկամն ա լել, առանց իրար թիքա չենք կտրել: Քանի-քանի անգամ էս բախչումը նստել, քեֆ ենք արել, քանի անգամ մեր չինարուցը տակին զուռնա-ղավալով մարաքա ենք սարքելՕղորմի քո հոգուն, Ասատուր... ասում էր, ա Սարգիս, էս չնարիքը, որ քունն ա, լավ կըլի որ տանդ գլխին մին ատած (հարկ) էլ շինես ու առաջը լեն ու բոլ մի թախտապանդ (պատշգամբ), ընենց ըլի, որ չինարուցը ճղները կռանան թախտապանդի վրեն շուք անեն: Էն չախը (ժամանակ), ասում էր, տունդ ամարաթի (պալատի) նման մի բան կդառնա, հենց որ թախտապանդին նստես, էն սարերին մտիկ տաս, յա չէ սարինն (զովը) ընկած վախտը ընտի մի ստաքան չայ խմես, հենց կիմանաս, թե դրախտումն ես:

Следующая страница