Նար-Դոս՝   Մահը

Ես վերջացրի, — ասաց օր. Սահակյանը և դանդաղորեն ծալեց նամակը:

Սենյակում կարճ ժամանակ խոր լռություն տիրեց: Այդպես է լինում միշտ, երբ որևէ գրվածքի ընթերցումը գրողի համար կամ աննպաստ, կամ խիստ նպաստավոր տպավորություն է թողնում ունկնդիրների վրա:

8

Բռա՜վո, — հանկարծ բացականչեց Մարությանը խիստ ոգևորված: — Բռա՜վո, Աշխե՜ն, բռա՜վո: Ամեն մի բառը մի ոսկի արժե: Օ՛, խելոք է, շատ խելոք: Գիտե մտածել: Այդպիսի մտքեր... Հիանալի՜ է, հիանալի՜: Զարմանալի է. դուք հենց ամենահետաքրքրական կտորը չէիք ուզում կարդալ:

Է՛հ, թողեք, թե աստված կսիրեք: Ի՜նչ հետաքրքրական, ձանձրալի ասացեք, — հեգնորեն նկատեց օր. Սահակյանը և հարևանցի նայեց Բազենյանին: — Խելքին զոռ է տվել, էլի: Փոխանակ բան գրելու, ինչ-որ անգիր արած ճռճռան ֆրազներ է շարել իրար ետևից:

Բա՜ն ասացիք: Իմ ի՞նչ գործն է, թե խելքին զոռ է տվել: Դուք հայտնած մտքերն ասացեք: Հետո, ինչպե՞ս թե անգիր արած: Ներողություն: Այդպե՞ս եք ճանաչում ձեր ընկերուհուն: «Ցանկալի եդեմն այն ժամանակ կգտնվի, երբ հոգին ու միտքն առաջ կընթանան ձեռք ձեռքի տված»: Հրաշալի չէ՞ միթե: Ճիշտ չէ՞ արդյոք, որ մարդիկ մտքի կրթության վրա ավելի են ուշք դարձնում, քան թե հոգու: Ճիշտ չէ՞ արդյոք, պարոն Բազենյան, ճիշտ չէ՞ արդյոք, պարոն Շահյան, ձեզ եմ հարցնում:

Բոլորովին իրավացի է, — ասաց Բազենյանը և նույնը մեքենաբար կրկնեց Շահյանը:

Ոչ թե բոլորովին, այլ դեռ մի բան էլ ավելի է, — բացականչեց Մարությանն ավելի ու ավելի ոգևորվելով: — Ասում են, մեծ մարդիկ մեծ էլ պակասություններ են ունենում: Ինչո՞ւ: Ինչո՞ւ այնպես չպետք է լինի, որ մեծ մարդիկ ոչ թե միայն մեծ, այլև առհասարակ ոչ մի պակասություն չունենան: Ինչո՞ւ այդպես է, հարցնում եմ ձեզ: Որովհետև մեծ մարդկանց, ինչպես և ամեն մի սովորական փոքր մարդու հոգին, այսինքն բարոյական ընդունակությունները համաչափ կերպով չեն զարգացվում մտավոր ընդունակությունների հետ: Ասացեք, խնդրեմ. եթե մենք կարողանում ենք մեր միտքն այնպես զարգացնել, որ կարող ենք հնարել երկաթուղի, հեռագիր, հեռախոս-ձայնախոս, մահաբեր հրացան ու թնդանոթ, մի՞թե չենք կարող մեր հոգին էլ այնպես զարգացնել, որ թշվառների արտասուքը տեսնելիս անտարբեր չմնանք, նեղացածներին օգնենք, տնանկին պատսպարենք, քաղցածին հաց տանք: Մի՞թե հոգին ավելի պակաս ընդունակ է կրթվելու և զարգանալու, քան թե միտքը: Չեմ կարծում: Սիստեմը, այժմյան կրթության ամբողջ սիստեմն է մեղավոր այս ափաշքարա հակասության մեջ: Ես հավատացած եմ, որ մեծ մարդիկ կրկին չափով մեծ գործեր կլինեին կատարած, եթե նրանց հոգին զայրացած լիներ ուղեղի հետ համաչափ կերպով: Այդպիսով մենք մի տասնևինն դար էլ առաջ կլինեինք գնացած, որովհետև շատ անգամ մի բան, որ անկարելի է լոկ ուղեղով, մտքով ըմբռնել, կարելի է հասկանալ հոգու աջակցությամբ: Հոգին մտքի ամենալավ խորհրդատուն է. միտքն առանց հոգուզրո, բայց միտքն ու հոգին միասինամեն բան: «Ցանկալի եդեմն այն ժամանակ կգտնվի, երբ հոգին ու միտքը առաջ կընթանան ձեռք ձեռքի տված, մի հավասար գծով»: Պարոններ, մի՞թե սա ճիշտ չէ, մի՞թե սրանք կլասիկական խոսքեր չեն:

Եվ ասողն ո՞վ, ա՛յդ ասացեք. — մի հայ աղջիկ, — նորից հեգնեց օր. Սահակյանը և դարձյալ նայեց Բազենյանին:

Բազենյանն այլևս չկարողացավ համբերել:

Օրիորդ, իզուր դուք հեգնում եք, — ասաց նա շատ սառը կերպով: — Ես կարող եմ հիանալ այդ նամակի մեջ հայտնված մտքերից և զարմանալ այն օրիորդի ընդունակության վրա, որ կարողացել է գրել այդպիսի մի նամակ, բայց և այնպես այդ չի խանգարում ինձ դարձյալ պնդելու, որ հայ աղջիկներն ընդհանրապեսուսում առած, թե չառածշատ չնչին և դատարկ արարածներ են, որ նրանք...

Զարմանում եմ ձեզ վրա...

Ներողություն, թողեք խոսքս վերջացնեմ... Որ նրանք ոչ թե չեն կարող այդպիսի նամակներ գրել, այլև երկու տող հասարակ բարովագիր գրելն անգամ մեծ դժվարություն է պատճառում նրանց: Բացառությունները...

Պարոն Բա...

Ներողություն: Բացառությունները շատ ուրախալի են այդպիսի դեպքերում, բայց հենց նրա համար, որ բացառություններ են, կորցնում են իրենց նշանակությունը: Ընդհանրությունն է, որ իշխում է, ուրեմն և մեծ ցավ պիտի պատճառե:

Օր. Սահակյանը ծիծաղեց:

Ախր, ո՞վ է հակառակը պնդում, պարոն Բազենյան, որ դուք առանց ներողությունների չեք շարունակում ձեր խոսքը: Եթե մեր միջև մի թյուրիմացություն կա, այդ, կարծեմ, ոչ թե աղջիկների մասին է, այլերիտասարդների:

Գիտեմ: Բայց ձեր կարծիքը մեր երիտասարդների մասին հերքվում է ամենից առաջ այդ նամակով:

Ինչպե՞ս:

Խնդրեմ նորից կարդացեք Մինասյանի մասին գրված տողերը...

Ա՜, հասկանում եմ ինչ եք ուզում ասել:

Հետո պարոն Մարությանի որդին, որի մասին...

Հետո, երևի դուք... հետո, երևի, պարոն Շահյանը, — վրա բերեց օր. Սահակյանը և սկսեց կուշտ-կուշտ ծիծաղել: Բայց, երևի ինքն էլ զգալով, որ չափն անցավ, հանկարծ զսպեց ծիծաղը և ուզեց ինչ-որ ասել, սակայն Եվան թույլ չտվեց:

Եվայի համբերությունն արդեն հատել էր: Նա խիստ անհանգիստ մի շարժում գործեց և դժգոհությունից հոնքերը կիտած, առանց նայելու օր. Սահակյանին, ակամա ձեռքով արեց նրան, կարծես հասկացնելու համար, թե բավական էր, վերջապես, որ նա այդքան հեգնորեն և կոպտությամբ խոսեց իրենց հյուրի հետ. ապա դարձավ Բազենյանին և շատ լուրջ կերպով նկատեց.

Իմ կարծիրով, սխալվում եք, պարոն Բազենյան, որ ասում եք, թե բացառություններն ընդհանրության մեջ կորցնում են իրենց նշանակությունը: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ լավ բացառություններն են հենց, որ առանձին նշանակություն են ստանում, այլապես ումի՞ց պիտի օրինակ առնեինք: Երկնքի վրա աստղեր շատ կան, բայց լուսինն է միայն, որ պայծառ լուսավորում է:

Ներեցեք, օրիորդ, երևի չկարողացա միտքս պարզ արտահայտել: Եթե ասացի, որ բացառությունները կորցնում են իրենց նշանակությունը, այդ ասացի ա՛յն մտքով, որ ընդհանուրի իշխանության մեջ ոչնչանում է բացառություւնների կատարած դերը: Դուք օրինակ բերիք լուսինն աստղերի մեջ, ես էլ օրինակ կարող եմ բերել մոմի ճրագը գիշերվա խավարի մեջ:

Թո՛ղ հենց մոմի, թեկուզ մեղրամոմի ճրագը լինի, — վրա բերեց օր. Սահակյանը. — չէ՞ որ մոմի ճրագն էլ լույս է տարածում իր շուրջը:

Եվան դեմքը ջղային տհաճությամբ դարձրեց օր. Սահակյանից: «Տե՛ր իմ աստված, ինչքա՜ն անտանելի արարած է եղել», — մտածեց նա:

Ինչի՞ վրա եք վիճում, — բացականչեց Մարությանը: — Մի հատ լավ խնձորը տասը փտած խնձորի մեջ փտում է, տասը լավ խնձորի մեջ մի հատ փտած խնձորը բոլորին էլ փտեցնում է:

Հա՛ հա՛-հա՛-հա՛, ի՜նչ օրինակ բերիք, — կանչեց օր. Սահակյանը ծիծաղելով և շտապով վեր կացավ տեղից:

Եվա, դե հիմա պաշտպանվիր հորդ դեմ: Եվան արագությամբ դարձավ դեպի հայրը:

Այդ օրինակ չի՛ կարող լինել, հայրիկ, որ դու բերիր, — գրեթե աղաղակեց նա զայրագին: Օր. Սահակյանի դեմ զգացած բոլոր բարկությունը, կարծես, հոր վրա էր ուզում թափել:

Զարմանալի է. դուք լուսինն ու ճրագը օրինակ բերիք, ես էլ փտած խնձորներն եմ բերում, ինչո՞ւ չի կարելի:

Չի կարելի, որովհետև... մենք լուրջ բանի մասին ենք խոսում, իսկ դու... կատակ ես անում:

Կարելի է, կարելի է, պարոն Մարության, դուք սրան մի նայեք, — ասաց օր. Սահակյանը, շարունակելով ծիծաղել, և, միևնույն ժամանակ, աչքով արեց դեպի Եվան: — Մեր ժամանակում օրինակների մեջ խտրություն չեն դնում, — ավելացրեց նա բազմախորհուրդ կերպով:

Բայց չէ՜, պարոններ, — ասաց Մարությանն այս անգամ լրջորեն: — Աղջիկս թեև մի քիչ բարկանում է, բայց ճիշտ է նկատում. այսպիսի բաների մասին պետք է լուրջ կերպով խոսել: Ես այն համոզմունքն ունիմ, որ լավն առհասարակ անպտուղ չի անցնում, ինչքան էլ որ շրջապատը վատ լինի, որովհետև մարդիկ միշտ դեպի լավն են ձգտում: Լավի գաղափարը...

Ներեցեք, պարոն Մարության, ես ձեզ ընդհատում եմ, — ասաց օր. Սահակյանը, տեսնելով, որ նա տրամադիր է նորից ոգևորվել: — Այժմ ինչքան ուզում եք` փիլիսոփայություններ արեք, բայց իմ և պարոն Բազենյանի միջև ծագած թյուրիմացությունը չպարզվեց. իսկ ես գնում եմ:

Գնում ե՞ք: Է՛, ի՞նչ եք ասում: Նստեցեք, թե աստված կսիրեք:

Նստեցեք, ի՞նչ եք շտապում, — իր կողմից ասաց Թեկլեն:

Չէ, չեմ կարող, արդեն ուշ է, իսկ տանն ահագին քանակությամբ տետրակներ ունիմ ուղղելու: Ես, ախր, երկու բանի համար էի եկել. մեկը վերջացրի, մնաց մյուսը: Իսկ այդ մյուսըահա՛, պարոն Մարության:

Եվ օր. Սահակյանն երեք տոմսակ դրեց Մարությանի առաջ:

Կարծեմ, մի տոմսակ էլ որ ձեզ տամ, չեք մերժիլ, չէ՞, պարոն Բազենյան: Բարեգործական նպատակով պարահանդես ունինք: Պարոն Շահյանի վրա արդեն մի տոմսակ սաղացրել եմ երեկ չէ մեկել օրը:

Մարությանն ու Բազենյանն ընդունեցին տոմսակները, որից հետո օր. Սահակյանը ոտի վրա, դարձյալ մի թեթև վիճաբանության բռնվելով, իրեն հատուկ համարձակությամբ կատակով էլի մի քանի բաներ ուտեցրեց Բազենյանին և, բարի գիշեր մաղթելով, դուրս գնաց հյուրասենյակից:

Նրա դուրս գնալուց հետո Եվան մեծ թեթևություն զգաց: Բայց հանկարծ նրան թվաց, թե իր վերջին զայրացկոտությամբ ինքն իրեն մատնել է մի բանի մեջ, որը չէր ուզում, օր. Սահակյանն իմանար, իսկ թե ի՛նչ բանի մեջ էր մատնել իրենինքն էլ չգիտեր... Նա արագ վեր կացավ և դուրս գնաց օր. Սահակյանի ետևից:

Օր. Սահակյանը նախասենյակում շտապով և տնքտնքալով հագնում էր վերարկուն:

Ինչո՞ւ էիր այդպես հարձակվում նրա վրա, — ասաց Եվան բոլորովին հանգիստ կերպով և շտապեց օգնել նրան վերարկուն հագնելու:

Ո՞ւմ վրա: Բազենյանի՞ վրա: Որովհետև, սիրելիս, նա չափից դուրս մեծ բան է երևակայում իրեն, իսկ պարծենկոտներին ես չեմ սիրում:

Եվան ոչինչ չասաց: Նա տեսավ, որ օր. Սահակյանը ամենևին ոչինչ չի կասկածել իր զայրացկոտության մասին, այլապես անկարելի էր, որ այդ մասին չխոսեր:

Բայց զարմանալի է, — ասաց նա կարճ լռությունից հետո, երբ օր. Սահակյանը հագնում էր կրկնակոշիկները, հատակն իր ծանր ոտների տակ դրմբդրմբացնելով. — նրա մեջ մի գիծ կա, որ երբեմն զարմանալի կերպով հիշեցնում էր եղբորս...

Հա՛, լավ միտս բերիր, եղբորիցդ նամակ չունի՞ք այս մոտիկ ժամանակներս:

Անցած շաբաթ ստացանք մի նամակ, բայց շատ վաղ է գրված, մոտավորապես ամիս ու կես առաջ: Ի՞նչ է որ:

Աշխենն է խնդրել, որ եղբորդ մասին մանրամասն տեղեկություններ գրես իրեն: Ներսն այդ մասին չասացի քեզ, որովհետև... հասկանում ես է՛լի... Շատ է գանգատվում, որ Արմենակի մասին ոչինչ չեք գրում: Կգրես, չէ՞:

Կգրեմ:

Ուրեմն, բարի գիշեր, սիրելիս: Աշակերտուհիներդ ինչպե՞ս են, լա՞վ են սովորում:

Վատ չեն. գոնե առայժմ սիրով են կպած գործին: Ինչո՞ւ մեկ-մեկ անգամ չես գալիս տեսնելու ինչ ենք անում, ինչ չենք անում:

Սպասիր, մեկ այս պարահանդեսի գլխացավանքից պրծնեմ: Աշխատիր, աշխատիր, սիրելիս, թե չէ ձեր այդ նոր բարեկամը դարձյալ մի օրինակով առիթ կունենա պնդելու, թե հայ աղջիկները դատարկ և չնչին արարածներ են: Ասենք, սուտ չէր ասում... բայց, ի սեր աստծո, շատ էլ երես մի տաք նրան: Նրա մասին շատ գովասանքներ եմ լսել, բայց ես իմ սեփական մեթոդն ունիմմիշտ կրիտիկաբար վերաբերվել նրանց, ում մասին, որ շատ են խոսում: Ինչևիցե: Դարձյալ բարի գիշեր: Չմոռանաս եղբորդ մասին տեղեկություններ հաղորդել Աշխենին. անհամբեր սպասում է, մեղք է:

Եվ օր. Սահակյանը ներքև վազեց սանդուղքներով, իսկ Եվան վերադարձավ հյուրասենյակ:

9

Գիշերը պարզ էր: Երկինքը ծածկված էր ձյունաբեր մոխրագույն ամպերով: Առատ ձյունի խոշոր կաթիլները ցած Էին թափվում անշարժ օդի մեջ անձայն ու հանգիստ և ծածկում էին գետինը մաքուր սպիտակով: Ամեն մի ձայն, առանց ցրվելու, կենտրոնանում, խլանում էր փափուկ ձյունով ծածկված շրջապատի մեջ: Ամպով սքողված լուսնի լույսը, միախառնվելով ձյունի միապաղաղ սպիտակության հետ, գիշերվա մթությունը լուսավորում էր կաթնագույն փափուկ լուսով:

Երբ երկու ընկերները դուրս եկան Մարությանների տնից և դուռը փակվեց նրանց ետևից, Բազենյանը կանգ առավ ակամա, նայեց վերև և բացականչեց հիացած.

Ի՜նչ հրաշալի գիշեր...

Այո, լավ գիշեր է, — արձագանք տվեց Շահյանը, սակայն շատ մեռած ձայնով, և ինչ-որ անհասկանալի դառն անձկությամբ ճմլվեց նրա սիրտը:

Ւ սեր աստծո, Լևոն, սպասիր: Մեկ այսպես վերև նայիր. տես ինչպիսի ախորժելի սառնությամբ ձյունի փաթիլները նստում են երեսիդ...

Շահյանը, վերև նայելու տեղ, միայն վերարկուի օձիքը բարձրացրեց և առաջ քայլեց:

Գրո՜ղը տանի, այս րոպեիս պատրաստ եմ տասը բանաստեղծություն գրելու, — բացականչեց Բազենյանը և հետևեց ընկերոջը: — Սիրում եմ մեկ գարնանային խաղաղ լուսնկա, մեկ էլ ձմեռային այսպիսի սպիտակ գիշերները:

Շահյանը գնում էր գլուխը մինչև ականջները ներս կոխած վերարկուի օձիքի մեջ, և նրա մարմինը մերթ ընդ մերթ սարսռում էր օդի ցրտությունից: Մինչդեռ Բազենյանը քայլում էր մորթե գլխարկը ճակատից ետ ձգած և մուշտակի ձախ թևը միայն հագած: Օր. Սահակյանի հեռանալուց հետո Մարությաններն երկու ընկերներին պահել էին ընթրիքի, որի ժամանակ Բազենյանի տրամադրությունը խիստ բացվել էր օր. Սահակյանի հետ ունեցած անախորժությունիդ հետո: Այժմ նա քայլում էր ուրախ և երջանիկ, քայլում էր շուտ-շուտ վերև նայելով և լեզվով որսում էր երեսին թափվող ձյունի փաթիլները: Փողոցում արդեն բավական բարձրացած ձյունը կպչում էր նրա կոշիկներին, որից նա ախորժելի խոնավ սառնություն էր զգում տաքացած ոտների մեջ:

Ո՞վ է այդ ... օր. Սահակյա՞ն է, ինչ է, — հարցրեց նա իր կողքին մռայլ լռությամբ քայլող Շահյանին:

Վարժուհի է, — պատասխանեց Շահյանը և կարճ լռությունից հետո հարցրեց. — Ի՞նչ է որ:

Ինչ-որ հոպոպներ ունի: Եվ Բազենյանն սկսեց ինչ-որ օպերայից մի կտոր շվշվացնել:

Շահյանն անձայն քմծիծաղ տվեց և ոչինչ չասաց:

Չգիտեմ, նկատե՞լ ես, Լևոն. տգեղ աղջիկները միշտ ավելի համարձակ են լինում:

Ո՞ւմ համար ես ասում այդ:

Այդ հոպոպավոր օրիորդի համար: Անունն էլ «օրիորդ» է դրել... Երևի, առնվազն քառասուն տարեկան կլինի: Մի քանի անգամ քիչ մնաց «տիկին» անվանեի: Մեր ամբողջ վիճաբանության ժամանակ ես միայն մի եզրակացության եկա. — նա, երևի, շատ է ուզեցել ամուսնանալ, բայց ոչ ոք, գռեհկական լեզվով ասենք, ըռխին մտիկ չի տվել: Եվ ահա խեղճին ուրիշ բան չի մնացել, բացի միայն քացախելուց իր օրիորդության մեջ և ատամները սրելուց մեր երիտասարդության դեմ: Հը՞, դու ինչ ես կարծում, Լևոն:

Ես կարծում եմ, որ դու... միայն քո ոխն ես ուզում հանել նրանից:

Ի՞նչ... Ո՞խը... Հա՛, հա՛, հա՛, հա՛... Ա՛յ թե հիանալի հոգեբան ես եղել և լավ ես ճանաչում ինձ... Ես ոխ հանեմ մի պառավ օրիորդից իր անատամ հարձակումների համար և այն էլ նրա բացակայության ժամանակ... Չէ՛, Լևոն, այդ չեղավ. ուրիշ բան ասա, թե չէ` կպայթեմ ծիծաղելուց:

Բազենյանը ծիծաղում էր այնքան սրտանց և անկեղծ, որ Շահյանին թվաց, թե իր ասածը պետք է որ իսկապես հիմարություն լիներ:

Ասա, խնդրեմ, ուրիշ ինչպե՞ս բացատրեմ քո այդ նազելի օրիորդի այն տխմար ծայրահեղությունը, որ ուրանում էր մինչև անգամ շարժումների նշանակությունը, այն շարժումների, որոնք բացառապես մեր երիտասարդների գործն են: Նկատիր, սիրելիդ իմ Լևոն, որ նա հայ աղջիկներին էլ չէր պաշտպանում իմ կարծիքի դեմ, որովհետև մյուս աղջիկները, գոնե իրեն շրջապատողները, ինչպես, օրինակ. Մարությանի աղջիկը, ջահել և գեղեցիկ են իրենից, Բայց ի՜նչ եմ ասում. ես ուղղակի սրբապղծություն եմ գործում, որ Մարությանի աղջկան համեմատում եմ նրա հետ:

Հապա ինչո՞ւ այնպես եռանդով գովաբանում էր Աշխենին: — Նրան, որի նամակը կարդո՞ւմ էր:

Հենց նրան:

Երևի նա էլ իր պես պառավ և տգեղ է:

Ընդհակառակը, նա շատ ջահել է և բավական էլ գեղեցիկ:

Կամ գովաբանում է նրա՛ համար, որ իր մտերիմն է: Բայց այդ նշանակություն չունի: Նա համաձայն էր ինձ հետ, որ հայ աղջիկներն ընդհանրապես դատարկ և չնչին արարածներ են: Իսկ այն գյուղ գնացած աղջիկն էլ իր ճռճռան նամակով, ճիշտը քեզ ասեմ, ուրիշ տեսակ տպավորություն թողեց ինձ վրա:

Ի՞նչ տպավորություն:

Չգիտեմ, ճշմարիտ, ինչպես ասեմ, որ կարողանամ ճիշտ արտահայտել... Նա, երևի, բանաստեղծություններ էլ է գրում թաքուն... Խոսք չունիմ. գրիչը լավ, մինչև անգամ շատ լավ է շարժում, եթե միայն, իհարկե, չի արտագրում որևէ գրքից. բայցգո՛րծ, գո՛րծ: Ճռճռան ֆրազներով խելքահան կարելի է անել միայն Մարությանի պես միամիտներին, իսկ ինձ հարկավոր է, որ տեսնեմ, թե ինչ է շինել նա, կամ ինչ է շինում... Բայց մի ուրիշ բան եմ ուզում ասել քեզ, Լևոն: Այդ ի՜նչ հրաշալի աղջիկ է եղել Մարությանի աղջիկը...

Շահյանն ինքն էլ չնկատեց, թե ինչպես մի քանի քայլ առաջ ընկավ ընկերոջից:

Բազենյանը հասավ նրան և առավ նրա թևը իր միակ առողջ, ձախ ձեռքով:

Զարմանալի է, Լևոն, — շարունակեց նա մտերմաբար, — հայ աղջիկներն առհասարակ շատ անճոռնի արտաքին են ունենում, մեջքները ծռած, գլուխները առաջ ձգած, — կարծես վզակոթներին տվել են, — դիմագծերն անկանոն, կոպիտ ու բութ, շարժումները տգեղ ու ստրկական, իսկ հագուստներն այնքան անճոռնի ու անճաշակ, որ չես ուզում նայել: Բայց Մարությանի աղջիկը... Ես մինչև այժմ էլ ապշած եմ մնացել և հարցնում եմ ինքս ինձ՝ մի՞թե դա հայ ընտանիքի ծնունդ է: Այդպիսի աղջիկներ ես տեսել եմ միայն Եվրոպայում: Հայ աղջիկ և այդպիսի՜ գեղեցկություն, այդքա՜ն գրացիա... Իսկ դատողությունը, անբռնազբոսիկ վարվեցողությունը, հյուրին զբաղեցնելու ընդունակությունը, այսինքն ա՛յն բաները, որոնք ամենից ավելի պակասում են հայ աղջիկներին...

Եվ Բազենյանը որքան շատ էր խոսում Եվայի մասին, այնքան ավելի Շահյանը զգում էր , որ երկյուղի և ատելության նման մի բան էր շարժվում իր սրտի մեջ դեպի ընկերը: Մի տարօրինակ եսական զգացում թելադրում էր նրան, թե Բազենյանն իրավունք չունի խոսելու Եվայի մասին այդպիսի հիացմունքով: Եվ նա կարեվեր ջանք էր գործ դնում, որ զսպի այդ զգացումը, անտարբեր ձևանա և մի բան ասի իրեն չմատնելու համար, բայց չէր կարողանում:

Այսքան ժամանակ ծանոթ ես այդ ընտանիքի հետ և ինչպե՞ս է եղել, որ չես սիրահարվել այդ հրաշալի աղջկա վրա, — նկատեց Բազենյանը և ծիծաղեց: — Քո տեղ որ ես լինեի, աստված է վկա, Լևոն, անպատճառ կսիրահարվեի:

Շահյանը քիչ մնաց, որ ետ դառնար և ապտակ տար նրա երեսինայն աստիճան լիրբ և հանդուգն թվաց նրան Բազենյանի մեղմ, խորհրդավոր ծիծաղը: Նա միայն այնքան քաջություն ունեցավ, որ թևը խլեց ընկերոջ ձեռքից: Հենց սկզբից անդիմադրելի մի նողկանք էր զգում Բազենյանի ձեռքի շոշափումից:

Հիմարություններ որ դուրս չտաս, ավելի լավ կլինի, — ասաց և քայլերն արագացրեց: Այդպիսի բառերով դեռ երբեք չէր խոսել Բազենյանի հետ:

Բազենյանը շարունակեց ծիծաղել:

Լևո՛ն, դու մատնեցիր քեզ, — բացականչեց նա: Շահյանը զգաց, որ հանկարծ զգացած բարկությունից արդեն խիստ ջղային է դառնում, բայց զսպեց իրեն և ոչինչ չասաց:

Լավ, էլ ի՞նչ ես վազում, — կանչեց Բազենյանը: — Այս ձյունի մեջ դեռ մի լավ էլ կդրմփաս:

Շահյանը նոր նկատեց, որ բավական առաջ է ընկել և իրավ որ կամա-ակամա մատնում էր իրեն: Նա կանգ առավ, մինչև որ ընկերը հավասարվեց իրեն:

Այսօր ինչ-որ ուրիշ տեսակ ես երևում, Լևոն, — նկատեց Բազենյանն այս անգամ լրջորեն: — Մարությանների տանն էլ ամբողջ ժամանակ նստած էիր այնպես լուռ ու մռայլ, որ կարծես աշխարհիս բոլոր դարդերը քեզ են տվել:

Շահյանը մեքենայաբար թափ տվեց վերարկուի կրծքին և փեշին սպիտակ շերտով նստած ձյունը:

Խո դեռ տանն ասացի քեզ, որ տրամադրությունս այսօր վատ է, — ասաց նա հանգիստ եղանակով, — այս անտեր մելամաղձությունից չկարողացա ազատվել:

Այդ նրանից է, որ ճգնավորի կյանք ես վարում, — նկատեց Բազենյանը, նորից մտերմորեն առնելով նրա թևը և նրա հետ առաջ քայլելով: — Իմացիր, որ բնությանը հակառակ գնալը, մանավանդ երիտասարդական կյանքում, առաքինություն չէ և վտանգավոր բան է... Ես կատակ չեմ անում, Լևոն: Ուզո՞ւմ ես բժշկեմ քեզ:

Ինչպե՞ս, — դեռևս լավ չհասկանալով նրա միտքը, հարցրեց Շահյանը:

Այնպես որ ցույց կտամ քեզ, թե ի՛նչն է երիտասարդական մելամաղձության իսկական դեղը: Թող այդ բանում քո մենտորը լինիմ, և դու շատ շնորհակալ կլինիս ինձնից: Ուզում ես հենց այս գիշեր սկսենք, հենց այս րոպեիս...

Այլևս հարկավոր չէր, որ Բազենյանն ավելի պարզ խոսեր: Շահյանը հասկացավ նրա միտքը և խիստ վախեցավ: Վախեցավ և, միևնույն ժամանակ, զգաց, որ Բազենյանը հասկացավ իր վախը:

Ոչ, այդպիսի բան երբեք չեմ արել, հիմա էլ չեմ անիլ, — ասաց նա կամաց և ամաչեց իր խոսքերից:

Այդպիսի դեպքում խորհուրդ կտամ, որ շուտ ամուսնանաս: Միակ փրկությունն այդ է, ուրիշ ելք չկա: Հավատացնում եմ, Լևոն, ես շատ լուրջ կերպով եմ խոսում: Քո տեղ որ ես լինիմ, ուղղակի կխնդրեմ Մարությանի աղջկա ձեռքը: Նա հրաշալի բան է, ախր...

Այս անգամ Շահյանը վերին աստիճանի զզվանք զգաց դեպի ընկերը: Այն հայացքը, որով Բազենյանը նայում էր Եվայի հետ ամուսնանալա վրա, սրբապղծության պես մի բան թվաց նրան: Ճիշտ է, որքան նա իրեն հեռու էր պահում կանանցից, այնքան ավելի ցանկությամբ և շատ անգամ ուղղակի անասնական կրքով էր նայում նրանց վրա, բայց Եվայի վրա միշտ նայել և մտածել էր իբրև սրբության վրա, որին պիտի սիրել և պաշտել միայն ամենամաքուր զգացումներով: Նա մեկ ուզեց, որ իր այդ զգացումը հայտնի ընկերոջը, բայց Բազենյանն արդեն այն աստիճան ատելի էր նրան և այնքան ուզում էր, որ ընկերն այլևս չխոսի Եվայի մասին, որ ավելի լավ համարեց բոլորովին լռել, քան թե այդ մասին խոսելով նոր նյութ տալ Բազենյանին իրեն գրգռելու:

Բայց և այնպես, երբ նա, հազիվհազ ազատվելով Բազենյանի ձեռքից, տուն գնաց, չկարողացավ հանգիստ քնել: Բազենյանի խոսքերը սաստիկ շփոթել, սաստիկ տանջում էին նրան...

10

Պարահանդեսի գիշերը, ժամը տասին մոտ, Շահյանը սյուրտուկը վերևից մինչև ներքև կոճկած, դեմքին կեղծ-անտարբեր արտահայտություն տված, բարձրանում էր ժողովարանի սանդուղքներով: Ահագին հայելու մեջ տեսավ իր պատկերը, ուզեց կանգ առնել, բայց ամաչեց, թե միգուցե տեսնող լինի, որ նայում է հայելու մեջ, և շարունակեց բարձրանալ:

Արդեն բավական թվով հասարակություն էր հավաքված, և դեռ գալիս էին: Տղամարդկանց թիվն ավելի էր երևում, քան կանանց: Բուն Թիֆլիսը բացակա էր, ինչպես լինում է հայկական ամեն մի հանդեսի ժամանակ: Ներկա էր գավառը: Մեծ մասով աչքի էին ընկնում ղարաբաղցիք և զոկերառաջիններն իրենց խոշոր արտաքինով և ծիծեռնակի թևերի պես ահագին բեղերով, վերջիններն իրենց պստիկ, նիհար մարմնով և ճմշկած դեմքերով: Շքեղորեն լուսավորված դահլիճի խորքում, այս ու այնտեղ, կենտ ու կունտ մարդիկ էին երևում: Մեծ մասը հավաքված էր դուրսը, սրահում: Դահլիճի դռան մոտ, սեղանի առաջ, նստած էր օր. Սահակյանը երկու կանանց հետ և տոմսակ էր վաճառում: Շահյանը մոտեցավ նրան, ուզեց բարևել, բայց օր. Սահակյանն այնքան զբաղված էր, որ չնկատեց նրան: Նա անցավ: Սյան տակ տեսավ Մարությանին, որ հաստափոր մի պարոնի հետ դեմ առ դեմ կանգնած՝ խոսում էր ձեռքերի և հոնքերի արտահայտիչ շարժումներով: Մարությանը նույնպես չնկատեց նրան: Շահյանը մի շրջան արեց սրահում, մտավ դահլիճ, նայեց բազմաթիվ մոմերով հուրհրատին տվող ջահերին, դուրս եկավ այնտեղից, քաշվեց մի անկյուն, սկսեց նայել առջևը խռնվող բազմությանը, և արդեն տաղտկալի թվաց նրան այդ ժողովը:

Արդեն մտածում էր, որ տուն գնա, երբ հանկարծ նրա աչքովն ընկան Մարությանի կինն ու աղջիկը, որոնք առաջանում էին դեպի նա: Մի բան, որ հենց սկզբից զարմացրեց Շահյանին, այդ` Եվայի շատ պարզ, ոչ-պարահանդեսի հագուստն էր, որ գրեթե աննկատելի էր դարձնում նրան աչք ծակելու չափ պճնված-զարդարված շրջապատող տիկինների և օրիորդների մեջ: Կարծես հենց այդ էր պատճառը, որ Եվան այդտեղ այնքան գեղեցիկ ու գրավիչ չերևաց Շահյանին, ինչպես տանը: Հասակով նա, կարծես, փոքրացել էլ էր: Բայց և այնպես, նրան տեսնելուն պես Շահյանի սիրտը թրթռաց վերին աստիճանի քաղցր ու քնքուշ մի զզացումով: Այդ զգացումը նոր չէր Շահյանի համար: Եվայի հանդիպումը միշտ միևնույն զգացումն էր հարուցել նրա մեջ: Սակայն այս անգամ այդ զգացումը մի առանձին ուժ ուներ, անդիմադրելի մի ուժ, որ քաղցրության հետ միասին ինչ-որ անորակելի մի դառնություն պատճառեց նրան: Նա լուռ բարևեց Թեկլեին ու Եվային և զգաց, որ այժմ դեպի նրանց ունեցած իր բարեկամությունն այնպես ազատ ու ինքնաբուխ չէ, ինչպես առաջ, երբ նոր էր ծանոթացել նրանց հետ:

Դուք մենա՞կ եք եկել, — հարցրեց Թեկլեն:

Այո:

Հապա պարոն Բազենյա՞նը: Չի՞ գալու:

Շահյանն առաջուց արդեն զգում էր, որ առաջին խոսքը Բազենյանի մասին պիտի լինի, և հանկարծ մի տարօրինակ սառնություն տիրեց նրան:

Չգիտեմ, — պատասխանեց նա չոր-չոր:

Ինչպե՞ս է այժմ նրա ձեռքը: Հույս ունիմ, շատ լավ է:

Չգիտեմ, չեմ տեսել նրան:

Մի՞թե կարելի է, նրա ընկերն եք և չեք հետաքրքրվում նրա առողջությամբ: Ա՜խ, որ իմանաք, պարոն Շահյան, որքա՜ն երախտապարտ ենք նրան... Ուղղակի որդուս պես սիրեցի: Ինչքա՜ն բարի, ինչքա՜ն ազնիվ երիտասարդ է:

Շահյանը թույլ կերպով ժպտաց, բայց իսկույն, կարծես մի սուր ցավից, կծեց ներքին շրթունքը և նայեց Եվային:

Ասացեք, պարոն Շահյան, վաղուց է, որ բարեկամ եք նրա հետ, — հարցրեց Եվան, նայելով նրան իր խոշոր աչքերով, տարօրինակ լրջությամբ:

Վաղուց է:

Չե՞ք կարող ասել, ի՞նչ գործի է նա իսկապես:

Ո՛չ մի գործի, — դուրս թռավ Շահյանի բերանից, և նա թե՛ վախեցավ և թե՛ զարմացավ այն առանձին շեշտի վրա, որ տվեց այդ բառերին:

Բայց անցած գիշեր, մեր տանը, նա պատմում էր... — նկատեց Եվան անմեղ տարակուսանքով: — Ես ա՛յդ գործի մասին եմ հարցնում:

Հա՜, — երկարացրեց Շահյանը երկդիմի ու խորհրդավոր եղանակով և լռեց:

Եվան նայեց նրան ավելի մեծ տարակուսանքով:

Ներեցեք հետաքրքրությանս, — արտասանեց նա իր մեղավորությունը զգացող մարդու ամոթխած անվստահությամբ: — Գուցե նրա գործերը գաղտնիք են, որոնք...

Այո, նա այդպես է ասել, — ասաց Շահյանը մեքենայաբար և իսկույն էլ զղջաց, որ այդպես պատասխանեց, որովհետև զգաց, որ այդ պատասխանով, հակառակ իր ցանկության, ավելի ևս ուժ տվեց Բազենյանի անձի այն խորհրդավորությանը, որով, ինչպես երևում էր, առանձնապես հետաքրքրվում էր Եվան:

Եվան այլևս ոչինչ չհարցրեց: Նրանք երեքով սկսեցին անցուդարձ անել սրահում: Թեկլեն ինչ-որ բան էր պատմում Շահյանին, բայց Շահյանը չէր լսում. նրա ուշադրությունը Եվայի կողմն էր, թեև արտաքուստ ցույց էր տալիս, թե անտարբեր է դեպի նա: Եվան ամենևին չէր խոսում: Վերջին ժամանակները զարմանալի փոփոխություն էր կատարվել նրա մեջ. առաջվա շատախոսությունը մոռացել էր. թե շարժումների և թե խոսակցության մեջ զսպած էր պահում իրեն. դեմքի ծիծաղկոտությունը չքացել էր. այդ դեմքի և մանավանդ աչքերի մեջ երևացող առաջվա չարաճճի աշխույժի տեղ այժմ պարզ նկատվում էր մտքի մի առանձին լարումն և ինչ-որ անհանգիստ մի տխրություն:

Մարությանը թողեց հաստափոր պարոնին, որի հետ խոսում էր սյունի տակ, և մոտեցավ նրանց: Շահյանին նա էլ իսկույն հարցրեց, թե մենա՞կ է եկել, որտե՞ղ է Բազենյանը: «Ի՞նչ դառավ այդ Բազենյանը սրանց համար», — մտածեց Շահյանը նեղսիրտ վիրավորանքով, տեսնելով, որ այդ ընտանիքի բոլոր ուշքն ու միտքը Բազենյանով է զբաղված: Նա զգում էր, որ եթե այդ րոպեին Բազենյանը լիներ իր տեղ և ի՛նքը լիներ չեկողը, նրան, Բազենյանին, այդպիսի հարցումներ չէին տալ իր մասին, թերևս ամենևին չհիշեին էլ, թե աշխարհիս երեսին գոյություն ունի Շահյան անունով մի երիտասարդ:

Ահա՛ պարոն Բազենյանը, — հանկարծ բացականչեց Եվան, և նրա փոքր-ինչ անհանգստություն արտահայտող դեմքի վրա մի ուրախ ժպիտ փայլեց:

Շահյանը գունատվեց:

Սրահի մեջ խռնվող հասարակության միջից, ոտները զգուշորեն հատակին քսմսելով, որպեսզի կոխ չտա կանանց շրջազգեստի փեշերը, ձեռքը դեռևս շորի մեջ կախ արած` առաջ եկավ Բազենյանը իր չափազանց գեղեցիկ կրակոտ աչքերով: Ժպիտը դեմքին, ազատ քաղաքավարությամբ բարևեց ամենքին, առանց մեկին կամ մյուսին նախապատվություն տալու:

Այս ի՞նչ է, — ասաց նա ուրախ. — ես կարծում էի, թե ուշացել եմ, բայց, ինչպես երևում է, պարերը դեռ չեն էլ սկսել:

Ի՞նչ է, ուզում եք պարե՞լ, — հարցրեց Մարությանը:

Այո, եթե միայն կարելի է մի ձեռքով պարել:

Մի՞թե ձեռքերով են պարում. ես կարծում էի ոտներով, — բացականչեց Մարությանը և, շատ սրամիտ համարելով իր այդ կատակը, բարձրաձայն ծիծաղեց:

Ի դեպ. ինչպե՞ս է այժմ ձեր ձեռքը, պարոն Բազենյան, — հարցրեց Թեկլեն:

Փառք աստծո, տիկին, լավանում է կամաց-կամաց:

Է՛հ, ի՞նչ կասի, որ չի լավանա, — նկատեց Մարությանը: — Մեր օրիորդն էլ դժբախտություն ունի այս գիշեր չպարելու:

Բազենյանը հետաքրքրված նայեց Եվային:

Ինչո՞ւ:

Եվան թեթևակի շփոթվեց նրա թափանցող հայացքից:

Սրտի թրթռոց է ստացել, — պատասխանեց Թեկլեն:

Երևի ա՞յն օրվանից:

Այո, այն չարաբաստիկ դեպքից հետո, որից ամենքից շատ տուժողը դուք եղաք, — ասաց Մարությանը: — Եվ օրիորդիս դժբախտությունը դուք լիովին կհասկանաք, երբ ձեզ ասեմ, ասեմ, որ չափազանց շատ է սիրում պարել:

Ուրեմն կարող եմ երևակայել, թե որքան տխուր պիտի անցնի այս հանդեսը ձեզ համար, օրիորդ, — դիմեց Բազենյանը Եվային կես-կատակով, կես-լրջությամբ:

Եվան նայեց նրան, հետո հորը և կամաց ծիծաղեց:

Դու միշտ չափազանցում ես, հայրիկ, ճշմարիտ է, պարոն Բազենյան, պարելիս ես բավական հաճույք եմ զգում, բայց ոչ չափազանց, ինչպես հայրս է ասում:

Այ, հիմա կուրանա, — նկատեց Մարությանը:

Հայրիկ, շատ որ պնդես, կպարեմ:

Մարությանը վեր թռավ կոմիկական անհանգստությամբ:

Օ՛հ, չլինեմ-չիմանամ... Բժիշկը մինչև անգամ արգելել է, որ արագ ման գա, իսկ սա ասում է` պարեմ: Ո՛չ, սիրելիս, պարն առայժմ պաս է քեզ համար, — ավելացրեց Մարությանը և, կամաց առնելով աղջկա ձեռքը, սկսեց շփել հայրական քնքշանքով:

Երաժշտությունը նվագեց: Սրահն արագորեն դատարկվեց: Ամենքը հավաքվեցին դահլիճում, ուր արդեն սկսվել էին պարերը:

Մարությանները Բազենյանի և Շահյանի հետ մտել էին այնտեղ և, դռան մոտ կանգնած, նայում էին նոր սկսված պարերին, որոնք դեռևս շատ սակավամարդ էին: Վիզն երկարացրած, պարզ ակնոցների միջից Շահյանը մի քանի գլուխների արանքով մեքենայաբար նայում էր պարողներին, բայց նրա բոլոր ուշադրությունը լարված էր դեպի Եվան ու Բազենյանը, որոնք կանգնած էին նրա մոտ, մի քիչ ետև, և երաժշտության աղմկալի ձայների միջից հազիվ կարողանում էր լսել նրանց խոսակցությունը: Անցավ մի քանի րոպե, և նա այլևս չլսեց Եվայի ու Բազենյանի ձայնը: Ետ նայեց, տեսավ, որ նրանք չկան: Տեսավ միայն Մարությանին ու նրա կնոջը, որոնք, պատի տակ քաշված, խոսում էին ինչ-որ մի պարոնի և մի տիկնոջ հետ:

Следующая страница