Մուրացան՝   Նոյի ագռավը

Եվ, իրավ, լավ է ասել, մեզ էլ հենց այսօր ձեր չինարիքն են բերել այստեղ: Ափսոս չէ, որ այդ գեղեցիկ ծառերի առաջ դուք երկհարկանի մի տուն չունիք, — հարեցի ես:

Ծերունին նայեց ինձ վրա քննական հայացքով, կարծես ստուգելու համար թե՝ արդյոք յուր սիրտը ցավեցնելու համար ասացի այս խոսքերը: Բայց ես, իհարկե, ասել էի միամտաբար, առանց իմ խոսքերին մի առանձին նշանակություն տալու: Սակայն հետո իմացա, որ դրանք ծերունու սիրտը խոցած պիտի լինեին:

Լավ ես ասում, որդի, լավ կըլեր, որ շինի, ամա ինչ անես, որ

Հա, ինչո՞ւ չշինեցիր:

Ծերունին փոխանակ պատասխանելու, նայեց յուր շուրջը, ապա դառնալով մեզ ասաց.

Էս խի ենք ըստի կաղնել, գնանք էյվանումը թախտի վրեն նստենք, եդո կխոսանք: Կբաշխեք, մարդ որ ծերանում ա, մարիֆաթով (քաղաքավարությամբ) ժաժ գալն էլ ա մոռանում... գնանք, ըսենց կաղնած կնեղանաք:

Չէ, Սարգիս ապեր, այստեղ ավելի լավ է, այ, այս սիրուն ծառի տակը կնստենք, — ասացի ես:

Լավ, որ ըտենց ա, թող մի խալիչա բերեն... Ախչի, հե՛յ, ա Սավգյուլ, մի խալիչա ղրկի ըստեղ, — ձայն տվավ ծերունին դեպի տան կողմը:

Մի քանի րոպեից հետո, մի փոքրիկ, աղքատ հագնված աղջիկ, մի հին գորգ քաշ տալով բերավ փռեց ծերունու ցույց տված տեղը: Վերջինի հրավերով մենք նստանք գորգի վրա:

Հա, ասում ես թե՝ խի չշինեցիր, — շարունակեց ծերունին ընդհատված խոսակցությունը, — լավ ես առում, որդի, որ շինած ըլեի, հմի էս ա որ եկել եք, կտանի ու կնստեցնի ձեզ էն հովահար թախտապանդումը ու մի թիքա հաց կդնի առաջներիդ... ամա դե կարացի ոչ...

Երևի փող չունեիք, — հարցրեց Պետրոսը:

Փո՞ղ... ընչի չունեի, փող էնքան ունեի, որ մի ատաժ չէ, երկուսն էլ կշինեի:

Հապա ինչո՞ւ չշինեցիր, — հետաքրքրվեցա ես: Նոյի ագռավը չթողեց, որդի, նոյի ագռավը:

Նոյի ագռավը:

Հա՛:

Ո՞րն է Նոյի ագռավը, — հարցրի ես զարմանալով:

Նոյի ագռավը գիտում չես՝ որն ա:

Ոչ:

Բաս դու սկի հուսումնարանում կարդացել չե՞ս:

Կարդացել եմ:

Դե, էն ա՝ վարժապետը ասած կըլի, թե հով ա Նոյի ագռավը, էլ խի ես ասում՝ գիտում չես:

Ջրհեղեղի ժամանակի Նոյի ագռավն ես ասում:

Հա , բա էլ ուրիշ ի՞նչ նոյի ագռավ կա:

Այն ագռավն է, որ չի թողել քեզ տունդ շինելու:

Հա՛, հենց համին (իսկ և իսկ) էն ագռավը:

Ես դժվարությամբ էի ծիծաղս զսպում, իսկ Պետրոսը արդեն քահ-քահ ծիծաղում էր:

Խի՞ ես ծիծաղում, որդի, — հարցրեց ծերունին ընկերիս:

Հապա ինչ անեմ, որ չծիծաղեմ, ասում ես՝ նոյի ագռավը չի թողել, որ տունդ շինես: Առաջինը ագռավը ոնց կարող է արգելել քեզ քո տունը շինելու, երկրորդ՝ Նոյի ագռավը մինչև այսօր ապրո՞ւմ է, որ քեզ արգելի:

Բաս չի՞ ապրում:

Իհարկե, ոչ:

Ծերունին ժպտաց: Սակայն նրա այդ ժպտի մեջ այնքան ծաղր կար, ուղղված դեպի ընկերս, որ ես չկարողացա իմ հետաքրքրությունը զսպել:

Բացատրիր, աղաչում եմ, ի՞նչ ագռավ է այդ, կամ ո՞ւմն ես դու ագռավ անվանում, — խնդրեցի ես:

Առաջ դու ինձ ասա՝ էդ ագռավի պատմությունը գիտո՞ւմ ես, թե չէ:

Ինչպե՞ս չէ:

Դե պատմիր:

Ի՞նչ պատմեմ, ջրհեղեղի պատմությո՞ւնը:

Չէ, էդ ես քեզանից լավ եմ իմանում: Չասես թե` Սարգիս ապերը գեղացի ա, զատ չի գիտալ: Վանքումը իրեք տարի կարդացել եմ, իրեք տարի էլ կեսդերություն (տիրացություն) եմ արել: Աստվածաշունչը երկու անգամ անց եմ կացել (կարդացել եմ):

Ուրեմն միայն ագռավի պատմությո՞ւնն ես ուզում:

Հա՛:

Էհ, նա մեծ պատմություն չունի: Երբ Նոյի տապանը Արարատ սարի վրա կանգնեց, այդ ժամանակից քառասուն օր անցած՝ Նոյը տապանի պատուհանը բացավ և դուրս թողեց ագռավին, որպեսզի իմանա, թե ջրերը ցամաքել են, թե ոչ: Բայց ագռավը գնաց, ետ չդարձավ:

Խաբար չբերե՞ց Նոյին:

Այո՛:

Բա խի՞ ետ չդարձավ:

Հայտնի չէ. դրա համար աստվածաշնչումը բան չկա գրած:

Գիտում եմ բան չկա գրած, ամա դու ի՞նչ ես փիքր անում, խի ետ չեկավ:

Ագռավը ծանրամարմին թռչուն է, երևի շատ թռչելուց հոգնելով՝ ընկավ ջրի մեջ ու խեղդվեցավ, — հարեց Պետրոսը:

Հը՞... — ժպտաց ծերունին,( էդ ա ձեր հուսումնարանումը ըդենց խամ են թողնում ձեզ, է՛, ագռավը խեղդվո՛ղ ջանավար (գազան) ա:

Ապա, ձեր կարծիքով, ինչո՞ւ չվերադարձավ, — հարցրի ես:

Նրա համար, որ քերձերի գլխին, յա չէ, սարերի դոշին մարդի, յա հեյվանի ջամդաք (լեշ) տեսավ, վրան ընկավ ու սկսեց լափիլը: Խի, ագռավը մտածելու էր, թե ընտեղ տապանումը Նոյը, աչքը ջուր կտրած (ակնկառույցիրան ա ըսպասում:

Կարելի է` այդպես է:

Ոչ թե կարելի ա, հենց դրուստ էս ա որ ասում եմ:

Թող այդպես լինի, միայն ասա տեսնենք՝ այդ ագռավն ինչպես արգելեց քեզ քո տունը շինելու, — հարցրի ես:

Ինչպե՞ս արգելեց, մի քիչ մաջալ (միջոց) տու, ասեմ:

Այս խոսքերով ծերունին գլխի թաշկինակը հանեց և կոշտ ձեռքով ճաղատ գլուխը շոյելով ու զովացնելով՝ շարունակեց.

Գիտո՞ւմ եք, ի՞նչ կա: Աշխարհումս առանց աստծու բան լի ըլում: Ըսկի տերևն էլ ծառիցը տափը չի ընկնում: Հալբաթ էս էլ աստծու կամքն էր, որ ըսենց ըլավ:

Ծերունին դարձյալ լռեց, ապա նորեն գլխի թաշկինակը կապելով շարունակեց:

Ինչ որ պտի պատմեմ, հնուց բան ա, կըլի որ քսանհինգ տարի ըլի, յա չէ էրսուն, էն չախը ես հլա բաբաթ (բավական) ջահել ի: Մի օր Օսեփ վարդապետը եկավ մեր տուն: Օսեփ վարդապետի անումը լսած կա՞ք, — հարցրեց ծերունին:

Ո՛չ, — պատասխանեցի ես:

Հա, լսած չեք ըլի, դուք ջահել եք: Նրա մեռնիլը, հավատաս, տասը յա տասներկու տարի ըլի: Աստոծ հոգին լուսավորի, արդար մարդ էր, ասիլ (ազնիվ) հոգևորական: Վանքի վանահայրն էր. շուտ-շուտ կգար մեր տուն. կնըստինք էս ծառերի շուքումը, զրից կանինք: Օղորմած հոգի քու հերն էլ շատ կսիրեր նրան: Էն ա մի օր եկավ տեսավ, որ գերաններ եմ բերել տվել, որ տախտակ քաշել տամ. գեղականի հետ էլ խոսում եմ, որ քար ու կիր բերի: — Ա՛ Սարգիս, ասեց, էդ ընչի համար ես թադարիք (պատրաստություն) տեսնում: — Հայր սուրբ, ասեցի, ծառա եմ քե, ուզում եմ տանս գլուխը շինել տալ: Մեր աղա Ասատուրն էլ ա խորհուրդ տալի: Ես էլ տեսնում եմ, որ լավ կըլի: Ափսոս ա, որ էս լաչին (գեղուղեշ) չնարուցը առաջին երկու ատաժանի մի տուն չըլի, որ եկող գնացողը նրա հովհար թախտապանդումը նստի, մի սհաթ էլ ա քեֆ քաշի: Էս խոսքի միջումը մեր Վանին հորթի եդից վազելով՝ եկավ, որ մեր մոտիցը անց կենա՝ թե ինչ ա, հորթի առաջը կտրի, բռնի ու վրեն նստի: Էն չախը նա հլա տասը տարեկան էր: Էն ա հայր սուրբը րեխի ձեռքը բռնեց ու ասեց.( ա Սարգիս, գիտաս ի՞նչ կա, տանդ գլուխը մի շինիլ. այ, սրա գլուխը շինիր: Էն փողը, որ խարջելու ես, թե ինչ ա՝ տանդ վրան մի ատաժ ավելացնես, լավն էն ա, որ խարջես ու էս րեխի գլխումը ուսում ու գիտություն մտցնես: — Ասեցի՝ հայր սուրբ, րեխին հո անուսում չեմ թողնիլ. մի քիչ վախտից եդը վանքը պտեմ ղրկիլ, որ լավ կարդալ սովրացնես: Վա՛յ ինձ, հենց գիտում ի թե՝ հայր սուրբը նրա համար ա ասում, որ րեխին իրա մոտ ղրկեմ, հինչ ա մեզանե խերվի (օգտվի): Ամա օղորմած հոգին պատասխանեց. — ա Սաք, ասեց, ես ի՞նչ հուսում յա գիտութին ունեմ, որ դրան ինչ տամ: Հրեն ղարկի Թիֆլիս, գիմյազումը կարդի, լավ հուսում ստանա: Ընդիան եդն էլ ղրկի Մոսկով, յա չէ Պետրպոլկ, որ ունիվերս մտնի, ընտեղի մեծ հուսումն էլ առնի, փիլիսոփ դառնա: Էն չախը կգա, էս գեղի միջումը մին հատ մարդ կըլի: Համ իրա ձեռովը տանդ գլուխ կշինի, համ էլ միջումը հուսումնարան կբանա, խեղճ են էս գեղըցիքը, խավար մնացել են, խավար էլ պտի մեռնեն, սրանց րեխեքը կհավաքի, հուսում կտա, ու մի քանի տարեն ետը սաղ գեղը կլուսավորի: Էս բանը համ աստծուն դուր կգա, համ բանդին (մարդկանց ): — Հայր սուրբն էս որ ասեց, խելքումս նստեց: Ասեցի, հայր սուրբ, լավ ես ասում, թող տանս գլուխը հին մնա, ինձ հո՞վ ա տնազ անելու (ծաղրելու), թաք ըլի՝ իմ Վանու գլուխը զարդարվի: Ասենք, ինչ մեղքս ծածկեմ, ես էլ հենց էն գլխիցը հուսում ի ու գիտության գերի էի: Երբ մի հուսումնական մարդ կգար մեր գեղը, ում տան էլ որ վեր գար, կգնայի զոռով ղոնաղ կբերի մեզ մոտ, թե ինչ ա, աշխարհի էն լավ-լավ բաներիցը մին էրկու բերան խոսա, լսենք, բան իմանանք: Մեր հայր սուրբը մի լավ Չամչյան ուներ: Նրա համար շուտ-շուտ վանք կգնայի, թե ինչ ա, կշտիս նստի, մին-մին գլուխ կարդա: Էն Հայկի, Արամի, յա չէ Վարդան զորավարի լավ-լավ պատմութինը, որ կլսի, հոգիս կմխիթարվեր: Շատ վախտ էլ սիրտս էն հանգի կլցնվեր, որ լաց կըլեի, ու արտասուքս ջրի նման կթափվեր: Ինչ երկարացնեմ, տեսա, որ հայր սուրբի խորհուրդը լավն ա, վճռեցի որ տանս շինությունը թողամ ու րեխին Թիֆլիս ղըրկելու թադարիքը տեսնամ: Երբ որ էս բանը մեր տնացուն (կնոջը) ասեցի, քիչ մնաց, որ խեղճը խելքիցն ընկնի: Ինչ լաց, ինչ շիվան, ինչ գլուխ թակիլ: Ա մարդ, ասում ա, էդ խի ըտենց անաստոծ բան ես բռնում, բա, մենք ճար ու ճրագ մի տղա ունենք, էն ոնց վեր ունինք, ղրկենք ղարիբ տեղ ու մենք երկու հոգի, մնանք ըստի բայղուշ. — ա կնիկ, ասում եմ, տղին հո ծախում չենք, ղրկում ենք, որ հուսում առնի, մարդ դառնա ու էլ նոր եդ գա, մեր օջախը լուսավորի: Ղորթ ա, էս ասում ի, ամա մեր օղլուշաղին (կնոջը) էլ ղնամիշ անիլ (մեղադրել) չէր ըլիլ: Ախր աստոծ մեզ չորս րեխա էր տվել ու էլ ետ իրեքին տարել, մին էդ էր մնացել, որ դիփունանցից պուճուրն (փոքրն) էր: Ի՞նչ մեր ըլեր, որ լսեր, թե իրա մինուճար րեխին ուզում են ձեռիցը խլել, ջանը կրակը չգցեր, որ տանեն: Կնիկարմատը, ղորթ ա, խելքը կարճ ա, ամա սիրտը բարակ ա, ըսենց ցավին դժվար ա դիմանում: Նրա համար լավ ա, որ իրա տղան սաղ սալամաթ իր աչքի առաջը կանգնած ըլի, թեկուզ հենց չոբան (հովիվ), յա հորթարած ըլի, քանզ գնա, երկրե երկիր, հուսում առնի, յա փիլիսոփա դառնա: Ամա դե ես տնացոց լաց ու շիվանին մտիկ չարի, իմ թադարիքը տեսա ու Վանին իմ ձեռքովը տարա Թիֆլիս, թափշուր արի (հանձնեցի) մեր կնքավորի տղին: Նա էլ ընտեղ լավ վաճառական էր, ծանոթ բարեկամ ուներ, րեխին պատրաստել տվավ ու մի տարեն եդը գիմյազը տվավ, որ րեխան գշեր-ցերեկ ընտեղ մնա, համ էլ կարգի:

Էդ օրից դենը Վանին դառավ իմ դարդն ու ղեիդը (ցավն ու հոգսը): Ղորթ ա, րեխին սաղ սալամաթ թողեցի եկա, ամա օր ու գիշեր հենց նրա վրեն ի մտածում: Յարաբ, ասում ի, րեխաս հո չմրսեց, յա չհիվանդացավ: Յարաբ, յադի (օտար) տանը րեխի սիրտը հո չկոտրվեց: Ես որ մինն ասեմ, ինսան ենք, էլի՞, մտածմունքը աստոծ մեզ ա տվել: Ամա ինչ որ նրա մերն էր անում, բերանով ասվիլ չի ըլի: Խեղճը ոչ գիշեր քուն ուներ, ոչ ցերեկը ղարար (հանգստություն): Տափը, ասես, տեղ չէր տալի, որ նստի, էն ա ամեն մի ներս ու դուրս անիլով ընենց էր ախ քաշում, որ ասես ջիգյարը պոկ ա գալու: Րեխի սիրած շունը, որ տեսնում էր, թե հոտոտելով դեսուդեն ա գնում, ասում էր Ղաթար, Վանու՞ն ես մանգալի, ըստի չի, քե մատաղ, էն ա՝ օխտը սարի քմակին, ասում էր ու լաց ըլում: Նախիրը որ հանդումը եդանում էր, հորթերը բռանչում ին, ասում էր. — ջա՛ն յարաբ իմ րեխեն էլ ձեզ նման անսեր մնացած բռանչո՞ւմ ա, ու ձենը լսող չկա... Եփ որ մտնում էր էս բախչեն հու տեսնում ծառերը տանձ ու խնձորով լիքը, ասում էրձեր աչքը քոռանա, էդ ո՛ւր եք ըդենց կանանչ-կարմիր լցվել, ճռնքոտել (ծանրաբեռնվել), ախր որ Վանին ըստի չի՞, խի՞ չեք չորանում, վեր թափում: Խուլասա (վերջապես) ես որ մինն ասեմ: Շատ վախտ էլ ականջներս ծածկում ի հու փախչում, ինչ ա խեղճի լացն ու արտասուքը չտեսնեմ: Գիտո՞ւմ եք, ծնող ըլիլը հեշտ բան չի. րեխի տեր պտի ըլեք, որ էս ցավը քաշեք հո: Իմանաք, թե ինչ դժար բան ա: Ամա դե ես էլի դիմանում ի. րեսանց րևցնում չի, հլա Սավգյուլին էլ սիրտ ի տալի, ասում ի, աղջի, ըտենց վրվթալ (մրմնջալ) մի: Էս ա՝ րեխան հուսումը կպրծնի կգա. էնչախը ուրախութինդ տասնապատիկ կըլի: Ղորթ ա, հմի նեղութին ես քաշում, ամա դե էն վախտը, որ տեսնես, թե քու տղեն գեղի միջումը մին հատ ա, ու դիփունանք նրա զուլումն են (ծառայությունում) կանգնած, տեսնես, որ սրանց էլ հերերն ու մերերը նրա արևովս են երգում ուտում, սիրտդ կփառավորվի, քաշած ցավերդ կմոռանաս...: Խեղճ կնիկը, ղորթ ա, էս խոսքերով մին օր հանգստանում էր, ամա էլ էգսը իրա ցավն իրա հետ էր:

Վրա էրկու ամառն էր գնում, որ մենք մեր օրերը ըսենց դժվարութինով անց ինք կացնում: Մին օր վանքումը Օսեփ հայր սուրբին տեսա: Հա՛, մոռացիլ ի ասեմ ձեզ, թե էն օրից, որ Վանին տարել ի Թիֆլիս, հայր սուրբն իրա ոտը մեր տանից կտրացրել էր: Չուն լսել էր, որ Սավգյուլն ասել ա թե՝ «իմ րեխին էդ սևագլուխը ղարիբութին գցեց, էլ իմ աչքը դրան տեսնա ոչ»: Խեղճն էն ա՝ սրա հմար էլ մեր տուն չէր գալի: Էդ օրը, վանքում պտահեցի, ասեցի. «Հայր սուրբ, մատաղ ըլիմ կարգիդ, ախր մեր տանեցին ինձ դինջութին (հանգստություն) չի տալի, կարում չի դիմանա: Չի՞ ըլի, որ Վանուն էլ եդ բերել տանք»: Ասեց՝ ա Սաք, խելքդ կորցրե՞լ ես, բա րեխեն անջախ (հազիվ) ա հուսումի վրեն տաքացել, բերում ես, որ ինչ անես, չոբան պիտի շինես: Ասեցի բա ո՞նց անենք, որ մոր սիրտը դիմանում չի: Ասեց, հեր օրհնած, դե էն ա՝ տարին իրեք ամիս պռազնիկ ա. խի չեք էն վախտը բերել տալի: Ես էլ, ի՞նչ մեղքս ծածկեմ, պռազնիկի բանը սկի լսել չի: Ասեցի, հայր սուրբ, պռազնիկը ի՞նչ բան ա: Ասեց՝ ըսենց, ըսենց, ըսենց: Վա՛յ, աստծու խեր խաբարը քե, ասեցի, հայր սուրբ, բա էդ խի՞ մինչև հմի ասել չե՞ս: Դե շուտ մի գիր գրի մեր կնքավորենց տղին, որ րեխին ղրկի: Էս որ ասում եմ, մայիսի միջումն էր: Էն ա հայր սուրբը, աստոծ հոգին լուսավորի, գիրը գրեց ու մի քսան օրից ետը րեխան էկավ:

Դե հմի դուք ըստեղ պտի ըլեիք, որ տեսնիք թե՝ մերը ոնց էր գնում տղի առաջը: Ըսկի մոռանալ չեմ: Իրիկվան չախըն (դեմն) էր. նախիրը նոր էր հանդիցը էկել: Սավգյուլը կովկիթը ձեռին՝ Սոնա անումով մի սիրուն կով ունինք, նրա առաջը չոքած՝ կթում էր: Հենց որ չլսեց, որ րեխան գալիս ա, կովկիթը ձեռեն վեր գցեց, ու գժի նման վազ տվավ:

Սավգյուլ, Սավգյուլ, աղջի, էդ ո՞ւր ես վազ տալիս, րեխեն հլա հեռու ա, — կանչեցի եդիցը, ամա լսեց ոչ: Աղջի, կացի, ես էլ գամ, մենակ գնալ մի, բղավում ի եդիցը. ամա Սավգյուլի ականջումը որ թոփ էլ տրաքեր, լսելու չէր: Ճարս կտրեց, ես էլ վեր կացա ու եդիցը վազեցի: Գեղրցիք, բանից բեխաբար (անգիտակ), կտրներիցը յա էյվաններիցը մտիկ են տալի մեզ ու արմանում: Հենց գիտում են թե՝ կնիկս պելացել (գժվել), տանիցս փախչում ա, ու ես էլ եդիցը վազում եմ, որ բռնեմ: Էդ սհաթումն հով էր կանգնելու, թե ինչ ա, նրանց բան հասկացնի: Ինչկլի մին վերստաչափ ըսենց իրար եդից վազ տվինք: Հենց էն ա, էլի (հասարակաց) ճամփին հասուհաս ինք, որ թումբի եդիցը րեխան րևաց: Սավգյուլը, որ ինչ կըլի էն՝ ղուշի նման թռչում էր, հու ես եդիցը կարում չի հասնեմ, հմի որ րեխին տեսավ ոչ, ասես տեղն ու տեղը մեխվեց. «Վանի ջան, բալա ջան, դու եկա՞ր, մայամ (ուրեմն) ես քե տենա՞լ պտի...» ասեց ու ծնկները թուլացած ճամփի միջումը չոքեց: Րեխան ձիի վրիցը թռավ, վազ տվավ, մոր ճտովն ընկավ: Էլ հով կաա պատմիլ, թե ինչ էր անում ըստեղ մերը տղին: «Վանի ջան, բալա ջան» էր ասում ու գլխիցն ինչկլի ոտը պաչում, լիզլիզատում, թողնում չէր, որ դոշիցը պուկ գա, թե ինչ ա, մի հատ էլ ես խտտեմ (գրկեմ), էրեսիցը պաչեմ, որ սիրտս հովանա... Ուզում էր... ասես, սիրտն էն մնութին (րոպեին) ճղի ու րեխեն միջումը դնի, լա չէ, աչքի լիսերն հանի, որ Վանու ոտի տակը գցի... Ի՞նչ երկարացնեմ, էս թահրով րեխին վեր կալանք, եկանք տուն:

Ծերունին լռեց: Ապա ձեռքը դեպի ճակատը տանելող նորեն գլխակապը հանեց, ճաղատ գլուխը շոյեց և կրկին շարունակեց.

Հմի դուք կասեք, էս հալևորը ինչ ա ըսենց էրկեն բարակ խոսում, մենք ուզեցինք, որ Նոյի ագռավի բանն իմանանք, սա իրա տղի պատմությունն ա կցել:

Չէ, պատմիր, մենք սիրով լսում ենք, — ապահովացրի ես ծերունուն:

Հա, ինչկլի հմի պատմեցի թե՝ ծնողն ի՞նչ ցավ ու կրակի մեջ ա ըլում, եփ իրա րեխին ղարիբութին ա ղրկում: Հմի էլ մի ուրիշ ցավ պատմեմ: — Քիչ առաջ, եփ ընկերդ ասեց՝ տունդ խի չշինեցիր, կըլի, որ փող չունիր. ասեցի՝ ինչի չունի, փող էնքան ունեի, որ մինը չէ, էրկու ատամ էլ կշինի, թե որ ուզի: Սրանով ուզում ի ասեմ թե՝ ես հարուստ եմ: Ամա դե գեղական հարստութինն ի՞նչ ա: Մին հազար, յա էրկու հազար մանեթ որ ունենում ա, յա չէ մի քսան, էրսուն գլուխ տավար, մին պուճուր իլխի (ջոկ) ձի, մին քանի ուլախ (գրաստ), էն ա ասում էն, թե մեծ դովլաթի (հարստության) տեր ա: Ես էլ ըտենց հարուստ ի: Եփ Օսեփ հայր սուրբն ասեց՝ փողդ խարջի րեխին հուսում տու, ես հենց գիտացի թե՝ իմ նաղդ (կանխիկ) փողը բավական կըլի դրան: Ասեցի՝ էն լավ ա՝ իմ Վանին հուսումնական ըլի, քանզ ես հազար, յա էրկու հազար մանեթի տեր: Փողը նրա գլխին մատաղ, իմ բաղն ու բախչեն, իմ տունն ու ջրաղացը, իմ տավարն ու ձիանը, որ ինձ մնան, էն էլ ինձ հերիք ա: Ամա դե որ փողի ճնդիցը կցեցի ոչ խարջի՞լըհեշտ բան չգիտաք գեղականի հմար տարին իրեք հարյուր մանեթ գիմյազը փող ղրկի, — էն ա տեսա, որ օխտը տարվա մեջ էլած փողս ձեռքես դուրս էկավ ու ես մնացի դարդակ: Էդ տարին Վանին գիմնազը պրծել էր: Գրեց, թե, ա՛, հեր, ինձ պտիս օգնես, որ գնամ ունիվերս: Էս բանը ինձ փիքրի մեջ գցեց, ընդուր որ տեսնում ի, թե օրս փիս տեղ ա մթնում: Գնացի վանահոր մոտ խորհուրդի: Հայր սուրբ, ասեցի, ախր, ձեռիս փողը դուրս էկավ, րեխեն էլ գրում ա թե ինձ ունիվերս ղրկի: Ես ի՞նչ անեմ: Ուզում եմ Վանին բերել տամ. բոլ ա (բավական է) որքան հուսում առավ: Հայր սուրբը, հախ աստծու (ճիշտն ասած) իմ ղոլը (կողմը) խոսաց: ( Ա Սաք, ասեց, թե որ փող չունես, գիմնազի հուսումն էլ ա բավական, գրի թող գա: Էն ա, ես էլ գրեցի: Ամա դե Վանին թարսի ձին նստեց, էլ վեր չէկավ (հակառակվեց): «Ա հեր, գրում ա ինձ, դու մի բաղ ես տնկել, պահել, բջարել (մշակել), ծառերը հասցրել, մին ջուր տվել ես, մնացել ա մեկելը, որ բաղը հասնի, պտուղը քաղես: Հմի դու էդ ջուրը բեվախտ (անժամանակ) կտրում ես, պտուղը խակ թողնում, էդ աստոծ վեր չունի: Իմ ընկերները դիփ գնացին, որը Մոսկվա, որը Պետըրպոլկ, մենակ ես եմ մնացել ձեռս ծոցումս, գլուխս քաշ: Եկ էդ բանը դու մի անիլ, իմ վիզը մի կտրիլ...»: Դե, ձեզ եմ հարցնում, մի հեր, որ իրա մինուճար րեխիցը ըսենց նամակ ստանա, ինչ կանի:

Իհարկե, բոլոր էլած-չէլածը կծախե, նրան կուղարկե, — արագ պատասխանեց Պետրոսը:

Հա, ապրես, ես էլ ըդենց արի: Ինչ որ ջեբումս, յա սանդուխումս վաղ էր մնացել, էն հվաքեցի, ղրկեցի Վանուն, ասեցի, որդի, էս քե՝ ճնապարի խարջլուխ, գնա, աստոծ քե հետ. հուսումի ու ապրուստի փողն էլ կղրկեմ: Սրանից եդը՝ հորենական մի թթի բաղ ունինք, էն ծախեցի քաչալ Մոսու տղի վրեն ութ հարյուր մանեթի ու փողը յավաշ-յավաշ ղըրկեցի Վանուն: Էդ հերիք չարավ: Եդո մեր էս ջրի վրա մի ջաղաց ունինք, կըլի որ տեսած ըլիք:

Այո՛, տեսել ենք, — հաստատեցի ես:

Հա, էն ջաղացը ծախեցի խոջա Մարութի վրեն չորս հարյուր մանեթի ու փողն էլ ղրկեցի Վանուն: Սա էլ իմ քոռ բախտիցը, ունիվերսի մի կլասումը իրար վրա, էրկու տարի մնաց: Գրում էր թե, միթոմ, վարժապետները փախլութին են արել (նախանձել էին), որ ինքն ընենց լավ կարդում ա ու ջըգրու մին տարի ավելին պահել էն կլասումը: Ամա դե, ուրիշներն էլ ասել ին մեր կնքավորենց տղին թե Վանին մի նախշուն աղջկա սեր ա տվել, եդիցն ընկել, դեսուդեն շուռ եկել, ու դրա համար ա կլասումը մնացել: Սուտն ու ղորթը աստոծ ա իմանում, անջախ էս կա, որ էդ մին տարվա խաթրին ջաղացի փողը քոռ ու փուչ էլավ (ոչնչացավ): Էն ա ջլիզ (բոլորովին) դայամիշ ի ըլել (հոգնել էի), գնացի հայր սուրբի մոտ, ասեցի, ա վարդապետ, ախր էլ դիմանալու ուժ չունեմ, ինչ անեմ: Ասեց, ա՛ Սաք, շատին դիմացել ես, քչին էլ դիմաց, ձիանդ ծախե, եզներդ ծախհ, փող հասցրու: Դու սկի վախիլ մի, տղադ որ եդ դառնա, իրա սովորած թահրովը լավ բաղ էլ ա տնկելու, նոր ղայդի (տեսակի) ջաղաց էլ ա շինելու, եզներդ ու ձիանըդ էլ ա շատացնելու: Ուսում առած տղան որ կա, Նոյի աղավնին ա, որ ձիթենու շիվը բերանումն եդ ա գալիս ու բախտավորութենի խաբարը բերում ծնողին: Ինչ երկարացնեմ, հայր սուրբի խոսքերը սիրտ տվին ինձ, ես էլ կցեցի առաջ ձիաներիցս, վերջը եզներիցս մի-մի ծախել ու փող ղրկել Վանին: Էն ա վերջին տարին էր. ամառը Վանին ամեն բան պտի վերջացներ ու եդ գար գեղը: Խոսք չկա, որ ես էլ օրեր եմ հմբարում (համարում) թե՝ եփ ա րեխեն եդ գալու, որ համ էս դժար հոգսիցը մեզ ազատի, համ էլ իրեն տենանք ու կարոտնիս առնենք:

Մին էլ էս ա մին գիր եմ ստանում թե՝ ա հեր, հուսումս վերջացրել պրծել եմ, ամա ըստեղ պարտք ունիմ, բաց չեն թողնում ինձ, որդիան որ ա, մին երկու հարյուր մանեթ հասցրու, որ էս պարտքը թափեմ ու գամ: Ղորթ ա, պարտքի անումը որ լսեցի սիրտս շատ կոտրվեց, ամա դե ասեցի դյուշան աղլամազ» (ընկնողը լաց չի լինիլ), թող էս մինն էլ յոլա տանենք: Գնացի խոջա Մարութից էրկու հարիր մանեթ պարտք արի, թումանին մի աբասի շահով (24%) ու մին ամիս ժամանակով: Էդ փողն էլ ղրկեցի Վանուն: Մտքումս էլ ասըմ ի թե, էս ա րեխես կգա, համ էս պարտքը կտա, համ էլ իրա ծռացրած բաները կդրստի: Հենց գիտում ի թե՝ Վանին որ իրա հուսումովը գեղ մտնի, էն ա փողը երկնքիցը վեր ա թափվիլու:

Անց կացավ մին ամիս, էրկու ամիս, Վանուցը խաբար չկա: Մեծ փքրի մեջ ընկա: Յարաբ էս ի՞նչ էավ. Վանին որդի մնաց, չըլի մի քամբախտութին պատահեց, յա չէ Պետըրպոլկումը բռնեցին րեխիս, չուն ըսենց բաներ շատ ի լսել: Մի խոսքով` սիրտս ճաքում էր:

Մին էլ էս ա մի օր Վանիցը գիր եմ ստանում, գրում ա թե՝ ա հեր, աչքդ լիս ըլի, էկել եմ Թիֆլիս ու մի սիրուն աղջըկա հետ պսակվում եմ, հալի հալբաթ (անպատճառ) քո ու նանի օրհնությունը ղուշի թևովը հասցրու ինձ:

Ոնց որ մարդու գլխին մի թոփ տրաքի, ընենց էս խաբարը տրաքեց իմ գլխին ու ինձ շշմեցրեց: Սաղ մին քանի օր ես, կնիկս ջլիզ պելացել, ընկել ինք ըստեղերք, ոչ արածներս ինք իմանում, ոչ չարածներս: Շատ մտածելուց ու փիքր անելուց եդը՝ վեր եմ կենում գրում տղիս թե` «ա որդի, ախր հլա քո ինչ պսակվելու վախտն ա, հլա նոր ես հուսումդ վերջացրել, մին եկ քե տենենք, մեր կարոտն առնենք, մեր ցավերիցը խոսանք ախր քու աբովն (հուսով) էլած չէլած ծախել, պարտքի տակ եմ ընկել, եկ իմ ցավին մի ճար արա, էլ եդ գնա պսակվիր»:

Հմի դուք փիքր կանեք թե՝ գեղացին իրա տղին պսակում ա տասնհինգ, յա չէ տասնվեց տարումը, էս խի Սաքի ապերը ուզում չէր, որ իրա քսանչորս տարեկան տղեն պսակվի: Դրա մանին, դրուստն ասած, մին էն էր, որ ես Թիֆլիսի աղջըկերանցից վախում ի. չուն դրանցից շատ բաներ ի լսել: Մտածում ի թե չըլի՞ տղիս գլխից հանեն ու մին քոռ ու քաչալ զատ գլխին կապեն: Ջահելը, հո գիտա՞ք, քոռ կըլի. ասում ի ընենց ըլի որ մինուճար տղիս անբախտ չանեն, մին էլ էն էր, որ գիտում ի Վանին Թիֆլիսում պսակվելուց եդը էլ մեզ մոտ չի գալու, վաթանն (հայրենիքն) էլ ա մտքիցը գցելու, հոր տունն էլ: Էս ցավին, գիտա՞ք, դմանալ չէր ըլիլ:

Իմ գրին տղես պատասխանում ա թե՝ ա հեր, էս աղջըկանը Պետրպոլկից եմ սեր տվել, ինչկլի հեդը չպսակվեմ կարալ չեմ գեղը գալ, հալի հալբաթ քու օրհնութինը ղրկի:

«Գրում եմ, ա՛ որդի, ախր մին ասես էլ ա՛ էդ ինչ աղջիկ ա: Ինչ ազգի որդի ա. հա՞յ ա, ռո՞ւս ա, ջհո՞ւդ ա: Ախր, ես ոնց իմ օրհնութինը ղրկեմ էն հարսին, որի էրեսը տեհել չեմ, ձենը լսել չեմ»: Գրում ա թե՝ — ա հեր, խի՞ ես էդ բանը հարցնում. ես հո թուրքի, յա ջհուդի աղջիկ չեմ ուզելու: Գիտում չե՞ս, որ ուզածս քրիստոնի աղջիկ կըլի: Ամա մի երկու օր եդը մեր կնքավորենց տղեն գրում ա (չուն նրան էլ ի հարցրել), թե՝ ասիլ չես, Վանին պսակվում ա մի գյուրջու (վրացու) աղջկա հետ...:

Հմի ձեզ եմ հարցնում, մին հեր, որ էս բանը լսի ինչ կանի: Հը՞: Ամա ո՞ւր եմ հարցնում, դուք ի՞նչ գիտաք: Էն ա կցեցի գլխիս վայ տալն ու ախ ու վաշ անիլը: Ամա դե էլ ո՞ւր կհասներ: Բանը բանից անցել էր:

Ուրեմն քո օրհնությունը չուղարկեցի՞ր, — հարցրի ես:

Չէ, չղարկեցի: Ամա ինքը առանց դրան էլ պսակվել պրծել էր: Եդո էլ ինձ վրա ուռած, փքված գրում ա թե՝ «ա՛ հեր, դու որ քու օրհնութինը ինձ չղարկեցիր ու էս իշխան մարդկանց միջումն ինձ խայտառակեցիր, էլ հորես դենը ես քու որդին չեմ»:

Հետո դու ի՞նչ պատասխանեցիր:

Ոչինչ: Մենակ էն արի, որ նրա գիրը վեր կալա, գնացի վանքը: Էն վախտը Օսեփ հայր սուրբը մեռել էր: Գնացի նրա գերեզմանի ռաջին չոքեցի, քարը համբուրեցի ու լաց ըլելով ասեցի — «Օսեփ հայր սուրբ, լուս դառնաս դու հողովդ ու քարովդ, ախր դու ինձ ասացիր, որ իմ Վանին Նոյի աղավնին ա, էս ա ձիթենու շիվը բերանում եդ ա գալու, որ բախտավորութենի խաբարը բերի ինձ. բա խի՞ ըտենց չիլավ...ախր Վանին հմի նոյի ագռավն ա դառել, ջամդաքի վրա նստել ա՝ ու էլ եդ չի գալի. սրա ճարն ի՞նչ կըլի...»:

Ծերունին լռեց, կարծես այլևս չկամենալով խոսել:

Բայց Պետրոսը, որ ըստ երևույթին, չէր նկատում ծերունու հուզմունքը, հարցրեց.

Վերջը ինչպե՞ս եղավ, տղադ պսակվելուց հետո գյուղը չեկա՞վ:

Եկավ հինգ տարուց ետը, կնիկն էլ բերավ, մի երեք էլ գյուրջու ճտեր հետը:

Հետո՞:

Հետո էլ ինչ. մի տասն օր մնաց, սաքի (որպես թե) մեր խաթրը առնիլու հմար ու էլ եդ գնաց:

Բաս ըսկի չհարցրիր, թե ինչու է այդ աղջկա հետ պսակվել:

Հարցրի: Ասեց սրա հերը ընտի մեծ ղուլուղում (պաշտոնի մեջ) ա, պսակվեցի որ ինձ էլ կռան տակը քաշի ու մենծ մարդկանց ջարգը (շարքը) գցի:

Այնուամենայնիվ, դու քո նպատակին հասել ես, տղիդ բարձր ուսում ես տվել՝ ու Թիֆլիսի նման քաղաքում հայտնի մարդկանց շարքը գցել` այդ էլ մեծ բան է, — նկատեց ընկերս:

Ա քե մատաղ, բա ես իմ էլած-չելածը փչացրել, Վանին հուսում իմ տվել, որ նա Թիֆլիսի՞ն պետք գա. խի, Թիֆլիսումը նրա նմանները քիչ կան. յա չէ իմ սիրտը շա՞տ էր ցավում էդ բարբադի (քանդվածի) հմար... Ես իմ տղին հուսում եմ տվել, որ առաջ իմ օջախը շինի, իմ հանգած ճրագը վառի, իմ տունը հարս բերիլով՝ ինձ ու իմ պառավին ուրախացնի, եդն էլ իրա հուսումով էս խավար գեղը լուսավորի, մեր խեղճ ու հայվան շինականին կոռից, բեգառից ազատի... Թիֆլիսումը Վանին թող հենց երկնքից հրեշտակ վեր բերի, ինձ ի՞նչ... հրեն, որ երկրում, որ լուսավոր, յա չէ փանգ ու փիլով (հնարագետ) մարդ կա, հենց դպա Թիֆլիս ա վազ տալի, դուք մեր էս խեղճ գեղի դարդը քաշեցեք, որ ոչ տեր ունի, ոչ սրտացավ...:

Следующая страница