Նար-Դոս՝   Մահը

Եվան նայեց նրա աչքերին և աթոռն ակամա մոտ քաշեց հորը: Նրան թվաց, թե իր առաջ նորից տեսնում է այն Բազենյանին, որին տեսավ իրենց վերջին տեսակցության վերջին րոպեին: Նա շրջեց դեմքը, որպեսզի չտեսնի Բազենյանի աչքերը: Այդ սևաթույր ու կրակոտ աչքերը, որոնք զարմանալի ընդունակություն ունեին վայրկենաբար ամենածայրահեղ հակադիր զգացումներ արտահայտելու, փոփոխակի, շատ օտարոտի տպավորություն էին թողնում Եվայի վրա. դրանք թե գրավում էին նրան վերին աստիճանի և թե սարսափեցնում: Այդ աչքերը պարզապես տանջում էին Եվային, մանավանդ այն ժամանակ, երբ Բազենյանը նայում էր նրան լուռ ու անթարթ, հիպնոսահարողի պես:

Փողի հաստ ծրարը տեսնելուց հետո Բազենյանն այլևս չկարողացավ զսպել իր մեջ գինու եռացող շոգու ուժը, և այդ ուժն այժմ, ազատ զգալով իրեն, սկսեց դուրս ժայթքել մի երկար շարք ճռճռան ֆրազների մեջ հայրենիքի աղետների մասին... Երբեք Բազենյանը չէր խոսել այնպես ազատ, համարձակ և ոգևորված, ինչպես այժմ, թեև նրա ձայնը հետզհետե ավելի ու ավելի խանձվում էր, այնպես որ երբեմն ինչ-որ անորոշ խռպոտ հնչյուններ էին լսվում միայն: Նրա դեմքը կարմրել էր, աչքերը պլպլում էին անմիտ, անախոժ փայլով և նրանց տակը ծածկել էին քրտինքի մանրիկ կաթիլներ: Այն հանգամանքից, որ իր երկար ճառախոսության ժամանակ Մարությանն ու Եվան լռել էին ակամա և լսում էին նրան, նա, ըստ երևույթին, կարծում էր, թե կատարելապես տիրել է նրանց ուշադրությանն ու զգացումներին, ուստի ավելի ևս ազատություն էր տալիս իր խոսքերին, թեև այլևս հաշիվ չէր տալիս իրեն, թե ինչ է ասում...

Այնինչ հայր ու աղջիկ, ապուշ-ապուշ նայելով նրա այլանդակված դեմքին, այդ ժամանակ ճնշվում էին միևնույն անախորժ զգացման տակ: Այդ այն զգացումն էր, որ պաշարում է լուրջ մարդկանց, երբ նրանք ստիպված են լինում լսել արբած մարդու անկապ, համառ շատախոսությունը, օդի մեջ շնչել նրա բերնից արտադրվող գինու անտանելի քացախած հոտը, և, շարունակ լռելով, ա՛յն են մտածում միայն, թե ինչպես անեն, որ հեռանան նրանից, հեռանան այնպես, որ նա չհասկանա (արբած մարդիկ խիստ կասկածոտ են լինում), թե իրենք փախչում են նրանից:

Երբ Բազենյանը, կարծես հոգնելով, փոքր-ինչ խաղաղեց, Մարությանը շտապեց վեր կենալ: Նրա հետ վեր կացավ և Եվան, որին հասկանալի և անդիմադրելի մի նոր զգացում թելադրում էր շուտով դուրս փախչել այդտեղից դեպի ազատ օդ:

Շատ ցավում եմ, պարոն Բազենյան, որ մենք երկար չպիտի կարողանանք մնալ ձեզ մոտ, — ասաց Մարությանը և, որպեսզի նա չկարծի, թե իրենք փախչում են նրանից, որովհետև նա արբած է, շտապեց ավելացնել: — Մենք այս րոպեիս մի տեղ պիտի գնանք մի շատ հարկավոր գործի համար... Բայց հատկապես խնդրում ենք, որ մեկնելուց առաջ մի անգամ ևս հանդիպեք մեզ: Կգա՞ք:

Կգամ, — արտասանեց Բազենյանը բոլորովին հոգնած ձայնով և կանգնած տեղը երերվեց: Նա ինքն արդեն զգում էր, որ այլևս չի կարող զբաղեցնել հյուրերին, ուստի գոնե քաղաքավարության համար ամենևին փորձ էլ չարեց նրանց երկար պահելու իր մոտ: Նա հավաքեց վերջին ուժերը և այցելուներին ճանապարհ դրեց մինչև հյուրանոցի սանդուղքի գլուխը:

Ուրեմն սպասե՞նք, — վերջին անգամ հարցրեց Մարությանը:

Կգամ, կգամ, — արտասանեց Բազենյանը բոլորովին խանձված ձայնով և սպասեց սանդուղքի գլխին, մինչև որ հայր ու աղջիկ իջան և չքացան աչքից: Այնուհետև անհաստատ քայլերով վերադարձավ իր սենյակը, նստեց սեղանի մոտ, վերցրեց Մարությանի թողած փողի ծրարը, միջից հանեց չորս հատ հարյուր ռուբլիանոց թղթադրամ, նորից մեջը կոխեց և ծրարը դրեց ծոցի գրպանը դանդաղորեն և ժպտալով: Հետո կամաց ետ ընկավ աթոռի մեջքին, ձեռքերը դրեց սեղանի վրա և սկսեց թրխկթրխկացնել մատներով:

Սպասավորը ներս բերեց վառած լամպը, դրեց սեղանի վրա և հարցրեց` հեշտաեռ դնի՞:

Բազենյանը գլխով բացասական շարժում արավ: Հետո, երբ սպասավորը դուրս էր գնում, կանչեց հանկարծ.

Կա՛ց:

Սպասավորը կանգ առավ և ետ նայեց:

Մոտ արի:

Սպասավորը մոտեցավ և կանգնեց նրա ետևը:

Բազենյանը, առանց գիրքը փոխելու, երկու մատը կոխեց ժիլետի գրպանը, հանեց մի հատ արծաթ դրամ և տվեց նրան ուսի վրայից:

Սպասավորը փողն առավ և սպասում էր նրա պատվերին, բայց տեսնելով, որ ոչինչ չի ասում, հարցրեց.

Ի՞նչ կհրամայեք բերեմ:

Ի՞նչ պիտի բերես, հիմար, — ասաց Բազենյանը: — Քեզ եմ բաշխում:

Սպասավորը սկզբում նայեց նրան զարմացած, չհասկանալով, թե ինչ էր նշանակում այդ անառիթ վարձատրությունը, հետո շնորհակալություն հայտնեց, առանց քծնելու, և դուրս գնաց հանգիստ:

Բազենյանի աչքն ընկավ սեղանի վրա ընկած հեղափոխական լրագրի վրա: Լամպը մոտ քաշեց, կուրծքը հենեց սեղանի ծայրին և սկսեց թերթել լրագիրը: Նրա արբած աչքերի առաջ տողերն ու տառերը թվում էր, թե շարժվում ու խաղում են լամպի լույսի տակ, և նա կարդում էր անուշադիր ու հորանջելով: Մի տեղ նրա աչքովն ընկավ իր ազգանվան պես ինչ-որ մի բառ. լավ նայեց և տեսավ, որ այդ իսկապես իր ազգանունն է: Նրա արբածությունը կարծես միանգամից անցավ, և նա, զարմացած ու հետաքրքրված, սկսեց կարդալ այն տողերը, որոնց մեջ նկատեց իր ազգանունը: Կարդալիս նրա դեմքն արագապես փոխվեց, իսկ երբ վերջացրեց, հենց այնպես էլ խոնարհված մնաց կարդացած տողերի վրա լայն բացած աչքերով: Հանկարծ հիշեց, որ լրագրի մի օրինակը տվել էր Եվային, և վեր թռավ տեղից կարիճից խայթվածի պես: Աթոռը, որի վրա նստած էր, ետ թռավ և գլորվեց հատակի վրա:

Ա՜, այս ի՜նչ հիմարություն եմ արել, — արտասանեց նա, ձեռքն ուժգին խփելով ճակատին, և մնաց քարացած:

21

Երբ հայր ու աղջիկ դուրս եկան հյուրանոցից, արևն արդեն մայր էր մտել: Երկնքի անփայլ կապուտակը մթնում էր արագորեն: Օդը, որ արև եղած ժամանակ շարժվում էր անախորժ սառնությամբ, այժմ ուղղակի խանձում էր մարդու դեմքը: Սառած գետինը քարի կարծրություն էր ստացել: Եվան վազում էր՝ հոր առաջն ընկած, կարծես փախչում էր մի բանից և, միևնույն ժամանակ, ուզում էր ցույց տալ, թե ոչ մի բանից չի փախչում: Հայրը հազիվ էր հասնում աղջկա ետևից, թեև նա էլ չէր հասկանում ինչու, քայլերը սովորականից ավելի արագացրել էր:

Կամաց գնա, Եվա, ի՞նչ ես վազում, — կանչեց Մարությանը:

Եվան կանգ առավ, մինչև որ հայրը հասավ նրան: Նրանք չնայեցին իրար երեսի: Բայց նրանցից ամեն մեկը հասկացավ, որ երկուսն էլ ճնշված են Բազենյանի թողած անախորժ տպավորության տակ: Նրանք շարունակեցին ճանապարհն այս անգամ կողքկողքի և հանդարտ քայլերով:

Է՜, դա խմում է՞լ է, — խոսեց Մարությանը, կարծես ինքն իրեն: — Չհավանեցի... Թեև խմելն, իհարկե, սովորական բան է, — ավելացրեց նա կարճ, մտախոհ լռությունից հետո. — մարդը ուրախ տրամադրության մեջ մի քիչ խմել է. այդ բանը մեզնից ո՞վ չի անում, բայց չգիտեմ ինչո՞ւ, ինձ վրա անախորժ տպավորություն թողեց: Ափսո՜ս: Իլյուզիաս կորավ:

Եվան ցնցվեց և ակամա նայեց հոր մտախոհ դեմքին: Նա տեսավ, որ հայրը նույն հիասթափությունն է զգում, ինչ որ ինքը, թեև, իհարկե, ոչ այնքան զորեղ կերպով, ինչպես ինքը: Մարությանն այլևս ոչինչ չխոսեց Բազենյանի մասին: Իսկ Եվան ամենևին ձայն չէր հանում: Նա գնում էր և չէր իմանում` ուր. մտածում էր և չէր իմանում՝ ինչ: Երբեմն վայրկենաբար նրա դեռևս թարմ հիշողության մեջ վերակենդանանում էին այն օրերը, երբ ինքը տանջող կարոտով սպասում էր Բազենյանին. հիշում էր իրենց սիրային առաջին և վերջին տեսակցությունը, այդ տեսակցությունից հետո իր զգացած սարսափը, դարձյալ իր հուսահատական դրությունը, Բազենյանին տեսնելու տենչը... Հիշում էր այդ բոլորը և տեսնում էր, որ բոլորովին հանգիստ, անկարեկից է. կարծես թե այդ բոլորն երեկ-մեկել օրը չէր, որ կատարվել էր, այլ շատ տարիներ առաջ. կարծես թե այդ բոլորն ինքը չէր զգացողը, այլ մի ուրիշը, բոլորովին մի այլ աղջիկ, որին չէր ճանաչում և որի հետ ինքը ոչ մի առնչություն չուներ:

Պարո՛ն Մարության, Եվա, — հանկարծ լսեցին հայր ու աղջիկ իրենց ետևից կանացի մի ձայն: Նրանք դարձան և տեսան օր. Սահակյանին, որ իր գեր մարմնով բադի պես օրորվելով`շտապում էր հասնել նրանց: Չնայելով սառնամանիքին, նրա լիք այտերն այրվում էին տաքացած: Նա հասավ Մարությաններին և անցավ հոր ու աղջկա մեջտեղը:

Բարև ձեզ, ինչպե՞ս եք, — ասաց նա իր աշխույժ, կայտառ ձայնով, և առնելով Եվայի թևը, առաջ անցավ նրա և Մարությանի հետ: — Այսօր դարձյալ նամակ ստացա Աշխենից: Այս երկրորդ նամակն է, որ գրում է: Այսպես շուտ-շուտ է հիշում ինձ: Բայց, փառք աստծո, այս անգամ գոհ է և ուրախ: Միայն խիստ գանգատվում է, Եվա, որ դու վերջերս կամ ոչինչ չես գրում իրեն, կամ միայն չոր ու ցամաք բարևներ ես գրում: Լավ չես անում: Մի մոռանար, որ կարոտը միայն քո նամակներից է առնում: Երևակայիր, որ մինչև անգամ կասկածում է, թե միգուցե հիվանդ ես, որ ոչինչ չես գրում, կգժվեմ, ասում է, եթե...

Օր. Սահակյանը հանկարծ լռեց և զարմացած նայեց նախ Եվայի, ապա Մարությանի դեմքին:

Ի՞նչ է պատահել, — հարցրեց նա անհանգստությամբ: — Ինչ-որ ... տխուր եք երևում:

Մարությանը, զարմանք կեղծելով, նայեց օր. Սահակյանի փորձող աչքերին:

Տխո՞ւր ... Ինչի՞ց պիտի տխրեինք:

Ես ի՞նչ գիտեմ: Ձեզ դեռ երբեք այդպես չեմ տեսել... Որտեղի՞ց եք գալիս:

Բազենյանի մոտից:

Օր. Սահակյանը հանկարծ կանգ առավ, թողեց Եվայի թևը և բերանը բաց, աչքերը չռած` մնաց նայելիս Մարությանի դեմքին:

Ակամա կանգ առան և հայր ու աղջիկ և գրեթե սարսափած միաժամանակ նայեցին նրան, կանխազգալով, որ նա ինչ-որ բան պիտի ասի, կայծակի պես շանթող անսպասելի մի բան, որը կուզեին և իմանալ, և չիմանալ:

Բազենյանի մոտի՞ց, ասում եք... ի՞նչ ունեիք նրա մոտ:

Նամակ հանձնեցինք, որ տանի Արմենակին: Վաղը չէ մյուս օրը նա գնամ է այն կողմերը, — ասաց Մարությանը:

Օր. Սահակյանը գլուխը ետ ձգեց և խիստ բարձրաձայն ծիծաղեց: Շատ տարօրինակ էր նրա ծիծաղը:

Հայր ու աղշիկ ապշած նայում էին, թե ինչպես ծիծաղից դողդողում էր նրա կախ ընկած կզակը:

Եվ միայն նամա՞կ հանձնեցիք, — հարցրեց օր. Սահակյանք:

Մարությանը այլևս քաջություն չունեցավ ծածկելու:

Փող էլ, — ասաց նա:

Այսինքն ի՞նչ փող. Արմենակին տանելո՞ւ, թե ...

Ոչ, իբրե նվիրաբերություն...

Սուրբ գործի օգտին, — լրացրեց օր. Սահակյանը, և նրա ծիծաղը սաստկացավ: Նա ծիծաղում էր երկար, և նրա ամբողջ մարմինն ուժգին ցնցվում էր այդ տարօրինակ ծիծաղից: Բայց հանկարծ զսպեց իրեն, իր ուժեղ ձեռքով արագորեն բռնեց Մարությանի թևից և անհանգիստ մի շարժում արեց, որով ուզում էր հասկացնել, որ նա իսկույն ետ դառնա:

Այս րոպեիս գնացեք և ետ առեք նամակն էլ, փողն էլասաց նա շատ լուրջ և հաստատուն ձայնով: — Շտապեցեք, մի նայեք ինձ այդպես զարմացած... Դե, գնացեք շուտով, ձեզ ասում եմ, — աղաղակեց ուղղակի հրամայողաբար, տեսնելով, որ Մարությանն ապուշ կտրված միայն նայում է իր դեմքին:

Մարությանը պարզապես վիրավորվեց նրա այդ վարմունքից:

Սպասեցեք, — ասաց նա և թեը կամաց խլեց օր. Սահակյանի ձեռքից: — Ի՞նչ եք ասում, չեմ հասկանում:

Այն եմ ասում, պարոն Մարության, որ դուք սրիկայի ձեռք եք ընկեք, և նա փառավորապես խաբել է ձեզ, ինչպես խաբել է ձեզ նման շատերին: Այժմ հասկացա՞ք: Դե, գնացեք շուտով, այս րոպեիս գնացեք, թե չէ ձեր փողերը կորած են... Տե՛ր աստված, ի՜նչ տեսակ մարդ եք: Մի՞թե չեք հավատում ինձ:

Իհարկե, չեմ հավատում, — աղաղակեց Մարությանը գրեթե կոպտաբար: — Ինչպե՞ս թե սրիկա, ի՞նչ եք ասում: Նրա մասին բան գիտեք, այնպես եք խոսո՞ւմ, թե հենց այնպես, որովհետև ... Նրա քիթը դուր չի եկել ձեզ:

Իհարկե, բան գիտեմ, որ այդպես եմ խոսում, թե չէ` ես ի՞նչ գործ ունիմ նրա քթի հետ:

Ի՞նչ գիտեք:

Այն գիտեմ, պարոն Մարության, որ նա Հայաստանի մասին այնքան է մտածում ու հոգում, որքան ես ու դուքՉինաստանի մասին: Ձեր այդ պարոն Բազենյանը, որին քիչ է մնում աստվածացնեք, ոչ այլ ինչ է, եթե ոչ մի կատարյալ խաբեբա, որ հանգամանքներից օգուտ քաղելով, գեղեցիկ դիմակի տակ, պարապում է նվիրական զգացումներ շահագործելով: Այդ պարոնի իսկական անձնավորության հետ ինձ ծանոթացրեց շատ հարգեյի, շատ պատվական մի տիկին, որ հենց ինքը զոհ է գնացել այդ աֆերիստի ճարպիկ խաբեբայությանը: Այդ տիկինը Ղրիմից է: Նրա հետ ծանոթ եմ Ղրիմում եղած վարժուհությանս ժամանակից և շատ լավ ծանոթ եմ: Անձնական գործերի համար այս օրերս Թիֆլիսի է եկել և անցյալ օր մեր տանն էր: Հենց այդ օր փողոցում հանդիպել էր Բազենյանին, և տեսնեիք, թե ինչքան հուզված էր... Եվ, իսկապես, կարելի՞ է միթե խաղաղ հոգով տեսնել թե ինչպեա, ամենասուրբ, ամենանվիրական զգացումներդ շահագործության առարկա են դարձած մի մութ անձնավորաթյան ձեռքին, որին սկզբում հավատամ էիր կուրորեն և համոզված էիր, որ նա քո ամենալավ, ամենաբարձր բաղձանքների իրագործողն է... Հենց դուք. այս րոպեիս դուք միևնույնը չե՞ք զգում, ինչ-որ զգացեք է այն պատվական կինը, դուք նույնպես միևնույն ծանր հիասթափության տակ չե՞ք այս րոպեիս...

Եվ օր. ՍաՀակյանը, լռելով, փոխեիխոխ նայեց Մարությանի և Եվայի դեմքին: Մարությանը վերին աստիճանի ապշած էր, ինչպես մի մարդ, որի մտքի առաք հանկարծ սարսափելի և անհավատալի մի գաղտնիք է բացվում: Իսկ Եվան կանգնած էր անշարժ և, հոնքերը կիտած, անթարթ նայում էր գետնին: Վերին աստիճանի խիստ հանգստություն էր արտահայտում նրա ամբողջ արտաքինը: Նրա անշարժացած դեմքը գունատվել էր և աչքերի վայր թողած կոպերը դողդողում էին իրենց երկայն թերթերունքներով:

Օ՛, իսկապես որ սարսափելի է, սարսափելի, — հառաչեց Մարությանը ծանր երազից արթնացողի պես և առաջ անցավ:

Եվան և օր. Սահակյանը հետևեցին նրան:

Ա՛, վերջապես հասկացաք և հավատացիք. — բացականչեց օր. Սահակյանը: Ես զարմանում եմ, պարոն Մարության, որ դուք երբեք չեք հարցրել ինքներդ ձեզ, թե` լավ, եթե մեր այս պարոն Բազենյանը, որ այսքան շատ է խոսում հայրենիքի թշվառության մասին, իսկապես գործիչ է, հապա այս ինչպե՞ս է հագնվում սա, այս ինչպե՞ս է ապրում սա: Հայրենիքի թշվառության համար մտածողն ու գործողն ով, առաջնակարգ հյուրանոցում ապրողն ով, վերջին մոդով հագնվո՞ղն ով, անդադար կառքով ու սահնակով զբոսնո՞ղն ով: Ախար այս բաներն ինչ-որ չեն բռնում իրար: Հենց առաջին օրը, հենց առաջին րոպեին, որ տեսա նրան ձեր տանը, մեծ թերահավատությամբ նայեցի նրա վրա: Նրա հագուստից այնպիսի հոտ էր բուրում, որ ամենակոկետ կնոջից անգամ չեմ առել: Ախար սրանք ուշադրության արժանի բաներ են, պարոն Մարության, իսկ դուք, ինչպես երևում է, ամենևին ուշադրություն չեք դարձրել:

Էհ, ո՞վ էր հետևում այդ մանրամասնություններին, — նկատեց Մարությանը դառնությամբ: — Նա մեզ այնպես կաշկանդել էր...

Ասացեք կաշառել էր:

Ինչպե՞ս թե կաշառել:

Չէ՞ որ փրկել էր ձեր Սուրենի կյանքը:

Դուք էլ բան ասացիք. նա ի՞նչ էր իմանամ, թե ով ենք մենք, որ մեր երեխայի կյանքը փրկեքով կաշառեր մեզ:

Որ այդպես է, դուք չեք հասկանում այդ պարոնների հոգեբանությունը: Ձեզ չկաշառեր, հասարակությանը խո կկաշառեր: Չէ՞ որ Բազենյանի պես մարդկանց ամենամեծ ջանքն այն է, որ հասարակության աչքերը որքան կարելի է պինդ կապեն, և Բազենյանը դրա համար ավելի լավ առիթ չէր կարող գտնել, քան մի փոքրիկ երեխայի` կառքի տակ չարաչար մեռնելուց ազատելը: Կարծում եք Բազենյանի համար քիչ բա՞ն է, որ լրագրության մեջ գրվում և հասարակության մեջ խոսվում է, թե այսինչ պարոնն այսինչ անձնազոհության օրինակ է ցույց տվել: Եվ ինչպե՞ս նա մինչև այժմ էլ ձեռքը կապած է պահում... Ես մեռնեմ, թե նրա ձեռքն իմ ձեռքից էլ առողջ չէ. բայց կապած է պահում, որովհետև չէ որ նրա անօրինակ անձնազոհության նշանն է այդ, և, վերջապես, դրանով նա, ախր, ավելի գրավիչ է երևում... է՛, պարոն Մարության, ինչպես տեսնում եմ, դուք դեռևս շատ միամիտ մարդ եք: Դուք չգիտեք, թե որոշ ժամանակներ լավ մարդկանց հետ ինչպես վատ մարդիկ էլ են ստեղծում: Մեր այժմյան ժամանակը ստեղծեք է ձեր որդունԱրմենակին, բայց և ստեղծել է Բազենյանին: Գուցե, ժամանակն ու հանգամանքները շատ ժլատ են ձեր որդու նմաններին ստեղծում, բայց երևում է, որ շատ շռայլ են բազենյաններ արտադրելում: Մի րոպե թողեք տղամարդուն ոչ-վայել ձեր այդ պարզամտությունն ու դյուրահավատությունը, իրերի վրա նայեցեք առողջ, քննական հայացքով, և կտեսնք, թե ովքեր են բազենյանները. կտեսներ, որ այդ գարշելիները ոչ այլ ինչ են, եթե ոչ պարզապես մեր այժմյան կյանքի նշանավոր երևույթների զազրելի վիժմունքը: Դրանք ծույլ ու անբարոյական արարածներ են, որոնք լավ ապրել են ուզում: Ազնիվ գործը, չարքաշ աշխատանքն անմատչելի է դրանց: Դրանք վաղ աշխատելու դյուրին ասպարեզ են հոտոտում, և ահա պատրաստ է մեր ներկա ժամանակի հասարակական նվիրական զգացումների շահագործության ասպարեզը, — մի ասպարեզ, ուր, ինչպես ասում են, շունը տիրոջը չի ճանաչում: Խավարի ծնունդ լինելով, խավարի մեջ էլ գործում են դրանք: Զգացումներ և ձգտումներ կեղծելու բնատուր ճարպկությունը դրանց ամենամեծ զենքն է: Այդ զենքով զինված թափառում են քաղաքից քաղաք, երկրից երկիր և ձեզ նման միամիտ հավատացողների գրպանից փողեր են կորզում: Սուրբ գործի անունով հավաքած այդ փողերը ցրում են անձնական զազրելի կրքերի, ապականության ճանապարհի վրա: Հասարակական ամենանվիրական գործն այդպիսով պատվանդան են դարձրել ցոփության հաղթանակի համար: Սուրբ գործի այդ պարազիտները բախտավոր են նրանով, որ խառնաշփոթությունն ընդհանար է և այդ խառնաշփոթության մեջ ոչ իսկական գործիչն է երևում, ոչ իսկական կորզիչը: Այդ պատճառով էլ հաղթանակում են խավարի ծնունդները, իսկ մեծ գորձը կործանվում է...

Մարությանի և Եվայի մեջտեղ ծանր քայլելով, օր. Սահակյանը խոսում էր ազնիվ բարկությամբ վառված:

Շատ ճիշտ է, շատ ճիշտ է, — մեջ ընդ մեջ արտասանում էր Մարությանը դառն մտախոհությամբ:

Ցավալին այն է, որ չարիքը ոչ կարող ես ծածկել, ոչ կարող ես հրապարակ հանել, — շարունակեց օր. ՍահակյանըԾածկեսԲազենյանի պես մութ անձերի վնասակար գործունեությանը պիտի ազատ ասպարեզ տաս. հրապարակ հանեսամենքը ետ պիտի փախչեն գործից հիասթափված և այլևս չպիտի հավատան ոչ ոքի: Ո՞րն անեսմնացել ես տարակուսած: Իմ կարծիքով պետք է չարիքը չծածկել, իսկ այդ չարիքը չափից դուրս մեծ է և անկարելի է անուշադիր թողնել: Պետք է բանալ հասարակության աչքերը, պետք է հասկացնել նրան, որ չհավատա ամեն մի բախտախնդրի...

Հեշտ եք ասում: Համեցեք, խոսեցրեք Բազենյանին և կասկածեցեք, թե նա բախտախնդիր է: Նշանավորն այս է, որ նա ոչ թե միայն ուղղակի չի առաջարկել մեզ, որ նվիրաբերության անենք, այլև մի խոսք, մի ակնարկ անգամ չի արել այդ մասին: Նույնիսկ այն ժամանակ, երբ ես ասել էի նրան, որ գա ստանա իմ խոստացած գումարը և նամակով էլ հրավիրեցի, չեկավ, և ես իմ ձեռքովս տարա տուն, տվի ինքնաբերաբար:

Ճարպկությունն էլ հենց այդ է, է: Կնշանակի` ցանցն այնպես լարել է, որ ինքներդ եք գնացել մեջն ընկել:

Հենց այդ պատճառով էլ չեմ կարող գնալ և տված գումարս ետ պահանջել: Ետ տալով ետ կտա, — այդքան ազնվություն ու պատվասիրություն կունենա, ես կարծում եմ, — բայց... ի նչ փաստ կա ձեռիս, որ ես կարող լինեմ համարձակ ասել նրան, թև՝ պարո՛ն, իմ տված փողը ետ եմ պահանջում նրա համար, որ ձեզ չեմ հավատում այլևս, որովհետեև դուք խաբեբա եք, աֆերիստ եք, սրիկա եք:

Փաստըիմ ասած տիկինը: Ուզում եք, իմ անունս էլ տվեք: Ես նրանից չեմ վախենում:

Այդ է, ձեր ասած տիկնոջ և ձեր անունը որ տվիփաստ դառավ, և Բազենյանը խոտ է կերել, ոչինչ չի գտնիլ ասելու:

Ուզում եք, տիկնոջ երես առ երես կկանգնեցնեմ նրա հետ: Ուզո՞ւմ եք: Ասացեք, ուզո՞ւմ եք:

Էհ, թողեք, թե աստված կսիրեք, — արտասանեց Մարությանը գրգռվածԼեզուն հեշտ է շարժվում: Մեկ էլ կտեսնեք, այնպիսի օյին կհանի ձեր տիկնոջ և իմ ու ձեր գլխին, որ մի բան էլ դեռ մենք պարտական կմնանք նրան. ինքներդ եք ասում, թե բազենյանները ճարպիկ են և միևնույն ժամանակ այդպես եք խոսում:

Նա հանկարծ կանգ առավ և գսպած զայրույթով նայեց օր. Աահակյանի դեմքին:

Կուզե՞ք ուղիղն ասեմ, օրիորդ, — նկատեց նա սրտանց: — Մեղավորը դուք եք: Այո, դուք, որովհետև ձեզ վաղուց հայտնի է եղել թե ինչ մարդ է Բազենյանը, և մեզ այժմ եք հայտնում այդ, այն էլ պատահաբար:

Եվ Մարությանը նորից առաջ անցավ գրգռված:

Դուք ճշմարիտ եք ասում, պարոն Մարրության, — կարճ լռությունից հետո ասաց օր. Սահակյանը Եվայի հետ քայլելով նրա ետևից: Ես կատարելապես արժանի եմ ձեր հանդիմանությանը և ցավում եմ, որ անմիջապես չեմ շտապել հայտնելու ձեզ, թե ինչ մարդ է ձեր այդ Բազենյան կոչվածը: Բայց այս էլ նկատի պիտի ունենաք, պարոն Մարության, որ ես երբեք չէի կարող կարծել, թե դուք, Արմենակի պես որդի ունենալով, կարող էիք ոգևորվել մի որևէ բախտախնդիր Բազենյանով:

Մարությանը ոչինչ չասավ, օր. Սահակյանի վերջին նկատողությունն, ըստ երևույթին, միանգամից զինաթափ արե՛ք նրան:

Կարճ ժամանակ երեքն էլ քայլում էին լուռ:

Եվ դուք նամակ եք հանձնել նրան, որ ձեր որդու՞ն տանի, — նկատեց օր. Աահակյանը, գլուխը շարժելով դառնությամբ:

Եվայի դեմքը, օր. Սահակյանի այդ խոսքերի վրա, կարծես ներքին մի սուր կսկծից, ծամածռվեց, բայց նրա ամբողջ արտաքինը առաջվա պես պահպանում էր իր խրոխտ հանգստությունը:

Արմենակ Մարության և Բազենյան... ինչպիսի հեգնություն, — ավելացրեց օր. Սահակյանը:

Մարությանը զայրագին պինդ թքեց մի կողմ և քայլերն արագացրեց:

Այսպես թե այնպես, վերջապես, — ասաց օր. Սահակյանը, — Պարոն Մարության, ցտեսություն, ես այս կողմն եմ գնում: Հավատացնում եմ ձեզ, լավ կանեիք, որ ձեր փողերը ետ առնեիք, և ավելի լավ կանեիք, որ այդ փողերը ուղարկեիք Աշխենին իրենց աղքատ ուսումնարանի համար գործադրելու: Բայց այդ դուք գիտեք: Ցտեսության: Ցտեսություն, Եվա: Այդ ի՞նչ է, մրսու՞, — հարցրեց նա զարմանալով Եվայի դեմքի տարօրինակ գունատությունից:

Եվան հազիվ նկատելի կերպով շփոթվեց նրա թափանցող հայացքից:

Այո, ցուրտ է, — կամաց արտասանեց նա և ավելացրեցԱյս քանի օրս մի քիչ տկար եմ զգում ինձ:

Որ այդպես է, ինչո՞ւ էիր այս սառնամանիքին դուրս եկել տնից: Հիշո՞ւմ ես, Եվա, որ ձեր տանը Բազենյանի հետ վիճաբանության բռնվելուցս հետո, երբ գնում էի, նախասենյակում հարցրիր ինձ, թե ինչո՞ւ էի այնպես հարձակվում նրա վրա, և մինչև անգամ ասացիր, թե նրա մեջ մի գիծ կա, որ զարմանալի կերպով հիշեցնում է քեզ եղբորդ: Այժմ գնա տուն և լավ մտածիր, թե բնազդը խաբո՞ւմ էր ինձ, որ այնպես հարձակվում էի նրա վրա, և կա՞ արդյոք որևէ նման գիծ եղբորդ և այդ խաբեբայի միջև... Է՛, մարդիկ, մարդիկ, ինչպես հեշտ եք խաբվում: Բայցայդպես, թե այնպես, վերջապես: Այս իմ սովորական երգն է, որ կրկնում եմ միշտ, երբ տեսնում եմ, որ բանը բանից անցած է արդեն: Դե՛հ, գնացեք, ցտեսություն:

22

Աղջկա հետ որ տուն գնաց, Մարոլթյանը պատմեց կնոջը, թե ով է եղել Բազենյանը և թե ինչպիսի խաբեբայության զոհ են դարձել իրենք նրա ձեռքին: Այդ բանն այնքան անսպասելի էր Թեկլեի համար, այնքան ապշեց նա, որ երկար Ժամանակ չէր կարողանում լավ ըմբռնել, թե ինչ է ասում ամուսինը: Դրան նպաստում էր այն հանգամանքը, որ ամուսինը, սաստիկ գրգռված, պատմում էր կցկտուր բառերով, կարծես աշխատում էր շուտ վերջացնել այդ ծանր բացատրությունը: Կինն իր չհասկանալովն այնքան չարչարեց ամուսնուն, որ Մարությանը, վերջապես, դուրս եկավ համբերությունից:

Օհ, ի՞նչ բթամիտն ես եղել, — հանկարծ բռնկեց նա և, ավելի զայրացած այն բանից, որ այդպիսի կոպիս բառ թռցրեց բերանից, հեռացավ իր առանձնասենյակը: Թեկլեն այս անգամ ձեռքն առավ աղջկան և նրան էլ բավական կչարչարեր, եթե Եվան կատարյալ հանգստությամբ, թեև համառոտ, բայց շատ պարզ կերպով չպատմեր նրան այն բոլորը, ինչ որ իմացել էր օր. Սահակյանից Բազենյանի մասին:

Մի՞թե այդ ճշմարիտ է, մի՞թե այդ ճշմարիտ է, — կրկնում էր Թեկլեն ապշածԱյնպես խոսողըխաբեբա՞ ... Սուրենիս ազատողըխաբեբա՞: Այդ անկարելի է, այո անհավատալի է: Ուրեմն մեր փողերը մի ավազակի ձեռք են ընկել, ուրեմն նամակն էլ իզուր ենք հանձնել նրան: Տեր աստված, մի՞թե այդ ճշմարիտ է, մի՞թե այդ կարեյի է:

«Մի՞թե այդ ճշմարիտ է, մի՞թե այդ կարելի է՞», — մտքում կրկնում էր Եվան մոր բացականչություններն այդ գիշեր անկողնում պառկած: Նրա դեմքի վրա հիվանդոտ, դառն մի ժպիտ էր խաղում շարունակ, և այդ ժպիտը, կարծես, ասում էր` մի՞թե այլևս տարակուսելու տեղիք կա. ամեն բան պարզ է հայելու նման. դիմակը վերևից մինչև ներքև պատռվել, և Բազենյանը կանգնած էր իր այլանդակ հոգու ամբողջ մերկությամբ: Եվ Բազենյանի այդ պատկերն այնքան ավելի գարշելի էր, որքան գրավիչ էր գաղտնիքը բացվելուց առաջ: Զարմանալի հանգստությամբ Եվան դիտում էր իր հոգու աչքերով այդ գարշելի պատկերը, և զգում էր, որ իրեն այնքան տանջող սիրո նշույլն անգամ չի մնացել իր սրտի մեջ: Նրան թվում էր այժմ, թե այդ սերը ոչ այլ ինչ է եղել եթե ոչ անտանելի մի կեղտ, որ բարերար մի ձեռքով հանկարծ ջնջվել, անհետացել է, անհուն թեթևություն պատճառելով իրեն: Այլևս չեն կարող լինել անհանգիստ սպասումներ, անքուն գիշերներ, հարատև լարված գրություն, սարսափ ու զղջում. վերջացավ, անցավ այդ բոլորն իբրև ծանր մի պատրանք: «Օ՛, որքան բախտավոր եմ, որքան շնորհակալ եմ օր. Աահակյանից, որ այսպես թեթևացրեց հոգիս», — շշնջամ էր նա:

Վերջին օրերից հետս այդ առաջին գիշերն էր, որ Եվան քմեց շատ հանգիստ, իսկ առավոտյան այնքան առողջ ու զվարթ էր զգում իրեն , որ նրա հոգին, կարծես, ոչ մի ծանր հուզման չէր ենթարկվել: Նա բորովին անտարբեր մնաց մինչև անգամ այն ժամանակ, երբ թեյ խմելու համար դուրս գալով սեղանատան, տեսավ, որ հայրն ու մայրը շատ վատ տրամադրության մեջ են: « Խեղճեր, — մտածեց նա անկարեկից կերպով, — ի՞նչ եք զգացել դուք` համեմատած իմ զգացումների հետ»: Եվ, մինչև անգամ ժպտալով, նստեց իր սովորական տեղը, հոր մոտ:

Մարությանը, չնայելով իր վատ տրամադրության, հավատարիմ էր մնացել իր ամենօրյա սովորությանըթեյի ժամանակ լրագիր կարդալուն: Թեկլեն նորից սկսեց երկար ու բարակ բացականչությունները Բազենյակի մասին: Ամուսինը համառորեն լռում էր, աչքերը լրագրին տնկած, բայց վերջը, համբերությունից դուրս գալով, լրագիրը հանկարծ մի կողմ շպրտեց և այնպես պինդ գոռաց կնոջ վրա, որ Թեկլեի բերնից դուրս թռած բացականչություններից մեկը կիսատ մնաց, իսկ փոքրիկ Սուրենը, որ, մոր կողքին նստած, հանգիստ վայելում էր իր հացը մեղր ու կարագով, վախից վեր թռավ տեղից:

Դարդդ այն փողի համա՞ր է, որ տվի նրան, — բացականչեց Մարությանը, — Ջհաննամը, թող այդ փողը մի վարձատրություն լինի նրան, որ մեր երեխայի կյանքը փրկեց վտանգից:

Հայրիկ, ի՞նչ հարկավոր է, որ այդպես գրգռվում ես, — ասաց Եվան հանդարտ, հաշտեցնող եղանակով, — Ավելի լավ չէ, որ այդ մասին ամենևին չխոսենք:

Այո, այլևս ոչ մի խոսք այդ ավազակի մասին: Վաղը նա գալու է, եթե միայն արդեն չի ծլկել այստեղից, և ես շան պես դուրս կանեմ նրան մեր տնից:

Ինչո՞ւ այդպես խիստ, հայրիկ, ավելի լավ չէ՞ քաղաքավարի կերպով հասկացնես նրան, որ այլևս չի կարող տեղ ունենալ մեր տանը: Այդպես ավելի ազդու կլինի:

Ոչ, շան պես, շան պեսկրկնեց ՄարությանըՈչինչ ինձ այնքան չի զայրացնում, որքան նրա անամոթ լրբությունը, որ մեզնից առավ Արմենակին գրած նամակը` իբր թե նրան տանելու, մինչդեռ այդ նամակը պետք է պատռեր և դեն շպրտեր, ինչպես արդեն արել է, իհարկե:

Ահա այդ է, որ իր ինձ այսպես այրում է, և ոչ թե քո` նրան տված փողը, — նկատեց Թեկլեն ամուսնուց սաստիկ նեղացած:

Տեսնո՞ւմ եք, դուք դարձյալ սկսեցիք, — ասաց Եվան նույն հանդարտ, նույն հաշտեցնող եղանակով: — Ի՞նչ մեծ ցավ է այդ նամակը, ուրիշը կգրենք, ի՞նչ կա որ:

Հարյուրը կգրես, բայց տանողն ո՞վ է, — բարկացած կանչեց մայրն աղջկա վրա:

Միևնույն է, Բազենյանն էլ խո չպետք է տաներ:

Բաս ինչո՞ւ էր առնում, որ չպետք է տաներ, այն անաստվածը, այն անխիղճը...

Թիու, — թքեց Մարությանը զայրագին և նորից ձեռքն առավ լրագիրը:

Եվան տեսավ, որ իր միջամտությունը, հանգստացնելու փոխարեն, ավելի ևս գրգռում է հորն ու մորը, ուստի ավելի լավ համարեց լռել:

Դուք ամենևին ուշադրության չեք առնում իմ դրությանը, — շարունակեց Թեկլեն լացակումած ձայնով, և նրա աչքերը լցվեցին առատ արցունքով: — Քանի ժամանակ է նամակ չունինք, իսկ այնտեղ այնպիսի բաներ են կատարվում... Գիշերները քուն չունիմ... Աստված գիտե, թև ինչեր եմ մտածում... Իսկ դուք ամենքդ էլ դեռ ինձ վրա եք հարձակվում:

Եվ Թեկլեն թաշկինակը պինդ սեղմեց աչքերին, հազիվ կարողանալով զսպել հեկեկանքը:

Եվան իր մեծ-մեծ աչքերով նայեց մորն անհուն կարեկցությամբ և ուզում էր քաջալերական խոսքեր ասել, բայց տեսավ, որ սաստիկ զգացվել է մոր սրտաճմլիկ խոսքերից և ինչ-որ մի բան, հակառակ իր կամքին, եկել դեմ է առել բկին:

Մարությանը դարձյալ լռում էր համառորեն, լրագիրը ոչ թև կարդում, այլ ուղղակի ճմռում էր ձեռքին, բայց ցույց էր տալիս, թե կարդում է:

Եվան արմունկներով հենվեց սեղանին և դեմքն առավ ձեռքերի մեջ: Բազենյանի հմայքից ազատվելուց հետո այս առաջին անգամ էր, որ նա սկսեց լրջորեն մտածել իր հեռացած եղբոր վիճակի մասին, մոր խոսքերի ազդեցության տակ: Հիրավի, ի՞նչ է պատահել Արմենակին. ինչո՞ւ այսքան ժամանակ մի տեղեկության չի տալիս իր մասին, ժամանակ չու՞նի նամակ գրելու թե հիվանդ է: Եվ, առհասարակ, ի՞նչ է կատարվում արդյոք այնտեղ: Եվան հանկարծ հիշեց Բազենյանից առած հեղափոխական թերթը և հիշելուն պես վեր կացավ, անցավ իր սենյակը և վերարկուի գրպանից հանեց թերթը: Ձեռքը թերթին կպչելուն պես նրան թվաց, թե քթին դիպավ ճիշտ միևնույն անտանելի քացախած հոտը, որ փչում էր Բազենյանի բերնից երեկ երեկո հյուրանոցում նրան այցելած ժամանակ: Այդ հոտի հետ միասին Եվայի մեջ մի ակնթարթում վերարտադրվեց Բազենյանի պատկերն իր բարոյական բոյոր տգեղությամբ, այնպես, ինչպես ներկայացրել էր նրան օր. Սահակյանը: Եվ Եվան, որ մինչև այժմ այնքան հանգիստ էր, հանկարծ գրգռվեց այնպիսի մի անզուսպ գարշանքով, որ քիչ մնաց թերթն ուղղակի շպրտի վառարանի մեջ ճրթճրթացող կրակը: Սակայն զսպեց իրեն, և հիվանդոտ, դառն ժպիտը նորից ծամածռեց նրա գեղեցիկ դեմքը: «Ինչո՞ւ, — մտածեց նաՄեղավո՞ր է այս խեղճ լրագիրը, որ նա իր բազմաթիվ զենքերից մեկն է շինել` միամիտներին խաբելու համար»: Առաջվա հանդարտությամբ վերադարձավ ծնողների մոտ, նստեց լուսամուտի առաջ և սկսեց թերթել լրագիրը:

Следующая страница