Մուրացան՝   Պատմվածքներ

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 Следующая Конец

Եկեղեցուց վերադառնալուց ետ հարսանյաց հանդեսը կատարյալ կերպարանք առավ, երաժշտությունը նոր ուժով սկսավ թնդալ, պարերը նորից կենդանություն առին, հարսը և. փեսան ասպարեզ մտին, հարսնավերքը և փեսավերքը միմյանց խառնվեցին, գրկեցին, գրկվեցան և մի կես ժամվա մեջ կապալառու Լազարյանի տունը Կիթերական դիցուհվո տաճարը շինեցին:

Վասիլ Իվանիչն ու Մարիա Սերգեևնան անընդհատ շնորհավորություններ և բարեմաղթություններ էին լսում և ուրախությունից քիչ էր մնում, որ գժվեին:

Այնուամենայնիվ սեղանների բացվելն ու ընթրիքի սկսվիլը ամեն տեսակ ոգևորություն միառժամանակ չափավորեցին: Թե՛ հրավիրյալները և թե՛ հրավիրողները ընթրիքի նստան, հարգելով ստամոքսի իրավացի պահանջը: Բայց ինչպես Լազարյանի տան մարդիկը, այնպես էլ դուք, իմ սիրելի ընթերցողներ, իսկի չեք հարցնում, թե բաս ո՞ւր մնացին մեր խելոք Վարդուհին ու սիրահար Մարությանը:

Պատիվ ունիմ հայտնելու, սիրելի բարեկամներս, որ նրանք էլ հենց այս երեկո պսակվեցան մայր եկեղեցում: Բայց նրանց հարսանիքը փառավոր չէր, նրանք մեծ պատրաստություններ, հարուստ լուսավորություն, բազմաթիվ հյուրեր, մեծածախ սեղան և այլ այս տեսակ բաներ չունեին:

Եկեղեցին եկան միայն Վարդուհին և Մարությանը. նրանց մայրն ու խաչեղբայրը և Վարդուհու մի երկու կլորիկ սիրունիկ ընկերուհիները:

ՏերՂևոնդը մի տիրացուի և մի ժամկոչի օգնությամբ պսակեց նրանց և հետո բոլորը միասին կառք նստեցին և գնացին Վարդուհու մոր պատրաստած համեստ ընթրիքը վայելելու:

Սեղանի վերա տերտերը մի քանի լավ հայերեն երգեր ասեց, փեսա Տիրանն ու տիրացուն էլ իրենց գիտեցածից միմի բան երգեցին և այսպես ամեն բան առանց ղալմաղալի վերջացնելով, յուրաքանչյուրը յուր տունը գնաց: Տիրանն ու Վարդուհին արդեն Մորփեոսի գրկումն էին, երբ իշխան և իշխանուհի Շահ-Մելիքյանները դեռ նոր դուրս էին գալիս Լազարյանների տանից և բազմաթիվ կառքերի ընկերակցությամբ դիմում էին իշխանի ապարանքը:

Բայց սրանով, իհարկե, դեռ չէր վերջանում իշխանական հարսանիքը: Իշխանը և իշխանուհին պսակվելուց հետո միայն սկսան իրենցը և երեք օր շարունակ զանազան բնավորությամբ հացկերույթներ և երեկույթներ ունեին նրանք իրենց ապարանքում:

Ամբողջ քաղաքը այդ միջոցին զբաղված էր Լազարյաններով և ՇահՄելիքյաններով. ամեն տեղ նրանց վերա էին խոսում, նրանց համար պատմում և նրանց լսում:

Վարդուհու և Մարությանի վերա գրեթե ոչ մի տեղ խոսք ու զրույց չկար:

ԺԱ

Հարսանեկան հանդեսներից ետ հասան հանգստության ժամերը, բայց իշխան Դիմիտրը կարծես խուսափում էր իշխանուհուց: Նա թողնում էր նրան միայնակ յուր առագաստում, իսկ ինքը քաշվում էր յուր ննջարանը, միայնակ քնանալու համար:

Քո վարմունքը շատ օտարոտի է թվում ինձ, Միտյա, — նկատեց մի առավոտ իշխանուհին յուր ամուսնուն, — դու ինձ միայնակ ես թողնում իմ ննջարանում, և ես ամբողջ գիշեր քնել չեմ կարողանում...

Ինչո՞ւ, հոգիս, մի՞թե դու վախենում ես միայնակ քնելու:

Ո՛չ, ես անհանգստանում, ես կարծում եմ թե... դու ինձ չես սիրում... այդպե՞ս է, հա՞ , դու ինձ չե՞ս սիրում...

Ա՛, մի՞թե կարելի է այդպես մտածել, Անիչկա, ընդհակառակն, քեզ շատ սիրելուս համար է, որ այս զոհողությունը ես հանձն եմ առնում... Ես չեմ գալիս քեզ մոտ, որպեսզի այս քանի օրերում քո ունեցած հոգնածությունը հանգիստ քնանալովդ անցնե:

Ո՞չ, ես այդ չեմ կամենում, ես հոգնած չեմ, ես կամենում եմ, որ դու ինձ մոտ լինես, — ժպտալով պատասխանեց իշխանուհին և ձեռքը ամուսնու պարանոցով պատելով սկսավ քնքշաբար շոյել նրա գեղեցիկ գանգուրները, որոնց այնքան շատ էր սիրում ինքը:

Շատ լավ, հոգյակս, ես այսուհետև այլևս բացակա չեմ լինիլ քո սենյակից, եթե դու այդպես ես կամենում, — ասաց նրան իշխանն և անցավ ուրիշ հարցերի:

Բայց առաջիկա գիշերն էլ նա թողեց իշխանուհուն միայնակ: Խեղճ Աննան սրտնեղությունից տանջվում էր: Սկզբում նա ցանկացավ մտնել յուր ամուսնու ննջարանը և կրկնել նրան յուր նկատողությունը և այս անգամ ավելի հանդիմանական եղանակով, բայց հետո մտածեց` դեռ մի փոքր էլ սպասել: Ուստի անցյալ օրերի նման ժամանակը սպանելու համար նա սկսավ կրկին քննել յուր ննջարանի հարուստ կարասիները, թանկագին զարդերը, յուր ոսկենկար առագաստը, նրա փնջազարդ վարագույրները և այլ բազմաթիվ ճոխություններ, որոնց տեսքը միայն պարուրում էին յուր աչքերը: Երկար նա նայում և զննում էր նրանց, չնայելով, որ սա առաջին անգամը չէր, սակայն իշխանը դարձյալ չէր երևում:

Անկարելի է, որ նա սիրում չլինի ինձ, — ինքն իրեն մխիթարում էր Աննան, — եթե այդպես լիներ, ուրեմն ինչն էր ստիպում նրան ամուսնանալ ինձ հետ, ինչո՞ւ համար նա այնպիսի հարուստ ննջարան կպատրաստեր ինձ համար. ինչո՞ւ այդպիսի մեծածախ հացկերույթներ ու երեկույթներ կսարքեր... չէ. անկարելի է, նա ինձ պաշտում է, նա այդ խոսքերը մի քանի անգամ ասել է ինձ

Բայց իշխանը դարձյալ չէր երևում...

Իշխանուհու անհանգստությունը փոխվում էր հուսահատության:

— «Վերջապես էլ սպասել անկարելի է, նա ինձ անպատվում է»... — մտածեց իշխանուհին և զայրացած ներս վազեց ամուսնու ննջարանը:

Ա՞խ, Միտյա, դու ինձ տանջում ես... — բացականչեց նա և հենց պատրաստվում էր ամուսնու գիրկը ընկնելու, երբ մի օտարոտի պատկեր կանգնեցրեց նրան ճանապարհի մեջտեղում:

Ամուսնու տուալետի մոտ կանգնած էր մի մարդ բոլորովին մերկ գլխով, ներս ընկած ծնոտներով ու կիսահան հագուստով և ձեռքի մեջ ինչ որ բան բռնած մաքրում էր խոզանակով:

Ա՛, այդ դու՞ ես, Անիչկա, — խոսեց կանգնած մարդը մի փոքր շփոթված, — երևում է դու էլի բարկացել ես ինձ վերա, ես իսկույն պիտի գայի քեզ մոտ...

Աննան մնաց քարացած, յուր առաջ կանգնած անծանոթը յուր ամուսինն էր, բայց նա այնքան էր փոխված, որ անկարելի էր նրան ճանաչել:

Դուք ուրվակա՞ն եք, թե՞ կախարդ, ես ձեզ չեմ ճանաչում, — սարսափելով հարցրեց խեղճ աղջիկը, — բացատրեցեք, ի սեր աստծո, ես խելագարվում եմ:

Հանգիստ կացիր, հոգիս, վախենալու ոչինչ չկա, — ժպտալով խոսեց իշխանը, — եթե կարծում ես, որ իմ մեջ մի փոփոխություն է կատարվել, այդ փոփոխությունը ա՛յ թե ինչից է առաջացել... — Այս ասելով նա վերցրեց սեղանի վերայից յուր գանգրավոր կեղծամը և դնելով գլխի վերա, շարունակեց. — տեսնո՞ւմ ես, էլի միևնույն մարդն եմ. ուրեմն ինձանից վախենալու բան չունիս:

Ա՛, կնշանակե շինծո՞ւ էին քո այդ գեղեցիկ գանգուրները, որոնց ես այնքան շատ սիրում էի, — դառնությամբ նկատեց Աննան:

Նրանք բնականից ավելի արժեն, հոգիս. Պարիզի ամենանոր արտադրություն է սա, — արդարացրեց իրեն իշխանը, — և գիտե՞ս, երկու հազար ֆրանկ փող արժե այս մի հատ կեղծամը և ամբողջ քսան տարի կարելի է գործածել նրան:

Աննան արհամարհանքով խոժոռեց աչքերը, բայց հենց այդ միջոցին էլ նա նկատեց նրա փոս ընկած ծնոտը և հարցրեց,

Այս ի՞նչ է. մի օրվա մեջ դուք այդպես նիհարեցի՞ք:

Ա՛յ, տեսնո՞ւմ ես, դու ինձ շփոթեցրի՞ր, հոգիս, ես իսկույն կամենում էի մաքրել իմ ատամները և այնպես դնել նրանց բերանումս, որ դու չտեսնեիր, բայց չեղավ, մեղավորը դու ես:

Աստված իմ, ձեր ատամներն էլ ուրեմն արվեստական են, հապա բնական ի՞նչ մնաց ձեզ, պարոն, — սարսափահար բացականչեց Աննան:

Մի ծնոտս, միայն մի ծնոտս, թե չէ մյուսը բոլորովին առողջ է, — հանգստացնում էր իշխանը ամուսնուն, բայց վերջինս զզվանքով ետ դարձրեց երեսը և ուղղվեցավ դեպի դուռը: Իշխանի չար բախտիցը աթոռի վերա ընկած էր և յուր կորսետը, որով նա սեղմում էր յուր իրանը և որը Աննայի աչքովն ընկնելով նրա ուշադրությունը գրավեց.

Սա ի՞նչ բան է, — վերցնելով նրան, հարցրեց Աննան: Իշխանը կեղծեց՝ իբր ինչ որ բան է պտրտում և իրեն չի լսում:

Ձեզ եմ հարցնում, պարոն, սա ի՞նչ բան է, — կրկնեց նա յուր հարցը:

Թողեք խնդրեմ, դա իմ մեջքի հիվանդության համար է պատվիրել բժիշկը, թողե՛ք, դա մի առանձին հետաքրքրական բան չէ, — պատասխանեց իշխանը:

Այս բոլորից հետո Աննայի համար լուծվեցավ ա՛յն հանելուկը, թե ինչու ամուսինը յուր առագաստից հեռու է փախչում: Նա մի փոքր ժամանակ մտածմունքի մեջ ընկավ, ապա ետ դառնալով կանգնեց յուր ամուսնու առաջ և աչքերը ուղղակի նրա աչքերին սևեռելով, զայրույթից դողացող ձայնով խոսաց.

Պարոն, եթե դուք ոչ այլ ինչ էիք, եթե ոչ՝ մի կատարյալ ավերակ, ինչո՞ւ համար էիք ինձ դժբախտացնում. մի՞թե դուք այնքան խիղճ չունեցաք, որ խնայեիք գոնե իմ՝ երիտասարդ հասակը...

Ես այդպես վատ կարծիք չունիմ իմ մասին, տիկին, — ցինիկական անտարբերությամբ պատասխանեց իշխանը, — ես դեռ հույս ունեմ, որ կարող եմ կազդուրվել, ինձ բժիշկներն իրենք խորհուրդ տվին ամուսնանալ. ուրեմն իզուր եք. դուք վշտացնում ձեզ. մի փոքր համբերություն է հարկավոր:

Դուք դեռ համարձակվում եք բերան բանալ, պարոն, եթե ամեն բարեմասնություններից թափուր եք, գոնե կեղծեցեք, որ մի փոքր ամոթխածություն ունիք, — դառնությամբ նկատեց Աննան:

Ինձանից մի՛ նեղանաք, տիկին, ես ձեզ չեմ զրկում ոչ մի բանից, ինչ որ ես ունեի, այն էլ ձեզ է պատկանում: Ձեր ծնողները ցանկանում են ձեզ իշխանուհի տեսնել և ահա՛ այդ կոչումը ես ձեզ եմ նվիրում, օգտվեցեք իմ պատվանունից, որքան կարող եք, իսկ մյուս բարիքների համար խնդրում եմ ինձ ժամանակ տվեք, ես առայժմ ոչինչ չեմ խոստանում, մի փոքր համբերեցեք գուցե բժիշկների գուշակությունը կատարվում է...

Դուք մի ամենաստոր արարած եք, պարոն, ամոթ է այլևս տանել ձեր ներկայությունը... — զզվանքով պատասխանեց Աննան և դուրս գնաց:

Հետևյալ օրը իշխանուհին արդեն յուր հոր տանն էր:

Մի քանի օրից ետ Վարդուհին և Տիրանն իբրև նորապսակներ գնացին իշխան ՇահՄելիքյանի տունը, Աննային այցելելու, բայց տան ծառայից իմանալով, որ նա արդեն հորանց տանն է, վերադարձան նրանց մոտ:

Տիկին Լազարյանը ընդունեց նրանց պարտ ու պատշաճ հարգանքով, բայց Աննան դուրս չեկավ նրանց մոտ: Վարդուհին չկամեցավ պատճառը հարցնել, կարծելով, որ Տիրանի հետ տեսնվելուց է խուսափում: Բայց երբ նրանք ցած իջան փողոց, նրանց ճանապարհակցող ծառան մի փոքրիկ տոմսակ հանձնեց Վարդուհուն, որի մեջ Աննան գրել էր հետևյալը. «Սիրելի Վարդուհիս.

Մի վշտանար, որ ես չկամեցա տեսնվել քեզ հետ, որովհետև տեսնվելու և խոսակցելու սիրտ չունիմ, իմ մոր փառամոլությունը ինձ գլորեց դժբախտության անդունդը, և ես կամենում եմ այստեղ էլ վերջացնել իմ կյանքը. մնաս բարով, երջանիկ եղի՛ր, և սիրիր քո Տիրանին...

Քո դժբախտ Աննա»:

Մի քանի ժամանակից ետ ամեն գաղտնիք արդեն պարզված էր հասարակության համար և գիտեր, թե ի՞նչ գնով է հայ օրիորդը անպատճառ իշխանուհի դառնում:

Страницы: Начало Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 Следующая Конец