Նար-Դոս՝   Մահը

Ընդհակառակը, ես նախանձում եմ ձեր ուղևորությանը:

Մարությանը առավ նրա թևը:

Որ այդպես է, երիտասարդ բարեկամ, դուք դեռ շատ բանում պիտի նախանձեք ինձ... Աղջիկս է միայն, որ, — չգիտեմ, ճշմարիտ, այս ի՞նչ փոփոխություն է, — ոչ ոգևորվում է, ոչ խոսում: Ասացեք խնդրեմ, կարելի՞ է այսպիսի մի հրաշալի գիշեր ման գալ լուռ ու մունջ. իսկ մենք, ես ու աղջիկս, ահա մի ժամ է, որ դուրս ենք եկել մի քիչ սառն օդ կուլ տալու, և, բացի մի քանի կցկտուր խոսքերից ուրիշ ոչինչ չեմ լսել սրա բերանից: Մտածում է, ինչ-որ խորին խորհուրդներ է խորհում, բայց թե ինչ բանի մասին, — այդ բարձրյալին է հայտնի:

Եվ Մարությանը, դեմքին ծաղրական արտահայտություն տված, ուսի վրայից նայեց աղջկա դեմքին. կարծես, ուզում էր գրգռել նրան, որ զայրանա, խոսի:

Բայց Եվան, կարծես, չէր լսում, թե ինչ է ասում հայրը:

Ձեռքերը մուֆթի մեջ դրած, մերթ առաջ ընկնելով, մերթ ետ մնալով, նա քայլում էր հոր կողքից և մեքենայաբար նայում էր ցրտից կուչ եկած անցուդարձ անողներին: Նրա թե՛ քայլվածքի և թե՛ հայացքի մեջ նկատվում էր ինչ-որ զսպված անհանգստություն: Երբեմն անհանգիստ հայացքն ուղղում էր Շահյանին, ըստ երևույթին ուզում էր բան հարցնել, բայց ոչինչ չէր ասում և դարձյալ կամ առաջ էր ընկնում հորից, կամ ետ մնում նրանից:

Ձեզ մի բան եմ ուզում հարցնել, պարոն Շահյան, — ասաց Մարությանը, կատակով խոսելու եղանակը թողնելով: — Ո՞ւր է այս ձեր պարոն Բազենյանը:

Եվան առաջ ընկավ և շեշտակի նայեց Շահյանի աչքերին անհամբեր հայացքով:

Շահյանն իր կողմից նայեց նրան և զգաց, որ հանկարծ փոխվեց իր ուրախ տրամադրությունը:

Բազենյա՞նը, — արտասանեց նա, հազիվ զսպելով իր մեջ հանկարծ բռնկած նախանձի կիրքը: — Բազենյանը... Այս րոպեիս նրա մոտ էի:

Հա-ա՞: Այս ո՞րտեղ է, որ էլ չի երևում: Անցյալները, սրանից մոտ մի ամիս առաջ, ճաշին մեր տանն էր: Խոստացա մի գումար նվիրել գործի օգտին. բայց այն օրվանից չերևաց. չգիտեմ ինչն է պատճառը:

«Պատճառը», — մտածեց Շահյանը և դարձյալ նայեց Եվայի դեմքին: Տեր աստված, ինչպիսի՜ զայրացնող անհամբեր հետաքրքրություն էր արտահայտում այդ չքնաղ դեմքը...

Ինչ-որ նամակ էր ստացել, — ասաց նա, աշխատելով կարելույն չափ անտարբեր ձևանալ: — Գրում էին, որ ընկերներից երկսին ինչ-որ դժբախտություն է պատահել և փող էին պահանջում նրանց համար: Երևի, այդ փողը գտնելու ետևից ընկնելով, ժամանակ չի ունեցել ձեզ այցելելու:

Զարմանալի է: Ես ձեզ ասում եմ, որ նրան փող էի խոստացել, ուրեմն ամենից առաջ, կարծում եմ, ինձ մոտ պետք է գար, եթե այդպիսի կարիք ուներ:

Շահյանը հիշեց իր նամակին Բազենյանի պատասխանը, որի մեջ գրում էր, թե Եվայից հեռու մնալու համար վճռել է այդ օրվանից միանգամայն կտրեց իր հարաբերությունները Մարությանների հետ, և նրա համար հասկանալի դարձավ, թե ինչու Բազենյանը փողի համար չէր դիմել Մարությանին: Նա զարմացավ Բազենյանի այդ հաստատակամության վրա և զգաց, որ մի րոպե առաջ իր մեջ դեպի նա բռնկած նախանձի կիրքը չքացավ:

Սպասեցեք: Ե՞րբ եք ստացել այդ նամակը, որի մեջ գրում են ընկերների դժբախտության մասին և փող են պահանջում, — հարցրեց Մարությանը:

Այսօր:

Այսօր: Ուրեմն կարծում եմ գոնե վաղը կգա մեզ մոտ:

Չեմ կարծում: — Ինչո՞ւ:

Որովհետև... փողն արդեն ճարել է (Շահյանն ուզեց ավելացնել` «ես տվի», բայց համեստությունից լռեց այդ մասին) և շուտով գնալու է:

Հա-ա՞ , — բացականչեց Մարությանը և հանկարծ կանգ առավ: — Ա՜յ, այդ վատ բան ասացիք: Ես վախենում եմ, թե մի գուցե գնա առանց մեզ հանդիպելու: Հը՞, ի՞նչ եք կարծում:

Չգիտեմ... շատ կարելի է, — ասաց Շահյանը վարանելով և թեպետ չէր նայում Եվային, բայց զգում էր, որ նա աչքերով ուտում է իրեն: «Կասկած չկա. սիրում է», — մտածում էր նա մի տեսակ բութ հուսահատությամբ:

Մարությանը հանկարծ մոտեցավ մերձակա խանութի լուսավորված լուսամուտներին, հանեց ժամացույցը և նայեց:

Ժամը 8 1/2 է: Չի՞ լինիլ, որ այս րոպեիս ինքներս գնանք նրա մոտ: Հը՞, Եվա:

Եվան նայեց հորը: Շահյանը տեսավ, որ նրա աչքերը վառվում են տարօրինակ վճռականությամբ:

Գնանք, — ասաց աղջիկը հաստատուն ձայնով:

Շատ լավ: Գնանք: Իսկ դուք, պարոն Շահյան, կգա՞ք մեզ հետ: — Իզուր եք գնում, — ասաց Շահյանը. — նա այժմ քնած կլինի:

Ի՞նչ եք ասում, այսպես վա՞ղ:

Այո, ես, որ գնացի, արդեն պատրաստվում էր քնելու: Ասաց, որ շատ հոգնած է:

Է՜, — հուսահատորեն թափահարեց ձեռքը Մարությանը: — Ես զարմանում եմ, ճշմարիտ, ինչո՞ւ էլ չեկավ մեզ մոտ: Ախր դուք չգիտեք, պարոն Շահյան, բանն ինչումն է: Երկար ժամանակ է, որ մենք նամակ չունենք մեր որդուց: Վերջին անգամ, որ Բազենյանը մեր տանն էր ճաշին, ասավ, որ գնալու է այն կողմերը: Հիմա մենք մտածել ենք, որ նրա ձեռքով մի նամակ ուղարկենք մեր որդուն և ուզում ենք խնդրել, որ եթե աստված մի արասցե, որևէ բան է պատահել նրան, տեղեկություն տա մեզ: Իսկ դուք ասում եք, թե շուտով գնալու է և հազիվ թե գա մեզ մոտ: Հիմա ինչպե՞ս անենք, որ տեսնենք նրան:

Վաղն առավոտ անցիր նրա մոտ, ի՞նչ կա որ, — ասաց Եվան:

Բանն ա՛յն է, թարսի պես, որ հենց վաղն առավոտ ես ժամանակ չունիմ: Ա՜խ, ինչ լավ կլիներ, որ հիմա գնայինք: Սպասիր, գիտե՞ս ինչպես կանենք: Պարոն Շահյան, դուք խո վաղը կտեսնե՞ք նրան:

Չգիտեմ, ճշմարիտ...

Չէ, անպատճառ տեսեք: Հատուկ խնդրում եմ, պարոն Շահյան: Եվ ասեք նրան, որ գնալուց առաջ անպատճառ հանդիպի մեզ: Խոստանո՞ւմ եք:

Թեև Շահյանը խոստացավ, որ այդպես կանի, բայց մտքումը վճռեց, որ այլևս երբեք չհանդիպի Բազենյանին: Ինչքան էլ որ նա հենց սկզբից համոզված էր, և շատ բնական էր համարում, որ Բազենյանի՝ իր խոստման հավատարիմ մնալը, այսինքն՝ Եվայից ընդմիշտ հեռանալը ոչ թե չի թուլացնիլ Եվայի մեջ դեպի նա ծագած սերը, այլ, ընդհակառակը, ավելի ուժ կտա այդ սիրույն, այնուամենայնիվ, այն ժամանակ նա գաղտնի, վախկոտ ուրախությամբ պարուրում էր իրեն այն հույսով, թե կարող է պատահել, որ Եվան, եթե ոչ շուտով, գոնե ժամանակի ընթացքում, բոլորովին մոռանա Բազենյանին, և այնուհետև ինքը, Շահյանը, եթե քաջություն ունենա խնդրելու նրա ձեռքը, գուցե նա չմերժի: Բայց այժմ, տեսնելով Եվայի տենդային դրությունը, միանգամից կորցրեց այդ հույսը: Նա զգաց առաջին անգամ, որ ինքը շատ կեղծ, նույնիսկ անպատվաբեր դրության մեջ է դրել իրեն Եվայի ու Բազենյանի միջև: Եվ մինչդեռ մի կես ժամ առաջ հավատացած էր, թե հազար ռուբլին Բազենյանին հանձնելով մաքուր սրտից բխած զոհաբերություն է անում մի շատ բարի գործի համար. այժմ իր սրտի խորքում զազրանքով զգաց, որ այդ զոհաբերությունն իսկապես վարձատրության պես մի բան է եղել այն բանի համար միայն, որ Բազենյանը Եվային զիջել է իրեն: Այդ միտքն այնքան ծանր եղավ նրան. որ նրան թվաց, թե ինքը վերին աստիճանի անբարոյական մի քայլ է արել, որի համար ամենքը, առավելապես Եվան, գարշանքով պետք է դեմքը շրջեն իրենից...

Շահյանն այլևս քաջություն չունեցավ մնալու Մարությանի և նրա աղջկա մոտ: Նա օգուտ քաղեց առաջին հարմար դեպքից և կանգ առավ, որ բաժանվի նրանցից:

Ուրեմն դուք խոստանում եք, որ վաղն անպատճառ կտեսնեք նրան և կասեք, որ գնալուց առաջ անպատճառ հանդիպի մեզ: Հա՞, — հարցրեց Եվան, նայելով նրան այնպիսի հուսահատական-աղերսական հայացքով, որ Շահյանի բարի սիրտը ճմլվեց անհուն խղճահարությամբ:

Այս անգամ Շահյանը հաստատ խոսք տվեց, զգալով, որ անպատճառ պարտավոր է հոր ու աղջկա խնդիրը հայտնել Բազենյանին ոչ թե նրա համար, որ այդ կարևոր է նրանց, այլ նրա՛ համար, որ այդ անհրաժեշտ էր իրեն, որովհետև զգում էր, որ Եվայի ու Բազենյանի միջև նոր սկսված և իր պատճառով խզված սրտագին հարաբերությունները նորոգելով միայն կարելի է սրբել այն գարշելի կեղտը, որ սպառնում էր առ միշտ ծանրանալ իր խղճի վրա Բազենյանին տված հազար ռուբլու բուն շարժառիթի գիտակցությունից...

16

Հետևյալ օրը Շահյանը գնաց Բազենյանի մոտ: Այն միջոցին, երբ ուզում էր բանալ ընկերոջ սենյակի դուռը, ներսից ինչ-որ տաք խոսակցության ձայներ լսեց: Լսվում էր իրեն՝ Բազենյանի ձայնը և մի ինչ-որ կանացի ձայն. առաջինը խոսում էր բարկացած, երկրորդը` հանդիմանությամբ և լացագին: Շահյանն ականջ դրեց մի րոպե միայն և հեռացավ: Նա անցավ հյուրանոցի միջանցքի ծայրը և շուռ եկավ, որ ետ դառնա, երբ նույն րոպեին Բազենյանի սենյակից դուրս եկավ մի հաղթանդամ կին: Շահյանն իսկույն ճանաչեց նրան: Դա պանի Զդանևիչն էր: Շահյանը չկամեցավ, որ նա տեսնի իրեն, և ծռվեց անկյան միջանցքը: Պատի ետևից ծածուկ նայելով տեսավ, թե ինչպես պանի Զդանևիչը, գլուխը հպարտորեն բարձր բռնած, անցավ գլխավոր միջանցքով և իջավ սանդուղքներով դեպի դուրս: Շահյանը սպասում էր, որ Բազենյանն էլ դուրս կգա սենյակից, բայց Բազենյանը չերևաց:

Այդ դեպքը շատ տարօրինակ թվաց Շահյանին: Նա ամենևին չէր սպասում, թե Բազենյանի մոտ եղած կինը պանի Զդանևիչը կլինի և նա այդ կնոջ հետ կլինի այնպես բարկացած խոսելիս: Բայց ի՞նչ կապ կար նրանց միջև... Շահյանի մեջ նորից զարթնեց Բազենյանի և լեհացի կնոջ փոխադարձ հարաբերության վերաբերյալ այն կարծիքը, որ ծագել էր նրա մեջ դեռևս «Միխայլովո» կայարանում, ուր առաջին անգամ հանդիպել էր նրանց իրար հետ աշնան սկզբին, երբ ինքը Բաթումից վերադառնում էր Թիֆլիս:

Նա չէր իմանում, այդ դեպքից հետո հարմա՞ր էր արդյոք, որ մտնի Բազենյանի մոտ: Համենայն դեպս երկար ժամանակ սպասեց, հետո դուրս եկավ թաքստի տեղից և դիմեց դեպի ընկերոջ սենյակը:

Երբ նա մտավ, Բազենյանը ջղային արագ քայլերով անցուղարձ էր անում սենյակում: Բարկությունից նրա դեմքը ձգձգվում էր. աչքերը չար արտահայտություն էին ստացել:

Շահյանը վճռել էր ցույց տալ, թե ոչինչ չգիտեր և ոչինչ չի տեսնում, բայց Բազենյանի դրությունն այն աստիճան արտասովոր երևաց նրան, որ չկարողացավ չհարցնել.

Ի՞նչ է պատահել. դու բարկացած ես երևում:

Դատարկ բան է: Անախորժ լուր ստացա դրանից է, -ասաց Բազենյանը, աշխատելով իրեն տիրապետել: — Նստիր, խնդրեմ: Լավ է, որ եկար: Այս րոպեիս ինքս էի ուզում գալ քեզ մոտ մի շատ կարևոր գործի համար:

Ի՞նչ կա, — հարցրեց Շահյանը, զարմացած նայելով նրա արտասովոր դեմքին:

Բազենյանը պատասխանելու տեղ ծոցից մի նամակ հանեց և տվեց նրան, որ կարդա:

Շահյանը կարդաց լուռ: Նամակը Մարությանից էր, որը թախանձագին խնդրում էր Բազենյանին մեկնելուց առաջ հանդիպել իրենց և հիշեցնում էր իր խոստացած նվիրաբերությունը: Ներքևը Եվան ավելացնում էր` «Ես ևս աղաչում եմ: Չափազանց կպարտավորեցնեք»:

Ես էլ հենց այս բանի համար եմ եկել, — ասաց Շահյանը, նամակը վերադարձնելով:

Ինչպե՞ս թե այս բանի համար, — զարմացավ Բազենյանը:

Երեկ գիշեր, որ քեզանից հեռացա, հայր ու աղջիկ հանդիպեցին ինձ փողոցում: Մարությանը խնդրեց քեզ ասելու, որ գնալուց առաջ անպատճառ հանդիպես իրենց, որովհետև ուզում են նամակ տալ քեզ, որ տանես իր որդուն: Եվան էլ շատ խնդրեց, — ավելացրեց Շահյանը միանգամայն անտարբեր եղանակով:

Բազենյանը ոչինչ չասաց: Նա հոնքերը կիտեց և սկսեց նորից անցուդարձ անել սենյակում մտախոհ և մռայլ: Հետո հանկարծ կանգ առավ Շահյանի առաջ և շատ լուրջ հայացքով նայեց ուղղակի նրա աչքերին:

Լսիր, Լևոն: Ես, որ ուզում էի գալ քեզ մոտ, այդ բանի համար էի ուզում գալ, որ խոսեմ քեզ հետ: Լսիր, ինչ եմ ասում և պատասխանիր ինձ անկեղծ կերպով: Դու ինձ իրավունք տալի՞ս ես, որ գնամ Մարությանների մոտ:

Շահյանն ապշեց:

Ինչպե՞ս թե՝ իրավունք...

Ներողություն, այդ չէի ուզում ասել: Ուզում էի ասել, թե անախորժ չի՞ լինի քեզ համար, որ գնամ...

Ի սեր աստծո, Սուրեն, այդ մասին ավելորդ է խոսելը, — ընդհատեց նրան Շահյանը փոքր-ինչ նեղացած: — Եթե Մարությանների մոտ գնալդ անախորժ լիներ ինձ համար, ես ինքս չէի գալ քեզ մոտ, որ նրանց խնդիրքը հայտնեմ քեզ: Դու ազատ ես. ինչ ուզում ես և ինչպես ուզում ես` արա: Ես ոչ իրավունք և ոչ ցանկություն ունիմ խառնվելու: Կարող եմ քեզ հավատացնել, որ ես վճռել եմ բոլորովին հեռու մնալ: Իմ մասին ամենևին մի մտածիր, խնդրեմ:

Բազենյանը մի րոպե տխուր նայեց Շահյանի աչքերին:

Բայց և այնպես, դու նեղանում ես, Լևոն:

Շահյանն ուսերը վեր քաշեց և հանգիստ հեռացավ նրանից:

Այսօր կամ վաղը ես գնում եմ, — կարճ լռությունից հետո ասաց Բազենյանը, — և գուցե այլևս երբեք չտեսնենք իրար: Ուզում եմ, որ ինչպես մտերմական անկեղծությամբ, եղբայրական սիրով մոտեցանք իրար, այնպես էլ բաժանվենք իրարից: Դրա՛ համար է, որ հարցնում եմ, թե անախորժ չի՞ լինիլ քեզ համար, որ գնամ Մարությանների մոտ: Եթե գիտենամ...

Շահյանն անհամբերությամբ մի խիստ շարժում գործեց: Այս անգամ ընկերոջ ամեն մի խոսքը կեղծավորություն և քսություն էր թվում նրան:

Դու դարձյալ ստիպում ես ինձ կրկնելու, — ասաց նա հանգիստ ձայնով, բայց ամեն մի բառը շեշտելով, — որ՝ եթե Մարությանների մոտ գնալդ անախորժ լիներ ինձ համար, ես ինքս իմ ոտով չէի գալ քեզ մոտ, որ նրանց խնդիրը հայտնեմ քեզ... մանավանդ որ առանձնապես խնդրողը... Եվան էր:

Ա՜խ, այդ բանն ես վերագրում եմ քո չափազանց ազնվությանը, և, — ներիր խնդրում եմ, — քո թույլ կամքին, Լևոն, — բացականչեց Բազենյանը: — Հայր ու աղջիկ քեզ մի հանձնարարություն են արել առանց հասկանալու, թե որքան ծանր պետք է լինի քեզ համար այդ հանձնարարության կատարումը, և դու քաջություն չես ունեցել մերժելու, և կատարել ես, բայց կատարել ես, — մի՞թե չեմ տեսնում, — սիրտդ սեղմելով... Լևո՛ն, ինձ գրած նամակիդ մեջ խնդրում էիր, որ անկեղծ լինեմ քեզ հետ: Այժմ ես նույնը պետք է խնդրեմ քեզ: Աղաչում եմ, ոչինչ մի ծածկիր ինձնից, ինչպես տեսնում ես, ինքս ոչինչ չեմ ծածկում քեզնից: Եթե առանց քաշվելու, անկեղծորեն ասես ինձ, որ Մարությանների մոտ գնալս սրտովդ չի լինի, հավատացնում եմ քեզ, մեր եղբայրությունը վկա, Լևոն, հենց այսօր, հենց այս րոպեիս ես կհեռանամ, կգնամ, ինչքան էլ որ ծանր լինի ինձ համար այն գիտակցությունը, թե Մարությանները շատ դժգոհ և զարմացած պիտի մնան իմ վարմունքից, որը, իհարկե, անհասկանալի կմնա նրանց համար: Տեսնում եմ, որ խոսքերս քեզ վրա բռնություն գործ դնելու տպավորություն են թողնում: Բայց այս էլ ի նկատի ունեցիր, Լևոն, որ այս գործն ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան թե քեզ համար: Եթե ես այսպես, գրեթե բռնանալով, թախանձում եմ քեզ, որ անկեղծ լինես ինձ հետ, այդ անում եմ, — ինչո՞ւ ճիշտը չասեմ, — այդ անում եմ ոչ այնքան նրա համար, որ չեմ ուզում քեզ տհաճություն պատճառած լինել, որքան նրա՛ համար, որ... Լսիր, Լևոն, ինչ եմ ասում: Դու, անշուշտ, ուշադրության առար այն մի քանի խոսքը, որ ավելացրել է Եվան հոր նամակի տակ: Այդ մի քանի խոսքն ինձ համար մի ամբողջ պատմություն է, մի ամբողջ տրագեդիա: Նամակդ ստանալուց հետո, գրեթե մի ամիս, ես խուսափել եմ Մարությաններից, որպեսզի չտեսնեմ Եվային քեզ հայտնի պատճառով: Բայց այժմ նա ուղղակի ինքն է հրավիրում ինձ: Ի՞նչ անեմ: Գնա՞մ: Ուզում եմ գնալ, սիրտս ձգտում է գնալ, բայց չպետք է գնամ, որովհետև զգում եմ, որ այս այցը ճակատագրական նշանակություն պիտի ունենա ինձ համար. զգում եմ, որ եթե մի անգամ էլ տեսնեմ Եվային, կամքս սաստիկ պիտի թուլանա, և այն ժամանակ ես կորած եմ, կորած այն գործի համար, որին ուխտել եմ ծառայել անձնական ամեն երջանկություն մոռացած... Ահա սրա՜ համար եմ ուզում, որ գոնե դու պատրվակ դառնաս, որպեսզի չտեսնեմ Եվային և հեռանամ. գնամ այստեղից: Փրկիր ինձ այս գայթակղությունից, աղաչում եմ քեզ, Լևոն: Ուղղակի արգելիր ինձ Մարությանների մոտ գնալ: Արա այս բանը եթե ոչ նրա համար, որ դու ևս սիրում ես Եվային, գեթ ի սեր այն մեծ գործի, որին ես ծառայում եմ... Լսո՞ւմ ես, Լևոն, ի՛նչ եմ խնդրում քեզ:

Եվ Բազենյանը նայեց Շահյանին այնպիսի հուսահատական աղերսանքով, որ կարծես նրա պատասխանից էր կախված իր փրկությունը:

Սակայն Շահյանը կանգնած էր շատ սառն և անտարբեր և զարմանում էր, թե ինչպես նա չի նկատում, որ ինքը չի հավատում նրա խոսքերին և նրա վարմունքը համարում է պարզապես մի դերասանություն, որը ոչ մի նպատակ չունի, բացի միայն այն բանից, որ սիրաշահե իր սիրտն իրենից ստացած հազար ռուբլու փոխարեն: Շահյանն առանց այդ էլ գարշում էր, երբ մտածում էր, որ այդ գումարը տվել էր Բազենյանին այն բանի համար, որ նա Եվային զիջել էր իրեն. իսկ այժմ ավելի ևս գարշեց, տեսնելով, որ Բազենյանն էլ ուրիշ նպատակով չէր ընդունել այդ փողը և այժմ սոփեստություններով աշխատում էր ծածկել այդ նպատակը:

Դու ինքդ էլ գիտես, որ... անմիտ բան ես խնդրում ինձնից, — ասաց նա, ուրիշ ավելի մեղմ բառ չգտնելով «անմիտ» բառի տեղ: — Ինչպե՞ս կարող եմ արգելել, որ Մարությանների տուն չգնաս: Ուզում ես՝ գնա, ուզում ես՝ չէ: Իսկ ինձ, խնդրում եմ, ազատ պահիր այս բանից:

Սառն եղանակով արտասանված այդ հատու խոսքերն, ըստ երևույթին, անսպասելի էին Բազենյանի համար, որովհետև նա շատ զարմացավ:

Սպասիր, Լևոն: Այդ ինչպե՞ս ես խոսում: Չլինի՞ թե որևէ վիրավորական բան ասացի: Հա՞:

Վիրավորական ոչինչ չես ասել ինձ, միայն թե... ես չեմ հասկանում քեզ, — ասաց Շահյանը, աշխատելով խուսափել Բազենյանի սրաթափանց հայացքից և զգալով, որ պատրաստ է ճշմարտությունը նետելու նրա երեսին:

Այսինքն ի՞նչ չես հասկանում:

Օրինակ... առաջ իրավունք էիր խնդրում ինձնից, որ գնաս Մարությանների մոտ, իսկ հիմա խնդրում ես, որ արգելեմ... Ես չեմ հասկանում, թե ո՞րտեղից հանկարծ այդպիսի մի իշխանություն ձեռք բերի քեզ համար...

Ինչ ասացի՞ր... իշխանությո՞ւն, — արագորեն հարցրեց Բազենյանը, կարծես կայծակնահար եղած այն մտքից, որ հանկարծ ծագեց իր գլխում: — Ա՜, ուրեմն այն փողը, որ երեկ գիշեր...

Նա ձեռքը պինդ խփեց ճակատին, մատներով հուպ տվեց քունքերը և, կարծես ներքին մի սուր ցավի խայթոցից, աչքերը փակեց: Մի րոպե այդպես մնալուց հետո ձեռքը հանկարծ հեռացրեց ճակատից, շտապով ետ արեց սյուրտուկի կոճակները, ծոցի գրպանից հանեց նախորդ գիշերը Շահյանի տված ծրարը և հաստատուն ձեռքով դրեց նրա առաջ, սեղանի վրա:

Որպեսզի չկարծես, թե այսպիսի մի իշխանություն տվել եմ քեզ այս հազար ռուբլու փոխարեն, խնդրեմ, ետ վերցրու, — ասաց նա Շահյանի համար սպանիչ հանգստությամբ:

Շահյանը տեղնուտեղը ցամաքեց:

Սուրեն, — շշնջաց նա:

Չէ՛, չէ՛, — խնդրում եմ, — եռանդով ընդհատեց նրան Բազենյանը և ծրարը քշեց նրա կողմը: — Ես կատակ անել չեմ սիրում:

Ախր ես... այդպիսի բան չասացի...

Ա՛խ, այդ միևնույն է: Ինձ համար մի բառն էլ, մի ամենաթեթև ակնարկն էլ բավական էր: Իմ մասին ամեն բան կարող ես կարծել. բայց, որ կարծել ես, թե հիմար եմ, սխալվել ես: Այս փողը, որ տվիր ինձ երեկ գիշեր, վերադարձնում եմ քեզ ամբողջությամբ: Ուրիշ հնար չկա, ուրիշ հնար չեմ տեսնում վարվելու քո կասկածը լսելուց հետո...

Սուրեն, մի՞թե չես նկատում, որ մորթում ես ինձ քո խոսքերով, — հառաչեց Շահյանը:

Բայց դու ավելի առաջ մորթեցիր ինձ, — նկատեց Բազենյանը անողոք խստությամբ: — Ինչպե՞ս, — սկսեց տաքանալ նա: — Ուրեմն ես օգուտ եմ քաղել այն բանից, որ դու անտարբեր չես դեպի Եվան, իսկ Եվան անտարբեր չէ դեպի ինձ: Ուրեմն ես կարողացել եմ շահագործել ձեր երկուսիդ զգացմունքներն էլ: Ուրեմն, ավելի պարզ ասած, Եվային ես կամեցել եմ ծախե՜լ քեզ փողով... Գեթ մի րոպե, մի վայրկյան մտածե՞լ ես, թե ի՞նչ հրեշավոր կասկած է այդ... Այս փողը պիտի ուղարկեի այսօր, և ի՞նչ լավ է, որ դեռ չեմ ուղարկեի թե չէ՝ խո կգժվեի... Եթե դու այդպիսի մի հրեշավոր կասկած տարել ես իմ մասին, ուրեմն ի՞նչ զարմանք, որ այն էլ կարծած լինիս, թե ես խաբել եմ, թե ընկերներիս սև մատնության զոհ գնալը հնարել եմ, թե այս փողը նրանց փրկության համար չէ, այլ շորթել եմ քեզնից իմ անձիս համար... Օ՛, ինչպես հոգիս չէր խաբում ինձ, ինչպե՜ս չէր խաբում...

Եվ Բազենյանը նստեց, ըստ երևույթին, զորեղապես հուզված և գլուխն առավ ձեռքերի մեջ:

Շահյանը կանգնած էր գունատ ու կարմրած և նայում էր Բազենյանին սարսափով:

Սուրեն, — թոթովեց նա, — ինչո՞վ կարող եմ համոզել քեզ, որ սխալվում ես...

Ո՛չ մի բանով, — աղաղակեց Բազենյանը և վեր թռավ տեղից, աչքերը փայլեցնելով: Նա վերցրեց սեղանի վրա դրված մի բաժակ, ուժգին թափով զարկեց հատակին և փշրեց: — Միացրու այս կտորտանքը, խնդրեմ, ամբողջացրու այս բաժակը, եթե կարող ես: Այսպես փշրեցիր դու իմ սիրտը: Ես քեզ այնքան սիրում, այնպիսի ջերմ փափագով ուզում էի վերադարձնել քեզ քո խնդրած հոգու անդորրությունը, որ պատրաստ էի զոհելու իմ ամենալավ, իմ ամենաքնքուշ զգացումները. մինչդեռ ի՜նչ արիր դու ինձ, ի՜նչ բացատրություն կամեցար տալ իմ այդ անկաշառ ձգտումին... Եվ այդ բոլորն այս չարաբաստիկ, այս ատելի փողի պատճառով: Ե՛տ վերցրու, ե՛տ վերցրու, խնդրում եմ, այս փողը, և թող այլևս ո՛չ մի խոսք չլինի մեր միջև Եվայի մասին: Ես այժմ գիտեմ, թե ինչ կանեմ, և կապացուցեմ քեզ, որ ես, այնուամենայնիվ, գիտեմ կատարել իմ ընկերական պարտքը... Եվ, որովհետև Շահյանը մոտենալ անգամ չկամեցավ սեղանի վրա դրված փողի ծրարին, Բազենյանը վերցրեց այն և զոռով ուզեց դնել նրա ձեռքը: Շահյանը ձեռքերը ետևը տարավ և ետուետ քաշվեց: Ծրարն ընկավ հատակի վրա:

Վերցրու, թե չէ՝ վառարանը կգցեմ, — սպառնաց Բազենյանը:

Գցիր, բայց չեմ վերցնիլ:

Որպեսզի ինձ միանգամա՞յն ստորացրած լինես, — հարցրեց Բազենյանը չարագուշակ հանգստությամբ, նայելով նրան հոնքերի տակից:

Ո՛չ, որպեսզի ապացուցեմ, որ դու... անարդար ես, — եռանդով վրա բերեց Շահյանը:

Բազենյանն այլևս ոչինչ չասաց, նույն չարագուշակ հանգստությամբ կռացավ, վերցրեց փողի ծրարը և վճռական քայլերով դիմեց դեպի վառարանը, որի մեջ ճրթճրթում էր կրակը:

Նույն միջոցին Շահյանն առավ գլխարկը և դուրս փախավ սենյակից:

Երբ նա արդեն փողոցումն էր և քայլում էր սառած ձյունի վրա, նոր նկատեց, որ կրկնակոշիկները թողել է հյուրանոցում: Բայց ուշադրություն չդարձրեց այդ բանին և շշմած շարունակ կրկնում էր մեքենայաբար. Մի՞թե սխալվեցի, մի՞թե սխալվեցի... »: Այժմ չէր հիշում, թե ինչ ասաց իսկապես, որ Բազենյանն այնպիսի թափանցողությամբ հասկացավ իր ներքինը և ջախջախեց իրեն այնպիսի անողոք խստությամբ: «Անկարելի է, որ այդ էլ դերասանություն լիներ», — մտածում էր նա, մտապատկերելով փողի ծրարն այնպիսի համառությամբ վերադարձնելու տեսարանը:

17

Վերջին օրերը Եվան շատ անսիրտ և անկանոն կերպով էր պարապում ընկերուհիների հետ: Մի-երկու անգամ նույնիսկ հիվանդ ձևացավ և չընդունեց նրանց: Մինչդեռ գործին սկզբում կպել էր իր առաքինությանը հավատացող մոլեռանդ միսիոների եռանդով: Անընդհատ զրույց ու ծիծաղ սիրող, մշտատև շարժունության ու աղմուկի պետք զգացող այդ աշխույժ, այդ անհանգիստ աղջիկն այժմ դարձել էր լռակյաց, մենակյաց, անհամբեր և ջղային: Հոր սովորական կատակները նրան անտանելի էին թվում, իսկ երբ մայրը հոգացողությամբ հարցնում էր նրան, թե ինչ է պատահել, քիչ էր մնում լաց լիներ բարկությունից: Ինչ-որ տենդային անհանգստություն էր տիրել նրան: Տանը ոչ մի բանի վրա սիրտ չուներ. որևէ գործ կատարելիս ձգում էր կիսատ: Աշխենին գրելիք մի նամակ մի երես չգրած՝ պատռեց դեն ձգեց: Երեկոները նրա ականջը շարունակ դռան կողմն էր, և ամեն անգամ, երբ լսում էր դռան զանգի ձայնը, նրա սիրտը թրթռում էր ցնցողաբար: Նրա մտքերը, հակալ-հակալ ընկած հավերի նման, թռչում էին առարկայից առարկա և ոչ մի բանի վրա չէին կարողանում կանգ առնել:

Չափից դուրս տպավորվող բնավորություն ունենալով, Եվայի վրա միշտ խոր ազդեցություն էր ունենում առհասարակ այն ամենը, ինչ որ այսպես թե այնպես, ավելի կամ պակաս հերոսության կնիք էր կրում: Իր հեռացած եղբորը պաշտում էր ոչ այնքան նրա համար, որ նրա քույրն էր, որքան նրա համար, որ Արմենակի մեջ հերոս էր տեսնում: Եթե այնքան սիրում էր հորեղբոր աղջկան, պատկառում էր նրանից, այդ միայն նրա՛ համար, որ Աշխենը կամքի այնպիսի ուժ, հոգու ամրություն և կատարյալ անձնուրացություն էր ցույց տալիս: Իր չափազանց վառ երևակայությամբ Եվան արտասովոր իրականին միշտ իդեալական գույն էր տալիս: Ամեն ինչ, որ վեհ էր, կրկնակի մեծություն էր ստանում նրա աչքում: Բավական էր մի չնչին տպավորություն, այնուհետև երևակայությունն իր գործն էր տեսնում. ինչպես սերմը պարարտ հողի մեջ, այդ տպավորությունն աճում, զարգանում էր նրա հոգու մեջ արագորեն և կլանում նրա ամբողջ էությունը:

Այդ պատճառով, ահա, նա զերծ չէր մնացել Բազենյանի զորեղ ազդեցությունից: Այդ ազդեցության սաղմն ընկել էր նրա հոգու մեջ, անշուշտ, այն օրից, երբ Բազենյանն ազատեց նրա փոքրիկ եղբորը կառքի կատաղած ձիերի ոտների տակ ջարդվելուց, և այնուհետև աճել, գարգացել էր այն օրից, երբ ծանոթացավ այդ անվեհեր երիտասարդի հետ: Առաջին անգամն էր, որ նրա կուսական սիրտն սկսել էր բաբախել սիրո քաղցրատենչ զգացումով: Եվ թեպետ, ինչպես առհասարակ լինում է անդրանիկ սիրո գիտակցության առաջին օրերին, նա մի կողմից բնազդական անհասկանալի վախկոտությամբ ուզում էր չճանաչել այդ նոր զգացումը, կարծես այդ մի հանցանք լիներ, — այնուամենայնիվ, մյուս կողմից, երջանիկ ինքնամոռացությամբ, գողունի քաղցրությամբ, շոյում, փայփայում էր իր հոգու խորքում այդ նոր զգացումը, կարծես անգին մի գյուտ լիներ այդ, որի կորուստն անտանելի վիշտ պիտի պատճառեր իրեն:

Եվ այդ վիշտը, ավելի՝ քան կարծում էր, զգաց նա, երբ Շահյանից անսպասելի կերպով տեղեկացավ, որ Բազենյանը շուտով մեկնելու է: Գրեթե մի ամիս էր, որ չէր տեսել Բազենյանին, և այդ բանը առանց այն էլ մեծ կարոտ էր հարուցել նրա մեջ. իսկ այժմ նրան թվաց, թե այլևս երբե՛ք տեսնելու չէ իր սիրած երիտասարդին:

Այդ գիշեր քնել չկարողացավ և իսկապես այդ օրվանից զգաց, թե ո՛ր աստիճան գերել է Բազենյանն իր սիրտը: Հետևյալ առավոտյան չկարողացավ զսպել իրեն և հոր կողմից Բազենյանին գրած հրավիրատոմսի տակ ավելացրեց այն մի քանի խոսքը, որ կարդաց Շահյանը Բազենյանի մոտ գնացած ժամանակ: Բայց որքան մեծ եղավ նրա հուսահատությունը, երբ այդ օրը ոչ Բազենյանն եկավ և ոչ որևէ պատասխան ստացվեց նրանից: Սակայն ճաշին տուն եկած ժամանակ հայրը լուր բերեց, թե փողոցում հանդիպել է Բազենյանին: Բազենյանը շատ ներողություն է խնդրել, ասել է, որ մի շաբաթ դարձյալ Թիֆլիսումն է, որ չափազանց զբաղված է և անպատճառ կայցելի, հենց որ ազատ ժամանակ գտնի:

Այնուհետև անցավ դարձյալ մի երկու օր Եվայի համար անտանելի սպասողական դրության մեջ:

Բազենյանն այցելեց չորրորդ օրը, կեսօրից առաջ: Մարության ամուսինները տանը չէին: Փոքրիկ Սուրենը մանկապարտեզումն էր: Եվան մնացել էր մենակ և փակված էր իր սենյակում: Այդ ժամին նա ամենևին չէր սպասում Բազենյանին, այնպես որ, երբ աղախինը մտավ և հայտնեց հյուրի գալուստը, նա գունատվեց և սրտի հանկարծական ուժգին բաբախումից քիչ մնաց ուշագնաց լիներ:

Անցավ բավական երկար ժամանակ, մինչև որ կարողացավ տիրապետել իրեն: Նա վճռեց բոլորովին հանգիստ պահել իրեն և նախապես զգաց, որ անկարող է: Մինչև այժմ նրա բոլոր ցանկությունն այն էր, որ գեթ մի անգամ էլ տեսնի Բազենյանին, խոսի նրա հետ, այժմ գիտեր, որ այնտեղ, հյուրասենյակում, սպասում է իրեն իր ցանկալի երիտասարդը. սակայն ոչ մի ժամանակ այնպիսի անվստահություն, այնպիսի վախկոտություն չէր զգացել, ինչպես այժմ, երբ արդեն իր ցանկությունը կատարված տեսնելու համար մնում էր, որ մտնի հյուրասենյակ: Համ ուզում էր մտնել, համ չէ: Զգում էր, որ թե վախենում և թե ամաչում է Բազենյանից: Թվում էր նրան, թե Բազենյանն արդեն ամեն բան գիտե կամ իրեն տեսնելուն պես ամեն բան պիտի հասկանա, և այդ կասկածը կաշկանդում էր նրան: Նա փափագեց, որ հայրը կամ մայրը լինեին, որ ինքը մենակ չմնար Բազենյանի հետ: Նրան թվում էր, թե այնտեղ, հյուրասենյակում, սպասողն իր ծանոթ Բազենյանը չէ, այն Բազենյանը, որի հետ խոսել, վիճաբանել, նույնիսկ կատակներ է արել, այլմիանգամայն անծանոթ մի մարդ, ահարկու մի իշխանավոր, որի մի հատիկ խոսքից է կախված իր բախտը, իր ապագան, իր ամբողջ կյանքը:

Նա ձեռքերով կամաց շփեց դեմքը, մազերը շտկեց, կամաց, կարծես չկամենալով, վեր կացավ և դուրս գնաց, զգալով, որ սիրտը նորից սկսել է բաբախել արագորեն:

18

Հյուրասենյակում Բազենյանը կանգնած էր լուսամուտի առաջ և մտազբաղ հայացքով նայում էր դեպի դուրս: Վնասված ձեռքը տրագիկական հանգստությամբ հանգչում էր վզովը կախ արած սև շորի մեջ: Դռան բացվելու վրա, կարծես, հանկարծ սթափվեց իր մտահոգությունից և, արագ շուռ գալով, առաջ շտապեց դեպի Եվան:

Եվան կանգ առավ և ձեռքը լուռ մեկնեց նրան: Բազենյանը սեղմեց ձախ ձեռքով:

Ա՜խ, ինչ անհարմար է այսպես, — կամաց արտասանեց Եվան և թույլ կերպով ժպտաց. — ես աջ, դուք ձախ... Բազենյանը ոչինչ չասաց և գլուխը, հայտնի չէ ինչու, թեթև խոնարհեց: Լրջությունը չէր հեռանում նրա դեմքից:

Եվայի անձկալի հայացքն անվստահորեն թռավ նրա կարճ խուզած սևաթույր մազերի վրայով:

Ներեցեք, գուցե ձեզ սպասեցնել տվի, — ասաց նա: — Բայց ես փոքր-ինչ տկար եմ...

Այդ ես տեսնում եմ, — կամաց արտասանեց Բազենյանը, տխուր-մտախոհ հայացքով նայելով նրա դժգույն և բավական նիհարած դեմքին: — Եվ, ներեցեք, գուցե ես անհարմար ժամանակ եմ եկել, — ավելացրեց նա:

Ո՛չ, ո՛չ: Ընդհակառակը: Խնդրեմ նստեցեք: Այսօր բոլորովին մենակ եմ մնացել տանը: Լավ է, որ եկել եք: Փոքր-ինչ կխոսենք, — իր համար անսպասելի ազատությամբ շարեց իրար ետևից Եվան և նստեց բազկաթոռի վրա:

Следующая страница