Նար-Դոս՝   Քնքուշ լարեր

Ուրեմն դու պետք է մոռանաս այն բոլորն, ինչ որ ակամայից ես պատճառել եմ քեզ, Նո՛ւնե.. դուք ևս, պարոն Հարունյան... գուցե ձեզ ևս մի որևիցե անախորժություն եմ պատճառել... Կրկնում եմ, գլխացավս ինձ մի այնպիսի Սարսափելի դրության մեջ էր ձգել, որ ես ինձ բոլորովին կորցրել էի և, շատ կարելի է, որ ես մի որևիցե բանով ձեզ նեղացրած լինեմ այդ ժամանակ..,

Իզուր դուք այդպես անհանգստանում եք, իխանուհի, — ասաց պարոն Հարունյանը: — Ոչ ոք ձեզանից, նեղացած չէ և իրավունք չունի նեղանալու... Դուք ի՞նչ մեղավոր եք, որ գլխացավը ձեզ այն դրության մեջ էր գցել... իսկ այժմ ես շատ ուրախ եմ, որ վերջապես այդ գլխացավն անցել է բոլորովին, և դուք ձեզ հանգիստ ու թեթևացած եք զգում:

Իշխանուհին այդ խոսքերի վրա նրա դեմքին խոր նայեց, արդյոք նա դարձյալ ամեն բան հասկանո՞ւմ է և ծաղրո՞ւմ է նրան: Բայց նա ոչինչ հետևանքի չհասավ, որովհետև պարոն Հարունյանի դեմքն այդ րոպեին բոլորովին լուրջ էր և ինչ-որ մտածության արտահայտություն կար նրա վրա:

Ինչևիցե, — ասաց նա: — Ուրեմն դուք ամեն բան հասկանում եք և ներում եք ինձ... իսկ այժմս ես կամենում եմ ձեզ անպատճառ հյուրասիրել իմ դաստակերտում, իբրև տուգանք... և, իհարկե, դուք ինձ չեք մերժիլ, այնպես չէ՞, պարոն Հարունյան... Նունե, դու խո բոլորովին չես մերժիլ:

Մերժե՛լ, — կանչեց տիկին Հարունյանը ծիծաղելով: — Դու ինձ ծաղրո՞ւմ ես, Սոֆիա:

Ուրեմն դու համաձայն ես... իսկ դո՞ւք, պարոն Հարունյան:

Ուրախությամբ, իշխանուհիպատասխանեց պարոն Հարունյանը՝ տեսնելով, որ անկարելի է նրա խնդիրքից խույս տալ: — Երբ դուք այդ խնդրում եք, ես անկարող եմ մերժել...

Ի՛նչպես դուր եկան այդ խոսքերն իշխանուհուն, որ տակավին առաջին անգամ էր լսում այդ օտարոտի մարդու բերանից: Ի՞նչ կլիներ, եթե այդ խիստ մարդը միշտ այդպես խոսեր նրա հետ. չէ՞ որ այդ խոսքերից ամեն մեկը նրան այնքա՛ն ախորժելի, այնքա՛ն քաղցր էր թվում, չէ՞ որ այդ, ըստ երևույթին, ամենահասարակ խոսքերը լսելով նրա բերանից՝ նրա սիրտն իսկույն թրթռում էր մի այնպիսի երջանկությամբ, որի նմանը տակավին չէր պատճաոել նրան նրա տարփավոր բազմաթիվ երկրպագուներից և ո՛չ մեկի թունդ սիրապատիր խոսքերի ամբողջ բառարանը:

Ա՛խ, ի՛նչ լավ է, — կանչեց նա՝ չկարողանալով զսպել յուր չափազանց ուրախությունը: — Մա՛րիա, — դարձավ նա աղախնուն, որ փոքր-ինչ հեռու կանգնած՝ նայում էր նրանց, առանց հասկանալու նրանց լեզուն, — շտապիր դաստակերտն և ամեն բան պատրաստիր, մենք իսկույն գալիս ենք:

Մարիան հեռացավ իսկույն:

Առայժմս, սիրելի բարեկամներս, գնանք, — ասաց իշխանուհին՝ առնելով տիկին Հարունյանի թևը: — Հուսով եմ, որ դուք իմ դաստակերտը շատ կհավանեք, և այսօր այնտեղ լավ երեկո կանցկացնենք: Սիրելի բարեկամներով, առավելապես այսպիսի տեղերում, ժամանակը շատ ուրախ և աննկատելի կերպով է անցնում... Բայց ո՞ւր է ձեր եղբայրը, պարոն Հարունյան:

Նա որսի է գնացել, իշխանուհի:

Արմենակը բոլորովին սիրահարվել է որսորդության վրա, — ասաց յուր կողմից տիկին Հարունյանը: — Ողջ թափառում է անտառներում և միայն ւռշ երեկոյան է տուն գալիս:

Եվ այդպես խոսակցությունը շարունակելով, նրանք դիմեցին դեպի իշխանուհու դաստակերտը: Կես ժամից հետո եկավ և Պետրովը: Նույն օրվա սաստիկ ուրախ տրամադրության ներքո՝ նա նախ մի քանի անգամ համբուրեց իշխանուհու ձեռքն, ապա բարևեց Հարունյաններին: Պետրովի՝ յուր ձեռքը համբուրելիս՝ իշխանուհին աչքի տակով նայեց պարոն Հարունյանին և նրա դեմքի վրա կարդաց այն բոլորն, ինչ որ նա զգում էր դեպի այդ աստիճանավորը: Նույն երեկոյան նա մի քանի անգամ կոկետություն արավ Պետրովի առաջ: Պարոն Հարունյանին, ըստ երևույթին, այդ չէր դուր գալիս, իշխանուհին այդ տեսնում էր և դարձյալ շաունակում էր: Իսկ Պետրովը, որ բոլորովին չէր սպասում, թե իշխանուհին այդ օրը մինչև այդ աստիճան լավ աչքով կնայե յուր վրա, գրեթե խելագարվել էր այդ անակնկալությունից, մի րոպե անգամ չկասկածելով՝ թե ի՛նչ հիմար դեր է կատարում ինքն այդտեղ: Նա շուտ-շուտ առնում էր իշխանուհու ձեռքն և համբուրում էր, որով ավելի ևս կատաղեցնում էր պարոն Հարունյանին, որ բոլորովին զարմացած մնացել էր, թե ի՛նչ է նշանակում իշխանուհու այդ հանկարծակի անակնկալ փոփոխությունը դեպի Պետրովը, որին առաջ այնպես արհամարհությամբ էր նայում: Բայց նրա ի՞նչ գործն է, թե իշխանուհին առաջ ի՛նչպես էր նայում նրա վրա, իսկ այժմ` ի՛նչպես... էլ ինչո՞ւ նրա կատաղությունը գալիս է, որ իշխանուհին նրա հետ փոքր-ինչ սիրով է վարվում: — Ահա բանը դրանումն էր, որ պարոն Հարունյանն իրեն հաշիվ տալ չէր կարողանում, թե ինչո՞ւ իսկապես: Ճշմարիտ է, նա այդ վերագրում էր յուր դեպի իշխանուհին տածած սիրույն, բայց խո նա մի րոպե անգամ մտքով չէր անցրել, թե իշխանուհին կարող է պատկանել իրեն, չէ՞ որ այդ սերը նա ապօրինի էր համարում և ամեն կերպ աշխատում էր դուրս կորզել յուր սրտից... Տիկին Հարունյանը նույնպես զարմացել էր յուր ընկերուհու դեպի Պետրովն ունեցած վարմունքի վրա: Նա այդ վերագրում էր այն բանինթեպետև բոլորովին կասկածանքովոր գուցե իշխանուհին այժմ սկսել է սիրել այդ լիրբ աստիճանավորին: Նա այնքան սիրում էր յուր վաղեմի ընկերուհուն և ատում Պետրովին, որ նրան բոլորովին դուր չէր գալիս, երբ առաջինն այնպես ժպտում էր վերջինիս դեմքին և նրա առաջ այնպես կոկետություններ անում: Եվ թեպետ նա շատ էր ցանկանում դրա պատճառն իմանալ, բայց չէր համարձակվում այդ միանգամից հարցնելու իշխանուհուց: Իշխանուհին այդ երեկո շատ ուրախ տրամադրության մեջ էր. նա ամեն կերպ աշխատում էր զբաղեցնել յուր հյուրերին: Հին դաշնամուրի վրա, որ երկար տարիներից հետո առաջին անգամն էր բացվում, նա երգեց յուր սիրած ամենանշանավոր կոմպոզիտորների մի քանի դժվար ածելի պիեսներ: Յուր գեղեցիկ ձայնով և երաժշտության ու երգի մեջ ունեցած հմտությամբ, նա համարձակ կարող էր մրցել լավ և փորձված երգչուհու հետ: Նրա ձայնը շատ դուր եկավ մանավանդ պարոն Հարունյանին, որ բոլոր ժամանակ նայում էր նրա փոքրիկ, լիաշուրթ, բերանին և սպիտակ պարանոցին... Որքան սքանչելի էր երևում նրան այդ կինը երգելու ժամանակ նա չէր կարողանում յուր աչքը հեռացնել նրանից: Տիկին Հարունյանին նույնպես շատ դուր եկավ նրա ձայնը, նա գտավ, որ յուր վաղեմի ընկերուհու ձայնը գրեթե միևնույնն է, ինչ որ էր տասը տարի առաջ, երբ նա նույնքան հիանալի երգում էր: Իսկ Պետրովը վերին աստիճանի հիացմունքից խելքը կորցրել. էր. նա մինչև անգամ երդվեց, որ իշխանուհու ձայնը իրենց ռուսների ողջ աշխարհիս մեջ եզակի կարելի է համարել, որ Պատտի և Նիլսոնի ձայնը դրա ձայնի մոտ ոչինչ է: Սի խոսքով՝ երեկոն շատ լավ անցկացավ իշխանուհու դաստակերտում: Այնուհետև Պետրովն և Հարունյանները տուն գնացին: Հեռանալուն պես պարոն Հարունյանն զգաց, որ այդ երեկոն իրեն արժան չէր նստի: Ողջ գիշերը նրա աչքերի առաջից չէր հեռանում իշխանուհու պատկերը, նրա ականջներում տակավին հնչում էր նրա դյութիչ ձայնը... Հետևյալ օրը նրանք դարձյալ հրավիրված էին իշխանուհու դաստակերտում: Պարոն Հարունյանը, որքան էլ այդ չցանկանար, բայց ստիպված էր գնալու: Այս անգամ նրանց հետ էր և Արմենակը, որ տիկին Հարունյանի խնդրանոք միայն այդ օրը չէր գնացել որսի: Պետրովն արդեն իշխանուհու մոտ էր, երբ նրանք գնացին նրա դաստակերտը: Այս անգամ արդեն Պետրովը բոլորովին զզվելի և ատելի թվաց թե՛ տիկին և թե՛ պարոն Հարունյանին: Իշխանուհին Պետրովի հետ վարվում էր նույնպես, ինչպես և նախորդ օրն, և, իհարկե, ընդնմին աչքի տակով թաքուն դիտում էր պարոն Հարունյանին: Պարոն Հարունյանն այդ ժամանակ ակամայից եռում էր յուր մեջ: Իշխանուհին տեսնում էր, և այդ նրան մեծ բավականություն էր պատճառում:

Գտել եմ քեզ կակղեցնելու եղանակն, — ասում էր նա յուր մտքում և շարունակում էր յուր կոկետությունը Պետրովի առաջ. Պարոն Հարունյանը դարձյալ չէր կարողանում հասկանալ դրա պատճառը: Բայց երբ մի անգամ էլ իշխանուհին ինչ-որ սիրալիր խոսք ասեց Պետրովին, որի համար և վերջինս իսկույն առավ նրա ձեռքն և սկսեց համբուրել, նա հանկարծ որսաց նրա գաղտագողի հայացքը, որ այդպիսի ժամանակներում նա միշտ գցում էր նրա վրա: Եվ պարոն Հարունյանը այդ մի հայացքից ամեն բան հասկացավ: — Ա՛, սա ուզում է իմ մեջ խանդոտություն զարթեցնել, — ասաց նա յուր մտքում և նրա սիրտն հանդարտվեց... Այժմ Պետրովը նրան այլևս այնպես զզվելի և ահռելի չէր թվում, ինչպես առաջ: Նա այլևս նշանակություն չէր տալիս իշխանուհու դեպի նա ունեցած վարմունքին: Այնինչ տիկին Հարունյանին այդ դարձյալ կատաղեցնում էր: Վերջապես նա չկարողացավ համբերել և թաքուն հարցրեց յուր վաղեմի ընկերուհուց, որ չլինի՞ թե նա արդեն սկսել է սիրել այդ աստիճանավորին: Իշխանուհին միայն ծիծաղեց և ոչինչ չպատասխանեց: Արմենակը նույնպես զարմացել էր իշխանուհու դեպի Պետրովն ունեցած վարմունքի վրա, բայց ոչ նա և ոչ տիկին Հարունյանը բնավ կասկածել չէին կարող, թե այդ իսկապես ի՛նչ է նշանակում: Իշխանուհին նախորդ օրվանից ավելի լավ տրամադրության մեջ էր: Ճաշից հետո մինչև անգամ նա առավ պարոն Հարունյանի թևն և խնդրեց յուր գեղեցիկ պարտեզում փոքր-ինչ զբոսնել: Մյուսները հետևեցին նրանց: Ահա՛ թե պարոն Հարունյանի դրությունը երբ վատացավ, ճաշին մի քանի բաժակ ավելի խմած լինելով՝ նրա ջղերը գրգռվել էին, իսկ այժմ, նրա թևն առած և նրա կողքին կպած՝ նրա հետ ման էր գալիս այն գեղեցիկ կինը, որին ինքը սիրում էր... Ամեն անգամ, երբ նրա ձեռքը շփվում էր իշխանուհու ողորկ, ատլասում սեղմված՝ կողքի հետ, նա չէր հասկանում, թե ի՛նչ է կատարվում յուր մեջ, միայն զգում էր, որ ամբողջ մարմնով դողում է: Բայց այդ դողալն այնքա՛ն ախորժելի էր... Իշխանուհին այդ տեսնում էր և առավել ևս կպչում էր նրա կողքին: Պարոն Հարունյանի լեզուն, կարծես, կապվել էր. նա խոսել չէր կարողանում, խոսում էր միայն իշխանուհին... խոսում էր և ժպտում, և այդ ժպտի մեջ այնքա՛ն բան կարելի էր կարդալ...

Նրանք բոլոր ժամանակ առջևից էին գնում, իսկ մյուսներնետևից: Պարոն Հարունյանն այդ ժամանակ հանկարծ ետ նայեց, և նրա աչքերը հանդիպեցան Պետրովի փոքրիկ աչքերին, որոնք այդ րոպեին վառվում էին ինչ-որ չար նենգությամբ և որոնք, ինչպես երևում էր, բոլոր ժամանակը նրա վրա էին հառած: Պարոն Հարունյանը նայեց և յուր կնոջը, որ քայլում էր Պետրովի հետ, կինը ժպտում էր, որպես ժպտում է միամիտ, անմեղ երեխան... Եվ այդ ժպիտը տեսնելով, ի՞նչ զգաց արդյոք պարոն Հարունյանը...

ԺԴ

ՍԵՐ, ԽԻՂՃ ԵՎ ՈԻՂԵՂ

Եվ այսպես, իշխանուհու և Հարունյանների մեջ եղած բարեկամական կապը նորոգվեցավ ու առավել ևս ամրապնդվեցավ: Պարոն Հարունյանն արդեն նեղ տեղն ընկավ: Իշխանուհինայդ գեղեցիկ, սատանա կինն յուր անվերջ հետամտությամբ նորից բորբոքեց նրա սրտի մեջ արդեն մոխիր կտրող սիրո բոցը, որ այժմ առավել ևս սկսել էր նրան տանջել և հանգստություն չտալ: Ամառանոցում նա այլևս կարող չէր գործերը պատճառ բերել և խույս տալ իշխանուհուց, այլ ստիպված էր ամենայն օր տեսնել նրան կամ յուր տանը, կամ նրա դաստակերտում և շատ անգամ ողջ օրը նրա հետ անցկացնել: Լինում էին րոպեներ, երբ նա ամենայն հոժարությամբ ցանկանում էր փախչել հեռու, հեռու, մի այնպիսի տեղ, ուր այդ գեղեցիկ կինը բնավ չկարողանար ոտք կոխել և վրդովել նրա ընտանեկան խաղաղությունը: Եվ այդ րոպեներին ի՞նչ չէր տալ, ի՞նչ չէր անիլ նա, եթե միայն ընդմիշտ կարողանար ազատվել այդ գեղեցկուհուց, որ ամենուրեք ստվերի նման նրան հետևում էր: Բայց և լինում էին րոպեներ, երբ նրա սիրտը, հոգին, ամբողջ գոյությունը, կարծես, ուզում էր թռչել, սլանալ դեպի այդ հրաշալի գեղեցկությունը, ուզում էր հավիտյան լինել նրա մոտ, նրա կողքին, հավիտյան նայել նրան, հավիտյան լսել նրա հոգեզմայլ ձայնը... Երբ սերը նրան շատ էր նեղացնում, նա եղբոր հետ գնում էր որսի և ողջ օրը այնտեղ էր անցկացնում, որպեսզի ցրի իրեն անդադար զբաղեցնող մտքերը: Բայց իզո՛ւր, իշխանուհին յուր դյութությունները թափել էր նրա սրտի խորքերը, ուր նրանք անդադար ուտում, կրծում էին, ինչպես ցեցեր: Այժմ նա առավել ևս զգում էր, որ ոչինչ այնքա՛ն դժվար կարող չէ լինել, որքան պատերազմը, որ մարդ մղում է յուր սիրո զգացմունքի դեմ: Տուր բոլոր հաստատակամությամբ նա կարծում էր, որ մի այդպիսի հերոսություն բնությունից մարդուն տված չէ և մարդ` հաղթության հաղթանակի հուսով՝ իզուր ամենայն ջանք գործ կդնե սիրո դեմ համառությամբ կանգնելու... Ի՞նչ աներ: Նա զգում էր, որ հուսահատությունը կամաց-կամաց տիրում է իրեն...

Անցնում էին օրեր, շաբաթներ...

Գիշեր էր:

Գրասեղանի վրա վառվում էր թանկագին լամպարը: Նրա կապույտ լուսամփոփից սենյակի մեջ ամեն ինչ կապույտ լույս էր ստացել: Կապույտ գույն էր ստացել և պարոն Հարունյանը, մանավանդ որ հագած ուներ թավիշե կապույտ խալաթ: Նա մենակ էր սենյակում: Ետ էր ընկած լայն բազկաթոռի մեջքի վրա, գրասեղանի առաջ, և անթարթ աչքով նայում էր բարձր առաստաղին: Ո՛չ մի շարժում. եթե աչքերը բաց չլինեին, նայողը չէր կասկածիլ, որ նա քնած է: Նրա դեմքի վրա, սովորական լրջության, հանգստության փոխարեն կարելի էր նկատել մի տեսակ ծանր, տանջող վշտի արտահայտություն:

Նա մտածում էր: Մտածում էր յուր դրության մասին, բայց այդ ժամանակ նրա մեջ սիրտը, սիրո զգացմունքներն ավելի մեծ ուժով էին գործում, քան գործում էր ուղեղը: Նա զգում էր, որ ամեն տեսակ լուրջ խոհականություն, ամեն տեսակ պարզ հեռատեսություն սիրո ինքնակամ զգացմունքների առաջ աղոտանում են, նա զգում էր, որ կամքը, հաստատամտությունը սիրո առաջ ընկճվում է, որպես թզուկը` վիթխարիի առաջ:

«Ո՞ւմ դեմն եմ պատերազմում ես, — մտածում էր նա, — բնության անշեղ օրենքի դեմ: — Իզո՛ւր, դոն-քիշոտակա՛ն պատերազմ: — Կարելի՞ է արդյոք արևին ասել, — լույս մի՛ տար, որովհետև ես խավար եմ ուզումկամ հրամայել ալեկոծ ծովին, որ նա խաղաղվի... Եվ արդյոք մինչև ե՞րբ պետք է տևի այս պատերազմը... մինչև ե՞րբ պետք է դիմանամ ես այս սոսկալի տանջանքներին, որոնքօրեցօր կրկնապատկվում են, և կարո՞ղ եմ արդյոք տանել դրանց, երբ այժմեն իսկ զգում եմ, որ պետք է ուժասպառ ընկըճվիմ... Օ՛, խի՛ղճ, խի՛ղճ, այդպես անողորմ մի՛ տանջիր ինձ, եթե մարդկային կամքն ապառաժ անգամ լինի, չէ կարող չխորտակվել այն զգացմունքից, որ այս րոպեիս գործում է իմ մեջիսկ չէ՞ որ ես մարդ եմ... մարդ, եմ մարդկային բոլոր կրքերով բոլոր ցանկություններով, որոնց տվել է ինձ ինքը` բնությունը, որոնց կառավարում է ինքը՝ բնությունըև եթե կամքս թույլ գտնվի տանելու դրանց բռնությունը) և, վերջապես, ընկճված՝ անձնատուր լինեմ դրանց, մի՞թե մեղավորն ես կլինեմմի՞թե քեզ հետ և մարդիկ այնքան անգութ կգտնվեն, որ կդատապարտեն, կհալածեն ինձբայց ես ի՞նչ, մեղ ունեմ, դատապարտեցե՛ք, հալածեցե՛ք բնությանը: իսկ ես մարդ եմ հողեղեն, որ կախված եմ նրանից... Ինչո՞ւ բնությունը, ստեղծելով ինձ, ապօրինի, հանցագործ սիրո հետ տվել է ինձ. և պարտաճանաչության զգացմունք... եթե այդ տվել է, ուրեմն դրա հետ պետք է տար և անխորտակելի կամք, որով կարող լինեի հաղթությամբ դիմադրել ապօրինի սիրո դյութություններին, որպեսզի ի վերջո սոսկալի թշվառության մեջ չընկնեի և ինձ հետ թշվառացնեի ուրիշին...»:

Նա հանկարծ սթափվեց, նստեց ուղիղ և անմիտ հայացքով նայեց շուրջը: Մտածության ժամանակ նա այն աստիճան ինքնամոռացության մեջ էր ընկել, որ սթափվելուց հետո կարծում էր, թե մտածությունը նա արտասանել է բարձրաձայն, որ և ամբողջ աշխարհին լսելի էր եղել, մանավանդ, որ թե՛ դուրսն և թե՛ սենյակում կատարյալ լռություն էր տիրում: Մի քանի անգամ անմտորեն շուրջը նայելուց հետո նա այս անգամ արմունկները հենեց գրասեղանին և բորբոքված գլուխը բռնեց ձեռքերի մեջ:

«Բայց ի՞նչ եմ կամենում ես», — խոսեց նա գրեթե լսելի ձայնով:

Հավիտյան երջանկությո՛ւն, — աղաղակեց սերը:

Անվերջ թշվառությո՛ւն, — աղաղակեց ուղեղը:

Պարտազանցությո՛ւն, — աղաղակեց խիղճը:

Երջանկությո՛ւն, երջանկությո՛ւն, — նորից աղաղակեց սերը, և այդ ուժգին աղաղակի մեջ խլացավ ուղեղի և խղճի թույլ աղաղակը:

«Արի՛, արի՛ ինձ մոտ; անմի՛տ դու մարդ, — այս անգամ սերը, կարծես սկսեց երգել երջանկությունն ես ինքս եմ: Որպես զովարար ցող, ես իջնում եմ մարզիկների սրտերի վրա և լվանում եմ դառնության փոշին... Որպես եդեմական թովչաբար ծաղիկ; ես բուրում եմ, և իմ բուրմունքս քաղցրագույն թմրություն է շնորհում... Իմ համբույրս դյութիչ ինքնուրացություն է, իմ մի րոպես հազար կյանք արժե, իսկ գիրկսհազար դրախտներ... Արի՛, արի՛...»:

Նա ընկավ խորին հափշտակության մեջ: Սիրո հրաշալի երգը հնչում էր նրա ականջներում, որպես կանաչագեղ կղզու սիրենների դյութիչ մեղեդին: Դրա ազդեցության տակ նրա ուղեղը կաշկանդվել էր: Կին, զավակ, հավատարմություն, բարոյականություն և ամեն ինչ ծածկվել էր թանձր վարագույրով, նրա առաջ հրաշալի դիրքով կանգնած էր կնոջ գեղեցկության մի կատարելատիպ, որ փափուկ ձեռքով կանչում էր նրան, և նրա ժպիտը կյանք էր բաշխում, նրա շունչը հեշտություն էր տարածում... Ա՛խ, ընկնել նրա ոտների առաջ և երջանիկ ինքնուրացության մեջ հալվե՛լ, հալվե՛լ, որպես հալվում է ձյունը գարնանային արևի ճառագայթներից...

Հարևան սենյակում ինչ-որ չրխկաց: Եթե այդ րոպեին դուրսը թնդանոթ անգամ արձակեին, նա գուցե չլսեր, բայց հարևան սենյակի թույլ չրխկոցը իսկույն սթափեցրեց նրան: Նա հանկարծ բարձրացրեց գլուխը, արագությամբ նայեց սենյակի դռան կողմն և իսկույն, ինքն էլ չիմանալով թե ինչո՛ւ, վեր կացավ տեղից: Նա շունչն ակամայից իրեն քաշեց, և նրա չռած աչքերը հառած մնացին հարևան սենյակի դռան վրա: Այդպես նայում են ոճրագործները, որոնք կարծում են, թե մեկը գաղտնի վկա է իրենց ոճրագործության, մի րոպե այդպես նայելուց հետո հավաստիանալով, որ հարևան սենյակում ամեն ինչ լուռ է, նա, ըստ երևույթին, հանգստացավ, խոր հոգոց հանեց, հոնքերը խորին դառնությամբ կիտեց, ձեռքը մի քանի անգամ շփեց ճակատին և հանդարտ քայլերով սկսեց անցուդարձ անել սենյակի երկարությամբ: Ամբողջ հատակը ծածկված էր գորգով, որ նրա փոքրիկ հողաթափների ձայնը բոլորովին անլսելի էր կացուցանում:

Մի քանի անգամ այդպես անցուդարձ անելուց հետո նա կանգնեց հարևան սենյակի դռան առաջ, նրա ոտները, կարծես ակամայից, գամվեցին հատակի վրա: Հարևան սենյակի դուռը փոքր-ինչ բաց էր, և այդ բացվածքից մյուս սենյակում նա տեսավ հետևյալը.

Հանդեպի պատի մոտ դրված փոքրիկ մահճակալի վրա պառկած էր յուր զավակըփոքրիկ Հայկանուշը: Նա քնած էր, որպես քնում են անմեղ և անհոգ մանուկները: Նրա առաջ, հատակի վրա, տնային սպիտակ հանդերձով և ցիրուցան մազերով՝ չոքած էր յուր կինընունեն: Նա ձեռքերը կցած ուներ կրծքի վրա, իսկ սևորակ աչքերը ամենախորին ջերմեռանդությամբ համբարձել էր դեպի երկինք: Նրա շրթունքները շարժվում էին: Նա աղոթում էր: Որքա՛ն գեղեցիկ, որքա՛ն սքանչելի էր նա յուր այդ դրությամբ: Ինչ-որ աներկրային, վեհ, սրբազան բան կար այդ երևույթի մեջ... նա կարծես մի հրեշտակ լիներ, որ սրբազան լուսո ճաճանչներով շրջապատված՝ իջել էր երկնքից և անարատ սրբի անարատ բերանով վեր էր առաքում բարձրելույն յուր սրբազան, ջերմաջերմ աղոթքը մեղավորների, հանցագործների հոգու փրկության համար

Պարոն Հարունյանի բոլոր անդամներով ինչ-որ սարսուռ անցավ, որ ցնցեց նրա ողջ գոյությունը: Նույն րոպեին նրա սրտի մեջ, կարծես, դժոխք բորբոքվեցավ: Նա երկար չկարողացավ նայել հարևան սենյակի ներսը և, իսկույն տրվելով մի կողմը, կարծես ուժասպառ, հենվեց պատին: Նրան թվում էր, թե յուր անարժան հայացքով կարող է սրբապղծել հարևան սենյակի սրբազան տեսարանը...

Անցավ երկու րոպե, սենյակի դուռն անլսելի կերպով բացվեցավ, և հուշիկ քայլերով ներս մտավ տիկին Հարունյանը: Նրան տեսնելուն պես` ամուսինը դողաց, որպես չարանենգ դևը հրեշտակի սրբազան ահավորության առաջ: Տիկինն երևի կարծում էր, որ ամուսինը պարապում է, որովհետև մտնելուն պես գնաց դեպի գրասեղանը, բայց տեսնելով, որ նրա առաջ ոչ ոք չկա, հանկարծ կանգնեց զարմացած և արագությամբ նայեց յուր շուրջը: Նա տեսավ ամուսնուն, որ՝ առաջվա նման պատին հենված՝ սարսափով նայում էր նրա վրա, որպես հոգեառ հրեշտակի վրա: Տիկինը շտապով մոտեցավ նրան:

Ստեփաննո՛ս, ինչո՞ւ դու այդտեղ կանգնել ես, — զարմացած, կարեկցությամբ և երկյուղով հարցրեց նա:

Ամուսնու ոտները ծալվեցին, նա ընկավ ծնկների վրա կնոջ առաջ:

Դո՛ւ, միայն դո՛ւ... — կարողացավ արտասանել նա և, ամուր գրկելով նրա ոտները, դեմքը ծածկեց նրա սպիտակ հանդերձի ծալքերի մեջ:

Կինն, առանց մի խոսք արտասանելու, կամաց կռացավ և նրա գլուխն առավ յուր ձեռքերի մեջ:

ԺԵ

ՃԳՆԱԺԱՄ

Հետևյալ օրը Հարունյանի դեմքի վրա կարելի էր նկատել ինչ-որ անսովոր հաստատ վճռականություն: Դեռ ո՛չ մի ժամանակ նրա շարժումներն այնպես զգաստ չէին եղել, ինչպես այդ օրը, դեռ ո՛չ մի ժամանակ նրա հայացքն այնպես սառը չէր եղել, ինչպես այդ օրը, վերջապես` դեռ ոչ մի ժամանակ նրա ձայնն այնպես հանդարտ և միակերպ չէր հնչել, ինչպես այդ օրը: — Այդպես լինում են միայն մահվան դատապարտվածները, որոնք արդեն հաշտված են լինում իրենց դրության հետ և սպասում են նշանակյալ ժամանակին, երբ իրենք աշխարհիս մեջ այլևս գոյություն չպետք է ունենան: Գիշերը նա ամենևին չէր քնել, մինչև լույս մտածել էր, թե ի՞նչպես անե, որ յուր անտանելի դրությունից դուրս գա, և վերջապես հասել էր հետևյալ հաստատ վճռականության:

Նույն օրն ինքը բոլորովին մենակ պետք է գնա իշխանուհու մոտ, պետք է ուղղակի հայտնե նրան յուր սերը, պետք է բացատրել այդ սիրո բոլոր սարսափելի հետևանքները թե՛ յուր և թե նրա վերաբերությամբ և, վերջապես, պետք է խնդրե, աղաչե նրան, որ նա կամ հեռանա իրենից ընդմիշտ, կամ խզի կնոջ և իրեն հետ ունեցած յուր հարաբերությունը: Բայց արդյոք Հարունյանը հասկանո՞ւմ էր, զգո՞ւմ էր, թե որքա՛ն հանդուգն քայլ է այդ: Գուցե հասկանում էր, բայց ինչպիսի քայլ էլ որ լիներ այդ, նա անպատճառ պետք է աներ, որովհետև բացի դրանից, նա ուրիշ ավելի լավ, հարմար միջոց չէր կարողացել գտնել յուր դրությունից դուրս գալու համար:

Նա կազմել էր մի երկար ծրագիր, թե ի՛նչպես ինքը պետք է մտնի իշխանուհու մոտ, ի՛նչպես և ի՛նչ խոսքով պետք է վերջացնի յուր խոսակցությունը: Այդ ծրագիրը, մի քանի անգամ կրկնելով, նա բերան էր արել և սպասում էր հարմար միջոցի, որ կարողանա գնալ իշխանուհու մոտ:

Առավոտյան նրան չհաջողվեցավ գնալ, որովհետև, Արմենակը, որ մի քանի գործերի պատճառով պետք է գնար քաղաք, արգելք եղավ: Կեսօրից հետո նա ավելի հարմար դատեց գնալու, որովհետև այդ Ժամանակ իշխանուհին, նրա կարծիքով, բոլորովին մենակ կլիներ:

Ժամի հինգն էր, երբ նա պատրաստվեցավ գնալու: Հագնվելիս նա առանձին ուշադրություն դարձրեց հագուստի և սանրվածքի վրա: Ինչո՞ւ: Այդ ինքն էլ չգիտեր:

Նունե, գնում եմ անտառը զբոսանքի, — խաբեց նա կնոջը:

Ինչո՞ւ այդպես վաղ, — հարցրեց կինը:

Իրիկվանից դեռ ես ինձ վատ եմ զգում... գլո՛ւխս ցավում է... այրվում է, ուզում եմ գնալ փոքր-ինչ հովին դիպչել:

Ուրեմն` սպասիր, սիրելիս, միասին գնանք, ես իսկույն կհագնվեմ

Ոչ, ի՞նչ հարկավոր է, Նունե. ես մենակ կգնամ... դու կաց տանըեղանակն այսօր վատ էև լավ կանես, որ տնից բոլորովին դուրս չգաս... Ես իսկույն կվերադառնամ...

Լավ, սիրելիս, միայն անհամբեր և անհանգիստ կսպասեմ քեզ:

Այո, սպասիր ինձ և տնից բոլորովին դուրս մի գար... Ես շուտով կվերադառնամ:

Ամուսինը դուրս գնաց. կինն ակամա մտախոհ կերպով նայեց նրա ետևից:

Քառորդ ժամից հետո Հարունյանը բարձրանում էր իշխանուհու դաստակերտի սանդուղքով: Առաջին անգամ յուր ողջ կյանքի մեջ նրա սիրտը դողալով տրոփում էր, ինչպես տրոփում է այն աշակերտի սիրտը, որ գնում է հարցաքննություն տալու: Թե ուրիշ ի՛նչ էր կատարվում նրա ներսըայդ նրա լուրջ դեմքը բնավ չէր բացահայտում: Առանց իմացում տալու, նա ուղղակի մտավ իշխանուհու սենյակը:

Իշխանուհին մենակ նստած էր լուսամոլտի առաջ և փորքիկ սեղանի վրա թափած կարմիր վարգերից փնջեր էր կազմում: Սա այս անգամ հագած ուներ ձյունի նման սպիտակ, թեթև տնային հանդերձ, որ կրծքի վրա՝ կողքից, կոճակների փոխարեն, կապվում էր կապույտ ժապավեններով: Կորսետը չէր սեղմում նրա իրանը, որ, իրեն արձակ զգալով, արձակ հանդերձի մեջ երևան էր հանում յուր ինքնակերպ հրապուրիչ գեղեցկությունը: Հանդերձի շատ սիրուն օձիքն այնքան լայն էր, որ բոլորովին ազատ թողնելով նրա երկար, գեղեցիկ, ճկուն վիզը հազիվ ծածկում էր նրա կլորիկ, փայլուն ուսերն և հասուն, առողջ մարմարանման կուրծքի վերին մասը, իսկ թևքերը լայն լինելով հանդերձ, այնքան կարճ էին, որ բոլորովին մերկ էին թողնում նրա սպիտակ ձեռքերի սպիտակ կանգունները: Մազերն, ինչպես տանն եղած ժամանակ նա միշտ սովորություն ուներ, թողել էր բոլորովին արձակ: Կատարելապես պսակելով սիրուն գլուխը, նրանք ծանր, խիտ ալիքներով, իջնում էին նրա ուսերի վրա և, խաղալով փոքրիկ ականջների հետ, ինչ-որ հրապուրիչ, աղոտ ստվեր էին ձգում նրա պարանոցի վրա: Ի՛նչքան գեղեցիկ, ի՛նչքան հրապուրիչ էր նա... Իրեն մի կողմը թողած՝ նրա նստվածքի դիրքը: Նրա հանդերձի յուրաքանչյուր ծալքը հրաշալի գեղեցկության մի ամբողջ պոեզիա էր շնչում:

Հարունյանն իշխանուհուն տակավին այդպես չէր տեսել: Խորին հիացումը մի ակնթարթում պաշարեց նրան, նա մոռացավ ամեն ինչ. մոռացավ և այն, թե ինչո՛ւ համար էր եկել և դեռ մի րոպե, խորին հափշտակությամբ նայելով նրան, մնաց արձանացած դռների մոտ. նրան թվում էր, թե առաջին անգամն է տեսնում, որ յուր սիրտը գրավողն այդքա՛ն գեղեցիկ, այդքա՛ն հրապուրիչ, այդքա՛ն թովիչ է...

Ա՛խ, պարո՛ն Հարունյան, — նրան տեսնելուն պես, ուրախությամբ կանչեց իշխանուհին դուք վատ ժամանակ եկաք, ձեր և Նունեի սյուրպրիզը տակավին պատրաստ չէ:

Որքա՛ն գեղեցիկ էր, ո՛րքան քաղցր էր և այդ ձայնը, որ Հարունյանը կարողացավ իրեն հավաքել:

Դուք մեզ համար սյուրպրի՞զ եք պատրաստում, իշխանո՛ւհի, — արագությամբ մոտենալով և ամուր սեղմելով նրա ձեռքը, հարցրեց նա:

Այո՛, տեսնում եք. ես վարդերից փնջեր եմ կապում, մեկը ձեզ համար, մյուսը՝ Նունեի (Պետրովին նա, երևի, մոռացել էր), բայց, դժբախտաբար, դուք շատ անհամբեր գտնվեցաք և վաղ եկաք, որովհետև տակավին ոչ մեկն էլ պատրաստ չէ... և, բացի դրանից, դուք ինձ զրկեցիք այն բավականությունից, որ ես պիտի զգայի իմ սյուրպրիզը ձեզ շնորհելիս:

Հայտնում եմ իմ կնոջս կողմից մեր խորին շնորհակալո՛ւթյունն, իշխանուհի, որ մենք այդքան ձեր ուշադրության արժանի ենք դարձել...

Բայց ո՞ւր է ինքըՆունեն, հանկարծ դռան կողմը նայելով հարցրեց իշխանուհին, որ կարծում էր, թե Հարունյանը մենակ չէր եկել:

Նա ինձ հետ չէ, իշխանուհի, ես մենակ եմ եկել:

Մենա՛կ… — կանչեց իշխանուհին շուտ և անզգայաբար տեղից վեր թռչելով, որի միջոցին նրա գեղեցիկ դեմքն և՛ գունատվեց, և՛ վառվեց: Հարո՛ւստ մազերը սիրուն ալիքներով թափվեցան առաջ և, ծածկելով նրա դեմքի մի մասը, ցրիվ եկան կուրծքի վրա: Առաջին նվագ անսպասելի սաստիկ ուրախությունից նա կարծեց թե խելքը կորցնում է: Հարունյանը մենա՛կ է եկել յուր մոտ. չէ՞ որ տիվ և գիշեր, ամեն ժամ և ամեն րոպե նրա սրտի ջերմ փափագն էլ հենց այդ էր: Սաստիկ հուզմունքից դեռ մի քանի վայրկյան նրա շունչը, կարծես, կտրվեց: Նա ձեռքը կամաց սեղմեց կուրծքի վրա և, գլուխը փոքր-ինչ առաջ տանելով, ըստ երևույթին դժվարությամբ օդ շնչեց: Այդ բոլորը կես րոպե հազիվ տևեց: Նա շուտով ուշքի եկավ, սիրուն մազերը կամաց, շնորհալի կերպով հավաքեց դեմքից, ուսերի վյրայով ետ ձգեց և ամենաքաղցրիկ, ամենասիրելի կերպով ժպտաց: Այդ ժպիտի մեջ կար ինչ-որ կախարդող, հափշտակիչ բան, միևնույն ժամանակ մի տեսակ ամոթխածություն, որ վայել է միայն անմեղ, սիրուն օրիորդներին: — Ներեցեք ինձ, որ ձեզ ներկայանում եմ այս դրությամբ, — ասաց նա գրեթե շշնջալով: — Դուք այնքան անսպասելի կերպով հայտնվեցաք, որ ես... Ներեցեք ինձ... ես իսկույն... հագնվեմ...

Եվ փոքր-ինչ խոնարհած, կարծես գլուխ տալով, աչքերի խոնարհեցրած և հանդերձը կողքերից փոքր-ինչ բարձրացրած, նա սիգաքայլ, շատ թեթև կերպով ետ ու ետ գնաց դեպի հարևան սենյակի դուռը:

Հարունյանը, որ այդ միջոցին իրեն կատարելապես կորցրել էր, կարծեց, թե նրա դուրս գնալուն պես ինքը պետք է զրկվի կյանքից:

Ո՛չ, ո՛չ... մնացե՛ք... — կանչեց նա աղերսագին և, արագությամբ մոտենալով իշխանուհուն, առավ նրա ձեռքը, նախ ջերմ, սաստիկ ջերմ կերպով սեղմեց յուր ալեկոծվող կուրծքին, հետո մոտեցրեց շրթունքներին: — Ես ձեզ սիրում եմ… — այս անգամ շշնջաց նա, և նրա ոտները ծալվեցին, նա ընկավ ծնկների վրա, նրա ցնցվող շրթունքները սեղմված մնացին իշխանուհու սպիտակ, փափուկ, քնքուշ ձեռքի վրա:

Վերջապե՛ս, վերջապե՛ս... Մի ակնթարթում իշխանուհին սլացավ բարձր, բարձր Ոլիմպոսի գագաթը: Նա աստվածային վեհանձնությամբ կանգնած էր հասարակ մահկանացուներին անմատչելի այդ բարձրության վրա, և նրա հոգին, նրա ամբողջ գոյությունը, շրջապատող առօրյա աշխարհից դուրս` ցնծում, հրճվում էր կնային գեղեցկության հաղթանակի պսակով: Սիրասփյուռ եթերքի հեզաշունչ ալիքները մեղմիկ, քնքշիկ գգվում, շոյում էին նրան...

Նա կամաց, շատ կամաց խոնարհվեց Հարունյանի վրա և հազիվհազ շշնջաց նրա ականջի մոտ.

Ստեփաննո՛ս, դուք ինձ սիրո՛ւմ եքինձ սիրո՛ւմ եք... Հապա Նունե՞ն...

Վերջին խոսքերի հետ կարծես մի թունավոր օձ խայթեց Հարունյանին: Նա արագությամբ բարձրացրեց գլուխը, խկագարի հայացքով նայեց իշխանուհու դեմքին (իշխանուհին, կարծես սարսափած՝ մի քայլ ետ գնաց: Յուր բերանից անզգայաբար դուրս թռած վերջին երկու բառերը նրան այժմ կյանքից զրկվելը. չափ ահավոր թվացին) և, թողնելով նրա ձեռքն յուր ձեռքերի միջից) կամաց վեր կացավ չոքած տեղից: — «Հապա Նունե՞ն, հապա Նունե՞ն» — կարծես ամբողջ սենյակն, ամբողջ աշխարհը խլացնելու չափ աղաղակում էր նրա ականջներում: Նա սաստիկ երկյուղով, մինչև անգամ դողալով նայեց շուրջը, կարծես թե զգում էր յուր կնոջ ներկայությունը: Մի երկու րոպեից նա կատարելապես հիասթափվեց:

Ներեցեք ինձ, իշխանուհի, — վերջապես ասաց նա: — Ես... ես... այո, ես ձեզ սիրում եմ... սիրում եմ... բայց... բայց ես չեմ եկել խնդրելու ձեզանից... փոխադարձություն... այլ... տե՛ր աստված, որքա՛ն ծանր է այս րոպենԻշխանուհի՛, մի՞թե դուք ինձ չեք հասկանում... մի՞թե այսքան ժամանակ դուք ինձ չհասկացաք... Ա՛խ, եթե իրավ գիտենայիք, թե որքա՛ն սարսափելի է դրությունս, թե որքա՛ն թշվառ եմ ես... Ձեզ առաջին անգամ պատահելու րոպեից մինչև այս րոպես ես տանջվել եմ անդադար և այդ տանջանքս օրեցօր կրկնապատկվել էՈ՛չ ցերեկն եմ ունեցել ես հանգիստ, ո՛չ՝ գիշերը... Ա՛խ, ինչքա՛ն ես երջանիկ կլինեի իմ սիրովս, ինչքա՛ն երջանիկ, եթեազատ լինեի, բայց... բայց դուք գիտեք, որ ես ունեմ կին, որի հետ ինքնահոժար կամքով կապված եմ ամուսնական սուրբ ուխտով, դուք գիտեք, որ ես ունեմ զավակ... կարո՞ղ էի արդյոք չմտածել դրանց մասին, կարո՞ղ էի արդյոք ուրանալ դրանց... չէ՞ որ այդ երկու անմեղ արարածներն իրենց միակ ամենամեծ երջանկությունը միայն իմ մեջ են տեսնում, և ես իրավո՞ւնք ունեի արդյոք, այդ հասկանալով հանդերձ, դեն հրել նրանց ինձնից... իրավո՞ւնք ունեի արդյոք խլել նրանցից այդ երջանկությունը, գլորել նրանց սոսկալի թշվառության մեջ, թունավորել նրանց ամբողջ կյանքը... Հապա մարդկային վեհ գաղափարնե՞րը... հապա բարոյականության սկզբո՞ւնքը... հապա մարդի՞կ... հապա հասարակաց անաչառ կարծի՞քը, հապա խի՞ղճը... ա՛խ, գիտե՞ք, թե ի՛նչ է խիղճը... Իշխանուհի՛, իշխանուհի՛, խղճացեք ինձ վրա... Ես եկել եմ ձեզանից գթություն հայցելու: Անշուշտ դուք այնքա՛ն ազնիվ եք, այնքա՛ն գթասիրտ, որ չեք ցանկանալ իմ այս սարսափելի տանջանքը... Այլևս ուժ չկա, իշխանուհի, ուժ... զգում եմ, որ ընկճվում եմ... բացահայտ հետևանքը զարհուրեցնում է ինձ, և այդ պատճառով ամբողջ գոյությունս անասելի կերպով տանջվում է, հեծում է, որպես մի մարմնացյալ թշվառությունՕ՛հ, խաչս ծանր է, իշխանուհի՛, Օգնեցե՛ք ինձ, օգնեցե՛ք...

Следующая страница