Նար-Դոս՝   Քնքուշ լարեր

Նա նայեց յուր վրա և, տեսնելով, որ տակավին հագնված չէ, ձեռքը մեկնեց դեպի մոտը գտնված փոքրիկ սեղանի վրա դրված հնչակն և հնչեցրեց նրան:

Մի րոպեից հետո ներս մտավ աղախինը:

Մա՛րիա, — դարձավ նրան իշխանուհին, — օգնի՛ր ինձ հագնվելու:

Աղախինը կատարեց նրա հրամանը: Նա հագնվեցավ:

Այժմ գնանք դուրս, — ասաց նա հագնվելուց հետո, — օգնիր ինձ լվացվելու և հետո գլուխս սանրիր:

Նրանք դուրս գնացին: Իշխանուհին լվացվեցավ: Հետո գնացին մի ուրիշ սենյակ, որ իշխանուհին նշանակել էր յուր զուգվելու համար: Նա նստեց հայելու առաջ: Աղախինն օծեց նրա գեղեցիկ մազերն անուշահոտ յուղով ու սկսեց սանրել:

Իշխանուհին խորին դառնությամբ նայում էր հայելու մեջ յուր մազերին, յուր դեմքին, յուր պարանոցին: Մի՞թե նա այնքան գեղեցիկ չէ, որ մի Հարունյան նրա վրա ուշքը չկորցնի: Նա չհավատաց յուր աչքերին:

Մա՛րիա, — հանկարծ ասաց նա նայելով աղախնուն հայելու միջից, — ես գեղեցիկ չե՞մ:

Օ՛հ, դուք շատ գեղեցիկ եք, տիրուհի, — ասաց աղախինը ժպտալով: — Ձեզ նման գեղեցկուհի ոչ Պետերբուրգումն եմ տեսել և ոչ այստեղ:

Ո՛չ, աղախինը շողոքորթում է նրան, նա սուտ է ասում:

Ուղի՛ղն ասա, Մարիա, — ասաց նա խստորեն: — Ես չե՞մ տեսնում, որ տգեղ եմ...

Աղախինը զարմանքից չռեց աչքերն ու դադարեց սանրելուց:

Դուք տգե՛ղ... — կանչեց նա: — Դուք ինձ փորձո՞ւմ եք, տիրուհի... Ես մարդ սպանելն այնքան մեղք չեմ համարել, որքան ձեզ տգեղ համարելը:

Քեզ ասում են՝ ուղի՛ղն ասա:

Երդվում եմ, տիրուհի, որ դուք չափազանց գեղեցիկ եք... դուք ամենագեղեցիկն եք բոլոր, կանանց մեջ...

Վերջին անգամն եմ ասում, ուղիղն ասա, ապա թե ոչ իսկույն քեզ կվռնդեմ:

Աղախնի աչքերում արտասուքի կաթիլներ ցոլացին:

Ես ի՞նչ մեղք ունեմ, որ դուք ինձ հավատալ չեք կամենում, — ասաց նա դողդոջուն ձայնով:

Իշխանուհին հայելու միջից տեսավ նրա արտասուքն ու լռեց: Աղախինը շարունակեց սանրել:

Բավական է, — ասաց վերջապես իշխանուհին: — Այժմ ժապավենով մազերս թույլ կապիր և դուրս գնա, ինձ համար թեյ պատրաստիր:

Աղախինն հանգստացավ, կատարեց նրա այդ հրամանն էլ և դուրս գնաց:

Իշխանուհին ետ ընկավ աթոռի մեջքի վրա, ձեռքերը ծալեց կրծքի վրա և դարձյալ սկսեց յուր գեղեցկության վրա քննական աչքով նայել: Ո՛չ յուր աչքերն են խաբում իրեն և ո՛չ աղախինն էր ստումնա գեղեցիկ էր, նա գեղեցկուհիների թագուհի կարող է կոչվել, նա Աստղիկ էր: Մի քանի րոպե դեռ նա ակամայից ինքն էլ հրճվում էր յուր գեղեցկությամբ, ինչպես մի երեխա յուր նոր զգեստի վրա: Հանկարծ ինչ-որ շանթի նման ցցվեցավ նրա ուղեղի և սրտի մեջ, և նա, որպես մի կատաղի գազան, իսկույն վեր թռավ տեղից այնպես, որ աթոռը, որի վրա նստած էր, մի քանի քայլ ետ գլորվեցավ:

Եվ այսպիսի մի գեղեցկություն արհամարհո՛ւմ է մի պարոն Հարունյան: Ես քեզ կպատժեմ, պարոն Հարունյան, — կանչեց նա այս անգամ արդեն կատաղությունից իրեն բոլորովին կորցնելով: — Ես քեզ կպատժեմ, պարոն Հարունյան, սոսկալի կերպով կպատժեմ... Արհամարհել ի՛մ գեղեցկությունըօօօ՛, ես ամեն բան թույլ կտամ, բայց այդերբեք, աստված է վկաերբե՛ք... Ես տակավին մեռած չեմ... ես կրում եմ իմ անունս, իմ պատիվս... Օ՛, դու կարծում ես, որ ես մի րոպե, մի վայրկյան անգամ կարո՞ղ եմ հանգստանալ, մինչև չտեսնեմ քեզ ոտներիս տակ ընկած և հանդիսավոր կերպով ոտնակոխ չանեմ քեզքո բոլոր պաշտած սկզբունքներդ, որոնց դու պինդ կպել ես... ես քեզ կստիպեմ, կստիպեմ... ես քեզ խելագարության կհասցնեմ, ես ուղեղիդ, սրտիդ մեջ կխփեմ այն մոգական թույնը, որից ո՛չ մի մարդ տակավին ազատված չէ... Ես քեզ հավիտյան կկորցնեմ... Օ՛, ես այդ կանեմ, կանեմ, թեկուզ ինքը` դժոխքն իմ առաջս կանգնի...

Եվ որպես կատաղած գազան վանդակի մեջ` նա, ատամները կրճտացնելով, այս ու այն կողմ էր վազում սենյակի մեջ: Այդ վերջին և ամենասոսկալի պատերազմն էր, որ կատարվում էր նրա մեջ: Վրեժխնդրության արյունը հասել էր կոկորդին, և յուր անելիքը նա արդեն հաստատապես վճռել էր:

Այդ միջոցին մտել էր աղախինն և՝ զարմացած ու վախեցած, կանգնած դռների մոտ՝ նայում էր, թե ի՛նչպես յուր տիրուհին, առանց նրան տեսնելու, սենյակում, կատաղած այս ու այն կողմն էր վազում: Նա ուզում էր խոսել: Բայց չէր համարձակվում բերան բանալու: Վերջապես, տեսնելով, որ նրա կատաղությունը չէր հանդարտվում, և նա շարունակում է այս ու այն կողմը վազել, նա սիրտ առավ և ասաց.

Տի՛րուհի, ո՞րտեղ կհրամայեք թեյ շնորհել:

Իշխանուհու կատաղությունն այնքան սաստիկ էր, որ նա ոչինչ չէր տեսնո՛ւմ, ոչինչ չէր լսում: Աղախինն այս անգամ մի քայլ առաջ գնաց և կրկնեց յուր հարցը, բայց առաջվանից փոքր-ինչ բարձր: Իշխանուհին տեսավ նրան և կանգնեց նրա առաջ:

Ի՞նչ ես ուզում, — կանչեց նա՝ հառելով նրա վրա յուր աչքերը: Նրա կոպերն ու շրթունքները սաստիկ դողում էին:

Աղախինն երեքկնեց յուր հարցը՝ դողալով նրա կատաղի, արյո՛ւնով լցված աչքերից:

Պարտիզում... ո՛չ, պատշգամբում, և դո՛ւրս կորիր:

Աղախինը՝ բոլորովին զարմացած, ապշած՝ իսկույն դուրս գնաց: Յուր տիրուհուն այդ դրության մեջ նա առաջին անգամն էր տեսնում:

Իշխանուհին մոտեցավ հայելուն: «Օ՛, գեղեցկությո՛ւնկնոջ միակ զե՛նքկանչեց նա նրա մեջ նայելովժողովի՛ր բոլոր ուժդ, բոլոր մոգական դյութություններդ, իմ պատերազմս սոսկալի՛ է լինելու: Ես կամենում եմ հաղթե՛լ, անպատճառ հաղթե՛լԵվ այնուհետև բոլոր աշխարհը, բոլոր մարդկությունը ոտիս տակն է»... Եվ որպես հպարտ թագուհի, սեզ քայլերով նա դուրս գնաց պատշգամբն և նստեց նախապատրաստած աթոռի վրա՝ փոքրիկ սեղանի առաջ: Աղախինն իսկույն արծաթյա մատուցարանի վրա մոտ բերեց թեյ ու պաքսիմատ և, դնելով սեղանի վրա, հեռացավ:

Իշխանուհին սկսեց մտածել, թե ի՛նչպիսի իրագործում տա յուր վճռին: Այնպես պետք է բանը բերել, որ մի անգամ Հարունյանը բոլորովին մենակ գա յուր մոտ, յուր տուն, և ինքը յուր միակ զենքովգեղեցկությամբ հանե նրան խելքիցահա նրա վերջին հուսահատական վճիռը: Բայց ի՞նչպես: Հրավիրե՞ միայն նրան: Բայց նա մինչև անգամ կնոջ հետ չէ կամենում նրան այցելել, ո՞ւր մնաց բոլորովին մենակ, բացի դրանից, մի՞թե այդ առանձին հրավերի նպատակը նրան պարզ չի լինիլ. իսկ նա հենց այդպիսի բաներից է, որ երկյուղ է կրում: Հետո, կինն ի՞նչ կարող է մտածել այդ մասին... Ո՛չ, առանձին հրավիրել նրան անկարելի է և անիրագործելի: Ուրիշ հնար է պետք: Հարունյանն այնպես պետք է գնա նրա մոտ, նրա տուն, որ նա այդ ինքն էլ չիմանամիակ բանը, որով հասած կլինի յուր նպատակին: Այո՛, Հարունյանը բոլորովին չպիտի կասկածի, թե ինչու ինքը մենակ, առանց կնոջ ընկերակցության, գնում է իշխանուհու տուն: Բայց այդ ի՞նչպես անե ահա որտեղ է կայանում խնդրի դժվար լուծումը: Խո կարող չէ՞ նրան կախարդել: Ուրիշ ի՞նչ հնար կա...

Իշխանուհին ընկավ խոր մտածության մեջ: Նա մոռացել էր, որ առջևը թեյ կար դրած և սառչում էի. մոռացել էր և ամեն բան:

Հանկարծ մի ակնթարթում նրա դեմքը փոխվեցավ և, աչքերը հառած մի կետի, կամաց-կամաց անզգայաբար բարձրացավ տեղից, մի րոպե մնաց այդպես անշարժ և հանկարծ աղաղակեց.

Գտա՛, գտա՛...

«Է՛վրիկա, է՛վրիկա», միևնույն կերպով աղաղակեց և Արքիմեդն յուր նշանավոր գյուտի րոպեին:

Այդ միջոցին անզգայաբար նա ձեռքով այնպես խփել էր թեթև սեղանին, որ դա՝ օրորվելով՝ գետին էր ընկել, թափելո՛վ յուր հետ պաքսիմատն ու թեյի բաժակը, զարկվելով հատակին, փշուր-փշուր էր եղել: Այդ ձայնից աղախինը վազեց տեսնելու, թե ինչ է պատահել: Իշխանուհին՝ ուրախությունից իրեն բոլորովին կորցրած՝ յուր կողմից վազեց դեպի նա և, որպես տենդի մեջ, ամուր գրկելով նրան ու բարձր նետելով, կրկնեց յուր աղաղակը.

Գտա՛, գտա՛...

Աղախինը սաստիկ վախեցավ: Նա կարծեց, թե յուր տիրուհին խելագարվել է, մանավանդ, որ այդ օրը նրան բավական օտարոտի դրության մեջ էր տեսել: Նա աշխատեց դուրս պրծնել նրա ձեռքերից, որոնք, որպես սղմիչ, սեղմում էին նրան իրենց մեջ, բայց նրան չհաջողվեցավ այդ:

Տիրուհի՛, տիրուհի՛... — կանչեց նա առավել ևս վախեցած:

Հանկարծ իշխանուհին զգաց յուր արարքն և բաց թողեց նրան: Նրա խելքը գլուխն եկավ:

Մի՛ վախիր, Մարիա, — ասաց նա շնչասպառ և ալեկոծվող կրծքով: — Մի՛ վախիր, ես չեմ խելագարվել...

Բավական յուր գյուտից՝ և ուրախությունից չգիտենալով թե ի՛նչ անե՝ նա սկսեց արագ քայլել պատշգամբում: Ինչ-որ կախարդիչ ժպիտ պսակում էր նրա շառագունած դեմքը, քթի ծակերը՝ սաստիկ շնչառությունից, նկատելի կերպով լայնանում էին: Աղախինն ապշած նայում էր նրան:

Իշխանուհին հանկարծ կանգնեց` տեսնելով հատակի վրա թափված սեղանը, պաքսիմատներն և թեյի կոտրատված բաժակը:

Այս ո՞վ է արել, — հարցրեց նա՝ կիտելով հոնքերը, որ շատ սազում էր նրա դեմքին:

Այդ դուք եք արել, տիրուհի, — պատասխանեց փոքր-ինչ հանդարտված աղախինը:

Ե՛ս... — կանչեց զարմացած իշխանուհին ձեռքերը միմյանց խփելով և բարձրաձայն քրքջաց: — Մի՞թե այդ ես եմ արել... բոլորը հավաքիր և ինձ համար նոր թեյ, նոր պաքսիմատ բեր: Այս ես ինքս էլ չեմ իմացել, թե ինչպես է կատարվեր

Աղախինը չգիտեր՝ ծիծաղի, թե զարմանա, յուր տիրուհու այդ արտասովոր վարմունքի վրա: Նա սկսեց մի առ մի կատարել նրա նոր հրամանները: Սրբեց սեղանն ու աթոռը, տեղափոխեց նրանց, նրա համար նոր թեյ և պաքսիմատ բերեց, որից հետո ավելեց հատակն և հեռացավ:

Այնինչ իշխանուհին՝ հաղթության հուսո ժպիտը դեմքին՝ նորից արդեն ձգվել էր աթոռի վրա և հանգիստ սկսել էր վայելել թեյն ու պաքսիմատը:

«Պարոն Հարունյա՛ն, այժմ դու արդեն ընդմիշտ իմ ձեռքին ես, — խոսում էր նա այդ ժամանակ կիսաձայն: — Երբ ես քեզ կձգեմ այն նեղ տեղը, որտեղից տակավին ոչ մի մարդ չէ ազատվել, այն ժամանակ այլևս ոչինչ հաստատակամություն, ոչինչ խիստ հավատարմության ուխտ քեզ օգնել չէ կարող... Ես շատ լավ եմ ճանաչում տղամարդիկներին: Այո՛, թեպետ դու փոքրիշատե ապացուցանում ես, որ մի բանով բարձր ես նրանցից, բայց և, իհարկե, դու երկաթ չես. դու ևս նույն ողորմելի արյունից ու մսից ես խմորված, ինչպես և մյուսները... Բայց ափսոս, որ իմ վճռիս ես չեմ կարող իրագործում տալ այստեղ, այլ պիտի սպասեմ, որ ամառն անցնե, և մենք վերադառնանք քաղաք... Գրեթե ամբողջ երկու ամիս կա տակավին: Այդ ավելի վատ թե՛ քեզ համար և թե՛ ինձ համար.. — Բայց և այնպես, այդ ժամանակամիջոցը շատ է ինձ համար, որ ես այստեղ բոլոր ուժերդ հանեմ քո միջից և նախապատրաստեմ քեզ վերջին րոպեի համար... Այդ ժամանակ արդեն բոլորովին ուժասպառ՝ դու ինքդ կընկնես իմ ոտներիս տակ... և ես՝ արդեն ցանկալի հաղթանակը սթարած՝ ոտնակոխ կանեմ քեզ... Օ՛, երջանիկ րոպե.. Այստեղից դու այլևս ինձանից ոչ մի տեղ չես կարող փախչել»...

Նա հիշեց այն սառն վարմունքն ու հնարովի գլխացավը, որոնցով նա միշտ հանդիպում էր Հարունյաններին, և տեսավ, որ այդպես չպետք էր վարվեր և չպետք է վարվի այսուհետև, եթե անպատճառ կամենում է յուր նպատակին հասնել:

«Եղածը եղել էհույս տվեց նա ինքն իրենայս երեկո ամենը կուղղվի... գլխացավս անցավ, ամառանոցի սառն օդը բժշկեց ինձ, հա՛, հա՛, հա՛»...

Եվ նա մտքումը դրեց երեկոյան անպատճառ գնալ անտառն, ուր հույս ուներ հանդիպելու Հարունյաններին:

Աղախինը թեյի երկրորդ բաժակն էր մոտ բերել արդեն, երբ հանկարծ պարտեզի դուռը բացվեցավ, և գրեթե ներս ընկավ Պետրովը: Իշխանուհին, որ նրան բոլորովին մոռացել էր, նրան յուր դաստակերտում տեսնելով` մնաց զարմացած: «Այս մարդն ինձ այստեղ էլ է գտել», ասաց նա յուր մտքում: Եվ այն է, հենց կամենում էր պատրաստվել նրան բարկությամբ ընդունելու, երբ հանկարծ նրա գլխում մի ուրախալի միտք ծագեց՝ հօգուտ յուր մտադրության: — Ի՞նչ կլինի, եթե այսուհետև սկսե երես տալ Պետրովին Հարունյանի մոտ եղած ժամանակ և մի քանի ցույցեր անե, իբրև թե սիրում ու հաշտ աչքով է նայում այդ աստիճանավորի վրա: Որքան էլ այդ Հարունյանի համար նշանակություն չունենա, բայց, այնուամենայնիվ, դա կարող է նրա մեջ խանդոտություն զարթեցնել, առավել ևս, որ, ինչպես իշխանուհին մի քանի անգամ նկատել էր, նա լավ աչքով չէր նայում Պետրովի վրա: Իսկ Հարունյանի այդ խանդոտությունը փոքրիշատե հաջող ելք կարող էր տալ նրա մտադրության իրագործելուն: Եվ այդ միտքն այնքան գեղեցիկ ու հարմար թվաց նրան, որ մինչև անգամ կանչեց ուրախությամբ.

Ա՛, պարոն Պետրով... Ահա՛ չէի սպասում ձեզ:

Օ՛, դուք չէիք կարող ինձ չսպասել, — կանչեց յուր կողմից Պետրովը՝ սանդուղքով արագությամբ բարձրանալով և մոտենալով նրան, — գիտեք, որ իմ ճանապարհս ձեր ոտների հետքերն են, որոնց վրայով միայն ես մինչև վերջին շունչս պետք է գնամ...

Իշխանուհին ուրախ կերպով քրքջաց: Պետրովը բռնեց նրա ձեռքն և սկսեց յուր համբույրների կարկուտը թափել նրա վրա:

Բավական է, բավական, — կանչեց իշխանուհին` առավել ևս քրքջալով: — Դուք իմ ձեռքիս կաշին կպլոկեք ձեր սարսափելի համբույրներով..

Օ՛, ես այսքան օրվա կարոտս պիտի հանեմ

Եվ Պետրովը նորից ու նորից համբույրներ էր թափում նրա ձեռքի վրա, Վերջապես իշխանուհուն այդ զզվելի թվաց և զոռով ետ քաշեց ձեռքը:

Դուք անտանելի եք, — ասաց նա: — Ավելի լավ է՝ նստեցեք և խոսենք: Մա՛րիա, աթոռ:

Ուրի՞շ ինչպես է ձեր թանկագին առողջությունն, իխանուհի, — ասաց Պետրովը՝ նոր նստելով նրա դիմացն աղախնի բերած աթոռի վրա:

Լավ է: Բայց ես զարմանում եմ, թե ի՛նչպես դուք գտել եք իմ դաստակերտը:

Օ՛, ո՞ւմը հարցնեի այստեղ, որ ցույց չտային, չէ՞ որ դուք այստեղ եզակի եք, ինչպես և ամբողջ աշխարհիս մեջ...

Ավելի լավ է՝ թողնենք հաճոյախոսություններն և, եթե կամենում եք, թեյ անուշ արեք:

Այսինքն՝ սուրճ, դուք կամենում եք ասել:

Ոչ թեյ. նայեցեք, — սուրճ չէ:

Ուրեմն սուրճի տեղ դուք թե՞յ եք անուշ անում:

Այո և ոչ:

Ի՞նչպես հասկանամ ես ձեզ:

Որովհետև այժմ ինձ համար առավոտ է չնայելով որ իսկապես կեսօրից էլ անց է:

Դա ի՞նչպես հասկանամ:

Դա ավելորդ է հասկանալ... թեյ կամենո՞ւմ եք ինձ հետ միասին խմել:

Օ՛, ձեզ հետ միասին՝ այո՛, դա պատիվ, փառք, երջանկություն է ինձ համար, իշխանուհի:

Տիրուհու հրամանով աղախինը Պետրովին էլ թեյ մոտ բերեց:

Հարունյաններն է՞լ են այստեղ հանկարծ հարցրեց Պետրովը: — Երեկ ամառանոց գալիս՝ պ. Արմենակին տեսա:

Այո, այստեղ ենպատասխանեց իշխանուհին՝ խոր նայելով նրան, կարծես իմանալու համար, թե ինչո՞ւ հանկարծ նա առաջարկեց այդ հարցը: Բայց նա կամեցավ իմանալ, թե ինչպիսի կարծիք ունե նա Հարունյանի մասին և այդ պատճառով ավելացրեց.

Ի դեպ, պարոն Պետրով. ի՞նչպիսի մարդ եք գտնում դուք Արմենակի եղբորըպարոն Հարունյանին:

Նա ձեր բարեկա՞մն է, իշխանուհի, — հարցրեց Պետրովը, կարծես թե չկամենալով ուղղակի և միանգամից ասել այն, ինչ որ պետք է ասեր:

Այսինքն՝ ի՞նչպես թե բարեկամը, նա միայն իմ վաղեմի ընկերուհուս ամուսինն է... Ես նրա համար եմ հարցնում ձեր կարծիքը նրա մասին, որովհետև ես նրան բավական... օտարոտի մարդ եմ գտնում:

Նա ոչ թե օտարոտի է, իշխանուհի, այլ, ուղղակի ձեզ ասեմ, հիմար, և բավական չէ, որ նա հիմար է, այլև, վերին աստիճանի տգետ ու անտաշ: Ես այդ շատ բանի մեջ նրան նկատել եմ. նրա հետ վիճաբանել եմ. օրինակ, կնոջ մասին ընդհանրապես նա մի այնպիսի կարծիք է հայտնում, որ վայրենի մարդն անգամ չի հայտնիլ...

Բայց ի՞նչ կարծիք է հայտնում նա կնոջ մասին, — շուտով և հետաքրքրությամբ հարցրեց իշխանուհին:

Նա ասում է, որ տղամարդը կնոջը չպետք է պաշտի, երկրպագի, նրա ստրուկը չպետք է դառնա, այլ պետք է աշխատի նրան երես չտալ և չնստեցնել գլխին, որովհետև, ասում է, այդ բոլորից մեծ վնասներ են առաջանում, հա՛, հա՛, հա՛... Իհարկե, նա այդպես չէր ասում, բայց նրա ասածներից ամեն մեկն այդ պետք է եզրակացներ:

Մի՞թե նա այդպիսի բաներ է ասում...

Եվ այդ ձեզ ծիծաղելի չէ՞ թվում, իշխանուհի... Եվ ի՞նչ եք կարծում՝ մի՞թե մի այդպիսի միտք հայտնողը հիմար, տգետ ու անտաշներից մեկը չպետք է լինի: Այսքա՛ն տեղեր ես եղել եմ, այսքան մարդիկների հետ ես հարաբերություն եմ ունեցել, բայց ոչ մի տեղ և ոչ մեկից մի այդպիսի ծիծաղելի ու հիմար կարծիք չեմ լսել կնոջ մասին, կնոջ, որ ինքնըստինքյան տոամարդի աստվածն ու կյանք տվողն է:

Եվ Պետրովը դարձյալ սկսեց փառաբանել կնոջը, ցույց տալ, թե կինն ինչ նշանակություն ունե տղամարդի համար և վերջինս ի՛նչպես պետք է վերաբերվի դեպի նա, և այդ բոլորը միևնույն կերպով, ինչպես և Հարունյանի հետ ունեցած վիճաբանության ժամանակ: Իշխանուհին նրան չէր լսում, նրանից կնոջ մասին Հարունյանի հայտնած կարծիքը լսելով, նա փոքր-ինչ մտածության մեջ էր ընկել: Բայց երբ: Այդ մտածությունից դուրս եկավ, Պետրովը վառված դարձյալ խոսում էր:

Թեյը սառեց, պարոն Պետրով, — ասաց իշխանուհին՝ նրա խոսքը կտրելով:

Եվ իհարկե, այդ պարզ է, որ պարոն Հարունյանի նման մարդիկ սիրել չեն կարող բառիս բուն նշանակությամբ, քանի որ բոլորովին չեն հասկանում, թե ի՛նչ է կի նը, — վերջ տվեց Պետրովն յուր երկարաբանությանն և առավ թեյի բաժակը:

Կես ժամի չափ Պետրովը դարձյալ մնաց իշխանուհու մոտ և ակամայից պատրաստվեցավ գնալու: Նա առավ իշխանուհու ձեռքն և իրեն հատուկ աղերսագին տեսք ընդունեց:

Իշխանուհի, — ասաց նա դողդոջուն ձայնով, — մի՞թե ոչ մի ժամանակ չեմ կարող հուսալ ձեր սիրո վրա:

Կարող եք, — պատասխանեց ժպտալով իշխանուհին:

Պետրովի փոքրիկ աչքերը վառվեցին:

Կարո՛ղ եմ… — կանչեց նա: — Օ՛, որպիսի անսպասելի երջանկություն, — գրեթե դողաց Պետրովը, և նրա փոքրիկ աչքերն այս անգամ պլպլացին: Նա իսկույն դարձյալ սկսեց թափել յուր համբույրների կարկուտը իշխանուհու ձեռքի վրա:

Բավական է, գնացե՛ք, — ասաց իշխանուհին՝ դարձյալ զզվանքով և զոռով ետ քաշելով յուր ձեռքը:

Ցտեսությո՛ւն, երկնային իշխանուհի, ցտեսությո՛ւն, — գոռաց Պետրովն և, խելագարի նման ներքև վազելով, դուրս ընկավ պարտեզի դռնից:

Իշխանուհին մի րոպե մնաց արձանացած:

«Ա՛խ, Հարո՛ւնյան, Հարո՛ւնյան...», արտասանեց նա վերջապես, հոգոց հանելով և գլուխն ամենախորին վշտով կախեց կրծքի վրա:

ԺԳ

ԲԱՐԵԿԱՄՈԻԹՅՈԻՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՎՈԻՄ Է

Նույն օրը երեկոյան իշխանուհի Մելիքյանն յուր աղախնի ընկերակցությամբ գնաց անտառ զբոսանքի: Նա սովորություն ուներ երբեմն, զբոսանքի գնալիս, երբ, իհարկե, մենակ էր լինում, վերցնել յուր հետ և աղախնին, որին և զուգում էր այնպես, ինչպես վայել է մի աղջկա, որ ման է գալիս իշխանազն հպարտ տիկնոջ հետ: Յուր կարմիր պարզ շորերում և հարդյա գլխարկով՝ Մարիան շատ սազում էր սևազգեստ իշխանուհու հետ կողք-կողքի զբոսնելիս: Իշխանուհին ամուսնու մահից հետո, չնայելով, որ այդ օրից արդեն տարիներ էին անցել, կրում էր միշտ սև զգեստ՝ առանց մի որևիցե պչրանքի, ի նշան յուր այրիության: Յուր այդ պարզ սև հագուստի մեջ նա ավելի գեղեցիկ, ավելի սքանչելի էր երևում (գուցե այդ էլ էր պատճառը, որ նա միշտ սև զգեստ էր կրում): Պարզ, հասարակ հագուստի մեջ կնոջ գեղեցկությունն առավել ևս փայլում է, քան նորամոդային հազարավոր պչրանքներով զարդարված խայտաճամուկ հագուստի մեջ, որ խլում է կնոջից նրա ամեն կնայինը և դարձնում է նրան մի արվեստական պաճուճապատանք, որ կարողանում է ման գալ: Պարզ, հասարակ հագուստի մեջ է կայանում կնոջ ինքնակերպությունն, իսկ ինչպես ամեն բանի, նույնպես և կնոջ պոեզիան գտնվում է նրա ինքնակերպության մեջ:

Պենսնեն ձեռքին պտտեցնելով և գեղածիծաղ դեքով` իշխանուհին զբոսնում էր յուր աղախնի հետ, որ, միշտ աչքի առաջ ունենալով յուր պաշտոնը, անվստահորեն փոքր-ինչ հեռու էր ման գալիս տիրուհուց և՝ կապույտ աչքերը խոնարհեցրած` պատասխանում էր նրա զանազան հարցերին: Բոլոր ժամանակ իշխանուհու աչքերը շրջում էին այս ու այն կողմը: Նա որոնում էր Հարունյաններին, որոնք տակավին չէին երևում այնքան բնակիչների մեջ, որոնք, ինչպես ամեն, նույնպես և այդ երեկո, լցրել էին անտառը: Իշխանուհին հույս ուներ՝ որ անպատճառ կպատահի այդտեղ նրանց` ում որոնում է և այդ պատճառով՝ ուրախ տրամադրությամբ՝ շարունակում էր յուր զրույցն աղախնի հետ:

Մա՛րիա, — ասաց նա՝ նրա դեմքին խորամանկությամբ ժպտալով, — դու ոչ ոքի չե՞ս սիրել:

Մարիան կարմրեց, ինչպես յուր շորերը:

Ես սիրում եմ ձեզ, տիրուհի, — ասաց նա՝ ամոթխածությամբ աչքերը բոլորովին վայր թողնելով:

Ես այդպիսի սեր չեմ ասում, — ասաց իշխանուհին ծիծաղելով. — ես ուզում եմ ասել, թե դու ոչ մի գեղեցիկ, քեզ պես գեղեցիկ երիտասարդի չե՞ս սիրել:

Մարիայի դեմքի կարմրությունը շորերի կարմրությունից էլ անցավ: Նա ոչինչ չպատասխանեց:

Լավ, հասկացա, — ասաց իշխանուհին նրա դեմքին նայելով և առնելով նրա ձեռքը: — Քո դեմքը քեզ մատնում է: Բայց ո՞ւմն ես սիրել, Մարիա.. Ես գիտեմ, որ դու ինձանից ոչինչ չես թաքցնիլ, այնպես չէ՞, Մարիա:

Ընտանի եղանակը, որով արտասանեց նա այդ վերջին բառերը, սիրտ տվեց Մարիային և բացեց նրա բերանը:

Ես իրավունք չունիմ ձեզնից ոչինչ թաքցնելու, տիրուհի, — ասաց վերջինս՝ աչքերը դարձյալ խոնարհեցրած: — Ես սիրում էի Պետերբուրգում մեր դիմացը բնակվող գնդապետի...

Դենշչիկի՞ն:

Ոչորդուն...

Բարձրաձայն քրքիջը, որ դուրս թռավ իշխանուհու բերանից աղախնի այդ վերջին գրեթե անլսելի կերպով և միամտաբար արտասանված խոսքի վրա, դարձրեց յուր վրա շատերի ուշադրությունը: Աղախինը սաստիկ ամաչեց, նրա փոքր-ինչ անցած կարմրությունը նորոգվեցավ: Իշխանուհին յուր ձեռքը տարավ դեպի նրա մեջքն և, այս անգամ ժպտալով նրա աչքերին, հարցրեց հետաքրքրությամբ.

Հետո՞, Մարիա. նա էլ քե՞զ էր սիրում: Այո՞: Մի՛ նեղանար, ես քեզ չեմ ծաղրում: Դու այնքան գեղեցիկ ես, որ բոլորովին իրավունք ունես մի այդպիսի քայլ անելու: Ասա՛, մի՛ ամաչիր, նա էլ քե՞զ էր սիրում:

Չգիտեմ... բայց նա ցույց էր տալիս, որ սիրում է, — երկար տատանմունքից հետո ասաց, վերջապես, Մարիանա:

Այդ ի՞նչպես, — ավելի հետաքրքրությամբ հարցրեց իշխանուհին: — Մի՞թե դու խաբվել էիր, մի՞թե նա քեզ իսկապես չէր սիրում:

Այո, հետո տեսա, որ նա ինձ կեղծ է սիրում...

Ի՞նչպես:

Որովհետև, երբ ես մի անգամ նրան առաջարկեցի ամուսնանալ, նա ծիծաղեց և այլևս չեկավ ինձ մոտ...

Հետո՞:

Հետո ես լաց եղա... շատ լաց եղա, բայց նա դարձյալ չեկավ ինձ մոտ:

Իսկ այժմ նրան չե՞ս սիրում:

Քիչ եմ սիրումնա լավ տղա չէր:

Խե՛ղճ իմ Մարիա, — խոսեց անսուտ կարեկցությամբ իշխանուհին՝ մի առանձին տաք հայացքով նայելով նրա աչքերին: — Ո՛րքան անմեղ, պարզամիտ ես դու... Օ՛, այդ տղամարդիկ, Մարիա, բոլորն անգութ և խելագարներ են, նրանք երբեք չեն խղճում կնոջ վրա, երբեք չեն մտածում կնոջ դրության մասին... Ստոր, վայրենի և անտաշ են նրանք, Մարիա... նրանք բոլորովին արժանի չեն վայելելու կնոջ սերն, երբ չեն հասկանում, թե ի՛նչ է կին, թե ի՛նչպես պետք է վարվել կնոջ հետ... Բնությունը սխալվել է, Մարիա, որ կանանց կապել է այդ գոռոզ վայրենիների հետ, որոնց մեջ բնավ ճաշակ չկա նրանց գեղեցկությունը ճանաչելու, հարգելու, պաշտելու, ինչպես մի կենսատու ուժի... Գեղեցկություննայդ ամեն բանի, առավելապես կնոջ մեջ հրաշալին նրանք ոտի տակ են տալիս, Մարիա. ինչպես խոզեր, որոնք չեն հասկանում մարգարտի արժանավորությունը, գինը... նրան ծաղրում են, արհամարհում են և աշխատում են իրենց ստրուկը դարձնել... Բայց կինն, իհարկե, այդ երբե՛ք չի թույլ տալ, այնպես չէ՞, Մարիա... Կինն առավել ևս գոռոզ է, հպարտ է դեպի յուր պատիվը, գեղեցկությունը... Բնությունն իբրև միակ զենք՝ կնոջը տվել է գեղեցկություն, որով նա պետք է աշխատի անպատճառ պատժել տղամարդիկներինայդ վայրենիներինթե՛ նրանց հիմարությունների ու թե՛ անգթության համար... Այնպես չէ՞, Մարիա, պատժել, սոսկալի կերպով պատժել...

Աղախինը ոչինչ չէր հասկանում նրա ասածներից: Իշխանուհին խոսում էր՝ ոչ թե մտածելով Մարիայի և նրա կեղծ սիրահարի մասին, այլ յուր և Հարունյանի մասին: Նա սկսեց Մարիայի սիրահարից և հետո, նրան բոլորովին մոռանալով, նրա մեջ երևակայեց Հարունյանին և այդպես էլ վերջացրեց: Լինում են մարդիկ, գլխավորապես վրեժխնդիր, գոռոզ, եսամոլ մարդիկ, որոնք, տեսնելով ուրիշի դրության մեջ մի որևիցե, թեկուզ չնչին նմանություն իրենց դրության հետ, որ նրանց մտածության առարկան է դարձած, դեռ սկսում են խոսել նրա մասին, հետո, փոքր առ փոքր, իրենց համար ևս անզգալի կերպով, նրան մոռանալով, սկսում են մտածել և խոսել իրենց դրության, իրենց անելիքի մասին:

Իշխանուհին խոսում էր գրեթե անզգայաբար` աղախնի ձեռքն յուր ձեռքի մեջ սեղմելով և երբեմն նայելով նրա աչքերի մեջ, որի համար նա թեքում էր գլուխը դեպի նրա դեմքը, երբեմն էլ յուր գեղեցիկ աչքերը շրջելով այս ու այն կողմը:

Հանկարծ այդ ժամանակ դիմացը, հեռուն, նա նկատեց Հարունյան ամուսիններին, որոնք՝ թև-թևի տված՝ հանդարտ գալիս էին դեպի իրենց կողմը: Նրա դեմքն իսկույն պայծառացավ և նա, չտեսնելուն տալով նրանց, շարունակեց յուր զրույցը՝ նայելով աղախնուն, իսկ աչքի տակովՀարունյաններին: Նա կամեցավ` խոսելով յուր աղախնի հետ` անցնել նրանց մոտից և ձայն չհանել, իբրև թե նրանց բոլորովին չէ տեսնում իսկ նա համոզված էր, որ Հարունյանները կտեսնեն իրեն և անպատճառ կխոսեն յուր հետ: Սա երևույթին, նա խոսում էր աղախնի հետ, բայց իսկապես նա մտածում էր, թե ինչպես հանդիպի նրանց, և այդ պատճառով նրա խոսակցությունից ոչինչ միտք չէր դուրս գալիս:

Այո՛, Մարիա, — ասում էր նա, — այդպես են, իհարկե, մարդիկամեն բան այդպես էԴու շատ գեղեցիկ ես, Մարիահո գիտես, որ ես քեզ սիրում եմայնպես չէ՞... Դու ևս սիրում ես ինձ, թշվառական... Ես քեզ կսովորեցնեմ, Մարիա, թե ինչպես պետք է վարվել ինմարդիկների հետ... Այն ողորմելին չգիտե, որ ինքն էլ միևնույն փայտից է տաշված, ինչպես և ուրիշները... Նա չափազանց հպարտ է... բայց չգիտե, որ ուրիշն առավել ևս հպարտ կարող է լինել, քան ինքը... այնպես չէ՞, Մարիա

Մարիան, իհարկե, ոչինչ չէր հասկանում, նա միայն զարմացած գլուխը շարժում էր:

Պատիվ ունինք, իշխանուհի, — հանկարծ լսվեցավ նրա մոտ պարոն Հարունյանի փափուկ ձայնը:

Իշխանուհին որքան աշխատեց զսպել իրեն, բայց չկարողացավ փոքր-ինչ չցնցվել այդ ձայնից, որին նա վայրկյան առ վայրկյան անհամբեր սպասում էր: Նա շուտով, իրեն զարմացած ցույց տալով, դարձավ դեպի նա:

Ա՛խ, պարոն Հարունյան... Նո՛ւնե, — կանչեց նա՝ շտապով մոտենալով նրանց:

Պետք է ներեք ինձ, որ ձեզ չնկատեցի, աղախնիս հետ մի այնպիսի քաղցր խոսակցության մեջ էի, որ մինչև անգամ մոռացել էի, թե որտեղ եմ գտնվում... Բարև ձեզ:

Եվ նա ժպտադեմ յուր գեղեցիկ ձեռքը տվեց նախ պարոն, հետո տիկին Հարուն յաններին: Իշխանուհու մինչև այժմ օտարոտի ընդունելության ազդեցության ներքո, վերջինս դեռ կամենում էր նրան սառնությամբ ընդունել, բայց այժմ բոլորովին անսպասելի կերպով նրա մեջ տեսնելով դարձյալ յուր առաջվա սիրալիր ընկերուհուն, նա զարմանքից դեռ մի քանի վայրկյան գրեթե մնաց քարացած՝ նրա ժպտող աչքերի մեջ նայելիս, կարծես ինքն իրեն հարցնելով՝ մի՞թե այդ նա է, որ մինչև վերջին ժամանակներս նրան այնպես սառնությամբ էր ընդունում: Նա չէր հավատում յուր աչքերին, բայց տեսնելով, որ իշխանուհին շարունակ ժպտալով նայում է յուր աչքերին, և նրա դեմքի վրա առաջվա սառը ընդունելության և թախծության նշույլ անգամ չկա, նա, կարծես, նոր ուշքի եկավ և կանչեց սաստիկ ուրախացած.

Սո՛ֆիա, մի՞թե ես քեզ նույնն եմ տեսնում... մի՞թե գլխացավդ արդեն անցել է...

Արդեն, արդեն, Նունե: Դու սուտ չէիր ասում, որ ամառանոցի զով օդն ինձ վրա լավ ազդեցություն կունենա... Գլխացավս բոլորովին անցել է, և այժմ ինձ այնպես թեթև, այնպես հանգիստ եմ զգում, ինչպես ոչ մի ժամանակ... Դեռ հենց առաջին օրից, որ ես ամառանոց եկա, զգացի, որ գլուխս այլևս այնպես սաստիկ չէ ավում, ինչպես առաջ, Թիֆլիսում: Երկրորդ օրն ավելի լավ էի իսկ, այսօր, որ վեր կացա, բոլորովին առողջ, կարծես գլուխս երբեք մի րոպե անգամ չէր Ցավել: Օ՛, այնպե՛ս ուրախացա, Նունե, այնպե՛ս ուրախացա, որ... մի խոսքով... նո՛ւ, չեմ կարող ասել, թե ինչպես ուրախացա այդ ժամանակ... Իսկ առաջ ի՛նչպես էի տանջվում ես այդ գլխացավից, աստված ազատե: Ես ինձ բոլորովին կորցրել էի, չէի հասկանում, թե որտեղ եմ գտնվում, ինչ եմ անում, ում հետ եմ խոսում և ինչ եմ խոսում: Կարծես մի տեսակ տանջող երազի մեջ լինեի, որից արթնանալ չէի կարողանում... աչքերիս առաջ միշտ խավար, մութը... օ՛հ, դեռ այժմ էլ սարսափում եմ, որ մտածում եմ, թե ի՛նչ դրության մեջ էի այդ ժամանակ...

Իսկ ե՞ս... իսկ ես ինչպես տխո ւր էի այդ ժամանակ, Սոֆիա, — ասաց տիկին Հարունյանը: — Ար տեսնում էի քո միշտ տխուր, մելամաղձոտ, թախծալից դեմքը, իմ սիրտն այնպես կտրատվում, այնպե՛ս ցավում էր, որ ի՞նչ չէի տալ, եթե դու այդ ժամանակ առաջվա նման գոնե ծիծաղեիր, ժպտայիր... մանավանդ, որ դու ինձ այնպես բոլորովին սառնությամբ էիր ընդունում... Օ՛հ, եթե գիտենայիր, թե ո՛րքան ես մտածել եմ քո մասին, Սոֆիա, թե քանի՛ անգամ ես աղոթել եմ քեզ համար..

Մի՞թե դու ինձ այդ աստիճան սիրում ես, Նունե, — կանչեց իշխանուհին, որին նրա անկեղծությունը փոքր-ինչ դուր էր եկել, չնայելով, որ նրան դարձյալ ատում էր, բայց ստիպված էր նրա հետ առաջվա նման սիրով վարվելու:

Օ՛, չափազանց, չափազա՛նց, Սոֆիա... Դու այնքա՛ն լավն, այնքա՛ն գեղեցիկ ես, որ անկարելի է քեզ չսիրել:

Իշխանուհին ինքն էլ չհասկացավ, թե ինչու այդ խոսքերի վրա ուրախ կերպով ծիծաղեց և նայեց պարոն Հարունյանին, որ՝ մինչև այդ ժամանակ լուռ և ինչ-որ բանի մասին մտածելով՝ նայում էր նրա գեղաժպիտ դեմքին: Մի ակնթարթում այդ անկեղծ գովասանական խոսքերը դուրս հանեցին նրա սրտից դեպի յուր վաղեմի ընկերուհին ունեցած նրա ատելությունն, և նա սկսեց դեպի նա մի տեսակ բան զգալ, որ ոչ սեր էր, ոչ շնորհակալություն: Նա ջերմ զգացմունքով առավ նրա ձեռքերն և ամուր-ամուր սեղմելով նրան ասաց.

Следующая страница