Նար-Դոս՝   Մահը

Շահյանն այլևս չտեսավ նրան:

10

Ննջարանի առաստաղից կախված գնդաձև լապտերն իր միապաղաղ կարմիր ապակու միջից մեղմ, անշարժ լույս էր տարածել սենյակում: Խուլ լռության մեջ թվում էր, թե այդ լույսը, սաստիկ տխրած, նիրհում է: Լուսամուտների ասվեգործ վարագույրների ծակոտիներից երևում էր, թե ինչպես ձմեռային օրվա սառած ու անփայլ վերջալույսը, արագորեն խավարելով, հանգչում էր դաժան հանգստությամբ, և թանձր մառախուղը գորշ ամպի նման ծանրությամբ նստում էր երկրի վրա:

Մահճակալի վրա պառկած էր Թեկլեն այնքան անշարժ, որ թվում էր, թե մեռած է: Լապտերի կարմիր լույսի մեջ նրա խոշոր դեմքն իր լի կզակով, կարծես, պատած էր կարմիր շղարշով, որի մեջ բնականից ավելի սևին էին տալիս նրա փակ աչքերի չափից դուրս լայն փռված թերթերունքները, ինչպես խավարած կիսալուսիններ: Դեմքն այնպես սառն էր և անշարժ, որ գլուխը կարծես կերտած լիներ մի կարծր քարից և այդ քարն իր ամբողջ ծանրությամբ թաղվել էր փափուկ բարձի մեջ:

Ննջարանի խորքում նստած էր Մարությանը և վշտահար խոնարհվել էր ծնկների վրա: Մոր մահճակալի մոտ նստած էր Եվան և անթարթ աչքերով նայում էր հիվանդի դեմքին: Լապտերի կարմիր լույսի տակ նրա դեմքը սրվել պլպլում էր, աչքերն անբնական կերպով մեծացել, սառել էին: Շուրջը տիրող քարացած լռությունը, լապտերի միապաղաղ աղոտ-կարմիր լույսը մահվան տպավորություն էին թողնում: Եվ մահվան այդ կաշկանդող տպավորության տակ Եվայի անշարժ հայացքը հառած էր մոր դեմքի վրա, մինչև որ նրան թվում էր, թե կարժիր լույսի թափանցիկ շղարշով պատած նրա դեմքը կամաց-կամավ շարժվում, երկարում ու լայնանում է, փակ աչքերի լայն փռված թերթերունքները բարձրանում են ծանրությամբ, բերանը սկսում է բացվել և ահա՛, որտեղ որ է, պիտի լսվի այն սարսափելի ճիչը, որ արձակեց մայրն այդ առավոտ որդու մահվան գույժը լսելով: Եվան ցնցվում էր, անթարթ նայելուց շաղվող հայացքը հեռացնում էր մոր դեմքից, գլուխը ետ էր ձգում աթոռի մեջքի վրա և աչքերը փակում: Լապտերի լույսը վերևից ուղղակի ընկնում էր նրա դեմքին, և այդ դեմքն այնքա՛ն անշարժ, այնքան անզգա էր

երևում:

Անշարժ շրջապատի կաշկանդող տպավորության տակ նրան թվում էր, թե ամբողջ ննջարանը լիքն է ուրվականներով, որոնք իրար են անցնում հանդիսավոր լռությամբ, և ինքն իր փակ աչքերով տեսնում է նրանց ու չի վախենում: Թողնելով, որ ուրվականներն իրենց հիմար պարը բռնեն, նա անձնատուր էր լինում անորոշ մտածմունքների և անմեղ զարմանքով հարցնում էր ինքն իրեն. «Այս ի՞նչ է կատարվում շուրջս»: Ծայրահեղ վիշտը բթացրել էր նրա զգացումները, այնպես` որ նա կարծում էր, թե ինքը վիշտ չի զգում ամենևին, այլ միայն ինչ-որ վերին աստիճանի օտարոտի մի բան կաշկանդել է իր ամբողջ էությունը, և ինքը ոչ մի կերպ չի կարողանամ դուրս գալ այդ կաշկանդված դրությունից: Նրան թվամ էր, թե հանկարծ ընկել է բոլորովին նոր ու անծանոթ մի աշխարհ, ուր ամեն ինչ մութն էր ու լուռ, ինչպես գերեզմանի մեջ: Այդ սոսկալի մթության և լռության մեջ մի լույս կար միայն, արյան նման կարմիր մի լույս, որի մեջ հանդիսավոր պար էին բռնել ինչ-որ անձև ա անմարմին ուրվականներ ... Նա աչքերը բաց էր անում, նայում էր առաստաղից կախված է լապտերին և կրկին անգամ հարցնում էր ինքն իրեն անմեղ զարմանքով. «Այս ի՞նչ է կատարվում շուրջս»:

Նրա ուղեղի մեջ ամուր կերպով, ինչպես ոստը փայտի մեջ, ցցված էր մի գիտակցություն միայնեղբայրն այլևս չկար, նա այլևս չէր վերադառնալու, նրան այլևս չէր տեսնելու երբեք, երբեք ... Մնացածը ինչ-որ մտածում ու զգում էրխառնում էր իրար, կուտակվում ու ցրվում, առանց որևէ հետք թողնելու: Երկար ժամեր մոր մահճակալի մոտ նստած չէր հասկանում, թե ինչ դեր է կատարում ինքը, ինչու մայրը շարունակ պառկած է անշարժ, ինչու հայրն այնպես խոնարհվել է ծնկների մրա, ինչու ամբողջ տան մեջ տիրում է այդ զարհուրելի լռությունը: Երբեմն, երբ դուրս էր գալիս այդ կաշկանդված դրությունից, նայում էր շուրջը և մտքումը դարձյալ կրկնում էր. «Այս ի՞նչ է կատարվում շուրջս»: Նրան թվում էր, թե խելագարվում է: Բայց այդ միտքն ամենևին չէր սարսափեցնում նրան: Եղբոր մահից հետո մահն անգամ սարսափ չէր նրա համար, ա՛յն մահը, որից այնքան վախենում էր առաջ: Եղբայրը չկա այլևսվերջացավ, այլևս երբեք չպիտի տեսնի նրան, երբեք: Իսկ նրանից հետո թեկուզ ամբողջ աշխարհը կործանվի և ինքն էլ հետը միասին: Աշխենը, — ահա՛ թե ում համար պետք է ցավել... Սակայն Աշխենի համար միևնույնը չէ՞Արմենակն ապրո՞ւմ է, թե ոչ. չէ՞ որ նրանք երկուսն էլ վաղուց արդեն թաղել են իրենց իրար համար... Մի՞թե:

«Ոչ, ոչ, ոչ», — շշնջաց Եվան մտքում և խոնարհվեց ծնկների վրա:

Նրա առաջ պատկերացավ հորեղբոր աղջիկն այն դրության մեջ, երբ նա, իր վզին փարած, ծանր հեկեկանքով իր դժբախտ սիրո պատմությունն էր անում: Եվան այն ժամանակ վերին աստիճանի հիասթափված էր, ուստի սառն ու անկարեկից: Բայց այժմ միանգամից զգաց Աշխենի բոլոը տանջանքն ու հուսահատությունը: Եվ հոգով-մտքով թռավ այնտեղ, ուր հեռացել էր Աշխենը մեղմելու համար իր տանջանքներն անձնուրաց գործունեության մեջ: Ա՛խ, ինչպես կցանկանար, որ այդ րոպեին իսկապես այնտեղ լիներ, ի՛նչպիսի կարոտով ու տանջանքով կրծքին կսեղմեր իր սիրելի Աշխենին, որպեսզի մխիթարեր նրան, որպեսզի մխիթարվեր ինքը... Բայց արդյոք գիտե՞ Աշխենը, որ իր սիրած երիտասարդն այլևս չկա... Եվ, եթե չգիտե ու նոր անի, ի՞նչ կանի...

«Տեր աստված, տեր աստված, այս ի՞նչ է պատահում ինձ», — շշնջած Եվան անտանելի տանջանքով, խոնարհված ծնկների վրա և մատներով սեղմելով իր ուսերը ցնցողաբար: Նոր էր զգում իր վիշտը, նոր էր տեսնում, թե ի՛նչ սոսկալի թշվառություն էր պատահել իրենց ընտանիքի մեջ:

Եվան նստեց ուղիղ և նայեց չորս կողմը:

Լապտերի մեղմ լույսն իր կարմրությամբ, կարծես, գոլորշիանում էր: Խուլ լռության մեջ ականջները թշշում էին: Թեկլեի` բարձի մեջ ծանր քարի նման թաղված գլուխն իր դեմքի մեռելային անշարժությամբ զարհուրելի տպավորություն էր գործում: Մարությանն, առաջվա նման անշարժ խոնարհված էր ծնկների վրա. նրա ճաղատ ծոծրակը, կարմիր լուսով լուսավորված, վշտահար ցնցվում էր կարծես: Թվում էր, թե միշտ ուրախ, միշտ զվարճախոս այդ մարդը, որ այժմ այդպես խղճալի կերպով կուչ էր եկել, լաց է լինում անձայն, և անմխիթար արտասուքները ողողում են նրա ծնկները: Անհուն խղճահարությամբ ու վշտով նայում էր Եվան նրա կախված գլխին, որ կարծես հարյուր տարեկան ծերունու գլուխ լիներ, և խելագարեցնելու չափ տանջում էր նրան այն միտքը, որ ինքը ոչ մի, ոչ մի բանով չպիտի կարողանա մխիթարել այդ թշվառ հորը:

«Օֆ, տեր աստված, — շշնջաց նա, անասնելի վշտից աչքերը փակելով, — ի՞նչ կլինի, որ այս բոլորն երազ լինի միայն, այն սարսափելի երազներից մեկը, որից մարդ զարթնում է սրտի անհուն թեթևությամբ և ուրախանում, որ իր բոլոր տեսածն ու զգացածը լոկ երազ է եղել ...»:

11

Թեկլեն առաջին օրը անցկացրեց խորին անզգայությանմեջ: Նա ուշքի եկավ հետևյալ օրը և նմանում էր լեթարգիական քնից արթնացողի: Այնուհետև սկսեցին որդեկորույս մոր ծանր վշտի ծանր օրերը: Նա լալիս էր մերթ մեղմորեն, առանց արտասուքի, երկար, աղեկտուր բառերով, մերթ ողբում էր կատաղի ջղայնոտությամբ, որի միջոցին խելագարի պես փետում էր մազերը, ճանկռոտում երեսը, կոծում էր ծնկները ինչ-որ վայրենի ճիչերով, որից հետո հանգստանում էր հանկարծ, գլուխը կախում էր կրծքին և մղկտում էր լուռ, առանց բառեր արտասանելու և աչքերից թափվում էին արտասուքներն առվի պես: Երբ կսկծի ուժգին թափն անցավ, նա այլևս չէր ողբում, նրա աչքերն այլևս թաց չէին լինում. նա ման էր գալիս ուրվականի պես, նայում էր շարունակ լայն բացած աչքերով, կարծես զարմացած ինչ-որ խիստ զարմանալի մի բանի վրա, և շատ քիչ էր խոսում, երբեմն էլ ամբողջ ժամերով նստած էր մնում մի տեղում անշարժ ու լառ և չէր իմանամ ինչ է մտածում: Շատ հաճախ որդու լուսանկարները դնում էր առաջը, նայում էր , նայում, հետո գլուխը դնում էր վրան և նրան թվում էր, թե հանգիստ ու քաղցր մի քուն է մտնում: Մի երկու անգամ ուշագնաց եղավ այդ դրության մեջ, և հազիվ կարողացան նրան ուշքի բերել:

Մարությանն այլևս այն Մարությանը չէր. թվում էր, թե առմիշտ կորցրել էր իր աշխույժը, դարձել էր լռակյաց և ջղային ու գրգռվում էր ամեն մի չնչին բանից: Նա միշտ էլ խույս էր տալիս թե կնոջից, թե աղջկանից և տանն եղած ժամանակ մեծ մասամբ փակված էր մնում առանձնասենյակում:

Եվան նույնպես բոլորովին փոխվել էր: Եղբոր չարաչար մահը և Բազենյանի վերաբերմամբ ունեցա՛ծ ծանր հիասթափությունը, փոխանակ ընկճելու, ինչ-որ վեհություն էին տվել նրա հրգուն: Այդ վեհությունն արտահայտվում էր նրա ամբողջ արտաքինի մեջ. հասակով կարծես ավելի ևս բարձրացել էր, ման էր գալիս առանց շտաապելու, հաստատուն քայլերով, նայում էր վիրավորված մարդու հպարտ հայացքով: Խոսում էր վճռական ձայնով և թվում էր, թե հոր ու մոր վշտի վրա նայում էր առանց որևէ կարեկցության: Սակայն, շատ գիշերներ, երբ պառկում էր քնելու, քունը մոտ չէր գալիս նրա աչքերին, դեմքը թաղում էր բարձի մեջ և հեկեկում էր երեխայի պես: Նրա անբիծ հոգին խիստ վրդովված էր: Ամենևին չէր ուզում հաշտվել այն մտքի հետ, թե եղբայրն այլևս չկա, այլևս երբեք չպիտի տեսնի նրան: Մյուս կողմից նրան կատաղի վրդովմունք էր պատճառում այն հանգամանքը, որ մի ինչ-որ անծանոթ, բախտախնդիր երիտասարդ կարողացավ ամենաանարգ կերպով խաբել իրեն և գողանալ իր անարատ սիրտը: Շատ ժամանակ չէր անցել, դեռ երեկ էր, որ նա լի էր կենսուրախությամբ, վառվռուն զգացումներով, ոսկեվառ հույսերով. իսկ այժմ հանկարծ ամեն ինչ քարացել էր իր մեջ և իր ծանրության տակ անտանելի կերպով ճնշում էր նրա հոգին: Իր դուրսն ու ներսը տեսնում էր զարհուրելի դատարկություն ու խավար, ինչպես մի մարդ, որ կուրանամ էր հանկարծ: Մարդկանց և աշխարհի վրա ինչպիսի պայծառ հայացք ուներ և հանկարծ ինչ էր տեսնում: Իրենց տունը մանավանդ նրան ներկայանամ էր իբրև մի դրախտ, ուր թշվառությանը չպիտի համարձակվեր ներս մտնել: Մինչդեռահա իր սիրասուն եղբայրն այլևս չկար, ահա մայրը գրեթե խելագարված, ահա հայրը, այդ` երիտասարդական աշխույժով լի, այդ բարի ու կենսուրախ հայրը, վշտից ծերացած և դաժանացած: Ահա և ինքը: Ու՞ր են, ու՞ր չքացանա իր անհանգիստ և պայծառ հոգու անզուսպ ձգտումները, որոնք թև էին տալիս թռչելու դեպի բարին, դեպի ճշմարիտը, դեպի սիրո և անձնազոհության գերագույն մի իդեալ, որը ներկայանում էր նրան միշտ արևի կենսատու շողերով լուսազարդված... մեռելություն, սոսկալի մեռելություն ... Նրա համար օրը լուսանում և մթնում էր իբրև բնության մեքենայական մի գործողություն, առանց հարցնելու մարդ արարածին, թե կամենո՞ւմ է նա որ այդ գործողությունը կատարվի: Ծայրահեղ հուսահատության մեջ կյանքը նրան ներկայանամ էր իբրև բոլորովին աննպատակ մի բան, այնպես որ, լավ որ մտածում էր, ապշած էր մնում, թե ուրեմն էլ ինչի համար էին այդ անտանելի տանջանքները, որ այժմ կրում էր ինքը, ինչպես և այն երջանիկ օրերը, որոնք անցան գնացին...

Նրա մեջ զարթել էր խորազնին միտքըբոլոր տանջվողների մխիթարության այդ միակ աղբյուրը: Մի բան, որ նա սաստիկ փափագում էր, այդ այն էր, որ լիներ մեկը, որի առաջ կարողանար թափել իր բոլոր զգացածներն ու մտածածները: Մի անգամ այդ բանը փորձեց անել հոր մոտ. բայց հայրն այնպես րարկացավ նրա վրա, որ նա. իսկույն լռեց: Մի ուրիշ անգամ օր. Սահակյանի մոտ արեց նույն փորձը և նույն անհաջոզությանւ հանդիպեց, օր. Սահակյանը պարզապես ծաղրեց նրան: Եղբայրս որ մեռավ, — ասաց նա, — կարծում էի, թե ես էլ հետը կմեռնեմ վշտից կամ եթե չմեռնեմ էլ, անպատճառ կգժվեմ, բայց ինչպես տեսնում ես, ոչ մեռա, ոչ էլ գժվեցի, և տե՛ս, դեռ ինչքան էլ չաղացել եմ նրա մահից հետո:

12

Մի օր աղախինը Եվային հանձնեց մի նամակ, որ փոստից հենց նոր էր ստացվել: Եվան իսկույն ճանաչեց Աշխենի գիրը: Սաստիկ ճնշող մի զգացումով բաց արեց նամակը և կարդաց.

«Եվա ջան:

Ուռա՛... տոներին քեզ մոտ եմ: Գժվում եմ, որ մտածում եմ, թե ինչպիսի երջանիկ ժամանակ պիտի անցկացնեմ քեզ մոտ ամբողջ երկու շաբաթ: Կարծես տասն տարի է, որ տեմ տեսել քեզ: Ինչքան խնդրեցի, որ լուսանկարդ ուղարկեսչուղարկեցիր, ծուլացար: Շատ բարի, երևի առիթ կունենամ փոխարենը հատուցանելու: Սենյակս արդդյո՞ք պահպանել ես նույնությամբ: Մի վայրկյան անգամ չպիտի թողնեմ, որ հեռանաս ինձնից: Գիշերներն էլ պետք է միասին քնենք, իրար գրկած: Այլապես թվում է, թե չեմ կարող բոլոր կարոտս հանել երկու շաբաթվա ընթացքում: Հայրիկն ինչպե՞ս է, մայրիկը, Սուրենը, վերջապես` դո՞ւ ինչպես ես, դու, իմ ծլվլան ծիծեռնակ: Ա՛խ, ի՜նչ սիրուն համեմատություն. գրիչս թռավ ինքնաբերաբար: Հիրավի, որ հիշում եմ անհանգիստ սիրելի շատախոսությունդ, իսկույն աչքիս առաջ պատկերանում է ծիծեռնակը գարնանային հրաշալի առավոտյան ծլվլալիս: Բայց դու էլ, ամենքդ էլ անաստված մարդիկ եք. ինչո՞ւ վերջին ժամանակս շուտ-շուտ նամակ չեք գրում: Գրածներդ էլ ի՞նչ է: Նո՞ր եք սովորել այդպես չոր-չոր բաներ գրելը: Ավելի չավ է ոչինչ չգրեք կամ ուղղակի գրեցեք, էլի, ռամիկ մարդկանց պես. «նախ և առաջ կհարցնեմ ձեր առողջությունը, եթե մեզնից կհարցնեք, փառք աստծո, մենք էլ ողջ ու առողջ ենք և կցանկանանք ձեր առողջությունը»: Ու պրծավ: Իմացիր, որ առանձնապես բարկացած եմ քեզ վրա, Եվա: Ի՞նչ հիմարություններ էիր գրել վերջին նամակիդ մեջ: Ինչ-որ փիլիսոփա ես դարձել: Ասենք, առաջ էլ փիլիսոփա էիր, բայց այժմ փիլիսոփայությունդ այնքան «խուրը տկեմեն է», ինչպես կասի թիֆլիսեցին, որ գլուխս բան չի մտնում: Օրինակ. ի՞նչ է նշանակում` «թշվառ է նա, որ միշտ ուրախ և երջանիկ է»: Սրանք քո իսկական խոսքերն են, որ ես բառացի արտադրում եմ քո վերջին նամակից: Աստված վկա, անպես խիտի կռվեմ քեզ հետ այդ խոսքերի համար, որ ... Սպասիր մեկ անգամ: Այդ խոսքերի վրա ինչե՛ր, ինչե՜ր չեմ մտածել, բոլորը հիմարություններ, իհարկե... Ա՛խ, քույրիկ ջան, աստված ոչ անի, որ դու երբևիցե թշվառ լինես: Կմեռնեմ, որ քեզ թշվառ տեսնեմ: Բայց այդ անկարելի է. ծիծեռս մի՞թե կարող է բու դառնալ... Ո՛ւֆ, քիչ է մնում, որ նորից հիմար մտքեր ծագեն գլխումս այս ցնծագին տրամադրությանս միջոցին, երբ ուրիշ ոչ մի բանի մասին չեմ ուզում մտածել, բացի միայն այն բանի մասին, որ շուտով պիտի գամ, պիտի տեսնեմ քեզ, պիտի գրկեմ քեզ, պիտի համբուրեմ սիրունիկ աչքերդ... Ուֆ: Գիտե՞ս, այդ բացականչությունը, որ գրեցի, ո՞վ պատկերացավ իսկույն առաջս. — դու: Ճիշտ է, լուսանկարդ չուղարկեցիր, բայց ես ավելի զորեղ միջոց ունեմ քեզ տեսնելու, քան մեռած թուղթը կարող է ցույց տալ. ամեն անգամ, որ ուզում եմ քեզ պատ կերացնել դեմքս քեզ պես թթվեցնում եմ զայրացկոտությամբ, գլուխս ցնցում, ձեռքս խփում ծնկանս և ինքս ինձ արտասանում սրտանց «Ուֆ»: Այդ բավական է լինում, որ քեզ ոտով-գլխով տեսնեմ աչքիս առաջ: Հեշտ միջոց է, չէ՞: Դրանով եմ ապրել այս մեռելության մեջ այսքան ժամանակ: Զարմանաի է. այդտեղ եղած ժամանակս այնքան չէի սիրում քեզ, ինչքան հիմա, այստեղ: Բայց այս էլ ճիշտ է, որ դու կախարդ ես: Կախարդ, որ չլինեիր, քեզ տեսնելու կարոտն այսպես չէր սպանիլ ինձ: Ա՜խ, ե՞րբ պետք է անցնի այս երկու շաբաթը: Ահա թե երբ է հարկավոր, որ մարդիկ թևեր ունենային:

Այսօր թեմական տեսուչն եկավ մեր գյուղը (տեսնո՞ւմ ես, ես արդեն «մեր» եմ ասում), այցելեց մեր ուսումնարանը, ներկա եղավ դասերիս և շատ գոհ մնաց. այնքան գովեց, այնքան գովեց, որ... պատրաստ եմ տասն անգամ, հարյուր անգամ համբուրելու քեզ: Ինքս ինձ վրա զարմացած եմ մնացել. ե՞ս, այսքան փոխված. — Առաջ, որ կատարելապես անտարբեր էի, թեկուզ արժանիքներիս համար մի ամբողջ թագավորություն էլ տային ինձ, — այժմ ամենաչնչին գովասանքից անգամ ուրախանամ եմ երեխայի պես: Ինչո՞վ կբացատրես այս հանելուկն, իմ սիրուն փիլիսոփա:

Գիտե՞ս, երբ եմ գրում այս տողերը, — գիշերվա ժամի տասին: Այդ արդեն շատ ուշ է այստեղ: Դուերսն երեք վերշոկ ձյուն է նստած, շները խուլ ոռնում են: Առաջս, սեղանիս գլխին, պատի վրա, մեխից կախված ճկճկում է ծո՛ցիս ժամացույցը, բուխարումը փայտեր են ճրթճրթում, — միակ ձայները, որ լսում եմ գիշերային այս լռության մեջ: Այս երեկո (շաբաթ) Մինասյանի քույրը սենյակումս երկու մոմ վառեց և խունկ ծխեց: Մոմերը վաղուց են հանգել, իսկ խունկի ծուխն ու հոտը դեռես չեն անցել: Սիրում եմ մեղրամոմի դժգույն լույսն, խունկի հոտը, թեև դրանք մեռելի և մահվան գաղափար են հիշեցնում ինձ միշտ: Ականջումդ մի բան ասեմ, որ ոչ ոքի չասես, — առաջ ես սկեպտիկ աթեիստ էի: Դու այդ չգիտեիր: Իսկ այժմ... դարձյալ զարմանալի փոփոխություն. — մինչդեռ շուրջս այս տգետ ու գռեհիկ ամբոխի մարդկանց բերանից հայհոյանքներ եմ լսում նույնիսկ աստծո հասցեին, ես լի հավատով ու ակնկալությամբ պաշտում եմ այն խաչը, որի վրա չարչարեցին, մահացրին նրան: Երբեմն, կեսգիշերին, մենակությանս մեջ, այս խուլ անկյունում, որ կյանքը ներկայանում է իր ամենամռայլ գույներով, հոգիս լցվում է անտանելի թախծությամբ և այդ թախիծը կարողանում եմ փարատել միայն լուռ արտասվելով և աղոթելով: Ո՞ւմ համար եմ աղոթում, ո՞ւ համար կարող եմ աղոթելայդ դու գիտես... աղոթքի բոլոր զորությունը, բոլոր քաղցրությունը զգացի այն ժամանակ միայն, երբ գործնական կյանքի մեք համոզվեցի, թե հիրավի ի՜նչ սքանչելի բանէ անձնուրացությունն ուրիշի բարօրության օգտին: Մարդիկ անմիտ են, Եվա ջան. նրանք ազում են երջանիկ լինել, բայց չգիտեն, թե ո՛րն է երջանկության ուղիղ ճանապարհը: Երջանկությունը նրանք որոնամ են անձնական բարճրության, եսասիրության մեջ, մինչդեռ այդտեղից է, որ բխում է բոլոր թշվառությունների աղբյուրը: Մարմինր, մարմինը և միայն մարմինը, — ահա մեր մարմնի կուլտը: Մինչդեռ ի՞նչ է դա, այդ մարմինը, — մի բուռ հող, որ այսօր-էգուց պիտի միախառնվի հողի հետ: Այնինչ հոգին, այդ միակ բանը մարդու մեջ, որ անմահ է և որը միայն ուժ ունի անմահացնելու մարդու անունը, — ինչո՞ւ մոռանանք այդ հոգին: Քանի՞ գրոշ արժե մարմնական թեկուզ ամենամեծ վայելքը հոգեկան այն սքանչացման դեմ, որ զգում ես դու, երբ տեսնում ես, որ ուրիշի օգտին լավ բան ե սգործել, թեկուզ այդ ուրիշը լինի մի անասուն, այո, — պարզապես մի անասուն: Փորձիր դուրսը, փողոցի մեջ ցրտից կոնկոռնացող, քաղցած մի շուն ներս կանչել սենյակդ, տաքացնել, կերակրել և կտեսնես, թե որքան թեթևացնում է հոգիդ, որքան թեթևանում է հոգիդ, որքան նրբանում են զգացումներդ, որքան ուզում ես սիրել և բարիք գործել ...

Ցտեսություն, իմ աննման Եվա, ցտեսություն: Շուտով կտեսնեմ քեզ գրկիս մեջ, կարոտակեզ սրտիս սեղմած: Ախ թևեր, թևե՛ր... Բարևիր հայրիկին, մայրիկին, Սուրենին պաչեր իմ կողմից: Իսկ ես պաչպչում եմ սիրուն աչիկներդ:

Քո Աշխեն»:

Հ. Գ. — հենց որ դուրս գամ, առաջին իսկ կայարանից կհեռագրեմ: Արմենակից ի՞նչ տեղեկություն: Ինչ՞ւ ոչինչ չես գրում»:

13

Մարությանը հենց նոր վերադարձել էր ճաշի, երբ աղջկա սենյակից լսեց զսպված հեկեկանքի ձայներ: Նա ջղային զայրույթով դեն շպրտեց գլխարկը և անցավ աղջկա սենյակը:

Է՞լ ինչ է պատահել, — հարցրեց սաստող, բայց վախեցած ձայնով:

Եվան, նամակը ձեռքին, վեր թռավ տեղից:

Չե՛մ կարող, հայրի՛կ, չեմ կարող, — աղաղակեց հուսահատորեն: — Սպանի՛ր ինձ կամ տո՛ւր ինձ իմ եղբայրը... ի՞նչ պատասխանեմ ես սրան, ի՞նչ ասեմ...

Մարությանն արագ մոտեցավ նրան և առավ նրա ձևռքի նամակը: Մինչդեռ շտապով աչքի էր անցկացնում եղբոր աղջկա նամակը, Եվան շարունակում էր հեկեկալ հուսահատական տանջանքով: Ընթերցումը վերջացնելուց հետո Մարությանը նամակը վերադարձրեց աղջկան:

Լավ, էլ ինչո՞ւ ես լաց լինում, — ասաց այս անգամ մեղմորեն:

Ա՛խ, հայրիկ, եթե իմանաս, թե ինչ սարսափեյի հարված պիտի լինի նրա համար, երբ գա և իմանա, որ Արմենակն այևս չկա... Դու, չգիտես, դու ոչինչ չգիտես, հայրիկ ... Մենք ենք, որ դիմանում ենք, բայց նա ... Մի՞թե չես երևակայում, թե թեկուզ հենց իմ այս սև հագուստը միայն ի՞նչ հարված պիտի տա նրան... Նա լավ աղջիկ է, հայրիկ, առանց իր գրելու էլ գիտեմ, որ սաստիկ սիրում է ինձ, սիրում է ամենքիս, Արմենակին... Հիմա մտածիր. Արմենակի մահը, մեր վիշտը... այդ ախր մահ կլինի նրա համար, նա չի կարող դիմանալ, չի կարող... Ես գիտեմ, գիտեմ... Ո՛չ, ո՛չ, հայրիկ ջան, չեմ ուզում, չեմ կարող... Թող չգա, թող ոչինչ չիմանա...

Դու դարձյալ սկսեցիր քո հիմարությունները, — նկատեց հայրը զայրացածՄիևնույն է, վաղ թե ուշ, պիտի իմանար, թե ինչ դժբախտություն է պատահել մեզ, բայց դու չթողիր, որ մինչև անգամ հայտարարություն տայինք, լրագրերին հոգեհանգստի մասին, չթողիր, որ ակնարկություններով, բաներով քիչ-քրչ նախապատրաստեինք նրան: Հիմա լա՞վ է, որ բոլորովին ոչինչ չի իմանում, և հարվածը հանկարծակի պիտի լինի:

Եվան վերին աստիճանի հուսահատությամբ ձեռքերը կոտրատեց:

Ճիշտ ես ասում, հայրիկ: Բայց ինչո՞ւ էիր լսում ինձ: Հիմա ի՞նչ անենք: Ես չեմ կարող նրան երկաթուղու կայարանում դիմավորել, չեմ կարող, հայրիկ, աստված վկա, չեմ կարող...

Լավ, մի գնա կայարան, քեզ ո՞վ է ասում, որ գնաս: Տեր աստված, այս աղջիկը գժվել է... Լավ, էլ ինչու՞ ես այդքան հուսահատվում: Հարվածը մեզ համար, կարծեմ, ավելի սաստիկ էր և անակնկալ, բայց տեսնում ես, որ մենք չմեռանք, ուրեմն նա էլ չի մեռնի, անհոգ կաց:

Օ, կմեռնի՛, հայրիկ, կմեռնի՜, — աղաղակեց Եվան, և հեկեկանքը նորից խեղդեց նրան:

Ասում եմ` գժվել ես և ճիշտ որ գժվել ես, — սաստիկ զայրացած բացականչեց հայրը, դուրս գնաց և դուռը պինդ շրխկացրեց իր ետևից: Սակայն նորից ներս մտավ իսկույն և արագ քայլերով մոտեցավ աղջկան:

Ի սեր աստծո, Եվա, պահպանիր քեզ, — ասաց լուրջ աղերսանքովԼսո՞ւմ ես, ինչ եմ ասում: Վիշտն առանց այն էլ սպանել է ինձ և, եթե դու էլ հիվանդանաս, էլ չգիտեմ, թե ինչ կպատահի ինձ...

Եվան պինդ փաթաթվեց հոր վզովը:

Հայրիկ ջան, սովորեցրու, ասա, ինչո՞վ կարող եմ այս սարսափի վիշտը դուրս կորզեմ սրտիցս, ինչո՞վ կարող եմ հանգստանալ:

Զսպիր քեզ, որդիս, միշտ զսպիր և մտածիր, որ հայր ունիս, մայր ունիս, եղբայր ունիս, վերջապես հորեղբոր աղջիկ ունիս, որոնք բոլորն էլ քեզնով են ապրում: Մտածիր և այն մասին, որ եղբայրդ անօգուտ չմեռավ: Թող նրա հիշատակը ոգևորի քեզ, և ոչ թե հուսահատեցնի: Բոլոր քույրերը պետք է երանի տան քեզ, որ այնպիսի մի պատվական եղբայր ես ունեցել: Մինչդեռ հարյուրավոր երիտասարդներ մեր ժամանակում, անձնատուր եղած անձնական վայելքների, շատ անգամ մեռնում են անառակ, ցոփ կյանքի մեջ խայտառակ մահով, քո եղբայրը բոլոր անձնականը մոռացած, գործեց և մեռավ իբրև հերոս իր հայրենակիցների համար:

Մարությանն երկար ժամանակ այսպես մխիթարում էր աղջկան: Եվան այժմ նստած էր հոր առաջ բավական հանգստացած, բայց և այնպես արտասուքի կաթիլները դեռևս գլորվում էին նրա աչքերից:

Նույն օրն երեկոյան, երբ Եվան նստած էր իր սենյակում և զբաղված էր ընթերցանությամբ, դուռը բացվեց և ներս մտավ օր. Սահակյանը:

Եվա ջան, եկել եմ քեզ ուրախացնելու. այսօր նամակ ստացա Աշխենից, տոներին գալիս է,

Լավ ուրախություն է, — հանգիստ դառնությամբ նկատեց Եվան, առանց գլուխը բարձրացնելու գրքի վրայից:

Օր. Սահակյանը սկզբում զարմացավ. հետո խիստ կոտրվեց:

Իրավ, այժմ նա ատելի պիտի լինի քեզ համար. նա ոչ չլիներ եղբայրդ այստեղ էր և կենդանի...

Ուֆ, — բացականչեց Եվան հանկարծական զայրացկոտությամբ և առջևը դրած գիրքը շպրտեց հատակի վրա այնպիսի կատաղի ուժով, որ ահագին թրխկոց բարձրացավ: — Ինչե՞ր ես ասում, չեմ հասկանում...

Նրա աչքերը լցվեցին անզուսպ բարկության արտասուքներով:

Դեռ լավ իմացիր, թե ինչ եմ ասում, հետո հանդիմանիր, եթե արժանի եմ, — ավելացրեց նա, դեմքը վիրավորական կերպով շարժելով օր. Սահակյանից:

Օր. Աահակյանը տեղն ու տեղը սառած մնաց:

Լավ, էլ ինչու՞ ես բարկանում այդպես, — նկատեց նա մեղմորեն:

Որովհետև վիրավորում ես:

Ի՞նչ ասացի, որ վիրավորվեցիր:

Այն ասացիր, որ... Լավ հասկացիր, ես այնքան հիմար չեմ, որ եղբորս հեռանալու պատճառը համարեմ Աշխենին: Դրանով ես վիրավորած կլինեի եղբորս զգացումները, ստորացրած կյինեի նրա համոզումները: Եղբայրս այն երիտասարդներից չէր, որոնք իրենց վեհ գործի են նվիրում և զոհ գնում այն ժամանակ միայն, երբ տեսնում են, որ իրենց անձնական կլանքի մեջ դժբախտ են: Այդպիսի ճարահատված անձնազոհություններն ինձ համար ոչ մի նշանակություն չունին: Անձնազոհությունը պետը է լինի ինքնաբերաբար, առանց որևէ կողմնակի դրդիչ պատճառի: Ինչպե՞ս կարող եմ ես գնահատել մի զոհված կյանք, երբ այդ կյանքն իր տիրոջ համար արդեն ոչ մի արժեք չի ունեցել. Աշխենը լիներ, չլիներեղբայրս դարձյալ կգնար այնտեղ, ուր գնաց և զոհվեց: Ես այդպես եմ համոզված: Եթե այդպես համոզված էլ չլինիմ, դու ինքդ պետք է աշխատես ինձ այդպես համոզել, եթե գեթ փոքր-ինչ հարգում ես եղբորս հիշատակը և չես ուզում, որ սիրտս կտրեմ նրանից: Մինչդեռ դու հակառակն ես անում: Մի անգամ ինքն Աշխենն ինձ նույնն ասաց, ինչ որ այս րոպեին դու ասեցիր և ես նրա վրա էլ բարկացա: Առհասարակ ես խիստ նեղանում եմ, երբ ինձ վերագրում են մի բան, որ մտքովս անգամ չի անցել:

Օր. Սահակյանն անցավ նրա ետևը և, խոնարհվելով նրա ուսի վրա, ժպտալով նայեց նրա դեմքին:

Եվա, թույլ կտա՞ս համբուրեմ:

Եվան վիրավորված հանգստությամբ լռում էր:

Իզուր սպասելով նրա պատասխանին, օր. Աահակյանը երկու ձեռքով բարձրացրեց նրա գլուխը և համբուրեց շրթունքներից:

Գիտե՞ս ինչ կա, Եվա ջան, — ասաց նա, արագորեն մի աթոռ առնելով և նստելով նրա մոտ: — Մինչև այժմ ում հետ էլ որ խոսել եմ, ամենքն էլ, ծանոթ-անծանոթ, վիրավորվել են ինձնից: Բայց, աստված է վկա, ես, երբեք ոչ ոքի վիրավորելու միտք չեմ ունեցել, ես միայն իմ կարծիքով, ճշմարտությունն եմ ասել, և ինձնից վիրավորվողներից ոչ ոք չի կարողացել ինձ համոզել, որ սխալվել եմ: Բայց այս անգամ, քո վերաբերմամբ, պետք է անկեղծ խոստովանեմ, մեղավոր եմ, որովհետև համոզվեցի, որ ճշմարտությունը չեմ ասել: Ուստի պետք է ներես ինձ: Ի նկատի ունեցիր, որ այս առաջին անգամն է, որ ինձնից վիրավորվողից ներողություն եմ խնդրում: Այդ նշանակում է, որ ես լիովին համոզված եմ, որ սխալվել եմ: Ես շատ ուրախ եմ, որ սխալվել եմ, որովհետև գիտե՞ս, թե ինչպիսի հարված պիտի լիներ քո ատելությունն Աշխենի համար, որը բառիս բուն նշանակությամբ պաշտում է քեզ: Ուզո՞ւմ ես, ցույց տամ նրա նամակը, տես ինչպիսի կարոտով է քեղ հիշում, ինչպիսի՛ ուրախություն է հայտնում, որ շուտով պիտի տեսնի քեզ:

Գիտեմ. նույնն ինձ է գրում, — ասաց Եվան խռովածի պես ...

Օր. Սահակյանը կռացավ, հատակից վերցրեց գիրքը և դրեց նրա առաջ:

Ոզու՞մ ես ուղիղն ասեմ Եվա: Ես իսկապես եկա քեղ մոտ այն նպատակով, որ իմանամ, թե ինչպես ես տրամադրված այժմ դեպի Աշխենը, և դիտմամբ այդ նպատակով էլ ասացի այն, ինչից որ վիրավորվեցիր և գիրքը գլխովս տվիր: Ես կասկածում էի և եթե տեսնեի, որ եղբորդ մահն այս կամ այն կերպ կապում ես իսկապես Ա՛շխենի հետ, պետք է հնար գործ դնեի հակառակը համոզելու քեզ: Եվ փառք աստծո, որ ինքդ ասացիր այն, ինչ-որ ես պետք է ասեի այդպիսի դեպքում: Այժմ ես հանգիստ եմ և միանգամայն շնորհակալ, որ ինձ ազատեցիր մի մեծ դժվարությունից: Ինչևիցե, այս վերջացավ: Այժմ մի բան եմ ուզում խնդրել քեզ: Աշխենը գրում է, որ իր գալու օրը կհեռագրի ձեզ. հեռագիրը որ ստանաս, կհայտնե՞ս ինձ, որ ես էլ գամ կայարան նրան դիմավորելու:

Ես չեմ գնա կայարան:

Ինչո՞ւ,

Չեմ կարող:

Իսկ հա՜՞յրդ: Գիտեմ, որ մայրդ չի կարող, հիվանդ է:

Հորս էլ չեմ թողնիլ, որ գնա:

Օր. Սահակյանը կարճ Ժամանակ սիրով նայեց Եվայի հանգիստ և հաստատ վճռականություն արտահայտող դեմքին:

Հասկանում եմ քեզ, Եվա ջան, — ասաց նա: — Բայց իզուր ես կարծում, թե նա այնքան թուլասիրտ կգտնվի, որ չի կարող դիմանալ հարվածին: Ճիշտ է, նա բոլորովին չի իմանամ, թե ինչ է պատահել, բայց որքան նրա սիրտն ընղունակ է սիրելու, այնքան և ամուր է հոգին: Բացի դրանից չէ՞ որ միևնույն հարվածը պետք է ստանա այստեղ, տանը, խո չե՞ք կարող նրանից թաքցնել...

Ոչ, ոչ, ոչ, — արտասանեց Եվան անտանելի տանջանքով և գլուխը դրեց սեղանի վրա: — Նա գալիս է ուրախ և երջանիկ, կարծելով, թե պիտի գտնի իր թողած նախկին կենսուրախ տունը, մինչդեռ ...

Եվ Եվան լռեց լացակումած:

Օր. Սահակյանը նայեց նրան խորին կարեկցությամբ, ուզում էր շոյել նրա փափուկ մազերը, որոնք, մի գիսակի մեջ հյուսված, փայլում էին ճրագի լույսի տակ, ուզում էր մխիթարական խոսքեր ուսել բայց զգաց, որ դրանով միայն յուղ կարող է թափել կրակի վրա:

Համենայն դեպս հեռագիրը որ ստանաք, իմաց տուր ինձ, — ասաց նա: — Իսկապես որ շատ լավ կլինի` ոչ դու գաս, ոչ հայրդ, որովհետև ո՞վ գիտե ինչ կպատահի, որ ձեզ այդպես տեսնի: Ավելի լավ է, մենակ ես կգնամ. մինչև տուն հասնելը կնախապատրաստեմ նրան, որպեսզի հարվածը հանկարծական չլինի:

Եվան գլուխը բարձրացրեց արագ, նրա աչքերը լիքն էին արտասուքով:

Следующая страница