Նար-Դոս՝   Մահը

Ես կատարելապես հավատում եմ ձեզ, օրիորդ, — ասաց Բազենյանը: — Մի օրիորդ, որ դաստիարակվել է պարոն Մարությանի և նրա հարգելի ամուսնու ձեռքի տակ, իհարկե, ուրիշ կերպ չէր կարող լինել:

Ինչո՞ւ «իհարկե», — նկատեց Մարությանը ծիծաղելով: — Կամ ես ու իմ ամուսինս ի՞նչ գործ ունինք այստեղ, որ մեզ խառնում եք մեջը: Եղբորս աղջիկը, ճիշտ է, մեր ձեռքի տակ է մեծացել, — ավելացրեց նա լրջությամբ, — բայց իրեն դաստիարակողն, այսպես ասած, ինքն է եղել:

Թողեք, որ այդ մենք գիտենանք, պարոն Մարության, — ընդհատեց նրան Բազենյանը: — Ես շատ լավ ծանոթ եմ մեր ընտանիքներին և այդ ընտանիքների մեջ մեծացած աղջիկներին, և եթե ձեր ընտանիքն էլ նման լիներ իմ ճանաչած ընտանիքներին, ապա շատ պիտի զարմանայի հարգելի օրիորդի`ձեր եղբոր աղջկա մասին ասած խոսքերի վրա: — Ինչո՞ւ:

Որովհետև հայ աղջկանց և մի որևէ վեհ իդեալի միջև, որպես իդեալի ծառայում է ձեր եղբոր աղջիկը, այնքան նմանություն կա, որքան դատարկ տակառների և ցորենով լի հասկերի միջև:

Եվան, որ առանձին հետաքրքրությամբ լսում էր Բազենյանին, ուզեց բան ասել, բայց լռեց:

Հայ աղջիկները, — շարունակեց Բազենյանը, — ընդհանրապես առած, անգույն, չնչին, դատարկ արարածներ են, հեռու ամեն իդեալից:

Օր. Սահակյանը հոնքերը սաստիկ բարձրացրեց և նայեց կողքին նստած Եվային կոմիկական տարակուսանքով: Հետո շատ նուրբ ժպիտով և վերին աստիճանի մեղմորեն դիմեց Բազենյանին.

Ներողություն, հարգելի պարոն, ինձ թվում է, թե ձեր նկատողությունը փոքր-ինչ... Ինչպե՞ս ասեմ, որ անքաղաքավարի չնկատվեմ... փոքր-ինչ, այսպես ասած, քաղաքավարի չէր, եթե ոչ իմ, գոնե այս օրիորդի վերաբերմամբ, որ նույնպես հայ աղջիկ է և նստած է ձեր առաջ:

Բազենյանն ամենևին չշփոթվեց օր. Սահակյանի այդ նկատողության վրա և առանձին եռանդով դարձավ Եվային.

Խնդրում եմ, ներեցեք ինձ, օրիորդ: Ես այնպես եմ ընդունում, որ մեր խոսակցությունը բոլորովին լուրջ բանի մասին է և, բացի դրանից, — ավելացրեց Բազենյանը ժպտալով, — ձեզ անշուշտ հայտնի պետք է լինի այն կանոնը, որ ներկա եղողները միշտ բացառություն են կազմում: Իմ նկատողությունը վերաբերում էր...

Եվան արագությամբ ընդհատեց նրան.

Խնդրում եմ, պարոն Բազենյան, բոլորովին ապահով եղեք. ես այնքան բծախնդիր չեմ: Օր. Սահակյանը կատակ է անում:

Օր. Սահակյանը կոմիկական ապշությամբ նայեց նախ Եվայի լուրջ դեմքին, հետո` Մարությանին և նրա կնոջը:

Դե արի ու սրատեսների պատիվը պաշտպանիր, — ասաց նա: — Շատ լավ: Երբ որ ես կատակ եմ անում, այժմ լուրջ կերպով կխոսեմ, մանավանդ որ պարոն Բազենյանն ասում է, թե խոսակցությունը բոլորովին լուրջ բանի մասին է: Շատ բարի, պարոն Բազենյան: Երբ որ դուք կարծում եք, թե լուրջ բաների մասին խոսելիս շատ էլ բծախնդիր չպետք է լինինք քաղաքավարական կանոնները պահպանելու համար, ուստի ես էլ ծալում մի կողմ եմ դնում քաղաքավարական կանոնները և ասում եմ. եթե, ձեր ասելով, հայ աղջիկներն անգույն, չնչին, դատարկ արարածներ են ընդհանրապես, երիտասարդներդ էլ մի բանի նման չեք: Խնդրում եմ, մի՛ նեղանաք, մենք բոլորովին լուրջ բանի մասին ենք խոսում:

Ես չեմ նեղանում:

Ճի՞շտ:

Ամենևին:

Ուրեմն ճի՞շտ եմ ասում:

Բոլորովին ճիշտ չեք ասում:

Բազենյանը իր պատասխանները տալիս էր շատ հանգիստ, ամենևին ուշադրություն չդարձնելով օր. Սահակյանի հեգնական տոնին: Այդ բանը գրգռեց օր. Սահակյանին:

Զարմանալի է, — ասաց նա, — և դուք կարողանում եք այդքան հանգիստ մնալ, երբ անարդարությո՞ւն եք լսում:

Ես հանգիստ եմ մնում հենց նրա՛ համար, որ անարդարություն եմ լսում:

Ուրեմն ես չարախոսում եմ:

Ես այդպիսի բան չասացի: Եվ, կարծեմ, հաշիվ էլ չպետք է ունենաք չարախոսելու մեր երիտասարդների վրա, — ավելացրեց Բազենյանը իր հանգիստ-հանդուգն հայացքով դիտելով օր. Սահակյանի տգեղ արտաքինը:

Այդ երկմիտ խոսքերը և մանավանդ այդ հանդուգն հայացքը ավելի ևս վառեցին օր. Սահակյանին, բայց և այնպես նա չկորցրեց իրեն:

Ես շատ եմ հավանում, պարոն, ձեր այդ սիրուն պատասխանները, — ասաց նա իր նախկին հեգնական տոնով: — Բայց կարելի չէ՞ արդյոք իմանալ, թե ի՞նչ ունիք դուք երիտասարդներիդ պաշտպանելու համար:

Ես ոչինչ չունիմ, օրիորդ, մեր երիտասարդներին պաշտպանելու համար, որովհետև նրանք կարոտ չեն իմ պաշտպանությանը: Նրանց կատարած մեծ գործերը հրապարակի վրա են. պետք է միայն ընդունակություն ունենալ տեսնելու:

Խոստովանում եմ ձեզ, որ ես այդ ընդունակությունը չունիմ և դրա համար խնդրում եմ, որ գեթ մի օրինակ ցույց տայիք:

Օրինակ` հենց մեր վերջին շարժումները:

Ես գիտեի, որ այդ պիտի ասեք, որովհետև ուրիշ օրինակ չեք կարող բերել:

Մի՞թե այդ քիչ է:

Մինչև անգամ չափազանց շատ է, ո՞վ է ասում: Բայց դուք ասացիք կատարած գործերը, իսկ ձեր ասած շարժումները նոր են սկսված, և դեռ չգիտենք` երկունքի մեջ եղած լեռն ի՛նչ կծնիփի՞ղ, թե մուկ:

Իհարկե, փիղ:

Ինչո՞ւ անպատճառ իհարկե և ինչո՞ւ անպատճառ փիղ:

Շատ պարզ պատճառով. որովհետև այդ մասին կասկած չի կարող լինել:

Բայց տեսնում եք, որ ես կասկածում եմ: Ինչո՞վ կարող եք երաշխավորել, որ լեռն անպատճառ փիղ կծնի և ոչ մուկ: Ուզում եմ իմանալ` ինչո՞վ են մեծ երիտասարդներիդ հարուցած այդ շարժումները: Բազենյանը զարմանքով նայեց իր շրջապատողներին, հետո նույն զարմանքով դարձավ օր. Սահակյանին:

Օրիորդ, մի՞թե այդ մասին դեռևս կարիք կա խոսելու:

Փոքր-ինչ առաջ գայիք, պարոնը հենց այդ մասին էր

խոսում, — միամտաբար մեջ ընկավ Թեկլեն, դառնալով օր. Սահակյանին:

Ահա՛, տեսնո՞ւմ եք, — վրա բերեց օր. Սահակյանը, — ուրեմն կարիք եղել է, որ փոքր-ինչ առաջ խոսելիս եք եղել այդ մասին:

Ամենքի դեմքի վրայով մի թեթև ժպիտ անցավ ակամա:

Ժպտաց և Բազենյանը: Նա տեսավ, որ այդ մարմնեղ աղջիկը բավական ճարպիկ լեզու ունի և շատ բանում կարող է այդպես հանկարծակիի բերել իրեն, ուստի վճռեց զգույշ լինել: Ժպտալով նա փոքր-ինչ առաջ խոնարհվեց դեպի օր. Սահակյանը և ասաց վերին աստիճանի քաղաքավարությամբ.

Ներեցեք, օրիորդ, չե՞ք նեղանալ, եթե մի բան ասեմ:

Նայելով թե ինչ կասեք:

Ինչպես երևում է, դուք սիրում եք կատակ անել: Օր. Սահակյանը բարձրաձայն ծիծաղեց:

Ես էլ ասացի, թե ինչ եք ուզում ասել: Իհարկե, ես շատ եմ սիրում կատակ անել, այնպես որ դուք կարող էիք համարձակ ձեր նկատողությունն անել: Բայց այսպիսի խնդիրներում, — ավելացրեց նա լրջորեն, — ներեցեք, ես սիրում եմ լուրջ կերպով խոսել: Ես, ախր, բոլորովին ուրիշ կարծիք ունիմ ձեր ասած շարժումների մասին:

Շատ հետաքրքրական է իմանալ, օրիորդ, ձեր կարծիքը, — այս անգամ արդեն հեգնանքի հասցրած ծայրահեղ քաղաքավարությամբ նկատեց Բազենյանը:

Անշուշտ հետաքրքրական է և շա՛տ հետաքրքրական, պարո՛ն, — նրա հեգնական տոնից առնվելով առանձին շեշտ տվեց իր ձայնին օր. Սահակյանը: — Բայց մի մոռանաք, որ խոսքը նախ ձե՛զ է պատկանում, դեռ դուք ապացուցեցեք ինձ, թե ինչո՞ւ լեռն անպատճառ փիղ պիտի ծնի և ոչ մուկ, այնուհետև ես իմը կասեմ: Ես, տեսնում եք, չեմ փախչում:

Բազենյանը ծիծաղեց:

Ուզում եք ասել՝ ես փախչո՞ւմ եմ:

Օր. Սահակյանն արագությամբ դարձավ Մարությանին.

Պարոն Մարության, դուք ասացեք, ես մեղավ՞ր եմ, որ պարոնն այդ եզրակացությունը հանեց իմ խոսքերից:

Լավ, լավ, — մեջ ընկավ Մարությանը, տեսնելով, որ բանը շատ հեռու է գնում: — Դա այնպիսի խմոր է, որ շատ ջուր կվերցնի, ուստի խնդրում եմ, վերջ դնեք ձեր վիճաբանությանը և կարդաք այս նամակը:

Այդ միջամտաթյունը դուր չեկավ Բազենյանին. Մարությանը դրանով կարծես թե ստիպում էր նրան խոստովանել իր հակառակորդի գերակշիռ ուժը վիճաբանության մեջ և փախուստ տալ օր. Սահակյանի առաջ: Դա վիրավորական էր նրա ինքնասիրության համար, մանավանդ այդ ընտանիքի մեջ, ուր կարճ միջոցում ահագին հեղինակություն էր ձեռք բերել: Վախկոտությամբ փախուստ տալ ո՜ւմ առաջ ուզում է լիներ, մանավանդ այդ գեր, այդ անճոռնի աղջկանից, որին պարզապես արհամարհում էր, — այդ բանը չէր հարմարում նրա բնավորությանը: Բացի դրանից, փախուստ տալ, նշանակում էր ընկնել այն բարձրությունից, ուր ելել էր նա այդ սիրելի ընտանիքի աչքում: Եվ Բազենյանը հավաքեց իր բնածին բոլոր հանդուգն համարձակությունը, պատրաստվեց դիմադրելու, բայց օր. Սահակյանը ժամանակ չտվեց նրան:

Ձեր ասած հայ աղջիկներին ես էլ լավ եմ ճանաչում, պարոն Բազենյան, և, իհարկե, շատ ավելի լավ, քան թե դուք. բայց իմ ասած հայ երիտասարդներին էլ ճանաչում եմ՝ ինչպես հարկն է: Ուրեմն, ավելի լավ է, լռենք այս մասին և կարդանք այս նամակը, որի գրողը...

Ոչ, ինչո՞ւ լռենք, օրիորդ, — ընդհատեց նրան Բազենյանը: — Լռությունը միշտ կասկած է հարուցանում... Մենք կարող ենք խոսել բացարձակ, եթե ոչ հիմա, գոնե ուրիշ ժամանակ. հույս ունիմ, առիթ կունենանք:

Անշո՛ւշտ. ես միշտ պատրաստ եմ: Բայց առաջուց պիտի ասեմ ձեզ, որ իմ համոզմունքը ոչ մի պայմանով չեք կարող փոխել:

Ուրեմն ավելորդ կլինի մեր վիճաբանությունը:

Ո՜չ, ինչո՞ւ. գուցե ես եմ փոխում ձեր համոզմունքը, — բացականչեց օր. Սահակյանը և բարձրաձայն ծիծաղեց:

Բազենյանը շատ սառն, պարզապես ատելությամբ լի հայացքով նայեց նրա կախ ընկած չաղ կզակին, որ դողդողում էր ծիծաղից, և նկատեց առանց մի մազի չափ անգամ շփոթվելու.

Ինչո՞ւ եք կարծում, թե իմ համոզմունքը նույնքան, եթե ոչ ավելի հաստատ չէ, որքան ձերը:

Իսկ դուք ինչի՞ց եք կարծում, թե ես այդպես եմ կարծում:

Ձեր խոսքերից:

Թեև ես այդպիսի բան չեմ ասել, բայց համեցեք, ընդունում եմ, որ ձեր համոզմունքն ավելի հաստատ է, քան թե իմը: Համենայն դեպս, այդ չի արգելում, կարծեմ, որ մենք դիսպուտի դուրս գանքես իմ փաստերով, դուք ձեր փաստերով: Իսկ այժմ, որպեսզի ավելորդ ժամավաճառությամբ չզբաղվենք, պարոն Բազենյան, կարդանք այս նամակը:

Եվ որպեսզի Բազենյանը շատ չվիրավորվի, օր. Սահակյանը ժպտաց հաղթանակը տարած մեծահոգի մարդու մեղմությամբ:

Բազենյանը կծեց ներքին շրթունքը և այդպես էլ մնացլուռ, մռայլ:

Երկու հյուրերի միջև տեղի ունեցած այդ ընդհարումը շատ ճնշող տպավորություն էր գործել տանտերերի վրա: Մարությանն ու կինն անհանգստությամբ շարժվում էին անդադար իրեն տեղերում, գրեթե հուսահատված` չիմանալով ինչպես վերջ տան այդ անախորժ վիճաբանությանը, որ նկատելի չլինի, թե այդ բանն անում են նրա համար միայն, որ Բազենյանին ազատեն նեղ դրությունից, ուստի ավելի լավ էին համարում լռել:

Բոլորովին լուռ էր և Եվան: Շատ լավ ծանոթ լինելով օր. Սահակյանի բնավորությանը, գիտեր, որ նա կոպիտ լինելու չափ համարձակ էր և վիճաբանության ժամանակ ոչ տեղին էր նայում և ոչ նրան, ում հետ որ վիճաբանում էր: Այս անգամ Բազենյանի վերաբերմամբ նրա ցույց տված հակառակությունը կոպտության, անքաղաքավարության և դիմացինին զոռով գրգռելու և վիրավորելու տգեղ ցանկության վերին ծայրն էր թվում Եվային, և նա մի քանի անգամ ուզեց միջամտել, բայց վախեցավ, թե միգուցե օր. Սահակյանն ավելի ևս կոպտաբար վարվի:

Այնինչ Շահյանը չարախնդությամբ դիտում էր ընկերոջ անզոր այլայլումը և մտքումը «բռավո» էր ասում օր. Սահակյանին, որ միանգամից կարողացել էր կոտրել Բազենյանի անամոթ անձնապաստանությունը:

6

«Հենց առաջին օրից, երբ ոտք կոխեցի այս գյուղը, հուսահատվելու չափ հիասթափեցի, — սկսեց կարդալ օր. Սահակյանն Աշխենի բավական երկար նամակի այն տողերից, որտեղից հարմար էր համարել կարդալ: — Մարդիկ տեսա, որոնք ապրում են նրա՛ համար միայն, որ ստիպված են ապրել: Մարդիկ տեսա, որոնց անասուններից զանազանել կարելի է նրանով միայն, որ խոսում են: Անծա՜յր չքավորություն՝ միացած մտքի խուլ խավարի հետ... Անսովոր մարդը զարհուրում, վիրավորվում է անգամ իրեն նման արարածների այս պատկերը տեսնելով: Ա՜խ, այդ աղքատությունը... Դու սովոր ես աշակերտուհիներիդ մազերը միշտ կարգին սանրած, մաքուր հագնված տեսնել, և եթե մեկը մի օր մաքուր թաշկինակ չի ունենում, առանց ճաշի ես թողնում: Բայց իմ աշակերտուհիները շոր անգամ չունին իրենց խեղճ մարմինը ցրտից պատսպարելու համար: Ամեն տեղ կան վաշխառուներ, բայց այդ ցեցերի ավերածությունը գյուղերում արդեն չափից դուրս զգալի է: Սակայն, եթե ընդհանուրի աղքատության պատճառները որոնելու լինենք միմիայն վաշխառուների գործունեության մեջ, դրությունն էլի այնքան ցավալի չէր լինիլ: Այդ պատճառները, որքան ես կարողացա նկատել, բազմաթիվ են և բազմադիմի և գտնվում են գյուղական-հասարակական ամբողջ կազմակերպության մեջ: Մի և ամենազորավոր պատճառն էլ այն է, որ գյուղացու վիճակը բարելավելու համար արտաքին կողմից ամենևին փորձ չկա: Ընդհակառակը` արտաքին կողմից եղած միջոցները, կարծես, ձգտում են էլ ավելի ծանրացնելու նրա կացությունը: Գյուղացին ձգված է երեսի վրա: Նա թողնված է, որ ինքն իր ուժերին ապավինե: Բայց նա տգետ է, կրթություն չունի, ուրեմն և անընդունակ է իր ուժերը մշակելու, որպեսզի կարողանա ինքն իրեն օգնել, չճնշվել տիրապետող կարգերի տակ: Ժամանակն արագորեն առաջ է գնում, կարգերն, ավելի ու ավելի ծանրանալով, փոխվում են անդադար, բայց գյուղացին կանգնած է միևնույն տեղը, ուր որ գտնվում էր տասնյակ, հարյուր տարիներ առաջ: Հարկավոր է նրան էլ առաջ մղել, որպեսզի կարողանա հարմարվել ժամանակի անողոք պահանջներին: Դրա համար հարկավոր է լո՜ւյս, լո՜ւյս, լո՜ւյս: Պ. Մինասյանը...»:

Դուք ճանաչո՞ւմ եք Մինասյանին, պարոն Բազենյան, — հանկարծ հարցրեց օր. Սահակյանը, նամակի ընթերցումը ընդհատելով:

Մինասյանի՞ն... ոչ: Ո՞վ է:

Մեր սակավաթիվ մասնագետ գյուղատնտեսներից մեկը և ժողովրդական բանահավաք: Դուք նրան գոնե մեր գրականությունից պիտի ծանոթ լինեիք:

Մինասյա՞ն... Այդպիսի գրող չեմ ճանաչում:

Ուրեմն չեք հետևում գրականությանը, — նկատեց օր. Սահակյանը և պատրաստվեց նամակի ընթերցումը շարունակելու:

Բազենյանը զգաց, որ կարմրում է դեպի իր հակառակորդը տածած չարությունից:

Ներեցեք, գուցե նա մի անհայտ...

Ո՛չ, մեր ժողովրդական գրականության մեջ նա բավական հայտնի է, և հայտնիներ էլ շատ չունինք, — կտրեց նրա խոսքն օր. Սահակյանը և շարունակեց նամակի ընթերցումը:

«Պ. Մինասյանը կրթության մեջ ոչ թե միայն ընդհանրապես մարդկային առաջադիմության միջոց է տեսնում, այլևամենակարճ ճանապարհը, որով գյուղացին կարող է տնտեսական փոքրիշատե բարվոք վիճակի հասնել: Տուր գյուղացուն հող էլ, փող էլ, կարճ ժամանակից հետո նա նույն հացակարոտ աղքատը կմնա, եթե կրթություն չես տալ նրան, որ այդ հողն ու փողը կառավարել կարողանա: Ահա այս հիմնական միտքն իրեն առաջնորդ ունենալով, պ. Մինասյանը նվիրվել է ուսումնարանի գործին արտասովոր եռանդով: Այս կատարյալ հերոսություն է, եթե ի նկատի առնենք այն ահագին դժվարությունները, որոնց դեմ ստիպված է նա մաքառել: Այս երիտասարդն իր հաստատուն բնավորությամբ, իր անհանգիստ աշխատասիրությամբ, նպատակին ձգտող իր համառ գործունեությամբ կատարելապես զարմացնում է ինձ: Աշխատում է գիշեր-ցերեկ, անում է ամեն բան, չեղած տեղը գործ է ստեղծում, որ պարապ չմնա: Գյուղատնտեսության մեջ մանավանդ նրա կատարած գործերն ահագին են: Գյուղացիները կատարյալ հավատ են ընծայում նրան, որովհետև գիտե նրանց բան հասկացնելու կերպը. իսկ գյուղացիներին բան հասկացնելու համար ուղղակի տաղանդ է հարկավոր ինտելիգենտ մարդուն: Ասենք, Մինասյանին այս գործում մեծապես նպաստում է այն հանգամանքը, որ նա, շատերի պես, երբեք չի կտրել իր կապը գյուղի հետ: Անցած ամսին այստեղ էր եկել, քսան տարվա բացակայությունից հետո, գյուղիս ճամփա բնակիչներից մեկի ինժեներ որդին ժառանգական-կալվածական մի վեճի համար: Երբ ինձ ասացին, թե այսինչ տան զավակն է, ուղղակի ապշեցի, — այն աստիճան օտար էր նա գյուղին իր լեզվով, սովորություններով, նիստուկացով, էլ չեմ ասում տարազով: Ես ու Մինասյանը ներկա էինք համագյուղացիների հետ նրա ունեցած վեճին: Մարդն ինձ վրա շատ լավ տպավորություն թողեց իր խելացի հայացքներով, բարի զգացումներով և հակառակորդներին ըստ ամենայնի զիջում անելու ցանկություններով, բայց արի տես, որ ամբողջ երկու ժամ խոսում էր գյուղացիների հետ և ոչինչ չէր կարողանում հասկացնել նրանց: Գյուղացիները բան հասկացան միայն այն ժամանակ, երբ միջամտեց Մինասյանը և մի քանի խոսքով բացատրեց նրանց բանի էությունը նրանց լեզվով և զարմանալի պարզ օրինակներով: Եթե ասեմ, որ Մինասյանը գյուղի կուռքն է և ամբողջ գավառում մեծ հեղինակություն է վայելում, չափազանցություն արած չեմ լինիլ: Բայց նա ունի և զորեղ թշնամիներ: Դրանք, գլխավորապես, վաշխառուներն են, որոնցից մեկն այս օրերս գանգատ է տվել նրա դեմ նահանգական դատարանին` լրագրի մեջ իր մասին նրա արած մի մերկացման համար:

Ես գրում եմ իմ առաջին տպավորությունները, սիրելի Վարո: Չգիտեմ, գյուղն ու գյուղական կյանքն ինձ համար նորություն էդրա՞ համար է ինձ այստեղ ամեն բան մռայլ թվում, թե՞ այդ իսկապես այդպես է: Գոնե մխիթարական ես ոչինչ չեմ գտնում այստեղ: Միակ մխիթարականը և հուսատուն, որ լուսատու մենավոր աստղի պես պայծառ փայլում է այս թխպոտ հորիզոնի վրա, դա պ. Մինասյանն է: Բայց մի ծաղկով գարո՞ւն կգա...»:

Դու էլ մեկերկու, երկուսով խո կգա, — ասաց օր. Սահակյանն Աշխենի հասցեին և նամակը ծալեց: — Ահա, այս էր, պարոններ, ինչ որ կարող էի կարդալ այս նամակից: Մի քանի կտորներ էլ կարելի էր կարդալ, բայց վախենում եմ, որ պարոն Բազենյանը կարծի, թե նա ինքնագովությամբ է պարապում:

Եվ օր. Սահակյանը, նայելով Բազենյանին, ժպտաց:

Ես պարոն Բազենյանի տեղ բողոքում եմ ձեր դեմ, օրիորդ, — բացականչեց Մարությանը: — Եթե պարոնը հայ աղջիկների մասին աննպաստ կարծիք ունի, այդ չի նշանակում, թե նա բացառություններ չի ճանաչում: Այդպես չէ՞, պարոն Բազենյան:

Չեմ հասկանում, — խիստ հանգիստ արտասանեց, ուսերը վեր քաշելով: Նա արդեն ատում էր օր. Սահակյանին:

Ես համաձայն եմ ձեզ հետ, պարոն Մարության, որ պարոն Բազենյանը չի կարող չճանաչել բացառությունները. բայց մի՞թե այսպիսի բացառություններն ավելի քիչ են արժանի ուշադրության, քան ընդհանրությունը: Ի՞նչ եք կարծում, տիկին, — դարձավ օր. Սահակյանը Թեկլեին. — Աշխենը դատա՞րկ աղջիկ է:

Ո՞վ է ասում... Երանի չէր լինիլ, որ բոլոր աղջիկները նրա պես խելոք լինեին, — ասաց Թեկլեն տխուր մտախոհությամբ:

Տեսնո՞ւմ եք: Իսկ դուք, պարոն Շահյան. ձե՞ր կարծիքն ինչ է. դուք ճանաչում եք նրան:

Ես համաձայն եմ ձեզ հետ, — ասաց Շահյանը, առանց մտածելու, թե ինչ է ասում և, ինքն էլ չհասկացավ ինչու ժպտաց:

Օր. Սահակյանն արագորեն դարձավ դեպի Եվան, որ նստած էր իր կողքին.

Իսկ դո՞ւ, Եվա:

Եվան իսկույն չպատասխանեց: Նրա անսովոր-լուրջ հայացքը մտքի ինչ-որ տխուր, խորհրդավոր կենտրոնացում էր արտահայտում:

Այդպիսի մի նամակ էլ մեզ է գրել, — ասաց նա, առանց պատասխանելու օր. Սահակյանի հարցմունքին:

Հա-ա՞:

Բաս ի՞նչ էիք կարծում, — ասաց Մարությանը:

Դե որ այդպես է, ինչո՞ւ առաջուց չէիք ասում, որ իզուր ժամավաճառ չլինեի կարդալով... Ասենք, վնաս չունի. այդ հարկավոր էր պարոն Բազենյանի համար, որպեսզի պարոնը համոզվի, որ հայ աղջիկների մեջ ևս կան այնպիսինները, որոնց մոտ հայ երիտասարդները զրո են:

Բազենյանը ետ էր ընկել բազկաթոռի մեջքին և աշխատում էր կատարյալ լռությամբ արտահայտել իր արհամարհանքը:

Ներեցեք, պարոն Բազենյան, որ ձեր հայտնած կարծիքի մասին այսքան շատ եմ խոսում, — ավելացրեց օր. Սահակյանն այս անգամ զիջողաբար ժպտալով: — Ես ինքս համաձայն եմ ձեզ հետ, որ հայ աղջիկները, խիստ մեծամասնությամբ, դատարկ և չնչին արարածներ են, ինչպես դուք ասացիք. բայց դուք մի դատապարտեք այդ աղջիկներին, այլ դատապարտեցեք ընտանեկան, թեկուզև հասարակական այն պայմանները, որոնց մեջ մեծանում են նրանք, որովհետև, ամեն երևույթ իր պատճառներն ունենալով, այս տխուր երևույթի մեջ էլ քննության առարկան և դատապարտելին ոչ թե ինքն` երևույթը պիտի լինի, այլ պատճառը: Բայց, մյուս կողմից, թույլ տվեք նկատեմ, որ հայ երիտասարդներն արդեն իրենք են դատապարտելին, որովհետև նրանք անհամեմատ թե՛ ավելի ազատ են մեծանում և թե՛ ավելի լավ կրթություն են ստանում, քան հայ աղջիկները. մինչդեռ նրանք ի՞նչ են անում. — կամ քնում են, կամ իրենց փորի համար միայն աշխատում են: Ասացեք խնդրեմ, ո՞ր երիտասարդը, քաղաքում հանգիստ ու ապահով կյանք վարող երիտասարդն եմ ասում, սիրտ կանե կորած տեղեր գնալ աչքից ընկած, մտքից մոռացված ժողովրդի բարօրության գործին ծառայելու համար: Ասացեք, կա՞ այդպիսի երիտասարդ:

Իմ եղբա՜յրը, — դուրս թռավ Եվայի բերնից, և նրա մտախոհ հայացքի մեջ հանկարծ ինչ-որ կայծ վառվեց, բայց իսկույն էլ հանգավ:

Այն աստիճան ազդու էր նրա ձայնը, որ ամենքն էլ ակամա նայեցին նրան:

Եվան վեր կացավ տեղից, և կայծը նորից վառվեց նրա գեղեցիկ աչքերի մեջ:

Իմ եղբա՜յրը, — կրկնեց նա: — Ես կերդվեմ, որ ոչ ոք չի կարող նրան հասնել... Ա՜խ, ինչպես ուզում եմ, որ այս րոպեիս այստեղ լինի նա...

Օր. Սահակյանը սիրով ու կարեկցությամբ նայեց նրան և այլևս չշարունակեց վիճաբանությունը: Թեկլեի աչքերը լցվեցին մայրական սիրո կարոտակեզ արտասուքներով: Իսկ Մարությանը, որի հայրական սիրտը նույնպես սաստիկ շարժվել էր դեպի իր հեռացած որդին, իրեն սրտապնդելու համար սկսեց բարձրաձայն հազալ:

Ի դեպ, պարոն Բազենյան, դուք չե՞ք ճանաչում օրիորդի եղբորը` Արմենակին:

Ոչ:

Զարմանալի է: Որքան իմացել եմ, դուք ևս ծառայում եք միևնույն գործին, ինչ որ նա, և ինչպե՞ս է , որ չեք ճանաչում նրան...

Ուրիշ ի՞նչ է գրում, — շտապով դարձավ Մարությանն օր. Սահակյանին, վախենալով, թե միգուցե նա մի նոր հարձակում սկսի Բազենյանի դեմ: Չի՞ տխրում, գո՞հ է իր վիճակից: Մեզ գրած նամակների մեջ իր կյանքի մասին ընդհանրապես ոչ մի դժգոհություն չի հայտնում. բայց ես հասկանում եմ, որ մեզ ուրիշ կերպ չի գրիլ, իսկ ձեզ, կարծում եմ, ճշմարտությունը պիտի լինի հայտնելիս:

Ահա, ուզո՞ւմ եք, այդ կտորն էլ կարդամ:

Խնդրում եմ:

Եվան, մի-երկու անգամ սենյակում անցուդարձ անելուց հետո, կամաց նստեց իր առաջվա տեղը, օր. Սահակյանի մոտ:

7

«Գյուղն ինձ վրա, ինչպես ասացի, խիստ ճնշող տպավորություն գործեց, — կարդաց օր. Սահակյանը: — Աղքատությանը զուգակից է տգեղությունը, և այդ տգեղությունն արդեն չափից դուրս աչքի է ընկնում այստեղ: Հենց միմիայն գյուղի արտաքին տեսքընրա ծուռումուռ, անասունների մշտական աղբով ծածկված, ցեխոտ փողոցները, անճոռնի, շատ տեղ գետնափոր տները, վտիտ անասունները, ճռճռան ծանրաշարժ սայլերը, ահագին փափախների տակ ճնշված մարդիկ, բերանն ու քթները կալած կանայք, կեղտոտ ու գզգզված երեխաները, անհամար քոսոտ շները, — ամեն, ամեն բան ինձ վերին աստիճանի տգեղ ու հակակրելի էր թվում: Կարծում էի, թե հանկարծ ընկել եմ վայրենի մի աշխարհ, ուր ամեն ինչ խորթ ու անծանոթ էր ինձ: Ինձ վրա նայում էին զարմանքով և կասկածով: Կանայք մանավանդ ավելի էին խրտնում ինձնից, — չեմ հասկանում ինչու: Շատ անգամ, երբ հարևանի կովը ցեխոտ պոչը տատանելով անցնում էր առաջովս, ինձ թվում էր, թե այդ անասունն անգամ իր հիմար աչքերով ուրիշ կերպ էր նայում ինձ, — ոչ այնպես, ինչպես սովորական գյուղացիներին:

Առաջին իսկ օրից դառնությամբ, գրեթե տանջվելով զգացի, որ ոչինչ չպիտի կարողանամ շինել այստեղ: Իմ և ինձ շրջապատող մարդկանց միջև ոչ մի առնչություն չէի տեսնում: Ոչ ես էի հասկանում սրանց, ոչ սրանք էին հասկանում ինձ: Այդ քիչ է. ինձ թվում էր, թե երբեք չպիտի կարողանամ անկեղծորեն համակրել և սիրել այս բիրտ, կասկածոտ և տգեղ մարդկանց, որոնց բարօրության գործին վճռել էի նվիրել ինձ այդտեղ իմ մաքուր սենյակում նստած: Այս կետը մանավանդ մեծ մտահոգություն էր պատճառում ինձ և երևան էր հանում իմ մեջ այնպիսի անծանոթ գծեր, որ ուղղակի ապշած էի մնում և չէի ճանաչում ինքս ինձ: Ի՞նչ էր նշանակում այս խորթությունը, այս օտարությունը, այս զզվանքը, վերջապես: Ես արիստոկրատ չէի ծնվել. ընդհակառակը՝ պատկանում էի ժողովրդի նույն ստորին խավին, ինչ որ սրանք, այս կոշտ ու կոպիտ, այս անմաքուր ու տգեղ գյուղացիները, և մեր ծագման միջև եթե մի տարբերություն կար, այդ էլ զուտ աշխարհագրական էր. ես ծնվել էի քաղաքում, սրանքգյուղում: Ուրեմն ո՞րտեղից էր այս «արիստոկրատիզմը», որի գոյությունն իմ մեջ մինչև այստեղ գալս երևակայել անգամ չէի կարող... Այս ու այսպիսի հազարավոր մտքերի ճնշման տակ, հանկարծ հիմարություն և, որ ավելի վատ է, կեղծիք թվաց ինձ իմ «անձնուրացությունը»: Այս էր ամենաանտանելին, որովհետև այս միտքն ինձ նվաստացրեց իմ աչքում վերին աստիճանի, ինքս ինձնից ամաչելու չափ...

Այսպիսով առաջին օրերն ու շաբաթներն անցան հուզող կասկածների, ծանր անձնաքննության և վերին աստիճանի տաղտկության մեջ, որի ժամանակ խենթանալու չափ սկսեցի կարոտել քաղաքի կյանքը, ինձ ծանոթ սիրելի դեմքերը, մանավանդ քեզ և մանավանդ Եվային, իմ սիրուն, իմ քնքուշ, իմ պաշտելի Եվային...»:

Այստեղ ամենքի հայացքը մեքենայաբար դարձավ դեպի Եվան, որի աչքերի մեջ հանկարծ արտասուքի կաթիլներ ցոլացին: Նա գլուխը խոնարհեց և մատներով պինդ ծածկեց աչքերը: Մինչդեռ օր. Սահակյանը, ըստ երևույթին ոգևորված նամակից, ուշադրություն չդարձրեց այդ բանին և շարունակեց կարդալ.

«Բայց ոչինչ չշինած՝ վերադառնալ, այդ միևնույնը կլիներ, թե զինվորը փախչում է պատերազմի դաշտից՝ մի գնդակ անգամ չարձակած: Այդպիսի դեպքում ավելի լավ չէ՞ր լինիլ, որ ուղղակի գետն ընկնեի խեղդվեի, քան թե վերադառնայի հարազատներիս մոտ այդպիսի խայտառակությամբ: Այդ միտքն էր, որ պահպանեց ինձ անկումից և միևնույն ժամանակ քաջություն տվեց: Մյուս կողմից, գիտեի, որ ժամանակն ամենալավ հաշտեցնողն է: Հարկավոր էր միայն համբերություն և բարոյական ուժ: Այդ համբերությունն ու բարոյական ուժը...»:

Օր. Սահակյանը հանկարծ դադարեցրեց ընթերցումը, և նամակը շտապով ծալեց:

Ներեցեք, այլևս չեմ շարունակիլ, — ասաց նա:

Եվան մատները հեռացրեց աչքերից և հետաքրքրությամբ նայեց նրա դեմքին:

Ինչո՞ւ, — հարցրեց Մարությանը զարմացած:

Որովհետև... — օր. Սահակյանը հազիվ նկատելի կերպով շփոթվեց, — որովհետև... շարունակությունն արդեն ինքնագովություն է, որ... Բազենյանը կարող է խիստ կրիտիկայի ենթարկել, — շփոթմունքը զսպելով վրա բերեց նա և ժպտալով նայեց Բազենյանին:

Բազենյանը ոչինչ չասաց, միայն հանգիստ զարմանքով նայեց Մարությանին, կարծես հարցնում լիներ, ի՞նչ է պատահել սրան:

Է՜էհ, — կարդացեք, — ասաց Մարությանը, դժգոհելով, որ օր. Սահակյանն այդպես հաճախ ընդհատում է նամակի ընթերցումը և ամեն անգամ անտեղի կերպով ուզում է խայթել Բազենյանին:

Բացի ինքնագովությունից, — վրա բերեց օր. Սահակյանը հեգնորեն, — շարունակությունն այսպես ասած՝ աշակերտական բարոյախոսություն է, որը կարող է ձանձրալի լինել, ինչպես ամեն մի բարոյախոսություն:

Տե՛ր իմ աստվա՛ծ... ձեր ի՞նչ գործն է. դուք կարդացեք:

Օր. Սահակյանը ծիծաղեց Մարությանի զայրացկոտության վրա և դարձավ Եվային.

Կարդա՞մ, Եվա:

Ինչո՞ւ չպետք է կարդաս, — ասաց Եվան կամաց: Նրա դեմքը սառնություն էր արտահայտում:

Օր. Սահակյանը նորից բաց արեց նամակը:

«Այդ համբերությունն ու բարոյական ուժն ես արդեն առիթ եմ ունեցել զարգացնելու իմ մեջ» — կարդաց նա կիսատ թողած նախադասությունը և լռեց:

Ամենքն էլ տեսան, որ նա շարունակությունը մտքումն է կարդում: Եվան կամաց թեքվեց դեպի նա, սկսեց նայել նամակին և տեսավ, որ նա մի շարք տողեր բաց թողեց:

Օր. Սահակյանը շտապով դարձրեց թերթը և շարունակեց.

«Ահա հենց այդ համբերությամբն ու բարոյական ուժովս էր, որ կարողացա դիմանալ սկզբնական դժվարություններին, որոնք գուցե շատ չնչին բաներ էին, բայց ինձ, որովհետև խամ է, ծանր էին թվում: Ծանր էն թվում մանավանդ այն պատճառով, որ կարծում էի, թե բավական է որ մարդ որգևորված լինի այս կամ այն գաղափարով, մնացածը հեշտ է: Մինչդեռ փորձն ինձ ցույց էր տալիս, որ գեղեցիկ գաղափարների իրագործումը շրջապատված է տգեղ պայմաններով, այնքան ավելի տգեղ, որքան մարդ շատ է լինում ոգևորված: Կրկնում եմ. այդ ես փորձով տեսնում ու զգում էի, ուրեմն և հասկանում, որ այդ այդպես էլ պետք է լինի և ուրիշ կերպ չի կարող լինել: Մյուս կողմից, ինչպես ասացի, ինձ ուժ էր տալիս այն գիտակցությունը, թե դժվարություններից փախչելն առհասարակ ամոթալի բան է, երբ այդ դժվարություններն ինքդ ես կամովին հանձն առել կրելու: Բացի այդ, ինձ ուսուցել և օրինակ էին տվել անձնականը զոհելու ընդհանրությանը, ապրելու ուրիշների համար, և ես չէի կարող, չպետք է դավաճանեի այդ գաղափարին, մանավանդ այն ժամանակ, երբ ոտք էի կոխել այդ գաղափարին գործով ծառայելու ճանապարհի վրա: Այժմ, երբ սկսել եմ ընտելանալ գյուղական մռայլ կյանքին, այդ գաղափարն ավելի ևս ոգևորում է ինձ, և ես կարողանում եմ զսպել մարդկային թուլություններս: Նույնիսկ պատահում են ոգևորության օրեր, երբ ամեն բան մոռանում եմ և բուռն ձգտումով անձնատուր եմ լինում այս թշվառ մանուկների կրթության գործինմանուկների, որոնց լոկ տեսքն անգամ անհուն կարեկցություն է շարժում: Սարսափում եմ, որ մտածում եմ, թե ապագա այս գեղջուկներն ու գեղջկուհիներն էլ առանց կրթության կարող են, նույն խավարով շրջապատված, փտել անասնական նույն կյանքի մեջ, ինչպես փտել ու փտում են սրանց պապերն ու տատերը, սրանց հայրերն ու մայրերը: Չէ՞ որ սրանք էլ մեզ պես մարդիկ են. չէ՞ որ սրանք մեր քույրերն ու եղբայրներն են: Ի՞նչ խղճով պետք է տեսնենք սրանց այս ողբալի դրությունը և օգնության ձեռք չկարկառենք, երբ կարող ենք և քանի որ կարող ենք ամոթալի և վիրավորական չէ՞ միթե մեզ համար, որ մեզ նման աստծո պատկերը կրող այս արարածները զրկված են աստվածային լույսից: Խավարի այս սոսկալի թագավորությունը տեսնելով, մի՞թե այլևս հնարավոր պիտի լինի անհատի համար եսական կյանքը:

Ես չեմ ուրանում, որ մարդիկ իրար չեն օգնում: Մարդկային կյանքն իր բոլոր ասպարեզներում փոխադարձ օգնության վրա է հիմնված: Բայց, ավա՜ղ, այդ օգնությունը դեռ լոկ բնազդական, անգիտակցական և անուղղակի է, որպեսզի ցանկալի պտուղներ տար: Ես կուզեի, որ մարդիկ իրար օգնեին գիտակցաբար: Այդ քիչ է. կուզեի, որ մարդիկ ուրիշին օգնելու գործում դնեին իրենց սիրտը, հոգին, ամբողջ էությունը: Անպայման անձնուրացություն և անձնազոհություն եմ պահանջում ես, որովհետև մարդու գոյության բուն նպատակը, հետևաբար և նրա իսկական երջանկության գրավականն, ուրիշ ո՛չ մի բանի մեջ չեմ տեսնում, բացի միայն սեփական եսն ուրիշի բարիքին զոհաբերելու մեջ: Այդպես է քարոզում բոլոր խելոք գրքերից ամենախելոք գիրքըԱվետարանը, և դրանով միայն մարդը կարող է, աստվածանալ, որին ճգնում է նա հասնել: Քանի՜ դար է ահա, որ քարոզվում է այդ գաղափարը, որը, սակայն, դեռևս լոկ մեռած տառն է հանդիսանում և եթե անցել է գործադրության, անցել է չափից դուրս սահմանափակ և չոր մտքով: Ինչո՞ւ: Այդ նրանից չ՞է արդյոք, որ մարդիկ հողին համաչափ կերպով չեն զարգացնում մտքի հետ: Պատճառն այն չէ՞ արդյոք, որ միտքն առաջ է սլացել, հողին ետ է մնացել: Միտքը հսկայական թռիչքներ է գործում երկրի անդունդներից մինչև երկնքի անհունությունը, իսկ հոգին դեռևս խարխափում է խավարի մեջ և շարժվում է կրիայի քայլերով: Ես հավատում եմ մտքի հաղթանակին: Բայց ավելի ևս հավատում եմ հոգու հաղթանակին: Ցանկալի եդեմն այն ժամանակ կգտնվի, երբ հոգին ու միտքն առաջ կընթանան ձեռք ձեռքի տված...»:

Следующая страница