Նար-Դոս՝   Քնքուշ լարեր

Իհարկե, այդ գլխացավից պետք է լինի, սիրելիս, մանավանդ, որ դու պարզ գիտես, որ ձեր մեջ ոչինչ տարավ ձայնություն չէ պատահեր կամ եթե հենց տարաձայնություն էլ պատահեր, մի՞թե նա քեզ անպատճառ պիտի աաերէ Ղեռ ամենահասարակ գլխացավից մարդ, կարծես, ամենքին աչքից գցում է, ո՞ւր մնաց մի այնպիսի գլխացավ, որպիսին է իշխանուհունը: Դու իշխանուհու գլխացավի վրա այդպես հասարակ աչքով մի նայիր, Նունե. այդ գլխացավը շատ վատ բնավորություն ունի...

Ուրեմն ճի՞շտ է, որ միայն այդ գլխացավից է նրա սառնությունը դեպի ինձ:

Այո:

Օ՛հ, երանի՛ այդպես լինի, ապա թե ոչ ես նրան այնքա՛ն սիրում եմ, այնքա՛ն սիրում եմ, որ... բայց դա ասացիր, որ այդ գլխացավը շատ վատ բնավորություն ունի, ուրեմն... Ի՞նչ կպատահի վերջը գրեթե վախեցած յուր գլխում ծագած հանկարծակի մտքից՝ շտապով հարցրեց տիկին Հարունյանը:

Կանցնի:

Կանցնի՛... Բայց երկա՞ր կտևի:

Չգիտեմ... այդ ես չեմ կարող ճիշտն ասել...

Իսկ ես կարծում էի, թե այդ գլխացավից մահ կարող է առաջանալ:

Չէ՛: Ի՞նչ ես ասում, այդպիսի բան չի կարող պատահել, բայց շատ կտանջվի

Բայց ինչի՞ց է պատահում այդ գլխացավը:

Չգիտեմ...

Ես կարծում եմ շոգերից:

Գուցե

Ես վաղն անպատճառ նրան նամակ կգրեմ, չեմ կարող համբերել: Կգրեմ, որ շուտով գա այստեղ, որովհետև այստեղ շատ հով է:

Գուցե նա մտադրություն ունի ուրիշ ամառանոց գնալու, ինչո՞ւ դու ուզում ես, որ նա անպատճառ այստեղ գա, — ասաց Հարունյանն իսկույն մի տեսակ երկյուղ կրելով, թե մի՛ գուցե իշխանուհին, իրավ որ, գար միևնույն ամառանոցը, իսկ հենց այդ բանից նա խույս էր տալիս, որովհետև շատ լավ հասկանում էր, թե ինչ վատ հետևանքներ կունենա այդ բանն յուր համար այժմ, երբ արդեն փոքրիշատե սկսել է հանգիստ ապրել:

Նա ուրիշ ամառանոց չի կարող գնալ, — պատասխանեց կինը, — որովհետև նրա ժառանգական դաստակերտն այստեղ է գտնվում:

Ա՛... — երկարացրեց Հարո՝ւնյանը: — Ես այդ չգիտեի, — իսկ մտքումը, — «ապա թե ոչ ուրիշ ամառանոց կգնայիԲայց ոչի՛նչ, կպատերազմեմ դարձյալ, ճակատագիրս ինձ փորձում է»...

Եվ նա ակամայից մտածության մեջ ընկավ:

Ահա՛ նա, — հանկարծ անզուսպ ուրախությամբ կանչեց տիկին Հարունյանն և, թողնելով ամուսնու թևը, առաջ վազեց:

Այդ բացականչության վրա Հարունյանը հանկարծ սթափվեց յուր մտածությունից և իրենից յոթ-ութ քայլ առաջ տեսավ իշխանուհի Մելիքյանին: Նույն վայրկյանին հանկարծ ինչ-որ շարժվեց նրա սրտում և մի տեսակ անբացատրելի երկյուղ, որի հետ խառն էր և ուրախության նման մի բան, ցնցեց նրա ողջ մարմինը: Այդ բոլորն այնպես հանկարծակի և անսպասելի կերպով եղավ, որ առաջին վայրկյաններին նա գրեթե ուշքը կորցրեց, աչքերը մթնեցան. բայց երբ նա նորից սթափվեց, տեսավ, որ սիրտը սաստիկ, գրեթե ցավ տալով, բաբախում է, և զգաց, որ գույնը նետել է: Նա շուտով իրեն հավաքեց: Իսկույն հասկացավ, թե ինչ էր այն, որ այդ կարճ միջոցում կատարավ յուր մեջ և, աշխատելով յուր առաջվա անտարբեր դրությունն ընդունել ու իրեն ոչ մի բանով չմատնել, մոտեցավ իշխանուհուն այն ժամանակ, երբ յուր կինն արդեն սաստիկ կարոտալից ամուր-ամուր սեղմում էր նրա ձեռքերն և հարցնում էր նրա առողջությունը:

Շնորհավոր լինի ձեր գալուստն, իշխանուհի, — ասաց նա յուր գրավիչ ձայնով, որն այնքան դուր էր գալիս իշխանուհուն, և իրեն հատուկ քաղաքավարությամբ գլուխ խոնարհեցրեց նրան:

Ա՛, պարոն Հարունյան, այդ դուք եք, — դեմքը դեպի նա դարձնելո՛վ ասաց իշխանուհին, որ նրա մոտենալը դիտմամբ չտեսնելուն էր տվել: — Բարև ձեզ:

Եվ, զսպելով յուր ներքին շփոթությունը, նա սառնությամբ մեկնեց դեպի նա յուր գեղեցիկ ձեռքը:

Պարոն Հարունյանը նկատեց այդ և նույն սառնությամբ սեղմեց նրա ձեռքը:

Շա՞տ ժամանակ է, ինչ դուք պատիվ եք բերել այստեղ, իշխանուհի, — հարցրեց նա:

Երեկվանից:

Իսկ ես կամենում էի վաղը քեզ նամակ գրել, Սոֆիա, կարծելով, որ տակավին դու քաղաքումն ես, — ասաց տիկին Հարունյանը, որին ընկերուհու հանդիպումն մեծ ուրախություն էր պատճառել, չնայելով այն սառնությանը, որով դարձյալ ընդունել էր նրան այս վերջինս: — Բայց լավ է, որ այժմ մենք պատահեցինք միմյանց: Ես բոլորովին չէի սպասում այդ, Սոֆիա... Մի քանի րոպե առաջ մենք քո մասին էինք խոսում

Հա՞… — ասաց երկարացնելով իշխանուհին և յուր գեղեցիկ աչքերը դարձնելով պարոն Հարունյանի դեմքի վրա, մի վայրկյան միայն ուղղակի և սուր կերպով նայեց նրա աչքերի մեջ: — Բայց ի՞նչ էիք խոսում իմ մասին...

Մենք խոսում էինք ձեր գլխացավի մասին, իշխանուհի, — շտապեց պատասխանել պարոն Հարունյանը: — Նունեն շատ տխրել էր ձեր մասին, որ այդպես տանջվում եք գլխացավից և հարցնում էր, թե մի՞թե գլխացավն այդպես երկար կարող է տևել, իսկ ես հավատացնում էի, որ ձեր գլխացավը հասարակ գլխացավերից չէ, այլ բոլորովին ուրիշ գլխացավ...

Իշխանուհուն թվաց, որ յուր այդ խոսքերով նա ծաղրում է իրեն, հետևաբար նա հասկացել է, թե ինչ է իսկապես նրա կեղծ գլխացավը: Կատաղությունը նորից բորբոքվեցավ նրա սրտի մեջ, բայց նա անզոր էր և բավականացավ միայն յուր վարդագույն շրթունքները կրծելով, ընդսմին աշխատելով այդ կատաղությունն ուրիշ ոչ մի բանով երևան չհանելու, մանավանդ, որ նա զգում էր, թե ինչպես պարոն Հարունյանի աչքերը հետամուտ էին լինում յուր դեմքի արտահայտությանը:

Բայց այժմ ի՞նչպես եք զգում ձեզ, իշխանուհի, — հարցրեց պարոն Հարունյանը:

Մի փոքր լավ...

Ուրեմն անցնո՞ւմ է գլխացավը:

Այո...

Փառք աստուծո, որ դուք այլևս այնպես չեք տանի, վիլ... Նունեն գտնում էր, որ այդ շոգերից է, և ես հավանություն էի տալիս, իսկ այժմ պարզ երևում է, որ այդ իսկապես այդպես է եղել, որովհետև, ահա, երկու օր չկա ընդամենն, ինչ դուք շնորհ եք բերել ամառանոց, և գլխացավն արդեն սկսում է անցնել... Իզուր դուք այսքան ժամանակ քաղաքում մնացիք, եթե դուք վաղ հեռանայիք քաղաքից, գուցե բոլորովին էլ գլխացավ չստանայիք... Թիֆլիսն առհասարակ սարսափելի շոգեր գիտե, և այդ շոգերը պիտի ազդեին մանավանդ ձեզ վրա, որովհետև դուք սովորած եք հյուսիսի սառը կլիմային:

Իշխանուհու կատաղությունը կրկնապատկվեցավ. կարծես, մի սոսկալի կրակ բորբոքվում էր նրա մեջ և այրում, կիզում էր նրա ամբողջ ներսը:

Այո՛, այդ մարդը, այդ անգութ մարդն ամեն բան հասկանում է և ուղղակի ծաղրում է նրան, փորձում է նրան ամենասոսկալի կերպով և մի մազաչափ անգամ չէ խղճում նրան... մինչև անգամ նրա ժպիտի մեջ երևում է բացարձակ հեգնություն... նա զգաց, որ եթե մի փոքր էլ մնալու լինի նրանց մոտ, այլևս անկարելի կլինի իրեն զսպել և մի առանձին բան կանե, որ ով կարող է իրեն բոլորովին մատնել, ուստի, առանց այլևայլության, պատճառ բերելով դարձյալ գլխացավը, նա սեղմեց նրանց ձեռքն ու հեռացավ:

Նրա հեռանալուց հետո տիկին Հարունյանի լեզուն, կարծես, կապվեցավ: Այնուհետև մինչև տուն գնալը նա ոչ մի բան չասաց ամուսնուն: Պարոն Հարունյանը նույնպես լուռ մնաց:

Նրանք գնացին տուն: Մի քանի րոպեից հետո եկավ և Արմենակը որսորդական հագուստով և հրացանն ուսին:

Արև՛ս վկա, իշխանուհին եկել է ամառանոց, — գոռաց նա ներս մտնելով եղբոր և հարսի մոտ: — Սո՞ւտ եմ ասում:

Այո, եկել է՛, — պատասխանեց եղբայրը:

Դու տեսա՞ր նրան:

Ոչ:

Հապա ի՞նչպես գիտես, որ արևովդ էլ երդվում ես:

Ինչպե՞ս, — կանչեց ծիծաղելով Արմենակը: Ի՞նչպես են իմանում՝ մի երկրում գարունն եկել է թե ոչ: — Երբ տեսնում են ծիծեռնակը թռչում է դեպի այն երկիրը...

Ոչինչ չենք հասկանում քո ասածներից:

Այսօր տեսա Պետրով ծիծեռնակին, տեսա դեպի ամառանոց թռչելիս, — կանչեց ավելի բարձրաձայն ծիծաղելով Արմենակը: — Ուրեմն իշխանուհի-գարունն այստեղ է...

ԺԱ

ՆՈՐ ՇԱՄԻՐԱՄ

Գրեթե ողջ ամառանոցում չկար մի այնպիսի գեղեցիկ կալվածք, որպիսին էր իշխանուհի Մելիքյանի ժառանգական դաստակերտը: Նա շրջապատված էր մի փոքրիկ պարտեզով, որի մեջ գտնվում էին հոտավետ ծաղիկների գրեթե բոլոր տեսակները: Քարե սանդուղքով պարտեզից կարելի էր բարձրանալ դեպի լայն պատշգամբը, ուր շարված էին հարյուրավոր մեծ ու փոքր ծաղկամաններ, որոնց մեջի բույսերը, ծաղիկները ներկայացնում էին ավելի սքանչելի, ավելի հոտավետն, ավելի հազվագյուտը: Իշխանուհի Մելիքյանի միլիոնատեր հայրը, լինելով ինքն ամեն բանի գեղեցիկը, կատարյալը սիրող մի մարդ, ոչինչ ջանք չէր խնայել յուր այդ դաստակերտն, ուր ամեն ամառ անց էր կացնում յուր ընտանիքով, ամեն կողմից շքեղացնելու, կատարյալը դուրս բերելու համար: Ամբողջ տասը տարի էր անցել այն ժամանակվանից, ինչ որ իշխանուհի Մելիքյանը չէր տեսել այդ դաստակերտը, իսկ այժմ, երբ այդքանամյա բացակայությունից հետո նա գալիս է ամառն այդտեղ անցկացնելու, նրան նույնությամբ է գտնում, ինչպես էր և յուր հոր կենդանության ժամանակ: Այդ դաստակերտը հենց սկզբից, հիմնվելու օրից, հանձնված էր շինական մի բարի մարդ ու կնոջ, որոնք ամեն օր բարեխղճությամբ կատարում էին իրենց պարտականությունը և ստանում ծառայության վարձը` պարոնի կենդանության ժամանակպարոնից, իսկ նրա մահից հետոիշխանուհի Մելիքյանից:

Հարունյանների հետ պատահած անցքի գիշերը իշխանուհի Մելիքյանը բոլորովին մենակ նստած էր չուգունե ոտերավոր և հղկած գեղեցիկ նստարանի վրա:

Գիշերն ամառային ամենասքանչելի գիշերներից մինն էր, այն գիշերներից, որոնք լինում են միայն ամառանոցներում: Լիալուսինը հանդարտ սահում էր կապույտ երկնքի վրայով, ինչպես մի առագաստանավ անհուն, խաղաղ ծովի վրա: Նա քմահաճությամբ մերթ թաքնվում էր սև փոքրիկ ամպերի տակ, որոնց անձև կողքերը միայն լուսավորվում էին հրաշալի արծաթագույնով և, մերթ դուրս գալով, շարունակում էր յուր օդային ճանապարհը: Ամենահանդարտ կերպով փչում էր գիշերային կենսատու զեփյուռը, տարածելով ողջ պարտեզի մեջ հոտավետ ծաղիկների անուշ բուրմունքը: Շուրջը տիրում էր խորին լռություն: Լսվում էր միայն ծառերի տերևների հանդարտ խշխշոցը, որպես խորհրդավոր շշնջյուն. լսվում էր և փոքրիկ շատրվաններից բարակ հոսանքով դուրս բխող ջրի միակերպ ձայնը: Ջուրը, բարձր նետվելով, փռվում էր խուրձի նման և, բաժանվելով ամենամանր գոհարանման կաթիլների, նորից թափվում էր փոքրիկ ավազանը: Այդ կաթիլները զանազանագույն հրաշալի ցոլումներով, խաղալով լուսնի պայծառ լույսի տակ և ընկնելով ավազանի ջրի մեջ, հանում էին մի այնպիսի հեզահուշ ճողփյուն, որ բոլորովին լրացնում էր այդ խաղաղ գիշերի բոլոր սքանչելիությունը:

Իշխանուհին նստած էր անշարժ և ձեռքերը կցած: Նրա աչքերը հառած էին շատրվանի հենց այն կետին, ուր ջուրը խուրձի գեղեցիկ տեսք էր ստանում: Նա կարծես ամենախորին ուշադրությամբ զննում էր, թե ի՛նչպես այդ կետում բաժանվում էր ամեն մի կաթիլն և ի՛նչ տեսակ գույներ էին ցոլանում նրա մեջ լուսնի լույսից: Լուսինն ուղղակի լուսավորում էր նրա գեղեցիկ դեմքը, որ այդ գիշեր անսովոր կերպով գունատ էր: Նա փաթաթված էր մոխրագույն, լայն և ազնիվ տեսակի շալի մեջ, որ իջնում էր մինչև նրա ոտների ծայրերը: Նրա սև, փայլուն, հարուստ մազերը բոլորովին արձակ, անփույթ կերպով փռված էին ուսերի վրա և, իջնելով, փոքր-ինչ միայն կողքերից, ծածկում էին նրա` երևի ավելի ազատ շնչելու համար` կիսաբաց, հարուստ, սպիտակ, մարմարի կուրծքը, որ այդ ժամանակ բավական նկատելի կերպով, կարծես խիստ հուզված, բարձրանում ու ցածրանում էր: Այդ դրությամբ նա այնքա՛ն գեղեցիկ էր, այնքա՛ն սքանչելի, որ նայողը իրեն մեղանչած կհամարեր` նրան հասարակ մահկանացուների կարգը դասելով: Նա կարծես մի կատարյալ հավերժահարս էր, որ թողնելով յուր աստվածային բնակավայրը, իջել էր այդ գեղեցիկ պարտեզը` բաշխելու նրան յուր արժանավայել շուքը: Նրան լավ դիտողը կնկատեր, որ նա իրեն շրջապատող սքանչելիություններից իսկապես ոչինչ չէր զգում և՛ ոչ թե մտածում էր շատրվանի վրա, այլ մինչև անգամ այդ չէր էլ տեսնում, չնայելով, որ նրա գեղեցիկ աչքերը միշտ հառած էին դրա վրա: Նա այդ ժամանակ միայն մարմնով գտնվում էր այդտեղ, իսկ հոգով և մտքով մի ուրիշ տեղ, ուրիշի մոտնրա՛ մոտ, որ նրա սիրտը բոլորովին գրավել և երկար ժամանակից ի վեր նրա բոլոր մտածության առարկան էր դարձել, չտալով նրան հանգիստ՝ ոչ տիվ և ոչ գիշեր:

Նա մտածում էր Հարունյանի վրա:

Այո՛, Հարունյան, Հարունյան, որպե՛ս անմիտ, ո՛րպես անզգա և կույր ես դու, որ չես կարողանում տեսնել այդ մարմնացած աստվածային գեղեցկությունն և սառնասրտությամբ հրում ես նրան մի կողմը: Տե՛ս, ո՛րպիսի հուսահատ ինքնամոռացությամբ դա գալիս է դեպի քո գիրկն և հոգով ու մարմնով կամենում է անձնատուր լինել քեզ... Մի՞թե մի որևիցե ամենախիստ պարտաճանաչությանը, ամենախիստ հավատարմության ուխտին զոհում են մի այդպիսի գեղեցկություն, որի մեջ միայն գտնվում է քաղցրագույնը բոլոր քաղցրությունների մեջ... Անմի՛տ, ժողովի՛ր խելքդ, բացի աչքերդ և տե՛ս այդ կնոջը, որ այնպես ողորմելի կերպով քեզանից գթություն է հայցում: Նա սիրում է քեզ, սիրում է հոգու բոլոր ուժերով, բոլոր զորությամբ, և այդ սերն անդադար աճում է, աճում է և նրան երբե՛ք հանգիստ չէ տալիս: Նա պատրաստ է քեզ աստվածացնելու, երկրպագելու, պաշտելու քեզ, միայն սիրի՛ր նրան, սիրի՛ր նրան... Այդ երկար ժամանակից ի վեր փափագած սիրուն նա կտա յուր հոգու, յուր սրտի ամենանուրբ, ամենանվիրական տեղն և անդադար, օրնիբուն գուրգուրելով, փայփայելով կբարձրացնե նրան մինչև երկինքը, և՝ սիրո կրակով վառված՝ այդ անսավառնելի բարձրությունից առ ոչինչ կհամարե. աստվածների երջանկությունընրա սիրատենչ, խանդակաթ գրկի մեջ դու մանուկ կդառնաս և կմոռանաս քո թշվառ գոյությունը, կմոռանաս այս աշխարհն` յուր անվերջ ծանր հոգսերով... Այնուհետև դու կընկնես մի տեսակ տենչանաց, հեշտալից աշխարհ, ուր մարդ ճաշակում է դրախտին փոխարինած մոգական քաղցրությունը... Ա՛խ, սիրի՛րսիրի՛ր...

Հանկարծ նրա գլխի վերևը հաստաբուն և բարձրակատար ծառի ճյուղերի մեջ լսվեց ինչ-որ խշխշոց, որը խիստ կերպով խանգարեց գիշերային շրջապատող խորին լռությունը: Այդ ձայնից նա ցնցվեց ամբողջ մարմնով և, դուրս գալո՛վ յուր արբեցյալ դրությունից, նայեց շուրջը: Նրա բոլորովին գունատված դեմքն արտահայտում էր անզգայականություն, սակայն խառը մի փոքր երկյուղի ու զարմանքի հետ: Սովորաբար այդպես են լինում նրանք, որոնք, երկար ժամանակ բոլորովին անձնատուր եղած լինելով իրենց սրտին ամենամոտ խոր մտածությանը, մինչև անգամ սթափվելուց հետո, առաջին վայրկյաններում, շարունակում են դարձյալ ապրել իրենց մտածության աշխարհում, որ այնուհետև հետզհետե սկսում է հեռանալ նրանց աչքերի առջևից, մինչև որ բոլորովին չքանում է, և նրանք, տեսնելով իրենց շրչապատող իրականության մեջ և զգալով այդ խիստ փոփոխությունն երևակայականից դեպի իրականությունը, սկսում են զարմանալ և մի տեսակ երկյուղ կրել, մանավանդ, եթե նրանք բոլորովին մենակ են ու գիշերով: Անզգայականությունը փոքր առ փոքր սկսեց հեռանալ նրա դեմքից, իսկ երկյուղն ու զարմանքն՝ ավելանալ: Նա մի առանձին ուժով վեր ցատկեց տեղից և չռած աչքերով սկսեց նայել դեպի վեր՝ այն ճյուղերի մեջ, որտեղից լսվեցավ բարձրաձայն խշխշոցը: — Ծառի ճյուղերից մեկի վրա լուսնի լուսով նա ինչ-որ սև բան տեսավ, այդ միջակ մեծությամբ մի թռչուն էր, որ երևի առաջվա նստած տեղն անհարմար գտնելով, ցած էր թռել մի ուրիշ ճյուղի վրա և այժմ յուր նոր տեղում պտտվում էր, աշխատելով հարմար կերպով նստել և խաղաղ ննջել: Տեսնելով, որ իրեն այնպես վախեցնողը թռչունն էր, երկյուղը հեռացավ նրա դեմքից և մի տեսակ տանջված, լքյալ արտահայտություն ստացավ: Նա շուռ եկավ և նայեց լուսնին: Այլևս ոչինչ սև ամպեր չէին խանգարում նրան յուր լույսն առատորեն սփռելու ամենուրեք, նա, կարծես, ծիծաղելով արձակեց յուր լույսն և այժմ իրեն նայող գեղեցկուհու մազերով ցանված գունատ դեմքի վրա, որ և այդ ժամանակ ամենափայլուն մարմարի գույնն ստացավ:

Երևում էր, որ կեսգիշերից բավական անցել էր: Օդը բոլորովին ցրտել էր: Փչեց զով, մեղմ քամին, ծառերի տերևները, կարծես, տրտունջ հանելով, ավելի սկսեցին խըշխըշալ: Իշխանուհին, որի ուսերից շալն ընկել էր, բաց անելով նրա կիսամերկ կուրծքը, թեթև կերպով ցնցվեց, զգալով յուր անդամների մեջ այդ ցուրտը: Նա փաթաթվեց յուր շալի մեջ, ձեռքերը կցեց, գլուխը խոնարհեցրեց կրծքի վրա, որպես սգավոր, հուշիկ քայլերով անցավ ճեմելիքի երկարությամբ, սանդուղքով բարձրացավ պատշգամբն և ներս մտավ յուր ննջարանը: Ննջարանում ճրագը հանգած էր: Պայծառ լուսինը, ներս թափանցելով բաց լուսամուտից, ուղղակի լուսավորում էր նրա սպիտակ, որպես ձյուն, անկողինը, որի մեջ այդ րոպեին անկարգություն էր տիրում: Երևում էր, որ նա նախ պառկել էր, բայց տեսնելով, որ իրեն անդադար զբաղեցնող մտածությունը քունը մոտ չէ թողնում յուր աչքերին, դուրս էր գնացել պարտեզ՝ այնտեղ անձնատուր լինելու այդ մտածությանը:

Ծանր քայլերով նա մոտեցավ շքեղ անկողնակալին, շալը մի կողմ գցեց, երեսն ի վեր պառկեց, վերմակը վրան քաշեց և փակեց աչքերը: Մինչև այժմ նրա խիստ ցանկությունից գրգռված ջղերն սկսեցին հետզհետե թուլանալ, կուրծքը դադարեց արագ բաբախելուց և մի տեսակ թմրություն, որ ոչ քուն էր, ոչ արթնություն, պատեց նրա տանջված, լքված անդամներին: Բայց նրա բորբոքված ճակատի տակ ուղեղը հանգիստ չուներ, նրա մեջ տիրում էր մի տեսակ խառնաշփոթություն, մի տեսակ քաոս, որ և նկարում, ստեղծում էր նրա փակ աչքերի առաջ հազար ու մի անորոշ պատկերներ, որոնք՝ հայտնվելուն պես` դարձյալ արագությամբ չքանում էին, որպեսզի տեղ տային ուրիշ այլազան պատկերների: Ի՞նչի նմանություն ասես, որ նա չէր որոշում այդ՝ մի կողմից սոսկալի, մյուս կողմից կախարդող ֆանտաստիկական երևույթների մեջ: — Հրեշային պատկերներից հետո, նա տեսնում է յուր անհոգ մանկությունը և այն ժամանակվա իրեն բոլոր սիրելի, ծանոթ դեմքերը... Երևույթը փոխվում է: — Նա տեսնում է յուր երիտասարդ ամուսնուն` գեղեցիկ, հեզ, բարի, որպես գառը, նրա աչքերը լցված են արտասուքով, նա ամենադառը կերպով մտատանջվում է... Այնուհետև նա պառկած է անկողնում... Դագաղում... Սա նույնչափ գեղեցիկ է... Չքացավ երևույթը: — Դարձյալ հրեշային արհավրալից պատկերները... Դարձյալ փոխվեցան: Տարածվում է ահագին լուսավորված դահլիճը: Երաժշտությունն ականջ է խլացնում: Հարյուրավոր անորոշ պատկերներ` միմյանց գրկած` խռնվելով` թռչում են մի ծայրից մյուս ծայրն ու գոհարների նման ինչ-որ բաներ պսպղում, հուրհրատում են նրանց վրա հազարավոր ճրագների լուսավորության առաջ... Այնուհետև նա տեսնում իրեն շրջապատված ախտաբորբոք երիտասարդներով... Նրանք՝ չոքած՝ նայում են նրա աչքերի մեջ, համբուրում են նրա ձեռքերը.,. Չքացավ այդ ամենը: Նա տեսնում է Հարունյանին... Այնուհետև նա վազում է նրա ետևից դեպի ամառանոց,.. Պատահում է նրան անտառում... Անորոշ դրությամբ հեռանում է նրանից,… Գիշերն ուզում է քնել... Հարունյանի պատկերն հանգիստ չէ տալիս նրան... նա դուրս է գնում պարտեզՇրջապատող բնության գեղեցկությունն առավել ևս լարում է նրա ջղերն, և բորբոքված սերը ստեղծում է նրա առաջ զանազան քաղցր պատկերներ... Թռչունը վախեցնում է նրան: Նա տուն է մտնում, պառկում է, և չքացավ ամենը:

Հանկարծ այդ ժամանակ նրան թվաց, թե դուռն անլսելի կերպով բացվեցավ, և մեկն ուրվականի նման, հանդարտ ներս մտնելով նրա ննջարանը, կանգնեց դռների մոտ ու մնաց արձանացած: Նա սոսկաց, օձից խայթվածի նման իսկույն վեր թռավ տեղից և, սարսափից չռած աչքերով, հազիվ շնչելով, սկսեց նայել այդ գիշերային անկոչ հյուրին: Վերջինս կանգնած էր նույն արձանացած դրության մեջ և անթարթ աչքով նայում էր ուղղակի նրա չռած աչքերին: Իսկ նա, որի ճակատին արդեն սկսել էին դուրս ցայտել սառը քրտինքի խոշոր կաթիլներ, ամբողջ մարմնով դողալով, շարունակում էր նայել նրան, չկարողանալով ոչ աղաղակել և ոչ մի շշունջ հանել, կարծես լեզուն պապանձվել էր: Նա միայն նայում էր և նայում, կարծես նրա աչքերը բևեռած լինեին այդ գիշերային սարսափի վրա իրենից անկախ մի զորությունից, որ զգում էր յուր բոլոր անդամների մեջ, նայում էր և նրա վրա ոչինչ պարզապես չէր կարողանամ որոշել` ո՛չ հագուստն ու ո՛չ դեմքի գծերը, բացի երկու անթարթ աչքերից, որոնք, որպես գայլի աչքեր, պսպղում էին գիշերային մթության մեջ և դրանով առավել ևս սարսափ ազդում: Սակայն փոքր առ փոքր այդ անորոշ հագուստն ու դեմքի գծերն սկսեցին փոխվել, և գիշերային այցելուն սկսում էր ստանալ ուրիշ հագուստ, ուրիշ դեմքի գծեր, որոնք հետզհետե նրան ավելի ու ավելի ծանոթ էին թվում: Որքան այդ ուրվականը նոր փոփոխություն էր ստանում, և այդ փոփոխությունը վայրկյան առ վայրկյան նրան առավել ևս ծանոթ էր թվում, այնքան նա դադարում էր դողալուց և վախենալուց, նրա դեմքի վրայից հեռանում էր սարսափն և ստանում էր մի տեսակ զարմանքի և ուրախության արտահայտություն: Նրա մինչև այժմ երկյուղից լռած, բայց այժմ ժպտող աչքերն սկսում էին փայլել մի առանձին փայլով, իսկ կուրծքը բարձրանալ ու ցածրանալ, կարծես մի տեսակ ներքին բորբոքումից, գրգռումից, որ հետզհետե սաստկանում էր:

Հանկարծ նա մի տենդային թռիչք գործեց դեպի գիշերային այցելո՛ւն, ընկավ նրա առաջ՝ ծնկների վրա և, ամուր գրկելով նրա ոտները, կանչեց կցկտուր ձայնով.

Հարունյա՛ն, խղճա ինձ, ես քեզ սիրում եմ...

Յուր սեփական ձայնից, որ խուլ կերպով տարածվեցավ սենյակի գիշերային լռության մեջ, նա հանկարծ արթնացավ յուր անհանգիստ քնից: Շտապով նստեց անկողնի վրա և երկյուղով նայեց դեպի դուռը: Լուսինը բավական լուսավորում էր սենյակը, դուռը փակ էր, սենյակում ոչ ոք չկար: Նա տեսավ, որ յուր տեսածը, ոչ այլ ինչ էր, եթե ոչ միայն երազ, և դրա մեջ երևացած գիշերային այցելուն իսկ և իսկ ինքը՝ Հարունյանն էր, որի մասին նա միշտ մտածում էր, առավելապես այդ գիշեր: Բաց լուսամուտներից փչում էր վաղորդյան մեղմ, զով, գրեթե ցուրտ քամին, որ ներս էր բերում յուր հետ ծառերի խորհրդավոր շշնջյունը: Բարձրում երևում էր երկնքի պարզ կապույտը, որի վրա նոր էր սկսում խաղալ ցերեկի ավետաբերըծիրանի արշալույսը:

Զգալով յուր բոլոր անդամների մեջ սաստիկ թուլություն, իշխանուհին պառկեց նորից, վերմակը վրան քաշեց և այս անգամ քնեց արդեն բոլորովին խաղաղ:

ԺԲ

ՎԵՐՋԻՆ ԵՎ ՍՈՍԿԱԼԻ ՊԱՏԵՐԱԶՄ

Հետևյալ օրը գրեթե կեսօր էր, երբ նա վեր կացավ: Տակավին ոչ մի ժամանակ նա իրեն այնպես ուժասպառ ո՛ւ տանջված չէր զգացել, որպես այդ օրը: Գիշերվա արհավիրքը սաստիկ ազդել էր նրա ջղերի վրա: Յուր ողջ կյանքի մեջ այդ առաջին անգամն էր, որ մի այդպիսի զարհուրելի գիշեր էր անցկացնում և այն էլ բոլորովին անսպասելի կերպով: Նա ինքն էլ զարմանում էր, թե ինչպես էր եղել, որ մտածությունը բողորովին խլել էր նրա ուշքն ու միտքն, և երևակայությունը հափշտակել էր նրա բոլոր գոյությունն յուր մոգական աշխարհի մեջ: Նա մի առ մի հիշում էր գիշերի երևույթները, որոնք սաստիկ ազդել էին նրա ուղեղի և սրտի վրա: Այդ մերթ քաղցր, թովիչ, մերթ տխուր ու զարհուրելի երևույթները ներկայացնում էին նրա ողջ կյանքը՝ սկսած մանկությունից մինչև նույն րոպեն: Այդ երևույթներն անցնում էին նրա աչքերի առաջով, որպես խավարային պատկերներ՝ իրենց կարգով ու արագությամբ: Նրանցից ամեն մեկն ստիպում էր նրան ապրել յուր մեջ և զգալ միևնույնն, ինչ որ յուր ժամանակին նա զգացել էր իրականապես: — Եվ այդ բոլորի պատճառն էր մի նոր, թարմ, բայց հուսահատ զգացմունքսերը, որ կլանել էր նրա բոլոր գոյությունը: Այդ զգացմունքըսերը առավել բորբոքվել էր բնության գիշերային թովիչ սքանչելիությունից, որ շատ բնական է և, բարձրացնելով յուր անզուսպ կրքերը, պահանջում էր յուրը, իսկ նրան մերժում էին: Այդ մերժումը նա չէր կարո՛ղանում տանել, որովհետև յուր պահանջի մեջ էր գտնում նա յուր գոյության հենարանն ու յուր կերակուրը, որ պիտի տար նրան նոր ուժ անշեջ մնալու: Այդ պահանջի մեջ էր տեսնում նա այն աստվածային երջանկություններից երջանկագույնը, որի նմանն յուր ողջ կյանքի մեջ տակավին չէր զգացել: Եվ այդ պատճառով նրա անհույս սերը, կարծես, հենց դրա համար էր ստիպում նրան անցնել յուր աչքերի առաջով յուր անցյալ կյանքի պատկերը, որպեսզի այդ կյանքի մեջ համեմատություն դներ և տեսներ, զգար, որ, այո՛, այն ժամանակ նա երբե՛ք սիրելիս չէ եղել՝ այդ բառի բուն նշանակությամբ, որ այն ժամանակ նրա կյանքն անցնելիս է եղել դատարկ, միայն ամենաչնչին կրքերով:

Նա այլևս ոչինչ չուզեց հիշել. նրա գլուխը բորբոքվում էր: Շալն անփույթ կերպով գցելով մերկ ուսերի վրա, նա մոտեցավ բաց լուսամուտին: Մեղմ, սառը հո՛վը դրսից շոյեց նրա դեմքն, և նա, ազատ, լի կրծքով շունչ առավ: Պարտիզում՝ ծառերի տակ, աշխատում էր ծեր պարտիզպանը: Ծերերին հատուկ ուրախ և բարակ ձայնով նա քթի տակ երգում էր, երևի, յուր անցյալ և ներկա հանգիստ, խաղաղ կյանքը: Ծառերի վրա ճլվլում էին թռչունները, երջանիկ էին թռչունները, երջանիկ էր և ծերունին, բայց երջանիկ չէր նա, որ յուր և ամենքի կարծիքով ուներ երջանկություն ձեռք բերելու բոլոր առանձնահատկությունները: Առհասարակ այդպես է, մարդս, բոլոր հույսը դնելով յուր մի որևէ առանձնահատկության վրա, կարծում է, մինչև անգամ հավատում, որ անպատճառ կհասնի յուր ցանկալի նպատակին, բայց պատահում է, և շատ անգամ, որ այդ նրան չէ հաջողվում զանազան արտաքին, նրանից կախում չունեցող հանգամանքներից, որոնց մասին նա առաջ բնավ չէր մտածել կամ առ ոչինչ էր համարելայդտեղից երևում է ահա մարդուս անխոհեմությունն ու անհեռատեսությունը: Մարդս իրավունք չունի անպայման հավատալու յուր ուժերին՝ այն պարզ հիման վրա, որ մինչև անգամ ամենամոտիկ ապագան տակավին վարագուրված է նրա աչքերից, և ամեն բան աշխարհիս մեջ փոփոխության անխուսափելի օրենքին է մատնված, հետևապես` ապագան կարող է ավելի մեծ ուժեր ծնել, քան նա ունի այժմ, և այսօրվա հաղթելի համարածը վաղը հաղթող հանդիսանալ: Անպայման հավատը երկու աչքով կուրություն է, և շատ անգամ նրա հետևանքները վատ են լինում: Եվ այժմ իշխանուհին ո՛րքան սխալված էր համարում իրեն, որ անպայման կերպով հավատում էր յուր գեղեցկությանը...

Դեռ երկար ժամանակ անշարժ կանգնած լուսամուտի մոտ՝ նա նայում էր ծեր պարտիզպանին, որ առանց նրան տեսնելու` շարունակում էր յուր գործն երգելով: Այդ ժամանակ հանկարծ մի րոպե թվաց, որ յուր բոլոր հարստությամբ, յուր տակավին երիտասարդ հասակով և մինչև անգամ յուր հրաշալի գեղեցկությամբ նախանձում է այդ անվիշտ ծերունուն, որին մինչև այդ հասակն, ինչպես երևում էր, տակավին ծանոթ չէին հոգեկան բոլոր խոր հուզմունքները, որի սրտի մեջ տակավին չէր կաթել դառնության և ոչ մի կաթիլ և որի ուղեղը դատապարտված չէր սոսկալի մտատանջությունների: Այդ միևնույն րոպեին նա զգաց յուր կյանքի բոլոր դատարկությունըև այդ առաջին անգամն էր: Նա սարսափով նայեց այդ դատարկության մեջ և այնտեղ աչքի ընկնող ոչինչ, ոչինչ չգտավ: Ինչո՞ւ համար է նա ապրել մինչև այժմ և ինչո՞ւ է ապրում: Ի՞նչ մի նշանավոր գործ է կատարել մարդկության օգտին, յուր շրջապատողների ծգտին: Ահա ծերունին աշխատում է, քրտինք է թափում, աճեցնում է բուսականությունը, իսկ ի՞նքը... Ի՞նչ է եղել յուր կյանքի նպատակը, բարի նպատակը... Եվ գուցե հազարավոր այդպիսի հարցեր կուտակվեին նրա գլխում, եթե այդ գիտակցությունը մի րոպե չտևեր, բայց մի րոպեն այնքա՛ն արագ է անցնում, և այդ գիտակցությունն այնքա՛ն աղոտ էր, այնքա՛ն մութ, որ նրա գլխում այլևս ոչինչ չմնաց, ինչպես կայծակը, որ հայտնվելուն պես դարձյալ իսկույն չքանում է անհետք: Եվ այդ րոպեն չէր կարող երկար տևել, իսկ գիտակցությունը խոր տպավորություն թողնել նրա ուղեղի վրա, որովհետև այդ ժամանակ նրա աչքերի առաջով դարձյալ անցավ Հարունյանի պատկերն՝ յուր սոսկալի սառնասրտությամբ, յուր համառ հաստատակամությամբ և, կարծես, հեգնաբար ասելով նրան, «Հաղթվի՛ր, հաղթվի՛ր... Ողորմելի՛, ո՞ւր է քո այն ուժը, որով դու այնպես պարծենում էիր, որ դու այնքան հաղթություններ էիր անում... բայց ի՛նչ հաղթություններ: Քեզ ավելի անձնատուր են եղել, քան դու հաղթել ես: Անձնատուր են լինում նրանք, որոնք իրենց մեջ ոչինչ ուժ չեն ճանաչում, հաղթում են նրանք, որոնց ուժը գերակշռում է հակառակորդի ուժերից: Հաղթությունն առաջին դեպքումմուկն է կատվի առաջ, հաղթությունն երկրորդ դեպքումառյուծն է առյուծի առաջ: Կատուն հաղթում է մկանը առանց մի որևիցե պատերազմի, մի առյուծ հաղթում է մյուսին երկարատև և սոսկալի պատերազմից հետո: Կատվի հաղթությունը ոչինչ է, ամենասովորական բան, առյուծի հաղթությունըմեծ է. այդ ցույց է տալիս նրա ուժի գերակշռությունը մյուս առյուծի ուժից: — Ուրեմն, ողորմելի՛, դու մինչև այժմ կատու ես եղել, որովհետև գործ ես ունեցել միշտ մկների հետ, բայց ի՞նչպես ես կամենում պատերազմել դու ինձառյուծիս հետ, դուոր առյուծ չես...»:

«Օ՛, ես այժմ առյո՛ւծ եմ, առյո՛ւծ, — հանկարծ աղաղակեց նա կատաղի ձայնով, որ կարծես իսկապես առյուծ լիներ, և արագությամբ մոտեցավ հայելուն: — Այո՛, առյո՛ւծ այժմ և կամենում եմ պատերազմել իբրև առյուծ, պատերազմել և հաղթե՛լ, հաղթել անպատճառ և ընկած պատիվս նորից կանգնեցնել... Օ՛, պատի՛վս... պատի՛վս…»:

Շալն ընկել էր նրա ուսերից, հարուստ մազերը բոլորովին արձակ և անկարգ կերպով թափվել էին նրա մերկ ուսերի վրա, և նա կանգնած էր հայելու առաջ, որպես մի վրիժառու Մեդեա՝ պահպանողական խրոխտ դիրք բռնած, արյունով լցված աչքերով և մերկ, սարսափելի ալեկոծվող կրծքով: Յուր գեղեցիկ սպիտակ ատամները նա սեղմել էր միմյանց, իսկ ձեռքերով, կարծես, կամենում էր մեկին պատառ-պատառ անել:

Սակայն շուտով անցավ նրա այդ անզուսպ կատաղությունը: Նրա ձեռքերը թուլացան, իսկ գլուխը խոնարհվեցավ փոքր առ փոքր հանդարտվող կրծքի վրա: Անզուսպ կատաղությունը տարավ նրա բոլոր ուժերը, որպես փոթորիկը քշում է յուր հետ ճանապարհի վրա եղած-չեղածը: «Ողորմելի՛ արարած», շշնջաց նա և ուժից բոլորովին ընկած, նույն դրությամբ, բայց օրորվելով, մոտեցավ փափուկ բազկաթոռին և ծանր կերպով ընկավ նրա մեջ: Նրա գեղեցիկ աչքերի մեջ արտասուքի կաթիլներ ցոլացին և իսկույն, որպես փայլուն գոհարներ, գլորվեցան նրա այտերի վրայով: Նա դեմքը ծածկեց կռների մեջ և մնաց այնպես:

Երբ նա գլուխը բարձրացրեց, նրա դեմքի վրա այլևս կատաղության ոչ մի հետք չկար, նա ստացել էր զարմանալի խոնարհ արտահայտություն, ինչպես սոսկալի փոթորիկին հաջորդող հանդարտ օրը: Թաց աչքերի մեջ նկատվում էր զարմանալի հեզություն: Բնությունը արտահայտել էր յուր գործըմոռանալով ամեն բան՝ և՛ հպարտություն, և՛ վրեժ, նա անձնատուր էր եղել սիրույն, որ դարձյալ յուր ծանր ձեռքն անողոքաբար դրել էր նրա սրտի վրա և նրան ճմլում, ցավեցնում էր յուր ծանրության ներքո:

Следующая страница