Մուրացան՝   Պսակների բողոքը

Pages: First Previous 1 2 Next Last

ՊՍԱԿՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ

(ԶԱՎԵՇՏ)

Ա

Սրբազանը դեռ նոր էր զարթնել քնից, երբ առաջանորդարանի ծառան ներս գալով՝ հայտնեց սենեկապան սպասավորին թե Մայր եկեղեցու լուսարարը վաղուց սպասում է դռանը սրբազանին տեսնելու համար:

Ի՞նչ ունի լուսարարը սրբազանի հետ, — հարցրեց սենեկապետը մի առանձին արհամարհանքով:

Չգիտեմ, ասում է թե գաղտնիք ունի սրբազանին հաղորդելու:

( Գաղտնի՞ք:

Այո:

Այդ հետաքրքրական է, կանչիր նրան այստեղ, — հրամայեց սենեկապետը, ընդունելով որ քահանաներից մինը անպատճառ դավադրություն է սարքել սրբազանի դեմ:

Մի քանի րոպեից ներս մտավ լուսարարը:

Սա մի նիհար, միջին հասակով, համակրելի դեմքով և քաղցր նայվածքով երիտասարդ էր: Տարիքը կլիներ մոտ երեսուն: Եվ որովհետև սարկավագի աստիճան ուներ, ուստի հագած էր երկար պարեգոտ, որ նրա դալկահար ու մորուսով ծածկված դեմքին տալիս էր բարեպաշտ հավատավորի կերպարանք:

Ի՞նչ ունիս սրբազանի հետ, որ այսպես վաղ կամենում ես անհանգստացնել նրան, — հարցրեց սենեկապանը՝ դիտելով լուսարարին մի բարձրահոն նայվածքով:

Շատ կարևոր հաղորդելիք, — պատասխանեց վերջինս:

Այսինքն:

Այսինքն այնպիսի մի բան, որ միայն սրբազան Հորը կարող եմ հայտնել:

Այդ միևնույն է. առաջ կարող ես ինձ հայտնել, — նկատեց սենեկապանը այնպիսի մի եղանակով, որից կարելի էր ենթադրել թե որքան իրավունքներ է վայելում նա առաջնորդարանում:

Չեմ կարող:

Ինչպե՞ս թե չես կարող, — հարցրեց սենեկապանը՝ զարմանալով լուսարարի հանդգնության վրա:

Ասում եմ, որ չեմ կարող, մի՞թե հասկանալի լեզվով չեմ խոսում. — նկատեց լուսարարը, այս անգամ արդեն վրդովվելով:

Սենեկապետը առաջին անգամն էր տեսնում մի խնդրարկու, որ համարձակվում է սրբազանին հայտնելիք գաղտնիքը իրանից ծածկել: Նա սովոր էր նայել առաջնորդի մոտ եկող ամեն մի խնդրարկուի վրա ինչպես յուր հարկատու հպատակի, որը նախ յուր առաջ պիտի խոնարհեր, յուր բարեհաճությունը պիտի վաստակեր (քաղցր խոսքերով լիներ այդ, թե քաղցրագույն նվերներով) և ապա թե սրբազանի մոտ մտներ:

Եվ արդարև, չէ՞ որ սրբազանի սենեկապան լինել նշանակում է՝ առաջնորդարանի տեր լինել: Որին որ կուզե թույլ կտա ներս մտնել, որին չի ուզիլ՝ կասե սրբազանը չէ կամենում ձեզ ընդունել: Շատ համառողին՝ կառարկե թե առաջնորդը հիվանդ է, կամ թե՝ ներսում պաշտոնական անձանց խորհուրդ կա, որն ուշ գիշերին կվերջանա և այլն և այլն:

Այս է ահա պատճառը, որ բոլոր խնդրարկուները, նամանավանդ սրբազանից կախում ունեցող հոգևորկանները, մեծ ակնածությամբ են նայում սենեկապան Հակոյի վրա, քաջ գիտենալով, որ սրբազանը նրան լսում է սիրով, հետևապես և հաճախ այդ սպասավորի կամքից է կախված թե ինչ տրամադրությամբ կընդունե առաջնորդը այս կամ այն խնդրատուին:

Եվ որովհետև Հակոն միշտ պատրաստ ունի ձեռին երկու տեսակ ծանուցումն, որոնցից մեկովը տրամադրում է սրբազանին բարեհաճ աչքով նայել եկողի վրա, իսկ մյուսովն` ընդհակառակը, ուստի ամեն ոք աշխատում է չգրգռել Հակոյի զայրույթը, որպեսզի արժանանա առաջին տեսակի ծանուցման:

Լուսարարը, սակայն անզգույշ գտնվեցավ:

Թողնելով նրան դահլիճում, սենակապանը մտավ սրբազանի մոտ, որն այդ րոպեին լվացվում էր, և յուր երկրորդ տեսակի ծանուցումն արավ:

Մայր եկեղեցու լուսարարը, սրբազան, առավոտվանից եկել դուռը կտրել է, ասում է սրբազանին պիտի տեսնեմ: Ասում եմ՝ դեռ նոր է վեր կենում, գնա մի ժամից արի, ասում է՝ չէ, ես հենց հիմի պիտի տեսնեմ, ասա թող ընդունի, չեմ կարող սպասել:

Եո′ , — բացականչեց սրբազանը էջմիածնական տոնով:

( Հապա՞, չեմ իմանում խմած է, թե գժված:

( Այ տղա, զգույշ կաց, այդպիսի մարդկանց մի ընդունիր:

Ինչ անեմ, սրբազան, ասում է առաջնորդի մոտ եմ եկել, դու ինչ իրավունք ունես, որ չընդունես:

Ե՞ս:

Հապա՞:

Ուրեմն հարբած է:

Կարծեմ:

Այդպես վա՞ղ:

Շատ փչացածն է երևում:

Սրբազանը իր լվացումը վերջացրեց և սպասավորի օգնությամբ հագնվելով՝ հրամայեց թեյ տանել ընդունարանը: Ապա ինքն ևս ուղղվելով այդտեղ կարգադրեց կանչել լուսարարին:

Երբ վերջինս ներս մտավ, սրբազանն արդեն նստած էր բազմոցի վրա:

Հա, ի՞նչ ունիս, — հարցրեց նա լուսարարին, երբ սա խորը գլուխ տալով կանգնեց դռան առաջ:

Սրբազան հայր, եկա ձեզ խնդրելու, որ իրավունք տաք ինձ՝ հանել մեր եկեղեցու վերնատանը գտնվող մետաղյա պսակները և փշրել այնոք:

Ի՞նչ, — աչքերը մեծ բանալով հարցրեց առաջնորդը:

Պսակներն եմ ասում, սրբազան, այն, որ ննջեցյալների տերերը տալիս են մեզ՝ եկեղեցու վերնատանը կախելու համար:

Իրավունք տա՞մ որ հանես ու փշրե՞ս:

Այո, սրբազան հայր:

Ինչո՞ւ:

Որովհետև նրանք պղծում են եկեղեցին:

Ինչե՞ր ես խոսում, այ տղա:

Այդպես է, սրբազան հայր, այդ իրենք պսակներն են ասում:

Պսակնե՞րը:

Այո, պսակները, որոնք ամեն օր կրկնում են այդ խնդիրը բողոքելով:

Սրբազանը ոչինչ չպատասխանեց, այլ աչքերը մեծ բանալով նայեց աջ ու ձախ և ապա ուժգին հնչակը քաշեց: Ներս մտավ սենեկապանը:

Թուղթ ու գրիչ բեր, — հրամայեց նա կամացուկ:

Հակոն հեռացավ:

Ծրար էլ, — կանչեց ետևից սրբազանը:

Մի քանի րոպեից սպասավորը վերադարձավ գրության վերաբերյալ նյութերը ձեռին, զորս և դրեց սրբազանի առաջ:

Վերջինս շտապով ու երկյուղալից գրեց մի համառոտ նամակ, դրեց ծրարի մեջ և հասցեն գրելով՝ դարձավ լուսարարին:

Լավ ես ասում, որդի, պետք է այդ պսակները հանել եկեղեցուց և փշրտել: Բայց ամեն իր այդտեղ ցուցակագրված է երեցփոխական մատյանում, իսկ այդ մատյանները քննում են ժողովրդից ընտրված հաշվատեսները: Դրանցից մինը, ինչպես գիտես, բժիշկ Մալուխյանն է: Տար նրան այս նամակը, որով ես արդեն տվել եմ իմ համաձայնությունը, եթե նա ևս կհամաձայնվի, այն ժամանակ հանիր պսակները և փշրտիր:

Իսկ դուք չե՞ք կամենում հարցնել թե ինչու համար եմ ես այդ հրամանը խնդրում ձեզանից, — հարցրեց լուսարարը վիրավորված ձայնով:

Ի՞նչ հարկավոր է, որդի, ես արդեն գիտեմ պատճառը. դու գնա Մալուխյանի մոտ և հարկ եղածը նրան բացատրիրԱյս ասելով սրբազանը շտապով վեր կացավ տեղից և, կարծես, այցելուի ետևից փախչելով՝ ուղղվեցավ դեպի առանձնարանը, հրամայելով Հակոյին հետևել իրեն:

Երբ վերջինս մոտեցավ, նա շշնջալով ասաց.

Այ տղա, դուրս տար դրան այստեղից շուտով:

Ի՞նչ կա, սրբազան, ի՞նչ իմացար, — հետաքրքրվեց Հակոն:

Դուրս տար, ասում եմ, ապուշ, ինչ մասլահաթի ժամանակ է, — բարկացավ սրբազանը և ներս մտնելով առանձնարանը՝ դուռը ետևից փակեց:

Հակոն վերադարձավ, վերցրեց սեղանի վրա դրված ծրարը, հանձնեց լուսարարին և դահլիճի դուռը բանալով՝ հրավիրեց վերջինիս ելնել ընդունարանից:

Լուսարարը շուռ եկավ մեքենայաբար և մտամոլոր դուրս գնաց առաջնորդարանից:

Տո հիմար, ո՞ւր ես այն խելագարին ներս բերել այստեղ, — հարցրեց սրբազանը սենեկապանին, երբ վերջինս ներս եկավ սարկավագի գալստյան պատճառն իմանալու:

Խելագարի՞ն. մի՞թե նա խելագար է, սրբազան:

Իհարկե, ինչպե՞ս է որ չես իմացել:

Ինչպե՞ս իմանայի, սրբազան:

Ինչպե՞ս պիտի իմանայիր, ապուշ, չէիր տեսնում որ աչքերը խառնված, մազերը գզգզված, պինչերը լայնացած...

Այդպես բաներ ես չեմ նկատել:

Իհարկե, չէիր նկատիլ, քանի որ դու եկողի դեմքին չես նայում, այլ գրպանին:

Սրբազան

Դե, լավ, մի երկարացնիլ: Ասա տեսնեմ, դուրս անել տվիր գժին, թե` ոչ:

Բոլորովին:

Պատվիրիր որ բակի դուռը փակեն, նա կարող է վերադառնալ: Դռնապանին զգուշացրու, որ ներս չթողնե այդպիսիներին, — հրամայեց սրբազանը և Հակոն դուրս գնաց այդ պատվերը ևս կատարելու:

Լուսարարը, սակայն, իր քայլերն ուղղեց դեպի Մալուխյանի տունը, և, չնայելով, որ գուշակում էր թե սրբազանի նամակը յուր պատիվը շոշափող հաղորդագրություն է պարունակում, այնուամենայնիվ, նա հանգիստ սրտով քաշեց բժշկի տան հնչակը, երբ հասավ նրա մուտքին:

Դուռը բացող ծառան հայտնեց, որ բժիշկը տանն է, ուստի լուսարարը գոհությամբ բարձրանալով սանդուղքներից, մտավ ծառայի ցույց տված ընդունարանը և նստեց մետաքսապատ աթոռներից մինի վրա:

Տասը րոպեից ետ՝ ներս մտավ բժիշկը:

Լուսարարը տեղից բարձրանալով ողջունեց բժշկին խոնարհությամբ և ծոցից հանելով սրբազանի նամակը, տվավ նրան:

( Այս ումի՞ց է, հարցրեց բժիշկը:

Առաջնորդից, — եղավ պատասխանը:

Բժիշկը բացավ ծրարը, կարդաց, ապա նամակը դնելով սեղանի վրա, մոտեցավ լուսարարին:

Դուք հիվա՞նդ եք, — հարցրեց նա մի առանձին հոգածությամբ:

Ոչ, — պատասխանեց լուսարարը:

Բարի, բայց և այնպես, մի որևէ թուլություն չե՞ք զգում:

Ոչ մի թուլություն:

Եվ ոչ էլ ջղային անհանգստությո՞ւն ունիք:

( Ես բոլորովին առողջ եմ, պարոն բժիշկ:

Հըմ... հասկանում եմ. իսկ գիշերները հանգի՞ստ եք քնում:

Բոլորովին հանգիստ:

Բարի, բարի... — Այս ասելով բժիշկը ավելի մոտեցավ լուսարարին և նրա երեսը դեպի լույսը դարձնելով սկսեց ուշադրությամբ աչքերը քննել, տեսնելու համար թե՝ խառնված չե՞ն նրանք, կամ բիբերից մինը մեծ և մյուսը փոքր չէ՞:

Սակայն լուսարարի աչքերը, ինչպես միշտ, պարզ էին ու փայլուն, իսկ բիբերի մեծությունը իրար հավասար:

Հանեցեք ձեր լեզուն և ուղիղ կախեցեք դեպի վայր, — հրամայեց բժիշկը:

Լուսարարը, որ մինչև այդ խոնարհությամբ տեղի էր տալիս բժշկի քննության, այս անգամ արդեն կանգ առավ.

Ի՞նչի համար է այդ քննությունը, պարոն բժիշկ, — հարցրեց նա:

Իսկույն կասեմ, սիրելիս, իսկույն, հանեցեք ձեր լեզուն:

Լուսարարը հանեց լեզուն և ուղիղ ձևով կախեց դեպի վայր:

Բժիշկը տեսավ, որ հակառակ յուր սպասածին, լուսարարը չէ ծռում լեզուն ոչ աջ և ոչ ձախ կողմը, այլ պահում է ուղիղ դիրքում:

«Այստեղ մի թյուրիմացություն կա»… մտածեց ինքն իրեն բժիշկը և որոշեց մի ուրիշ փորձ անել, — Հապա, սիրելիս, փակեցեք ձեր աչքերը և սենյակի այս կողմից անցեք մյուսը ուղիղ գծով:

Բայց պ. բժիշկ, բացատրեցեք խնդրում եմ, ինչի համար են այս բաները:

Ասացի որ կբացատրեմ, դուք դեռ արեք ինչ որ ասում եմ:

Լուսարարը ժպտաց և առանց հասկանալու թե ինչի համար է ինքը այս տարօրինակ քննություններին ենթարկվում, փակեց աչքերը և ուղիղ ու հաստատ քայլերով գնաց ցույց տված տեղից մինչև մյուսը:

Բժիշկը տեսավ, որ նա չշեղեց ճանապարհը, կամ, ինչպես սպասում էր, չդողաց, և ոչ էլ ջղաձգական ոստյուն արավ:

«Չեմ հասկանում, այս մարդը առողջ է, ինչի համար են ինձ մոտ ուղակել», հարցրեց բժիշկն ինքն իրան և որոշեց մի վերջին փորձ ևս անել. — Հապա, հանեցեք ձեր պարեգոտը, դարձավ նա լուսարարին:

Վերջինս այս անգամ չընդդիմացավ:

Այս ներքնազգեստն ևս:

Լուսարարը այն էլ հանեց:

Ապա բժիշկը մոտենալով՝ սկսավ իր բութ մատով ակոսել հիվանդի ողնաշարը:

Այստեղ ցավո՞ւմ է, — հարցրեց նա ցույց տալով ողնաշարի վերին մասը:

Ոչ, — եղավ սարկավագի պատասխանը:

Իսկ այստե՞ղ:

Ոչ էլ այդտեղ:

Հագնվեցեք, — ասաց բժիշկը և սկսավ անցուդարձ անել սենյակում:

Երբ սարկավագը հագնվեցավ, բժիշկը ետ եկավ և նստեց յուր բազկաթոռի վրա: Ապա հրավիրելով լուսարարին յուր մոտ, ասաց,

Նստեցեք և պատմեցեք ինձ ձեր կյանքից մի բան:

Ի՞մ կյանքից:

Այո:

Օրինակ, ի՞նչ:

Օրինակ թե՝ որտեղ եք ծնվել, ինչ ծնողներ եք ունեցել, ինչպես եք ուսում առել...

Բայց պ. բժիշկ, ասացեք վերջապես, ինչի՞ համար են այդ քննությունները: Չէ՞ որ ես գործով եմ եկել այստեղ և շուտ էլ պիտի վերադառնամ:

Բարի, ես դրա դեմ ոչինչ չունեմ: Բայց դուք պատմեցեք մի փոքր:

Ինչի՞ համար պատմեմ:

Հենց այնպես:

(Տեր աստված, ոչինչ չեմ հասկանում:

Վնաս չունի, պատմեցեք: Բժշկի խնդիրքը չեն մերժիլ:

Շատ բարի, կպատմեմ, բայց մի պայմանով:

Այսինքն:

Առաջ կարդացեք ինձ սրբազանի նամակը. ես կամենում եմ իմանալ թե՝ ի՞նչ է գրել ձեզ:

Սրբազանի նամակըձեր ինչին է պետք. մասնավոր գործի համար է:

Ոչ, պ. բժիշկ, ես նրան այսօր մի առաջարկություն եմ արել, և նա կարծեց թե՝ խելագարվել եմ: Այդ պատճառով ինձ ղրկել է այստեղ, որ դուք քննեք ինձ, այնպես չէ՞:

Բժիշկը նայեց լուսարարի վրա և ակամա ժպտաց.

Այդ ճշմարիտ է: Եվ եթե այդքանն արդեն դուք գուշակել եք:

Կնշանակե խելագար չեմ, այնպես չէ՞:

Ոչ, այդ չէի ուզում ասել... Բայց միևնույն է: Դուք ինձ այն ասացեք, ի՞նչ առաջարկություն եք արել սրբազանին:

Ես նրան առաջարկեցի թույլ տալ ինձ վերցնել մեր եկեղեցու վերնատանը պահվող բոլոր պսակները և ջախջախել: Նա ինձ չմերժեց այդ, բայց ասաց թե՝ ձեզանից ևս պիտի իրավունք առնե: Եվ այժմ ես եկել եմ դրա համար, իսկ դուք ինձ քննում եք իբրև խելագարի:

Բայց դուք ինչի՞ համար եք կամենում պսակները փշրել:

Նրա համար, որ նրանք պղծում են եկեղեցին:

Ինչպե՞ս թե պղծում են:

Այնպես էլի, նրանք իրենք վկայում են, որ իրանց գոյությունը այդ եկեղեցում նախատինք է տաճարի սրբության համար:

Այսինքն դուք ինքներդ եք ասում, թե՞ պսակները:

Իհարկե, պսակները:

Նրանք, ուրեմն, խոսո՞ւմ են:

Փառավորապես:

Եվ դուք լսո՞ւմ եք նրանց:

Այնպես պարզ, ինչպես որ այժմ լսում եմ ձեզ:

Ինչպե՞ս եք լսում, հապա պատմեցեք: — ասաց բժիշկը, ինքն իր մեջ ուրախանալով, որ ահա վերջապես հաջողվեց իրեն մի բան պատմել տալ հիվանդին, որը եթե պատմության թելը կորցնե, կամ դեպքերի հետևությունը կխառնե իրար, կնշանակե թե, ինքը հարկ եղած ուշադրությունը կդարձնե նրա հայտնած տարօրինակ նորության վրա:

Եթե այդ հարցը սրբազանն արած լիներ, պ. բժիշկ, այն՝ ժամանակ, երևի, ստիպված էլ չէր լինի, ինձ, իբրև խելագարի, ուղարկել ձեզ մոտ: Բայց չարավ: Նրանց զբաղեցնում է միայն խնդրի արտաքինը և այդ պատճառով էլ իրանց որոշումները կապ չեն ունենում ներքինի հետ: Ինչ որ է, ես հոժարությամբ կպատմեմ ձեզ այս դեպքը, հուսալով որ դուք, իբրև բժիշկ և հոգեբան, ավելի լավ կըմբռնեք ինձ և կբացատրեք թե ինչ է նշանակում այս: Միայն թե նախ իրավունք տվեք ինձ ծանոթացնել ձեզ մի փոքր իմ անցյալի հետ:

Խնդրեմ, խնդրեմ, ես սիրով կլսեմ ձեզ:

Ես, պարոն բժիշկ, աղքատ ծնողների զավակ էի, ուստի հազիվ կարողացա թեմական դպրոցի ուսումն ավարտել:

Եվ որովհետև դիտավորություն ունեի քահանայանալ, այդ պատճառով պաշտոն ստանձնեցի եկեղեցում և սարկավագություն ստացա: Բայց քահանայանալս ուշացավ, որովհետև քահանայացնողն ինձ չի սիրում: Բացի այդ, սրբազանի առաջ հարգ վայելող պաշտպան էլ չունեմ, որ բարեխոսե իմ մասին: Այսուամենայնիվ, ես չեմ վհատում, հուսալով, թե մի օր՝ իմ արժանիքը, գուցե, միջնորդե իմ մասին....

Բայց այդ թողնենք: Այժմ այն ասեմ, պ. բժիշկ որ ես հաց աշխատելու համար չէ, որ քահանայանում եմ, այլ նրա համար, որ այդ պաշտոնը գրավում է ինձ և որ դրանով եկեղեցուն, հետևապես և ժողովրդին լավապես ծառայելու կոչումն եմ զգում իմ մեջ: Որ այդ իմ հոգվո բնական հակումն է, ապացույց՝ որ ես առաջին ու միակ մարդն եմ, որին գրավում ու զբաղեցնում է եկեղեցին այնպես, ինչպես ուրիշներին՝ աշխարհային զվարճությունները: Մինչդեռ իմ ընկերները հազիվ հասնում են ժամերգության և օրհնեալ եղերուքը չլսած՝ թողնում են եկեղեցին, ես, ընդհակառակը, դեռ ժամերգությունը չսկսած՝ ժամ առաջ արդեն այդտեղ եմ և զբաղված գործով, այսինքն նայում եմ տաճարի կարգավորության, մաքրել եմ տալիս փոշիները, ուղղում աշտանակներն ու պատկերները, կարգի բերում եկեղեցական սպասները, պատրաստում մոմերը, դպիրների շապիկները, քահանաների փիլոնները և այլն: Իսկ ժամասացությունիցն ետ դարձյալ մի ժամաչափ մնում եմ այնտեղ, նորից ամեն բան յուր տեղը դնում և ապա թե դուրս գալիս եկեղեցուց: Ինչ տոներին է վերաբերում, այն ժամանակ հո օրվա մեծ մասն անցնում եմ տաճարում, որովհետև, ավելի գործ եմ ունենում կատարելու: Իսկ լուր օրերը, հենց որ ազատ ժամանակ եմ գտնում, դարձյալ մտնում եմ եկեղեցի և նստելով այդտեղ, կարդում եմ հայսմավուրք կամ ավետարան: Միով բանիվ ինձ դրսում ոչինչ չէ գրվում, մինչդեռ եկեղեցում շատ բան եմ գտնում իմ մտքին ու հոգուն կերակուր տալու համար: Ուրիշ բան եմ զգում՝ օրինակ, երբ սուրբ գիրքը կարդում եմ տանը, և բոլորովին ուրիշ բան, երբ այն կարդում եմ եկեղեցում: Այն ժամանակ ես ինձ չեմ տեսնում երկրի վրա, այլ մի ինչ-որ բարձր ու վեհ աշխարհում, ուր մարդկայինն ու ապականելին անհետանում են իմ աչքերից: Այն ժամանակ զգում եմ, որ եկեղեցու օդն անգամ տոգորված է սրբությամբ, ես այն շնչում եմ ավելի լիքը կրծքով, մի ներքին, հոգեկան բերկրությամբ...

Ինչն է այս ամենի պատճառը, չգիտեմ: Մայրս պատմում էր, թե ինձնով հղի եղած ժամանակ, վեց ամիս շարունակ անց է կացրել մեր վանքերից մինում, ուր հայրս, իբրև որմնադիր, նորոգում է եղել եկեղեցու փլած տանիքը: Իսկ ինքը բոլոր այդ ժամանակ ծառայել է տաճարին: Գուցե այս, է պատճառը, որ ես այժմ սիրում եմ եկեղեցին...

Անշուշտ, այդ մի ժառանգական բարեպաշտություն է, — հաստատեց բժիշկը:

Եթե այդպես է, ուրեմն ավելի լավ. կնշանակե դեպի աստծո տունն ունեցած իմ սերը անցողական չէ: Եվ այդ հենց երևում է նրանից, որ ես սիրում եմ եկեղեցին թե այն ժամանակ, երբ նա հոծ ու լի է աղոթողների բազմությամբ, երբ դպիրները երգում, քահանաները կարդում կամ քարոզում են, երբ պատարագի ժամանակ քշոցները շաչում և բուրվառը խնկարկում է, երբ մարդկանց բազմությունը մի վայրկյան աշխարհը մոռանալով՝ հոգվով սլանում են դիպի վեր... և թե այն ժամանակ, երբ եկեղեցին դատարկվում է աղոթողներից և մնում ինքն յուր սրբության, յուր պատկերների և սպասների հետ:

Այսպիսի վերաբերումն ունենալով դեպի եկեղեցին, ես միշտ, պ. բժիշկ, հանգիստ սրտով եմ ներս ու դուրս արել այդտեղ: Երբեք մի երկյուղ, կամ թաքուն զգացմունք չէ խռովել հոգիս, ինչպես այդ պատահում է շատերի հետ: Իմ ընկերներից մինը, օրինակ, ասում էր թե՝ եկեղեցին ժողովրդից թափուր եղած ժամանակ, երկյուղ է ազդում իրան, իսկ մի ուրիշը կարծում էր, որ եթե գիշերը պատահմամբ մնա եկեղեցում, երկյուղից կարող է մեռնել: Այդպիսի բաներ ինձ հետ չեն պատահել: Ես հաճախ սուրբ գիրքը կարդալուց՝ հոգնել ու քնել եմ եկեղեցում, օրը անցել ու գիշերը վրա է հասել: Եվ երբ զարթնելով տեսել եմ ինձ տաճարում, դուրս եմ եկել այդտեղից հանգիստ սրտով, առանց որևէ երկյուղ զգալու:

Բայց ահա քանի օր է ինչ մի տարօրինակ դեպք անհանգստացնում է ինձ: Այդ առթիվ էր, որ ես սրբազանի մոտ գնացի, բայց նա չկամեցավ ինձ լսել և ուղարկեց ձեզ մոտ: Այժմ դուք լսեցեք և ասացեք ճի՞շտ է այն կարծիքը, որ ես կազմել եմ իմ մասին թե ոչ...

Ի՞նչ կարծիք:

Այն թե եկեղեցու սրբության ոգին կամենում է իմ միջոցով խոսել ժողովրդի հետ և հայտնել նրան ճշմարտություններ, որոնց անծանոթ է նա մինչև այսօր:

«Ահա, եղջյուրներն երևում են»... մտածեց ինքն իրան բժիշկը և ապա լուսարարին դառնալով ասաց. — Խոսեցեք, ես այդ կասեմ, երբ մինչև վերջը կլսեմ ձեզ:

Բարի, — հարեց, սարկավագը և դիրքը աթոռի վրա ուղղելուց ետ՝ շարունակեց. — Եթե ես սիրում եմ եկեղեցին, պ. բժիշկ, բնական է, որ սիրեմ, նաև, եկեղեցական փառավոր հանդեսները, շքեղ թափորները, փայլուն հուղարկավորությունները, այնպե՞ս է թե ոչ:

Անշուշտ:

Էհ, պիտի իմանաք, որ ես, իսկապես, ամենից ավելի սիրում եմ վերջինը, այն է՝ հուղարկավորությունը, որովհետև նրա շարժառիթը սովորական լինելով հանդերձ, միևնույն ժամանակ և շատ խորհրդավոր է: Հանկարծ մի մարդ, որ երեկ ապրում էր մեզ հետ, որ տեսնում էր աստծո լույսը և շնչում երկրի օդն այնպես, ինչպես մյուս բոլոր մարդիկ, որ ուներ զգացումներ՝ վշտի և ուրախության համար և տենչանքներ լավագույնին տիրելու, որ եռանդով մաքառում էր հակառակորդի դեմ, կամ աննահանջ կռվում մի ափ գետին ավելի ստանալու հույսով, այսօր անսպաս թողնում է անխոս ու անտրտունջ հեռանում է աշխարհից՝ նրա գոյությունը բացասելով, հեռանում է մեզանից՝ մեր ձգտումները ծաղրելով:

Այս կետը մտածել է տալիս մեզ, այնպես չէ՞, և այս առթիվ երկար կարելի էր խոսել, բայց ես չեմ կամենում մտադրյալ նյութից հեռանալ

Հըմ... Ուրեմն սխալվում ենք. — մտածեց դարձյալ բժիշկը և ուշադրությունը լարեց:

Այո, չեմ կամենում հեռանալ, որովհետև խնդիրը կապ ունի միայն հուղարկավորության հետ, ուստի նրա վերաբերմամբ էլ պիտի խոսեմ:

Մեզ մոտ, հո գիտե՞ք, ինչպես փառավոր են թաղում: Այս բազմամարդ ու բազմացեղ քաղաքում միայն հայոց հուղարկավորություններն են, որոնք գրավում են առանձին ուշադրություն: Ես շատ օտարազգիներից եմ գովեստներ լսել դրանց արտաքին փայլի ու շուքի մասին: Զվարճախոսներից մինը, մինչև անգամ, ասում էր մի օր թե՝ «անկարելի է, որ հայոց մեռելների հարությունը հասարակ ձևով կատարվի, երևի երկնային ոգիները նույնպիսի հանդեսներով կհարուցանեն նրանց, որպիսի հանդեսներով որ թաղված են»: Սա, իհարկե, կատակ է: Բայց ես պիտի խոստովանեմ, որ չափազանց շատ եմ սիրում այդ հանդեսները: Եվ որքան այնոնք ավելի շքեղ ու փառավոր են լինում, այնքան ավելի ինձ հիացումն ու հափշտակություն են պատճառում: Հուղարկավորության հանդեսի մեջ ամենից ավելի ինձ գրավում է այն դիակառքը, որ ծածկված է լինում պսակներով: Օհ, այդ պսակները, հանգուցյալների այդ տխրաշուք արդուզարդերը միակ սիրածս շքեղություններն են աշխարհում... Այդ բազմերանգ ծաղկահյուսերը, իրենց մեծագին ժապավեններով, իրենց ոսկետառ և հաճախ սրտաշարժ մակագրություններով ոչ միայն գեղեցկին սիրահար աչքերս են պարարում, այլ սիրտս լցնում են մի թաքուն, միայն ինձ հասկանալի երկյուղածությամբ: Ինձ թվում է, թե դրանք պատկերացնում են ընդհատված կյանքի օղակները, որոնք իրարից տարաբաժան, անկարող են այլևս միանալ: Դրան միևնույն ժամանակ ամփոփում են իրանց մեջ՝ հանգուցյալի կորուստը ողբացող սիրելիների արտասուքը, փոխակերպելով այնոնց վարդի ու հասմիկի, հակինթի կամ շուշան ծաղկի: Եվ իրավ, եթե արտասուքները կերպարանափոխվին ինչ կարող են դառնալ, եթե ոչ ծաղիկներ, ակնապարար գույներով, անուշ բուրումներով...

Եվ ահա այս էր պատճառը, որ ես, առհասարակ, մեծ հաճությամբ էի ընդունում ու եկեղեցում պահում այն գեղարվեստական պսակները, որոնք հայտնի ննջեցյալների վրա դրած լինելու պատճառով՝ վերջինների տերերը բերում և հանձնում էին եկեղեցուն, խնդրելով՝ կախել այնոնք վերնատանը, իբրև հիշատակ թանկագին հանգուցյալի:

Եվ այդ պսակները եկեղեցում զետեղելով՝ ես հոգում էի նրանց մասին մի առանձին քնքշությամբ, աշխատելով, որ դրանք երբեք չփոշոտին, կամ կոպտությամբ շոշափվելով՝ ծաղիկներից չզրկվին:

Դուք գուցե հարցնեք, թե ինչու այդ աստիճան հոգածությամբ էի վերաբերվում նրանց. — պատճառն այն էր, որ ինձ թվում էր թե՝ այդ պսակները եթե շունչ չունին, գեթ, զգացմունք ունին և կարող են վշտանալ՝ եթե փոշու շերտերը նրանց փայլուն տեսքը ծածկեն կամ կոպիտ ձեռքեր իրանց գեղեցկությունն ավրեն: Այդ զգացմունքն, իհարկե ապրում էր ոչ թե նրանց՝ այլ իմ մեջ: Որովհետև ես ընդունում էի (և իրոք էլ այդպես է), թե այդ պսակների մեջ միաժամանակ մարմնանում ու միավորվում են երկու հարգելի և կարի թանկագին կատարելություններմինը՝ առաքինության կամ հանճարի արժանիքը, մյուսն՝ այդ արժանյաց կորստի համար զգացված վիշտը: Ամենքը գիտեն, որ քանի դեռ առաքինին կամ հանճարը շրջում են կենդանիների մեջ, նրանց արժանիքը, մեծ մասամբ, մնում է անհայտ, երբեմն իրանց համեստության, իսկ հաճախ՝ նախանձոտների չկամության պատճառով: Բայց նրանց մեռնելուց ետ, երբ կրքերը լռում են (որովհետև հանգչողի հետ բաժանելու այլևս ոչինչ չեն ունենում), այն ժամանակ, ահա, երևան են գալիս մեռնողի արժանիքը մեծագրող մարդիկ և արտահայտում են իրանց վիշտը հրապարակով:

Ահա այդ գնահատված արժանիքը և նրա կորստյան համար արտահայտվող վշտերն են, որոնք միանալով՝ կազմում են մի մարմին և դառնում պսակ: Ինչպես որ դուք չեք կարող առանց խղճահարության պատառել կամ ոտնահարել հանճարեղ նկարչի մի գեղեցիկ ստեծագործությունը, որքան էլ նա անշունչ մի առարկա լինի, և եթե անեք՝ կզգաք, որ հանճարի արդյունքը բողոքում է ձեր բարբարոսության դեմ, այնպես էլ ես չէի կարող ակնածությամբ չվերաբերվել այն ծաղկահյուս պսակներին, որոնք, ինչպես ասացի, մարմնացնում էին իրանց մեջ մեռնողի արժանիքը և մնացողի վշտերը:

Հաճախ ես միայնակ այդ պսակների առաջ կանգնած խոսում էի նրանց հետ: Դուք, իհարկե, զարմանում եք, թե ինչ կարող էի խոսել անշունչ առարկաների հետ: Իրավունք ունիք: Բայց, ասացեք խնդրեմ, դուք չե՞ք գտնվել երբեք այնպիսի դրության մեջ, որ ցանկանալով ցանկանայիք հասու լինել ձեր հետաքրքրությունից խուսափող մի որևէ ճշմարտության: Եվ տեսնելով, որ այդ նպատակին չեք կարող հասնիլ եթե դիմեք մարդկանց օգնության (որոնք միայն ստել գիտեն և կեղծել), սրտանց փափագել եք, որ լեզու ստանային այն անշունչ առարկաները, որոնք ինչ-ինչ պատճառով առնչություն են ունեցել որոնածդ ճշմարտության հետ և այնոնք ցույց տային ձեզ, նրա թաքստյան տեղը:

Օ՛, ես շատ անգամ եմ այդպիսի դրությունների մեջ գտնվելՉնայելով տարիքիս, որ մեծ չէ, այսուամենայնիվ ես աշխարհում ապրել եմ բավական երկար: Եվ մինչև անգամ վշտեր եմ կրել, որոնց պատմությունը, իհարկե, մեր զրույցին չի վերաբերում: Այսքանը միայն կասեմ, որ ինձ համար, առհասարակ, սովորական բան է եղել՝ դիմել անշունչ առարկաներին, երբ ցանկացածս ճշմարտությունը իզուր եմ որոնել մարդ արարածի մոտ:

Այսպես, ահա, երբ եկեղեցում մի բան կարգավորելու ժամանակ անցնում էի ես հիշյալ պսակների մոտով և տեսնում նրանց գեղապաճույճ տեսքն ու հարուստ ժապավենների ոսկեգիր մակագրությունները, գլխումս հանկարծ ծագում էին հարցեր, որոնց լուծումը կամենում էի ստանալ իսկույն: Ուստի և կանգ առնելով՝ խոսում էի պսակների հետ:

Բայց ի՞նչ էի խոսում. — ահա, մի սիրուն պսակ, որ շինված է մրտենու կանաչ ոստերից և զարդարված, հասմիկի ու նարնջածաղկի փնջերով: Նրա լայնադրոշ ժապավենի վրա գրված է այսպիսի մի մակագրություն՝ Անկեղծ ու ազնիվ բարեկամին՝ վշտահար Ա. Ե.-ից:

Ես կարդում եմ այդ մակագրությունը և ինքս ինձ մտածում այստեղ գրված են միայն չորս բառեր: Բայց որքան զգացմունքներ են պարունակում նրանք: Եթե մինը լիներ և մեզ այդ մտքերը բացատրեր, կամ այդ զգացմունքների պատմությունը աներ, դրանով նա որքան խրատական, կամ որպիսի գորովաշարժ պատկերներ կբանար մեր առաջ... Այսպես մտածելով՝ ես դառնում էի պսակին:

Ասա, ով անշունչ իր, դու, որ առաջին անգամ գրկեցիր քո տիրոջ դիակն, արդյոք ճանաչեցի՞ր նրան, իմացա՞ր որ աշխարհում նա եղել է մարդկանց անկեղծ ու ազնիվ բարեկամը: Արդյոք ոգիները չպատմեցի՞ն քեզ նրա անցյալը, կամ շշնջացին ականջիդ թե՝ ինչ մեծ պատվի արժանացար, որովհետև քո ծաղիկները չէին, որոնք զարդարեցին հանգուցյալին, այլ նա ինքն էր, որ շոգ տվավ քո գոյությանը: Զի դու հյուսած ես այն նյութերից, որոնց բնությունն առատորեն սփռում է ամեն տեղ և զորս ամեն ձեռք կարող է ժողովել ու փնջել, մինչդեռ անկեղծ ու ազնիվ բարեկամներ որոնք աշխարհից հեռանալով՝ վշտահար թողնեին սրտերը, չկան, ամեն տեղ նրանք հազվագյուտ են խիստ: Եթե չես իմացել այդ բոլորը, գեթ այժմ գիտցիր այն, որ այդպիսի անձի դագաղը գրկելուդ համար է, որ արժանացել ես դու սրբարանում կախվելու:

Այս եղանակով էլ դառնում էի մի ուրիշին, որ հյուսած էր սպիտակ վարդերից և եզերված ձյունափայլ շուշաններով և որ յուր կերպասե ժապավենի վրա ուներ այսպիսի մակագրություն,

«Անկաշառ, հրապարակախոսին,
ճշմարտության դրոշի տակ

Ազնվաբար մարտնչողին»:

Այսպիսի մակագրությունն ինձ արդեն հիացնում էր, ես կարդում էի այն մի քանի անգամ և ոգևորված բացականչում. — «Դեհ, խոսիր, ով պսակ, պատմիր կյանքն այն մեծ մարդու, որին չհրապուրեցին աշխարհի գանձերը, որ ճշմարտության դրոշակը ձեռքին կռվեց տկարի իրավունքի համար, զրկվածին պաշտպանեց...հալածվածին պատսպարեց... Ասա, ճանաչեցի՞ր դու նրան, հպարտացա՞ր արդյոք, երբ հանգչեցրին ճշմարտության զինվորի սուրբ նշխարների վրա. կամ ինչպես պատահեց որ լեզու չստացար և օրհներգ չերգեցիր նրա հանգստյան համար...»:

Այսպես, պարոն բժիշկ, ես խոսում էի մերթ այս և մերթ այն պսակի հետ, նայելով թե նրանցից որն էր ավելի շատ իմ ուշադրությունը գրավում յուր արտաքին տեսքով, կամ մակագրության խորիմաստությամբ:

Բայց ահա թե այդ առթիվ ինչ պատահեց ինձ մի քանի օր առաջ: Հենց նոր առավոտյան ժամերգությունը ավարտել և քահանաները դուրս էին գնացել, որ ես մոտեցա իմ սիրելի պսակներին, որոնց մի շաբաթ էր ինչ չէի նայել և սկսա փուքսով նրանց փոշին մաքրել: Ապա ժապավենները մի-մի թափ տալով ու կարգավորելով՝ նորեն մի քանիսի մակագրությունները կարդացի, նորեն գլխումս մի քանի հարցեր ծագեցին, մի քանի նոր մտքեր պտտվեցին և ես նրանցից ամեն մինին մի որոշ լուծումն տալով՝ ընդնմին և պսակների հետ խոսակցելով՝ գործս ավարտեցի և եկեղեցու դասը վերադարձա:

Այստեղ նստելով ավագերեցի աթոռակի վրա, ցանկացա մի փոքր հանգստանալ: Շատ ժամանակ անցավ թե քիչ, չեմ հիշում, մեկ էլ հանկարծ լսեցի, որ մի քանի մարդիկ միաձայն ետևիցս բացականչեցին.

Խեղճ մարդ, մի՞թե հավատում ես:

Վեր եմ թռչում իսկույն և ետ նայում իմանալու համար, թե ովքե՞ր են խոսողները: Տեսնում եմ ոչ ոք չկա, եկեղեցին դատարկ է այնպես, ինչպես որ առաջ: Այսուամենայնիվ, ես չեմ հավատում աչքերիս և սկսում եմ նայել սյուների ետևը, կարծելով թե այդտեղ մարդիկ են պահված: Ապա խոնարհելով նայում եմ առաջնորդական բազմոցի տակը:

Ումն ես որոնում, մենք այստեղ ենք, — գոչում են նույն ձայները:

Ես նորից վեր եմ թռչում և եկեղեցու մեջ արձանացած նայում այս ու այն կողմը: Նայում եմ երկար, ոչ ոք չէ երևում: Այդ մարդիկը երևի խորանում են, մտածում եմ ինքս ինձ և երկյուղագին մտնում նախ՝ մեկ և ապա մյուս խորանը, և սակայն ոչ մեկի մեջ ոչ ոքի չեմ պատահում:

Մենք այստեղ ենք, ո՛վ բարի մարդ. — նորեն հնչում են ձայները, բայց այս անգամ ավելի տխուր, մելամաղձոտ եղանակով:

Բայց ո՞վքեր եք դուք վերջապես, — գոչում եմ ես բարձրաձայն և եկեղեցու կամարները արձագանք են տալիս իմ հարցին: Այդ արձագանքն արդեն սարսուռ է ազդում վրաս: Պատասխան չառնելով՝ ես պատրաստվում եմ փախչել: Բայց հանկարծ, ո՛վ հրաշք, տեսնում եմ առաջիս կանգնած է մի շարժուն ցանկապատ, որ ամբողջապես կազմված է այն բոլոր պսակներից, որոնք գտնվում էին եկեղեցվո վերնատանը և որոնց փոշիները սրբել էի ես մի ժամ առաջ:

Այդ մենք ենք խոսում, բարի լուսարար, մի՞թե մեր ձայնը անծանոթ է քեզ, — ասում են պսակները միաբերան և ժապավենները շարժելով՝ ծածանում օդի մեջ:

Next page
Pages: First Previous 1 2 Next Last