Մուրացան՝   Պատմվածքներ

Նրանք են, կինս և երեխաներս, դու և ես՝ երկուսս միասին սպանեցինք նրանց...

Այս ասելով նա կանգնեցավ յուր առաջի տեղը, վերցրավ գդակը, նույնը անել տվավ և քարոզչին և սպասում էր հուղարկավորության անցնելուն: Երբ հանդեսը մոտեցավ, նա կրկին խելագարի նման վազեց դեպի դագաղները.

Այդ ո՞ւր եք տանում իմ կինը և որդիները... թողեք, որ խոսեմ նրանց հետ...:

Այս ասելով նա կամենում էր ընկնել դագաղների վերա, բայց նրան արգելեցին:

Հեռու, հեռու այստեղից, թշվառական, — սպառնալից դեմքով դարձավ դեպի նա քահանաներից մինը, — այդ անիծյալ ձայնովդ այժմ է՞լ սրանց մահվան հանգստությունն ես կամենում վրդովել:

Ոսկերիչը սրտաբեկ և գունաթափ ետ դարձավ և ցանկապատին հենվելով մրմնջում էր.

Այո՛, ես անիծյալ եմ... տերհայրը իրավունք ունի... ես անիծյալ եմ...

Այս տեսարանը շատ մորմոքիչ ազդեցություն արավ ժողովրդի վերա, նրանցից շատերը խղճահարվում էին ոսկերիչի թշվառ դրության վերա: Բայց կային երիտասարդներ, որոնք չկարողացան ճանաչել նրա հոգու վշտահար դրությունը և կարծեցին թե նա կամենում էր բռնի յուր ննջեցյալները խլել իրանց ձեռքից, ուստի՝ «Մենք դառնալուց քեզ ցույց կտանք, անզգամ», կամացուկ սպառնում էին նրանք՝ առանց այն էլ հարվածի սաստկության տակ կործանված թշվառականին:

Բայց ոսկերիչը լուռ և անզգա էր յուր դեմ ուղղված բոլոր հայացքներին ու սպառնալիքներին: Նա այնքան սպասեց այնտեղ, մինչև որ հուղարկավորությունը անցավ և հետո ապուշապուշ հարցրավ քարոզչին:

Այս ննջեցյալները ճանաչեցիր դո՞ւ:

Ճանաչեցի, — ցած ձայնով պատասխանեց նրան քարոզիչը:

Նրանք իմ կինը, աղջիկս ու որդիքս են, գիտե՞ս:

Գիտեմ:

Լավ ուրեմն, տար այժմ ինձ իմ տունը:

Քարոզիչը հնազանդվեցավ: Երբ նրանք հասան տուն, ոսկերիչը դարձավ քարոզչին:

Այժմ դու կարող ես գնալ:

Իսկ դո՞ւ, — հարցրավ քարոզիչը:

Ես պետք է մնամ իմ տանը:

Իսկ եղբայրների մոտ ե՞րբ կգաս...

«Եղբայրներ» բառը ցնցեց ոսկերիչին ամբողջ մարմնով, նա կատաղությամբ հարձակվեցավ քարոզչի վերա.

Դու դեռ համարձակվում ես ինձ մոտ այդ անիծյալ անունը կրկնելու, — այս ասելով նա երկու ձեռքով բռնեց քարոզչի մազերից և ուժգին զարկավ մոտ եղող պատին:

Քարոզիչը մի ճիչ արձակեց և գլորվեցավ գետին:

Այդ դեռ շատ փոքր է, — կատաղությամբ գոչեց ոսկերիչը և վազեց վերցնելու բակի մեջ ընկած որձաքարի բեկորը: Բայց քարոզիչը մի ակնթարթում բարձրացավ ընկած տեղից և բակի ցանկապատի վրայով թռավ փողոց: Ոսկերիչը ետ դարձավ, բայց նրա փախչելու ոտնաձայնը միայն լսեց,

Ես ուրեմն սատանաների հետ գործ ունեի մինչև այժմ, — ասաց նա և քարը ձգեց գետին: Հետո մի փոքր լռելով շարունակեց ձողացող ձայնով: — Բայց ո՞վ է մեղավորը, ի՞հարկե ես, միմիայն ես, անզգամս: Ի՞նչ ունեի ես այդ դևերի հետ, այդ անգութ, այդ անսիրտ խաբեբաների հետ, ինչու շուտով չճանաչեցի նորանց, ինչո՞ւ խելքս կորցրի, ինչո՞ւ իմ ընտանիքը մոռացա... իմ կինը, իմ զավակները... Հա՛, հու քեզ համար նոր հավա՞տ էիր որոնում, թշվառական, — շարունակում էր նա ինքն իրեն խոսելով, — դու որ մի խեղճ արհեստավոր էիր և իսկապես չգիտեիր, թե որոնք են քո հավատի պակասությունները և որոնք էին ուրիշների առավելությունները: Քո պապերի հավատով դու քեզ բավական երջանիկ չէի՞ր զգում, նորանով քո ընտանիքը բավական բախտավոր չէր. թե՞ կամենում էիր հանկարծ արքայություն մտնել... գնա այժմ, անմիտ, գնա և տես, ո՞ր դժոխքը սորանից ավելի սարսափելի է, ո՞ր դժոխքը սորանից ավելի խիստ հարվածներ կարող էր տալ քեզ...

Այս ասելով նա անխնա հարվածում էր յուր գլուխը: Հետո երերալով նստավ դռան քարի վերա և ընկավ մտածողության մեջ: Երբեմն նա խորը հառաչում էր և յուր լայն բացված ռնգունքներից, ինչպես ծուխ դուրս էր փչում յուր ներսում կրակվող շունչը, երբեմն նա ցնցում էր գլուխը և կատաղաբար շարժում օդի մեջ յուր բռունցքները կարծես յուր առաջ մենամարտողների բանակ ուներ կանգնած, և երբեմն հուսահատ և սրտաբեկ գլուխը խոնարհում էր կուրծքի վերա և այնպես մնում երկար ժամանակ: Վերջապես նա նորեն սկսավ ինքնիրեն շշնջալ.

«Բայց մի՞թե ես մեղավոր եմ. մի՞թե ես գիտությամբ արի այդ ամենը, երբեք: Ես մինչև այժմ էլ չգիտեմ, թե ինչպես եղավ, որ այդ խաբեբաների որոգայթի մեջ բռնվեցա, չգիտեմ ինչպե՞ս եղավ, որ իմ Մարիամին, իմ երեխաներին մոռացա, այո, ես ոչինչ չգիտեմ, այդ ամենը ինձ համար բոլորովին անհասկանալի ձևով կատարվեցան, այո, անհասկանալի, ես ոչինչ չիմացա, ես ոչինչ չզգացի, այդ դևերը ինձ կախարդեցին, այո, ես մեղավոր չեմ...»: Այս ասելով նա լռեց մի փոքր ժամանակ և հետո նորեն սկսավ.

«Բայց ինչպե՞ս թե մեղավոր չեմ, ես չէի որ երբ առաջին անգամ կամենում էի գնալ այն խաբեբա Կարոյի տունը և Մարիամը եկավ ինձ արգելելու, նա բռնեց իմ ձեռքից, նա խնդրում, աղաչում և արտասվում էր, որ ես նրա մոտ գայի, բայց ես, ոհ, ես՝ անզգամս վայրենությամբ մի կողմ բերեցի նրան և դուրս փախա... Ես չէի՞, որ չորս տարի շարունակ տանջեցի նորան արգելելով կատարել յուր հավատո վերաբերյալ պարտավորությունները և վերջապես ես չէի, որ սպանեցի նորան և նորա հետ էլ իմ երկու զավակներին...»:

Այսպես խոսելով նա վեր թռավ նստած տեղից և շարունակեց հուսահատ կատաղությամբ.

«Ո՛չ, ո՛չ, ապրել այսուհետև անկարելի է, և ո՞ւմ համար պիտի ապրեմ. Մարիամը մեռավ և տարավ յուր հետ աղջիկս և որդիս. մնում են երկու փոքրիկներս. թող նոքա էլ թշվառանան... իմ բարեպաշտ հայրը անշուշտ իր գերեզմանում անիծեց ինձ իմ անիրավությանց համար, ուրեմն իմ անունը պիտի ջնջվի. իմ տունը հիմնովին պիտի կործանվի, որպեսզի իմ պատիժը կատարյալ լինի... այո՛, ես արժանի չեմ աստծո արեւը տեսնելու, նորա օդը շնչելու... և ես փոխանակ քարոզչի գլուխը պատին զարկելու, ինչու՞ իմը չեմ զարկում»:

Այս ասելով նա կատաղաբար առաջացավ դեպի դուռը և ձախ երեսով սաստիկ խփվեցավ տան պատին, նրա դեմքը ընդհարվելով քարի հետ պատռվեցավ և քթից սկսավ հոսել հորդ արյուն: «Ոչ, այսպես չի կարելի շուտ մեռնել, այնպես շուտ՝ որ իմ կնոջը և երեխաներին հասնեմ, ես գիտեմ, թե ինչպե՞ս պետք է մեռնել...»: Նա ներս մտավ տուն: Առաջին անգամ նրա աչքին զարկավ նախագավթի մեջ կշեռքի համար կախված չվանը:

«Ահա, — գոչեց նա խելագարվածի պես, — ահա մեռնելու հարմար միջոցը»: Եվ առանց ուշանալու բարձրացավ գավթի անկյունում դրված սնդուկի վերա, քաշեց յուր մոտ առաստաղից կախված չվանը և նրա վերա կրկնածալ հանգույց շինելով՝ անցրավ պարանոցը, «Այժմ ես ձեզ հետ եմ, սիրելիներս»:

Նա թափ տվավ ոտքերին և շրջվելով կախվեցավ օդի մեջ... Երկու անզոր ցնցումներից ետ լրթագույնը պատեց նրա երեսը, բերանից և ռունգերից սկսավ ժայթքիլ խեղդվող արյունը, և մի խուլ հռնդյունից ետ... նա հոգին փչեց...

Հուղարկավորության ժամանակ ոսկերիչին սպառնացող երիտասարդները տուն դառնալով բոլորը միասին վճռեցին գնալ նրա մոտ և երեք զոհերի վրեժը հանել նրանից...

Բայց նրանց զայրութը փոխվեցավ սարսափի, երբ նրան կախված գտան նախագավթի մեջ:

Հայ անհիշաչար հոգևորականությունը առավ բողոքականության չորրորդ և ավելի թշվառ զոհի մարմինը և ամփոփեց յուր ընտանյաց հանգստարանում...

Իսկ մեծապատիվ պաստորը շատ անտարբերությամբ լսեց այդ բոլոր թշվառության պատմությունը և միայն վերջումը բարեհաճեց ասել, որ «ոսկերիչը հիմարություն է արել իրան խեղդելով»:

Ոսկերիչի երկու որդիներին յուր հովանավորության տակ առավ վարպետ Սարգիսը, իսկ նրա ունեցած երեք հազար ռուբլին, որը պաստորի ձեռքով գրկված էր մայրաքաղաքի բանկը շահեցնելու, մինչև այսօր էլ չիմացվեցավ, թե աստծո ո՞ր պաշտոնյայի գրպանը մտավ...

ԻՄ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ

ԾՈՎԻ ՎԵՐԱ

1876 թվականն էր. մայիսյան մի հովաշունչ երեկո: Մեր շոգենավը հանդարտ սլանում էր Կասպից ծովի խաղաղ ալիքների վերա: Բնությունը շրջապատում էր մեզ յուր հրաշալիքներով: Նավի ձախ կողմից երևում էին մերթ կանաչազարդ բլրակներ` եզերված փոքրիկ գետակներով, մերթ ընդարձակ դաշտեր՝ որոնց ծանրաբեռնում էին հասկափունջ արտորաները, մերթ լայնանիստ հովիտներ, ուր զեղում և արածում էին ոչխարի բազմաթիվ հոտերը խառը տավարի նախրի հետ և հաճախ՝ մանր ու խոշոր լեռանց ապառվածները՝ ծառազարդ ստորոտներով, որոնք անընդհատ մեկը մյուսի ետևից վազում անհետանում էին մեր աչքերից: Սրանցից ավելի հեռու նշմարվում էին Կովկասի շղթայաշար լեռները՝ իրենց կոհակավետ գագաթներով` որոնք դեռևս ծածկված էին ձյունի սպիտակ սավանով: Իսկ աջ կողմից տարածվում էր ծովը յուր անսահման ալիքներով, որոնք հեզիկ հովի առաջ անընդհատ ծփծփում և տատանվում էին հազիվ լսելի ճողփյուններով: Արեգակը պատրաստում էր արդեն յուր հրեղեն գունդը հեռավոր լեռները ետքում ծածկելու և նրա վերջին ճառագայթները՝ անզոր այլևս մարդկանց աչքերը խտտղելու ոսկեզօծում էին միայն ծովի դալարագեղ ափերը և մեր նավի տախտակամածը, ուր անընդհատ վազվզում և անցուդարձ էին անում նավաստիները և ճանապարհորդները:

Այդ ժամանակ ես կանգնած էի նավի ետևում, ուր սովորաբար ծածանում է եռագույն դրոշակը, և երեսս դեպի նավի ցռուկը դարձրած զմայլմամբ դիտում էի Կասպյան ծովակի գեղազվարճ ափերը: Մի սրբազան հափշտակություն տիրել էր իմ հոգվույն. նավը սլանում էր, և ես հետզհետե խորասուզվում էի հեռու հեռու հնադարյան անցյալի մեջ, երբ մարդկային կյանքը դեռ այս քան կերպարանափոխված չէր, երբ լուսավորությունը դեռ չէր հղացել յուր հրաշալիքները և ծովի ալիքների մեջ դեռ չէր վառվում Հեփեստոս հնոցը, որը այսօր յուր հսկայական և սոսկալի ուժով հաղթահարում է ծովի կատաղությունը և տիրում Պոսիդոնի ժառանգական թագավորությանը... Ես հոգվով սլանում էի դեպի այն երանելի ժամանակները երբ մեր առաջ տարածվող այս կուսական ափանց վերա ապրում էր մի նահապետական ժողովուրդ, ասպետական սրտի տեր, բռնության անսովոր և աշխատության սիրահար, մի ժողովուրդ, որ չէր ճանաչում թշվառությունը և չէր ստեղծում նրան, որովհետև շատանում էր յուր պարզ և անպաճույճ կյանքով... նրա տղամարդիկ հերկագործում էին իրենց դաշտերը և սևաչյա կանայք դալարագեղ հովիտների մեջ իրենց խաշներն էին արածացնում, նրա քաջ երիտասարդներ ուրախ և անհոգ որսում էին լեռների վերա, և գեղանի աղջկունք՝ գետափանց մոտ դեգերելով՝ երգում էին նրանց: Հին լեռնականների երկիրը և՛ խաղաղ, և՛ գեղեցիկ էր... բայց լուսավորությունը ո՞ր բնական գեղեցկությունը չէ աղավաղել, երբ նա բնության այդ ստեղծագործության ձգտել է տիրապետել: Այսօր այստեղ սովորում են խոսել ապագայի վերա և դողդողալով հոգում էին վաղվան համար... Սեփականությունը վտանգվում է, խաղաղանիստ գյուղի խրճիթները էլ չեն ապահովում բնակիչների կյանքը և անցյալին ծանոթ ծերունիները սկսում են հառաչել...

Տակավին այս մտածմունքների մեջ էի, երբ մեր շոգենավը մի հանկարծական պտույտ արավ և բոլոր գեղեցիկ տեսարանները անհետացան իմ աչքից: Կանաչազարդ ափերի փոխարեն իմ առաջև բացվեցավ ծովի լայնատարած մակերևույթը յուր գեղածուփ կոհակներով: Մի րոպե ես այնպես կարծեցի, թե մինչև այն իմ տեսածները երազ էին: Բայց հենց որ երեսս դարձրի, ահա իմ առաջև նկարվեցան դարձյալ նույն գեղեցիկ տեսարանները և նրանց հետ միասին մի բարձրադիր բլրակի ստորոտում փոքրիկ ծովեզերյա քաղաքը յուր ձյունի պես սպիտակ տներով, որոնք արագ արագ մոտենում էին դեպի մեզ:

Հինգ րոպեից ետ նավը ծանրաքայլ մտավ նավահանգիստը: Ահագին խարիսխը, որ մինչև այն կախված էր շոգենավի ծայրից, մեծ դղրդյունով իջավ ծովը, ահաբեկելով նրա. համր բնակիչներին: Սրան հետևեց շոգեմեքենայի սուր հնչյունը, և նավի ամեն խորշերից դուրս թափվեցան ճանապարհորդները: Սկսավ մեծ շարժումն: Նավաստիներից ոմանք, անընդհատ վազվզում էին աջ ու ձախ. ուրիշները կապկի նման մագլցելով սուրում էին պարանների վերա և ուղղաձիգ կայմի ծայրը բարձրանալով՝ պրկում կամ թուլացնում էին նրանց, մի քանիսը տախտակամածի բարձրավանդակը թռչելով իջեցնում էին ծովի մեջ փոքրիկ նավակները, և մի ուրիշ խումբ զբաղված էր ճանապարհորդների իրեղենները զատելով և բաժանելով:

Մի քանի րոպեի մեջ շոգենավը շրջապատեցին բազմաթիվ նավակներ, գույնզգույն խելերով և թիակներով: Երկաթե սանդուղքները, որոնք մինչև այն ամրացած էին նավի կողերի վերա, ճռնչալով դեպի ծովը կախվեցան: Ճանապարհորդները իրենց իրեղենները վերցրած շտապում էին միմյանց ետևից նավակների մեջ մտնելու: Իսկ ես դեռ կանգնած նավի ելքի մոտ անխոս և անշարժ դիտում էի այդ մարդկանց շարժումները: Նրանք նմանում էին շատ տարիներով բանտի մեջ փակված գերիների, որոնց մի գթասեր իշխանի ձեռքը վերջապես ազատություն է տալիս:

Բ

ՊԱՏԵՐ ՍԻՄՈՆԸ

Մի քանի րոպե չանցած արդեն ամեն ոք նավակ էր վարձել քաղաք դուրս գալու համար, բայց ես շվարած չգիտեի ինչ պետք էր անել: Ես առաջին անգամն էի ծովով ճանապարհորդում և մանավանդ անծանոթ էի այս քաղաքին, չնայելով որ յոթ տարիներից ի վեր բնակվում էր այստեղ իմ քույրը, որին ես առաջի անգամ գնում էի այցելության:

Դուք չե՞ք կամենում քաղաք դուրս գնալ, — հնչեց ետևիցս մի հաստ և խռպոտ ձայն: Ես իսկույն հետ դարձա և տեսնում եմ երկար լոդիկով, լայն շրջանավոր գլխարկով և սափրված ընչացքով ու ծնոտով մի հաղթանդամ և բարձրահասակ մարդ, որ յուր պայուսակը և մի քանի փոքրիկ կապոցներ ձեռքն առած, պատրաստվում էր երկաթե սանդուղքից դեպի սպասող նավակը իջնելու: Ես փոխանակ պատասխանելու սկսա հետաքրքրությամբ նայել նրա տարօրինակ հագուստի և դեմքի վերա: Առաջինը նմանում էր մեր քահանաների հագուստին, բայց նրա դեմքը բոլորովին հակապատկերն էր ներկայացնում:

Դուք չե՞ք պատասխանում, — կրկին հարցրեց տարօրինակ դեմքով և հագուստով մարդը:

Ինչպես չէ, պետք է դուրս գնամ, — պատասխանեցի ես:

Ուրեմն շտապենք, միայն մի նավակ է մնացել, — հարեց նա և առաջ անցավ:

Ես հետևեցի նրան և երկուսս միասին իջանք նավակը:

Ամենից առաջ ես կամենում եմ ձեզ հետ ծանոթանալ, կշնորհե՞ք ինձ ձեր անունը, — հարցրեց անծանոթը, երբ մենք մեր իրեղենները տեղավորելով նստանք նավակի մեջ:

Արամ Բյուրատյան, — պատասխանեցի ես և սպասում էի, որ ինքն էլ յուր անունը հայտներ, բայց նա բոլորովին ուրիշ կերպ սկսավ յուր խոսակցությունը:

Շատ լավ, շնորհակալ եմ. ուրեմն Արամ Բյուրատյան, կաշխատեմ չմոռանալ: Բայց գիտե՞ք ինչ ցավալի բան պատահեց շոգենավում:

Ոչինչ չգիտեմ, — պատասխանեցի ես և սկսա հետաքրքրությամբ լսել նրան:

Զարմանալի բան պատահեց:

Ես փոքր ուշացա այնտեղ, և կարծում էի, թե այլևս նավակ չեմ գտնիլ քաղաք դուրս գալու համար և կամ միայնակ մնալով թանկ կվճարեի նավակին. բայց ինչպես երևվում է սուրբ Տիրամոր աչքը քաղցր է յուր ծառայի վերա նա ձեզ նման մի բարի երիտասարդին ընկեր տվավ ինձ:

Ես տեսա որ իմ անծանոթը բնական դրության մեջ չէր, բայց ցանկանալով մի բանով վարձատրել նրա հաճոյախոսությունը մեքենայաբար հարցրի.

Ինչո՞ւ համար էիք ուշացել շոգենավում:

Օ՛, դրա պատմությունը խիստ հետաքրքիր է. ես իսկույն կասեմ ձեզ: նավապետը առանձին ճաշ էր պատրաստել յուր սենյակում և ինձ հրավիրել էր: Մենք շատ լավ ճաշեցինք, պետք է խոստովանել, և շատ երկար նստանք սեղանի շուրջը: Երևակայեցեք. ժամը մեկից սկսած մինչև այժմ մենք խմում էինք, և գիտե՞ք որքան շատ խմեցինք.., Օ՛, երևակայել չեք կարող: Շա՛տ պատվական մարդ է նավապետը, դուք ծանո՞թ եք նրա հետ:

Ո՛չ, — պատասխանեցի ես:

Ափսո՛ս, շատ ցավում եմ, պետք է որ ծանոթանայիք. նա շատ պատվական մարդ է և զարմանալի հյուրասեր: Գիտե՞ք. նա յուր մառանի ամենալավ գինին էր հանել ինձ համար, և ի՞նչ գինի, կարո՞ղ եք միթե երևակայել: Ես նրան ասում եմ, Իվան Պավլովիչ, շատ մի խմացնիր ինձ, ես կարող եմ հարբել և նավակից գլորվիլ ծովի մեջ, բայց նա այս խոսքի վերա ծիծաղից թուլանում է և անդադար նեկտարը լցնում է բաժակիս մեջ: Իհարկե, նա գիտեր, որ ես հարբողը չեմ, բայց ինչ որ էլ որ լինի, հոգևորականը մի քիչ չափավոր պետք է լինի արբեցության մեջ, այնպես չէ՞:

Վերջին խոսքերը, որ նա շատ ցած և խորհրդավոր ձայնով արտասանեց, ինձ զարմացրին:

Ինչպե՞ս. մի թե դուք հոգևորական եք, — շտապով հարցրի ես:

Իհարկե, մի՞թե դուք չգիտեիք: Ես քահանա եմ, և ինձ անվանում են պատերՍիմոն:

Քահանա՞... — զարմացմամբ հարցրի ես և աչքերս սևեռեցի նրա դեմքին:

Իհարկե քահանա, միթ՞ե չեք տեսնում, հա՛, հա՛, հա... և սկսավ նա այնպես բարձր ձայնով ծիծաղել, որ նավաստին ետ շրջվեցավ և մի րոպե թիակները անշարժ թողնելով սկսավ մեծ մեծ աչքերով նայել տարօրինակ քահանայի վերա:

Ի՞նչ բանի ես նայում, ապուշ, — գոռաց նրա վերա պատերՍիմոնը, — թիակներդ շարժի՛ր, ամբողջ երկու ժամ հո մեզ չի պիտի պահես ջրի մեջ:

Նավաստին հետ դարձրեց երեսը և սկսավ արագ արագ շարժել յուր թիերը:

Ներեցեք ինձ, տե՛րհայր, միթե...

Ամենից առաջ թույլ տվեք նկատել, — ընդհատեց ինձ պատերը, — որ ինձ տեր՛հայր կանչելու իրավունք ունիք, այդ անունը տալիս են հայոց քահանաներին, իսկ մեզ հետ խոսում են «պատվելի» տիտղոսով:

Բայց դուք էլ հայերեն եք խոսում...

Այդ ապացույց չէ, որ ես էլ ուրեմն հայոց քահանա եմ: Ես... այո, ես քահանա եմ, բայց կաթոլիկների քահանա, այսինքն ավելի մեծ եկեղեցվո պատկանող: Դեհ, այժմ ասացեք, ի՞նչ էիք ուզում հարցնել:

Ես ուզում էի հարցնել, թե մի՞թե անմորուք և առանց ընչացքի քահանա կա աշխարհում, (խոստովանում եմ, ես այն ժամանակ դեռ այդ չգիտեի, որովհետև տեսած չէի):

O՛, տգե՛տ, տգե՛տ, ինչե՞ր է հարցնում, հա՛, հա՛, հա՛...

Եվ այս անգամ պատվելին այնպես թուլացավ ծիծաղից, որ ստիպվեցավ երկու ձեռքով յուր տակառանման փորը բռնելու, կարծես նրա հանկարծական պայթումից վախենալով:

Ես մնացել էի ապշած, բայց մի դեպք հանկարծ իմ ծիծաղն էլ շարժեց: ՊատերՍիմոնը, որ սաստիկ ծիծաղելուց թեքվել էր մեջքի վերա, կորցնելով յուր շոգելից գլխի հավասարակշռությունը, կքեց նրան դեպի ծովը և յուր լայն շրջանավոր գլխարկը ընկավ ջրի մեջ:

Սպասի՛ր, սպասի՛ր. ապո՛ւշ, անասո՛ւն, — սկսավ նա բարկանալ և գոռալ նավաստիի վերա, որը աչքը ափին տնկած անընդհատ առաջ էր վարում մակույկը, — սպասիր գլխարկս վերցնեմ, գլխարկս... — Այս ասելով նա պատրաստվում էր կարծես մակույկից դուրս թռչելու և ալիքների վերա սուրալով յուր գլխարկը բռնելու, որին փոքրիկ կոհակները հեռացել էին իսկույն:

Նավաստին հետ նայեց և տեսնելով պատվելիի գլխարկը ալիքների վերա՝ չկարողացավ յուր ծիծաղը զսպել:

Դու՞ էլ ես ծիծաղում, անզգամ, — գոչեց վայրենի ձայնով պատերը և հարձակվեցավ նավաստիի վերա. բայց վերջինս չգիտեմ ինչ մի ճարպիկ հարված տվավ ալիքներին, որ նավակը սաստիկ երերաց և պատվելին, որ առանց այն էլ ուղիղ կանգնելու ընդունակությունը Բաքոսին էր նվիրել, կորցրեց յուր հավասարակշռությունը և գլորվեցավ նավակի մեջ:

Այժմ ծիծաղից թուլանալու հերթը ինձ հասավ:

Նավաստին արագությամբ դարձրեց նավակը և հասնելով ապստամբ գլխարկին՝ հափշտակեց նրան թիակի ծայրով և. տվավ պատվելիին, որը արդեն ընկած տեղից բարձրացել և զայրացած դեմքով նստել էր յուր նստարանի վերա: Բայց ըստ երևույթին նա ինձանից ավելի է վշտացած, քան նավաստիից, թեպետ երկուսս էլ ոչնչով մեղավոր չէինք յուր գլխարկի ապստամբության գործում: Այսուամենայնիվ պատվելին էլ կամեցավ շարունակել ինձ հետ յուր խոսակցությունը և դեմքը դեպի շոգենավը դարձնելով սկսավ նավապետի սենյակում յուր կիսատ թողած շիշերը երազել:

Ճշմարիտը խոստովանած, ուրիշ անգամ այս տեսակ մի անծանոթ անձնավորությունը ինձ կհետաքրքրեր. և որքան էլ անբնական դրության մեջ լիներ նա, դարձյալ ես չէի թողնել նրան, մինչև որ իմ մանրակրկիտ հարցուփորձով չտեղեկանայի նրա ո՞վ և ո՞ր տեղացի լինելը, ո՞ր քաղաքից և ի՞նչ գործով այստեղ գալը, ի՞նչ գաղափարների և համոզմանց տեր լինելը և այլն, և այլն: Բայց այս անգամ ես բավականացա միայն իմանալով, որ նա մի հայ կաթոլիկ քահանա է և որ նրան անվանում են պատերՍիմոն: Էլ ուրիշ ոչնչով չհետաքրքրվեցա, որովհետև նույն րոպեին ինձ ուրիշ մարդիկ էին զբաղեցնում, որի համար և առիթ էի պտրում քաղցվալից ընկերոջս շաղակրատությունից ազատվելու:

Ուստի երբ նա լռեց, ես էլ գոհ սրտով դարձրի երեսս հակառակ կողմը և անուշադիր դեպի նրա գոյությունը սկսա այն մտածմունքներով զբաղվիլ, որոնք նույն րոպեին քաղցրացնում էին իմ կարճ, բայց անհանգիստ ճանապարհորդությունը:

Գ

ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԸ

Նավակը փոքր առ փոքր մոտենում էր ափին, սիրտս կամացուկ սկսում էր տրոփել, և մի անհանգստացնող ուրախություն հետզհետե լցվում էր նրա մեջ: Ես մտածում էի, որ ահա մի քանի րոպեից հետ պիտի տեսնեմ իմ քրոջը, որին այնքան սիրում էի, բայց որին յոթ երկար տարիներից ի վեր տեսած չէի: Ո՛չ հեռավորությունը և ո՛չ տարիների անջրպետը չէին բաժանել մեր սրտերը միմյանցից, ընդհակառակը, երկարամյա կարոտը ավելի զգայուն և ավելի խանդակաթ էր դարձրել նրանց: Օ՛, որքա՛ն քաղցր, որքա՛ն գողտրիկ և մանավանդ թե որքա՛ն անկեղծ է այն սերը, որ կապում է միմյանց հետ մի քույր և եղբայր... Եվ ով չէ ունեցել այդ սերը, նա չէ վայելել կյանքի ամենաքնքուշ քաղցրություններից մինըհարազատության քաղցրությունը: Այն մի քանի րոպեները, որոնք բաժանում էին ինձ իմ քրոջից, մի մի ժամերի չափ երկարում էին ինձ համար: Ես գիտեի, որ միևնույն անհանգստությամբ սպասում էր նա ինձ, ըստ որում առաջուց դիտեր իմ գալուստը, գիտեի, որ ափին մոտեցող յուրաքանչյուր նավակը անշուշտ թունդ է հանում նրա սիրտը:

Հիսուն քայլ հազիվ էր մնացել, որ մենք ափը իջնեինք: Այն տեղի վերա, ուր դիմում էր մեր նավակը, ժողովված էր կանանց և մարզիկների մի բազմություն: Ըստ երևույթին նրանցից ոմանք եկել էին իրենց բարեկամներին դիմավորելու, իսկ ուրիշները, լոկ հետաքրքրությամբ կամ, շոգենավի գալուստը տեսնելու... Ես հեռվից սկսա որոնել իմ քրոջը, բայց այն բազմության մեջ անհնար եղավ ինձ ճանաչել նրան:

Վերջապես նավակը մոտեցավ ափին, ես դուրս ցատկեցի ավազի վերա և հենց պատրաստվում էի պայուսակս վերցնել հանկարծ տեսի, որ մի նորատի տիկին կանանց միջից դուրս վազեց և «եղբայրս...» ճչալով դիմեց գրկաբաց դեպի ինձ և պլլվեցավ իմ պարանոցին: Նա իմ քույրն էր, ես իսկույն ճանաչեցի, նա շատ քիչ էր փոխվել: Երկար մենք չկարողացանք ասել միմյանց հետ. մենք գրկվում, համբուրվում և ուրախությունից արտասվում էինք... Սա այն վայրկյաններից մինն էր, երբ մարդ մոռանում է վշտերի գոյությունը և ամբողջապես հոգիանալով՝ լուծվում է հրճվանքի և երջանկության մեջ...: Տխրությունը յուր սև պատկերով չքանում է նրա աչքերից. մարդկանց դեմքերը էլ չարություն չեն արտահայտում, ամեն կողմ տիրապետում է բերկրանք և ուրախություն, և բոլոր շրջապատող առարկաները ժպտում են նրան... Ահա այստեղ է զգում մահացուն կյանքի քաղցրությունը, այստեղ է նա ճանաչում կյանքի հրապույրները:

Վերջապես մոտեցավ ինձ իմ փեսան, որը մինչև այն տեղի էր տվել իմ քրոջ գգվանացը, գրկեց և համբուրեց ինձ և ապա կառք կանչելով հրավիրեց ինձ նստել տուն գնալու համար:

Մինչև այն ես գրեթե մոռացել էի իմ ընկերոջը՝ պատերՍիմոնին: Երբ ուղղվեցի դեպի կառքը, հանկարծ աչքիս զարկավ նրա լայն շրջանավոր գլխարկը և սափրած ծնոտը: Նա կանգնած էր մի քանի քայլ մեզանից հեռու շրջապատված կանանց ու աղջիկների մի փոքրիկ խմբակով: ՊատերՍիմոնը այնպիսի մի համեստ և պատկառելի կերպարանք էր առել, որ ես մի վայրկյան վարանեցի ընդունել նրան իմ արբած ընկերոջ տեղ, և սկսա զննել նրան: Նա քնքշաբար ողջունում էր յուր շրջապատողներին, հարցնում էր նրանց և իրենց ընտանիքների առողջությունը, իսկ յուր ձեռքերը համբուրող մի երկու փոքրիկներին փայփայում և օրհնում էր: Երբ կառքը նստանք, ես պատրաստվում էի հարցնել իմ փեսային թե ո՞վ էր արդյոք այս պատերը և ի՞նչ գործ ուներ նա այս քաղաքում, բայց մի ուրիշ ավելի հետաքրքիր անձնավորություն գրավեց իմ ուշադրությունը: Սա մի գեղեցկահասակ, սիրուն դեմքով, մեծ և սևորակ աչքերով աղջիկ էր, որ պատերին շրջապատող խմբակից դուրս գալով մոտեցավ մեր կառքին և շնորհալի ու ժպտադեմ դիմեց քրոջս, «Շուշան, թույլ տուր, որ ամենից առաջ ես շնորհավորեմ քեզ եղբորդ գալուստը»: Այս ասելով սեղմեց քրոջս ձեռքը և գլխի թեթև շարժումով ողջունեց փեսայիս և ինձ:

Քույրս հայտնեց նրան յուր շնորհակալությունը: Ես սպասում էի, որ նա գեղեցիկ աղջկա հետ էլ կծանոթացներ ինձ, բայց նա այդ չարավ, և երևի իմ ցանկությունը գուշակելով, ասաց.

Ես քեզ չեմ ծանոթացնում իմ եղբոր հետ, ես կսպասեմ քո այցելությանը:

Ուրախությամբ, — պատասխանեց գեղեցիկ աղջիկը և շնորհալի ժպիտով մեզ ողջունելով հեռացավ, նրա վերջին հայացքը հանդիպեց իմ աչքերին, բայց մեր կառքը արդեն հեռանում էր...

Ինչո՞ւ չհրավիրեցիր օրիորդին մեզ հետ կառք նստելու, — հարցրեց փեսաս քրոջս:

Նրա մայրը այստեղ էր, նա նրան միայն թողնել չէր կարող, — պատասխանեց քույրս և սկսավ կրկին զբաղվել ինձմով: Առաջին տեսակցությունից նա յուր կարոտը դեռ չէր առել, նա ուզում էր խոսել ինձ հետ, հարցափորձել ինձ. և որքան շատ բաներ ունեինք մենք միմյանց հաղորդելու:

Բայց գեղեցիկ աղջկա անձնավորությունը նույնպես սկսավ հետաքրքրել ինձ:

Ո՞վ էր այդ աղջիկը, — հարցրի քրոջս:

Դա օրիորդ Լուսինյանն է:

Ինչպե՞ս է նրա անունը:

Մարգարիտա, — պատասխանեց քույրս և ապա ժպտալով նկատեց, — ըստ երևույթին իմ բարեկամուհին քեզ շատ է հետաքրքրել, լավ, ես վաղը կծանոթացնեմ քեզ նրա հետ:

Քրոջս այս խոստումը ինձ անհաճո չթվաց, և ես նրան հայտնեցի իմ անկեղծ շնորհակալությունը, որը բավական զվարճացրեց իմ բարի փեսային:

Դ

ԻՄ ՔՐՈՋ ՏԱՆԸ

Շուտով մենք հասանք տուն: Քույրս յուր բոլոր քնքշությունները ժողովել էր ի մի՝ ինձ յուր տան մեջ տեսնելու համար: Նա ուրախությունից չգիտեր ինչ աներ: Կամ ծառային էր պատվերներ տալիս այս ու այն բանը ինձ համար պատրաստելու, կամ աղախնին էր հրամայում ինձ սպասավորելու, և կամ նրանց վերա չվստահանալով այս ու այն կողմն էր վազվզում անձամբ իմ հաճույքները կատարելու, հաճույքներ, որոնց ես չէի արտահայտում, բայց ինքը յուր երևակայության մեջ ստեղծում էր ինձ համար: Վերջապես նա ինձ տարավ յուր լվացարանի մոտ և ներքնատանից յուր ձեռքով հանած թարմ և ցուրտ ջրով ստիպեց ինձ լվացվելու: Ապա պայուսակս բանալով հանեց ինձ համար նոր հագուստներ և ինքը շտապեց իմ մյուս պետքերը հոգալու, որոնք նրա կարծիքով բազմաթիվ էին:

Երբ ես արդեն հագնվել էի, ներս մտավ փեսաս և հրավիրեց ինձ տան պատշգամբ թեյ խմելու: Մենք միասին դուրս գնացինք: Բայց մինչև որ քույրս մեզ կընկերանար, ես կամեցա նրա տունը հետազոտել, ուստի փեսայիս հետ միասին սկսեցի ամեն կողմ շրջակայել:

Քրոջս տունը, որ յուր ամուսնու սեփականությունն էր: գտնվում էր քաղաքի առաջին փողոցի վերա ծովափի մոտ: Նա մեծ չէր, բայց պարունակում էր յուր մեջ մի համեստ ընտանիքին անհրաժեշտ բոլոր բաժանմունքները: Մի չափավոր մեծությամբ դահլիճ, որը միևնույն ժամանակ և նրանց ընդունարանն էր, մի սեղանատուն, երկու ննջարաններ և մի գրասենյակ, իրենց նախասենյակով, խոհանոցով, երկու ներքնատներով և ոչ ընդարձակ բակով կազմում էին այդ տան ամբողջությունը: Ընդհանուր հայացքով այդ տան շինությունը շքեղ և զարդարուն չէր, բայց պարզ էր և վայելուչ: Նրա արտաքին գեղեցկությունը կազմում էին յուր ձյունի պես սպիտակ պատերը՝ իրենց ընդարձակ և լուսավոր պատուհաններով և երկու փոքրիկ երկնագույն պատշգամբներ՝ շինված տան երկու հակադիր ճակատների վերա, որոնցից մեկը նայում էր ուղղաձիգ փողոցի, իսկ մյուսը ծովի և նավահանգստի վրա: Տան թե դրսում և թե ներսում տիրում էր միօրինակ մաքրություն: Բակի մեջ չէր նշմարվում ոչ մի խռիվ, քարի կամ աղյուսի կտոր, ամեն բան յուր տեղում, ամեն ինչ կանոնավոր: Սենյակները կանոնավորված էին պատշաճավոր կարասիքներով առանց շռայլության և առանց գծուծ խնայողության: Այն պարզ զարդարանքները, որոնք մի տան տիկին կարող է պատրաստել, դրսից չէին հայթայթված: Վարագույրներ, սեղանի սփռոցներ, օթոցների և բարձերի երեսկալներ և այլ առտնին պաճուճանքներ բոլորք քույրս յուր ձեռքով էր կաբել կամ ասեղնագործել, առանց այդ ամենի համար յուր ամուսնու բյուջեն ծանրաբեռնելու: Մինչդեռ ես հյուրասենյակի մեջ զննում էի իմ քրոջ ձեռագործները նա ներս մտավ:

Որքա՛ն գեղեցիկ ձեռագործներ ունիս դու, քույրիկս, — բացականչեցի ես դիմելով դեպի նրան, — ես բոլորովին հիացած եմ:

Ճշմարի՞տ, դու չե՞ս շողոքորթում, — ժպտալով մոտնցավ նա ինձ և քնքշաբար յուր թեւը պարանոցս պատելով նայեց իմ աչքերին այնքան բարի և այնքան ուրախ հայացքով, որ կարծես յուր դեպի ինձ ունեցած խանդաղատանքը կրկնապատկվում էր իմ նրան ուղղած մի երկու գովասանական բառերով:

Շողոքորթե՞լ, ինչու համար, մի՞թե ճշմարտությունը ասել նշանակում է շողոքորթել, — պատասխանեցի ես, ցանկանալով այս խոսքերով ավելի ես գոհացնել նրան:

Եվ իմ պատասխանը արդարև մեծ ուրախություն պատճառեց քրոջս: Նա սկսավ մի առ մի ցույց տալ ինձ յուր տնտեսական հեղինակություններից և ուրիշ շատ բաներ, որոնք մինչև այն ես տեսած չէի, և պատմել մինչև անգամ նրանց ամեն մեկի համառոտ պատմությունը: Ես մեծ գոհունակությամբ լսում էի քրոջս և զվարճանում, որովհետև պարծենալու այդ անմեղ ցանկությունը ոչ միայն բնական էի գտնում նրա մեջ, այլև ինքս իրավունք էի տալիս նրան պարծենալու:

Կան մարդիկ, որոնք չափից դուրս խստապահանջ են և չնայելով, որ ապրում են այնպիսի մի ժամանակում, երբ պարտք ճանաչելն ու կատարելը ոչ միայն թուլության նշան է համարվում, այլև ծաղրու առարկա է դարձած, այսուամենայնիվ պահանջում են, որ պարտաճանաչ մարդը զրկվի մինչև անգամ այն փոքրիկ մխիթարությունից, որը նա ստանում է յուր շրջապատողների խրախույսներից: «Այդ մարդը միայն յուր պարտքն է կատարել» ասում է խստասիրտ բարոյախոսը և զայրանում է՝ երբ լսում է նրա մասին գովություններ, որոնք յուր կարծիքով ավելորդ բաներ են: Բայց չէ՞ որ խավարի մեջ ծաղիկներ չեն աճում և ծայրահեղ համեստության ներքո թառամում է ճշմարիտ առաքինությունը: Քանի որ արեգակի տակ հավասար իրավունքներով են օդ շնչում հոգածուն և անհոգ մարդը, աշխատավորը և հափշտակողը, խնայասերը և շռայլողը, գոնե մարդիկ այնքան խելք և սիրտ պիտի ունենան, որ բնության այդ անիրավ հավասարասիրտությունը չափավորեն, տալով «որում զհարկս հարկս և որում զպատիւ՝ պատիւ»:

Следующая страница