Մուրացան՝   Պատմվածքներ

Զբոսանքից վերադառնալուց ետ, նույն օրը ևեթ Վարդուհին շտապեց ընկերուհու մոտ նրանից բացատրություն պահանջելու յուր օտարոտի վարմունքի համար, որովհետև նա Աննային շատ էր սիրում և չէր կամենում, որ իրենց բարեկամությունը մի որևէ իրեն անծանոթ գժտությամբ խախտվի:

Դու քո վարմունքով խոսացնել ես տալիս մարդկանց թե՛ իմ և թե՛ քո վերա, — պատասխանեց Աննան ընկերուհուն: — Մենք բարեկամներ էինք, ճշմարիտ է, նույնիսկ պարոն Մարությանին ճանաչելուց առաջ, և այդ ժամանակները դու ինձ այցելում էիր հազիվ շաբաթը մի անգամ: Իսկ այն օրից սկսած, երբ Մարությանը հաճախում է մեզ մոտ, դու գրեթե՝ շաբաթվա չորս օրը նրա հետ մեր տանն ես լինում: Դրանով դու առիթ ես տալիս, որ ուրիշները բամբասեն մեզ ու հազար ու մի տգեղ պատմություններ հյուսեն մեզ համար...

Ի՞նչ պատմություններ են հյուսում, օրինակ, — հարցրեց Վարդուհին, — պատմի՛ր ինձ գոնե մեկը:

Ա՛յ, օրինակ, ասում են, որ դու սիրում ես նրան, որ մեր տունը ձեր սիրակցությունների ժամադրության տեղն է, որ ես ձեր սիրակցական հարաբերությունների միջնորդն եմ և այլն, և այլն: Այս բոլորը թե՞ մեր տան և թե՞ մասնավորապես ինձ համար անպատվաբեր լուրեր են. ես սաստիկ վիրավորված եմ. պետք է անպատճառ վերացնել մեջտեղից այդ խոսք ու զրույցների շարժառիթը:

Ուրեմն ե՞ս եմ քո կարծիքով այդ բոլորի մեջ հանցավորը, — հարցրեց Վարդուհին:

Անկասկած:

Ի՞նչ կկամենայիր, որ ես անեի քեզ գոհացնելու համար:

Ինձ գոհացնել հարկավոր չէ, պետք է խոսող բերանները լռեցնել:

Իսկ դրանց լռեցնելո՞ւ համար

Պետք է դադարես միառժամանակ մեզ մոտ հաճախելու:

Վարդուհին լռեց և մի քանի րոպե ընկավ մտածության մեջ: Հետո աչքերը բարձրացնելով ուղղեց յուր հայացքը ընկերուհու անհանգիստ դեմքին և հարցրեց,

Անկեղծ եղի՛ր ինձ հետ: Անիչկա՛, ինչպես անկեղծ էիր մինչև այսօր, խոսողները լռեցնելու համա՞ր ես կամենում, որ ես չհաճախեմ ձեզ մոտ, թե քո սրտի իսկական ցանկությունն է այդ:

Խոսողները լռեցնելու համար միայն:

Անկեղծ սրտո՞վ ես խոսում:

Բոլորովին անկեղծ:

Շատ լավ, ուրեմն ես դեռ կարող եմ խոստովանել քեզ իմ սրտի գաղտնիքը:

Գաղտնի՞քը, մի՞թե դու գաղտնիք ունիս և մինչև այժմ ծածկել ես քո ընկերուհուց, — խորամանկությամբ հարցրեց Աննան:

Այո՛, Անիչկա, հոգյակս, հասարակությունը չի խաբվում, խոսողները չեն ստում, ես սիրում եմ Տիրանին...

Աննայի դեմքը մռայլվեցավ. Վարդուհու խոստովանությունը կայծակի մի հարված էր նրա համար:

Վերջապես դու այդ խոստովանեցիր, Վարդո՛, բայց ես վաղուց էի գուշակում քո հանցավոր դիտավորությունը, — դառնությամբ նկատեց նա ընկերուհուն, — դու ի չարն ես գործ դրել իմ տան բարեկամությունը և այդ պատիվ չէ բերում, քեզ:

Ինչո՞վ եմ ես հանցանք գործել կամ դավաճանել ձեր տան բարեկամությունը, — վրդովված հարցրեց Վարդուհին:

Նրանով, որ դու հափշտակում ես ինձանից իմ սիրած անձը, և այն էլ իմ տան մեջ, գաղտնի, գողունի...

Վարդուհին հասկացավ, որ յուր ընկերուհին յուր հակառակորդն էր, բայց սխալն ուղղելու էլ ճանապարհ չկար:

Տիրանի մասի՞ն է քո խոսքը, — մեղմությամբ հարցրեց նա:

Այո՛, նրան ես եմ սիրում և ես պիտի սիրեմ, իսկ դու նրան պիտի մոռանաս:

Վարդուհին ժպտաց յուր ընկերուհու պարզության վերա:

Նրան մոռանա՞լ, և դու կարծում ես, թե կարելի է այդպես հեշտությամբ սրտի զգացմունքներին հրամայել:

Կարելի է, թե ոչ, այդ ես չգիտեմ, բայց հաստատ գիտեմ, որ դու պիտի մոռանաս նրան, որովհետև նա իմ ընտրած փեսացուն, իմ ապագա ամուսինն է:

Քո փեսացո՞ւն, քո ամուսի՞նը և դու կատակ չե՞ս անում:

Բնավ:

Իսկ քո ծնողները, իսկ Մարությանը, մի՞թե նրանք արդեն տվին իրենց համաձայնությունը, — անհանգստությամբ հարցրեց Վարդուհին, կարծելով թե սա արդեն վերջացած գործ է:

Ես նրանց համաձայնության պետք չունիմ, — վճռաբար պատասխանեց Աննան:

Վարդուհին հանգստությամբ շունչ քաշեց և ապա հեգնությամբ նկատեց:

Այո, ես մոռացել էի. չէ՞ որ դու նոր վարդապետություն էիր քարոզում, երևի իմ խորհուրդը չես մոռացել և առաջին օրինակը, ինչպես խոստացար, քեզանից ես տալիս: Ուրեմն շնորհավորում եմ: — Այս ասելով նա բարձրացավ տեղից և մի նետող հայացք ձգելով յուր պարզամիտ ընկերուհու վերա, ասաց. «Ես կատարում եմ քո ցանկությունը, Անիչկա, և հեռանում եմ քեզանից, բարեմաղթելով քեզ հաստատակամություն քո ընտրության մեջ. իսկ ես կաշխատեմ մոռանալ Մարությանին, քանի որ նա քո ընտրած փեսացուն է: Ինչ վերաբերում է մեր բարեկամությանը, մենք նրան կշարունակենք, երբ դու արդեն ամուսնացած կլինես, իսկ մինչև այն ես չեմ խանգարիլ ձեր տեսակցությունները…»: Այս ասելով նա դուրս գնաց:

Վարդուհու որոշումը մի ներքին ուրախություն պատճառեց Աննային, որովհետև նրանով նա ազատվում էր յուր վտանգավոր հակառակորդից, մանավանդ որ ճանաչում էր Վարդուհու ինքնասիրության չափը և գիտեր, որ նա այլևս հետամուտ չէր լինիլ Մարությանին»:

Թեպետ Աննայի ծնողները մեծ հարստության և հայտնի անվան տեր էին քաղաքում, իսկ ինքը՛ օրիորդը շատ հարուստ օժիտ ուներ և այս բավական էր մի աղջկան՝ մեր ժամանակի ամենալավ փեսաներին յուր ետևից քարշ տալու համար, այսուամենայնիվ օրիորդ Աննան վախենում էր կարողությամբ և անունով իրենից ստոր Վարդուհուց, որովհետև վերջինս գերազանցում էր նրան յուր գեղեցկությամբ: Օրիորդ Լազարյանն այնքան միամիտ չէր, որ չգիտենար, թե դեռ գտնվում են աշխարհում հիմարներ, որոնք գնահատում են գեղեցկությունը և գերադասում են նրան հարստությունից, և որ Մարությանը կարող է այդ հիմարներից մինը լինել: Եվ ահա՛ հենց այս տեսակետից կարևոր էր, որ Մարությանը այլևս չտեսներ Վարդուհուն: Աննայի այդ ցանկությունը կատարված էր:

Գ

Այս անցքից հետո Վարդուհին այլևս չայցելեց յուր ընկերուհուն և աշխատում էր մոռանալ Մարությանին: Թեպետ նա բոլորովին հակառակ համոզմունք ուներ այդ երիտասարդի վերաբերությամբ և հավատում էր, որ նա ոչինչով չի զանազանվիլ արդի նյութապաշտ երիտասարդներից, մանավանդ երբ գործը ամուսնության վերաբերեր և հետևապես Լազարյանների հարուստ աղջկան, նա ավելի կգնահատեր, քան իրեն, այսուամենայնիվ փափագում էր իմանալ, թե արդյոք նա յուր մասին տածե՞լ էր երբևիցե մի քնքուշ զգացմունք, կամ գուշակե՞լ էր, որ ինքը սիրում է նրան:

— «Ո՞վ գիտե. գուցե հենց նա ինքն էլ սիրում էր ինձ, բայց հարմարություն չունեցավ ինձ յուր սիրտը բանալու, — երազում էր երբեմն ինքն իրեն Վարդուհին, — և եթե արդարև նա սիրում լիներ ինձ, և եթե այս բանը ես մի կերպ կարողանայի իմանալ, օ՛ ես ուշադրություն չէի դարձնիլ ո՛չ օտարների բամբասանքին, և ո՛չ իմ ընկերուհու սպառնալիքներին, ես ինքս կերթայի պտրտելու նրան հենց յուր տան մեջ, ես առաջինը կբանայի նրան իմ սիրտը, ես կասեի նրան՝ Տիրա՛ն, սիրում եմ քեզ, Տիրա՛ն, ես խելագարված եմ քեզմով... Եվ նա, օ՛հ, եթե մի անգամ լսեի նրա բերանիցհենց մի խոսք, հենց մի բառ, որ նա սիրում է ինձ, ես իսկույն կփարվեի նրա վզով, կսեղմեի նրան իմ կուրծքի վերա, և այնպես կպահեի իմ գրկում երկա՛ր, շա՛տ երկարԵվ այնուհետև, օ՛հ, ինչպե՛ս մենք երջանիկ կլինեինք, ինչպե՛ս կփափագեի, որ բոլոր աշխարհն իմանար, որ մենք երջանիկ ենք…»: Այս և սրա նման գողտր երազներով շատ անգամ Վարդուհին փայփայում էր իրեն, բայց և հակառակ ու տխուր գուշակություններ անպակաս էին նրա գլխում:

Մի օր, երբ նա ըստ սովորականին, նստած յուր սիրելի պատուհանում, զբաղված էր նմանօրինակ մտածմունքներով, հանկարծ հայտնեցին նրան, որ պարոն Մարությանը ցանկանում է յուր հետ տեսնվիլ: Խեղճ օրիորդը քիչ մնաց, որ պատուհանից գետին չգլորվեր, նա շտապեց ընդունարանը ու հրամայեց աղախնին ներս հրավիրելու: Բայց մինչև երիտասարդի գալը ինչե՛ր չանցան նրա գլխից: Նա հավատաց իսկույն յուր երազներին և կարծում էր, որ Մարությանը երկար ժամանակ յուր տեսությունից զրկված լինելով, վերջապես վճռել էր իրենց տունը գալու: Եվ հենց որ դահլիճի մեջ նրա ոտնաձայնը լսվեցավ, խեղճ աղջկա սիրտը սկսեց անհանգստությամբ բաբախել: Վերջապես սիրելի երիտասարդը ներս մտավ: Վարդուհին կորցրեց յուր քաջությունը, շփոթվեցավ և քիչ էր մնում, որ մի հիմար շարժմունքով չմատներ յուր սրտի բոլոր հուզմունքը:

Բայց շուտով գիտակցության գալով նա կարողացավ զսպել իրեն և միայն երիտասարդի հետ ձեռք սեղմելու ժամանակ զգաց, որ յուր ձեռքը դողաց:

Ձեր երկար բացակայությամբ դուք պատժեցիք ինձ, օրիորդ, — սկսավ խոսել Մարությանը, — վերջին օրերս ես մտադիր էի մի խոստովանություն անել ձեզ, հուսալով, որ դրանով կօգնեի իմ սրտի անդորությանը, դժբախտաբար դուք հենց այդ օրերում զրկեցիք ինձ ձեր տեսակցություններրից: Ավելի տանել չկարողանալով ձեր բացակայությունը, ես վճռեցի ուղղակի գալ այստեղ, և ձեր առաջ բանալ իմ սիրտը: Միայն չգիտեմ, դուք իրավունք կտա՞ք ինձ վստահանալ ձեր բարեսրտության վերա:

Վարդուհին յուր ականջներին չէր հավատում, նա քիչ էր մնում, որ ուրախությունից խելագարվեր: Եվ իրավ, էլ ուրիշ ի՞նչ էր մնում նրան, եթե ոչ հաստատապես կարծել, որ Մարությանը սիրում է իրեն և որ նրա բոլոր խոսքերը մի նախերգանք էին այդ սիրո խոստովանության համար:

Եթե մի խոստովանանք ունիք, կարող եք վստահանալ ինձ վերա, — պատասխանեց Վարդուհին ժպտալով և շառագունելով:

Այո՛, և՛ խոստովանանք, և՛ խնդիր, բայց առաջ խոստացեք, օրիորդ, որ դուք կկարեկցեք ինձ և կկատարեք իմ խնդիրը:

Հավատացեք, որ ես նույնպես զգայուն եմ, որքան և դուք, իսկ ձեր խնդիրը կատարել կարողանալու համար, ես գործ կդնեմ իմ բոլոր ուժը:

Այժմ ես ձեզ կբանամ իմ սիրտը: Գիտե՞ք, օրիորդ. ա՛յն օրից ի վեր, երբ ես առաջին անգամ ոտք դրի Լազարյանների տունը և ծանոթացա ձեզ և ձեր ընկերուհու հետ, օրիորդ Աննան ինձ գրեթե դյութել է: Այն օրից սկսած ես մի րոպե անգամ նրան չեմ մոռանում...

Վարդուհին իսկույն հիասթափվեցավ և նրա երեսի շառագույնը փոխվեց դալկության: Նա տեսավ, որ Մարությանի սիրո խոստովանությունն ուրիշին էր վերաբերվում, իսկ իրեն միայն մնում էր հուսախաբությունը... Այսուամենայնիվ նա աշխատեց ծածկել յուր ներքին ալեկոծությունը և կեղծում էր, իբր թե շատ հետաքրքրությամբ լսում էր յուր խոսակցին:

Երիտասարդը երևի ոչինչ փոփոխություն չնկատեց նրա վերա և շարունակում էր.

Առաջին անգամները ես աշխատում էի զգույշ լինել և չգրավվիլ նրանով, որովհետև ճանաչում էի իմ և նրա ծնողաց անհավասարության չափը, բայց իմ աշակերտուհու հայացքներն ավելի զորեղ էին, նրա կրակոտ աչքերը հաղթեցին իմ հաստատակամությանը և ես իմ բուռն զգացմունքներին դիմադրել չկարողանալովթույլ տվի, որ նրանք իմ անզոր իմացությունը կառավարեն...

Եվ այսպես, ես սկսա սիրել նրան և իմ սերը աճում էր վայրկյաններով: Քանի-քանի անգամ ես որոշեցի իմ մեջ հայտնել նրան իմ զգացմունքը, բանալ նրան այս դժբախտ սիրտը, խոստովանել, որ ես սիրում և պաշտում եմ նրան, բայց յուրաքանչյուր անգամին էլ ես կորցնում էի իմ քաջությունը: Վերջապես ես որոշեցի գոնե ձեզ, ինչպես իմ հարազատ քրոջս, բանալ իմ սիրտը և խնդրել ձեր աջակցությունը այս գործում: Եվ երբ հակառակ սովորականին այսքան օր շարունակ ձեզ տեսնել չկարողացա այնտեղ, ինքս ահա եկա այստեղ աղաչելու ձեզ, օրիորդ, որ խղճաք ինձ վերա, հայտնեք ձեր ընկերուհուն իմ խոստովանությունը և ազատեք ինձ տարտամ դրությունից: Եթե նա ինձ չի արհամարհում, եթե նա կարող է բաժանել իմ զգացմունքները, թող ձեր միջոցով հայտնե ինձ յուր կամքը, ես պատրաստ եմ ամեն ինչ զոհելու, միայն թե ազատորեն նրան սիրել և նրանից սիրվել կարողանամ: Իսկ եթե իմ առաջարկությունը նա հանդգնություն է համարում, խնդրում եմ ձեզ, օրիորդ, որ դուք ինքներդ անկեղծաբար հայտնեք ինձ այդ և հավատացեք, որ ես այնուհետև բավական ուժ կունենամ իմ զգացմունքները հաղթահարելու: Ում որ վիճակված է դժբախտ լինել, նա պիտի հնազանդվի յուր ճակատագրին:

Ինչ դժոխային տանջարան ավելի անողոք կերպով կարող էր կեղեքել մի մարդու հոգին, քան այս խոստովանությունը թշվառ Վարդուհու սիրտը: Այդ երիտասարդը, որին նա սիրել և գողտր զգացումներով փայփայել էր յուր սրտում, այժմ յուր առջև նստած, ուրիշի սիրո խոստովանությունն է անում: Ադամանդյա սիրտը միայն կարող է դիմանալ բախտի այդ տեսակ խաղերին: Իսկ մի աղջիկ, որի սիրտը հավասարապես թույլ է և՛ սիրելու, և՛ նախանձելու մեջ, յուր խելքն անգամ կկորցներ այդպիսի տխուր զուգադիպության ժամանակ:

Բայց Վարդուհին միայն մի փոքր տատանվեցավ, իսկ հետո սկսավ սառնասրտությամբ լսել Մարությանին մինչև սրա ամենավերիջն խոսքը: Երբ երիտասարդը ավարտեց, նա ծանրությամբ պատասխանեց.

Որովհետև դուք արդեն խոստովանեցիք ինձ ձեր սրտի գաղտնիքը, ես էլ ուրեմն կհայտնեմ ձեզ իմ ընկերուհու խոստովանությունը: Նա ձեզ սիրում է, չգիտեմ ի՞նչ չափով և որքա՞ն, բայց գիտեմ, որ նա ձեզ իրեն փեսացու է ընտրել և ձեզ յուր ապագայի ամուսինն է անվանում:

Մարությանը հանկարծ վեր թռավ յուր աթոռից, ինչպես մի աղքատ, որը հանկարծ մի մեծ հարստության է հանդիպել, և ուրախությունից քիչ էր մնում, որ Վարդուհու ոտքերին չփաթաթվեր:

Օրիորդ, դուք ինձ խելագարեցնելու չափ ուրախացնում եք, կրկնեք ձեր ավետիքը, աղաչում եմ. ես ցանկանում եմ, որ նա ճիշտ լինի: Օ՛, դուք չգիտեք, թե ես ո՛րքան եմ սիրում նրան...

Կարող եք կատարելապես վստահ լինել իմ խոսքերի ճշմարտության վերա. ինչ որ ես ասացի ձեզ, դրանք օրիորդ Աննայից լսածներս են:

Մարությանն ուրախությունից չէր կարողանում խոսել, նա կարծես այլևս երկրի վերա չէր ապրում, և փոխվել էր իմանալյաց երջանիկ աշխարհը... Բայց երբ մի փոքր սթափվեցավ, հարցրեց Վարդուհուն.

Ուրեմն առանց քաշվելու կարո՞ղ եմ այս խոստովանությունն անել իրեն՝ օրիորդին:

Անկասկած, քանի որ նա ինքն է առաջինը խոստովանել, որ ձեզ սիրում է:

Իսկ նրա ծնողները, օրիորդ, կհամաձայնե՞ն արդյոք Աննայի ձեռը տալ ինձ:

Այդ հարցին պատասխանելը արդեն իմ կարողությունից վեր է: Այդ մասին ինքն օրիորդը կարող է ավելի ճիշտ պատասխան տալ ձեզ:

Մարությանին այլևս երկարելու ոչինչ չէր մնում, նա վեր կացավ տեղից, անկեղծ և սրտեռանդ շնորհակալություն արավ Վարդուհուն յուր տված տեղեկությունների համար և դուրս գնաց ամենաուրախ տրամադրության մեջ:

Վարդուհին մնաց միայնակ, տխուր և հուսահատ:

— «Երեկ այս ժամանակ ես դեռ հույսերով խաբում էի ինձ, — ինքն իրեն մտածում էր նա, — գուցե Տիրանը ինձ սիրում է, գուցե մենք դեռ երջանիկ կլինենք, երազում էի ես, իսկ այսօր, ավա՛ղ, այդ մխիթարությունն էլ խլեցին ինձանից... Այժմ էլ ոչինչ չէ մնում ինձ, բացի մի տխուր հիասթափություն իմ գողտրիկ և սիրապատար երազներից...Բայց ի՞նչ, մի՞թե ես իրավունք ունեի սպասել այդ երիտասարդից, որ նա սիրեր ինձ. չէ՞ որ նա գիտեր, որ ես հարուստ չեմ, որ ես օժիտ չունիմ... իսկ սիրտը ո՞վ է քննում, ո՞վ է գնահատում նրան: Թող աղջիկը փող բերե յուր փեսացուին և նրա հետ էլ թեկուզ մի երկաթե սիրտ, հոգ չէ, ամուսնությունը դարձյալ երջանիկ կլինի, բավական է, որ շռայլելու ցանկությունը չխեղդվի...

Այս և սրա նման մտածմունքներ երկար ժամանակ տանջում էին Վարդուհուն, մինչև որ մայրը ընդունարան մտավ Մարությանի այցելության պատճառն իմանալու: Մինչև այդ, Վարդուհին յուր սիրո արկածներից ոչինչ յուր մորը չէր հայտնել, բայց այս անգամ արդեն ամեն բան բացավ և մանրամասն պատմեց»:

Քո տխրությունն իզուր է, — ասաց նրան մայրը, — Մարությանը որքան էլ որ զարգացած և նշանավոր լինի, և Աննան որքան էլ սիրահարված չլինի նրա վերա, դարձյալ Աննայի ծնողները նրան աղջիկ չեն տալ, հանգիստ եղիր, նա վերջ ի վերջո էլի կմնա քեզ համար:

Ինձ համա՞ր. բնավ, վերջ ի վերջո մնացողներ ինձ համար հարկավոր չեն:

Ինչո՞ւ, չէ՞ որ դու նրան սիրում ես, — զարմացած հարցրեց մայրը:

Ես նրան սիրում էի մինչև այժմ և գուցե հենց մի քանի ժամ սրանից առաջ, բայց այս րոպեին ես նրան արհամարհում եմ:

Մայրը աղջկա խոսքերից ոչինչ չհասկացավ, բայց բացատրություն էլ չպահանջեց: Իսկ այնուհետև այլևս երկար ժամանակ Մարությանի մասին խոսք ու զրույց չեղավ նրանց տանը:

Դ

Հետևյալ առավոտը, որոշյալ ժամին, Մարությանն արդեն յուր սիրուհու մոտ էր: Քաջալերված Վարդուհու տված տեղեկություններով, նա խոստովանեց Աննային յուր սրտի սրբազան գաղտնիքը, պատմեց նրան, թե ինչպե՛ս երկար տանջվել էր նրա սիրով, թե քանի անգամ որոշել էր ընկնել նրա ոտքերի մոտ և խոստովանել նրան յուր հրաբորբոք սերը թե ի՛նչպես ամեն անգամ էլ անզոր է գտնվել այդպիսի հանդուգն քայլ անելու, և այլն:

Օրիորդը նստել էր երիտասարդի առաջ բոլորովին զգացված նրա պատմություններով: Նրա դեմքն ամբողջ ժամանակ շառագունված էր և ուրախությունից փայլում էր մի անսովոր կրակով: Վերջացնելով յուր պատմությունը, Մարությանը ծունկ չոքեց Աննայի առաջ և խնդրեց նրան բախտավորացնել իրեն յուր պատասխանով:

Ես ձեզ սիրում եմ, կարող եք վստահ լինել, — լակոնաբար պատասխանեց օրիորդը, — և իբրև ապացույց յուր խոսքերի ճշմարտության, պարզեց յուր փոքրիկ և գեղեցիկ ձեռքը դեպի ծնկաչոք սիրահարը, որը նա քնքշաբար բռնելով ջերմաջերմ համբույրներով ծածկեց:

Սիրո դաշնը արդեն կռված էր: Այդ պատճառավ և դասատվության ժամերը սկսան այնուհետև ծառայել սիրահարական տեսակցություններին:

Ճշմարիտ է, Աննայի ծնողաց համար երբեմն զգալի կերպով երկարում էին այդ ժամերը, բայց դրա համար նրանք ուրախ էին, որովհետև հավատում էին, որ աշխատասեր վարդապետը յուր ամսական ռոճիկի համեմատ է աշխատում:

Ե

Բայց Աննայի համար օրստօրե զգալի էր դառնում Վարդուհու վերաբերմամբ յուր գործած հանցանքը: Նա չէր կարողանում մոռանալ, որ յուր միակ և մտերիմ ընկերուհուն նա անպատվությամբ հեռացրել էր յուր տանից: Եվ այժմ, երբ ինքը արդեն երջանիկ էր համարում իրեն Մարությանի սիրուն արժանացած լինելովն, մյուս կողմից էլ կարևոր էր համարում սփոփել յուր զրկված ընկերուհուն: Այդ պատճառով որոշեց անձամբ այցելել նրան և ներողություն խնդրել նրանից յուր պատճառած վիրավորանքի համար:

Առաջին անգամ երբ նրանք հանդիպեցան միմյանց, ամեն գժտություն մոռացած էին, երկուսն էլ մի անգամ վազեցին և ջերմ սիրով գրկեցին իրար, ինչպես երկար ժամանակով միմյանցից հեռացած հարազատներ:

Այդքան սիրալիր ընդունելություն ես չէի սպասում քեզանից, Վարդո, և սպասելու էլ իրավունք չունեի, — առաջին անգամ խոսեց օրիորդ Աննան, — ես այնքան կոպիտ կերպով վարվեցա քեզ հետ իմ տան մեջ, որ էլ քո ներողության արժանանալու հույս չունեի, թեպետ քեզանից ներողություն խնդրելու համար եմ եկել:

Անցյալից ես ոչինչ չեմ հիշում, հոգյակս, և ցանկանում եմ, որ դու էլ ոչինչ չհիշեցնես, մենք մի օր անկեղծ ու մտերիմ ընկերուհիներ էինք, այսօր էլ նույնն ենք: — Դու ինձ հիացնում ես քո բարեսրտությամբ, Վարդո, բայց մյուս կողմից էլ տանջում ես, որովհետև իմ հանցանքի կնիքը անջնջելի է:

Ինչի՞ մասին է քո խոսքը, — պարզասրտությամբ հարցրեց Վարդուհին:

Դու ամեն բան գիտես, — երկյուղած ժպիտով պատասխանեց Աննան:

Ես ոչինչ չգիտեմ:

Ուրեմն դու ներո՞ւմ ես, որ սիրում եմ Տիրանին:

Օ՛, դրա մասին բնավ մի մտածիր, Տիրանը միայն քեզ է պատկանում, որովհետև նա միայն քեզ է սիրում:

Եվ դու դժգոհ չե՞ս նրա այդ զգացմունքից:

Երդվում եմ նրանով, ինչ որ սուրբ է ինձ համար, որ այն օրից սկսած, որ նա խոստովանեց ինձ յուր դեպի քեզ ունեցած սերը, ես այլևս նրա մասին չեմ մտածում: Եթե դուք անկեղծությամբ սիրում եք միմյանց, այդ ինձ ուրախացնում է. ես ցանկանում եմ որ դուք բախտավոր լինիք:

Դու հրեշտակի չափ բարի ես, Վարդո, արի, ես կամենում եմ քեզ համբուրել, — ոգևորված բացականչեց Աննան և ջերմությամբ սեղմեց ընկերուհուն յուր գրկում: Այսպիսով երկու բարեկամուհիները նորեն հաշտվեցան միմյանց հետ:

Զ

Վասիլ Իվանովիչ. — Օրիորդ Աննայի հայրը. հաղթանդամ, բարձրահասակ և հիսուն տարեկան մի տղամարդ,. կարմիր ու սափրած երեսով, զվարթ ձայնով, միշտ ծիծաղելու տրամադիր, բայց բարկանալու համար էլ դյուրապատրաստ, աստիճանավորների բարեկամ, կապալների սիրահար:

Մարիա Սերգեևնա. — Աննայի մայրը. դեռ քառասուն և հինգ տարեկան. խնամքով պահված դեմքով, գրավիչ աչքերով, մեծ քթով (որի մասին երկար ժամանակ նա տխրել էր), բնությամբ արհամարհող, պչրող, քրքրվող, և միայն ազնվականության երկրպագու:

Իշխան Դիմիտր Սոլոմոնովիչ Շախ-Մելիքով. — Մի շատ նշանավոր անձնավորություն (գոնե Թիֆլիսում այդպես էին ճանաչում նրան): Ծնվել է 1840 թվականին, մայիսյան գեղեցիկ օրերում, իշխանական ցեղի ծնողներից, սնվել ու մեծացել ամենաքնքուշ խնամակալության ներքո, առաջին տարիների կրթությունը ստացել մի քանի հազարանոց եվրոպացի դաստիարակուհիների ձեռքով: Գիմնազիական կուրսը շատ լավ է ավարտել, բայց համալսարանից վռնդվել է. պատճառը ոչ ոք չիմացավ, ասում էին, որ գեղեցիկ սեռի արժանիքը ճանաչելու ճաշակը խիստ զարգացած է եղել նրա մեջ, այդ պատճառով Պարիզը նրան գնահատել էր, մոտ տասնևհինգ տարի նա համեստությամբ ապրել էր այնտեղ, ուսումնասիրելով գեղեցիկ ֆրանսուհիների վարքն ու բարքը և շամպանիայի արդյունաբերության գաղտնիքը

Երբ նա բարեհաճեց վերադառնալ Կովկաս, արդեն քառասուն և հինգերորդումն էր. բայց այդ բանը արգելք չեղավ, որ աղջիկ ունեցող մայրերը նրան իրենց փեսաների կարգում չհաշվեին, մանավանդ, որ նա զտարյուն իշխան էր և ահագին քանակությամբ կալվածներ դեռ մնում էին նրան, որոնց նա չէր կարողացել մանրացնել Պարիզում:

Ինքնստինքյան նա բնությամբ բարի էր, առատաձեռն, ապրում էր շատ ճոխ և իշխանական անվան արժանավոր նիստ ու կացով: Արտաքին կերպարանքն էլ համապատասխան էր յուր անվան, մի բան էր միայն նրան պակաս, այն էլ շատ ուշ իմացան...

Լազարյանի տանը փառավոր խնջույք էր. իշխան Շախ Մելիքովը հրավիրված էր ընթրիքի, նրա պատճառով էլ հարյուրավոր մարդիկ և կանայք մասնակցում էին երեկույթին: Երկար ահագին դահլիճները, որոնք աչք շլացնելու չափ լուսավորված էին, խեղդվում էին հարուստ հյուրերի բազմությամբ: Դահլիճներից մեկի օթյակում թնդում էր եվրոպական երաժշտությունը, որը անհանգստացնում էր երիտասարդների և երիտասարդուհիների ոսկրները՝ ստիպելով նրանց գրկախառնված խումբերով թրթռալ դահլիճի մի ծայրից մյուսը, գրգռելով հասակավորների նախանձն ու բարկությունը: Դահլիճի մի ուրիշ անկյունում էլ կծկված էր ասիական մուզիկայի խմբակը յուր թառ ու դափով, դուդուկով ու քյամանչով և անզուգական դիպլիպիտոյով: Նրանց շրջապատած էին փոքրաթիվ գնահատողները և հիացմունքով լսում էին մահուռն ու հեյրաթին, սեգահը. Մնացած պարապ անկյուններն էլ մի քանի հաստ ու բարակ տիկիններ բամբասանքի համար էին հատկացրել, որովհետև իրենք չէին մասնակցում ոչ պարերին, ոչ մահուռին ու հեյրաթուն:

Վասիլ Իվանովիչի զվարթ ձայնը տիրում էր յուր հասակակիցների վերա և սազանդարների խումբն էր միայն նրանց հլու հպատակը: Մարիա Սերգեևնան կառավարում էր ռամս ու պրեֆերանս խաղացող սեղանները և բամբասող անկյունները, իսկ օրիորդ Աննան այդ երեկույթի միահեծան թագուհին էր, որ հրամայում էր պարերին ու երաժշտությանը, երիտասարդներին ու երիտասարդուհիներին:

Ի՞նչ եք խոսում, նա արդեն ընտրել է յուր փեսացուն, այժմ ո՞վ է մորը նայում, որ Անիչկան էլ նայեր. — կամացուկ խոսում էր հաստլիկ մի կին՛ աղջկերանց բախտով հետաքրքրվող յուր մի քանի ընկերուհիների հետ:

Ո՞վ է, հապա ասա, Նինո ջան, դու երևի գիտես:

Ես գիտեմ, բայց չեմ ասիլ:

Ի սեր աստծո, աղաչում ենք, խնդրում ենք, — թախանձեցին նրան մի քանի կողմերից:

Խոստանո՞ւմ եք, որ ոչովի բան չասեք:

Խոստանում ենք, խոստանում ենք:

Այ, տեսեք, դիվանի մոտ, կրեսլոյի վերա նստած:

Տեսնում ենք, այն գեղեցիկ երիտասա՞րդը:

Այո՛, հենց նա:

Ի՞նչ ես խոսում, Նինո ջան, նա խո Անիշկի վարժապետն է:

Հա, ի՞նչ է, վարժապետին չէ՞ կարելի սիրել:

Կարելի է. բայց Լազարյանները նրան աղջիկ կտա՞ն:

Երբ որ աղջիկը գնա՞:

Է՛, նրան ո՞վ մտիկ կտա:

Ով մտիկ կտա՞լավ եք ճանաչել Անիչկին:

Թողեք ես նրա մորից հարցնեմ, — մեջ մտավ մի երրորդը:

Չէ՛, չէ. այդպես բան չանես:

Ես ուրիշ բան կհարցնեմ, թողեք, — և նա սկսավ կանչել տանտիկնոջը:

Մաշա՛, Մաշա՛, — Մարիա Սերգեևնան թողեց յուր խոսակիցներին և կոտրատվելով անցավ մի խումբ երիտասարդների միջից և նրանցից ամեն մինին մի ժպիտ բաշխելով մոտեցավ իրեն կանչող բարեկամուհուն:

Մաշա՞ ջան, մի Անիչկիդ մտիկ արա՛ է:

Հա՛ ի՞նչ կա, մտիկ եմ անում:

Ախար էս բոյին, էս շենքն ու շնորհքին աղջիկն առանց փեսա կթողնե՞ն, մի ասա տեսնեմ, ե՞րբ ես նշանելու, է՛:

Նուշկա ջան, դուն իսկի դարդ մի անի, փեսաները քանիսն ուզես ջեբումս պատրաստ են, որն ուզենամ կհանեմ:

Չէ, չէ. Մաշա ջան, դու այն ասա, մեկ լավ տղա իսկի մտքումդ ունի՞ս, թե չէ:

Լավ տղա՞, այ, նրանից ավելի լավ տղա՞ , — և այս ասելով նա մատնացույց արեց իշխան Դիմիտրին, որը փառավոր շիկով կանգնած էր երիտասարդուհիների խմբի մեջ:

Խոսակից կանայք միմյանց նայեցին խորհրդավոր հայացքով:

Իմ Անիչկան հասարակ մարդու կին չի դառնալ. նա իշխանուհի պիտի լինի, — ավելացրեց Մարիա Սերգեևնան ե ծիծաղեց:

Ուրեմն կարո՞ղ ենք շնորհավորել, — հարցրին նրան մի քանի կողմից:

Կարող եք, բայց մի քանի օրից հետո, — պատասխանեց նա և ուրախ-ուրախ հեռացավ դեպի մի ուրիշ խմբակ, որ կանչում էր նրան:

Բայց Մարությանը դեռ հոգեկան արբեցության մեջ էր, դյութում էր նորից: Եվ ո՞րտեղից կարող էր նա գուշակել, թե այդ միևնույն րոպեին, երբ նա իրեն ամենից երջանիկ մարդն էր համարում, ընդհակառակն, ամենից դժբախտն էր: «Մի փոքր ժամանակից հետո մի այսպիսի երեկույթ էլ ինձ համար կպատրաստվի, — մտածում էր նա, — բոլոր քաղաքը կշնորհավորի մեր միությունը և Աննան հավիտյան իմս կլինի»:

Բայց չարաճճի աղջիկներից մի երկուսը լսել էին Մարիա Սերգեևնայի հայտնությունը և նրանք շտապեցին շնորհավորել Անիչկային նրա իշխանուհի դառնալը:

Դուք կատա՞կ եք անում, ես ձեզ չեմ հասկանում, — հարցրեց Աննան շփոթված:

Դու իզուր ես ծածկում, մենք գիտենք, որ այս երեկույթը իշխան Դիմիտրի համար է ստեղծված:

Դուք չեք սխալվում, այդ ճշմարիտ է:

Եվ իշխանը ձեր փեսացուն է:

Այդ սուտ է:

Ձեր մայրն ասաց:

Անկարելի է, — բացականչեց օրիորդը և շտապեց մոր մոտ, կանչելով նրան յուր առանձնարանը:

Հա, ի՞նչ է պատահել, Անիչկա, ինչո՞ւ համար ես վրդովված:

Դու իշխան Դիմիտրին քո փեսա՞ն ես համարում, — բարկացած հարցրեց օրիորդը:

Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել:

Ես դեռ խոսք եմ հարցնում:

Հա, ի ՞նչ է, չե՞ս հավանում:

Այդ վերջին խոսքը լինի նրա մասին, թե չէ ես այս րոպեին սկանդալ կանեմ ամբողջ դահլիճի մեջ:

Դու գժվել ե՞ս, Անիչկա, ի՞նչ է պատահել:

Իմ ամուսնության գործը ինձ է վերաբերում և ոչ թե ձեզ, խնդրում եմ այդ մասին էլ խոսք ու զրույց չանեք ոչ մի տեղ:

Բայց առաջ բանը հասկացիր...

Բավական է, էլ ոչինչ չեմ ուզում լսել, — զայրացած ընդհատեց օրիորդը մոր խոսքը և դուրս գնաց:

«Հիմա՛ր, հիմա՛ր», — շշնջաց նա և աղջկա ետևից դուրս գնաց դահլիճը:

Պարոն Մարությանը, որ հեռվից դիտում էր Աննայի ամեն մի շարժմունքը, շատ անհանգստացավ նրա վրդովված դեմքով դահլիճ մտնելը տեսնելով և հետևապես շտապեց պատճառն իմանալու:

Ոչինչ չկա, — հակիրճ պատասխանեց Աննան նրա հարցին:

Այդ անկարելի է, Անիչկա, դու չափից դուրս վրդովված ես, ես այդ տեսնում եմ:

Հավատացիր, որ ոչինչ չկա:

Չեմ կարող հավատալ, ես անհանգստությունից մեռնում եմ:

Բայց ես չեմ կամենում, որ դու էլ տխրես:

Օ՛հ, Աննա, մի՞թե կարող էի սպասել քեզանից այդ խոսքը, ինչո՞ւ համար պետք է ես ուրախ լինեմ, երբ դու արդեն տխուր ես:

Լա՛վ, արի, ես կասեմ քեզ պատճառը: — Եվ նրանք քաշվեցան դահլիճի մի անկյունը:

Իմ մայրը մտածում է ամուսնացնել ինձ այս հիմար իշխանի հետ, և այս խոսքը այս երեկո խոսացել է յուր մի քանի բարեկամուհիների հետ:

Աստված իմ, ի՞նչ եմ լսում, — սարսափով բացականչեց Մարությանը, — մի՞թե այդ հնարավոր է:

Իհարկե չէ. և ես նրան հասկացրի, որ այդ յուր գործը չէ, որ իմ ամուսնության խնդիրը միայն ինձ է վերաբերում:

Բայց ես վախենում եմ, Անիչկա, որ քեզ կխլեն ինձանից...

Ինձ կխլե՞ն. երբեք. ամեն բան կարող են անել դրանք, բայց բռնանալ իմ զգացմունքների վերա, այդ չեն կարող: Ես ավելի լավ կհամարեմ իմ կյանքից զրկվել, քան թե իմ Տիրանից:

Դու մի հրեշտակ ես, Անիչկա, մարդկային մարմնով աշխարհ իջած, — զգացված բացականչեց երիտասարդը և քնքշաբար սեղմեց սիրուհու աջը յուր ձեռների մեջ:

Բայց Աննայի մայրը հեռվից դիտում էր աղջկա բոլոր քայլերը. նա տեսավ, թե ինչպես Մարությանը մոտեցավ նրան, անհանգստությամբ հարցեր արավ և հետո թե ինչպես երկուսի մեջ սկսվեցավ մտերմական խոսակցություն: Մի թիֆլիսեցի կին, որ քառասունևհինգ տարի ապրել էր և սիրահարության ամեն չարն ու բարին սովորել, անկարելի էր, որ չհասկանար, թե ի՞նչ խոսք ու զրույց էր անցնում երիտասարդ խոսակիցների մեջ: Նա երկար դիտում էր նրանց: Հետո երբ բաժանվեցան, նա մոտեցավ Վարդուհուն, որը հենց նոր էր յուր պարընկեր ասպետից ազատվել և շնչասպառ հանգստանում էր աթոռի վերա, և խորամանկությամբ հարցվեց.

Վարդո ջան, երբ որ Անիչկան սիրում է եղել Մարությանին, դու ինչո՞ւ ինձ առաջօրեն չես հայտնել, ես ուրախությամբ կշտապեցնեի նրանց միությունը:

Ե՞ս, դուք էլ գիտեք, որ բավական ժամանակ է ձեզ հետ տեսնվել չէի կարողանում, — միամտությամբ պատասխանեց Վարդուհին, — բայց միշտ կարծել եմ, որ դուք արդեն գիտեք, և մանավանդ կարիք էլ չկար, որ ես այդ բանը ձեզ հայտնեի, որովհետև Անիչկան ինքն էլ շատ էլ ամաչկոտ չէ: Բայց ի՞նչ, մտադի՞ր եք շուտով ամուսնացնել նրանց:

Ես դեռ այս երեկո իմացա, իհարկե կամուսնացնեմ:

Այս երեկո՞, օ՛, նրանք շատ ժամանակ է, որ սիրում են միմյանց:

Ավելի լավ, միմյանց բնությունը լավ կճանաչեին, — պատասխանեց Մարիա Սերգեևնան և մի քանի հարց ու պատասխանից հետո հեռացավ:

Այս միջոցին Աննայի հորեղբայր Արտեմ Իվանիչը յուր հին դասընկեր իշխան Դիմիտրին յուր թևն առած մտերմաբար խոսում էր նրա հետ, ճեմելով դահլիճի մի ծայրից դեպի մյուսը: Նրա խոսակցության նյութը վերաբերում էր իշխանի և յուր եղբոր դստեր ապագա երջանկությանը: Սա կանխավ պատվիրված մի զրույց էր:

Իհարկե, դուք Պարիզ և ուրիշ տեղեր շատ գեղեցկուհիներ կլինեիք տեսած, — ասում էր նա, — բայց որ դրանք իրենց արտաքին գեղեցկության համահավասար ներքին գեղեցկություն էլ ունենային, այդ հազիվ թե պատահեր:

Следующая страница