Նար-Դոս՝   Մահը

Բազենյանը նույնպես նստեց, բայց նրանից բավական հեռու: Նրա բոլոր շարժումների մեջ տարօրինակ զգաստություն և լրջություն էր նկատվում:

Քանի օր է, մենք ձեզ սպասում էինք. Ինչո՞ւ չէիք գալիս, — հարցրեց Եվան:

Անցյալ օր պատճառը հայտնեցի ձեր հորը: Երկու ընկերներիս պատահած դժբախտությունն ինձ միանգամայն խառնել էր: Բանն այն է, որ ես էլ վտանգից ազատ չէի... Բայց այժմ, փառք աստծո, վտանգն անցած կարելի է համարել:

Եվան ուզում էր հարցնել, թե այդ ինչ վտանգ էր, բայց զարմանքով տեսնում էր, որ այլևս չի տիրապետում իրեն այնպես ազատ, ինչպես պարահանդեսի գիշերը ժողովարանի սրահում Բազենյանի հետ խոսելիս: Նրան շփոթում էր Բազենյանի աչքերի մեջ նկատվող տխուր մտահոգությունը և այն զգաստ-հանդարտ եղանակը, որով խոսում էր նա: Եվայի ուշադրությունից չէր վրիպել և այն հանգամանքը,, որ Բազենյանը նստել էր բավական հեռու:

Դուք ուզում էիք նամակ տալ ինձ ձեր եղբորը տանելու, — ասաց Բազենյանը: — Այժմ եկել եմ դրա համար, որովհետև այս օրերս գնալու եմ:

Գնալո՞ւ եք, — մեքենայաբար հարցրեց Եվան:

Ինձ հրամայված է ճանապարհվել վաղը: Բայց եթե վաղը չկարողացա, — մի գործ կա, որ դեռ չեմ վերջացրել, — մյուս օրն անպատճառ կճանապարհվեմ: Նամակը պատրա՞ստ է:

Նամա՞կ... Նամակը... — արտասանեց Եվան, զգալով, որ մտքերը խառնվում են գլխում, որ ինքն այդ միջոցին ամենևին չի հետաքրքրվում նամակով, որ ինքն ուրիշ բան ունի ասելու, որ այդ բանն ահագին կարևորություն ունի իր համար: Նա գիտեր, թե ինչ բան էր այդ, բայց չգիտեր, թե ինչպես պիտի արտահայտեր: Բազենյանի տարօրինակ լրջությունն ու վճռականությունը պարզապես շփոթել էին նրան: Նրա սիրտը պատռվում էր, որ Բազենյանն իր հեռանալու մասին խոսում էր այնքան անփույթ կերպով: Նրան թվում էր, թե Բազենյանը, իր առաջ նստած, հետզհետե հեռանում, անմատչելի է դառնում իրեն և շրջապատվում է ինչ-որ վեհ, ինչ-որ խորհրդավոր մշուշով, որի մեջ հանկարծ պիտի չքանա անհետ, իր տեղ թողնելով իր սիրելի, իր անձկալի և անշոշափելի ուրվականը միայն...

Եվան հուսահատական մի շարժում գործեց և ձեռքով սկսեց շփել ծնկները ջղաձգաբար: — Սպասեցեք, — ասաց նա, աշխատելով բռնի տիրապետել իրեն: — Մի՞թե դուք այլևս չեք հանդիպելու մեզ:

Հազիվ թե կարողանամ, օրիորդ:

Ուրեմն... Ուրեմն այս մեր վերջի՞ն տեսակցությունն է:

Ես կարծում եմ: Եվան այլևս չհասկացավ, թե ինչ է պատահում իրեն: Նրա գլուխը կարծես պտտվում էր տենդով բռնվածի պես: Մի բան ալեկոծում էր նրա ներսն ուժգնորեն և, կարծես, ուզում էր հանկարծ դուրս ժայթքել: Սաստիկ անհանգիստ, վեր կացավ, նստեց մի ուրիշ աթոռի վրա, մեջքը լուսամուտի կողմն անելով, և սկսեց աջ ձեռքով պինդ շփել ծնկան վրա դրած ձախ ձեռքի երեսը: Նրա դեմքն այժմ գտնվում էր ետևից ներս թափանցող լույսի հակառակ կողմը, կիսախավարի մեջ: Մազերը սանրած էր դեպի վերև և հավաքած գագաթի վրա, որից արտաքուստ ավելի հասակավոր կնոջ էր նմանում, քան նորատի մի աղջկա: Հրաշալի անբիծ սպիտակությամբ փայլում էր նրա երկայն վիզը, որ լիքը նստվածքով բարձրանում էր մոխրագույն հագուստի օձիքի միջից և այնտեղ, ուր մտնում էր մազերի մեջ, թուխ թավշի գույն ուներ:

Իսկ այնտեղից... Ե՞րբ եք վերադառնալու, — հարցրեց նա, ահագին ջանք գործ դնելով, որ խոսքի թելը չկորցնի:

Բազենյանը ժպտաց:

Դեռևս հարց է, օրիորդ, թե այլևս կվերադառնա՞մ արդյոք, — ասաց նա մելամաղձորեն:

Ինչպե՞ս...

Կրակի մեջ նետվողը կարո՞ղ է ասել, թե դուրս կգա այնտեղից ողջ և անվնաս... Եվան ցնցվեց, և նրա հայացքը քարացավ Բազենյանի տխրորեն ժպտող աչքերի մեջ:

Սպասեցեք... Ես ձեզ հասկանում եմ... Ուրեմն...

Ուրեմն էլ ի՞նչ: Նա, ով իր անձը նվիրում է այսպիսի մի գործի, չի կարող երաշխավորել իր վաղվա կյանքի համար, — վրա բերեց Բազենյանը շատ անփույթ կերպով, հետո հանկարծ վեր կացավ և ջղուտ քայլերով սկսեց անցուդարձ անել փափուկ գորգերի վրա: — Բայց մի բան ինձ սաստիկ զարմացնում է, — ասաց նա իրենից դժգոհ մարդու եղանակով: — Վերջին օրերս զարմանալի մելամաղձություն է տիրել ինձ, հակառակ կամքիս: Ես նախապաշարումներ չեմ ճանաչում և առավել ևս հեռու եմ միստիկականությունից: Բայց, չգիտեմ ինչու, վերջին օրերս, կարծեմ, համ նախապաշարված եմ դարձել, համ միստիկ: Աջ աչքս շարունակ խաղում է. ասում են` դա մահվան նշան է... Երեկ էլ մի երազ տեսա. ինչ-որ սև ու տձև ոգիներ, ագռավների նման, իջել էին մի մարդու դիակի վրա և չգիտես՝ հոշոտո՞ւմ էին, թե զմռսում... Իսկ նրանց գլխին, վերևում, օդի մեջ սավառնում էին, միշտ միևնույն շրջանակի մեջ պտտվելով, ուրիշ ոգիներ փոքրիկ ձյունափայլ թևերով և երգում էին զարմանալի ներդաշնակ մի երգ, որից ես հիշում եմ այս խոսքերը միայն. «Արյունը կարմիր, արյունը կարմիր միշտ սրբանում է, երբ թափվում է»:

Բազենյանը նայեց Եվային և կամաց ծիծաղեց:

Եվան նայում էր Բազենյանին, և նրա հայացքը անմիտ սարսափ էր արտահայտում:

Սրանք, իհարկե, գրգռված երևակայության արդյունք են, — շարունակեց Բազենյանը, — բայց զարմանալն այս է, որ մարդ որքան աշխատում է չհավատալ այդպիսի հիմար բաների, այնքան ավելի կաշկանդվում է դրանց ազդեցության տակ: Առաջ ես ամենևին չէի մտածում, թե պիտի մեռնեմ. բայց այժմ ինչ-որ նախազգացում, կարծես, շարունակ փսփսում է ականջիս, որ իմ մահը շատ շուտ պիտի լինի... Է՛հ, ի՞նչ անենք, — կարճ մտախոհ լռությունից հետո ավելացրեց նա անփութորեն և տխուր ժպիտով նայեց Եվային: — Ոչ հայր ունիմ, ոչ մայր, ոչ եղբայր, ոչ քույր, — ոչ ոք չունիմ, որ դարդ անի ինձ համար...

Եվան զգաց, որ մի բան հանկարծ վեր նետվեց սրտից դեպի կոկորդը և սկսեց խեղդել: Անհուն ցանկություն զգաց վեր թոչելու տեղից, ուղղակի փարվելու Բազենյանի վզին և աղաղակելու. «Անաստված, մի՞թե չես զգում, որ ես քո քույրն եմ. ավելի՝ քան քույրը... և չեմ թողնիլ, որ մեռնես...»: Բայց նա միայն մատներով ցնցողաբար սեղմեց աթոռի ծայրերը, կարծես աշխատելով պահել իրեն, որ այդպիսի խելացնոր բան չանի:

Վերջին ժամանակս հանկարծ ինձ շրջապատված եմ տեսնում այնպիսի անակնկալ և ծանր հանգամանքներով, որ մահը պարզապես ցանկալի է դարձել ինձ համար, — նորից խոսեց Բազենյանը մելամաղձորեն, շարունակելով անցուդարձ սենյակում, Եվայի առաջ, — Բայց մարդը, զարմանալի եսասիրական մի զգացում ունի, ուզում է իր ետևից թողնել գեթ մեկը, գեթ մի մերձավոր, մի սրտակից, որին իր մահով վիշտ լինի պատճառած: Եթե ես ունենայի այդպիսի մեկը, որ արտասուքի գեթ մի քանի կաթիլ թափեր գերեզմանիս վրա...

Բազենյանը լռեց, անցավ դեպի լուսամուտներից մեկը և ճակատը սեղմեց ապակուն:

Եվան զգում էր, որ եթե նա դարձյալ այդպիսի մի քանի խոսք արտասանի, այլևս չի կարող զսպել իրեն և անպատճառ կանի այն խելացնոր բանը, որը չանելու համար այնպես պինդ պահում էր իրեն աթոռի վրա, մատների մեջ ցնցողաբար սեղմելով աթոռի ծայրերը: Նա վախենում էր շարժվել տեղից և նայել ետևը, ուր կանգնած էր Բազենյանը: Նրան թվում էր, թե այնտեղից դարան մտած, կամաց-կամաց մոտենում է իրեն ահարկու, մի բան, որ հանկարծ վրա պիտի ընկնի և պիտի խլի, փախցնի իրեն փոթորկի պես ուժգնորեն... — Աշխարհիս երեսին երկու բան կա հզոր և ամենակարող` սերը և մահը, -հնչեց Եվայի ականջին Բազենյանի ձայնը ետևից այնքան հանգիստ և տխրագին, որ կարծես գերեզմանից էր հնչում: — Մի ամբողջ ամիս չէի գալիս ձեր տուն... և այսօր էլ չէի գալ, եթե... դուք չստիպեիք... և եթե չհամոզվեի վերջ ի վերջո, որ սիրո դեմ մաքառելը նույնքան անկարելի է, որքան և մահի դեմ: Այժմ որ եկել եմ, այլևս չեմ կարող զսպել ինձ և պիտի ասեմ, որ... սիրում եմ ձեզ...

Եվան մեկ վեր կացավ, բայց նորից նստեց, կարծես ուժ չունենալով ոտքի վրա կանգնած մնալու: Նրա ամբողջ մարմինը թրթռաց հրաշալի, խելագարեցնելու չափ հրաշալի մի ցնցումով: Շունչն իրեն քաշելով, նա տեղն ու տեղը մարեց, կարծես, մի հրաշալի երազ էր այն, որ իր ամենափոքր շարժումից անգամ կարող էր չքանալ:

Բազենյանը կամաց դարձավ Եվայի կողմը, մի րոպե ինչ-որ օտարոտի հայացքով նայեց պերճ վզին, հետո մի քանի քայլ արավ դեպի նա, բայց հանկարծ ճանապարհը ծռեց և անցավ դռան կողմը:

Ներեցեք, ես... ես գնում եմ, — ասաց նա:

Եվան վեր թռավ տեղից և ձեռքերը տարածեց դեպի նա:

Կացե՛ք...

Բազենյանն արագ ետ դարձավ:

Եվայի ձեռքերն ու գլուխն ընկան նրա ուսերի վրա: Ահա՛, վերջապես, այն ահարկու բանը, որ եկավ և հափշտակեց նրան փոթորկի ուժգնությամբ... Հանկարծ նա ցնցվեց և դուրս խլվեց Բազենյանի գրկից: Կարծես տենդի մեջ առավ Բազենյանի ձեռքը և դեմքն այնքան մոտեցրեց նրա դեմքին, որ նա զգում էր Եվայի տաք շնչառությունը:

Դու չես մեռնիլ, — շշնջաց Եվան, խիստ արագ շնչելով: Բազենյանը փորձեց նորից գրկել նրան, բայց նա թույլ չտվեց:

Դու չես մեռնիլ... Ասա` չէ:

Կմեռնեմ երջանկությունից...

Չե՛մ ուզում... Ասա՝ չէ՛:

Չէ:

Ինձ էլ կտանես հետդ... — Եվա:

Ասա՝ այո՛:

Այո:

Եվան շուռ եկավ, մեջքով կպավ Բազենյանի կրծքին և վիզը ձգեց նրա ուսի վրա: Անհուն երջանկության հրաշալի մի ժպիտ հանվում էր նրա կիսաբաց շրթունքների վրա և կիսախուփ աչքերի մեջ, որոնք նայում էին Բազենյանի աչքերին:

Բազենյանը էլեկտրականացել էր: Նա ինքն էլ չիմացավ, թե ինչպես ետևից գրկեց Եվայի իրանն և, գլուխը կամաց-կամաց առաջ տանելով, շրթունքները պինդ սեղմեց նրա ծնոտի տակ...

... Հանկարծ Եվան ճչաց և դուրս պրծավ նրա գրկից այնպիսի սաստկությամբ, որ Բազենյանը մի երկու քայլ ետ մղվեց: Նա կանգ առավ դողալով և նայեց Բազենյանի աչքերին չռած աչքերով: Եվ նկատեց այնտեղ ինչ-որ անծանոթ, ինչ-որ սարսափելի մի բան, որ կարծես խլել էր նրանից այն ամենը, ինչ որ մարդկային է... Եվային թվաց, թե իր աչքերի առաջ մի րոպեի մեջ հրաշք կատարվեց, ահավոր մի հրաշք, որով կրթված մարդը հանկարծ իջել էր մինչև վայրենու աստիճանը, որով բնական արարածը գազան էր դարձել... Բնազդական սոսկումով նա ետուետ գնաց անգիտակցաբար և քիչ մնաց, որ նորից ճչա, որովհետև նրան թվաց, թե այդ գազանն ուզում է հարձակվել իր վրա և, եթե հարձակվի, այլևս փրկություն չկա...

Նա շուռ եկավ և խելագարի պես դուրս վազեց սենյակից:

Բազենյանն ուշքի եկավ և վախեցած նայեց չորս կողմը. կարծես մեկը դարան լիներ մտած սենյակում և, հանկարծ դուրս պրծնելով պիտի հարձակվեր իր վրա: Հետո հանգստությամբ ուղղեց փողկապը և դիմեց դեպի դուրս: «Շտապեցի... շատ շտապեցի...», — մտածում էր նա մեքենայաբար, նախասենյակում վերարկուն և կրկնակոշիկները հագնելիս:

Դուրսը, փողոցում, հենց դռան մոտ հանդիպեց Թեկլեն, որը տուն էր գալիս:

Ա՜խ, դուք եկել եք, վերջապես, — բացականչեց նա ուրախացած:

Ես գնում եմ, տիկին, — վրա բերեց Բազենյանը ժպտալով:

Գնում ե՞ք... ի՞նչ եք ասում:

Օրիորդը տկար է, չուզեցի անհանգստացնել և բացի դրանից, ժամը երկուսին անպատճառ պետք է լինիմ մի տեղ, իսկ այժմ (Բազենյանը նայեց ժամացույցին) երկուսից քառորդ պակաս է:

Դե, ներս եկեք, լավ: Ամուսինս էլ շուտով կգա: Ճաշին կմնաք մեզ մոտ:

Հավատացնում եմ, տիկին, չեմ կարող: Այժմ չեմ կարող, ոչ մի պայմանով: Կաշխատեմ գալ երեկոյան. իսկ եթե երեկոյան չկարողացա գալ, կգամ վաղն անպատճառ: Մի քանի օր դարձյալ այստեղ եմ:

Թեկլեն թախանձեց, որ անպատճառ գա, ասաց, որ իրենց որդուն տանելիք նամակն ահագին կարևորություն ունի իրենց համար, և մեծ անհանգստությամբ սկսեց գանգատվել, որ երկար ժամանակ է նրանից ոչ մի տեղեկություն չունին:

Բազենյանը նորից խոստացավ, որ անպատճառ կգա և, բաժանվելով տիկին Մարությանից, շտապով հեռացավ:

«Շտապեցի... շատ շտապեցի», — շարունակ կրկնում էր նա մտքումը Եվայի հետ ունեցած իր վարմունքի մասին:

19

Թեկլեն աղջկան գտավ իր սենյակում չափազանց տարօրինակ դրության մեջ: Եվան նստած էր աթոռի վրա և, կարծես, սառել էր նստած տեղը: Դեմքը սպիտակել էր քաթանի պես: Չռած աչքերի մեջ դեռևս նկատելի էին սարսափի հետքերը: Կուրծքը նկատելի կերպով բարձրանում ու ցածրանում էր, կարծես վազել էր երկար տեղ ու այժմ հազիվ էր շունչը ետ բերում: Դռան բացումը երկյուղի զորեղ ցնցում պատճառեց նրան:

Ե՛վա, ի՞նչ է պատահել քեզ, — կանչեց մայրը վախեցած:

Եվան իր չռած աչքերով նայեց մորը, մի րոպե ոչինչ չկարողացավ արտասանել, հետո շատ հանգիստ ձայնով պատասխանեց.

Մի վախենար, մայրիկ, ոչինչ չկա. հանկարծ վատ դառա:

Նրա խաղաղ ձայնը բավական հանգստացրեց մորը: Մայրը նկատեց սակայն, որ նրան առանց լուրջ բժշկության թողնել անկարելի է, որ այդ բոլորը կառքի կատաղած ձիերից վախեցած լինելու հետևանքն է և, վերջ ի վերջո, ստիպեց աղջկան, որ պառկի: Եվան անխոս հնազանդվեց մորը և պառկեց: Նա ուզում էր, որ մայրը շուտով հանգիստ թողնի իրեն, որպեսզի կարողանա կարգի դնել իր մտքերն ու զգացումները, որոնք մի կատարյալ քաոս էին կազմում նրա մեջ:

Բայց և այնպես, մոր դուրս գնալուց հետո էլ Եվան երկար, շատ երկար ժամանակ չէր կարողանում կատարելապես ուշքը գլուխը ժողովել: Այնտեղ` հյուրասենյակում կատարված իրողությունն իր վերջաբանով հիմն ի վեր ցնցել էր նրա հոգեկան աշխարհը: Այդ բոլորն այնքա՛ն անսպասելի էր նրա համար, նրա մտքից այնքա՛ն հեռու էր Բազենյանի հետ ունեցած խոսակցության վերջաբանը, որ նա կասկածում էր, թե չլինի՞ այդ բոլորը երազի պես մի բան էր միայն, այլ ոչ կատարված իրողություն: Այդ կասկածն այնքան ավելի բնական էր թվում նրան, որքան երազ համարած իրողությունը, անսպասելի լինելով հանդերձ, կատարվել էր արագ, գրեթե վայրենաբար: Մինչև այժմ էլ նա, կարծես, զգում էր Բազենյանի ծանր, սարսափ ազդող տաք շնչառությունն իր ծնոտի տակ... Նա ձեռքը քսեց ծնոտի տակ և նոր զգաց, որ ցավում է այդտեղ: Վեր կացավ, նայեց հայելու մեջ և տեսավ, որ ծնոտի տակ, Բազենյանի շրթունքների կպած տեղը կարմրել էր և նույնիսկ ատամների հետքեր է կրում: Սակայն Եվայի վրա ամենից ավելի սարսափ էին բերել Բազենյանի աչքերը, առաջվա այն գեղեցիկ, մտախոհ, թախծալի աչքերը... Եվային թվաց, որ երբ շները կատաղում են, նրանց աչքերն էլ այդպես են փոխվում ...

Սիրո, մանավանդ իր սիրո մասին Եվան չափից դուրս վեհ և անպայման մաքուր գաղափար ուներ, որպեսզի կարողանար հաշտվել Բազենյանի աչքերի մեջ նկատված փոփոխության հետ, — մի փոփոխություն, որ ամեն անգամ մտապատկերելիս բնազդական դող էր զգում մարմնի մեջ... Եթե նա սիրել էր Բազենյանին, եթե իր անարատ սիրտը նվիրել էր նրան, դրա պատճառն ա՛յն էր միայն, որ Բազենյանի մեջ մսից և արյունից կազմված մարդ չէր տեսել, այլ գերբնական մի արարած, մի իդեալ, որի մեջ տեղ չպիտի ունենար ախտաբանական մարդը... Եվան նոր էր մտածում, որ այդ թերևս շատ անհեթեթ մի պահանջ էր իր կողմից, թերևս այդպիսի մարդ չկա աշխարհիս երեսին, որովհետև չի կարող լինել, որովհետև մարդը, ինչքան էլ որ այս կամ այն կերպ իդեալ ներկայանա, էլի նույն մսից ու արյունից կազմված մարդն է, բայց սիրո սրբագործող աշխարհում, որ նույնքան անիմանալի է, որքան և աստվածային էությունը, մարդու մեջ, Եվայի կարծիքով, իսպառ պիտի ոչնչանար անասնականը և շնայինը, կամ գոնե այդ անասնականն ու շնայինը պիտի ստանար աստվածային պատկերը կրող արարածին վայել ամենաբարձր, խելացի արտահայտումն: Իր միամիտ անմեղությամբ Եվան հավատում էր սիրո սրբագործող այդ զորությանը, և որքան մեծ էր այդ հավատը, այնքան սարսափելիհիասթափությունը: Նա տեսավ, որ ժամանակակից քաղաքակիրթ մարդը սիրո, թերևս ավելի` քան ուրիշ բանի մեջ նույնն է, ինչ որ նախատիպ մարդն իր ամենակոպիտ բնազդով... Եվան փշաքաղվում էր, արյունը սառում էր նրա երակների մեջ, երբ մտածում էր, թե որքան զզվելիև սոսկալի էր այդ նախատիպ մարդը: Նա ավելի շատ կհամաձայներ մեռնել, քան թույլ տալ, որ այդ գազանացած մարդը վիրավորեր ու անարգեր այն սրբությունը, որ կրում ու փայփայում էր իր սրտի մեջ սիրո անունով...

Սակայն դրանք ծանր տպավորության առաջին ծանր րոպեներն էին, — րոպեներ, երբ նրա ուղեղը գործում էր գրգռված ջղերի ազդեցության տակ, գործում էր ուժգնապես լարված մեքենայի նման և միշտ միևնույն ուղղությամբ: Այնուհետև, երբ նա կամաց-կամաց հանգստացավ և սկսեց մտածել սառն ուղեղով, տեսավ, որ իր վարմունքն իսկապես շատ օտարոտի, շատ զարմանալի էր: Բազենյանը իր սիրելին էր, իր անձկալին. ամբողջ օրերով միմիայն նրա մասին էր մտածում, միմիայն նրան էր ցանկանում. նույնիսկ պատրաստ էր թողնել ծնողներին, թողնել տունը, ամենքին և ամեն բան և գնալ նրա հետ`ուր որ կտաներ, — և այդ բոլորից հետո հանկարծ...

Եվան դեմքը ծածկեց ձեռքերով, կարծես մեկը ներկա յիներ, որ կարող էր տեսնել իր ամոթը...

20

Բազենյանը, հակառակ Թեկլեին արած իր խոստմանը, չեկավ ոչ այդ օրն երեկոյան և ոչ հետևյալ օրը: Այսուհետև անցավ դարձյալ երկու օր, և նա դարձյալ չերևաց: Այդ բանը շատ տարօրինակ էր թվում Մարության ամուսիններին: Ուրիշ պատճառ չգտնելով իրենց բարեկամի այդ վարմունքը բացատրող, նրանց մնում էր ընդունել, որ Բազենյանն իսկապես ժամանակ չի գտնում իրենց այցելելու:

Կամ, գուցե, արդեն գնացե՞լ է, — հարցրեց Մարությանն աղջկան: — Անցյալ օր որ եկավ, ի՞նչ ասաց, ե՞րբ էր գնալու:

Ասաց, որ եթե հետևյալ օրը չէ, երրորդ օրն անպատճառ պետք է ճանապարհ ընկներ, — պատասխանեց Եվան բոլորովին հանգիստ կերպով:

Իսկ ինձ ասաց, թե մի քանի օր դարձյալ մնալու է այստեղ, — ասաց Թեկլեն:

Սպասիր: Երրորդ օրն երեկ էր, ուրեմն արդեն գնացել է, — բացականչեց Մարությանը: — Այս բանից ես ոչինչ չեմ հասկանում, ճշմարիտ: Ուրիշ ոչինչ չլինի, գոնե մեր խոստացած փողը պետք է ընդուներ. դրա համար էլ չեկավ: Ասենք, այդ կողմից ես անքաղաքավարի եղա. պետք է փողն անմիջապես ուղարկեի իրեն: Բայց ախր... Չէ՛, անկարելի է. դեռ գնացած չի լինիլ: Պետք է ինքս անձամբ գնամ նրա մոտ: Նամակն, երկու օր է, մնում է գրպանումս: Փողն էլ ինքս անձամբ կտանեմ կտամ:

Ա՜խ, նամակը, — արտասանեց Թեկլեն հուսահատորեն: — Երանի գոնե այդ նամակը հասնի Արմենակիս, և մի պատասխան ստանանք նրանից...

Ես իսկույն գնում եմ Բազենյանի մոտ, — ասաց Մարությանը, վճռապես վեր կենալով տեղից: — Եվա, ուզո՞ւմ ես, դու էլ արի:

Ոչ, ես չեմ գալ:

Զբոսնելով կգնանք, ի՞նչ կա որ: — Չէ, հայրիկ, չեմ կարող:

Դե, գնա, է՛լի, — ասաց մայրն աղջկան: — Մի քիչ պարզ օդ կծծես: Քանի՜ օր է, տանից դուրս չես գնացել:

Ի՞նչ անենք որ:

Ա՛յն անես, որ տե՛ս ինչ ես դարձել, — զայրացած վրա բերեց Թեկլեն: — Չեմ հասկանում, այս վերջին օրերն ինչ է պատահել քեզ: Մեկ նայիր հայելում, տես ինչ ես դարձել: Եղբորդ հոգսը բավական չէ, մի հոգս էլ դու դարձիր գլխիս:

Եվան ոչինչ չպատասխանեց մոր այդ հանդիմանական խոսքերին:

Այն հանգամանքը, որ Բազենյանը վերջին տեսակցությունից հետո խոստացել էր գալ և չէր գալիս և, գուցե արդեն հեռացել էր Թիֆլիսից, սաստիկ մտատանջում էր Եվային: Նրա մեջ բոլորովին չքացել էր այն սարսափը, որ ազդել էր նրան Բազենյանի աչքերի մեջ նկատած փոփոխությունը. կարծես մի ծանր երազ լիներ այդ, որի ազդեցությունն անցել էր ժամանակի հետ: Այժմ Բազենյանը ներկայանում էր նրան դարձյալ առաջվա նման իր անդիմադրելի գրավչությամբ. այժմ այդ երիտասարդն ավելի ևս անձկալի էր, թերևս այն պատճառով, որ Եվան հույս չուներ, թե երբևիցե այլևս պիտի տեսնի նրան: Եվ այդ բանում Եվան մեղքը լիովին իր վրա էր առնում. իր անփորձության մեջ, լոկ րոպեի ազդեցության տակ դեն հրեց իրենից այն երիտասարդին, որին սիրում էր և որը նրան էր սիրում. իր օտարոտի վարմունքով սիրած երիտասարդին կորցրեց ընդմիշտ իր համար, միևնույն ժամանակ կորցնելով իրեն նրա համար: Եվան երևակայում էր, թե ինչքան զարմացած պիտի լիներ Բազենյանն իր վարմունքից, որ այժմ իր համար անհասկանալի էր մնում: Բազենյանն անշուշտ վիրավորվեց և հենց այդ պատճառով չեկավ, որ նրան գեթ իր վերջին հրաժեշտը տա:

Որքան շատ էր մտածում Եվան այս մասին, այնքան ավելի անկեղծ զղջմունքը կրծում էր նրա սիրտը: Այդ զղջմունքն երբեմն այն աստիճան էր հասնում, որ իրեն պատրաստ էր զգում ընկնելու Բազենյանի ոտները և ներողություն խնդրելու նրանից, եթե միայն Բազենյանին մի անգամ էլ տեսնելու լիներ:

Բայց ո՞րտեղ էր Բազենյանը: Եվան գրեթե համոզված էր, որ նա անպատճառ արդեն հեռացել էր: Եվ այժմ, երբ մերժում էր հոր հետ Բազենյանի մոտ գնալ, մերժում էր ոչ թե այն պատճառով, որ վերջին անցքից հետո ամաչում էր Բազենյանի աչքին երևալուց, այլ նրա՛ համար միայն, որ իր մեջ քաջություն չէր զգում անձամբ համոզվելու, որ նա իսկապես հեռացել է: Այդ արդեն խիստ մեծ հարված կլիներ նրա համար, դրանով իսպառ պիտի փշրվեր հուսո այն վերջին նշույլը, որ դեռևս առկայծում էր այնտեղ, սրտի խորքում թաքնված: Սակայն միևնույնը չէ՞ր, խո արդեն համոզված էր, որ Բազենյանն այլևս Թիֆլիսում չէ. սխալն արդեն գործված էր և այլևս ոչ մի կերպ չէր կարելի ուղղել. ավելի լավ չէ՞ր, որ միանգամից վերջ դներ իր անտանելի դրությանը: Եվ Եվան հանկարծ հուսահատական մի քաջություն զգաց իր մեջ, այնպես, որ երբ հայրը նորից առաջարկեց, որ միասին գնան Բազենյանի մոտ, նա համաձայնեց:

«Միանգամից, միանգամից... ինչի՞ց եմ վախենում...», — մտածում էր նա, երբ հոր հետ անցնում էր սառած ձյունով ծածկված փողոցներով:

Նոր երեկոյանում էր: Ձմեռային կարճատև օրվա անզոր արևը դժգույն երկնքի վրա արդեն բոլորովին թեքվել էր դեպի արևմուտք և անփայլ, թառամած ճառագայթներով ներկում էր բարձր շենքերի կտուրներն ու տերևաթափ ծառերի կատարները: Օդը շարժվում էր անախորժ սառնությամբ: Ցուրտը կրծում էր մարդու ականջներն ու քիթը:

Ուզո՞ւմ ես սահնակ նստենք, Եվա, — հարցրեց հայրը: — Ոչ, ոտով ավելի լավ է, — ասաց Եվան, չնայելով, որ եղանակը սաստիկ անախորժ էր թվում նրան: Նրա ծնոտները թեթև դողդողում էին:

Գրազ կգամ, որ Բազենյանը դեռ այստեղ է, — բացականչեց Մարությանը, երկար տեղ լուռ քայլելուց հետո: — Առանց ինձ տեսնելու անկարելի է, որ գնար:

Եվան ոչինչ չպատասխանեց: Հիրավի, եթե Բազենյանն իսկապես դեռ գնացած չլիներ և այդ րոպեին էլ տանը լիներ, ինչպե՞ս պիտի հանդիպեր նրան, ի՞նչ երեսով պիտի ներկայանար նրան: Եվան նոր մտածեց այդ մասին և զգաց, որ այդ հանդիպումը չափազանց ծանր պիտի լիներ իր համար: Մի րոպե նա կանգ առավ սաստիկ տատանման մեջ և ուզեց հորն ասել, որ ուզում է տուն դառնալ, բայց ոչինչ չասաց և հոր հետ շարունակեց ճանապարհը: «Ավելի լավ, — մտածեց նա. — կհասկանա, որ ես զղջացել եմ վարմունքիս համար, և այլևս նեղանալ ինձնից»:

Հիրավի, երբ հայր ու աղջիկ հասան «Լոնդոն» հյուրանոց, և Մարությանը դռնապանին հարցրեց, թե Բազենյանն արդեն հեռացե՞լ է Թիֆլիսից, դռնապանը պատասխանեց, որ Բազենյանը դեռևս բնակվում է հյուրանոցում, բայց այդ րոպեին տանը չէ:

Չասացի՞, չասացի՞, — բացականչեց Մարությանն ուրախացած, դառնալով աղջկան: — Գիտեի, ախր, որ առանց ինձ տեսնելու չէր գնալ: Բայց այս լավ չէ, որ հիմա տանը չէ: Ի՞նչ անենք:

Այն միջոցին, երբ Մարությանը փոփոխակի նայում էր մերթ դռնապանին, մերթ աղջկան, մտածելով, թե ինչ անի, մի կառք դղրդալով մոտեցավ և կանգ առավ հյուրանոցի դռան առաջ:

Եվան դռան ապակու միջից դուրս նայեց և դողաց: Կառքի մեջ նստած էր Բազենյանը: Նա արագ իջավ կառքից և շտապ քայլերով դիմեց դեպի դուռը:

Ահա՛ ինքը, — բացականչեց դռնապանը և շտապեց դուռը բանալ նրա առաջ:

Բազենյանը մտավ մուշտակի կոճակները բաց և մոխրագույն մորթե գլխարկը ճակատից փոքր-ինչ ետ գցած: Դռների մոտ տեսնելով Մարությանին ու Եվային, հանկարծ կանգ առավ, ըստ երևույթին, խիստ ապշած: Պարզ երևում էր, որ այդ հանդիպումը միանգամայն անսպասելի էր նրա համար:

Ա՜, պարոն Բազենյան, — բացականչեց Մարությանը խիստ ուրախացած: — Տեսնում եք: Մենք եկել ենք ձեզ մոտ, իսկ դուք տանը չեք: Ի՜նչ լավ արիք, որ եկաք, թե չէ՝ մտածում էի, թե ինչպես անենք, որ ձեզ գտնենք:

Մի՞թե ես արժանի եմ այդ պատվին, — արտասանեց Բազենյանը փոքր-ինչ խանձված ձայնով և սեղմեց Մարությանի ձեռքը վերին աստիճանի զսպած քաղաքավարությամբ: Այնուհետև առանձին հարգանքով դարձավ դեպի Եվան, առանց նայելու նրան, խոնարհ գլուխ իջեցրեց` գլխարկը ձեռքին:

Եվան անհամարձակությամբ նայեց նրա վայր թողած աչքերին մեքենայաբար ձեռքը մեկնեց նրան:

Բազենյանն արագ մի քայլ առաջ դրեց և նույն զսպած քաղաքավարությամբ սեղմեց նրա ձեռքն էր: Այդ միջոցին Եվան ակամա ուշադրություն դարձրեց այն բանի վրա, որ Բազենյանն իր ձեռքը սեղմեց վնասված աջ ձեռքով, թեև սև շորը դեռևս կախված էր վզից: Այս անգամ Բազենյանն այնքան մոտ էր Եվային և գլուխն այն աստիճան խոնարհել էր ուղղակի նրա քթի տակ, որ Եվային թվաց, թե ինչ-որ քացախած հոտ առավ նրա բերանից:

Մարությանն սկզբից զարմացած էր մնացել նրա զսպած ընդունելության վրա և հետաքրքրությամբ դիտում էր նրան. հետո նրա ծանր շնչառությունից տեսավ, որ նա արբած է և աշխատում է այդ բանը ծածկել:

Եղբայր, այս ի՞նչ եք անում, — ասաց նա ժպտալովխոստանում եք, թե կգաք և չեք գալիս: Կարծում էինք, թե արդեն գնացել եք:

Լիովին զգում եմ հանցանքս և հազար ներողություն եմ խնդրում, — ասաց Բազենյանը նույն խանձված ձայնով: — Պատճառ ունեի, իհարկե, մի շատ հարգելի պատճառ, որ խոստումս չկատարեցի... չկարողացա կատարել... և չէի կարող կատարել...

Եվ ի ՞նչ էր այդ պատճառը:

Այդ պատճառը, — արտասանեց Բազենյանը և առաջին անգամ, բայց մի վայրկյան միայն, նայեց Եվային, որը իսկույն հասկացավ նրա միտքը և աչքերը վայր թողեց շփոթված: — Պատճառը... Շատ ցավում եմ, պարոն Մարության, որ պատճառը չպիտի կարողանամ հայտնել...

Ուրեմն, ներողություն անտեղի հետաքրքրությանս համար, — արագ վրա բերեց Մարությանը: — Ես, իհարկե, այն մտքուվ չհարցրի պատճառը, որ ձեր գաղտնիքներն իմանամ, բայց... Մենք շատ սպասեցինք ձեզ: Երկու օր է, որ նամակը փտում է գրպանումս: Եվ եթե գիտենայիք, թե որքան երախտապարտ պիտի լինինք ձեզ, եթե այդ նամակը հասցնեք մեր որդուն:

Ես միշտ պատրաստ եմ, պարոն Մարության, իմ ծառայությունը մատուցելու ձեզ: Անցյալ օր հենց այդ նամակի համար էլ եկա էլի ձեր տուն, բայց դուք, դժբախտաբար, տանը չէիք: Ես երեկ պիտի ճանապարհվեի, բայց մի քանի անակնկալ հանգամանքներ պահեցին ինձ այստեղ: Ամենայն հավանականությամբ, կմեկնեմ վաղը չէ մյուս օրը, և իմ պարտքս կլինի ամենից առաջ տեղ հասցնել ձեր նամակը: Բայց ի՞նչ ենք կանգնել այստեղ: Խնդրում եմ, պատվեցեք թափառաշրջիկիս ժամանակավոր օթևանը ձեր ներկայությամբ:

Գնանք, Եվա, — ասաց Մարությանը դիմելով դեպի վեր:

Եվան մի վայրկյան տատանվեց և հետևեց հորը: Իսկ Բազենյանը ձեռաց հանեց կառքի փողը, տվեց դռնապանին, որ կառքը ճանապարհ ձգի, »և վազեց նրանց ետևից: Սանդուղքի առաջին աստիճանների վրա հասավ Եվային և սկսեց բարձրանալ նրա հետ կողք-կողքի: Երկուսն էլ ոչ մի խոսք չարտասանեցին: Եվան դարձյալ զգաց նրա բերնից փչող քացախած հոտը և այդ հոտն այս անգամ այնքան անախորժ թվաց նրան, որ նա մի քանի վայրկյան ակամա պահեց շնչառությունը:

Բազենյանը բաց արեց իր սենյակի դուռը և Մարությանին ու Եվային ներս հրավիրեց:

Ուրեմն վաղը չէ մյուս օրն եք գնում, — ասաց Մարությանը, կողք-կողքի նստելով աղջկա հետ:

Այո: Վաղը չէ մյուս օրն անպատճառ, — արտասանեց Բազենյանը, ծանր շնչելով:

Նա հանեց մուշտակը և ձգեց աթոռի մեջքին: Մուշտակի ծոցի գրպանից դուրս պրծավ մի ինչ-որ լրագիր, նամակի ծրարի չափ ծալված և, բացվելով, ընկավ հատակի վրա: Եվան նստած տեղից կարդաց վերնագիրը և տեսավ, որ արտասահմանում հրատարակվող հեղափոխական թերթերից մեկն է:

Դուք ստանո՞ւմ եք այդ թերթը, — հարցրեց նա, հարմար առիթ գտնելով խոսելու, որովհետև զգում էր, որ իր ակամա լռությունն արդեն չափից դուրս աչքի է ընկնում:

Այո, օրիորդ: Ես էլ որ չստանամ, հապա էլ ո՞վ պիտի ստանա, — ասաց Բազենյանը և թերթը վերցրեց հատակից: — Եթե հետաքրքրվում եք, կարող եք վերցնել կարդալու: Վերջին համարն է, նոր ստացա:

Եթե դուք արդեն կարդացեք եք...

Ոչ, դեռևս ժամանակ չեմ ունեցել կարդալու: Բայց այդ միևնույն է. ինձ համար այստեղ հազիվ թե որևէ նորություն լինի, որովհետև բոլոր տեղեկություններն ես ստանում եմ, այսպես ասած, առաջին ձեռքից և ավելի մանրամասնորեն, խնդրում եմ, վերցրեք:

Եվան առավ թերթը, ծալեց և վերարկուի գրպանը դրեց:

Հա՛, մոռացա. այդ համարից երկու օրինակ ունեի, — ասաց Բազենյանը և սկսեց քրքրել գրպանները: — Ո՞րտեղ դրի... Ահա գտա:

Նա հանեց նույնչափ ծալված մի ուրիշ թերթ, ձգեց սեղանի վրա և նստեց:

Ուրեմն, առանց մեզ այցելելու էլ պիտի գնայիք, — դարձավ առաջվա խոսակցությանը Մարությանը:

Մի՞թե այդ կարելի էր, երբ խոսք էի տվել, որ ձեր հանձնարարությունը պիտի կատարեմ ամենայն պատրաստակամությամբ, — ասաց Բազենյանը: — Ձեզ մոտ պիտի գայի այս երեկո, բայց դուք կանխել եք և ինքներդ եք եկել ինձ մոտ, որով մեծ պատիվ եք արել ինձ:

Մենք, դժբախտաբար, ոչ ոքի պատվել չգիտենք, բացի նեղություն տալուց, — վրա բերեց Մարությանը բարեսիրտ կատակով: — Ահա այս այն նամակը, որ պիտի հանձնեի ձեզ: Այս էլ, ահա, այն գումարը, որ խոստացել էի նվիրաբերել ձեր և մեր ամենիս սիրած գործին...

Եվ Մարությանը նամակի ծրարի հետ սեղանի վրա դրեց մի ուրիշ հաստ ծրար:

Զարմանալի ներգործություն ունեցավ այդ հաստ ծրարը Բազենյանի վրա: Մինչև այժմ նա իրեն պահում էր բավական զգաստ և, եթե ծանր շնչառությունն ու բերնից փչող գինու անտանելի հոտը չլիներ, դժվար կարելի էր իմանալ, թե նա խմած է: Բայց այժմ, սեղանի վրա տեսնելով փողի հաստ ծրարը, նրա աչքերր վառվեցին տարօրինակ կրակով, և այդ կրակը, կարծես, հանկարծ լուսավորեց նրա ներսը մի մութ աշխարհ...

Следующая страница