Նար-Դոս՝   Մահը

Շահյանը դուրս գնաց դահլիճից: Սրահում նրա աչքովն ընկան Եվան ու Բազենյանը բազմոցի վրա նստած իրար հետ զրույց անելիս: Շահյանը ցույց տվեց, թե չտեսավ նրանց և անցավ օր. Սահակյանի կողմը, որ այս անգամ նստած էր մենակ և մատիտով ինչ-որ թվանշաններ էր գրում թղթի վրա:

Բարև ձեզ, օրիորդ, — արտասանեց նա սովորականից ավելի բարձր ձայնով:

Օր. Սահակյանը արագ բարձրացրեց գլուխը:

Ա՛խ, բարև ձեզ, պարոն Շահյան: Ի սեր աստծո, մի նեղություն տամ ձեզ, հանձն առեք:

Հրամայեցեք:

Տեսնո՞ւմ եք այս թվերը, խնդրում եմ, գումարեցեք և տեսեք` իմ դուրս բերած այս վերջին գումարի հետ ճի՞շտ է, թե ոչ: Գլուխս այնքան խառնվել է, որ մի քանի անգամ գումարեցի և ամեն անգամ տարբեր գումարներ ստացա: Համեցեք, խնդրեմ, նստեցեք:

Շահյանը նստեց սեղանի մոտ, և, աշխատելով բոլոր ուշադրությունը կենտրոնացնել թվերի վրա, սկսեց գումարել: Գումարը ճիշտ դուրս չեկավ օր. Սահակյանի ստացած վերջին գումարի հետ: Կրկին գումարեց, և այս անգամ ուրիշ գումար ստացվեց: Խնդիրը լուծել չկարողացող աշակերտի պես քրտինքը վրա տվեց նրան: Որքան բռնի կերպով աշխատում էր ուշքն ու միտքը կենտրոնացնել թվանշանների վրա, այնքան շփոթվում էր և թղթի վրա, թվանշանների տեղ, տեսնում էր Եվային ու Բազենյանին` կողք կողքի նստած, իրար հետ քաղցր զրույց անելիս, ինչպես ահա այս 53 թիվը, որի 5-ը և 3-ը կտուց կտուցի տված` կարծես քչփչում են իրար հետ: «Ի՞նչ են խոսում արդյոք», — մտածում էր նա և միևնույն ժամանակ նրա շրթունքները կրկնում էին մեքենայաբար «53 և 6...»:

Չվերջացրի՞ք, — հարցրեց օր. Սահակյանը, գլուխը բարձրացնելով իր գործի վրայից:

Չէ, դուրս չի գալիս, թվանշանները շատ են, համարիչով հեշտ կլինի... Հետո, այստեղ այնպիսի աղմուկ է տիրում, որ...

Ինչևիցե. թողեք, սա վաղվա գործ է:

Շահյանը հանեց թաշկինակը և սկսեց սրբել ճակատի քրտինքը:

Ինչպես երևում է, եկամուտը լավ պետք է լինի, — ասաց նա:

Վատ չէ: Բայց այնպե՜ս հոգնած եմ... Երևակայեցեք, առավոտից մինչև այժմ ամենևին հանգստություն չեմ ունեցել: Էգուց էլ ժամը ութին դասի պետք է գնամ: Ամեն բան իմ վզին են գցել ու հեռացել: Այնպե՜ս զայրանում եմ...

Միշտ այդպես է լինում, օրիորդ, երբ ընկերներից մեկը եռանդով է կպչում գործին, մյուսները ամեն բան նրա վրա են թողնում, — նկատեց Շահյանը չլռելու համար, բայց ինքը խիստ հավանեց իր այդ նկատողությունը:

Դրա համար էլ գործին եռանդով կպչողները շատ շուտ են սառում, — վրա բերեց օր. Սահակյանը: — Հիմա աստված ուժ տա մեր պարողների ոտներին. մինչև լուսադեմ պետք է մաշեն հատակը: Դուք չե՞ք պարում:

Շահյանը ժպտաց:

Ես պարել չգիտեմ:

Մի՞թե: Զարմանալի է:

Թև թևի տված, բարձրաձայն խոսելով ու ծիծաղելով, մոտեցան օր. Սահակյանին ծանոթ երկու օրիորդներ: Օր. Սահակյանը զբաղվեց նրանցով, իսկ Շահյանը անմիջապես վեր կացավ և հեռացավ: Եվան ու Բազենյանը նստած էին առաջվա տեղը: Շահյանը դարձյալ ցույց տվեց, թե չտեսավ նրանց և, շեղակի անցնելով, մտավ սեղանատուն:

11

Եվան թեթևակի նայեց Շահյանի ետևից և դարձավ Բազենյանին ժպտալով.

Գիտե՞ք ինչ կա, պարոն Բազենյան: Փոքր-ինչ առաջ, երբ դուք դեռ չէիք եկել, ես այնքան անզգույշ եղա, որ ուզեցի իմանալ Շահյանից, թե դուք ինչ գործի եք: Երևակայեցեք, նա ինձ այնպիսի չոր պատասխան տվեց, որ սաստիկ զղջացի անզգույշ հետաքրքրությանս համար: Ինձ թվում է, թե Շահյանը իրավունք ուներ ինձ ոչինչ չասելու, որովհետև... — Եվան, գլուխը թեթևակի ետ ու առաջ տանելով, մեքենայաբար սկսեց ուղղել շրջազգեստը ծնկների վրա, — որովհետև լավ չէ առհասարակ, որ մարդ անտեղի հետաքրքրվում է ուրիշի գործերով... Այնպես չէ՞, — հարցրեց նա և հանկարծ նայեց Բազենյանին համարձակ, մտերմական ժպիտով:

Չէ, ինչո՞ւ: Վատ բան ես այդտեղ ոչինչ չեմ գտնում: Ընդհակառակը, շատ լավ է, նույնիսկ անպատճառ հարկավոր է, որ մարդ իմանա, թե ո՛ւմ հետ գործ ունի:

Եվան բավական կոտրվեց Բազենյանի այդ լուրջ պատասխանից:

Այդ, իհարկե, այդպես է, բայց... ձեր վերաբերմամբ... — Հա՜, իմ վերաբերմամբ , — երկարացրեց Բազենյանը:

Նրա ձայնը խիստ խորհրդավոր կերպով հնչեց Եվայի ականջին: Եվան տեսավ, թե ինչպես իր հետ մինչև այդ ժամանակ ուրախ ու մտերմաբար խոսող այդ երիտասարդը հանկարծ սառեց, թե ինչպես մինչև այդ րոպեին նրա շարունակ ժպտող, անհոգ հայացքը վերին աստիճանի խորհրդավոր, նույնիսկ խիստ արտահայտություն ստացավ: Եվ այդ առաջին անգամն էր, որ Եվան իրեն ճնշված դրության մեջ զգաց Բազենյանի առաջ, իսկ վերջն այդ դրությունը երկյուղի նման մի տեսակ զգացման փոխվեց, երբ տեսավ, որ Բազենյանը երկար ժամանակ, ինքն իր մեջ կենտրոնացած, լռություն է պահպանում, մեքենայաբար ուղղելով ձեռքի փաթաթանը:

Ես կարծում եմ, օրիորդ, — վերջապես շատ լուրջ ձայնով և հատընդհատ խոսեց Բազենյանը, առանց նայելու Եվային և շարունակելով ուղղել ձեռքի և շարունակելով ուղղել ձեռքի փաթաթանը, — ես կարծում եմ, որ դուք պիտի ներեք ինձ, եթե ասեմ, որ Շահյանն իրավունք ուներ կամ, ավելի ճիշտը, պարտավոր էր գաղտնի պահելու իր պաշտոնն ինչպես ամենքից առհասարակ, նույնպես և ձեզնից, որովհետև... կան բաներ, որոնք խիստ գաղտնի պիտի պահվեն, և եթե ասվում են մեկին, կնշանակի ամենքին են ասվում: Իմ պաշտոնի գաղտնիքն ես միայն Շահյանին եմ հայտնել, իբրև շատ մտերիմ և շատ հավատարիմ ընկերոջս, և վստահ եմ եղել, որ նա այդ գաղտնիքն ուրիշներին պատմելու անխոհեմությունը չի ունենալ:

Տեսնո՞ւմ եք, ես էլ հենդ ա՛յդ էի ուզում ասել, այսինքն... որ ձեր պաշտոնը... լավ չէ, որ ամեն մարդ իմանա:

Ո՛չ, ամեն մարդ, օրիորդ, բայց ո՛չ ամեն մարդ: Եվան մտառությամբ նայեց Բազենյանի աչքերին: Ինչպես միշտ, երբ աշխատում էր ըմբռնել լսած մութ խոսքերի իմաստը, այս անգամ էլ նրա աչքերը մեծացել, կենտրոնացել և խիստ գեղեցկացել էին:

Ներողություն, չկարողացա հասկանալ, թե ինչ եք ուզում ասել:

Ես ուզում եմ ասել, օրիորդ, որ մեր գործերը լավ կլինի, որ ամեն մարդ իմանա, եթե միայն իմացողը մարդ է իսկապես, ազնիվ, գործի սիրով վառվող մարդ: Բայց որովհետև աշխարհքս լիքն է վատ, մութ մարդկանցով, որոնք անկաշառ գործչին մոտենում են Հուդայի համբույրով, ուստի մեր գաղտնիքը պետք է իմանա ո՛չ ամեն մարդ: Մենք առհասարակ խիստ զգույշ ենք, որովհետև գործ ինքը չափազանց մեծ զգուշություն է պահանջում...

Հասկացա... Այժմ հասկացա: Հա, իհարկե, դուք իրավացի եք: Բայց ես կարծում եմ, որ դուք միևնույն հայացքով չպետք է նայեք ամենքի վրա:

Ես պարտավոր եմ, օրիորդ, թերահավատությամբ նայելու ամենքին, որովհետև կրկնում եմ, գործն ինքն է պահանջում այդ. այլապես՝ մի՞թե չեք հասկանում, որ ես վաղուց արդեն հրաժեշտ պիտի լինեի տված ազատությանս և գործին էլ մեծապես վնասած:

Եվան անմեղ հանդիմանությամբ նայեց Բազենյանի աչքերին:

Մի՞թե կարծում եք, որ ինձ վրա էլ պետք է կասկածանքով նայել...

Բազենյանն իր հերթին նայեց Եվայի աչքերին և ակամա այնպիսի մի շարժում գործեց, որ կարծես թե ուզում էր բուռն ձգտումով առնել նրա ձեռքերը և ամուր-ամուր սեղմել: Բայց նա զսպեց իրեն և նորից սկսեց ուղղել ձեռքի փաթաթանը:

Քանի որ իմ խոսքերը ձեզ վրա ընդունեցիք, օրիորդ, — խոսեց նա մտախոհ հանգստությամբ, — ես արդեն ստիպված եմ համոզել ձեզ, որ դուք չարաչար սխալվում եք, կարծելով թե ձեզ վրա էլ կասկածանքով եմ նայում: Պետք է ասեմ ձեզ, որ ես...

Բազենյանը հանկարծ թողեց ձեռքի փաթաթանը և արագ շատ լուրջ հայացքով նայեց Եվային:

Լսեցեք, օրիորդ, — շարունակեց նա արագախոսությամբ: — Ես չեմ ուզում, որ մենք այդպիսի ոլորապտույտ ճանապարհներով մոտենանք բուն խնդրին: Քանի որ մենք հասկանում ենք իրար, ուստի զուր ժամավաճառություն է այսպիսի խոսակցություններով զբաղվելը: Գանք ուղղակի գործին: Դուք հանդիմանությամբ նկատեցիք ինձ, թե ինչո՞ւ ձեզ վրա էլ, ձեր կարծիքով, թերահավատությամբ եմ նայում: Կրկնում եմ, դուք շատ սխալվում եք: Ես ավելի քան տեսնում եմ, որ ձեր հետաքրքրությունը բխում է բոլորովին ազնիվ, մաքուր աղբյուրից: Տեսնում եմ, որ դուք լոկ հետաքրքրության համար չէ, որ հետաքրքրվում եք: Ուստի ավելորդ է, որ ուրիշներից եք ուզում իմ մասին տեղեկություններ ստանալ: Հրամայեցեք ուղղակի ինձ: Ես ինքս անձամբ պատրաստ եմ ամենայն ուրախությամբ լի ու լի գոհացում տալ ձեր հետաքրքրությանը:

Եվան թեթևակի շառագունեց:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, — շշնջաց նա:

Չի կարելի վստահել միայն նրան, ով այդպիսի գործերով հետաքրքրվում է չար դիտավորությամբ:

Եվան նայեց նրան և ժպտաց: Նույնն արեց և Բազենյանը: Այդ փոխադարձ հայացքից դրդված, ինչ-որ անմեղ չարաճճի մի զգացում հանկարծ թելադրեց նրանց, թե քաղաքավարական այդ խոսակցությունն արդեն չափից դուրս անհամ ու անհոտ է, որ իրենց համար ավելի լավ, ավելի հաճելի կլինի, եթե բոլորովին մտերմաբար խոսեն իրար հետ, և նույնիսկ վատ չի լինիլ, եթե մի քիչ էլ կատակ անեն:

Ի՞նչ գիտեք, թե ես այդպիսի հետաքրքրվողներց չեմ, — առաջինն ինքը Եվան կատակի ձև տվեց խոսակցությանը:

Որովհետև այդ միևնույնը կլիներ, թե մեղուն ծաղկից հյութ է քաղում, որ թույն է շինում, — վրա բերեց Բազենյանը և նույնպես կատակով:

Ինչո՞ւ մեղուն վերցրիք և ոչ թե օձը, որ ծաղկի հյութից իսկապես թույն է շինում, — ասաց Եվան ծիծաղելով: — Դա ավելի հարմար կլիներ, քանի որ ձեր համեմատությունն ինձ է վերաբերում, իսկ օձ անունը հենց կանանց համար են

գործածում:

Այո, բայց հրեշտակ անունն էլ են գործածում, — նկատեց Բազենյանը նույնպես ծիծաղելով: — Օձը հակառակ ծայրն է:

Ինչպես և հրեշտակը:

Ուրեմն դարձյալ մեղուն է հարմարը, որ ես գործածեցի:

Բայց դուք մեղր շինելու կողմից վերցրիք. մեղուն, ախր, սարսափելի խայթում էլ է:

Այդ վնաս չունի, մեղուի խայթելը չի խանգարում նրա քաղցր մեղրը վայելելու:

Այդ այլաբանական խոսակցությունը բխում էր ինքնաբերաբար և մեծ հաճույք էր պատճառում երկուսին էլ: Նրանք անկեղծ, ուրախ կերպով խնդում էին անդադար:

Մենք, կարծեմ... շեղվեցինք, — առաջինը զսպելով իրեն, ասաց Եվան և լուրջ կերպարանք ընդունեց: — Ուրեմն դուք վստահում եք ինձ...

Մինչև անգամ ավելի, քան դուք կարող եք երևակայել, — վրա բերեց Բազենյանը եռանդով: — Որովհետև... Թո՞ւյլ կտաք ինձ, օրիորդ, անկեղծ լինեմ ձեզ հետ:

Եվան զարմանքով նայեց նրա աչքերին:

Մի՞թե անկեղծությունն ամենամեծ առաքինությունը չէ, — հարցրեց նա:

Նայելով թե ով ինչպես է նայում, — հավատո՞վ, թե թերահավատությամբ:

Եվան այս անգամ ժպտաց:

Մեր դերերը կարծես թե փոխվում են, — նկատեց նա, — այժմ դուք եք սկսել կասկածել, թե ես թերահավատությամբ պիտի նայեմ ձեզ վրա... Առհասարակ պիտի ասեմ ձեզ, պարոն Բազենյան, — լրջորեն ավելացրեց Եվան, — որ ես մեծ դժվարությամբ եմ ընդունում, թե մարդիկ կարող են անկեղծ չլինել, որովհետև չէ որ այդ լավ չէ... լավ չէ ամենից առաջ հենց իրենց համար: Չէ՞:

Շատ իրավացի է ձեր նկատողությունը, օրիորդ, և այդ միանգամայն պատիվ է բերում ձեր սրտի մաքրությանը:

Դրանով դուք ավելի ևս խրախուսում եք ինձ, որ ձեզ հետ անկեղծ լինիմ: Ձեզ վրա ունեցած վստահությունս այնքան մեծ է, որ ես ամենևին երկյուղ չունիմ ձեր առաջ բանալու մեր գործի այսպես ասած` սրբության սրբոցը: Ճիշտ է, անցած գիշեր ձեր տանն արդեն շատ բան պարզեցի, բայց ոչ այն, ինչ որ մեր գործի իսկական գաղտնիքն է կազմում: Ես ավելին կասեմ, մինչև անգամ Շահյանին չեմ վստահացել հայտնել այն, ինչ որ ձեզ պիտի հայտնեմ: Այսքան ժամանակ ես թափառում եմ երկրից երկիր, քաղաքից քաղաք, անցել եմ համարյա բոլոր հայաբնակ վայրերը, շատ կանանց, շատ օրիորդների հետ եմ ծանոթացել, բայց ոչ ոք այնպիսի վստահություն և համակրանք չի ներշնչել ինձ, ինչպես դուք... Եվան ամեն կերպ աշխատեց, որ հանգիստ մնա, բայց և այնպես նկատելի կերպով շփոթվեց, — շփոթվեց ոչ այնքան Բազենյանի խոսքերից, որքան այն տարօրինակ վառվող հայացքից, որ Բազենյանը հառել էր իր վրա:

Բազենյանը տեսավ նրա շփոթմունքը և իսկույն զսպեց իրեն:

Ներեցեք, օրիորդ, ես, կարծեմ, արդեն չափից դուրս անկեղծ եղա, — ասաց նա ժպտալով: — Այս դեպքում անկեղծությունն արդեն առաքինություն չէ: Ես խիստ տպավորվող եմ, և բնավորությանս այս գիծն ինձ միշտ վնասել է: Խնդրում եմ, ներեցեք:

Եվան բոլորովին շփոթվեց: Այդ րոպեին նա սաստիկ ցանկանում էր, որ հայրը կամ մայրը, կամ որևէ ծանոթ մարդ գար և խանգարեր այդ խոսակցությունը:

Սակայն Բազենյանը ինքը տվեց այդ խոսակցությանը:

Մենք պետք է խոսեինք ուղղակի գործի մասին, մինչդեռ ավելի հեռացանք գործից, — ասաց նա և շուրջը մի զգուշավոր հայացք ձգելուց հետո շարունակեց: — Ես չեմ կարող և չպետք է ծածկեմ ձեզնից մեր գործի գաղտնիքները և հենց թեկուզ նրա համար, որ դուք, ինչպես տեսնում եմ, ի սրտե համակրում եք այդ գործը, և համոզված եմ, որ լոկ համակրելով չեք բավականանալ, եթե ամեն բան բոլորովին պարզ լինի ձեզ համար: Ի դեպ պետք է ասեմ, որ հասարակության մեջ, դժբախտաբար, կանխակալ կարծիքներ շատ կան տարածված մեր մասին: Այդ կարծիքները շատ անգամ ուղղակի հրեշավոր գույներով են ներկայացնում մեզ: Մարդիկ կան, որոնք նույնիսկ ուրանում և վնասակար են համարում մեր կատարած գործը: Ձեր բարեկամ օր. Սահակյանն օրինակ: Ինքներդ տեսաք, թե անցյալ օր ինչ աչքով էր նայում նա գործի վրա...

Օ՛, նա շատ բարի է. դուք նրա լեզվին մի նայեք, — բացականչեց Եվան:

Նրա բարության մասին ես տարակույս չունիմ, օրիորդ. բայց ես նրա աննպաստ հայացքն եմ ասում, որով նայում էր վերջին շարժումների վրա: Դժբախտությունն այն է, որ մենք չենք կարող գործը հրապարակի վրա դնել, որպեսզի ամենքի համար պարզ լինի, որպեսզի ոչ ոք չկասկածի, թյուր կարծիքներ տանելու տեղիք չունենա: Այդ, իհարկե, շատ ցավալի է և շատ է վնասում մեզ: Բայց ո՞ւր կգնար, եթե այդպիսի բաներից հուսահատվեինք: Մենք հավատում ենք մեր գործի սրբությանը և հանուն այդ գործի պատրաստ ենք ամեն հալածանք տանելու: Զրպարտությունը մեզ համար ոչ մի նշանակություն չունի. դա մի ժանգոտ զենք է, որ կեղտոտում է միայն, բայց ոչ սպանում: Ե՞րբ և որտե՞ղ չեն հալածել հասարակական գործչին: Եվ հալածանքն այնքան սաստիկ է լինում, որքան հասարակական գործիչը բարձր է լինում կանգնած ամբոխի հոգու և մտքի ըմբռնողությունից: Մեզ էլ հալածում են: Է՛հ, թող հալածեն: Մենք խո մեր անձնական շահերի համար չենք գործում, որ վախենանք: Մենք միայն ցավում ենք, որ մեզ հալածելով ազգի շահերն են հալածում, այսինքն այն շահերը, որոնց օգտին աշխատում ենք մենք, որոնց պաշտպանությանը նվիրել ենք մեր կյանքը: Ո՞ւմ համար խաչվեց Քրիստոսը. — հենց այն ամբոխի համար չխաչվե՞ց, որը խաչեց նրան: Մեզ համար առանձնապես գործի դժվարությունն ա՛յն է, որ հալածանքը մեր դեմ երկու կողմից էներքին և արտաքին: Մենք աշխատում ենք խուսափել արտաքին հալածանքներից, բայց արի տես, որ ստիպված ենք ներքին հալածանքների դեմ էլ կռվելու: Այս իսկապես խիստ տրագիկական դրություն է: Այսպիսի դրության մեջ, իհարկե, մեծ ուրախություն և խրախուսանք է մեզ համար, որ մեր ներքին հալածողների դեմ գտնվում են անհատներ, որոնք համակրում են մեր վարած դատը և այդպիսով մի տեսակ գործակից են հանդիսանում մեզ այդ դատի պաշտպանության համար: Մեր նպատակներից մեկն էլ այն է, որ հասարակության մեջ որ

քան կարելի է շատ գտնենք այդպիսի անհատներ, ինչպես օրինակ, գտնվեցաք դուք: Կանանց համակրությունը մեզ համար առանձնապես մեծ նշանակություն ունի, որովհետև նրանց սիրտը մաքուր է, հետևաբար ավելի ընդունակ գործը բուռն սիրով սիրելու: Ես ավելին կասեմ. — կանանցից մենք

հերոսներ ենք սպասում: Մի Ժանն դ՛Արք մի ամբողջ հայրենիք փրկեց: Հինգերորդ դարը... Ինչո՞ւ ամեն անգամ հրճվանքով ենք հիշում հինգերորդ դարը: Նրա համար չէ՞ արդյոք, որ այդ դարում հայ կինը, թերևս ավելի քան տղամարդը, ցույց տվեց իր բուռն հայրենասիրությունը, իր հերոսական անզուգական անվեհերությունը....

Եվան անզգայաբար առավ Բազենյանի ձեռքը: — Սպասեցեք, պարոն Բազենյան: Այս աղմուկն անտանելի է: Գնանք... այնտեղ... առանձին սենյակներ կան:

Եվ Եվան արագ վեր կացավ տեղից: Նրա գեղեցիկ աչքերը վառվում էին մի տեսակ ինքնամոռացության կրակով: Բազենյանը հետևեց նրան:

Ներեցեք, օրիորդ, դուք եկել էիք այստեղ զվարճանալու, իսկ ես ձեզ զբաղեցնում եմ այսպիսի...

Ո՜ւֆ, չէ՛... եկե՛ք:

12

Շահյանը շատ շուտ թողեց պարահանդեսը և դիմեց դեպի տուն: Այդ պարող երկսեռ հասարակությունը, երաժշտության այդ խլացուցիչ ձայները, շուրջը տիրող ուրախ խոսակցությունն ու քրքիջները, ժողովարանի պայծառ լուսավորությունըամեն ինչ ատելի էր թվում նրան, և նա այդ ամենի մեջ ճնշված, մենակ և տխուր էր զգում իրեն: Առաջվա ծանոթ մելամաղձությունն իր ամբողջ ծանրությամբ նորից պաշարել էր նրան: Նա շատ անգամ փորձել էր, որ հոգեկան այդ դրությունն առանձին ուժգնության էր հասնում միշտ այն ժամանակ, երբ ներկա էր լինում այդպիսի ուրախ հանդեսների:

Միքայելյան կամրջով անցնելիս նա մի-երկու րոպե կանգ առավ և նայեց ներքև: Ձյունածածկ ափերի սպիտակին տվող զուգահեռական գծերի մեջ պարզորոշ աչքի էր ընկնում գետն՝ իր սևին տվող ժապավենով: Հանդարտ ու դանդաղ շարժվում էր այդ ժապավենը: Խուլ ու միահավասար լսվում էր գետի հոսանքի հետ առաջ ընթացող սառցաշերտերի ֆշշոցը:

Շահյանի աչքերը մխված էին մնացել դեպի հոսանքի մի կետի վրա, ուր կամրջի բարձրությունից լապտերներից մեկի լույսը խավար կերպով անդրադառնում էր ջրի մեջ: Գետի հոսանքն այդտեղ արագ, խորհրդավոր և սարսափելի էր թվում: Շահյանի աչքերը կարծես մագնիսացել էին այդ տեղում: Նա բռնել էր կամրջի վանդակապատից, և մատները ջղային ուժգնությամբ սեղմում էին սառը երկաթը: Հանկարծ նրան թվաց, թե ոտներն իրենք իրենց բարձրանում, անցնում են վանդակապատի այն կողմը, մատներն ուղղակի ցցվում են երկաթի մեջ և... Նա ետ քաշվեց և աշխատեց կարելույն չափ շուտով անցնել կամուրջը:

Մայրը զարմացավ, որ որդին այդպես շուտ էր վերադարձել:

Ինչո՞ւ այսպես վաղ եկար, — հարցրեց պառավը: Շահյանը չպատասխանեց և ուղղակի անցավ իր ննջարանը:

Մայրը վախեցած հետևեց նրան:

Լևոն ջա՞ն... ասա, է՛:

Շահյանը ուզեց պինդ գոռալ մոր վրա, բայց պատասխանեց հանգիստ ձայնով.

Որովհետև ձանձրացա:

Թե՞ հիվանդ ես, — չհավատալով հարցրեց մայրն անհանգստացած:

Շահյանը դարձյալ զսպեց իրեն, որ չգոռա: Լուռ ու դանդաղորեն սկսեց շորերը հանել:

Լևոն ջա՞ն... դու վախեցնում ես ինձ:

Շահյանը կատաղորեն սյուրտուկը հանկարծ շպրտեց աթոռի վրա:

Հիմա շա՞տ պետք է զահլա տանես, — բռնկեց նա: — Հազար անգամ ասել եմ, որ, երբ վատ տրամադրության մեջ եմ լինում, մի՛ խոսիր ինձ հետ, հարցուփորձ մի՛ անիր, հանգիստ թող ինձ: Երանի չէ՞ր լինի, որ միանգամից հիվանդանայի ու սատկեի, որ վերջապես պրծնեի քո ձեռքից...

Աստված ոչ անի, որդի ջան, ինչե՞ր ես ասում, ես ի՞նչ եմ անում, որ...

Ա՛յ, հիմա կշարունակի, — աչքերը ոլորելով մոր վրա, արտասանեց Շահյանը զսպած կատաղությամբ:

Այն աստիճան սարսափելի էր նրա հայացքը, որ խեղճ մայրը, կուչ գալով, լռեց:

Շահյանը երեսն ի վեր ընկավ մահճակալի վրա, ձեռքերը դրեց գլխի տակ և մնաց անշարժ: Երկար ժամանակ ծանր լռություն տիրեց: Մոր վրա այդպիսի խստությամբ հարձակվելով նա մի տեսակ վայրենի զվարճություն էր զգում: Այդպիսի դեպքերում իրեն առհասարակ այնքան չէր կորցնում, որ շարունակ դիտում էր իրեն և, երբ տեսնում էր, որ լավ է բարկանում, հավանում էր: Այս անգամ էլ հավանեց իր խիստ վարմունքը, որովհետև, տեսավ, որ լավ բարկացավ: Նա ուզում և սպասում էր, որ մայրը դարձյալ մի քանի խոսք ասի, որպեսզի ավելի լավ, այսինքն ավելի խիստ բառերով ու ձևերով արտահայտի իր բարկությունը:

Հիրավի, մայրը խոսեց, բայց ոչ այնպիսի բան, որ որդին պատճառ ունենար իր բարկությունը ցանկացած կերպով արտահայտելու:

Լևոն ջան, — ասաց նա անհամարձակորեն: — Այս գիշեր Ստեփանն եկավ. ասաց, որ փակ խանութներից մեկի կտուրը փուլ է եկել ձյունից:

Ջհաննամը, — արտասանեց Շահյանը:

Էգուց գնա տես:

Այդ ես գիտեմ, իսկ դու... գնա քնիր:

Մայրն այլևս ոչ մի խոսք չարտասանեց և սուս ու փուս դուրս գնաց: Նույն րոպեին դռան ետևից ինչ-որ խուլ հեկեկանքի ձայներ լսվեցին: Շահյանը փշաքաղվեց: Գլուխը բարձրացրեց և շունչը իրեն քաշելով ականջ դրեց: Մայրն էր լաց լինում: Քիչ մնաց վեր թռչեր մոր մոտ ծնկաչոք ներողություն խնդրելու, բայց միայն ձեռքը ջղաձգաբար բռունցք սեղմեց և պինդ խփեց բարձին:

«Ո՛չ, հարկավոր չէ, այսպես ավելի լավ է», — մտածեց նա և նորից պառկեց:

Հետևյալ օրն ավելի ևս վատ տրամադրության մեջ էր: Կարծես մեկը մահու չափ վիրավորել էր նրան, և նա երբեք չպետք է մոռանար այդ վիրավորանքը:

Թեյի ժամանակ եկավ կալվածների կառավարիչըՍտեփանը: Դա միջահասակ մի մարդ էր խիստ մազակալած երեսով. արխալուղի վրա հագած էր հնամաշ մի սյուրտուկ, որի օձիքը պլպլում էր քրտինքի կեղտից: Բացի Շահյանի կալվածներին վերահսկելուց, նա դալալի բազմազան արհեստով էլ էր պարապում: Վերջին հանգամանքը նրան վերին աստիճանի լեզվանի, խորամանկ և հաճոյախոս էր դարձրել իր գրպանի օգտին: Ում հետ էլ որ գործ ունենար, անկարելի էր, որ չխաբեր նրան. իսկ Շահյանին խո խաբում էր ամեն մի քայլափոխում:

Նա պատմեց փակ խանութներից մեկի կտրան փուլ գալը և ասաց, որ քաղաքային վարչության և ոստիկանության կողմից մարդիկ էին եկել, որոնք, բոլոր խանութները դիտելուց հետո, գտել էին, որ ամբողջ շենքը պետք է հիմքից քանդվի, այլապես, խիստ խարխուլ լինելով, վտանգ է սպառնում անցուդարձ անողներին տակովն անելու:

Շահյանին խիստ անհաճո թվաց այդ պատմությունը, տեսավ, որ այդ խանութների գործը պետք է բավական անհանգստություն պատճառի իրեն, ուստի առաջարկեց Ստեփանին, որ ծախի:

Ստեփանն ընդդիմացավ, ասաց, որ խանութները թեև շատ էլ բանուկ տեղ չեն, բայց նոր որ շինվեն, լավ եկամուտ կբերեն: — Չէ, ծախիր, չեմ ուզում, — կարճ կտրեց Շահյանը: Ստեփանը, հակառակ իր ցանկության, ստիպված էր հնազանդվել:

Նա նոր էր դուրս գնացել, որ Շահյանի մոտ մտավ Բազենյանը խիստ ուրախ տրամադրությամբ:

Այդ անսպասելի այցը վերին աստիճանի անհաճո թվաց Շահյանին: Ընկերոջ անհոգ, ուրախ դեմքն ու գեղեցիկ արտաքինն երբեք այնպես ատելի չէին թվացել նրան, ինչպես այժմ: Բայց նրան ամենից ավելի ատելի թվաց Բազենյանի` սև շորի մեջ կախ արած ձեռքը Շահյանը աշխատեց սառն ընդունելություն ցույց տալ Բազենյանին և մինչև անգամ այնպես անել, որ նա հասկանա, թե այժմ այլևս ամենևին հաճելի չեն իրեն նրա այցելությունները, բայց իր թույլ բնավորության շնորհիվ այդ բոլորն արտահայտեց այնքան անշնորհք կերպով, որ Բազենյանն ամենևին չնկատեց էլ, թե նրա տրամադրության մեջ որևէ փոփոխություն է կատարվել դեպի ինքը:

Շահյանը կարծեց, թե Բազենյանի առաջին խոսքը լինելու է այն մասին, թե ինչո՞ւ ինքը, Շահյանը, երեկ գիշեր այնպես շուտ էր հեռացել պարահանդեսից, բայց խիստ վիրավորվեց, որ Բազենյանը հարցրեց.

Ինչո՞ւ երեկ գիշեր պարահանդես չէիր եկել:

Երևի արդեն շատ մեծ մարդ ես դարձել, որ ինձ չես նկատել, — ասաց Շահյանը հանգիստ ձայնով:

Բազենյանը մի րոպե անկեղծ զարմացած նայեց Շահյանի դեմքին:

Ա՜խ, իրավ, — հանկարծ բացականչեց նա. — դու խո Մարությանների հետ էիր, որ եկա: Ինչպե՞ս մոռացել եմ: Բայց մեղավորը Մարությանի աղջիկն է, բռնեց և այլևս բաց չթողեց: Նա հարցրել է քեզ իմ պարապմունքի մասին, և դու ոչինչ չես ասել: Շնորհակալ եմ գաղտնապահությանդ համար, բայց ես ինքս ամեն բան պատմեցի նրան: Նա պարզապես գերեց ինձ: Որ ասեմ չիմացանք, թե ինչպես անցավ պարահանդեսը, չես հավատալ: Ինքը մագնիսացել և ինձ էլ մագնիսացրել էր իր կողքին: Պետք է տեսնեիր, թե ինչպիսի՜ ոգևորությամբ, ինչպիսի՜ համակրությամբ էր լսում... Խոստացավ հորը խնդրել, որ մի որևէ գումարով նպաստի գործին: Մինչև անգամ հասկացրեց, որ ինքն էլ իր կողմից պատրաստ է զոհաբերելու, ինչ որ կարող է... Մի խոսքով՝ գանձ, կատարյալ մի գանձ, որ ես ամենևին հույս չունեի տեսնելու մեր ներկա հայ աղջիկների մեջ: Հը՞, ի՞նչ կասես, Լևոն:

Շահյանը կամաց, կարծես ուժասպառ, երեսն ի վեր պառկեց փափուկ օթոցի վրա և ձեռքերը դրեց գլխի տակ: Նա կարեվեր ջանք էր գործ դնում, որ կարելույն չափ հանգիստ ու անտարբեր մնա: Նա ոչինչ չպատասխանեց:

Լսի՛ր, Լևոն, քեզ եմ հարցնում. գանձ չէ՞ այսպիսի մի աղջիկ: Ի՞նչ անտարբեր և անքաղաքավարի մարդ ես, — բացականչեց Բազենյանը ծիծաղելով և, նրա ոտներից հանելով ծաղկանկար մաշիկներից մեկը, ձգեց հատակի վրա:

Այդ բանը խիստ գրգռեց Շահյանին, և նա այլևս չկարողացավ զսպել իրեն: — Դե որ գանձ է, թող որ գանձ լինի, էլ ի՞նչ ես ինձ հարցնում, — շատ կոպիտ կերպով ասաց նա, նստեց և կռացավ, որ մաշիկը հագնի:

Բազենյանը նայեց նրա կարմրատակած ու ձգձգվող դեմքին և շարունակեց ծիծաղել:

Լավ, էլ ինչո՞ւ ես բարկանում:

Բարկանում եմ, որովհետև... ի՞նչ գործ ունիս մաշիկներիս հետ:

Եվ Շահյանը նորից պառկեց, բայց դեմքն այս անգամ պատի կողմն արեց:

Բազենյանը մատը կծեց:

Շահյանը, դեմքը պատի կողմն արած, թեև չէր տեսնում նրան, բայց իսկույն զգաց, որ նա հասկացավ, թե ինչ էր կատարվում իր ներսը, և շատ զղջաց, նույնիսկ ամաչեց, որ ակամա արտահայտեց իր ներքինը: «Մաշիկները... ի՜նչ հիմար, ի՜նչ երեխայական պատճառաբանություն», — մտածեց նա:

Բազենյանը կարճ ժամանակ լռեց և բեղի ծայրը ոլորելով, անթարթ նայում էր ընկերոջ ծոծրակին:

Շահյանը վախեցավ այդ խորհրդավոր լռությունից: Այժմ նա բոլորովին համոզվեց, որ Բազենյանը լիովին հասկանում է իրեն: Նա գրեթե սարսափով սպասում էր, թե Բազենյանն այդ մասին հարցումներ պիտի անի իրեն, և զգում էր, որ ինքը ոչ մի կերպով չպիտի կարողանա ծածկել նրանից, որ նախանձից ատում է նրան:

Սակայն Բազենյանը նստեց նրա մոտ, աթոռի վրա, և մեծ ճարպկությամբ փոխեց խոսակցությունը, առանց այլևս ոչ մի խոսք արտասանելու Եվայի մասին:

Բայց դրանով Շահյանի դրությունը չթեթևացավ: Նա ավելի ուրախ կլիներ, եթե Բազենյանը շարունակեր խոսել Եվայի մասին, քան թե խույս տալով Մարությանի աղջկա մասին խոսելուց, դրանով զգացնել տար, որ խղճում է իրեն:

Բազենյանն այժմ խոսում էր ոչ առաջվա մտերմական անկեղծությամբ: Նոր մտած ժամանակ այնքան ուրախ և ոգևորված լինելով, այժմ խիստ զսպած, նույնիսկ սառն էր պահում իրեն: Բայց նրա ձայնի մեջ հետզհետե և ավելի ու ավելի տիրապետում էր լսողին գերող այն տխուր լարը, որ հնչում է ուրիշի թշվառության համար անկեղծորեն ցավող մարդու ձայնի մեջ: Նա խոսում էր ազգի թշվառության մասին:

Շահյանը պառկած էր, դեմքը շարունակ պատի կողմն արած: Նա ուշի-ուշով լսում էր Բազենյանին և մտածում էր ոչ թե այն մասին, թե ինչ էր խոսում ընկերը, այլ այն մասին, թե ինչպես էր խոսում նա, թե ինչպես էր հնչում նրա ձայնը: Եվ Բազենյանն այդ կողմից կատարյալ կախարդ էր թվում նրան: Նա զգում էր, որ այդ գեղեցիկ երիտասարդը եթե ամենքի հետ էլ այդպես է խոսում, անկարելի է, որ չգերե նրանց, մանավանդ Եվային, այդ անկեղծ բուռն զգացմունքներով ապրող անփորձ աղջկան: «Եվ ես ուզում եմ սրա հետ մրցե՞լ», — մտածեց նա խորին դառնությամբ:

Երբ Բազենյանը գնաց, Շահյանը դեռ երկար ժամանակ պառկած էր նույն դրության մեջ: Նա ընկել էր խորը մտածմունքները մեջ: Հետո կամաց վեր կացավ, նստեց գրասեղանի մոտ և մի նամակ գրեց: Գրելուց հետո կարդաց, բայց չհավանեց, պատռեց և մի ուրիշը գրեց: Այդ էլ չհավանեց: Այդպիսով մի քանի թուղթ գրելուց հետո վերջ ի վերջո գրելիքը խմբագրեց հետևյալ կերպով. « Սիրելի ընկեր. Իհարկե. հասկացար, թե իսկապես ինչու այնպես հանկարծ գրգռվեցի այսօր... Եվ թերևս ինձ խղճալուդ համար էր, որ չհարցրիր պատճառը: Բայց և այնպես, անկեղծորեն պիտի խոստովանեմ քեզ այդ պատճառը. միտք էլ չունի, որ ծածկեմ: — Ես սիրում եմ Եվային, սիրում եմ անհույս, անպատմելի տանջանքով, որովհետև զգում եմ և հավատացած եմ, որ նա երբեք չպիտի կարողանա սիրել ինձ նման մի ողորմելի արարածի...

Տեսնում ես, ես խոսում եմ անկեղծորեն: Եկ դու էլ ոչինչ մի ծածկիր ինձնից. ասա ուղղակի, որ արդեն սիրում ես նրան: Ես համոզված եմ, որ նա էլ անտարբեր չէ դեպի քեզ, որովհետև ձեր ծանոթանալու առաջին իսկ րոպեից տեսա, որ դու զորեղ տպավորություն ես գործել նրա վրա: Ուրիշ կերպ անկարելի էր: Նա այնքա՜ն զգայուն աղջիկ է... Թերևս ոչ ոք նրա հոգին այնպես չհասկանա, ինչպես ես: Մի զարմանալ, որքան արտաքուստ մեռած եմ երևում, այնքան նուրբ է հոգուս ըմբռնողությունը:

Լսիր, Բազենյան: Այն օրից, որ իմ մեջ գիտակցություն է զարթել, ես միշտ թշվառ եմ զգացել ինձ: Բայց այժմ իմ այդ թշվառությունը հասել է իր գագաթնակետին: Ես տանջվում եմ, անասելի կերպով տանջվում: Անհնար է, որ այլևս դիմանամ այդ տանջանքին: Ի՞նչ արած, բնությունը զրկել է ինձ այդ քաջությունից: Այս տանջանքին վերջ տալու համար մնում է երկու բան, — կամ անձնասպանություն գործել, կամ վերջ դնել իմ ու քո միջև եղած բարեկամությանը: Քեզ եմ թողնումընտրիր` որն ուզում ես... Այս մասին չեմ երկարացնում: Հույս ունիմ, ինձ հասկանում ես... Ա՜խ, տուր ինձ հոգու անդորրություն, հոգու անդորրություն միայն, մնացածը, — աստված քեզ հետ, — մնացածը թող քեզ լինի. ես կհաշտվեմ դրությանս հետ...

Մնաս բարյավ, երջանիկ ընկեր, կրկին անգամ մնաս բարյավ:

Քո դժբախտ Լևոն Շահյան»

Շահյանը խիստ հավանեց իր այդ նամակը, այնքան հավանեց, որ չծուլացավ մաքուր արտագրելու և արտագրածը մի քանի անգամ կարդալու: Նամակը սպասածից ավելի հաջող էր դուրս եկել. թեև բոլորովին ուրիշ բնավորություն ուներ, քան մտադիր էր տալ սկզբում: Ինչ-որ սրտաշարժ բան էր նկատում իր գրածի մեջ և հենց այդ սրտաշարժ բանն էր, որ հավանում էր:

Следующая страница