Մուրացան՝   Ռուզան

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last

ՌՈԻԶԱՆ. — Ես հավատում եմ իմ հոր առ իս ունեցած սիրույն, ուստի և իմ ապագայի վերաբերմամբ նրա փորձառությունն ու հեռատեսությունն ավելի գին ունի իմ աչքում, քան իմ անփորձ զգացմունքները... Թող որ այս խնդրի մասին վերջինը լինի մեր տեսակցությունը: (Վայելչաբար գլուխ տալով՝ շուռ է գալիս դեպի դուռը):

ՀԱՄՏՈԻՆ. — Օրիորդ, դարձյալ մի խոսք:

ՌՈԻԶԱՆ. — (կես դեպի ետ դառնալով) Ազնիվ իշխան, ես բոլորը ասացի:

(Դուրս է գնում):

ՏԵՍԻԼ ԺԵ

Համտուն, հետո Պապաք

ՀԱՄՏՈԻՆ. — (միայնակ և զայրացած) Ի՞նչ, ուրեմն, նա ինձ մերժում է. նա, մինչև անգամ, չէ կամենում ինձ լսե՞լ... այս արդեն չափազանց է. ստորանալ մինչև այս աստիճան... (Դառնալով Պապաքին, որ այդ րոպեին մտնում է): Պապաք իշխան, նա ինձ մերժեց, ես անպատված եմ:

ՊԱՊԱՔ. — Հանգիստ եղիր. ես բոլորը լսեցի. նա չմերժեց քեզ:

ՀԱՄՏՈԻՆ. — (շփոթված) Ինչպե՞ս, ուրեմն ես... ի՞նչ, շփոթված էի... կամ գուցե լավ չլսեցի... բայց նա բացեիբաց մերժեց:

ՊԱՊԱՔ. — Ո՛չ, նա մերժման համար ոչ մի խոսք չասաց, այլ առարկեց թե ինքն յուր հոր հլու հպատակն է, այդ կնշանակե թե՝ հայրս հրամայում է ինձ Ներսեհին գնալ, գնում եմ, կհրամայե քե՞զ հետ ամուսնանալ, քեզ հետ կամուսնանամ: Հասկացա՞ր:

ՀԱՄՏՈԻՆ. — (բարկանալով) է՛հ, ի՛նչ ես դու քեզանից ենթադրություններ անում:

ՊԱՊԱՔ. — Ենթադրություն չէ, այլ իսկություն: Օրիորդը քեզ հետ համակրությամբ խոսեց. նա, մինչև անգամ, շեշտեց թե` հոր հրամանը գերադասում է յուր զգացմունքներին, հասկանո՞ւմ ես. այդ կնշանակե թե՝ նա զգացմունքներ էլ ունի քեզ համար, բայց, իբրև պարկեշտ աղջիկ, ծածկում է յուր հորից: Նա ասաց թե՝ ինքն իրավունք չունի ինքնակամ յուր բախտը տնօրինելու և թե այդ դեպքում` հնազանդում է հոր հրամանին` ինչպես երկնառաք պատգամի:

ՀԱՄՏՈԻՆ. — Այո, այդպիսի մի բան ասաց:

ՊԱՊԱՔ. — Իհարկե, ասաց. դու հուզված էիր և ամեն բան չլսեցիր: Երբ մարդու կիրքն ելնում է՝ ականջներն այլևս չեն ծառայում նրան: Դու չպետք է քեզ այդպես շուտ կորցնեիր:

ՀԱՄՏՈԻՆ. — Օ՛, այդ աղջկա հայացքը կշփոթեցնե ամենից սառնարյուն մարդուն: Յոթանասնամյա ծերունին, անգամ, կկորցնե նրա առաջ յուր փորձառու իմաստությունը:

ՊԱՊԱՔ. — Եվ, ահա՛, հենց այդպիսի գանձը չպետք է ձեռքից հանել:

ՀԱՄՏՈԻՆ. — (հառաչելով) Ավա՛ղ, նա արդեն ելած է իմ ձեռքից:

ՊԱՊԱՔ. — Ո՛չ, ասում եմ քեզ. բոլոր նրա. խոսածներից ես ա՛յն հետևցրի թե՝ նա մի զոհ է կամակոր հոր ձեռքում. թե նա ճնշված է ծնողական հրամանի տակ. այս դեպքում, մինչև անգամ, պետք է կարեկցել և պաշտպանել նրան:

ՀԱՄՏՈԻՆ. — Բայց եթե դու սխալվո՞ւմ ես:

ՊԱՊԱՔ. — Չեմ սխալվում բոլորովին: Եթե օրիորդը քեզ չհամակրեր, ապա նա չէր գալ քեզ հետ տեսակցելու:

ՀԱՄՏՈԻՆ. — (մտախոհ) Այո՛, այդ ճիշտ է... բայց չէ՞ որ նա չկամեցավ մինչև վերջն ինձ լսել:

ՊԱՊԱՔ. — Նա վեր կացավ տեղից, հենց որ դու ասացիր թե` «սիրում եմ քեզ»:

ՀԱՄՏՈԻՆ. — Այո:

ՊԱՊԱՔ. — Եվ ավելացրեց թե՝ «ների՛ր, որ քո սիրո խոստովանությունը դողալով եմ լսում»:

ՀԱՄՏՈԻՆ. — Ճիշտ որ այդպես ասաց:

ՊԱՊԱՔ. — Եվ ապա բացատրեց թե դրա պատճառը յուր ընտանեկան կրթությունը և կանացի երկչոտությունն է...

ՀԱՄՏՈԻՆ. — Օ՛, ի՛նչ լավ հիշում ես: Իրավ որ այդ ամենը ես լսեցի:

ՊԱՊԱՔ. — Ուրեմն էլ ուրիշ ի՞նչ կարող էր ասել մի իշխանազուն օրիորդ, որ առաջին անգամն էր սիրո խոստովանություն լսում:

ՀԱՄՏՈԻՆ. — Եթե այդ բոլորը ճիշտ է, Պապաք իշխան, ուրեմն այս ամրոցից ես չեմ հեռանալ:

ՊԱՊԱՔ. — Այո՛, չի պիտի հեռանաս և պիտի պնդես քո իրավունքների վրա:

ՀԱՄՏՈԻՆ. — Կպնդեմ. և, եթե հարկ լինի՝ նույնիսկ կռվի կելնեմ Ներսեհ իշխանի դեմ: Թող կամ նա՛ ինձ ոչնչացնե, և կամ ե՛ս նրան: Մեզանից ով որ կենդանի կմնա, թող նա էլ ժառանգե այս գեղեցկուհուն:

ՊԱՊԱՔ. — Տո՛ւր ձեռդ սեղմեմ, այր մարդու վճիռ է:

ՀԱՄՏՈԻՆ. — (աջը պարզելով) Սեղմի՛ր և եղի՛ր իմ վկան:

Վարագույր

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Ջալալ իշխանի հանդիսավոր ընդունելության ընդարձակ և սյունազարդ դահլիճը` քանդակազարդ պատերով և առաստաղով, սրակամար պատուհաններով և ոսկեզօծ դռներով: Սյուների վրա կախված են հնատարազ զենքեր ու դրոշակներ, պատերի տակ շարված՝ թավշապատ բազմոցներ:

ՏԵՍԻԼ Ա

Ջալալ եվ Ռուզան

(Ներս մտնելովմիմյանց թևանցուկ. Ռուզան՝ թաշկինակն աչքերին)

ՋԱԼԱԼ. — Հանդարտի՛ր, զավակս, հանդարտի՛ր: Քեզ արդեն ասացի, որ ես մաս չունիմ այդ գործում: Համտունն այցելել է քեզ առանց իմ գիտության. նա օգուտ է քաղել իմ բացակայությունից:

ՌՈՒԶԱՆ. — Ինձ վշտացնողը, հայր իմ, Համտունի այցելությունը չէ, այլ այն լուրը, որ պտտվում է ամրոցի կանանց բերանում: Ամեն անկյունում այդ մասին են խոսում:

ՋԱԼԱԼ. — Այդ լուրը հնարված է. ես քո ձեռը չեմ մերժել Ներսեհին:

ՌՈՒԶԱՆ. — (խնդագին) Ինչպե՞ս, դու չես մերժել նրան... ո՛հ, ասա՛, հայր իմ. ես կամենում եմ նորից լսել այդ:

ՋԱԼԱԼ. — Այո՛, զավակս, չեմ մերժել և ոչ իսկ մերժել կարող էի. Ներսեհը վաղուց սահմանված է քեզ համար:

ՌՈԻԶԱՆ. — (ուրախացած) Ա՛հ, որքա՛ն բարի ես, հայր իմ... (Համբուրում է հոր ձեռքը): Բայց ինչո՞ւ Ներսեհն այլևս չէ հաճախում այստեղ, տասն օրեն ավելի է` ինչ չեմ տեսել նրան:

ՋԱԼԱԼ. — (նստելով աթոռի վրա և յուր մոտ նստեցնելով Ռուզանին) Լսի՛ր դուստրս և ամեն բան կիմանաս: (Ինքն իրեն): Պետք է վերջապես ծանոթացնել սրան բուն ճշմարտությանը: (Դառնալով Ռուզանին) Բավական ժամանակ է, սիրելի Ռուզանս, ինչ հրամանով, ո՛չ մի անախորժ լուր չէ թափանցել քո դստիկոնը սրտիդ խաղաղությունը վրդովելու համար: Թե ինչե՛ր էին անցնում իմ իշխանության մեջ, թե ի՛նչ հոգսեր էին կնճռում քո հոր ճակատը, թե ինչո՞ւ նա օրերով բացակայում էր ամրոցից, այս ամենի մասին չէր հայտնվում քեզ ոչինչ...

ՌՈԻԶԱՆ. — (հորն ընդհատելով) Ինչպե՛ս, հայր իմ, դու հոգսեր ու վշտեր ես ունեցել և ոչինչ չե՞ս հայտնել ինձ:

ՋԱԼԱԼ. — Այո՛, սիրելիս, որովհետև ճանաչում էի քո զգայուն սիրտը և չէի կամենում վշտացնել նրան:

ՌՈԻԶԱՆ. — Ա՛խ, հայր իմ, միթե կարելի է:

ՋԱԼԱԼ. — Այդպես էլ պետք էր, սիրելի զավակս: Քո մասնակցությունը չէր կարող իմ վշտերը բառնալ, ուրեմն և հարկ չկար տխրեցնել քեզ իզուր: Բայց այժմ որովհետև կամենում ես Ներսեհի բացակայության պատճառն իմանալ, ուստի ստիպված եմ ծանոթացնել քեզ այն հանգամանքներին, որոնց հետ կապ ունի Ներսեհի բացակայությունը:

ՌՈՒԶԱՆ. — Լսում եմ քեզ, սիրեցյալ հայր:

ՋԱԼԱԼ. — Այս դարը, որի մեջ ապրում ենք, սիրելի Ռուզանս, արտասուքի, արյան ու թշվառության դար է: Ինչպես Հայաստանի բոլոր մանր իշխանությունները, նույնպես և իմ երկիրը շրջապատված է թշնամիներով, դրանցից մինն ու վտանգավորը որ թաթարաց վայրենիների գունդն է, բռնած ուներ մինչև այժմ Խաչենի սահմանը և հարմար առիթի էր սպասում իմ երկիրը մտնելու և այն հիմնահատակ անելու: Իմ հպատակներն ամեն օր երկյուղի ու սարսափի մեջ էին, և նրանց իշխանը, որ քո դժբախտ հայրն է, չէր կարողանում զենքի զորությամբ ապահովություն բերել յուր հպատակներին: Նրանց գլխին կախված էր փորձության սուրը:

ՌՈԻԶԱՆ. — Աստվա՛ծ իմ... Եվ այդ ամենի մասին ոչինչ չե՞ք հայտնել ինձ:

ՋԱԼԱԼ. — Այո՛, Ռուզան. և ահա՛ այս էր պատճառը, որ երբ Ներսեհը քիչ ժամանակ առաջ եկավ ինձ մոտ ձեր ամուսնության նկատմամբ իմ վերջնական համաձայնությունն ստանալու, ես նրան ասացի. «Որդյակ իմ, քեզ հայտնի է իմ իշխանության ու ժողովրդի արդի անապահով դրությունը. դու գիտես, թե ի՞նչ վտանգ կարող է հասնել նրանց, եթե գեթ մի օր ինքս ինձ տամ անհոգ զվարճության: Իմ երկրի սահմանը բռնող թշնամին արծվի սրատեսություն և շան հոտառություն ունի. բավական է իմ կողմից փոքր զանցառություն և ահա՛ նրա գնդերը կբռնեն մեր բլուրները, իսկ ա՛յն երկիրն, ուր նրանց ոտքն է կոխում, կանաչ չի բուսուցանում: Իմ դստեր ամուսնությունը, ասացի, մի հասարակ հանդեսով չի անցնիլ. իսկ իշխանական տան վայել խրախճանով պարապելու ես ժամանակ չունիմ, համբերիր, ասացի, մի առ ժամանակ, մինչև իմ այս թշնամին յուր որջը կդառնա և իմ երկրի մեջ կտիրե ապահովություն. այն ժամանակ ես կօրհնեմ ձեր միությունը և մեր բոլոր ժողովուրդը կմասնակցի այդ ուրախության»:

ՌՈԻԶԱՆ. — Եվ Ներսեհն, իհարկե, խոստացավ համբերել:

ՋԱԼԱԼ. — Այո՛:

ՌՈԻԶԱՆ. — Իսկ այդ խոստումը մի՞թե կարող էր արգելել նրան ըստ սովորականին մեզ այցելելու:

ՋԱԼԱԼ. — Կարող էր արգիլել, եթե նա կերթար քո և յուր երջանկության խոչընդոտները բառնալու:

ՌՈԻԶԱՆ. — Ուրեմն նա գնացել է մեր թշնամու դե՞մ պատերազմ:

ՋԱԼԱԼ. — Այո՛, պատերազմ: Եվ աստծո աջը զորավիգ կլինի նրան:

ՌՈԻԶԱՆ. — Անշուշտ: Բայց ես զարմանում եմ, թե ինչու Ներսեհը մի խոսք անգամ չասաց այդ արշավանքի մասին, երբ վերջին անգամ եկավ յուր հրաժեշտն ինձ տալու:

ՋԱԼԱԼ. — Ազնիվ երիտասարդն ինձ ևս չհայտնեց ոչինչ: Բայց յուր ձեռնարկության լուրը մեր հետամուտները բերին:

ՌՈԻԶԱՆ. — Իսկ այդ ձեռնարկության ե՞լքը:

ՋԱԼԱԼ. — Առաջին հարձակումը հաջողակ է անցել: Ներսեհը գրավել է թշնամու դիրքը, իսկ այնուհետև նոր լուր դեռ չունիմ. այսօր անշուշտ մեզ սուրհանդակ կգա:

ՌՈԻԶԱՆ. — Եվ երանի՛, թե նա ուրախ լուր բերե:

ՋԱԼԱԼ. — (վերկենալով տեղից) Աստծո օգնությամբ ուրախ լուր կբերե: Միայն թե դու քեզ հանգիստ պահիր այժմ և ազատ եղիր ամեն հոգսերից: Ներսեհը, հույս ունիմ, կվերադառնա հաղթությամբ: Եվ որպեսզի հակառակորդները ժամանակ չունենան գործելու, ես քո ձեռը հանդիսաբար կհանձնեմ իշխանին, հե՛նց որ նա հաղթանակով մուտ կգործե այստեղ:

ՌՈԻԶԱՆ. — Ահ, շնորհակալ եմ, հայր իմ: (Համբուրում է ձեռը) Դու անսահման բարի ես դեպի քո դուստրը:

ՋԱԼԱԼ. — Կատարում եմ իմ պարտքը, որդյակ, միայն իմ պարտքը: (Դուրս է գնում):

ՏԵՍԻԼ Բ

Ռուզան (միայնակ)

Այժմ ամեն ինչ պարզ է ինձ համար: Այս լուրը հնարված էր: Ես այդ պիտի գուշակեի Համտունի անսպաս այցելությունից և զուր տեղը չանհանգստացնեի հորս, բայց չկարողացա: Ես հանցավոր չեմ: Երբ մարդ ունի այդպիսի գանձ, որի պահպանության համար դողում է ամեն վայրկյան, այն ժամանակ հողմի շունչն իսկ թունդ է հանում նրա սիրտը: Այ՛ո , այսպես է: Իմ աննման իշխանի սերը դարձրել է ինձ կասկածոտ... բայց, աստված իմ, այս ի՞նչ նորություն էր, որ հայրս հաղորդեց: Ուրեմն Ներսեհը կանգնած է այժմ թշնամու դեմ... կամ գուցե արդեն կռվում է նրա հետ... իսկ եթե հանկարծ մի նետ՝ ապիրատ ձեռքից արձակված՝ գա և զարկե նրա գեղալանջ կրծքին... եթե հանկարծ մի տեգ նրա կողը մեխվի, կամ մի դարանակալ սուր նրա արևը խավարե՞ ... Օ՛, այն ժամանակ... բայց ո՛չ. հեռո՛ւ ինձանից վեհերոտ

մտքեր. արդար գործին աստված ինքն է առաջնորդում. նրա աջը կպաշտպանե խաչի զինվորներին...

Բայց իմ հայրը, տեր աստված, որքա՜ն վշտերով, որպիսի՛ հոգսերով ծանրաբեռնված է եղել և այս ամենը ինչպե՛ս ծածկել է ինձանից... Եվ ինչո՛ւ, չեմ հասկանում, մի՞թե ես այս գերդաստանի անդամը չէի և չի պիտի գիտենայի թե` ինչե՞ր են գործվում իմ հոր իշխանության մեջ, իմ տանը, իմ շուրջը. ինչո՞ւ պիտի ծիծաղեի ես այն ժամանակ, երբ իմ հոր սիրտը արտասվում էր թաքուն... մի՞թե ես նրան չէի՞ կարող օգնել. մի՞թե ես ոչինչ չէի՞ կարող զոհել... (Լսվում է շշուկ և՛ գալարափողի ձայն, Ռուզանը դիմում է դեպի պատուհանը): Այս ի՞նչ ձայներ են...

ՏԵՍԻԼ Դ

Նույն եվ Շանույշ

ՇԱՆՈՒՅՇ. — (շտապով ներս վազելով) Տիրուհի՛, ուրախ լուր...

ՌՈՒԶԱՆ. — Ի՞նչ կա, Շանույշ, ի՞նչ աղմուկ է այս:

ՇԱՆՈՒՅՇ. — (ուրախությունից շնչասպառ.) Ներսեհ իշխանը, տիրուհի...

ՌՈՒԶԱՆ. — (շտապով ընդհատելով) Ի՞նչ, նա եկա՞վ... (Անհանգիստ): Ասա շուտ, նա եկա՞վ...

ՇԱՆՈՒՅՇ. — Այո՛, տիրուհի. փողերը նրա գալուստն են ավետում:

ՌՈԻԶԱՆ. — (խնդագին) Ա՛հ, աստված իմ. շնորհակալ եմ քեզանից, դու երջանկության նոր աղբյուր բացիր ինձ. (դառնալով Շանույշին): Բայց ո՞ւր է նա, Շանույշ, չէ՞ գալիս ինձ մոտ...

ՇԱՆՈԻՅՇ. — Ահա, նա, տիրուհի:

ՏԵՍԻԼ Դ

Ռուզան եվ Ներսեհ

(Ներս է մտնում Ներսեհը)

ՌՈԻԶԱՆ. — Ներսեհ, սիրեցյալդ իմ, այս որքա՛ն անհանգստություն պատճառեցիր ինձ:

ՆԵՐՍԵՀ. — Ների՛ր ինձ, բարի Ռուզան, որ մեր երջանկությունը ապահովելու համար՝ այս անգամ քեզանից գաղտուկ գործեցի:

ՌՈՒԶԱՆ. — Եվ եթե ավելի երկարեր բացակայությունդ, սրտիս տխրութենեն պիտի ընկճվեի:

ՆԵՐՍԵՀ. — Ա՛, մի՞թե չգիտեիր թե՝ ուր էլ որ լինիմ, քեզ համար կապրիմ:

ՌՈՒԶԱՆ. — Այո՛, բայց պատերազմի դաշտո՞ւմ...

ՆԵՐՍԵՀ. — Պատերազմի դաշտո՞ւմ... օ՛, այնտեղ մեռնողը ապրում է ավելի՝ քան ամենից երկարակյացը աշխարհի մեջ: Եվ կա՞ արդյոք մի կյանք ավելի փառապանծ, քան այն՝ որ ժառանգում է զինվորը հայրենիքի համար մեռնելով: Այո՛, Ռուզան, չկա նույնպես մի տեղ, ուր քաջի կուրծքը կարողանար շունչ քաշել այնպե՛ս ազատ, ինչպես պատերազմի դաշտում, ուր բանակները կռվում են մահու և կյանքի դեմ... Չկա ավելի մեծ հաճույք՝ քան տեսնել հայ քաջերին արյունախանձ կատաղության մեջ` երբ բորբոքում է ճակատամարտը, կամ սուսերամերկ և սրարշավ՝ երբ նահանջում է թշնամին: Ամեն անգամ, երբ կռվի խառնակության մեջ, փշրվող նիզակների մոտ, կամ նետերի տարափի տակ աչքիս է ընկնում հայրենական դրոշակը, որ ազատ ծածանում է քաջերից մինի ձեռքում, ամեն անգամ, երբ տեսնում եմ այդ դրոշակի փառքի համար նահատակվող մեր մանկտին, սիրտս լցվում է հրճվանքով, բազուկներս գերբնական ուժ են ստանում, և իմ ձայնը որոտում է ինչպես մի մրրիկ, որ շառաչում է անտառի մեջ... Այո՛, Ռուզան, սիրելի է պատերազմի դաշտը, մանավանդ ա՛յն ժամանակ, երբ այնտեղ դարբնվում է հայրենիքի փառքն ու փրկությունը...

ՌՈԻԶԱՆ. — Օ՛, ինչպե՛ս ոգևորում ես դու ինձ... կցանկանայի լինել մի զինվոր և կռվել, քո դրոշի տակ... Բայց ասա՛ ինձ. ի՞նչ ելք ունեցավ քո արշավանքը, և ի՞նչ հաջողություն քո սուրը:

ՆԵՐՍԵՀ. — Մի՞թե հաղթվելուց ետ քո աչքին կերևայի՞:

ՌՈԻԶԱՆ. — (հրճվանքով) Ուրեմն հաղթությամբ վերադարձար:

ՆԵՐՍԵՀ. — Այո՛, քեզ համար, իմ պաշտելի՛ կույս:

ՌՈԻԶԱՆ. — Կեցցե՛ս, իմ քաջ, և ուրեմն թշնամին անհետացա՞վ մեր սահմաններից:

ՆեՐՍԵՀ. — Անհետացավ իսպառ:

ՌՈԻԶԱՆ. — Եվ ժողովուրդն այսուհետև պիտի ապրի խաղաղության մե՞ջ:

ՆԵՐՍԵՀ. — Անշուշտ:

ՌՈԻԶԱՆ. — Եվ գեղջուկն յուր դաշտը կհերկե հանգիստ, իսկ մշակն յուր արտը կհնձե ապահո՞վ...

ՆԵՐՍԵՀ. — Ոչ ոք այլևս չի խանգարիլ նրանց:

ՌՈԻԶԱՆ. — Ո՛վ իմ աննման, այժմ ավելի քան երբեք սիրում եմ քեզ, և եթե իմ այս սրտի փոխարեն կյանքս էլ պահանջեիր, սիրով կնվիրեի քեզ, իբրև ժողովրդյան ազատարարին... դեհ, այժմ պատմիր ինձ քո արշավանքի մանրամասնությունը:

ՆԵՐՍԵՀ. — Ամենայն սիրով... բայց իշխանները գալիս են, դեռ դիմավորենք նրանց:

ՏԵՍԻԼ Ե

Առաջինները, Ջալալ, Մամքան, Թենի, Զաքարե, Սմբատ, Պապաք, Համտուն, Ումեկ

ՋԱԼԱԼ. — Իշխաններ, դուք ճանաչում եք այն երիտասարդին (մատնացույց անելով Ներսեհի վրա): Յուր մանկության հասակից, ճանաչում եք և նրա հինավուրց ազգատոհմը: Սրա նախնիքը հայտնի էին իրենց հավատարմությամբ դեպի մեր թագավորները և անձնվիրությամբ` դեպի հայրենիքը: Ինչպես տեսնում եք, արժանավոր որդին հետեվում է յուր նախահարց շավղին: Նա այսօր հաղթական վերադառնում է ա՛յն ասպարեզից, ուր դուք վաղուց գործում էիք, և ուր գործել են յուր նախնիք: Թաթարաց ա՛յն հզոր բանակը, որ մեր սահմանում գտնվելով` ահ ու սարսափ էր ազդում Խաչենի ժողովրդին, Ներսեհ իշխանի շնորհիվ իսպառ ջնջված է, իսկ նրա գլխավորները` գերված ու կապված: Այսպիսով, ուրեմն, մեր երկրի խաղաղությունը ապահովված է երկար, և այս բարիքը մենք պարտական ենք իշխան Ներսեհին: Ցանկանալով արժանապես վարձատրել նրա այս արիության գործը, կամենում եմ այդ առթիվ ստանալ իշխանուհվո և ձեր հաճությունը, իշխաններ:

ՄԱՄՔԱՆ. — Վարձատրիր իշխանին այնպիսի պարգևով, որին արժանի է յուր ցույց տված ծառայությունը. ես դրա համար տալիս եմ իմ սրտագին հաճությունը:

ԶԱՔԱՐԵ. — Հայրենիքի օգտին նվիրած ծառայությունը արժանի է միշտ լավագույն վարձատրության: Ես համաձայն եմ քո մտադրության հետ:

ԻՇԽԱՆՆԵՐ. — Մենք ևս, մենք ևս:

ՋԱԼԱԼ. — (հանդիսաբար մոտենալով Ներսեհին) Որդյակ իմ, դու արժանի ես ա՛յն պարգևին, որը վաղուց հետե սահմանված է եղել քեզ համար, բայց որը տակավին հանձնված չէ եղել քեզ հանդիսաբար: Այդ պարգևը դու ամենաթանկագինն ես համարել բոլոր բարիքներից: Եվ ահա՛ իմ հատուկ ցանկությամբ և իշխանուհվո ու մեր հարգելի իշխանների հաճությամբ ես տալիս եմ քեզ այն իբրև մրցանակ քո փառավոր հաղթության: (Բռնելով Ռուզանի ձեռքը և հանձնելով Ներսեհին): Ահա՛ նա:

ՆԵՐՍԵՀ. — (զգացված) Դու ինձ ամենաերջանիկը կացուցիր աշխարհում, մեծ իշխան:

ՋԱԼԱԼ. — (գրկելով երկուսին և համբուրելով) Դուք արժանի եք միմյանց, որդյակներս:

ՄԱՄՔԱՆ. — Ապրեցեք միմյանց համար և երջանիկ եղեք: (Գրկելով և համբուրելով երկուսին): Այսօր մենք մեր հարգելի իշխանների հետ միասին կկատարենք ձեր նշանադրության հանդեսը և (դառնալով Ներսեհին) կտոնենք քո փառավոր հաղթությունը: Իսկ գարնան, երբ մեր լեռները կգեղեցկանան, մենք կօրհնենք ձեր միությունը:

ԶԱՔԱՐԵ. — (մոտենալով) Իսկ ես, քանի դեռ մահը չէ այցելել իմ ծերության, այժմյանից եմ օրհնում ձեր ապագա միությունը: (Գրկում և համբուրում է երկուսին):

ԻՇԽԱՆՆԵՐԸ. — (հետզհետե մոտենալով՝ շնորհավորում են Ներսեհին ու Ռուզանին, բացի Համտունից, որ կանգնած է հեռու):

ՄԱՄՔԱՆ. — (Համտունին) Դու միայն, Համտուն իշխան, անտարբեր ես դեպի այս հասարակաց ուրախությունը:

ՍՄԲԱՏ. — (ինքն իրեն) Որովհետև խեղճի սրտում վառվում է նախանձի կրակը:

ՀԱՄՏՈԻՆ. — (առաջ գալով) Ինձ տանջում է ա՛յն հոգսը թե՝ Ներսեհ իշխանի անխորհուրդ կերպով թաթարաց զորքերին ջարդելը եթե Չարմաղան մեծ զորապետն իմանա և ավելի մեծ ուժով մեզ վրա հարձակի, ի՞նչ պիտի անենք:

ՆԵՐՍԵՀ. — (եռանդով և հանդիսաբար) Եթե մատնիչները նրան չեն առաջնորդել, մենք նրան կդիմավորենք մեր սրով և կրծքով...

ՄԱՄՔԱՆ. — Իսկ այժմ, իշխաններ, գնանք մեր ուրախությունը տոնելու: (Բոլորը դուրս են գնում, բացի Պապաքից ու Համտունից):

ՏԵՍԻԼ Թ

Համտուն եվ Պապաք

ՀԱՄՏՈԻՆ. — Պապաք իշխան, այս նախատինքն ես չի պիտի տանեմ: Դու գիտես, որ հայ իշխանական տների մեջ մեր Սյունյաց տունը, գրեթե, առաջինն էր: Նա բարձակից էր Ասպետական և Արծրունի նախարարությանց: Իմ նախնիքն արծաթե գահ, ոսկի գավազան և մարգարտե վարսակալ էին գործածում և թագավորական սեղանի վրա՝ իբրև գահերեց, չորս հարյուր նախարարություններից բարձր էին նստում: Նրանք խնամություն են արել արքայական տների հետ, և նրանց հաջորդները Բաղաց թագավորության հիմնադիրներն եղան: Ջալալ իշխանը չի պիտի համարձակեր այս փառավոր տոհմի պատիվն այսքան անարգելու: Ես ամենից վատարանցը կլինիմ եթե իմ անպատվության վրեժը չառնեմ նրանից կրկնապատիկ:

ՊԱՊԱՔ. — Ինչո՞ւ Ջալալից: Քո հակառակորդը Ներսեհ իշխանն է:

ՀԱՄՏՈԻՆ. — Իսկական հերոսը չի մերկացնում սուրը սինլքոր զինվորի դեմ, որին կարող է ընկճել լախտի մի հարվածով: Իմ համազոր հակառակորդը Ջալալ իշխանն է, նրա հետ էլ ես իմ հաշիվը կտեսնեմ:

ՊԱՊԱՔ. — Նշանադրությունը եղավ, այժմ արդեն ուշ է վրեժխնդրության վրա մտածել:

ՀԱՄՏՈԻՆ. — Վրեժն երբ էլ լուծվի, հաճույք կպատճառե լուծողին:

ՊԱՊԱՔ. — Բայց այսուհետև այլևս ի՞նչ վրեժ կարող ես լուծել:

ՀԱՄՏՈԻՆ. — Ինչ վրե՞ժ, օ՛, ես գիտեմ, թե ինչ. ես արդեն որոշեցի:

ՊԱՊԱՔ. — Սպանե՞լ տալ Ջալալին:

ՀԱՄՏՈԻՆ. — Երբեք: Ով որ սպանում է հակառակորդին, նա ազատում է նրան տանջվելուց: Ջալալը պիտի ապրե, որպեսզի Համտունի ստեղծած չարիքներից շարունակ տանջվի:

ՊԱՊԱՔ. — Բայց ի՞նչ ես որոշել անել:

ՀԱՄՏՈԻՆ. — Լսիր, Պապաք, դու գուցե պատմությունից գիտես, որ իմ նախնիքներից մինն՝ Անդոկ նախարարը, պարսից Շապուհ թագավորից կրեց մի անարգանք. այն է՝ արքայական սեղանի վրա՝ Հայոց նախարարաց կարգին մեջ` փոխանակ երրորդ գահն ստանալու, տասն և չորրորդը ստացավ: Անդոկ այդ նախատինքը չկարողացավ տանել և պարսից հզոր թագավորից յուր վրեժն առավ` նրա տերության մայրաքաղաք Տիզբոնն ավերելով և հրդեհելով: Ես այդ հպարտ մարդու սերունդներից եմ և գիտեմ նրա չափով վրեժ առնելու արհեստը:

ՊԱՊԱՔ. — Բայց Անդոկի վրիժառությունը սոսկալի հետևանքներ ունեցավ: Սյունյաց բարեշեն նահանգը ավերակ դարձավ այդ պատճառով:

ՀԱՄՏՈԻՆ. — Գիտեմ: Գուցե իմ վրիժառությունն ևս նույն հետևանքն ունենա: Ես Սյունյաց տոհմի վերջին շառավիղն եմ: Ա՛յն ձեռքը, որ իմ կյանքի թելը կկարճե, կանհետացնե աշխարհից նաև Սյունյաց անունը: Բայց ինձ համար միևնույն է. ավելի լավ է մեռնել, քան անպատիվ ապրել: Ես չի պիտի կարողանամ իմ զայրույթը զսպել: (Լսվում են երաժշտության ձայներ): Մինչև որ այս (ցույց տալով դեպի երաժշտության կողմը) ստեղծվող երջանկությունը չխանգարեմ:

ՊԱՊԱՔ. — Բայց ինչո՞վ:

ՀԱՄՏՈԻՆ. — (անուշադիր) Այո՛, իմ աչքերը չեն կարող անտարբեր նայել ա՛յն տեսարանին, երբ քահանան այս միությունը օրհնելով` իմ օրինական հարսնացուն կհանձնե ձորոգետցի Ներսեհին. այդ տեսարանը չպետք է տեղի ունենա:

ՊԱՊԱՔ. — Մի քանի շաբաթից հարսանյաց թափորը կճանապարհվի դեպի Մեծիրանից վանքը:

ՀԱՄՏՈԻՆ. — Եվ այնտեղ էլ, ուրեմն, պսակը կկատարվի:

ՊԱՊԱՔ. — Անշուշտ:

ՀԱՄՏՈԻՆ. — Հոգ չէ, թող կատարվի. այսուամենայնիվ, նորապսակները չեն տեսնիլ իրենց առագաստը:

ՊԱՊԱՔ. — Հասկացա: Ուրեմն սուրբ Հակոբա անտառում երկու դարանակալ նետեր կթռչեն դեպի նրանց:

ՀԱՄՏՈԻՆ. — Ո՛չ. ավելի մեծ չարիք կպատահի:

ՊԱՊԱՔ. — Այսի՞նքն:

ՀԱՄՏՈԻՆ. — Լսիր ինձ: Այս ամրոցում դո՛ւ ես իմ միակ մտերիմն. ուստի հայտնում եմ քեզ (զգուշությամբ այս ու այն կողմ նայելով), որ հենց պսակի օրը այստեղ կհասնեն Չարմաղանի զորքերը:

ՊԱՊԱՔ. — (սարսափահար) Այդ ի՞նչ ես գուժում:

ՀԱՄՏՈԻՆ. — Հանգիստ կաց և լսիր: Հենց որ առաջին գուժկանը կհասնե, դու միջոց գտիր ամրոցից փախչելու, որպեսզի մյուս հանցավորների հետ զուր տեղը չզոհվիս թաթարաց սրին:

ՊԱՊԱՔ. — Եվ դու կատակ չե՞ս անում:

ՀԱՄՏՈԻՆ. — (ծանրությամբ) Կար ժամանակ, երբ ես էլ սիրում էի կատակներ. բայց այդ ժամանակն անցավ. անարգված մարդը միայն վրեժ է առնում:

ՏԵՍԻԼ Ժ

Առաջիններ եվ մի սպասավոր

ՍՊԱՍԱՎՈՐ. — (ներս մտնելով) Տյարք, իշխան տաճարապետը սպասում է ձեզ: (Գլուխ տալով դուրս է դնում):

ՏԵՍԻԼ ԺԱ

Համտուն եվ Պապաք

ՀԱՄՏՈԻՆ. — Գնանք, բարեկամ, միամիտ բախտավորները զվարճանում են, գնանք մասնակցենք նրանց ուրախությանը:

ՊԱՊԱՔ. — Բայց քո հայտնությունը իմ արյունը սառեցրեց:

ՀԱՄՏՈԻՆ. — Հոգ չէ, Խաչենի գինին նորից կտաքացնե, գնանք:

ՊԱՊԱՔ. — (դժվարանալով) Ավելի լավ է, որ միասին չմտնենք դահլիճ:

ՀԱՄՏՈԻՆ. — Բարի. ուրեմն դու գնա առաջ, իսկ ես կգամ հետո:

ՊԱՊԱՔ. — (առաջանալով և ինքն իրեն) Արժանի վրեժ է, եթե լուծվի, բայց ես թող սրան համախոհ չճանաչվիմ: (Դուրս է գնում):

ՏԵՍԻԼ ԺԲ

Համտուն (միայնակ)

Հիմա՛ր կնամարդ. է կամենում ինձ հետ միասին մտնել մարդկանց մոտ, որպեսզի հետո մեղսակից չհամարվի ինձ: (Գլուխը շարժելով): Հապա, անմի՛տ. ի՞նչ էիր մտածում,որ նախանձի դժոխքը վառում էիր այստեղ: (Ցույց տալով սիրտը): Մի՞թե Համտունին էլ համարում էիր մի Պապաք, որ հակառակորդի հետ կռվեր՝ կանանց հետ դաշնակցելով: Չէ, բարեկամ, հավաբնում միայն աղվեսն է շահատակում, իսկ առյուծի համար կա անեզր անապատ, ուր նա խեղդում է ոչ թե հավ, կամ խլուրդ, այլ վագր ու հովազ: Եթե հարկ կա վրեժ առնելու, ապա պետք է այնպես անել, որ այդ վրիժառությունից աշխարհը սասանի... (Դուրս է գնում):

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Ջալալ իշխանի ընդունելության դահլիճը (տե՛ս առաջին արարվածի երկրորդ տեսարանը), որ զարդարված է տոնական տարազով: Սյուների խոյակները պսակված են կանաչ դրասանգներով և գույնզգույն վառերով, որոնք օձապտույտ իջնում են մինչև սյուների խարիսխները: Կանաչահյուս ժապավեններ՝ մանեկաձև, կախված՝ միացնում են դահլիճի կամարաշարերը և նույնպիսի հյուսեր զարդարում դռների և պատուհանների բարավորները: Դահլիճի մեջտեղը բացված է փառավոր սեղան՝ արծաթե ամաններով ու թակույկներով: Դահլիճի խորքում կանգնած են երգիչների և երգչուհիների խմբեր:

Վարագույրը բացվելուց՝ բազմականները բոլորած են սեղանը, սպասավորները գինի են մատռվակում, իսկ երգիչները երգում են:

ՏԵՍԻԼ Ա

Ջալալ, Մամքան, Ռուզան, Ներսեհ, Զաքարե, Սմբատ,

Ումեկ, Թենի, Պապաք, երգիչներ, երգչուհիներ,

սպասավորներ, երաժիշտներ

Երգիչներ

Գարուն` կանաչ և ծաղիկներ

Բերավ, փռեց մեր լեռներին.

Երգչուհիներ

Եվ իշխանի հատու սուսեր

Խաղաղություն մեր սրտերին:

Բոլորը միասին

Բայց երանի՛ անանց լիներ այս գարուն,

Եվ ծաղիկներ միշտ փթթեին անթառամ,

Եվ խաղաղ կյանք մեր ազդակյաց համարյուն՝

Երկար ամոք՝ բաշխեր երկին բարեխնամ:

Երգիչներ

Բայց, վա՛շ բնության գեղեցկություն

Պիտի ավրե ծերուկ ձմեռ:

Երգչուհիներ

Եվ հայ սրտի խաղաղություն՝

Սուր թշնամվույն աշխարհավեր:

Բոլորը միասին

Օ՛ն, աղջիկներ, պատրաստեցեք մեզ պաշար՜

Ձմռան սաստիկ ուժի դեմը առնելու,

Իսկ դուք, տղայք, սրեցեք սուր և տապար՝

Մեր թշնամյաց կառափները ջարդելու:

ՋԱԼԱԼ. — (բաժակը ձեռին) Սիրելի բարեկամներ, անդրանիկ դստերս ամուսնությունից հետո՝ անցել են արդեն յոթ երկար տարիներ, և բոլոր այդ ժամանակ մեր լեռներում դեռևս չէ կատարվել մի խրախճան: Իմ սիրելի փեսայի քաջարության շնորհիվ այսօր, ահա, առաջին անգամ, ցնծության երգեր են հնչում այս կամարների տակ: Անցան ամառ, աշուն և ձմեռ. ահա՛ վերջանում է նաև մեր լեռների գեղեցիկ գարունը, և սակայն մեր ժողովուրդը գտնվում է տակավին ապահովության մեջ: Այսօր, ուրեմն մենք տոնում ենք ոչ միայն իմ դստեր ու փեսայի հարսանիքն, այլև մեր ժողովրդի խաղաղության տարեդարձը, որ բոլորել է Ներսեհ իշխանի շնորհիվ... Ուրեմն, սիրելիներս, առաջին բաժակը նվիրենք ամուսնացող զույգի և ժողովրդյան բարեկենդանության կենացը:

ՀԱՆԴԻՍԱԿԱՆՔ. — (բաժակները բարձրացնելով) Ամուսնացող զույգի և ժողովրդյան բարեկենդանության կենացը:

ԵՐԱԺՇՏՈԻԹՅՈԻՆԸ. — (ձայնակցում է հանդիսականներին):

ՈԻՄԵԿ. — (շտապով տեղից բարձրանալով) Սպասեցեք, իշխաններ. (դառնալով Ջալալին) մեծափառ տեր, իմ իրավունքը բռնաբարված է. ես բողոքում եմ քեզնից քո արդարության առաջ:

ՋԱԼԱԼ. — (ծիծաղելով) Ի՞նչ. մի՞թե ես քո դեմ մի անիրավություն արի:

ՈԻՄԵԿ. — Այո՛, տեր, բախտը մեզ տալիս է երկու «կենաց բաժակ» դատարկելու առիթ. իսկ դու այնոնց միացնում ես մի բաժակի մեջ: Ես տաճարապետ եմ քո մեծության հրամանով, ուստի պահանջում եմ, որ այդ «կենացները» զատ-զատ դատարկվին:

ՋԱԼԱԼ. — Իրավունք ունիս: Ուրեմն առաջ ժողովրդի բարեկենդանության կենացը:

ՈԻՄԵԿ. — Համաձայն եմ (հանդիսականներին): Բազմականներ, ժողովրդի բարեկենդանության կենացը: Մաղթենք, որ այն լինի հաստատ և հարատև:

ՀԱՆԴԻՍԱԿԱՆՔ. — Ժողովրդի բարեկենդանության կենացը: (Խմում են):

ՈԻՄԵԿ. — Ահա՛, այդպես. պետք է հարգել կարգն ու կանոնը:

ՋԱԼԱԼ. — (ծիծաղադեմ) Սիրելի իշխան, դու նախանձախնդիր ես կենացների կանոնավոր բաշխման, գովում եմ եռանդդ: Բայց ես այդոնք միացրի, որովհետև ամեն բանում սիրում եմ միություն:

ՈԻՄԵԿ. — Բայց միությունն անհրաժեշտ է թշնամու զորքի առաջ և ոչ գինվո սրվակների, որոնք նույնքան դեմ են միության, որքան մեր վարդապետները` կուսակրոնության:

ԹԵՆԻ. — Մեր տաճարապետը խոսում է իբրև հերետիկոս. պե՞տք է արդյոք հնազանդիլ նրան:

ՈՒՄԵԿ. — Երբ հերետիկոսը ստամոքսներ է կառավարում, պետք է նրան հնազանդել: Այդ Հանցանքը, մայր Թենի, ոչ ոքին չի տանիլ դժոխք:

ԶԱՔԱՐԵ. — Կեցցես, Ումեկ, այսօր դու ավելի խելոք ես, քան երեկ:

ՍՄԲԱՏ. — Ումեկ իշխանը խելոք է խոսում, երբ հարցը վերաբերում է ստամոքսին:

ՈԻՄԵԿ. — Եվ ավելի խելոք, երբ վերաբերում է քաջության:

ՋԱԼԱԼ. — Հարկավ, ուրիշների...

ՈՒՄԵԿ. — Ես վերջինը չեմ մեր քաջերի մեջ:

ՋԱԼԱԼ. — Դրա ապացո՞ւյցը:

ԶԱՔԱՐԵ. — (ծիծաղելով) Ա՛յն, որ խուչախների կռվում ինքն եղավ առաջին գերին:

ՍՄԲԱՏ. — Եվ մեծ իշխանի արշավանքում՝ առաջին փախստականը:

ՈԻՄԵԿ. — Դուք ակնարկում եք իմ երկչոտությո՞ւնը. բայց ձեր հիշածները դեռ չեն ապացուցանում ոչինչ: Ես տեղի եմ տվել անհաջող բախտին: Ի՞նչ կանեիք դուք, եթե իմ տեղը լինեիք:

ՍՄԲԱՏ. — (աշխույժով) Մենք ավելի լավ կհամարեինք քաջությամբ մեռնել:

ՈՒՄԵԿ. — (զվարթ անտարբերությամբ) Իսկ ես լավ համարեցի ապրել: Սա թեպետ քաջություն չէ, բայց խոհեմություն է: Ով որ չէ կամենում մեռնել, նա իրավունք ունի ապրելու: (Դառնալով Ներսեհին) Ի՞նչ կասես սրան, իշխան:

ՆԵՐՍԵՀ. — (ծիծաղելով) Ես դժվարանում եմ պատասխանել:

ՈԻՄԵԿ. — Եվ լավ ես անում: Պսակվող մարդը ամենից քիչ իրավունք ունի տաճարապետի ներկայությամբ ճշմարտություն խոսելու:

ՌՈԻԶԱՆ. — Իսկ ես համարձակ կասեմ՝ թե ով փախչում է ապրելու համար, նա արդեն մեռնում է կենդանվույն:

ՄԱՄՔԱՆ. — Իրավունք ունիս, զավակս: Եվ իրավ, ի՞նչ կլիներ մեր վիճակը, եթե Ումեկ իշխանը յուր այս տարօրինակ խոհեմությամբ հրամանատար լիներ մեր զորքերին:

ՈԻՄԵԿ. — Հավատա՛, իշխանուհի, ամեն ինչ խաղաղությամբ կվերջանար: Ի՞նչ հարկ կա կռվել զորեղի դեմ ա՛յն ժամանակ, երբ ինքդ ես զգում քո թուլությունը: Այդպիսի դեպքում կամավոր պարտությունը հավասար է հաղթության:

ԶԱՔԱՐԵ. — Տեր տաճարապետ, քո քարոզը գեղեցիկ կհնչեր մի կուսանոցում, բայց դու նստած ես զինվորների հետ:

ՈԻՄԵԿ. — Ճշմարիտ զինվորը չի վհատիլ իմ խոսքերից:

ՋԱԼԱԼ. — Որպեսզի չվհատի նաև սուտ զինվորը, ապա վարի՛ր պաշտոնդ առանց փիլիսոփայելու:

ՈԻՄԵԿ. — Բյուր ներողություն, մեծ իշխան: (Ծառաներին) Մատռվակնե՛ր, լցրեք բաժակները գինով (բաժակը ձեռին՝ տեղից բարձրանալով և հանդիսականներին դառնալով): Բարեկամներ, խմենք այժմ մեր սիրարժան հարսի և հարգարժան փեսայի կենացը. մաղթենք իշխանազուն ամոլներին երկար կյանք, մշտավառ սեր, անսպառ երջանկություն...

ՀԱՆԴԻՍԱԿԱՆՔ. — Կեցցե՛ն իշխանազուն ամոլները:

ՈԻՄԵԿ. — Եվ երջանիկ սիրահարները: (Երաժիշտներին): Երաժիշտներ, ձայնակցեցե՛ք մեր ուրախությանը:

(Երաժշտությունը նվագում է):

Խումբը երգում է

Երբ ծագում է մեզ արևը լուսավոր,

Հայ տղաներ, սթափեցեք ձեր քնից,

Լծեք եզինք, առեք գութանն ու արոր

Եվ փութացեք դաշտը հերկել ցողալից:

Իսկ երբ հեռվից մեր թշնամին երևի,

Հայ տղաներ, թողեք արորն ու եզինք,

Հարձակվեցեք թշնամու դեմ կատաղի,

Կռվեցեք քաջ և փրկեցեք հայրենիք:

ՈԻՄԵԿ. — (դառնալով դեպի Պապաք) Պապաք իշխանը լուռ է և տխուր: (Հանդիսականներին): Բազմականներ, ո՞վ արդյոք ձեզանից կարող է պատճառն ասել, թող խոսե, ես նրան մի զտարյուն նժույգ կընծայեմ:

ՊԱՊԱՔ. — Մի՛ վատնիր գույքդ, իշխան, ես ուրախ եմ այնքան, որքան իրավունք ունիմ:

ՍՄԲԱՏ. — (հեգնությամբ) Եթե իշխանը մտածում է գալոց չարիքների մասին, ապա նա ամենից քիչ իրավունք ունի ուրախանալու:

ՊԱՊԱՔ. — (հեգնությամբ) Դու մարգարե կլինեիր, իշխան, եթե Հրեաստանում ծնվեիր:

ՍՄԲԱՏ. — Եթե ճիշտ գուշակեցի, ուրեմն մեր երկիրն էլ մարգարեներ է ծնում:

ՊԱՊԱՔ. — Դու չսխալվեցար:

ՈԻՄԵԿ. — Արևս վկա, առաջին անգամն եմ տեսնում մի մարդ, որ ուրախության ժամերն իսկ նվիրում է հասարակաց հոգսերին:

ՊԱՊԱՔ. — Իսկ ես շատ եմ տեսել մարդիկ, որոնք հասարակաց հոգսի ժամերը նվիրել են ուրախության:

ՈԻՄԵԿ. — Եվ դրանք, ուրեմն, իմաստնաբար են գործել, վասնզի հոգսերը կան միշտ և կլինին, մինչդեռ ուրախությունը հազվագյուտ է մեր օրերում: Ավելի լավ է հոգսերից խլել մի ժամ և տալ ուրախության, քան ուրախության վայրկյանը նվիրել հոգսերին:

ՏԵՍԻԼ Բ

Առաջիններն եվ մի սպասավոր

ՍՊԱՍԱՎՈՐ. — (մտնելով և դիմելով Ջալալին) Մեծափառ տեր, հեծելազորն ու թափորը կազմ ու պատրաստ սպասում են քո հրամանին՝ Մեծիրանից վանքը ճանապարհվելու համար:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last