Մուրացան՝   Պատմվածքներ

Ամենից առաջ դուք ասացեք, ո՞վ եք դուք և ի՞նչ ունիք ինձ հետ:

Լուսինյանը զարմացած աչքերով նայեց աղջկա վերա.

Ո՞վ եմ ես. մի՞թե չգիտես, ես քո հայրն եմ... Մարգարիտա...

Դուք իմ հայրը չեք. հայրերը իրենց աղջկերանց չեն հալածում, իսկ դուք հալածում եք ինձ:

Մարգարիտա, որդյա՛կս, մի կործանիր ինձ, — ձայնը նվազեցնելով խոսաց Լուսինյանը, — դարձիր տուն, դարձիր քո մոր մոտ, ես կաշխատեմ այսուհետև քո բոլոր ցանկությունները կատարելու...

Ապարդյուն քարոզներ են, ես այստեղից վերադարձող չեմ, կամ իմ նշանածի հետ՝ կամ ծովի հատակըայս է իմ վերջին վճիռը… — Այս ասելով Մարգարիտան շուռ տվավ երեսը և հեռացավ:

Դուք չեք ամաչում, անօրեն, որ իմ միակ սիրելի աղջիկը հափշտակում եք իմ գրկից, գոռաց դեպի ինձ Լուսինյանը, — չեք խղճահարվում, որ մի պատվավոր ընտանիք անպատվում եք ձեր խայտառակ վարմունքով՝ առանց այդ ընտանիքից մի վնաս տեսած լինելու:

Եթե դուք իմ հարսնացուի հայրը չլինեիք, ես նույնպիսի լեզվով կխոսեի ձեզ հետ, ինչ լեզվով որ դուք եք խոսում, — պատասխանեցի ես, — բայց ես ձեզ խնայում եմ: Թեպետ չեմ էլ լռիլ ինձ արդարացնելու. ես իմ վարմունքով ոչինչ հանցանք չեմ գործում, դուք բռնանում եք ձեր աղջկա զգացմունքների վերա, իսկ ես պատսպարում եմ նրան. այս է իմ և ձեր գործի մեջ եղած տարբերությունը: Ինքներդ կարող եք դատել, թե ով է մեզանից հանցավորը:

Դուք իմ աղջկա փեսան լինել չեք կարող, այդ միանգամից պիտի գիտենաք:

Այդ ձեր աղջիկը պիտի ասե ինձ և ոչ թե դուք:

Ես նրա հայրն եմ:

Բայց դուք նրա տեղը չեք...

Այս խոսքի վերա շոգեմեքենան երրորդ անգամ սուլեց նավի անվաթևերը սկսում էին շարժվիլ:

Շուտ շուտ, ներքև իջեք, շոգենավը ճանապարհվում է, — հրամայեց ոստիկանապետը Լուսինյանին, նրա բարեկամներին և Մարգարիտային:

Բոլորը դիմեցին դեպի սանդուղքները, բայց Մարգարիտան չշարժվեց տեղից:

Գնանք, աղջիկս, սպասելու ժամանակ չէ, — ասաց Լուսինյանը և դիմելով դեպի Մարգարիտան բռնեց թեը և սկսավ քաշել:

Ես չի պիտի գամ. հեռու ինձանից, — բացականչեց նա և թևը դուրս խլելով հեռացավ:

Օգնեցե՛ք, ի սեր աստուծո, օգնեցեք, աղջիկս հափշտակում են, — սկսավ գոռալ Լուսինյանը բռնելով Մարգարիտայի ձեռքերից և քաշելով դեպ առաջ:

Ոստիկանապետը և ազգականները հետ դարձան և պաշարեցին խեղճ աղջկանը:

Գնացեք, գնացեք, մի անպատվեք ձեր հորը, հեռացեք այդ չարագործ մարդուց, նա ձեզ կկործանի..., նա ձեզ կոչնչացնե, — ամեն տեղից գոչում էին Լուսինյանի ազգականները:

Հետո ոստիկանապետը առաջ եկավ և հրամայեց իջնել շուտով դեպի սպասող նավակը:

Մարգարիտան էլ ընդդիմանալու ուժ չուներ, նրան գրեթե անզգայացած քարշ տվին դեպի նավակը: Սանդուղքներից իջեցնելու ժամանակ նա երկու անգամ փորձ փորձեց իրեն ծովի մեջ նետելու, բայց շրջապատողները թույլ չտվին:

Ես մնացել էի շվարած և չգիտեի ուր գնալ: Մերթ մտածում էի Մարգարիտայի փոխարեն ինքս ինձ ձգել ծովը և ազատել թե՛ ինձ, թե՛ նրան և թե՛ նրա կիսամեռ ընտանիքը. մերթ վճռում էի թողնել և հեռանալ մի անծանոթ երկիր, ուր ազատ իմ բախտը կարողանայի ողբալ և մերթ՝ գնալ դեռ Մարգարիտայի ետևից և քամել դառնության բաժակը մինչև մրուրը...

Դեռ այս տարուբերման մեջ էի, երբ Մարգարիտան տանող նավակը սկսավ հեռանալ. սիրուհիս տեսավ.ինձ նավի ելքի մոտ կանգնած և աղիողորմ-ձայնով ճչաց.

Արամ, մի՞թե ինձ թողնում ես դու

Այս ձայնը, մինչև իմ ոսկորների ուղեղը թափանցեց. ես կամեցա վազել ներքև, բայց նավի սանդուղքը արդեն բարձրացրել էին, ճանապարհ չկար. գլուխս սկսավ պտտվիլ... Ես առանց աջ ու ձախ նայելու կշռեցի իմ սիրուհին տանող նավակի և շոգենավի հեռավորությունը և արագությամբ բարձրանալով նավի .խելի վերա մի ուժեղ ոստումով նետեցի ինձ դեպի հեռացող նավակը, դժբախտաբար փոխանակ իմ նպատակակետը հասնելու, ընկա ծովի մեջ: Մի քանի րոպեից՜ զգացի, որ ալիքները խեղդում են ինձ..

.

«ԽԵՂԴՎԵԼՈԻՑ ՀԵՏՈ»

Առաջին անգամ, երբ աչքս բացի ինձ իմ քրոջ տանը տեսի մահճակալի վերա պառկած: Ինձ մոտ կանգնած էր բժիշկը և չորս կողմս տխրադեմ և արտասված աչքերով պատել էին քույրս, փեսաս, Մարգարիտան և յուր մայրը: Առաջին անգամ կենդանության նշույլ տեսնելով իմ մեջ նրանք բոլորը միասին սկսան ուրախանալ և ժպտալ, բժիշկը նրանց հուսադրում էր. ես լսում էի նրա խոսքերը, տեսնում էի նրա շրթունքների շարժվածքը, բայց անկարող էի մի բառ անգամ արտասանել: Ես տեսնում էի, թե ինչպես Մարգարիտան ուրախությունից գրեթե շնչասպառ խոնարհվել էր ինձ վերա, սեղմում էր ձեռքերս, փայփայում էր ինձ հազար և մի անուշ խոսքերով և կիսահագագ սպասում էր, որ մի բառ, մի խոսք արտասանեմ իրեն... Ես հազիվ կարողանում էի իմ համր և սիրապատար հայացքով հայտնել՜ նրան, որ տեսնում և լսում եմ իրեն, որ հրճվում, ուրախանում եմ իրեն ինձ մոտ տեսնելով...

Անցան մի քանի ժամեր, բժիշկը կրկնապատկում էր յուր դարմանները, կամաց-կամաց և լեզուս սկսում էր բացվիլ: Առաջին խոսքը ես Մարգարիտային ուղղեցի, ցանկություն հայտնելով, որ նա միշտ մնար ինձ մոտ. հետո սկսա խոսել քրոջս և զոքանչիս հետ. ուրախությունը մի քանի րոպեի մեջ տիրեց ամբողջ տան մեջ:

Արդեն կես գիշեր էր: Բժիշկը խորհուրդ տվավ ամենքին հեռանալ իմ սենյակից և թույլ տալ ինձ քնանալու: Բոլորը դուրս գնացին տեսնելով ուրախությամբ, որ ես արդեն լավ եմ զգում ինձ. և միայն քույրս մնաց ինձ մոտ գիշերը հսկելու համար:

Մինչև առավոտ ես շատ հանգիստ քնեցի: Արեգակը արրդեն բարձրացել էր, երբ ես զարթեցա: Խեղճ քույրս դեռ աթոռի վերա նստած անքնությունից ննջում էր:

Ես իսկույն սթափեցրի նրան և խնդրեցի, որ շուտով գնար յուր ննջարանում հանգստանալու: Բայց նա չէր ուզում լսել ինձ: Այդ միջոցին ներս մտավ Մարգարիտան և ինձ բոլորովին առողջ տեսնելով վազեց, գրկեց և համբուրեց:

Աստված քեզ կրկին անգամ պարգևեց ինձ, Արամ, — ասաց նա ոգևորությամբ, — այսուհետև մենք չպիտի բաժանվինք միմյանցից մինչև անգամ մի րոպե...

Ես կրկին իմ համբույրներով պատասխանեցի սիրուհուս և ապա երկուսս միասին ստիպեցինք քրոջս գնալ հանգստանալու:

Ես այստեղ եմ, կարող ես մի քանի ժամ ինձ հանձնել եղբորդ խնամարարությունը, — ասաց Մարգարիտան ծիծաղելով:

Քույրս այլևս չընդիմացավ և քաշվեցավ յուր ննջարանը:

Երբ մենք մենակ մնացինք, ես խնդրեցի Մարգարիտային պատմել, թե ինչ պատահեց ինձ հետ ծովի մեջ ընկնելուց հետո:

— «Ինչ որ պատահեց, ես մանրամասնաբար հիշել չեմ կարող, — պատասխանեց Մարգարիտան, — որովհետև այդ րոպեին ես էլ ինձ կորցրել էի. միայն կպատմեմ, ինչ որ հիշում եմ:

Այն րոպեին որ դու թռար դեպի մեր նավակը, ես ցատկեցի իմ նստարանից, ես կամենում էի իմ գրկերի մեջ ընդունել քեզ, բայց անիծյալ նավաստին վարձված ավազակին մեկն էր, նա դիտմամբ այնպեսի հարված տվավ ալիքներին՝ որ թե՞ ես փռվեցա նավակի մեջ և թե՞ դու վրիպեցիր քո նպատակից:

Երբ ես կրկին անգամ բարձրացա, դու արդեն կռվում էիր ալիքների հետ, նրանք սպառնում էին խորասուզել քեզ, և դու աշխատում էիր թևակոխել նրանց և հասնել մեզ... Տեսնելով քեզ ծովի ծփանաց խաղալիք, ես աղաղակեցի իմ բոլոր ուժով. «Օգնեցեք, օգնեցեք, նա խեղդվում է...»: Բայց մեր նավաստին փոխանակ դեպի քեզ մոտենալու սխալ հարվածներով հեռացնում էր նավակը քեզանից, ես սկսում էի խելագարվիլ և մի քանի անգամ փորձ փորձեցի դուրս թռչել նավակից, ազատել քեզ կամ քեզ հետ միասին խուրասուզվիլ... Բայց մի քանի ձեռքեր միանվագ բռնեցին ինձ:

Ես մնացի անշարժ, և ճչում էի աղիողորմ ձայնով: Ոչ ոք իմայիններից ձայն չէր հանում, նրանցից մինը մինչև անգամ սաստեց ինձլռել, ես կատաղում եմ... Բայց ոստիկանապետը իսկույն ևեթ հրամայեց հետ դարձնել նավակը, նավաստին այս անգամ չհամարձակվեցավ ընդդիմանալ. մյուս կողմերից էլ շրջապատեցին քեզ ուրիշ նավաստիներ իրենց նավակներով, ամենքն էլ ճիգ էին թափում քեզ փրկելու: Մի քանի անգամ դու դուրս խլվեցար նրանց ձեռքից, որովհետև հագուստներդ ողողվել և քեզ ծանրացրել էին: Այդ հուսահատ րոպեին նավաստիներից մինը, որ արդեն մերկացել էր, ձգեց իրեն ջրի մեջ և հափշտակելով՝ քեզ սկսավ լողալ դեպի յուր նավակը: Նրա արհեստակիցները օգնեցին նրան ձգել քեզ նավակի մեջ. հետո ինքն էլ ցատկեց և դուրս եկավ ջրից: Այդ ազատարար հրեշտակը այն նավաստին էր, որ մեզ յուր նավակով բաց ծովից բերել էր նավահանգիստը:

Բայց շուտով հայտնեց նա ոստիկանապետին, որ դու արդեն անշնչացած էիր...

Օ՛, եթե կարողանայի նկարագրել քեզ՝ թե ինչ հուսահատություն տիրեց ինձ այն րոպեին, երբ այդ մահագույժը լսեցիդու անշուշտ կսարսափեիր... բայց ես զգում էի, որ արդեն խելագարվում եմ, որովհետև սոսկալի վշտի ծանրությունը մի րոպե տեղի տվավ իմ մեջ ուրախության, կարծես թե ես կամենում էի ծիծաղել և կանխահաս գիտակցությունը խեղդեց իմ մեջ խելագարության այդ երկունքը...

Չնայելով իմ հոր և ազգականների խստության, ես միջոց գտի մեր նավակից թռչել դեպի քեզ և գրկել քո ողողված և անշնչացած մարմինը. «Արամ, տար ինձ քեզ հետմի թողնիր ինձ...» անընդհատ ճչում և ողբում էի, կամ խելագարի նման խոսում էի քեզ հետ, բայց երբ ոչինչ պատասխան չէի առնում, ընկնում էի քեզ վերա և անընդհատ համբույրներով ծածկում էի փակված աչքերդ և անշնչացած շրթունքներդ:

Ոստիկանապետի հրամանով նավաստիները բազմապատկել էին իրենց ույժերը, և մեր նավակները շոգենավի պես թռչում էին ծածանուտ ալիքների վերա:

Մի քանի րոպեից ետ մենք արդեն նավակամրջի վերա էինք:

Նավակամրջի վերա, լապտերի լույսի առաջ ես նշմարեցի փեսայիդ... խեղճը երևի սպասում էր այստեղ հավաստիանալու համար, թե արդյոք անվտանգ ճանապարհվեցա՞նք մենք, թե՞ ոչ: Բայց տեսնելով առաջին նավակում հորս և ազգականներիս շփոթված առաջ եկավ:

Արամը մեռավ, օգնության հասիր, — աղաղակեցի ես նավակի միջից. և խեղճ մարդը շփոթված թռավ ինձ մոտ:

Քո անշունչ մարմինը շոշափելով նա մի հուսահատ ձայն արձակեց և ապա չոքելով առավ քեզ յուր գրկերի մեջ, մինչև որ ոստիկանապետի հրամանով նավակամրջի վերա գտնվող կառքերը մեզ բերին այստեղ:

Երբ մոտենում էինք ձեր տանը, հայրս և ազգականներս շրջապատեցին ինձ և չէին ուզում թողնել, որ ներս մտնեմ, նրանցից մինը, որին ես իսկույն չկարողացա ճանաչել, մինչև անգամ հանդգնաբար նկատեց. «Չգիտեմ ինչու համար չթողին, որ չարագործը խորասուզվեր ծովի հատակը և մենք ազատվեինք»: Ես մոտեցա նրան կատաղի հայացքով և արդեն պատրաստվում էի շեշտակի ապտակ իջեցնել երեսին, երբ նրա ծպտյալ կերպարանքի մեջ ճանաչեցի պատերՍիմոնին, մեր այսքան թշվառությանց հեղինակին:

«Դժոխքն է խոսում քո բերանով, ոճրագործ, մի հանդգնիր այդ շրթունքներովդ արդարի անունը արտասանելու» ասացի նրան և հետ խլվելով մտա այստեղ:

Բարեբախտաբար քույրդ քնած էր. փեսադ ամեն զգուշություն գործադրեց որ նա մեր գլխին հասած այս դժբախտությունը չիմանար: Շուտով հասավ և բժիշկը, որը ուրախացրեց մեզ ասելով, որ վտանգավոր ոչինչ չկա: Նրա գործ դրած մի քանի դարմաններից հետ դու արդեն շնչում էիր: Մայրս հասավ հենց այն ժամանակ, երբ Շուշանը զարթել էր. փեսադ երկուսին էլ ժամ առաջ նախապատրաստեց և ապա թե թույլ տվավ որ մտնեն քեզ մոտ:

Բայց առաջին վայրկյանի ազդեցությունը միայն բավական եղավ նրանց լացացնելու:

Տեսնելով նրանց, ես նույնպես չկարողացա զսպել իմ արտասուքները: Բարեբախտաբար այդ վայրկյանները չերկարացան:

Շուտով դու աչքերդ բացիր, և քո առաջին հայացքի հետ հույս և ուրախություն ներշնչեցիր մեզ: Իսկ այնուհետև, ես, և մայրս թողեցինք քեզ և չիմացանք, թե ինչ պատահեց քեզ հետ»:

Եվ այնուհետև ես շատ հանգիստ քնեցի, հոգյակս, այնպես հանգիստ, որ այժմ կատարյալ առողջ եմ զգում ինձ, — ավելացրի ես, և տարածելով ձեռքերս գրկեցի սիրուհուս և ջերմաջերմ սեղմեցի կրծքիս վերա:

Այնուհետև բժշկի խորհրդով ես դեռ երկու օր էլ պառկած մնացի, կատարելապես կազդուրվելու համար:

Մարգարիտան այդ երկու օրը, գրեթե առավոտից մինչև երեկո ինձ մոտ էր անցուցանում:

Մենք անդադար խոսում էինք մեր փոքրիկ, բայց երջանկությամբ և դժբախտությամբ լի անցյալից և մերթ տխրում, մերթ ուրախանում էինք:

Երբ ես բոլորովին կազդուրվեցա, նորից վճռեցի վերցնել հարսնացուս և փախչել: Բայց այս անգամ ոչ թե ծովի ալիքներին ապավինելով, այլ Դաղստանի ահարկու լեռներին: Այս նպատակին հաջողությամբ հասնելու համար, ես որոշեցի իմ փեսայի աջակցությամբ դիմել նրա բարեկամ մի խումբ լեզգիների օգնության, որոնց խոսքը և գործը առհասարակ պատերների մեքենայությանց հետ ոչինչ կապ չէր. կարող ունենալ:

Բայց այս երկրորդ փախուստս ապահով ճանապարհի վերա դնելու համար ես պետք է դեռ մի ամբողջ շաբաթ, սպասեի, և որ, կարևորն էրշատ խորհրդապահ մնայի:

Այս անգամ դիտավորությունս միայն իմ փեսային հայտնեցի:

ՆՈՐ ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆ

Առողջանալուց հետո դեռ առաջին օրն էր, որ ես տանից դուրս գալ էի ուզում, երբ պ. Լուսինյանը եկավ ինձ մոտ: Նրա անակնկալ այցելությունը մի առանձին ուրախություն պատճառեց ինձ: Ես մտածում էի, թե գուցե յուր ուսուցիչների ձեռով ինձ և յուր դստերը հասցրած այսքան վշտերը նա նորից է ուզում դարմանել և մեր միությանը համաձայնություն տալու համար է եկել: Բայց երևաց, որ իմ նախկին աները բոլորովին հակառակ դիտավորությամբ է այցելել ինձ:

Նստելով իմ առաջարկած աթոռի վեր, նա սկսավ խոսել:

Հարգելի բարեկամ, մինչև այսօր քո գործ դրած բոլոր միջոցները իմ աղջիկը քո ամուսինդ դարձնելու համար ապարդյուն անցան, ինչպես ապարդյուն անցան և իմ ջանքերը, աղջիկս քեզանից հեռացնելու համար: Դուք այժմ միմյանց սիրում եք, ճշմարիտ է, բայց որ դուք. միմյանց պատկանելու չեք, այդ ավելի է ճշմարիտ: Ինչպես գիտեք ի սկզբանե անտի ես ընդդեմ չէի: Ձեր երկուսի ամուսնության, այդ պատճառով էլ նշանադրեցի ձեզ, բայց երբ տեսա, թե կրոնական խտրություններ կան մեր մեջ, երբ տեսա, որ իմ պատվելի քահանաները ընդդեմ են այս միության և երբ տեսնում եմ, որ մեր գերապայծառ եպիսկոպոսը հրամայում է ինձ յուր սուրբ բերանովչամուսնացնել քեզ հետ իմ աղջիկը .ավելի գերադասում եմ նրանց հաճությունը և կամքը կատարել, քան թե քո և իմ աղջկան ցանկությունը: Այս վճիռը անխախտ և անքակտելի է: Ուրեմն շնորհ արեք թողնել իմ աղջկան. հեռացրեք նրան ձեզանից, այդ դուք կարող եքայս ես խնդրում եմ

Ձեր պահանջը կատարել իմ ուժից բարձր է, — պատասխանեցի ես, — դուք աշխատեցեք ձեր աղջկանը համոզել, և երբ նա ինքը կկամենա հեռանալ ինձանից, ես այլևս նրան չեմ հետևիլ:

Իմ աղջիկը ինձ չէ լսում, նա անտարբեր է իմ աղաչանաց, իմ արտասունքների առաջԱհա մի քանի օր է ինչ որ դուք պառկած եք, նա էլ իմ ընտանիքում չէ երևում. միշտ ձեզ հետ, միշտ ձեզ մոտԻ սեր աստուծո, խղճացե՛ք ինձ, խղճացե՛ք, նա իմ մի հատիկ զավակն է, ես նրանից զրկվել չեմ կարող...

Եթե սիրում եք նրան, սիրեցեք և ինձ, ամուսնացրեք նրան ինձ հետ, և դուք մեկի տեղ երկու զավակ կունենաք, եթե սիրում եք ձեր աղջկան, մի՞ տանջեք նրան, մի՞ հալածեք նրանից սիրված մարդուն:

Այդ մի՞ ասեք, այդ ես չեմ կարող անել, մեր պատերները, մեր գերապայծառը այդ չեն կամենում:

Ուրեմն իզուր եք ինձանից ձեր խնդրի կատարումը սպասում. ես առաջ իմ կյանքից կզրկվեմ, հետո իմ հարսնացուից, այս էլ իմ անխախտ և անքակտելի վճիռն է, իմացե՛ք:

Եթե դուք ձեռք չեք վերցնիլ իմ աղջկանից, ձեզ զոռով կհեռացնեն այս քաղաքից, իմացած եղեք, ես կամենում եմ, որ դուք ձեր պատվով հեռանաք, որպեսզի իմ աղջիկը մի ցավ ավելի չունենա:

Ո՛չ ինձ հեռացնել կարող են այստեղից և ո՛չ ձեր աղջիկը ինձանից խլել, ապահով եղեք:

Եթե ես այս խոսքերը ասում եմ ձեզ, բարեկամաբար եմ ասում. թողեք իմ աղջկան, հակառակ դեպքում դուք կզղջաք:

Իմ թշնամիների ձեռքով ես արքայություն էլ չեմ մտնիլ. դուք խլում եք ինձանից իմ ուրախությունը, իմ կյանքը, և դուք իմ թշնամին եք. ես մերժում եմ ձեր բարեկամական խնդիրն էլ, խորհուրդն էլ:

Դուք կպատժվիք և կզղջաք, — հաստատ ձայնով սպառնաց ինձ Լուսինյանը և դուրս գնաց:

«Ի՞նչ պետք է անեն ինձ այս մարդիկ, — մտածեցի ինքս ինձ, — մի՞թե դավադրությունների ցանկը դեռ վերջացած չէ»: Բայց ո՞վ կարող էր գուշակել, թե ի՞նչ կանեին, պատեր-Սիմոնը և յուր ընկերները ամեն տեսակ չարիքներ նյութելու պատրաստ էին: Բավական է, որ առիթ կար:

Մնում էր ինձ սպասել մի մոտալուտ դժբախտության: Հետևյալ առավոտ եկավ ինձ մոտ մի ոստիկան և հայտնեց, որ ոստիկանատնից ինձ պահանջում են: Ես իսկույն հետևեցի նրան:

Ոստիկանական վարչության մեջ սկսան հարցուփորձել ինձ թե ո՞վ էի ես, ո՞րտեղից եմ եկած, ի՞նչ գործով եմ պարապում այստեղ և այլն: Բոլոր հարցերին էլ ես մի առ մի պատասխանեցի: Հետո ոստիկանատան մի պաշտոնյան հարցրեց, թե արդյոք անցաթուղթ ունեի՞ ես:

Անցաթուղթ ունիմ, — վստահությամբ պատասխանեցի ես:

Իսկ պաշտոնյան, որ կասկածանքով էր նայում ինձ վերա, պահանջեց, որ ցույց տամ իրեն:

Ինձ մոտ չէ, բայց կներկայացնեմ ձեզ, — պատասխանեցի ես:

Ուրեմն մեր պաշտոնատարը կընկերակցե ձեզ, տվեք նրան անցաթուղթը, որ բերե, իսկ մենք նրա համարը մեր գրքերի մեջ արձանագրելուց հետո, անմիջապես կվերադարձնենք ձեզ:

Շատ լավ, — պատասխանեցի ես և պաշտոնատարի հետ դուրս եկա:

Հասնելով տուն առաջին գործս այն եղավ, որ վազեցի պայուսակս վերցնելու, որովհետև անցաթուղթս նրա մեջ ունեի պահած: Բայց որքան մեծ եղավ զարմանքս, երբ պայուսակս մահճակալի տակ չտեսի, ես նրան միշտ այնտեղ էի պահում և չէր կարելի, որ մի ուրիշը փոխադրած լիներ այնտեղից մի ուրիշ տեղ: Հանկարծ միտքս եկավ, որ փախուստի գիշերը նրան պետք է վերցնեի ինձ հետ, բայց մոռացա և տանը թողի: «Ուրեմն քույրս վերցրած կլիներ նրան մի ապահով տեղ դնելու համար» մտածեցի ինքս ինձ և դիմեցի քրոջս մոտ:

Դու նրան անպատճառ շոգենավումն ես մոռացել, — նկատեց ինձ քույրս, — այնպիսի շփոթված դրության մեջ իհարկե, դու նրան վերցնելու վերա չէիր մտածիլ:

Ի՞նչ ես խոսում, քույրիկս, այն երեկո ես ինձ հետ չեմ տարել իմ պայուսակս. ես մինչև անգամ լավ հիշում եմ, որ ճանապարհին փեսան հիշեցրեց ինձ, որ ես մոռացել եմ նրան, իսկ ես պատասխանեցի, որ պայուսակս ինձ չի պիտի հարկավորվի մինչև Բ., ուստի մի դժբախտություն էլ չէ, որ մոռացել եմ նրան:

Այդ ճշմարիտ է, դու մոռացել էիր նրան, պատասխանեց քույրս, բայց մինչև այգին դեռ հասած չէիք լինի՝ որ մի տղայի ղրկեցիք ինձ մոտ թե՝ «Պայուսակս մոռացել եմ, շուտ ղրկիր, ճանապարհին սպասում ենք»: Ես էլ տվի տղային և նա բերավ ձեզ:

Կատա՞կ ես անում, քույրիկս, — բացականչեցի ես շփոթված, — մենք այդպես տղա չենք ուղարկել քեզ մոտ, մենք պայուսակ չենք պահանջել:

Կատա՞ կ, ինչու՞ համար, ես քեզ իրողություն եմ պատմում:

Ես մնացի արձանացած: Ո՞վ պետք է լիներ այդ տղան, և կամ ի՞նչ կարող էր իմանալ նա, թե ես պայուսակ եմ մոռացել տանը: Այս ճարպիկ հափշտակությունը ինձ ապշեցնում էր:

Բայց այդ ժամանակ վերա հասավ փեսաս և հանելուկը լուծեց:

Հիշո՞ւմ ես, — ասաց նա, — որ այն երեկո այգու ճանապարհովն անցնելու ժամանակ ես հիշեցրի քեզ պայուսակի մոռացման մասին, և դու բարձրաձայն պատասխանեցիր թե՝ «Ոչինչ, ես իմ պայուսակին հարկավորություն չեմ ունենալ մինչև Բ.», այդ ժամանակ անցավ մեր մոտից Կլեմեսը...

Ա՛ , այժմ հասկանում եմ... նա է ճարպկությամբ՝ տանել տվել պայուսակս, այդ անիծյալը մի քանի օր առաջ եկավ և վարպետությամբ տեղեկացավ, թե արդյոք անցաթուղթ ունի՞մ ես. նա մինչև անգամ տեսավ, թե որտեղ եմ պահում նրան: Եվ որովհետև նա առաջուց տեղեկացել էր նավաստիից ամեն բան, ուստի մեր կառքով անցնելն էլ տեսնելով շտապել է հարմար րոպեից օգուտ քաղել:

Պաշտոնատարը դրսում ինձ սպասում էր, ես մնացել էի տարակուսված, և չգիտեի ինչ պատասխանել նրան: Մի րոպե ցանկացա դիմել սարկավագին և խնդրել նրան հետ դարձնել ինձ անցաթուղթս, բայց մտածելով, որ նա հենց այն դիտավորությամբ է ձեռք գցել, որ կարողանա պատժել ինձ, ես թողեցի այդ միտքը: Ի՞նչ զենքով կարող էի ես համոզել այդ երիտասարդին, որ նա կարեկցեր ինձ:

Ինձ բարություն անելու տեղ, ճիզվիթների այդ արբանյակը կարող էր մինչև անգամ մեղադրել ինձ զրպարտության մեջ և նորանոր փորձանքներ բերել իմ գլխին: Այժմ ես վախենում էի նրանից նույնչափ, որչափ և յուր ուսուցիչներից: Ինձ մնում էր դիմել ոստիկանատան և հայտնել նրա վարչությանը ճշմարիտ իրողությունը: Եվ ես գնացի:

Բայց ոստիկանական պաշտոնյան ո՞չ միայն սառնությամբ լսեց իմ պատճառաբանությունը, այլև վերջում մի հեգնական ժպիտ և խորհրդավոր հայացք ուղղեց դեպի ինձ, որով ուզում էր հասկացնել, թե ինքն արդեն գիտե, որ ես ստախոսում եմ, բայց չէ կամենում իմ հանցանքը բռնել իմ երեսին...

Ոչինչ այնքան վիրավորական չէ, քան թե այն շնորհը, որով մարդիկիբր քեզ հանցավոր ճանաչելովքաղաքավարությամբ լռության են տալիս այն հանցանքը, որը դու չես գործել, բայց որին քեզ իրենք հեղինակ են ճանաչում...

Իմ զեկուցումը լսելուց հետո պաշտոնյան ներս մտավ ոստիկանապետի մոտ: Մի քառորդ ժամ այնտեղ խոսակցելուց հետո դուրս եկավ և խնդրեց ինձ ներկայանալ ոստիկանապետին:

Ձեզ վերա մեծամեծ ամբաստանություններ կան, — ասաց ինձ ոստիկանապետը, երբ ես ներս մտնելով ողջունեցի նրան, — այդ ամբաստանությունները գրավոր կերպով ներկայացրել են ինձ ամենանշանավոր մարդիկ, — Սարատովի ավագերեցը Ֆրանցիսկոս Լորենտանո և քաղաքիս մեջ մեծ անուն և հարգանք վայելող զույգ քահանաներ՝ պատեր-Սիմոնը և պատեր-Պետրեն: Բացի այն, որ ամբաստանությունը ներկայացնողները վարկ և կշիռ ունեցող անձնավորություններ են, նույնիսկ ամբաստանությունը պարունակում է յուր մեջ անհերքելի փաստեր և ապացույցներ: Ամբաստանության մեջ ասված է, որ դուք մի փախստական եք և խռովարար: Առաջինը հաստատում եք ինքներդ չկարողանալով ներկայացնել մեզ ձեր անցաթուղթը, որի համար մի ժամ առաջ ասում էիք, թե՝ ունի: Երկրորդ ամբաստանության համար էլ դեռ անկորուստ մնում են այն արձանագրությունները, որոնք վկայում են հասարակաց տան մեջ ձեր գործած սկանդալները, մի պատվավոր ընտանիքի աղջկան մոլորեցնելը և նրան վտանգավոր նավարկությամբ փախցնել կամենալը... և այլն: Ձեր առաջին հանցանքը ես ներեցի ի շնորհս իմ մի հարգելի բարեկամին: Վերջինի համար ես չեմ կարող ներողամիտ լինել, մանավանդ որ պաշտոնական ամբաստանագրով երեք պատվելի անձնավորություններ դատ են պահանջում ինձանից:

Ոստիկանապետը որքան խիստ, նույնչափ էլ դյուրահավատ մարդ էր երևում ինձ. ես սկսա սկզբից մինչև վերջը պատմել նրան իմ գլխով անցածները: Այսպիսի գավառական քաղաքներում առհասարակ վարչությանց գլուխները ավելի ժամանակ և հոժարություն են ունենում լսելու: Մեր ոստիկանապետը դեռ մի քիչ էլ ավելի ուներ: Հետևապես նա լսեց ինձ ոչ միայն համբերությամբ, այլև, մեծ զվարճությամբ:

Երբ ես վերջացրի, նա ծալեց յուր առաջ գրած ամբաստանագիրը և դնելով սեղանի մի անկյունում ասաց.

Այս թուղթը մենք կընդունենք իբրև մի զրպարտություն, և նրա վերա ուշրադրություն չենք դարձնիլ, որովհետեվ նրա մեջ հիշված ամբաստանությունները դուք կարող եք հերքել նույնիսկ դատաստանի առաջ, բայց ի՞նչ կարող եմ անել ես ձեր անցաթղթի համար: Ճշմարիտ է, ես հավատում եմ, որ նա կորած է, բայց օրենքի առաջ իմ հավատը նշանակություն չունի: Նա պահանջում է, որ անցաթուղթ չունեցողներն հետիոտն իրենց հայրենիքը ուղարկվին: Ձեր հակառակորդները շատ ճարպիկ են շարժել և օրենքի այդ տրամադրության համաձայն կպահանջեն ինձանից օրինաց ճշտիվ գործադրությունը: Ես չեմ կարող նրանց պահանջը չկատարել, որովհետև ինձ տերությունն է կերակրում, և ես պարտավոր եմ օրենքը սրբությամբ գործադրել. հակառակ դեպքում ես կպատժվիմ և կպատժվի ինձ հետ իմ ընտանիքը:

Ի՞նչ եք կամենում ուրեմն որ ես անեմ, — հարցրի ոստիկանապետին:

Դուք պետք է հեռանաք այստեղից:

Իսկ եթե չկարողանա՞մ:

Այն ժամանակ ստիպված կլինեմ օրենքի հրամանը գործադրել. ուրիշ ելք չկա:

Գոնե ինձ ժամանակ տայիք իմ հարսնացուն ինձ հետ վերցնելու...

Օ՛, դուք կամենում եք իմ ձեռքով հանցանք գործել, — շփոթված ընդհատեց ինձ ոստիկանապետը, — հետ առեք ձեր խոսքը, Եթե ես թույլատրեմ ձեզ ձեր կամքովը հեռանալ դա շատ մեծ զիջում է, որովհետև հենց այդ դեպքում էլ ես օրինաց հակառակ վարված կլինեմ: Օրենքը հրամայում է հետիոտ և պահապանների հսկողության ներքո: Հասկանո՞ւմ եք:

Ուրեմն դուք չե՞ք կամենում ինձ ժամանակ տալ:

Ես կամենում եմ, բայց չեմ կարող, դուք պիտի այնպես հեռանաք, որ ես այդ չիմանամ, ապա թե ոչ, պատերների կողմից կրկին անգամ զեկուցում ստանալուն պես ՝ ես կշտապեմ գործադրել օրինաց հրամանը:

Ընդդիմությունը կարող էր զայրույթ ծնեցնել: Ես խոստացա ոստիկանապետին առաջին շոգենավովն իսկ ճանապարհվիլ դեպի իմ հայրենիքը և դուրս գնացի:

ԱԿԱՄԱ ԶԻՋՈՂՈՒԹՅՈՒՆ

Վերադառնալով տուն, տեսա, որ քույրս և փեսաս անհամբեր սպասում էին ինձ: Իմ հայտնությունը, հակառակ իմ սպասածին, նրանց վերա տխուր տպավորություն չարավ: Ես զարմացա:

Դուք չե՞ք ցավում ուրեմն, որ ես այսքան անարդությամբ պիտի փախուստ տամ այստեղից, — հարցրի ես քրոջս վիրավորված սրտով:

Բնավ, ընդհակառակը մենք շատ ուրախ ենք, — պատասխանեց նա ժպտալով:

Ես ոչինչ չեմ հասկանում քո խոսքերից, մի փոքր ավելի պարզ խոսիր, — նկատեցի ես:

Ուրախ ենք նրա համար, որ քեզ միայնակ չենք ուղարկելու, մենք էլ պիտի ընկերակցենք քեզ. պատասխանեց քույրս: Երբ դու ոստիկանատանն էիր, մենք արդեն որոշեցինք այս բանը, որովհետև գուշակում էինք, թե ինչ հրաման պիտի ստանայիր ոստիկանությունից: Ես ավելի եմ ուրախ, որովհետև այս դեպքը առիթ կդառնա, որ ես ու փեսադ գոնե միանգամ կայցելենք մեր մորը և բարեկամներին: Ահա յոթներորդ տարին լրանում է, ինչ որ մենք բաժանվել ենք նրանցից:

Այդ բոլորը լավ. հապա Մարգարիտան. մի՞թե պիտի թողնենք նրան:

Իհարկե կթողնենք, — հարեց փեսաս, — մենք այնտեղ երկար չենք կարող ուշանալ: Մի ամիս չի տևի, և մենք կվերադառնանք: Այն ժամանակ դու էլ նոր անցաղթով կգաս մեզ հետ այստեղ, և ինչ դիտավորություն որ ունես, անարգել կկատարես: Այն ժամանակ դու ավելի սառնարյունությամբ գործ կբռնես:

Մի ամի՛ս..., ամբողջ մի ամիս չտեսնել Մարգարիտային... օ՛հ, այդ իմ ուժից վեր էև վերջապես ո՞ւմ հուսովն ենք թողնում նրան այստեղ:

Յուր մոր հուսով, — հարեց քույրս, — նա ավելի պակաս չէ սիրում յուր աղջկանը, քան թե դու և ես: Մարգարիտան այնքան խելոք աղջիկ է, որ համբերությամբ կտանե քո մի ամսվա բացակայությունը, մանավանդ որ այդ բանը առիթ կտա կրքերի խաղաղվելուն: Գուցե մինչև մեր վերադարձը կհեռանան այստեղից և պատեր-Սիմոնի օգնականները և այնուհետև հեշտ կլինի քեզ համար հաղթահարել նրան: Նույնիսկ Լուսինյանը կարող է այդքան ժամանակում խելքի գալ, ճանաչել յուր սխալները և զղջալ: Միով բանիվ այդ մի ամսվա բացակայությունդ շատ բարիք կարող է հառաջացնել թե՛ քեզ և թե՛ Մարգարիտայի համար: Գոնե դուք մի փոքր կկազդուրվիք, որովհետև հոգեկան անընդհատ հուզմունքներից երկուսդ էլ արդեն կորցրել եք ձեր առողջությունը:

Քրոջս խորհուրդները վատ չէին. ուղեղս խոնարհվում էր նրանց առաջ, միայն ապստամբըսիրտս էր. նա լսել անգամ չէր հանդուրժում:

Բայց ի՞նչ կարող էի անել: Նույնիսկ ոստիկանական հրամանը հարկադրում էր ինձ հեռանալ, — և ես նորանոր փորձությանը ենթարկվելու այլևս ուժ չունեի: Պետք էր վերջապես խոնարհվիլ ճակատագրի առաջ, պատվավոր ազատության ելք չկար: Եվ ես տվի իմ համաձայնությունը:

Մի օրից հետ արդեն առաջին շոգենավը ճանապարհվում էր: Քույրս ու փեսաս սկսան կարևոր պատրաստությունները տեսնել, իսկ ես շտապեցի հայտնելու սիրուհուս մեր դիտավորությունը:

Մենավոր խոսակցությանց համար իմ և Մարգարիտայի մշտական տեսակցությանց տեղը այգին էր: Կարևոր դեպքում. Մարգարիտան դուրս էր գալիս տնից Մարիի հետ, զբոսնելու պատրվակով, և ես նրան պատահում էի միշտ ծովափի մոտ գտնվող մեր մի սիրելի ծառուղիում:

Ուղարկելով Մարգարիտայի ժամադրությանս տոմսակը, քայլերս ուղղեցի դեպի այգին: Բայց ի՞նչպես պետք է ասեի նրան, թե հեռանում եմ քեզանից, այդ միտքը տանջում էր ինձ: Մեր հապճեպ ուղևորության ճշմարիտ պատճառը հայտնել չէի կարող, որովհետև նրա առանց այն էլ վշտացած սիրտը կրկնապատիկ կխոցոտվեր, մնում էր մի սուտ պատճառ հնարել, մի պատճառ, որը նա հերքել չկարողանար: Եվ ահա. այդ պատճառը գտնելու համար էր, որ ես հոգնեցնում էի իմ ուղեղը, բայց գտնել չէի կարողանում:

Շատ անգամ մեծամեծ խնդիրներ, որոնց լուծելու համար տարիներով պարապում են փորձառու գլուխները, լուծվում են ամենաչնչին և ամենաաննշան դիպվածներով: Այդպես էլ պատահեց ինձ հետ: Դեռ այգին չհասած հանդիպեց ինձ հեռագրական ցրիչը և տվավ ինձ մի հեռագիր, որը մի առևտրական գործի համար քաշել էր ինձ բարեկամներիցս մեկը: Հեռագրի տեսքը միայն բավական եղավ ինձ իմ որոնած պատճառը գտնելու:

«Կասեմ Մարգարիտային, որ մեր տնից հեռագիր ստացա, որով հայտնում են՝ թե մայրս մերձ ի մահ հիվանդ է և ինձ ուզում է» մտածեցի ինքս ինձ և ուրախացա: Պատրվակը ամենահարմարն էր, մանավանդ որ քույրս ու փեսաս ընկերակցում էին ինձ: Հենց այդ պատճառով էլ Մարգարիտան չէր կարող կասկածել իմ խոսքերի ճշմարտության վերա: Իսկ կրկին այստեղ վերադառնալուց, իհարկե, ես նրան կխոստովանեի ճշմարտությունը, բավական էր, որ մինչև իմ վերադարձը նա հանգիստ լիներ:

Բայց պետք էր հարկավոր դիպվածում ցույց տալ նրան հեռագիրը:

Այդ պատճառով ես կրկին վերադարձա տուն, պատրաստեցի այդ մտքով մի հեռագիր, և քրոջս ու փեսայիս էլ նախապատրաստելով շտապեցի Մարգարիտայի մոտ:

Սա արդեն մտախոհ ճեմում էր յուր սիրելի մենարանում, իսկ մի քանի քայլ հեռավորության վերա նստած էր Մարին:

Սիրելի Մարգարիտա, այսօր անախորժ լուր պիտի հաղորդեմ քեզ, — ասացի նրան ողջունելուց հետ:

Այնքան շատ անախորժ լուրեր եմ լսել, որ ականջներս սովորել են, — պատասխանեց նա տխրությամբ, — ասա, ես հանգիստ սրտով կլսեմ քեզ:

Следующая страница